Տեսարան Սեբաստիա/Սիվաս քաղաքից։ Սեւ-ճերմակ այս պատկերը գունաւորուած է MyHeritage.com-ի միջոցաւ։

Սեբաստիա/Սիվաս – Պանդխտութիւն (Ա.)

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 12/12/25 (վերջին փոփոխութիւնը՝ 12/12/25)

«Հայուն չափ հին էր պանդխտութիւնը։

Երիտասարդ մը, հազիւ նոր ամուսնացած, քօղազարդ հարսը դռանն ետեւ թողուցած` իր մեղրամիսը կ’անցընէր մեծ քաղաքներուն խաներուն անկիւնը, համալի թամբին տակ, օջախի ու գգուանքի, արօրի ու խոփի կարօտը սրտին մէջ։

... Սեբաստահայն ալ ճաշակեր էր գաղթականութիւնը բռնութեան ճամբով, եւ խումբ-խումբ քաղաքներէն ու անյայտ գիւղերէն քամուեր էր լիմոնի պէս։ Ամերիկա, Ֆրանսա, Եգիպտոս, Պուլկարիա, Ռումանիա, Յունաստան, Սուրիա, Սեւ ծովուն եզերքները, Կովկաս, Պարսկաստան, Միջագետք, Պոլիս եւ այլուր արմատներ էր ձգեր, հայրենակցական միութիւններ ստեղծեր եւ բոլորուեր էր անոնց շուրջը» [1]։

Ընդհանուր տեղեկութիւններ Սեբաստիայի նահանգի հայ բնակչութեան մասին։ Դէպի Սեբաստիա եւ Սեբաստիայից հայերի գաղթերն առ XVIII դարի վերջ

Սիվաս/Սեբաստիայի նահանգը Օսմանեան կայսրութեան վեց արեւելեան հայաբնակ վիլայեթներից մէկն էր։ Ստեղծուելով 1867 թ. Սեբաստիայի էյալեթի կամ փաշայութեան հիմքի վրայ` այն ընդգրկում էր պատմական Փոքր Հայքի, Առաջին եւ Երկրորդ Հայք նահանգների եւ Գամիրքի (Կապադովկիա) տարածքները, սահմանակից էր հիւսիս-արեւելքից` Տրապիզոնի, արեւելքից` Կարինի (Էրզրումի), հարաւ-արեւելքից` Խարբերդի, հարաւից` Ադանայի եւ Հալէպի (Մարաշի գաւառի (սանջակի) միջոցով), արեւմուտքից` Անգորայի եւ հիւսիս-արեւմուտքից` Կաստամոնուի նահանգներին։

XIX դարի վերջերին – XX դարի սկզբներին նահանգը բաժանուած էր Սիվաս/Սեբաստիայի (կենտրոնական), Շապին Գարահիսարի, Թոքատի (Եւդոկիայի) եւ Ամասիայի գաւառների` իրենց ենթակայ գաւառակներով (քազա) եւ գիւղախմբերով (նահիէ)։

Ըստ ֆրանսիացի վիճակագիր Վիթալ Քինէի տուեալների` Սեբաստիայի նահանգի տարածութիւնը մօտ 83․700 քառ. կմ էր, այդ թւում Սեբաստիայի կենտրոնական գաւառը` 39․450 քառ. կմ [2]։

Փոքր Հայքի ու Գամիրքի տարածքները հնագոյն ժամանակներից հանդիսացել են արմէնների (Թոգարմա) ցեղախմբի օրրանը` հետագայում դառնալով հայ ժողովրդի կազմաւորման կենտրոններից մէկը։ Վաղ միջնադարում Փոքր Հայքի եւ Գամիրքի հայ ազգաբնակչութեան մեծ մասը, ենթարկուելով յունալեզու գերիշխող միջավայրի ազդեցութեան, յունացուել եւ ուծացուել է` կորցնելով իր ազգային նկարագիրը։ Դրա հետ մէկտեղ, հայ ազգաբնակչութեան մէջ նոր քանակ ու որակ են ստեղծել VIII դարի կէսերից մինչեւ XI դարի վերջերը, այսինքն` արաբական արշաւանքներից սկսած մինչեւ սելջուկեան ներխուժումները, բուն Հայաստանի տարածքից դէպի արեւմուտք հայերի գաղթերը [3]։

Այդ գաղթերից առաւել նշանաւորը տեղի է ունեցել 1021 թուականին, երբ Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագաւորը յանձնել է իր տիրոյթները Բիւզանդիայի Բարսեղ Բ կայսեր` փոխարէնն ստանալով Սեբաստիա քաղաքը եւ յարակից շրջանները։ Սենեքերիմի հետ Սեբաստիա է տեղափոխուել նրա զօրագունդը` մօտ 14․000 տղամարդ, որոնց հետ նաեւ նրանց կանայք ու երեխաները [4]։

Ուշ միջնադարում Սեբաստիայի նահանգի տարածքը հայերի թէ՛ ներգաղթի, թէ՛ արտագաղթի հանգոյց էր։ Այստեղ էին գաղթում թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանի այլ շրջանների հայերը, որոնց մի մասը առժամանակ կամ մշտապէս հաստատւում էր Սեբաստիայի խոշոր բնակավայրերում` զբաղուելով արհեստներով ու առեւտրով [5], միւս մասը, ինչպէս եւ Սեբաստիայի բնիկ հայութիւնը գաղթում էր դէպի արեւմուտք` Փոքր Ասիայի արեւմտեան շրջաններ եւ յատկապէս Կոստանդնուպոլիս [6]։

1453 թ. Կոստանդնուպոլիսը գրաւելուց եւ այն Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք դարձնելուց յետոյ օսմանցի սուլթանները զարկ են տալիս նրա զարգացմանը` այդ թւում խրախուսելով այնտեղ հայերի տեղափոխումն ու հաստատումը։ Պոլիսը դառնում ու մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը մնում է արեւմտահայերի ներքին գաղթի հիմնական ուղղութիւնը` «հայ գաղթականութեան մէջ մեծագոյնը եւ աշխարհի ամէնէն հայաշատ քաղաքը» [7]։

Սեբաստահայերի` դէպի Պոլիս գաղթը վկայուած է արդէն XV դարի երկրորդ կէսից։ Այսպէս, Պոլիս է տեղափոխուել եւ օսմանեան արքունիքում ընդունելութիւն է գտել հայ մեծանուն բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին (1420-1496) [8]։ 1567 թ. Պոլսում առաջին հայ տպարանն է հիմնել Աբգար Թոխատեցին (Եւդոկիացի)` այնտեղ հրատարակելով «Փոքր քերականութիւն» (1567), «Ժամագիրք», «Պատարագամատոյց» (1568), «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568) եւ «Մաշտոց» (1569) գրքերը [9]։ Սեբաստացի հայերի` մայրաքաղաքում ազդեցութիւն ունենալու ցուցիչ են Կ. Պոլսոյ հայոց պատրիարքի աթոռն զբաղեցրած, ծնունդով Սեբաստիայից եկեղեցականները` Խաչատուր Սեբաստացին (1642-1643), Ղազար Սեբաստացին (1660-1663), Յովհաննէս Ամասիացին (1674-1675), Գալուստ Կայծակ Ամասիացին (1703-1704), Աւետիք Եւդոկիացին (1702-1706) [10]։

Ջալալիների ասպատակութեան հետեւանքով 1602 թ. Թոքատից Փոքր Ասիայի այլ բնակավայրեր եւ Պոլիս են անցել բազում հայեր: Բանաստեղծ Ստեփանոս Թոխատեցին թողել է այդ գաղթի հետեւեալ նկարագրութիւնը.

Երբ չարն եկաւ յանկարծակի,
Սեւ Եազըճին ի Թոխաթի
Ցրուեց զամենն ոնց փոշի,
Ձըգեց զամենն մի մի տեղի։
Ոմանք գնացին յԸստամպօլի,
Ոմն ի Պուրսայ, յԱտրանայի [11],
Շատք գընացին յՈւռումէլի,
Ֆըռանկաց տուն, Պուղտան [12], Լեհի» [13]։

Այդ ժամանակ` մօտ 1600 թ., Սեբաստիայի Պարտիզակ գիւղից գաղթած հայերը հիմնադրել են Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքին մերձակայ համանուն Պարտիզակ բնակավայրը [14]։

Ծագումով Սեբաստիայի նահանգից էին Պոլսի որոշ հայկական ամիրայական տները [15]։ Այսպէս, Տիվրիկից էր կաթոլիկադավան Տիւզեանների տոհմը, որի ներկայացուցիչները ժառանգաբար արքունի ոսկերիչներն էին եւ կայսերական փողերանոցի վարիչները [16]։

Սեբաստահայերի դէպի Պոլիս պանդխտութիւնը XIX դարի երկրորդ կէսին

XVIII դարի վերջին եւ XIX դարի առաջին կէսին, Արեւմտեան Հայաստանի շրջանների նկատմամբ օսմանեան կենտրոնական իշխանութիւնների վերահսկողութեան ուժեղացմանը զուգընթաց, սեբաստահայերի գաղթերին փոխարինելու եկաւ պանդխտութիւնը` գումար վաստակելու նպատակով Պոլիս, Օսմանեան կայսրութեան տնտեսապէս աւելի զարգացած այլ շրջաններ կամ օտար երկրներ արտագնայ աշխատանքի մեկնելը։ XIX դարի երկրորդ կէսին Սեբաստիայից ու արեւելեան հայաբնակ այլ գաւառներից դէպի Պոլիս պանդուխտների հոսքը դարձաւ մշտական եւ սկսեց արագ աճել։ Այսպէս, եթէ 1860 թ. տուեալներով Կ. Պոլսում կային 15 հազար հայ պանդուխտներ [17], ապա 1870-ական թուականներին Կ. Պոլսում պանդուխտների թիւը հասնում է 30 հազարի [18], իսկ 1882 թ.` 40 հազարի [19]։ 1890-ական թթ. առաջին կէսին, որոշ հաշւումներով՝ Պոլսոյ մէջ հայ պանդուխտների թիւը հասնում էր 50 [20], նոյնիսկ 60 հազարի [21]։ Սեբաստացիները` վասպուրականցիների եւ մշեցիների հետ միասին, Պոլսում պանդխտող գաւառացի հայերի երեք հիմնական խմբերից մէկն էին [22]։

Սեբաստիայից եւ Արեւմտեան Հայաստանի այլ տարածքներից դէպի Կ. Պոլիս պանդուխտների հոսքի աճը հնարաւոր դարձաւ 1830-ական թթ. կէսերից Սեւ ծովի նաւահանգիստներում նաւագնացութեան ծառայութիւնների շարունակական ընդլայնման շնորհիւ։ Կարինի, Վանի եւ Մուշի հայերը մայրաքաղաք էին հասնում Տրապիզոնի եւ Օրդուի, սեբաստահայերը` Սամսունի եւ Գիրեսունի նաւահանգիստներից երթեւեկող շոգենաւերի միջոցով։ 1860-70-ական թթ. նշուած նաւահանգիստներից Պոլիս էր մեկնում շաբաթական միջինը երեք-չորս շոգենաւ [23]։ 

Շոգենաւերը բեռնատար էին, սակայն նրանք նաեւ տեղափոխում էին ուղեւորներ։ Մէկ նաւում ուղեւորների թիւը երբեմն հասնում էր հարիւրների, որոնց մեծ մասը ճամփորդում էր ծայր աստիճան անյարմար պայմաններում՝ խցկուած նաւի տախտակամածին։ Քանի որ նաւագնացութիւնները յաճախակի էին, նաւահանգիստ հասած պանդուխտները ստիպուած չէին երկար սպասել, իսկ արդէն նաւ բարձրանալուց յետոյ, տուեալ նաւի ժամանակացոյցից կախուած, ընդամէնը մի քանի օրից յետոյ հասնում էին Պոլիս։ Եթէ Սեբաստիայի նահանգից դէպի Կոստանդնուպոլիս մինչեւ 1․500 կմ երկարութեամբ ցամաքային ճանապարհը պահանջում էր չորսից հինգ շաբաթ, ապա ծովային ուղիով կարելի էր մայրաքաղաք հասնել գրեթէ երկու անգամ աւելի կարճ ժամանակում՝ մօտ երկու շաբաթում [24]։

1860-ական թթ. Տրապիզոնից Կ. Պոլիս նաւի տախտակամածի վրայ ուղեւորութեան գինը մօտ 1,2 օսմանեան լիրա էր, հետագայ տարիներին այն նուազեց մինչեւ 1 լիրայի։ Սամսունից ու Գիրեսունից կարելի էր ուղեւորուել մի փոքր աւելի պակաս գնով։ Նոյնիսկ այս գումարը փոքր չէր գիւղացի պանդուխտների համար, եւ նրանցից շատերն ստիպուած էին այն պարտքով վերցնել նախքան պանդխտութեան մեկնելը [25]։

Ինչպէս Արեւմտեան Հայաստանի այլ շրջանների պարագայում` Սեբաստիայից պանդխտութեան հիմնական պատճառները տնտեսական էին` գիւղատնտեսութեան ցածր եկամտաբերութիւնը, հարկային ծանր բեռը, յատկապէս զինուորական տուրքն («բեդել-ի ասկերի») ու աշարը։ 1878 թ. Հայկական հարցի միջազգայնացումից յետոյ դրանց աւելացան նաեւ հետզհետէ ուժգնացող քաղաքական եւ կրօնական ճնշումները` կենտրոնական եւ տեղական իշխանութիւնների քաջալերած՝ քրդերի եւ չերքէզների աւազակութիւնները, սպանութիւններն ու առեւանգումները [26]։ Որպէս սեբաստահայերի պանդխտութեանը նպաստող յատուկ գործօն ժամանակակիցները նշում են 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ Բալկաններից (Ռումելիա) գաղթած եւ գաւառում հաստատուած մուսուլման մուհաջիրների տնտեսական մրցակցութիւնը [27]։

Պոլսում պանդուխտներն ըստ իրենց բնակութեան շրջանների մասնագիտացած էին առանձին արհեստներում։ Պանդուխտ սեբաստահայերի հիմնական զբաղմունքներն էին բեռնակրութիւնն ու հանրային բաղնիքներում սպասաւորութիւնը [28]։ Դէպքերին ժամանակակից հայ հեղինակներից Սարգիս Բդէեանը նշում է, որ արդէն 1870-ական թթ. Պոլսոյ Ղալաթիա թաղը լեցուն էր մշեցի եւ սեբաստացի բեռնակիրներով [29]։

Սեբաստացի եւ շապինգարահիսարցի հայերը մեծամասնութիւն էին կազմում բաղնեպանութեան ոլորտում եւ «միայն Պոլսոյ բաղնիքներուն մէջ 200-էն աւելի կը հաշուին» [30]։ Բաղնիքներում գաւառացի հայերի սպասաւորութիւնը հայ մտաւորականութիւնը դիտարկում էր որպէս «անարգ արհեստ», որին պէտք է վերաբերուել «ամօթով եւ վշտով»։ Նշւում էր, որ հայ պատանիներից շատերի բարոյական եւ ֆիզիկական կորուստն անխուսափելի է «այս ապականեալ մթնոլորտներու եւ այս հակաառողջական զբաղմանց մէջ, ուր շարունակ կը քրտնին ու կը պաղին» [31]։ Մայրաքաղաքում ապրող սեբաստացի երեւելի հայերի ջանքերով սեբաստացի բազմաթիւ պանդուխտներ, որոնք ուզում էին մտնել բաղնիքում սպասաւորութեան, հետ են կանգնել նման որոշումից` նախընտրելով «բեռնակիր լինել քան թէլլաք (բաղնիքում սպասաւորի թուրքերէն անունը – Ռ. Թ.)» [32]։

Ըստ բրիտանացի ուսումնասիրող Քրիստոֆեր Քլայի հաշուարկի` որակաւորում չունեցող եւ պատահական աշխատանք կատարող պանդուխտ բանուորները Կ. Պոլսում վաստակում էին օրական 10 ղուրուշ, ինչը տարեկան 250 օր աշխատելու դէպքում կազմում էր 2․500 ղուրուշ (25 օսմանեան ոսկի) գումար [33]։

Շինարարութեան ոլորտում՝ որպէս աղիւսագործ, քարտաշ, հիւսն եւ այլն, հմտութիւններ ունեցողները կամ նման հմտութիւններ Կ. Պոլսում իւրացրածները վաստակում էին օրական 15 ղուրուշ (տարեկան 37 օսմանեան ոսկի) եւ աւելի [34]։

Բեռնակիրները կամ համալները վճարւում էին ըստ աշխատանքի, ոչ թէ օրավարձով։ Ենթադրւում է, թէ նրանք եւս զգալիօրէն աւելի լաւ էին վաստակում, քան սովորական բանուորները [35]։

Որոշ պանդուխտներ, որոնք յաջողել էին որակաւորում չպահանջող մշտական աշխատանքի անցնել որեւէ օտարերկրեայ ընկերութիւնում, վարձատրւում էին միջինից կրկնակի չափով։ Այսպէս, Ղալաթիա թաղում տեղակայուած Օսմանեան բանկի կենտրոնական գրասենեակում աշխատող հայ բեռնակիրները (hommes de peine), որոնց մեծ մասը Սեբաստիայի նահանգից էր, սովորաբար աշխատանքի էին ընդունւում տարեկան 36 կամ 48 օսմանեան ոսկի վարձատրութեամբ՝ տարուայ վերջին (դեկտեմբերի 31) ստանալով նաեւ առնուազն 3 օսմանեան ոսկի պարգեւավճար [36]։

Հաշուի առնելով, որ Կ. Պոլսում աշխատողները ազատուած էին այն հարկերից, որոնք գաւառներում վճարում էին նոյնիսկ ծայրահեղ աղքատութեան մէջ գտնուողները, ինչպէս նաեւ ընտանիքից հեռու ապրող պանդուխտների ծայրահեղ համեստ կենցաղավարութիւնը, կարելի է ենթադրել, թէ նրանք յաջողում էին իրենց վաստակած գումարի մօտ մէկ երրորդը (աւելի կամ պակաս) խնայել եւ ուղարկել հայրենիք։ Այսպիսով, սեզոնային աշխատանքի մէջ ներգրաւուած պանդուխտները կարող էին տարեկան տուն ուղարկել առնուազն 3-4, իսկ մշտական աշխատանք ունեցողները՝ 9-10 օսմանեան ոսկի [37]։

Շատ դէպքերում պանդուխտները տուն գումար ուղարկելու նպատակով ստիպուած էին դիմել փոլիցաճիների [38] ծառայութեանը, որոնք այդ դրամական փոխանցումների համար բաւականին մեծ վաշխ էին գանձում։ Այսպէս, Պոլսում պանդխտող մի խումբ սեբաստահայերի` Թիֆլիսում հրատարակուող «Արձագանք» շաբաթաթերթին 1882 թ. գրած նամակում նշւում էր, որ վաշխառուները «մարդու մի 10 ոսկի կուտան մէկ ամիսը 1 ոսկիին 5 ղուրուշ տոկոս եթէ երկրին մէջ մնայ. եթէ Պօլիս պիտի խրկուի նէ 1 ոսկիին 15 ղուրուշ վրադիր... այսպիսի ընթացքով 10 ոսկին մի տարուան մէջ 30 կամ 35 ոսկի կ’ըլլայ, այն ժամանակ կ’սկսին մեր արտեր, տուներ, մալեր գրաւել» [39]:

Սեբաստահայ պանդուխտները Պոլսում աչքի էին ընկնում միաբանութեամբ եւ համերաշխութեամբ։ Այսպէս, երբ Հայոց պատրիարքարանը Ղալաթիա թաղում կենտրոնացած հայ պանդուխտներին օժտեց բնիկ թաղեցի հայերի իրաւունքով` թոյլատրելով մասնակցել թաղական խորհուրդների ընտրութիւններին, սեբաստահայերը, շնորհիւ իրենց ինքնակազմակերպման, կարողացան հասնել նրան, որ 1880 թ. փետրուարի 3-ի քուէարկութեամբ ընտրուած 9 անձանցից 3-ը իրենց ներկայացուցիչներն էին, մինչդեռ մշեցի պանդուխտները, որոնք թւով աւելի շատ էին, բաժանուելով խմբաւորումների, չկարողացան անցկացնել որեւէ մէկ սեփական թեկնածու [40]։ Հետաքրքրական է, որ ընտրութիւններից յետոյ տեղի ունեցան բախումներ պանդուխտ մշեցիների եւ սեբաստացիների միջեւ. «Մշեցիք [Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ] եկեղեցւոյ բակին մէջ սեբաստացի եւ ուրիշ պանդուխտներու վրայ յարձակումի սկսան, բիրեր եւ խարազաններ շողալ սկսան, աղաղակներ բարձրացան, եւ եկեղեցւոյ ուխտաւորներուն վայնասունները շատացան» [41]։ Այդ ժամանակ եկեղեցու քարոզչի պաշտօնն զբաղեցնող Մաղաքիա եպիսկոպոս Օրմանեանը ստիպուած էր անձամբ միջամտել. նա հանդարտեցրեց կրքերը «եւ յանդիմանելով ու ամչցնելով՝ բակը պարպելու յաջողեցաւ» [42]։

Պոլսում սեբաստահայ պանդուխտների բազմաշատութեան եւ ինքնակազմակերպման բարձր մակարդակի մասին է վկայում նաեւ այն իրողութիւնը, որ մայրաքաղաքի նշանաւոր հայկական գերեզմանատներից մէկում` 1865 թ. հիմնադրուած Շիշլիի ազգային գերեզմանատանը ի սկզբանէ ստեղծուել էր նրանց համար յատուկ նախատեսուած «Սեբաստացւոց թաղ» առանձին բաժինը [43]։ Այդտեղ ներկայացուած տապանաքարերից մէկի վրայ կարդում ենք. «Պանթղթութիւնը հոգիս վառեց, հօրմէս, մօրմէս զուրկ լալօվ, չ’դադրիր աչքըս լալօվ, ահա եղբարք մի հաւատաք սա աշխարհի, Շապին Ղարասարին գիւղէն Կուրէղեան Մանուկի որդի Առաքել, 1865 յուլիս 12» [44]։ Սեբաստահայերի թաղումներ կային գերեզմանատան նաեւ այլ մասերում [45]։

Նոյնպէս, սեբաստահայ պանդուխտներից Բրգնիկ բնակավայրի կաթոլիկադաւան հայերն [46] ունէին «Թաղ բրգնիկցւոց» անունը կրող առանձին բաժին Պոլսի հայ կաթոլիկ գերեզմանատանը [47]։ Բրգնիկցի պանդուխտների կեանքն ու հոգեկան ապրումները, առ ծննդավայր նրանց կարօտը եւս արտացոլուած են տապանագրերում։ Մասնաւորապէս, Յովհաննէս Գոբեանի (1842-1913) տապանաքարին փորագրուած է հետեւեալ ոտանաւորը.

«Աստ Յովհաննէս Գոբեանի, 
Հանգչին նշխարքն առաքինի։ 
Եօթանասուն մէկ տարեկան
Բրգնիկի զաւակ էր ան։ 
Խմեց լեղին պանդուխտ կեանքի
Դիւցազ մ’եղաւ աշխատանքի։ 
Տէր, քու լոյսով պսակէ ալ
Քրտնած ճակատը վաստակեալ» [48]։

Ծնունդով բրգնիկցի էր հայ մեծանուն բանաստեղծ Դանիէլ Վարուժանը (Դանիէլ Չպուգքեարեան, 1884-1915), ով Պոլիս հաստատուած գաւառացու իր փորձից ելնելով հաղորդակից էր պանդուխտների վիճակին։ «Կենակցած եմ հայ պանդուխտներուն հետ եւ արտասուած անոնց վիճակին վրայ»,– նշում էր նա իր նամակներից մէկում [49]: Պանդուխտների ծանր վիճակի մասին է Վարուժանի «Հիւանդ է» բանաստեղծութիւնը։ Պանդուխտ հայը մեռնում է տնից, ընտանիքից հեռու՝ օտարութեան մէջ, նա միայնակ է ու լքուած, անդրամ ու յուսահատ․ 

«Ըստուերին մէջ, խանի մ’անկիւնը լըքուած
Թըշուա՜ռ պանդուխտ, հիւանդ է. 
Խոնաւութիւնն անոր մարմինը շիթ-շիթ 
Գերեզմանին կը նետէ: 
Բըժիշկ չունի. եղած դըրամն ալ հատաւ. 
Ցաւը ծանր է. գըթութի՜ւն: 
Հոն չը կայ սիրտ մ’որ բարութիւնը քամէ
Անոր ծարաւ շըրթներուն» [50]:

Ղալաթիա թաղում հաստատուած սեբաստացի պանդուխտները պարբերաբար դրամական օժանդակութիւն էին ցուցաբերում Ազգային Ս. Փրկիչ հիւանդանոցին։ Այսպէս, 1885-ի յունիսին յօգուտ հիւանդանոցի «Ղալաթիոյ սեբաստացի պանդուխտ ազգայիններէ հաւաքեալ նուէրներու» գումարը կազմել է 5․306 ղուրուշ (53 օսմանեան ոսկի) [51]։

Պանդուխտներն իրենց ծննդավայրերի` Արեւմտեան Հայաստանի տարբեր բնակավայրերում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, արեւմտահայութեան անվտանգային խնդիրների կրողներ էին, ինչը բարենպաստ պայմաններ էր ստեղծում նրանց միջավայրում հայկական կուսակցութիւնների քարոզչութեան համար։ Այսպէս, ի պաշտպանութիւն հայկական բարենորոգումների Հնչակեան կուսակցութեան 1895 թ. սեպտեմբերի 18 (30)-ին Կ. Պոլսում կազմակերպած ցոյցի հիմնական մասնակիցները պանդուխտ բեռնակիրներն էին [52], այդ թւում ծնունդով Սեբաստիայի Կովտուն գիւղից Մուրադ Խրիմեանը` ապագայ հայդուկապետ Սեբաստացի Մուրադը [53]։ Ցոյցի ճնշմանն անմիջապէս յաջորդեցին յարձակումները խաներում հանգրուանած հայ պանդուխտների վրայ, որոնց զոհ գնացին հարիւրաւոր պանդուխտ հայեր [54]։

Հայ պանդուխտների հոսքը Պոլիս առժամանակ նուազեց 1896 թ. օգոստոսի 14-ին մայրաքաղաքում դաշնակցական Գարեգին Փաստրմաճեանի (Արմէն Գարօ) խմբի՝ Օսմանեան բանկի շէնքի գրաւման գործողութեանը յաջորդած կոտորածներից յետոյ, որոնց զոհ էին գնացել մօտ 5․000-6․000 հայեր` հիմնականում պանդուխտներ [55]։ Օսմանեան կառավարութեան կարգադրութեամբ, մայրաքաղաքից յատուկ նաւերով դէպի իրենց ծննդավայրեր ուղարկուեցին մօտ 20․000 հայ պանդուխտներ [56]։ Որոշները Կ. Պոլսից տեղափոխուեցին բալկանեան երկրներ, Եւրոպա եւ ԱՄՆ [57]։

Օսմանեան իշխանութիւնները նաեւ խնդրեցին մայրաքաղաքում գործող օտարերկրեայ կապիտալով խոշոր առեւտրաֆինանսական կազմակերպութիւններին (Օսմանեան բանկ, Օսմանեան պարտքի յանձնաժողով, Ռեժի (ծխախոտի մենաշնորհ) եւ այլն)՝ աշխատանքից ազատել բոլոր հայ պանդուխտ բեռնակիրներին ու պահակներին [58]։

Մեծ թւով սեբաստացի պանդուխտներ էին ներգրաւուած նաեւ Փոքր Ասիայի արեւմտեան շրջաններում երկաթուղային ցանցի կառուցման աշխատանքներում։ Այսպէս, Զմիւռնիա (Իզմիր) քաղաքի եկեղեցական գրանցամատեանները վկայում են, որ 1883-1898 թթ. այնտեղ գրանցուած ննջեցեալների կէսը սեբաստացի եւ մշեցի պանդուխտներ էին, «որոնք երկաթուղւոյ գծին վրայ հիւանդացած, քաղաքս եկած եւ կնքած են իրենց կեանքը» [59]։

Կոստանդնուպոլսում սեբաստահայ պանդուխտների հիմնադրած կրթամշակութային ընկերութիւնները. Սենեքերիմեան ընկերութիւն

Պոլսում հաստատուած սեբաստահայ պանդուխտները օժանդակութիւն էին ցուցաբերում իրենց հայրենի բնակավայրերի կրթական հաստատութիւններին։ Այսպէս, 1851 թ. (այլ տուեալներով` 1846 թ.) Պոլսոյ մէջ սեբաստացի պանդուխտները հիմնադրում են Սենեքերիմեան ընկերութիւնը, որի նպատակն է հռչակւում «Սեբաստիոյ մէջ գտնուած ազգային երկսեռ վարժարանները բարեկարգել ... եւ բարոյապէս ձեռնատու լինել Սեբաստիոյ վիճակին մէջ գտնուած գիւղերուն վարժարանաց» [60]։

Այս նպատակին հասնելու համար ընկերութիւնը պարտաւորւում էր իր հաւաքած դրամներով գնել անշարժ կալուածներ` դրանց վարձակալութիւնից ստացած եկամուտներով ապահովելով «վարժարանաց ապագան» [61]։

Ընկերութեան անդամավճարը 40 փարա էր (1 ղուրուշ)։ Ընկերութեանը կարող էր անդամակցել ամէն հայ, սակայն միայն ծնունդով սեբաստացի անդամներն իրաւունք ունէին քուէարկութեան իրաւունքով մասնակցելու Ընդհանուր ժողովին` ընտրելով կազմակերպութեան գործադիր մարմինները [62]։

Սենեքերիմեան ընկերութեան հաւաքած միջոցներով արդէն 1853 թ. Սեբաստիայում կառուցւում է Արամեան անունը կրող իջեւանատուն-պանդոկ-խանը, որի հասոյթներն ուղղւում են քաղաքի հայկական դպրոցների գործունէութեան ապահովմանը [63]։

1857 թ. Պոլսոյ «Սենեքերիմեան»ի Գործադիր ժողովի նախագահն էր Յակոբ Գըպրըզեանը, գանձապետը՝ Աբրահամ Հապէշեանը, գրագիրը՝ Ղազար Պըյըգեանը։ Անդամներն էին Մինաս գործակալ Օտապաշեանցը, Մանուկ Մեծմօրուքեանը, Պալիկ Տէր Պապեանցը, մահտեսի Երեմ Մաղաքեանցը, Յովհան Պալեանցը, Յակոբ Բարունակեանցը, մահտեսի Խաչատուր Բրուտեանցը, Մելքոն Չուխասզեանցը, մահտեսի Պետրոս Յովհաննէսեանը, Գէորգ Գարագաշեանցը, Պապիկ Տումարեանցը, Խաչատուր Զաքէեանցը [64]։ 

1863 թ. մի թղթակցութիւնից երեւում է, որ Պոլսոյ Սենեքերիմեան ընկերութեան գործունէութիւնը դադարել էր` նուիրատուութիւնների անհաւասար բաշխման պատճառով. «Պոլսոյ ճիւղն ալ բեռնակիրներէ եւ անոնց գլխաւորներէ կամ օտապաշիներէ եւ քանի մ’ալ փոլիցաճիներէ կը կազմուէր։ Խեղճ բեռնակիրը իր տագնապալից վիճակի մէջ, իր արեան քրտինքով շահած լուման առանց խնայելու կու տար, սակայն իշխանութիւնը վարել սիրող փոլիցաճիները, վաճառական եւ միանգամայն փոլիցաճիները, միայն խօսիլ գիտէին, կամ իրենց աստիճանին համեմատ չտալու սովորած էին։ Այս պատճառաւ օր օրի ցրտացան սրտերը եւ ստակ տուողն ալ, չտուողն ալ մէկ գին ըլլալուն` մնաք բարեաւ ըսուեցաւ Սենեքերիմեան ընկերութեան» [65]։

Ումետեան ընտանիք, մօտ 1900 թ. Սեբաստիայում (ձախ) եւ 1913 թ. Նիւ Եորքում (աջ) (աղբիւր` Նոր Սեբաստիա, երկամսեայ տեղեկատու պաշտօնաթերթ, ապրիլ-մայիս 1974)։

1871 թ. հոկտեմբերի 2-ին Պոլսում Սենեքերիմեան ընկերութեան գործունէութիւնը վերականգնւում է «Սենեքերիմեան վերակազմ ընկերութիւն Սեբաստիոյ» անուամբ։ Ընկերութեան յանձնաժողովի կազմի մէջ են մտնում Գրիգոր Թաշճեանը, Յակոբ Ահարոնեանը, մահտեսի Յակոբ Գըպրըզեանը, մահտեսի Պետրոս Մախաթեանը, մահտեսի Սերովբէ Օտապաշեանը, Կիրակոս Նորհատեանը, Օհան Տէր Օհանեանը, Օհաննէս Ալթունեանը, Մկրտիչ Ղարաթէքէեանը, Գրիգոր Օտապաշեանը, Յակոբ Պօյաճեանը եւ Խաչիկ Բտեանը [66]։

1874 թ. մարտին վերաբերող մի լրատւութիւնից կարելի է տեղեկանալ, որ «Սեբաստիոյ պանդուխտ հասարակութիւնը ... ի Ղալաթիա գումարուելով, 7 անձէ բաղկացեալ վարչութիւն մը ընտրեց յանուն Սենեքերիմեան ընկերութեան, որուն պիտի մասնակցին իւրաքանչիւր արհեստաւորներէ երկերկու անձ ալ» [67]։

1875 թ. հոկտեմբերի դրութեամբ ընկերութիւնը յաջողել էր Սեբաստիա քաղաքում «ազգային պանդոկ» կառուցելու նպատակով ընդարձակ հողատարածք գնել, «բայց որովհետեւ իւր ձեռնարկը պսակելու համար մեծամեծ գումարներու պէտք ունի եւ հետեւաբար լոկ բաժանորդագրութեամբ ի գլուխ ելլելիք գործ չէ», որոշուել էր «մասնաւոր հանգանակութեամբ մը ուսումնասէր պատուական ազգայնոց ձեռնտուութեանը դիմել» [68]։

Այս եւ այլ հանգանակութիւնների ու դրամահաւաքների միջոցով Սենեքերիմեան ընկերութիւնը կարողացել էր հաւաքել անհրաժեշտ գումարները եւ կառուցել Սեբաստիա քաղաքում Սենեքերիմեան անունը կրող իջեւանատուն-պանդոկ-խանը։ 1878 թ. Սեբաստիա այցելած Գարեգին վրդ. Սրուանձտեանցը նշում էր, որ ընկերութեան միջոցներով նախկինում կառուցուած Արամեան եւ ներկայիս Սենեքերիմեան խաները միասին ունէին 71 կրկնայարկ սենեակ եւ 15 կրպակ-խանութ, որոնք ապահովում էին տարեկան 30․000 ղուրուշ (300 օսմանեան ոսկի) եկամուտ, որն ամբողջութեամբ ուղղւում էր վարժարանների պէտքերի ապահովմանը [69]։

1880 թ. սկզբներին վերաբերող մի վկայութիւնից իմանում ենք, որ Սենեքերիմեան ընկերութեան տնօրինութեան տակ էին գտնւում Սեբաստիա քաղաքի բոլոր տասներեք ազգային երկսեռ վարժարանները, որոնց նիւթական եւ դրամական պէտքերը մատակարարւում էին երկու պանդոկների վարձերից, ինչպէս նաեւ տարբեր նուիրատուութիւններից, հանգանակութիւններից եւ բաժանորդագրութիւններից [70]։

Դրամական միջոցներ հաւաքելու նպատակով Սենեքերիմեան ընկերութիւնը նաեւ Պոլսում պարբերաբար կազմակերպում էր թատերական ներկայացումներ եւ այլ հանդէսներ։ Այսպէս, 1888 թ. Բերայում տրուած թատերական ներկայացման հասոյթը կազմել է 120 օսմանեան ոսկի, որից 74 ոսկին ուղղուել է Սեբաստիա քաղաքի Ոսկերչաց շուկայում երկու կրպակ-խանութ ձեռք բերելու նպատակին [71]։

Սենեքերիմեան ընկերութիւնը շարունակել է առաւել կամ նուազ եռանդով աշխատել մինչեւ 1895 թ., երբ նրա գործունեութիւնը դադարեցուել է «քաղաքական բերումով»` աբդուլհամիդեան հակահայկական հալածանքների թէժ ժամանակաշրջանին [72]։ Ինչպէս կրթամշակութային այլ ընկերութիւնների պարագայում` Սենեքերիմեան ընկերութեան միջոցով ձեռքբերուած գոյքի տնօրինման իրաւունքն ըստ երեւոյթին նոյնպէս փոխանցուել է եկեղեցական-թեմական իշխանութիւններին [73]։

Կ. Պոլսում պանդուխտ սեբաստահայերը հիմնադրել են նաեւ կրթամշակութային այլ ընկերութիւններ։ Այսպէս, 1860 թ. հիմնադրուել է «Անձնուէր ընկերութիւն» անունով կազմակերպութիւնը, որը հետապնդել է «հասակաւոր պանդուխտ ազգայնոց» գրել, կարդալ եւ հաշուել սովորեցնելու նպատակը [74]։ Կազմակերպութիւնը Պոլսում բացել է կիրակնօրեայ դպրոց, որտեղ յաճախում էր 50-ից աւելի հոգի։ Կազմակերպութիւնը 1865 թ. մասնաճիւղ է բացել Սեբաստիա քաղաքում` այնտեղ եւս նպաստելով մեծահասակների համար կրթութեան մատուցմանը եւ ընդհանուր կրթական գործի զարգացմանը։ Կազմակերպութիւնն ընդմիջումներով գործել է մինչեւ 1895 թ. [75]։

1874 թ. սեբաստացի մտաւորական Վարազդատ Փթեանը Պոլսում հիմնադրում է Վարազդատեան ընկերութիւնը, որի նպատակն էր կիրակնօրեայ դպրոցի հաստատումը «թէ՛ գաւառացի եւ թէ՛ պոլսեցի որեւիցէ հասակէ ազգայնոց, ձրիաբար գէթ կարդալ, գրել, հաշուել եւ իւրեանց ազգային լեզուն ու պատմութեան վրայ տեղեկութիւններ ուսուցանելու համար» [76]։

Պանդուխտ սեբաստահայերի հիմնադրած կազմակերպութիւններից էր «Քառասնից մանկանց» ընկերութիւնը (գործել է 1868-1870 թթ.), որի նպատակն էր Սեբաստիայի Քառասնից մանկանց վանքը պարիսպով ապահովելը եւ այլ օժանդակութիւն ցուցաբերելը։ Այդ նպատակով հանգանակուել եւ Սեբաստիա է ուղարկուել 2․000 ղուրուշ գումար [77]։

1875-1879 թթ. Պոլսում գործել է սեբաստահայերի հիմնադրած Արուեստասիրաց ընկերութիւնը, որի նպատակն էր Սեբաստիայում արհեստների, «մանաւանդ երկրագործութեան» զարգացումը [78]։

Գումարներ հանգանակելու նպատակով Սեբաստիայում գործող որոշ կրթամշակութային ընկերութիւններ մասնաճիւղեր էին ստեղծում Կ. Պոլսում։ Այսպէս, 1882 թ. սեպտեմբերին նման մասնաճիւղ է ստեղծում 1870 թ. հիմնադրուած Լուսաբեր ընկերութիւնը, որի նպատակն էր «աղքատիկ մանկանց ձրիապէս դաստիարակուիլը»։ 1883 թ. մարտին ընկերութիւնը Բերայի «Վերտի» թատրոնում կազմակերպել է թատերական ներկայացում, որի շահոյթը կազմել է 40 օսմանեան ոսկի [79]։

Յատկապէս 1870-80–ական թթ. իրենց հայրենի գիւղերի դպրոցներին օգնելու նպատակով Կ. Պոլսում կրթամշակութային ընկերութիւններ էին հիմնադրում նաեւ այլ բնակավայրերից պանդուխտ հայերը։ Յիշատակւում են Սեբաստիայի գաւառի Պինկէօլ (Բիւրակն) գիւղից պանդխտածների Վասպուրական ընկերութիւնը (1875-1876 թթ.) [80], Աղտքից պանդխտածների Ներսէսեան ընկերութիւնը (1879 թ.) [81], Ուլաշից պանդխտածների Լեւոնեան ընկերութիւնը (1878 թ.) [82], Բրաբերդից պանդխտածների Մամիկոնեան ընկերութիւնը (1878-1879 թթ.) [83], Տիվրիկից պանդուխտների Գափամաճեան ընկերութիւնը (1871 թ.) [84], Տիվրիկի Խուռնավիլ գիւղից պանդուխտների Լուսաւորչեան ընկերութիւնը (1879 թ.) [85], Տիվրիկի Զիմառա գիւղից պանդուխտների Նալեան ընկերութիւնը (1879 թ.) [86], Շապին Գարահիսարի գաւառի Թամզարա գիւղից պանդխտածների Լամբրոնեան ընկերութիւնը (1869 թ.) [87] եւ այլն։

Սեբաստիայի Զարա գիւղից պանդուխտների հիմնադրած «Կրթասիրաց միութեան» մասին կարող ենք տեղեկանալ Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան արխիւի նիւթերից։ Այսպէս, 1894 թ. մայիսի 12-ին Կ. Պոլսի հայ երեւելիներից Սիմոն Մաքսուտի վրայ մահափորձի քննութեան շրջանակներում [88], օսմանեան ոստիկանութիւնը հարցաքննել է նաեւ Սեբաստիայի Զարա գիւղից պանդուխտ ոմն Լութֆիկի (Լութֆի՞), ով եկել էր Պոլիս 1890-ական թթ. սկզբներին եւ զբաղւում էր բեռնակրութեամբ։ Լութֆիկի իրերի մէջ գտնուել էր բարեգործական տոմս (iané bileti), որը պատկանում էր «Զարայի Սահակեան վարժարանի Կրթասիրաց ընկերութեանը» (Zara Sahakyan Nam Mektebi Sevenler Şirketi), որը նա հիմնադրել էր Զարայից պանդուխտներ Թորոսի, Նշանի, Կարապետի, Բահադուրի եւ Վարդանի հետ միասին։ Լութֆիկը պնդում էր, որ այս տոմսը 2․000 տպագրուած եւ հայրենակիցների (hemşeri) շրջանում վաճառուած տոմսերից մէկն էր՝ իրենց գիւղի դպրոցի եւ եկեղեցու ծախսերը հոգալու նպատակով։ Ղալաթիոյ եկեղեցու մի քահանայի օգնութեամբ, ով նաեւ օգնել էր տոմսերի տպագրութեան հարցում, Լութֆիկը մօտ երեք ամիս բարեգործական արկղով գումար է հաւաքել։ Սակայն հետաքրքրական է, որ նա հաւաքած գումարը՝ 600–700 ղուրուշ, գիւղ չի ուղարկել, այլ այդ գումարից վարկեր է տրամադրել կարիքաւոր հայրենակիցներին, փոխառութիւն տուած հայրենակիցների հասցէների ցուցակ կազմել։ Ոստիկանութիւնը չհաւատաց Լութֆիկի պատմութեանը՝ պնդելով, թէ դա քօղարկում է խմբի չարամիտ գործողութիւնների համար գումար հաւաքելու նպատակով, եւ ձերբակալեց բոլորին, այդ թւում՝ քահանային [89]։

Սեբաստահայ պանդուխտներն օգնում էին իրենց ծննդավայրերի կրթական հաստատութիւններին նաեւ կրթամշակութային կազմակերպութիւնների շրջանակներից դուրս` ուղղակի կերպով ըստ պէտքի։ Այսպէս, 1876 թ. ամռանը Պոլիս այցելութեան ժամանակ Սեբաստիոյ մայր եկեղեցու Տէր Գաբրիէլ աւագ քահանան տեղի սեբաստահայ պանդուխտների աջակցութեամբ ձեռք բերեց «բաւական թուղթ, մելան, գրիչ եւ ասեղնագործութեան համար հարկ եղած պիտոյք» Սեբաստիայի Ս. Նշան վանքի նորաբաց ժառանգաւորաց վարժարանի, ինչպէս նաեւ քաղաքի աղջկանց դպրոցների համար [90]։

Սեբաստահայ պանդուխտները Կիլիկիայի եւ Հալէպի մէջ

Յատկապէս Սեբաստիայի գաւառի հարաւային եւ հարաւ-արեւելեան շրջաններում (Կիւրին, Տիվրիկ) բնակուող հայերի պանդխտութեան հոսքի հիմնական ուղղութիւններից էր Սեբաստիային հարեւան Կիլիկիան, որը XIX դ. վերջերին եւ XX դ. սկզբներին տնտեսական բուռն զարգացման շրջան էր թեւակոխել։ Միայն Ադանայի գաւառն ամէն տարի ընդունում էր Արեւմտեան Հայաստանից եւ կայսրութեան արեւելեան այլ շրջաններից եկած 12-15 հազար հայ պանդուխտի, որոնք զբաղւում էին հիմնականում բամբակը կլպելու եւ մաքրելու գործով [91]։

Ադանայի պանդոկ–իջեւանատուն-խաներում ապաստանած պանդուխտ հայ արհեստաւորներն ու վաճառականները, մուսուլման կալուածատէրերի գիւղական չիֆթլիկ-ագարակներում օրավարձով աշխատող անպաշտպան պանդուխտ մշակները, որոնցից շատերը սեբաստահայեր էին, կազմել են 1909 թ. Ադանայի ջարդերի հիմնական զոհերի խումբը [92]։

Այսպէս, ըստ դէպքերին ժամանակակից հեղինակներից մէկի` Ադանայի գաւառում կոտորածներին զոհ էր գնացել 8․147 հայ, որոնցից մօտ 3․500-ը՝ պանդուխտներ։ Հեղինակը նաեւ հաղորդում է, որ Ադանայի նահանգի այլ շրջաններում զոհուել է 10․293 հայ, ծանօթագրութեան մէջ արձանագրելով, որ սպանուածների ճնշող մեծամասնութիւնը պանդուխտ էր. «Տաճկաբնակ գիւղերը եւ ուրիշ տեղերը սպաննուած հայ պանդուխտները կորսուած են 254 գիւղերու մէջ...։ Այս ջարդուածները բոլոր մշակներ եւ նուազ մասով արուեստաւորներ են. հաճընցի, խարբերդցի, կապանցի, ֆրնուզցի, կարնեցի, էվէրէկցի, եէրէ-պագանցի, անտիոքցի, կեավուր–տաղցի, կէմէրէկցի, սվազցի, ատիեամանցի, Պ[եհ]էսնիցի, մալաթիացի, սղերդցի, ուրֆացի, մուշցի, ալպիստանցի, տիվրիկցի եւն.» [93]։

Սեբաստահայերի պանդխտութեան հիմնական ուղղութիւններից էին Հալէպ եւ Այնթապ քաղաքները։ Այդ վայրեր յատկապէս պանդխտում էր Սեբաստիայի գաւառի հարաւային շրջանների, մասնաւորապէս Կիւրինի հայութիւնը [94]։ Արդէն XIX դարի կէսերին Հալէպի հայ գաղթականութեան մէջ կիւրինցի գաղթականներն ու պանդուխտները նշմարելի թիւ էին կազմում [95]։ Կիւրինցիների դէպի Հալէպ պանդխտելն այնքան լայն տարածում էր գտել, որ նոյնիսկ արտացոլուել է Կիւրինի ժողովրդական բանահիւսութեան մէջ. 

Այսօր շատ քէրվան եկաւ, 
Եարէս պոլ խապէր բերաւ, 
Եարս Հալպէ եկաւ նը, 
Ինձ տարապլուս (մետաքսէ գօտի) մը բերաւ [96]։ 

Հալէպի մէջ ծնուած եւ մեծացած ծագումով կիւրինցի հայերից էր գրող, հրապարակախօս, խմբագիր Միսաք Գոչունեանը (1863-1913) [97]:

Հալէպում կիւրինցի պանդուխտները, յարմարուելով նոր միջավայրին, կը շարունակէին կապուած մնալ իրենց ծննդավայրին` հետաքրքրուելով հայրենի բնակավայրի կեանքով, սատարելով Կիւրինի մէջ կրթական գործի կազմակերպմանը։ Հալէպի մէջ հաստատուած կիւրինցի պանդուխտ վաճառականները 1863 թ. հիմնադրում են «Վահանեան ընկերութիւն» անունով կազմակերպութիւնը, որի նպատակն էր նպաստել Կիւրինի ազգային վարժարանների կայացմանը, ինչպէս նաեւ աջակցութիւն ցուցաբերել աղքատ կիւրինցիներին։ Ընկերութեան հիմնադիր անդամներն էին Մարտիրոս Արապեանը, Սարգիս Չիլինկիրեանը, Սենեքերիմ Թահմազեանը, Մարգար Գոչունեանը, Մարկոս Մակարեանը, Յարութիւն Մարանեանը եւ Պօղոս Արապեանը։ Հիմնադիրներից իւրաքանչիւրի նուիրաբերած 50-ական ոսկիով ստեղծւում է կազմակերպութեան դրամագլուխը։ Շուտով Վահանեան ընկերութեան շարքերը համալրւում են նոր անդամներով եւ ընդհանուր դրամագլուխը հասնում է 500 օսմանեան ոսկիի [98], որը շարունակում է աճել նաեւ հետագայ տարիներին. այսպէս, 1877 թ. ընկերութեան դրամագլուխն էր 1․000, 1893 թ.` 1․991 օսմանեան ոսկի [99]։

1874 թ. Վահանեան ընկերութիւնը Կիւրինում բացում է Ղեւոնդեան ուսումնարան-գիշերօթիկ վարժարանը, որտեղ յաճախում էր 40 երեխայ [100]։

1892 թ. Վահանեան ընկերութեան հիմնադիր անդամներ Յ. Մարանեանը եւ Մ. Արապեանը Սեւ ծովի առափնեայ Բաթում եւ Սամսուն քաղաքներում կառուցում են եկամտաբեր շէնքեր, որոնց շահագործումից ստացուող ամբողջ գումարը ուղղւում է Կիւրինի կրթական հաստատութիւնների պէտքերին [101]։

Կիւրինցի պանդուխտներ վկայուած են նաեւ Այնթապում։ Այսպէս, նրանց հիմնադրած Հայրենասիրաց ընկերութիւնը 1877 թ. Կիւրինում բացել է ցերեկօթիկ Արամեան վարժարանը [102]։ 

  • [1] Վահան Համբարձումեան, Գիւղաշխարհ. Պատմական, ազգագրական ուսումնասիրութիւն, Փարիզ, 1927, էջ 257։ 
  • [2] Տե՛ս Vital Cuinet, La Turquie d’Asie։ Géographie administrative, statistique, descriptive et raisonnée de chaque province de l’Asie-Mineure, tome 1, Paris, Ernest Leroux, 1892, p. 613. 
  • [3] Նշուած ժամանակաշրջանում Սեբաստիայի տարածաշրջան հայերի ներգաղթի մասին մանրամասն տե՛ս S. Peter Cowe, in “Armenian Immigration to the Sebastia Region, Tenth-Eleven Centuries,” in Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia, edited by Richard G. Hovhannisian, Costa Mesa, Ca., Mazda Publishers, 2004, p. 111-135: 
  • [4] Թովմա Արծրունի եւ Անանուն, Պատմութիւն Արծրունեաց տան, Երեւան, Երեւանի համալսարանի հրատարակչութիւն, 1985, էջ 478-479 («ԺԴՌ արամբք, թող զկանայս եւ մանկտիս»), այսինքն, Սեբաստիա է տեղափոխուել 14․000 հայ ընտանիք կամ մօտ 56․000 հոգի (մէկ ընտանիքում 4 անդամ միջին թիւ հաշուարկով)։ Սեբաստիա տեղափոխուած հայութեան թիւը 40-50 հազար է հաշւում ուսումնասիրող Առաքել Պատրիկը (Առաքել Ն. Պատրիկ, Պատմագիրք յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, Ա. հատոր, Պէյրութ, տպարան «Մշակ», 1974, էջ 51)։
  • [5] Այսպէս, Արեւելեան Հայաստանից, յատկապէս Արցախից 1745-50 թթ. գաղթած հայերից է ձեւաւորուել Սեբաստիայի գաւառի Կիւրին քաղաքի հայ բնակչութիւնը (Պետրոս Մինասեան, Պատմագիրք Կիւրինի, Պէյրութ, տպարան «Սեւան», 1974, էջ 212։ Ս. Մ. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 348)։
  • [6] XVI-XVII դդ. Հայաստանի տարածքում ժողովրդագրական գործընթացների մասին մանրամասն տե՛ս Միքայէլ Մալխասեան, Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում – 17-րդ դարի առաջին կէսին, Երեւան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2020։
  • [7] Հրաչեայ Աճառեան, Հայ գաղթականութեան պատմութիւն, Երեւան, «Զանգակ-97», 2002, էջ 585։
  • [8] Նոյնը, էջ 526։
  • [9] «Աբգար Թոխաթեցի», Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումեան, Երեւան, «ՀՍՍՀ ԳԱ Հայկական սովետական հանրագիտարանի գլխաւոր խմբագրութիւն», 1974, էջ 18։
  • [10] Աճառեան, Հայ գաղթականութեան պատմութիւն, էջ 526։
  • [11] Բուրսայի Էդրենոս (Ատարնոս) բնակավայր։
  • [12] Ներկայիս Ռումինիայի եւ Մոլդովայի տարածքը։
  • [13] Հ․ Ներսէս վրդ. Ակինեան, Հինգ պանդուխտ տաղասացներ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1921, էջ 120։ Ջալալիների ապստամբութեան հետեւանքով Հայաստանի տարածքից դէպի Կ. Պոլիս հայերի գաղթի մասին մանրամասն տե՛ս Հենրիկ Անասեան, «Թուրքական տիրապետութիւնը Հայաստանում XVII դարում», ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտութիւնների, Երեւան, 1951, թիւ 5, էջ 59-60։
  • [14] Յակոբ Տէր-Յակոբեան, Պարտիզակը խատուտիկ, Փարիզ, 1960, էջ 16 (Նիկոմեդիոյ Պարտիզակի հաստատման սուլթանական հրամանագիրը թողարկուել է 1625 թ., այդ պատճառով որպէս բնակավայրի ստեղծման թուական նշւում է նաեւ 1625-ը)։ Տե՛ս նաեւ Պօղոս Նաթանեան, Տեղեկագրութիւն ընդհանուր վիճակին Սեբաստիոյ եւ անոր կուսակալութեան ներքեւ գտնուող մէկ քանի գլխաւոր քաղաքաց, Կ. Պոլիս, տպագրութիւն Հայաստանեայց, 1877, էջ 157-158 («Սեբաստիոյ հայոց հալածման ատեն հայք չդիմանալով բռնութեանց, մանաւանդ Պարտիզակ գիւղի բնակիչք մեծաւ մասամբ իրենց բնակութիւնը թողած ու օտար տեղեր գաղթած են։ Շատ հաւանական կը թուի Իզնիմիտի մօտ եղած Պարտիզակը սոյն գաղթականութենէն առած ըլլայ իւր անունը»)։
  • [15] Hagop Levon Barsoumian, The Armenian Amira Class of Istanbul, Columbia University, 1980, p. 73.
  • [16] Տիւզեանների տոհմի մասին մանրամասն տե՛ս Յարութիւն Մըրմըրեան, Մասնական պատմութիւն հայ մեծատուններու 1400-էն 1900, Կ. Պոլիս, 1909, էջ 33-34, 106։
  • [17] Սալվինէ Մարկոսեան, «Պոլսահայ համայնքի սոցիալական կազմի առանձնայատկութիւնները XIX դարում», Մերձաւոր Արեւելք. Պատմութիւն, քաղաքականութիւն, մշակոյթ. Յօդուածների ժողովածու XIV, Երեւան, 2019, էջ 256։
  • [18] Հայկ Ղազարեան, Արեւմտահայերի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացութիւնը 1800-1870 թթ., Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1967, էջ 425 (ուսումնասիրողի աղբիւրը Աշոտ Յովհաննիսեանի «Նալբանդեանը եւ նրա ժամանակը» աշխատութիւնն է (Երեւան, Հայպետհրատ, 1955))։
  • [19] Ա. Թօխմախեան, «Նամակ Թիւրքիայից», Մշակ (Թիֆլիս), 2 սեպտեմբեր 1882, էջ 3։
  • [20] 1893 թ. օգոստոսի 29-ին Թիֆլիսում մշեցի պանդուխտներին ընդունելու ժամանակ կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմեան Հայրիկ) նշում է Պոլսում վիճակագրուած 50․000 սեբաստացի, մշեցի եւ վասպուրականցի մշակների մասին (Արձագանք, գրական եւ քաղաքական լրագիր (Թիֆլիս), 1 (13) սեպտեմբեր 1893, էջ 1)։
  • [21] Աճառեան, Հայ գաղթականութեան պատմութիւն, էջ 645։
  • [22] Տե՛ս Մկրտիչ Ա Վանեցու վերոնշեալ վկայութիւնը։
  • [23] Christopher Clay, “Labour Migration and Economic Conditions in Nineteenth-Century Anatolia,” Middle Eastern Studies, Vol. 34, No. 4, Turkey before and after Atatürk: Internal and External Affairs (Oct. 1998), p․7.
  • [24] Նոյնը։ 
  • [25] Նոյնը։
  • [26] Յովակիմ Յովակիմեան (Արշակունի), Պատմութիւն Հայկական Պոնտոսի, Պէյրութ, տպագրութիւն «Մշակ»ի, 1967, էջ 18։
  • [27] «Ազգային տեսութիւն։ Փոքր Ասիոյ հնձոց առթիւ», Արեւելք, օրագիր քաղաքական եւ ազգային (Կ. Պոլիս), 14 յուլիս 1890, էջ 1։
  • [28] Աճառեան, Հայ գաղթականութեան պատմութիւն, էջ 631։
  • [29] Սարգիս եւ Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբագիր՝ Աղան Տարօնեցի, Գահիրէ, տպարան «Սահակ-Մեսրոպ», 1962, էջ 26։
  • [30] «Ազգային տեսութիւն։ Փոքր Ասիոյ հնձոց առթիւ»։
  • [31] Նոյնը։
  • [32] Նոյնը։ 
  • [33] Clay, “Labour Migration and Economic Conditions in Nineteenth-Century Anatolia,” p․ 16․
  • [34] Նոյնը։
  • [35] Նոյնը։
  • [36] Նոյնը, էջ 17։
  • [37] Նոյնը։
  • [38] Փոլիցաճի էին կոչւում ֆինանսական փոխանակագրեր (փաստաթուղթ, որով մէկը (ստորագրողը) յանձնարարում է մի ուրիշին՝ որոշուած ժամկէտում եւ որոշակի անձի վճարել որոշ գումար) ծախելու միջոցով դրամական փոխանցումներ կատարող անձինք։
  • [39] «Նամակ Կ. Պօլսից», Արձագանք, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ (Թիֆլիս), 20 յունիսի 1882, էջ 276։ Ի դէպ, նամակը ստորագրել էին Սեբաստիայի գաւառի Տիվրիկի գաւառակի Խուռնավիլ գիւղից 140, Մուրվանայ գիւղից 100, Օտուռ գիւղից 150 եւ Աշուշէն գիւղից 70 պանդուխտներ (նոյնը, էջ 277)։
  • [40] Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում. մասն երրորդ. 1808 տարիէն մինչեւ 1909, Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1927, էջ 4373։
  • [41] Նոյնը, էջ 4374։
  • [42] Նոյնը։
  • [43] «Սեբաստացւոց թաղում» ամփոփուած թուով 57 սեբաստահայերի տապանագրերը տե՛ս Գառնիկ Գասպարեան, Ազգային գերեզմանատուն հայոց Շիշլիի, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1922, էջ 234-248։
  • [44] Նոյնը, էջ 241։
  • [45] Ստորեւ ներկայացնենք գերեզմանատան «7-րդ քառակուսի» բաժնում թաղուած Թադէոս Հաբէշեանի (1835-1893) տապանաքարի վրայ փորագրուած արձանագրութիւնից մի հատուած. «Աստուծոյ կամաց հնազանդեցայ, // Որդւոց եւ թոռներու հայր եղայ, // Շատ քաղաքներ ջութաքովս երգեցի, // Աւաղ կեանքս պանդուխտ աւարտեցի» (նոյնը, էջ 209)։
  • [46] XX դարի սկզբներին Բրգնիկն ունէր մօտ 400 տուն, 2․000 շունչ ամբողջովին հայ կաթոլիկադաւան բնակչութիւն (տե՛ս Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985, էջ 114)։
  • [47] Հ. Յակոբ ծ. վ. Քօսեան, Գերեզմանատուն կաթողիկէ հայոց Կ. Պոլսոյ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1931, էջ 153։
  • [48] Նոյնը, էջ 163։ Հայր Յակոբ Քօսեանի գրքում ներկայացուած են «Թաղ բրգնիկցւոց»ում ամփոփուած թուով 91 բրգնիկցու տապանագրեր (նոյնը, էջ 153-184)։
  • [49] Դանիէլ Վարուժան, Նամականի, Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 1965, էջ 194։
  • [50] Դանիէլ Վարուժան, Սարսուռներ, Վենետիկ – Ս. Ղազար, 1927, էջ 83։
  • [51] Արեւելք, օրագիր քաղաքական եւ ազգային (Կ. Պոլիս), 7 (19) յունիս 1885, էջ 3։
  • [52] Sinan Dinçer, “The Armenian Massacre in Istanbul (1896),” TSEG-The Low Countries Journal of Social and Economic History 10, no. 4 (2013), p. 22.
  • [53] Murad A. Meneshian, “Rural Sebastia: The Village of Govdun,” in Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia, p. 348.
  • [54] Florian Riedler, “Armenian Labour Migration to Istanbul and the Migration Crisis of the 1890s,” in The City in the Ottoman Empire: Migration and the Making of Urban Modernity, ed. by Ulrike Freitag, Malte Fuhrmann, Nora Lafi and Florian Riedler, London and New York, Routledge, 2011, p. 167.
  • [55] Dinçer, “The Armenian Massacre in Istanbul (1896),” p. 27.
  • [56] Օրմանեան, Ազգապատում, էջ 5066։
  • [57] Օրինակ, ծնունդով Սեբաստիա քաղաքից Արամ Սէրայտարեանը «Պոլսոյ ջարդերէն մազապուրծ ազատած եւ ապաստանած է ի Փարիզ, Ֆրանսա։ Հոն ինքնաշարժի գործ մը սովրելով կ’անցնի Լոնտոն, անգլիացի հարուստի մը քով։ Ինքնաշարժ վարելու գործ մը կ’առնէ։ Ժամանակ մը աշխատելէ վերջ` կը գաղթէ Ամերիկա, Նիւ Եորքի մէջ ինքնաշարժի լաւ գործ մը կը հաստատէ» (Նոր Սեբաստիա, պաշտօնական օրկան Համասեբաստացիական շինարար միութեան, ԺԴ. տարի, դեկտեմբեր 1949, էջ 26-27)։
  • [58] Dinçer, “The Armenian Massacre in Istanbul (1896),” p. 39.
  • [59] Հ. Յակոբ վրդ. Քօսեան, Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջակայս, Ա. հատոր, Զմիւռնիա եւ հայք։ Հետազօտութիւն արձանագրութեանց եւ յիշատակարանաց, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1899, էջ 340։
  • [60] Հայրենիք, գաւառական լրագիր ազգային, բանասիրական, ուսումնական եւ առեւտրական (Կ. Պոլիս), 4 սեպտեմբեր 1875, էջ 3։
  • [61] Նոյնը։
  • [62] Նոյնը։
  • [63] Գարեգին Սրուանձտեանց, Թորոս Աղբար Հայաստանի ճամբորդ, մասն առաջին, Կ. Պոլիս, 1879, էջ 146։ Տե՛ս նաեւ Հ. Գ. Ղազարեան, «Սեբաստիոյ Սենեքերիմեան միութեան պատմութիւնը» (1846-1922), Ալիս (Նիւ Եորք), 9-րդ տարի, թիւ 6, մարտ-ապրիլ-մայիս 1929, էջ 7։
  • [64] Մասիս, լրագիր քաղաքական, ազգային, բանասիրական եւ տնտեսական (Կ. Պոլիս), 23 յունուար 1858, էջ 3։
  • [65] Ժամանակ (Կ. Պոլիս), հանդէս հայրենանուէր, 8 յունիս 1863, էջ 92։
  • [66] Հայրենիք, լրագիր ազգային, բանասիրական, առեւտրական (Կ. Պոլիս), 2 հոկտեմբեր 1871, էջ 1։
  • [67] Հայրենիք, լրագիր ազգային, բանասիրական, առեւտրական (Կ. Պոլիս), 16 մարտ 1874, էջ 1։
  • [68] Հայրենիք, գաւառական լրագիր ազգային, բանասիրական, ուսումնական եւ առեւտրական (Կ. Պոլիս), 14 հոկտեմբեր 1875, էջ 2։
  • [69] Սրուանձտեանց, Թորոս Աղբար, էջ 146։
  • [70] Նազարէթ Յ. Իսթամպօլլեանց, «Ազգային ընկերութիւնք Սեբաստիոյ», Մասիս, լրագիր հանապազօրեայ քաղաքական, ազգային, բանասիրական եւ տնտեսական (Կ. Պոլիս), 27 փետրուար (10 մարտ) 1880, էջ 3։
  • [71] «Սենեքերիմեան ընկերութիւն Սեբաստիոյ», Արեւելք, օրագիր քաղաքական եւ ազգային (Կ. Պոլիս), 10 մարտ 1889, էջ 2։
  • [72] Հ. Եփրեմ վրդ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Բ. հատոր, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1963, էջ 296։
  • [73] «Սենեքերիմեան ընկերութիւն» անունով կազմակերպութիւններ են ստեղծուել 1913 թ.` Սեբաստիայում եւ առաջին աշխարհամարտի աւարտից յետոյ` 1918 թ. դեկտեմբերին` Կոստանդնուպոլսում, որոնք սակայն նախորդ կազմակերպութեան իրաւայաջորդները չէին եւ հետապնդում էին այլ` սեբաստահայութեան առջեւ տուեալ ժամանակ ծառացած խնդիրներից բխող նպատակներ։
  • [74] Պատրիկ, Պատմագիրք յուշամատեան Սեբաստիոյ եւ գաւառի հայութեան, Ա. հատոր, էջ 453։
  • [75] Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Բ. հատոր, էջ 304-308։
  • [76] Նոյնը, էջ 326։
  • [77] Նոյնը, էջ 316-317։
  • [78] Նոյնը, էջ 329։
  • [79] Նոյնը, էջ 320-321։
  • [80] Նոյնը, էջ 377։
  • [81] Նոյնը, էջ 378։
  • [82] Նոյնը, էջ 379-380։
  • [83] Նոյնը, էջ 380։
  • [84] Նոյնը, էջ 251-256։
  • [85] Նոյնը, էջ 260։
  • [86] Նոյնը, էջ 261։
  • [87] Նոյնը, էջ 246-248։
  • [88] Մահափորձի մէջ մեղադրեալներից մէկը Թագաւոր անունով սեբաստացի պանդուխտ հացթուխ էր (Varak Ketsemanian, "The Hunchakian Revolutionary Party and the Assassination Attempts against Patriarch Khoren Ashekian and Maksudzade Simon Bey in 1894." International Journal of Middle East Studies 50, no. 4 (2018), p. 746-747)։
  • [89] Yaşar Tolga Cora, “Institutionalized Migrant Solidarity in the Late Ottoman Empire: Armenian Homeland Associations (1800s–1920s).” New Perspectives on Turkey 63 (2020), p. 70-71.
  • [90] Հայրենիք, գաւառական լրագիր ազգային, բանասիրական, ուսումնական եւ առեւտրական (Կ. Պոլիս), 15 յունիս 1876, էջ 1։
  • [91] Ժամանակ, ժողովրդական օրաթերթ (Կ. Պոլիս), 10 (23) ապրիլ 1909։ Այլ աղբիւրներ պանդուխտների թիւը հասցնում են 20-25 հազարի (տե՛ս Յակոբ Թէրզեան, Ատանայի կեանքը, Կ. Պոլիս, 1909, էջ 6: Ատանայի եղեռնը. Տեղեկագիր Յակոբ Պապիկեանի (Օսմանեան երեսփոխան Էտիրնէի), հայացուց Յակոբ Սարգիսեան, Կ. Պոլիս, «Կիլիկիա» գրատուն, 1919, էջ 18: Erminio, «Ադանայի ջարդերը», Հորիզոն, 23 մարտ 1910, էջ 2-3)։
  • [92] Աշոտ Մելքոնեան, «Սեբաստիա», Հայկական հարց, հանրագիտարան, Երեւան, Հայկական հանրագիտարանի գլխաւոր խմբագրութիւն, 1996, էջ 407։
  • [93] Յ. Շահպազեան, «Ինքնապաշտպանութիւնը Կիլիկեան աղէտին մէջ», Ազատամարտ (Կ. Պոլիս), 2 (15) ապրիլ 1910, էջ 3։
  • [94] Կիւրինը Սեբաստիայից պանդխտութեան հիմնական կենտրոններից մէկն էր։ Ժամանակակիցներն արձանագրում էին, որ երկրի դիրքը չէր ներում, որ կիւրինցիներն առանց պանդխտութեան կարողանան հայթայթել իրենց ընտանիքների ապրուստը (Հ․ Սուքիաս վրդ․ Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Ա․ հատոր, Բ․ գիրք, Վենետիկ – Ս. Ղազար, 1907, էջ 436)։ Բնիկ կիւրինցի Վ. Թօփալեանը նշում է հետեւեալը. «Կիւրինը ... շատ ժլատ էր բնակչութեան տնտեսական բարօրութիւնը ապահովելու տեսակէտէն։ Ատոր իբր հետեւանք` հին ժամանակներէ ի վեր կիւրինցի այր մարդիկ միշտ պանդուխտ եղած են ... ի խնդիր իրենց աշխատանքին եւ բարեկեցութեան հեռանկարին» (Մինասեան, Պատմագիրք Կիւրինի, էջ 367)։
  • [95] Վարդի Քէշիշեան, Հալէպի հայկական գաղթօջախի հասարակական-մշակութային կազմակերպութիւնները (1846-1915), Անթիլիաս, տպարան Կաթողիկոսութեան հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 2001, էջ 239։
  • [96] Մինասեան, Պատմագիրք Կիւրինի, էջ 511։
  • [97] Քէշիշեան, Հալէպի հայկական գաղթօջախի հասարակական-մշակութային կազմակերպութիւնները, էջ 239։
  • [98] Նոյնը, էջ 240։
  • [99] Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Բ․ հատոր, էջ 265։
  • [100] Նոյնը, էջ 264։ 
  • [101] Նոյնը, էջ 265-266։ Կիւրինի՝ Վահանեան ընկերութիւնից 1902 թուականին աջակցութիւն ստացող կրթական հաստատութիւնների անունները տե՛ս Մինասեան, Պատմագիրք Կիւրինի, էջ 439։
  • [102] Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, Բ․ հատոր, էջ 267։