Սեբաստիայից պանդխտութիւնը 1890-ական թթ. կէսերից առ 1914 թ. – Սեբաստահայ պանդուխտների եւ գաղթականների հոսքը դէպի ԱՄՆ
1890-ական թթ. կէսերին աբդուլհամիդեան հալածանքները, յատկապէս Կ. Պոլսում 1896 թ. օգոստոսին տեղի ունեցած ջարդերը, նոր զարկ հաղորդեցին պանդխտութեան ու գաղթին, սակայն դրա հետ մէկտեղ յանգեցրեցին պանդուխտների հոսքերի որոշակի վերաուղղմանը օսմանեան մայրաքաղաքից դէպի այլ շրջաններ եւ երկրներ։ Այդ ժամանակից սկսած սեբաստացիների պանդխտութեան հիմնական ուղղութիւններից մէկն է դառնում Ամերիկայի Միացեալ Նահանգները։
Այսպէս, Սեբաստիայում Մեծ Բրիտանիայի փոխհիւպատոս Ֆիլիպ Բուլմանը 1896 թ. օգոստոսին արձանագրում էր, որ Սեբաստիայից հայ տղամարդկանց հեռանալու ընդհանուր ձգտում կայ, եւ օսմանեան իշխանութիւններն այդ երեւոյթին վերաբերւում են առանց որեւէ առարկութեան [1]։ Նա նաեւ նշում էր, որ 1895 թ. հոկտեմբերից առ 1896 թ. օգոստոս 293 տղամարդ ստացել է օսմանեան անձնագրեր (թեզքերէ)՝ իբր Կոստանդնուպոլիս կամ Սամսուն մեկնելու պատրուակով, սակայն բոլորը լքել են երկիրը եւ հիմնականում մեկնել Ամերիկա կամ Ռուսաստան, իսկ մօտ 150 տղամարդ հեռացել է առանց թեզքերէի՝ ուղղուելով Զէյթուն, Սամսուն, Տրապիզոն եւ Անգորա [2]։
Ամերիկահայ ուսումնասիրող Ռոբերտ Միրաքի հաշւումներով` եթէ 1834-1890 թթ.` 56 տարուայ ընթացքում ԱՄՆ-ում էր հաստատուել 1․500 հայ, ապա 1891-1895 թթ.` 5 տարուայ ընթացքում այնտեղ գաղթած հայերի թիւը կազմել է 5․500 եւ 1896-1897 թթ.` երկու տարուայ ընթացքում` մօտ 5․000 հոգի [3]։ Հետագայ տարիներին` առ 1914 թ., ԱՄՆ էր գաղթում տարեկան միջինը 3․250 հայ. ամենամեծ թիւը` 9.353 հոգի, արձանագրուել է 1913 թ. (համեմատութեան համար` 1912-ին` 5.222 եւ 1914-ին` 7․785) [4]։ Այսպիսով, Հայոց ցեղասպանութեան նախօրեակին ԱՄՆ հաստատուած հայերի թիւը 65.950 հոգի էր [5], որոնցից մօտ 55.000-ը կազմում էին Օսմանեան կայսրութիւնից գաղթածները [6]։
Վերոնշեալ թուերը վկայում են, որ Սեբաստիայից դէպի ԱՄՆ եւ այլ երկրներ պանդխտութիւնը նոր չափ ու ծաւալներ է ընդունել 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ։ Բացի պանդխտելու «աւանդական» տնտեսական պատճառներից (հողի սակաւութիւն, ծանր հարկեր, գիւղատնտեսական աշխատանքների ցածր եկամտաբերութիւն եւ այլն), ի յայտ եկան երկու հիմնական նոր գործօններ. 1. Օսմանեան նոր իշխանութիւնները վերացրեցին երկրի ներսում եւ դէպի դուրս ճանապարհորդելու աբդուլհամիդեան վարչակարգի սահմանափակումներն ու խոչընդոտները, 2. Օսմանեան խորհրդարանն ընդունեց օրէնք, որով 1910 թ.ից սկսած վերացուեց «բեդել-ի ասկերի» զինուորական տուրքի գանձումը, եւ հայերն ու օսմանահպատակ այլ քրիստոնեաներն սկսեցին զօրակոչուել օսմանեան բանակ՝ մուսուլմանների հետ հաւասար հիմունքներով (մանրամասն տե՛ս «Մուշ եւ Սասուն – Զինուորական տուրք (բեդել-ի ասկերի)» յօդուածը «Յուշամատեան» կայքում։

Սեբաստացի հայ երիտասարդ շատ տղամարդիկ, նպատակ ունենալով խուսափել զինուորական ծառայութիւնից, դիմեցին պանդխտութեան` գաղթելով ԱՄՆ, Ռուսաստան եւ բալկանեան երկրներ։
Այս երեւոյթի չափն ու ծաւալներն ընդգծելու նպատակով Սեբաստիայում հրատարակուող «Հող-Դար» պարբերականում նշւում էր, որ 1908 թ. սահմանադրութեան հռչակումից յետոյ Սեբաստիայի գիւղերում հայ բնակչութեան աճը գրեթէ դադարած է երիտասարդ տարրի պանդխտութեան պատճառով [7]։
Տիվրիկի գաւառակի հայաբնակ գիւղերում նոյնպէս, որպէս պանդխտութեան պատճառ նշւում են «զինուորական վերջին խստութիւնները», այսինքն զինուորական տուրքի վերացումը, հայերի օսմանեան բանակ զինուորագրութիւնը եւ Բալկանեան պատերազմներին (1912-1913 թթ.) մասնակցութիւնը, ինչպէս նաեւ հողի սակաւութիւնը։ Հաղորդւում էր, որ Տիվրիկի որոշ բնակավայրերի հայերի համար պանդխտութիւնը ապրուստի գլխաւոր միջոցն է [8]։
Զինուորագրութիւնից եւ Բալկանեան պատերազմներին մասնակցութիւնից խուսափելու նպատակով սեբաստացի երիտասարդների դէպի ԱՄՆ հոսքի մասին են վկայում նրանցից շատերի մահախօսականներում արծարծուող կենսագրական մանրամասնութիւնները (դրանք առկայ են ԱՄՆ 1936 թ. հիմնադրուած Համասեբաստացիական շինարար միութեան «Նոր Սեբաստիա» պարբերականի 1940-1970-ական թթ. գրեթէ բոլոր համարներում)։
Այսպէս, ծնունդով Սեբաստիայի Զառա բնակավայրից Սեդրակ Տէրտիարեանի (1892-1946) մահախօսականում նշւում է. «Սեդրակն ալ շատ մը պատուական սեբաստացիներու նման, 1913-ին փախուստ կու տայ իր ծննդավայրէն զինուորական տարիքին մէջ եւ կու գայ Միացեալ Նահանգները, Նիւ Եորք» [9]։
Սեբաստիայի Չարքիւտ գիւղից Մուրատ Քաչոյեանը (1889-1967) «1912-ին Պալքանեան պատերազմին կը զինուորագրուի թրքական բանակին եւ կը փոխադրուի Պոլիս, ուր զօրանոցէն փախչելով, ծանօթ հայրենակիցներու օգնութեամբ կու գայ Ամերիկա» [10]։
Նոյնպէս, Սեբաստիայի Դավռա գիւղից Մուրատ Կրտոտեանի (1893-1976) մահախօսականում կարդում ենք, որ «1912-ի Պալքանեան պատերազմին երբ զինուորական խնդիրներ մէջտեղ կու գան, վերջնականապէս կ’որոշէ հեռանալ Սեբաստիայէն ու մեկնիլ Ամերիկա» [11]։
Սեբաստիայի առանձին բնակավայրերից ԱՄՆ պանդխտութեան մեկնած երիտասարդների թիւն այնքան շատ էր, որ նրանց հնարաւորութիւն էր տալիս օտար հողում կրթամշակութային կազմակերպութիւններ ստեղծել։ Այսպէս, Սեբաստիայի Յաղթ գիւղից պանդուխտները 1910 թ. ԱՄՆ Փրովիդենս քաղաքում (Ռոդ Այլենդի նահանգ) հիմնադրում են «Յաղթ գիւղի ուսումնասիրաց միութիւնը» [12], որը մասնաճիւղեր ունէր Դետրոյթում, Նիւ Եորքում, Նիագարա Ֆոլզում եւ, անգամ, Կանադայում։ Միութեան հանգանակած 6․000 օսմանեան ոսկիով երեք տարուայ ընթացքում կառուցուել է Յաղթի դպրոցի նոր շէնքը [13]։
1911 թ. նոյն Փրովիդենս քաղաքում «երիտասարդ, խանդավառ խումբ մը» կովտունցի պանդուխտներ հիմնել են Կովտունի ուսումնասիրաց ընկերութիւնը [14], որի հանգանակած գումարներով նախքան 1915 թ. Կովտունի մէջ կառուցուել էր ջրաղաց, ծրագրում էին կառուցել դպրոցի նոր շէնք [15]։

Սեբաստիայից դէպի ԱՄՆ պանդխտութեան հոսքը եթէ ոչ կանգնեցնելու, ապա մեղմացնելու նպատակով «Հող-Դարն» իր 1914 թ. ապրիլի 26-ի համարում ներկայացնում էր ԱՄՆ-ում բանուորութեամբ զբաղուող մի սեբաստահայի նամակ՝ կից բանաստեղծութեամբ, որում նկարագրւում էր այնտեղի բանուորական ծանր կեանքը։ Սեբաստացի պանդուխտը յորդորում էր երիտասարդներին «շլացուցիչ գրուածքներու երբեք հաւատք չընծայել», «խելքը գլուխը հաւաքել» եւ «Երկրին յարգը գիտնալ» [16]։
1913 թ. գարնանը Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը նախաձեռնում է Օսմանեան կայսրութեան հայ բնակչութեան մարդահամար։ Թեմեր ուղարկուած վիճակացոյցի հարցերից մէկը վերաբերում էր պանդուխտների թուին, ինչպէս նաեւ առաջարկւում էր նշել, թէ յատկապէս ո՛ր երկրներում են նրանք գտնւում։
Ըստ Սեբաստիայի թեմից ստացուած տուեալների` 42 հայաբնակ բնակավայրերում հաշուառուել էր 50.308 հայ բնակչութիւն եւ 5․835 հայ պանդուխտ։ Այսինքն, պանդուխտների մասնաբաժինը ընդհանուր հայ բնակչութեան մէջ մօտ 10% եւ, համապատասխանաբար, հայ արական բնակչութեան մէջ մօտ 20% էր (ըստ բնակավայրերի տուեալները տե՛ս Աղիւսակ 1-ում) [17]։
Կիւրինի թեմում հաշուառուել էր 37․023 հայ բնակչութիւն եւ 3․518 հայ պանդուխտ։ Դրանից ելնելով` պանդուխտների թիւն ընդհանուր հայ ազգաբնակչութեան մէջ մօտ 8% եւ, համապատասխանաբար, հայ արական ազգաբնակչութեան մէջ մօտ 16% էր։ Որպէս պանդխտութեան ուղղութիւններ նշւում են Ամերիկան (ԱՄՆ եւ Կանադա), «Եւրոպան» (եւրոպական երկրներ), Ռուսաստանը եւ Թուրքիայի ներքին գաւառները (ըստ բնակավայրերի տուեալները տե՛ս Աղիւսակ 2-ում) [18]։
Շապին Գարահիսարի թեմում հաշուառուած հայ բնակչութեան թիւը 22․684 էր, հայ պանդուխտների թիւը` 2․847 հոգի։ Այսինքն, պանդուխտների թիւն ընդհանուր հայ ազգաբնակչութեան մէջ մօտ 11% եւ, համապատասխանաբար, հայ արական ազգաբնակչութեան մէջ մօտ 22% էր։ Որպէս պանդխտութեան ուղղութիւններ նշւում են Կ. Պոլիսը, Իզմիրը, Ամերիկան, Ռուսաստանը, բալկանեան երկրները (Բուլղարիա, Ռումինիա), Յունաստանը (Կաւալա) (ըստ բնակավայրերի տուեալները տե՛ս Աղիւսակ 3-ում) [19]։

Ամասիա-Մարզուանի թեմի հայ բնակիչների եւ պանդուխտների թիւն ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, համապատասխանաբար, 31․513 եւ 478 հոգի էր։ Այսինքն, պանդուխտների թիւը թեմի ընդհանուր հայ ազգաբնակչութեան մէջ համեմատաբար ցածր էր` մօտ 1,5% եւ, համապատասխանաբար, հայ արական ազգաբնակչութեան մէջ մօտ 3%։ Որպէս պանդխտութեան ուղղութիւններ նշւում են Կ. Պոլիսը, Սամսունը, Բաֆրան, Ամերիկան, Ռուսաստանը, եւրոպական երկրները (Իտալիա, Ֆրանսիա եւ Անգլիա), Եգիպտոսը (ըստ բնակավայրերի տուեալները տե՛ս Աղիւսակ 4-ում) [20]:
Եւդոկիայի թեմի հայ բնակիչների եւ պանդուխտների թիւն ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, համապատասխանաբար, 32․281 եւ 511 հոգի էր։ Թեմում պանդուխտների թիւն ու մասնաբաժինը ընդհանուր եւ արական հայ ազգաբնակչութեան մէջ նոյնպէս ցածր էր` համապատասխանաբար 1,5% եւ 3%։ Որպէս պանդխտութեան ուղղութիւններ նշւում են Կ. Պոլիսը, Իզմիրը, Եգիպտոսը, Ամերիկան, Ռուսաստանը, Բուլղարիան (ըստ բնակավայրերի տուեալները տե՛ս Աղիւսակ 5-ում) [21]։
Այսպիսով, ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, Սեբաստիայի նահանգի տարածքում հաշուառուել էր 186․998 հայ, որից 173․809-ը՝ առկայ ազգաբնակչութիւն եւ 13.189-ը՝ պանդուխտ, այսինքն, պանդխտութեան մէջ էր Սեբաստիայի նահանգի հաշուառուած ընդհանուր հայ ազգաբնակչութեան մօտ 7%-ը եւ, համապատասխանաբար, հայ արական ազգաբնակչութեան մօտ 14%-ը [22]։ Սեբաստիայի (ներառեալ Կիւրինը) եւ Շապին Գարահիսարի գաւառների ընդհանուր հայ ազգաբնակչութեան եւ հայ արական բնակչութեան մէջ պանդուխտների յարաբերակցութիւնն աւելի բարձր էր` համապատասխանաբար` մօտ 10% եւ 20%։ Պանդխտութեան ցուցանիշներով առանձնանում էր Կիւրին քաղաքը, որտեղ հաշուառուած 11․133 ընդհանուր հայ ազգաբնակչութիւնից մօտ 2․500-ը, այսինքն` 22,4%-ը (հայ արական բնակչութեան 44,8%-ը) պանդուխտ էր։ Հայոց ցեղասպանութեան նախօրեակին սեբաստահայութեան պանդխտութեան հիմնական ուղղութիւնը շարունակում էր մնալ ներքինը` Կ. Պոլիս, Զմիւռնիա, Կիլիկիա, Հալէպ, Սեւ ծովի նաւահանգիստներ եւ այլն։ Թափ հաւաքող յաջորդ ուղղութիւնը ԱՄՆ-ն (ներառեալ Կանադան) էր։ Նահանգի արեւելեան շրջաններից, յատկապէս Շապին Գարահիսարից շատ էր դէպի Ռուսական կայսրութիւն (Բաթում, Թիֆլիս) պանդուխտների հոսքը։ Պանդխտութեան այլ ուղղութիւններից էին բալկանեան (Յունաստան, Բուլղարիա, Ռումինիա) ու արեւմտաեւրոպական երկրները։

Աղիւսակ 1. Սեբաստիայի թեմի (առաջնորդական շրջանակ) հայ բնակիչների եւ պանդուխտների թիւն ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների
| Բնակավայր | Հայ բնակչութեան թիւ | Պանդուխտների թիւ | |
1 | Սեբաստիա | 19,507 | 2,970 |
2 | Զարա | 3,040 | 135 |
3 | Գարապողազ | 462 | 43 |
4 | Ալաքիլիսէ | 1,146 | 134 |
5 | Քարհատ | 718 | 83 |
6 | Թէքէլլի | 168 | 11 |
7 | Տիվիկսէ | 202 | 29 |
8 | Թոտորակ | 720 | 179 |
9 | Ճէնճին | 278 | 42 |
10 | Իստանօզ/Սթանոս | 710 | 90 |
11 | Եարասար | 1,250 | 158 |
12 | Բրաբերդ | 622 | 43 |
13 | Օղնովիտ | 130 | 12 |
14 | Պարտիզակ | 600 | 63 |
15 | Չալֆիւրտ | 95 | 11 |
16 | Խորոխոն | 458 | 66 |
17 | Քոթնի | 770 | 60 |
18 | Կամիս | 673 | 92 |
19 | Ղոչասար | 2,037 | 84 |
20 | Կաւռա | 783 | 85 |
21 | Տաւշանլու | 114 | 12 |
22 | Սարը Հաճը | 128 | 20 |
23 | Տուզասար | 2,077 | 303 |
24 | Կովտուն | 1,901 | 212 |
25 | Խանծառ | 790 | 90 |
26 | Խորսանա | 1,335 | 150 |
27 | Ղաւրազ | 600 | 72 |
28 | Դդմաճ | 780 | 49 |
29 | Ֆէրէշէտ ենիճէ | 226 | 38 |
30 | Պինկէօլ (Թախտուտ) | 853 | 43 |
31 | Ղալտի (Ղողալը, Չաթ Էօրէն) | 621 | 54 |
32 | Շիմ Քիւրէկ | 45 | - |
33 | Դաւրա | 1,518 | 150 |
34 | Ենի-խան | 1,461 | 118 |
35 | Սարը Հասան | 151 | - |
36 | Պարազուտ | 34 | 1 |
37 | Սիվրի | 39 | |
38 | Ինճէսու | 19 | - |
39 | Պիւնեան | 505 | 35 |
40 | Ազիզիէ | 968 | 40 |
41 | Քէչէիւրտ | 1,100 | 25 |
42 | Իշխանի | 674 | 33 |
Ընդամէնը | 50,308 | 5,835 |
Աղիւսակ 2. Կիւրինի թեմի հայ բնակիչների եւ պանդուխտների թիւն ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների
Բնակավայր | Հայ բնակչութեան թիւ | Պանդուխտների թիւ | Պանդուխտները ո՞ր քաղաքներում կամ երկրներում են | |
1 | Կիւրին եւ կենտրոնին կից գիւղեր | 8,633 | 2,500 | Ամերիկա, Եւրոպա, Ռուսաստան եւ Թուրքիա |
2 | Տարէնտէ եւ իր գիւղեր | 2,847 | 170 | Ամերիկա եւ Թուրքիա |
3 | Թոնուսի (Շէհր Գըշլա) քազա | 18,713 | 665 | Արտասահման եւ ներքին գաւառներ |
4 | Պիւնեանի քազա | 4,215 | 183 | Արտասահման եւ ներքին գաւառներ |
5 | Գանղալի քազա | 2,615 | - | - |
Ընդամէնը | 37,023 | 3,518 | - |


Աղիւսակ 3. Շապին Գարահիսարի թեմի հայ բնակիչների եւ պանդուխտների թիւն ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների
Բնակավայր | Հայ բնակչութեան թիւ | Պանդուխտների թիւ | Պանդուխտները ո՞ր քաղաքներում կամ երկրներում են | |
| Շապին Գարահիսարի գաւառակ | ||||
1 | Շապին Գարահիսար | 4,918 | 649 | Ռուսաստան, Ամերիկա, Բուլղարիա |
2 | Թամզարա | 1,518 | 403 | Կիրասոն, Ռուսաստան, Եգիպտոս, Ամերիկա եւ այլն |
3 | Պուսէյիտ | 510 | 77 | Կաւալա, Ռուսաստան, Ռումինիա |
4 | Աներղի | 646 | 98 | Կաւալա, Ռուսաստան, Ռումինիա |
5 | Չրտախ | 667 | 88 | Կ. Պոլիս, Բուլղարիա, Կաւալա, Եգիպտոս |
6 | Ծիպեռի | 752 | 147 | Կ. Պոլիս, Ռուսաստան, Բուլղարիա եւ այլն |
7 | Լթառիճ | 86 | 5 | - |
8 | Ճիշ քէօյ | 7 | - | - |
9 | Չոնլու | 23 | - | - |
Ընդամէնը Շապին Գարահիսարի գաւառակ | 9,127 | 1,467 | - | |
| Սուշեհիրի (Անդրէասի) գաւառակ | ||||
1 | Անդրէաս | 2,784 | 245 | Կ. Պոլիս, Ամերիկա, Բուլղարիա, Ռուսաստան եւ այլն |
2 | Մշակնոց | 844 | 106 | Ռուսաստան, Բուլղարիա, Ռումինիա եւ այլն |
3 | Բիւրք | 1,716 | 148 | Ռուսաստան, Բուլղարիա, Ռումինիա եւ այլն |
4 | Սիս | 785 | 50 | Կ. Պոլիս, Ամերիկա եւ այլն |
5 | Էսկիշեհիր | 352 | 46 | Ռուսաստան, Կ. Պոլիս եւ այլն |
6 | Կթանոց | 325 | 33 | Կ. Պոլիս եւ այլն |
7 | Գոմէշտուն | 107 | - | - |
8 | Պալատիզ | 30 | - | - |
9 | Շէյխլի | 5 | - | - |
10 | Քէչէլի | 20 | - | - |
11 | Պետրի | 10 | - | - |
12 | Տեւրիշպէյ աղըլը | 5 | - | - |
13 | Եէնի գիւղ | 214 | 13 | Կ. Պոլիս |
14 | Պէյ Չիֆթլիկի | 76 | - | - |
15 | Վերի Ածպտեր | 1,614 | 300 | Կ. Պոլիս, Ռուսաստան, Բուլղարիա, Ռումինիա |
16 | Վարի Ածպտեր | 875 | 100 | Կ. Պոլիս |
17 | Աղրավիս | 923 | 113 | Կ. Պոլիս |
18 | Ղրրաճ | 104 | 10 | Կ. Պոլիս |
19 | Ալամոնիկ | 219 | 15 | Կ. Պոլիս |
20 | Իւզէնկի | 29 | 3 | Կ. Պոլիս |
21 | Խիւրտիւկ | 139 | 28 | Կ. Պոլիս |
22 | Սեւինտիկ | 375 | 30 | Կ. Պոլիս |
23 | Դմլուճ | 173 | 15 | Կ. Պոլիս |
24 | Աւդունտու | 126 | 8 | Կ. Պոլիս |
25 | Ապանա | 444 | 50 | Կ. Պոլիս |
26 | Ղաւախ | 41 | 7 | Կ. Պոլիս |
27 | Համամ | 197 | 15 | Կ. Պոլիս |
28 | Չորխախ | 100 | 15 | Կ. Պոլիս |
29 | Թանտըրճըգ | 53 | - | - |
30 | Չամլըճա | 45 | - | - |
31 | Աղուանիս | 700 | 30 | Իզմիր, Կ. Պոլիս, Ամերիկա եւ այլն |
32 | Ալըճորա | 37 | - | - |
33 | Մուշաղ | 90 | - | - |
Ընդամէնը Սուշեհիրի (Անդրէասի) գաւառակ | 13,557 | 1,380 | ||
Ընդամէնը Շապին Գարահիսարի գաւառ | 22,684 | 2,847 | ||
Աղիւսակ 4. Ամասիա-Մարզուանի թեմի հայ բնակիչների եւ պանդուխտների թիւն ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների
Բնակավայր | Հայ բնակչութեան թիւ | Պանդուխտների թիւ | Պանդուխտները ո՞ր քաղաքներում | |
1 | Ամասիա | 13,788 | 350 | Կ. Պոլիս, Սամսուն, Ամերիկա, Ռուսաստան, Եւրոպա եւ Եգիպտոս |
2 | Մարզուան | 10,381 | 82 | Ամերիկա, Եգիպտոս, Իտալիա, Ֆրանսիա եւ Անգլիա |
3 | Լիճ | 145 | - | - |
4 | Սիմ-Հաճի գիւղ | 4,064 | 31 | Ամերիկա, Ռուսաստան եւ Եգիպտոս |
5 | Եէնիճէ գիւղ | 140 | - | - |
6 | Մէճիտէօզիւ | 700 | - | - |
7 | Վեզիր-քէօփրիւ | 1,612 | 15 | Բաֆրա, Սամսուն եւ Եգիպտոս |
8 | Հաւզա | 333 | - | - |
9 | Լատիկ | 300 | - | - |
10 | Եարըմճա գիւղ | 50 | - | - |
Ընդամէնը Ամասիայի թեմ | 31,513 | 478 |
Աղիւսակ 5. Եւդոկիայի թեմի հայ բնակիչների եւ պանդուխտների թիւն ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների
Բնակավայր | Հայ բնակչութեան թիւ | Պանդուխտների թիւ | Պանդուխտները ո՞ր քաղաքներում կամ երկրներում են | |
1 | Եւդոկիա (Թոգատ) իր գիւղերով | 17,480 | 309 | Կ. Պոլիս, Իզմիր, Եգիպտոս, Ամերիկա, Ռուսաստան, Բուլղարիա եւ Թուրքիայի զանազան քաղաքները |
2 | Զիլէ իր գիւղերով | 4,283 | 58 | Ամերիկա, Եգիպտոս, Ռուսաստան եւ Թուրքիայի զանազան քաղաքները |
3 | Հէրէկ կամ Էրպաա իր գիւղերով | 6,948 | 100 | Կ. Պոլիս, Ամերիկա, Ռուսաստան եւ այլն |
4 | Նիկսար իր գիւղերով | 3,560 | 44 | Ամերիկա, Ռուսաստան, Եւրոպա եւ այլն |
5 | Ռեշատիէ իր գիւղերով | 10 | - | - |
Ընդամէնը Եւդոկիայի թեմ | 32,281 | 511 |
Սեբաստահայերի՝ պանդխտութեանն առնչուող սովորութիւնները
Պանդխտութեան կամ «ղուրբեթի» (թուրք.) մեկնելը ուղեկցւում էր զանազան սովորութիւններով։ Մեկնելու օրը պանդուխտի տանը հաւաքւում էին հարազատներն ու մտերիմները, որոնք նրան ճամբայ էին դնում «օղիի վերջին գաւաթը պարպելով յաջողութեան մաղթանքներով» [23]։ Ազգականներից ոմանք պանդուխտին ընծայում էին եազմա, ոմանք` գուլպայ եւ ոմանք էլ` ուտելիք: Կանայք սովորաբար ժողովւում էին առանձին սենեակի մէջ` լացուկոծով ողբալով հարազատի մեկնումը (ողբն արդարացուած էր, պանդխտութիւնը տեւում էր տարիներ, եթէ ոչ տասնամեակներ, շատերը մահանում էին օտարութեան մէջ)։ Երբ հասնում էր մեկնելու ժամը, պանդուխտը համբուրում էր մօր, կնոջ եւ այլ ազգակից կանանց ձեռքերը, նրանք էլ փոխադարձաբար համբուրում էին պանդուխտի աչքերն ու ճակատը` օրհնութիւն տալով ճանապարհելուց առաջ [24]:
Տղամարդ ազգականները ուղեկցում էին պանդուխտին մինչեւ բնակավայրի վերջը, որտեղ նա միանում էր պանդուխտներից, վաճառականներից եւ այլ ուղեւորներից կազմուած քարաւանին։ Սովորաբար պանդխտութեան էին մեկնում 5-10, երբեմն` 20-30 անձանցից կազմուած խմբերով` նախապէս պայմանաւորուելով ջորեպանի հետ՝ նրա վարձն ու ճամբայ ելնելու օրը որոշելով [25]։
Պանդուխտի մեկնելու օրը երեկոյեան նրա ընտանիքի անդամները գնում էին եկեղեցի` «բարի ճանապարհ» հայցելու [26]:
Ճանապարհին պանդուխտներն ըստ հնարաւորութեան մէկ կամ աւելի նամակներ էին ուղարկում տնեցիներին՝ «սելամիին (ողջամբ) այս ինչ քաղաք կամ գիւղն հասանք» բովանդակութեամբ։ Տուն նամակ էր ուղարկւում նաեւ Պոլիս կամ այլ պանդխտութեան վայր հասնելուն պէս [27]։
Հետագայում եւս պանդուխտները ձգտում էին պահպանել հայրենիքում թողած ընտանիքի հետ հաղորդակցութիւնը` իրենց կացութեան, դէպքերի ու պէտքերի մասին գրելով, վաստակած դրամի մի մասը տուն ուղարկելով: Նամակներում պանդուխտը ծնողներից խնդրում էր «օրհնող տուաճի (աղօթող) լնիք, հարսին եւ տղոցն վրայէն նազարնիդ (աչքերը) պակաս չանէք», կնոջը պատուիրում էր «մեծերուդ հնազանդ լնիս, տղոցն մուղէթ եղիր (ուշադիր եղիր, հսկիր)», «դուն քեզ գիտնաս» (պատիւը պահելու, ամուսնուն չդաւաճանելու ակնարկ), «ժամէ, աղօթքէ ետ չկենաս» եւ այլն [28]:
Քանի տղամարդիկ պանդխտութեան մէջ էին, կանայք ընտանեկան պէտքերը հոգալուց բացի ստիպուած էին զբաղուել նաեւ հողագործութեամբ` մշակելով, յատկապէս, տնամերձ այգիները։ Այսպէս, Կիւրինի Աշուր թաղի կանանց մասին հաղորդւում է, որ նրանք վարժ էին բահ ու բրիչ գործածելու մէջ [29]։ Ընդհանրապէս, կիւրինցիները նկարագրւում էին որպէս «հիւրասէր, քաղցրաբարոյ եւ մարդասէր», նշւում էր, որ նրանք «շատ կը սիրեն պանդուխտները՝ իրենք պանդխտութեան վարժ լինելով» [30]:
Կանայք իրենց պանդուխտ ամուսինների նկատմամբ կարօտն արտայայտում էին հայերէն եւ թուրքերէն անտունիների` պանդխտութեան, սիրոյ եւ կարօտի թեմաներով երգերի միջոցով։ Այսպէս, Կիւրինում տարածուած էր՝ «Ըլլայի, ըլլայի» երգը.
Ըլլայի, ըլլայի,
Պեզիրկան [վաճառական] ըլլայի բեռդ բառնայի,
Սըվըրճըխ ըլլայի վրադ դառնայի,
Լեզուս բալլինք ըլլար սիրտդ բանայի։
Ըլլայի, ըլլայի,
Թավսիրճի [նկարիչ] ըլլայի, թավսիրդ հանէի,
Ամեն կարօտնալուս առջեւս առնէի,
Վարդի ծառ ըլլայի, դուռդ բուսնէի,
Ամէն առաւօտին սրտիդ բացուէի։
Տալղա [ալիք], տալղա կու գայ Պոլիսի ծովը,
Ինչ անուշ կը փչէ սեւտային հովը,
Տէրը նասիպ [արժան] ընէր, երթայի քովը,
Առնէի մուրատս, ընկնէի ծովը» [31]։

Կային նաեւ պանդուխտների հետ կապուած սնոտի սովորութիւններ։ Օրինակ, որպէսզի պանդուխտը շուտ վերադառնայ տուն, պէտք էր նրան ճամբելու հացի պաշարից գաղտնի հացի կտոր վերցնել եւ պահել [32]։
Դէպի Կ. Պոլիս եւ Զմիւռնիա պանդխտութեան միջին տեւողութիւնը 5-7 տարի էր, սակայն երբեմն տեւում էր 10, 20 կամ աւելի տարի: Առաջին անգամ պանդխտութեան էին մեկնում, որպէս կանոն, 18-20 տարեկանում։ Պանդխտութեան մեկնել պատրաստուող երիտասարդին ամուսնացնում էին, որպէսզի նա չօտարանայ եւ կապուած մնայ ծննդավայրին ու օջախին։ Տղամարդը մեկնում էր պանդխտութեան ամուսնութիւնից մի քանի ամիս անց` կնոջը յղի թողնելով։ Երբեմն պատահում էր, որ երեխան ծնւում, մեծանում էր առանց պանդուխտ հօրը տեսնելու։ Եթէ աղջիկ էր` 14-15 տարեկանում նրան ամուսնացնում էին առանց հօր վերադարձն սպասելու [33]։
Երբեմն տղամարդիկ պանդխտութեան էին մեկնում իրենց անչափահաս` 10-12 տարեկանը լրացած որդիների հետ։ Այս կապակցութեամբ շրջանառւում էր հետեւեալ զուարճապատումը. «Անգամ մը, փոքրիկ տղուն մէկը, որ իր հօր հետ Պոլիս կ’երթար, առաջին գիշերը, իջեւանի մը մէջ օթեւանած միջոցին, կը սկսի հեկեկալ։ Հայրը, յուզուած, տղուն կը հարցնէ. «Ինչո՞ւ ատանկ կու լաս, որդիս»։ Տղեկը կը պատասխանէ. «Մարըս կ’ուզիմ ես, մարի՜կս»։ Այն ատեն, հայրն ալ իր աչքին արցունքը սրբելով, կ’ըսէ. «Ըմպա ե՞ս ինտոր կ’ուզիմ մարիկդ, տղաս, բայց չի կա՜յ...» [34]։
Պանդխտութեան գնացածներից ոչ բոլորն էին վերադառնում։ Ոմանք մաշւում, գոյութիւն էին քարշ տալիս պանդոկների մութ անկիւններումذ յաճախ տրուելով հարբեցողութեանը եւ ի վերջոյ կնքելով իրենց մահկանացուն։ Յատկապէս ԱՄՆ պանդխտութեան մեկնածները, որպէս կանոն, հաստատւում եւ հիմնաւորւում էին նոր երկրում՝ պանդխտութիւնը վերածելով գաղթի եւ աստիճանաբար իրենց մօտ տեղափոխելով կնոջն ու երեխաներին։
Պատահում էին եւ ընտանեկան ողբերգութիւններ։ Սեբաստիայի պանդխտութեան կենտրոններից Կիւրինում շրջանառւում էր ոմն Ակօն էմմիի [35] պատմութիւնը, ով առանց տուն լուր-նամակ ուղարկելու, 20 տարի պանդխտելուց յետոյ, ուշ գիշեր անակնկալ վերադարձել էր տուն եւ տեսնելով տանը կնոջ կողքը պառկած տղամարդու` անմիջապէս սպանել երկուսին, յետոյ միայն իմանալու համար, որ սպանուած երիտասարդը նրա որդին էր [36]։
Եթէ պանդխտութիւնը բարեյաջող ընթացք էր ունենում եւ պանդուխտը յաջողում էր ոչ միայն տուն գումար ուղարկել այլ նաեւ որոշակի գումար հետ գցել, ապա մեկնելուց 5-7 տարի յետոյ որոշում էր վերադառնալ տուն։ Վերադարձը սովորաբար յարմարեցւում էր կաղանդի կամ բարեկենդանի օրերին։ Յատկապէս Սեբաստիայի հարաւային շրջաններ` Կիւրին հասնելն այդ ժամանակ յղի էր մեծ դժուարութիւններով, «որովհետեւ տարուան այդ եղանակին ... ցուրտն ու բուքը իր ծայրագոյն աստիճանին հասած կ’ըլլար»: Կ. Պոլսից եւ Հալէպից տուն վերադարձող կիւրինցի պանդուխտներն ստիպուած էին Սեբաստիայում կամ Այնթապում օրերով սպասել յարմար քարաւանի։ Կային միայն հատուկենտ քարաւաններ, որոնք կը համարձակուէին «այդքան դաժան շրջանի մը արկածալից եւ վտանգաւոր ճամբորդութիւնը գլուխ հանել» [37]։
Եթէ պանդուխտը յաջողում էր իր ընտանիքին նախապէս իմաց տալ հայրենիք վերադառնալու` «սիլա» գալու մասին, ապա նրանք իրենց հերթին տեղեկացնում էին ազգականներին ու բարեկամներին, ինչպէս նաեւ գնում եկեղեցի կամ ուխտատեղի՝ գոհունակութիւն յայտնելու։ Քարաւանի հասնելու օրը պանդուխտի ազգականները, իրենց հետ սնունդ եւ օղի տանելով, ընդառաջ էին գնում եւ նրան դիմաւորում բնակավայրի մատոյցներում, «ուրախ ցոյցերով, խաղեր կանչելով եւ հրացանաձգութիւններ ընելով, ճամբորդը կը բերեն տուն» [38]։ Պանդուխտի տան դռանը հասնելիս, հեծած ձիու ճակատին, ի նշան գոհունակութեան, հաւկիթ էին ջարդում` «կեցցէ քաջ երիվարն որ զուղեւորն անվնաս բերաւ» ասելով: Պանդուխտը, մտնելով տուն, ողջագուրւում էր ծնողների հետ, համբուրում նրանց ձեռքերը, ողջագուրւում հաւաքուած ազգականների եւ բարեկամների հետ, այնուհետ անցնում իրեն առանձին սպասող կնոջ սենեակը։ Եթէ պանդուխտի բացակայութեան նրա զաւակներն ամուսնացել էին, ապա նրան ներկայացնում եւ ծանօթացնում էին հարսերի ու փեսաների հետ։ Պանդուխտի վերադառնալուց յետոյ 3-4 օր նրան աչքալուսանքի այցելութեան էին գալիս ազգականներն ու բարեկամները: Վերադարձած պանդուխտի օջախն օրերով վերածւում էր «հարսանիքի տան», ուր շարունակ հաւաքւում էին մեծ բազմութիւններ` «ժամանողին «բարով ես եկեր» ըսելու եւ իրենց պանդուխտներու մասին հարցումներ ընելու»։ «Աչուընիտ լօս»-ի շնորհաւորանքներին պատասխանում էին. «Տառօսը ձեր խարիպին գլուխը լընի, ուր ան ալ սիլա գայ բարով» [39]։
Սովորաբար դէպի Կ. Պոլիս պանդխտութիւնը միանգամեայ էր. վերադարձած պանդուխտն այլեւս մնում էր իր տանը եւ հետագայում պանդխտութեան էին մեկնում նրա զաւակները: Սակայն պատահում էր, որ պանդխտութիւնից վերադարձածը, վեց ամիս, մէկ տարի կամ մի քանի տարի տանն անցկացնելուց յետոյ, ստիպուած էր լինում նորից բռնել օտարութեան ճանապարհը` պանդխտութիւնը վերածելով շրջափուլերի յաջորդականութեան։
- [1] Turkey №3 (1897). Further Correspondence respecting the Asiatic Provinces of Turkey and Events in Constantinople, London, 1897, p․ 25.
- [2] Նոյնը։
- [3] Robert Mirak, Torn between Two Lands: Armenians in America 1890 to World War I, Cambridge, Mass., Harvard University Press, 1983, p․ 290. 1820-1898 թթ. ԱՄՆ մուտք գործած գաղթականներին պատկան մարմինները գրանցել են ոչ թէ ըստ ազգային պատկանելութեան, այլ ըստ աշխարհագրական ծագման, այսինքն՝ ըստ նրանց ելքի երկրների։ Ընդ որում, Օսմանեան կայսրութիւնից գաղթածները մինչեւ 1868 թ. գրանցուել են որպէս «Եւրոպական Թուրքիայից», իսկ 1869 թուից՝ նաեւ «Ասիական Թուրքիայից» եւ «Հայաստանից» եկածներ։ Այս պատճառով էլ ուսումնասիրողների հաշուարկները նշուած ժամանակաշրջանի համար մօտաւոր են (Քնարիկ Ռ. Աւագեան, «Հայերի գաղթը Ամերիկայի Միացեալ Նահանգներ (1834 – 1924 թթ.)», Լրաբեր հասարակական գիտութիւնների, Երեւան, 1996, թիւ 1, էջ 97)։
- [4] Նոյնը։
- [5] Robert Mirak, Torn between Two Lands: Armenians in America 1890 to World War I, p. 290.
- [6] Ըստ ամերիկահայ ուսումնասիրող Մալքոլմ Վարդան Մալքոմի հաշուարկի` 1899-ից 1917 ԱՄՆ մուտք է գործել Օսմանեան կայսրութիւնից գաղթած 46.474 հայ։ Համեմատութեան համար` Ռուսական կայսրութեան տարածքից ԱՄՆ գաղթած հայերի թիւը նոյն ժամանակաշրջանի համար 3.034 հոգի էր (Malcolm Vartan Malcom, The Armenians in America, Cambridge, Mass., Pilgrim Press, 1919, p. 67)։
- [7] Կ. Վ. Մուրատճեան, «Կովտուն եւ իր շրջակաները», Հող-Դար, շաբաթաթերթ հասարակական-քաղաքական, Սեբաստիա, 7 յունիս 1914, էջ 2։
- [8] Վահէ, «Տիվրիկի շրջակայ հայ գիւղերը», Հող-Դար, 19 ապրիլ 1914, էջ 2։
- [9] Նոր Սեբաստիա, պաշտօնական օրկան Համասեբաստացիական շինարար միութեան կեդրոնական վարչութեան, Նիւ Եորք, սեպտ.-նոյ. 1946, էջ 789-790։
- [10] Նոր Սեբաստիա, տեղեկատու պաշտօնաթերթ Համասեբաստահայ վերաշինաց միութեան կեդրոնական վարչութեան, Նիւ Եորք, փետրուար 1968, էջ 39։
- [11] Նոր Սեբաստիա, երկամսեայ տեղեկատու պաշտօնաթերթ Համասեբաստահայ վերաշինաց միութեան կեդրոնական վարչութեան, Նիւ Եորք, մարտ 1977, էջ 53։
- [12] Արսէն Մատօեան, «Յաղթ գիւղի միութենէն», Ալիս, պաշտօնական տեղեկաբեր Նոր Սեբաստիոյ համագործակցական ընկերութեան, Նիւ Եորք, փետրուար 1926, էջ 3 («Օսմ. Սահմանադրութիւնը առիթ մը եղաւ, որ երիտասարդութիւնը պանդուխտի ցուպը ձեռք առնելով՝ բաղդ որոնէր դէպի օտարութիւն։ Ահաւասիկ Յաղթ գիւղի Ամերիկայի մէջ գտնուող երիտասարդութիւնը այդ անօրինակ գաղթի պտուղն է, որ մասամբ բաղդաւոր է»)։
- [13] Տե՛ս Միութեան հիմնադիր Գէորգ Տէրտէրեանի մահախօսականը «Նոր Սեբաստիա» պարբերականում (Նոր Սեբաստիա, պաշտօնական օրկան Համասեբաստացիական շինարար միութեան, Նիւ Եորք, սեպտ.-նոյ. 1947, էջ 875)։
- [14] Հետագայում` Կովտունի վերաշինաց միութիւն։
- [15] Վահան Համբարձումեան, Գիւղաշխարհ. Պատմական, ազգագրական ուսումնասիրութիւն, Փարիզ, 1927, էջ 262։
- [16] Սեբաստացի մը, «Պանդուխտի կեանքէն», Հող-Դար, 26 ապրիլ 1914, էջ 2։
- [17] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/2, թերթեր 34-35 (ցաւօք, պանդխտութեան ուղղութիւնները նշուած չեն)։
- [18] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/2, թերթեր 37-45։
- [19] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/2, թերթեր 1-29։
- [20] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/2, թերթ 31։
- [21] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/2, թերթ 32։
- [22] Տիվրիկի տուեալները բացակայում են։
- [23] Ս. Մ. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, տպարան Ա. Յ. Լեյլէկեան, 1947, էջ 96։ Տե՛ս նաեւ Յովսէփ Կ. Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի, 1895, էջ 120։
- [24] Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, էջ 96։ Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 120-121։
- [25] Նոյնը։
- [26] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 121։
- [27] Նոյնը։
- [28] Նոյնը։
- [29] Հայր Սուքիաս Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Ա հատոր, Բ գիրք, Վենետիկ – Ս. Ղազար, 1907, էջ 437։
- [30] Նոյնը։
- [31] Վարդան Ս. Թեմուրճեան, Գամիրքի հայերը, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1970, էջ 118։
- [32] Նոյնը, էջ 194 («Կուզես, որ պանդուխտդ շուտ վերադառնայ — անոր ճամբու պաշարէն հաց մը գաղտնի վերցուր ու պահէ»)։
- [33] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 122։
- [34] Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, էջ 29։
- [35] Հօրեղբայր (արաբ.)։
- [36] Պետրոս Մինասեան, Պատմագիրք Կիւրինի, Պէյրութ, տպարան «Սեւան», 1974, էջ 368։
- [37] Նոյնը, էջ 369։
- [38] Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, էջ 29։
- [39] Նոյնը։ Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 122։





