Քղի - Վանքեր և եկեղեցիներ

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 14/01/2019 (վերջին փոփոխութիւն՝ 14/01/2019)

Քղիի եկեղեցական թեմը նախքան Մեծ եղեռնը

Նախքան Մեծ եղեռնը Քղիի եկեղեցական թեմի իրավասութեան տակ էր գտնւում Օսմանեան կայսրութեան Էրզրումի նահանգի Էրզրումի գաւառի Քղիի գաւառակի տարածքը՝ իր մօտ 50 հայաբնակ բնակավայրերով և շուրջ 25,000 հայ բնակչութեամբ [1]: Համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի տուեալների՝ XX դարի սկզբների դրութեամբ Քղիի թեմում  կար 4 կանգուն (անուանապէս գործող) վանք և 47 գործող եկեղեցի [2]:

Աւանդաբար Քղիի կամ Կեղիի (պատմական Մեծ Հայքի Ծոփք նահանգի Խորձեան գաւառ) առաջին հոգևոր առաջնորդ է համարւում IV դարում կաթողիկոս Ներսես Մեծի կողմից Բագրևանդի և Արշարունեաց եպիսկոպոս ձեռնադրուած Խադը, որը հետագայում սրբադասուել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից [3]: Խադի գերեզմանը գտնւում էր Քղիի գաւառակի Հագստուն կամ Հանգստուն գիւղում. գերեզմանի վրա կառուցուել էր եկեղեցի, որը կրում էր սրբի անունը:

Որպէս եպիսկոպոսութիւն՝ Քղին յիշատակւում է աղբիւրներում XIV դարից սկսած.  այսպէս, 1307 թ. Սսի եկեղեցական ժողովներից մէկի մասնակիցների թւում նշւում է «եպիսկոպոս Կեղոյ» Փիլիպպոսը [4]։

Քղի քաղաքից մի տեսարան (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

Հետագայ դարերում Քղին յիշատակւում է որպէս Մշոյ Սուրբ Կարապետի վանքի թեմի իրաւասութեան տակ գտնուող շրջան [5]։ Քղիի վանքերը՝ Հագստունի Սուրբ Կարապետը, Հոսնակի Սուրբ Կիրակոսը, Առեքի Սուրբ Աստուածածինը, մերթ ընթ մերթ և փոփոխակի հանդիսանում էին առաջնորդական իշխանութեան կենտրոններ և հաւաքաբար՝ իբրև «հոգևոր թեմ», հարկատու և ենթարկեալ էին Մշոյ Սուրբ Կարապետին [6]:

Սիմէոն Երևանցու կողմից կազմուած «Ջամբռ» երկում (1765 թ.) Քղին յիշատակուած է Կարինի վիճակի կազմի մէջ [7]։

1767 թ. Կ. Պոլսի Հայոց պատրիարքի կարգադրութեամբ կազմւում է Քղիի անջատ թեմը, որն իր գոյութիւնն է պահպանում մինչև XIX դարի կէսերը [8]։

1863 թ. կազմւում է Քղիի և Երզնկայի միացեալ վիճակ, սակայն այդ միութիւնը երկար չի տևում՝ 1868 թ. ստեղծւում է Քղի-Բաղէշի միացեալ թեմ:

Քղի քաղաքից ընդհանուր տեսարան (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

1880 թ. մայիսի 10-ին Քղին ընդգրկւում է Կարնոյ թեմի մէջ որպէս փոխառաջնորդութիւն [9] (1880-1887 թթ. Կարնոյ թեմի առաջնորդն էր Մաղաքիա Օրմանեանը) [10]։ 1880-1889 թթ. Քղիի փոխառաջնորդական թեմի առաջնորդի պաշտօնը վարում է Ներսէս Խարախանեանը (յայտնի եկեղեցական գործիչ, հետագայում` Տարօնի թեմի առաջնորդ): Հետագայ տարիներին Քղիի թեմի առաջնորդներն էին՝ Խորէն ծայրագոյն վարդապետ Շահնազարեանը (1889-1890 թթ.), Մեսրոպ վարդապետ Թովմասեանը (1890-1891 թթ.), Արիստակես վարդապետ Խաչատուրեանը  (1894-1899 թթ.) [11]։ Վերջինիս պաշտօնավարման ժամանակին են ընկնում Համիդեան կոտորածները, որոնց արդիւնքում Օսմանեան Հայաստանի այլ շրջանների հետ միասին մեծապէս տուժում են նաև Քղիի գաւառակի եկեղեցիներն ու վանքերը: Այսպէս, 1895 թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ջարդերի ընթացքում աւերւում և կողոպտւում են երկու վանք և 20 եկեղեցի՝ այսինքն գաւառակի կրօնական շինութիւնների գրեթէ կէսը [12]:

1899 թ. Արիստակէս վարդապետ Խաչատուրեանի ջանքերով Քղիի թեմն անջատւում է Էրզրումի ենթակայութիւնից և ձեռք բերում առանձին առաջնորդական աստիճան [13]: Հետագայ տարիներին՝ մինչև Մեծ եղեռնը, Քղի-Խորձեանն արդէն յիշատակւում է որպէս առանձին թեմ կամ եպիսկոպոսական վիճակ [14]։

1) Պսակ Ծայրագոյն Վարդապետ Տէր Խորէնեան, Քղիի հայոց Առաջնորդ 1909-1912 (Աղբիւր՝ Պսակ Ծ. Վրդ. Տէր-Խորէնեան, Հովուն ձայնը՝ Քղիէն, Արմաշ մատենաշար, Ստանպուլ, 2012)։
2) 
Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, Հրատարակութիւն Քղի-Խուփս Գիւղի Հայրենակցական Միութեան, Ֆրեզնօ, 1968։

Թեմը որոշակի զարթօնք և զարգացում է ապրում Վահրիճ ծայրագոյն վարդապետ Շահլամեանի կարճատև առաջնորդութեան շրջանում (1900-1901 թթ.)։ Քղեցի մտաւորական Լևոն Սրապեանը հետևեալ կերպ է նկարագրում առաջնորդի գործունէութիւնը. «Գործունեայ և ուսեալ արմաշեանը [Արմաշեան դպրեվանքի սան – Ռ.Թ.], յուսացուածէն իսկ աւելի արդիւնք ցոյց տուաւ։ Կարճ  միջոցի մէջ կարգի բերաւ տարիներէ ի վեր լքուած թեմական խառնափնթոր գործերը։ Տեղական ժողովներ կազմակերպեց, վանքերու կարգադրութեան ձեռք զարկաւ, և խնդրեց Ազգ. Կեդր. Վարչութենէն որպէս զի  Քղիի մէջ հաստատուի որբանոց մը, վիճակին անոք որբերը պատսպարելու համար։ Իսկ կրթականին գալով, Տ. Վահրիճ վարդապետ Շահլամեանի ամէնէն գեղեցիկ գործը եղաւ Գասապայի դպրոցներուն բացումն [խօսքը գնում է դպրոցների վերաբացման մասին, որոնք փակուել էին 1890-ական թթ. կէսերին Միացեալ ընկերութեան գործունէութեան դադարեցման արդիւնքում – Ռ.Թ.] ու բարեկարգութիւնը…» [15]։

1901 թուականին Քղիի թեմի առաջնորդական տեղապահ է յիշատակւում Տ. Փառէն վարդապետ Մելքոնեանը [16], 1902 թ.՝ Տ. Տաճատ քահանայ Եսայեանը [17]։ 1904-1907 թթ. Քղիի թեմի առաջնորդական փոխանորդն էր Տ. Երուանդ վարդապետ Փեշտիմալճեանը [18], 1907-1912 թթ.՝ Պսակ ծայրագոյն վարդապետ Տէր-Խորէնեանը [19]։ 1911 թ. Քղի այցելած Սիմոն Վրացեանը վերջինիս նկարագրում է որպէս «քաջակազմ և կենսուրախ երիտասարդ, լաւ խօսակից, շարժուն մտքի տէր, հացասէր և հարցասեր, ամեն բանով հետաքրքրուող»: Դաշնակցական գործիչը նաև հաղորդում է, որ Պսակ Տէր-Խորէնեանը զբաղւում էր Քղիի ուսումնասիրութեամբ և ահագին նիւթ էր հաւաքել՝ մտածելով հրատարակել առանձին հատորով [20]:

Մեծ եղեռնի նախօրեակին Քղիի թեմի առաջնորդն էր Գեղամ վարդապետ Թէվէքէլեանը (պաշտօնավարումը սկսել է 1912 թ. դեկտեմբերի 1-ից), որը բնութագրւում էր որպէս «վառվռուն, ուսումնական և բարեջան առաջնորդ», ընկերաբանական և հոգեբանական գիտութիւնների նկատմամբ «մեծ հակում և հմտութիւն» ունեցող մարդ [21]։ Նա հեղինակ էր «Նոր կշիռ եւ նոր արժէքներ» ընկերային-հոգեբանական ուսումնասիրութեան, պոլսահայ մամուլում («Հայրենիք», «Ազատամարտ» և այլ թերթեր) բազմաթիւ յօդուածների [22]։

Քղի քաղաքից մի տեսարան (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

Քղիի հայ բողոքական համայնքը

Մեծ եղեռնի նախօրեակին բողոքական հայերի թիւը Քղիի գաւառակում մօտ 1,000 էր [23]։ Հայ բողոքական համայնքներ գոյութիւն ունէին շրջկենտրոն Քղի-Գասապա գիւղաքաղաքում (բողոքական կայանի ստեղծման թուականը՝ 1848) [24], որտեղ 500 տուն հայ բնակչութիւնից մօտ 100-ը բողոքականներ էին [25], ինչպէս նաև Դարման (Թեմրան) գիւղում (300 շունչ բողոքական) [26]: Առանձին բողոքական ընտանիքներ և անհատներ կային Ճերմակ, Չանախչի և Օրոր գիւղերի մէջ։ Ըստ Օսմանեան կայսրութեան աւետարանական եկեղեցիների բաժանման՝ Քղիի, Դարմանի, Ճերմակի և Օրորի աւետարանական համայնքներն ընդգրկուած էին Արևելեան միութեան Չարսանջակի շրջանի կազմի մէջ [27]:

Աղբիւրները նշում են, որ Քղիի բողոքական հայերը համեմատաբար աւելի բարեկեցիկ էին ապրում [28]: Դա մեր կարծիքով պայմանաւորուած էր երկու հիմնական հանգամանքներով. ա) որպէս կանոն բողոքականութիւն էին ընդունում առաւել գործունէայ՝  վաճառական և մտաւորական խաւի ներկայացուցիչները, բ) բողոքական հայ ընտանիքներից աւելի մեծ թիւ էին կազմում ԱՄՆ պանդխտութեան մեկնածները, որոնք նիւթապես աջակցում էին հայրենիքում մնացած իրենց հարազատներին:

Ժամանակակիցների վկայութեամբ՝ Քղիի լուսաւորչական և բողոքական հայերը կրթական, եկեղեցական և ազգային գործերում միմեանց հետ յարաբերակցւում էին մեծ սիրով և հանդուրժողականութեամբ [29]:

Մեծ եղեռնի նախօրեակին Քղի-Գասապա գիւղաքաղաքի բողոքական համայնքի ղեկավարն էր Բաղդասար Գալայճեանը: Համայնքի հովիւներն էին նաև պատուելի Պ. Խաչատուրեանը, Խ. Վարդանեանը և Ա. Սիմոնեանը: Դարմանի բողոքական համայնքի հովիւն էր Կարապետ Մելքոնեանը (սպանուել է 1915 թ.) և Գ. Էնֆիէճեանը [30]:

Քղիի թեմի վանքերը

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի տուեալների համաձայն՝ XIX դարի երկրորդ կէսին – XX դարի սկզբներին Քղիի թեմում կար չորս գործող վանք՝ Հագստունի Սուրբ Կարապետը, Հոսնակի Սուրբ Կիրակոսը, Առեքի Գետահայեաց Սուրբ Աստուածածինը և Սերկևիլի Սուրբ Փրկիչը: Բացի վերոնշեալ վանքերից, գաւառակի տարածքում դեռևս նշմարւում էին բազմաթիւ լքուած վանքերի և մատուռների աւերակները:

Նախքան Մեծ եղեռնը գաւառակի առաւել նշանաւոր վանքը Հագստունի Սուրբ Կարապետն էր, որի վանահայրութիւնն ի պաշտօնե իրականացնում էին Քղիի թեմի առաջնորդները [31]։

Ինչպէս և Օսմանեան Հայաստանի այն շրջաններում, Քղիում ևս վանքերը ուխտագնացութեան կենտրոններ էին: «Քղեցի ժողովուրդը՝ վանքերուն յատկացուած յատուկ տօնական օրերուն՝ ուխտի կ’երթար եւ ջերմեռանդօրէն կ’աղօոթէր ու իր ուխտը կը կատարէր պաշտօն – պատարագով, - նշւում է ժամանակակցի մի վկայութեան մէջ: - Հիւանդները հոս կը բերուէին բուժում ստանալու համար, երաշտ տարիներուն յատուկ անդաստան կը կատարուէր: (Կը պատահէր որ տակաւին ժամերգութիւնը չվեջացած անձրեւը կը սկսէր տեղալ)» [32]:

Քղիի մէջ Յակոբ Ջուղայեցիի կողմէ նկարազարդուած ձեռագիր Աւետարան, 1586 (Աղբիւր՝ Claude Mutafian (ed.), Arménie. La magie de l’écrit, Paris/Marseille, 2007)։

Հագստունի (ներկայիս Թոփրաքլըք) Սուրբ Կարապետ (գործող)

Սուրբ Կարապետը գտնւում էր Քղիից դէպի հիւսիս՝ 6 կմ հեռաւորութեան վրայ՝ Հագստուն կամ Հանգստուն բնակավայրի մօտ: Ինչպէս և հայկական շատ վանքներ, յայտնի էր նաև այլ անուններով՝ Խլպաշի անապատ (ըստ մօտակայքում գտնւող Խալէ-բաշի բերդի), Ապարու վանք (ըստ 1601 թ. Շահ Աբասի կողմից աւերուած Ապար քաղաքի անուան), Գետահայեաց Ս. Կարապետ (վանքից ներքև հոսում էր Գայլ (Փերի-սու) գետը) [33]:

Համաձայն աւանդութեան՝ վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսաւորիչը՝ քանդուած հեթանոսական մեհեանի տեղում: Մէկ այլ պատումով վանքի հիմնադիրը Ներսէս Պարթևն էր, իսկ առաջին վանահայրը և, համապատասխանաբար, Խորձեան գաւառի առաջին եկեղեցական առաջնորդը՝ Խադ եպիսկոպոսը (308-380) [34]:

Վանքը և՛ իր անունով, և՛ կազմութեամբ Մշոյ Սուրբ Կարապետի վանքի մանրանկարն էր, այդ նշանաւոր վանքի հետ ունէր սերտ աղերսներ: Այսպէս, պատմութեան ընթացքում Մշոյ Սուրբ Կարապետի վանքի միաբանները յաճախ վերաշինել են Ապարու Սուրբ Կարապետը և վերահաստատել են վանքի միաբանութիւնը: Մշոյ Սուրբ Կարապետի միաբանութեան անդամները նախքան Մեծ եղեռնը ազատ ելումուտ ունէին Քղիի գաւառի մէջ՝ իբրև իրենց «տէրունի» (իրաւասութեանը ենթարկուող) վիճակ [35]:

Վանքի մասին առաջին  վաւերական վկայութիւնները վերաբերում են XV դարին [36]: XV-XVII դարերում մենք գտնում ենք վանքը ծաղկուն վիճակի մէջ, ինչի վկայութիւնն են այդ ժամանակաշրջանում վանքում կրկնօրինակուած և մեզ հասած բազմաթիւ ձեռագիր մատեանները և դրանց յիշատակարաններում հաղորդուող տուեալները [37]:

XVIII դ. երկրորդ կէսերին Սուրբ Կարապետը սկսում է կորցնել իր նախկին նշանակութիւնը, ինչին նպաստում է 1770-1780-ական թթ. (կոնկրետ թուականը յայտնի չէ) «ի ձեռաց այլազգեաց»՝ ըստ երևոյթին՝ Դերսիմից քուրդ մի հրոսակախմբի կողմից, վանքի աւերումը:

1808 թ. Մարտիրոս ծայրագոյն վարդապետ Բիւլբիւլը հիմնանորոգում է Սուրբ Կարապետի վանքը, վանքին կից բացում վարժարան: 1815 թ. վանքի վանահօր պաշտօնին է կարգւում Մարտիրոս Բիւլբիւլի որդին՝ Յովհաննէս վարդապետ Բիւլբիւլեանը, որը հետագայում յաջորդում է հօրը նաև Քղիի թեմի առաջնորդի պաշտօնում (մինչև 1839 թ.): Նրա օրօք թեմում ծաւալուն եկեղեցաշինական աշխատանքներ են տարւում, մասնաւորապէս, կառուցւում են Քղի-Գասապայի Սուրբ Յակոբ, Ճըպըռի Սուրբ Աստուածածին, Հագստունի Սուրբ Խադ եկեղեցիները [38]:

Քղի քաղաքից մի տեսարան. կեդրոնը, մի քիչ դէպի ձախ, երևում է Սուրբ Սարգիս եկեղեցին (Աղբիւր՝ Տիք Մալոյեանի հաւաքածոյ, Լիվոնիա, Միշիկըն)։

1845 թ. վանքի և Քղիի վիճակի առաջնորդ կարգուած Իսրայէլ ծայրագոյն վարդապետ Վանեցին (պաշտօնավարել է մինչև 1850 թ.), տեղափոխում է իր նստավայրը Քղի քաղաք՝ իր հետ նաև տանելով նաև վանքի միաբանութեան անդամներին: Դրանից յետոյ վանքն այլևս զրկւում է մշտական միաբանութիւնից և անկում ապրում [39]:

Վանքը թուարկւում է Քղիի այն հոգևոր շինութիւնների թւում, որոնք աւերածութիւններ են կրել Համիդեան կոտորածների ժամանակ (գաւառակում դրանք տեղի են ունեցել 1895 թ. հոկտեմբերի 10-ին) [40]:

1898 թ. Կ. Պոլսում հրատարակուող «Արևելք» թերթում զետեղուած մի թղթակցութեան մէջ, ինչպէս Քղիի այլ վանքերը, այնպէս էլ Սուրբ Կարապետի վանքի վիճակը բնութագրւում է որպէս «խեղճ» և «անտէր»: Նշւում է, որ վանքապատկան կալուածքները, իսկ դրանք ներառում էին 10 կտոր արտ՝ 50 արտավարի չափ և ընդարձակ անտառ [41], բարձիթողի վիճակում են, տնօրինւում են պատահական մարդկանց կողմից. «Ամէն մարդ կ’երթայ իրեն մալին պէս կը գործածէ, ճախինն ու թամփը կործայ, խօտը կը քաղէ կը տանի իրեն մարագը կը լեցնէ: Կամաց կամաց հայ աղաներ արտերուն ալ տէր կ’ըլլան, մարդ ձայն տուող չի կայ» [42]:

Որոշակի աշխատանք է տարւում վանքի վիճակը բարելաւելու ուղղութեամբ Քղիի հոգևոր առաջնորդներ Վահրիճ ծայրագոյն վարդապետ Շահլամեանի (1900-1901 թթ.) և Պսակ ծայրագոյն վարդապետ Տէր Խորէնեանի (1907-1912 թթ.) պաշտօնավարման շրջանում: Մասնաւորապէս, վերջինիս օրօք կազմւում է վանական հոգաբարձութիւն, որը նորոգութիւններ է նախաձեռնում վանքում՝ վերակառուցելով պարիսպի փլուած հատուածները և վանականների համար նախատեսուած սենեակները [43]:

Հոսնակ/Խոսնակի (ներկայիս Կիւնկէօրսիւն) Սուրբ Կիրակոս (գործող)

Սուրբ Կիրակոս վանքը գտնւում էր Հոսնակի գիւղախմբի տարածքում՝ Աստղաբերդ գիւղի մօտակայքում [44]: Համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից օսմանեան իշխանութիւններին ներկայացուած տեղեկագրի տուեալների՝ վանքը հիմնադրուել կամ վերահիմնադրուել է 1748 թուականին [45]:

Եղել է Քղիի նշանաւոր դպրեվանքներից մէկը՝ աղբիւրներում յիշատակւում են այդ վանքում գրուած բազմաթիւ ձեռագրեր [46]: XVIII-XIX դարերի որոշ շրջաններում վանքը ծառայել է որպէս առաջնորդանիստ [47]:

Վանքը հարուստ էր անշարժ կալուածքներով, ունէր շատ ընդարձակ և հարթ արտեր, ընդարձակ մարգագետիններ, որոնք ոռոգւում էին առատ ջրով: Վանքի մօտով էր հոսում Աստղաբերդ գետը, որի եզերքին շինուած էին երկու վանքապատկան ջրաղացներ: Վանքն ունէր նաև ընդարձակ ու խիտ անտառ և արօտատեղիներ: Ըստ կարողութեան՝ վանքին պտղի (բնամթերքի տեսքով հարկ) և «լուսագին» (վանքին տրուող նուէր՝ իբրև լոյսի (մոմի, ձէթի և այլն գին) էին վճարում Քղիի աւելի քան 15 հայաբնակ գիւղեր [48]:

Սուրբ Կիրակոսը մեծապէս տուժել է Համիդեան կոտորածների ժամանակ, որոնք Քղիի գաւառակ էին հասել 1895 թ. հոկտեմբերի 10-ին [49]: Վանքը թալանուել և աւերուել է, իսկ վանքում գործող դպրոցը՝ փակուել [50]:

Այդ հարուածից վանքը հետագայ տարիներին չի կարողացել վերականգնուել՝ մնալով մշտական միաբանութիւնից զուրկ վիճակում: 1898 թ. պոլսահայ «Արևելք» օրաթերթում հրատարակուած մի թղթակցութեան մէջ այն, ի թիւս Քղիի այլ վանքերի, բնութագրւում է որպէս «խեղճ» և «անտէր» [51]: 1900 թ. Տրդատ եպիսկոպոս Պալեանը նշելով, որ վանքը հին և նշանաւոր է, դրա ներկա վիճակը սակայն բնութագրում է որպէս աննախանձելի [52]:

Խուփս գիւղի Սուրբ Կարապետ եկեղեցւոյ խորանի սրբապատկերներէն մին, մետաքսեայ (Աղբիւր՝ Osep Tokat, Armenian Master Silversmiths, Tigran Mets Printing House, Yerevan, 2005)։

Առեքի (ներկայիս Էսքիքաւաք) Գետահայաց Սուրբ Աստուածածին (գործող)

Վանքը գտնվել է Առեք գիւղից դեպի արևելք՝ համանուն լեռան մօտ: Վանքը Գետահայաց անունն էր ստացել, քանի որ նրա կողքով էր հոսում Օրոր գետը: Կոչվել է նաև Բարձր Աստուածածնի վանք, քանի որ կառուցուած էր բարձրադիր տեղում [53]:

Ավադութիւնը վանքի հիմնադիր է ճանաչում Թադեոս առաքյալին, սակայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից օսմանեան իշխանութիւններին ներկայացուած տեղեկագրում որպէս վանքի հիմնադրման թուական նշւում է 1447-ը [54]:

Վանքը XVI-XVIII դարերի ընթացքում եղել է կրթական կենտրոն, ծառայել է որպէս առաջնորդանիստ: Մեզ են հասել վանքում կրկնօրինակուած մի քանի ձեռագրեր, որոնց յիշատակարանները համապատասխան նշումներ են պարունակում այդ փաստի մասին [55]:

Վանքի մասին յիշատակւում է «Սուրբ կույս Մարիամ Աստուածածին» անվամբ  Հակոբ Կարնեցու «Տեղագիր Վերին Հայոց» երկում (1660-ական թթ.)՝ որպէս Քղի գիւղաքաղաքի մօտ գտնվող երկու վանքերից մեկը (մյուսը՝ Հագստունի Սուրբ Կարապետն է) [56]:

Առեքի (ներկայիս Էսքիքաւաք) Գետահայաց Սուրբ Աստուածածին վանքի աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Վանքի մասին XIX դարի վերջին - XX դարի սկզբների ժամանակաշրջանին վերաբերող տուեալները քիչ են: 1895 թ. Թիֆլիսի «Նոր-Դար» թերթում տպագրուած թղթակցութիւններից մէկում կարդում ենք, որ վանքը վանահայր չունի և նրա մատակարարութեան պաշտօնը յանձնուած է ոմն Մեսրովպ Գասպարեանին: Հաղորդւում էր, որ տեղական իշխանությունները, առանց հարցուփորձի որևէ փաստ ունենալու, ձերբակալել էին Գասպարեանին և պահում էին նրան բանտում ՝ մեղադրելով յեղափոխական գործերին խառնուած լինելու և վանքում զէնքեր թաքցնելու մէջ [57]:

1898 թ. «Արևելք» թերթում հրատարակուած թղթակցութեանն մէջ, ի թիւս Քղիի այլ վանքերի, Սուրբ Աստուածածինը ևս նկարագրւում է որպէս խեղճ և անտեր, որի հողերն ու կալուածքները տնօրինւում են պատահական մարդկանց կողմից (տե՛ս նաև Հագստունի Սուրբ Կարապետ և Հոսնակի Սուրբ Կիրակոս վանքերին վերաբերող հատուածը) [58]:

Տրդատ եպիսկոպոս Պալեանը (1901 թ.) յիշատակում է Սուրբ Աստուածածինն ի թիւս Քղիի այլ վանքերի, սակայն նշում է, որ իրեն չի յաջողուել ստանալ որևէ տեղեկութիւն վանքի տեղի, դիրքի և մատակարարութեան մասին [59]:

Առեքի (ներկայիս Էսքիքաւաք) Գետահայաց Սուրբ Աստուածածին վանքի աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Սերկևիլի (ներկայիս Աչըքկիւնէյ) Սուրբ Փրկիչ (գործող)

Վանքը գտնւում էր Քղիի հայաբնակ Սրկևիլ գիւղից մօտ հինգ րոպէ հեռաւորութեան վրայ՝ բարձր բլրի կատարին [60]։

Համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից օսմանեան իշխանութիւններին ներկայացուած տեղեկագրի տուեալների՝ վանքը հիմնադրուել էր 1398 թուականին [61]: Աղբիւրներում յիշատակում է 1870-ական թթ. սկզբներին պոլսեցի մի բարերար տիկնոջ՝ Օդեթա Մրատեանի կողմից վանքի հիմնանորոգման մասին: Մասնաւորապէս վերանորոգաման էր ենթարկուել գլխաւոր տաճարի շէնքը, ինչպէս նաև կառուցուել էին 25-30 սենեակներ ուխտաւորների համար [62]:

Վանքը  շրջակայ հայաբնակ գիւղերի բնակիչների, և յատկապէս՝ վանքից մօտ երկու կմ հեռաւորութեան վրայ գտնուող և շուրջ 2,000 հայ բնակչութիւն ունեցող Խուփսի, սիրելի ուխտատեղիներից մէկն էր։ Ամռան ամիսների կիրակի օրերին վանքում էին հաւաքւում հազարաւոր քղեցիներ [63]։

XIX դարի վերջին - XX դարի սկզբներին վանքը չունէր կայուն միաբանութիւն, տնօրինւում էր հոգաբարձու մարմնի կողմից:

Վանքի եկամուտները գոյանում էին վանքապատկան ջրաղացից և ուխտաւորների նուիրատւութիւններից [64]։ Վանքին կից գտնւում էր գիւղի գերեզմանոցը [65]։

Աստղաբերդի (ներկայիս Ատաքլը) Սուրբ Գէորգ (գործող որպէս եկեղեցի)

Համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից օսմանեան իշխանութիւններին ներկայացուած տեղեկագրի տուեալների՝ Սուրբ Գէորգը կառուցուել է 1592 թուականին [66]:

Վանքը յիշատակւում է Ղուկաս Ինճիճեանի կողմից (1878 թ.)՝ որպէս Աստղաբերդի մօտ գտնուող և բարեհամ ու յորդառատ աղբիւր ունեցող [67]: Տրդատ եպիսկոպոս Պալեանը (1901 թ.) յիշատակում է Սուրբ Գէորգը Քղիի վանքերի իր ցանկում՝ նշելով սակայն, որ վանքի վերաբերեալ որևէ տեղեկութիւն և ծանօթութիւն չունեն անգամ տեղացիները [68]:

Նազարէթ Փոստոյեանի տեղեկագրում (1915 թ.) Սուրբ Գէորգը յիշատակւում է որպէս Աստղաբերդի եկեղեցի: Նշւում է, որ նախքան քրիստոնէութեան ընդունումը եկեղեցու տեղում եղել է Աստղիկ աստուածուհու կռատունը [69]:

Ագրակի (ներկայիս Եօլկիւլտէն) Սուրբ Կարապետի վանք (աւերակ)

Յիշատակւում է Պսակ ծայրագոյն վարդապետ Տէր-Խորէնեանի կողմից որպէս Քղիի միջնադարում ծաղկում ապրած նշանաւոր դպրեվանքերից մէկը: Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ լքուած և աւերակ վիճակում էր [70]:

Սուրբ Դաւթի վանք (աւերակ)

Սուրբ Դաւիթը Հագստունի Սուրբ Կարապետի վանքի ճիւղաւորումներից մէկն էր, գտնւում էր Քղի-Գասապա գիւղաքաղաքի մօտ՝ համանուն լեռան վրայ: XVIII դարի երկրորդ կէսին յիշատակւում է որպէս գործող, սակայն հետագայ ժամանակաշրջանում լքուել է: Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ աւերակ վիճակում էր [71]:

Քելեղեկեան վանք (աւերակ)

Քելեղեկեան վանքը գտնուել է Խուփս գիւղի տեղում: XIV-XV դարերի ընթացքում հանդիսացել է Քղիի գլխաւոր կրթական կենտրոնը և Հայաստանի երևելի վանքերից մէկը: Վանքի ներկայացուցիչները («Յովսէփ հայրն Քելեղական վանից» և «Հայրապետ հայր վանից Քելեղական») մասնակցել են 1307 և 1345 թուականների Սսի եկեղեցական ժողովներին: XVII դարի սկզբներին վանքն արդէն լքուած և աւերակ վիճակում էր [72]:

Քղիի թեմի հայաբնակ բնակավայրերի եկեղեցիները

Ստորև ներկայացնում ենք նախքան Մեծ եղեռնը Քղիի գաւառակի հայաբնակ բնակավայրերի եկեղեցիների ցուցակը (ըստ Հայոց պատրիարքարանի տարբեր տուեալների [73], քղեցի Նազարէթ Փոստոյեանի տեղեկագրի [74], ինչպէս նաև այլ աղբիւրների), դրանց կառուցման թուականները (ըստ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից 1912-1913 թթ. Օսմանեան կայսրութեան արդարադատութեան և դաւանանքների նախարարութեան ներկայացուած եկեղեցիների և վանքերի ցուցակի [75]), տուեալ բնակավայրում սպասաւորող հոգևորական(-ներ)ի անունները (ըստ Թէոդիկի տուեալների [76])։ Տուեալ բնակավայրում բնակուող հայերի թիւը տրւում է ըստ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ Քղիի թեմական իշխանութիւնների կողմից 1913 թ. անցկացուած մարդահամարի տուեալների [77] կամ այլ աղբիւրի՝ համապատասխան նշումով։

Համաձայն հաշուարկի՝ Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ Քղիի գաւառակի մօտ 50 հայաբնակ բնակավայրերից եկեղեցի ունէին 41-ը: Քղի-Գասապան, Առեքը, Խուփսը, Աստղաբերդը և Դարմանը ունէին երկուական եկեղեցի: Եկեղեցուց զուրկ էին Խոլխոլ/Եայլատերէ, Խաչատուր/Քութլուճա, Լեք/Աքպըտաք, Սանճակ, Ինախ/Այսաքլի, Հէօլենք, Մօզ և Հորկապ հայաբնակ բնակավայրերը [78]:

Լեք (ներկայիս Աքպըտաք) գիւղին համայնապատկերը (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Քղի-Գասապա

396 տուն, 2,116 շունչ հայ։

Եկեղեցիները՝ Սուրբ Յակոբ (առաջնորդանիստ, 1835 թ.), Սուրբ Սարգիս (1836 թ.): Սպասաւորող հոգևորականներ՝ Բագարատ քահանայ Խարբուրդլեան, Մկրտիչ քահանայ Յովհաննիսեան (սպանուել է 1915 թ.):

Քաղաքի մէջ կային նաև երեք մատուռներ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (կառուցուած էր բլրի վրայ, որի ստորոտին էր գտնւում համանուն հայաբնակ թաղը), Սուրբ Աստուածածին և Սուրբ Նշան (այլ տուեալներով՝ Սուրբ Կիրակոս), որոնց մէջ ժամանակ առ ժամանակ ժամերգութիւններ էին կատարւում [79]:

Քաղաքի հայ բողոքականները ունէին եռահարկ ժողովարան՝ կից բարձրագոյն նախակրթարան վարժարանով [80]։

Խուփս (ներկայիս Եազկիւնիւ) գիւղին համայնապատկերը (Աղբիւր՝ Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, Հրատարակութիւն Քղի-Խուփս Գիւղի Հայրենակցական Միութեան, Ֆրեզնօ, 1968)։

Ագրակ (ներկայիս Եօլկիւտէն)

50 տուն, 350 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Մինաս [81] (1822 թ.), ուր պաշտօնավարում էին Տաճատ քահանայ Մելքոնեանը և Հմայեակ քահանայ Սարգսեանը (սպանուել են 1915 թ.):

Ագրակ (ներկայիս Եօլկիւտէն) գիւղի եկեղեցիին աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Ալթուն Հուսէին (ներկայիս Ալթընհիւսէյին)

7 տուն, 96 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին:

Ապեվանք (ներկայիս Չիչէքթեփէ)

30 տուն, 178 շունչ հայ։

Եկեղեցի (անունը մեզ հասու աղբիւրներում բացակայում է):

Ապեվանք (ներկայիս Չիչէքթեփէ) գիւղէն համայնապատկեր (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Աղբզուտ (ներկայիս Տուրանլար)

17 տուն, 79 շունչ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս [82] (1848 թ.):

Ամառիճ (ներկայիս Այանօղլու)

20 տուն, 139 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Վարդան:

Ապողնակ (ներկայիս Աքպինէք)

70 տուն, 457 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Յակոբ (1815 թ.), որտեղ Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարում էր Զաքարիա քահանայ Տէր-Զաքարեանը (սպանուել է 1915 թ.)։

Առէք (ներկայիս Էսքիքաւաք)

170 տուն, 1,165 շունչ հայ։

Եկեղեցիները՝ Սուրբ Յովհաննէս (1830 թ.), Սուրբ Գէորգ (1830 թ.) [83]։ 1915 թ. համայնքը սպասաւորում էին ծնունդով նոյն բնակավայրից Սուրէն քահանայ Մուրատեանը և Տաճատ քահանայ Րեյիսեանը (սպանուել են 1915 թ.)։

Առինձ (ներկայիս Կիւզկիւլիւ)

37 տուն, 215 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Փրկիչ (1723 թ.):

Առինձ (ներկայիս Կիւզկիւլիւ) գիւղի Սբ. Փրկիչ եկեղեցւոյ աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Աստղաբերդ (ներկայիս Ատաքլը)

116 տուն, 828 շունչ հայ։

Եկեղեցիներ՝ Սուրբ Սարգիս (1709 թ.) և Սուրբ Գէորգ (նախկինում՝ վանք): Համայնքում Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարում էր Բառնաբաս քահանայ Աստիկեանը (սպանուել է 1915 թ.)։

Աւըրթնիկ (ներկայիս Նաճաքլը)

27 տուն, 163 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Երրորդութիւն (1833 թ.)։

Դարման (Թեմրան) (ներկայիս Պաղլարփընարը)

330 տուն, 1843 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (1767 թ.), որտեղ Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարում էին Յուսիկ քահանայ Աբրահամեանը, Թորոս քահանան, Յովհաննէս քահանան (սպանուել են 1915 թ.)։

Դարմանում գոյութիւն ունէր նաև հայ աւետարանական համայնք, որի հովիւն էր պատուելի Կարապետ Մելքոնեանը (սպանուել է 1915 թ. իր ծննդավայր Խնուսում)։

Դարման/Թեմրան (ներկայիս Պաղլարփընարը) գիւղէն տեսարան մը, Յուլիս 1912։ Ձախի մեծ շէնքը հայ բողոքական վարժարանն է, ուր կ՚ապրի նաեւ բողոքական պատուելին (Աղբիւր՝ The American Board of Commissioners for Foreign Missions archives, Harvard University, Houghton Library)։

Ձախին՝ Դարման/Թեմրանի (ներկայիս Պաղլարփընարը) Սուրբ Սարգիս եկեղեցիին աւերակները։ Աջին՝ նոյն գիւղին աւազանը (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Լճիկ (ներկայիս Քայնարփընար)

42 տուն, 384 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (1740 թ.): Սպասաւորող հոգևորական՝ Շմաւոն քահանայ Տէր-Սիմոնեան (սպանուել է 1915 թ.):

Խոշքար (ներկայիս Սանճաք)

21 տուն, 168 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Նիկողոս (1803 թ.):

Խուփս (ներկայիս Եազկիւնիւ)

280 տուն, 1980 շունչ հայ։

Եկեղեցիները՝ Սուրբ Կարապետ (1811 թ., այլ տուեալներով՝ 1760 թ. [84]) և Սուրբ Սարգիս [85]: Սուրբ Կարապետը նկարագրւում է որպէս «մեծ և գեղակերտ», ուր օրական երկու անգամ ժամերգրութիւններ էին կատարւում բարեպաշտ խուփսեցիների ներկայութեամբ [86]:

Մեծ եղեռնի նախօրեակին գիւղում սպասաւորում էր Փառնակ քահանայ Տէր-Մկրտչեանը (սպանուել է 1915 թ.)։

Խուփսի (ներկայիս Եազկիւնիւ) Սբ. Կարապետ եկեղեցիին աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Խուպէք (ներկայիս Հաքթանըր)

13 տուն, 115 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (1840 թ.): Գիւղը հովւում էր հարևան Ագրակ բնակավայրի քահանաների կողմից:

Քըզըլ Չիպուխ (ներկայիս Քըզըլչուպուք)

20 տուն, 141 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս [87] (1840 թ.):

Քըզըլ Չիպուխի (ներկայիս Քըզըլչուպուք) հայկական գերեզմանատան աւերակները (ձախին) եւ գիւղին համայնապատկերը (աջին) (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Հագստուն (ներկայիս Թոփրաքլըք)

62 տուն, 421 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Խաչ (1752 թ.) [88], պաշտօնավարող հոգևորական՝ Սահակ քահանայ Տէր-Խադեան (սպանուել է 1915 թ.):

Եկեղեցու մէջ էր գտնւում Խորձեան գաւառի առաջին թեմական առաջնորդ Խադ եպիսկոպոսի գերեզմանը, որը յարգանքի և խանդավառ պաշտամունքի առարկայ էր գաւառի հայութեան համար [89]:

Հագստունի (ներկայիս Թոփրաքլըք) Սուրբ Խաչ եկեղեցիին աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Հերտիֆ (ներկայիս Ալփեքմէզ)

100 տուն, 700 շունչ հայ։

Եկեղեցին` Սուրբ Գէորգ (1860 թ.)։ Մեծ եղեռնի նախօրեակին համայնքը սպասաւորում էր Խորէն քահանայ Մուրադեանը, որը վաճխանուել էր նախքան ջարդերը։ Նրա մահուանից յետոյ գիւղի բնակչութիւնը հովւում էր հարևան Ագրակ գիւղի քահանան։

Հերտիֆից հարաւ գտնւում էր Սուրբ Լոյս լեռը, որը Քղիի գաւառի և՛ հայ, և՛ քուրդ բնակչութեան համար նշանաւոր ուխտատեղի էր (ուխտի օրը՝ Վարդավառ) [90]։

Հերտիֆ (ներկայիս Ալփեքմէզ) գիւղէն պատկեր մը (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Հողաս (ներկայիս Տալլըճա)

55 տուն, 450 շունչ հայ։

Եկեղեցի՝ Սուրբ Աստուածամայր (1796 թ.), որտեղ պաշտօնավարում էին Գրիգոր քահանայ Տէր-Գրիգորեանը (սպանուել է 1915 թ.) և Յովհաննէս քահանայ Տէր-Պօղոսեանը (մահացել է Մեծ եղեռնի նախօրէին)։

Խազի (ներկայիս Քատըքէօյ)

25 տուն,122 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Եղիա (1864 թ.): Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ եկեղեցին քահանայ չունէր։ Համայնք էին այցելում ըստ հարկի Քղի-Գասապայի կամ Ճըպըռ գիւղի հոգևորականները։

Քարապեկ (ներկայիս Քարապէյ)

40 տուն, 320 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Մինաս (1800 թ.): Համայնքը սպասաւորող հոգևորական՝ Ներշապուհ քահանայ Չարչեան (սպանուել է 1915 թ.):

Ճերմակ/Ծերմակ (ներկայիս Ելտէյիրմէնի)

165 տուն, 1,155 շունչ հայ։

Եկեղեցի՝ Սուրբ Գէորգ (1767 թ.), որտեղ Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարում էր Արիստակէս քահանայ Ղուկասեանը (սպանուել է 1915 թ.)։

Ճերմակ/Ծերմակի (ներկայիս Ելտէյիրմէնի) Սուրբ Գէորգ եկեղեցիին աւերակները եւ գիւղին համայնապատկերը (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Ճըպըռ (ներկայիս Կիւնէեայըլ)

56 տուն, 340 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածամայր (1825 թ.) [91]: Եկեղեցին հարուստ էր կալուածքներով՝ ունէր արտեր և փոքրիկ անտառ (մորի): Մեծ եղեռնի նախօրեակին եկեղեցում էր պահւում 500-600 ոսկեդրամ գումար՝ նախատեսուած վարժարանի և համայնքային այլ պէտքերի համար [92]: Պաշտօնավարող հոգևորականներ՝ Ներսէս քահանայ Տօնոյեան (սպանուել է 1915 թ.), Ներսէս վարդապետ Բզնունի (վախճանուել է նախքան Մեծ եղեռնը):

Մելիխան (ներկայիս Տէօշէնկի)

48 տուն, 398 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (1710 թ.), ուր պաշտօնավարում էր Գնէլ քահանայ Տէր Սարգսեանը (սպանուել է 1915 թ.):

Եօլմէզ (ներկայիս Էօլմէզ)

17 տուն, 101 շունչ հայ։

Եկեղեցի (անունը մեզ հասու աղբիւրներում բացակայում է): Համայնքը սպասաւորում էին Քղի-Գասապայի քահանաները:

Եօլմէզ (ներկայիս Էօլմէզ) գիւղի ջրվէժը (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Շէն (ներկայիս Շէնքէօյ)

18 տուն, 128 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Յակոբ (1910 թ.)։

Չան

32 տուն, 249 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Մինաս (1649 թ.)։

Չան գիւղին համայնապատկերը (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Չանախչի (ներկայիս Չանաքչը)

177 տուն, 1,216 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Կիրակոս: Կառուցուել է 1800 թ. (այլ տուեալներով՝ 1817 թ. [93]) Պոլսում մասնագիտացած քղեցի անուանի ճարտարապետ Զատուռի կողմից (հետագայում նա նաև կառուցել է  Հագստունի և Ճըպըռի եկեղեցիների շէնքերը, ինչպէս նաև Բալուի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ տաճարը) [94]:

Եկեղեցում Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարում էր Յուսիկ քահանայ Աշճեանը (սպանուել է 1915 թ.):

Չանախչի (ներկայիս Չանաքչը) գիւղի Սուրբ Կիրակոս եկեղեցիին աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Չարիպաշ

21 տուն, 116 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Յովհաննէս (1814 թ.)։

Չելեպի

12 տուն, 100 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Թորոս (1843 թ.):

Չելեպի գիւղին հայկական գերեզմանատան (ձախին) եւ Սուրբ Թորոս եկեղեցիին աւերակները (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Չիֆթլիկ (ներկայիս Չիֆթլիքէօյ)

40 տուն, 390 շունչ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (1765 թ.), որտեղ սպասաւորում էր Մովսէս քահանայ Տէր-Մովսիսեանը (սպանուել է 1915 թ.)։

Չոմախ (ներկայիս Չոմաք)

7 տուն, 55 շունչ։

Եկեղեցին՝ Սուրբ Գէորգ:

Ջերման/Ջերմէ (ներկայիս Ետիսու)

24 տուն, 175 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Գէորգ (1808 թ.):

Սագաձոր (ներկայիս Քուշլուճա)

73 տուն, 456 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (1793 թ.)։ Մեծ եղեռնի նախօրեակին համայնքը սպասաւորում էին Գուրգէն քահանայ Վարդանեանը և Յովհաննէս քահանայ Տէրտէրեանը (սպանուել են 1915 թ.):

Սեղանք (ներկայիս Տէօշլիւճէ)

22 տուն, 179 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Մինաս (1785 թ.): Համայնքը սպասաւորող հոգևորական՝ Ներսէս քահանայ (սպանուել է 1915 թ.):

Սերկևիլ (ներկայիս Աչըքկիւնէյ)

117 տուն, 658 շունչ հայ։

Եկեղեցին` Սուրբ Աստուածածին (1717 թ.) [95]։ 1915 թ. համայնքը սպասաւորող հոգևորականն էր Գարեգին քահանայ Տէր-Գրիգորեանը (սպանուել է 1915 թ.)։

Սերկևիլ (ներկայիս Աչըքկիւնէյ) գիւղին Սուրբ Աստուածածին եկեղեցին (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Տինէք (ներկայիս Աքըմլը)

26 տուն, 214 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (1800 թ.):

Քերպօզ (ներկայիս Քուշպայըրը)

57 տուն, 352 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (1811 թ.):

Օսնակ/Հոսնակ/Խոսնակ (ներկայիս Կիւնկէօրսիւն)

104 տուն, 684 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Մինաս (1859 թ.)։

Օսնակ/Հոսնակ/Խոսնակ (ներկայիս Կիւնկէօրսիւն) գիւղի հայկական գերեզմանատան վայրը (Աղբիւր՝ Յովսէփ Թօքաթի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Օրոր (ներկայիս Կէօքչելի)

72 տուն, 524 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին [96] (1718 թ.), որտեղ Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարում էր Սուքիաս քահանայ Ներսէսեանը (սպանուել է 1915 թ.)։

  • [1 ] Քղիի հայ բնակչութեան թիւն ըստ մեր հաշուարկի (տե՛ս Ռ. Թաթոյեան, «Էրզրումի նահանգի հայ բնակչութեան թուաքանակը Մեծ եղեռնի նախօրեակին (աղբիւրների համեմատական վերլուծութեան փորձ)», Ցեղասպանագիտական հանդէս, Երևան, 2014, 2(1)), էջ 42-43:
  • [2] 1904 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1904, էջ 365-366:
  • [3] Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց, Չորրորդ դպրութիւն, ԺԲ:
  • [4] Ղուկաս Ինճիճեան, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վենետիկ, ի վանս Սրբոյն Ղազարու, 1822, էջ 43; Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, Բ. հատոր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2001, էջ 2086 (§ 1230)։
  • [5] Արշակ Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», 1908 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1908, էջ 309։
  • [6] Պսակ ծ. վարդապետ Տէր-Խորէնեան, «Քղիի Առաջնորդներուն պատմութիւնը», Տաճար ժողովրդային շաբաթաթերթ, Կ. Պոլիս, 1912, հունիսի 23, թիւ 24, էջ 355:
  • [7] Օրմանեան, Ազգապատում, էջ 3504 (§ 2078)։
  • [8] Նոյն։ 
  • [9] Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, Գ. հատոր, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2001, էջ 5063 (§ 2867)։
  • [10] Ղազար-Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի. Կարինապատում, Պէյրութ, 1957, էջ 129։
  • [11] Պսակ ծ.վ. Տէր-Խորէնեան, «Խորձեան Գաւառի դպրեվանքերը», Տարեգիրք Քղիի հայրենակցական միութեան, Ա, 1937, Տիթրոյիտ, Միշ., 1937, էջ 47։
  • [12] Համիդեան կոտորածների ժամանակ Քղիի տուժած եկեղեցիների և վանքերի ցուցակը տե՛ս «Արարատ» կրօնական-բարոյական, գրականական-պատմական, բանասիրական-մանկավարժական, ազգային եւ պաշտօնական ամսագիր, Սբ. Էջմիածին, 1896, փետրուար, էջ 88:
  • [13] Բիւզանդիոն հայաթերթ ամենօրեայ,  Կ. Պոլիս, 1899, մայիս 12/24, թիւ 782 («Քղիի հիմնարկութենէն ի վեր» ակնարկը):
  • [14] 1900 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1900, Էջ 345; Մաղաքիա Օրմանեան, Հայոց եկեղեցին և իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը, ու ներկայ կացութիւնը, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 261։
  • [15] Լեւոն Սրապեան, Քղի (տեղագրական եւ ազգագրական), Անթիլաս-Լիբանան, տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1960, էջ 65։
  • [16] Պսակ ծ.վ., «Խորձեան Գաւառի դպրեվանքերը», էջ 47; 1901 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1901, էջ 407։
  • [17] Պսակ ծ.վ., «Խորձեան Գաւառի դպրեվանքերը», էջ 47; 1902 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1902, էջ 528։
  • [18] Պսակ ծ.վ., «Խորձեան Գաւառի դպրեվանքերը», էջ 47; 1906 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1906, էջ 416; 1907 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1907, էջ 365։
  • [19] Պսակ ծ.վ., «Խորձեան Գաւառի դպրեվանքերը», էջ 47; 1908 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1908, էջ 251։
  • [20] Ս. Վրացեան, «Դէպի Քղի», Տարեգիրք Քղիի հայրենակցական միութեան, էջ 56-57: Պսակ ծայրագոյն վարդապետ Խորէնեանի աշխատանքից մեզ հասել են միայն ժամանակի մամուլում հրատարակուած առանձին պատառիկներ, որոնք օգտագործել ենք սոյն յօդուածը գրելիս:
  • [21] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Նիւ Եորք, 1985, էջ 190-191։
  • [22] Նոյն, էջ 191։
  • [23] Օրմանեան, Հայոց եկեղեցին..., էջ 261; K. Karpat, Ottoman Population 1830-1914: Demographic and Social Characteristics, Wisconsin, University of Wisconsin Press, 1985, էջ 170։
  • [24] Կ.Պ. Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ Աւետարանական եկեղեցւոյ (Քննական Ծանօթութիւններով),  Ֆրեզնօ, 1952, էջ 471:
  • [25] Նազարէթ Փոստոյեանի «Վշտապատում Կարնոյ կուսակալութեան Քղիի գաւառին և շրջանի գիւղերու պատմական, աւանդական, սովորոյթքի եւ 1914 թ. աղէտալի եւ արիւնալի դեպքերու տեղեկագրութիւն» տեղեկագիրը (Հայաստանի Ազգային Արխիվ (ՀԱԱ), ֆ. 57, ց.5, գ. 140, հրատարակուել է «Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Փաստաթղթերի ժողովածու, հատոր III, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, գլխ. խմբագիր՝ Ա. Վիրաբեան, Երևան, ՀԱԱ, 2012, էջ  123-148»)։ Ն. Փոստոյեանը ծնունդով Քղիի Խուփս գիւղից էր: Տեղեկագրի պատրաստման ժամանակ (1917 թ. ապրիլի 17) նա զբաղեցնում էր Էրզրումի գաւառակի Ումուտում գիւղում Մոսկուայի հայկական գաղթականական կոմիտէի կողմից բացուած որբանոց-դպրոցի աւագ ուսուցչի պաշտօնը։
  • [26] Թէոդիկ, Գողգոթա, էջ 195:
  • [27] Օսմանեան կայսրութիւնում գոյութիւն ունեցող աւետարանական համայնքների գործունէութիւնը համակարգելու պէտքից ելնելով՝ դրանք տարածքային սկզբունքով միաւորուած էին «շրջանների» և «միութիւնների»: Չարսանջակի շրջանի մէջ ընդգրկուած այլ համայնքներն էին՝ Բերդակը, Բաշաղակը, Թիլը, Խարեսիկը, Փիրին  (Տիգրան Ճ. Խրլոբեան, Ոսկեմատեան, Ա. հատոր, Պատմութին Մերձ. Արեւելքի հայ աւետ. միութեան, Պէյրութ, 1950, էջ 23-24):
  • [28] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը  Քղիի վրայ», Տարեգիրք Քղիի հայրենակցական միութեան..., էջ 18։
  • [29] Ըստ Նազարէթ Փոստոյեանի տեղեկագրի (տե՛ս Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ..., հատոր III..., էջ  127):
  • [30] Թէոդիկ, Գողգոթա, էջ 192; Ատանալեան, Յուշարձան,  էջ 479:
  • [31] Պսակ Ծ.Վ., «Խորձեան Գաւառի դպրեվանքերը», էջ 47։
  • [32] Փառանձեմ Մուրատեան, «Քղի (Խորձայն գաւառ)», Տարեգիրք Քղիի հայրենակցական միութեան..., էջ 103:
  • [33] Պսակ Ծ.Վ., «Խորձեան գաւառի դպրեվանքերը...», էջ 24:
  • [34] Նոյն:
  • [35] Նոյն:
  • [36] Հ. Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1951, էջ 217: Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Օսմանեան կայսրութեան արդարադատութեան նախարարութեանը ներկայացուած տեղեկագրում որպէս վանքի հիմնադրման կամ վերահաստատման թուական նշւում է 1413-ը (տե՛ս  Ա. Խ. Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի արդարադատութեան և դաւանանքների մինիստրութեան ներկայացուած եկեղեցիների և վանքերի ցուցակներն ու թաքրիրները», Էջմիածին, պաշտօնական ամսագիր հայրապետական աթոռոյ Սուրբ Էջմիածնի, 1965, Բ–Գ–Դ, էջ 177):
  • [37] Պսակ Ծ.Վ., «Խորձեան գաւառի դպրեվանքերը», էջ 26-41; Հ. Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 217-223:
  • [38] Պսակ Ծ.Վ., «Խորձեան գաւառի դպրեվանքերը», էջ 43-44:
  • [39] Նոյն, էջ 46:
  • [40] Արարատ կրօնական-բարոյական, գրականական-պատմական, բանասիրական-մանկավարժական, ազգային եւ պաշտօնական ամսագիր, Սբ. Էջմիածին, 1896, փետրուար, էջ 88:
  • [41] Տրդատ եպիսկոպոս Պալեան, Հայ վանորայք, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութիւն, 2008, էջ 164; Բիւզանդիոն հայաթերթ ամենօրեայ, Կ,. Պոլիս, 1901, սեպտեմբերի 27/ հոկտեմբերի 10, թիւ 1521:
  • [42] Արեւելք օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1898, դեկտեմբերի 9/21, թիւ 3882 («Քղիի անտէր վանքերը» հոդուածը):
  • [43] Պսակ Ծ.Վ., «Խորձեան գաւառի դպրեվանքերը», էջ 46:
  • [44] Այդ պատճառով որոշ աղբիւրներում Սուրբ Կիրակոսը նշւում է Աստղաբերդին պատկանող կրթնական շինութիւնների թւում:
  • [45] Սաֆրաստեան, «Կոստանդնուպոլսի…», էջ 177:
  • [46] Վանքում գրուած որոշ ձեռագրերի ցանկը տե՛ս Տարեգիրք Քղիի հայրենակցական միութեան..., էջ 188-189։
  • [47] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը  Քղիի վրայ», էջ 16; Պսակ Ծ.Վ., «Խորձեան գաւառի դպրեվանքերը», էջ 41, 43; Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 215:
  • [48] Արեւելք օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական», Կ. Պոլիս, թիւ 3887, 15/27 դեկտեմբեր, 1898 («Քղիի Ս. Կիրակոս վանքը» ակնարկը):
  • [49] Արարատ կրօնական-բարոյական, գրականական-պատմական, բանասիրական-մանկավարժական, ազգային եւ պաշտօնական ամսագիր, Սբ. Էջմիածին, 1896, փետրուար, էջ 88:
  • [50] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը  Քղիի վրայ», էջ 16։
  • [51] Արեւելք օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1898, դեկտեմբերի 9/21, թիւ 3882 («Քղիի անտէր վանքերը» հոդուածը):
  • [52] Տրդատ եպիսկոպոս Պալեան, Հայ վանորայք, էջ 164; «Բիւզանդիոն» հայաթերթ ամենօրեայ, Կ. Պոլիս, 1901, սեպտեմբերի 27/ հոկտեմբերի 10, թիւ 1521:
  • [53] Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 211-212: 
  • [54] Սաֆրաստյան, «Կոստանդնուպոլսի…», էջ 177:
  • [55] Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 212-213:
  • [56] Ներկայացնենք Քղի գաւառի մասին Յակոբ Կարնեցու համառօտ, սակայն ուշագրաւ վկայութիւնն ամբողջութեամբ. «Եւ անտի երկիրն Խորձունեաց, բազում գիւղք և գաւառք. այգեստանօք և մրգաւէտ ծառօք զարդարեալ է և ունի գիւղաքաղաք զԿեղի փոքր դղեակ, և է այժմ պարոնանիստ եւ կարի ախորժահայք, վարդապետաց սրբոց երաժշտականաց դամբարան եւ բնակարան. եւ կայ վանք երկու, այժմ միաբնակեցած տեղիք, մին անուն սուրբ Կարապետին եւ միւսն սուրբ կուսին Մարիամու Աստուածածնին եւ է անդ գերեզման եպիսկոպոսին սրբոյ Խադայ, որ պահպանութիւն է աշխարհին, որ այժմ Հանգստուն կոչեն» (Յակովբ Կարնեցի, Տեղագիր վերին Հայոց, Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1903, էջ 10): Աշխարհաբառ՝ «Եւ այնտեղի երկիրը Խորձունեաց ունի բազում գիւղեր և գաւառներ, զարդարուած է այգեստաններով և մրգաւէտ ծառերով: Գիւղաքաղաք Կեղին ունի փոքր դղեակ, որն այժմ գաւառի կառավարչի նստավայրն է: Գաւառում նաև կան բազմաթիւ սուրբ վարդապետների դամբարաններ և բնակարաններ. և կայ երկու վանք՝ բնակեցուած միաբաններով, մէկը սուրբ Կարապետի և միւսը՝ սուրբ կոյս Մարիամ Աստուածածնի անունով: Հանգստուն կոչուող տեղում է այժմ գտնւում նաև գաւառի պահապան սուրբ Խադ եպիսկոպոսի գերեզմանը»:
  • [57] Նոր-Դար, Թիֆլիս, 1895, սեպտեմբերի 1, №158:
  • [58] Արեւելք օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1898, դեկտեմբերի 9/21, թիւ 3882 («Քղիի անտէր վանքերը» հոդուածը):
  • [59] Տրդատ եպիսկոպոս Պալեան, Հայ վանորայք, էջ 165; Բիւզանդիոն հայաթերթ ամենօրեայ, Կ. Պոլիս, 1901, սեպտեմբերի 27/ հոկտեմբերի 10, թիւ 1521:
  • [60] Յիշատակւում է նաև որպէս Խուփս գիւղին մօտ գտնուող վանք (տե՛ս Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի, Հրատարակութիւն Քղի-Խուփս Գիւղի Հայրենակցական Միութեան, Ֆրեզնօ, 1968, էջ 189):
  • [61] Սաֆրաստյան, «Կոստանդնուպոլսի…», էջ 177:
  • [62] Ըստ Ն. Փոստոյեանի տեղեկագրի (տե՛ս Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ..., հատոր III..., էջ  130-131)։
  • [63] Ս. Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հատոր Բ., Վենետիկ, տպ. Սուրբ Ղազար, 1907, էջ 212:
  • [64] Ըստ Ն. Փոստոյեանի տեղեկագրի (տե՛ս «Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ..., հատոր III..., էջ  130-131)։
  • [65] Նոյն:
  • [66] Սաֆրաստյան, «Կոստանդնուպոլսի…», էջ 177:
  • [67] Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 214:
  • [68] Տրդատ եպիսկոպոս Պալեան, Հայ վանորայք, էջ 165:
  • [69] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ..., հատոր III..., էջ 141:
  • [70] Պսակ Ծ.Վ., «Խորձեան գաւառի դպրեվանքերը», էջ 24:
  • [71] Սրապեան, Քղի, էջ 12; Պսակ Ծ.Վ., «Խորձեան գաւառի դպրեվանքերը», էջ 41-42; Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 214:
  • [72] Արեւիկեան, «Ընդհանուր ակնարկ մը  Քղիի վրայ», էջ 18; Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 225; Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի..., էջ Ժ, 188-189:
  • [73] «1904 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց»..., էջ 365-366; Թէոդիկ, Գողգոթա, էջ 190-199; Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du Génocide, ARHIS, Paris, 1992, էջ 435-437։
  • [74] Տե՛ս թիւ 24 ծանոթագրութիւնը:
  • [75] Սաֆրաստյան, «Կոստանդնուպոլսի…», էջ 176-177:
  • [76] Թէոդիկ, Գողգոթա, էջ 190-199:
  • [77] Kévorkian, Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 435-437։
  • [78] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ..., հատոր III..., էջ 157-158 (փաստաթուղթ №34. Մի խումբ քղեցիների վկայութիւնները Կարինի գաւառի Քղի գաւառակի գիւղերի կոտորածների մասին):
  • [79] Սրապեան, Քղի, էջ 19-20; Բիւզանդիոն հայաթերթ ամենօրեայ, Կ. Պոլիս, 1899, մայիսի 12(24), թիւ 782:
  • [80] Նոյն:
  • [81] Ըստ Թէոդիկի՝ Սուրբ Աստուածամայր:
  • [82] Ըստ Թէոդիկի՝ Սուրբ Գէորգ:
  • [83] Թէոդիկն ու Նազարէթ Փոստոյեանը յիշատակում են միայն մէկ եկեղեցի՝ Սուրբ Յովհաննէսը: 1913 թ. մարդահամարի տուեալներով՝ երկրորդ եկեղեցու անունը Սուրբ Աստուածածին է (Kévorkian, Paboudjian, Les Arméniens dans l'Empire Ottoman, էջ 437):
  • [84] Յուշամատեան Քղի, Խուփս գիւղի..., էջ ԺԱ:
  • [85] Փոստոյեանի՝ Սուրբ Սարգիսը մատուռ էր:
  • [86] Նոյն, էջ 88:
  • [87] Ըստ Թէոդիկի՝ Սուրբ Յակոբ:
  • [88] Աղբիւրներում յիշատակւում է նաև որպէս վանք, ինչը գուցէ սխալմունքի արդիւնք է (ըստ Փառանձեմ Մուրատեանի տեղեկութեան (Մուրատեան, «Քղի (Խորձայն գաւառ)», էջ 103; Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 214):
  • [89] Պսակ Ծ.Վ., «Խորձեան Գաւառի դպրեվանքերը», էջ 25:
  • [90] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ..., հատոր III..., էջ 136, 154:
  • [91] Գուցէ նախկինում եղել է վանք (Մուրատեան, «Քղի (Խորձայն գաւառ)», էջ 103; Ոսկեան, Բարձր Հայքի վանքերը, էջ 211):
  • [92] Ըստ Փոստոյեանի տեղեկագրի (Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ..., հատոր III..., էջ  128)։
  • [93] Պատմութիւն Կարնոյ կուսակալութեան Քղի գաւառի Չանախչի գիւղի, գրեցին եւ համադրեցին Առաքել Եղիան եւ Սողոմոն Գաբրիէլեանը, Պելվիլ, Իլլ., ԱՄՆ, 1977, էջ14:
  • [94] Նոյն, էջ 14-15:
  • [95] Սերկևիլի եկեղեցու անունը տալիս ենք ըստ 1904 թ. Ընդարձակ օրացոյցի և 1913 թ. Քղիի թեմի մարդահամարի տուեալների: Համաձայն Թէոդիկի՝ եկեղեցու անունը Սուրբ Նշան էր, ըստ Նազարէթ Փոստոյեանի տեղեկագրի՝ Սուրբ Սարգիս:
  • [96] Թէոդիկի տուեալներով՝ Սուրբ Գէորգ: