Մշոյ Առաքելոց վանքի դուռը (Աղբիւր՝ Առաքել Պատրիկ, «Մշոյ Առաքելոց վանքի դուռը», in Էջմիածին, Թ., 1952)

Մուշ - Եկեղեցիներ եւ վանքեր

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 19/12/2016 (վերջին փոփոխութիւն՝ 19/12/2016)

Մուշ քաղաքի եկեղեցիները

Մուշ քաղաքը Բիթլիսի նահանգի Մշոյ գաւառի կենտրոնն է ու Հայ Առաքելական եկեղեցու Մուշի (Տարօնի) թեմի առաջնորդի աթոռանիստը։

Մեծ Եղեռնի նախօրեակին, համաձայն Հայոց պատրիարքարանի 1913-14 թթ. մարդահամարի տուեալների` Մուշ քաղաքում բնակւում է 7,435 շունչ (1,146 տուն) հայ։ [1] Այլ աղբիւրների համաձայն քաղաքի հայ բնակչութեան թիւն աւել է` 12,000, [2] կամ 12,450 (1,376 տուն)։ [3]

20–րդ դարի սկզբին Մուշ քաղաքում գործում են հետևեալ եկեղեցիները` բաշխուած ըստ քաղաքի հայկական թաղերի`

Մուշ (Աղբիւր՝ Մաունթ Հոլեօք գոլէճի արխիւ եւ յատուկ հաւաքածոներ)

  • Սուրբ Յարութիւն (Վերին Թաղ` 495 տուն, 4,570 շունչ)։ [4] Կառուցման թուականն անյայտ է։ [5] Մեծ Եղեռնի նախօրեակին եկեղեցին սպասաւորում են Եղիշէ Աւագ քահանայյ Պարսամեանը, Ղևոնդ քահանայյ Տէր Ղևոնդեանը (սպաննուած Ցեղասպանութեան ժամանակ), Գալուստ քահանայյ Տէր–Գալստեանը (սպաննուած Ցեղասպանութեան ժամանակ)։ [6]
  • Սուրբ Մարինէ (Սուրբ Մարինէ թաղ` 374 տուն, 3,460 շունչ)։ [7] Կառուցման թուականն անյայտ է։ [8] Մեծ Եղեռնի նախօրեակին եկեղեցին սպասաւորում է Զաքարիա քահանայյ Տէր–Զաքարյանը։ [9]
  • Սուրբ Գէորգ (Սուրբ Մարինէ թաղ)։ Կառուցուել է 1830 թ. (հիջրայի 1246 թ.)։ [10] Մեծ Եղեռնի նախօրեակին եկեղեցին սպասաւորում է Ատոմ քահանայ Բարսեղեանը։ [11]
  • Սուրբ Աստուածածին եկեղեցի (յայտնի էր նաև Շէկ Աւետարան անունով) կից Սուրբ Մինաս մատուռով (Ձորի թաղ` 312 տուն, 2,750 շունչ)։ [12] Կառուցման թուականն անյայտ է։ [13] Մեծ եղեռնի նախօրեակին եկեղեցին սպասաւորում են Յովհաննէս քահանայյ Տէր–Աստուածատուրեանը, Սահակ քահանայյ Փոստոյեանը, Աւետիս քահանայյ Տէր–Աւետիսեանը։ [14]
  • Սուրբ Սարգիս (Բրուտի թաղ` 145 տուն, 1,330 շունչ)։ [15] Կառուցուել է 1136/37 թթ. (հիջրայի 531 թ.)։ [16] Մեծ Եղեռնի նախօրեակին եկեղեցին սպասաւորում է Եղիշէ քահանայյ Ալամշարեանը։ [17]
  • Սուրբ Կիրակոս (Ջիգրաշէնի թաղ` 50 տուն, 340 շունչ)։ [18] Կառուցման թուականն անյայտ է։ [19] 1914 թ. դրութեամբ եկեղեցու սպասաւորը վախճանուել է, ժողովուրդը հովւում են միւս թաղերի քահանայները։ [20]

Գորգ. շատ հաւանաբար Մուշի շրջանէն, 18-րդ կամ 19-րդ դար։ 93.9 × 59.7սմ (37 × 23.5 ինչ) (Աղբիւր՝ A Legacy of Armenian Treasures: Testimony to a People, Indiana University Press, Indiana, 2013)

Կանգուն էին, սակայն չէին գործում Սուրբ Աւետարանոց, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, Սուրբ Ստեփանոս և Սուրբ Փրկիչ եկեղեցիները։ [21]

Ժամանակակիցների վկայութեամբ քաղաքի եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Սուրբ Մարինէն է, իսկ ամենահինը` Սուրբ Փրկիչը, որը յիշատակւում է 851-852 թթ. արաբական տիրապետութեան դէմ հայ ժողովրդի բարձրացրած ապստամբութեան առնչութեամբ։ [22] Մուշ քաղաքի եկեղեցիները ճարտարապետութեան տեսանկիւնից աչքի չէին ընկնում գեղեցկութեամբ. ժամանակակիցներից մէկը բնութագրում է դրանք որպէս «աննշան, մթին և նսեմ շէնքեր»։ [23]

Մուշ քաղաքում էր գտնւում Սուրբ Աստուածածին կաթոլիկ եկեղեցին: [24]

Մշոյ դաշտի եկեղեցիները

19–րդ դարի երկրորդ կէսին եւ 20–րդ դարի սկզբներին, Մուշի դաշտում (վարչական առումով մօտաւորապէս համապատասխանում է Մուշի գաւառակի տարածքին) գոյութիւն ունէին 100-ից աւել զուտ և խառը հայաբնակ գիւղեր։ [25] Գրեթէ բոլոր գիւղերն ունէին գործող եկեղեցի և սպասաւոր քահանայյ։

Մշոյ գաւառակի կաթոլիկ հայերի գիւղերն են Նորշէնը, Օղունքը և Առինջը։ [26] Բողոքական (աւետարանական) համայնքներ գործում են Մշոյ դաշտի հայաբնակ Հաւատորիկ, Մոկունք, Յունան և Դերգեվանք գիւղերում։

Ստորև ներկայացնում ենք Մշոյ դաշտի գիւղերի (ըստ այբբենական կարգի) եկեղեցիների և Մեծ Եղեռնի նախօրեակին դրանք սպասաւորող քահանայների անունները ըստ Հայոց պատրիարքարանի 1878, 1902 և 1913-14 թթ. կազմակերպած մարդահամարների համահաւաք և փոխլրացուած տուեալների։ [27] Այն գիւղերը, որոնց հոգևորականները չեն յիշուած, Մեծ Եղեռնի նախօրեակին հովւում էին մէկից աւելի քահանայ ունեցող մերձաւոր գիւղերի հոգեւորականների կողմից։

Մուշ (Աղբիւր՝ Sonnen-Aufgang, Heft 10., 14. Jahrgang, Juli 1912)

  • ԱԲԸԼԲՈՒՀԱՐ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (քարակերտ, կառուցուել է մօտ. 1182 թ.), 2. Սուրբ Գէորգ վանք (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ)։
  • ԱԼԱԴԻՆ
    Եկեղեցի` Սուրբ Ամենափրկիչ:
  • ԱԼԻԱՆՔ
    Եկեղեցի։
  • ԱԼԻԳԼԲՈՆ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Թուխմանուկ եկեղեցի (մօտ. 1715 թ.), 2. եկեղեցի (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Ներսէս քահանայյ։
  • ԱԼԻԶԸՌՆԱ
    Սուրբ Կիրակոս եկեղեցի (մօտ. 1097 թ.)։
  • ԱԼԻՋԱՆ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (մօտ. 1786 թ.), 2. Սուրբ Թալիլէ (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ)։
  • ԱԼՎԱՌԻՆՋ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Յակոբ (փայտաշէն, մօտ. 1748 թ.), 2. Սուրբ Թուխմանուկ (աւերակ)։ Սպասաւորող հոգևորական` Գրիգոր քահանայյ։
  • ԱՂԲԵՆԻՍ
    Եկեղեցի` Սբ. Մինաս։
  • ԱՂՋԱՆ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն, մօտ. 1815 թ.), 2. Սուրբ Թորոս (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Ղևոնդ քահանայյ Տէր–Մարգարեան, Աւետիս քահանայյ Կիրակոսեան։
  • ԱՌԱՂ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Կիրակոս (մօտ. 1427 թ.), 2. եկեղեցի (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Մկրտիչ քահանայյ Տէր–Մկրտչեան, Կարապետ քահանայյ Ասմարեան։
  • ԱՌԻՆՋ (կաթոլիկ հայերի գիւղ)
    Եկեղեցի` Եռախորան Սուրբ Աստուածածին։
  • ԱՌԻՆՋՎԱՆՔ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (1233 թ.), 2. վանք (աւերակ)։
  • ԱՌՆԻՍՏ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Յովհաննէս (հնուց), 2. Սուրբ Աստուածածին (աւերակ):
  • ԱՒԶԱՂԲԻՒՐ (ԽԱՆԴՐԻՍԻ)
    Եկեղեցի` Սուրբ Գէորգ (փայտաշէն)։
    Սպասաւորող հոգևորական` Քրիստոփոր քահանայ։

Կարապետ Լուսարարեան, Գաւազանագիրք: Յաջորդութիւնք վանահարց ուխտիս Ս. Կարապետի Տարօնոյ, Երուսաղէմ, տպ. Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց, 1912

  • ԱՒԶԱՂԲԻՒՐ (ՉՈՒԽՈՒՐԻ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն, հնուց, նորոգուած 1871 թ.), 2. Սուրբ Յակոբ (աւերակ սրբատեղ)։
    Սպասաւորող հոգևորական` Խաչատուր քահանայյ Յակոբեան։
  • ԱՒԶՈՒՏ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (փայտաշէն, հնուց), 2. Սուրբ Սիոն (քարակերտ, հնուց), 3. Սուրբ Աստուածածին (աւերակ, ուխտատեղի)։
    Սպասաւորող հոգևորականը Վարդէնիս գիւղից։
  • ԱՒՐԱՆ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Յովհաննէս (քարակերտ, նորոգուել է 1887 թ.), 2. Սուրբ Թուխմանուկ (քարակերտ, ուխտատեղի), 3. Սուրբ Սարգիս (մատուռ), 4. Սուրբ Դանիէլ (մատուռ, աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Իսրայէլ քահանայյ Մըճիկեան, Ծաղիկ քահանայյ։
  • ԱՐԱԳ
    Եկեղեցի` Սուրբ Սարգիս (փայտաշէն, մօտ. 1682 թ.):
  • ԱՐԳԱՎԱՆՔ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Թովմաս առաքեալ (քարակերտ, հնուց), 2. Սուրբ Աստուածածին կամ Շէկ Աւետարան եկեղեցի (փայտաշէն, հնուց)։
    Սպասաւորող հոգևորական` Պարթև քահանայյ (նաև Արագ գիւղը):
  • ԱՐՏԵՐԹ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (փայտաշէն, 1878 թ.), 2. Սուրբ Թուխմանուկ (աւերակ, խաչքարերով հին գերեզմանոցի մէջ), 3. Սուրբ Գրիգոր ճգնաւոր (աւերակ), 4. Սուրբ Խաչ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Յովսէփ քահանայյ Դաւիթեան, Յովսէփ քահանայյ Գրիգորեան։
  • ԱՐԽՈՆՔ
    Եկեղեցի` Սուրբ Յարութիւն (փայտաշէն, նորոգուած)։
  • ԱՐՏՈՆՔ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն, հնուց), 2. եկեղեցի (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), խաչքարեր, սրբատեղիներ։
    Սպասաւորող հոգևորականներ` Գասպար քահանայ, Յովհաննէս քահանայ Տէր–Յովհաննիսեան, Գաբրիէլ քահանայ, Սերովբէ քահանայ Տէր–Գասպարեան, Մուշեղ քահանայ Տօնապետեան, Խաչատուր քահանայ։
  • ԲԱԶՈՒ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն. նորոգուած 1877 թ.), 2. եկեղեցի (աւերակ)։
  • ԲԱՂԼՈՒ (ՄԵԼԻՔ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (քարակերտ, մօտ. 940 թ.), 2. Սուրբ Հրեշտակապետաց (փայտաշէն, մօտ. 1854 թ.), 3. Սուրբ Գէորգ (աւերակ), 4. Սուրբ Խաչեր մատուռ (աւերակ), 5. Սուրբ Թուխմանուկ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Կարապետ քահանայ Գէորգեան։
  • ԲԳԼԻՑ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Գէորգ (փայտաշէն, մօտ. 1136 թ.), 2. Սուրբ Խաչուկ (աւերակ)։
  • ԲԵՐԴԱԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (փայտաշէն, նորոգուած, մօտ. 1515 թ.), 2. Սուրբ Աստուածածին (քարակերտ, 1330 թ.), 3. Սուրբ Կիրակոսի վանք (ուխտատեղի, աւերակ), 4. Սուրբ Մինաս (աւերակ), 5. Սուրբ Թուխմանուկ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Կորիւն քահանայ Մարգարեան, Յուսիկ քահանայ։
  • ԲԼԵԼ
    Եկեղեցի` Սուրբ Սարգիս (քարակերտ):
    Սպասաւորող հոգևորական` Խաչատուր քահանայ։
  • ԲՆԴԸԽՆԵՐ
    Եկեղեցի (աւերակ)։

Մշոյ ճառընտիրէն էջ մը, 1614, Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ (Աղբիւր՝ Claude Mutafian (ed.), Arménie. La magie de l’écrit, Paris/Marseille, 2007)

  • ԲՈՍՏԱՔԵՆԴ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (խորանը, կամարը և սիւները քարէ, ծածկը փայտէ, նորոգուել է 1882 թ.), 2. եկեղեցի (աւերակ), 3. մատուռ (աւերակ):
  • ԳԱՌՆԻ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Գէորգ, 2. վանք (աւերակ), 3. վանք (աւերակ), 4. վանք (աւերակ)։
  • ԳԵԼԻԳՈՒԶԱՆ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Թուխմանուկ եկեղեցի (մասամբ փայտաշէն), 2. Սուրբ Սարգիս եկեղեցի (աւերակ, ուխտատեղի), 3. Սուրբ Կիրակոս եկեղեցի (աւերակ), 4. Սուրբ Կարապետ եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Թորոս քահանայ Մուրադեան, Առաքել քահանայ Տէր–Քաջեան։
  • ԳՈՄԵՐ
    Եկեղեցի` Սուրբ Քառասուն մանուկ (փայտաշէն, նորոգուած)։
    Սպասաւորող հոգևորականներ` Սարգիս քահանայ, Խաչատուր քահանայ, Դանիէլ քահանայ։
  • ԳՈՄՍ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին եկեղեցի (մասամբ փայտաշէն, նորոգուած 1870-ական թթ.), 2. Սուրբ Թուխմանուկ (աւերակ), 3. անանուն եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Մամբրէ քահանայ Երանոսեան։
  • ԴԵՐԻԿ (ԱՇՏԻՇԱՏ)
    Եկեղեցիներ` 1. Դերիկ վանք կամ Սուրբ Սահակ եկեղեցի (Աշտիշատի մայր տաճար), 2. Սուրբ Սահակի և Շուշանիկի գերեզման, 3. Ըխտաձորիկի եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Սահակ քահանայ։

Հայ բողոքական ընտանիք մը Մուշի մէջ։ Կեդրոնը նստած երկու տղամարդիկը, ձախէն աջ՝ Պատուելի Միհրան Գ. Յակոբեան (հոգեւոր հովիւ Հաւատորիկ գիւղին), Գաբրիէլ Յ. Գաբրիէլեան (Մուշի մէջ գերմանական որբանոցի տնօրէն) (Աղբիւր՝ Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, Խմբ. Ա. Տարօնեցի, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, 1962)

  • ԴԵՐՔԵՎԱՆՔ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Թորոս (քարակերտ, մօտ. 1136 թ.), 2. եկեղեցի (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), ժողովարան (բողոքական)։
    Սպասաւորող հոգևորական` Մովսէս քահանայ Ղազարեան։
    Աւետարանական հայերի հովիւ` Պատուելի Սմբատ Խաչիկեան։
  • ԴՎՆԻԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սիմէոն (փայտաշէն, կառուցուել է 1189 թ., վերանորոգուել՝ 1862 թ.), 2. Սուրբ Թուխմանուկ (աւերակ), 3. Սուրբ Գայիանէ (աւերակ), 4. եկեղեցի (աւերակ), 5. եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Մովսէս քահանայ։
  • ԴՐՄԵՏ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Գէորգ (քարաշէն, հնուց), 2. Սուրբ Թուխմանուկ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Միքայէլ քահանայ, Դանիէլ քահանայ։
  • ԵՐԸՇՏԵՐ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Թովմաս առաքեալ (փայտաշէն, հնուց, վերանորոգուել է մօտ. 1677), 2. եկեղեցի (աւերակ), 3. Սուրբ Կարապետի վանք (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Կարապետ քահանայ Հարոյեան, Յարութիւն քահանայ։
  • ԵՐԻԶԱԿ (ԵՐԻՑՈՒԿ)
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին եկեղեցի (փայտաշէն, հնուց, նորոգուած)։
    Սպասաւորող հոգևորական` Սերովբէ քահանայ Յովակիմեան։
  • ԶԻԱՐԷԹ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (մասամբ փայտաշէն, նորոգուած 1851 թ.), 2. Սուրբ Թուխմանուկ մատուռ (փայտաշէն), 3. Կարմիր Աւետարանի սրբատեղի (աւերակ), 4. Սուրբ Թորոսի գերեզման–սրբատեղի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Բարդուղիմէոս քահանայ Նորատունկեան, Թադէոս քահանայ, Մատթէոս քահանայ, Համազասպ քահանայ Տէր–Համազասպեան։
  • ԹԻԼ
    Եկեղեցիներ` 1.Սուրբ Աստուածածին եկեղեցի (փայտաշէն, կառուցուած 1355 թ., նորոգուած 1890 թ.), 2. վանք (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ)։
  • ԽԱՇԽԱԼԴԱՂ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին եկեղեցի (քարակերտ, վաղեմի), 2. եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Խաչատուր քահանայ Յարութիւնեան։
  • ԽԱՍԳԻՒՂ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Երրորդութիւն (քարակերտ, սրբատաշ, հիմնանորոգուած 1887 թ.), 2. Սուրբ Ստեփանոս (հնուց), 3. Սուրբ Թալիլէոս (հնուց), 4. Սուրբ Աստուածածին (աւերակ), 5. Սուրբ Թուխմանուկ (աւերակ), 6. եկեղեցի (աւերակ), 7. եկեղեցի (աւերակ), 8. եկեղեցի (աւերակ), 9. մատուռ (աւերակ), 10. մատուռ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Աւետիս քահանայ Թերզեան, Խաչատուր քահանայ Մուրադեան, Քերովբէ քահանայ Տէր–Սերոբեան։
  • ԽԱՐԴՈՑ (ԽԱՐԱԲԱ ԽԱՐԹՈՍ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (քարակերտ, 1738 թ.), 2. Սուրբ Թուխմանուկ (աւերակ), 3. վանք (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Սարգիս քահանայ Այվազեան, Սարգիս քահանայ Մարտիրոսեան։
  • ԽԱՐՍ (ԽԱՐՁ, ՂԱՐՑ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն, 1792 թ.), 2. Սուրբ Սարգիս (քարաշէն, քայքայուած), 3. Սուրբ Յակոբ (աւերակ), 4. Սուրբ Աստուածածին (աւերակ, հնուց)։
    Սպասաւորող հոգևորականներ` Յարութիւն քահանայ Միրոյեան, Յովհաննէս քահանայ Բռնաշէնցի, Յովասափ քահանայ Տէր–Յովհաննիսեան։

Մուշ քաղաքէն հայ ընտանիք մը (Աղբիւր՝ Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1953)

  • ԽԵՅԲԻԱՆ
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին (փայտաշէն, 1751 թ.)։
    Սպասաւորող հոգևորական` Կարապետ քահանայ Հնտեան։
  • ԽՈՐՈՆՔ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (քարակերտ, նորոգված 1629 թ.), 2. սուրբ Թուխմանուկ (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ)։
  • ԽՈՓԵՐ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (նորոգուած մօտ. 1752 թ.), 2. եկեղեցի (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), 4. եկեղեցի (աւերակ), 5. եկեղեցի (աւերակ):
  • ԽՎՆԵՐ
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին։
  • ԾՂԱԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Ստեփանոս (նորոգուած, հնուց), 2. Սուրբ Ստեփանոս (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), 4. եկեղեցի (աւերակ), 5. եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Աւետիս քահանայ Տէր–Միքայէլեան։
  • ԾՌԳԵՏ
    Եկեղեցի
  • ԿԵՄԻԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Յարութիւն (քարակերտ, ուխտատեղի, կիսաւեր), 2. եկեղեցի (աւերակ):
  • ԿԶԼԱՂԱՋ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Գէորգ (փայտաշէն, նորոգուած), 2. Սուրբ Յակոբ (մատուռ, փայտաշէն)։
    Սպասաւորող հոգևորական` Մուշեղ քահանայ Տէր–Մատթէոսեան:
  • ԿՎԱՐՍ
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին (փայտաշէն, նորոգուած 1882 թ.)։
    Սպասաւորող հոգևորական` Վաղինակ քահանայ Պահլունի։
  • ԿՈՒՐԱՒՈՒ (ԿՈՒՐԱՒԻ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Յակոբ, 2. Սուրբ Աւետարան (Սուրբ Աստուածածին)։
    Սպասաւորող հոգևորականներ` Կարապետ քահանայ, Գրիգոր քահանայ, Յակոբ քահանայ Տէր–Սերոբեան, Խաչատուր քահանայ Տէր–Սերոբեան։
  • ՀԱՍԱՆՈՎԱ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Գէորգ (նորոգուած 1874 թ.), 2. Սուրբ Շմավոն (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), 4. մատուռ։
  • ՀԱՒԱՏՈՐԻԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին, 2. Սուրբ Խաչուկ (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), 4. բողոքական ժողովարան կից դպրոցով (նորոգուած)։
  • ՀԱՑԻԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն), 2. Սուրբ Մեսրոպ Մաշտոց (մատուռ, 1349 թ., աւերակ), 3. եկեղեցի (աւերակ, Սուրբ Յակո՞բ (1349 թ.)):

Նորշէն (ներկայիս Սունկու) գիւղ (Մշոյ դաշտ). Մխիթարեան միաբանութեան կողմէ հիմնուած վարժարանը եւ անոր կողքի եկեղեցին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

  • ՀԵՐԿԵՐՏ (ՀԱՅԿԵՐՏ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (քարակերտ, 1039 թ.), 2. եկեղեցի (աւերակ), 3. Սուրբ Թուխմանուկ։
    Սպասաւորող հոգևորական` Մարգար քահանայ Դանիէլեան։
  • ՅՈՒՆԱՆ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Թովմաս առաքեալ (քարակերտ, հնուց), 2. Սուրբ Ղազար (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ):
    Սպասաւորող հոգևորական` Պատվելի Հրայր Հլզատեան (հայ բողոքական համայնքի հովիւ):
  • ՁԱՓՆԱ (ԾԱՓՆԱ)
    Եկեղեցի` Սուրբ Գէորգ (1330 թ.)։
  • ՁԽԱՒՈՒ (ԾԽԱՒՈՒ, ՑԽԱՒԻ)
    Եկեղեցի` 1. Սուրբ Սարգիս (փայտաշէն, նորոգուած 1850-ական թթ.)։
    Սպասաւորող հոգևորականներ` Յովհաննէս քահանայ, Աւետիս քահանայ Վարդանեան։
  • ՄԱՌՆԻԿ
    Եկեղեցիներ` 1. եկեղեցի (աւերակ), 2. եկեղեցի (աւերակ), 3. Սուրբ Կարմիր վանք (աւերակ)։
  • ՄԵՂԴԻ
    Եկեղեցի` 1. Սուրբ Միանձունք (մատուռը քարակերտ, աղօթատեղին` փայտաշէն, վաղեմի):
  • ՄԿՐԱԳՈՄ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (քարակերտ, հնուց), 2. եկեղեցի (աւերակ):

Առինջ գիւղ (Մշոյ դաշտ). Սուրբ Վերափոխում եկեղեցին եւ Ներսէսեան վարժարանը։ Երկուքն ալ հիմնուած են Մխիթարեան միաբանութեան կողմէ 1900 թուականին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

  • ՄՈԿՈՒՆՔ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Ստեփանոս (փայտաշէն, քայքայուած), 2. Սուրբ Փրկիչ (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), 4. Սուրբ Թուխմանուկ (աւերակ), 5. եկեղեցի (աւերակ), 6. Սուրբ Գասպար (քարակերտ, քայքայուած), 7. ժողովարան (բողոքական)։
  • ՆՈՐՇԷՆ (հայ կաթոլիկ գիւղ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին, 2. Սուրբ Սոփիա (կիսաքանդ)
  • ՇԵՅԽԱԼԱՆ
    Եկեղեցիներ` 1. եկեղեցի, 2. եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Ներսէս քահանայ Տէր–Մկրտչեան, Զաւէն քահանայ։
  • ՇԷՅԽ ԵՈՒՍՈՒՖ
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին (հնուց)։
    Սպասաւորող հոգևորական` Առաքել քահանայ:
  • ՇԵՅԽԲՐԻՄ
    Եկեղեցիներ` 1. եկեղեցի (աւերակ), 2. մատուռ։
    Սպասաւորող հոգևորականներ` Խաչատուր քահանայ Տէր–Մարգարեան, Իսրայէլ քահանայ Բատիկեան։
  • ՇԵՆԻԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն, նորոգուած), 2. Սուրբ Գէորգ (նորոգուած), 3. եկեղեցի (աւերակ), 4. Սուրբ Մարիամ (աւերակ), 5. Սուրբ Թէոդորոս (քարակերտ, խարխլուած)։
    Սպասաւորող հոգևորական` Պօղոս քահանայ Վարդանեան։
  • ՇԸՄԼԱԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (քարակերտ, հնուց), 2. Սուրբ Կարապետ (աւերակ, հնուց)։
  • ՋՐԻԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն, մատուռը` քարակերտ), 2. Սուրբ Թուխմանուկ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Մուշեղ աւագ քահանայ Տէր–Բարդուղիմէոս Երեցեան, Վաղինակ քահանայ։
  • ՍԱՀԱԿ
    Եկեղեցի (կիսաւեր, վաղեմի)
  • ՍԵՄԱԼ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Գէորգ (քարակերտ, նորոգուած), 2. Սուրբ Հռիփսիմեանց (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), 4. Ծիծեռնավանք (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Կարապետ քահանայ Պօղոսեան։
  • ՍՆՁՆՈՒՏ
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին (փայտաշէն, վաղեմի)։
  • ՍՈԽԳՈՄ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սահակ (փայտաշէն, մօտ 1515 թ.), 2. Նորելուկ (փայտաշէն), 3. Սուրբ Շամամիկ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Գրիգոր քահանայ, Հրայր քահանայ Սուքիասեան։

Ուղունք գիւղ (Մշոյ դաշտ). Ս. Սարգիս եկեղեցին եւ նոյնանուն վարժարանը, հիմնուած Մխիթարեան միաբանութեան կողմէ։ Դպրոցն ու եկեղեցին կառուցուած են 1902 թուականին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

  • ՍՈՐԴԱՐ
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին (աւերակ, կիսակործան)։
    Սպասաւորող հոգևորական` Սմբատ քահանայ Պահլունի։
  • ՍՈՒԼՈՒԽ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (քարակերտ, նորոգուած 1885 թ.), 2. Սուրբ Գէորգ (քարակերտ, ուխտատեղի), 3. Սուրբ Թուխմանուկ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Կարապետ քահանայ, Ստեփան քահանայ Ղազարեան։
  • ՎԱՐԴԵՆԻՍ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (քարակերտ, հնուց), 2. Սուրբ Յակոբ (աւերակ, հնուց):
    Սպասաւորող հոգևորականներ` Խաչատուր քահանայ Մելքոնեան, Յարութիւն քահանայ Բաղդասարեան։
  • ՎԱՐԴԽԱՂ
    Եկեղեցիներ` 1. եկեղեցի (գիւղի մեջ, աւերակ), 2. եկեղեցի (գիւղից հիւսիս, աւերակ), 3. եկեղեցի (գիւղից արևելք, աւերակ)։
  • ՏԱՏՐԱԳՈՄ
    Եկեղեցիներ`1. եկեղեցի (աւերակ, գիւղի մեջ), 2. եկեղեցի (աւերակ, գիւղից հիւսիս), 3. եկեղեցի (աւերակ, գիւղից հիւսիս)։
  • ՏՈՄ
    Եկեղեցիներ`1. Սուրբ Աստուածածին (փայտաշէն, նորոգուած), 2. Սուրբ Սիմէոն (քարակերտ, մօտ 1807 թ.), 3. Սուրբ Ստեփանոս (աւերակ):
  • ՑՐՈՆՔ
    Եկեղեցիներ`1. Սուրբ Սարգիս (քարակերտ, 1151 թ., նորոգուած մօտ 1678 թ.), 2. Սուրբ Յակոբ (1151 թ., նորոգուած 1664 թ.), 3. եկեղեցի (աւերակ), 4. Սարի Սուրբ Գէորգ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորականներ` Մուշեղ քահանայ Միքայէլեան, Յովհաննէս քահանայ Տէր–Յովհաննիսեան, Ներսէս քահանայ Աստուածատուրեան։
  • ՈՒՇՏԱՄ
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին:
    Սպասաւորող հոգևորական` Սիմոն քահանայ Տէր–Հովհաննիսեան։
  • ՈՒՐՈՒՂ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Սարգիս (փայտաշէն), 2. Սուրբ Սարգիս (աւերակ), 3. Կարմիր եկեղեցի (աւերակ), 4. մատուռ (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Մկրտիչ քահանայ Տէր–Մկրտչեան։
  • ՓԵԹԱՐ (ԲԻԹԱՐ)
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Յակոբ (փայտաշէն), 2. Սուրբ Կարապետ (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ)։
  • ՓՈՂԵԿՈՎ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Գէորգ (քարակերտ, վաղեմի), 2. եկեղեցի (աւերակ, գիւղից արևելք)։
    Սպասաւորող հոգևորական` Բարսեղ քահանայ Տէր–Բարսեղեան։
  • ՔԱՐՁՈՐ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Մինաս (փայտաշէն), 2. Սուրբ Թորոս (աւերակ), 3. Սուրբ Թուխմանուկ (աւերակ)։
  • ՔՈԼՈՍԻԿ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Յակոբ (աւերակ, հնուց), 2. եկեղեցի (աւերակ), 3. եկեղեցի (աւերակ), 4. եկեղեցի (աւերակ)։
  • ՔՐԴԱԳՈՄ
    Եկեղեցիներ` 1. Սուրբ Աստուածածին (նորոգուած 1700 թ.), 2. Թուխմանուկ (սրբատեղի), 3. եկեղեցի (աւերակ)։
    Սպասաւորող հոգևորական` Կարապետ քահանայ Բարսեղեան։
  • ՔՈՒՐԴՄԵՅԴԱՆ
    Եկեղեցի։
  • ՕՂՈՒՆՔ (կաթոլիկ հայերի գիւղ)
    Եկեղեցի` Սուրբ Մինաս։
    Սպասաւորող հոգևորական` Մկրտիչ վարդապետ Տէր–Մկրտչեան։
  • ՕՐԳՆՈՑ (ՀՈՐԿՆՈՑ)
    Եկեղեցի` Սուրբ Աստուածածին (փայտաշէն, հնուց)։
    Սպասաւորող հոգևորական` Գրիգոր քահանայ։

Մշոյ դաշտի վանքերը

Կարօ Սասունին իր «Պատմութիւն Տարօնի աշխարհի» գրքում յիշատակում է Մշոյ դաշտի տարածքում տեղակայուած հայկական տասնհինգ պատմական վանքի անուն։ [28] 19-րդ դարի երկրորդ կէսի և 20–րդ դարի սկզբի դրութեամբ դրանցից գործող են երեքը` Սուրբ Կարապետի (Գլակայ), Առաքելոց (Թարգմանչաց) և Սուրբ Յովհաննէսի (Եղրդուտի) վանքերը։

Պատմական նշանաւոր վանքեր են, սակայն նշուած ժամանակաշրջանում գտնւում են լքուած և աւերակ վիճակում Մատրավանքը, Սուրբ Սահակի (Աշտիշատի) վանքը։

1) Մշոյ Սուրբ Կարապետի վանքը (Աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)
2) Մշոյ Սուրբ Կարապետի վանքը (Աղբիւր՝ Համազասպ Ոսկեան,
Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1953)

Սուրբ Կարապետի վանք

Սուրբ Կարապետի վանքը Մուշի և Հասատանի առաւել նշանաւոր և հռչակաւոր վանքերից մէկն է։ Հիմնադրուել է չորրորդ դարում Գրիգոր Լուսաւորչի կողմից «Հավատամք» անունը կրող լեռան վրայ: Վանքը յայտի է նաև այլ անուններով` «Գլակայ Վանք» (ի պատիւ Զենոբ Գլակի, ով վանքի առաջին վանահայրն է), «Իննակնեան Վանք» (վանքի տարածքում բխող բազմաթիվ բարեհամ աղբիւրների համար): Վանքի գլխաւոր տաճարը գեղեցկաշէն է` զարդարուած երեք հիանալի գմբէթներով: Այդ պատճառով Մշոյ դաշտում բնակւող դրացի ժողովուրդների` թուրքերի ու քրդերի շրջանում վանքը յայտնի էր «Չանլը Քիլիսէ» («գմբէթավոր եկեղեցի») անուամբ: [29]

Վանքի հնագոյն՝ Ս. Կարապետ վկայարանը գմբէթաւոր դահլիճ է, որի արևմտեան որմնախորշում ամփոփուած են Յովհաննէս Կարապետի, իսկ հարաւ–արևմտեանում՝ Աթանագինէի մասունքները: Աւագ խորանի առջևի պատին ագուցուած են 1718-ով թուագրուող մարմարեայ չորս խաչքար: Եկեղեցու հիւսիսային կողմում, գտնւում են միմեանց կից Գրիգոր Ա. Լուսաւորչի նեղ և մութ ճգնարանը և Ս. Գէորգ թաղածածկ եկեղեցին, իսկ հիւսիսային կողմում՝ ներքուստ խաչաձև, անկիւններում աւանդատներով, արտաքուստ ուղղանկիւն, գմբէթաւոր Ս. Ստեփանոս և խոշոր, թաղածածկ Ս. Աստուածածին եկեղեցիները: [30]

Նշուած չորս եկեղեցիների մուտքերը բացւում են վանքի գլխաւոր՝ Կաթողիկէ եկեղեցու մէջ, որը բաւական մեծ, քառակուսի յատակագծով, 16-սիւնանի հնգանաւ բազիլիկ է: Նրա միջին նաւն արևելքում աւարտւում է Աւագ խորանով, կողայիններից հիւսիսը՝ Յակոբ Տեառնեղբօրը, իսկ հարաւայինը` Գրիգոր Ա. Լուսաւորչին նուիրուած սեղան–խորաններով: Կաթողիկէի արևմտեան մուտքի առջև կայ եռաստիճան, երկրորդ յարկում՝ Ս. Հոգուն նուիրուած սեղանով խորան և ութասիւն ռոտոնդայով պսակուած սլացիկ զանգակատուն (կառուցուել է 1787-ին): [31]

Վանքը շրջապատուած է ուղղանկիւն յատակագիծ ունեցող պարսպով, որին կից են երկյարկանի բնակելի և տնտեսական շէնքերը և պատով անջատուած՝ ուխտաւորների սենեակները: [32]

Ժամանակակիցները բնութագրում են վանքի դիրքն ու տեսարանը որպէս սքանչելի, նշում, որ վանքն ունի անուշ ջուր և առողջ օդ: [33] Վանքի պարսպի մօտ է Ս. Լուսաւորիչ անունով աղբիւր, որի քառակուսի աւազանը, ըստ աւանդութեան, պատրաստել է Տրդատ Գ. Մեծ թագաւորը, իսկ Գրիգոր Լուսաւորիչն այնտեղ բազում մկրտութիւններ է կատարել: [34]
1900–02 թուականներին վանքը նորոգուել է: [35] XIX դ. երկրորդ կէսին և XX դ. սկզբին Մշոյ Ս. Կարապետ վանքը ունեցել է սեփական այլևայլ կալուածքներ, արտեր ու այգիներ, նաև երկու ագարակներ բարեբեր ու մշակելի հողերով, նաև ստացել զգալի հասոյթներ, նուիրատւութիւններ, գիւղացիներից գանձել պտղի հարկ: [36]

Սուրբ Կարապետ վանքի գլխաւոր եկեղեցիին յատակագիծը։
1 Զանգակատուն | 2 Սասնոյ Թոռնիկ իշխանին գերեզմանը | 3 Մամիկոնեաններու գերեզման | 4 Մուշեղ Մամիկոնեանի գերեզման | 5 Վանահօր Աթոռ | 6 Աւագ Սեղան, Ս. Խաչ | 7 Ս. Աստուածածին | 8 Ստեփաննոսի (Վարդ Պատրիկի որդի) գերեզման | 9 Ս. Յակոբայ Սեղան |
10 Սմբատ Մամիկոնեանի գերեզման | 11 Ս. Ստեփաննոս | 12 Գայլ Վահանի գերեզման | 13 Ս. Յովհաննու Մկրտչի հանգստարան (մասունքներ) | 14 Ս. Կարապետ | 15 Աթանագին Եպիսկոպոսի գերեզման | 16 Ս. Գրիգոր Լուսաւորիչի Սեղան | 17 Ս. Գէորգ | 18 Ճգնարան | | Գծագրութիւն՝ Ս. Ծայր. Վրդ. Աստուածատրեան
(Աղբիւր՝ Կարապետ Լուսարարեան, Գաւազանագիրք: Յաջորդութիւնք վանահարց ուխտիս Ս. Կարապետի Տարօնոյ, Երուսաղէմ, տպ. Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց, 1912)

Մուշ, Սուրբ Կարապետ վանքի համայնապատկեր (Աղբիւր՝ Library of Congress, Washington, DC)

Սուրբ Կարապետի վանքէն զանազան պատկերներ։ Աղբիւրներ՝
1), 2), 3) Р.Бекгулянц, По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г.
4) Քրիսթին Կարտոնի հաւաքածոյ, Պերլին։

Վանքը եղել է գրչութեան, կրթութեան և մշակութային կենտրոն, ունեցել է խոշոր մատենադարան: Եղել է Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնից յետոյ: Կոչուել է «մենաստանների մայրաքաղաք», նշանաւոր ուխտատեղի (նաև արևելահայերի համար): Ուխտագնացութեան օրերն են եղել Վարդավառի և Աստուածածնի Վերափոխման տօները, երբ վանքի տարածքում տեղի են ունեցել նաև աշխարհիկ հանդէսներ, կազմակերպուել տօնավաճառներ: Մշոյ Ս. Կարապետ վանքը համարուել է ամենակարող, իղձերն իրագործող, բուժող, շնորհք պարգևող (ներառյալ՝ նաև արուեստի): Ժողովրդական բանահիւսության մէջ պահպանուել են վանքին նուիրուած ուխտագնացութեան երգեր: [37]

Սուրբ Կարապետի վանքը Տարօն–Տուրուբերան թեմի կենտրոնական աթոռն է, ինչպէս նաև օսմանեան հայերի առաւել հեղինակաւոր և ազդեցիկ աթոռներից մէկը։ Սուրբ Կարապետի վանահայրը նաև ամբողջ թեմի առաջնորդն է։ [38] 1862-1869 թթ. վանքի վանահօր պաշտօնը զբաղեցրել է Մկրտիչ Խրիմեանը։ [39] 1869-ին` նրա` Պոլսոյ Հայոց պատրիարք նշանակուելուց յետոյ, վանքի վանահօր փոխանորդի պաշտօնը ստանձնել է Գարեգին Սրուանձտեանցը` վարելով այն մինչև 1873-ը: 1888-ին Սրուանձտեանցը նորից է նշանակուել Սուրբ Կարապետ վանքի վանահօր և Մշոյ թեմի առաջնորդի պաշտօնում, սակայն նրա պաշտօնավարումը երկար չի տևել` նույն տարում զրպարտչական մեղադրանքների հիման վրայ օսմանեան կառավարութեան կողմից հայ եկեղեցական գործիչը կանչուել է Պոլիս։ [40]

Սուրբ Կարապետի վանքի վերջին վանահայր և Մշոյ թեմի վերջին առաջնորդն էր Ներսէս եպիսկոպոս Խարախանեանը (մահացել է 1915 թ. ապրիլի 12–ին)։ [41] Մեծ Եղեռնի նախօրեակին Մշոյ Սուրբ Կարապետի վանքի միաբանութիւնը կազմուած էր հետևեալ վեց վարդապետներից` Եղիշէ Ծայրագոյն վարդապետ Պալունի, Կոմիտաս վարդապետ Արծրունի, Եղիշէ Ծայրագոյն վարդապետ Կարապետեան, Վահան վարդապետ Երէցեան, Կարապետ վարդապետ Լուսարարեան, Խաչատուր աբեղայ Ագուլեցի։ [42]

Սուրբ Կարապետ վանք (Աղբիւր՝ Library of Congress, Washington, DC)

Մշոյ Սուրբ Առաքելոց վանք

Մշոյ Սուրբ Առաքելոց վանքը գտնւում է Մուշ քաղաքից դէպի հարաւ–արևելք, մօտ 10 կմ հեռաւորութեան վրայ երկուսուկէս ժամ չափ ոտքով հեռաւորութեան վրայ, Տաւրոսի շղթայի երկու կատարների միջև ընկած, Տիրնկատար կամ Ծիրնկատար կոչւող լեռան լանջին (այդ պատճառով յայտնի է նաև Արեգնածագ Տիրին կատարի վանք անուամբ)՝ մի գեղատեսիլ վայրում։ [43]

Վանքն անուանուել է նաև Թարգմանչաց վանք, որովհետև այնտեղ են գտնւում մի շարք թարգմանիչ վարդապետների գերեզմանները։ Կոչուել է նաև «Եղիազարի Վանք» (Ղազարավանք)` իր առաջին առաջնորդ-վանահօր անուամբ։ [44]

Ըստ աւանդութեան, վանքը հիմնել է Գրիգոր Լուսաւորիչը 312 թուականին` այդտեղ տեղաւորելով և խորանի մէջ ամփոփելով տասներկու առաքեալներից մի քանիսի մասունքները։ [45]

XIX դարի վերջին և XX դարի սկզբներին վանքի տարածքում էին գտնւում երկու եկեղեցիներ։ Գլխաւոր՝ Առաքելոց եկեղեցին (կառուցուել էր XI դարում) մասամբ սրբատաշ քարերից, մասամբ աղիւսաշէն է, ունի ներքուստ խաչաձև, անկիւններում երկյարկ աւանդատներով, արտաքուստ ուղղանկիւն, գմբէթաւոր յօրինուածք: Եկեղեցու ներքին աջ ու ձախ կողմերը գտնւում են Մարկոս և Ղուկաս աւետարանիչների տապանները: [46]

Առաքելոց վանք (Մշոյ դաշտ) (Աղբիւր՝ Library of Congress, Washington, DC)

Սուրբ Առաքելոց վանք (Աղբիւր՝ Համազասպ (Հայր) Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1953)

Մշոյ Սուրբ Առաքելոցի տարածքի գերեզմանատան են գտնւում հայ նշանաւոր մատենագրներ Դաւիթ Անյաղթի, Ղազար Փարպեցու, Մամբրէ Վերծանողի, Ասողիկի, Պօղոս Տարօնացու շիրիմները, որոնք այս վանքի մէջ հեղինակած, թարգմանած, գրով ու գրչով աշխատած ու տքնած են հայերէն գրականութեամբ:

Տաճարի ներսը պահւում է ընկուզենու փայտից մի դուռ` շատ նուրբ և ճաշակաւոր քանդակուած, այլևայլ զարդերով և պատկերներով։ Այն ստեղծուել է XII դարում, ինչի վկայութիւնն է վրան փորագրուած հետևեալ յիշատակարանը. «ՇՁԳ. (1134) ԹՈՒԱԿԱՆԻՆ, Տ. ԹՈՐՈՍ, ԳՐԻԳՈՐ ԵՒ ՂՈՒԿԱՍ ԳԾԱԾ ԵՆ»: [47] Առաջին աշխարհամարտի բռնկուելուց յետոյ, Մեծ Եղեռնի առաջին տարում` 1915 թուականին Մուշի հայութեան կոտորածներից յետոյ հնութիւններով հետաքրքրուող գերմանացի սպաներ, օգտուելով առիթից, թուրք կառավարութեան թոյլտւությամբ գնացել են Առաքելոց վանք, պոկել դուռը և տեղափոխել Բիթլիս, այնտեղից էլ յարմար առիթով Բեռլինի Կայսերական թանգարան փոխադրելու համար։ Սակայն ռուսական բանակի` Բիթլիսը գրաւելուց յետոյ պատմական դուռը անցնում է ռուսական բանակում կռուող հայ զինուորների ձեռքը։ Նրանք էլ այս արժէքաւոր հնութիւնը յանձնում են Կովկաս գաղթող հայ գաղթականներին, որոնք որպէս անցեալ դարերի մշակութային արժէքներից փրկուած մի նշխար, մեծ զգուշութեամբ հասցնում են Կովկաս։ Այժմ դուռը ցուցադրւում է Հայաստանի պատմութեան թանգարանում։ [48]

Մինչև 1915 թ. Մշոյ Առաքելոց վանքում էր պահւում նաև հայերէն ամենամեծ մագաղաթեայ ձեռագիրը` «Մշոյ ճառընտիրը», որը գրուել և ծաղկուել է 1200–1202 թթ.։  Ստեղծուելուց անմիջապէս յետոյ ձեռագիրը յափշտակուել է Բաբերդի (Bayburt) ոչ-հայ դատաւորի կողմից, որը 2 տարի այն թաքցնելուց յետոյ, 1204 թուականին վաճառել է Մշոյ Առաքելոց վանքին՝ 4000 արծաթէ դրամով, որը հավաքուել է շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։ Մեծ Եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերութիւն, ապա՝ Երևան։ Այժմ «Մշոյ ճառընտիրը» պահւում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում։ [49]

Մեծ Եղեռնի նախօրեակին վանքի վանահայրն էր Յովհաննէս Ծայարգոյն Վարդապետ Մուրադեանը: [50]

Առաքելոց վանք (Աղբիւր՝ Քրիսթին Կարտոնի հաւաքածոյ, Պերլին)

Եղրդուտի Սուրբ Յովհաննէսի վանք

Եղրդուտի Սուրբ Յովհաննէսի վանքը (յայտնի է նաև որպէս Արծուաբերի Վանք, Շիշիւղոյ վանք) գտնւում է Մշոյ դաշտի հարաւ–արևմտեան կողմը` քաղաքից 20-22 կմ հեռաւորութեան վրայ, Սևսարի (Սիմ լեռներ) ստորոտին Եղրդուտ անունը կրող գիւղի մօտ` գեղատեսիլ և հմայիչ վայրում։ [51] «Վանքը որմապատ է, չորս կողմերն անտառներ եւ վճիտ ջուրերով աղբիւրակներ, օդն սքանչելի, Մշոյ դաշտը՝ վանքին առջեւը կ’պարզուի իբրեւ կանաչ ծով մը, թէեւ անջուր, եւ կ’երեւին Սեփան եւ անտառուտ Խոյլի պապան», – այսպես է նկարագրում Սուրբ Յովհաննէսի դիրքը Տրդատ եպս. Պալեանն իր «Հայ վանորայք» գրքում։ [52]

Վանքը հիմնադրուել է IV դարում` Գրիգոր Լուսաւորչի և Վրթանէս Հայրապետի օրոք։ [53] Վանքի և նրա անուան հետ մի քանի աւանդութիւններ են պահպանուել։ Դրանցից մէկի համաձայն այստեղ է գտնւում Յովհաննէս Մկրտչի մասունքը, և դրա համար էլ վանքը կոչուել է նրա անունով։ Ըստ մի այլ աւանդութեան` Թադէոս առաքեալը կանաչ շշի մէջ լցուած այստեղ է բերել իւղից, որով Մարիա Մագդաղենացին օծել է Քրիստոսին, իսկ Քրիստոսը` առաքեալներին, ինչից և վանքը ստացել է Շիշիւղոյ անունը։ [54] Երրորդ աւանդության համաձայն` այդ շիշը պահուել է Եղրդուտ կոչուած ծառի տակ, և վանքը կրել է նրա անունը։ [55]

Վանքի հիմնական եկեղեցին մեծութեամբ ու բարձրութեամբ գրեթէ հաւասար է Մշոյ Ս. Կարապետ վանքին։ Այն շարուած է սրբատաշ քարերով, ունի ձուաձև կաթողիկէ։ [56] Տաճարի պատերը և պարիսպը տեղ-տեղ վնասուած են նախորդ դարերի ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերից: [57]

Եղրդուտի Սուրբ Յովհաննէսի վանք (Աղբիւր՝ (Յակոբ Մանճիկեան, Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, ալպոմ-ատլաս, Ա. հտր., Լոս Անճելըս, 1992)

Վանքի զանգակատունը միջին բարձրութեան է` կառուցուած 1828 թուականին: Տաճարին ներսում և դրսում կան առանձին վկայարաններ, մատուռներ և այլ սրբավայրեր` նուիրված Ս. Աթանագինէին, Ս. Աստուածածնին, Ս. Գէորգին եւ Ս. Սարգսին: [58]

Վանքի միւս տաճարի` Սուրբ Ստեփանոսի մօտ կայ գերեզմանոց, որտեղ թաղուած են վանքի նշանաւոր հեգևորականները։ Համալիրն ունի առաջնորդարան և աւելի քան 30 կրկնայարկ կացարաններ։ 20–րդ դարի սկզբներին վանքն ունէր ընդարձակ վարելահողեր, արօտավայրեր և անտառներ։ [59]

Վանքը ուխտ են կատարում Վարդավառի, Աստուածածնի և Խաչվերացի տօների օրերին: [60]
Մեծ Եղեռնի նախօրեակին վանքի վանահայրն է Մկրտիչ Վարդապետ Գասպարեանը (ծնուել է 1845 թ. և ձեռնադրուել` 1884 թ., կը սպաննուի Ցեղասպանութեան ժամանակ)։ [61]

Սուրբ Առաքելոց վանքի վանահայր՝ Յովհաննէս Վարդապետ Մուրատեան (Աղբիւր՝ Համազասպ (Հայր) Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1953)

Մատնավանք

Մատնավանքը (այլ անուններն են` Մատրավանք, Մանրավանք, Մարգարեանոց) գտնւում է Մուշից մօտ չորս ժամ (20 կմ) հեռաւորութեան վրայ, Մշոյ դաշտի հիւսիս–արևմտեան կողմը, Ծղավու գիւղի դիմաց, Արածանիի աջափնեայ մի փոքրիկ գետակի եզրին։ Ըստ աւանդութեան վանքը հիմնադրուել է Ս. Գրիգոր Լուսաւորիչի կողմից, որը նաև զետեղել է այնտեղ Կեսարիայից բերուած Ս. Կարապետի մասունքներից մի քանի մանր ոսկորներ, ինչից և վանքը ստացել է իր անունը։ [62] Այլ մեկնաբանութիւններով վանքի անունը բացատրւում է փոքրութեան (մատուռի չափ փոքր լինելու), տեղը մատնացոյց արուելու և այլ պատճառաբանութեամբ։ [63]

19-րդ դարի վերջի դրութեամբ վանքն ամայի է, չունի միաբաններ, սակայն հանդիսանում է տեղի ժողովրդի սիրուած ուխտատեղիներից մէկը։ Վանքի գլխաւոր` գմբէթաւոր և քարաշէն տաճարը գտնւում է բոլորովին խարխլուած և քայքայուած վիճակում։ Տրդատ եպիսկոպոս Պալեանը տալիս է վանքի շինութիւնների հետևեալ նկարագրութիւնը. «Վանքին Տաճարը, հին ճարտարապետական արուեստին նմոյշը կ’պահէ իր կամարներով, փոքր լուսամուտներով: Երեք մասի բաժնուած է ամբողջ Տաճարը. Ա. Գաւիթը, Բ. Եկեղեցին, Գ. Մատուռը: Գաւթին քարուկիր առիքին վրայ բարձրացած է սպիտակ եւ սրբատաշ քարերով զանգակատունը, որուն վրայ Խաչ մը կայ հետեւեալ յիշատակարանով. 'ԿԱՆԳՆԵՑԱՒ ԽԱՉՍ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ ՎԱՍՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՀՈԳՒՈՑ ԽԱԼՖԱՅ ԵՂԻԱՅԻՆ ԵՒ ԾՆՈՂԱՑ ՆՈՐԻՆ. ԹՎ. ՌՃՁՂ (1737)': Եկեղեցին փոքր եւ մութ է, Աւագ սեղան չունի, միայն աջ ու ձախ երկու սեղաններ կան. այս երկու սեղաններուն մէջտեղը գտնուած դռնով մը կ’երթցուի Գ. մասին, որ ինչպէս ըսինք՝ մատուռ մ’է, ուր կը գտնուին երկու գերեզմաններ, մին Սրբոյն Յովհաննու Կարապետի, եւ միւսը Սրբոյն Աթանագինէի անուամբ: Տաճարին ամենէն հին շէնքն այս մատուռն է, որ բաւական բարձր է առանց սիւնի. մատուռն եւ բարձրադիր կամարներն իրենց նախնական ձեւերը կ’պահեն մինչեւ այժմ: Եկեղեցւոյ եւ մատուռի տանիքներու միջեւ գտնուած երկու լուսամուտներու քարերուն վրայ եւս կ’գտնուին հետեւեալ երկու յիշատակարանները. ա).«ԹՎ. ՋՂԳ. (1544) ՎԵՐՍՏԻՆ ՇԻՆԵՑԱՒ ԵԿԵՂԵՑԻՆ ՁԵՌԱՄԲ ԹՈՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ, Ի ՅԻՇԱՏԱԿ ԻՒՐ ԾՆՈՂԱՑ»: բ) «ԹՎԻՆ ՌԽԹ. (1600) ԿՐԿԻՆ ՆՈՐՈԳԵՑԱՒ ԵԿԵՂԵՑԻՆ, ՁԵՌԱՄԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ, Ի ՅԻՇԱՏԱԿ ԻՒՐ ԵՒ ԾՆՈՂԱՑՆ, ԵՒ ԽՕՃԱ ՇԷԽԻՆ, ՀՕՐԸ ԶԱԶՐԻՆ ՈՐ ԲԱԶՄԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ ՓԱՅՏ ԿՐԵԼՈՎ ԵՒ ԽԱՐՃԵԼՈՎ ՕԳՆԵԱՑ»: [64]

Հազիւ ունի երկու կամ երեք սենեակներ իբր բնակելի: Այս վանքի թեմերն էին համարւում Աւրան, Կուրաւու, Ձխաւու, Սալորիկ, Դերիկ, Ախճակ, Արտերթ, Ալիճան և Շէխ Եուսուֆ գիւղերը: Վանքն ունի բաւականին բարեբեր ու մշակելի հողեր ու արտավայրեր: [65]

1) Աշտիշատի աւերակները (Աղբիւր՝ Р.Бекгулянц, По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г.)
2) Սուրբ Սահակ Պարթեւի դամբարանը (Աղբիւր՝ Р.Бекгулянц,
По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г.)

Սուրբ Սահակ Պարթևի (Աշտիշատի) վանք

Սուրբ Սահակի վանքը տեղակայուած է վաղմիջնադարեան Հայաստանի գլխաւոր հեթանոսական ապա քրիստոնէական նշանաւոր կենտրոններից մէկում` Աշտիշատ աւանի մօտ, որի տեղը 20–րդ դարի սկզբներին գտնւում է Դերեկ անունով անշուք հայաբնակ գիւղը։ Վանքի բլրակից բացւում է Մշոյ դաշտի բազմաթիւ գիւղերի, Մեղրագետի ու Արածանիի տեսարանը:

Ըստ աւանդութեան վանքը հիմնադրուել է Ս. Գրիգոր Լուսաւորչի կողմից։ 19-րդ դարի երկրորդ կէսի և 20–րդ դարի սկզբի դրութեամբ վանքը լքուած վիճակում էր, իսկ նրա շինութիւնները` քայքայուած։

1897 թ. հրատարակուած մի վկայութեան մէջ կարդում ենք. «այսօր բնաւ լոյս մը չտար այն շքեղութեանց, եւ բացի քանի մը աղքատ մատուռներու մնացորդներէ եւ բաւական մեծադիր եկեղեցւոյ մը աւերակէ զատ` իր շուրջը նշանաւոր բան մը չերևիր։ (...) Իր պարիսպները եւ որմերը գրեթէ գետնի հաւասար եղած են ամեն կողմանէ. իր ներքին կողման երկարութիւնը ճիշդ 38 ոտք է, եւ լայնութիւնը 31, իսկ կրաշաղախ որմերու թանձրութիւնը 8 ոտք»։ [66]

Տրդատ եպիսկոպոս Պալեանն իր «Հայ վանորայք» գրքում տալիս է վանքի աւերակների հետևեալ նկարագրութիւնը. «Վանքի պատերու քարերն աստ ու անդ ցրուած են, եւ այժմ հին Տաճարի տեղւոյն վրայ, կամ աւելի ճիշդը՝ քովիկը շինուած է մատուռ մը, կամ թէ ըսենք փայտաշէն եկեղեցի մը, որուն ներքեւ նկուղի մը մէջ կ’գտնուի մեր Ս. Եկեղեցւոյն մտաւորական լոյս ջամբող մեծագործ անձին ու հանճարին՝ Սրբոյն Սահակայ Հայրապետի Դամբարանը: Ս. Սահակայ Դամբարանին քով կ’գտնուի նաեւ Սրբուհի Շուշանի գերեզմանն եւ ուրիշ երկու գերեզմաններ: (...) Քայքայուած Տաճարին մէջտեղերը, կիսակործան կ’մնան դեռ, իրարմէ անջատ, երեք խորաններ կամ կամարներ որոնք եռանկիւն մը կազմած հաստատապէս կ’ցուցնեն եւ աչքի առջեւ կ’բերեն Մայր Տաճարի բուն դիրքը կամ տեղը, եւ մեծ դրան հետքն ու քովընտի մատուռները: Աւանդութեամբ կ’ըսուի թէ, նոյն երեք խորաններէն հարաւային խորանը կ’կոչուէր «Միւռոնի Խորան», եւ այս խորանին վրայ Աշտից անուն վանք մ’ալ կայ, որուն տեղն անծանօթ կ’մնայ մեզի (...):  Աւանդութիւնը կ’ըսէ նաեւ թէ Մայր Տաճարին առաջակողմէն կ’բարձրանար շքեղ եւ հոյակապ Կաթողիկէ մը, մեծ Խաչով մը: Մկրտութեան աւազանին քով մեծ Խաչքար մը կ’մնայ մինչեւ այժմ, որ ժողովրդեան համար նուիրական է եւ որուն «Քրտինքի Քար» կ’ըսեն վրան կ’գտնուի հետեւեալ թուականը ՌԼ. (1581)»: [67]

Մուշի և Մշոյ դաշտի այլ` աւերակ վանքեր

  • Արքավանք. Մշոյ դաշտի համանուն գիւղի մօտակայքում։
  • Սուրբ Արիստակէսի վանք. Թել գիւղից մօտ 2 կմ հեռաւորութեան վրայ։
  • Գասպարի վանք. Մոկունք գիւղի մօտակայքում։
  • Սուրբ Գէորգ. Ապըլպըհար գիւղի մօտակայքում։
  • Սուրբ Գէորգ. Պաղլու գիւղի մօտակայքում։
  • Սուրբ Գէորգ. Սուլուխ գիւղի մօտակայքում։
  • Սուրբ Կարապետի վանք. Բերդակ գիւղի մօտակայքում։ Հարևան գիւղերի
    ժողովրդի համար սիրուած ուխտավայր է։
  • Սուրբ Մեսրոպի վանք. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Հացիկ գիւղի մօտ։ 19-րդ դարի վերջին և 20–րդ դարիս սկզբներին վանքից պահպանուել է միայն Մեսրոպ Մշտոցին նուիրուած փոքրիկ վկայարան։
  • Սուրբ Սիոնի վանք. Աւզուտ գիւղի մօտակայքում, Գրգուռ լեռան ստորոտը։ 19-րդ դարի վերջին և 20–րդ դարիս սկզբներին վանքից պահպանուել է միայն մի մատուռ, որը ուխտատեղի է շրջակայ գիւղերի բնակիչների համար։ [68]
  • [1] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du Génocide, Paris, ARHIS, 1992, էջ 479:
  • [2] Սարգիս Բդէեան, Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, Գահիրէ, Հրատ. հայ ազգ. հիմանդրամ, 1962, էջ 90:
  • [3] Ըստ Մուշի առաջնորդարանի քարտուղար Նազարէթ Մարտիրոսեանի տուեալների («Վան–Տօսպ», հասարակական, քաղաքական, գրական շաբաթաթերթ, Թիֆլիս, Ա. տարի, № 12, 1916, Փետրուար 14, էջ 8 )։
  • [4] Նույն։
  • [5] Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի արդարադատության և դավանանքների մինիստրության ներկայացուած եկեղեցիների և վանքերի ցուցակներն ու թաքրիրները (1912-1913 թթ)», in Էջմիածին, պաշտօնական ամսագիր հայրապետական աթոռոյ Սուրբ Էջմիածնի, 1965, Բ–Գ–Դ, էջ 183։
  • [6] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Թեհրան, 2014, էջ 107։
  • [7] «Վան–Տօսպ»..., № 12, 1916, Փետրուար 14, էջ 8։
  • [8] Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի…», էջ 183։
  • [9] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 107։
  • [10] Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի…», էջ 183։
  • [11] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 107։
  • [12] «Վան–Տօսպ»..., № 12, 1916, Փետրուար 14, էջ 8։
  • [13] Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի…», էջ 183։
  • [14] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 107–108։
  • [15] «Վան–Տօսպ»..., № 12, 1916, Փետրուար 14, էջ 8։
  • [16] Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի…», էջ 183։
  • [17] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 108։
  • [18] «Վան–Տօսպ»..., № 12, 1916, Փետրուար 14, էջ 8։
  • [19] Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի…», էջ 183։
  • [20] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 108։
  • [21] Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Կ–Ն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1991, էջ 893։
  • [22] 852 թ. Սուրբ Փրկիչ եկեղեցում Խութեցի Յովնանի և նրա մարտիկների ձեռքով սպանուել է արաբ հրոսակների ղեկավար Եուսուֆը (նոյն)։
  • [23] «Լումայ», Թիֆլիս, 1899, Գիրք Ա, էջ 139:
  • [24] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 108։
  • [25] Նախքան Մեծ Եղեռնը Մշոյ թեմի քարտուղար Նազարէթ Մարտիրոսեանն իր վիճակագրութեան մէջ թուարկում է 109 հայաբնակ գիւղի անուն («Վան–Տօսպ», №12, 1916, Փետրուար 14, էջ 8–9), Թէոդիկը Հայոց պատրիարքարանի 1913-14 թթ. մարդահամարի տուեալների հիման վրայ 101 բնակավայրի անուն է տալիս (Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 110–125)։
  • [26] Kévorkian/Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 487։
  • [27] 1878 թ. տուեալներն ըստ՝ Արիստակէս Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878 թ., Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985, էջ 48-54, 1902 թ. տուեալներն ըստ՝ Վիճակագիր Մշոյ Առաջնորդական Թեմին վարժարանաց, եկեղեցեաց, վանօրէից, վկայարանաց, շէն եւ աւեր (ի դաշտ Մշոյ եւ շրջակայս) մատրանց, նուիրական տեղեաց, բնակչութեան աւանաց եւ շինից եւ եկեղեցական պաշտօնէից, հաւաքեալ ըստ հրահանգի Ազգ. Պատրիարքարանի 1902», Հ.Յ.Դ., անձնական գրութիւններ, Գեղամ Տէր-Կարապետեան (Տատրակ), անհատական հաւաքածու (փաստաթուղթը մեզ է տրամադրուել Յուշամատեանի կողմից), տե՛ս նաև Մուշ – Ժողովրդագրութիւն, հեղինակ՝ Ճորճ Աղճայեան www.houshamadyan.org/arm/mapottomanempire/bitlispagheshvilayet/kazaofmush/mushlocale/mushdemography.html), 1913-14 թթ. տուեալներն ըստ՝ Kévorkian/Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 477-490։
  • Եկեղեցիների կառուցման (վերանորոգման)  թուականները տրւում են ըստ Թուրքիայի արդարադատության և դավանանքների նախարարութեանը Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից 1913 թ. ներկայացուած ցուցակի տուեալների (Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի…», էջ 183 (աղբիւրում թուականը նշուած է ըստ իսլամական տոմարի, մեր կողմից վերածուել է գրիգորեանի)) և Վիճակագիր Մշոյ Առաջնորդական Թեմին վարժարանաց, եկեղեցեաց, վանօրէից, վկայարանաց, շէն եւ աւեր...։
  • Մեծ Եղեռնի նախօրեակին տուեալ եկեղեցու սպասաւորող քահանայի անունը տրւում է ըստ Թէոդիկի տուեալների (Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 110-125)։
  • [28] Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, տպ. «Սեւան», 1956, էջ 290-291։ Վանքերի վերոնշեալ թուին պէտք է աւելացնել նաև մէկը` Մամգունի վանքի անունը, որը յիշատակում է Տրդատ եպիսկոպոս Պալեանն իր «Հայ վանորայք» գրքում (Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2008, էջ 255)։
  • [29] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 249։
  • [30] «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, Հայկական Հանրագիտարան հրատարակչութիւն, 2002, էջ 755։
  • [31] Նոյն։
  • [32] Նոյն։
  • [33] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 249։
  • [34] «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան..., էջ 756։
  • [35] Նոյն, էջ 755։
  • [36] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 249։
  • [37] «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան...», էջ 755-756։
  • [38] Սասունի, Պատմութիւն Տարօնի, էջ 289։
  • [39] Կարապետ Լուսարարեան, Գաւազանագիրք: Յաջորդութիւնք վանահարց ուխտիս Ս. Կարապետի Տարօնոյ, Երուսաղէմ, տպ. Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց, 1912. էջ 106։
  • [40] Նոյն, էջ 111-113։
  • [41] «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչութիւն, 1996, էջ 165-166։
  • [42] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 110-111։
  • [43] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 251; Կամսար Աւետիսեան, Հայրենագիտական էտիւդներ, Երևան, «Սովետական գրող» հրատարակչութիւն, 1979, էջ 208։
  • [44] Նոյն։
  • [45] Նոյն։
  • [46] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 251-252։
  • [47] Նոյն։
  • [48] Կամսար Աւետիսեան, Հայրենագիտական էտիւդներ, էջ 206-207; Առաքել Պատրիկ, «Մշոյ Առաքելոց վանքի դուռը», in Էջմիածին, Թ., 1952, էջ 23-26։ Մէկ այլ վարկածով դուռը տեղափոխուել է Բիթլիս թուրքերի կողմից` այնտեղի մզկիթներից մէկում տեղադրուելու նպատակով (Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 125)։
  • [49] Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, Երևան, ՀՍՀ հրատարակչութիւն, 1981, էջ 658։
  • [50] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 125։
  • [51] Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Դ–Կ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, էջ 193։
  • [52] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 254:
  • [53] Նոյն; Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1953, էջ 93։
  • [54] Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 94; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան..., էջ 194։
  • [55] Նոյն։ Մշոյ Գեղամը (Գեղամ Տէր–Կարապետեան) տալիս է ծառի հետևեալ գեղեցիկ նկարագրութիւնը. «Եղրդուտը մշտադալար ծառ մըն է, միջակ մեծութեամբ` փոքրասարաս ծառերու տեսակէն։ Մինչեւ հիմա կ’ապրի այս ծառուկը վանքի արեւելքը` տաճարին քովիկ, մշտահոս աղբիւրի մը շալակ` իր խնկենի շուքով։ Գրեթէ միակն է իր տեսակին մէջ Սիմի այդ շղթային վրայ եւ մասնաւոր խնամքով կը պահպանուի։ Բոլորտիքը ցանկով եւ պատով պատսպարուած է, արմատին քովեր ցան ու ցիր թափուած կը մնան խաչքարերու նշխարներ եւ դերբուկները վաղաշէն մատուռի մը։ Նուիրական է եղրդուտը` մանաւանդ հայ կնիկնեու եւ աղջիկներու, ցաւագար հիւանդներու, որոնք ամէն ատեն երբ այցելեն` լաթերով պիտի պատատեն անոր ոստն ու տերեւը – ցաւն ու չոռը հոն թողելու համար եւ կը տանին ջերմեռանդութեամբ անոր դալարի տերեւները եւ թուփերը իբր բուժիչ` ախտերու եւ հիւանդութեանց։ Կանանչութիւնը այս ծառի խորհրդաւոր մէկ հմայքը կը կազմէ ուխտաւոր երկիւղած ժողովրդին, որ դարերէ ի վեր դիւթուեր է ծառերու սօսափիւնէն, ջերմուկներու խոխոջէն եւ բարձանց ու խորոց սրբութիւններէն» (Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 96)։
  • [56] Նոյն։
  • [57] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 254։
  • [58] Նոյն։
  • [59] Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան..., հատոր 2, էջ 194։
  • [60] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 254։
  • [61] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 113։
  • [62] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 255; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Կ-Ն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1991, էջ 715։
  • [63] Նոյն։
  • [64] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանորայք, էջ 256։
  • [65] Նոյն:
  • [66] «Մշոյ աշխարհ», «Լումայ» գրական, քաղաքական, պատմական և հասարակական հանդես, Թիֆլիս, 1897, № 1, էջ 144։
  • [67] Նոյն, էջ 257-258։
  • [68] Սասունի, Պատմութիւն Տարօնի, էջ 290-291։