Սղերդ քազայի հայաբնակ գիւղերը օսմանեան ժամանակաշրջանի իրենց անուններով։ Վայրերուն այժմու անունները տեսնել վարի ձախ սիւնակին մէջ։

Սղերդի գաւառակ – Ժողովրդագրութիւն

Հեղինակ՝ Ռոբերտ Ա. Թաթոյեան, 03/12/21 (վերջին փոփոխութիւն՝ 03/12/21)

Սղերդը հնում Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Խերհեթ կամ Սերխեթք գաւառի կենտրոնն էր և, ըստ ընդունուած վարկածի, դրանից էլ ծագել է նրա անունը։ [1]

Բնակավայրը օսմանեան տիրապետութեան տակ է անցել XVI դարի սկզբներին: Օսմանեան իշխանութիւններն այն դարձրել են համանուն գաւառակի (կազա) և գաւառի (սանջակ) կենտրոն՝ ընդգրկուած Դիարբեքիրի նահանգի (էյալէթ) կազմում: [2] XVII դարում Սղերդը յիշատակւում է նաև որպէս Վանի էյալեթի սանջակ: [3]

XIX դարի երկրորդ կէսին Թանզիմաթի բարեփոխումների շրջանակներում օսմանեան իշխանութիւնները նախաձեռնում են Օսմանեան կայսրութեան տարածքի վարչատարածքային բաժանման համակարգի վերափոխման գործընթաց, որից անմասն չի մնում նաև Արևմտեան Հայաստանի տարածքը: 1878-1879 թթ. Վանի վիլայէթի կազմից առանձնացւում են Բիթլիսի և Մուշի սանջակները և ստեղծւում է նոր՝ նախկինում գոյութիւն չունեցող վարչական միաւոր՝ Բիթլիսի վիլայէթը: 1880-ին Դիարբեքիրի վիլայէթի կազմից դուրս է բերւում և Բիթլիսի վիլայէթին է կցւում Սղերդի սանջակը: [4]

Բիթլիսի վիլայէթի ստեղծումից յետոյ օսմանեան իշխանութիւնները 1880-90-ական թթ. արդէն ձեռնամուխ են լինում նրա առանձին վարչատարածքային միաւորների, այդ թւում՝ Սղերդի գաւառի և գաւառակի ներքին և արտաքին վարչական սահմանների վերաձևման, որի արդիւնքում, մասնաւորապէս, գաւառի կազմից հանւում և Մուշի գաւառին է կցւում Հազզօն կամ Խաբլջոզը՝ Սասունի գաւառակը: [5]

1) Vital Cuinet, La Turquie d’Asie, հտր. 2, Paris, Ernest Leroux, 1891։
2) Vladimir T. Mayewski, Voenno-statisticheskoe opisanie Vanskogo i Bitlisskogo vilayetov, Tiflis, 1904։
3) Թէոդիկ,
Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, հատոր առաջին, Պոլիս, 1921։

Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Սղերդի գաւառը զբաղեցնում էր Արևմտեան Հայաստանի Բիթլիսի նահանգի հարաւային հատուածը՝ 7090 քառ. կմ ընդհանուր տարածութեամբ: Նրա սահմաններն էին հիւսիս-արևելքից՝ Բիթլիսի գաւառի Մոտկանի, Բիթլիսի և Խիզանի գաւառակները, հիւսիս-արևմուտքից՝ Մուշի գաւառի Սասունի գաւառակը, արևելքից՝ Վանի նահանգը, իսկ հարաւից և արևմուտքից՝ Դիարբեքիրի նահանգը: Գաւառի տարածքը բաժանուած էր հինգ գաւառակների, որոնք էին՝ Սղերդի կենտրոնական գաւառակը (թուրքերէն՝ մերկէզ կազա)՝797 քառ. կմ տարածութեամբ, Էրուհի գաւառակը՝ 1992 քառ. կմ տարածութեամբ, Բարվարի գաւառակը՝ 1536 քառ. կմ տարածութեամբ, Խարզանի գաւառակը՝ 1570 քառ. կմ տարածութեամբ  և Շիրվանի գաւառակը՝ 1195 քառ. կմ տարածութեամբ: [6]

Սղերդի գաւառակը աշխարհագրական առումով կենտրոնական դիրք էր զբաղեցնում գաւառի այլ վարչական միաւորների նկատմամբ: Այն ընդհանուր վարչական սահմաններ ունէր գաւառի երեք գաւառակների հետ. արևմուտքից սահմանակից էր Խարզանին, հիւսիս-արևելքից՝ Շիրվանին, արևելքից և հարաւից՝ Էրուհին:

XIX դարի վերջերին – XX դարի սկզբներին Սղերդի գաւառի տարածքն ամբողջութեամբ ընգրկուած էր Հայ Առաքելական Եկեղեցու Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի իրաւասութեան տակ գործող Սղերդի եպիսկոպոսական թեմի կազմում: [7]

Սղերդի գաւառը Արևմտեան Հայաստանի՝ վիճակագրական առումով առաւել քիչ ուսումնասիրուած շրջաններից մէկն է: Հարցով զբաղուող հեղինակները արձանագրում են գաւառի հայ և այլազգի բնակչութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական կանոնաւոր ցանկերի պակասի փաստը: Այսպէս, 1895-1899 թթ. Վանում ռուսական փոխհիւպատոս Վլադիմիր Մաևսկին իր «Վանի և Բիթլիսի նահանգերի ռազմավիճակագրական նկարագրութիւնը» ուսումնասիրութեան մէջ նշում է, որ եթե Բիթլիսի նահանգի Բիթլիսի և Մուշի գաւառների պարագայում իր տրամադրութեան տակ ունեցել է մի քանի աղբիւրներ, ինչպէս նաև յենուել է սեփական դիտարկումների վրայ, ապա Սղերդի և Գենջի գաւառների բնակչութեան թուաքանակը և ազգային կազմը որոշելու համար ստիպուած է եղել ապաւինել միայն ֆրանսիացի վիճակագիր Վիթալ Քինէի և օսմանեան սալնամէների`[8] իրար հակասող տուալներին: [9]

Սղերդի գաւառին վերաբերող վիճակագրական տուեալների բացակայութեան մասին է խօսում նաև հայ ուսումնասիրող Կարօ Սասունին: [10]

Սղերդի առաջնորդական տեղապահ Գէորգ վարդապետ Նալբանդեանը՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարան 1913 թ. դեկտեմբերի 14-ին ուղարկուած Սղերդի թեմի վիճակացոյցի ցուցակներին կից ուղեկցող նամակում, հաղորդում է, որ Սղերդի եկեղեցական-թեմական կառոյցների համար հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական տուեալների հաւաքման գործը դժուարանում էր նրանով, որ հայերը Սղերդի գաւառակի և գաւառի այլ տարածքներում բնակւում էին ոչ համախումբ` հայաբնակ բնակավայրերը գտնւում էին իրարից հեռու և ցրուած: [11]

XIX դ. վերջերին - XX դարի սկզբներին Սղերդի գաւառակի տարածքում հայաբնակ էր Սղերդ քաղաքը և շուրջ մէկ տասնեակ գիւղական բնակավայրեր: Զուտ հայաբնակ բնակավայրեր գոյութիւն չունէին, հայերը հիմնականում բնակւում էին խառը` քրդերի հետ միասին (օսմանեան և դրանց հետևող հայկական վիճակագրական ցուցակներում քրդերը նշւում են ըստ կրօնական պատկանելութեան՝ «իսլամ»):

Որոշ քրդաբնակ բնակավայրերում հայերը չունէին կայուն ներկայութիւն, բնակւում էին երկու-երեք ընտանիքներով որպէս մարաբաներ (հողի վարձակալներ) կամ արհեստաւորներ` թողնելով տուեալ բնակավայրը հալածանքների վտանգի կամ գործի պակասի պատճառով:

Գաւառակի առաւել խոշոր հայաբնակ գիւղերն ունեցել են 13-15 տուն հայ բնակչութիւն: Բացառութեամբ Սղերդ քաղաքի, գաւառակի բոլոր հայաբնակ բնակավայրերը չեն ունեցել ո՛չ դպրոց, ո՛չ էլ եկեղեցի:

Բացասաբար են անդրադարձել Սղերդի գաւառակի հայ բնակչութեան ժողովրդագրութեան վրայ Համիդեան կոտորածները: Սղերդ քաղաքում ջարդը տեղի է ունեցել 1895-ի նոյեմբերի 3(16)ին. ջարդարար ամբոխը ներխուժել և կողոպտել է եկեղեցու, առաջնորդարանի և դպրոցի շէնքերը: Ծանր վնասուածքներ էր ստացել Սղերդի թեմի առաջնորդական փոխանորդ Թէոդորոս վարդապետ Տիվրիկեանը, սպանուել է քահանաներից մէկը և առաջնորդի սպասաւորը: Ըստ մամուլի տեղեկութիւնների՝ Սղերդ քաղաքում  սպանուածների թիւը մօտ 70 էր: [12] Բազմաթիւ կին ու աղջիկ առևանգուել էին: Քաղաքի հայերից շատերը մահուան սպառնալիքի տակ իսլամ էին ընդունել: [13]

1895 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ջարդի և բռնի իսլամացման է ենթարկուել Սղերդի գաւառի Էրուհի գաւառակի 12 և Շիրվանի գաւառակի 20 հայաբնակ բնակավայրերի հայ բնակչութիւնը: [14] Կոտորածներ են տեղի ունեցել գաւառի այլ վարչական միաւորներում ևս:

Թէև հետագայ տարիներին Սղերդ քաղաքի և գաւառի բռնի իսլամացուած հայերի մեծ մասը կարողացել է վերադառնալ քրիստոնէութեանը, սակայն բազմաթիւ նախկինում հայաբնակ բնակավայրեր շարունակել են մնալ լքուած:

Մեզ հասու են երեք վիճակագրական ցուցակներ, որոնք Սղերդի գաւառակի հայ բնակչութեան թուաքանակի՝ ըստ բնակավայրերի բաշխման տուեալներ են պարունակում: Դրանք են.

  • Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ Արիստակէս վարդապետ Տևկանցի կողմից 1878 թ. ամռանը պատրաստուած վիճակագրութիւնը: [15]  Համաձայն Տևկանցի ցուցակի՝ գաւառակում, Սղերդ քաղաքը ներառեալ, կար 5 հայաբնակ բնակավայր՝ 2489 շունչ հայ բնակչութեամբ: [16]
  • 1902 թ. Սղերդի առաջնորդարանի կողմից պատրաստուած «Վիճակագրութիւն Սղերդի եւ իր թեմերուն» վերտառութեամբ տեղեկագիրը: [17] Ըստ նշուած տեղեկագրի տուեալների` գաւառակում, Սղերդ քաղաքը ներառեալ, հայաբնակ էր 12 բնակավայր ՝ 590 տուն հայ բնակչութեամբ: [18]
  • Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ Սղերդի առաջնորդարանի կողմից 1913 թ. վերջերին պատրաստուած վիճակագրութիւնը: [19]  Ցուցակի մէջ ընդգրկուած 70 բնակավայրից հայաբնակ էր 10-ը (Սղերդ քաղաքը ներառեալ)՝ 545 տուն հայ բնակչութեամբ, որից 52-ը՝ բողոքական: [20] Գաւառակում կար նաև 5097 տուն իսլամ, 153 տուն ասորի, 236 տուն քաղդէացի (ցուցակում նշուած են «քիլտանի» անունով) ազգաբնակչութիւն: [21] Ըստ այս տուեալների հիման վրայ ֆրանսահայ ուսումնասիրողներ Ռ. Գէորգեանի և Փ. Փաբուջեանի հաշուարկի՝ գաւառակն ունեցել է 4437 շունչ հայ բնակչութիւն: [22]

Սղերդի գաւառակի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ տուեալներ են հաղորդում նաև հետևեալ աղբիւրները (առանց ըստ բնակավայրերի բնակչութեան բաշխման ցուցակի).

  • 1891 թ., ֆրանսիացի վիճակագիր Վիթալ Քինէ՝ 1204 տուն, 6020 շունչ հայ բնակչութիւն, որից 1080 տուն, 5400 շունչ՝ առաքելական, 124 տուն, 620 շունչ՝ բողոքական: [23] Համաձայն Քինէի՝ գաւառակի հայ բնակչութեան նշուած թուից մօտ կէսը՝ 2700 շունչ, կազմում էին գաւառակի 37 հայաբնակ գիւղերի հայերը՝ տուեալ, որը չի հաստատւում հայ բնակչութեան ըստ բնակավայրերի բաշխումը պարունակող վիճակագրական աղբիւրների կողմից:
  • 1899 թ., Վ. Մաևսկի՝ 6622 շունչ հայ: Ուսումնասիրողն իր հաշուարկի համար օգտագործել է Վ. Քինէի տուեալները՝ աւելացնելով դրանք 10%-ով: [24]
  • 1914 թ., օսմանեան վիճակագրութիւն՝ 2630 շունչ հայ, որից 2218-ը առաքելական, 412-ը բողոքական հայեր: [25]

Ստորև ներկայացնում ենք Սղերդի գաւառակի հայ բնակչութեան վիճակագրութիւնն ըստ բնակավայրերի՝ հիմնուելով Տևկանցի 1878-ի և Սղերդի առաջնորդարանի՝ 1902-ի և 1913-ի վիճակագրութիւնների տուեալների, ինչպէս նաև այլ աղբիւրների հաղորդած տեղեկութիւնների վրայ: Սկզբում ներկայացնելու ենք Սղերդ քաղաքի, այնուհետև, ըստ այբբենական կարգի, գաւառակի հայաբնակ գիւղերի վերաբերեալ վիճակագրական տուեալները:

Բնակավայրերի ներկայ թուրքական անունները և կոորդինատները տրուած են ըստ Սևան Նշանեանի Index Anatolicus կայքի (https://nisanyanmap.com/) և լրացուցիչ այլ աղբիւրների:

Սղերդ, Սղերտ, Սերհետք, Սերխեթ, Խերհեթք, Խերհերթք, Բերխերդք, Սիիրթ [Siirt, Սիիրդ]

37° 55' 37'' N, 41° 56' 43'' E

Սղերդ քաղաքը ոչ միայն գաւառակի, այլ նաև ամբողջ գաւառի առաւել խոշոր հայաբնակ բնակավայրն էր:

Համաձայն 1878 թ. Տևկանցի վիճակագրութեան` քաղաքի ընդհանուր բնակչութեան թիւը 6412 էր, որից 2400 հայ և 4012 քուրդ: [26]

Ըստ 1891 թ. Քինէի տուեալների՝ Սղերդն ունէր 3000 տուն, 15000 շունչ ընդհանուր ազգաբնակչութիւն, որից 1936 տուն, 9680 շունչ մուսուլմաններ, 560 տուն, 2800 շունչ՝ առաքելական հայեր, 104 տուն, 530 շունչ՝ բողոքական հայեր, 300 տուն, 1500 շունչ՝ կաթոլիկ ասորիներ («քաղդէացիներ»), 100 տուն, 500 շունչ՝ յակոբիկեան ասորիներ և այլ էթնորկրօնական խմբերի ներկայացուցիչներ: [27] Այսինքն, համաձայն Քինէի վիճակագրութեան՝ հայերը (առաքելականները և բողոքականները միասին) կազմել են Սղերդ քաղաքի ընդհանուր ազգաբնակչութեան մոտ 22%-ը, իսկ այլ քրիստոեայ յարանուանութիւնների հետ միասին՝ մօտ 34%-ը:

Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրում հաղորդւում է, որ «ըստ կառավարական արձանագրութեան» (այսինքն՝ ըստ օսմանեան հաշուառման) տուեալների՝ հայերը Սղերդում 300 տուն են կազմում, սակայն իրական թիւը 500 ընտանիք և 5000 անձ է: Ըստ տեղեկագրի՝ քաղաքում կար նաև 25 տուն բողոքական և 2 տուն կաթոլիկ հայեր, 4000 տուն իսլամ, 80 տուն քաղդէացի և 30 տուն ասորի բնակչութիւն: [28]

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակի տուեալների՝ քաղաքում կար 450 տուն առաքելական և 39 տուն բողոքական հայ բնակչութիւն, ընդամէնը 489 տուն հայ: Սղերդն ունէր նաև 3320 իսլամ, 70 յակոբիկեան ասորի և 120 քաղդէացի («քիլտանի») տուն բնակչութիւն: [29] Ըստ այս տուեալների հիման վրայ ֆրասահայ ուսումնասիրողներ Ռ. Գէորգեանի և Փ. Փաբուջեանի հաշուարկի՝ Սղերդ քաղաքի հայ բնակչութեան թիւը 4.032 շունչ էր: [30]

Հայոց ցեղասպանութեան նախօրեակին վերաբերուող հայկական այլ աղբիւրները հիմնականում հիմնւում են Սղերդի առաջնորդարանի 1913-ի տուեալների վրայ: Այսպէս, այն կլորացնելով օգտագործել է Թէոդիկը՝ Սղերդ քաղաքի համար հաշուելով 500 տուն հայ, որից 50-ը՝ բողոքական: [31]

Ըստ մէկ այլ արևմտահայ ուսումնասիրող Ս. Ծոցիկեանի, որը օգտագործել է վերապրածների հաղորդած տեղեկութիւնները, 1915 թ. դրութեամբ Սղերդ քաղաքում ապրում էր շուրջ 6000 հայ, իսկ ընդհանուր ազգաբնակչութեան թիւը 15000 էր: [32]

Այնմիլք, Այնմիւլք, Այն Միլք, Այն Միւլք [Pınarova, Փինարովա]

37° 59' 11''N, 41° 48' 51''E

Համաձայն 1878 թ. Տևկանցի վիճակագրութեան՝ Այնմիլքում ապրում էր 24 հայ: [33]

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղն ունէր 4-5 տուն հայ, 10 տուն իսլամ ազգաբնակչութիւն: [34]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակում բնակավայրն այլևս որպէս հայաբնակ չի նշւում. այնտեղ հաղորդւում է զուտ 10 տուն իսլամ ազգաբնակչութեան մասին: [35]

Այնտար, Այնդար [Ağaçlıpınar, Աղաչլըփընար]

37° 53' 42'' N, 41° 42' 14'' E

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Այնտարի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղն ունէր 10 տուն հայ հայ բնակչութիւն: Նշւում է, որ հայերը Այնտար են տեղափոխուել Պէքէնտ գիւղից 1901-ին («Պէքէնթէն փախած անցեալ տարի»), սակայն տեղափոխման պատճառների մասին որևէ բան չի հաղորդւում: Ըստ տեղեկագրի, բացի հայերից Այնտարում կար նաև 8 տուն իսլամ ազգաբնակչութիւն: [36]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակում հաղորդւում է Այնտարում 3 տուն հայ, 2 տուն իսլամ և 1 տուն ասորի ազգաբնակչութեան մասին: [37] 1902-ի համեմատ հայերի թուի նուազումն ամենայն հաւանականութեամբ պայմանաւորուած է Պէքէնթից փախած հայերի՝ իրենց հարազատ բնակավայր վերադարձով:

Աւթէ, Աւդի, Ոյթէ Ներքին [Balıklı, Բալըկլը]

37° 44' 2'' N, 41° 44' 10'' E

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Աւթէի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի հաղորդում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղն ունէր 6 տուն հայ և 15 տուն իսլամ բնակչութիւն: [38]

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակի՝ Ներքին Ոյթէն այլևս զուտ իսլամաբնակ էր՝ 10 տուն բնակչութեամբ: [39]

Գազար, Քէզէր [Pınarca, Փընարճա]

37° 58' 41'' N, 41° 51' 8'' E

Ըստ 1878 թ. Տևկանցի վիճակագրութեան՝ Գազարում բնակուել է 16 հայ: [40]

Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագիրը Գազարի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակում Գազարը (Քէզէր) յիշատակւում է որպէս 25 տուն զուտ իսլամ բնակչութիւն ունեցող գիւղ: [41]

Գօթիպ

Տեղակայել չի յաջողուել։

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Գօթիպի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի հաղորդում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղն ունէր 5 տուն հայ, 25 տուն ասորի և 2-3 տուն իսլամ բնակչութիւն: [42]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակով Գօթիպում նույնպէս վկայուած է 5 տուն հայ և 25 տուն ասորի բնակչութիւն, սակայն առանց իսլամ տների: [43]

Թիլէ, Թիլ [Çattepe, Չաթթեփէ]

37° 43' 50'' N, 41° 46' 43'' E

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Թիլէի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի հաղորդում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ Թիլէում կար 5 տուն հայ և 8 տուն իսլամ բնակչութիւն: [44]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակով գիւղում վկայուած է 3 տուն առաքելական և 13 տուն բողոքական հայ, 5 տուն ասորի և 10 տուն իսլամ բնակչութիւն: [45] Թիլէն Սղերդի գաւառակի միակ գիւղական բնակավայրն է, որտեղ Հայոց ցեղասպանութեան նախօրեակին հայ բողոքականներ էին ապրում:

Խօշէնան, Խուշէնան [Yağmurtepe, Եաղմուրթեփէ]

37° 56' 51'' N, 41° 52' 31'' E

Խօշէնան Սղերդի գաւառակի առաւել խոշոր հայաբնակ գիւղերից էր: Այն միակ բնակավայրն է, որը նշւում է որպէս հայաբնակ 1878, 1902 և 1913-ի վիճակագրական ցուցակներում:

Ըստ 1878 թ. Տևկանցի վիճակագրութեան՝ Խօշէնանում բնակուել է 32 հայ: [46]

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղում կար 12 տուն հայ և 20 տուն իսլամ բնակչութիւն: [47]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակում Խօշէնան վկայուած է որպէս զուտ հայաբնակ՝ 13 տուն բնակչութեամբ: [48]

Հիւսէյնի, Հիւսէնիք [Aydemir, Այդեմիր]

37° 48' 31'' N, 41° 45' 3'' E

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Հիւսէյնիի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղում կար 5 տուն հայ և 10 տուն իսլամ բնակչութիւն: [49]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակով գիւղում վկայուած է 2 տուն հայ, 3 տուն ասորի և 4 տուն իսլամ բնակչութիւն: [50]

1) Կ. Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, Տարօն-Տուրուբերան հայրենակց. միութ. կեդր. վարչ., տպ. Սևան,  1956։
2) 1902 թ. Սղերդի առաջնորդարանի տեղեկագրի տիտղոսաթերթը և համագումար աղիւսակը (Աղբիւր՝ Հայաստանի Ազգային Արխիւ, ֆոնդ, 412, ցուցակ 1, գործ 1856)։
3) Ս.Մ. Ծոցիկեան, 
Արևմտահայ աշ­խարհ, Նիւ Եորք, տպ. Ա.Յ. Լէյ­լէկեան, 1947։

Ճէֆֆէն, Ճաֆան [Tulumtaş, Թուլումթաշ]

37° 46' 14'' N, 41° 43' 47'' E

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Ճէֆֆէնի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղում կար 3 տուն հայ և 8 տուն իսլամ բնակչութիւն: [51]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. ցուցակում գիւղն այլևս որպէս հայաբնակ չի վկայուած. ըստ վիճակագրութեան՝ այնտեղ կար 5 տուն ասորի և 30 տուն իսլամ բնակչութիւն: [52]

Պէլէք, Պէլէքէ

Տեղակայել չի յաջողուել։

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Պէլէքի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղում կար 4 տուն հայ և 30 տուն իսլամ բնակչութիւն: [53]

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. ցուցակում գիւղն այլևս որպէս հայաբնակ չի վկայուած. ըստ վիճակագրութեան՝ այնտեղ կար 4 տուն ասորի և 14 տուն իսլամ բնակչութիւն: [54]

Պէքէնտ [Beykent, Բեյքենթ]

37° 52' 54'' N, 41° 41' 5'' E

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Պէքէնտի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ Պէքէնտում կար 3 տուն հայ, 5 տուն քաղդէացի և 50 տուն իսլամ բնակչութիւն: Ծանոթագրութեան կարգով հաղորդւում է, որ 1901-ին գիւղից 8-10 տուն հայ փախել են Այնտար: [55]

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1913 թ. ցուցակի՝ գիւղն ունէր 10 տուն հայ, 10 տուն քիլտանի (քաղդէացի) և 20 տուն իսլամ ազգաբնակչութիւն: [56] Ամենայն հաւանականութեամբ, 1902-ի համեմատ հայ բնակչութեան թուաքանակի աճը պայմանաւորուած է Պէքէնթից Այնտար փախած հայերի Պէքէնթ վերադարձով:

Պրհուր, Պէրհուրք, Բրհուր, Բրհուրիկ [Aktaş, Աքթաշ]

37° 57' 12''N, 41° 48' 29'' E 

Ըստ 1878 թ. Տևկանցի վիճակագրութեան՝ Պրհուրն ունեցել է 17 շունչ հայ բնակչութիւն: [57]

Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագիրը Պրհուրի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Սղերդի առաջնորդարանի 1913 թ. վիճակագրական ցուցակում Պրհուրը (Պէրհուրք) յիշատակւում է որպէս զուտ իսլամաբնակ գիւղ՝ 25 տուն բնակչութեամբ: [58]

Տէկէլա [İnkapı, Ինքափը]

37° 59' 39'' N, 41° 53' 26'' E

1878 թ. Տևկանցի և 1902 թ. Սղերդի առաջնորդարանի վիճակագրութիւնները Տէկէլայի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չեն հաղորդում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1913 թ. ցուցակի՝ գիւղն ունէր 4 տուն հայ և 4 տուն իսլամ ազգաբնակչութիւն: [59]

Տէրշիմշ

Տեղակայել չի յաջողուել։

1878 թ. Տևկանցի և 1902 թ. Սղերդի առաջնորդարանի վիճակագրութիւնները Տէրշիմշի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չեն հաղորդում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1913 թ. ցուցակի՝ գիւղն ունէր 2 տուն հայ և 6 տուն քիլտանի (քաղդէացի) ազգաբնակչութիւն: [60]

Տըհօք, Տիհօգ [Oluk, Օլուք]

37° 56' 30'' N, 41° 51' 37'' E

1878 թ. Տևկանցի վիճակագրութիւնը Տըհօքի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ որևէ տուեալ չի պարունակում:

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1902 թ. տեղեկագրի տուեալների՝ գիւղում կար 5 տուն հայ, 8-10 տուն իսլամ բնակչութիւն: Գիւղի տարածքում կար «կէս կանգուն» եկեղեցի: [61]

Ըստ Սղերդի առաջնորդարանի 1913 թ. ցուցակի՝ Տըհոքում կար զուտ 2 տուն հայ բնակչութիւն: [62]

Սղերդի գաւառակի հայ բակչութեան թուաքանակի վերաբերեալ 1878-1914 թթ. վիճակագրութիւնները

Ստորև ներկայացնում ենք Սղերդի գաւառակի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ 1878 թ.  Տևկանցի, 1902 և 1913 թթ. Սղերդի առաջնորդարանի վիճակագրութիւնների տուեալները համեմատական աղիւսակի տեսքով: Քանի որ 1902-ի և 1913-ի ցուցակները պարունակում են միայն տների թիւը, շնչերի թիւը հաշուարկել ենք մէկ տան վրայ 8 շունչ հաշուելու միջոցով:

Բնակավայր

1878 – Տեւկանց

1902 - Սղերդի առաջնորդարան

1913 - Սղերդի առաջնորդարան

ՇունչՏունՇունչՏունՇունչ

1

Սղերդ

2,400

527

4,216

489

3,912

2

Այնմիլք

24

5

40

-

-

3

Այնտար

-

10

80

3

24

4

Աւթէ

-

6

48

-

-

5

Գազար

16

-

-

-

-

6

Գօթիպ

-

5

40

5

40

7

Թիլէ

-

5

40

15

120

8

Խուշէնան

32

12

96

13

104

9

Հիւսէնիք

-

5

40

2

16

10

Ճէֆֆէն

-

3

24

-

-

11

Պէլէք

-

4

32

-

-

12

Պէքէնտ

-

3

24

10

80

13

Պրհուր

17

-

-

-

-

14

Տէկէլա

-

-

-

4

32

15

Տէրշիմշ

-

-

-

2

16

16

Տըհօք

-

5

40

2

16

 

Ընդամէնը

2,489

590

4,720

545

4,360

  1. [1] Թ.Խ. Յակոբեան, Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան, «Հայաստան», 1987, էջ 226:
  2. Սղերդը՝ Զիքիրտու (Ziqirtu)  ձևով, յիշատակւում է հին ասորեստանեան արձանագրութիւններում (մ.թ.ա. VIII դար) (https://virtual-genocide-memorial.de/region/the-six-provinces/bitlis-vilayet/sancak-slirt/ ): 
  3. [2] Tahir Sezen, Osmanli Yer Adlari, Ankara, 2017, էջ 683:
  4. [3] Նոյն:
  5. [4] Birken Andreas, Die Provinzen des Osmanischen Reiches, Wiesbaden, Dr. Lidwig Reichert verlag, 1976, էջ 184։
  6. [5] Sezen, Osmanli Yer Adlari, էջ 666:
  7. [6] J. MacCarthy, The Arab World, Turkey and the Balkans, 1878-1914. A Handbook of Historical Statistics,Boston, G.K. Hall, 1982, էջ 21: Kemal H. Karpat, Ottoman population 1830-1914: Demographic and Social Characteristics, Wisconsin, The University of Wisconsin Press, 1985, 174: Գաւառակների տարածութիւններն ըստ Маевскiй, В. Т., Военно-Статистическое описанiе Ванскаго и Битлисскаго вилаетовъ, Тифлисъ, Типографiя Штаба Кавк. воен. окр., 1904, էջ 12-13։
  8. [7] Մ. արք. Օր­մա­նեան, Հա­յոց ե­կե­ղե­ցին և իր պատ­մու­թիւ­նը, վար­դա­պե­տու­թիւ­նը, վարչութիւնը, բարեկարգութիւ­նը, ա­րա­րո­ղու­թիւ­նը, գրա­կա­նու­թիւ­նը ու ներ­կայ կա­ցու­թիւնը, Կ.Պո­լիս, հրա­տա­րա­կիչք՝ Վ. և Հ. Տէր-­Ներ­սէ­սեան, 1911, էջ 261-262: 1904 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան Հիւանդանոցի Հայոց, էջ 374-375։ Սղերդի թեմի կազմաւորման և ընթացքի մասին տե՛ս Ա. Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», 1908 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց,Կ.Պոլիս, 1908, էջ 313-315, 346։
  9. [8] «Սալնամէ» էին կոչւում օսմանեան կենտրոնական և նահանգային իշխանութիւնների կողմից հրատարակուող պաշտօնական տարեգրքերը, որոնք տեղեկութիւններ էին պարունակում Օսմանեան կայսրութեան և/կամ նրա առանձին վարչական միաւորների վարչատարածքային բաժանման, բնակչութեան, տնտեսութեան և ֆինանսների վերաբերեալ։
  10. [9] Маевскiй, Военно-статистическое описанiе Ванскаго и Битлисскаго вилаетовъ. Статистическiй очеркъ, էջ 222, նոյնը, Отдҍлъ приложенiй, էջ 140-141։
  11. [10] Կ. Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, Տարօն-Տուրուբերան հայրենակց. միութ. կեդր. վարչ., տպ. Սևան,  1956, էջ 361:
  12. [11] Սղերդի առաջնորդական տեղապահ Գէորգ վարդապետ Նալբանդեանի՝ 1913 թ. դեկտեմբերի 14-ով թուագրուած նամակը, որը նա ուղարկել է որպէս ուղեկցող նամակ Սղերդի թեմի վիճակացոյցի ցուցակներին կից Կ. Պոլսի Հայոց պատրիարքարան (ՀԲԸՄ Նուբարեան գրա­դա­րանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 31)։
  13. [12] Բաղէշցի, «Բաղէշի վիճակը կոտորածէն վերջ», Հնչակ, կենտրօնական օրգան հնչակեան կուսակցութեան, իններորդ տարի, №2, 31 յունվար 1896,  էջ 12։
  14. [13] «Հայաստանեայց եկեղեցին Տաճկաստանում», Արարատ ամսագիր (Էջմիածին), ԻԹ. տարի, 1896, փետրուար, 89-90:
  15. [14] Նոյն:
  16. [15] Արիստակէս Տևկանց, Այ­ցե­լութիւն ի Հա­յաս­տան 1878 թ., Եր­ևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1985, էջ  114-117 (Սղերդի գաւառի տուեալները), էջ 126-127 (ամփոփիչ տուեալներ):
  17. [16] Նոյնէջ 114։
  18. [17] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (Հայաստանի Ազգային Արխիւ (ՀԱԱ), ֆ 412, ց. 1, գ. 1856, թթ. 1-14):
  19. [18] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 2-4): Տեղեկագրում նշւում է, որ ըստ օսմանեան վիճակագրութեան` քաղաքի հայ տների թիւը 300 էր (նոյն տեղում, թ. 2):
  20. [19] ՀԲԸՄ Նուբարեան գրա­դա­րանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 63-78, Սղերդի գաւառակի տուեալները՝ 63-65: Ինչպէս արդէն նշուել էր, ցուցակը Կ. Պոլիս է ուղարկուել 1913 թ. դեկտեմբերի 14-ին:
  21. [20] Բողոքականները օսմանեան և հայկական վիճակագրական ցուցակներում սովորաբար նշւում են առանց ազգային պատկանելութեան, սակայն նրանց ճնշող մեծամասնութիւնը, եթէ ոչ բոլորը, ազգութեամբ հայեր էին:
  22. [21] Տե՛ս ՀԲԸՄ Նուբարեան գրա­դա­րանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 63-65:
  23. [22] Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris, Editions d’Art et d’Histoire ARHIS, 1992, էջ 502-503:
  24. [23] Vital Cuinet, La Turquie d' Asie, vol 2, Paris, Ernest Leroux editeur, 1891, էջ 600։ Վ. Քինէի այս տուեալը Սղերդի գաւառի հայ բնակչութեան թուաքանակի սեփական հաշուարկներում օգտագործել է Ա-Դօն և, Ա-Դօյին հետևելով, Կ. Սասունին (տե՛ս Ա-Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, Երեւան, տպ. «Կուլտուրա», 1912, էջ 153, տե՛ս նաև Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ362):
  25. [24] Маевскiй, Военно-статистическое описанiе Ванскаго и Битлисскаго вилаетовъ, Статистическiй очеркъ, էջ 222, նոյնը, Отдҍлъ приложенiй, էջ 140։
  26. [25] Karpat, Ottoman population 1830-1914, էջ 174:
  27. [26] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 114: Տե՛ս նաև Ե.Մ., «Նամակ Սղերտից», Արձագանք, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ (Թիֆլիս), Ա. տարի, № 9, 18 ապրիլի 1882, էջ 136:
  28. [27] Cuinet, La Turquie d' Asie, էջ 600:
  29. [28] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 1-2):
  30. [29] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 63:
  31. [30] Kévorkian, Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman, էջ 502-503։
  32. [31] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, էջ 90: Թէոդիկի այս տուեալն իր հաշուարկների հիմքում է դնում Ս. Կարայեանը մէկ տան վրայ հաշուելով 7 շունչ և, ըստ դրա, գաւառակի համար ստանալով 3.500 շունչ հայ բնակչութիւն (Sarkis Y. Karayan, Armenians in Ottoman Turkey, 1914: A Geographic and Demographic Gazetteer, London, Gomidas Institute, 2018, էջ 208: Հետևելով Թէոդիկին՝ Սղերդ քաղաքում 500 տուն հայ բնակչութիւն է հաշւում նաև Գեղամ Բադալեանը (Գեղամ Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ Եղեռնի նախօրէին։ Մաս եօթերորդ: Բիթլիսի նահանգի հարաւ-արևելեան գաւառները», Վէմ համահայկական հանդէս, Ը (ԺԴ) տարի, թիւ 4 (56) (հոկտեմբեր-դեկտեմբեր, 2016), էջ XIX):
  33. [32] Ս.Մ. Ծոցիկեան, Արևմտահայ աշ­խարհ, Նիւ Եորք, տպ. Ա.Յ. Լէյ­լէկեան, 1947, էջ 672:
  34. [33] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 114։
  35. [34] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  36. [35] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 63:
  37. [36] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  38. [37] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  39. [38] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  40. [39] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 63:
  41. [40] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 114։
  42. [41] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  43. [42] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  44. [43] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  45. [44] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  46. [45] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  47. [46] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 114։
  48. [47] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  49. [48] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  50. [49] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  51. [50] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 65:
  52. [51] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  53. [52] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  54. [53] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  55. [54] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 63:
  56. [55] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  57. [56] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 65:
  58. [57] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 114։
  59. [58] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  60. [59] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  61. [60] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 64:
  62. [61] «Վիճակագրութիւն Սղերդի և իր թեմերուն» (ՀԱԱ, ֆ 412, ց. 1, գ. 1856, թ. 4):
  63. [62] ՀԲԸՄ Նուբարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 65: