Քղի, 1912. հայկական վարժարանի աշակերտներն ու ուսուցիչները (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)

Քղի – Դպրոցներ

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 05/06/2018 (վերջին փոփոխութիւն՝ 05/06/2018)

Համառօտ տեղեկութիւն Քղիի գաւառակի մասին

Համաձայն XX դարասկզբի Օսմանեան կայսրութեան վարչատարածքային բաժանման՝ Քղիի գաւառակը կամ քազան մտնում էր Էրզրումի նահանգի (վիլայեթ) Էրզրումի գաւառի (սանջակ) կազմի մէջ՝ զբաղեցնելով գաւառի հարաւ-արևմտեան մասը։ Քղիի գաւառակի սահմաններն էին՝ արևելքից՝ Խնուսի գաւառակը, հիւսիսից՝ Դերջանի գաւառակը, արևմուտքից Երզնկայի գաւառը, հարաւ-արևմուտքից՝ Դերսիմը (Խարբերդի նահանգ), հարաւից՝ Բալուն (Դիարբեքիրի նահանգ) և Ճապաղջուրը (Բիթլիսի նահանգ) [1]։

Քղիի գաւառակի տարածքը համապատասխանում էր «Աշխարհացոյցի» Չորրորդ Հայքի Խորձեան գաւառին [2]։ Հայ մատենագրութեան մէջ Քղին յիշատակւում է նաև Գուրզան, Խորզա, Խորձայնի, Խորձէն, Խորձենք, Խորձեանք, Խորձիւնի գաւառ, Խորձունեաց երկիր անուններով [3]:

Գաւառակի տարածութիւնը 4,500 քառակուսի կմ էր, ծովից միջին բարձրութիւնը՝ 1,050 մետր։ Քղիի հայութեան թիւը Մեծ եղեռնի նախօրեակին մօտ 25,000 էր [4]։ Այդ թուից շուրջ 2,500-ը բնակւում էր գաւառակի կենտրոն՝ Քղի-Գասապա գիւղաքաղաքում, մնացածը՝ գաւառակի մօտ 50 հայաբնակ գիւղերում [5]։

Քղիի հայերի հիմնական զբաղմունքն էր երկրագործութիւնը։ Յատկապէս 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ մեծ զարգացում ապրեցին առևտուրն ու արհեստները։ Քղիի մէջ կային բաւական թիւով հարուստ վաճառական տներ, որոնցից էին Ամերիկեանները, Յովակիմեանները, Ալեմեանները, Օյնօեանները, Խոշմաթլեանները և այլն։ Քղիից պանդուխտները Պոլսոյ մէջ մասնագիտացած էին խոհարարութեան զբաղմունքի մէջ [6]։ Մեծ թիւ էր կազմում Քղիից դէպի Ամերիկայի Միացեալ Նահանգներ գաղթած հայութիւնը [7]։

Քղի քաղաքից մի տեսարան. կեդրոնը, մի քիչ դէպի ձախ, երևում է Սուրբ Սարգիս եկեղեցին (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)

Քղիի գաւառակի հայութեան կրթական վիճակը նախքան 1878 թ.

Քղեցի հայերն աչքի էին ընկնում դէպի ուսում սիրով և հակմամբ [8]։ Պատմական որոշ ժամանակաշրջաններում Քղին եղել է ուսման և գիտութեան կենտրոն, ինչի վկայութիւնն էին գաւառակի տարածքում բազմաթիւ վանքերի աւերակները։ Քղիի վանքերից շատերն ունեցել են իրենց դպրատները։ Համաձայն աւանդութեան՝ Քղիի վանքերում տղաների հետ միասին ուսում էին ստանում նաև աղջիկները։ Աղջիկներին նաև թոյլատրուած էր մասնակցելու եկեղեցական արարողութիւններին և երգեցողութեանը [9]։
    
18-րդ դարի երկրորդ կէսին՝ Պոլսում, իսկ 19-րդ դարի առաջին կէսին՝ նաև Օսմանեան կայսրութեան հայաբնակ գաւառներում սկսում են ի յայտ գալ կրթական հաստատութիւններ, որոնք թէև գործում էին եկեղեցական-թեմական կառոյցների համակարգի շրջանակներում, սակայն դրանցում ուսուցման գործն արդէն վերապահուած էր աշխարհիկ ուսուցիչներին՝ նախօրօք մշակուած կրթական ծրագրի հիման վրայ։

Քղիի գաւառակի տարածքում դպրոցներ են սկսւում հիմնադրուել 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկիզբներին [10]։ Նշուած ժամանակաշրջանում տարրական դպրոցի գոյութեան մասին է վկայուած Քղիի գաւառակի մի քանի խոշոր հայաբնակ բնակավայրերում։ Այսպէս, աղբիւրների փոխանցմամբ՝ 1800-1810 թթ. Խուփս գիւղի հայերն ընդարձակում են դպրոցը, ինչպէս նաև յատուկ դպրոց բացում աղջիկների համար [11]։ Խուփսի և այլ գիւղերի դպրոցները գործում էին եկեղեցուն  կից. ուսուցիչը, որպէս կանոն, տուեալ գիւղի քահանան էր, որը մատուցում էր տարրական գիտելիքներ՝ գրել-կարդալ և հաշուել։ Դասագրքերն էին՝ Նարեկ, Յայսմաւուրք, Ժամագիրք և Սաղմոս [12]։

Քղիի արական նախակրթարանի աշակերտները գիւղատնտեսական աշխատանքների գործնական պարապմունքի ժամանակ (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908-1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Այստեղ տեղին է նշել, որ տուեալ ժամանակաշրջանում Օսմանեան կայսրութեան հայաբնակ այլ վայրերում, այնպէս էլ Քղիում գիւղական դպրոցները գործում էին ոչ կանոնաւոր կերպով՝ բազմաթիւ անգամներ փակւում և վերաբացւում էին՝ կախուած տարբեր ներքին և արտաքին հանգամանքներից (ուսուցիչների բացակայութիւն, շէնքային պայմանների չգոյութիւն, դպրոցը պահելու միջոցների սղութիւն, քրտական ասպատակութիւններ և այլն) [13]։

Օսմանեան կայսրութիւնում հայկական աշխարհիկ դպրոցների ցանցի ընդլայնմանը նոր թափ են հաղորդում 1830-60-ական թթ. սկզբներին երկրի արդիականացման և արևմտականացման գործընթացների՝ Թանզիմաթի բարեփոխումները, ինչպէս նաև 1860 թ. Ազգային սահմանադրութեան ընդունումը, դրանում Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանին կից գործող Ուսումնական խորհուրդի գործառոյթների ամրագրումը [14]։

1859 թ. Հայոց պատրիարքարանը տեսչական առաքելութեամբ Քղի է ուղարկում Մամբրէ վարդապետ Մամիկոնեանին, որի նախաձեռնութեամբ Քղի-Գասապա աւանում դպրոցի բացման կամ վերաբացման ուղղութեամբ աշխատանքներ են իրականացւում։ Դպրոցի ծախսերը հոգալու նպատակով Մամբրէ վարդապետ Մամիկոնեանի յորդորով Քղիում ստեղծւում է նաև տեղական առաջին կրթական-«մշակութային» ընկերութիւնը։ «Մասիս» թերթի 1859 թ. հոկտեմբերի 15-ի համարում հետևեալ կերպ են ներկայացւում կազմակերպութեան հիմնադրման հանգամանքները. «Մամբրէ վարդապետը... սկսաւ... ժողովրդոց խաւարասիրութիւնը յանդիմանել... ազդու փաստերով շարժեց բոլոր երկրացւոցս սիրտը. շուտով մը սկսաւ յարժանաւոր տեղիս դպրատան պատրաստութիւններ տեսնուիլ։ Քղիի Խասապայի ժողովուրդն անմիջապէս դպրատան Ընկերութիւն մը գրուելու ձեռնարկութիւն ըրին եւ յաջողեցաւ որ հարիւր յիսունի չափ աղքատ տնուոր Խասապան մինչեւ քսան հազար ղուրուշ գրուեցան դըպրատան ծախքը եւ վարժապետի ամսականը վճարելու համար, դպրոցն ալ սկսան շինել» [15]։

Նոյն աղբիւրի համաձայն՝ Մամբրէ վարդապետի այցի կապակցութեամբ դպրոց բացելու ցանկութիւն դրսևորեցին և այդ ուղղութեամբ պատրաստութիւն տեսան նաև գաւառակի Ճերմակ և Առեկ գիւղերի հայերը [16]։

Քղի քաղաքից մի տեսարան (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

Մօտաւորապէս նոյն ժամանակաշրջանին՝ Քղիի գաւառակի խոշոր հայաբնակ գիւղերից՝ Դարմանում դպրոց է բացում Պոլսում ուսումը ստացած կարնեցի երիտասարդ Մելքոն Ճանթեմիրեանը։ 1850-ական թթ. նա գալիս՝ հաստատւում է Դարման գիւղում, ուր իր շուրջն է հաւաքում մի խումբ երիտասարդներ և սկսում նրանց սովորեցնել աշխարհաբար հայերէն՝ իբրև դասագիրք օգտագործելով  հայր Արսէն Այտընեանի «Քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» [17] աշխատութիւնը։ Մելքոն Ճանթեմիրեանի դպրոցում ուսում ստանալու նպատակով Դարման էին գալիս նաև գաւառակի այլ բնակավայրերից (Ճերմակ, Չանախչի) և անգամ շրջկենտրոնից տղաներ։ Մելքոն Ճանթեմիրեանը շուտով մեծ ազդեցութիւն է ձեռք բերում Քղիի հայութեան շրջանում. նրա հեղինակութեան մասին էր վկայում այն փաստը, որ ժողովուրդը սկսում է նրան պարզապէս ճանաչել և դիմել Մելքոն Վարժապետ անունով [18]։

1860-ական թթ. վերջերին Մելքոն (Վարժապետ) Ճանթեմիրեանը նամակագրութիւն է ծաւալում Կ. Պոլսի Հայոց պատրիարք ընտրուած Մկրտիչ Խրիմեանի (Խրիմեան Հայրիկ) հետ՝  ներկայացնելով նրան Քղիի հայ բնակչութեանը յուզող խնդիրները, մասնաւորապէս քրտական հարստահարութիւններն ու բռնութիւնները։ Պահպանուել են նաև Վարժապետի նամակները Գարեգին Սրուանձտեանցին, ով 1867-69 թթ. վարում էր Կարինի վարժարանների լիազօր տեսչի պաշտօնը։ Վերջինիս ուղղուած նամակներից մէկում Մելքոն (Վարժապետ) Ճանթեմիրեանը մասնաւորապէս գրում է. «Հայաստան ուրիշ միջոցաւ  չկրնար վերականգնիլ բայց միայն ուսման, գիտութեան եւ դպրոցաց. եթէ այդ Ձեր անձնուէր ճիգերը շարունակուին, եթէ օգնականներդ բազմանան, եթէ նախանձաբեկ հին սիրտեր արգելք չըլլան, եթէ կանխակալ նախապաշարմունքը չանջրպետէ այգ լուսոյ ցոլմունքները, յոյս ունիմ որ քիչ ատենի մէջ Կարին պիտի ծաղկի եւ շուշանափայլ պիտի զարդարուին Կարնոյ բարձր սարերը, քանզի անանկ համոզուած եմ որ առանց ուսման չիք փրկութիւն, ոչ հոգեւոր և ոչ մարմնաւոր. ուսումն է երկիրն երկինքին նմանցունողն, ուսումն է որով մարդկութիւնս կը հասնի իր ստեղծման նպատակին ՛արասցուք մարդ ըստ պատկերի մերում՛» [19]։

Քղի, Տէր Մաթոսեան ընտանիքը։ Լուսանկարիչ՝ Սամուէլ Հ. Սրապեան։ Պէտք է որ լուսանկարուած լինի 1912-ից առաջ, նկատի ունենալով որ այդ թուականին այս նկարի մէջ երեւացող անձերը արդէն գաղթել էին Միացեալ Նահանգներ։ Նստած, գլխին ֆէս՝ Կարապետ Տէր Մաթոսեան։ Նրա ձախին նստած քօղարկուած անձը Կարապետի կինն է՝ Աղաւնի Տէր Մաթոսեանը (ծնեալ Մուշեղեան)։ Կարապետի հետեւը կանգնածը իր դուստրն է՝ Խանըմ Տէր Մաթոսեանը։ Միւս անձերի ինքնութիւնը անյայտ է (Աղբիւր՝ Կլորիա Գորգոյեանի հաւաքածոյ, Տիրպորն, Միշիկըն)։

Քղիի գաւառակի հայութեան կրթական վիճակը 1878-1908 թթ. Միացեալ ընկերութեան գործունէութիւնը Քղիում 1880-90-ական թթ.

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի աւարտից և Հայկական հարցի միջազգային դիւանագիտութեան օրակարգ մտնելուց յետոյ արևմտահայ իրականութեան մէջ ծաւալուող կրթալուսաւորչական զարթօնքի լայն շարժումը նոր թափ է ստանում։ Էլ աւելի են սկսւում կարևորուել հայկական դպրոցական ցանցի ընդլայնման, դպրոցական ուսումնական ծրագրերի բարելաւման, կրթական համակարգում աստիճանականութեան, համակարգուածութեան և յաջորդականութեան հարցերը [20]։ Պոլսում մէկը միւսի հետևից ի յայտ են գալիս կրթական կազմակերպութիւններ, որոնց նպատակն էր յատկապէս Օսմանեան Հայաստանի և Կիլիկիայի մէջ ուսման և դաստիարակութեան տարածումը։ Նման կազմակերպութիւններից էին Արարատեան, Դպրոցասիրաց, Արևելեան և Կիլիկեան ընկերութիւնները, որոնք 1880 թ. յունիսի 1-ին միաւորւում են «Միացեալ Ընկերութիւնք Հայոց» (կրճատ՝ Միացեալ ընկերութիւն) անուան տակ [21]։

Իր ստեղծման օրուանից Միացեալ ընկերութեան գործունէութեան հիմնական ուղղութիւններից մէկը դառնում է Քղին։ Միացեալ ընկերութեան վարժարանները բաժանւում էին չորս աշխարհագրական սկզբունքով կազմուած շրջանակների՝ 1. Տուրուբերան, 2. Վասպուրական, 3. Տաւրոս և 4. Կիլիկիա։ Տաւրոսի շրջանակը մօտաւորապէս ընդգրկում էր Էրզրումի վիլայէթի արևմտեան շրջանները և Դերսիմի տարածքը։ Շրջանակի կենտրոն է ընտրւում Քղի-Գասապա աւանը [22]։ Օսմանեան Հայաստանի տարածքում Միացեալ ընկերութեան վարժարանների ընդհանուր տեսուչ է նշանակւում նշանաւոր ուսուցիչ-մանկավարժ Մկրտիչ Սարեանը, Տաւրոսի շրջանակի նախակրթարանների փոխտեսուչի պարտականութիւններն է ստանձնում Մարկոս Նաթանեանը [23]։

1882-83 թթ. ուսումնական տարում Միացեալ ընկերութեան Տաւրոսի շրջանակում գործում էին հինգ նախակրթարաններ՝ Քղի-Գասապա աւանի արական և իգական վարժարանները, Քղիի Խուփս գիւղի վարժարանը, ինչպէս նաև երկու վարժարաններ Դերսիմի Բերրի (Չարսանջակ) և Չմշկածագի բնակավայրերում։ Քղի-Գասապայի արական և իգական վարժարանները և Բերրիի վարժարանը համարւում էին «բարձրագոյն» նախակրթարաններ՝ դրանցում ուսման տևողութիւնը նախատեսուած էր վեց տարի։ Խուփսի և Չմշկածագի գիւղական նախակրթարաններում ուսման տևողութիւնը չորս տարի էր։ Վարժարաններում ըստ ուսումնական ծրագրի դասաւանդւում էին հետևեալ առարկաները՝ մայրենի լեզու, կրօն, պատմութիւն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն, իրագիտութիւն (շրջակայ միջավայրի ճանաչում), գծագրութիւն, բարոյագիտութիւն, մարմնակրթութիւն, երգ, իսկ բարձր դասարաններում՝ նաև բնական պատմութիւն, օսմաներէն, ֆրանսերէն, երկրաչափութիւն, տոմարագիտութիւն առարկաները [24]։

1) Ծրագիր կանոնագիր Քղիի Աստղաբերդ գիւղի դպրոցի ուսումնասիրաց ընկերութեան, Պօսթըն, տպ. Հայրենիք, 1912, տիտղոսաթերթ։

2) Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908-1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911, տիտղոսաթերթ։

Բացի Միացեալից՝ Քղիում գործունէութիւն ծաւալեց նաև Պոլսոյ մէջ հիմնադրուած Ազգանուէր Հայուհեաց Ընկերութիւնը։ Վերոնշեալ կազմակերպութեան նպատակն էր վարժուհիներ պատրաստել և ուղարկել նրանց հայաբնակ գաւառներ՝ այնտեղ կրթական գործը, յատկապէս՝ աղջիկների ուսումն ու դաստիարակութիւնը կազմակերպելու համար։ Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան կողմից 1880-ական  թթ. հովանաւորուող կրթական հաստատութիւններից մէկը Քղիի իգական վարժարան էր, որը գործում էր Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ։ Համաձայն Ընկերութեան տիպային ուսումնական ծրագրի՝ գաւառների նախակրթարան-վարժարաններում ուսումը պէտք է տևէր չորս տարի, որոնց ընթացքում աշակերտներին նախատեսւում էր դասաւանդել հայոց լեզու (հայկաբանութիւն), կրօնագիտութիւն, ազգային պատմութիւն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն, տնային տնտեսութիւն («առտնինտնտեսագիտութիւն»), բարոյագիտութիւն, ձեռագործ, գծագրութիւն, մարմնամարզութիւն, ձայնաւոր երաժշտութիւն [25]։

Միացեալ ընկերութեան 1883 թ. տեղեկագրում նշւում էր, որ Տաւրոսի շրջանակի վարժարանների աշակերտների թիւը անհամեմատ մեծ է Միացեալի կողմից բացուած այլ շրջանակների վարժարանների բաղդատութեամբ (հինգ վարժարաններ ունէին 565 աշակերտ, իսկ աշակերտների թիւով յաջորդ՝ Տուրուբերանի 10 վարժարանները՝ 476)։ Դա, ըստ տեղեկագրի,  պայմանաւորուած էր Մարկոս Նաթանեանի անխոնջ աշխատանքով և խիստ հսկողութեամբ։ Մասնաւորապէս Միացեալ ընկերութեան փոխտեսուչին յաջողուել էր աշակերտների թիւը բարձր պահել՝ պայմանագրեր կնքելով ծնողների հետ, որով նրանք պարտաւորուել էին մինչև ուսումնական տարուայ աւարտը ուղարկել իրենց զաւակներին վարժարան, հակառակ դէպքում՝ վճարել տուգանք [26]։

Քղի-Գասապայում բացուած երկսեռ վարժարանները ծառայեցին որպէս օրինակ՝ գաւառակի միւս հայաբնակ բնակավայրերում դպրոցներ բացելու համար։ Միացեալ ընկերութեան վարժարանների սաներից շատերը հետագայում դարձան կարող ուսուցիչներ ոչ միայն Քղիի, այլև Երզնկայի, Բալուի և Չարսանջակի դպրոցներում։ 1890-ական թթ. սկզբներին քղեցիներն անգամ սկսեցին քայլեր ձեռնարկել «կենտրոնական» երկրորդական վարժարան հաստատելու ուղղութեամբ։ Սակայն Քղիում և Օսմանեան Հայաստանի այլ շրջաններում հայկական հանրակրթութեան հետագայ առաջընթացին խոչընդոտեցին քաղաքական հանգամանքները [27]։

1880-ական թթ. կէսերից Աբդուլ Համիդի վարչակարգը հետզհետէ սկսում է նոր սահմանափակումներ մտցնել արևմտահայութեան հասարակական-քաղաքական կեանքում։ Օսմանեան կայսրութեան հայաբնակ շրջաններ հրահանգ է իջեցւում խստացնել հայկական ազգային կառոյցների, այդ թւում՝ նաև կրթամշակութային կազմակերպութիւնների գործունէութեան նկատմամբ վերահսկողութիւնը։ Աբդուլհամիդեան վարչակարգի թիրախներից մէկն է դառնում Միացեալ ընկերութիւնը, որին կասկածում էին կրթական անուան ներքոյ իբր «յեղափոխական» գործունէութիւն ծաւալելու մէջ։ Միևնոյն օրը՝ 1886 թ. դեկտեմբերի 15-ին՝ Ալաշկերտի մէջ ձերբակալւում է Միացեալի ընդհանուր տեսուչ Մկրտիչ Սարեանը և Մուշի մէջ՝ փոխտեսուչ Մարկոս Նաթանեանը։ Երկուսն էլ երկար ժամանակ պահւում են բանտում առանց հարցաքննութեան և առանց տեղեկացուելու, թէ որոնք են եղել նրանց դէմ ամբաստանութիւնները։ Վերջապէս նրանք առանց որևէ դատական վճռի աքսորւում են՝ Մկրտիչ Սարեանը՝ Տրիպոլի (Լիբիա), Մարկոս Նաթանեանը՝ Երուսաղէմ [28]։

Քղի քաղաքից ընդհանուր տեսարան (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։ 

Այս հարուածից յետոյ Միացեալ ընկերութիւնն այլևս չի կարողանում վերականգնուել և շարունակել իր գործունէութիւնը նախկին ծաւալով ու եռանդով։ «Յեղափոխական» կադրերի դարբնոց-կառոյցի համբաւ ձեռք բերած կազմակերպութեան անդամութիւնից հրաժարւում և լքում են նրա բազմաթիւ հովանաւորներ, ինչը ստիպում է Միացեալին հետզհետէ սահմանափակել սեփական կրթական ծրագրերը։

1892 թ. Միացեալ ընկերութիւնը փաստացի դատապարտւում է անգործութեան։ Վերջապէս, 1896 թ.՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի Պոլսոյ Հայոց պատրիարքութեան պաշտօնավարման առաջին տարում, Ազգային վարչութեան որոշմամբ Պատրիարքարանը ստանձնում է գործունէութիւնը փաստացի դադարեցրած Միացեալի բոլոր գործառնութիւնները [29]։

Միացեալ ընկերութեան լուծարման շրջանում կառոյցը դադարեցնում է նաև Քղիի գաւառակում իր հիմնած ուսումնական հաստատութիւններին հովանաւորութիւնը։ Միացեալ ընկերութեան՝ Քղիի արական և իգական վարժարանները, ինչպէս նաև Խուփսի նախակրթարանը փոխանցւում են թեմական կառոյցներին՝ ստանալով «ազգայինի» կարգավիճակ։ «Հայոց Միացեալ Ընկերութեան դպրոցները փակուեցան, եւ կրթական ամբողջ հոգը ինկաւ տեղացի ժողովրդին վրայ, - նշւում է յուշագրութիւններից մէկում։ - Անտանելի պայմաններու մէջ, սակայն, քղեցին, քաղաքի թէ գիւղերու մէջ, շարունակեց կրթական գործը»  [30]։

1901 թ. Պոլսոյ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի կարգադրութեամբ Ազգային կենտրոնական վարչութեան Ուսումնական խորհրդի կողմից պատրաստուած Օսմանեան կայսրութեան հայկական գաւառական ազգային վարժարանների վիճակացոյցը տուեալներ է պարունակում նաև Քղիում գաւառակի դպրոցների վերաբերեալ։ Համաձայն նշուած փաստաթղթի՝ գաւառակում գործում էր 27 «ազգային» վարժարան՝ մէկը՝ շրջկենտրոն Քղի-Գասապայում (երկսեռ՝ առանձին արական և իգական բաժիններով), մնացածը՝ գաւառակի հայաբնակ գիւղերում։ Աշակերտների համագումար թիւը 1,703 էր, որից 1,336-ը՝ արական, 367-ը՝ իգական սեռի։ Գաւառակի հայկական դպրոցների ուսուցչական կազմի թիւը 43 էր, որից 35-ը՝ արական, 8-ը՝ իգական [31]։

Շրջկենտրոնի երկսեռ վարժարաններում ուսման տևողութիւնը հինգ տարի էր, գիւղական դպրոցներում՝ մէկ կամ երկու տարի (բացառութեամբ Խուփսի նախակրթարանի, որտեղ ուսման տևողութիւնը չորս տարի էր) [32]։

Քղիի դպրոցների գործունէութեան ծախսերը (շէնքային պայմաններ, ուսուցչի (ուսուցիչների) կեցութիւն և սնունդ, և այլն) հոգում էր տուեալ բնակավայրի համայնքը։ Ընդհանրապէս, նախքան Հայոց ցեղասպանութիւնը ինչպէս Քղիի գաւառակի, այնպէս էլ Օսմանեան կայսրութեան այլ տարածքների հայաբնակ բնակավայրերում գործող հայկական դպրոցների ծախսերն ամբողջութեամբ կամ մասամբ ապահովելու պարտականութիւնը որպէս կանոն ընկած էր տուեալ բնակավայրի հայ համայնքի անդամների (առկայ, թէ պանդուխտ) վրայ։ Պակասող գումարն անհրաժեշտութեան դէպքում հոգում էր Պոլսի Հայոց պատրիարքարանը [33]։

Նախքան Մեծ եղեռնը Քղիի գիւղական դպրոցների համար համայնքից դրամի հանգանակութեան համակարգի մասին կարելի է պատկերացում կազմել հետևեալ վկայութիւնից, որը վերաբերում է Խուփս գիւղին, սակայն  անշուշտ այս կամ այն չափով կիրառելի է գաւառակի այլ բնակավայրերի համար ևս. «Խուփսի մէջ ստեղծուեցաւ օրինակելի սիստեմ մը գոյացնելու դպրոցական տարեկան պիւտճէն։ Ընդհանուր գումարը կը բաժնուէր ամբողջ գիւղացիներուն վրայ Հոգաբարձութեան Ուսումնական Խորհուրդին կողմէ, հարուստին բաղդատաբար շատ, աղքատին կարողութեան համաձայն, եւ խուփսեցին առանց դժգոհութեան ու տրտունջի, սիրով կու տար իր վրայ դրուած դպրոցական տուրքը» [34]։

Քղիի Խուփս գիւղի համայնապատկերը։ Լուսանկարը բացիկի ձեւով հրատարակել է Խուփս գիւղի Ուսումնասիրաց եւ վերաշինութեան միութիւնը, 1922-ին, Միացեալ Նահանգների մէջ (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

Քղեցի հայերի կրթամշակութային ընկերութիւնները

19-րդ դարի երկրորդ կէսին և 20-րդ դարի սկզբին Քղիում հայկական հանրակրթութեան զարգացմանը մեծապէս նպաստեց ինչպէս տեղացի հայերի, այնպէս էլ Պոլսում, Ամերիկայի Միացեալ Նահանգներում և Կանադայում հաստատուած պանդուխտ քղեցիների կողմից ստեղծուած կրթամշակութային (արևմտահայ իրականութեան մէջ յայտնի են «մշակութային», «ուսումնասիրաց», «կրթասիրաց» անուններով) կազմակերպութիւն-ընկերութիւնների գործունէութիւնը։ Քղեցի հայերի «կրթասիրաց» կազմակերպութիւնների առաջնային նպատակն էր նիւթական աջակցութիւն ցուցաբերել գաւառակի դպրոցների ստեղծմանն ու պահպանմանը, դրանցում ուսումնական գործընթացի կազմակերպմանը։

Ցաւօք, արխիւային տուեալների չգոյութեան պայմաններում Քղիի, այնպէս էլ Օսմանեան Հայաստանի այլ շրջանների մէջ գործած հայկական «կրթասիրաց» կազմակերպութիւնների մասին մեզ յաճախ յայտնի է միայն հայկական մամուլում հատուկենտ կցկտուր յիշատակումներից կամ տուեալ ընկերութեան որևէ հրապարակումից։ Առկայ նիւթը թոյլ է տալիս կատարել հետևեալ ընդհանրացումները.

1. Նշուած ժամանակաշրջանում գործել են ինչպէս ընդհանուր, այնպէս էլ գաւառակի առանձին հայաբնակ բնակավայրերի դպրոցներին աջակցելու նպատակ հետապնդող «կրթասիրաց» կազմակերպութիւններ։
2. Կրթասիրաց կազմակերպութիւնների գործունէութիւնը որպէս կանոն կայուն չէր, դրանք մերթ դադարում, մերթ վերականգնւում էին՝ յաճախ այլ անուամբ։
3. Քղիի առանձին գիւղերի բնակիչների կողմից կազմուած «կրթասիրաց» ընկերութիւններն ըստ էութեան կատարում էին նաև տուեալ բնակավայրի դպրոցի «հոգաբարձուների խորհրդի» գործառոյթը՝ ապահովելով դպրոցի տարբեր պէտքերը։

Ինչպէս արդէն նշել էինք, դեռևս 1859 թ. Քղի-Գասապայում դպրոցի ստեղծման կապակցութեամբ կազմակերպւում է դրան կից «ընկերութիւնը», որին անդամակցում են գիւղաքաղաքի երևելի հայերը։

1872 թ. Պոլսոյ մէջ կազմւում է Խուփս գիւղի Հայկազեան երկսեռ վարժարանների ընկերութիւնը («Խուփս գիւղի Հայկազեան Ուսումնասիրաց Միութիւն»), որը մասնաւորապէս զբաղւում էր Խուփսի վարժարանի համար դասագրքերի և դպրոցական պիտոյքների մատակարարմամբ։ Հայկազեան ընկերութեան ղեկավար՝ Պետրոս Վասիլեանի միջնորդութեամբ ու ջանքերով էր, որ 1879 թ. Խուփսի վարժարանն անցաւ նորաստեղծ Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ [35]։

1879 թ. սկզբրին Պոլսոյ մէջ պանդուխտ քղեցիների կողմից հիմնւում է Քղիի Արտաւազդեան ընկերութիւնը, որի նպատակն էր «Քղիի ազգային մանկտւոյն գիտութեան կաթն ջամբել» [36]։

1) Քղի, 1913։ Ոտքի կանգնած, ձախից աջ՝ Նշան Կերճէքեան, Նշանի աջին նստած տարիքոտ կինը իր մօրենական մեծ մայրն է (անունը անյայտ)։ Մեծ մօր աջին նստած մարդը Նշանի քեռին է (անունը անյայտ), ում հետեւ կանգնած է կինը։ Քեռիին գիրկը նստած է իր զաւակը։ Քեռիին միւս զաւակն է մեծ մօր առաջ կանգնած աղջնակը (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

2) Քղի, Գալուստ Ուզունեան ընտանիքը։ Նկարի կեդրոնը նստողները Գալուստ Ուզունեանն (աջին) ու իր կինն (ծնեալ Մալոյեան) են
(Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

1890-ական թթ. կրթասիրաց ընկերութիւն է գործել Քղի-Գասապա գիւղաքաղաքում, որը 1900 թ. արդէն գտնում ենք լուծարուած։ «Ցաւով տեսանք, որ տեղւոյս Կրթասիրաց Ընկերութիւնը կազմալուծուած է ատենէ մը ի վեր, - կարդում ենք «Արևելք» օրաթերթում քղեցի Լևոն Սրապեանի թղթակցութեան մէջ։ - Այս տեսակ ընկերութիւն մը, քչիկ մը յարատեւութեան ու ջանքի շնորհիւ, իր գոյութիւնը ապահովելով և հետզհետէ աւելի ընդարձակելով իր գործառնութիւնները, աղուոր օգուտներ պիտի կրնար ընծայել վարժարաններուն» [37]։

1908-09 թթ. Քղիում գործել է «Գրասիրաց միութիւն» անունով կազմակերպութիւնը, 1913 թ. յիշատակւում է «Ուսումնասիրաց ընկերութիւն» անուամբ կազմակերպութեան գոյութեան մասին [38]։

1890-ական թթ.-ից սկսած՝ քղեցի պանդուխտներից կազմուած մշակութային-կրթասիրաց ընկերութիւններ են հիմնադրւում նաև ԱՄՆ-ում և Կանադայում։ Այսպէս, 1897 թ. Միացեալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Վաթերթաուն քաղաքում ստեղծւում է «Խորձեան միութիւնը», որը հետագայում վերանուանւում է «Կրթասիրաց միութիւն»։ 1909 թ. Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Միացեալ ընկերութեան գործունէութեան վերականգնումից և նրա կողմից Քղի-Գասապայի վարժարանների տեսչութեան վերստանձնումից յետոյ «Քղիի Կրթասիրաց միութիւնը» հանդիսացել է Միացեալ ընկերութեան օժանդակ մարմին՝ մասամբ հոգալով Քղի-Գասապա աւանի վարժարանների ծախսերը [39]։ Համաձայն Միացեալ ընկերութեան հաշուետուութեան՝ 1911-12 թթ. ուսումնական տարուայ համար «Քղիի կրթասիրաց միութիւնը» Միացեալին էր փոխանցել 7,200 ղուրուշ գումար (100 ղուրուշը հաւասար էր մէկ օսմանեան ոսկու) [40]։ Մեծ եղեռնից և Քղիի հայաթափումից յետոյ՝ 1918 թ. կազմակերպութիւնը վերակազմաւորւում է որպէս «Համաքղեցիական միութիւն» [41]։

1900 թ. Միացեալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում հիմնադրւում է «Քղի-Խուփս գիւղի Ուսումնասիրաց Ընկերութիւնը», որը մասամբ հոգում էր համանուն գիւղի վարժարանի պահպանութեան ծախսերը՝ տարեկան 100 օսմանեան ոսկի (ըստ Միացեալ ընկերութեան 1911-12 թթ. հաշուետուութեան՝ 10,800 ղուրուշ) [42]։ Բացի դրանից, 1915 թ. դրութեամբ կազմակերպութիւնը կարողացել էր կուտակել մօտ 15,000 ԱՄՆ դոլար, որը նախատեսւում էր ծախսել Խուփսում երկրորդական (միջնակարգ) վարժարան ստեղծելու վրայ [43]։ Կազմակերպութեան մասին յիշատակւում է նաև Միացեալ ընկերութեան տեղեկագրում՝ որպէս Միացեալին օժանդակող մարմին [44]։

Քղի, համայնապատկեր (Աղբիւր՝ Lamberto Vannutelli, In Anatolia, Roma, 1905)։

1904 թ. ԱՄՆ և Կանադայի մէջ հիմնադրւում է Քղիի Աստղաբերդ գիւղի դպրոցի «ուսումնասիրաց» ընկերութիւնը։ Կազմակերպութեան Ծրագիր-կանոնագրում, ի հիմնաւորումն կազմակերպութեան ստեղծման, նշւում էր. «Համիտեան անիծապարտ ռէժիմի եւ անոր հետ անխնայ ճնշող տնտեսական տագնապների պատճառաւ պանդխտող Աստղաբերդցիներս՝ նկատի ունենալով, որ մեր երկրի տիրող տգիտութիւնը եւ անոր արդիւնք վերոյիշեալ ճնշիչ ուժերը վերացնելու համար՝ անհրաժեշտ է ունենալ ուսեալ նոր սերունդ մը, զոր ձեռք կը բերուի միայն դպրոցէն, եւ նկատելով, որ գիւղիս չքաւոր ժողովուրդը ի վիճակի չէ դպրոցը շարունակ կանոնաւորութեան մէջ պահել, մենք պանդուխտներս բարոյական պարտականութիւն համարեցինք որդեգրել Ծրագիր-Կանոնագիր մը եւ հիմնել Աստղաբերդ գիւղի դպրոցի «Ուսումնասիրաց Ընկերութիւն» մը, մեր կարեաց չափով ջանալ ուսումնասէր մատաղ սերունդին տալու ուսմունք եւ կրթութիւն» [45]։

Ընկերութեան նպատակն էր հռչակւում Աստղաբերդ գիւղի մէջ ուսմունքի և կրթութեան տարածումը՝ կանոնաւոր դպրոցի ապահովման միջոցով։ Այդ դպրոցը պէտք է բաց լինէր բոլորի համար՝ «առանց ցեղի, սեռի և կրօնի խտրութեան» [46]։

ԱՄՆ-ում ընկերութեանն անդամակցողը պարտաւոր էր վճարել հինգ դոլար մուտքի վճար և 25 ցենտ ամսավճար, Աստղաբերդ գիւղի մէջ համապատասխանաբար՝ 10 դահեկան (ղուրուշ) և երկու դահեկան, Պոլսի մէջ՝ մէկ մէջիդիէ [47] և երեք դահեկան, Ռուսաստանի մէջ՝ երկու ռուբլի և կէս ռուբլի [48]։

1905 թ. Կանադայի Բրեդֆորդ քաղաքում հիմնադրւում է Քղիի Ապողնակ գիւղի Ուսումնասիրաց ընկերութիւնը, որի նպատակն էր գիւղի մէջ հաստատել երկսեռ վարժարան, որը պէտք է բաց լինէր բոլորի առջև՝ առանց սեռի, կրօնի և ցեղի խտրութեան, ինչպէս նաև ստեղծել գրադարան, որը պէտք է ծառայէր ոչ միայն դպրոցի աշակերտներին, այլ նաև ամբողջ գիւղի բնակչութեանը [49]։ Կանոնագրով նաև նախատեսւում էր, որ նիւթապէս անկարող, նամանաւանդ՝ որբ տղաներն ու աղջիկները, պէտք է դպրոց ընդունուէին բացարձակապէս անվճար հիմունքներով [50]։

1905 թ. յունուարի 1-ին ԱՄՆ Փրովիդենս քաղաքում հիմնադրւում է Քղիի Հերտիֆ գիւղի ուսումնասիրաց ընկերութիւնը։ Ըստ Ծրագիր-կանոնագրի՝ ընկերութեան նպատակն էր բնակավայրում հաստատել երկսեռ նախապատրաստական դպրոց՝ «Սուրբ Լույս» վարժարան անուամբ։ [51] Ընկերութեանը կարող էր անդամակցել ամէն հայ, ով «բարի վարուց եւ նկարագրի տէր է» [52]։  Անդամավճարն էր՝ ԱՄՆ համար՝ մուտք՝ 5 ԱՄՆ դոլար և ամսավճար՝ 25 ցենտ, գիւղի մէջ՝ մուտք՝ 5 ղուրուշ, ամսավճար՝ 1 ղուրուշ [53]։

Աղբիւրներում պահպանուել են յիշատակումներ նաև 1900-ական թթ. սկզբներին Միացեալ Նահանգներում և Կանադայում հիմնադրուած Քղիի Դարման, Ճերմակ և  Չանախչի գիւղերի ուսումնասիրաց միութիւնների մասին [54]։ Որոշ տուեալների համաձայն՝ Մեծ եղեռնի նախօրեակին Ամերիկա մայրցամաքում գործում էին Քղիի գաւառակի վարժարանների պահպանութեան համար գումարներ հանգանակող մօտ 40 ուսումնասիրաց-կրթասիրաց ընկերութիւններ, այսինքն, նման ընկերութիւն կար գրեթէ իւրաքանչիւր հայաբնակ գիւղի համար [55]։

Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Ամերիկա մայրցամաքում գործող Քղիի կրթասիրաց ընկերութիւններից շատերը  վերակազմաւորուեցին որպէս «վերաշինաց» ընկերութիւններ և նուիրուեցին կոտորածներից վերապրած քղեցիներին փրկելու և տեղաւորելու աշխատանքներին [56]։

Քղիի գաւառակի Միացեալ ընկերութեան վարժարանների ուսուցիչների ամառային վարժապետնոց, 1911 թ. (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Հայկական հանրակրթութիւնը Քղիում 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ։ Միացեալ ընկերութեան գործունէութեան վերսկսումը

1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ արևմտահայ հասարակական-քաղաքական կեանքի ընդհանուր ազատականացման պայմաններում Քղիի գաւառակում հայկական հանրակրթութիւնը զարգացման նոր շրջան է ապրում։ 1908 թ. յուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում վերականգնւում և իր գործունէութիւնն է վերսկսում Միացեալ ընկերութիւնը [57]։

Վերաբացուած Միացեալի առաջին քայլերից է դառնում Քղիի գաւառակում իր ստեղծած վարժարանների տնօրինութեան վերստանձնումը, ինչը տեղի է ունենում 1909-10 թթ. ուսումնական տարեշրջանում [58]։

Արդէն յաջորդ՝ 1910-11 թթ. ուսումնական տարեշրջանում Միացեալ ընկերութեան տեսչութեան տակ են անցնում և որպէս Միացեալ ընկերութեան վարժարաններ վերաբացւում նաև Քղիի Աստղաբերդ, Դարման (Թեմրան), Հերտիֆ (Հարտիվ), Ճըպըռ, գիւղերի երկսեռ վարժարանները [59]։ Քղի-Գասապայի և Խուփսի վարժարաններին կից բացւում են մանկապարտէզներ։

Տարէց տարի աճում էր վերակազմաւորուած Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ Քղիի գաւառակի վեց բնակավայրերում գործող տասներկու (արական և իգական վարժարաններն աղբիւրում հաշւում են որպէս առանձին վարժարաններ) նախակրթարան-վարժարանների և երկու մանկապարտէզների ուսանողների թիւը։ Այսպէս, եթէ 1909-1910 թթ. ուսումնական տարեշրջանում նշուած վարժարաններ ունէին 1,195 աշակերտ, 43 ուսուցիչ [60], ապա 1911-1912 թթ. ուսումնական տարեշրջանում արդէն 1,335 աշակերտ (այդ թւում՝ 741 տղայ, 594 աղջիկ) և 45 ուսուցիչ (տե՛ս նաև Աղյուսակ 1) (առանձին բնակավայրերի վարժարաններին վերաբերող վիճակագրութիւնը կը ներկայացուի համապատասխան բաժնում) [61]։

Ըստ Թէոդիկի նշուած աշխատութեան, Մեծ եղեռնի նախօրեակին Քղիի գաւառակում Միացեալ ընկերութեան վարժարանների տեսուչն էր Յակոբ Աղասէրը (սպաննուել է 1915 թ.)։

Միացեալ ընկերութեան նոր տիպային ուսումնական ծրագրով գիւղական նախակրթարաններում ուսուցումն իրականացւում էր 6 (Ա-Զ) տարեշրջան-դասարանով՝ առաջինից չորրորդ տարեշրջանները՝ 8 ամիս տևողութեամբ, հինգերորդ և վեցերորդ տարեշրջանները՝ 7 ամիս տևողութեամբ։ Դպրոց էին ընդունւում 7 տարեկանից երեխաներ։ Դասաւանդուող առարկաներն էին՝ մարմնամարզութիւն, ձեռքի աշխատանք, գծագրութիւն, գրավարժութիւն, երգեցողութիւն, աշխարհագրութիւն, կրօնական դաստիարակութիւն, թուաբանութիւն, երկրաչափութիւն և տոմարակալութիւն, մայրենի լեզու (բոլոր վեց տարեշրջանների համար), իրագիտութիւն [62] (Ա-Գ տարեշրջանների համար), բնական գիտութիւններ և երկրագործութիւն, օսմաներէն լեզու, Հայոց և օսմանեան պատմութիւն, առտնին տնտեսութիւն (Դ-Զ տարեշրջանների համար), քաղաքացիական կրթութիւն և տնտեսագիտութեան հիմունքներ (Ե և Զ տարեշրջանների համար) [63]։

Միացեալ ընկերութիւնը դպրոցական արձակուրդների ամառնային շրջանում նաև կազմակերպում էր ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ (այսպէս կոչուած «վարժապետնոց»-ներ)։ Այսպէս, Քղիում 1911 թ. յուլիսի 4-ից առ օգոստոսի 25 կազմակերպուած նման «վարժապետնոցին» մասնակցել էին Քղիի Կարինի և Բալուի շրջաններում գործող Միացեալ ընկերութեան վարժարանների 42 ուսուցիչներ և վարժուհիներ [64]։

Գաւառակում Միացեալ ընկերութեան եռանդուն գործունէութիւնը խթան հանդիսացաւ Քղիի այլ հայկական գիւղերում նախակրթարանների ստեղծմանը. 1908-13 թթ. ընթացքում համայնքային դպրոցներ բացուեցին Քղիի գրեթէ բոլոր հայաբնակ բնակավայրերում։ Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ գաւառակում գործում էին 63 երկսեռ նախակրթարան-վարժարաններ, որոնց  յաճախում էր 2,925 աշակերտ (առանձին բնակավայրերի դպրոցների մասին տուեալները կը ներկայացուեն համապատասխան բաժնում)։ Վարժարանների թիւով Էրզրումի նահանգի կազմի մէջ մտնող այլ գաւառակների համեմատ Քղիի գաւառակը առաջատար էր (երկրորդ տեղն էր զբաղեցնում Էրզրումի գաւառակը (53 հայաբնակ բնակավայր, 40,000 շունչ հայ), որտեղ կար 52 դպրոց) [65]։

1) Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ յուսումնական խորհրդոյ ազգային կեդրոնական վարչութեան։ Տետր Ա. Վիճակ 1901 տարւոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1901, տիտղոսաթերթ։

2) Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, Ֆրէզնօ, տպ. Ասպարէզի, հրատ. Քղի-Խուփս Գիւղի Հայրենակցական Միութեան, 1968։

Բողոքական դպրոցները Քղիում

19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբներին Քղիի գաւառակում հայկական կրթական կեանքի զարգացմանը մեծապէս նպաստեց բողոքականների աշխուժացումը։ 20-րդ դարի սկզբներին բողոքական հայերի թիւը Քղիում մօտ 1,000 էր [66]։ Հայ բողոքական համայնքներ և դպրոցներ գոյութիւն ունէին շրջկենտրոն Քղի-Գասապա աւանում և Դարման գիւղում. առանձին բողոքական ընտանիքներ և անհատ բողոքականներ կային Ճերմակ, Չանախճի և Օրոր գիւղերի մէջ [67]։

1878 թ. Խարբերդում  Եփրատ քոլեջի հիմնադրումինց անմիջապէս յետոյ ամերիկեան բողոքական առաքելութեան աշխատակիցների աջակցութեամբ Քղիի բողոքական համայնքներից մեծ թիւով երիտասարդներ այնտեղ ուսումը շարունակելու հնարաւորութիւն ստացան։ Եփրատ քոլեջի քղեցի շրջանաւարտներից շատերը, տուն վերադառնալուց յետոյ, դարձան ուսուցիչներ Քղի-Գասապայի, Դարմանի և Ճերմակի բողոքական դպրոցներում [68]։

Քղիում բողոքական կրթական կեանքի հետագայ առաջխաղացումը կապուած է բողոքական քարոզիչ Կարապետ Մելքոնեանի գործունէութեան հետ, ով ծնունդով խնուսցի էր և ուսում էր ստացել Կարինում և Խարբերդի Եփրատ քոլեջում։ 1895 թ. նա հաստատւում է Դարմանում և իր բոլոր ուժերը կենտրոնացնում է Դարմանի բողոքական դպրոցի ուսուցման որակի բարելաւման վրայ։ Խարբերդի միսիոներների քաջալերութեամբ և Դարմանի բողոքական համայնքի երևելի ներկայացուցիչների գործակցութեամբ՝ նրան յաջողւում է արդիականացնել և ընդլայնել դպրոցի ուսումնական ծրագիրը, վերակազմակերպել ուսուցման գործընթացը, բարելաւել շէնքային պայմանները։ Շուտով Դարմանի բողոքական դպրոցը ձեռք է բերում Քղիի գաւառակի լաւագույն կրթական հաստատութեան համբաւը։ Դարմանի դպրոցում կրթութեան որակի մասին պատկերացում է տալիս այն փաստը, որ նրա շրջանաւարտներին թոյլ էր տրւում ընդունուել Եփրատ քոլեջ առանց նախապատրաստական դասարանների փուլն անցնելու [69]։

Կարապետ Մելքոնեանը նաև նպատակ ունէր Դարմանի մէջ հիմնադրել Եփրատ քոլեջի օրինակով կենտրոնական երկրորդական վարժարան, որտեղ քղեցի երիտասարդները հնարաւորութիւն կ՚ունենային բարձրագոյն կրթութիւն ստանալու։ Սակայն քղեցիները և Հայ առաքելական եկեղեցու թեմական կառոյցները, երկիւղ կրելով, որ նման վարժարանը դառնալու է բողոքականութեան քարոզի և տարածման կենտրոն, որևէ աջակցութիւն ցոյց չտուեցին այդ ծրագրին [70]։

Բոլոր դէպքերում, Կարապետ Մելքոնեանի գործունէութիւնը դրական ազդեցութիւն ունեցաւ գաւառակի հայկական կրթութեան վրայ։ «Դարմանի բողոքական վարժարանի յառաջադիմութիւնը լաւ նախանձը շարժեց ոչ միայն Դարմանի լուսաւորչական համայնքին, այլ եւ քաղաքի բողոքական եւ լուսաւորչական համայնքներուն ինչպէս նաեւ այլ գիւղերուն, - նշւում է յուշագրութիւններից մէկում։ - Եւ բոլոր համայնքները սկսան ուժ տալ իրենց դպրոցներուն՝ պատրաստուած ուսուցիչներ բերելով Եփրատ Գոլէճէն ու Սանասարեանէն» [71]։

Քղի, 1912. հայկական վարժարանի աշակերտներն ու ուսուցիչները (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

Քղի-Գասապա գիւղաքաղաքի կրթական հաստատութիւնները

Քղիի արական վարժարան (բարձրագոյն արական նախակրթարան)

Ինչպէս արդէն նշել էինք, Քղի-Գասապայում դպրոց էր ստեղծուել 1850-ական թթ. վերջերին։  Քղեցի Լևոն Սրապեանի պատկերաւոր վկայութեամբ՝ այդ ժամանակ Քղի-Գասապայի դպրոցը տեղակայուած էր «նեղ եւ անձուկ» շէնքի մէջ, ուր «մանրիկ տղաքը վրայ կու տային մատղշուկ առողջութիւննին ու անգին ժամանակնին, փոխարէն սորվելով գրաբարախառն լղրճուկ հայերէնի մը հետ խել մըն ալ ցնդածութիւններ, թութակօրէն գոց ընելու պայմանով» [72]։

Քղիի Բարձրագոյն արական նախակրթարանի կամ Արական վարժարանի բացումը տեղի է ունենում 1880 թ. դեկտեմբերի 1-ին Միացեալ ընկերութեան կողմից՝ գործելով նրա օժանդակութեամբ [73]։

1882-1883 թթ. ուսումնական տարում աշակերտների միջին թիւը 192 էր, ուսուցիչների թիւը՝ 5 (նաև մէկ տնտես) [74]։

Վարժարանում դասաւանդուող առարկաներից էին կրօնագիտութիւնը, մայրենի լեզուն, թուաբանութիւնը, պատմութիւնը, աշխարհագրութիւնը, օսմաներէնը և ֆրանսերէնը [75]։ Համաձայն տիպային կանոնադրութեան՝ կենտրոնական նախակրթարանի ուսման տևողութիւնը վեց տարի էր [76]։

Վարժարանի շէնքը տեղակայուած էր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու թաղում։  Շինութիւնը նկարագրւում է որպէս «մեծ և գեղեցիկ»՝ կառուցուած տեղացի ժողովրդի «աշխատութեամբ եւ առատաձեռն նուէրներով» [77]։

Վարժարանի գործունէութեան ծախսերի մի մասը՝ տարեկան 60 օսմանեան ոսկի, հոգում էին տեղացիները [78]։

«Գիրք Հին եւ Նոր Կտակարանաց», Զմիւռնիա, 1853, տպարան Կուլիէլմոս Կրիֆֆիթի։ Ընտանեկան այս Ս. Գիրքը գործածուել է Քղիի մէջ եւ այժմ պահուում է այս ընտանիքի շառաւիղներից Շարոն Քեհէթեան Պրոկլինի մօտ, Միացեալ Նահանգներ։

Վարժարանի ուսուցիչներից մէկը՝ Տիգրան Փափազեանը, 1881 թ. հիմնադրում է «Իրերարվարժ ընկերութիւն» անունով կառոյցը, որի նպատակն էր արդէն դպրոցական տարիքն անցած չափահաս քղեցի հայերի շրջանում գիտելիքի տարածումը։ Տիգրան Փափազեանն իր միջոցներով բացում է «լսարան», որտեղ պարբերական դասախողութիւններով էին հանդէս գալիս ինչպէս ինքը, այնպէս էլ վարժարանի այլ ուսուցիչներ։ «Շուտագոյն տարածուեցաւ Լսարանին համբաւն եւ բերկրութեամբ կը տեսնենք որ անոնք որ անտարբեր էին՝ եռանդով եւ սիրով կը յաճախեն», - նշւում է քղեցի մտաւորական Սարգիս Սրապեանի՝ «Մասիս» 1881 թ. փետրուարի 15 համարում զետեղուած թղթակցութեան մէջ [79]։

Միացեալ ընկերութեան լուծարման շրջանում կառոյցը դադարեցնում է նաև Քղիի գաւառակում իր հիմնած ուսումնական հաստատութիւնների հովանաւորութիւնը։ Վերոնշեալ գործընթացի հետևանքով 1890-ական թթ. կէսերին (ստոյգ թուականը մեր տրամադրութեան տակ եղած աղբիւրները չեն նշում), Քղի-Գասապա գիւղաքաղաքի արական և իգական վարժարանները փակւում են։ Նախկին ուսուցիչներից մի քանիսը փորձում են վերաբացել Քղի-Գասապայի վարժարանները, սակայն որոշ ժամանակ անց միջոցների պակասութեան և թեմական եկեղեցական իշխանութիւններից աջակցութեան բացակայութեան պատճառով, վարժարանները նորից փակւում են, իսկ ուսուցիչները տեղափոխւում են այլ շրջաններ։ Որոշ ժամանակ, հաւանաբար՝ երկու-երեք տարի, Քղի-Գասապա գիւղաքաղաքը մնում է առանց դպրոցի [80]։

1899 թ. Քղիի թեմի նոր առաջնորդական տեղապահ է նշանակւում Տէր Վահրիճ ծայրագոյն վարդապետ Շահլամեանը, ով անմիջապէս նախաձեռնում է Քղի-Գասապայի վարժարանների վերաբացումը՝ որպէս «ազգային», այսինքն՝ թեմական կառոյցներին ենթակայ։ Ըստ Պոլսոյ «Արևելք» թերթում զետեղուած քղեցի մտաւորական Լևոն Սրապեանի թղթակցութեան՝ 1899-1900 թթ. ուսումնական տարում վարժարանն ունէր 170 աշակերտ և հինգ դասատու։ Ուսման տևողութիւնը հինգ տարի էր։ Ուսումնական ծրագիրը համապատասխանում էր նախկին Միացեալ ընկերութեան ծրագրին [81]։

Համաձայն 1901 թ. Հայոց պատրիարքարանի կողմից պատրաստած գաւառական ազգային վարժարանների վիճակացոյցի տուեալների՝ 1900-1901 թթ. ուսումնական տարում վարժարանում ուսանողների թիւը 172 էր [82]։

Ինչպէս արդէն նշեցինք, երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ 1909 թ. սեպտեմբերի 1-ից Քղի-Գասապայի արական վարժարանը նորից անցնում է Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ։ 1910-11 թթ. ուսումնական տարում վարժարանն արդէն ունէր 298 աշակերտ [83]։ 1911-12 թթ. ուսումնական տարում՝ 257 աշակերտ [84]։ Վարժարանին կից գործում էր մանկապարտէզ, որն ունէր 250 սան [85]։

Քղի-Գասապայի վարժարանի աշակերտուհիները, 1910-11 թթ. դպրոցական տարեշրջան։ Մի հատուած ընդհանուր նկարից։ (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Քղիի աղջկանց վարժարան (բարձրագոյն իգական նախակրթարան)

Բարձրագոյն իգական նախակրթարանը կամ Աղջկանց վարժարանը բացուել էր Բարձրագոյն արական նախակրթարանի հետ նոյն տարում՝ 1880 թ. դեկտեմբերի 1-ին։ Սկզբնապէս գտնւում էր Միացեալ ընկերութեան տեսչութեան ներքոյ, գործում նրա օժանդակութեամբ։ 1882-1883 թթ. ուսումնական տարում աշակերտուհիների միջին թիւը 103 էր, վարժուհիների և ուսուցիչների թիւը՝ 5  (նաև մէկ տնտեսուհի) [86]։ Մէկ այլ աղբիւրի՝ Ազգանուէր Հայուհեաց Ընկերութեան տեղեկագրի տուեալների համաձայն՝ 1882-83 թթ. ուսումնական տարում վարժարանում սովորում էր 93 աշակերտուհի, այդ թւում՝ Նախապատրաստական դասարանում՝ 59, Ա դասարանում՝ 19, Բ դասարանում՝ 10 և Գ (աւարտական) դասարանում՝ 5 [87]։

Վարժարանում դասաւանդուող առարկաներից էին կրօնագիտութիւնը, մայրենի լեզուն, թուաբանութիւնը, պատմութիւնը, աշխարհագրութիւնը, ձեռագործութիւնը (կար) [88]։

Վարժարանի շէնքը տեղակայուած էր քաղաքի Սուրբ Յակոբ եկեղեցու թաղում։ 1890-ական թթ. շինութեան տանիքը բազմաթիւ անգամներ փլւում և կարկատւում էր, մինչև 1900 թ. ենթարկուեց հիմնովին վերանորոգման [89]։

Վարժարանի գործունէութեան ծախսերը մասամբ հոգում էր Ազգանուէր հայուհեաց ընկերութիւնը։ Մասնաւորապէս, 1882-1883 թթ. ուսումնական տարուայ համար այն յատկացրել էր 180 օսմանեան ոսկի գումար [90]։

1890-ական կէսերին Միացեալ ընկերութեան կազմալուծումից յետոյ ինչպէս և Քղի-Գասապայի արական վարժարանը, իգական վարժարանը նոյնպէս առժամանակ դադարում է գործել և վերաբացւում որպէս «ազգային»։ Համաձայն 1901 թ. Հայոց պատրիարքարանի կողմից պատրաստած գաւառական ազգային վարժարանների վիճակացոյցի տուեալների՝ 1900-1901 թթ. ուսումնական տարում վարժարանի աշակերտուհիների թիւը 120 էր [91]։

1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ իր գործունէութիւնը վերսկսած Միացեալ ընկերութիւնը նորից ստանձնում է Քղի-Գասապայի իգական վարժարանի տնօրինութիւնը։ Համաձայն Միացեալ ընկերութեան տեղեկագրերի տուեալների՝ 1910-11 թթ. ուսումնական տարում իգական վարժարանում ուսանող աղջիկների թիւը 166 էր [92]։ 1911-12 թթ. ուսումնական տարում՝ արդէն 230 [93]։

Ըստ Թէոդիկի նշուած աշխատութեան, Մեծ եղեռնի նախօրեակին Քղիի գաւառակում Միացեալ ընկերութեան վարժարանների տեսուչն էր Յակոբ Աղասէրը (սպաննուել է 1915 թ.)։

Քղի-Գասապայի վարժարանի աշակերտուհիները, 1910-11 թթ. դպրոցական տարեշրջան։ Մի հատուած ընդհանուր նկարից։ Խորքում երեւում է վարժարանի շէնքը (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Քղիի գաւառակի այլ հայաբնակ գիւղերի կրթական հաստատութիւնները

Ստորև ներկայացնում ենք XIX դարի վերջին - XX դարի սկզբներին Քղիի գաւառակի առանձին հայաբնակ բնակավայրերում գործող կրթական հաստատութիւնների վերաբերեալ տուեալներ։ Բնակավայրերը դասաւորուած են ըստ այբբենական կարգի։ Տուեալ բնակավայրում բնակուող հայերի թիւը տրւում է ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի ցուցակի [94] կամ Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող այլ աղբիւրի՝ համապատասխան նշումով։

Ագրակ

50 տուն, 350 շունչ հայ։

Մեծ եղեռնի նախօրեակին բնակավայրում գործում էր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 70 երեխայ [95]։

Ակինեվանք

30 տուն, 178 շունչ հայ։

Մեծ եղեռնի նախօրեակին բնակավայրում գործում էր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 34 աշակերտ [96]։

Ամառիճ

20 տուն, 139 շունչ հայ։

Մեծ եղեռնի նախօրեակին բնակավայրում գործում էր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 35 աշակերտ [97]։

Ապօղնակ

70 տուն, 457 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որտեղ սովորում էր 41 երեխայ, և դասաւանդում էր մէկ ուսուցիչ։ Ուսուցումը երկամեայ էր [98]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով գիւղում արդէն գործում էին արական և իգական նախակրթարաններ, որոնց աշակերտների թիւը 77 էր [99]։

Առէք

170 տուն, 1,165 շունչ հայ։

Համաձայն 1901 թ. տուեալների՝ գիւղում գործում էին արական և իգական նախակրթարաններ՝  105 աշակերտով (65 տղայ, 40 աղջիկ) և երկու ուսուցչով։ Ուսուցումն իրականացւում էր երկամեայ ուսումնական ծրագրով [100]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով՝ գիւղում արական և իգական նախակրթարանների աշակերտների թիւը 200 էր [101], ուսուցիչների թիւը՝ 3 [102]։

Առինձ

37 տուն, 215 շունչ հայ։

Ըստ 1901 թ. տուեալների՝ գիւղում գործում էր արական նախակրթարան՝  37 աշակերտով և մէկ ուսուցչով։ Ուսուցումն իրականացւում էր մէկամեայ ուսումնական ծրագրով [103]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով՝ գիւղի դպրոցի աշակերտների թիւը 40 էր [104]։

Աստղաբերդ

116 տուն, 828 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որտեղ սովորում էր 77 տղայ և դասաւանդում էր մէկ ուսուցիչ։ Ուսուցումը երկամեայ էր [105]։

1910 թ. սեպտեմբերի 1-ին գիւղի նախակրթարանն անցնում է Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ, որը բացում է նաև աղջիկների համար դպրոց [106]։

1911-12 թթ. ուսումնական տարում Աստղաբերդի երկսեռ նախակրթարան վարժարաններում սովորում էր 110 երեխայ (75 տղա, 35 աղջիկ), ուսուցչական կազմի թիւը՝ 5 էր [107]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով Աստղաբերդի նախակրթարանները յաճախող աշակերտների թիւը 116 էր [108]։

Աստղաբերդի վարժարանի աշակերտութիւնը, 1910-11 թթ. դպրոցական տարեշրջան։ Խորքում երեւացողը շատ հաւանաբար դպրոցի շէնքն է (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Աւըրտնիկ

27 տուն, 163 շունչ հայ։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով գիւղում գործել է նախակրթարան, որտեղ սովորել է 37 երեխայ [109]։

Դարման (Թեմրան)

330 տուն, 1843 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էին արական և իգական նախակրթարաններ, որտեղ սովորում էր 170 երեխայ (107 տղայ, 63 աղջիկ)։ Ուսուցիչների թիւը 4 էր։ Ուսուցումն իրականացւում էր եռամեայ ուսումնական ծրագրով [110]։

1910 թ. սեպտեմբերի 1-ին գիւղի նախակրթարաններն անցնում են Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ։  1911-12 թթ. ուսումնական տարում գիւղի երկսեռ վարժարաններում սովորում էր 190 երեխայ (110 տղայ, 80 աղջիկ), ուսուցչական կազմի թիւը՝ 8 էր [111]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով Դարմանի նախակրթարանները յաճախող աշակերտների թիւը 212 էր [112]։

Թէմրանի (Դարման) վարժարանի աշակերտները, 1910-11 թթ. դպրոցական տարեշրջան (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Լճիկ

42 տուն, 384 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որտեղ սովորում էր 20 երեխայ, և դասաւանդում էր մէկ ուսուցիչ։ Ուսուցումն իրականացւում էր մէկամեայ ուսումնական ծրագրով [113]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով՝ գիւղի նախակրթարանի աշակերտների թիւը 60 էր [114]։

Խաչատուր

8 տուն, 56 շունչ հայ։

Մեծ եղեռնի նախօրեակին գիւղում գործել է երկսեռ վարժարան՝ 15 աշակերտով և մէկ ուսուցչով [115]։

Խօշքար

21 տուն, 168 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որն ունէր 19 աշակերտ, մէկ ուսուցիչ. ուսուցումը մէկամեայ էր [116]։

Համաձայն Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալների՝ գիւղի վարժարանում սովորող աշակերտների թիւը 30 էր [117]։

Խուփս

280 տուն, 1980 շունչ հայ [118]։

Ինչպէս արդէն նշել ենք, գիւղում դպրոցի գոյութեան մասին վկայուած է XIX դարի սկզբներից։ 1879 թ. դեկտեմբերի 1-ից Խուփսի վարժարանը սկսում է գործել Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ։ 1882-83 թթ. ուսումնական տարում վարժարանում ուսում էին ստանում 127 տղայ և աղջիկ։ Ուսումը չորսամեայ էր։ Ուսուցիչների թիւը 3 էր [119]։

1880-1895 թուականները դարձան Խուփսի վարժարանի ծաղկման ժամանակաշրջան։ «Մօտ 15 անմոռանալի տարիներ Խուփսի կրթական շարժումը ամբողջութեամբ եռուզեռի եւ ոգեւորութեան շրջան մըն էր, - նշւում է յուշագրութիւններից մէկում։ - Այդ շրջանի արդիւնքն էին փրոֆեսոր Մ. Վայկունին [120], բժիշկ Յարութիւն Թուրիկեանը, իրաւաբան Մկրտիչ Թոփալեանը, քիմիագէտ-դեղագործ Պօղոս Փոլատեանը եւ շարք մը դասատուներ, մտաւորականներ, առեւտրականներ եւ այլն» [121]։

1890-ական թթ. կէսերին Միացեալ ընկերութեան փաստացի լուծարման պայմաններում Խուփսի վարժարանը փոխանցւում է թեմական կառոյցներին և առժամանակ սկսում է գործել անկանոն կերպով՝ մերթ փակուելով և նորից վերաբացուելով [122]։

1901 թ. տուեալներով Խուփսի արական և իգական վարժարաններն ունէին 177 աշակերտ (112 տղայ և 65 աղջիկ)։ Ուսուցիչների թիւը 5 էր [123]։

1909 թ. սեպտեմբերի 1-ից Խուփսի երկսեռ վարժարանները նորից անցնում են վերաբացուած Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ։ Դիտւում է դպրոցների զարգացման նոր շրջան, որն արտայայտւում է տարէց տարի աշակերտների և ուսուցչական կազմի թուի աւելացմամբ (1909-10 թթ. ուսումնական տարի՝ 235 աշակերտ, 14 ուսուցիչ, 1911-12 թթ. ուսումնական տարի՝ 353  աշակերտ (201 տղայ, 152 աղջիկ), 16 ուսուցիչ) [124]։

Խուփսի վարժարաններին կից գործել է նաև մանկապարտէզ, որը Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ ունեցել է 170 սան [125]։

Խուփսի վարժարանի աշակերտութիւնը, 1910-11 թթ․ դպրոցական տարեշրջան։ Խորքում երեւում է դպրոցի շէնքը (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Մի խումբ խուփսեցիներ լուսանկարուած Ութըրի մէջ, Միացեալ Նահանգներ։ Լուսանկրիչ՝ Գ.Ս. Մելիքեան, 1929 (Աղբիւր՝ Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, Ֆրէզնօ, տպ. Ասպարէզի, հրատ. Քղի-Խուփս Գիւղի Հայրենակցական Միութեան, 1968)։

Խուպէք (Խուպէկ)

13 տուն, 115 շունչ հայ [126]։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որն ունէր 16 աշակերտ, մէկ ուսուցիչ. ուսուցումը մէկամեայ էր [127]։

Մեծ եղեռնի նախօրեակին գիւղում յիշատակւում է երկսեռ վարժարան 30 աշակերտով և մէկ ուսուցչով [128]։ Միացեալ Նահանգներում գործում էր խուպեկցի պանդուխտների կողմից հիմնուած Ուսումնասիրաց ընկերութիւնը, որը հոգում էր գիւղի դպրոցի ծախսերը [129]։

Կըզըլ Չիբուխ (Գըզըլչըպուկ)

20 տուն, 141 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որն ունէր 19 աշակերտ, մէկ ուսուցիչ։ Ուսուցումը մէկամեայ էր [130]։

Ըստ Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալների՝ գիւղի դպրոցի աշակերտների թիւը 15 էր [131]։

Հագստուն

62 տուն, 421 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որն ունէր 34 աշակերտ, մէկ ուսուցիչ։ Ուսուցումը մէկամեայ էր [132]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով գիւղի վարժարանի աշակերտների թիւը 50 էր [133]։

1) Ծրագիր կանոնագիր Քղիի Ապօղնակ գիւղի ուսումնասիրաց ընկերութեան, Փրօվիտէնս, տպ. Երիտասարդ Հայաստան, 1914, տիտղոսաթերթ։

2) Խուփսի Ուսումնասիրաց միութեան Ուոթըրթաունի մասնաճիւղը (Միացեալ Նահանգներ)։ Նստած, ձախից առաջինը՝ Անդրանիկ Սառաֆեան (Աղբիւր՝ Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, Ֆրէզնօ, տպ. Ասպարէզի, հրատ. Քղի-Խուփս Գիւղի Հայրենակցական Միութեան, 1968)։

Հերտիֆ

100 տուն, 700 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որն ունէր 40 աշակերտ, մէկ ուսուցիչ։ Ուսուցումը մէկամեայ էր [134]։

1909-10 թթ. ուսումնական տարում դպրոցը յաճախում էր 80 աշակերտ [135]։

1910 թ. ապրիլի 1-ին գիւղի նախակրթարանը փոխանցուեց Միացեալ ընկերութեան, որը գիւղում բացեց նաև աղջիկների համար դպրոց [136]։

1911-12 թթ. ուսումնական տարում գիւղի երկսեռ վարժարաններում սովորում էր 145 երեխայ (75 տղայ, 70 աղջիկ), ուսուցիչների թիւը՝ 3 էր [137]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով աշակերտների թիւը 140 էր [138]։

Հողաս

55 տուն, 450 շունչ հայ [139]։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր երկսեռ նախակրթարան-վարժարան՝ 56 աշակերտով (35 տղայ, 21 աղջիկ), մէկ ուսուցչով։ Ուսուցումը երկամեայ էր [140]։

Մեծ եղեռնի նախօրեակին գիւղի երկսեռ դպրոցում սովորող աշակերտների թիւը 60 էր։ Վարժարանի ծախսերը հոգում էր ԱՄՆ-ում հողասցի պանդուխտների կողմից ստեղծուած «Ուսումնասիրաց ընկերութիւնը» [141]:

Ղազի

25 տուն,122 շունչ հայ։
Մեծ եղեռնի նախօրեակին բնակավայրում գործում էր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 22 աշակերտ [142]։

Ղարաբէկ

40 տուն, 320 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որը յաճախում էր 47 երեխայ և որտեղ դասաւանդում էր մէկ ուսուցիչ։ Ուսուցումն իրականացւում էր երկամեայ ուսումնական ծրագրով [143]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով՝ գիւղի նախակրթարանի աշակերտների թիւը 50 էր [144]։

Ճերմակ

165 տուն, 1,155 շունչ հայ [145] ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր երկսեռ նախակրթարան, որը յաճախում էր 79 երեխայ (45 տղայ, 34 աղջիկ)։ Դպրոցում դասաւանդում էր մէկ ուսուցիչ։ Ուսուցումն իրականացւում էր երկամեայ ուսումնական ծրագրով [146]։

Մեծ եղեռնի նախօրեակին վերաբերող տուեալով՝ գիւղի երկսեռ վարժարան արդէն ունէր 120 աշակերտ, ուսուցիչների թիւը՝ 2 էր [147]։

Լեւոն Սրապեան, Քղի. տեղագրական եւ ազգագրական, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1960։

Ճըպըռ

56 տուն, 340 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր երկսեռ նախակրթարան՝ 60 աշակերտով (36 տղայ, 24 աղջիկ) և մէկ ուսուցիչ. ուսուցումը երկամեայ էր[148]։

1910 թ. սեպտեմբերի 1-ից Ճըպըռի վարժարան անցել էր Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ։ 1911-12 թթ. ուսումնական տարում վարժարանն ունէր 50 աշակերտ (23 տղայ, 27 աղջիկ), երկու ուսուցիչ, մէկ տնտես [149]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով՝ վարժարանի աշակերտների թիւը 47 էր [150]։

Մէլիքան

48 տուն, 398 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան՝ 40 աշակերտով, մէկ ուսուցչով։ Ուսուցումը մէկամեայ էր [151]։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով՝ գիւղի վարժարանն արդէն երկսեռ էր, աշակերտների թիւը 80 էր [152]։

Եօլմէզ (Էօլմէզ)

17 տուն, 101 շունչ հայ։

Մեծ եղեռնի նախօրեակին գիւղի նախակրթարանն ունէր 23 աշակերտ [153]։

Շէն

18 տուն, 128 շունչ հայ։

Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներով  բնակավայրում գործում էր երկսեռ նախակրթարան՝ 31 աշակերտով [154]։

Չան

32 տուն, 249 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան` 33 աշակերտով։ Ուսուցումն իրականացւում էր երկամեայ ծրագրով՝ մէկ ուսուցչի կողմից [155]։

1913 թ. տուեալներով  բնակավայրն արդէն ունէր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 60 երեխայ [156]։

Չանախչի (Չանանխճի)

177 տուն, 1,216 շունչ հայ։

Գիւղի նախակրթարան վարժարանը հիմնադրուել էր 1880-ական թթ. սկզբներին՝ տեղացի մտաւորական Մկրտիչ աղա Վարժապետեանի նախաձեռնութեամբ, որը նաև առաջնորդում է գիւղի բնակիչներին կառուցել դպրոցի համար նոր շէնք գիւղի եկեղեցու հարևանութեամբ [157]։ Մի յուշագրութեան համաձայն՝ դպրոցի հիմքերը դրւում են դհոլ-զուռնայով. ժողովուրդն անսահման խանդավառութեամբ էր մասնակցում շինարարութեանը [158]։ Հիմնադրուած դպրոցը ստացաւ Սուրբ Սահակ անունը (Սուրբ Սահակեան վարժարան) [159]։

Դպրոցը սկզբնապէս արական էր։ Այնտեղ 1901 թ. տուեալներով սովորում էր 75 երեխայ։ Ուսուցումն իրականացւում էր եռամեայ ծրագրով՝ երկու ուսուցչի կողմից [160]։ Դասաւանդուող առարկաներից էին՝ թուաբանութիւն, հայոց և ընդհանուր պատմութիւն, աշխարհաբարի և գրաբարի քերականութիւն, աշխարհագրութիւն, կենդանաբանութիւն, մարդակազմութիւն և իրագիտութիւն [161]։

1913 թ. տուեալներով  բնակավայրն արդէն ունէր երկսեռ նախակրթարան վարժարան, որը յաճախում էր 190 երեխայ [162]։

Չանախչի գիւղի Սուրբ Կիրակոս եկեղեցու և Սուրբ Սահակեան վարժարանի գծապատկերը (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911)։

Քղիի Չանախչի գիւղի Կրթասիրաց ընկերութեան անդամների համագումարը Նիւ Եորք նահանգի Վոթրվիլիթ բնակավայրում (Աղբիւր՝  Պատմութիւն Կարնոյ կուսակալութեան Քղի գաւառի Չանախչի գիւղի: Պատմ., աշխարհագր., ազգագր., տեղագր., կրթ., կուս., հայրենակցական, յուշագրութիւններ հին ու վերջամնաց սերունդի տուեալներով, գրեցին եւ համադրեցին՝ Առաքել Եղիկեան, Սողոմոն Գաբրիէլեան, Պելվիլ, 1977)։

Չարիբաշ (Չարիպաշ)

21 տուն, 116 շունչ հայ։

Մեծ եղեռնի նախօրեակին բնակավայրում գործում էր արական նախակրթարան, որը յաճախում էր 19 երեխայ [163]։

Չելեբի (Չելեպի)

12 տուն, 100 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան՝ 35 աշակերտով, մէկ ուսուցչով։ Ուսուցումը երկամեայ էր [164]։

1913 թ. տուեալներով  գիւղի նախակրթարանը յաճախում էր 20 երեխայ [165]։

Չիֆթլիկ

40 տուն, 390 շունչ։

1901 թ. տուեալներով գիւղն ունէր արական վարժարան, որտեղ սովորում էր 28 երեխայ։ Ուսուցումն իրականացւում էր մէկամեայ ծրագրով՝ մէկ ուսուցչի կողմից [166]։

1913 թ. տուեալներով բնակավայրում արդէն գործում էր երկսեռ վարժարան՝ 55 աշակերտով [167]։

Ջերման

24 տուն, 175 շունչ հայ։

1913 թ. տուեալներով  բնակավայրում գործում էր երկսեռ նախակրթարան, որը յաճախում էր 35 երեխայ [168]։

Սագաձոր

73 տուն, 456 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղն ունէր արական նախակրթարան-վարժարան, որտեղ սովորում էր 32 երեխայ։ Ուսուցումն իրականացւում էր մէկամեայ ծրագրով՝ մէկ ուսուցչի կողմից [169]։

1913 թ. տուեալներով  բնակավայրում արդէն գործում էր երկսեռ նախակրթարան-վարժարան, որը յաճախում էր 76 աշակերտ [170]։

Սեղանք

22 տուն, 179 շունչ հայ։

Համաձայն Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալների՝ գիւղում գործում էր մէկ դպրոց, որը յաճախում էր 31 երեխայ [171]։

Սերկևիլ

117 տուն, 658 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որտեղ սովորում էր 53 երեխայ։ Ուսուցումն իրականացւում էր երկամեայ ծրագրով՝ մէկ ուսուցչի կողմից [172]։

1913 թ. տուեալներով  բնակավայրն արդէն ունէր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 90 աշակերտ [173]։

Տինէկ

26 տուն, 214 շունչ հայ։

1901 թ. տուեալներով՝ գիւղում գործում էր արական նախակրթարան` 27 աշակերտով, մէկ ուսուցչով։ Ուսումը մէկամեայ էր [174]։

1913 թ. տուեալներով՝ վարժարանն ունէր 35 աշակերտ [175]։

Քղի-Բալու շրջանակի Միացեալ ընկերութեան վարժարանների ուսուցիչների ամառային վարժապետնոց, Բ․ շրջան (1912), Բալուի Քաղցրահայեաց վանք (Աղբիւր՝ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911- 1912 օգոստոս 31 միամեայ շրջանի, Կ. Պոլիս, տպագրութիւն Յ. Մատթէոսեան, 1913)։

Քերբոս (Քէրպոզ)

57 տուն, 352 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որտեղ սովորում էր 47 երեխայ։ Ուսուցումն իրականացւում էր երկամեայ ծրագրով՝ մէկ ուսուցչի կողմից [176]։

1913 թ. տուեալներով  բնակավայրն արդէն ունէր երկսեռ վարժարան, որը յաճախում էր 65 աշակերտ [177]։

Օռնակ

104 տուն, 684 շունչ հայ։

1901 թ. տուեալներով գիւղում գործում էր արական նախակրթարան, որտեղ սովորում էր 41 երեխայ։ Ուսուցումն իրականացւում էր երկամեայ ծրագրով՝ մէկ ուսուցչի կողմից [178]։

1913 թ. տուեալներով բնակավայրն արդէն ունէր արական և իգական վարժարաններ, որոնք յաճախում էր 132 երեխայ [179]։

Օրօր

72 տուն, 524 շունչ հայ։

Մեծ եղեռնի նախօրեակին բնակավայրում գործում էին արական և իգական նախակրթարաններ, որոնք յաճախում էր 188 երեխայ [180]։

  • [1] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական և տնտեսական դրութեան, Երևան, տպարան «Կուլտուրա», էջ 188։
  • [2] «Աշխարհացոյց»-ի տեքստը տե՛ս hy.wikisource.org/wiki/Աշխարհացոյց 
  • [3] Յովհաննէս Զատիկեան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կէսին, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2013, էջ 285; Յովհաննէս Զատիկեան, «Կարինի նահանգի Քղիի գաւառակը 19-րդ դարի երկրորդ կէսին», Բանբեր Հայաստանի արխիւների, 2003, №1 (101), էջ 172:
  • [4] Ղազար-Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի. Կարինապատում, Պէյրութ, 1957, էջ 25։
  • [5] Քղիի գաւառակի հայաբնակ բնակավայրերի ցանկը և դրանց բնակչութեան թիւը տալիս ենք ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ 1913 թ. անցկացուած հայ բնակչութեան մարդահամարի տուեալների տե՛ս Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, 1985, էջ 190-199; Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du Génocide, ARHIS, Paris, 1992, էջ 435-437:
  • [6]  Ս.Մ. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 802։
  • [7] 1908 թ. պատրաստած մի տեղեկագրում նշւում էր, որ պանդխտութեան դիմած քղեցիների թիւը մօտ 3,000 էր՝ հիմնականում 20-40 տարեկան տղամարդիկ (Ս. Վրացեան, «Անցած օրերից», Տարեգիրք  Ա. 1937, Հրատարակութիւն Քղիի հայրենակցական միութեան, Տիթրոյիտ, Միշ., 1937, էջ 68)։ Այսինքն, մօտաւոր հաշուարկով Մեծ եղեռնի նախօրեակին պանդուխտ էր Քղիի հայութեան մօտ 15%-ը։
  • [8] Դրա մասին նշում է մասնաւորապէս Ղազար-Չարըգը (Ղազար-Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի, էջ 25)։
  • [9] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը  Քղիի վրայ», Տարեգիրք  Ա. 1937, էջ 17։
  • [10] Նախքան Հայոց ցեղասպանութիւնը Քղիի գաւառակում գործող բոլոր դպրոց-վարժարաններն ըստ աստիճանի նախնական (տարրական) էին, ուստի յօդուածում դպրոց, նախակրթարան, վարժարան բառերն օգտագործւում են որպէս հոմանիշներ։
  • [11] Նոյն։
  • [12] Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, Հրատարակութիւն Քղի-Խուփս Գիւղի Հայրենակցական Միութեան, առաջաբ.՝ Ա. Ամուրեան, Ֆրեզնօ, տպ. Ասպարէզ, 1968, էջ 16։
  • [13] Գ.Ս. Երեւանեան, Պատմութիւն Չարսանճագի Հայոց, Պէյրութ, 1956, էջ 324։
  • [14] Ազգային Սահմանադրութիւն Հայոց, Պօլիս, տպ. Սբ. Փրկչի, 1860, էջ 22-24։
  • [15] Մասիս, Պոլիս, 15 հոկտեմբեր 1859, № 403; Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, հատոր Բ., Վիեննա, Մխիթարեան տպարան, 1963, էջ 158։
  • [16] Նոյն։
  • [17] Հայ բանասէր, լեզուաբան և հագևորական, Վիեննայի հայ կաթոլիկ Մխիթարեան միաբանութեան աբբահայր Արսէն Այտընեանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» աշխատութիւնը լույս է տեսել 1867 թ.։
  • [18] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը Քղիի վրայ», էջ 17։
  • [19] Դիւան Հայոց պատմութեան, Գիրք ԺԳ. Հարստահարութիւններ Տաճկահայաստանում (վավերագրեր 1801-1888), յաւելուածն. և ծանօթ. հրատ.՝ Գիւտ աւագ քահ. Աղանեանց, Թիֆլիս, 1915, էջ 176։ Մելքոն (Վարժապետ) Ճանթեմիրեանի օրինակով ուսուցչական ասպարէզն էր ընտրել նրա որդին՝ Մամիկոն Վարժապետեանը, ով 1892-1901 թթ. վարել է Բերրիի (Չարսանջակ) երկսեռ վարժարանի տեսուչի պաշտօնը (նրա մասին մանրամասն տե՛ս Գ.Ս. Երեւանեան, Պատմութիւն Չարսանճագի Հայոց, էջ 327)։
  • [20] Շ. Բ. Ոսկանեան, Դպրոցն ու կրթութեան զարգացումը Օսմանեան Թուրքիայի հայաշատ գաղթօջախներում (1850-1920 թթ.), Երևան, 2014, էջ 28։
  • [21] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31, Կ. Պոլիս, տպագրութիւն Նշան-Պապիկեան, 1911, էջ 9։
  • [22] Միացեալ ընկերութիւնք Հայոց, Բ. տեղեկագիր, 1882 յունիս 1-1883 մայիս 31, Կ. Պօլիս, Ի տպարանի Մէճմուրայի Հաւատիս Լրագրոյ, 1883, էջ 9։
  • [23] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 10։
  • [24] Նոյն, էջ 23-25։
  • [25] Ազգանուէր Հայուհեաց Ընկերութիւն, Գ. Տեղեկագիր երկամեայ Կեդրոնական գործադիր ժողովոյ 1881-1883 ամի, Կոստանդնուպօլիս, 1883, ներդիր։
  • [26] Միացեալ Ընկերութիւնք Հայոց, Բ. տեղեկագիր, 1882 յունիս 1-1883 մայիս 31..., էջ 10։
  • [27] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը Քղիի վրայ», էջ 18։
  • [28] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 13-14։
  • [29] Նոյն, էջ 15; Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու. Պոլսահայ մշակութային ընկերութիւնները, Հատոր Ա., Վիեննա, Մխիթարեան տպարան, 1957, էջ 10։
  • [30] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը Քղիի վրայ», էջ 18։
  • [31] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ յուսումնական խորհրդոյ ազգային կենդրոնական վարչութեան։ Տետր Ա. Վիճակ 1901 տարւոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1901, էջ 15։
  • [32] Նոյն։
  • [33] «Վիճակացոյց»-ի «Ամսական հասոյթ եւ ծախք» բաժինը։
  • [34] Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, էջ 18։
  • [35] Նոյն, էջ 17։
  • [36] Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Հատոր Բ, էջ 159 (կազմակերպութեան գործունէութեան մասին այլ տեղեկութիւններ բացակայում են)։
  • [37] Արեւելք, Պոլիս, 1900, օգոստոս 25 (սեպտեմբեր 7), № 4412։
  • [38] Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Հատոր Բ, էջ 162։
  • [39] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 61։
  • [40] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի, Պոլիս, տպագրութիւն Յ. Մատթէոսեան, 1913, էջ 86։
  • [41] Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Հատոր Բ, էջ 162։
  • [42] Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, էջ 87; Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 86։
  • [43] Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, էջ 126։
  • [44] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 61։
  • [45] Ծրագիր կանոնագիր Քղիի Աստղաբերդ գիւղի դպրոցի ուսումնասիրաց ընկերութեան, Պօսթըն, տպ. Հայրենիք, 1912, էջ 1։
  • [46] Նոյն, էջ 3։
  • [47] Մէկ մէջիդիէն հաւասար էր քսան ղուրուշի, հինգ մէջիդիէն հաւասար էր մէկ օսմանեան ոսկէ լիրայի։
  • [48] Նոյն, էջ 4։
  • [49] Ծրագիր կանոնագիր Քղիի Ապօղնակ գիւղի ուսումնասիրաց ընկերութեան, Փրօվիտէնս, տպ. Երիտասարդ Հայաստան, 1914, էջ 1։
  • [50] Նոյն։
  • [51] Ծրագիր-Կանոնագիր Քղիի Հէրտիֆ Գիւղի Ս. Լոյս երկսեռ Վարժարանի Ուսումնասիրաց ընկերութեան, Պոլիս, 1910, էջ 7. մէջբերւում է ըստ Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Հատոր Բ, էջ 166։
  • [52] Նոյն։
  • [53] Նոյն։
  • [54] Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Հատոր Բ, էջ 167։  Չանախչիի կրթասիրաց ընկերութեան մասին տե՛ս նաև Պատմութիւն Կարնոյ կուսակալութեան Քղի գաւառի Չանախչի գիւղի: Պատմ., աշխարհագր., ազգագր., տեղագր., կրթ., կուս., հայրենակցական, յուշագրութիւններ հին ու վերջամնաց սերունդի տուեալներով, գրեցին եւ համադրեցին՝ Առաքել Եղիկեան, Սողոմոն Գաբրիէլեան, Պելվիլ, 1977, էջ 68-72։
  • [55] Նշուած տեղեկութիւնը մենք քաղել ենք Էրզրումի նահանգի մասին պատրաստուած տեղեկագրից, որը 1919 թ. ներկայացուել է Պոլսի Հայոց պատրիարքարանին (տեղեկագիրը ներկայումս պահւում է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանի արխիւի Պոլսի Հայոց պատրիարք Զաւէն Եղիայեանի ֆոնդում):
  • [56] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը  Քղիի վրայ», էջ 19։
  • [57] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 16։
  • [58] Նոյն, էջ 96։
  • [59] Նոյն, էջ 19, 140։
  • [60] Նոյն, էջ 140։
  • [61] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911- 1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 97-98։
  • [62] Ծանօթութիւն շրջակայ միջավայրին։
  • [63] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 71-95։
  • [64] Նոյն, էջ 132։
  • [65] Ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալների (Raymond Kevorkian, The Armenian genocide: a complete history, London, New York, I. B. Tauris, 2011, էջ 277)։
  • [66] Մ. Օրմանեան, Հայոց եկեղեցին և իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը, ու ներկայ կացութիւնը, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 261; K. Karpat, Ottoman Population 1830-1914: Demographic and Social Characteristics, Wisconsin, University of Wisconsin Press, 1985, էջ 170։
  • [67] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը  Քղիի վրայ», էջ 18։
  • [68] Նոյն։
  • [69] Նոյն, էջ 19։
  • [70] Նոյն։
  • [71] Նոյն։
  • [72] Լեւոն Սրապեան, Քղի (տեղագրական եւ ազգագրական), Անթիլաս-Լիբանան, տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1960, էջ 61։
  • [73] Միացեալ ընկերութիւնք Հայոց, Բ. տեղեկագիր, 1882 յունիս 1-1883 մայիս 31..., էջ 9, 34։
  • [74] Նոյն։
  • [75] Նոյն։
  • [76] Նոյն, էջ 25։
  • [77] Լեւոն Սրապեան, Քղի, էջ 19։
  • [78] Միացեալ Ընկերութիւնք Հայոց, Բ. տեղեկագիր,1882 հունիս 1-1883 մայիս 31..., էջ 9։
  • [79] Մասիս, Պոլիս, 1881, № 2842; Ե. Հ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Հատոր Բ, էջ 161։
  • [80] Լեւոն Սրապեան, Քղի, էջ 65։
  • [81] Արեւելք, Պոլիս, 1900, օգոստոս 25 (սեպտեմբեր 7), № 4412։
  • [82] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [83] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 138-139։
  • [84] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 97։
  • [85] Զատիկեան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կէսին, էջ 291։
  • [86] Միացեալ Ընկերութիւնք Հայոց, Բ. տեղեկագիր, 1882 յունիս 1-1883 մայիս 31..., էջ 9։
  • [87] Ազգանուէր Հայուհեաց Ընկերութիւն, Գ. Տեղեկագիր երկամեայ Կեդրոնական գործադիր ժողովոյ 1881-1883 ամի..., էջ 13։
  • [88] Նոյն։
  • [89] Լեւոն Սրապեան, Քղի, էջ 19։
  • [90] Միացեալ ընկերութիւնք Հայոց, Բ. տեղեկագիր, 1882 հունիս 1-1883 մայիս 31..., էջ 9։
  • [91] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [92] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ Տեղեկագիր, 21 օգոստոս 1908- 1911 օգոստոս 31..., էջ 138-139։
  • [93] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 97։
  • [94] Ըստ Հայոց պատրիարքարանի՝ 1913 թ. մարդահամարի տուեալներ (Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 435-437)։
  • [95] Նոյն, էջ 436։
  • [96] Նոյն։
  • [97] Նոյն։
  • [98] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [99] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [100] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [101] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [102] Յ. Թօքաթ, Աւերակ Քղին, Իստանբուլ, 2015, էջ 38։
  • [103] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [104] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [105] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [106] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 66-67։
  • [107] Նոյն, էջ 98։
  • [108] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [109] Նոյն։
  • [110] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [111] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 98։
  • [112] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [113] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [114] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [115] Յ. Թօքաթ, Աւերակ Քղին, էջ 50։
  • [116] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [117] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [118] Խուփսի հայ բնակչութեան թիւն ըստ Քղիի գաւառի վերաբերյալ 1916 թ. դեկտեմբերի 5-ով թուագրուող տեղեկագրի տուեալի (ՀԱԱ, ֆոնդ 57, ցուցակ 5, գործ 161, թ. 8)։
  • [119] Միացեալ ընկերութիւնք Հայոց, Բ. տեղեկագիր, 1882 յունիս 1-1883 մայիս 31..., էջ 10։
  • [120] Մուշեղ Վայկունի (1878-1929), ամերիկահայ քիմիկոս, մի շարք գիւտերի հեղինակ։
  • [121] Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, էջ 24-25։ 1880-95 թթ. Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ գտնուող Խուփսի արական և իգական վարժարանների գործունէութեան մասին մանրամասն տե՛ս նոյն աշխատութիւնը, էջ 16-25։
  • [122] Այսպէս, 1898 թ. Բիւզանդիոն թերթում հրատարակուած Խուփսից մի թղթակցութիւնում նշւում է. «անցեալ տարի վարժարանն յանձնուած էր երկու պատուելիներու, որք քերական, հեգարան և սաղմոս միայն գիտէին, բայց ափսո՜ս այս տարի ան ալ չունինք և ... դպրոցը փակ կ’մնայ ու տղայք փողոցները կ’թափառին» (Բիւզանդիոն, № 651, Կ. Պոլիս, 1898 դեկտեմբերի 8 (20)):
  • [123] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [124] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 66-67, 97։
  • [125] Զատիկեան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կէսին, էջ 294։
  • [126] Ըստ 1916 թ. դեկտեմբերի 5-ով թուագրուող տեղեկագրի տուեալի (ՀԱԱ, ֆոնդ 57, ցուցակ 5, գործ 161, թ. 8)։
  • [127] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [128] Յ. Թօքաթ, Աւերակ Քղին, էջ 60։
  • [129] Նոյն։
  • [130] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [131] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [132] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [133] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [134] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [135] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 66-67։
  • [136] Նոյն։
  • [137] Նոյն, էջ 98։
  • [138] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [139] Ըստ 1916 թ. դեկտեմբերի 5-ով թուագրուող տեղեկագրի տուեալի (ՀԱԱ, ֆոնդ 57, ցուցակ 5, գործ 161, թ. 8)։
  • [140] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [141] Զատիկեան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կէսին, էջ 302։
  • [142] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [143] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [144] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [145] Ըստ 1916 թ. դեկտեմբերի 5-ով թուագրուող տեղեկագրի տուեալի (ՀԱԱ, ֆոնդ 57, ցուցակ 5,     գործ 161, թ. 8)։
  • [146] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [147] Զատիկեան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կէսին, էջ 298։
  • [148] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։ 
  • [149] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի..., էջ 98։
  • [150] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [151] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [152] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [153] Նոյն։
  • [154] Նոյն։
  • [155] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [156] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [157] Պատմութիւն Կարնոյ կուսակալութեան Քղի գաւառի Չանախչի գիւղի..., էջ 19։
  • [158] Նոյն։
  • [159] Նոյն, էջ 20։
  • [160] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [161] Պատմութիւն Կարնոյ կուսակալութեան Քղի գաւառի Չանախչի գիւղի..., էջ 21։
  • [162] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [163] Նոյն։
  • [164] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [165] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [166] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [167] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [168] Նոյն։
  • [169] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [170] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [171] Նոյն։
  • [172] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [173] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [174] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [175] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [176] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [177] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [178] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ..., էջ 15։
  • [179] Raymond Kévorkian, Paul Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 436։
  • [180] Նոյն։