Ուղունք գիւղ (Մշոյ դաշտ). Ս. Սարգիս եկեղեցին եւ նոյնանուն վարժարանը (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

Մուշ - Դպրոցներ

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 23/04/2016 (վերջին փոփոխութիւն՝ 23/04/2016)

Մուշ քաղաքի համայնապատկերը (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Մշոյ գաւառակը և օսմանեան հայերի կրթական համակարգը

Մշոյ դաշտը գտնւում է Հայկական լեռնաշխարհում, Արևելեան Եփրատի միջին հոսանքում, զբաղեցնում է պատմական Մեծ Հայքի Տարօն նահանգի մի մասը։ Մեծ եղեռնի նախօրեակին գաւառը Արևմտեան Հայաստանում հայկական ներկայութեան կենտրոններից մէկն էր` խիտ բնակեցւած և արգաւանդ շրջան։ Օսմանեան կայսրութեան վարչատարածքային բաժանմամբ Մուշ քաղաքն ու դաշտը կազմել են Բիթլիսի նահանգի Մշոյ գաւառի կենտրոնական (մերկէզ) կազա–գաւառակը։ Մշոյ առաջնորդարանի կողմից պատրաստւած վիճակագրութեան համաձայն Մեծ եղեռնի նախօրեակին Մշոյ դաշտում եղել է 106 հայաբնակ բնակավայր` 10,726 տուն, 96,082 շունչ հայութեամբ։ Բուն Մուշ քաղաքի հայ բնակչութեան թիւը կազմել է 12,000 շունչ [1]:

Ինչպէս հայկական բարձրաւանդակի ու Օսմանեան կայսրութեան բազմաթիւ այլ հայաբնակ շրջաններ` Մուշ քաղաքը և Մշոյ դաշտի գիւղերը անմասն չեն մնում արևմտահայ իրականութեան մէջ կրթական զարթօնքի այն շարժումից, որը սկիզբ առաւ 1863 թ. օսմանեան իշխանութիւնների կողմից Հայոց ազգային սահմանադրութեան հաստատումից յետոյ։ XIX դարի 70-ական թուականներից Արևմտյան Հայաստանի քաղաքներում և գիւղերում բացւում են բազմաթիւ դպրոցներ: Արևմտահայ ուսումնակրթական հաստատութիւններն ըստ բնոյթի` աշխարհիկ և հոգևոր էին, ըստ տեսակի` թաղային և գաւառական, մասնագիտական, եկեղեցական, մասնաւոր և այլ դպրոցներ, ըստ աստիճանի` մանկական (մանկապարտէզ), նախակրթարաններ և երկրոդական դպրոցներ [2]։

Հայ լուսաւորչական համայնքի դպրոցներում կրթութեան կազմակերպումը կանոնակարգւում էր Պոլսի Հայոց պատրիարքարանին կից գործող ուսումնական խորհուրդների կողմից հրատարակուած տիպային կանոնագրքերով [3]։

Օսմանեան կայսրութեան հայկական կրթական հաստատութիւնները գործում էին Պոլսի Հայոց պատրիարքարանի, տեղական եկեղեցական թաղային խորհուրդների, ինչպէս նաև տարբեր բարեգործական ընկերութիւնների և անհատ բարերարների ֆինանսական աջակցութեամբ։ Շատ դէպքերում ֆինանսաւորումը ոչ կայուն էր, ինչը պայմանաւորում էր յատկապես գիւղական բնակավայրերում բազմաթիւ դպրոցների ոչ կանոնաւոր գործունէութիւնը։

Պատկերներ Մուշի միսիոնարական դպրոց-որբանոցէն (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Մուշ քաղաքի կրթական հաստատութիւնները

1863 թ. Մուշ քաղաքի մեջ գործում էին երեք վարժարաններ` Սր. Մարինէ թաղի, Ձորա թաղի և Վերին թաղի վարժարանները [4]։

XIX դ. վերջերին և ХХ-ի սկզբներին Մուշ քաղաքում արդէն գործում էին Հայոց պատրիարքարանի ենթակայութեան տակ գտնուող հայկական 7 դպրոց, որոնցից 5-ը թաղային եկեղեցիներին կից էին, իսկ միւս երկուսից մէկը օրիորդական վարժարանն էր, որը հիմնադրուել էր Յովսէփ Իզմիրեանցի կտակով 1884 թ., երկրորդը` Կենտրոնական վարժարանը, որը թաղային դպրոցների համեմատութեամբ աւելի բարձր` միջնակարգ տիպի կրթութիւն էր տրամադրում։ Դպրոցներից բացի քաղաքում գործում էին նաև երկու որբանոց, որոնք պահւում էին պատիրարքարանի միջոցներով [5]։ Քաղաքի առաւել նշանաւոր կրթական հաստատութիւններից էր նաև Մխիթարեան հայրերի կաթոլիկ դպրոցը (Մուրատ–Մխիթարեան վարժարան) [6]։

1899-ի տուեալներով Մուշ քաղաքում գործում էին հինգը թաղային վարժարաններ` Վերին թաղի, Ձորո թաղի, Մարինէ թաղի, Բրտի թաղի և Ճիկրաշէն թաղի վարժարանները։ Շարունակում էր գործունէութիւնը Օրիորդական վարժարանը։ Վերոնշեալ բոլոր կրթական հաստատութիւններում 1899–ի տուեալներով սովորում էր 721 երեխայ (տե՛ս ստորև աղիւսակը)։

Աղիւսակ 1. Մուշ քաղաքի հայ լուսաւորչական համայնքին պատկանող դպրոցները 1899–ին [7] (սեղմել աղիւսակին վրայ աւելի լաւ տեսնելու համար)

Բացի վերոնշեալ դպրոցներից Մուշում շարունակում էին գործել Մուրատ–Մխիթարեան վարժարանը և հայ բողոքական համայնքի դպրոցը (Սուրբ Մարինէի թաղում) [8]։ 1901-1902 թթ. ուսումնական տարում բողոքական դպրոցն ունէր 15 աշակերտ [9]։

Թաղային եկեղեցիներին կից գործող վարժարաններում դասաւանդւում էին քերականութիւն, հեգարան, սաղմոս, ժամագիրք, շարական, աւելի բարձր դասարաններում` Նարեկ, Չամչեանի քերականութիւն և Աւետարան [10]։

Ըստ Մաղաքիա արք. Օրմանեանի պատրիարքութեան շրջանում հրատարակուած «Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ» պրակի տուեալների` Մուշ քաղաքում Պատրիարքարանի ենթակայութեան տակ գործող կրթական հաստատութիւններում 1901-02 թթ. ուսումնական տարում ունէին 666 աշակերտ, դրանցում դասաւադում էին 17 ուսուցիչ (տե՛ս Աղիւսակ 2)։

Աղիւսակ 2. Մուշ քաղաքի կրթական հաստատութիւնները 1901-1902 թթ. [11] (սեղմել աղիւսակին վրայ աւելի լաւ տեսնելու համար)

Վերոնշեալ բոլոր դպրոցները շարունակեցին գործել մինչև 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ Մշոյ հայութեան բնաջնջումը։

Մուշ քաղաքի և գաւառակի հայաբնակ գիւղերի կրթական կեանքը վերելք ապրեց 1908 երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ։ Ընդլայնուեցին նախկինում գործող կրթական հաստատութիւնները, բացուեցին նորերը։ Սահմանուեց Մուշի ազգային դպրոցների ընդհանուր տեսչութեան պաշտօն, որը 1909-1911 թթ. վարում էր Հ.Յ.Դաշնակցութիւն կուսակցութեան կարկառուն գործիչներից մէկը` Սիմոն Զավարեանը [12]։

Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Մուշում ընդլայնւում է նաև բողոքական կառոյցների կրթական գործունէութիւնը։ Գերմանացի միսիոնարների ֆինանսաւորմամբ Մուշում կառուցւում է որբանոց, որը բացւում է 1913 թ. ծննդեան տօներից առաջ: Շէնքային նոր պայմաններն ամենօրեայ դպրոցական կրթութեան հնարաւորութիւն են ընձեռում նաև տղաների համար: Սկսում է գործել մէկական տարրական դպրոց տղաների և աղջիկների համար` 198 երեխայով (60 տղայ և 53 աղջիկ` որբանոցից, ու ևս 95-ը` քաղաքից): Այնտեղ աշխատում էր 7 ուսուցիչ, իսկ 4-րդ դասարանից գերմաներէն էր դասավանդւում [13]:

Միացեալ Ընկերութեան կողմէ հովանաւորուող Մուշի Ազգային կեդրոնական վարժարանին (ծանօթ նաեւ Ներսէսեան վարժարան անունով) աշակերտները (Աղբիւր՝ «Արաքս» պատկերազարդ հանդէս, Յունիս 1889, 2-րդ տարի, Գիրք Ա., Ս. Պետերբուրգ)

Մշոյ Ազգային կենտրոնական վարժարան (Ներսէսեան վարժարան)

Մշոյ Ազգային կենտրոնական վարժարանը (Պոլսի Հայոց պատրիարք Ներսէս Վարժապետեանի անունով յայտնի է նաև որպէս Ներսէսեան վարժարան) ժամանակի արևմտահայ լաւագույն դպրոցներից մէկն էր և ունէր որակեալ մանկավարժական կազմ։ Այն հիմնադրուել էր 1878 թուականի աշնանը` Միացեալ ընկերութեան [14] կողմից։ Վարժարանի տեսուչի պաշտօնը 1879-1884 թթ. զբաղեցնում էր նշանաւոր մտաւորական Մկրտիչ Սարեանը, որի օրօք այն ապրեց իր ամենաբեղուն ծաղկման շրջանը։

Վարժարանը գործում էր Մուշ քաղաքի Ձորի թաղի նորակառոյց երկյարկանի շէնքում` ընդարձակ և լուսաւոր սենեակներով և իր ժամանակի համար արդիական բոլոր յարմարութիւններով [15]։ Ուսուցչական կազմը ձևաւորուել էր Պոլսի ուսումնական հաստատութիւնների և Խարբերդի Եփրատ քոլէջի շրջանաւարտներից [16]։ Վարժարանի լաւագոյն ուսուցիչներից էր Համբարձում Պէրպէրեանը, որը յետագայում փոխարինեց Մկրտիչ Սարեանին տեսուչի պաշտօնում [17]։ Օրական դասերի տևողութիւնը 6 ժամ էր։ Ուսուցումն իրականացւում էր Միացեալ ընկերութեան կողմից մատակարարուող նոր տիպի դասագրքերով։

Կենտրոնական վարժարանի գործունէութեան ամբողջ ծախսերը հոգում էր Միացեալ ընկերութիւնը` որոշ օժանդակութիւն ստանալով Պոլսում պանդուխտ տարօնացիներից, որոնք կազմել էին Միացեալ ընկերութեան` Տարօնի լուսաւորութեան նպատակը հետապնդող մասնաճիւղ [18]։

Կենտրոնական վարժարան էին ընդունւում ոչ միայն Մուշ քաղաքի ու Մուշի շրջակայ գիւղերի, այլ նաև Սասունի, Խնուսի և այլ շրջաններից աշակերտներ։ Վարժարանի գործունէութեան առաջին տարում հաստատութիւն ընդունուեցին շուրջ 80 երեխայ [19], յետագայ տարիներին աշակերտների թիւը հասաւ 150-ի [20]։ Առաջին` թուով 11 շրջանաւարտներ, վարժարանը տուեց 1883 թուականին, 1884 թ. շրջանաւարտների թիւը 15 էր։ Աւարտելուց անմիջապէս յետոյ վարժարանի շատ ուսանողներ իրենց հերթին մեկնեցին Մուշ գաւառի տարբեր բնակավայրեր` դրանցում հետզհետէ բացուող դպրոցների մէջ դասաւանդելու համար [21]։

Մշոյ ազգային կենտրոնական վարժարանում ուսանած յայտնի հայ գործիչներից էին ազգագրագէտ, բանահաւաք–բանասէր, մանկավարժ, հասարակական գործիչ Սահակ Մովսիսեանը (Բենսէ) [22], հայդուկապետ, ռազմական տեսաբան, հայ ֆիդայական շարժման ղեկավարներից Հրայր Դժոխքը, ֆիդայի Հակոբ Կոտոյեանը, գրող, գաւառական գրականութեան ներկայացուցիչներից, լրագրող և քաղաքական գործիչ Գեղամ Տէր-Կարապետեանը (Մշոյ Գեղամ), հայ հրապարակախօս, խմբագիր, արձակագիր, թարգմանիչ Գալուստ Անդրէասեանը, մանկավարժ և հոգևորական Անդրանիկ Սայեանը (Տէր Օշական քահանայ Սայեան) և այլօք [23]:

Կենտրոնական վարժարանի գործունէութեան ամենաբեղուն ժամանակաշրջանն էր 1880-1884 թուականները: Կրթարանի հեղինակութեան բարձրացմանը զուգահեռ հետզհետէ սաստկանում էին նրա նկատմամբ օսմանեան իշխանութիւնների ճնշումները։ Ոչ միանշանակ էին դիտարկւում վարժարանում անցկացուող մարմնամարզի դասերը. մասնաւորապէս դրանց ընթացքում հասարակ համաչափ քայլքը, վարժութիւնները, «Ո՞րն է աշխարհ Հայաստան» քայլերգի տակ արշաւի գնալը մահմեդական ազգաբնակչութեան կողմից ընկալւում էին որպէս հայերի` զինուորական պատրաստութեան փորձ [24]։ Դէպքերին ականատես, ինքը` Կենտրոնական վարժարանի շրջանաւարտ Սարգիս Բդէեանը նշում է, որ Մուշում եւրոպական կրթական վերջին չափանիշներով գործող վարժարանի գոյութիւնը հարուցում էր նաև տեղի մահմեդական ազգաբնակչութեան նախանձը. «Թուրքերը, մէկ–երկու մէտրէսէներէ զատ, (…) ուրիշ դպրոց չունէին և ջանք ալ չէին թափեր դպրոցներ բանալու» [25]։ Դժգոհութիւն էր հարուցում յատկապէս վարժարանի տեսուչ` Մկրտիչ Սարեանի գործունէութիւնը, որն առանձնանում էր իր հայրենասիրական բնոյթով։ 1884 թ–ին վերջին տեսուչը ձերբակալւում է իբրև «խռովարար»։ Ազատ արձակուելուց յետոյ նա ստիպուած է լինում հրաժարական տալ իր պաշտօնից և ընդհանրապէս հեռանալ Մուշից [26]։ 1885-ին տեսուչի պաշտօնը վարում է Յովհաննէս Պէրպէրեանը, որը սակայն ևս ստիպուած է լինում հրաժարուել պաշտօնից և հեռանալ Պոլիս։ Ինչպէս նշում է իր յուշերում դէպքերին ականատես Սարգիս Բդէեանը. «Անկէ յետոյ... նոր դէմքեր եկան, բայց այլեւս չկրցան երկար մնալ ու դպրոցին դիրքը բարձր պահել» [27]։

1895–ին` Համիդեան կոտորածների և «զուլումի» տարում, Միացեալ ընկերութիւնը ստիպուած է լինում դադարեցնել իր գործունէութիւնը։ Փակւում են նրա կողմից հիմնադրուած և ֆինանսաւորուող բոլոր կրթական հաստատութիւնները, այդ թւում` նաև Մուշի կենտրոնական վարժարանը [28]։

Մուշի կրթական կեանքի վերազարթօնքը տեղի է ունենում 1908 թ. երիտթուրքական յեղաշրջումից և սահմանադրական կարգերի վերահաստատումից յետոյ։ Իր գործունէութիւնը վերսկսած Միացեալ ընկերութիւնը 1909 թ. յունուարի 1-ին վերաբացում է Մշոյ կենտրոնական վարժարանը [29]։ 1909-10 ուսումնական տարում վարժարանն ունենում է 165 աշակերտ (7 ուսուցիչներ), իսկ 1910-11–ին` 122 աշակերտ (8 ուսուցիչներ) [30]։ Կենտրոնական վարժարանը շարունակում է գործել մինչև 1915 թուականը։

Միացեալ Ընկերութեան կողմէ հովանաւորուող Մուշի Ազգային կեդրոնական վարժարանին (ծանօթ նաեւ Ներսէսեան վարժարան անունով) աշակերտուհիները (Աղբիւր՝ «Արաքս» պատկերազարդ հանդէս, Յունիս 1889, 2-րդ տարի, Գիրք Ա., Ս. Պետերբուրգ)

Մուրատ–Մխիթարեան վարժարան

Ուղունք գիւղ (Մշոյ դաշտ). Ս. Սարգիս եկեղեցին եւ նոյնանուն վարժարանը, հիմնուած Մխիթարեան միաբանութեան կողմէ։ Դպրոցն ու եկեղեցին կառուցուած են 1902 թուականին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

Մուշ քաղաքի և շրջանի առաւել յայտնի կրթական հաստատութիւններից էր Մուրատ–Մխիթարեան վարժարանը, որը գործում էր Մուշի Ս. Մարինեի թաղում գտնվող կաթոլիկ հայերի առաջնորդարանին կից շենքում [31]։ Սկզբնապես այն նախակրթարան էր և լոկ տարրական գիտելիքներ էր մատուցում իր սաներին։ Սակայն 1890-ական թթ. երկրորդ կեսին Մշո կաթոլիկ համայնքի առաջնորդ գերապայծառ Ներսես Ճնդոյանի ջանքերով Վենետիկի Մխիթարեանները, հատկացնելով համապատասխան գումարներ Մուրատ–Մխիթարեան կտակից, բարձրացնում են նախակրթարանը վարժարանի (միջնակարգ դպրոցի) աստիճանի։

Յայտնի մտաւորական Կարօ Սասունին, ով ինքը Մուրատ–Մխիթարեան վարժարանի շրջանաւարտ էր, ընգծելով Մուշի կրթական կեանքում այդ դպրոցի հետզհետէ աճող դերը, արձանագրում է. «Տարուէ տարի աշակերտներու թիւը բազմապատկուեցաւ և վարժարանը դարձաւ ուշագրաւ կրթական հաստատութիւն մը» [32]։ Այսպէս, վարժարանն իր գործունէութեան առաջին տարում` 1899 թ., ունէր 80 աշակերտ, 1901-02 ուսումնական տարում` 120 աշակերտ [33], իսկ 1912-1913 թթ. ուսումնական տարում` 200 աշակերտ [34]։

Դպրոցում դասաւանդւում էին հայերէն, թուրքերէն և ֆրանսերէն լեզուներ, քրիստոնէական վարդապետութիւն, մատենագրութիւն, աշխարհագրութիւն, բնագիտութիւն, թուաբանութիւն, ընդհանուր պատմութիւն, գծագրութիւն և այլ առարկաներ [35]։

Վարժարանի ուսուցչական կազմում ընդգրկուած էին Մխիթարեան միաբանութեան անդամներ և հրավիրեալ այլ մանկավարժներ` Գալուստ Անդրէասեան (վարժարանի տեսուչ), Հայր Անանիա Գոնտագճեան, Հայր Անտոն Ճնտոյեան, Գեղամ Տէր–Կարապետեան, Պետրոս Մանասեան, Հղլաթ էֆենդի, Մուշեղ Նալբանդեան և այլօք [36]։

Բացի Մուրատ–Մխիթարեան վարժարանից, Մեծ եղեռնի նախօրեակին Մխիթարեանների դպրոցներ էին գործում Մշոյ դաշտի Նորշէն (93 աշակերտ), Առինջ (40 աշակերտ) և Ողունք (60 աշակերտ) գիւղերում [37]։

Առինջ գիւղ (Մշոյ դաշտ). Սուրբ Վերափոխում եկեղեցին եւ Ներսէսեան վարժարանը։ Երկուքն ալ հիմնուած են Մխիթարեան միաբանութեան կողմէ 1900 թուականին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

Նորշէն (ներկայիս Սունկու) գիւղ (Մշոյ դաշտ). Մխիթարեան միաբանութեան կողմէ հիմնուած վարժարանը (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

Ազգանուէր Հայուհեաց ընկերութեան վարժարանը Մուշում

1875-ին Պոլսի մի խումբ ուսեալ կանայք հիմնում են «Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւն»–ը, որը արևմտահայ իրականութեան մեջ կանանց կրթասիրական–բարեգործական ընկերութիւնների շարքում առաջին անդրանիկ կառոյցն էր։ Ընկերութեան նպատակն էր Օսմանեան կայսրութեան հայաբնակ  գաւառներում նպաստել հայ աղջիկների դաստիարակութեան և կրթութեան գործին` գաւառական կրթական հաստատութիւններ հիմնելու և դրանց շարունակական գործունէութիւնն ապահովելու միջոցով [38]։

Հայուհեաց ընկերութեան գործունէութեան ոլորտում ընդգրկուեց և Մուշ քաղաքը, որտեղ ընկերութիւնը աղջկանց վարժարան բացեց 1882 թ–ին [39]։ Վարժարանի շէնքը գտնւում էր Սուրբ Մարինէ թաղում [40]։ Վարժարանի առաջին տեսուչն էր օրիորդ Ակուլինէն. ուսուցչական կազմն ընդգրկում էր Պոլսից ժամանած վարժուհիներ, ինչպէս նաև Մուշի կենտրոնական վարժարանի որոշ ուսուցիչներ [41]։ Աղջկանց վարժարանի լիարժէք գործունէութեան առաջին տարում (1883 թ.) այնտեղ ուսանում էր շուրջ 150 աղջիկ։ Ուսման տևողութիւնը չորս տարի էր [42]։

1895-1896 թթ. համիդեան ջարդերից յետոյ շատ դպրոցների ու մշակութային, կրթասիրական ընկերութիւնների հետ իր գործունէութիւնը դադարեցնում է նաև «Ազգանուէր Հայուհեացը»։ Այն 12 տարուայ դադարից յետոյ նորից վերաբացւում է 1908 թուականին` երիտթուրքական յեղափոխութեան արդիւնքում Օսմանեան կայսրութեան հասարակական–քաղաքական կեանքի յարաբերական ազատականացումից յետոյ [43]։ Ի թիւս Հայուհեաց ընկերութեան պատկանող եւ այլ վայրերի մէջ գտնուող այլ կրթական հաստատութիւնների` վերաբացւում է նաև Մուշի աղջկանց վարժարանը։ Այնտեղ ըստ 1910-1912 թթ. երկամեայ տեղեկագրի տուալների` սովորում էր 300–ից աւելի դեռատի աղջիկ [44]։ Վարժարանն ունէր մանկապարտէզ ու նախակրթարան` տարրական, միջին և բարձր դասընթացներով։ Ընկերութիւնը Մշոյ մէջ ընտրում է իր լիազօր ներկայացուցիչին` Տարօնի թեմի առաջնորդ Ներսէս եպիսկոպոս Խարախանեանին (1850-1915) [45]։ Վարժարանը ղեկավարում էր ուսուցչական մարմինը, որի կազմում ընդգրկուած էին աւագ ուսուցիչ Գէորգ Մարզպետունին, Հ. Համաճեանը և տիկին Վ. Միրիճանեանը [46]։

Մշոյ Սուրբ Կարապետ վանքին կից գործող դպրոց

Մշոյ Ս. Կարապետի վանքը (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Մշոյ Սուրբ Կարապետ վանքի վարժարանը հիմնադրւում է 1850 թ-ին Սուրբ Կարապետի վանահայր Զաքարիա վարդապետ Դավոյեանի ջանքերով։ Կառուցւում է վարժարանի առանձին շէնք վանքի հիւսիսային կողմը։ Յաջորդ վանահայր` Մամբրէ եպիսկոպոս Մամիկոնեանի կողմից ձեռնարկւում են վարժարանի նոր շէնքի կառուցման աշխատանքներ, որոնք աւարտւում են Վարդան վարդապետ Յակոբեանի վանահայրութեան օրօք։ Համիդեան կոտորածների արդիւնքում`1898 թ. դպրոցի կազմում բացւում է նաև որբանոց և աշակերտների թիւը բարձրանում է մինչև 50-ի։

1901-1902 ուսումնական տարում Սուրբ Կարապետի վանքին կից գործող որբանոց–դպրոցն ունէր 45 սան [47]։ Սակայն արդէն միւս տարում` 1903 թ., դպրոցը փակւում է` Պատրիարքարանի նպաստի դադարեցման պատճառով [48]։

Սուրբ Կարապետի դպրոցը վերաբացւում է 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ և շարունակում է գործել նախքան Մեծ եղեռնը։ 1913 թ. տուեալներով այն ունէր 71 աշակերտ [49]։

Մշոյ Ս. Կարապետի վանքը (Աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)

Մշոյ Առաքելոց վանքին կից վարժարան

Մշոյ Առաքելոց վանքին կից վարժարանը գոյութիւն է ունեցել 1850 թուականից առաջ, սակայն նիւթական միջոցների բացակայութեան պատճառով գտնուել է անմխիթար վիճակում։ 1856 թ. մշեցի մեծահարուստ Վարդան աղա Մամիկոնեանը, Առաքելոց վանք այցելութեան ժամանակ, միջոցներ է յատկացնում վանքին կից երկու սենեակներ վարժարանի պէտքերին` որպէս դասասենեակ և ննջարան, յարմարեցնելու համար։ Նա նաև Մուշում հիմնադրում է Թարգմանչաց ընկերութիւն, որի նպատակն էր գումարներ հաւաքել վարժարանի ծախքերը հոգալու նպատակով [50]։

1880-ին Պոլսոյ Արհեստասէր ընկերութիւնը [51] Առաքելոց վանքի մեջ բացում է երկրագործական վարժարան։ Սկզբնապէս այն նախատեսւում էր գործել 15 տարի ժամկէտով, սակայն վանահայրի ընդդիմութեան պատճառով այն շուտով փակւում է, իսկ աշակերտները` ցրւում [52]։

Ինչպէս և Սուրբ Կարապետ վանքում` Առաքելոց վանքում ևս Համիդեան կոտորածներից յետոյ` 1898 թ., որբանոց է բացւում` 3 ուսուցիչներով և 45 որբերով։ Բաբգէն ծայրագոյն վարդապետ Կիւլէսէրեանի առաջարկով որոշւում է որբանոցին կից ստեղծել արհեստանոց, որտեղ որբերին սովորացնելու էին կտաւագործութիւն և մանուսագործութիւն, սակայն ծրագիրը չի իրականանում։

1901-1902 ուսումնական տարում Սուրբ Առաքելոց վանքի որբանոց–դպրոցն ունէր 57 սան [53]։ 1903 թ. որբանոցը տեղափոխւում է Մուշ և վերածւում արհեստանոցի [54]։

1910 թ. տուեալներով Առաքելոց վանքի վարժարանում ուսանել է 25 աշակերտ [55]։

Մուշ, 1912. քաղաքէն տեսարան մը (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Մշոյ Սուրբ Յովհաննէս վանքին կից վարժարան

Մշոյ գաւառակի մէկ այլ նշանաւոր վանքի` Սուրբ Յովհաննէսի վարժարանը բացւում է 1858-ին` Տէր Առաքել ծայրագոյն վարդապետի ջանքերով, որը շրջակայ գիւղերից հաւաքում է մօտ 30-40 ուշիմ պատանիներ։ Վարժարանը գործում էր ընդմիջումներով։ Այսպէս, յայտնի է, որ այն վերաբացուել է 1886 թ.` ստանալով բարերար Սերովբէ էֆենդի Կիւլպենկեանի անունը [56]։

1910 թ. տուեալներով վանքում գործում էր վարժարան–որբանոց` մօտ 40 սաներով [57]։

Մշոյ դաշտի գիւղերում գործող դպրոցներ

1860-ական թուականներից սկսած տարրական դպրոցներ են բացում նաև Մշոյ դաշտի գիւղերում։ Դրանց գործունէութիւնը նախքան Մեծ եղեռնը ընկած ժամանակաշրջանում բնութագրւում է ոչ շարունակական ընթացքով. շատերը կարճ կեանք էին ունենում, պարբերաբար փակւում և վերաբացւում էին։

1863 թուականի տուեալներով Մշոյ դաշտի շուրջ 100 հայաբնակ բնակավայրերից տարրական դպրոցներ էին գործում միայն 4-ում (Զիարաթ, Օրան, Ցրոնց և Ջրիկ) [58]:

Մշոյ գաւառակի կրթական զարգացման բնագաւառում մեծ է Գարեգին Սրուանձտեանցի աւանդը։ Ականաւոր եկեղեցական գործիչը 1869-1872 թթ. վարում էր Մշոյ Սուրբ Կարապետ վանքի վանահօր փոխանորդի պաշտօնը, և նրա ջանքերով 1870-1872 թուականներին տարրական դպրոցներ են բացւում Մշոյ դաշտի 13 գիւղերում (տե՛ս Աղիւսակ 3): Սրուանձտեանցը դպրոցներ է բացել նաև Մշոյ գաւառի Վերին և Ներքին Բուլանըխներ, Մանազկերտի, Վարդոյի շրջաններում։ Տարոնի թեմում Սրվանձտյանցի կողմից բացված դպրոցներում սովորել է մոտավորապես 1000 աշակերտ [59]։

Աղիւսակ 3. Մուշի գաւառակի գիւղական դպրոցները 1870-1872 թթ. [60] (սեղմել աղիւսակին վրայ աւելի լաւ տեսնելու համար)

Սկզբնական շրջանում գիւղերում բացուած դպրոցներում ուսուցումը տեղի էր ունենում մասնաւոր տների ախոռներում և այլ կցակառոյցներում, 1880-ական թթ. սկսած հետզհետէ սկսեցին կառուցուել դպրոցական շէնքեր։ Դասաւանդումը որպէս կանոն իրականացւում էր գիւղի քահանայի կողմից։ Ուսուցումը սահմանափակւում էր կարդալ և գրել սովորեցնելով։ Քահանաներից յետոյ վարժապետներն էին, որ ամենից յարգելի ու պատկառելի էին բոլոր գիւղերի մէջ։ Ամեն տուն իր վարժապետին էր ընծայում իր լաւագոյնը` ընտիր կերակուր, նուէր և անսահման յարգանք [61]։

Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան և հայկական կրթական հաստատութիւնների նոր հաշուառում իրականացուեց 1902 թուականին Մաղաքիա Օրմանեան պատրիարքի օրօք։ Համաձայն հաւաքուած տուեալների` 1901-1902 թթ. ուսումնական տարում տարրական դպրոցներ էին գործում Մշո գաւառակի 17 գիւղերում։ Աշակերտների թիւը 652 էր, որից 557 տղայ և 95 աղջիկ։ Ուսումն իրականացւում էր մէկ, երբեմն` երկու, հազուագիւտ դէպքերում` երեք տարի (դպրոց ունեցող գիւղերի ցանկը և այլ տուեալներ տե՛ս Աղիւսակ 4)։

Աղիւսակ 4. Մշոյ դաշտի գիւղերի կրթական հաստատութիւնները 1901-1902 թթ.

Ինչպէս և Մուշ քաղաքի պարագայում` Մշոյ դաշտի գիւղերում ևս կրթական կեանքը զարգացում է ապրում 1908 թ. յետոյ։ Վերաբացւում են կրթական ընկերութիւնները (Միացեալ ընկերութիւն հայոց, Ազգանուէր հայուհեաց ընկերութիւն և այլն), որոնք որոշակի գործունէութիւն են ծաւալում նաև Մշոյ գաւառակի գիւղերում։ Այսպէս, համաձայն Միացեալ ընկերութեան հաշուետւութեան` 1909 թ. հոկտեմբերի 1-ին բացւում է կազմակերպութեան դպրոցը Մշոյ գաւառակի Վարդենիս գիւղում։ 1910-1911 ուսումնական տարում այնտեղ սովորում էր 122 երեխայ, ուսուցչական կազմի թիւն էր 4 (ուսուցիչներ` 3, տնտես` 1) [63]։

Աննախադէպ վերելք է ապրում նաև Մշոյ դաշտի տարբեր գիւղերում դպրոցների հիմնադրումը։ Համաձայն Հայոց պատրիարքարանի 1913–14 թթ. մարդահամարի տուեալների` տարրական դպրոցներ էին գործում Մշոյ դաշտի 79 հայաբնակ բնակավայրերում (բնակավայրերի ցուցակը և աշակերտների թիւը տե՛ս Աղիւսակ 5)։ Ուսուցման տևողութիւնը մէկից – երեք տարի էր։ Ուսուցիչ էր յաճախ հանդիսանում տեղի քահանան, երբեմն` Մուշի կենտրոնական վարժարանի շրջանաւարտ մտաւորականը։ Աշակերտներին մատուցւում էին տարրական գիտելիքներ, նրանք հիմնականում սովորում էին գրել և կարդալ։

Աղիւսակ 5. Մշոյ գաւառակի գիւղական դպրոցները 1913-1914 թթ. [64](սեղմել աղիւսակին վրայ աւելի լաւ տեսնելու համար)

Մուշի Ներսէսեան վարժարանի որբ աշակերտները, 1909-1910 տարեշրջան (Աղբիւր՝ Եռամեայ տեղեկագիր, 21 Օգոստոս 1908-31 Օգոստոս 1911, Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Կ. Պոլիս, տպ. Նշան Պապիկեան, 1911)

  • [1] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, Խմբ. Ա. Տարօնեցի, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, Հրատ. հայ ազգ. հիմանդրամ, 1962, էջ 84-90:
  • [2] Շողիկ Ոսկանեան, Ուրուագծեր արևմտահայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմութեան, Երևան, 2009, էջ 300։
  • [3] Նոյն տեղում, էջ 287։ Այսպէս, 1890 թ. Ազգային կենտրոնական վարչութեան ուսումնական խորհուրդը հաստատում է «Ներքին կանոնագիր ազգային վարժարանաց»` 39 յօդուածներից բաղկացած տիպային կանոնագիրը, որտեղ սահմանւում էին աշակերտների ընդունելութեան կարգը, աշակերտների պարտականութիւնները, ուսուցչական կազմին ներկայացուող պահանջները, վարձատրութեան չափը և կարգապահական պահանջները, քննութիւնների ու արձակուրդների ընդհանուր կարգը։
  • [4] Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, տպ. «Սեւան», 1956, էջ 270։
  • [5] Թադևոս Յակոբեան, Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, «Հայաստան», 1987, էջ 202։
  • [6] Ս.Մ. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 431։
  • [7] Կարօ Սասունի, նոյն, էջ 278:
  • [8] Նոյն։
  • [9] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ յուսումնական խորհրդոյ ազգային կենդրոնական վարչութեան։ Տետր Բ. Վիճակ 1901-1902 տարուոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1903, էջ 9։
  • [10] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, նոյն, էջ 11։
  • [11] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 9։
  • [12] Ծոցիկեան, նոյն, էջ 432։
  • [13] Տուեալները վերցուած են Հայկ Մարտիրոսեանի «Հայաստանի օգնութեան գերմանական միութեան Ֆրանկֆուրտի կոմիտէն և նրա գործունէութիւնն Օսմանեան կայսրութեան հայաշատ վայրերում 1896-1919 թթ.» ատենախօսական աշխատանքից (էջ 104)։
  • [14] Միացեալ ընկերութիւնը Պոլսում գործող հայկական «ազգօգուտ» հասարակական կազմակերպութիւնների` 1877-1878 թթ. ռուս–թուրքական պատերազմից անմիջապէս յետոյ միաուորուելու արդիւնքում ստեղծուած կառոյց էր, որն իր առջև նպատակ էր դնում Օսմանեան կայսրութեան մէջ հայերի կրթութեան զարգացումը։
  • [15] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, նոյն, էջ 16։
  • [16] Նոյն, էջ 17։
  • [17] Նոյն։
  • [18] Կարօ Սասունի, նոյն, էջ 273։
  • [19] Նոյն, էջ 274։
  • [20] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, նոյն, էջ 17։
  • [21] Նոյն։
  • [22] Կ. Վ. Մելիք-Փաշայան, «Սահակ Մովսիսյան (Բենսէ)», Պատմա-բանասիրական հանդէս, 1968, № 2, էջ 163։
  • [23] Կարօ Սասունի, նոյն, էջ 275։
  • [24] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, նոյն, էջ 18։
  • [25] Նոյն, էջ 19։
  • [26] Նոյն, էջ 32։
  • [27] Նոյն։
  • [28] Կարօ Սասունի, նոյն, էջ 276։
  • [29] Միացեալ ընկերութիւնք հայոց: Վարժարանք: Դպրոցական տարեշրջան 1910-1911, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1911, էջ 10։
  • [30] Շողիկ Ոսկանեան, նոյն, էջ 408։
  • [31] Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 3. Կ–Ն, Երևան, ԵՊՀ հրատ., 1991, էջ 893։
  • [32] Կարօ Սասունի, նոյն, էջ 280։
  • [33] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 9։
  • [34] «Բազմավէպ», 1936 թ. Օգոստոս–Սեպտեմբեր, թիւ 8-12, էջ 221։
  • [35] Նոյն։
  • [36] Կարօ Սասունի, նոյն, էջ 280։
  • [37] «Բազմավէպ»..., էջ 221-222։
  • [38] Շողիկ Ոսկանեան, նոյն, էջ 388։
  • [39] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, նոյն, էջ 20։
  • [40] Նոյն։
  • [41] Նոյն։
  • [42] Նոյն։
  • [43] Շողիկ Ոսկանեան, նոյն, էջ 388։
  • [44] Նոյն, էջ 390։
  • [45] Մահացել է բնական մահով բծաւոր ժանտախտից Մեծ եղեռնի նախօրեակին` 1915թ. ապրիլի 12–ին, Մուշում։ Նրա թաղումը Մշոյ հայութեան վերջին հանրային միջոցառումը կարելի է համարել։
  • [46] Շողիկ Ոսկանեան, նոյն, էջ 388։
  • [47] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 9։
  • [48] Կարօ Սասունի, նոյն, էջ 269։
  • [49] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du Génocide, ARHIS, Paris, 1992, էջ 485։
  • [50] Նոյն։
  • [51] Պոլսում գործում էին թուով երեք Արհեստասէր ընկերութիւններ` Սամաթիա, Խասգիւղ և Օրթագիւղ թաղամասերում։ Մուշի մեջ երկրագործական վարժարանը բացուել էր Օրթագիւղի Արհեստասէր ընկերութեան ջանքերով։ Կառոյցը հիմնադրուել է 1877 թ. մայիսին և նպատակ էր հետապնդում Օսմանեան Հայաստանի գաւառներում օժանդակել արհեստների զարգացմանը (տե՛ս Եփրեմ Վ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, հ. Ա. Պոլսահայ մշակութային ընկերութիւնները, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1957, էջ 276-277)։
  • [52] Նոյն։
  • [53] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 9։
  • [54] Նոյն։
  • [55] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, նոյն, էջ 485։
  • [56] Կարօ Սասունի, նոյն, էջ 269։
  • [57] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, նոյն, էջ 485։
  • [58] Կարօ Սասունի, նոյն, էջ 270։
  • [59] Էմմա Կոստանդեան, Գարեգին Սրվանձտեանց, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ, Երևան, 2008, էջ 39։
  • [60] Նոյն։
  • [61] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, նոյն, էջ 14։
  • [62] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 9։
  • [63] Միացեալ ընկերութիւնք հայոց: Վարժարանք: Դպրոցական տարեշրջան 1910-1911..., էջ 10։
  • [64] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, նոյն, էջ 485-490։
  • [65] Կաթոլիկ դպրոց։
  • [66] Կաթոլիկ դպրոց։
  • [67] Կաթոլիկ դպրոց։