Մուշ եւ Սասուն – Զինուորական տուրք (բեդել-ի ասկերի)
Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 03/04/25 (վերջին փոփոխութիւնը՝ 03/04/25)
Բեդել-ի ասկերի տուրքի սահմանումը, տուրքի չափը
Օսմանեան կայսրութիւնում, ինչպէս մուսուլմանական այլ երկրներում, հայերը եւ միւս ոչ-իսլամ ազգութիւնները չէին զորակոչւում բանակ։ Զինուորական ծառայութեան փոխարէն, ինչպէս նաեւ սեփական կրօնը դաւանելու եւ որոշակի համայնքային ինքնավարութիւն ունենալու համար, որպէս իսլամական պետութեանը եւ նրա օրէնքներին հաւատարմութեան առհաւատչեայ` նրանք վճարում էին ջիզիէ (գլխահարկ) [1]։
Ղրիմի պատերազմի (1853-1856 թթ.) զարգացումների ծիրում, Օսմանեան կայսրութեան եւրոպական դաշնակիցների` Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի որոշակի ճնշման ներքոյ` օսմանեան իշխանութիւնները 1855 թ. մայիսի 14-ին չեղարկում են ջիզիէի գանձումը [2] եւ յայտարարելով, որ ոչ-իսլամները ենթակայ են զինուորական ծառայութեան, միաժամանակ նրանց համար սահմանում զինուորագրութեան փոխարէն վճարուող տուրք` բեդել-ի ասկերին [3] (bedel-i askeri, թուրքերէնից բառացի թարգմանութեամբ` «զինուորագրութեան փոխարէն» կամ «զինուորագրութեան գին» [4])։
Զինուորական տուրքը նոյն ջիզիէն էր, սակայն հարկման իսլամական-կրօնական հիմքը փոխարինուել էր աշխարհիկ հիմքով [5]։ Տեսականօրէն, զինուած ուժերում ծառայելու պարտաւորութիւնը մնում էր ուժի մէջ, բայց գործնականում լռելեայն մոռացութեան էր մատնւում [6]։
Ըստ օրէնքի` բեդել-ի ասկերին նախատեսուած էր գանձել 15-60 տարեկան, առողջական խնդիրներ չունեցող, աշխատունակ` այսինքն զինուորական ծառայութեանը պիտանի տղամարդկանցից։ Դրա վճարումից ազատուած էին կանայք, երեխաները, հոգեկան կամ ֆիզիկական խնդիրներ ունեցող անաշխատունակ անձինք, չքաւորներն ու հոգեւորականները [7]։ Սակայն տուրքի գումարը առաւել մեծ թուով անձանց վրայ բաշխելու եւ դրա առաւել լիարժէք գանձումն ապահովելու նպատակով, այն գործնականում սկսեց պահանջուել մէկ տարեկանը լրացած բոլոր ոչ-իսլամ արուներից՝ մինչեւ մահ [8]։
Սկզբնապէս մէկ անձից գանձուող բեդել-ի ասկերիի անուանական միջին չափը 28 ղուրուշ էր, ինչը մօտաւորապէս հաւասար էր 1856 թ.ից առաջուայ ջիզիէի չափին։ 1878-ից յետոյ տուրքի չափը բարձրացուեց 37 ղուրուշի, իսկ 1904-ից յետոյ` 50 ղուրուշի [9]։
Արժանայիշատակ է, որ 1885 թ. Աբդուլ Համիդ II-ը Կ. Պոլսի Հայոց պատրիարք Յարութիւն արք․ Վեհապետեանի (1885-1888) խնդրանքով, ով ուզում էր մարել Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի պարտքը [10], կարգադրեց աւելացնել հայերից գանձուող զինուորական տուրքը 3 ղուրուշով` հաւաքելով մոտ 40 ղուրուշ։ Վերադիր գումարի գանձումը սահմանուել էր 3 տարի ժամկէտով, սակայն, ըստ որոշ աղբիւրների, ժամկէտն աւարտուելուց յետոյ այն չվերացուեց [11]։
Ինչպէ՞ս էր որոշուել տուրքի չափը։ Համաձայն օրէնքի` իւրաքանչիւր տարի զինուորագրման էր ենթակայ կայսրութեան արական սեռին պատկանող չափահաս ազգաբնակչութիւնից միայն որոշակի քանակ։ 1856-1878 թթ. զինուորագրւում էր 180 անձից մէկը, իսկ հետագայում այդ թիւն իջեցուեց 25%-ով` 135 անձից մէկ յարաբերակցութեան։ Մէկ զինուորի պահպանութեան տարեկան ծախսերը գնահատւում էին 50 լիրա կամ 5.000 ղուրուշ, համապատասխանաբար` մէկ անձի վրայ որպէս տուրքի չափ սկզբում բաշխւում էր այդ գումարի 1/180-ը` 28 ղուրուշ, այնուհետեւ` 1/135-ը` 37 ղուրուշ [12]։
Ջիզիէն եւ հետագայում բեդել-ի ասկերին, որպէս առանձին հարկատեսակ, Օսմանեան պետութեան հարկային եկամուտների երկրորդ ամենակարեւոր աղբիւրն էր (գիւղատնտեսական արտադրանքից գանձուող աշարից (տասանորդ) յետոյ) [13]։ 1888-1909 թթ. զինուորական տուրքը առանձինն ապահովում էր Օսմանեան կայսրութեան պետական բիւջէի մուտքի մօտ 5%-ը [14]։
1909 թ. Արեւմտեան Հայաստանում ճանապարհորդած Յովհաննէս Տէր-Մարտիրոսեանը (Ա–Դօ) արեւմտահայութիւնից գանձուող ուղղակի հարկերն ու տուրքերը բաժանում է երկու մասի` բերքով (աշար կամ տասանորդ) եւ դրամով վերցուող հարկեր։ Դրամով վերցուող հարկերն էին, բացի բեդել-ի ասկերիից, կալուածահարկը` էմլակ (շինութիւնների հարկ) եւ արազին (հողային հարկ)՝ տարատեսակներով, ռազմական հարկը (թեջհիզատ էսքերիէ)` օսմանեան բանակի սպառազինութեան գնման համար, կրթական հարկը (մուարըֆ հիսասի), ճանապարհների հարկը, զբաղմունքի հարկը (թեմեթուհաթ) եւ ոչխարի հարկը (խամչուռ) [15]: Այս հարկերի թւում զինուորական տուրքն իր տեսակարար կշռով հիմնականն էր։ Ըստ Գրիգոր Զօհրապի` 1880-ական թթ. սկզբներին բեդել-ի ասկերի էր գանձւում արական սեռին պատկանող 508.000 հայից [16]։
1888-89 թթ. (օսմանեան ռումի օրացոյցի 1304 թ.) Բիթլիսի վիլայէթից գանձուել էր 2.389.860 ղուրուշ բեդել-ի ասկերի [17]։ Եթէ բաժանենք նշուած թիւը մէկ անձից գանձուող տուրքի միջին չափին (37 ղուրուշ), ապա հարկման է ենթարկուել արական սեռին պատկանող 64.590 ոչ-իսլամ, այսինքն` հայ։
Բեդել-ի ասկերի տուրքի գանձման կարգը
Բեդել-ի ասկերիի գանձման գործընթացը կանոնակարգուել էր 1850-ական թթ. վերջերին - 1860-ական թթ. սկզբներին [18] եւ առանց նշանակալից փոփոխութիւնների շարունակեց գործել մինչեւ 1909 թ.՝ տուրքի վերացումը։
Իւրաքանչիւր տարի տեղական կառավարման մարմինը` քազայի մեջլիսը (գաւառակի ժողով), հիմք ընդունելով պաշտօնական մարդահամարների եւ հաշուառումների տուեալները, հաստատում էր տուեալ գիւղի, համայնքի կամ թաղի արական սեռին պատկանող բնակիչների թիւը եւ գանձուող գումարի ընդհանուր չափը, որից յետոյ դա յայտնում էր գաւառակի վարչական սահմանների մէջ գտնուող տուեալ գիւղի կամ թաղի ներկայացուցիչներին [19]։
Քրիստոնեայ բնակավայրի կամ թաղամասի ղեկավարը (մուխթար, քոջաբաշի), ստանալով տուրքի գանձման ծանուցագիրը, կազմում էր տուն-ընտանիքների ցուցակները, որից յետոյ քահանայի եւ մի քանի տարեց ու երեւելի անձանց մասնակցութեամբ ժողով էր հրաւիրում, որտեղ ըստ իւրաքանչիւր ընտանիքի կարողութեան չափի բաժանում էին տուրքի գումարը [20]։
Իշխանութիւնները ճանաչում էին գիւղը, թաղը կամ համայնքը իբրեւ մի ամբողջութիւն, որը պետք է բեդել-ի ասկերիի գումարը վճարէր լրիւ։ Դրա հետ մէկտեղ, ներքին կարգով, հարկատու համայնքն իրաւունք ունէր տուրքի բաշխման ժամանակ մինչեւ 15 տարեկան երեխաների եւ տարեցների տուրքը սահմանել 25% զեղչմամբ, իսկ հաշմանդամներից, ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ ունեցող անձանցից գումար ընդհանրապէս չվերցնել [21]։ Շատ ունեցողից շատ էին առնում, քիչ ունեցողից՝ քիչ, իսկ աղքատներին, անկարողներին ու պակասաւորներին բոլորովին ազատում էին տուրքի վճարումից` նրանց բաժինները բաշխելով ունեւորների վրայ [22]։
Տուրքի բաշխման ցուցակը ըստ տների կազմելուց յետոյ այն ուղարկւում էր հետ` քազայի մեջլիս, որտեղ քննւում եւ վաւերացւում էր։ Ցուցակի վաւերացումից յետոյ դրա մի օրինակ ուղարկւում էր մուխթարին` հրահանգելով սկսել գանձումը [23]։ Իր աշխատանքի դիմաց մուխթարը ստանում էր որոշակի ռոճիկ` հաւաքուած տուրքի 4%-ի չափով [24]։
Մուխթարը կա՛մ անձամբ էր հաւաքում տուրքը, կա՛մ իր նշանակած հարկահանների միջոցով: Մուխթարը նաեւ ստանում էր մի քանի զափթիէ (ոստիկան) որպէս օգնական: Եթէ ոեւէ մէկը հրաժարւում էր տուրքը վճարելուց՝ մուխթարն իրաւունք ունէր նրան անմիջապէս բանտարկել տալ կամ բռնագրաւել պարտապանի կահ-կարասին [25]։
1880-1890-ական թթ. տուրքերի գանձման գործընթացի բարեփոխումներով, աւելի լայն գործառոյթներ վերապահուեցին Հարկային գրասենեակի (Vergi Dairesi) աշխատակիցներին։ Մասնաւորապէս, նրանց յանձնարարուեց իւրաքանչիւր տարի շրջել հայաբնակ բնակավայրերով եւ քահանաներից կամ մուխթարներից ճշտել նախորդ ժամանակահատուածում գրանցուած ծնունդների եւ մահերի թիւը [26]։ Բեդել-ի ասկերիի եւ այլ տուրքերի հաւաքումն ապահովելու նպատակով ստեղծուեցին հարկահաւաքութեան յատուկ մարմիններ (tahsilat heyeti)` հարկահաւաք պաշտօնեաներով (թուրքերէն` թահսիլդար), որոնց վերապահեցին տուրքերի հարկադիր գանձման գծով նախկինում զափթիէ-ժանդարմներին վերապահուած գործառույթները [27]։ Սահմանուեց, որ իւրաքանչիւր նահիէ (գիւղախումբ) պէտք է ունենայ մէկ թահսիլդար, քազան` երեք-չորս, սանջակը` չորս, իսկ վիլայէթի կենտրոնը` մէկ «գլխաւոր թահսիլդար» [28]։ Այսպիսով, իւրաքանչիւր սանջակում կար միջին հաշուով 15 թահսիլդար [29]։ Արեւմտեան Հայաստանի վեց նահանգներում 1896 թ. թահսիլդարների եւ հարկահաւաքութեան մարմինների այլ աշխատակիցների ընդհանուր թիւը 567 հոգի էր, այդ թւում Բիթլիսի վիլայէթում` 81 [30]։
Բեդել-ի ասկերի տուրքի հաւաքագրման ժամանակ չարաշահումները Մուշ-Սասունում
Արեւմտեան Հայաստանի տարածքում, մասնաւորապէս Մուշ-Սասունում տուրքի հաւաքագրման գործընթացը յաճախ ուղեկցւում էր չարաշահումներով ու բռնութիւններով։ Քիչ չէին դէպքերը, երբ մուխթարը, օգտուելով գիւղացու անգրագիտութիւնից, գանձում էր սահմանուած չափից աւելի մեծ գումար` ստացականում նշելով այլ` աւելի ցածր թիւ։ Պատահում էր, որ տուրքի վճարման ստացականը կորսւում էր, եւ մուխթարը նոյն անձից երկրորդ, նոյնիսկ երրորդ անգամն էր գանձում տուրքը։ Գանգատների ու բողոքների դէպքում մուխթարը ըմբոստացողին բանտ էր գցել տալիս։ Բանտարկեալին ազատելու համար նրա ազգականները յաճախ ստիպուած էին լինում վճարել պարտքի հնգապատիկը [31]։
Երբեմն տուրքի ապօրինի գանձման դէմ բողոքած եւ դրա համար բանտ նետուած անձին զրպարտում էին` մեղադրելով «քոմիթաճի» լինելու` այսինքն հայկական յեղափոխական որեւէ կուսակցութեան անդամակցելու մէջ, դրանով կաշառքի նոր աղբիւր ստեղծելով [32]։
Յաճախ մուխթարը հաւաքում էր տուրքերն ըստ ցուցակի, գրպանում դրանց մի մասը եւ գողացածը ցոյց տալիս որպէս ապառիկ պարտք պանդխտութեան գնացած անձերի վրայ։ Երբ պանդուխտները վերադառնում էին տուն, իշխանութիւնները բռնում էին նրանց եւ գանձում մուխթարի որպէս պարտք ցոյց տուած գումարները, նաեւ շորթում այլ գումարներ` շատ չտանջելու կամ պանդուխտի Պոլսում, Բուլղարիայում, Ռուսաստանում եւ այլուր արած «քոմիթաճիութիւնները ծածկելու» համար [33]։
Թահսիլդարների նշանակումներից յետոյ էլ զափթիէները շարունակում էին մասնակցել տուրքերի հաւաքագրմանը։ Բացի դրանից, քանի որ թահսիլդարի պաշտօնը դիտարկւում էր որպէս ժանդարմերիայի ստորաբաժանում, իրենք` զափթիէ-ժանդարմներն էին յաճախ համատեղութեան կարգով պաշտօնավարում որպէս թահսիլդար եւ, հակառակ սահմանուած կարգի, շրջում էին բնակավայրերով այլ ժանդարմների, անգամ կանոնաւոր բանակի զինուորների ուղեկցութեամբ` ինչի հետեւանքով հարկահաւաքութիւնը շարունակում էր ուղեկցուել նոյն, եթէ ոչ աւելի ուժգին դրամաշորթումներով, բռնութիւններով ու չարաշահումներով։ Շորթման շղթայում պարզապէս աւելացել էր եւս մէկ շահառու` թահսիլդարը։
Արեւմտեան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դիւանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերում բազմաթիւ են հարկահաւաքների չարաշահումների, այդ թւում` ծեծի հետեւանքով արձանագրուած մահուան դէպքերի նկարագրութիւնները։ Նշւում էր, որ տուրքերից գրեթէ աւելի ծանր է հարկահաւաքների բեռը, որոնք ոչ միայն ապրում են ժողովրդի հաշուին եւ դաժանօրէն վերաբերւում նրան, այլեւ ստիպում են կաշառք տալ եւ ամօթալի ձեւով վարւում երիտասարդ կանանց հետ [34]։
Այսպէս, Բիթլիսում Մեծ Բրիտանիայի փոխհիւպատոս Չարլզ Հեմփսոնը 1895 թ. օգոստոսի 25-ի զեկուցագրում հաղորդում էր հետեւեալը. «Այցելեցի Մուշի դաշտի հինգ կամ վեց գիւղեր՝ ...նպատակ ունենալով անձամբ պարզել, արդեօ՞ք տուրքերի հաւաքագրման ընթացքում թոյլ տրուած չարաշահումների մասին պատմութիւնները ճշմարիտ էին։ Իմ հետաքննութեամբ, այդ պատմութիւնները լիովին հաստատուեցին։ Ամէն գիւղում շրջապատուած էի տղամարդկանց, կանանց ու երեխաների բազմութեամբ, եւ նրանց ողբն անփոփոխ էր. «Փրկէք մեզ զափթիէների դաժանութիւնից...»։ Երբեք այդ դաժանութիւնը չէր հասել նման աստիճանի, ինչպէս հիմա․ տղամարդիկ ծեծի են ենթարկւում, բանտարկւում, նրանց դէմքին մարդկային արտաթորանք են քսում, կանայք եւ աղջիկները ենթարկւում են վիրաւորանքների ու անարգանքի, գիշերուայ ընթացքում մերկ քարշ են տրւում անկողիններից, երեխաներին չեն խնայում։ Այս ոճիրները պարզապէս զափթիէների «զուարճանքներն» են, մինչ նրանք զբաղուած են գիւղացիների մնացած վերջին գոյքը դրա իրական արժէքի քառորդով վաճառելով» [35]։
Իւրաքանչիւր թահսիլդար Մշոյ գիւղերով շրջում էր 4-5 ժանդարմի ուղեկցութեամբ, որոնք իրենց հետ խուրջիններով ունէին քուրդ ցեղապետների դրամը։ Տուրքը վճարելու պատրաստի դրամ չունեցող գիւղացուն ժանդարմներն առաջարկում էին ապագայ բերքի կամ հողի գրաւադրման երաշխաւորութեամբ բարձր, վաշխառուական տոկոսով փոխառութիւն, որը կոչւում էր սալաֆ [36]։ «Խեղճերը սալաֆի վտանգն ու ցաւը իրենց կաշիին վրայ փորձով գիտէին որ տակէն ելլալիք բան չէր, այսօր առնել 100 ղրուշ եւ վաղը վճարել 500 ղրուշ,– նշում է աղբիւրը,– եւ երբ կը տատամսէին եւ ժամանակ կ’ուզէին որ ուրիշ տեղէ մը հայթայթեն պահանջուած գումարը, ժանտարմաները վրանին յարձակելով` կը մերկացնէին եւ վրանին պաղ ջուր լեցնելով` դալար փայտերով կը սկսէին ծեծել` մահուան հասցնելու աստիճան» [37]։
Հարկահաւաքների գործած չարաշահումների եւ բռնութիւնների դէմ բողոքները տեղական եւ կենտրոնական իշխանութիւնները թողնւում էին անարձագանգ։ Առաւել լուրջ դէպքերում, երբ բռնութիւնների հետեւանքով արձանագրւում էին մահեր, անց էին կացւում զուտ ձեւական հետաքննութիւններ, որոնք աւարտւում էին մեղաւորների արդարացմամբ։ Օրինակ, 1902 թ. Մշոյ Գոմս գիւղից Էլմաս անունով կնոջ հարկահաւաքների ծեծից յետոյ մահուան դէպքը հետաքննելու համար Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի բողոքից յետոյ, կենտրոնական իշխանութիւնների կարգադրութեամբ՝ նահանգային իշխանութիւնները ստեղծեցին յատուկ յանձնաժողով, որը պարզեց, թէ Էլմասի մահուան պատճառը իբր թոքաբորբն է [38]։


Մուշ-Սասունի հայութեան` բեդել-ի ասկերի տուրքից խուսափելու միջոցները
Վերոնշեալից ելնելով` Մուշ-Սասունի հայութիւնը, ինչպէս եւ Արեւմտեան Հայաստանի այլ շրջանների հայ բնակչութիւնը ձգտում էր հնարաւորինս խուսափել բեդել-ի ասկերին վճարելուց։ Տուրքի բեռը թեթեւացնելու` հայ գիւղացիութեան հիմնական միջոցն էր արու զաւակների թիւը թաքցնելը։ Այդ միջոցի կիրառումը համատարած բնոյթ էր կրում յատկապէս Սասունում, որի լեռնային շրջանները դուրս էին կենտրոնական եւ տեղական իշխանութիւնների լիակատար վերահսկողութիւնից։
Ինչպէս նախքան 1878 թ., այնպէս էլ դրանից յետոյ սովորական երեւոյթ էր հաշուառումից խուսափելու նպատակով, այն անցկացնող պաշտօնեային կաշառելը: Այսպէս, Գրիգոր Արծրունին արձանագրում է, որ «...քրիստոնեաները, առանց այդ էլ ծանր տուրքերը չը կամենալով աւելացնել տալ, անկասկած ամենայն միջոց գործ են դնում որքան կարելի է պակաս ցոյց տալ իրենց թիւը եւ նաեւ նոյնիսկ պաշտօնեաները նոցա օգնում կը լինին այս բանի մէջ, յայտնի բան է կաշառք առնելով, որ ... տաճիկ պաշտօնեաների կեանքն ու գոյութիւնն է» [39]:
Միսաք Բդէեանը, ով Մեծ եղեռնից առաջ Մշոյ գաւառի վարչական մարմիններում տարբեր ցածր պաշտօններ է զբաղեցրել, իր յուշերում վկայում է, որ մշեցիների շրջանում համատարած սովորութիւն կար «զինուորական տուրքը քանի մը տարի յետաձգելու եւ չվճարելու դիտաւորութեամբ» 5-10-15-20 տարիներով գաղտնի պահել արական սեռին պատկանող նորածինների ծնունդը, «եւ երբ որոշէին մարդահամարի գրասենեակը արձանագրել տալ, իրենց հայ մուխթարներուն կամ գիւղապետներուն միջոցաւ այնպէս մը ցոյց կու տային, որ իբր թէ անոնք այդ նոյն տարին ծնած են եւ ըստ այնմ ալ՝ անոնց անձնագիր կը տրուէր: Մինչդեռ, այս կարգի նորածիններուն մէջ կային շատեր որ ամուսնացեր եւ մինչեւ իսկ զաւակի ալ հայր էին եղեր» [40]:
Օսմանեան իշխանութիւնները քաջ գիտակցում էին թերհաշուառման խնդիրը եւ պարբերաբար հրահանգներ էին իջեցնում գաւառներ` պահանջելով մուխթարներից «արու զաւակի ծնւելուց առ առաւելը 48 ժամ յետոյ իմաց տալ պատշաճաւոր վարչութեան», հակառակ դէպքում սպառնալով ծանր պատիժներով [41]։ Նման հրահանգները կաշառքի դիմաց շատ դէպքերում արհամարհւում էին։
Օսմանեան կառավարութիւնը նաեւ միջոցներ էր ձեռնարկում հաշուառումից խուսափողների դէմ, որոնք սակայն շօշափելի արդիւնք չէին տալիս: Այսպէս, տուրքի գանձումը հեշտացնելու համար, 1878 թ. բնակչութեան հաշուառման կանոնակարգով սահմանուեց ծննդեան վկայագրերի կամ «մարդահամարի թղթերի»՝ «Նուֆուս թեզքերեսի»ի (nüfus tezkeresi) կամ «համիդիէների» համակարգը [42]: «Համիդիէ» պէտք է ձեւակերպուէր մէկ տարեկանը լրացած կայսրութեան արական սեռին պատկանող իւրաքանչիւր հպատակի համար: Դրանք իւրօրինակ վկայագրեր էին՝ ապացոյց, որ «համիդիէ» ունեցող անձը հաշուառուած է, այսինքն՝ ապագայում կը հարկուի: «Համիդիէները» սկսեցին տրուել 1881 թ.-ից` մարդահամարի ընթացքում գրանցուած իւրաքանչիւր անձի: Որպէսզի բնակչութիւնը չխուսափի «համիդիէներից», սահմանուեց, որ առանց այդ փաստաթղթի արգելւում են սեփականութեան առք ու վաճառքը, երկրի ներսում եւ երկրից դուրս ճանապարհորդութիւններ կատարելը, դատարան դիմելը, ոստիկանութիւն եւ կառավարման այլ մարմինների հետ գործ ունենալը [43]: Թուրքական կառավարութիւնը նաեւ տուգանում էր «համիդիէներ» ստանալուց խուսափելու համար [44]: Սակայն, անձնագրային համակարգի ներդրումը չտուեց սպասուած արդիւնքը՝ խոր դիմադրութիւն առաջացնելով հայ բնակչութեան մէջ:
Դէպքերին ժամանակակից հայ լրագրող-թղթակից Սէյլանը (գրող, մանկավարժ Արշակ Գէորգի Մադոյեան, 1861-1934) վկայում է, որ համիդիէների ստացումից «դուրս մնացին լեռնական հայեր, մի շարք շինականներ, որ կը կազմեն վիճակագրուածների մի երրորդը»: «Սասնցի, Գէաւարցի, Զէյթունցի եւ այլ ամրադիրք հայերից մի մասը միայն ստացան Համիդիէ թեսքերիէ,– շարունակում է հեղինակը,– այն էլ քաղաք գնալիս անցագիր ունենալու մտօք» [45]:
Հայ բնակչութիւնը ձգտում էր ամէն կերպ շրջանցել նաեւ Հայոց պատրիարքարանի հաշուառման փորձերը: Առաջնորդարանների ցուցակների մէջ չմտնելու համար յաճախ բաւական էր 10 ղուրուշ՝ «կնքող տէրտէրին ընծայ» [46]: Գիւղերում մկրտութիւնները շատ յաճախ տոմարներում չէին արձանագրում՝ «ծածկելու համար եղելութիւնը թուրք կառավարութիւնից, որ կարող էր անակնկալ ժամին գալ տոմարները ստուգելու եւ վնասակար մերկացումներ կատարելու» [47]:
Աղբիւրներից մէկը հաղորդում է, որ Գէորգեան ճեմարան ընդունուելու համար Վանի, Բիթլիսի կամ Էրզրումի վիլայէթներից եկած հայ աշակերտներից շատերը առանց որեւէ ծննդեան վկայականի էին ներկայանում` իրենց հետ բերելով առաջնորդարանների կողմից հետին թուով կազմուած միայն մի թուղթ [48]:
Դէպքերին ժամանակակից ուսումնասիրողները նաեւ վկայում են, որ առաջնորդարանները ոչ բոլորին էին թոյլ տալիս օգտուել իրենց արխիւներից կամ էլ տրամադրում էին օսմանեան կառավարութեան վիճակագրութեանը չհակասող նիւթեր: Այսպէս, Բիթլիս եւ Մուշ այցելած բրիտանացի ճանապարհորդ Հենրի Լինչը նշում է, որ թեմական իշխանութիւնները ծայր աստիճան զգուշաւոր էին արձանագրելու այնպիսի տուեալներ, որոնք հակասում են կառավարութեան ցուցակներում հարկման նպատակով ընդգրկուած հայերի թուին [49]:
Արեւմտահայութեան` բեդել-ի ասկերի տուրքը քիչ վճարելու նպատակով օսմանեան հաշուառումից խուսափելու հարցի կարեւորութեան ցուցիչ է հետեւեալ դէպքը։ 1908 թ. սկզբներին Հ. Յ. Դաշնակցութեան «Կովկասեան Ահաբեկիչ Մարմնի» վճռով «իր կատարած մատնութիւնների, բռնաբարութիւնների եւ իր համագիւղացիների վրայ գործ դրած անլուր կեղեքումների համար» սպանւում է Մշոյ Բուլանըխ գաւառակի Կոփ գիւղի բնակիչ Մխիթար Բաւօյեանը։ Նրան ուղղուած մեղադրանքների տասը կէտերից առաջին երեքը վերաբերւում էին օսմանեան իշխանութիւններին հայերի թիւը մատնելուն եւ տուրքը գանձելու հետ կապուած հարցերին։ Մասնաւորապէս, մեղադրականում հաղորդւում էր հետեւեալը. «Բաւօյեան Մխիթարը Կոփ Գիւղում իր երկարամեայ գրագրութեան միջոցին ...1) Նորածին երեխաների ծնունդը մատնել է կառավարութեան՝ գլխահարկին ենթարկելու համար նրանց։ Յղի կանանց արձանագրել տւած է, իբրեւ տղայ զաւակ բերողներ` նոյն նպատակով։ 2) Վաղուց մեռած մարդիկ իբրեւ ողջ յայտարարելով, նրանց հարկը գանձել տւած է ազգականներից։ 3) Կոփ գիւղը ապաստանած բազմաթիւ ... պանդուխտները իբրեւ տեղացի արձանագրել տւած է, նրանցից հարկ առնելու համար։ Նրանց փախչելուց յետոյ, այդ արձանագրութեան զօրութեամբ, Կոփ գիւղը մինչեւ այսօր էլ վճարում է նրանց հարկը» [50]։
Բեդել-ի ասկերիի վճարումից խուսափելու համար արձանագրւում էին նաեւ հայերի կրօնափոխութեան` իսլամ ընդունելու դէպքեր։ Այս խնդրի մասին բարձրաձայնւում էր դեռեւս Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանին կից գործող մարմնի` Ազգային ընդհանուր ժողովի 1871-ի նիստերից մէկում. «Ընդհանրապէս կը գանգատին որ ազգահամարի ճշդութիւն չկայ, եւ մեռնող, գաղթող, բոլորովին անյայտ եղողներու հարկն ալ մնացեալներէն պահանջելու ստիպում կ’ըլլայ։ Այս պատճառաւ կրօնափոխութեան կը դիմեն, որպէս զի պակսողներու փոխարէն իրենց վրայ բարդուած աւելորդ հարկէն ազատելով, միայն իրենց անձնական հարկը վճարեն» [51]։
1890-ական թթ. կէսերին` աբդուլհամիդեան կոտորածների ժամանակաշրջանում, խնդիրն է՛լ աւելի մեծ ծաւալներ ընդունեց։ Այսպէս, Էրզրումում Մեծ Բրիտանիայի հիւպատոս Ռոբերտ Վինդհամ Գրեյվսը դեսպան Ֆիլիպ Քարիին հասցէագրուած 1895 թ. յունուարի 17-ի նամակում արձանագրում էր, որ յատկապէս Բիթլիսի վիլայէթում, նիւթական դրդապատճառներով պայմանաւորուած կրօնափոխութեան դէպքերը վերջին շրջանում աւելի յաճախակի են դարձել, սակայն իրեն յայտնի են նաեւ դէպքեր, երբ քրիստոնեաների՝ իսլամ ընդունելու խնդրանքը գաւառակապետերը մերժել են այն պատճառաբանութեամբ, որ եթէ բոլոր հայերը մուսուլման դառնան, ապա հարկերը կորզելու համար ոեւէ մէկը չի մնայ [52]։
Արձանագրուել են դէպքեր, երբ օսմանեան իշխանութիւնները փորձել են օգտագործել հայերի` զինուորական տուրքից խուսափելու նպատակով հաշուառումից խուսափելու երեւոյթը՝ ամրագրելու համար հայերի իսլամացումը։ Այսպէս, Դիարբեքիրում Մեծ Բրիտանիայի փոխհիւպատոս Ալեքսադր Թելֆորդ Վողը իր 1897 թ. մարտի 16-ի զեկուցագրում յայտնում է, որ Բիթլիսի նահանգի Գենջի եւ Ճապաղջուրի կրօնափոխուած որոշ հայեր դժկամանում էին վերադառնալ քրիստոնէական կրօնին` հաշուի առնելով նաեւ այն, որ այդ դէպքում նորից ստիպուած են լինելու վճարել բեդել-ի ասկերին։ «Իսլամ ընդունելուց յետոյ նրանք չեն վճարել տուրքը եւ երկիւղ են կրում, որ եթէ նորից քրիստոնեայ ճանաչուեն, ստիպուած են լինելու փակել կուտակուած պարտքը։ Եթէ հարցը անլույծ մնայ, կ’աւարտի նրանով, որ հայերի մեծ մասը կը գերադասի մուսուլման մնալ»,– նշում էր փոխհիւպատոսը [53]։
Նշուած դէպքի մասին որոշակի մանրամասնութիւններ է պարունակում մէկ այլ բրիտանացի փոխհիւպատոսի` Ֆրենսիս Քրոուի 1897 թ. յուլիսի 14-ի զեկուցագիրը։ Աբդուլհամիդեան կոտորածների նախօրեակին Գենջի գաւառակում բնակչութեան հաշուառման գործը վարող պաշտօնեաներից մէկը խաբէութեան ճանապարհով (նա յայտարարեց, որ կառավարութիւնն իբր գրանցուած իւրաքանչիւր գլխից ներում է մէկ թուրքական լիրա բեդել-ի ասկերի տուրք) կարողացաւ գրանցել գաւառակի բազմաթիւ հայերի, որոնք մինչ այդ խուսափել էին հաշուառուելուց։ Կոտորածների ժամանակ Գենջի գաւառակի հայութիւնը բռնի իսլամացուեց եւ համապատասխանաբար նրանցից դադարեց գանձուել բեդել-ի ասկերի տուրքը։ 1897 թ. սկզբներին, երբ մեծ տէրութիւնների ճնշման տակ սուլթանական կառավարութիւնը հրահանգ իջեցրեց նահանգներ, որով թոյլ էր տրւում իսլամացուած հայ բնակչութեանը վերադառնալ քրիստոնէութեան, գաւառակի Վալեր գիւղի վեց հայ ընտանիքներ իրենց նորից քրիստոնեայ յայտարարեցին։ Գենջի կառավարիչը, ի պատասխան այդ ընտանիքների որոշման, վեր հանեց նրանց ընտանիքների անդամների գրանցման տուեալները եւ պահանջեց այդ ընտանիքների բոլոր արու անդամներից բեդել-ի ասկերի տուրքը ամբողջ ծաւալով` ներառեալ այն տարիները, որոնց ընթացքում նրանք խուսափել էին հաշուառումից եւ տուրք տալուց։ Բնակիչները դիմեցին միւդիրին (գիւղախմբի կառավարիչ), ով նրանց յորդորեց մնալ մուսուլման` ասելով, որ այդ դէպքում չգանձուած տուրքը կը ներուի: Նոյնը յայտարարեց նաեւ կայմակամը (գաւառի կառավարիչ) [54]:
Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆիլիպ Քարին Գենջի գաւառակի բռնի իսլամացուած հայերի հարցով պաշտօնական դիմում յղեց օսմանեան կառավարութեանը, որն էլ հրահանգ իջեցրեց Բիթլիսի վալիին՝ չխոչընդոտել Գենջի հայերի քրիստոնէութեան վերադառնալուն եւ դրա հետ մէկտեղ յայտարարել, որ անկախ կրօնափոխութեան փաստից, հայերից գանձուելու է նախորդ տարիներին չվճարուած բեդել-ի ասկերին։ Արդէն 1897 թ. վերջի դրութեամբ օսմանեան պաշտօնական գրագրութեան մէջ նշւում է, որ Գենջի գաւառակի բռնի իսլամացուած 900 հայերը վերադարձել են քրիստոնէութեան [55]։
Տեղի տալով եւրոպական պետութիւնների ճնշմանը` օսմանեան իշխանութիւնները 1897 թ. յունուարին երկու տարիով յետաձգեցին բեդել-ի ասկերիի գանձումը Արեւմտեան Հայաստանի եւ Օսմանեան կայսրութեան հայաբնակ այլ տարածքների` կոտորածներից առաւել տուժած շրջանների համար։ Սակայն, այդ որոշումը շատ տեղերում մնաց թղթի վրայ։ Ըստ 1897 թ. մարտի 9-ին Բարձր Դռանը ներկայացուած Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա արք. Օրմանեանի թաքրիրի` Արեւմտեան Հայաստանի շրջաններում շարունակում էին խստօրէն հետապնդել նշուած տուրքի գանձումը, այն հիմնաւորմամբ, որ դրա ներման կիրառումը կարող է վերաբերուել միայն անցած տարիներին, բայց ոչ ընթացիկ տարուայ տուրքին։ Հարկահաւաքները նոյնիսկ հաշուի չէին առնում սպանուածներին կամ անյայտ կորածներին՝ ողջ մնացածներից պահանջելով նրանց բաժինը [56]։
1897 թ. մայիսին Էրզրումից Բիթլիս ճանապարհորդած բրիտանացի փոխհիւպատոս Ֆրենսիս Քրոուն արձանագրում էր, որ չնայած Կոստանդնուպոլսից ստացուած հրահանգներին, զինուորական տուրքը շարունակւում է գանձուել սովորականի պէս [57]։ «Ներկայիս համակարգի պայմաններում, երբ զափթիէները ուղարկւում են տուրքերը հաւաքելու, նման չարաշահումները դժուար է կանխել, եւ ես մտահոգուած եմ, որ բազմաթիւ գիւղեր հարկադրուած են վճարել այս տուրքը՝ չնայած դրա ներմանը»,– արձանագրում էր փոխհիւպատոսը [58]։
Երբ լրացաւ բեդել-ի ասկերիի գանձման յետաձգման երկու տարին, իշխանութիւնները է՛լ աւելի մեծ եռանդով սկսեցին հետապնդել նախորդ տարիներից կուտակուած պարտքերի վճարումը։ Այսպէս, 1900 թ. հրահանգ իջեցուեց՝ քանի որ Սասունի հայ բնակչութիւնը չքաւոր վիճակում է, ապա նրանից կուտակուած զինուորական տուրքի եւ տասանորդի պարտքերը պէտք է վճարեն Մուշ քաղաքի եւ Մշոյ դաշտի գիւղերի հայերը [59]։ Կառավարչատուն կանչուեցին այդ բնակավայրերի թաղապետերն ու գիւղապետերը, որոնց հետ քննուեցին նախորդ տարիների բեդել-ի ասկերիի ըստ ընտանիքների բաշխման եւ գանձման տոմարները` ճշտելու «թէ որոնք հարուստ էին եւ որոնք՝ աղքատ»։ Գործընթացը համակարգելու համար ստեղծուեց Բաշ Թահսիլդար Շուբեսի (գլխաւոր հարկահաւաքի բաժանմունք) անուամբ յանձնաժողով [60]։
Մշոյ գիւղերի ունեւոր հայերից գանձուած յաւելեալ գումարներն ուղղուեցին տարի առ տարի տուեալ համայնքի զինուորական տուրքի գծով պարտքի վճարմանը, իսկ Մուշ քաղաքից գանձուած գումարի կէսն ուղղուեց չքաւորների չվճարուած հարկերին, միւս կէսը` Սասունի հայ բնակչութեան պարտքերին [61]։
Այս ապօրինի հրամանի դէմ Մշոյ առաջնորդարանի բողոքներն անցան ապարդիւն։ Աւելին, Մշոյ առաջնորդ Բաբգէն ծ. վարդապետ Կիւլէսէրեանը, իբրեւ իշխանութիւնների հրամաններին անսաստող, մի օր կանչուեց կառավարչատուն եւ հրահանգ ստացաւ մեկնել Մուշից [62]։
Մուշ-Սասունում բեդել-ի ասկերիի գանձման այս նոր կարգը պահպանուեց մինչեւ 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնը։
Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ բեդել-ի ասկերի տուրքի վերացումը
1908 թ. յուլիսին Աբդուլ Համիդ II-ի միահեծան իշխանութիւնը սահմանափակելուց եւ 1909 թ. ապրիլին Կոստանդնուպոլսում հակայեղափոխական շարժումը ճնշելուց յետոյ իշխանութեան եկած երիտթուրքերը, նախորդ տարի սուլթանին պարտադրելով վերահռչակել դեռեւս 1876-ին ընդունված Սահմանադրութիւնը եւ վերահաստատելով Օսմանեան կայսրութեան տարբեր ազգութիւնների միջեւ միասնութեան ու իրաւահաւասարութեան սահմանադրական գաղափարի գերակայութիւնը, ձեռնամուխ եղան նաեւ զօրակոչի օրէնքի փոփոխութեանը։
1909 թ. յունիսի 22-ին օսմանեան խորհրդարան (Մեջլիս-ի մեբուսան) ներկայացուեց օրինագիծ, որով նախատեսւում էր 1910 թուականից սկսած վերացնել զինուորական տուրքը եւ զօրակոչել նաեւ ոչ-իսլամներին` հաշուի առնելով այն հանգամանքը, որ իշխանութիւններին ժամանակ է անհրաժեշտ նախապատրաստուելու համար [63]։
Տուրքի վերացման ժամկէտի յետաձգման դէմ հանդէս եկան օսմանեան խորհրդարանի հայազգի պատգամաւորները։ Այսպէս, Գրիգոր Զօհրապն իր ելոյթում շեշտում էր․ «Կը մերժենք հարկ վճարել, որովհետեւ այդ բանը բարոյապէս կ’ընկճէ, կը նուաստացնէ մեզ։ ... Ասիկա ելմտական խնդիր չէ, այլ եղբայրութեան, Սահմանադրութեան խնդիր» [64]։ Գեղամ Տէր-Կարապետեանը (Մշոյ Գեղամ) ուշադրութիւն էր դարձնում զինուորական տուրքի վճարման բեռի տակ ընկած արեւմտահայութեան թշուառ վիճակի վրայ` ներկայացնելով ուշագրաւ մանրամասներ. «Անատօլուի մէջ, մասնաւորաբար Վանի, Պիթլիսի եւ Խարբերդի կողմերը ժողովուրդը ծայրայեղ թշուառութեան մատնուած է եւ հարկ վճարելու կարողութիւն չունի, մանաւանդ որ այդ հարկը տարեկան 50 ղրշ. չէ միայն, ինչպէս ոմանք կը կարծեն, այլ գրեթէ 200 ղրշ., որովհետեւ ժողովրդեան մէկ քառորդ մաս մը միայն հարկ կը վճարէ։ Ասկէ զատ, չվճարուած հարկերուն փոխարէն ոչխարներ եւն. կը ծախեն աժան գիներով, որով իրականութեան մէջ հարկը կը հասնի 300 ղրշ.ի։ ...Պէտք է ջնջել հարկը եւ կամ ժողովուրդին կամքին թողուլ, ուզողը թող զինուորագրուի, ուզողը թող հարկ տայ» [65]։

Հայ պատգամաւորների ճնշման տակ կառավարութիւնն ի վերջոյ համաձայնուեց զինուորական տուրքի անմիջապէս վերացմանը։ Նոր, վերամշակուած օրինագիծը խորհրդարանն ընդունեց 1909 թ. յունիսի 29-ին (յուլիսի 12), որով զինուորական ծառայութիւնը պարտադիր դարձաւ բոլոր ոչ-իսլամ հպատակների համար [66]։ Օրէնքի ընդունումից արդէն երկու ամիս անց` 1909 թ. հոկտեմբերին հրահանգուեց իրականացնել անկախ կրօնական պատկանելիութիւնից առաջին զօրակոչը [67], որը Արեւմտեան Հայաստանի գաւառներ հասաւ յաջորդ տարի` 1910 թ. [68]։
Դէպքերի ժամանակակից Միսաք Բդէեանը, անշուշտ որոշ չափազանցութեամբ, հետեւեալ կերպ է նկարագրում 1909-ից յետոյ Մշոյ գաւառում ստեղծուած նոր իրողութիւնները. «Մշոյ գաւառի ամբողջ հայութիւնը լայն շունչ մը առաւ. այլեւս չկային նախկին հարստահարութիւնները, տուրքերու ապօրինի գանձումները, ժանտարմներու վատ արարքները, միւլթազիմճիներու [69] կողմէ գիւղերու թալանումը, խաֆիրութեան [70] տուրքը։ ... Հայութիւնը, որ իր հոգեվարքի վերջին օրերը կ’ապրէր, նորէն սկսաւ վերակենդանանալ, իր աշխատունակութեամբ եւ ջանասիրութեամբ, դեռ մէկ-երկու տարի չանցած, ամէն բանի տէր դարձաւ» [71]։
Դրա հետ մէկտեղ, հայերը եւ այլ ոչ-իսլամներն իրաւունք ստացան անհատապէս ազատուել զինուորական ծառայութիւնից` վճարելով բեդել-ի նակդի (bedel-i nakdi, թուրքերէնից բառացի թարգմանութեամբ` «փոխարէն կանխիկ» կամ «կանխիկ գին»), որը նախկինում գանձւում էր միայն մուսուլմաններից [72]։
Առաջին աշխարհամարտն սկսուելուց յետոյ, երբ 1914 թ. օգոստոսին զօրահաւաք յայտարարուեց, բազմաթիւ հայ տղամարդիկ գերադասեցին վճարել բեդել-ի նակդի` 30-ից 50 օսմանեան լիրա [73], ինչը շատերին չապահովագրեց հետագայում բանակի կարիքների համար տարբեր աշխատանքներում ներգրաւուելուց եւ բնաջնջուելուց [74]։
- [1] Օսմանեան կայսրութեան հայ բնակչութիւնից ջիզիէի (յայտնի էր նաեւ խարաջ անունով) գանձման մասին հայերէն լեզուով մանրամասն տե՛ս, օրինակ, Թադեւոս Աւդալբեկեան, «Գլխահարկը Թուրքիայում XVII-XVIII դարերում հայ պատմագրութեան տուեալներով», Պատմա-բանասիրական հանդէս, Երեւան, 1959, № 1, էջ 175-186։
- [2] Ufuk Gülsoy, “Osmanlı Gayrimüslimlerinin Askerlikten Muafiyet Vergisi: Bedel-I Askerî (1855 - 1909),” Tarih Dergisi, İstanbul Üniversitesi Edebiyat Fakültesi, sayı 37 (Temmuz 2011), sayfa 93.
- [3] Handan Balkan Tec, Non-Muslims and Military Service in the Late Ottoman Empire (Thesis, Sabanci University, Istanbul, 2015), 39։ Ցանկութեան դէպքում մուսուլմանները նոյնպէս կարող էին վճարի դիմաց ազատուել զինուորական ծառայութիւնից։ Սակայն նրանցից գումարը գանձւում էր անհատապէս` մէկ անձից մօտ 50 լիրա չափով։ Գումարը վճարելուց յետոյ նրանք ընդգրկւում էին պահեստազօրում եւ ենթակայ էին զօրակոչման միայն պատերազմի ժամանակ (Erik Jan Zürcher, Turkey։ A Modern History (3rd edition, London-New York, I. B. Tauris, 2004), p. 57)։
- [4] Հետաքրքիր է, որ տուրքը սկզբնապէս կոչուել է «իանէ-ի ասկերիէ» (iane-i askeriye)`«զինուորական նպաստ» (Erik Jan Zürcher, “The Ottoman Conscription System, 1844-1914,” International Review of Social History, Internationaal Instituut voor Sociale Geschiedenis (The Netherlands), vol. 43, № 3 (December 1998), p. 446)։
- [5] Mehmet Şükrü Hanioğlu, A Brief History of the Late Ottoman Empire, New Jersey, U. S. A., Princeton University Press, 2008, p. 90.
- [6] Roderic H. Davison, “Turkish Attitudes Concerning Christian-Muslim Equality in the Nineteenth Century,” The American Historical Review, Oxford University Press, vol. 59, № 4 (July 1954), p. 859.
- [7] «Զինուորական հարկի բաշխման եւ գանձման մասին Մեծ վեզիրի հրամանագիրը` տրուած 1293 թ. ջումադի էլ-ահիր ամսի 16-ին (1876 թ. յունիսի 10)», Աւետիս Փափազեան, Թուրքական վաւերագրական նիւթեր Օսմանեան կայսրութեան ոչ-մահմեդական ժողովուրդների մասին (1839-1915 թթ.), Երեւան, «Զանգակ-97» հրատարակչութիւն, 2002, էջ 173-175։ Տե՛ս նաեւ Kemal H. Karpat, “Ottoman Population Records and the Census of 1881/82-1893,” International Journal of Middle East Studies, Middle East Studies Association of North America, vol. 9, 1978, № 9, p. 241։
- [8] Ատենագրութիւնք Ազգային ընդհանուր ժողովոյ: Բացում 1870 ամին: Նիստ ԼԱ.: 9 հոկտեմբեր 1871, Կոստանդնուպօլիս, տպագրութիւն Յ. Միւհէնտիսեան, 1871, էջ 469։
- [9] Ufuk Gülsoy, “Osmanlı Gayrimüslimlerinin Askerlikten Muafiyet Vergisi,” sayfa 117.
- [10] Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի պարտքը գոյացել էր 1860-ական թթ. վերջերին - 1870-ական թթ. սկզբներին` պատրիարք Եսայի Դ Թալասցու (1864–1885) թոյլ տուած տարբեր ոչ նպատակային ծախսերի եւ դրանք փակելու համար վերցուած փոխառութիւնների հետեւանքով։ Ժամանակի ընթացքում պարտքն աճել էր, հասնելով 45.000 օսմանեան լիրայի, եւ սպառնում էր Երուսաղէմի հայկական եկեղեցապատկան կալուածների կորստով։ Քանի որ այդ ժամանակ Երուսաղէմը Օսմանեան կայսրութեան մաս էր, Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը` որպէս արեւմտահայ առաքելադաւան համայնքի ներքին գործերը տնօրինող եւ օսմանեան իշխանութիւնների առջեւ ներկայացնող կառոյց, չէր կարող անտեսել խնդիրը (մանրամասն տե՛ս Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում։ Մասն երրորդ. 1808 տարիէն մինչեւ 1909, Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1927, էջ 4208-4209, 4436-4439)։
- [11] Տե՛ս «Բէդէլը-էսկէրիէն կամ զինւորական տուրքը», Հորիզոն, գրական, հասարակական, տնտեսական եւ քաղաքական օրաթերթ (Թիֆլիս), 26 օգոստոս 1909, էջ 1։
- [12] Խաժակ [Գարեգին Խաժակնեան – Ռ․ Թ․], Հարկերը Տաճկաստանում, Բագու, տպարան «Արօր», 1903, էջ 24։
- [13] Erik Jan Zürcher, “The Ottoman Conscription System in Theory and Practice, 1844–1918” in Zürcher, Erik Jan (ed.). Arming the State: Military Conscription in the Middle East and Central Asia 1775-1925, London, I. B. Tauris, 1999, p. 88.
- [14] Engin D. Akarli, “Economic Policy and Budgets in Ottoman Turkey, 1876-1909,” Middle Eastern Studies, London, vol. 28, № 3 (July, 1992), p. 466-467.
- [15] Ա–Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները։ Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական եւ տնտեսական դրութեան, Երեւան, տպ. «Կուլտուրա», 1912, էջ 282:
- [16] Գ. Զօհրապ, «Սեբաստիայի նահանգը տնտեսական եւ ազգագրական տեսակէտից եւ հայերի դրութիւնը», Բանբեր Երեւանի համալսարանի (Երեւան), 1991, № 1, էջ 116, տե՛ս նաեւ «Սեբաստիայի նահանգը տնտեսական ու ազգագրական տեսակէտից եւ հայերի դրութիւնը», Գ. Զօհրապ, Երկերի ժողովածու, Գ հատոր, Յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ, Երեւան, ԳԱԹ հրատարակչութիւն, 2002, էջ 497:
- [17] Vital Cuinet, La Turquie d’Asie, tome 2, Paris, editeur: Ernest Leroux, 1891, p. 554.
- [18] Տե՛ս յատկապէս 1861 թ. յունուարի 28-ին ընդունուած կանոնադրութիւնը որը հայերէն թարգմանել եւ հրատարակել է Աւետիս Փափազեանը («Կանոնադրութիւն էլայէթների, լիվաների, գիւղերի եւ թաղամասերի բնակիչների վրայ նշանակուած հարկի բաշխման մասին», Աւետիս Փափազեան, Թուրքական վաւերագրական նիւթեր Օսմանեան կայսրութեան ոչ-մահմեդական ժողովուրդների մասին, էջ 35-39):
- [19] Նոյն տեղում, էջ 35-36։
- [20] Նոյն տեղում։
- [21] Ատենագրութիւնք Ազգային ընդհանուր ժողովոյ: Բացում 1870 ամին: Նիստ ԼԱ․: 9 հոկտեմբեր 1871, էջ 469, տե՛ս նաեւ Գարեգին Խաժակնեան, «Հարկերը Տաճկաստանում», Մուրճ, քաղաքական, հասարակական, գրական ամսագիր, Թիֆլիս, 1899, № 1 (յունուար), էջ 77, տե՛ս նաեւ Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 35-36։
- [22] Գարեգին Խաժակնեան, «Հարկերը Տաճկաստանում», էջ 79, տե՛ս նաեւ Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 38-39։
- [23] Գարեգին Խաժակնեան, «Հարկերը Տաճկաստանում», էջ 79, տե՛ս նաեւ Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 39։
- [24] Գարեգին Խաժակնեան, «Հարկերը Տաճկաստանում», էջ 79, տե՛ս նաեւ Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 38։
- [25] Նոյն տեղերը։
- [26] Վահան Համբարձումեան, Գիւղաշխարհ։ Պատմական, ազգագրական ուսումնասիրութիւն, Փարիզ, 1927, էջ 37։
- [27] Mesrob K. Krikorian, Armenians in the Service of the Ottoman Empire, 1860-1908, London, Routledge & Kegan Paul, p. 13-14; Nadir Özbek, “The Politics of Taxation and the “Armenian Question” during the Late Ottoman Empire, 1876–1908, Comparative Studies in Society and History, vol. 54 (N. Y., Cambridge University Press, 2012), p. 780-781; Stanford J. Shaw, “The Nineteenth-Century Ottoman Tax Reforms and Revenue System,” International Journal of Middle East Studies, vol. 6, № 4 (Oct., 1975), p. 432; Stanford J. Shaw and Ezel Kural Shaw, History of the Ottoman Empire and Modern Turkey, vol. 2 (N. Y., Cambridge University Press, 1977), p. 100.
- [28] Turkey, № 1 (1896). Correspondence Respecting the Introduction of Reforms in the Armenian Provinces of Asiatic Turkey, London, Harrison and Sons, 1896, p. 157.
- [29] Mesrob K. Krikorian, Armenians in the Service of the Ottoman Empire, p. 14.
- [30] Nadir Özbek, “The Politics of Taxation and the “Armenian Question”, p. 781.
- [31] Գարեգին Խաժակնեան, «Հարկերը Տաճկաստանում», էջ 80։ Մէկ այլ տեղ Գարեգին Խաժակնեանը տալիս է գաւառական բանտում տիրող կաշառակերութեան հետեւեալ նկարագրութիւնը. «Բանտի հասարակ դռնապանից` «բաբուչճիից», չաւուշից սկսեալ մինչեւ ամենաբարձր պաշտօնեան կաշառք են ուտում բանտարկւածից եւ նրա մասին աշխատող բարեկամներից։ Եւ ի՞նչ անեն ասիական բռնապետութեան այդ մեղկ ու ողորմելի ծառաները. ռոճիկ չեն ստանում կամ տարւայ մէջ միայն երկու անգամ են ռոճիկի երես տեսնում, այն էլ բայրամից բայրամ (բայրամ թուրքերէնում նշանակում է տօն։ Գործածւում է մուսուլմանական երկու գլխաւոր տօների՝ Զոհաբերութեան [Ղուրբան բայրամ] եւ Ուտիքի [Ֆիթր կամ Ուրազա բայրամ] տօների համար)։ Նրանց ապրուստի հիմնական միջոցը նոյնիսկ թրքական մայրաքաղաքում կաշառքն է մնում» (Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 41-42)։
- [32] Գարեգին Խաժակնեան, «Հարկերը Տաճկաստանում», էջ 81, տե՛ս նաեւ Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 42։
- [33] Գարեգին Խաժակնեան, «Հարկերը Տաճկաստանում», էջ 81, տե՛ս նաեւ Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 43։
- [34] Turkey, № 6 (1896). Correspondence Relating to the Asiatic Provinces of Turkey: 1894-1895, London, Harrison and Sons, 1896, p. 265.
- [35] Turkey, № 2 (1896). Correspondence Relative to the Armenian Question, and Reports from Her Majesty’s Consular Officers in Asiatic Turkey, London, Harrison and Sons, 1896, p. 17. Հարկահաւաքութեան ընթացքում թահսիլդարների եւ զափթիէների չարաշահումների մասին բրիտանացի դիւանագէտների այլ արձանագրումների համար տե՛ս Turkey, № 1 (1898). Further Correspondence Respecting the Asiatic Provinces of Turkey, London, Harrison and Sons, 1898, p. 5 (Մշոյ դաշտի Խասգիւղ), p. 19-20 (Խարբերդի դաշտի Մորենիկ), p. 56-57 (Խարբերդի դաշտի հայաբնակ տարբեր բնակավայրեր), p. 69-71 (Կիլիկիայի հայաբնակ բնակավայրեր), p. 83-84 (Բիթլիսի վիլայէթի Խլաթի գաւառակի հայաբնակ բնակավայրեր)։ Տե՛ս նաեւ Turkey, № 6 (1896). Correspondence Relating to the Asiatic Provinces of Turkey: 1894-1895, London, Harrison and Sons, 1896, p. 28, 29, 51, 62, 246, 260, etc.։
- [36] Սալաֆի մասին մանրամասն տե՛ս, օրինակ, Գեղամ Տէր Կարապետեան, Հողային հարցը հայաբնակ նահանգներու մէջ, Կ. Պօլիս, հրատարակութիւն Հ. Յ. Դաշնակցութեան, 1911, էջ 28-29:
- [37] Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, hրատարակութիւն Հայ ազգային հիմնադրամի, Գահիրէ, 1962, էջ 145։
- [38] Nadir Özbek, “The Politics of Taxation and the “Armenian Question,” p. 786.
- [39] Գրիգոր Արծրունի, «Վիճակագրական տեղեկութիւններ Հայաստանի բնակիչների մասին», Մեղու Հայաստանի, լրագիր քաղաքական, բանասիրական եւ առեւտրական (Թիֆլիս), 24 յունուար 1882, էջ 1-2:
- [40] Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 276:
- [41] Խաժակ, Հարկերը Տաճկաստանում, էջ 45։
- [42] Նոյն տեղում, էջ 55:
- [43] Stanford J. Shaw, The Ottoman Census System, p. 331.
- [44] Kemal H. Karpat, Ottoman Population 1830-1914, p. 32.
- [45] Սէյլան, «Տաճկա-Հայաստանի ազգաբնակչութիւնը», Մուրճ, քաղաքական, հասարակական, գրական ամսագիր (Թիֆլիս), 1895, № 7, էջ 949:
- [46] Գ. Վարդանեան, «Թրքահայաստանի վիճակագրութիւնների առիթով», Հորիզոն (Թիֆլիս), 29 դեկտեմբեր 1912, էջ 2:
- [47] Երուանդ Խաթանասեան, Հայոց թիւը, Բոստոն, հրատարակութիւն Եղեռնի 50-ամեակի Կեդր. Յանձնախումբի, 1965, էջ 6:
- [48] Ալթունեան Գ., «Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայեթները. ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական եւ տնտեսական դրութեան. Երեւան, 1912թ.», Արարատ, ամսագիր կրօնական, պատմական, բանասիրական եւ բարոյական գիտելեաց (Վաղարշապատ), 1913, Յունուար, էջ 79:
- [49] Henry F. B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II: The Turkish Provinces, London, Longmans, Green, and Co., 1901, p. 414.
- [50] Դրօշակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրգան, Ժնեւ, XVIII տարի, թիւ 3 (191), Մարտ 1908, էջ 48։ Մէջբերւում է ըստ Արփիար Արփիարեանի սպանութեան 110-ամեակին առիթով։ Գ. Մարդը ընդդէմ մարդու. մահափորձեր եւ սպանութիւններ հայկական օրինակով (1890-1908), hաւաքեց` Հայկ Աւագեան, Ջահակիր, շաբաթաթերթ, յաւելուած ԺԴ., Գահիրէ, 2018, էջ 157։
- [51] Ատենագրութիւնք Ազգային ընդհանուր ժողովոյ: Բացում 1870 ամին: Նիստ ԼԱ․: 9 հոկտեմբեր 1871, Կոստանդնուպօլիս, տպագրութիւն Յ. Միւհէնտիսեան, 1871, էջ 469։
- [52] Turkey, № 6 (1896). Correspondence Relating to the Asiatic Provinces of Turkey: 1894-1895, London, Harrison and Sons, 1896, էջ 216-217։
- [53] Turkey, № 1 (1898), p. 118.
- [54] Ibid., p. 245.
- [55] Selim Deringil, “The Armenian Question Is Finally Closed": Mass Conversions of Armenians in Anatolia During the Hamidian Massacres of 1895-1897,” Comparative Studies in Society and History, vol. 51, № 2 (N. Y., Cambridge University Press, April 2009), p. 367; Selim Deringil, Conversion and Apostasy in the Late Ottoman Empire, Cambridge University Press, 2012, p. 231-232.
- [56] Turkey. № 1 (1898), p. 92.
- [57] Ibid., p. 187.
- [58] Ibid., p. 188.
- [59] Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 144։
- [60] Նոյն տեղում։
- [61] Նոյն տեղում։
- [62] Նոյն տեղում, էջ 145 (աղբիւրը հաղորդում է, որ կառավարչատան առջեւ Մշոյ առաջնորդին իբր պատրաստ սպասում էր թամբուած մի ձի եւ «Բաբգէն Վարդապետը անոր վրայ հեծնելով, «կ’աքսորուի» ըսելով` ուղղակի Պոլիս ղրկեցին, ուր Օրմանեան Պատրիարքի միջոցաւ կ’ազատի հեռաւոր վայր մը աքսորուելէ»)։
- [63] Ժամանակ, ժողովրդական օրաթերթ (Կ. Պոլիս), 23 յունիս (6 յուլիս) 1909, էջ 2։
- [64] Նոյն տեղում։
- [65] Նոյն տեղում։
- [66] Ժամանակ, 30 յունիս (13 յուլիս) 1909, էջ 2։ Ընդունուած օրէնքի լրիւ շարադրանքը հայերէն թարգմանութեամբ. «Ոչ-իսլամ օսմ. ցեղերէն առնուող զինուորական հարկը 1325 տարիէն սկսեալ ջնջուած է։ Հետեւապէս արտօնութիւն տրուած է Ներքին գործերու եւ Պատերազմական նախարարութիւններուն որ թէ՛ ոչ-իսլամներէն եւ թէ՛ Պոլսոյ եւ ուրիշ տեղերու ցարդ զինուորագրութենէն զերծ մնացած բնակիչներէն 1325-էն սկսեալ եւ զինուորագրութեան նոր օրէնքին համաձայն զինուոր առնելու համար այժմէն ձեռնարկեն ցանկերու պատրաստութեան եւ նախնական գործողութեանց» (Ժամանակ, 29 յունիս (12 յուլիս) 1909, էջ 2)։
- [67] Erik Jan Zürcher, “The Ottoman Conscription System, 1844-1914,” p. 447.
- [68] Գալուստ Սիւրմէնեան, Երզնկա, Գահիրէ, տպ. «Սահակ-Մեսրոպ», 1947, էջ 258։ Վահէ Հայկ, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եորք, 1959, էջ 692։
- [69] Կապալառու։
- [70] Խաֆիրութիւն էր կոչւում քուրդ բեկերից հայ գիւղացիների ճորտային կախուածութիւնը եւ դրանից բխող տարբեր անօրինական տուրքերը։
- [71] Սարգիս եւ Միսաք Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 261։
- [72] Ari Şekeryan, The Armenians and the Fall of the Ottoman Empire. After Genocide, 1918–1923, Cambridge, Cambridge University Press, 2023, p. 16.
- [73] Գումարի չափն ըստ շրջանների կարող էր տարբեր լինէր. եթէ Էրզրումում հայերից գանձւում էր 30 ոսկի (տե՛ս Վարդովցի, «Խաբրիկներ Բարձր Հայքից», Մշակ, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ (Թիֆլիս), 2 օգոստոս 1914, էջ 3), ապա Սեբաստիայում` 44 (տե՛ս Կարապետ Գաբիկեան, Եղեռնապատում Փոքուն Հայոց եւ նորին մեծի մայրաքաղաքին Սեբաստիոյ, Պոսթըն, «Հայրենիք»ի տպ., 1924, էջ 31), այլ տեղերում՝ 50, իսկ առանձին դէպքերում նոյնիսկ աւելի` 90 ոսկի (տե՛ս Լեւոն Վարդան, Հարկերը Օսմանեան եւ Պարսկական կայսրութիւններուն մէջ, Բ. հատոր, Երեւան, ԳԱԹ հրատարակչութիւն, 2012, էջ 265)։
- [74] Բեդել-ի նակդիով զինուորագրումից ազատուած բազմաթիւ հայերի մասին վկայութիւնների համար տե՛ս Վերժինէ Սվազլեան, Հայոց ցեղասպանութիւն. Ականատես վերապրողների վկայութիւններ, երկրորդ, համալրուած հրատարակութիւն, Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատարակչութիւն, 2011, էջ 27, 206, 211, 310, 324, 396։