Տէօրթեօլ - Տօներ

Հեղինակ՝ Վերա Սահակեան, 13/11/14 (վերջին փոփոխութիւն՝ 13/11/14)

Նոր տարի (կաւոնտիս)

Տէօրթեօլում տարուայ սկիզբը խորհրդանշող նոր տարին տօնում են կրակի շուրջ: Այս կերպ հրաժեշտի ողջոյն են տալիս հնին` վառում նոր յոյսերի՝ սպասումներով լի կրակարանները: Տան անդամները շուրջպարի շրջանակ են կազմում թէժ կրակի մօտ, իսկ աւագը կրակի մէջ է նետում մի մետաղադրամ, որը առատութեան ու բերրիութեան խորհուրդ ունի [1]: Ապա յաջորդում է աջհամբոյրը, որով փոքրերը պատւում են մեծերին, հաստատում՝ իրենց խոնարհումը: Իրենց հերթին աւագները օրհնում են կրտսերներին ու յանձնում նուէրներ [2]: Սեղանները զարդարուած են լինում չոր մրգերով, անուշեղէններով, չէօրեկով [3] ու գինիով: Փոխայցելութիւնների ընթացքում նուէրներ են ստանում նոր նշանուածները, նորապսակները, կնքահայրերն ու նորածինները [4]:

Կաւոնտիսը (Տէօրթեօլի բարբառով նոր տարի) փոքրերի ամենասպասած տօնն է, մանաւանդ որ առաւօտեան իրենց բարձերի տակից գտնելու են «Կաւոնտիսի տէր պապայ»ի բերած նուէրները, որոնք լինում են տնային պայմաններում պատրաստուած տոպրակներ՝ մէջը նուշ, ընկոյզ ու չամիչ [5]:

Սուրբ Ծնունդ [6]

Սուրբ Ծնունդը տօնում են ութօրեայ ծոմապահութեամբ: Յունուարի հինգի երեկոյեան տէօրթեօլցիները, հագնելով տօնական հագուստ, շտապում են եկեղեցի՝ Ճրագալոյցի կամ մէկ այլ անուամբ` խթման պատարագին (տեղի բարբառով հութում բաթառաքա) մասնակցելու համար [7]։

Գաւթում բոլորը հանում են կօշիկները: Դեռատի աղջիկները փարթամ վարսերը ծածկում են մետաքսաթել ժանեակներով, որոնք պատուած են լինում նրբաճաշակ ասեղնագործութիւններով [8]:

Յաւարտ պատարագի կրակներով տուն են վերադառնում, վառում տան ճրագներն ու մոմերը եւ հաւաքւում սեղանի շուրջ: Զատկական փիլաւով, որի վրայ լցնում են իւղի մէջ տապակած թզաչիր ու չամիչ, լուծում են ծոմապահութիւնը կամ որոշ պարագաներում` պահեցողութիւնը [9]:

Տէօրթեօլում պատարագների երգչախմբային մասը կատարում են դպրաց դասն ու երգչախումբը: Տօն օրերին Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ նրանց է միանում նաեւ դպրոցական ձայնաւոր աշակերտներից բաղկացած երգչախումբը [10]: Դպրոցական երգեցիկ ուսանողները ընթերցում են օրուայ գրքերը երեք լեզուներով` հայերէն, թուրքերէն եւ ֆրանսերէն [11]: 20-րդ դարի սկզբին, Գէորգ Էֆենտի Կէօքօղլանեանը լինելով հայերէն աշխարհաբար եւ գրաբար լեզուների մասնագէտ, տօնական օրերին Աւետարանի հատուածները երբեմն նոյնիսկ բերանացի է թարգմանում թուրքերէնի` հիացում պարգեւելով թուրքախօս տէօրթեօլցի հայերին [12]:

Տաղաւար տօներին եկեղեցիներում անցկացւում է աճուրդ: Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի օրուայ աճուրդը արւում է Դանիէլի գրքի ընթերցման համար: Մասնակցում են քաղաքի ամենաերեւելիները, եւ առաւելագոյն վճարողը դառնում է աճուրդի «յաղթողը»: Լաւագոյն ուսանողի կամ լաւագոյն դպիրի ընկերակցութեամբ նրան պատիւ է ընձեռնւում խորան բարձրանալու եւ փոխնիփոխ ընթերցելու Դանիէլի թուղթը [13]:

Յաւարտ պատարագի` դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու քահանաները, յաւուր պատշաճի շարականներ ու տաղեր երգելով, տնից տուն են այցելում, յայտնում մեծ աւետիսը: Խաչհամբոյրից հաւաքուած գումարը գործածւում է դպրոցի կարօտեալ երեխաների վարձավճարների եւ նրանց այլ կարիքները հոգալու համար [14]:

1) Արծաթեայ պահպանակով Նոր կտակարան, 1789։ Ներկայիս կը գտնուի Անթիլիաս, կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանին մէջ (Աղբիւր՝ Hermann Goltz, Photographien von Klaus E. Göltz, Der Gerettete Schatz der Armenier aus Kilikien, Dr. Ludwig Reichert Verlag, Wiesbaden, 2000)
2)
Արծաթեայ պահպանակով Մեծ Մաշտոց, 1829։ Ներկայիս կը գտնուի Անթիլիաս, կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանին մէջ (Աղբիւր՝ Hermann Goltz, Photographien von Klaus E. Göltz, Der Gerettete Schatz der Armenier aus Kilikien, Dr. Ludwig Reichert Verlag, Wiesbaden, 2000)

Ծննդեան տօնը թէժանում է երեկոյան ու շարունակւում է գրեթէ ողջ գիշեր: Բացի աշակերտական խմբերից, այլ խմբեր էլ կան, ովքեր անձնական նախաձեռնութեամբ են հաւաքւում: Իրաքանչիւրը ձեռքում ունենալով մէկական ձեռնափայտ, որը խորհրդանշում է Բեթղեհէմի հովիւներին, շրջում են տնէտուն եւ աւետում Քրիստոսի հրաշափառ ծնունդը: Իբրեւ վարձատրութիւն` խմբերը ստանում են մրգեղէն, չէօրէկ, մանր դրամ, օրհնանք ու բարեմաղթանքներ [15]: Այս արարողութիւնը այնքան սպասուած է Տէօրթեօլում, որ շատ ընտանիքներ պարտադրում են աւետաբեր խմբերին՝ իրենց եւս չթողնեն առանց աւետիսի [16]: Տան երէցները, բոցավառ կրակների շուրջ բոլորած, մեծ խանդավառութեամբ, սպասում են աւետաբերների գալուստին [17]:

Այս տօնի առիթով նորահարսները գործում կամ ասեղնագործում են փոքրիկ պարկեր, յաճախ դրանք լինում են սովորական չափերից մեծ գուլպաներ կամ գլխարկներ, խսիրէ պայուսակներ: Հովիւներին խորհրդանշող մանուկների խումբը դրանք գործածում է աւետիսից ստացած նուէրներն ու քաղցրաւենիքը լցնելու համար [18]:

Երբ նախատեսուած նուէրները վերջանում են, փոխարէնը տան անդամները փող են տալիս։ Փող ստացող խումբը ունենում է իր աւագը, ով մեծը լինելով տնօրինում է գումարը եւ արդար դատաւորի նման հոգում իր խմբի կարիքները` մէկի խաղալիքի կոտրած մասը նորոգութեան տալով, միւսի գնդակը սոսնձելով եւ այլն [19]:

Բացի դպրոցներում ուսանած հայերէն հոգեւոր տաղերից ու շարականներից՝ ընդունուած ու առաւել տարածուած են թուրքերէն երգերի կատարումները, որոնք հիմնականում լինում են հայկական տաղերի թուրքախառն թարգմանութիւններ [20]:

Ջրօրհնէք (ջրօհնէք)

Յունուարի վեցի առաւօտեան տան բոլոր անդամները հաւաքւում են ամենատարեցի շուրջը, ով բարեմաղթանքներով նրանց է բաշխում իր աւանդական օրհնութիւնները, որից յետոյ ընտանեօք հանդերձ ճանապարհւում են եկեղեցի:

Ընդհանրական սովորութեան համաձայն տէօրթեօլցիները խմելու ջուրը հաւաքում են գետից` վաղ առաւօտեան: Սակայն Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող Ջրօրհնէքի օրը, տան գործածական ջուրը հաւաքում են յաւարտ Սուրբ Պատարագի՝ միւռոնով գետն օրհնելուց յետոյ [21]: Հաճ սույա կիրմիշ (ջուրն օրհնուեց) ասելով` ամաններն ու կաթսաները լցնում են ջրով: Օրհնուած ջրի մեծ զօրութեանը հաւատալով՝ տան բոլոր անդամները հերթով լողանում են՝ նախ փոքրերը, ապա` աւագները: Օրհնուած ջրով նորածիններին եւ հիւանդներին լողացնելը համարւում է պարտաւորիչ: Բազմաթիւ ընտանիքներ արծաթէ սկիհների մէջ օրհնած ջուրը պահում են ողջ տարին եւ կաթեցնում ամենօրեայ ջրի մէջ [22]:

Յունուարի վեցին փոխայցելութիւններ են կատարում հարազատներին: Նրանց շնորհաւորում են եւ յանձնում կերպասէ քառանկիւն կտորների մէջ փաթաթուած միրգ ու չէօրեկ: Քահանաները կատարում են տնօրհնէք եւ բացի պատուասիրուելուց` ստանում են նաեւ դրամական նուէրներ [23]:

Յաջորդող մեռելոցին լեփլեցուն է լինում յատկապես գերեզմանատան մէջ կառուցուած Ս. Սարգիս եկեղեցին [24]: Բարեպաշտները եկեղեցի են բերում կերակուրներ ու անուշեղէն, տօնական ճաշ` եկեղեցու բակում չքաւորներին հիւրասիրելու համար [25]:

Քրիստոսի մկրտութիւնը (Աղբիւր՝ Փարիզի ազգային գրադարան, ձեռ.` Arm. 333, թերթ 3բ. in Աստուածաշունչը եւ հայ մշակոյթը, Ներսէս աւ. քհն. Ներսէսեան, Հայաստանի Աստուածաշնչեան ընկերութիւն, Երեւան, 2001)

Տեառնընդառաջ

Տէօրթեօլցիները ժողոդրդական լեզուով այս տօնը անուանում են տէրնտես: Փետրուարի 13-ին, Տեառնընդառաջի տօնակատարութիւններն անցկացնելու համար, գիւղը բնակիչներից գրեթէ ամայանում է, փոխարէնը մարդաշատ է դառնում գերեզմանոցի մօտ կառուցուած հնագոյն եկեղեցին: Նորահարսներն ու նշանուած աղջիները` նոր հագուստներով, ձիերի վրայ, իրենց ազգականների ուղեկցութեամբ, դիմում են եկեղեցի: Սկիզբ է առնում մեծ տօնախմբութիւն: Ոմանք զբաղւում են նշանաձգութեամբ, ոմանք՝ ըմբշամարտով, միւսները՝ վազքով եւ այլ խաղերով: Նորափեսաներն ու կնքահայրերը մօտակայ մացառներից խարոյկի համար անհրաժեշտ փայտ են հաւաքում [26]:

Մեծ ոգեւորութիւն է տիրում նաեւ եկեղեցու շրջափակում բացուած ժամանակաւոր տօնավաճառում: Խարկուած սիսեռի, պիստակի, հրուշակի, տեսակ-տեսակ անուշեղէնների վաճառողները գոհացնում են իրենց բազմաթիւ յաճախորդներին [27]:

Տօնական կրակը վառւում է նախ գերեզմանատան եկեղեցու շրջափակում: Մեծ խարոյկը վառելու պատիւը վերապահւում է գիւղի երեւելիներից մէկին, նրան՝ ով ամէնից շատ կը վճարի: Կնքահայրերը նորածիններին գրկած պար են բռնում խարոյկի շուրջ, իսկ մայրերին յանձնելու ժամանակ խանձարուրի մէջ են դնում դրամ եւ նուէրներ, որոնց փոխարէն ստանում են ձեռագործ գուլպաներ եւ ասեղնագործ թաշկինակներ [28]: Այս ամէնից յետոյ, խարոյկի շուրջ փռում են տօնական բազմատեսակ անուշեղէններով լեցուն սփռոցներ [29]:

Տէօրթեօլցի երիտասարդներն ու երիտասարդուհիները չորս-հինգ ճիւղանի գոյնզգոյն ժանեակներով եւ կնքահայրերի կողմից նուիրուած մետաքսաթել շղարշներով զարդարուած մեղրամոմերը [30] վառում են Ս. Սարգիս եկեղեցու մոմերից: Կրակը տուն բերելով վառում են նաեւ տան ճրագները եւ  տան բակում պատրաստած մեծ խարոյկը: Տնային տօնական սեղաններից անպակաս են լինում դդումի, սմբուկի, թզի, նարինջի, ձմերուկի կեղեւի եւ այլ պտուղներից պատրաստուած անուշեղէններն ու համադամ այլեւայլ կերակուրները [31]:

Տեառնընդառաջի` գարնան յաղթանակը խորհրդանշող կրակը բերրիութեան եւ պտղաբերութեան խորհուրդ ունի: Խարոյկի շուրջ երիտասարդները պարում են տարբեր պարեր [32]: Տեղացիները կրակի մոխիրներից լցնում են հաւանոցները, այն համոզումով թէ հաւերը աւելի շատ ձու պիտի տան [33]։ Նոյն փոշուց լցնում են նաեւ տան բոլոր սենեակների անկիւնները, նորահարսների բարձի տակ, նոր ծնուածների օրօրոցի մէջ: Մոխիրն ու կրակը ամբողջ տարին պահպանողներ եւս կան: Չարագուշակ են համարում կրակից որեւէ մէկի հագուստի այրումը [34]:

Շրջակայ թուրք գիւղացիները տօնը կոչում են սէօքուն աթեշի (արձակման կրակ): Տեառնընդառաջից յետոյ անասունները ձմեռային փարախից արձակելով` ուղարկում են արօտավայր [35]:

Քրիստոսի խաչելութիւնը (Աղբիւր՝ Կիլիկիան ձեռագիր ութ նկարիչների, 1320 in Հին հայկական մանրանկարչութիւն, Երեւան 1952)

Բարեկենդան

Բարկինտակը (Տէօրթեօլի բարբառով բարեկենդան) լաւագոյն առիթներից մէկն է հարազատների ու ազգականների հետ ուրախ ժամանակ անցկացնելու համար: Տօնում են տաղաւար տօներին համահաւասար խանդավառութեամբ: Տօնակատարութիւնները սկսւում են եկեղեցիներում, ապա շարունակւում ուխտավայրերում, բաց երկնքի տակ, եւ աւարտւում են այգիներում կամ ուխտավայրերում պատրաստուած մեծ տօնական սփռոցների շուրջ: Ժրաջան տանտիկինները զարդարում են բարեկենդանի տօնական սեղանները ընդհանրապէս մսեղէն ճաշատեսակներով:

Նկատի ունենալով, որ բարեկենդանի խրախճանքները շարունակւում են տօնի եօթը օրերին [36], մսագործների խանութների առջեւ միսի հերթեր են յառաջանում [37]:

Տօնի ժամանակ քաղաքը լցւում է հիւրերով: Հարեւան գիւղերից հարիւրաւոր թուրքեր են գալիս՝ կազմակերպուող խաղերին ու մրցոյթներին մասնակցելու համար [38]: Ըմբշամարտիկների զոյգերը, որոնք կազմւում են թուրք ու հայ մարզիկների մասնակցութեամբ, մեծաթիւ բազմութիւն են հաւաքում Հաւաճայ Պշարայի վաճառատան մօտ գտնուող զբօսավայրում [39]: Տօնի աւարտին հիւրերին ճանապարհում են քաղցրահամ մրգերի ու նուէրների զամբիւղներով: Մրգերի զամբիւղներ են ստանում նաեւ չքաւորները, ինչպէս նաեւ Տէօրթեօլում աշխատանքի համար եկած եւ այգիներ ու պարտէզներ չունեցող մարդիկ [40]:

Խրախճանքները առաւել ոգեւորիչ են դառնում կատարուող բազմաթիւ հարսանիքներով, քանի որ Մեծ Պահքի շաբաթների ընթացքում պսակ կատարելը այլեւս ներելի չէ [41]:

Ազգականներն ու հարեւանները` փոխադարձ հրաւէրներով, կազմակերպում են գիշերային հաւաքոյթներ: Ճաշերին յաջորդում են երգերը, պարերն ու նուագը: Տօնին թոյլատրելի է գործածել նաեւ խմիչք` օղի ու գինի: Բուն Բարեկենդանի արարողութիւնները յաճախ կատարւում են նշանուած աղջիկների պարտէզի մէջ [42]:

1) Փելթէքեան ընտանիքը՝ ծագումով Տէօրթեօլէն։ Անոնք յետագային ապրած են Ալէքսատրէթի (Իսքենտերուն, ներկայիս Հաթայ) շրջանին մէջ, որ մինչեւ 1939 թուականը մաս կազմած է Սուրիոյ եւ յետագային միացուած է Թուրքիոյ։ Լուսանկար՝ Խաչերեան եղբարք, Անտիոք (Աղբիւր՝ Պետրոս Սահակ Փելթէքեանի հաւաքածոյ, Պէյրութ)
2)
Տէօրթեօլ քաղաք, 1921. կեանքը փողոցին մէջ ֆրանսական տիրապետութեան ժամանակ (Աղբիւր՝ Կրէկուար Թաֆանքէճեանի հաւաքածոյ, Վալանս)

Մեծ պահք [43]

Բարեկենդանին յաջորդում է Մեծ պահքը: Մեծ պահքի երկուշաբթին լուացարուք-սրբեցարուք (լուանանք, սրբենք) երկուշաբթի են անուանում: Այդ օրը հարսերը լուանում են իւղոտ կաթսաներն ու շերեփները, որպէսզի կենդանական սնունդի հետք չմնայ: Երկուշաբթի օրը Տէօրթեօլում սկսւում է բուն պահեցողութիւնը [44]:

Առաջին եօթնեակի շաբաթը կոչում են հատիկ կիւն (հատիկի օր): Հատիկը նոյն օրուայ յատուկ կերակուրն է` բաղկացած ցորենից, սիսեռից, լուբիայից եւ ոսպից: Ընդեղէնի այս տեսակները ուրբաթ օրը երեկոյեան լցնում են պտուկի (կաւէ աման) մէջ ու դնում կրակի վրայ: Յաջորդ օրը կենդանական ձէթի փոխարէն՝ վրան աւելացնում են թահին, ապա խառնում։ Մինչեւ կիրակի երեկոյեան ուտում են՝ բաժին հանելով նաեւ հարեւաններին եւ կարօտեալներին [45]:

Այդ օրը ներելի չէ շուկայից հաց առնելը, քանի որ, ըստ ընկալեալ սովորոյթին, օրուայ հացի մէջ արիւն է խառնուած լինում [46]:

Մեծ պահքի ողջ տեւողութեան ժողովուրդը առաւօտ եւ երեկոյ պարտադիր եկեղեցի են գնում: Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին նրանց թիւը առաւել ստուար է, իսկ հրաժարիմքի ժամերգութեանը եկեղեցին լեփ-լեցուն է հաւատացեալ տէօրթեօլցիներով [47]:

Պալեան ընտանիքը՝ ծագումով Տէօրթեօլէն։ Անոնք յետագային ապրած են Պէյլանի (ներկայիս Պելէն, Հաթայ նահանգ), որ մինչեւ 1939 թուականը մաս կազմած է Սուրիոյ եւ յետագային միացուած է Թուրքիոյ։ Նստած, ձախէն աջ՝ Սինան էֆենտի Պալեան, գիրկը՝ Արտեմիս, Սինանի աջին կանգնած՝ Պերթա (Մարթա), Պերթայի առջեւ կանգնած՝ Մարի, նստած՝ Լուսաբեր (ծնեալ Տէր Յարութիւնեան)։ Երկրորդ շարք, ոտքի, ձախէն աջ՝ Կարապետ, Յարութիւն (Աղբիւր՝ Պերթա Տէր Պետրոսեանի (ծն. Պալեան) հաւաքածոյ, Սան Ֆրանսիսքօ)

Միջինք

Միջինքին, այսինքն` Մեծ պահքի կէսին, պատրաստւում է սիսեռով եւ թահինով կլոր քիւֆթէ` գոճա քէօֆթէ: Այս աւանդական կերակուրից, որից անբաժան է չամիչով եւ չոր մրգերով պատրաստուած խոշապը, բաժին է հանւում նաեւ հարեւաններին եւ կարօտեալներին: Բուն Միջինքի օրը, յաւարտ պատարագի, եկեղեցիների բակերում փռում են սփռոցներ: Հոգեհաց յիշեցնող այս ճաշին ամբողջ քաղաքը հաւաքւում է` մասնակցելու համար գոճա քէօֆթէի հիւրասիրութեանը [48]:

Ծաղկազարդ

Խորհրդանշում է զատկի նախընթաց շաբաթ օրը Քրիստոսի՝ Երուսաղէմ մուտքի յիշատակութիւնը:

Ծաղկազարդի, իսկ Տէօրթեօլի բարբառով զանախտար կամ ճանախտարի [49] տօնին եկեղեցիները զարդարող ծառն է արմաւենին: Տէօրթեօլը արմաւենիներից աղքատ է: Երիտասարդները օրեր առաջ ուղեւորւում են այլ վայրեր` սուրբ սեղանը զարդարող արմաւենիների ճիւղեր հաւաքելու համար: Մայրերը եկեղեցի են մտնում պարզ արմաւենու ճիւղերով, իսկ նորահարսները մրգեր, քաղցրեղէն ու վարդեր են ամրացնում հիւսուած ճիւղերին, դրանք դնում գլխին, կախում վզին, պահում ձեռքին, կամ դնում ուռենու մատղաշ ճիւղերից հիւսուած զամբիւղների մէջ: Նշանուած աղջիկները Ծաղկազարդը դիմաւորում են ծոմապահութեամբ [50]:

Ծաղկազարդին եկեղեցւոյ սուրբ սեղանը զարդարում են մանուշակ ծաղիկներով, որոնք եկեղեցի են բերւում Ամանոս լերան անտառներից [51]:

Արմաւենի (Աղբիւր՝ Hermann Adolph Köhler, Gustav Pabst, Walther Müller, C.F. Schmidt, Köhler's Medizinal-Pflanzen, Gera, 1887)

Դռնբացէք (Դռբասեկ)

Մինչեւ Ծաղկազարդի կիրակին եկեղեցու վարագոյրները փակուած են լինում: Դրանք բացւում են Ծաղկազարդին՝ երեկոյեան ժամերգութեան ընթացքում: Տէօրթէօլում Ծաղկազարդից յետոյ փակում են նաեւ եկեղեցիների դռները: Հաւատացեալների ստուար բազմութիւնը հաւաքւում է փակ դրան մօտ, ծնկաչոք աղօթում, արտասւում եւ զղջում մեղքերի համար: Ապա սկսում են բախել եկեղեցու փայտէ դուռը. «Աչ, քապուլ էթ պիզի, Տէր Ասվազ» (Բաց, ընդունիր մեզ, Տէր Աստուած),- կանչում է բազմութիւնը: Եկեղեցու ներսում եղած քահանան, որ խորհրդանշում է Աստծուն, պատասխանում է` «Քիմսինիզ, թանըրըմ մը սիզի», (Ո՞վ էք դուք, ձեզ չեմ ճանաչում): Երեք անգամ նոյնը կրկնում է մեղանչող (այսինքն «մեղք գործած» բազմութիւնը կամ զղջացող) բազմութիւնը եւ առաւել բարձրացնում ողբաձայն աղաչանքները: Երրորդ բախումից յետոյ քահանան բացում է երկնային թագաւորութիւնը խորհրդանշող եկեղեցու դռները ու հաւատացեալներին ներս թողնում եկեղեցի [52]:

Փակ վարագոյրների բացման համար եւս կատարւում է աճուրդ: Ընտրուած մասնակիցները վաստակում են շապիկ հագնելու, խորան բարձրանալու եւ գոցուած վարագոյրը բացելու իրաւունք [53]:

Աւագ հինգշաբթի եւ խաւարում

Աւագ հինգշաբթին յատկանշական է պարտաւորիչ լուացումով, որի համար գործածւում է նարինջի ծաղիկներով, տերեւներով ու զանազան հոտաւէտ ծաղկաթերթերով պատրաստուած ջուր, որը կոչւում է չիչէք սույու (ծաղկաջուր) [54]:

Հանդիսաւոր եւ խուռն բազմութեան ներկայութեամբ կատարւում է խաւարումի խորհրդաւոր արարողութիւնը: Համաձայն Աւետարանի վկայութեանը՝ նոյն օրը Յիսուսի կալանաւորման եւ առաքեալների ցրումի խորհրդաւոր պատկերացումն է:

Սուրբ սեղանին վրայ դրուած են լինում 13 վառուող մոմեր, որոնք հերթով մարում են վեց աւետարանների ընթերցումի ընթացքում։ Վերջում մնում է միայն մէկ վառող մոմ, որը խորհրդանշում է Քրիստոսին, եւ եկեղեցին մնում է կիսախաւարի մէջ: Վերջին Աւետարանի ընթերցումից յետոյ եւ վերջին մոմի շիջումով եկեղեցում տիրում է լիակատար խաւար։ Խորհրդաւոր խաւարի ու լռութեան մէջ հնչում է «Փառք ի բարձունս»ի երգեցողութիւնը [55]:

Նոյն գիշեր կատարում են անմեղ գողութիւններ, որոնք համարւում են ներելի այն ըմբռնումով, որ չարիքն արգելող Քրիստոս մատնուել եւ կալանաւորուել է, իսկ չարը ազատութիւն է վայելում [56]:

Յաջորդող ուրբաթ ներկում են զատկական հաւկիթ, որը խորհրդանշում է Քրիստոսի խաչի վրայ թափած արիւնը: Այդ օրը ներելի չէ խաչակնքել, իսկ իբրեւ ընդհանրական սուգի նշան՝ չեն գործածում որեւէ քաղցր բան [57]:

Նարնջենիի ծաղիկ (Աղբիւր՝ The National Geographic Magazine, Volume 31, No. 6, June 1917)

Զատիկ

Քրիստոսի յարութեան տօնն է։ Տէօրթեօլում համընկնում է նարնջենիների ծաղկման շրջանին, որը քաղաքին եդեմական պարտէզի շունչ է հաղորդում: Պարտէզների չորս կողմը ծածկող վարդերը փունջ-փունջ տեղափոխւում են եկեղեցի: Տօնին նորածինների ու նորհարսների ացելութիւնը եկեղեցի պարտադիր է: Զատկին եկեղեցական զանգերը շատ վաղ են ղօղանջում: Տէօրթեօլցիները տօնական հագուստներով շտապում են եկեղեցի եւ տանում իրենց հետ զատկական ներկած հաւկիթների կողովները: Յաւարտ պատարագի եկեղեցու շրջափակում սկիզբ է առնում հաւկթախաղ: Հաւկիթ ուտել սկսում են եկեղեցու գաւթում։ Զատկի հաւկիթ շատ են գործածում տէօրթեօլցիները, օրուայ մէջ նոյնիսկ քսան եւ աւելի ուտողներ են լինում [58]:

Զատիկին յաջորդող մեռելոցի օրը հաւատացեալները այցելում են յաւիտենապէս բաժանուած իրենց սիրելիներին: Նոյն օրը, կէսօրից յետոյ, հանրային զբօսավայրերի մէջ տեղի է ունենում ըմբշամարտ՝ քաղաքացի եւ շրջակայ գիւղերից եկող թուրք եւ հայ ըմբիշների մասնակցութեամբ [59]:

Մանուշակ (Աղբիւր՝ Carl Axel Magnus Lindman, Bilder ur Nordens Flora, Stockholm, 1901–1905)

Վարդավառ

Հայ եկեղեցու գլխաւոր տօներից մէկն է։ Կատարւում է Զատիկին յաջորդող 14-րդ կիրակիին [60]:

Տէօրթեօլում, ինչպէս եւ Կիլիկիայի բոլոր շրջաններում պահպանուել են հեթանոսական Վարդավառի դրոշմները: Հաւաքւում են գետերի ափերին, ուխտավայրերի շուրջ, իրար վրայ ջուր են լցնում, աղաւնի թռցնում, մատաղ (մատակ) մորթում: Երբ մատաղի միս են վերցնում միմիանց ասում են՝ ուխտն քապուլ օլսուն (ընդունելի լինի) [61]:

Վարդավառի տօնին գալիս են նաեւ շրջակայ գիւղերից թուրքեր, եզիտիներ, թուրքմէններ, որոնք բացի զուարճանալուց վաճառում են հացի խմորից, փայտից կամ զանազան քարերից պատրաստուած հմայիլներ (խամայլը) [62]: Եկեղեցիներում շատ են կատարում պսակի ու մկրտութեան խորհուրդներ, այն ըմբռնումով, որ տօնը բերրիութիւն ու պտղապերութիւն է խորհրդանշում [63]:

Համբարձում (Վիճակ)

Տօնի նախընթաց երեկոյեան հաւաքւում են եօթը կոյս աղջիկները եւ եօթը ջրբաժանման ակերից ջուր են հաւաքում կաթսայի մէջ [64]: Ամանը զարդարում են ռահանով, վիճակ կոչուած ծաղիկներով, վրան դնում նաեւ մէկ նշխարք կամ գաթա: Ջրալից կաթսան դնում են այնպիսի մի վայր, որտեղից հնարաւոր կլինի լուսնի շողերի ներթափանցումը ջրի մէջ: Պատահում է, որ չարագործները գողանում են ջրամանը, որը խիստ չարագուշակ է համարւում դեռատի աղջիկների համար [65]: Համբարձման՝ այլ կերպ Վիճակի օրը, աղջիկները հաւաքւում են որեւէ կանաչ դաշտում, ջրալից կաթսայի մէջ գցում են մատանի, ապարանջան, օղ: Աղջիկներից ամենափոքրը ձեռքը ամանի մէջ մտցնելով սպասում է ներկաներին, ովքեր սկսում են երգել Համբարձման տօնի թուրքերէն խաղիկներ՝ մանթըվարներ:

Տէօրթեօլցի հայեր խրախճանքի մը ընթացքին, 1933։ Լուսանկարը քաշուած է հաւանաբար Ալէքսանտրէթի շրջանին մէջ, թէեւ բնատիպ բացատրութեան մէջ նշուած է Տէօրթեօլ։ Ծանօթ է որ քաղաքը իր հայերէն պարպուեցաւ 1922 թուականին։ Արդեօ՞ք լուսանկարը քաշուած է տէօրթեօլցի խումբ մը հայերու իրենց քաղաքը այցելութեան ընթացքին։ Աջ ծայրէն երկրորդ անձը (փողկապով)՝ Խաչիկ Պետրոս Փելթէքեան (Աղբիւր՝ Պետրոս Սահակ Փելթէքեանի հաւաքածոյ, Պէյրութ)

Մանթըվարըմ վար օլսուն,
Իչի տօլու նուր օլսուն,
Մանթըվարա կելենին
Ճեննեթթէ տօսթու օլսուն
[66]:

Թող կատարուի Վիճակս
Լոյսով լցուած այն լինի,
Ով մասնակցի Վիճակին
Դրախտի մէջ սիրելի ունենայ [67]:

Ապա աղջիկը դուրս է հանում առարկաներից մէկը, որի տիրոջն է պատկանում տուեալ երգի իմաստը: Աղջիկը ձեռքը նորից ամանի մէջ սպասում է, իսկ ներկաները երգում են.

Այ, մանթըվար, մանթըվար,
Մանթըվարըն վախտը վար,
Մանթըվարըն սեվենին
Դրախտա բեշ թախտը վար:
Հանէ ախչիկ, դե հանէ
Բուգուն բարի դարա է:


Վիճակ, վիճակ, ջան վիճակ,
Վիճակն ունի ժամանակ,
Վիճակի մասնակցողը
Դրախտում ունի հինգ աթոռակ
Հանիր աղջիկ, հանի՛ր,
Այսօր բարի տարի է [68]:

Աղջիկը դուրս է հանում մի ուրիշ առարկայ, որի տիրոջն է պատկանում երգի բովանդակութիւնը:Ապա ձեռքը ամանի մէջ սպասում է, իսկ ներկաները երգում են.

Ալթունտըր եարամ,
Կիւմուշտըր թոգամ,
Ալլահտըր արգամ,
Քիմսետեն քօրքմամ:


Իմ եարը ոսկի է,
Հագին է արծաթ:
Աստուած ինձ պահապան է
Ոչ մէկէ չեմ վախնար [69]։

Աղջիկը դուրս է հանում եւս մէկ առարկայ: Ապա ձեռքը մտցնում է ամանի մէջ: Ներկաները երգում են.

Պիր ինճեճիկ քամըշամ
Գափունա ուզանմըշամ
Իսթէր ալ, իսթէր ալմա
Անլընա եազըլմըշամ:


Բարակ եղէգ եմ
Դռանդ երկարել եմ:
Կ՚ուզես քաղի, կ՚ուզես` չէ
Մէկ է ճակտիդ գրածն եմ [70]:

Երգի բովանդակութիւնը պատկանում է տուեալ աջկան: Միւս երգի ժամանակ երգում են.

Այսմաը սարամատըմ
Օճաղա գոյամատըմ
Օն փարմաղը մում եափտըմ
Պեն սանայ եարամատըմ:


Հիւս կապելու կարող չեղայ,
Տուն շինելու պիտան չեղայ,
Տասը մատս մոմ դարձուեցի
Քեզ պիտանի (բնաւ) չեղայ [71]:

Միեւնոյն ձեւով շարունակւում է մօտ քսան անգամ: Ապա, հոտաւէտ ջուրը քսում են իրենց երեսին եւ համբարձման տօնը դրանով վերջանում է: Համբարձմանը պատրաստում են արիշտայով ու կաթով փլաւ, կլոր նախշազարդ գաթա, հաւաքւում են Ս. Սարգիսի անունը կրող ուխտավայրերի ու սրբավայրերի շուրջ [72]:

Արծաթեայ ճաճանչ։ Ներկայիս կը գտնուի Անթիլիաս, կաթողիկոսարանի «Կիլիկիա» թանգարանին մէջ (Աղբիւր՝ Hermann Goltz, Photographien von Klaus E. Göltz, Der Gerettete Schatz der Armenier aus Kilikien, Dr. Ludwig Reichert Verlag, Wiesbaden, 2000)

Ս.Աստուածածին

Աստուածածնի վերափոխման տօնն է: Տէօրթեօլցիների մեծամասնութիւնը մասնակցում է Վերի թաղի Ս. Աստուածածին եկեղեցում մատուցուող պատարագին [73]:

Համաձայն ընկալեալ սովորութեան, մինչեւ Աստուածածնի տօնը խաղող ուտել ներելի չէ: Տէօրթեօլում Աստուածածնի տօնը զուգադիպում է խաղողի եւ պտուղերի ամենաառատ շրջանին: Եկեղեցի են բերում առատ խաղող: Յաւարտ պատարագի կատարւում է խաղողօրհնէքի արարողութիւն եւ օրհնուած խաղողը բաժանւում է ժամուորներին: Տօնի երկրորդ օրը մեռելոց լինելով տէօրթեօլցիները այցելում են գերեզմանատուն [74]:

Ազգային տօներ

Եկեղեցական եւ ազգային տօները, որոնցից ամենասիրուածը Վարդանանց տօնն է, զուգադիպելով Բուն Բարեկենդանի հինգշաբթի օրուան, ստանում է առաւել մեծ հանդիսաւորութիւն: Փակւում են բոլոր վարժարանները, խանութները, շուկան: Վարդանանց տօնը Մեծ պահքին նախորդող՝ վերջին բաց վարագոյրով մատուցուող պատարագն է: Տէօրթեօլի ողջ հայութիւնը մասնակցում է այդ պատարագին: Ազգային այս տօնին տղամարդկանց հագ ու կապի անբաժան մասն են զանազան զէնքերը, թրերն ու սրերը [75]: Երեկոյեան դէմ ուխտավայրերի մօտ, կամ եկեղեցիների շրջափակում կազմակերպւում է ճրագահանդէս: 1908-ին, սահմանադրական կարգերի հաստատումից յետոյ, այս տօնի առիթով դպրոցներում կատարւում են Վարդանանց կրօնական պատերազմի յիշատակութիւնը ցուցադրող ներկայացումներ [76]:

  • [1] Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, (Տէօրթ-Եոլ) գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ, Լոս Անճելըս, 2006 թ., էջ 168:
  • [2] Պոռանեան Սամուէլ, Յուշագրութիւն Ճուկ Մարզեպանի, բնօրինակը՝ հայատառ թրքերէն: Այս յօդուածի հեղինակին մօտ գտնւում է ձեռագրի թարգմանուած, վերամշակուած մեքենագրութիւնը, կատարուած Յարութիւն Պալեանի կողմից, Լենինական, 1965, անտիպ, էջ 178:
  • [3] Չէօրէկը հացի տեսակ է, որը պատրաստում են Տէօրթեօլում՝ հինգ տաղաւար տօների համար: Տե՛ս Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 160:
  • [4] Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, էջ 168:
  • [5] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 118:
  • [6] Հայ եկեղեցին Ծնունդն ու Մկրտութիւնը տօնում է միեւնոյն օրը` Յունուարի 6-ին:
  • [7] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 118:
  • [8] Նոյն, էջ 146:
  • [9] Նոյն, էջ 118:
  • [10] Նոյն, էջ 146:
  • [11] Նոյն, էջ 118:
  • [12] Նոյն:
  • [13] Նոյն:
  • [14] Նոյն:
  • [15] Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, էջ 168:
  • [16] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 198:
  • [17] Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, էջ 168:
  • [18] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 208:
  • [19] Նոյն:
  • [20] Նոյն, էջ 119:
  • [21] Նոյն, էջ 129:
  • [22] Նոյն:
  • [23] Նոյն:
  • [24] Նոյն, էջ 159:
  • [25] Նոյն, էջ 129:
  • [26] Նոյն, էջ 130:
  • [27] Նոյն, էջ 130:
  • [28] Նոյն:
  • [29] Նոյն:
  • [30] Տէօրթեօլում մոմերը պատրաստում են Ճարպից կամ մեղրամոմից, իսկ երբ քարիւղը մուտք գործեց կենցաղ, թիթեղագործները պատրաստում էին կանթաւոր ճրագներ՝ կանդիլներ:  Այս ճրագները գործածւում էին տան լուսաւորութեան համար, ինչպէս նաեւ ճրագալոյցի պատարագներին եկեղեցու ճանապարհը լուսաւորելու, եւ տուն կրակ բերելու համար: Միեւնոյն նպատակով գործածւում էր նաեւ վառուած եղեւնափայտը: Տե՛ս Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 159։
  • [31] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 130:
  • [32] Նոյն:
  • [33] Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, էջ 169:
  • [34] Պոռանեան, էջ 132:
  • [35] Նոյն:
  • [36] Նկատի ունի Բուն Բարեկենդանի շաբաթը:
  • [37] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 131:
  • [38] Նոյն, էջ 177:
  • [39] Նոյն:
  • [40] Նոյն, էջ 131:
  • [41] Նոյն:
  • [42] Նոյն:
  • [43] Մեծ Պահքը կոչւում է նաեւ աղուհաց, որը յիշեցնում էր հնադարեան այն սովորոյթը, համաձայն որի, աւելի ծայրայեղ հաւատացեալները գործածում էին միմիայն աղ եւ հաց:
  • [44] Հայ Աառքելական եկեղեցում Մեծ պահքն սկսւում է երկուշաբթիից:
  • [45] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 132:
  • [46] Նոյն:
  • [47] Նոյն:
  • [48] Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, էջ 170; Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 119-120, 123;
  • [49] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 119-120:
  • [50] Նոյն:
  • [51] Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, էջ 170:
  • [52] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 120:
  • [53] Նոյն:
  • [54] Նոյն:
  • [55] Նոյն, էջ 120:
  • [56] Նոյն, էջ 121:
  • [57] Նոյն:
  • [58] Նոյն:
  • [59] Նոյն:
  • [60] Մաղաքիա Օրմանեան, Ծիսական Բառարան, Անթիլիաս, 1957:
  • [61] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 86, 123:
  • [62] Նոյն, էջ 123
  • [63] Նոյն, էջ 139:
  • [64] Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի, էջ 171:
  • [65] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 87:
  • [66] «Նիկ Մարզուան» վերնագրուած ձեռագիր, գրուած 1934 թուականին, Քիրիքխան, էջ 147 (հեղինակն անյայտ)։ Այս գրքոյկից որոշ էջեր թուայնացուած մեզ է փոխանցել է Սիրանոյշ Մինասեանը, որին եւ յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնը։ Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 124:
  • [67] Թարգմանութիւնը՝ Վ. Սահակեան:
  • [68] Նիկ Մարզուան, էջ 147:
  • [69] Մանթըվար կոչուած այս քառեակը տեղ է գտել նաեւ Վերժինէ Սվազլեանի՝ Կիլիկիա, Արեւմտահայոց Բանաւոր Աւանդութիւն գրքում, որտեղ զետեղուած են մի քանի մանթըվարների հայատառ թուրքերէն եւ հայերէն թարգմանուած օրինակներ: Վերջին երկու տողերը Պոռանենանի յուշագրութեան մէջ պակասում են: Հաւանաբար Տէօրթեօլում երգուել է առանց կրկներգի:
  • [70] Նիկ Մարզուան, յավելուած էջ 147-ի; Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 124 [թարգմանութիւնը՝ Վ. Սահակեան]։
  • [71] Նոյն:
  • [72] Պոռանեան, Յուշագրութիւն, էջ 137:
  • [73] Նոյն, էջ 153:
  • [74] Նոյն:
  • [75] Նոյն, էջ 132:
  • [76] Նոյն։