Մերսինը՝ որպէս վարչական միաւոր
19-րդ դարում Օսմանեան կայսրութեան մէջ կատարուած փոփոխութիւնների հետեւանքով ստեղծւում են վարչական նոր միաւորներ՝ նահանգներ: 1875 թ. (այլ տուեալներով՝ 1870 թ. [1]) Ադանային շնորհւում է նահանգի կարգավիճակ [2]: 19-րդ դարի վերջին Ադանայի նահանգը բաղկացած էր չորս գաւառներից (սանջակ)՝ Ադանայի, Իչելի, Սիս-Գոզանի (Խոզան), Ջեբել-Բերեքեթի, որոնք բաժանւում էին 19 գաւառակների (քազա), վերջիններս՝ 49 գիւղախմբերի (նահիէ): Տուեալ ժամանակահատուածում Մերսինի գաւառակը մտնում էր Ադանայի գաւառի մէջ [3]: 1913 թ. տեղի ունեցած վարչական նոր բաժանումներով Ադանայի նահանգը բաղկացած էր արդէն հինգ գաւառից, որից մէկն ինքնավար էր՝ միւս գաւառների համեմատ օժտուած էր տեղական կառավարման աւելի մեծ ինքնուրոյնութեամբ [4]: 1914 թ. Ադանայի նահանգի վարչական բաժանումներով, Մերսինի գաւառակը դուրս է բերւում Ադանայի գաւառի կազմից եւ դառնում է առանձին գաւառ [5]:
1890-ական թթ. սկզբին Մերսինում բնակւում էր 860 հայ [6], կար երկու դպրոց՝ արական ու իգական՝ 40-60 աշակերտով [7]: 1913 թ. ունէր 2.297 հայ բնակիչ: Շուրջ 1.000 հայ էլ բնակւում էր շրջակայ գիւղերում: Մերսինում գործում էր Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին եւ երեք դպրոց [8], դպրոցներից մէկը կոչւում էր Պարթեւեան [9]: Ըստ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի (1913 թ. փետրուար - 1914 թ. օգոստոս) մարդահամարի տուեալների՝ Մերսինի գաւառում կար 6.987 հայ, 4 եկեղեցի [10]:
Մերսինը՝ որպէս առեւտրի եւ ապրանքաշրջանառութեան կենտրոն
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Մերսինը Միջերկրական ծովի կարեւորագոյն նաւահանգիստներից էր, նահանգի առեւտրաշրջանառութեան հիմնական կենտրոններից: Ադանայի նահանգից բացի՝ նա առանցքային նշանակութիւն ունէր նաեւ յարակից նահանգների համար: Բացի այն, որ Մերսինը ժամանակի յարմարաւէտ նաւահանգստային քաղաքներից էր՝ նա Ադանա քաղաքի հետ կապուած էր նաեւ երկաթուղով, ինչը հնարաւորութիւն էր ստեղծում ապրանքներն առաւել արագ ներկրելու ու արտահանելու նահանգի կենտրոնից դէպի Կ. Պոլիս, Զմիւռնիա, Միջերկրականի աւազանի տարբեր երկրներ, նաեւ առաւել հեռաւոր վայրեր: Մերսինը նաեւ հիւպատոսների նստավայրն էր. այդ հանգամանքը աւելի դիւրին էր դարձնում օտարերկրացի գործարարների մուտքը տարածաշրջան, նաեւ տեղական արտադրողին օգնում էր սպառման նոր շուկաներ գտնելու գործում:
Հալէպում Ֆրանսիայի հիւպատոս Գաբրիէլ-Ժորժ Պարէ դը Լանսին իր տեղեկագրում (1912 թ.) նշում էր, որ «Մէրսին Ատանայի նահանգին եւ Կեսարիոյ շրջանակին առեւտրական հրապարակն է» [11]:
Ինչպէս նշուեց, Մերսինի առաջընթացի գլխավոր գործօններից մէկը երկաթուղին էր, որը Օսմանեան կայսրութիւնում կառուցուած առաջին գծերից էր, իսկ Կիլիկիայում ընդհանրապէս առաջինն էր: Ադանա-Մերսին գիծը շահագործման էր յանձնուել 1886 թ. օգոստոսին՝ 66 հազար մետր (66 կմ) երկարութեամբ [12]:
1906 թ. Կ. Պոլսի առաջատար թերթերից մէկը Ադանա-Մերսին երկաթուղու երկարութիւնը նշում է 67 կմ եւ յաւելում, որ նախատեսւում է առաջիկայում միացնել Էրէյլիի շահաւէտ գծին [13]: 1912 թ. Մերսինի կայարանը արդէն լուսաւորւում էր էլեկտրական հոսանքով [14]: Երկաթուղու առկայութիւնը ու դրա շարունակական զարգացումը նպաստում են նահանգի տնտեսական զարգացմանը բոլոր բնագաւառներում, այդ թւում տեղական տնտեսութեան, որում իրենց ուրոյն տեղն էին ամրագրել հայ տնտեսվարողները: Մերսինի հայ վաճառականներն ու գործարանատէրերը, մանր առեւտրականներն ու արհեստաւորները առաջատար տեղ էին զբաղեցնում ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին առեւտրի գրեթէ բոլոր ճիւղերում:
Մերսինից արտահանւում էին ցորեն, գարի, վարսակ, բամբակ, բամբակի սերմ, շուշմա [15], դերձան, թահին, բուրդ, ոլոռ, խոզակ, անասուն (ոչխար, այծ, կով), ապուխտ, ինչպէս նաեւ ձութ, կուպր, քրքում, մոմ, գորգ եւ այլն, որոնց մեծ մասը գալիս էր Կեսարիայից, Նիյտէից, Քըրշեհիրից: Այս ապրանքները Կ. Պոլսի ու Զմիւռնիայի ճանապարհով արտահանւում էին Եւրոպա: Ներմուծուող գլխաւոր ապրանքներից էին շաքարը, բրինձը, կտաւեղէնը, երկաթը, հանքածուխը եւ ծխախոտի հումքը: Քրոմի հանքի շահագործման արդիւնաբերութիւնը նոյնպէս զարգացում էր ապրում [16]:
Մերսինը 1910-ական թթ. շարունակում էր իրականացնել ներքին գաւառների համար անհրաժեշտ ապրանքների գլխաւոր հայթայթողի գործառոյթը: Առաջին աշխարհամարտի նախօրեակին այնտեղ գործում էր բամբակի իւղի երկու գործարան, որոնցից մէկի սեփականատէրը անգլիացի էր, միւսը՝ հայ: Գործարանների արտադրանքն արտահանւում էր Եւրոպա [17]:
Մերսինի հրապարակը ժամանակի հայկական մամուլում
Առեւտրային յստակ ու համակարգուած հրապարակների առկայութիւնը թերեւս լաւագոյնս նկարագրում է Կ. Պոլսի «Առեւտուր» թերթի յօդուածասիւնը: Մանրամասն ներկայացնելով ցորենի, գարու, ալիւրի, ձուի, գետնախնձորի եւ այլ ապրանքների մեծածախ ու մանրածախ վաճառքի ծաւալները եւ գները՝ թերթը ներկայացնում է նաեւ տեղեկութիւններ Մերսինում տեղական սպառման ապրանքների մասին [18]:
Մերսինի տնտեսական կարեւորութեան եւ այդ տնտեսութեան մէջ հայերի վճռորոշ գործօն լինելու մասին են վկայում նաեւ Կ. Պոլսի՝ տնտեսական ուղղուածութիւն ունեցող հայկական առաջատար թերթերից «Բիւրակն»ի տեղում թղթակից ունենալու փաստը եւ ժամանակի մամուլում առկայ բազմաթիւ տեղեկութիւններն ու հաղորդումները: Բացի այդ՝ հրատարակուող առեւտրային օրացոյցներում եւ տարբեր տեղեկատուներում առկայ են բազմաթիւ տեղեկութիւններ հայ վաճառականների եւ նրանց գործունէութեան ոլորտների մասին: Օրինակ՝ եւրոպացի գործարանատէրերին է ներկայացուել յանձնակատար-վաճառականների վերաբերեալ առեւտրական ուսումնասիրութիւն՝ անուանացուցակներով: Ցուցակում գրանցուած են եղել նաեւ Մերսինի յայտնի վաճառականներ Մ. եւ Գ. Զէլվէեանների ու Մ. եւ Կ. Գըլըճեանների անունները [19]:
1907 թ. «Բիւրակն» թերթի մասնաւոր թղթակիցը յունուարի 24-ին ներկայացրել է հետեւեալ տուեալները. Ճեհրիի (ջեհրի [20]) հրապարակում պահեստի ապրանքը մեծ քանակութեամբ է կուտակուած: Կեսարացի վաճառականները ցանկանում են գները բարձրացնել եւ դժկամութեամբ են այն վաճառում: Շուշմայի պատրաստի ապրանքը կազմում է 2.300/2.500 տոննա: Ցորենի առեւտրային հրապարակում նշւում է, որ ներքին գաւառների ձնհալը ուշանում է, որի հետեւանքով ուշանում են նաեւ ուղտերի քարաւանները: Վաճառքի է հանուել եղած ցորենը (100.000 գրիւ) մէկ օխան 45/50 փարա արժէքով (1 օխան հաւասար է 1.282 կգ-ի): Շուկայում վաճառւում էին բուրդ, բամբակ, մորթի։ Ներկայացւում է նաեւ դրանց պահանջարկն ու արժէքը: Հաղորդւում են տեղեկութիւններ Բաթումից 9.000 սնդուկ նաւթ ներկրող շոգենաւի մասին՝ նշելով նախորդ չափաքանակի սպառումը: Հաղորդւում է շաքարի, շաքարի փոշու, թղթապատ շաքարի եւ անգլիական բրնձի ներկրման մասին [21]:
Մերսինցի վաճառական Պետրոս Ուրֆալեանը 1907 թ. նո¬յեմբերի 21-ին «Բիւրակն» թերթի խմբագրութեանը բամբակի գների մասին յայտնում է, որ վերջինս ծախւում է 37-37½ ղուրուշով եւ բաւական գումար է բերում: Կնճիթի (քունջութ) արժէքը 337/40 ղուրուշ է, ցորենը՝ 83/85 փարա, գարին՝ 45 փարա: Ուրֆալեանը նշում է նաեւ, որ արտահանումների ծաւալները շատ չափաւոր են [22]:
Ժամանակի մամուլում Մերսինի ներքին ու արտաքին շուկայական յարաբերութիւնների, արտադրանքի ծաւալների, արտահանումների ու ներկրումների մասին յաճախակի հրապարակումները ոչ միայն ներկայացնում են համակարգուած առեւտուրը եւ այն ղեկավարող հմուտ վաճառականների գործելաոճը, այլեւ ցոյց են տալիս ժամանակին համահունչ ընթանալու նրանց ընդունակութիւնը եւ զարգացող ու հեռանկարային առեւտրաարդիւնաբերական յարաբերութիւններ կառուցելու տեսլականը:
Մերսինի հայ վաճառականները
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Մերսինի հայկական առեւտրային տներն ու ընկերութիւնները եւ անհատ վաճառականները հասել էին լուրջ յաջողութիւնների: Նրանք գործունէութիւն էին ծաւալում ոչ միայն տեղում, այլեւ մասնաճիւղեր էին բացում Օսմանեան կայսրութեան տարբեր քաղաքներում, Եւրոպայում ու Ամերիկայում: Կայսրութեան միւս քաղաքներում հիմնադրուած հայկական ընկերութիւնները նոյնպէս ձգտում էին մասնաճիւղեր ունենալ Մերսինում:
1880 թ. Կ. Պոլսում հիմնադրուած, Արեւելքում ամենամեծը համարուող «Կ. Եավրուեան եւ Որդի» թէյի հայկական վաճառատունը մասնաճիւղեր ունէր Տրապիզոնում եւ Մերսինում։ Ընկերութեան արտադրանքը վաճառւում էր գաւառների գրեթէ բոլոր յայտնի թէյավաճառների մօտ [23]:
Մերսինում էր գտնւում Կիւլպէնկեան յայտնի առեւտրական տան բաժանմունքը, ինչպէս նաեւ Ն. Ղազանճեան եւ Ֆրէնկեան եղբայրների առեւտրական տները: Վերջիններս Մերսինում եւ շրջակայքում ցածր գներով գնել էին հողային ընդարձակ կալուածներ, որոնց արժէքը օրէցօր կտրուկ աճում էր [24]: Հողերի թանկացումները կապուած էին նաեւ Մերսինի ափամերձ շրջաններում նաւթի որոնողական աշխատանքների հետ: Այդ պատճառով մեծ թուով ինչպէս հայ, այնպէս էլ այլազգի գործարարներ փորձում էին ընդարձակ տարածքներ հնարաւորինս արագ ձեռք բերել տարածաշրջանում:
1892-1893 թթ. յայտնի գործարար Գալուստ Կիւլպէնկեանը Իվրէյլի դաշտային շրջանից դէպի ծով, Քարաթաշի տարածքից 250-300.000 դեոնում [25] հողամաս է գնել «պետական միրի»ից (նահանգապետարանից)՝ այնտեղ եւս նաւթի յայտնաբերման աշխատանքներ կատարելու համար Մուսուլի նման [26]:

1907 թ. «Բիւրակն» թերթի Մերսինի թղթակիցը գրում է Թըրբանի-Համամճեան հողային վէճի մասին, աւելացնելով, որ տուեալ ծովեզերեայ հողամասի գինը այնքան է բարձրացել, որ համեմատելի չէ գնուած արժէքի հետ: Մ. Ա. Թըրբանին կարողացել է ստանալ անհրաժեշտ արտօնութիւնները եւ տուեալ հողամասում պէտք է սկսէր նաւթի փնտրտուքը: Նա նաեւ սկսել է բանակցել պարոնայք Մանկոյեան-Քէշիշեանի հետ, որպէսզի վերջիններիս նոր ներկրած արտեզեան ջրհորի մեքենաներն առաջին անգամ գործածուեն պեղումների ժամանակ [27]:
Մերսինի հայ վաճառականներն ու առեւտրային տները իրականացնում էին տարաբնոյթ գործունէութիւն՝ ներգրաւուելով առեւտրի ու արդիւնաբերութեան ամենատարբեր ճիւղերում:
Միջերկրականի ջրերում կար «քեֆալ» կոչուող ձկնատեսակը, որը ձուադրում էր Այասի (այժմ՝ Եումուրթալըք [28]) ծոցում: Այդ ձկնկիթը յոյն մասնագէտները կարողանում էին մշակել յատուկ եղանակով: Ընդհանրապէս ձկնկիթի վաճառքը բաւականին սակաւ էր, իսկ այդ տեսակի ձկնկիթը առաքւում էր մինչեւ անգամ Կ. Պոլիս՝ սուլթանական պալատ: Մերսինում որպէս ներկայացուցիչ յիշատակւում է «Զէլվէեան տուն»-ը [29], սակայն չի յստակեցւում առաքմա՞ն, թէ՞ արտադրութեան ոլորտում:
Զէլվէեաններն իրենց ուրոյն տեղն ունէին ինչպէս Մերսին քաղաքի, այնպէս էլ նահանգի առեւտրի եւ արդիւնաբերութեան մէջ: Նրանց էր պատկանում Մերսինում բամբակ արտադրող գործարանը [30]: Նրանցն էին բամբակագործութեան ասպարէզում ԱՄՆ-ից ներկրուած արդի մեքենաները: Բամբակի եւ «չիյիտ [31]»-ի արտահանումը եւս իրականացնում էին նրանք [32]: Զէլվէեաններին էր պատկանում ձիթապտղից եւ քունջութից կերակրի իւղ արտադրող գործարանը [33]:
«Մ. եւ Գ. Ս. Զէլվէեան» ընկերութիւնը եւրոպական գործարաններին էր վաճառում տարատեսակ ապրանքներ, իրականացնում էր իտալական եւ անգլիական կտաւեղէնի մեծածաւալ գործարքներ, նաեւ՝ բրդի գլխաւոր հաւաքողն ու առաքողն էր: Բոստոնի հրապարակում իրականացնում էր արմտիքի (ընդեղէն) ու մորթու առեւտուր: Գործարքներ էր կնքում նաեւ հանքային նիւթերի եւ գաղթաբերքի [34] հետ կապուած [35]: Մ. Զէլվէեանը "Union" ապահովագրական ընկերութեան Մերսինի ներկայացուցիչն էր [36]: Մերսինում «Մ. եւ Գ. Ս. Զէլվէեանց» տունը նաեւ «Մ. Կիւմիւշեան» ընկերութեան ներկայացուցիչն էր: Հայ ձեռնարկատէր Մ. Կիւմիւշեանի շոգենաւի առաջին ժամանումը Մերսինի նաւահանգիստ եղել է 1910 թ. հոկտեմբերի 15-ին: Կիւմիւշեանը ներկրում էր 1.100 կտոր տարբեր տեսակի ապրանքներ եւ արտահանում 1.900-ից աւելի տեսակի ապրանք եւ անասուն [37]:

«Եուսուֆեան եւ Գասապեան» ընկերութեան գլխաւոր գործառոյթը երկաթի, գաղթաբերքի, ընդեղէնի, նաւթի եւ այլնի առեւտուրն էր: Ընկերութիւնն ունէր նաւթի մասնաւոր մթերանոց։ Նա եւրոպական գործարանների շաքարի ներկայացուցիչն էր, մասնաճիւղեր ունէր Կ. Պոլսում, Կեսարիայում, Ադանայում եւ Տարսոնում [38]: Եուսուֆեանն ու Գասապեանը զբաղւում էին նաեւ հիւսուածեղէնի եւ նպարեղէնի ներածմամբ [39]:
«Կիւլպէնկեան Որդիք եւ Մանուկեան» ընկերութիւնը իրականացնում էր արմտիքի եւ շուշմայի մեծածաւալ առեւտուր: Գաղթաբերքի գործարքներ էր կատարում Տրիեստի սեփական առեւտրային տան հետ: Արտահանում էր ոչխար:
«Միսաք Քէշիշեան եւ Ընկ.» տունը կատարում էր արմտիքի, բամբակի, բամբակի սերմի, շուշմայի, երկաթեղէնի, ջեհրիի լայնածաւալ գործարքներ: Ընկերութիւնը մասնաճիւղեր ունէր Ադանայում եւ Տարսոնում:
«Մ. Մ. Շիմշիրեան Որդիք» ընկերութիւնը իրականացնում էր գաղթաբերքի, չուխայի [40], արմտիքի, շուշմայի, գորգի առեւտուր, ինչպէս նաեւ դրամարկղային գործառոյթներ: Արտահանում էր ոչխար: Համանուն առեւտրային տներ ունէր Կեսարիայում եւ Տրիեստում:
Մ. Կ. Գըլըճեանը կտաւեղէնի, գաղթաբերքի ինչպէս նաեւ արմտիքի գործարքներ էր իրականացնում Կեսարիայում եւ նրա շրջակայքում:
Յովհաննէս Չէրչեանը տարատեսակ կտաւեղէնի, օճառի եւ արմտիքի յանձնակատար եւ վաճառող էր: Յանձնակատարական գործեր էր իրականացնում Կեսարիայում, Էրէյլիում, Գարամանում, Նիյտէում, Քըրշեհիրում, Մատենում եւ այլուր:
Պետրոս Ս. Ուրֆալեանը արտահանում եւ ներմուծում էր գործուածքեղէն, երկրագործական մեքենաներ, խողովակներ, գաղթաբերք, երկաթեղէն, ներկ եւ այլն: Հաւաքում էր հնագիտական առարկաներ եւ գորգեր: ԱՄՆ-ում գտնուող համանուն տան գորգի գործակալն էր: Եոկոհամայից ուղղակի ներմուծում էր ճապոնական հնութիւններ: Գործարքներ էր իրականացնում Ադանայի ու Տարսոնի հետ [41]:
«Եալընըզեան-Պախթիարեան» ընկերութիւնը զբաղւում էր արմտիքի, շուշմայի, գաղթաբերքի գործերով: Իրականացնում էր գորգերի վաճառք: Ընկերութիւնը մասնաճիւղ ունէր Քըրշեհիրում: Կատարում էր տարատեսակ գործարքներ:
«Ն. Եսայեան եւ Ընկ.»ը իրականացնում էր մորթու, մեղրամոմի, արմտիքի գործարքներ: Կատարում էր ապուխտի արտահանութիւն: Կնքում էր գործարքներ Կեսարիայի, Ադանայի, Գարամանի, Նիյտէի հետ:
Միհրան Քեհիայեանը զբաղւում էր մորթեղէնի արտադրութեան, արմտիքի, գաղթաբերքի, կտաւեղէնի եւ այլնի գործարարութեամբ։
Յակոբ Մանուէլեանը բրդի, գաղթաբերքի եւ այլնի առեւտուր էր կատարում Կեսարիայի եւ շրջակայքի հետ:
Յակոբ Գալփաքեանը իրականացնում էր գաղթաբերքի, ներկի, ապուխտի, մորթու, գորգի եւ այլնի գործարքներ:
«Կէրէքմէզեան եւ Խաչատուրեան» ընկերութիւնը բրդի, մեղրամոմի եւ այլնի առեւտուրի մէջ էր Էվերեկի եւ Կեսարիայի հետ:
«Իսպէնճեան եւ Ճօլօլեան» ընկերութիւնը իրականացնում էր արմտիքի եւ գորգի գործարքներ [42]:
Սարգիս Սիմէոնեանը մեծ կապեր ունէր Կ. Պոլսի առաջնակարգ տպարանների հետ, կարողանում էր ձեռք բերել պահանջուած հրատարակութիւնը: Զբաղւում էր նաեւ կաուչուկէ եւ մետաղեայ կնիքների արտադրութեամբ՝ շատ դիւրամատչելի գներով: Իրականացնում էր յանձնուրդական ու մաքսային տարբեր գործեր [43]:
Մերսինում գործում էր բամբակի սերմից իւղ արտադրող «Մանուէլեան եւ Քէշիշեան» գործարանը, որը չդադարեցրեց իր աշխատանքներն անգամ Առաջին աշխարհամարտի տարիներին [44]:
Մերսինի եւ Ադանայի միջեւ առեւտրային գործարքները տարէցտարի ընդլայնւում էին: Դրանք հիմնականում իրականացնում էին «Ֆանքանէլ Շիֆնէր», «Օրօզտի-Պաք», «Էրրէրա», «Շամլը Որդիք», «Արմաղանեան», «Պագըրճեան Եղբարք», «Մուրատեան եւ Քըրմաճեան», «Բագլավաճեան», «Մուրատեան Եղբարք», «Տէր Աբրահամեան» եւ այլ ընկերութիւնները [45]:
Ձեռնարկութիւններից բացի, գործունէութիւն էին ծաւալում նաեւ անհատ վաճառականները: Օրինակ, արտահանութեան ասպարէզում յայտնի էին Միսաք Քէշիշեանն ու Յակոբ Մանուէլեանը [46]:
Մեծ շրջանակներ էր ընդգրկում նաեւ հիւսուածեղէնի առեւտուրը, որին ներգրաւուած էին հայ բազմաթիւ վաճառականներ՝ ձեռնարկութիւնների մասնաճիւղեր ունենալով Ադանայում: Հիւսուածեղէնի ներածմամբ զբաղւում էին Իբրանոսեան Եղբարք, «Թորիկեան-Մարգարեան», Յակոբեան Եղբարք, «Աւետիսեան-Ճէրիտեան» («Պոն-Մարշէ»), «Աւետիսեան-Քէյիշեան», «Եուսուֆեան-Գասապեան», «Գալուստեան-Ճէրիտեան» («Թաշ-Մաղազա»), Գույումճեան Եղբարք ընկերութիւնները, Չէօմլէքճի-օղլուն, Պարսում աղա Պետրոսեանը, Յովհաննէս Թերզեանը, Մնտիկեան Հաճի Թադէոս աղան, Կարապետ Ճէյիրեանը, Օննիկ Իսկենտէրեանը, Տիրան Գազանճեանը, Աւետիս Աղազարեանը, Գրիգոր եւ Միսաք Ազիրեանները եւ այլօք: Տեղական սպառումի համար քաղաքի խանութպանները յիշեալ վաճառականներից ստանում էին ապրանք, կամ երբեմն իրենց նախընտրած տեսականին բերում էին Բէյրութից, Զմիւռնիայից ու Կ. Պոլսից [47]: Բամբակեղէնի եւ գործուածքեղէնի արտադրութեամբ ու ներմուծմամբ զբաղւում էր նաեւ Փանոս աղա Մուշեանը, գործուածքեղէնի արտադրութեամբ՝ Գրաճեան Եղբարք ընկերութիւնը, բամբակի առեւտրով՝ Միսաք Քէշիշեանը, իսկ Քեստէնեան Եղբարք մանրավաճառ էին [48]: Կօշկակարութեան համար անհրաժեշտ ապրանքներ ներկրողները քրիստոնեայ արաբներն էին եւ Յովհաննէս Լուսարարեանը [49]:
Մերսինի առանձնակի աշխարհագրական դիրքը, նաւահանգիստի, ապա առաջին երկաթուղային գծի առկայութիւնը իրական հնարաւորութիւն էր տեղական տնտեսութեան առաջընթացի համար: Բացի այդ՝ քաղաքը աստիճանաբար դառնում էր նաեւ տարանցիկ առեւտրի կենտրոն: Մերսինը դարձել էր գրաւիչ ինչպէս Օսմանեան կայսրութեան տարբեր ժողովուրդների, այնպէս էլ եւրոպական առեւտրային տների ու ընկերութիւնների համար:
Վերը բերուած օրինակները փաստում են, որ հայկական առեւտրային տներն ու անհատ վաճառականներն եւս լուրջ ազդեցութիւն են ունեցել քաղաքի տնտեսական աճի վրայ: Մերսինում հաստատուն դիրքերի հասնելուց յետոյ հայերը փորձում էին իրենց գործունէութեան շրջանակները ընդլայնել ինչպէս կայսրութեան տարբեր քաղաքներում, այնպէս էլ Եւրոպայում ու ԱՄՆ-ում՝ գտնելով սպառման նոր շուկաներ: Տարիների եռանդուն աշխատանքի շնորհիւ նրանք դարձել էին վստահելի գործընկեր ու միջնորդ, կարողացել էին իրենց առեւտրային տները դարձնել ճանաչուած եւ վստահելի ձեռնարկութիւններ ինչպէս տեղական տնտեսվարողների, այնպէս էլ արտասահմանեան գործընկերների համար:
- [1] Tahir Sezen, Osmanlı Yer Adları, Ankara, T.C. Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, 2017, s. 7.
- [2] Միսաք Քէլէշեան, Սիս-Մատեան, Պէյրութ, տպարան Հայ Ճեմարանի, 1949, էջ 19:
- [3] Համբարձում Առաքելեան, Զէյթուն: Տեղագրական, ազգագրական եւ վարչական տեսութիւն, Թիֆլիզ, տպ. Յ. Մարտիրոսեանցի, 1896, էջ 34-35:
- [4] Հրաչիկ Սիմոնյան, Հայերի զանգուածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ), Երեւան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2009, էջ 23:
- [5] Kemal H. Karpat, Ottoman Population: 1830-1914, Demographic and Social Characteristics, London, The University of Wisconsin Press, 1985, p. 172.
- [6] Կիլիկիա. Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ, Պետերբուրգ, տպ. Ի. Լիբերմանի, 1894, էջ 220:
- [7] Նոյն տեղում, էջ 193:
- [8] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, 1915 Öncesinde Osmanlı İmparatorluğun’da Ermeniler, İstanbul, Aras yayıncılık, 2012, s. 283.
- [9] Osman Köker, 100 yıl önce Türkiye'de Ermeniler, İstanbul, Bir Zamanlar yayıncılık, 2005, s. 242.
- [10] Kévorkian, Paboudjian, op. cit., s. 63.
- [11] «Մէրսին եւ Ատանայի նահանգը», Ժամանակ օրաթերթ, Կ. Պոլիս, թիւ 1053, 9/22 մարտ 1912, էջ 1:
- [12] Գրիգոր Հ. Գալուստեան [Կիլիկեցի], Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, տպ. «Կոչնակ», 1934, էջ 23-24:
- [13] «Մէրսինի հրապարակը», Բիւրակն շաբաթաթերթ, Կ. Պոլիս, 1906, թիւ 19, 3 յունիս, էջ 453:
- [14] «Մէրսին եւ Ատանայի նահանգը», Ժամանակ, թիւ 1053, 9/22 մարտ 1912, էջ 1:
- [15] Սուսամ, կնճիթ, կնճութ, քունջութ: Այս բոյսից ստացել են նաեւ իւղ, ձէթ, որը յայտնի է որպէս շուշմայի կամ քունջութի իւղ:
- [16] «Մէրսինի հրապարակը», Բիւրակն, 1906, թիւ 19, 3 յունիս, էջ 454:
- [17] Ենովք Արմէն, «Կիլիկիոյ վերականգնումին համար – Տնտեսական կեանքը», Ազատամարտ օրաթերթ, Կ. Պոլիս, թիւ 1514, 17/30 մայիս 1914, էջ 1:
- [18] Առեւտուր, Կ. Պոլիս, թիւ 2, 18 հոկտեմբեր 1908, էջ 43-44:
- [19] «Յանձնակատար-վաճառականներ», Բիւրակն, 1906, թիւ 12, 15 ապրիլ, էջ 287:
- [20] Ջեհրի – Տորոնազգիների ընտանիքին պատկանող բոյս՝ թփային տեսքով, դեղին ծաղիկներով, կարմիր կոճղարմատներով, որոնք օգտագործւում են ներկման մէջ: Այս բոյսի արմատներից ստացւում է կարմրաւուն-դեղին ներկանիւթ։
- [21] «Մերսինի հրապարակը», Բիւրակն, 1907, թիւ 11-12, 3 փետրուար, էջ 280-281:
- [22] «Առեւտուրը Մէրսինի Մէջ», Բիւրակն, 1907, թիւ 49, 1 դեկտեմբեր, էջ 1767-1768:
- [23] Ազատամարտ, թիւ 1458, 8/21 մարտ 1914, էջ 3:
- [24] Կիլիկիա. Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ, էջ 222:
- [25] Թուրքական դեոնում = 40 × 40 կանգուն = 1600 քռ. կանգուն, կամ՝ հողաչափի կանգունը 75 սանտիմ հաշւով՝ 1 դեոնումը = 900 քռ. մ (Բիւզանդ Եղիայեան, Ատանայի հայոց պատմութիւն, հրատարակութիւն Ատանայի հայրենակցական միութեան, Անթիլիաս – Լիբանան, տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1970, էջ 146):
- [26] Նոյն տեղում, էջ 298:
- [27] «Առեւտուրի կեանքը գաւառներու մէջ», Բիւրակն, 1907, թիւ 15, 6 ապրիլ, էջ 680:
- [28] Yumurta (թրք.) – Ձու։ Կարելի է ենթադրել, թէ “Yumurtalık” տեղանունը առաջացել է վերոնշեալ ձկան ձուադրման հետեւանքով եւ նշանակում է ձուադրելու տեղը, վայրը:
- [29] Կարապետ Բ. Աշըգեան, Ուզուն Աշըգեան գերդաստանի պատմութիւնը, Պէյրութ, տպ. Կ. Տօնիկեան, 1968, էջ 129:
- [30] Նոյն տեղում, էջ 133-134:
- [31] Çiğit (թրք.) – Բամբակի սերմ:
- [32] Եղիայեան, նշ. աշխ., էջ 164:
- [33] Նոյն տեղում, էջ 159:
- [34] Գաղթաբերք – Գաղութի բերք, գաղութներում արտադրուող՝ գաղութներից արտահանուող որեւէ բերք՝ սուրճ, թէյ, կակաօ, կաուչուկ եւ այլն (Ստեփանոս Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, Երեւան, Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն, 1944, էջ 430):
- [35] «Մէրսինի հրապարակը», Բիւրակն, 1906, թիւ 19, 3 յունիս, էջ 455:
- [36] «Մերսինի ազգ. կալուածներու հրդեհուիլը», Ժամանակ, թիւ 795, 16/29 մայիս 1911, էջ 1:
- [37] Ճամբորդ, «Կիլիկեան քրոնիկ», Ժամանակ, թիւ 625, 26 հոկտեմբեր/8 նոյեմբեր 1910, էջ 1:
- [38] «Մէրսինի հրապարակը», Բիւրակն, 1906, թիւ 19, 3 յունիս, էջ 455:
- [39] Եղիայեան, նշ. աշխ., էջ 158:
- [40] Չուխայ – Կտոր, նուրբ բրդէ գործուածք՝ խաւով, մահուդ (Մալխասեանց, նշ. աշխ., էջ 30):
- [41] «Մէրսինի հրապարակը», Բիւրակն, 1906, թիւ 19, 3 յունիս, էջ 455:
- [42] «Մէրսինի հրապարակը», Բիւրակն, 1906, թիւ 21, 17 յունիս, էջ 502-503:
- [43] Բիւրակն, 1906, թիւ 10, 1 ապրիլ:
- [44] Եղիայեան, նշ. աշխ., էջ 159:
- [45] «Մէրսինի հրապարակը», Բիւրակն, 1906, թիւ 19, 3 յունիս, էջ 454:
- [46] Աշըգեան, նշ. աշխ., էջ 130:
- [47] Եղիայեան, նշ. աշխ., էջ 158:
- [48] Յակոբ Պ. Պօղոսեան, Հաճընի ընդհանուր պատմութիւնը եւ շրջակայ Գօզան-Տաղի հայ գիւղերը, հրատարակութիւն Հաճնոյ հայրենակցական վերաշինաց միութեան, Լօս Անճէլըս, Քալիֆորնիա, տպ. «Պօզաճեան», 1942, էջ 179:
- [49] Եղիայեան, նշ. աշխ., էջ 158:











