Տէօրթեօլ, 1912. Գիրերու տօնի տօնակատարութիւն եկեղեցւոյ շրջափակին մէջ, Սահակ Բ. կաթողիկոսին ներկայութեամբ (Աղբիւր՝ Bibliothèque Orientale - USJ)

Տէօրթեօլ եւ շրջակայ գիւղեր. եկեղեցիներ, ուխտավայրեր

Հեղինակ՝ Վերա Սահակեան, 28/08/2014 (վերջին փոփոխութիւն՝ 28/08/2014)

Տէօթեօլի հայկական եկեղեցիների մասին պատմագրական տեղեկութիւնները բաւական ժլատ են:

Ըստ 1912-1913թթ Պոլսոյ հայոց պատրիարքարանի կազմած հայկական եկեղեցիների մասին ցուցակի [1], Տէօրթեօլ քաղաքին եւ նրա շրջակայ գիւղերի մէջ առկայ են եղել չորս եկեղեցի. Ս. Գրիգոր Լուսաւորիչ (Էօզերլի գիւղում, կառուցուած`1877թ.), Ս. Աստուածածին (Տէօրթեօլ քաղաքում, կառուցուած՝ մօտաւորապէս 1851թ.), Ս. Գրիգոր Լուսաւորիչ (Տէօրթեօլ քաղաքում, կառուցուած՝1858թ.), Ս. Աստուածածին (Օճաքլու գիւղում) [2]:

Յուշագիրներից Մինաս Գոճայեանը, իր հերթին գրում է, որ Տէօրթեօլ քաղաքը ունեցել է երեք եկեղեցի, որոնցից առաջինը եւ հնագոյնը գերեզմանատան մէջ կառուցուած Սուրբ Մինաս եկեղեցին է [3], յաջորդը` Ս. Աստուածածինը, որն իշխում է Վերի թաղին եւ երրորդը` բարձր գմբէթներով Սուրբ Խաչ եկեղեցին, որն իշխում էր Վարի թաղին [4]: Բացի դրանից, հեղինակը նշում է նաեւ, որ մօտակայ Օճաքլու գիւղը եւս ունեցել է իր եկեղեցիները, որոնք սակայն քանդուել են 1895 թ. համիտեան կոտորածների ընթացքում [5]:

Յիշատակարան. գործ՝ Կոստանդին Թուռաթի (կամ Քուռաթ), Ատանա, 1284 թուականին (Աղբիւր՝ Մեսրոպ Մաշտոց մատենադարան, թիւ 4207 in Հայկական Հնագրութեան Ալբոմ, Մայքլ Է. Սթոուն, Տիգրան Գույումճեան, Հեննինգ Լեմանն, Երեւան, 2006, էջ 309)

Իր հերթին Սամուէլ Պոռանեան յուշագիրը Տէօրթեօլում յիշատակում է երկու եկեղեցի` Ս. Աստուածածին եւ Ս. Փրկիչ, որոնք կոչուել են նաեւ Վերի եւ Վարի թաղերի եկեղեցիներ [6], յաւելում նաեւ գերեզմանատան մէջ եղող սրբավայրի մասին տեղեկութիւններ, յիշատակում Ս. Սարգիս կոչուած ուխտատեղիի բնոյթ կրող, քաղաքի ամենահնագոյն կրօնական հաստատութիւնը [7]:

Միւս յուշագիրը` Մինաս Խապրիկը, նկարագրելով քաղաքին սրբավայրերը` գրում է. «Չորք-Մարզպանի [Տէօրթեօլ] գերեզմանոցին մէջ կանգուն մնացած հինաւուրց փոքրիկ մատուռը Չորք-Մարզպանէն մէկ քիլոմեթր հեռաւորութեամբ, Ամանոս լերան ստորոտը գտնուող վանքն է, որուն փլատակները կը ծառայեն իբրեւ ժողովրդային ուխտատեղի եւ, որ կը կոչուի Խարնուպլու» [8]:

Ընդհանրապէս Ատանայի շրջանում այս ծառատեսակը բաւական տարածուած է եղել, եւ գրեթէ ամէն մի երրորդ բլուրը յիշատակւում է հայերէն եղջերնուտ (ծառի անունը եղջերենի, caratonia siliqua), իսկ թրքերեն խարնուպ (harnup, keçiboynuzu) անուամբ: Ասպիսով, յուշագրութիւնների մատնանշած harnuplu/եղջերնուտ անուններով դժուար է ճշդորոշել սրբատեղիին աշխարհագրական վայրը [9]: Մինաս Խապրիկը մէկ այլ տեղեկութիւն է տալիս այս տարածքի եկեղեցիների մասին. «Օճաքլուի ստորոտը եւս յար եւ նման Խարնուպլուի, կան աւերակներ, որոնց ժողովուրդը տուած է հիւանդութիւններ բժշկելու յատկութիւն, հաւատալով, որ հոն բնակած է Ս. Սարգիս» [10]: Գոճայեանը իր հերթին գրում է Տէօրթեօլում գտնուող Ս. Սարգսի քար կոչուած ուխտավայրի մասին, պատմելով, որ այն եղել է սրբի սրընթաց ձիու սմբակի տեղը [11]:

Ասպիսով, յուշագիրների նկարագրութիւնները եւ բերած տեղեկութիւնները միմեանց լրացնելու հետ մէկտեղ ունեն թերութիւններ` մասնաւորաբար եկեղեցիների անունների եւ գտնուելու վայրերի առումով:

Տէօրթեօլ քաղաքի Ս. Աստուածածին անուամբ եկեղեցին առկայ է պատրիարքարանի կողմից կազմուած ցուցակներում եւ երեք յուշագրութիւններում: Գերեզմանոցի մէջ գտնուող մատուռի մասին տեղեկութիւններ եւս կան երեք յուշագիրների մօտ, իսկ երկրորդ եկեղեցին, ըստ պատրիարքարանի ցուցակի կրում է Ս. Գրիգոր Լուսաւորիչ անունը, իսկ միւս երեք յուշագիրների մօտ յիշատակւում է տարբեր անուններով` Ս. Խաչ եւ Ս. Փրկիչ [12]։

Հիմնուելով մեր ձեռքի տակ գտնուող սկզբնաղբիւրների վրայ այստեղ փորձ պիտի անենք Տէօրթեօլի շրջանի եկեղեցիների եւ ուխտավայրերի ընդհանուր պատկերը ներկայացնելու:

Ս. Աստուածածին (Տէօրթեօլ քաղաքի Վերի թաղ)

Տէօրթեօլցիները աստուածավախ ու հաւատացեալ մարդիկ են: Առաւօտեան ու երեկոյեան ժամերգութիւններին մասնակցելու համար խումբ-խումբ դիմում են եկեղեցի, ծուարում ջրառատ առուի շուրջ` մինչեւ որ ժամկոչ Հաճը Յակոբը կը հնչեցնի եկեղեցու կոչնակի զանգերն ու հաւատացեալներին կը հրաւիրի եկեղեցի [13]:

Մեծ թէ փոքր, երիտասարդ թէ տարեց, ողջ տարին անհամբեր սպասում են Հայրապետի ամէնամեայ թեմական ացելութեանը. դպրոցները փակւում են ու բնակիչները սպասում են սպիտակ ձիով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի գալուստին [14]:

Այդ օրը Տէօրթեօլ են ժամանում նաեւ մօտակայ Օճաքլու, Էօզերլի, Նաճարլի գիւղերի բնակիչները: Մայրերը՝ վարդերի փնջերով, նորածիններին գրկած, երիտասարդները՝ ծաղիկներով ու ճիւղերով մեծ թափօր կազմած, շրջապատում են Հաճը Յակոբ Կիւճճուք Սարգիսեանի երկյարկանի բնակարանը, որը կառուցուած լինելով Ս. Աստուածածին եկեղեցուն մօտ ծառայում է նաեւ իբրեւ հիւրատուն [15]:

Տէօրթեօլի Ս. Աստուածածին եկեղեցին (Աղբիւր՝ Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եոլ) գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ, Լոս Անճելըս, 2006)

Տէօրթեօլ, մօտաւորապէս 1920. Սահակ Բ. կաթողիկոսի այցելութիւնը «Քելէկեան» որբանոցի սաներուն (Աղբիւր՝ Նուպարեան գրադարան, Փարիզ)

Գրեթէ բոլոր սրբավայրերի շուրջբոլորը տարածուած են տէօրթեօլցիների փարթամ այգիները, պարտէզներն ու ամառանոցները: Իսկ Ս. Աստուածածնի շուրջ գտնւում են քաղաքի երեւելիներ` Տէր Ստեփանենց, Ուելի Պօղոսենց, Փոթուրենց, Եփրեմենց պարտէզները [16]:

Տէօրթեօլ, 1902. Ազգային Կեդրոնական վարժարանի շրջանաւարտներու վկայականաց բաշխման հանդէս, եկեղեցւոյ փակին մէջ (Աղբիւր՝ Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եոլ) գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ, Լոս Անճելըս, 2006)

Ժամերգութեան մասնակցել ցանկացողները բաւական կանուխ են հասնում եկեղեցի. «Եւ որովհետեւ այդ բազմամփոփ ծուարումը կ՚ըլլար երկարատեւ, «փոքրի շուկայ» մը շինած էին հոն մերձակայ հողատէրերը, օգտուելու համար թաղեցիներէն զատ ժամուորներուն ալ ընելիք առեւտուրէն» [17]:

Ս. Աստուածածին բարձր գմբէթներով եւ վերնատնով, եռախորան եկեղեցին գտնւում է քաղաքի կենտրոնական մասում: Ճաշակաւոր, վայելուչ շքեղութեամբ կառոյցը յենուած է ճարտարապետական հոյակերտ յօրինուածքներով հաստատուն սիւների վրայ, որոնք վերջանում են զարդարուն խոյակներով: Խորաններն աչքի են ընկնում պերճ զարդարանքներով [18]:

Մինաս Գոճայեան զանազան մանրամասնութիւններ է փոխանցում այս եկեղեցու մասին: Եկեղեցու կառուցումը կապուած է 19-րդ դարի պատմական իրադարձութիւնների, երբ Տէօրթեօլի աւագանին տեսնում է, որ ժողովուրդը գնալով բազմանում է եւ կարիք է առաջանում կառուցել նոր ու ընդարձակ մի ուխտատեղի [19]: Օսմանեան կառավարութիւնից կառուցման արտօնագիր ստանալու բարդ խնդիրը լուծելուց յետոյ` կառուցւում է Ս. Աստուածածինը, որի գմբէթները բաւական բարձր են եւ տեսանելի անգամ բաւական հեռուներից: Այս մեծութեան պատճառով հարեւան թուրքերը եկեղեցին կոչում են Պէօյիւք քիլիսէ (մեծ եկեղեցի) [20]:

Ս. Աստուածածինը քարաշէն է: Գմբէթը զարդարուած է վեցթեւեան խաչով, ներսի կողմում Արարչի իւղաներկ նկարն է, իսկ գմբէթից փոքր-ինչ վար` չորս սիւների կամարների վրայ, նկարուած են չորս Աւետարանիչները, Ոտնլուայի պահն ու Գեթսեմանի պարտէզի մէջ Քրիստոսին ձերբակալելու համար այնտեղ հասած ջահակիր բազմութեան տեսարանները [21]: Խորանի մէջտեղը` ամենաբարձր դիրքի վրայ, նկարուած են Վերջին Դատաստանը ծանուցող երկու հրեշտակներ: Պատերն ու ձեղունը ծածկուած են բուսական նախշերով: Սրբազան աւազանը զարդարում է Ս. Գրիգոր Լուսաւորչի պատկերով խոշոր կտաւը, որը ինչպէս եւ եկեղեցու միւս բոլոր կտաւները արուած են իւղաներկով [22]:

Եկեղեցին կառուցուել է Տէր Մինասի օրով։ Նուիրատուներից յիշատակւում են՝ Արթին Քեհեայ, Հաճի Գէիւք Պալեան, Սարգիս Գարաւարդանեան, Գարա-Սարգիս Գոճայեան, Սարգիս Խըտըրեան: Կառուցող վարպետներից յատնի է Ռուբինեան Պարսամ Ուստան [23]:

Տէօրթեօլ քաղաքէն տեսարան մը 1919-ի ձմրան (Աղբիւր՝ Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եոլ) գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ, Լոս Անճելըս, 2006)

1) Տէօթեօլ, 1919. «Սիսուան» որբանոցին շինարարական աշխատանքները։ Նոյն վայրին մէջ գոյութիւն ունէր արդէն «Քելէկեան» որբանոցը, որ հիմնուած էր 1912-ին (Աղբիւր՝ Նուպարեան գրադարան, Փարիզ)
2) Տէօրթեօլ, «Քելէկեան» որբանոցը (Աղբիւր՝ Նուպարեան գրադարան, Փարիզ)


Մասնակի նորոգութիւնները յաճախ իրականացւում են առանձին անձանց կողմից, ովքեր այս կամ այն հիւանդութիւնից ազատուելու համար ուխտ են անում վերակառուցել սրբավայրը, մէկ նկար նուիրել, մէկ խնկաման: Երբեմն էլ մարդիկ տեսած երազին հաւատալով որեւէ նուիրատուութիւն են կատարում, մասնակցում եկեղեցու համար նախաձեռնած բարեկարգութեանը [24]:

Ս. Աստուածածին եկեղեցու բակում կան երեք այլ շինութիւններ եւս. դպրոցը` կառուցուած Միացեալ Ընկերութեան կողմից, մանկապարտէզը, որ կառուցուել էր 19-րդ դարի առաջին կէսին, եւ թաղական ու հոգաբարձուական մարմինների ժողովների համար երեք սենեակներից բաղկացած առաջնորդարանի շէնքը, որի պաշտօնեաների իրաւասութիւնն է Տէօրթեօլի հայ բնակչութեան ներքին դատերը եւ վէճերը լուծել, ղեկավարել դպրոցական եւ եկեղեցական կեանքը [25]:

Եկեղեցուց դէպի քաղաքի արեւելեան մաս, որը վերջանում է դաշտի մէջ [26], գտնւում է երկյարկանի «Քելեկեան» որբանոցը:

Ինչպէս վերը տեսանք արդէն, Ս. Աստուածածին անունով եկեղեցի գոյութիւն ունեցել է նաեւ քաղաքին մօտակայ Էօզերլի գիւղում: Պատրիարքարանի ցուցակներից քաղուած տեղեկութեան համաձայն գիտենք միայն, որ հին կառոյց է [27], ենթադրում ենք նաեւ, որ 1895-ի համիտեան կոտորածներից առաջ եղել է կանգուն եւ գործող եկեղեցի:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ (կամ Ս. Փրկիչ)

Տէօրթեօլ, 1899. նոր նշանակուած Տէր Ռուբէն քահանային անդրանիկ պատարագէն ետք ճաշկերոյթ տրուած Մանուկ էֆենտի Պալեանի բնակարանին շրջափակէն ներս (Աղբիւր՝ Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եոլ) գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ, Լոս Անճելըս, 2006)

Տէօրթեօլի քազայի (գաւառակ) մէջ Ս. Գրիգոր Լուսաւորիչ անուամբ երկու եկեղեցի կայ: Առաջինը կառուցուել է Տէօրթեօլ քաղաքում (մօտաւորապէս 1857-58թթ.), իսկ երկրորդը` Էօզերլի գիւղում (մօտաւորապէս 1877-78թթ.) [28]: Այս վերջին եկեղեցուն կից գործում է նաեւ Սուրբ Փրկիչ անուամբ մի դպրոց [29]:

Տէօրթեօլ քաղաքի Ս. Գրիգոր Լուսաւորիչը, որը յուշագիրների մօտ յիշւում է նաեւ Ս. Խաչ կամ Ս. Փրկիչ անուներով, գտնւում է Վարի թաղի մէջ: Այս եկեղեցու մասին շատ տեղեկութիւններ չեն պահպանուել: Յայտնի է միայն, որ հնում այն եւս ունեցել է գմբէթներ [30]:

Ատանայի հայոց առաջնորդ՝ Մուշեղ վրդ. Սերոբեանը (1905-1909) իր ինքնակենսագրութեան մէջ նոյնպէս եկեղեցին անուանում է Ս. Փրկիչ։ Նա անձամբ այցելում է Տէօրթեօլ եւ ներկայ լինում՝ Ս. Փրկիչ եւ Ս. Աստուածածին եկեղեցիների թաղական խորհուրդների ընտրութեան [31]։ Այս տեղեկութիւնների հիմամբ կարելի է ասել որ Վարի թաղի եկեղեցին տեղացիների կողմից կոչուել է Ս. Փրկիչ:

Ս. Մինաս մատուռ

Փելթէքեան ընտանիքը, Էօզերլի։ Նստած, ձախէն աջ՝ Մարգրիտ Փելթէքեան, Պետրոս Փելթէքեան։ Ոտքի, ձախէն աջ՝ Փանոս, Սիրանուշ, Արեգնազ (հետագային Պալեան), Խաչիկ, Սահակ (Աղբիւր՝ Պետրոս Սահակ Փելթէքեանի հաւաքածոյ, Պէյրութ)

Տէօրթեօլ քաղաքի Ս. Աստուածածին եկեղեցուց դէպի վեր` Ամանոսեան լեռների ստորոտում, Տէօրթեօլի հիւսիսային հատուածի վերջնակէտում է գտնւում տեղի միակ գերեզմանատունը, որի մէջտեղում կառուցուած է պատմական մատուռը՝ Ս. Մինասը [32]:

Աւանդութեան համաձայն այն կառուցուել է Կիլիկեան թագաւորութեան անկումից անմիջապէս յետոյ` 1375թ. [33]:

Փոքր կառոյց է, իսկ մուտքի դուռը առանձնանում է ակնյայտ փոքր չափսերով. այնպէս որ, եկեղեցի մտնողները խոնարհուած, կքուած են մտնում սրբավայր [34]: Այս մատուռը այցելողները շատ չեն: Տարին մի քանի անգամ` Զատկին, Ծննդեան տօներին, Տէառնընդառաջին, հաւատացեալները խուռներամ բազմութեամբ գնում են մատուռ [35]:

 Տօն օրերին յաջորդած մեռելոցին առհասարակ սովորոյթ է, որ բոլորը այցելեն իրենց ննջեցեալներին՝ տանելով իրենց հետ կերակուրներ ու անուշեղէն: Քահանայի կողմից կատարուած հոգեհանգստեան պաշտօնից յետոյ, ացելուները իրենց հետ բերած կերակուրները բաշխում են աղքատներին ու կարօտեալներին [36]:

Ս. Մինաս մատուռը առանձնանում է նաեւ բակի հսկայական հաստաբուն եղջերենիով (խարնուպ)։ Եկեղեցական տօների ու հոգեհանգստեան արարողութիւնների ժամանակ, այս ծառի խիտ ու լայնատարած ճիւղերի տակ պատսպարւում են հոգեւոր դասն ու երգեցիկ խումբը [37]:

Տէօրթեօլի հնագոյն աւետարանը եւս պահուել է այստեղ [38]: Եկեղեցիին մէջ գտնուած է նաեւ առանց արձանագրութեան հողաշէն մի շիրիմ [39]:

Սալթ (Ամմանի հիւսիսը, ներկայիս Յորդանանի մէջ), 1918, Ցեղասպանութեան տարիներուն։ Դագաղին մէջ պառկողը Պետրոս Փելթէքեանն է, որ մահացած է տարագրութեան մէջ։ Դագաղին աջին նստած է կինը՝ Մարգրիտ։ Մարգրիտին ետեւը կանգնած է զաւակը՝ Սահակ, իսկ Մարգրիտին աջին կանգնած է Սահակին առաջին կինը՝ Նոյեմի եւ իրենց զաւակը՝ Ասատուր(Աղբիւր՝ Պետրոս Սահակ Փելթէքեանի հաւաքածոյ, Պէյրութ)

Բողոքական ժողովարան

Սկզբնական շրջանում աւետարանականները հաւաքւում էին Տելի Գէորգէան Խաչերի բնակարանում: Աւելի ուշ բողոքական համայնքի անդամներից Նազարէթ Մագասճեանը սեփական պարտէզի մէջ բացում է ժողովարան, որը կառուցում է Տէօրթեօլ բերելով մարաշցի եւ զեյթունցի վարպետներ: Առաջին յարկի կառուցումից յետոյ, լուսաւորչական համայնքի ներկայացուցիչներ բողոքում են եւ այս պատճառով ալ շինարարական աշխատանքները դադարեցւում են: Վերջապէս, պատուելի Սարգիս Թորեանի միջամտութիւններով եւ ջանքերով լրանում են ժողովարանի համար շինարարական աշխատանքները [40]: Այս ժողովարանը գտնւում է Տէօրթեօլի Վերի թաղում [41]:

Բողոքական համայնքը ունեցել է նաեւ մեկ ժողովարան Էօզերլի գիւղում:

Եղջերնուտի ուխտավայրը

Եղջերենին (խարնուպ/հարնուպ) (Աղբիւր՝ The Garden: an illustrated weekly journal of horticulture in all its branches, Vol XIII, 1878, p. 424)

Տէօրթեօլ քաղաքի եւ շրջակայ գիւղերի բնակչութիւնը սովորոյթի ուժով ամէն կիրակի կազմակերպում է զբօսանք` դէպի պատմական ուխտատեղիներ, որոնցով հարուստ է տարածքը: Օճաքլուի հայերը հիմնականում այցելում են Ամանոսեան լեռների ստորոտում գտնուող Խարնուպլու կոչուած ուխտավայրը, որը խարխուլ պատերով աւերակ սրբավայր է [42]:

Կանգուն են այս սրբավայրի միայն չորսը պատերը, որոնցից ներս բուսնած հաստաբուն ծառը ուխտի օրերին զարդարւում է այցելուների կապած գոյնզգոյն կտորներով, որոնցից ամէն մէկը մէկ երիտասարդի աղօթքով մրմնջած երազանքն է խորհրդանշում` Սուրբ Մինասի բարեխօսութեամբ ի կատար ածուելու հաւատքով [43]:

Ուխտագնացներին անպայմանօրէն ընկերակցում է Սուրբիկ Մայրիկը: Մայրիկի մասին մէջբերենք Մինաս Խապրիկի նկարագրութիւնը. «Եօթանասունը անց, ալեւոր մազերով, կարմրագոյն դէմքով եւ հաստատուն մարմնով, հասարակութեան մէջտեղ կանգնած, թրքերեն լեզուով կ'արտասանէր սիրային բանաստեղծութիւնների սքանչելի քառեակներ: Երիտասարդներ ու երիտասարդուհիներ անոր շուրջը բոլորուած աշխոյժով մտիկ կ՚ընէին իրենց սրտին խօսող նախադասութիւնները, խնդրելով անկէ կրկնել ու կրկնել: Սուրբիկ Մայրիկը, հակառակ իր հասունցած տարիքին, կը պահէր իր սուր յիշողութիւնը» [44]:

Շատ ընտանիքներ են գալիս այստեղ` հաւատալով, որ ուխտավայրը ունի երջանիկ ամուսնութիւններ կնքելու իւրայատուկ յատկութիւններ: Այս հաւատքով առաջնորդուելով` խումբ առ խումբ դիմում են դէպի Ամանոսի ստորոտ` իրենց հետ տանելով լաւագոյն սնած ոչխարները, աքաղաղներն ու համադամ այլեւալ կերակուրներ [45]:

Ուխտավայրի առջեւ գտնուող ծառերի տակ կազմակերպում են խրախճանքներ, երգն ու երաժշտութիւնը անպակաս թնդում է Ամանոսեան լեռներից: Ուխտաւորների հետ միշտ անբաժան են լինում երաժիշտները, յատկապէս քամանչա նուագող աշուղները [46]:

Ս. Գէորգ ուխտավայր

Տէօրթեօլցիների յաջորդ սրբավայրը Ս. Գէորգն է, որը գտնւում է աւանի հիւսիսային մասում, Եղջերնուտ կոչուող (խառնուպլու) լանջի վրայ: Տակաւին չորս պատերն ու խորանի հիմքերը կանգուն մնացած աւերակ մի եկեղեցի է՝ դարաւոր եղջերենիների մէջ պատսպարուած: Մեծ մայրերը պատմում են, որ եթէ անհրաժեշտ է լինում, Ս. Գէորգը իր առասպելական ու հրաշագործ նիզակով այս ծառին պտուղները՝ եղջիւրները, նետի է վերածում ու տեղում գամում Պերեքէթ լերան աւազակներին [47]:

Ս. Սարգիս (Տէօրթեօլ)

Տէօրթեօլում է գտնւում նաեւ Ս. Սարգիսի անունը կրող եկեղեցին, որը քաղաքի ամենահին կրօնական հաստատութիւնը լինելով ձեռք է բերել ուխտատեղիի բնոյթ [48]: Քաղաքացիները, թէ՛ տօնական օրերին եւ թէ հասարակ կիրակիներին, խուռն բազմութեամբ յաճախում են այս ուխտատեղին, մորթում մատաղներ ու կազմակերպում խրախճանք: Ամէն կիրակի, պարտադիր կերպով այստեղ մատուցւում է նաեւ սուրբ եւ անմահ պատարագ: Ուխտավայրի հանգամանքով Ս. Սարգիս են այցելում նաեւ հարեւան իսլամները: [49]:

Եղջերենին իր բաղադրամասերով (Աղբիւր՝ Otto Wilhelm Thomé, Flora von Deutschland, Österreich und der Schweiz, 1885, Gera, Germany)

Ս. Սարգիս (Օճաքլու)

Օճաքլուի ստորոտում եւս կան Խառնուպլու կոչուած բլուրներ: Այս բլուրների վրայ կան բազմաթիւ վանքերի աւերակներ, որոնց ժողովուրդը տուել է հիւանդութիւններ բժշկելու յատկութիւն: Խառնուպլուի աւերակ վանք ուխտի եկածները հաւատում են, որ այնտեղ է բնակուել Ս. Սարգիսը, եւ փլատակ վանքն ունի զօրաւոր բժկելու կարողութիւն: Մեծ բազմութիւն է գոյանում յատկապէս սուրբի տօնին: [50]:

Սուրբ Սարգիսի Քար

Սուրբ Սարգիսը համարուել է Տէօրթեօլի եւ նրայ շրջակայ հայկական բնակավայրերի պահապան սուրբը: Այս սուրբի անունը կրող մատուռներ ու սրբատեղիներ կան Օճաքլույում եւ Տէօրթեօլում:

Հինաւուրց Ս. Սարգիս կրօնական հաստատութիւնից բացի, որի մասին կցկտուր յիշատակումներ են միայն պահպանուել, Տէօրթեօլում պայտի ձեւ ունեցող մի ժայռաքար եւս կայ, որի մասին աւանդոյթը բերնէբերան փոխանցուելով՝ այս կերպ է հասել մեզ. բիւզանդական կայսրից փախուստի է դիմում Ս. Սարգիսը` ձիու վրայ տանելով նաեւ իր Մարտիրոս որդուն, կամ մէկ այլ աւանդութեան համաձայն` կայսեր դստերը` ով փրկել էր իրեն մահից [51]: Փախուստի ճանապարհը անցնելիս է եղել Տէօրթեօլ բերդաքաղաքով, իսկ սուրբի սպիտակ ձիու պայտը սրընթաց արշաւի ժամանակ հետք է թողել մի սեւ քարի վրայ [52]:

Տեղացիներն ու հարեւան բնակավայրերի երիտասարդներն ու երիտասարդուհիները հաւատալով քարի մէջ ջուր լցնելու, խմելու եւ առողջանալու հրաշագործութեանը, մեծ բազմութեամբ գալիս են Կոյր Ջրաղաց կոչուած բլրի, ծեր եղջերենու տակ գտնուող Ս. Սարգսի քարին ուխտի: Ընդունուած սովորոյթի համաձայն այդ օրը մատաղ են անում, աքլորի կամ ոչխարի մսով եփած նոխուտլու պուլղուր փիլաւ (սիսեռով ձաւարի փլաւ) պատրաստում [53]:

Ասար Տէտէի սրբավայրը

Եղջերնուտ կոչուած բլրի հարաւային կողմում է գտնւում մէկ այլ սրբավայր, որի հանդէպ թէ' հայերը եւ թէ թուրքերը վերաբերում են ակնածանքով [54]:

Ասար Տէտէի սրբավայրը մի փլատակ եկեղեցի է, որի ներսում կայ մի ակ: Տեղացիները հաւատում են, որ երաշտի ժամանակ աղօթքներով նետած քարերը կարող են անձրեւ բերել [55]:

Քիլիսեճիկ կամ Քարավանքլը

Քաղաքի հարաւարեւելեան կողմում, երկու ժամ հեռաւորութեան վրայ գտնւում են Քիլիսեճիկ կամ Քարաքիլիսա կոչուող վանքի աւերակները, որի շուրջը աւերակ բնակավայրի մնացորդներ դեռեւս տեսանելի են [56]: Այստեղ ձորի մէջ ջրվէժի նման շառաչիւնով թափուող մի պաղ աբիւր կայ, որին թուրքերը կոչում են Շառ լաղան: Նրա շուրջբոլորը մի շէն գիւղի աւերակներ եւս տեսանելի են, որ հաւանական է որ հայկական գիւղի հետքեր են՝ դատելով վանքի առկայութիւնից [57]:

Այս վանքի աւերակների մօտ են գտնւում Պոռանեան գերդաստանի եւ բազում այլ տէօրթեօլցիների նարինջի ու խաղողի այգիները [58]:

  • [1] Էջմիածին ամսաթերթ, 1965թ., Ա. տարի, էջ 61:
  • [2] Մինաս Խապրիկ (բնիկ օճաքլուցի) գրում է, որ Օճաքլուի միակ դժբախտութիւնը եկեղեցի չունենալն էր: Նորակառոյց եկեղեցին անաւարտ է մնացել, քանի որ վէճ է ծագել Պօյաճեան եւ Կէօքճեան գերդաստանների միջեւ: Եկեղեցական ծէսերը բաց չթողնելու համար կառուցւում է փայտէ սիւներով եւ ձեղուններով տնակ (Մինաս Խապրիկ, Եթէ Չորք-մարզպանը ինծի հետ խօսէր..., Պէյրութ, 1983, էջ 50):
  • [3] Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եոլ) գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ, Լոս Անճելըս, 2006, էջ 142:
  • [4] Նոյն, էջ 142-143:
  • [5] Նոյն,էջ 142-143:
  • [6] Սամուէլ Պոռանեան, Յուշագրութիւն Ճուկ Մարզեպանի, անտիպ, Լենինական, 1965, էջ 146:
  • [7] Նոյն, էջ 144- 146:
  • [8] Մինաս Խապրիկ, էջ 11:
  • [9] Խօսքը եղջերէնի կայմ եղջիւրենի ծառի մասին է։ Թուրքերէնում harnup կամ keçi boynuzu: Այս ծառերով շրջապատուած վայրերը թրքերէնով անուանում են խարնուպլու/հարնուբլու, իսկ հայերէնով՝ եղջերնուտ:
  • [10] Մինաս Խապրիկ, էջ 11:
  • [11] Նոյն:
  • [12] Տէօրթեօլի մէջ Ս. Գրիգոր Լուսաւորիչ անուամբ եկեղեցու մասին յիշատակութեան հանդիպում ենք նաեւ Մարտիրոս Տէր Ստեփանեանի (բնիկ տէօրթեօլցի)՝ 1945թ. գրուած բանաստեղծութիւններից մէկում (Թորոս Թորանեան, Չորք Մարզպանցի հայ գիրի եւ մամուլի դէմքեր, Պեյրութ, 1987, էջ 100):
  • [13] Մարտիրոս Տէր Ստեփանեան, Քաջերու հայրենիքը, Պէյրութ, 1984, էջ 23 (յղումը Մինաս Գոճայեան, էջ 142):
  • [14] Մինաս Գոճայեան, էջ 144:
  • [15] «Նիկ Մարզուան» վերնագրուած ձեռագիր, գրուած 1934թ., Քիրիքխան, էջ 123 (հեղինակն անյայտ): Այս գրքոյկից որոշ էջեր թուայնացուած մեզ է փոխանցել է Սիրանոյշ Մինասեանը, որին եւ յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնը:
  • [16] Մինաս Գոճայեան, էջ 144:
  • [17] Մարտիրոս Տէր Ստեփանեան, Քաջերու հայրենիքը, Պէյրութ, 1984, էջ 23 (յղումը Մինաս Գոճայեան, էջ 142):
  • [18] Մինաս Խապրիկ, էջ 28:
  • [19] Մինաս Գոճայեան, էջ 142:
  • [20] Նոյն:
  • [21] Նոյն:
  • [22] Նոյն:
  • [23] Նոյն:
  • [24] «Նիկ Մարզուան…», էջ 123:
  • [25] Մինաս Խապրիկ, էջ 34, 44:
  • [26] Միջերկրական ծովից մինչեւ Ամանոսեան լեռների ստորոտ ձգուող այս դաշտը Տէօրթեօլը բաժանում է Էօզերլի եւ Ղարաքիլիսա գիւղերից:
  • [27] Էջմիածին ամսաթերթ, 1965թ., Ա. տարի, էջ 61:
  • [28] Նոյն:
  • [29] Osman Koker, 100 yıl önce Türkiyede Ermeniler, Birzamanlar yayıncılık, Istanbul 2005, էջ 243:
  • [30] Մինաս Գոճայեան, էջ 143:
  • [31] Մուշեղ Սերոբեան, Ինքնակենսագրութիւն (անտիպ), տետրակ Բ., էջ 313:
  • [32] Մինաս Խապրիկ, էջ 38:
  • [33] Մինաս Գոճայեան, էջ 36:
  • [34] Նոյն:
  • [35] Մինաս Խապրիկ, էջ 39:
  • [36] «Նիկ Մարզուան...», էջ 135:
  • [37] Մինաս Գոճայեան, էջ 36։
  • [38] Նոյն: «Նիկ-Մարզուան» ձեռագրի հեղինակը, անդրադառնալով Տէօրթեօլի տօների կատարմանը, գրում է, որ խաւարման գիշերը գլխաւոր եկեղեցի էին բերում տեղի վեց լաւագոյն ձեռագիր արծաթակազմ աւետարանները, որոնք ընթերցւում էին տասներեք մոմերի մարելու ընթացքում («Նիկ Մարզուան…», էջ 135):
  • [39] Ձեռագիր յուշագրութիւն Մարտիրոս Տէր Ստեփանեանի (յղումը` Մինաս Գոճայեան, էջ 36):
  • [40] Սամուէլ Պոռանեան, էջ 155:
  • [41] Մինաս Խապրիկ, էջ 28:
  • [42] Նոյն, էջ 54:
  • [43] Նոյն, էջ 56:
  • [44] Նոյն:
  • [45] Նոյն, էջ 54:
  • [46] Նոյն:
  • [47] Մինաս Գոճայեան, էջ 37:
  • [48] Սամուէլ Պոռանեան, էջ 145:
  • [49] Նոյն:
  • [50] Մինաս Խապրիկ, էջ 11:
  • [51] Մինաս Գոճայեան, էջ 37:
  • [52] Նոյն:
  • [53] Նոյն:
  • [54] Նոյն:
  • [55] Նոյն:
  • [56] Սամուէլ Պոռանեան, էջ 21:
  • [57] Նոյն:
  • [58] Նոյն։