Մուշ – Կրօնական հաստատութիւններ

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 26/01/2017 (վերջին փոփոխութիւն՝ 26/01/2017)

Մուշի (Տարօնի) թեմի կազմաւորումն ու ընթացքն առ 1915 թուական

Տարօնի կամ Մշոյ թեմը հայ Առաքելական եկեղեցու հնագոյն եկեղեցական վիճակներից մէկն է։ Այն հաստատել է հայոց առաջին եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսաւորիչը, երբ նա Կեսարիայում ձեռնադրուելուց յետոյ Հայաստան է վերադարձել և ձեռնամուխ եղել եկեղեցու կազմակերպմանը։ Թեմը շարունակել իր գոյութիւնը մինչև 1915 թ. Մեծ եղեռնը։

Գրիգոր Լուսաւորիչը Հայաստանի զանազան նահանգների համար եպիսկոպոսներ ձեռնադրելիս «Տարօնի երկրի» առաջին եպիսկոպոս է դարձնում Աղբիոսին, ով կրթուած և զարգացած անձնաւորութիւն էր, հմուտ յունարէնին ու լատիներէնին, քաջածանօթ Սուրբ Գրքին։ [1] Աղբիոսը նաև նշանակւում է Գրիգոր Լուսաւորչի փոխանորդ։

Տարօնում և մասնաւորապէս գաւառի հոգևոր կենտրոն Աշտիշատում էր գտնւում Հայաստանի գլխաւոր եկեղեցին IV դարում, իսկ Տարօնը երկրի առաւել նշանաւոր և կարևոր թեմն էր։ [2] Աշտիշատի եկեղեցին կոչւում էր «մեծ», «առաջին» և «մայր»՝ Հայաստանի բոլոր եկեղեցիների, «գլխաւոր սեղան, աթոռ իշխանութեան հայրապետացն»։ Աշտիշատը, եկեղեցական կենտրոն լինելով, ժողովների գումարման գլխաւոր վայրն էր։ Հայ պատմիչները յիշատակում են Հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականութեան երեք խոշոր հաւաքների մասին, որոնք տեղի են ունեցել IV-V դարերի ընթացքում Տարօնի Աշտիշատի մայր եկեղեցում։ [3]

Եղիշէի և Ղազար Փարպեցու համաձայն` 451 թ. Աւարայրի կռիվների նախօրէին Հայաստանում կային առնվազն 18 հեղինակաւոր թեմեր իրենց առաջնորդներով, այդ թւում Տարօն–Տուրուբերանի թեմը, որի առաջնորդն էր Քասու եպիսկոպոսը։ [4]

Մշոյ Ս. Կարապետի վանքը (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

«Տարօնոյ և Մամիկոնէից» առաջնորդ Մերշապուհ եպիսկոպոսը մասնակցել է 506 թ. Դուին քաղաքում տեղի ունեցած եկեղեցական ժողովին։ Ժողովի որոշումների տակ նրա ստորագրութիւնը հերթականութեամբ երկրորդն է, անմիջապէս յաջորդում է Բաբգէն կաթողիկոսի ստորագրութեանը։ [5]

565 թ., Յովհաննէս Բ Գաբեղեան կաթողիկոսի ժամանակ, որպէս «Տարօնոյ և Մամիկոնէից» եպիսկոպոս յիշատակւում է ոմն Աբրահամը։ [6]

Պատմական աղբիւրներում 726 թ. Մանազկերտի ժողովին մասնակցած հոգևորականների թվում յիշատակւում է Տարօնի եպիսկոպոս Գրիգորը։ [7]

Տարօնի թեմի մասին յիշատակութիւն ենք գտնում 14–րդ դարում. 1307 Սսի և 1316 թ. Ադանայի եկեղեցական ժողովներին մասնակցած և դրա որոշումների տակ ստորագրած անձանց թւում առկայ է նաև Տարօնի եպիսկոպոս Յովհաննէսի անունը։

17-րդ դարի 70-ական թթ. դրութեամբ Հայոց եկեղեցու նուիրապետութեան և վարչական կառոյցի պատկերն է տալիս Ոսկան Երևանցին։ Ի թիւս այլ թեմերի նա յիշատակում է Տարօնի արքեպիսկոպոսական վիճակը, որն իր գլխաւոր վանքի անունով կոչւում է նաև Սուրբ Կարապետ։ Այդ ժամանակ Սուրբ Կարապետի կամ Տարօնի արքեպիսկոպոսական վիճակն իր ենթակայութեան տակ ունէր երկու եպիսկոպոսութիւն` Մշոյ Մատնավանքը և Բիթլիսը։ [8]

Հաւանաբար արդէն հաջորդ դարում, 18-րդ դարի առաջին կէսին` Յովհաննէս Կոլոտի (1715-1741) և Յակոբ Նալեանի (1741–48, 1762–64 թթ.) պատրիարքութեան ժամանակներից, Սուրբ Կարապետ վանքի վանահայր և Տարօնի արքեպիսկոպոսական վիճակի առաջնորդ նշանակելու իրաւունքը վերջնականապէս անցնում է Պոլսոյ հայոց պատրիարքարանին` նախկինում այն պատկանում էր Էջմիածնի, Սսի և Աղթամարի կաթողիկոսութիւններին։ [9]

Մեծ եղեռնի նախօրեակին Մուշի թեմի վարչական սահմաններն ընդգրկում են երկու գաւառներ` Մուշ (գաւառակներն էին` Մուշ, Մանազկերտ, Բուլանըխ, Վարդօ և Սասուն) և Գենջ (Գենջ, Ճապաղջուր և Խուլփ գաւառակներով): [10] Համաձայն Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի տուեալների` 1902 թ. դրութեամբ Մշոյ արքեպիսկոպոսական վիճակում կար 230 գործող եկեղեցի և վանք։ [11]

Խրիմեան Հայրիկի շրջանակուած պատկեր՝ պատրաստուած Գահիրէի մէջ 1894-ին։ Սոյն գործին առիթը 1892-ին Խրիմեանի Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրութիւնն է։ Պատկերին շուրջը կը կարդացուին Խրիմեանի մասին գովասանական գրութիւններ։ Ամբողջ գործին (շրջանակուած պատկեր եւ կողքի գրութիւններ) հեղինակն է Մանուկ Տէր Աբրահամեան (1845 Վան-1900 Գահիրէ) (Աղբիւր՝ Գեղամ Տէր Միքայէլեանի հաւաքածոյ, Երեւան)

Մկրտիչ Խրիմեանը` Տարօնի թեմի առաջնորդ

Մշոյ թեմի հոգևոր և կրթամշակութային կեանքի զարգացման համար կարևոր նշանակութիւն է ունենում 1862 թ. հուլիսին Մկրտիչ Խրիմեանի Մշոյ առաջնորդ և Սուրբ Կարապետ վանքի վանահայր նշանակուելը։ [12]

Առաջին գործը, որ ձեռնարկում է նորընտիր վանահայրը, տնտեսական խորհրդի կազմակերպումն էր, որով խիստ հսկողութիւն է սահմանւում վանքի հասոյթների վրայ, որպէսզի դրանք օգտագործուեն ազգօգուտ ձեռնարկումներում։ Խրիմեանը կազմում է նաև վանքի բարենորոգումների ծրագիր, իսկ Մուշում, ժողովրդի հաւանութեամբ, հաստատում Ազգային ժողով` բաղկացած 12 անդամից։ [13]

Խրիմեանը ծաւալում է եռանդուն գործունէութիւն տարօնահայութեան վիճակը հարստահարութիւններից թեթևացնելու համար։ Այդ ուղղութեամբ Խրիմեանի ձեռնարկներից էին  1863 թ. Ազգային Սահմանադրութեան` գաւառում գործադրման ուղղուած ջանքերը, թեմական կեանքի բարեկարգութեան և բարենորոգման խոչընդոտների, քուրդ ցեղապետերի յարձակումների դէմ և այլ հարցերով բողոքագրեր հրապարակելը։ Խրիմեանի կազմակերպած բողոքագրերը նկատելի հետք են թողնում տարօնահայութեան ազգային գիտակցութեան զարգացման, նոր գաղափարների ձևաւորման վրայ։ [14]

Մկրտիչ Խրիմեանը Վարագավանքից Տարօն է տեղափոխում տպագրական մեքենան, և 1863 թ. ապրիլից Սուրբ Կարապետ վանքում սկսւում է հրատարակուել «Արծուիկ Տարօնոյ» երկշաբաթաթերթը (խմբագիր` Գարեգին Սրուանձտեանց)։ [15] Պարբերականի հրատարակումը որոշ ընդհատումներով տևում է մինչև 1865 թ. ամառ։ [16]

Խրիմեանը նաև փորձում է աւելի կամզակերպուած բնոյթ հաղորդել գիւղացիութեան ապօրինի հարկահանութեան դէմ պայքարին` այդ նպատակով յորդորելով իր առաջնորդութեան սահմաններում գտնուող գիւղապետերին միասնաբար հրաժարուել բնատուրքի` դրամով վճարելուց։ [17]

Գարեգին Սրուանձտեանց (1840 Վան-1892 Պոլիս) (Աղբիւր՝ ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարան, Փարիզ)

Տարօնում Խրիմեանի գործունէութիւնը, որն ուղղուած էր առաջնորդարանի հասոյթների կանոնակարգմանը և դրամը տարբեր ազգօգուտ ծրագրերի յատկացմանը, դժգոհութիւն է առաջացնում տեղացի հայ աշխարհիկ և հոգևոր վերնախաւի շրջանում, որոնք նախկինում առանց որևէ վերահսկողութեան տնօրինում էին այդ գումարները` օգտագործելով դրանք ըստ սեփական հայեցողութեան։ Խրիմեանի դէմ կազմակերպւում են մահափորձեր, Պատրիարքարան, տեղական և կենտրոնական օսմանեան իշխանութիւններին են յղվում թեմական առաջնորդին ամբաստանող գրութիւններ։ Իր դէմ եղած ոտնձգութիւնները հարթելու նպատակով 1863 թ. հուլիսին Խրիմեանը ստիպուած մեկնում է Պոլիս` իր դատը յանձնելով Պատրիարքարանի քննութեանը։ Պոլսոյ Քաղաքական և Կրօնական ժողովները, Խրիմեանի դէմ լարուած ամբաստանութիւնները քննելով, նրան անպարտ են ճանաչում։ [18] Պատրիարքարանը նաև չի ընդունում Խրիմեանի հրաժարականը։

Վերադառնալով Տարօն` Մկրտիչ Խրիմեանը վերսկսում իր ազգային–լուսաւորչական աշխատանքը։ Մեծ գործ է տարւում Տարօնի առաջնորդութեան մեջ գտնուող գիւղերում, ապա նաև վանքերում վարժարաններ բացելու ուղղութեամբ։ Տարօնում կազմակերպւում են բազմաթիւ կրթական ընկերութիւններ` Մուշեղեան, Խորէնեան, Ներսիսեան, Բարեսիրաց, Թարգմանչաց և այլն։ [19]

Մուշի Սուրբ Կարապետ վանքին մէջ հրատարակուող «Արծուիկ Տարօնոյ» երկշաբաթաթերթը

Սակայն վանքի միաբանութեան անդամները շարունակում են ընդդիմանալ Մկրտիչ Խրիմեանի գործունէութեանը։ 1865 թ. ամռանը նրանց յաջողւում է զէնքի ուժով դուրս հանել Խրիմեանին վանքից։ Խրիմեանի հօրեղբօրորդի Խորէն Խրիմեանը այսպէս է նկարագրում իրադրութիւնը. «Պուլանըխի, Խնուսի և Մշոյ դաշտի ժողովուրդը հաւաքուեցին և բանակ կազմելով ուզեցին Խրիմեանին առաջնորդել վանքը։ Բայց վանքի մեծ ագարակին մէջ պաշարուեցան զինուած քրդերէն և դաս մը հայերէն, որոնք ղրկուած էին հոգևորականութեան կողմէն արգիլելու համար Հայրիկին վանք մտնելը»։ [20]

Մկրտիչ Խրիմեանը նորից մեկնում է Պոլիս։ Նա հրաժարական է ներկայացնում մինչև իր և միաբանութեան միջև վէճի քննումը։ Սուրբ Կարապետի վանք իբրև քննիչ լայն լիազօրութիւններով ուղարկւում է Կարնոյ հոգևոր առաջնորդ Յարութիւն Վեհապետեանը։ Քննութեան արդիւնքները յօգուտ Խրիմեանի են լինում։ Պատրիարքարանի հրահանգով խռովարար վանականներից վեց հոգի աքսորւում են Երուսաղէմ։ [21]

Դրա հետ մէկտեղ Պատրիարքարանը չի վերահաստատում Խրիմեանին Մշոյ թեմի առաջնորդի պաշտօնում։ Որոշում է կայացւում Ս. Կարապետ վանքի վանահայրութիւնը բաժանել Տարօնի թեմի առաջնորդութեան պաշտօնից և Խրիմեանին թողնել որպէս Սուրբ Կարապետի և Վանի Վարագայ վանքերի վանահայր, իսկ Մշոյ թեմի առաջնորդութիւնը յանձնել Երեմիա ծայրագոյն վարդապետ Տևկանցին։ [22] Նշենք, որ Մշոյ թեմի առաջնորդութեան և Սուրբ Կարապետ վանքի վանահօր պաշտօնների բաժանումը տևում է մինչև 1888 թ. դեկտեմբեր, երբ երկու պաշտօնները նորից համատեղւում են դրանցում սկզբից Գարեգին Սրուանձտեանցի, իսկ նոյն թուականի դեկտեմբերին` Ներսէս Խարախանեանի նշանակումներով։ [23]

Սուրբ Կարապետի վանքէն համայնապատկեր (Աղբիւր՝ Р.Бекгулянц, По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г.)

Զրկուելով Տարօնի առաջնորդութիւնից` Խրիմեանն այլևս չի վերադառնում Սուրբ Կարապետի վանք` որպէս իր փոխանորդ այնտեղ թողնելով Գարեգին Սրուանձտեանցին։ [24]

Էմմա Կոստանդեանը, հանրագումարի բերելով Մկրտիչ Խրիմեանի գործունէութիւնը Տարօնում, գրում է. «Բարոյական չափանիշներով արդիւնաւէտ եղաւ Խրիմեանի Տարօնեան գործունէութիւնը։ Ժողովրդի ամենամեծ գնահատականին նա արժանացաւ Տարօնում` Հայրիկ պատուանունին։ Վասպուրականեան և Տարօնեան շրջանի նրա գործունէութեան իւրատեսակ գնահատականն էր Կ. Պոլսի պատրիարքի բարձր պաշտօնում ընտրուելը»։ [25]

Բաբգէն ծայրագույն վարդապետ Կիւլէսէրեան, որ եղած է Մշոյ թեմի Առաջնորդ, իսկ յետագային՝ Աթոռակից Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ (Աղբիւր՝ Գէորգ Սարաֆեան, Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր, Լոս Անճելըս, 1953)

Տարօնի թեմի առաջնորդները Մկրտիչ Խրիմեանից յետոյ

Ինչպէս արդէն նշեցինք, 1864 թուականին Տարօնի կամ Մշոյ թեմի առաջնորդութիւնը բաժանւում է Սուրբ Կարապետի վանահայրութիւնից։ Մինչև 1869 թուականը Տարօնի թեմի առաջնորդի պաշտօնը զբաղեցնում է համատեղութեան կարգով Բաղէշի (Բիթլիս) թեմի առաջնորդ Երեմիա եպիսկոպոսը։ Նրան յաջորդում է Գրիգորիս վարդապետ Աղուանեանը։ [26]

1876 թ. Մշոյ գաւառական ժողովը թեմի առաջնորդ է ընտրում Գրիգորիս ծերունազարդ վարդապետ Ալէաթճեանին, որի պաշտօնավարումը համընկնում է Հայկական հարցի սկզբնաւորման առաջին շրջանի հետ։ Սարգիս Բդէեանն իր յուշերում նշում է, որ Ալէաթճեանը բաւականին ազդեցիկ էր կառավարական շրջանակներում. «Իր բողոքները լսելի կ՛ըլլային այն ատենները, բայց պարագաներու փոփոխմամբ, այն ճեղքը, որ հետզհետէ կը բացուէր հայ ազգին ու թուրք կառավարութեան միջեւ, անոր ազդեցութիւնն ալ չքացնելու վրայ էր եւ մինչեւ անգամ պատճառ դարձած էր որ հրաժարուելով` Պոլիս քաշուի»։ [27]

Ալէաթճեանի նկատմամբ օսմանեան իշխանութիւնների զայրոյթը գուցէ հարուցել է առաջնորդի գործունէութեան հետևյալ դրուագը։ Ինչպէս յայտնի է, Հայկական հարցի` միջազգային դիւանագիտութեան օրակարգ մտնելուց յետոյ, Սուլթան Աբդուլ Համիդը ամէն կերպ փորձում էր կայսրութեան արեւելեան գաւառների հայ բնակչութիւնը որպէս փոքրամասնութիւն ներկայացնել մահմեդականների համեմատ։  Ահա, երբ 1880 թ. օսմանեան կառավարութիւնը պատրաստւում էր նոր նահանգ կազմաւորել Վանի և Էրզրումի վիլայէթների միջև (ապագա Բիթլիսի վիլայէթը), Մուշի տեղական ողջ վերնախաւը, իշխանութեան բոլոր ճիւղերի ղեկավարները հետևեալ բովանդակութեամբ հեռագիր են ուղարկում Բարձր Դուռ. «Մուշ, որ իր քաղաքով ու դաշտով կը պարունակէ աւելի քան 100,000 հայ եւ 30,000 իսլամ, աւելի իրաւունք ունի կուսակալութեան կենտրոնանիստ ըլլալու, քան Պիթլիս` որ անկէ շատ նուազ բնակչութիւն ունի»: Մշոյ առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Ալէաթճեանը այդ հեռագրի պատճէնն ուղարկում է պատրիարք Ներսէս Վարժապետեանին, որը այն և ներկայացնում է մեծ տերութիւնների դեսպաններին՝ նշելով, որ «...ահա նոյնիսկ կառավարութեան պաշտօնէից ու իսլամ երեւելիներուն ստորագրութեամբ կը հաստատուի հայոց ջախջախիչ մեծամասնութիւնը Մշոյ շրջակայքին մէջ»: Զայրացած Աբդուլ Համիդ II-ը անմիջապէս պաշտոօնանկ է անում հեռագիրը ստորագրած կառավարման մարմինների բոլոր անդամներին, որոնց մեղքն այն էր  միայն, որ նրանք համարձակուել էին քօղազերծել ճշմարտութիւնը: [28]

Գրիգորիս վարդապետ Ալէաթճեան (Աղբիւր՝ Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, 1962)

Ալէաթճեանը Բարձր Դռան կողմից մայրաքաղաք է կանչւում 1880 թ.` իրեն փոխանորդ ընտրելով Մատնավանքի վանահայր Կարապետ վարդապետ Եսայեանին։ 1885 թ. օսմանեան իշխանութիւնները թոյլ են տալիս առաջնորդին վերադառնալ Պոլսից Մուշ։ [29] Ալէաթճեանի պաշտօնավարման երկրորդ շրջանի (1885-1886) ձեռնարկներից է առաջնորդարանի շէնքի նորոգութիւնը, որի նպատակով նա հանգանակութիւն է կազմակերպել և 6,000 ղուրուշ հավաքել։ [30]

1886 թ. թեմի առաջնորդ է նշանակւում Վահրամ եպիսկոպոս Մանկունին, որը սակայն հրաժարւում է ստանձնել պաշտօնը` իր տեղը զիջելով Ներսէս վարդապետ Խարախանեանին, ով և վարում է թեմի առաջնորդութիւնը, զուգորդելով այն Սուրբ Կարապետի վանահայրութեան հետ, ընդմիջումներով մինչև 1915 թուական։

Ներսէս Խարախանեանը (աշխարհիկ անունը՝ Հմայեակ) բնիկ մշեցի էր` ծնունդով Աւրան գիւղից (1850 թ.): Սովորել է Սուրբ Կարապետ վանքի ժառանգաւորաց վարժարանում: 1874 թ. ձեռնադրւում է կուսակրօն քահանայ, ապա ստանում ծայրագոյն վարդապետի աստիճան: 1880 թ. Խարախանեանը դառնում է Քղիի թեմի առաջնորդ` վարելով պպաշտօնը մինչև Մշոյ թեմի աջանորդութիւնը ստանձնելը:

Խարախանեանը կապուած էր հայութեան իրաւունքների համար պայքարող գործիչների (Արաբօ, Մարգար վարժապետ և ուրիշներ) հետ՝ օժանդակում էր նրանց գործունէութեանը: Դէպքերի ժամանակակից Սարգիս Բդէեանն իր յուշերում գրում է. «Սասունցին հոն եկող եւ յեղափոխութիւն քարոզող մարդիկ իր մէջ ընդունելու համար, Առաջնորդարանի կարծիքն ու համամտութիւնը կ՛ուզէր։ Եւ Առաջնորդին տուած հաւանութեան վրայ էր միայն որ կ՛ընդունէին կամ կը մերժուէին։ ...Խարախանեան ամէն կերպով սատարեց` իր անձն իսկ վտանգի տակ դնելով եւ ատոր համար ալ սիրուեցաւ իր ժողովուրդէն եւ յեղափոխական գործիչներեն»։ [31]

Պղնձեայ աման կամ փոքր ափսէ։ Տրամագիծ՝ 26.3 սմ (10.5 ինչ), եզր՝ 1 սմ (0.5 ինչ)։ Վրան արձանագրուած է թէ անիկա նուէր է Մուշի Սուրբ Կարապետ վանքին կատարուած Կարապետին կողմէ, որ որդին է Սուլէմազ օղլի մահտէսի Արութինին, 6 Մայիս 1775 (Աղբիւր՝ A Legacy of Armenian Treasures: Testimony to a People, Indiana University Press, Indiana, 2013)

Բդէեանը տալիս է նաև Խարախանեանի ընդհանուր բնութագիրը. «Խոհեմ, համեստ եկեղեցական մըն էր. [Խրիմեան] Հայրիկի, Սրուանձտեանցի ոգիով սնած եւ համակուած... Ալէաթճեանի հրաժարումէն յետոյ Մշոյ Առաջնորդութիւնն ընդունեց` շատ ծանր օրերու մէջ։ Եւ Մշոյ իր ժողովուրդին հետ ճենճերելով` մաշեցաւ մինչեւ իր վերջին օրերը»։ [32]

Խարախանեանի հայրենասիրական գործունէութիւնը չի վրիպում օսմանեան իշխանութիւնների ուշադրութիւնից. 1893 թ. նա ձերբակալւում է և տեղափոխւում Բիլթլիսի բանտ, որտեղ անազատութեան մէջ է պահւում մօտ երկուսուկէս տարի: [33] 1895 թ. Պոլսոյ պատրիարք Մատթէոս Իզմիրլեանին յաջողւում է ազատել Խարախանեանին բանիտց և տեղափոխել Պոլիս։ Յաջորդ` 1896 թ., Սուլթան Աբդուլ Համիդը պաշտօնանկ է անում Իզմիրլեանին և Խարախանեանի հետ միասին աքսորում Երուսաղէմ։

Խարախանեանի` Երուսաղէմ աքսորուելուց յետոյ Տարօնի առաջնորդական փոխանորդ է նշանակւում Վարդան վարդապետ Յակոբեանը` ծնունդով Սասունի Ահարոնք գիւղից, ով նաև համատեղութեան կարգով վարում էր Սուրբ Կարապետի փոխ-վանահօր պաշտօնը։ Նա հովւում է թեմը մինչև 1899 թուականը, երբ Պոլսոյ պատրիարքարանի Ազգային խառն ժողովը [34] նկատի ունենալով, որ Մշոյ առաջնորդութեան և վանքերի, ինչպէս նաև Գենճի վիճակի բոլոր գործերի հոգը ծանրացած են Վարդան վարդապետի վրայ և մէկ անձ չի կարող վարել այս ընդհանուր գործերը, Մշոյ վիճակի առաջնորդական տեղապահ է կարգում Բաբգէն ծայրագույն վարդապետ Կիւլէսէրեանին, որ դրանից առաջ կառավարում էր Ճանիկի թեմը։ [35] Վարդան վարդապետը շարունակում է վարել Սուրբ Կարապետի վանահայրի տեղապահի պաշտօնը։ [36]

Մուշի Սուրբ Կարապետ վանքին մէջ հրատարակուող «Արծուիկ Տարօնոյ» երկշաբաթաթերթը

Որպէս Մշոյ առաջնորդական տեղապահ պաշտօնավարելու կարճ ժամանակաշրջանում (1898-1900 թթ.) [37] Բաբգէն Կիւլէսէրեանը գաւառի կրթական կեանքի զարգացմանն ուղղուած աշխատանքներ է իրականացնում։ Նրա օրօք մասնաւորապէս բացւում են Մուշ քաղաքում աղջիկների համար նախատեսուած որբանոցը (ռուսահայ բարերար Ջանշեանցի դրամական օժանդակութեամբ) և Գենջի գաւառակի Արշէն գիւղի դպրոցը։ Սուրբ Յովհաննէսի վանքի վարժարանը վերածւում է որբանոցի` 36 աշակերտով։ Քանի որ Մշոյ դաշտի դպրոցները դասագրքերի կարիք ունէին, թեմի առաջնորդը դիմում է Պատրիարքարան և ստանում մօտաւորապէս 1000 կտոր գիրք։ [38]

Սակայն Բաբգէն Կիւլէսէրեանը չի կարողանում երկար յարմարուել գաւառի կլիմայական պայմաններին և հրաժարական է ներկայացնում` տեղափոխուելով Պոլիս։ Թեմի առաջնորդի պաշտօնում նրան յաջորդում է Խոսրով ծայրագոյն վարդապետ Պեհրիկեանը, ով շարունակում է յետամուտ լինել Մշոյ դաշտի հայկական գիւղերի մէջ նոր դպրոցների բացմանը։ [39]

1908 թ. երիտթուրքական յեղաշրջումի յաղթանակից յետոյ Խարախանեանին թոյլ է տրւում վերադառնալ Մուշ, որտեղ նա վերահաստատւում է թեմի առաջնորդի և Սուրբ Կարապետ վանքի վանահօր պպաշտօններում։ Յաջորդ տարի Խարախանեանը մեկնում է Էջմիածին, որտեղ կաթողիկոս ընտրուած Մատթէոս Իզմիրլեանը նրան եպիսկոպոսական աստիճան է շնորհում: Խարախանեանը մահանում է տիֆից Մեծ եղեռնի նախօրեակին` 1915 թ. ապրիլի 10-ին` իր ցանկութեան համաձայն թաղուելով Սուրբ Կարապետի վանքում։ [40]

Միսակ Բդէեանն իր յուշերում, հետևյալ կերպ է ներկայացնում տարօնահայութեան զգացմունքները թեմի վերջին առաջնորդի մահուան կապակցութեամբ. «Անշուշտ, իր ժողովուրդէն սիրուած այդ պատկառելի եկեղեցականին եւ մեծ հայրենասէրին կորուստը, այդ սարսափելի օրերուն, խոր յուսահատութիւն պատճառեց բոլորիս. սգացինք եւ ողբացինք անժամանակ մեկնումը այդ քաջ հովիւին, որ գիտցաւ իր կեանքը զոհել իր հօտին համար, մինչեւ վերջին վայրկեանը։ Ողբացինք իր անժամանակ կորուստը, բայց Մեծ Եղեռնէն ետքը` վերապրողներս այն մխիթրանքն ունեցանք թէ որքան բախտաւոր եղաւ ինք, որ չտեսաւ իր սիրելի ժողովուրդին ողջակիզումն ու բնաջնջումը...»։ [41]


Մուշի հայ կաթոլիկ համայնքը

Համաձայն Մաղաքիա Օրմանեանի տուեալների` 20-րդ դարի սկզբներին Մշոյ թեմի տարածքում բնակւում են մօտ 3,000 կաթոլիկ հայեր։ [42] Այս տուեալն ըստ էութեան վերցուած է օսմանեան պաշտօնական աղբիւրներից, քանի որ 1914 թ. վերաբերող օսմանեան կառավարութեան տուեալները տալիս են Մուշի գաւառակների հայ կաթոլիկ բնակչութեան թիւը 2,699։ [43] Կաթոլիկ եկեղեցուց ծագող աղբիւրները, մասնաւորապէս` «Կաթոլիկ հայրապետական տարեգիրքը», Մուշի հայ կաթոլիկ բնակչութեան համար աւելի բարձր թիւ են տալիս` մօտ 6,500։ [44]

Գաւառակի հայ կաթոլիկ բնակչութիւնը կենտրոնացած է Մուշ քաղաքում` մօտ 125  տուն, [45] այլ տուեալներով` 80 տուն, [46] 30-40 տուն [47] և Մուշին մօտակայ երեք գիւղերում` Առինջ (ըստ հայոց պատրիարքարանի 1913-14 թթ. մարդահամարի տուեալների` 120 տուն, 610 շունչ, [48] այլ տուեալներով` 150 տուն, 2,400-2,600 շունչ [49]), Օղունք (90 տուն, 620 շունչ, [50] այլ տուեալներով` 100-130 տուն, 1,500 շունչ [51]) և Նորշէն (400 տուն, 2,150 շունչ, [52] այլ տուեալներով` 400-450 տուն, 3,000-3,5000 շունչ [53])։

Մուշը համանուն կաթոլիկ թեմի կենտրոն առաջնորդանիստ քաղաքն է։ Թեմի կազմի մէջ մտնում են նաև Բիթլիսն ու Վանը (այնտեղ կային աննշան թիւով կաթոլիկ հայեր)։ [54] Մուշի կաթոլիկ թեմը առանձնացուել է Կարինի (Էրզրում) թեմից 1880 թ.։ Նոյն թուականին Մշոյ կաթոլիկ վիճակի եպիսկոպոս է ձեռնադրուել պոլսեցի Յարութիւն վարդապետ Ճամճեանը, որին 1887 թ. յաջորդել է Յովհաննէս վարդապետ Յովհաննիսեանը։ [55]

Մշոյ կաթոլիկ թեմի ծաղկումը կապուած է Ներսէս վարդապետ (հետագայում` եպիսկոպոս) Ճնտոյեանի գործունէութեան հետ, ով ընտրուել էր Մշոյ թեմի առաջնորդ 1892 թ, և պպաշտօնավարել մինչև մահը` 1909 թ.։ [56] Ժամանակակիցները բնութագրում են նրան որպէս «անբասիր եկեղեցական, գործունեայ և զարգացած»։ [57] Ճնտոյեանի ջանքերով Մուշ քաղաքում բացւում է Մուրատ–Մխիթարյան վարժարանը, վերանորոգւում և վերաբացւում են Մշոյ դաշտի կաթոլիկ երեք գյուղերի եկեղեցիները, դրանց կից ստեղծւում են կրթարաններ։ [58]

Ճնտոյեանի մահից յետոյ Մուշի կաթոլիկ թեմի առաջնորդ է ընտրւում Յակոբ եպիսկոպոս Թոփուզեանը: Ժամանակակիցներից մէկի յուշերում Մշոյ կաթոլիկ թեմի այս առաջնորդի մասին ասուած է հետևյալը. «աշխարհիս ամենապարզ մարդերէն մէկն էր, որուն միակ մտահոգութիւնն էր իր հօտին հոգեւորական խնամքը»։ [59] Թոփուզեանը պաշտօնավարում է մինչև Մեծ եղեռնը` նահատակուելով 1915 թուականին։ [60]

Մուշի հայ բողոքական համայնքը

Համաձայն Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեանի տուեալների` 20-րդ դարի սկզբներին Մշոյ թեմի տարածքում բնակւում են շուրջ 1,000 բողոքական հայեր։ [61] Ըստ 1914 թ. վերաբերող օսմանեան կառավարութեան պաշտօնական տուեալների Մշոյ գաւառակի մէջ բողոքականների (=բողոքական հայերի) թիւը 530 էր։ [62]

Բողոքականութիւնը մուտք է գործել Մուշ 19-րդ դարի կէսերին։ Մշոյ բողոքական եկեղեցին հիմնուել է 1855 թուականին։ Տաս տարի անց հայ բողոքականներ՝ Խոճախանեան գերադաստանի ներկայացուցիչները, Մուշի վերին թաղում ժողովարան և երկյարկանի երիցտուն են կառուցում։ [63] Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Մուշ քաղաքում կար 7 ընտանիք բողոքական հայ. հայ բողոքական համայնքի հովիւներն են վերապատուելի Գրիգոր Ստեփանեանը և պատուելի Միհրան Գաբրիէլեանը։ [64]

Բողոքական համայնքներ` եկեղեցու և դպրոցի շէնքերով, գործում են Մշոյ դաշտի հայաբնակ հետևյալ գյուղերում՝

Մուշ քաղաքի համայնապատկերը (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

  • Հաւատորիկ (1890-ական թթ. սկիզբ` 10 տուն, [65] հետագայում աւելի)։
  • Մոկունք (10 տուն բողոքական հայեր)։ [66]
  • Յունան (8-10 տուն բողոքական հայեր, [67] Մեծ եղեռնի նախօրեակին համայնքի հովիւն է պատուելի Աբգար Հլզատեանը) [68]
  • Դերգեվանք (20-րդ դարի սկզբին գիւղի բողոքական համայնքը կազմուած է եղել 5 [69], այլ տուեալներով` 10 [70] տուն հայերից, համայնքի հովիւն է պատուելի Սմբատ Խաչիկեանը) [71]։
  • [1] Ղազարեան, Ա. Ս., «Հայ եկեղեցու թեմական բաժանումը IV դարում», in Պատմա-բանասիրական հանդէս, 1996, № 1-2, էջ 193-195։
  • [2] Աշտիաշատը նախաքրիստոնէական ժամանակաշրջանում եղել է Հայաստանի հեթանոսական պաշտանմունքի գլխաւոր կենտրոններից մէկը։ Աւանում է գտնուել Աստղիկի, Անահիտի և Վահագնի մեհեաններն իրենց արձաններով։ Աշտիշատում էր գտնւում նաև հարուստ մեհենական մատենադարան։
  • [3] «Աշտիշատի եկեղեցական ժողովներ», in Քրիստոնեայ Հայաստան (հանրագիտարան), Երևան, Հայկական Հանրագիտարան հրատարակչութիւն, 2002, էջ 69-70։
  • [4] Պիոն Յակոբեան, Հայագիտական ուսումնասիրութիւններ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 2003, էջ 34։
  • [5] Նոյն, էջ 39։
  • [6] Նոյն, էջ 43։
  • [7] Նոյն, էջ 54։
  • [8] Նոյն, էջ 105։
  • [9] «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան..., էջ 505։
  • [10] «Բիթլիսի նահանգ» բառյօդուած, Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1,
  • Երևան, 1990, էջ 531-535։
  • [11] Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Հայոց եկեղեցին, Կ. Պոլիս, 1911, էջ 262։
  • [12] Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, տպ. «Սեւան», 1956, էջ 282։
  • [13] Էմմա Կոստանդեան, Մկրտիչ Խրիմեան։ Հասարակական–քաղաքական գործունէութիւնը, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ, 2000, էջ 112։
  • [14] Նոյն, էջ 119։
  • [15] Էմմա Կոստանդեան, Գարեգին Սրուանձտեանց, Երևան, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ, 2008, էջ 25։
  • [16] Կոստանդեան, Մկրտիչ Խրիմեան..., էջ 124։
  • [17] Նոյն։
  • [18] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 282:
  • [19] Կոստանդեան, Մկրտիչ Խրիմեան..., էջ 123։
  • [20] Նոյն, էջ 124։
  • [21] Նոյն, էջ 126։
  • [22] Նոյն։
  • [23] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 285։
  • [24] Նոյն։
  • [25] Կոստանդեան, Մկրտիչ Խրիմեան..., էջ 149։
  • [26] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 285։
  • [27] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, Հրատ. հայ ազգ. հիմանդրամ, 1962, էջ 31։
  • [28] «Ժամանակ», 1912,  № 1434:
  • [29] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 285։
  • [30] Նոյն։
  • [31] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 59։
  • [32] Նոյն։
  • [33] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Թեհրան, 2014, էջ 104:
  • [34] Ազգային խառն ժողովը 1863 թ. սահմանադրութեամբ նախատեսուած մարմին է, որը բաղկացած է Ազգային քաղաքական ժողովի և Ազգային կրօնական ժողովի անդամներից։
  • [35] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 285։ Բաբգէն Կիւլէսէրեանը հետագայում` 1928 թ., ընտրուել է Կիլիկիոյ Հայոց կաթողիկոսի աթոռակից` վարելով այդ պաշտօնը մինչև 1936 թ. իր մահը (Բիւզանդ Եղիայեան, Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան հայոց Կիլիկիոյ 1914-1972, Անթիլիաս, տպարան Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 1975, էջ 897)։
  • [36] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 106:
  • [37] Եղիայեան, Ժամանակակից պատմութիւն, էջ 312։
  • [38] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 286։
  • [39] Նոյն։
  • [40] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 335։
  • [41] Նոյն։
  • [42] Մաղաքիա արք. Օրմանեան, Հայոց եկեղեցին, էջ 262։
  • [43] Kemal H. Karpat, Ottoman Population 1830-1914: Demographic and Social Characteristics, Madison, Wisconsin, University of Wisconsin Press, 1985, էջ 174։
  • [44] Annuaire pontifical catholique, Paris, 1914, էջ 249։
  • [45] Տրապիզոնի թեմին վիճակաւոր Յովհաննէս արք. Նազլեանի յուշերը Մերձաւոր Արեւելքի 1914-1928 շրջանի քաղաքական-կրօնական դէպքերուն մասին, թարգմ.՝ Հմյկ. Ստեփանեան, Պէյրութ, տպ. Հայ Կաթողիկէ, 1960, էջ 149:
  • [46] «Մշոյ աշխարհ» in Լումայ, Թիֆլիս, 1897, Գիրք Ա, էջ 169։
  • [47] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 302։
  • [48] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du Génocide, Paris, ARHIS, 1992, էջ 487։
  • [49] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 309։
  • [50] Kévorkian, Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 487։
  • [51] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 311։
  • [52] Kévorkian, Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 487։
  • [53] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 311։
  • [54] Նոյն, էջ 302։
  • [55] Նոյն։
  • [56] Տրապիզոնի թեմին վիճակաւոր Յովհաննէս արք. Նազլեանի յուշերը..., էջ 147-148։
  • [57] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 303։
  • [58] Նոյն։
  • [59] Տրապիզոնի թեմին վիճակաւոր Յովհաննէս արք. Նազլեանի յուշերը..., էջ 149։
  • [60] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 107։
  • [61] Մաղաքիա արք. Օրմանեան, Հայոց եկեղեցին, էջ 262։
  • [62] Karpat, Ottoman Population 1830-1914, էջ 174։
  • [63] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 304։
  • [64] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 109։ Այլ տուեալներով բողոքական հայերի թիւը աւել է եղել։ Այսպէս, 1890–ական թթ. վերջերի համար նշւում է 10 տուն (Լումայ, Թիֆլիս, 1897, Գիրք Ա, էջ 169)։    
  • [65] Նոյն։
  • [66] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 314։
  • [67] Նոյն, էջ 306։
  • [68] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 118։
  • [69] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 304։
  • [70] Լումայ, էջ 169:
  • [71] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 120։