Սասունէն համայնապատկեր մը։ Ձախին Գոմք գիւղի եկեղեցական համալիրին աւերակները։ Լուսանկար՝ Ճորճ Աղճայեանի։

Սասուն - Եկեղեցիներ եւ վանքեր

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 03/10/2017 (վերջին փոփոխութիւն՝ 03/10/2017)

Սասուն. վարչատարածքային բաժանում

«Հսկայ լեռների. խորունկ ձորերի, միմեանց վրայ հեծած, միմեանց փոր մտած պոռթկումների և պատռուածքների մի խառնարան է Սասունը, որը որպէս մի վիթխարի զանգուած, բարձրանում է Մուշի դաշտի հարաւային կողմում, կազմելով Տաւրօսեան լեռնաշղթայի միջին բարձրութիւնը։ Մուշից սկսած լեռ լեռի վրայ, կատար կատարի թևակոխելով, մի ոլորապտոյտ ճանապարհ ձեզ տանում է դէպի վեր, կապուտակը, դէպի Ծիրնկատարը, ապա իջնելով մի մեծ ձորի մէջ, նորից ձեզ տանում է դէպի նորանոր բարձունքներ և նորանոր կատարներ, ամեն անգամ ձեր առաջ բացելով նորանոր խորխորատների տեսարաններ. նորից լեռներ, նորից ձորեր և այսպէս շարունակ ու անվերջ» [1]։

Անդոկ լեռը, տեսարանը Կէլիէկիւզան գիւղէն (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris, 1992)

Սասուն լեռնագաւառը կամ պատմաաշխարհագրական մարզը հնում մտնում էր պատմական Հայաստանի Աղձնիք (ուրարտական և ասորեստանեան սեպագիրներում յայտնի է որպէս Ալզինի կամ Ալշինի) և Տուրուբերան նահանգների կազմի մէջ [2]։ Սասուն անուան հնագոյն յիշատակութիւնը «Սասսու» ձևով պահպանուել է ասորեստանեան սեպագիր արձանագրութիւններում [3]։ Անանիա Շիրակացուն վերագրուող «Աշխարհացոյցի» մէջ (7-րդ դար) յիշատակւում է որպէս «Սանասուն»` Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տաս գաւառներից մէկը [4]: Սասուն երկրամասի արևմտեան շրջանները գտնւում էին Տուրուբերան նահանգի Ասպակունիք գաւառի կազմում [5]։

Աշխարհագրական առումով Սասունը տեղակայուած է Հայկական Տաւրոսի լեռնաշղթայի վրայ` հիմնականում գրաւելով Պաթման գետի վերին հոսանքները։ Արևելքից երկրամասը սահմանակից է Սղերդին, արևմուտքից` Կինճին, հարաւից` Տիգրանակերտ/Տիարպեքիրի դաշտին, հիւսիսից` Մուշի դաշտին։ Սասունի հիւսիսային մասով ձգւում է Կորդուքի լեռնաշղթան, կենտրոնում բարձրանում են Տալւորիկի լեռները, հարաւում` Խարզանի լեռները։ Հիւսիս–արևելքում տարածուած են Խութի լեռները, արևելքում բազմած է Ծովասարը` իր լայնանիստ լանջերով, հարաւ–արևելքում երկնքի մէջ է մխրճւում Մարաթուկը [6]։

Սասունի Հազօ բնակավայրը. ընդհանուր տեսարան (Աղբիւր՝ Victor Pietschmann, Durch kurdische Berge und armenische Städte, Wien, 1940)

20-րդ դարի սկզբներին Սասունի լեռնաշխարհն ընդգրկուած էր Օսմանեան կայսրութեան արեւելեան վեց նահանգներից մէկի` Բաղէշի (Պիթլիսի) նահանգի կազմում։ Օսմանեան իշխանութիւնները բաժանել էին լեռնաշխարհի տարածքը նահանգի երեք գաւառների միջև. արևելեան Մոտկան գաւառակը (Խութ–Բռնաշենը ներառեալ) գտնւում էր Պիթլիսի գաւառի, կենտրոնական շրջանները (Շատախ, Գաւառ, Հազօ–Գապըլճօզ) Մուշի գաւառի և արևմտեան շրջանները (Խուլփ–Խիանք, Տալւորիկ)` Կինճի գաւառի կազմում։ Որոշ ուսումնասիրողներ Սասունի լեռնաշխարհի կազմի մէջ ընդգրկում են նաև Խարզանը, որը վարչականօրէն պատկանում էր Պիթլիսի նահանգի Սղերդի գաւառակին [7]։

Մեծ եղեռնի նախօրեակին վերոնշեալ սահմանների մէջ պարփակուած Սասունի պատմաաշխարհագրական մարզում կար մօտ 500-550 բնակավայր, որից շուրջ 200–250-ը զուտ կամ խառը հայաբնակ էին [8]։ Հայոց պատրիարքարանի 1913-1914 թթ. մարդահամարների տուեալների հիման վրա պատմաբան Ռէմոն Գէորգեանի կատարած հաշուարկներով` Սասունի Հազօ–Գապըլճօզ, Փսանք, Խիանք, Խուլփ, Տալւորիկ, Շատախ (Ծովասար), Մոտկան, Խութ–Բռնաշեն շրջաններում Մեծ եղեռնի նախօրեակին կար 183 հայաբնակ  բնակավայր` 29,702 շունչ հայ բնակչութեամբ [9]։

Սասունի տարածքը 8-րդ դարից առ 18-րդ դարն ընդգրկուած է եղել Սասնոյ եպիսկոպոսական վիճակի մէջ` ունենալով յաջորդաբար վիճակի առաջնորդ-եպիսկոպոսներ (առաջնորդանիստ` Մշոյ Սբ. Առաքելոց վանք)։ 19-րդ դարի սկզբներին, երբ գաւառի վարչական կենտրոնը տեղափոխւում է Սղերդ, Սասնոյ առաջնորդութիւնը նոյնպես տեղափոխւում է Սղերդ և առնում Սղերդի առաջնորդութիւն անունը` իր թեմական շրջանակի մէջ ընդգրկելով ապագայ Պիթլիսի նահանգի Մշոյ գաւառի Սասունի գաւառակի, ինչպէս նաև Սղերդի գաւառի Սղերդի, Շիրվանի, Խարզանի գաւառակները, Կինճի գաւառը և Տիարպեքիրի` Լըճէ, Սլիվան, Տերիկ, Պշերիկ, Հազրօ գաւառակները։ 1865 թ. Սասունի տարածքի հիւսիսային հատուածը փոխանցւում է Մշոյ առաջնորդութեան ենթակայութեան տակ [10]։

1
2
3

1) Պատկեր, 1507 թուական, Աղբերիկ (կամ Վանդիր) վանքի Աւետարան: Գրիչ՝ Գրիգոր աբեղայ: Ներկայիս կը գտնուի Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ, ձեռագիր № 5178 (Աղբիւր՝ Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, Երեւան, 2005)։
2) Պատկեր, 1507 թուական, Աղբերիկ (կամ Վանդիր) վանքի Աւետարան: Գրիչ՝ Գրիգոր աբեղայ: Ներկայիս կը գտնուի Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ, ձեռագիր № 5215 (Աղբիւր՝ Ա. Գէորգեան,
Անանուն հայ մանրանկարիչներ, Երեւան, 2005)։
3) Պատկեր, 1490 թուական, Եղրդուտի (Սուրբ Յովհաննու) վանքի Աւետարան: Գրիչ՝ Ստեփանոս: Ներկայիս կը գտնուի Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ, ձեռագիր № 4766 (Աղբիւր՝ Ա. Գէորգեան,
Անանուն հայ մանրանկարիչներ, Երեւան, 2005)։

Այսպիսով, 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբներին Հայ Առաքելական Եկեղեցու թեմական պատկանելութեան առումով Մշոյ գաւառի Սասունի գաւառակի տարածքը, ինչպէս նաև Կինճի գաւառի մաս կազմող Սասունի Խուլփ–Խիանքի և Տալւորիկի շրջանները մտնում էին Պոլսի Հայոց պատրիարքարանի Տարօնի (Մուշի) արքեպիսկոպոսական թեմի կազմի մէջ։ Մոտկանն ու Խութ–Բռնաշենը Բաղէշի եպիսկոպոսական վիճակին պատկանող տարածքներ էին [11]։ Հազօ–Գապըլճօզի շրջանի հարաւի որոշ տարածքներ Սղերդի գաւառի Խարզանի գաւառակի գիւղերի հետ միասին գտնւում էին Սղերդի եպիսկոպոսական թեմի իրաւասութեան տակ [12]։

Մեծ եղեռնի նախօրեակին Սասունի 183 հայաբնակ բնակավայրերի տարածքում կար գործող և ամայի 153 եկեղեցի և 10 վանք։ Այդ թւում` Սասուն (Հազօ, Փսանք, Խիանք, Խուլփ, Տալւորիկ, Ծովասար, Խութ–Բռնաշեն)` 127 եկեղեցի և 6 վանք, Մոտկան` 26 եկեղեցի և 4 վանք [13]։

Սասունի վանքերը

Սասունի մէջ յիշւում են տասնեակ վանքեր և ուխտատեղիներ` Մատին Առաքեալ, Աթանիա, Սբ. Աղբերիկ, Սբ. Թէոդորոս, Սբ. Յովհաննէս, Մարաթուկ, Հռեցվար, Քիսթըվառ, Քառասուն Մանկունք, Սբ. Վառվառ, Սբ. Սարգիս, Սբ. Աստուածածին, Սբ. Գէորգ, Սբ. Խաչ, Մեղօք Քար, Սբ. Յակոբ և այլն։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի դրութեամբ վերոնշեալ վանքերից միայն մի քանիսն էին գործող։ Մնացածները լքուած, շատերը կիսաւեր վիճակում էին` վերածուելով սասունցիների ուխտագնացութեան վայրերի։ Դրանցում եկեղեցական արարողութիւններ էին կատարւում միայն առիթից առիթ, յատկապէս` ուխտագնացութեան օրերին։

Ստորև առանձին ներկայացնենք Սասունի առաւել նշանաւոր վանքերը։

Աղբերիկի վանք (գործող)

Աղբերիկի վանքը (յայտնի է նաև որպէս Աղբրիկ, Աղբերկա, Աղբիւրիկի կամ Վանդիր վանք) գտնւում էր Սասունի Խութ գաւառակում. «Հիմնուած է ձորի մը մէջ, լերան մը կշտին, երեք կողմամբ շրջապատուած է Խաչառաջու բարձրաբերձ լերամբ, իսկ աջ կամ հարաւային կողմն կը պարզուի Բռնաշինու եւ Դաւթայ փոքր դաշտն» [14]։

Վանքի անունը ծագել է դրա տարածքում բխող աղբիւրից, որին բուժիչ յատկութիւններ էին վերագրում։ Ըստ աւանդութեան վանքը հիմնադրուել էր 1-ին դարում Սբ. Թադէոս Առաքեալի կողմից, ում անունով էլ աղբիւրը յայտնի էր որպէս Սբ. Թադէի [15]։ Նա աղբիւրի է թաթախել Յիսուս Քրիստոսի խաչելութեան ժամանակ օգտագործուած գամերից մէկը, ինչից յետոյ աղբիւրը ձեռք է բերել իր հրաշագործ յատկութիւնները։ Ուխտաւորները կոչում էին աղբիւրը «սրբաջուր»` մեղք համարելով հաւաքած ջրից անգամ մէկ կաթիլ թափել գետնի վրայ [16]։

 Վանքի մայր տաճարի շէնքը կառուցուել էր 9-րդ դարում։ Վանքը բաղկացած էր մատուռից, գաւթից և իրար հետ հաղորդակցուող մի քանի եկեղեցի–վկայարաններից (Ս. Աստուածածին, Ս. Փրկիչ, Ս. Կարապետ, Ս. Ստեփանոս և այլն)։ Ուշ միջնադարում վանքը պարսպապատուել էր։

Գոմք գիւղի եկեղեցական համալիրին աւերակները։ Լուսանկար՝ Ճորճ Աղճայեանի։

Ժամանակակիցները նկարագրում էին վանքի շինուածքը որպէս «բերդանման», գլխաւոր եկեղեցին` «գեղեցկակերտ» [17]։ 20-րդ դարի սկզբներին վերաբերող վանքի նկարագրութիւններից մէկում կարդում ենք. «Յոյժ աններդաշնակ եւ նախնական կառուցուածք է Աղբերիկի վանքը, ցածր ու մութ, խոնաւ, խորհրդաւոր եւ առաջին մուտքին` ահարկու։ Բացի սպիտակ եւ հայկական ճարտարապետութեան ոճը, դասական ոճը ներկայացնող գմբեթէն, որ վեհօրէն կը տիրապետէ վանքին բովանդակ շրջափակին վրայ, մենաստանը չունի որեւէ արտաքին տեսք կամ նիւթական գրաւչութիւն։ Բուն մատուռը եւ տաճարներու շարքերը ունին ճիշդ միեւնոյն մակերեսն, ինչպէս վանականների խուցերն ու ուխտաւորներին վերապահուած 70ի չափ սենեակները, որոնց մեծ մասը այժմ խարխլած եւ անբնակելի դարձած է։ Մատուռի գլխաւոր դուռը կը բացուի վանքի քառակուսի գաւիթին վրայ։ Մուտքի շեմք կազմող քարը կարծր որձաքարի կոպտօրէն յղկուած մի քառակուսի է։ Դուռը շինուած է ամուր փայտէ, հաւանաբար եբբենոսէ։ ...Փոքրիկ ու ցածր է դուռը։ Գմբէթի ապակւոյ նեղ պատուհաններէն դուրս թափանցող լոյսը հազիւ կը լուսաւորէ տաճարների կենդրոնական խորանը եւ մատուռի առաջամասը։ Թեւերն ու մուտքի մասը թաղուած են յաւիտենական մթութեան մէջ։ Երկու թեւերը կազմուած են երկու շարք կոշտօրէն կոփուած քարէ սիւներով, որոնք խառն ի խուռն կը յառաջանան մինչեւ տաճարների երկու շարքը» [18]։

Վանքում էր պահւում Յիսուս Քրիստոսի խաչափայտից մի կտոր, որը յայտնի էր որպէս «Գործել–Յարոյց» [19]։

Նախքան Մեծ եղեռնը Աղբերիկի վանքում գործել է դպրոց` գիշերօթիկ, ուր ընդունւում էին յատկապէս որբ երեխաները [20]։

1899-ին վանքը ենթարկուել է քրդերի յարձակման, որի արդիւնքում սպանուել է վանահայրը` Ղազար վարդապետը։ 1908–ին քրդերի յարձակման զոհ է դարձել վանքի յաջորդ վանահայր` Զաքարիա վարդապետ Աւտալեանը [21]։ 1914-ին վանահայրը Խաչատուր վարդապետն էր, ով դպրոցի աշակերտների և միաբանութեան անդամների հետ զոհուել է Մեծ եղեռնի ընթացքում [22]։

Գոմք գիւղի եկեղեցական համալիրը։ Շատ հաւանաբար Սբ. Պետրոս Առաքեալի վանքի աւերակներն են (յայտնի էր նաև Մատնեվանք, Մատին–Առաքեալ, Մատին առաքելոյ, Ճկութի Սբ. Պետրոսի, Փսանքի Գոմաց վանք անուններով)։ Կը գտնուի Մարաթուկ լերան արևմտեան ստորոտին՝ Գոմք և Միջգեղ գիւղերուն քով։ Լուսանկարուած է 1970-ականներուն (Աղբիւր՝ Rensselaer Polytechnic Institute (RPI) collection, Troy, New York)։

Սբ. Պետրոս Առաքեալի վանք (գործող)

Սբ. Պետրոս Առաքեալի վանքը (յայտնի էր նաև Մատնեվանք, Մատին–Առաքեալ, Մատին առաքելոյ, Ճկութի Սբ. Պետրոսի, Փսանքի Գոմաց [23] վանք անուններով) Սասունի առաւել նշանաւոր վանքերից մէկն էր։ Գտնւում էր Մարաթուկ լերան արևմտեան ստորոտին «կոնաձեւ բլուրի մը քարուտ կողքին»` Գոմք և Միջգեղ գիւղերի մօտ [24]։
 
17-րդ դարի սկզբին Արևմտեան Հայաստանի վանքեր այցելած Սիմէոն Լեհացին վանքի մասին հաղորդում է հետևեալ տեղեկութիւնները. «Մին` Մատնէվանք, ուր կայ Պետրոս առաքելոյն մատն եւ այլ բազում նշխարք, զոր եբեր Սասնցի տանուտէրն ի Հռոմայ եւ շինեաց ի վերայ եկեղեցին եւ կոչեաց Մատնէվանք» [25]։

Սասունցիների շրջանում տարածուած աւանդութեան համաձայն` Պետրոս Առաքեալը երևացել է իր գործած մեղքերով յայտնի Գոմք գիւղի գիւղապետին` տալով նրան իր ճկոյթի ոսկորը և պատուիրելով Սասունի մէջ վանք կառուցել և մասունքն այնտեղ դնել [26]։

Վանքը հիմնադրուել էր 9-րդ դարում [27]։ Վանքի գլխաւոր տաճարը վաղեմի շէնք էր` կառուցուած 9-րդ կամ 10-րդ դարում։ Իր գեղեցկութեան շնորհիւ տեղացիների կողմից ստացել էր քրդերէն «Պուքէ ճէննէթէ» (Դրախտի հարս) անունը։ Վանքի մաս էր կազմում Սբ. Աստուածածնի վկայարանը [28]։

1
2

1) 1242 թուական, Աւետարան, Սուրբ Կարապետի վանք: Գրիչ՝ Վարդան: Ներկայիս կը գտնուի Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ, ձեռագիր № 3528 (Աղբիւր՝ Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, Երեւան, 2005)։
2) 1272 թուական, Աւետարան, Տարօնի շրջան: Գրիչ՝ Կարապետ, Կիրակոս: Ներկայիս կը գտնուի Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ, ձեռագիր № 284 (Աղբիւր՝ Ա. Գէորգեան,
Անանուն հայ մանրանկարիչներ, Երեւան, 2005)։

Միջնադարի ժամանակաշրջանում վանքն ունէր ժառանգական առաջնորդութիւն. այնտեղ էին նստում Սասունի թեմի առաջնորդները [29]։ Վանքը հարուստ էր իր կալուածքներով. «Ունէր աւելի քան 200 թեմական գիւղեր, մշակելի ընդարձակ հողեր, այգիներ, հատաններ եւ խոտհունձեր, զորոնք կը մշակէր եւ հարիւրաւոր ոչխարներ եւ տաւարներ կը պահէր. ունէր նաեւ շարժուն հարստութիւններ, մանաւանդ Վարդան Մամիկոնեանի պողպատէ վահանը, որ մեծ խնամքով կը պահուէր գանձարանին մէջ իր պատեանով...» [30]։

Դէպի Մատնեվանք ուխտագնացութիւնը կատարւում էր ուշ գարնան և ամռան ամիսներին` Սբ. Յարութեան, Վարդավառի և Սբ. Աստուածածնի տօներին։ Ուխտաւորների թիւը հասնում էր հազարների [31]։

20-րդ դարի սկզբներին վանքը գործող էր։ Վանքի մէջ կար դպրոց։ Վանահայրերն էին` Պետրոս Վարդապետ Աստուածատրեան և Ստեփան վարդապետ Պաղտասարեան [32]։

Գոմք գիւղի եկեղեցական համալիրին աւերակները։ Լուսանկարներ՝ Նորայր Շահինեանի։

Սբ. Աթանագինէսի վանք (գործող)

Սբ. Աթանագինէսի վանքը գտնւում էր Սասունի Շատախ գաւառակում` Շուշնամերկ գիւղի հարևանութեամբ։ Տաճարը քարուկիր էր, շրջապատուած անտառով։ Ըստ աւանդութեան կառուցուել էր Գրիգոր Լուսաւորչի կողմից 4-րդ դարում։

Վանքը ամայացել էր 1860-ական թթ. վերջին, 1886 թ. մասամբ վերշինուել էր, սակայն նորից ամայացել 1890-ական թթ. կէսերի համիդեան կոտորածներից յետոյ [33]։

Վանքը սասունցիների ամենասիրուած ուխտատեղիներից ու հաւաքավայրերից մէկն էր։ Վանք ուխտի էին գնում Համբարձման տօնի օրը [34]։

Սբ. Կոնոնոսի վանք (գործող)

Սբ. Կոնոնոսի վանքը գտնւում էր Հազօ–Գապըլճօզի շրջանում` Նորաշէն բնակավայրի մօտ։

1883 թ. Օսմանեան կայսրութեան արեւելեան հայաբնակ նահանգների տարածքով շրջած Մանուէլ Միրախորեանը տալիս է վանքի հետևեալ նկարագրութիւնը. «Ս. Կոնոնոսի վանքը կառուցեալ է երեք կողմէ զինք շրջապատող լերանց եւ բլրոց միջեւ, եւ է օդաւէտ ու ջրաւէտ. ունի բաւական ծառաստանք թթենեաց, թզենեաց եւ նռնենեաց, որք վանուց շրջապատի սահմանը կը զարդարեն ու կը գեղեցկացնեն նորա տեսարանն։ Մենաստանն գեղեցկաշէն եւ օրօրոցաձեւ է, որոյ շինութեան թուականն ինձ մնաց անծանօթ, հակառակ յետամտութեանս։

«Վանուց դրսի ձախակողմեան մուտքին քով եկեղեցւոյ պատին կից կը տեսնուի Ս. Կոնոնոսի տապանն, մի անշուք վիճակի մէջ, առ որ ամեն կողմանէ Հայ գիւղացիք կըգան ի ուխտ, նոյնպէս եւ Քուրդք, որք զայն կանուանեն «Շէյխ-Էօմէր» եւ ունին վանուց մէջ իւրեանց յատուկ աղօթատեղին։ Աստ կայ մի այլ փոքրիկ տեղի, ո՛ւր ՚ի վանս ուխտի բերուած խելագարներ կը կապեն ցցոյ յատուկ շղթայով մը, եւ մի քանի օր կապեալ կենալէն զկնի «իր մուրատ» առած կը համարուի եւ կը թողուն զայն։

«Տաճարի հարաւային անկիւնը կը տեսնուի մարդոյ նստուածքի չափ մէկ մեթր բարձրութեամբ հողակոյտ մը, որոյ մէջ, կ՚աւանդեն թէ սատանայի պետն կը բնակի, որ մշտնջենապէս շղթայակապ բանտարկութեան դատապարտուած է Ս. Կոնոնոսի կողմէ։

«Սոյն վանք երբեմն ունեցեր է ճոխ վիճակ մի 100էն աւելի թեմական գիւղերով, իսկ այժմ անշքացեր է եւ խիստ ամփոփուեր են իւր պարագայք։ 20 գիւղ չունի թեմական. ամենքն գաղթած եւ ցիրուցան եղած են։

«Ս. Կանոնոսի մենաստանն կը գտնուի Սղերդի Առաջնորդութեան ներքեւ, ունի միշտ մի քահանայ կամ վարդապետ վանահայր եւ մի քանի կով եւ ոչխար, որք կը ծառայեն պահապան Քրդաց ու 3-4 մշակներուն ՚ի կերակուր»
[35]։

Մեծ եղեռնի նախօրեակին վանքի վանահայրն էր Ներսէս վարդապետ Ռշտունին [36]։

Սասունի քարտէսը (Աղբիւր՝ Ա. Քալանթար, Սասուն, Թիֆլիս, 1895)։

Սբ. Աստուածածին վանք կամ Մարութավանք (լքուած)

Մարութա Սբ. Աստուածածին վանքը (Մարութավանք, Մարութա Բարձր Աստուածածին վանք, Ս. Մարաթուկի վանք) գտնւում էր Սասունի Մարութա լեռան գագաթին` ծովի մակերևոյթից 2,967 մետր բարձրութեան վրայ [37]:

Ըստ «Սասնայ ծռեր» էպոսի` Մարութավանքը կառուցել են Սանասարն ու Պաղտասարը, վերակառուցել է Դաւիթը, կարգել վանական միաբանութիւն և վանքը պաշտպանել օտար ոտնձգութիւններից: Մարութավանքը  դարձել է Սասնայ դիւցազունների սրբատեղին, որի զօրութեանն են ապաւինել իրենց բոլոր նախաձեռնութիւններում [38]:

Վանքը կազմուած էր ոչ մեծ, միանաւ եկեղեցուց, շրջապատուած էր ուղղանկիւն յատակագծով, անմշակ քարերից շարուած պարսպով [39]:

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքն ամայի և աւեր էր, կանգուն էր միայն նրա մատուռներից մէկը [40]:

Սբ. Աստուածածին վանք կամ Խոծոծվանք (լքուած)

Սբ. Աստուածածին վանքը գտնւում էր Սասունի գաւառակի Գաւառի (Ծովասարի) շրջանի Խոծոծվանք գիւղի տարածքում։ 20-րդ դարի սկզբներին վանքի քարուկիր եկեղեցին կանգուն էր և ծառայում էր որպէս Խոծոծվանք գիւղի եկեղեցի [41]։

Սուսանց Սբ. Աստուածածին վանք (լքուած)

Սբ. Աստուածածին վանքը (Սուսանց վանք, Զոզկանց վանք) տեղակայուած էր Շատախի գաւառակի Իրիցանք գիւղի մօտ` Սուսանա գետի ձախ ափին, Ծովասարի հիւսիսային ստորոտում։ 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքն ամայի էր, աւերակ վիճակում։ Շատախցիների համար ուխտատեղի էր [42]։

Կէլիէկիւզանէն հայ ընտանիք մը (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris)

Հազոյի Սբ. Աստուածածին վանք (լքուած)

Սբ. Աստուածածին վանքը տեղակայուած էր Հազոյի շրջանի արևելքում` Ասի, Սղունտ և Հրորք բնակավայրերի մօտ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վանքը լքուած էր, շինութիւնները` աւերակ վիճակում [43]։

Սբ. Գէորգ վանք կամ Քարավանք (լքուած)

Վանքը յայտնի էր նաև Քարավանք անունով։ Տեղակայուած էր Վերին Խարզանք շրջանի Հոսներ և Քարավանք գիւղերի մօտ։ 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքն ամայի էր [44]։

Ընձքարի Սբ. Գէորգ վանք (լքուած)

Ընձքարի Սբ. Գէորգ վանքը գտնւում էր Խուլփի գաւառակում` Ընձքար բնակավայրի մօտ։ 19-րդ վերջի և 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքը չէր գործում, սակայն շինութիւնները կանգուն էին։ Եկեղեցին միանաւ էր, երկու կամարակապ խորանով։ Եկեղեցու դիմաց մարմար քարով սալայատակուած էր, իսկ գերեզմանը բեմի առաջն էր` սպիտակ մարմարէ գերեզմանաքարով։

Վանքը հռչակաւոր ուխտատեղի էր սասունցի հայերի և քրդերի համար, որոնք մեծ պատրաստութեամբ էին գալիս ուխտի։ Քրդերի` ուխտագնացութեան մասնակցութեան պատճառով ուխտի օրերին Փասուրից 10-12 ոստիկան էին գալիս, որպէսզի բազմաթիւ այդ մարդկանց մէջ կարգ ու կանոն և ապահովութիւն լինէր [45]։

Գեղաշէն գիւղի բնակիչներու խմբանկար. կեդրոնը՝ դպրոցի աշակերտները, շուրջը` ծնողներու խումբ մը
(Աղբիւր`
Հայրենիք օրաթերթ, բացառիկ թիւ, «Սասունի համար», Պոսթոն, 1912)։

Սբ. Եղիա Մարգարէի վանք (լքուած)

Վանքը գտնւում էր Սասունի Խիանք գաւառակի Հեղին գիւղի մօտ։ Նշանաւոր ուխտատեղի էր, ուխտի օրը Խաչվերացն էր: 20-րդ դարի սկզբին վանքն ամայի էր, կանգուն էր միայն եկեղեցու շէնքը [46]։ Եկեղեցու ծածկը կամարաձև էր [47]։

Սբ. Թովմաս Առաքեալի վանք (լքուած)

Սբ. Թովմաս Առաքեալի կամ Սբ. Թումայի վանքը գտնւում էր Սասունի Ծովասարի շրջանի Խոծ գիւղի տարածքում։ 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքն ամայի էր, կանգուն էր միայն քարուկիր եկեղեցու շէնքը` «շէն և կամարակապ» [48]։

Սբ. Յակոբի վանք (լքուած)

Տեղակայուած էր Խիանք գաւառակի Սաղտուն գիւղի մօտակայքում գտնուող Կեպին սարի վրայ։ 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքն ամայի էր [49]։

Խնատի վանք (լքուած)

Յիշատակւում է Համազասպ Ոսկեանի կողմից` որպէս Սասունի «հին վանքերէն» մէկը։ Այլ տեղեկութիւններ բացակայում են [50]։

Սբ. Կարապետի վանք (լքուած)

Վանքը տեղակայուած էր Խութ գաւառակի Շենիստ բնակավայրի մօտ։ 20-րդ դարի սկզբներին ամայի էր, ունէր «ընդարձակ շինուածոց բեկորներ» [51]։

Քամատունի վանք (լքուած)

Քամատունի վանքը գտնւում էր Սբ. Կոնոնոսի վանքի մօտակայքում, Նորաշէն գիւղի արևելեան կողմում։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքն ամայի էր` շինութիւնները` աւերակ վիճակում։ Գլխաւոր տաճարի շէնքը սրբատաշ քարերից էր [52]։

Շէնիկի և Կէլիէկիւզանի հայ երևելի գիւղացիներ (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris)

Ժրենց վանք (լքուած)

Ժրենց կամ Ժռենց վանքը գտնուել է Վերին Խարզանի տարածքում` Հռուտ գիւղի մօտ։ Վանքի գլխաւոր տաճարն առանձնացել է իր մեծութեամբ և շքեղութեամբ` կամարակապ, սիւնազարդ, ծածկը` կամարաձև։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի դրութեամբ վանքը աւերակ վիճակում էր [53]։

Սբ. Ստեփանոսի վանք (լքուած)

Վանքը տեղակայուած էր Խուլփի շրջանի Գեղրուան գիւղի մօտակայքում։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի դրութեամբ լքուած էր։ Մայր եկեղեցու շէնքը կամարակապ էր, կանգուն, շէն ու օգտագործւում էր գիւղի բնակիչների կողմից կրօնական ծիսակատարութիւնների անցկացման նպատակով [54]։

Սբ. Թէոդորոսի վանք (լքուած)

Վանքը տեղակայուած էր Շատախի շրջանում` Շէնիկ բնակավայրի մօտ։ Քարակերտ էր, 20-րդ դարի սկզբի դրութեամբ չէր գործում։

Սասունի եկեղեցիներն ու սրբատեղիներն ըստ բնակավայրերի

Սասունի գրեթէ բոլոր հայաբնակ բնակավայրերում գոյութիւն ունէին գործող կամ ամայի եկեղեցիներ, վանքեր և այլ սրբավայրեր–ուխտատեղիներ (լուստուններ)։

Ներկայացնենք Սասունի գիւղերի եկեղեցիների, վանքերի և այլ սրբավայրերի, դրանք սպասաւորող հոգևորականների անուններն ըստ Հայոց պատրիարքարանի` 1878, 1902 և 1913-14 թթ. կազմակերպած մարդահամարների ու հաշուառումների համահաւաք և փոխլրացուած տուեալների, ինչպէս նաև այլ օժանդակ աղբիւրների [55]։ Այն գիւղերը, որոնց հոգևորականները չեն յիշուած, հովւում էին մէկից աւելի երէց ունեցող մերձաւոր գիւղերի քահանաների կողմից։

Սասունի բնակավայրերի հայ տների և շնչերի թիւը տալիս ենք ըստ 1913–1914 թթ. Պոլսի Հայոց պատրիարքարանի մարդահամարի տուեալների [56]։

Սասունի բնակավայրերը խմբաւորել ենք ըստ շրջանների` Բուն Սասուն (Վերին Գաւառ, Գաւառ (Ծովասար)), Շատախ, Փսանք, Գապըլճօզ (ներառեալ Մարաթուկի կամ Վերին Խարզանի բնակավայրերը), Հազօ, Տալւորիկ, Խիանք, Խուլբ, Խութ-Բռնաշեն, Մոտկան [57]։ Ներկայացուած են Սասունի միայն այն հայաբնակ բնակավայրերը, որոնցում մեր տրամադրութեան տակ եղած աղբիւրները վկայում են որևէ եկեղեցական շինութեան գոյութեան մասին։

Վերին Գաւառի շրջան [58]

  • Կէլիէկիւզան (143 տուն, 1025 շունչ հայ).- Սբ. Թուխմանուկ (մասամբ փայտաշէն), Սբ. Սարգիս (աւերակ, ուխտատեղի), Սբ. Կիրակոս (աւերակ), Սբ. Կարապետ (աւերակ)։ 1915 թ. բնակավայրի սպասաւորող հոգևորականներն էին Թորոս քահանայ Մուրատեանը (1915 թ.) և Առաքել քահանայ Տէր–Քաջեանը։
  • Շէնիկ (70 տուն, 690 շունչ).- Սբ. Աստուածածին (փայտաշէն, նորոգուած), Սբ. Գէորգ (նորոգուած), եկեղեցի (աւերակ), Սբ. Մարիամ (աւերակ), Սբ. Թէոդորոս (քարակերտ, խարխլուած)։ 1915 թ. գիւղը սպասաւորում էր Պօղոս քահանայ Վարդանեանը։  
  • Սեմալ (81 տուն, 889 շունչ հայ).- Սբ. Գէորգ (քարակերտ, նորոգուած), Սբ. Հռիփսիմեանց (աւերակ), եկեղեցի (աւերակ), Ծիծեռնավանք (աւերակ): Համայնքը սպասաւորող հոգևորականն էր Կարապետ քահանայ Պօղոսեանը (1915 թ.):
  • Աւերակ եկեղեցու գոյութեան մասին է վկայուած շրջանի Ալիանք (72 տուն, 566 շունչ հայ) բնակավայրում։

Սասունցի գիւղացիներ (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris)

Գաւառի (Ծովասարի) շրջան

  • Աղբի (118 տուն հայ).- Սբ. Թորոս (վաղեմի, քարուկիր, հոյաշէն), Սբ. Աստուածածին (քարուկիր, խարխուլ), եկեղեցի (աւերակ): 1915-ին համայնքը սպասաւորող հոգևորականներն էին Յովհաննէս քահանայ Սինոյեանը և  Պաղտասար քահանան:
  • Հեթինք (60 տուն հայ).- Սբ. Սարգիս (քարուկիր, վաղեմի, կանգուն), Սբ. Մարտանա (քարուկիր, վաղեմի, կանգուն), խաչքարեր։
  • Խան (13 տուն, 114 շունչ հայ).- 3 եկեղեցի (աւերակ)։
  • Արջոնք.- Սբ. Քառասուն մանկունք (քարակերտ): Համայնքը սպասաւորում էր Տէր Մկրտիչ քահանան:
  • Արգիկ (15 տուն, 110 շունչ հայ).- երկու աւերակ եկեղեցի, որոնք տեղի բնակչութեան համար լուստուն (սրբավայր–ուխտատեղի) էին հանդիսանում։
  • Շրջանի բնակավայրերից Խոծոծվանքում էր գտնւում Սբ. Աստուածածին` նոյն ինքը` Խոծոծվանքը։ Գիւղի տարածքում վկայուած է նաև երկու լուստունի (սրբավայր–ուխտատեղի) գոյութեան մասին։
  • Շրջանի բնակավայրերից մէկական աւերակ եկեղեցի ունէին Բոզըկանքը (2 տուն, 12 շունչ հայ), Ծառկանքը (Սարեկան), Հարկուռքը, Ճախրկանքը (2 տուն, 10 շունչ հայ), Մաղենքը (8 տուն, 58 շունչ հայ) և Մթրըբանքը (3 տուն, 16 շունչ հայ)։

Շատախի շրջան

  • Գեղաշէն (44 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (քարուկիր, վաղեմի), Սբ. Կիրակոս (աւերակ), Սբ. Թալիլէ (աւերակ)։ Գիւղն ունէր խաչքարերով  գերեզմանատուն։
  • Գերմաւ (Աւգերմ) (46 տուն հայ).- Սբ. Թուխմանուկ: 1915 թ. համայնքը սպասաւորում էր Գարեգին քահանան։
  • Իրիցանք (17 տուն հայ).- Սբ. Աստուածածին վանք (հողաշէն), անանուն եկեղեցի (աւերակ):
  • Շուշնամերկ (32 տուն հայ).- Սբ. Ջուխթակներ (աւերակ), Սբ. Մինաս (կիսաւեր) [59]:
  • Տափըկ (34 տուն հայ).- Սբ. Բարձր Աստուածածին (աւերակ, վաղեմի):
  • Քոփ (52 տուն հայ).- Սբ. Սարգիս (աւերակ) [60]: 1902 թ. համայնքը սպասաւորում էր Տէր Գարեգին քահանան։

Սասունցի հայեր (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris)

Փսանքի շրջան

Փսանքի շրջանում աղբիւրները վկայում են Մեծ եղեռնի նախօրեակին երկու տասնեակից աւել փոքր և միջին հայաբնակ բնակավայրերի գոյութեան մասին: Շրջանը սպասաւորող հոգևորականներն էին` Աւետիս քահանայ Տէր–Աւետիսեանը, Սարգիս քահանան և Առաքել քահանան։ Հայաբնակ բնակավայրերից էին`

  • Բելոյենք (5 տուն, 52 շունչ).- Սբ. Վարվառա (աւերակ)։
  • Բվի (2 տուն, 10 շունչ հայ).- Մուրատատուր Սբ. Սարգիս (քարուկիր, կանգուն), Շեղդար (սրբավայր)։
  • Գոմք (20 տուն, 160 շունչ հայ).- Սբ. Խաչ (աւերակ), Սբ. Աստուածածին (աւերակ), Սբ. Քառասուն Մանուկ (աւերակ), եկեղեցի (աւերակ)։ 1915-ին գիւղը սպասաւորում էր Դաւիթ քահանայ Երիցեանը։
  • Դալհոր (10 տուն, 75 շունչ հայ).- Սբ. Տղամանուկ (աւերակ)։
  • Թարուք (16 տուն, 175 շունչ հայ).- Սբ. Գէորգ (քարուկիր, կանգուն), Սբ. Սիմէոն (քարուկիր, կանգուն), Սբ. Խաչ (աւերակ):
  • Խնձորիկ (27 տուն, 242 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (քարուկիր, աւերակ, ուխտատեղի):
  • Կոռնկես (7 տուն, 35 շունչ հայ).- Սբ. Գէորգ (աւերակ):
  • Մարսթօ (11 տուն, 102 շունչ հայ).- Սբ. Խաչ (կանգուն)։
  • Միջգիւղ (43 տուն, 430 շունչ հայ).- Սբ. Գէորգ (կանգուն, լուստուն, ուխտատեղի)։
  • Մկթինք (25 տուն, 276 շունչ հայ).- Սբ. Սարգիս (այլ տուեալներով` Սբ. Աստուածածին) [61] (քարուկիր, կանգուն)։
  • Ջրթնիկ (23 տուն, 180 շունչ հայ).- Սբ. Գէորգ Վիշապասպան (շէն, կամարապատ)։
  • Փսանք (11 տուն, 112 շունչ հայ).- Սբ.  Սահակ (աւերակ), եկեղեցի (աւերակ)։
  • Քաշքշենք (11 տուն, 83 շունչ հայ).- Սբ. Խաչ (աւերակ (1902 թ.), կանգուն (1913 թ.)։
  • Քիսթաղ (4 տուն, 20 շունչ հայ).- Սբ. Քրիստոփոր (կիսակործան)։
  • Շէն, կամարապատ եկեղեցի ունէր շրջանի Քաջառինք գիւղը (16 տուն, 162 շունչ հայ)։
  • Աւերակ եկեղեցիներ կային շրջանի Թաթանք (6 տուն, 60 շունչ հայ), Թաջբադրիկ (5 տուն, 45 շունչ հայ), Հաւկունք (26 տուն, 125 շունչ հայ), Փշուտ (9 տուն, 65 շունչ հայ), Քրդամանք (9 տուն, 45 շունչ հայ) հայաբնակ բնակավայրերում։

Վերին Խարզանի կամ Մարաթուկի շրջան

  • Առվտոց (6 տուն, 42 շունչ հայ).- Սբ. Գէորգ (քարուկիր, կանգուն)։
  • Արծուիք (35 տուն, 325 շունչ հայ).- Սբ. Գէորգ (քարուկիր, կանգուն), Սբ. Դանիէլ (աւերակ, հին վանք)։
  • Բադըրմուտ (25 տուն, 200 շունչ հայ).- Սբ. Գէորգ (կանգուն, քարուկիր), Սբ. Խաչ (աւերակ), Սբ. Փրկիչ (աւերակ): Սպասաւորող հոգևորական` Տէր Մկրտիչ Մարտիրոսեան (1915 թ.):
  • Գետկից (3 տուն, 27 շունչ հայ).- Սբ. Մադրանակոս (աւերակ):
  • Գոշակ (5 տուն, 30 շունչ հայ).- Սբ. Կիրակոս, Սբ. Յակոբ (աւերակ):
  • Իրիցանք (3 տուն, 18 շունչ հայ).- Սբ. Գէորգ (քարուկիր, կանգուն):
  • Խասոբի (7 տուն, 42 շունչ հայ).- Սբ. Սարգիս (աւերակ)։
  • Խոջարենք (9 տուն, 54 շունչ հայ).- Սբ. Սահակ (քարուկիր, կանգուն), անանուն եկեղեցի (աւերակ):
  • Կորով (5 տուն, 34 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (քարուկիր, աւերակ):
  • Հաթնի (Հաթենք) (4 տուն, 30 շունչ հայ).- Սբ. Կարապետ (քարուկիր, նախկինում` վանք):
  • Հռուտ (10 տուն, 60 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (նախկինում` վանք),  անանուն եկեղեցի (աւերակ):
  • Շիկալենք.- Սբ. Աստուածածին (քարուկիր)։
  • Փիրշենք (15 տուն, 155 շունչ հայ).- Մարութա Սբ. Աստուածածին վանք (ուխտատեղի, շէն, կամարակապ),  Քաջ Մուշեղ վանք (շէն, մեծ, կամարակապ)։
  • Բացի վերոնշեալ բնակավայրերից, անանուն աւերակ եկեղեցիների գոյութեան մասին է վկայուած շրջանի հետևեալ հայկական գիւղերում` Արեգդէմ (4 տուն, 21 շունչ հայ), Գոմարտէր (3 տուն, 16 շունչ հայ), Դալարձոր (7 տուն, 35 շունչ հայ), Կուռթեր (Կորդիս) (7 տուն, 45 շունչ հայ), Հռեկոնք (5 տուն, 23 շունչ հայ), Վարդնոց (5 տուն, 35 շունչ հայ), Տնգետ (16 տուն, 200 շունչ հայ):

Սեմալ, հայ ընտանիք մը (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris)

Հազոյի շրջան

Հազոյի շրջանի Հազօ-Խաբլջող բնակավայրը (106 տուն, 742 շունչ հայ) Սասունի գաւառակի վարչական կենտրոնն էր։ Այնտեղ էին գտնւում երկու գործող` Սբ. Խաչ (կանգուն, քարուկիր, կամարակապ) և Քաջ Մուշեղ (կանգուն, քարուկիր, կամարակապ) և երկու աւերակ անանուն եկեղեցիներ։ 1902 թ. Հազոյի շրջանը սպասաւորում էր Տէր Յակոբ քահանան, իսկ 1913 թ. տուեալներով համայնքն ունէր 6 քահանայ։

  • Կող (32 տուն, 200 շունչ հայ).- Սբ. Նշան (քարուկիր, կանգուն, ուխտատեղի)։
  • Կուսգետ (66 տուն, 610 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (քարուկիր, վաղեմի, կանգուն)։
  • Նորգիւղ (Գոնդենու) (14 տուն, 139 շունչ հայ).- Սբ. Գէորգ (կանգուն), Սբ. Ստեփանոս (աւերակ)։
  • Նորաշէն (3 տուն, 15 շունչ հայ).- Սբ. Կոնոնոսի վանք (գործող, կանգուն),  Քամատունի վանք (աւերակ), անանուն եկեղեցի (աւերակ)։
  • Բացի վերոնշեալից` աղբիւրներում յիշատակւում է անանուն եկեղեցիների գոյութեան մասին շրջանի Արտրեր (6 տուն, 39 շունչ հայ), Բելաւ, Գոմեք հայաբնակ բնակավայրում։

Համաձայն Մշոյ առաջնորդարանի կողմից 1913 թ. անցկացուած մարդահամարի տուեալների` Մուշի գաւառի Սասունի գաւառակի տարածքում (Գաւառ, Շատախ, Փսանք, Հազօ–Գապըլճօզ) հաշուառման մէջ ընդգրկուած 62 հայաբնակ բնակավայրերում կար 68 գործող և աւերուած եկեղեցի ու մատուռ, 2 գործող և 2 լքուած վանք։ Սպասաւորող հոգևորականների թիւն էր 18 (անունները չեն նշւում) [62]:

Տալւորիկի շրջան

Հայ ուսումնասիրող Ա–Դոյի պատկերաւոր բնութագրմամբ` Տալւորիկն իր բնութիւնով և անմատչելի լեռներով ու ձորերով, իր ուրույն կլիմայով և «տոկուն ու քաջասիրտ» ժողովրդով հանդիսանում էր Սասունի սիրտը։

  • Արտխոնք (10 տուն հայ) [63].- Սբ. Տ. Մարիամ, Սբ. Սարգիս, Սբ. Մարտիրոս, Խաղօղլանի եկեղեցի, Սբ. Կիրակոս, Գրաշէն եկեղեցի, Թաղլուկի եկեղեցի:
  • Եղգարթ (10 տուն հայ).- կոյս Մարիամ (լուստուն):
  • Էգետուն (35 տուն հայ).- Սբ. Սարգիս (կամարակապ)։
  • Խլհովիտ (10 տուն հայ).- Սբ. Սարգիս (աւերակ)։
  • Հագմանք (15 տուն հայ).- Սբ. Կարապետ (շէն)։
  • Հլողինք (40 տուն հայ).- Սբ. Մամաս (ուխտատեղի, աւերակ)։
  • Սպըղանք (11 տուն հայ).- Սբ. Մարաբա վանք (վաղեմի, քարուկիր, շէն), Սբ. Խաչթոռնիկ (քայքայուած)։
  • Փուրխ (16 տուն հայ).- Սբ. Ստեփանոսի վանք (քարուկիր, կամարակապ, կանգուն)։
  • Բացի վերոնշեալ բնակավայրերից` աղբիւրներում անանուն աւերակ եկեղեցիների գոյութեան մասին է վկայուած Տալւորիկի Դուալինք (13 տուն հայ), Հարթք (11 տուն հայ), Հոսնուտ (6 տուն հայ), Մզրէ (15 տուն հայ) գիւղերում։

Գոմք գիւղի եկեղեցական համալիրին աւերակները։ Լուսանկար՝ Ճորճ Աղճայեանի։

Խիանքի շրջան

Համաձայն 1913 թ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կարգադրութեամբ անցկացուած մարդահամարի տուեալների` Խուլփի և Խիանքի շրջանների հաշուառման մէջ ընդգրկուած հայաբնակ 23 բնակավայրերում (առանց Տալւորիկի) կար 15 եկեղեցի, մէկ վանք (լքուած)։ Գաւառակը սպասաւորում էր 13 հոգևորական [64]։

  • Արխունդ (36 տուն, 438 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (վաղեմի, հոյակապ),  անանուն եկեղեցի (աւերակ):
  • Արտխոնք (40 տուն, 368 շունչ հայ).- Սբ. Թովմաս եկեղեցի [65]։
  • Արսըկ (Խըրզը) (13 տուն, 118 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (հին, կանգուն)։
  • Բահմեդա (28 տուն, 200 շունչ հայ).- Քառասուն Մանուկ (քարուկիր, հին) [66],  անանուն եկեղեցի (աւերակ), անանուն եկեղեցի (աւերակ)։ Սպասաւորող հոգևորական` Տէր Յարութիւն (1902 թ.):
  • Բացի (23 տուն, 195 շունչ հայ).- Սբ. Տէր Մուշեղ (քարուկիր, կամարակապ, կանգուն)։ Սպասաւորող հոգևորական` Տէր Յակոբ (1902 թ.)։
  • Բերմ (110 տուն, 1,025 շունչ հայ).- Սբ. Գէորգ (քարուկիր, կամարակապ, հին, կանգուն), Սբ. Սարգիս (քարուկիր, կամարակապ, հին, կանգուն), Սբ. Աստուածածին (քարուկիր, հին, աւերակ), 4. Սբ. Փրկիչ (քարուկիր, հին, աւերակ)։ Սպասաւորող հոգևորականներ` Տէր Առաքել (1902 թ) և Տէր Կարապետ (1902 թ)։
  • Իշխանձոր (55 տուն, 495 շունչ հայ).- անանուն եկեղեցի (կանգուն), անանուն եկեղեցի (աւերակ)։ Սպասաւորող հոգևորական` Տօնապետ քահանայ (1902 թ.)։
  • Հեղին (45 տուն, 416 շունչ հայ).- Սբ. Եղիա Մարգարէ վանք (կանգուն, ծածկը` կամարաձև, հին), անանուն եկեղեցի (աւերակ), անանուն եկեղեցի (աւերակ)։
  • Սաղտուն (43 տուն, 369 շունչ հայ).- Սբ. Կոյս Մարիամ (քարուկիր, աւերակ), Սբ. Գէորգ (քարուկիր, կանգուն), Սբ. Յակոբ (աւերակ), անանուն եկեղեցի (աւերակ), անանուն եկեղեցի (աւերակ): Սպասաւորող հոգևորական` Տէր Կիրակոս (1902 թ.):
  • Սևիթ (11 տուն, 100 շունչ հայ).- Սբ. Մամաս (քարուկիր, ուխտատեղի):
  • Փառկա (50 տուն, 482 շունչ հայ).- Սբ. Կիրակոս (շէն, քարուկիր), Սբ. Սարգիս (շէն, քարուկիր). կային ուրիշ հինգից եօթ սրբանոց և աւերակ եկեղեցիներ:
  • Անանուն եկեղեցիների և լուստունների գոյութեան մասին է վկայուած նաև շրջանի Գրեխոխ (3 տուն հայ [67]) և Շմանանք (5 տուն հայ) հայաբնակ բնակավայրերում։

Խուլփի գիւղախումբ

  • Ահարոնք (55 տուն, 500 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (փայտաշէն, կանգուն),  Սբ. Եօթը Մանուկ (քարուկիր, քայքայուած), Սբ. Գէորգ (աւերակ)։ Սպասաւորող հոգևորականներ` Տէր Յակոբ քահանայ Տէր–Յակոբեան (1902 թ., 1915 թ.), Գալուստ քահանայ Տէր–Մկրտչեան (1915 թ.)։
  • Գազկէ (52 տուն, 476 շունչ հայ).- Սբ. Թէոդորոս (վաղեմի, քարուկիր), Սբ. Գէորգ (աւերակ), Սբ. Սարգիս (աւերակ), Սբ. Կաթողիկէ (աւերակ), Սբ. Կիրակոս (աւերակ):
  • Գեղերվանք (50 տուն, 472 շունչ հայ).- Սբ. Ստեփանոս (քարուկիր, վաղեմի), Սբ. Գէորգ (փայտաշէն), եկեղեցի (աւերակ), եկեղեցի (աւերակ):
  • Էհուբ (30 տուն, 316 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (քարուկիր, կամարակապ, վաղեմի), Սբ. Գէորգ (աւերակ, ընդարձակ պարիսպներով), Սբ. Արծուաբեր, Սբ. Սարգիս (աւերակ), Սբ. Մանկունք (աւերակ):
  • Ընձքար (100 տուն, 1,012 շունչ հայ).- Սբ. Գէորգ վանք (քարուկիր, վաղեմի), Սբ. Աստուածածին (աւերակ), Սբ. Խաչ (աւերակ), Սբ. Սարգիս (աւերակ): Սպասաւորող հոգևորական` Դանիէլ քահանայ (1915 թ.):
  • Շողէք (22 տուն, 214 շունչ հայ).- Սբ. Աստուածածին (քարուկիր, կանգուն), Սբ. Մործաքօ (աւերակ):
  • Անանուն աւերակ եկեղեցիների գոյութեան մասին է վկայուած շրջանի Գրեմորի (8 տուն, 43 շունչ հայ) [68], Թըլթաւ (10 տուն, 94 շունչ հայ), Թիախս, Խռուճ, Կապըրնին, Հաւըրք, Մաշտակ և Փասուր հայաբնակ գիւղերում։

Սասունցի գիւղացիները հերկի ժամանակ։ (Աղբիւր՝ ՀԲԸՄ Նուպարեան գրադարանի արխիւներ, Փարիզ)

Խութ-Բռնաշենի շրջան

Խութի բնակավայրեր

  • Ագրակ (16 տուն հայ).- Սբ. Աստուածածին (փայտուկիր, վաղեմի)։ Սպասաւորող հոգևորական` Տէր Մկրտիչ Չոբանեան (1902 թ.)։
  • Աւարք (6 տուն հայ [69]).- Սբ. Աստուածածին (քարուկիր)։
  • Բաբընթաղ (16 տուն հայ).- Սբ. Աստուածածին, Սբ. Կիրակոս (աւերակ) [70]։
  • Գելոնք (8 տուն հայ).- Սբ. Աստուածածին (աւերակ), այլ տուեալներով` Սբ. Կարապետ [71], Սբ. Յակոբ։ Սպասաւորող հոգևորականներ`Տէր Կիրակոս (1902 թ.) և Տէր Յովհաննէս (1902 թ.)։
  • Թաղավանք (25 տուն հայ).- Սբ. Գէորգ (հոյակապ, կամարակապ), Սբ. Սարգիս (աւերակ), Սբ. Ջիկրաշէն (աւերակ)։ Սպասաւորող հոգևորականներ` Տէր Աբրահամ (1902 թ.) և Տէր Սարգիս (1902 թ.)։
  • Թաղվըձոր (6 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (շէն) [72]։ Սպասաւորող հոգևորականներ` Տէր Կորիւն (1902 թ.) և Տէր Յովհաննէս (1902 թ.)։
  • Թաղվու (Թաղ) (18 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (քարուկիր, վաղեմի)։ Սպասաւորող հոգևորական` Տէր Աբրահամ (1902 թ.)։
  • Լորդընձոր (14 տուն հայ).-    Սբ. Յովհաննէս (աւերակ)։ Սպասաւորող հոգևորականներ`  Տէր Աբրահամ  (1902 թ.), Տէր Սարգիս քահանայ Մխիթարեան (1915 թ.) [73]։
  • Կոռ (5 տուն հայ).-    Քառասուն Մանուկ (աւերակ)։
  • Հախին (Եղան) (9 տուն հայ).- Սբ. Էջմիածին (աւերակ)։
  • Հնդկըձոր (Հինդձոր) (3 տուն հայ) [74].- Սբ. Կարապետ (կամարաշէն, աւերակ)։
  • Մըզրէ (Մըզրէ–Շիլգ) (8 տուն հայ).- Սբ. Կարապետ (աւերակ)։
  • Շէն (35 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (քարուկիր), այլ տուեալներով ունէր չորս եկեղեցի` Սբ. Յակոբ, Սբ. Մարծմետ, Սբ. Աստուածածին և Կուլառնա Սբ. Ձիաւոր [75]։
  • Շենիստ Ներքին (25 տուն հայ).- Սբ. Աստուածածին (քարուկիր, վաղեմի, շէն),  Սբ. Թուխմանուկ (աւերակ), Սբ. Կարապետ (աւերակ), Սբ. Խաչ (աւերակ)։ Սպասաւորող հոգևորականներ` Տէր Կիրակոս (1902 թ.) և Տէր Յովհաննէս (1902 թ.)։
  • Փիջոնք (21 տուն հայ).- Սբ. Թովմաս (աւերակ)։ Սպասաւորող հոգևորական` Տէր Մկրտիչ (1902 թ.)։
  • Փղոնք (10 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (քարուկիր, կանգուն), Սբ. Կարապետ (քարուկիր, կիսաւեր), Սբ. Յովհաննէս (քարուկիր, կիսաւեր), Սբ. Քառասուն Մանուկ (քարուկիր, կիսաւեր)։
  • Քեյվու (7 տուն հայ).- Սբ. Սիոն (կանգուն, քարուկիր), Սբ. Սարգիս (աւերակ)։
  • Անանուն աւերակ եկեղեցիների (երբեմն մի քանի) մասին է վկայուած Խութի Գործըվար (հայաթափուած), Կոռք, Չալախ (7 տուն հայ), Ռաբաթ (8 տուն հայ [76], 1902 թ. տուեալներով` հայաթափուած) [77], Սալաջոնք (5 տուն հայ) և Փիրիվանք (1902 թ. տուեալներով` հայաթափուած) հայաբնակ գիւղերում։

Բռնաշենի բնակավայրեր

Մեծ եղեռնի նախօրեակին Խութ–Բռնաշենի շրջանի ընդհանուր հոգևոր հովիւն էր Սարգիս քահանայ Ստեփանեանը [78]։

  • Արուք (13 տուն հայ).- Սբ. Մինաս (քարուկիր, աւերակ)։
  • Բլոկանք Վերին և Ներքին (20 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (աւերակ),  անանուն եկեղեցի (աւերակ)։ 1902 թ. համայնքը սպասաւորում էր Տէր Սահակ քահանան։  
  • Բլրիկ (6 տուն հայ).- Սբ. Կարապետ (աւերակ)։
  • Դաշտադեմ (21 տուն հայ).- Սբ. Մինաս (աւերակ)։
  • Զօրավա (7 տուն հայ).- Սբ. Թորոս (աւերակ)։
  • Ընկուզիկ (18 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (կանգուն), Սբ. Դանիէլ (աւերակ)։
  • Կծանք (18 տուն հայ).- Սբ. Կարապետ (վաղեմի, աւերակ), Սբ. Գէորգ (վաղեմի, աւերակ)։
  • Կոստ (8 տուն հայ).- Սբ. Աստուածածին վանք (վաղեմի)` Սբ. Թալիլէ, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ, Սբ. Տեառնեղբայր եկեղեցիներով (աւերակ), Սբ. Թովմաս (աւերակ)։
  • Շահվերդի (10 տուն հայ).- եկեղեցի (աւերակ)    ։
  • Շամիանք (2 տուն հայ [79]).- Սբ. Կարապետ (աւերակ)։
  • Շենիստ Վերին (15 տուն հայ).- Սբ. Սիոն (վաղեմի, քարակերտ, կանգուն), Սբ. Գէորգ (վաղեմի, քարակերտ, շէն)։
  • Օշուտ (Հուշուտ) (32 տուն հայ).- Սբ. Ստեփանոս (կամարապատ, շէն) Տէր Սարգիս (1910 թ.) [80]։

Գոմք գիւղի եկեղեցական համալիրին աւերակները։ Լուսանկար՝ Ճորճ Աղճայեանի։

Մոտկանի գաւառակ

  • Ասպընջեր Վերին (35 տուն, 526 շունչ).- Սբ. Թուխմանուկ (շէն, կամարակապ)։
  • Ասպընջեր Ներքին.- Սբ. Ստեփանոս։
  • Արփի  (30 տուն, 400 շունչ).- Սբ. Անեկա Աստուածածին (շէն, կամարակապ) [81]։
  • Բողնուտ  (20 տուն, 300 շունչ).- Սբ. Աստուածածին։
  • Բրուտք  (27 տուն, 155 շունչ).- Սբ. Յակոբ։
  • Գզեխ  (15 տուն, 130 շունչ).- Սբ. Կիրակոս (քարուկիր, կամարակապ, շէն)։
  • Գընձու  (49 տուն, 500 շունչ).- Սբ. Գէորգ։
  • Գրխու (40 տուն, 400 շունչ).- Տէրնաղբեր եկեղեցի (կամարակապ), Սբ. Յակոբ (շէն, կամարակապ):
  • Խուր (13 տուն, 105 շունչ).- Սբ. Ստեփանոս [82]։
  • Հաւութաղ (13 տուն, 55 շունչ).- Սբ. Աստուածածին։
  • Մզուք (16 տուն, 188 շունչ).- Սբ. Ստեփանոս (քարուկիր)։
  • Մրձանք (5 տուն, 50 շունչ).- Սբ. Գէորգ։
  • Մցու (30 տուն, 300 շունչ).- Սբ. Սարգիս (շէն, կամարակապ)։
  • Նիչ (25 տուն, 200 շունչ).- Սբ. Գէորգ (կամարակապ, շէն), Սբ. Մինաս (աւերակ) [83]:
  • Շէն (50 տուն, 500 շունչ).- Սբ. Աստուածածին (շէն, կամարակապ), անանուն վանք (աւերակ)։
  • Որձենք (10 տուն, 90 շունչ).- Սբ. Գէորգ։
  • Սելենդըր (Սղունդ) (30 տուն, 400 շունչ).- Սբ. Յակոբ (շէն), Շամոնեան (շէն)։
  • Քաշախ (27 տուն, 600 շունչ).- Սբ. Յակոբ (շէն, կամարակապ):
  • Անանուն աւերակ եկեղեցների գոյութեան մասին է յիշատակւում շրջանի Կարբ (9 տուն, 84 շունչ), Մարմանդ  (3 տուն, 11 շունչ), Մերեթաղ (7 տուն, 73 շունչ), Կասապ (9 տուն, 82 շունչ) և Ջրտու բնակավայրերում։

1913 թ. Պոլսի Հայոց պատրիարքարանի հրահանգով անցկացուած մարդահամարի տուեալներով գաւառակը սպասաւորում էին երկու հոգևորական (անունները չեն նշուած)։ Գաւառակի տարածքում հաշուառուել էր 26 գործող և աւերուած եկեղեցի և 4 աւերուած վանք [84]։

Սասունի հայերի ուխտագնացութեան սովորոյթները

Սասունի հայ ազգաբնակչութիւնը առաքելադաւան` հայ Առաքելական եկեղեցու հետևորդ քրիստոնեայ էր։ Ամբողջ Սասունում կաթոլիկութիւն կամ բողոքականութիւն դաւանող հայեր չկային [85]։ Ժամանակակիցները նկարագրում են սասունցի հայերին որպէս «ջերմեռանդ եկեղեցասէր, վարք ու բարքով մաքուր ու անխարդախ, բայց շատ տգէտ ու միամիտ» [86]։ Նշւում է, որ «սասունցին ամեն տարի պտղով, հոգևոր տուրքով, կողոպուտով, մատաղներով և այլ կողմնակի առատ նուէրներով օգնում ու խնամում է իւր հողի մէջ ու նորանից դուրս գտնուած հոգևորականներին ու վանական մի շարք միաբանութեանց» [87]։ Սասունի հարիւրաւոր վանքերը, խաչքարերն ու սրբավայրերը դարեր ի վեր սասունցիների համար ուխտատեղիներ են եղել։

Սասունցիները շատ էին սիրում ուխտագնացութիւնը. այն մեծ տեղ էր զբաղեցնում նրանց հոգևոր կեանքում։ Սասունցիների համար Սասունի տարածքում ամենից շատ սիրուած սրբավայրերն էին Սասունի պատմական հինգ սարերը և դրանց վրայ գտնուող սրբավայրերը։ Մարաթուկի կամ Մարութա սարում էր Սբ. Աստուածածին վանքը, Անդոկում էր Անտոն ճգնաւորի մատուռը, Կեփինում` Կարմիր Ճակատ Սբ. Յակոբը, Ծովասարում` Սբ. Աստուածածինը, Սև Սարում` Սբ. Աղբերիկը [88]։ Սասունում ուխտագնացութեան զանգուածային այլ վայրերից էին Փսանքի Գոմաց և Շատախի Սբ. Աթանագինէսի (Աթանիա) վանքերը։ Մեծ էր սասունցիների հոսքը նաև դէպի Մուշի Սբ. Կարապետի և Սբ. Յովհաննէսի (Եղրդուտի) վանքերը [89]։

Սասունցիները հաւատում էին, որ որոշ սրբավայրեր օժտուած են յատուկ ախտեր բուժելու, յատուկ ցանկութիւններ կատարելու յատկութեամբ։ Այսպէս, Փսանքի շրջանի սրբավայրերից` Քիսթաղի Սբ. Քրիստափոր վանք ուխտի էին գնում մասնաւորապէս խիթ ունեցողները, Դարհորի Սբ. Տղամանուկ` ամուլ կանայք, Գոմաց Սբ. Քառասուն Մանուկ` յօդատապով տառապողները, Փարոնի Սբ. Յակոբ` կապոյտ հազ ունեցողները (վանքի աղբիւրից ջուր խմելու և կազդուրուելու նպատակով), Բալոյենց Սբ. Վարվառ` ամուսնական տարիքի տղաներ և աղջիկներ` լաւ բախտ գտնելու ակնկալիքով, Բվի Մուրատատուր Սբ. Սարգիս` որևէ բարի նպատակի յաջողութիւն աղերսելու համար։ Խնձորեց Սբ. Աստուածածին ուխտի էին գնում քիչ կաթ ունեցող ծծմայրերը (այդ պատճառով սրբավայրը ստացել էր «Կաթնտու» անունը)։ Ջրթնեց Օձասպան Սբ. Գէորգ էին տարւում օձից խայթուածները։ Բերմի Անձրևաբեր Սբ. Խաչ էին գնում Մայիսին` անձրև խնդրելու համար, Մշգեղի Սբ. Գէորգ` առատ պտուղ ու հունձք խնդրելու համար [90]։

Գոմք գիւղի եկեղեցական համալիրին աւերակները։ Լուսանկար՝ Ճորճ Աղճայեանի։

Ուխտագնացութիւններն ունէին իրենց որոշ օրերն ու եղանակները։ Սասունցիների սիրելի և նշանաւոր ուխտագնացութեան վայրերից` Մարաթուկ սարը և Մարութավանքը ուխտելի էր Վարդավառին, ինչպէս նաև Սբ. Խաչի տօնին նախորդող պահոց օրերին [91]: Մարաթուկի վրայ ամէն տարի Վարդավառին ուխտի էին գնում և Խարզանի, և Հազօ–Գապըլճօզի և Մոտկանի, Փսանքի և այլ շրջանների սասունցիները, 3-4 օր մնում։ Ուխտաւորների թիւը հաշւում էր հազարներով։ Առաջին օրը կատարւում էր Մեծ Մարաթուկի, երկրորդ օրը` Փոքր Մարաթուկի ուխտերը [92], որոնց ժամանակ մատաղներ էին արւում։ Երրորդ և չորրորդ օրերը յատկացուած էին խաղի, պարի և նշանառութեան [93]։ Վարդավառի տօնին և ուխտագնացութեան այլ օրերին Մարութավանքի կանգուն մատուռում Սբ. Պատարագ էր մատուցւում [94]։

Համբարձման տօնի ուխտատեղին սասունցիների համար Սբ. Աթանագինէսի վանքն էր։  Սբ. Աթանագինէսի ուխտագնացութեան նկարագրութիւններից մէկում կարդում ենք, որ սասունցիները մեծ ոգևորութեամբ էին սպասում ուխտագնացութեան օրուան «ոչ միայն փրկագործութիւն և Յիսուսի վերջին հրաժեշտը տօնելու, այլ աւելի կեանքի ծաղիկի մը բոյրն հոտոտելու»։ Գրեթէ իւրաքանչիւր տուն իր հետ վերցնում էր մատաղացու ոչխար և կատարում այլ պատրաստութիւններ։ Ուխտագնացութեանը սասունցիները հագնում էին իրենց լաւագոյն զգեստները, աղջիկներն ու կանայք ներկայանում նոր հանդերձներով և զարդեղէնով։ Ճանապարհ էին շարժւում բոլոր ազգականներով, հոծ բազմութեամբ` միասին ասելով. «Ո՜վ Սբ. Անթանեայ, ահա զմըր պըտր քըզի կտանք. դու զմըր մուրատն իտաս»։

Վանքին առաջանալուն պէս ուխտաւորները խաչակնքւում էին` ասելով. «Հաւատամ, խոստովանիմ քու Սբ. երեսը»։ Զինուած տղամարդիկ սովորութիւն ունէին կրակել չախմախլիներով։ «Այսպէս ահա ամէն կողմէ հրացաններու ու քրտական խաղերու գոռումով, գոչումով կը մխուին խիտ անթափանց անտառի շաւիղներու մէջ ու կը հասնին կեդրոն ուր վանքը շինուած է»։

Տեղ հասնելուն պես իւրաքանչիւր ընտանիք իր համար մատաղի օջախ էր շինում, որից յետոյ սկսւում էր տօնախմբութիւնը. «Մէյ մ’ալ յանկարծ կը լսուի տըհոլի կըմբր կըմբր ձայնը, զուռնայի եղանակաւոր ջլոցը, ու օդէն կը ճօճայ ըմբիշին լարը, որուն վրայ մանուկ տղեկը բոլոր շնորհքներ կը ցուցադրէ բազմութեան առջև յանուն Սբ. Կարապետի. նուէրներ կ՚անձրևանան շռայլօրէն, յետոյ պարերու լայն շրջանակներ կը կազմուին, քրտական պարախաղերով, տըհոլով զուռնայով, փողով, նինըմնինայով ևն», նշւում է ուխտագնացութեան ժամանակակից նկարագրութիւններից մէկում [95]։

Եղիական պահոց և Եղիա Մարգարէի յիշատակութեան օրերին (Հոգեգալստեան տօնին յաջորդող կիրակի օրը, սովորաբար ընկնում է Յունիս կամ Յուլիս ամիսների վրայ) Խուլփ–Խիանքի հայերը ուխտագնացութեան էին գնում Հեղին գիւղի մօտի Եղիա Մարգարէի վանքը։ Հայերի ուխտագնացութեանը միանում էին նաև տեղացի քրդական աշիրէթները։ Եօթ տարին մէկ նոյն վանք ուխտագնացութեան էին գնում Սբ. Աստուածածնի վերափոխման տօնին [96]։

Տալւորիկի սասունցիների համար կարևոր ուխտատեղի էր նաև Մարաբայի կամ Մարութա ճգնաւորի վանքը։ Այն շրջապատուած էր այգեստաններով և մրգատու ծառերով։ Հին եկեղեցին ունէր «հոյակապ» երկու մատուռներ` շուրջ գտնուող վիթխարի ընկուզենիներով։ Ուխտաւորները չէին յամարձակւում ուտել այդ ծառերի ընկոյզները, քանի որ հին հաւատալիքի համաձայն ուտողը չէր կարող խուսափել պատիժից։ Սպղանք գիւղի քահանան հաւաքում էր ընկոյզները և դրանցից ձէթ պատրաստում` եկեղեցական պէտքին օգտագործելու համար [97]։

Սասունցիները հաւատում էին, որ վանքերի տարածքում բխող աղբիւրները օժտուած են բուժիչ յատկութեամբ։ Այսպէս, բժշկական յատկութիւններով ջերմուկ–աղբիւր կար Աթանիա (Սբ. Աթանագինէսի) վանքի տարածքում։ Այդ աղբիւրը յայտնի էր իր քրդերէն` «Կանիէ մարան» («օձի աղբիւր») անուամբ։ Աղբիւրի վրա շինուած էր մի խուց, որի յատակից ջուրը բարձրանում և լճանում էր մատուռի մէջ։ Հիւանդները մտնում էին այնտեղ, լողանում, խունկ ծխում, մոմ վառում, վերջում էլ շշերով լի ջուր վերցնում գնում էին տները։ Այդ շշերը փաթաթվում էին մետաքսէ թաշկինակների մէջ, որպէսզի ջրի «սրբութիւնը» հողի, քարի կամ ուրիշ «կեղտոտ» բաների չդիպչեր [98]։

Սասունի տարածքում գոյութիւն ունէին նաև մի քանի խաչքարավայրեր, որոնք ևս դրանց մօտակայքում բնակւող սասունցիների համար ուխտատեղիներ էին հանդիսանում [99]։

  • [1] Ա–Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, Երևան, 1912, էջ 119։
  • [2] Վարդան Պետոյեան, Սասուն, Երևան, 2016, էջ 19։
  • [3] Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4, Ն–Վ., Երևան, 1998, էջ 506։
  • [4] «Աշխարհացոյցի» տեքստը տե՛ս Հայ մատենագրութեան թուանշանային գրադարանի կայքում www.digilib.am/book/62/62/
  • [5] Վարդան Պետոյեան, «Սասուն, նրա նկարագրութիւնը, բնակիչները եւ նոցա բարք ու վարքը», Արաքս գրական եւ գեղարուեստական հանդէս, Գիրք Ա, Ս.-Պետերբուրգ, 1894-1895, էջ 68-69։
  • [6]  Կ. Թառոյեան, Ժողովրդական շարժումները Սասունում 1890-1894, Երևան, 1966, էջ 29։
  • [7] Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1956, էջ 370: Տե՛ս նաև Հ.Մ. Պօղոսեան, Սասունի պատմութիւն (1750-1918), Երևան, 1985, էջ 99։ Տե՛ս նաև Վարդան Պետոյեան, Սասուն..., էջ 27: 1878-1914 թթ. Սասունի վարչական պատկանելութիւնը կայուն չէր. օսմանեան կառավարութիւնը շարունակաբար վերաձևում էր Պիթլիսի նահանգի գաւառների և գաւառակների սահմանները` մասնատելով և տրոհելով յատկապէս Սասունի երկրամասի տարածքը։ Դա արվում էր օսմանեան իշխանութիւնների քաղաքականութեան դէմ իր ըմբոստ կեցուածքով յայտնի այս լեռնաշխարհի կառավարումը հեշտացնելու նպատակով։
  • [8] Տե՛ս «Սասուն» բառյօդուածը Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարանում և Հայկական համառօտ հանրագիտարանում (Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 ..., էջ 505։ Տե՛ս նաև Հայկական համառօտ հանրագիտարան, հ. 4, Երևան, 2003, էջ 346)։ Թէոդիկը, յենուելով 1913-14 թթ. վերաբերող Պոլսի Հայոց պատրիարքարանի տուեալների վրայ, Մեծ եղեռնի նախօրեակին Սասունի տարածքում հաշւում է 186 հայաբնակ բնակավայր, այդ թւում` Անդոկ, Շատախ, Հազօ, Փսանք, Գաւառ (Ծովասար), Կուսգետ` 75, Խութ–Բռնաշեն և Մոտկան` 50, Կինճ, Տալւորիկ, Խուլփ–Խիանք, Ճապաղջուր և Մանշկուտ` 61 բնակավայր (Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին,  Թեհրան, 2014, էջ 133։)։
  • [9] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris, 1992, էջ 59։ Կարօ Սասունին Սասունի երկրամասում (Մոտկանն ու Խարզանը ներառեալ) հաշւում է 245 հայաբնակ գիւղ` 6,954 տուն, 41,724 շունչ հայ բնակչութեամբ (Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 370)։
  • [10] Ա. Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Պոլիս, 1908, էջ 315։
  • [11] Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Հայոց եկեղեցին, Պոլիս, 1911, էջ 262։
  • [12] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 129-131։
  • [13] Kévorkian/Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman, էջ 59-60։
  • [14] Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1953, էջ 10:
  • [15] «Վիճակագիր Մշոյ Առաջնորդական Թեմին վարժարանաց, եկեղեցեաց, վանօրէից, վկայարանաց, շէն եւ աւեր (ի դաշտ Մշոյ եւ շրջակայս) մատրանց, նուիրական տեղեաց, բնակչութեան աւանաց եւ շինից եւ եկեղեցական պաշտօնէից, հաւաքեալ ըստ հրահանգի Ազգ. Պատրիարքարանի 1902», Հ.Յ.Դ. Բոստոնի արխիւ, անձնական գրութիւններ, Գեղամ Տէր-Կարապետեան (Տատրակ), անհատական հաւաքածոյ, էջ 157։
  •  [16] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 126-127:
  •  [17] Գեղամ Տէր–Կարապետեանի (Մշոյ Գեղամ) «Նուիրական ուխտատեղիներ» ակնարկը, Մասիս, Պոլիս, 1903, № 27, էջ 423:
  •   [18] Ա. Սաֆրաստեան, «Խոյթ–Բռնաշեն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1934, ԽԸ. տարի, Յունուար–Փետրուար, էջ 70; նաև Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 11-12։
  • [19] Նոյն։
  • [20] Պետոյեան, Սասունի և Տարօնի պատմաաշխարհագրական տեղագրութիւնը..., էջ 47; «Աղբրիկ վանք» բառյօդուած, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, Երևան, 1975, էջ 251։
  • [21] Սաֆրաստեան Ա., «Խոյթ–Բռնաշեն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1933, ԽԷ. տարի, Սեպտեմբեր–Հոկտեմբեր, էջ 620։
  • [22] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 127։
  • [23] Ե. Կարապետեան, Սասուն. ազգագրական նիւթեր, Երևան, 1962, էջ 119։
  • [24] «Մասիս», 1903, № 27, էջ 423; Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 247։
  • [25] Սիմէոն Լեհացի, Ուղեւորութիւն  (մէջբերւում է ըստ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 248)։
  • [26] Նոյն։
  • [27] «Մասիս», 1903, № 27, էջ 423։
  • [28] Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 248։ Մկրտիչ քահանայ Մուրատեանի տուեալներով` վանքը կառուցուած է 12-րդ դարում (Մկրտիչ ք. Մուրատեան, «Աւանդութիւններ Սասնոյ Ուխտատեղեաց Մասին», Հայաստանի կոչնակ, ԻԲ. տարի, թիւ 7, 1922, Փետրվար 18, էջ 237)։
  • [29] Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 248։
  • [30] Նոյն, էջ 250։
  •  [31] Մուրատեան, «Աւանդութիւններ Սասնոյ...», էջ 237։
  • [32] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ136։
  • [33] «Մասիս», 1903, № 27, էջ 424; Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 9-10։
  • [34] Ս. Մ. Ծոցիկեան, Արևմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 449։
  • [35] Մանուէլ Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, Պօլիս, 1884, էջ 73-75 (գրքի տեքստը հասանելի է առցանց` Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի կայքում
  • [36] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 131:
  • [37] Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 711:
  • [38] Նոյն։
  • [39] Նոյն ։
  • [40] «Մասիս», 1903, № 28, էջ 441; Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 258։
  • [41] «Մասիս», 1903, № 28, էջ 441։
  • [42] Պետոեան, Սասունի և Տարօնի պատմաաշխարհագրական տեղագրութիւնը..., էջ 29։
  •  [43] Նոյն, էջ 57 (հեղինակը նաև ներկայացնում է վանքի հետ կապուած որոշ աւանդապատումներ)։
  • [44] «Մասիս», 1903, № 28, էջ 441; Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 87։
  • [45] Պետոյեան, Սասունի և Տարօնի պատմաաշխարհագրական տեղագրութիւնը..., էջ 67։
  • [46] «Մասիս», 1903, № 28, էջ 441; Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 91։
  • [47] Վ. Ա. Պետոեան, Սասունի բարբառը, Երևան, 1954, էջ 183։
  • [48] Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 131-132։
  • [49] «Մասիս», 1903, № 28, էջ 441; Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 260։
  • [50] Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 132։
  • [51] «Մասիս», 1903, № 28, էջ 441; Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 134։
  • [52] Պետոեան, Սասունի և Տարօնի պատմաաշխարհագրական տեղագրութիւնը..., էջ 54։
  • [53] Նոյն, էջ 57։
  • [54] Նոյն, էջ 67։
  • [55] 1878 թ. տուեալներն ըստ Տևկանց Արիստակէս, Այցելութիւն ի Հայաստան 1878 թ., Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985, էջ 48-54; 1902 թ. տուեալներն ըստ «Վիճակագիր Մշոյ Առաջնորդական Թեմին վարժարանաց, եկեղեցեաց (…); 1913-14 թթ. տուեալները տե՛ս ՀԲԸՄ Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 45-48 (Սասունի գաւառակ), 59–61 (Վերին Գաւառ, Մոտկան, Խիանք, Խուլփ); տե՛ս նաև Kévorkian/Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman, էջ 477, 492-496։ Մեծ եղեռնի նախօրեակին տուեալ բնակավայրը սպասաւորող քահանայի անունը տրւում է ըստ Թէոդիկի տուեալների (Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 110-125)։ Հիմնական օժանդակ աղբիւրներն են բնիկ սասունցի պատմաբան–ազգագրագէտ Վարդան Պետոյեանի աշխատութիւնները (Վ.Ա. Պետոյեան, Սասունի բարբառը..., էջ 171-198; Պետոյեան, Սասունի և Տարօնի պատմաաշխարհագրական տեղագրութիւնը..., էջ 13-82)։
  • [56] ՀԲԸՄ Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 45-48; Kévorkian/Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman, էջ 477, 492-496; Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 110-125։ Անհրաժեշտութեան դէպքում օգտագործել ենք այլ աղբիւրներ ևս` դրա մասին համապատասխան նշումով։
  • [57] Բնակավայրերի անուններն ու վարչական պատկանելութիւնը տալիս ենք ըստ Հայկական համառօտ հանրագիտարանի «Բիթլիսի նահանգ» բառյօդուածի (Հայկական համառօտ հանրագիտարան, h. 1, Ա–Դաջում, Երևան, ՀԽՀ գլխ. խմբ., 1990, էջ 532-535)։
  • [58] Վերին Գաւառի շրջանն ըստ պաշտօնական վարչական բաժանման ընդգրկուած էր Մշոյ գաւառակի կազմում, սակայն իր աշխարհագրական դիրքով Սասունի լեռնաշխարհի մասն էր կազմում։
  • [59] 1878 թ. տուեալներով (Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 71):
  • [60] Այլ տուեալներով (1878 թ.)` Սբ. Կարապետ (Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 71):
  • [61] Պետոյեան, Սասունի բարբառը..., էջ 175։
  • [62] ՀԲԸՄ Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 45-48, 59։
  • [63] Տալւորիկի գիւղերի հայ տների թիւը տալիս ենք ըստ Ա–Դոյի` 1909 թ. վերաբերող տուեալի (Ա-Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, էջ 134)։
  • [64] Տե՛ս 1913-14 թթ. Հայոց պատրիարքարանի մարդահամարի գիւղացուցակը (ՀԲԸՄ Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 61)։
  • [65] Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1..., էջ 504։
  • [66] Նոյն, էջ 568։
  • [67] Ըստ Ա–Դոյի` 1909 թ. վերաբերող տուեալի (Ա–Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, էջ 136)
  • [68] Ըստ Ա–Դոյի` 1909 թ. վերաբերող տուեալի (նոյն, էջ 136):
  • [69] Ըստ Ա–Դոյի` 1909 թ. վերաբերող տուեալի (նոյն, էջ 142):
  • [70] 1878 թ. վերաբերող տուեալներով` երկու եկեղեցիների անունը Սբ. Կարապետ էր (Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 69)։
  • [71] Սաֆրաստեան, «Խոյթ–Բռնաշեն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ...», էջ 613։
  • [72] 1878 թ. վերաբերող տուեալներով` եկեղեցիի անունը Սբ. Կարապետ էր (Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 69)։
  • [73] Սաֆրաստեան, «Խոյթ–Բռնաշեն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ...», էջ 615։
  • [74] Ըստ Ա–Դոյի` 1909 թ. վերաբերող տուեալի (Ա–Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, էջ 136):
  • [75] Պետոեան Վ., Սասունի բարբառը..., էջ 173։
  • [76] Ըստ Ա–Դոյի` 1909 թ. վերաբերող տուեալի (Ա–Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, էջ 136):
  • [77]  Ըստ Վ. Պետոյեանի` ունէր հինգ եկեղեցի (Պետոյեան, Սասունի բարբառը..., էջ 184)։
  • [78] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 126։
  • [79]  Ըստ Ա–Դոյի` 1909 թ. վերաբերող տուեալի (Ա–Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, էջ 142):
  • [80] Սաֆրաստեան, «Խոյթ–Բռնաշեն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1934, ԽԸ. տարի, Մայիս–Յուլիս, էջ 310։
  • [81] Գ. Կիրակոսեան, Սասուն, Երևան, 2010, էջ 174։
  • [82] Սաֆրաստեան, «Խոյթ–Բռնաշեն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1933, ԽԷ. տարի, Յունուար–Փետրուար, էջ 148։
  • [83] Կիրակոսեան, Սասուն, էջ 175։
  • [84] 1913-14 թթ. Հայոց պատրիարքարանի մարդահամարի գիւղացուցակը (ՀԲԸՄ Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 60)։
  • [85] Պետոյեան, Սասուն..., էջ 495։
  • [86] «Սասուն, նրա նկարագրութիւնը, բնակիչները եւ նոցա բարք բարք ու վարքը»..., էջ 91։
  • [87] Նոյն։
  • [88] Պետոյեան, Սասուն..., էջ 496։
  • [89] Կարապետեան, Սասուն. ազգագրական նիւթեր, էջ 119։
  • [90] Մկրտ. քհնյ. Մուրատեան, «Հռեցվարի սրբաւայրերը եւ անյայտ աղբիւրի աւանդութիւնը», Հայաստանի կոչնակ, թիւ 25, Յունիս 24, 1922, էջ 818։
  • [91] Նոյն։
  • [92] Մարաթուկի գագաթը երկու մասի է բաժանւում` աջ Մարաթուկ և ձախ Մարաթուկ, որոնք տեղացիները անուանում էին Մեծ և Փոքր Մարաթուկ։
  • [93] Պետոյեան, Սասունի և Տարօնի պատմաաշխարհագրական տեղագրութիւնը..., էջ 58։
  • [94] Մկրտիչ ք. Մուրատեան, «Աւանդութիւններ Սասնոյ Ուխտատեղեաց Մասին», Հայաստանի կոչնակ, Նիւ Եորք, ԻԲ. տարի, թիւ 7, 1922, Փետրվար 18, էջ 238։
  • [95] Ա. Միքայէլեան, «Սասուն», Ասպարէզ ժողովածու 1908-1918, Ֆրէզնօ, տպ. Ասպարէզ, 1918, էջ 248-249։
  • [96] Նոյն։
  • [97] Նոյն։
  • [98] Կարապետեան, Սասուն. ազգագրական նիւթեր, էջ 120։
  • [99] Ծոցիկեան, Արևմտահայ աշխարհ, էջ 449։