Վան (քաղաք) – Դպրոցներ (Բ.)

Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Վան քաղաքում գործող առանձին հայկական կրթական հաստատութիւնները

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 28/06/22 (վերջին փոփոխութիւն՝ 28/06/22)

Ծխական (ազգային, թաղային) վարժարաններ

Յիսուսեան և Շուշանեան միացեալ երկսեռ վարժարան (Քաղաքամէջ)

Յիսուսեան վարժարանը հիմնադրուել է 1830-ական թթ. վանեցի վաճառական Շարան բէկ Շարանեանի նախաձեռնութեամբ։ «Յիսուսեան» անունը ստացել է 1847-48 թթ. Վան քաղաքի թաղային դպրոցական համակարգի կազմաւորման ժամանակ՝ որպէս Վան քաղաքի աւագ կամ «մայր» վարժարան [1]։

Գործել է Քաղաքամէջի Ս. Տիրամայր եկեղեցու յարակից բակում։ Դպրոցի շէնքը հիմնովին վերակառուցուել է 1881-82 թուականներին. հին շէնքի տեղը բարձրացուել է «աւելի ճաշակաւոր երկյարկանի հոյակապ հաստատութիւն՝ ․․․նոր և յարմարաւոր ձևի դասարանական բաժանմունքներով» [2]։

Վերակազմաւորման տարում աշակերտների թիւը՝ 100 էր։ Ուսուցիչը՝ Մանուէլ Արտամետցեանը (յետագայում ձեռնադրուել է քահանայ՝ Տ․ Դիոնեսիոս անունով) [3]։

Դպրոցի առաջադիմութիւնն ու ծաղկումը կապուած է 1860-1870-ական թուականներին հաստատութեան տեսուչ և աւագ ուսուցիչ Սարգիս Գնունու «անդուլ և անձանձրոյթ» գործունէութեան հետ։ Մասնաւորապէս, նրա նախաձեռնութեամբ 1863 թ. դպրոցի ընդարձակ սրահում տեղի է ունեցել Վանի պատմութեան մէջ առաջին թատերական ներկայացումը [4]։

Վարժարանի առաւել ծաղկման ժամանակաշրջանը համարւում են 1891-96 թուականները, երբ այդ կրթական հաստատութեան տնօրէնն էր Եղիշէ Գոնտաքչեանը (նա Փորթուգալեանի վարժապետանոցի ամենափայլուն աշակերտներից էր և վայելում էր Վանի լաւագոյն ուսուցիչներից մէկի համբաւը) [5]։

1896-ից յետոյ Յիսուսեան վարժարանի տնօրէնի պաշտօնը յաջորդաբար զբաղեցրել են Կարապետ Աճէմխաչօյեանը, Պետրոս Թաշչեանը, Արմենակ Տ․ Պօղոսեանը և Հայկակ Կօսոյեանը (վերջինս 1915-ի Վանի ինքնապաշտպանութեան ժամանակ Քաղաքամէջի Զինուորական մարմնի ղեկավարներից էր) [6]։

Շուշանեան վարժարանը բացուել է 1881-ին: Սկզբնապէս գործել է Քաղաքամէջի Ս. Վարդան եկեղեցուն կից, 1890-ական թթ. սկզբներին տեղափոխուել է Ս. Պօղոս-Պետրոս և Ս. Առաքեալ զոյգ եկեղեցիների բակում կառուցուած նոր շէնք՝ միաւորուելով Յիսուսեան վարժարանի հետ [7]։

1899-ին զոյգ վարժարաններն ունեցել են 250 աշակերտ [8]։

1901-02 ուսումնական տարում Յիսուսեան վարժարանում սովորում էր 157 տղայ, Շուշանեան վարժարանում՝ 100 աղջիկ։ Զոյգ դպրոցներում դասաւանդում էին 7 տղամարդ և 2 կին ուսուցիչներ։ Դպրոցների ամսական հասոյթներն ու ծախսերը 1125 ղուրուշ էին, որից 1025-ը թաղային խորհրդի յատկացումներն էին, 100-ը՝ ուսման վարձեր [9]։

1910-11 ուսումնական տարում դպրոցն ունէր արական և իգական 5 դասարաններ, որոնցում սովորում էր 104 տղայ և 86 աղջիկ։ 190 աշակերտից 119-ը ձրիավարժ էին։  Դպրոցում դասաւանդում էր 5 ուսուցիչ և 3 ուսուցչուհի։ Դպրոցի տարեկան բիւջէն 18000 ղուրուշ էր, որից 1300-ը գոյացել էր ուսման վարձերից, 16700-ը՝ թաղային խորհրդի յատկացումներից [10]։

Ս. Մատթէոսեան (Ս. Թարգմանչաց) վարժարան (Այգեստան – Արարք թաղամաս)

Այգեստանի Արարք թաղամասի վարժարանը հիմնադրուել է 1830-ական թթ․, վերակազմաւորուել է 1846-47 թթ․՝ ստանալով Ս․ Մատթէոսեան անունը, 1880-ական թթ. երկրորդ կէսին վերանուանուել է Ս. Թարգմանչաց՝ սկսելով գործել որպէս երկսեռ։

Վերակազմաւորման առաջին տարում (1846-47 թթ․) աշակերտների թիւը՝ 250 էր [11]։  Վերակազմաւորումից յետոյ դպրոցի առաջին տնօրէն-ուսուցիչը Տ․ Պետրոս քահանայ Արտամետցեանն էր [12]։ Որպէս դպրոցի տնօրէն յաջորդաբար պաշտօնավարել են Կարապետ վարժապետ Մոկացեանը, Խաչատուր պատուելի Պոլսեցին, Մանուէլ վարժապետը (1860-ական թթ․), Հայրապետ վարժապետ Ճանիկեանը (Տ․ Մեսրոպ, մինչև 1875-ը), Օհանէս Բարաղամեանը, Գէորգ Օտեանը, Սահակ Դարբինեանը, ապա կրկին Հայրապետ  Ճանիկեանը [13]։ 1896-ից յետոյ դպրոցի տնօրէնի պաշտօնը յաջորդաբար զբաղեցրել են Ղեւոնդ Խանճեանը, Կարապետ Աճէմխաչօյեանը, Ռուբէն Ղուկասեանը և դարձեալ Կարապետ Աճէմխաչօյեանը և, 1913-ից՝ Գէորգ Թովմաղեանը [14]։

1899 թ․ դպրոցն ունէր 350 երկսեռ աշակերտ [15]։

1) Վան, Այգեստան թաղամաս. գլխաւոր փողոց։ Լուսանկարիչ՝ Նշան Թուրշեան (Աղբիւր՝ ամերիկեան միսիոնի արխիւներ, Harvard University, Houghton Library)։
2) Վան, Հայկավան թաղամասէն տեսարան մը 1896-ին (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)։
3) Վան, Նորաշէն թաղամասի հրապարակը, 1917-ին (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)։

1901-02 ուսումնական տարում դպրոց էին յաճախում 450 երեխայ, որից 270 տղայ և 180 աղջիկ։ Ուսուցիչների թիւը 11 էր, որից 8 տղամարդ և 3 կին։ Դպրոցի իգական բաժնում այցելաբար դասաւանդում էին նաև արական ճիւղի ուսուցիչները [16]։ Վարժարանի ամսեկան հասոյթներն ու ծախսերը կազմում էին 1417 ղուրուշ, որից 1250-ը թաղային խորհրդի յատկացումներն էին, 167-ը՝ ուսման վարձերը [17]։

1910-11 ուսումնական տարում վարժարանն ունէր 5 արական և 8 իգական դասարաններ, որտեղ սովորում էին 198 տղայ և 188 աղջիկ (ընդամենը՝ 386 աշակերտ, որից 142-ը ձրիավարժ)։ Դպրոցի դասատուների թիւը 13 էր, որից 8 ուսուցիչ և 5 ուսուցչուհի։ Դպրոցի բիւջէն կազմում էր 25000 ղուրուշ, որից 6000-ը գոյացել էր ուսման վարձերից, 19000-ը՝ եկեղեցու թաղական խորհրդի յատկացումներից [18]։

Դպրոցի շէնքը վերակառուցուել էր 1885-86 թթ․՝ արքունի ճարտարապետ Պօղոս Թագաւորեանի նախագծով։ Այն նկարագրւում էր որպէս «վիթխարի», «խնամուած որմնարկութեամբ» [19]։ Շէնքը երկյարկանի էր։ Առաջին յարկում էին գտնւում Արարուցի թաղական խորհրդի նիստերի սենեակը, աշակերտների ուսուցման համար նախատեսուած ատաղձի արհեստանոցը, գորգագործութեան արհեստանոցը, տարբեր ամբարներ և կրպակներ, երկրորդ յարկում՝ ընդարձակ ճեմասրահը, հանդիսութիւնների համար նախատեսուած մեծ դահլիճը և 12 դասասենեակներ [20]։

Ս. Յովհաննէսեան վարժարան (Այգեստան – Նորաշէն թաղամաս)

Այգեստանի Նորաշէն թաղամասի Յովհաննէսեան վարժարանը հիմնադրուել է 1846-47 թթ․։ Հիմնադրման տարում ունեցել է 180 աշակերտ։ Գլխաւոր ուսուցիչն էր «գրաբար լեզուին եւ եկեղեցական երաժշտութեան հմուտ» Յովհանէս Քօլօզեանը (Օհաննէս Քոլոզ) [21]։ 1880-ից առ 1909-ը դպրոցի տնօրէնի պաշտօնը յաջորդաբար զբաղեցրել են Գարեգին Բաղէշցեանը, Գրիգոր Աճէմեանը, Սահակ Տէր-Յարութիւնեանը, Եղիշէ Գոնտաքչեանը (որպէս 1896-ի ջարդից յետոյ Նորաշէնի, Յայնկոյսներու, Ս. Յակոբի թաղերի վարժարանները ժամանակաւորապէս միաւորող «Միացեալ» վարժարանի տնօրէն), Ռուբէն Շատուորեանը, կրկին Գրիգոր Աճէմեանը (մինչև 1907-ը), Կարապետ Աճէմեանը, Լեւոն Սարգիսեանը, Ահարոն Տուտիկեանը (1908-1909 թթ․-ին)։ 1909-ից յետոյ դպրոցը տնօրէն չի ունեցել, հաւաքական կառավարուել է դպրոցի ուսուցչական խմբի կողմից [22]։

1884-ին դպրոցն ունէր 130 աշակերտ, 7 ուսուցիչ [23]։

1901-02 ուսումնական տարում դպրոցում ուսանում էր 200 տղայ, դասաւանդում էր 5 ուսուցիչ։ Դպրոցի ամսեկան եկամուտներն ու ծախսերը կազմում էին 667 ղուրուշ, որից 542-ը թաղային խորհրդի յատկացումներն էին, 125-ը՝ ուսման վարձերը [24]։

1910-11 թթ. դպրոցն ունէր 5 կարգ (դասարան)՝ 146 աշակերտով (46-ը ձրիավարժ) և 6 ուսուցչով։ Դպրոցի բիւջէն 12900 ղուրուշ էր, որից 3700-ը գոյացել էր ուսման վարձերից և 9200 թաղական խորհրդի յատկացումներից [25]։

Նորաշէնի վարժարանի շէնքը սկզբնապէս գտնուել է եկեղեցուն կից։ 1880-ական թթ. այն նկարագրւում էր որպէս Վանի համար կենտրոնական դիրք ունեցող «ընդարձակագոյն հանդիսավայր» [26]։ 1905-ին դպրոցը տեղափոխուել է Նորաշէնի Աճէմ-խաչօյեան ենթաթաղում կառուցուած նոր շէնք [27]։

Ս. Մարկոսեան և Գայինեան միացեալ երկսեռ վարժարան (Այգեստան – Յայնկոյսներ թաղամաս)

Հիմնադրուել է 1846-47 թթ․։ Հիմնադրման առաջին տարում ունեցել է 200 աշակերտ [28]։ Գլխաւոր ուսուցիչն էր Աւետիս Սահառունին (Տ․ Կոստանդին քահանայ, պաշտօնավարել է մինչև 1880-ական թթ․ սկիզբը), օգնական ուսուցիչը՝ Փանոս Ֆարհատեանը [29]։  1880-ական թթ․-ից առ 1903-ը դպրոցի տնօրէնի պաշտօնն են յաջորդաբար զբաղեցրել Մկրտիչ Փորթուգալեանը, Խորէն Խրիմեանը, Գրիգոր Պէօզիկեանը, Մելքոն Պարթեւեանը, Գրիգոր Աճէմեանը, Ռուբէն Շատուորեանը։ 1905-ից առ 1915-ը դպրոցը փոխնիփոխ տնօրինում էին Յովհաննէս Կուլօղլեանը և Մկրտիչ Աճէմեանը [30]։

Դպրոցի իգական բաժինը՝ Գայինեան վարժարանը, բացուել է 1880-ին, գործել է ընդմիջումներով [31]։

1884-ին դպրոցում սովորել է 200 տղայ և 30 աղջիկ, դասաւանդել է 7 ուսուցիչ [32]։

1899-ին ունեցել է շուրջ 150 աշակերտ [33]։ 

1) Տիգրան Ամիրճանեան, 2) Խաչատուր Լեւոնեան, 3) Մարկոս Նաթանեան, 4) Մկրտիչ Փորթուգալեան, 5) Խորէն Խրիմեան, 6) Յովհաննէս Գուլօղլեան։

1901-02 ուսումնական տարում դպրոց էր յաճախում 200 տղայ, դասաւանդում էր 8 ուսուցիչ։ Ուսումնական հաստատութեան ամսեկան եկամուտներն ու ծախսերը կազմում էին 847 ղուրուշ, որից 660-ը թաղային խորհրդի յատկացումներն էին, 187-ը՝ ուսման վճարներ [34]։

1910-11 թթ. դպրոցն ունէր 5 արական և 5 իգական կարգեր (դասարան)՝ 252 աշակերտով (162 տղայ և 90 աղջիկ), որից 126-ը՝ ձրիավարժ։ Դասատուների թիւը 9 էր (6 ուսուցիչ և 3 ուսուցչուհի)։ Դպրոցի բիւջէն կազմում էր 18500 ղուրուշ, որից 3500-ը գոյացել էր ուսման վարձերից և 15000-ը թաղական խորհրդի յատկացումներից [35]։

Վարժարանի շէնքը հրդեհուել է 1896-ի ջարդերի ժամանակ, վերանորոգուել 1899-ին [36]։

Ս. Ղուկասեան վարժարան (Այգեստան – Ս. Յակոբ թաղամաս)

Հիմնադրուել է 1846-47 թթ․։ Հիմնադիր ուսուցիչը՝ Մարտիրոս Փափազեան  (ծնունդով Վանի Արտամետ գիւղից էր, ինչի պատճառով յայտնի է նաև Մարտիրոս Արտամետցեան անունով, յետագայում՝ Տ․ Մեսրոպ քահանայ, ապա՝ վարդապետ) [37]։ 1854-70 թթ․ դպրոցի տնօրէնն էր Տիգրան Ամիրճանեանը [38]։

19-րդ դարի երկրորդ կէսին և 20-րդ դարի սկզբին Ս․ Յակոբի թաղամասից Վանի աւելի հայաշատ և ապահով թաղեր հայ բնակչութեան աստիճանական տեղափոխմամբ Ս․ Ղուկասեան վարժարանում աշակերտների թիւը գնալով նուազել է և 1915-ի դրութեամբ Վանի այլ ծխական կրթական հաստատութիւնների համեմատ այն ունէր թւով ամենաքիչ աշակերտները և ուսուցիչները։ Այսպէս, եթէ դպրոցի բացման առաջին տարում (1846-47 թթ․) այնտեղ սովորել է 150 երեխայ [39], ապա 1884-ին՝ 110 երեխայ, 1901-02 թթ․ ուսումնական տարում վարժարանն ունեցել է 60 աշակերտ և 2 ուսուցիչ [40] և 1909-ին՝ 40 աշակերտ, 3 ուսուցիչ [41]։

Ս․ Ղուկասեան վարժարանը Վան քաղաքի թաղային վարժարաններից ամենափոքր բիւջէն ունեցողն էր․ 1901-02 ուսումնական տարում դպրոցի ամսեկան եկամուտներն ու ծախսերը կազմում էին 225 ղուրուշ, որից 200-ը թաղային խորհրդի յատկացումներն էին, 25-ը՝ ուսման վճարներ [42]։  1910-ական թթ․ սկզբներին դպրոցի ծախսերի ապահովման հոգսը ստանձնել է նահանգապետարանի կրթական վարչութիւնը (մէարիֆ) [43]։

Այստեղ տեղին է նշել, որ կայսրութեան կրթական ծախսերը հոգալու նպատակով օսմանեան իշխանութիւնները դեռևս 1884-ին ներդրել էին յատուկ կրթական տուրք (Maarif Hisse-I Ianesi), որը գանձւում էր կայսրութեան ամբողջ բնակչութիւնից և կազմում էր գիւղական ծխից՝ ընդհանուր բերքի 0,5%-ը, քաղաքային ծխից՝ բնակարանի կադաստրային արժէքի 0,1%ը [44]։ Նշուած տուրքի գումարներից և կենտրոնական կառավարութեան յատկացումներից էին գոյանում օսմանեան կենտրոնական և նահանգային իշխանութիւնների կրթական բիւջէները, որոնց մաս էին կազմում նաև առանձին կրթական հաստատութիւնների պահպանման համար յատկացումները։ Նահանգապետը բաշխում էր կրթական բիւջէն օսմանեան իշխանութիւնների կողմից գրանցուած կրօնական համայնք-միլէթների կրթական հաստատութիւնների միջև համամասնութեան սկզբունքով՝ հիմք ընդունելով օսմանեան մարդահամարների ընթացքում գրանցուած տուեալները։ Օժանդակութիւն ստացող ոչ-մահմեդական կրթական հաստատութիւնների ցանկը որոշւում էր՝ հաշուի առնելով ոչ մահմեդական կրօնական համայնքների ղեկավար մարմինների (առաքելական հայերի դեպքում՝ առաջնորդարանի) առաջարկները։

Ըստ Վանի հայկական մամուլի տեղեկութիւնների՝ 1913-ի Վանի նահանգապետարանի կրթական բիւջէով Հայկավանքի Հայկեան և Ս․ Յակոբ թաղի Ղուկասեան վարժարանները ստացել են իւրաքանչիւրը 6300-ական ղուրուշ, ինչն այդ կրթական հաստատութիւններին հնարաւորութիւն է տուել հոգալ սեփական ծախսերի հիմնական մասը։ Իւրաքանչիւրը 2400 ղուրուշ օժանդակութիւն են ստացել Վան քաղաքի հայկական այլ կրթական հաստատութիւնները՝ Կեդրոնական, Սանդխտեան, Յիսուսեան, Արարքի, Յայնկոյսների, Երամեան, Գօնտակչեան վարժարանները և, նոյնիսկ, բողոքական միսիոներների դպրոցը [45]։

Հայկավանքի Հայկեան վարժարան

Հայկեան վարժարանը որպէս ծխական կրթական հաստատութիւն սկսել է գործել 1860 թուականից։ Դպրոցի աւագ ուսուցիչ-տնօրէնն էր Յակոբ էֆ․ Փլաւեանը։ Իր հիմնադրման տարում դպրոցն ունեցել է 80 աշակերտ [46]։

Դպրոցի առաւելագոյն առաջադիմութեան ժամանակաշրջանը 1880-ական թուականներն էին, երբ այդ կրթական հաստատութեան տնօրէնը բնիկ հայկավանքցի Գէորգ Շէրենցն էր [47]։ Նրա օրօք՝ 1884-ին, վարժարանում ուսում է ստացել 100-120 երեխայ, դասաւանդել 2 ուսուցիչ [48]։

Հայկավանքի թաղից հայ բնակչութեան արտահոսքը դէպի քաղաքի այլ՝ աւելի հայաշատ և ապահով հատուածներ յանգեցրել է նաև դպրոցի անկմանը: 1890-ական թթ․ երկրորդ կէսից դպրոցի կառավարումն անցել է նահանգապետարանի կրթական վարչութեանը [49]։

1909 թ․ դպրոցն ունեցել է 30 աշակերտ և 2 ուսուցիչ [50]։

Սանդխտեան օրիորդաց վարժարան (Սարի դար թաղամաս)

Սանդխտեան օրիորդաց վարժարանը բացուել է 1870 թ․ յուլիսի 28-ին՝ Ս․ Սանդուխտի եկեղեցական տօնի օրը [51]։

1880-ական թթ. սկզբներից դպրոցում ուսուցումն իրականացւում էր ըստ 10-ամեայ կրթական ծրագրի, եռաստիճան համակարգով՝ տարրական, հիմնական և երկրորդական [52]։

Դպրոցի գործունէութեան համար անհրաժեշտ միջոցները գոյանում էին ռուսահայ բարերարներ Մկրտիչ Սանասարեանի և Գրիգոր Սերեբրենիկովի կտակած գումարներից ստացուող տարեկան 100 թուրքական լիրա եկամուտից, ինչպէս նաև աշակերտուհիների ուսման վարձերից [53]։ Մկրտիչ Սանասարեանի միջոցներով էր նաև 1880-ական թթ․ սկզբներին կառուցուել դպրոցի շէնքը։

Դպրոցի գոյութեան ամբողջ ընթացքում այնտեղ միաժամանակ ուսում էր ստանում 200-300 աղջիկ։ Այսպէս, 1901-02 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 227 աղջիկ, դասաւանդում էր 9 ուսուցիչ, որից 4 տղամարդ և 5 կին։  Դպրոցի ամսեկան բիւջէն 677 ղուրուշ էր, որից 167-ը գոյանում էր ուսման վարձերից, 510-ը՝ նուիրատւութիւններից [54]։

1908-09 ուսումնական տարում դպրոցում ուսում էր ստանում 230 աղջիկ, դասաւանդում էր 8 ուսուցիչ և վարժուհի [55]։

1910-11 թթ. ուսումնական տարում դպրոցն ունէր 230 աշակերտուհի, որից 159-ը՝ ձրիավարժ։ Ուուցիչների թիւը 14 էր, որից 8-ը՝ իգական սեռի։ Դպրոցի բիւջէն 31700 ղուրուշ էր, որից 7020-ը գոյացել էր ուսման վարձերից, 11772-ը՝ կտակներից, 12908-ը՝ տարբեր նուիրատւութիւններից [56]։

1913-ին Սանդխտեան դպրոցի գրադարանը բաղկացած էր 400 կտոր գրքից և համարւում էր Երամեան վարաժարանից յետոյ մեծութեամբ երկրորդը, իսկ մանկական գրքերի քանակով՝ առաջինը [57]։

Կեդրոնական Հայկազեան վարժարան (միջնակարգ)

Վանի ծխական Կեդրոնական Հայկազեան վարժարանը ստեղծուել է 1902 թ․ Վանի առաջնորդարանի, ծխական ուսումնական խորհուրդների համատեղ որոշմամբ՝ ծխական վարժարաններում երկրորդական (միջնակարգ) կրթութիւնը մէկ հաստատութեան մէջ կենտրոնացնելու միջոցով մատուցուող կրթութեան որակը բարելաւելու նպատակով [58]։

Վարժարանը արական էր։ Կեդրոնական վարժարան կարող էին ընդունուել քաղաքի ծխական վարժարանների շրջանաւարտները (առանց քննութեան) կամ ընդունելութեան քննութիւնները յանձնած տղաները [59]։

Դպրոցում ուսման տևողութիւնը սահմանուած էր 6 տարի, որից առաջին երեք տարին՝ «բարձրագոյն նախակրթութեան», յաջորդ երեք տարիները՝ «միջնակարգ կրթութեան» աստիճաններով (երկրորդ աստիճանը նախատեսուած էր ուսուցիչներ, կղեր կամ հանրային պաշտօնեաներ պատրաստելու համար)։ Իւրաքանչիւր աստիճանի աւարտից յետոյ անց էին կացւում քննութիւններ և տրւում էին աւարտական վկայականներ [60]։

Բացի ծնունդով վանեցի փորձառու ուսուցիչներից, Կեդրոնականում դասաւանդելու էին հրաւիրուել դասատուներ Կ.Պոլսից և Կովկասից։ Այսպէս, 1904-ին դպրոցի տնօրէնն ու, միաժամանակ, հայոց լեզուի ուսուցիչն էր Պոլսոյ Կեդրոնական վարժարանի շրջանաւարտ Ղևոնդ Սրուանձտեանը, մաթեմատիկայի և բնական գիտութիւնների ուսուցիչը՝ Էջմիածնի Գէորգեան ճեմարանի շրջանաւարտ Ղևոնդ Մելօեանը, ընդհանուր դաստիարակ ուսուցիչներից էր Գէորգեան ճեմարանի շրջանաւարտ Արտակ Դարբինեանը (նա յետագայում զբաղեցրել է Վարագավանքի դպրոցի տեսուչի պաշտօնը) [61]:

Բացի վերոնշեալներից, Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Կեդրոնական վարժարանում դասաւանդում էին Արշակ Սաֆրաստեանը, Գրիգոր Աճէմեանը, Մկրտիչ Աճէմեանը, Յովհաննէս Կուլօղլեանը, Ահարոն Տուտիկեանը, Համազասպ Եազջեանը, Համբարձում Տէր Յարութիւնեանը, ինչպէս նաև Վանի նահանգապետարանի կրթական վարչութեան (մեարիֆ) կողմից յատկացուած երկու թուրք ուսուցիչներ՝ Տէրվիշ էֆենտին եւ Նաջի Խոջան, որոնք ուսուցանում էին օսմաներէն գիր և գեղագրութիւն [62]։

Վարժարանի ընդհանուր վարչութիւնը յանձնուած էր խնամակալ մարմնին, որի անդամներն էին Վանի առաջնորդարանին կից գործող քաղաքական ժողովի երկու անդամներ, Վանի չորս թաղային եկեղեցիների խորհուրդների կողմից լիազօրուած մէկական ներկայացուցիչ և չորս թաղային վարժարանների տեսուչները։ Վարժարանի խնամակալ մարմնի նախագահն էր Վանի թեմի առաջնորդը (մինչև 1904-ի սեպտեմբերը դա Տ. Սահակ եպիսկոպոս Բագրեւանդեանն էր) [63]։

1902-03 թթ. ուսումնական տարում դպրոց էր յաճախում 80 աշակերտ։ Դպրոցն ունէր տնօրէն-ուսուցիչ և 15 այցելու ուսուցիչներ, որոնք միաժամանակ դասաւանդում էին Վան քաղաքի այլ վարժարաններում [64]։

1910-11 ուսումնական տարում դպրոցն ունէր 4 կարգ (դասարան), 76 աշակերտ (20-ը՝ ձրիավարժ), 10 ուսուցիչ և 32400 ղուրուշ բիւջէ, որից 3240 ղուրուշը՝ ուսման վարձերից, 10800-ը՝ թաղային խորհուրդներից, 5400-ը՝ տարբեր կտակներից, 12960-ը՝ նուէրներից) [65]։

Վարժարանի համար առանձին շէնքը կառուցուել է Վանում, Պոլսում և Կովկասում հանգանակութեամբ հաւաքուած գումարներով, շահագործման է յանձնուել 1904-ի սեպտեմբերին [66]։ Այն երկյարկանի էր, բնութագրւում էր որպէս «լայնանիստ» և «փառաւոր» [67]։ Վերևի յարկում տեղակայուած էին դասասենեակները, հանդիսութիւնների սրահը, ուսուցչանոցը։ Վարժարանի առաջին յարկի ազատ սենեակներից երկուսը յատկացուած էր ջուլհակագործական արհեստանոցին․ վարժարանի աշակերտներն, ըստ ցանկութեան, կարող էին դասերից ազատ ժամերին իջնել արհեստանոց և ոստայնանկութիւն սովորել [68]։

Ժամանակակիցներից մէկը հետևեալ կերպ է ամփոփել Կեդրոնական վարժարանի դերն ու նշանակութիւնը Վանի կրթական կեանքում․ «Կեդրոնականը իւր մօտ տասնևհինգամեայ տևողութեան ընթացքին արդիւնաւոր կեանք ունեցաւ, տալով թւով և որակով աչքառու ընթացաւարտներ, որոնք իրենց մասնակցութիւնը բերին Վասպուրականի կրթական և հասարակական գործերու մէջ» [69]։

Վանի մասնաւոր դպրոցներ

Վանի վարժապետանոց (1879-1881) - Կեդրոնական վարժարան (1881-1885)

Վանի առաջին վարժապետանոցը հիմնադրուել է 1879-ի յունուարի 1-ին Պոլսում գործող «Արարատեան» կրթամշակութային ընկերութեան (1880-ից՝ Միացեալ ընկերութեան մաս) կողմից։ Վարժապետանոցի՝ Վանում հաստատելու նախաձեռնութիւնը պատկանել է Մկրտիչ Փորթուգալեանին, որը և դարձել է այդ կրթական հաստատութեան և Վասպուրականի շրջանակում Արարատեան ընկերութեան կողմից հիմնադրուած բոլոր վարժարանների  տեսուչը [70]։

Վարժապետանոցի նպատակն էր քաղաքի և գաւառի հայաբնակ գիւղերի համար ուսուցիչներ պատրաստելը [71]։

Առաջին ուսումնական տարում վարժապետանոցի աշակերտների թիւը 35 էր։  Վարժապետանոցում ուսման տևողութիւնը սահմանուած էր 4 տարի․ դասաւանդւում էին հայերէն լեզու, կրօնագիտութիւն, օտար լեզու (ֆրանսերէն կամ անգլերէն), թուրքերէն, ընդհանուր (ներառեալ Օսմանեան կայսրութեան) պատմութիւն և մատենագրութիւն, «չափաբերութիւն» (թուաբանութիւն և երկրաչափութիւն), աշխարհագրութիւն, գեղագրութիւն, գծագրութիւն, մարմնամարզութիւն, ձայնական երաժշտութիւն (երգեցողութիւն) [72]։ Վարժապետանոց կարող էին ընդունուել 13 տարեկանը լրացած տղաները՝ Արարատեան ընկերութեան նախակրթարան վարժարանի աւարտական վկայականով կամ նախակրթարանի ծրագրի հիման վրա ընդունելութեան քննութիւն յանձնելով [73]։

Ուսուցումն իրականացւում էր նոր և առաջադիմական կրթական ծրագրերով և մեթոդներով։ Այսպէս, Վանի կրթական պատմութեան մէջ առաջին անգամ վարժարանում մտցուեցին գործնական մարմնամարզութեան դասեր, կանոնաւոր կերպով սկսեցին դասաւանդուել մաթեմատիկան և բնագիտական առարկաները [74]։

Վանի ՀԲԸՄ վարժապետանոցի նորակառոյց շէնքը, 1913 թ․ (Աղբիւր՝ ՀԲԸՄ Նուպարեան գրադարան, Փարիզ)։
Վանի ՀԲԸՄ վարժապետանոցի նորակառոյց շէնքը, 1913 թ․ (Աղբիւր՝ ՀԲԸՄ Նուպարեան գրադարան, Փարիզ)։

Վարժապետանոցի ուսուցչական խումբը բաղկացած էր 8 անձից և ներկայացնում էր 19-րդ դարի 70-80-ական թուականների Վան-Վասպուրականի կրթական գործիչների սերուցքը՝ Մ․ Փորթուգալեան (վարժապետանոցի և Վան-Վասպուրականում Արարատեան ընկերութեան կողմից հիմնադրուած բոլոր վարժարանների տեսուչ), Մարկոս Նաթանեան (փոխտեսուչ, հայերէնի և ընդհանուր պատմութեան դասատու), Տ․ Դիոնէսիոս քահանայ (կրօնագիտութեան դասատու), Տիգրան Ամիրճանեան (ֆրանսերէնի և թուրքերէնի դասատու), Մելքոն Պարթեւեան (թուաբանութեան և երկրաչափութեան դասատու), Խորէն Խրիմեան (աշխարհագրութեան, գեղագրութեան, գծագրութեան և մարմնամարզութեան դասատու), Պօղոս Նաթանեան (ձայնական երաժշտութեան դասատու) և Աբրահամ Գուտրէթեան (կարգապահ) [75]։

1881-ին Միացեալ ընկերութիւնը հրաժարւում է ապահովել վարժապետանոցի ծախսերը, և Մկրտիչ Փորթուգալեանը որոշում է վարել այդ կրթական հաստատութիւնը սեփական ուժերով՝ վերակազմաւորելով այն որպէս մասնաւոր դպրոց՝ Կեդրոնական վարժարան անունով, որը գործեց մինչև 1885 թ․՝ փակուելով օսմանեան իշխանությունների կարգադրութեամբ (մանրամասն տե՛ս Վան քաղաք – Դպրոցներ (Ա.)) [76]։

1881-1882-ի ուսումնական տարում վարժարանի աշակերտների թիւը 68 էր, որից 37-ը սովորում էր նախակրթարանում (տարրական կրթութեան մակարդակ՝ 2 տարուայ ծրագրով), 31-ը՝ «ուսումնարանում» (հիմնական և միջնակարգ կրթութեան մակարդակ՝ 4 տարուայ ծրագրով)։ Վարժարանում դասաւանդում էր 16 ուսուցիչներ [77]։

Նախակրթարանի սանի տարեկան վճարը՝ 12 արծաթ մէջիդիէ էր, «ուսումնարանի» աշակերտինը՝ 20 արծաթ մէջիդիէ։ Վարժարանի սաներից 21-ը, լինելով աղքատ ընտանիքներից և որբեր, սովորում էին ձրի։ Նրանք ընդունուել էին Խրիմեան Հայրիկի առաջարկութեամբ, որը խոստացել էր այդ աշակերտների համար թոշակ վճարող բարերարներ գտնել եթէ ոչ Վանից, ապա՝ Թիֆլիսից [78]։

Վարժապետանոց-Կեդրոնական վարժարանը կարևոր դեր ունեցաւ 1880-ական թթ․ Վանի կրթական կեանքում․ Վանի միւս դպրոցները աստիճանաբար սկսեցին ընդօրինակել Կեդրոնականի ուսուցման կազմակերպման ձևերը՝ դասարանների բաժանման մեթոդը, կազմութիւնը, աշակերտների համար առանձին գրասեղաններ ունենալը, նաև գործնական պարապմունքների՝ զբօսանքի միջոցով ուսուցման կազմակերպումը, ամառային արձակուրդի սովորութիւնը և այլն [79]։

Երամեան վարժարան (1878-1915)

Երամեան վարժարանը առաջնակարգ տեղ է զբաղեցրել Վան-Վասպուրականի հայկական դպրոցների շարքում։ Իր գործունէութեան ընթացքում (1878-1915 թթ․) այն տուել է 3000 շրջանաւարտ, որոնց մէջ եղել են նշանաւոր մտաւորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ. շրջանաւարտներից շատերն ընդունուել են Թիֆլիսի Ներսիսեան վարժարանը, Էջմիածնի Գէորգեան և Մոսկուայի Լազարեան ճեմարանները, իսկ աւելի քան 100 երամեանականներ մասնագիտական բարձրագոյն կրթութիւն են ստացել եւրոպական համալսարաններում և մասնագիտական կրթօջախներում [80]:

1878-ին ամռանը վանեցի ուսուցիչներ աչազուրկ Համբարձում Երամեանի և Տիգրան Ամիրճանեանի նախաձեռնութեամբ կազմւում է Խնամատար ընկերութիւնը, որի նպատակն էր վանեցի որբ տղաների հաւաքումն ու կրթումը՝ ուսուցիչներ և հոգևորականներ պատրաստելու համար։ Ընկերութեան անդամների անդամավճարներով, ինչպէս նաև Վանից, Պոլսից և արտասահմանից հանգանակուած գումարներով ընկերութեան խնամքի տակ են առնւում 25-ից աւելի որբ մանուկներ և պատանիներ, որոնց Երամեանն ու Ամիրճանեանը տեղաւորւում են տարբեր ընտանիքների մէջ և ուսում տալիս Վանի Ս. Յակոբի թաղի Ղուկասեան վարժարանում [81]։ 1880-ին որբերը տեղափոխւում են քաղաքից 3 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Կարմրաւոր Սուրբ Աստուածածին վանքը, և այնտեղ բացւում է Վանի առաջին հայ որբանոցը [82]։

1882-ին Խնամատար ընկերութիւնը լուծարւում է, սակայն կազմակերպութեան ատենապետ և աւագ ուսուցիչ Համբարձում Երամեանը որբանոցի 25 սաներին վանքից տեղափոխում է Այգեստան թաղամաս և որբանոցը վերակազմաւորում որպէս սեփական ղեկավարութեամբ մասնաւոր դպրոց, որը սկսում է ընդունել նաև ցերեկօթիկ աշակերտներ։ 1880-ական թթ․ երկրորդ կէսից վարժարանն ամբողջութեամբ անցնում է ցերեկօթիկ կրթութեան։

Դպրոցը  սկզբում կրում էր «Վանի Հայկական Որբանոցի վարժարան» անունը, իսկ 1903-ին՝ Խնամատար ընկերութեան և դպրոցի ստեղծման 25-ամեակի առթիւ, պաշտօնապէս վերանուանւում է Երամեան վարժարանի [83]։

Հայոց ցեղասպանութեան նախօրեակի դրութեամբ վարժարանն արական էր և ցերեկօթիկ։ Ուսումնական ծրագիրը պատրաստուած էր ազգային-ծխական և օսմանեան պետական երկրորդական վարժարանների բաղդատական ուսումնասիրութեամբ և պարբերաբար վերանայւում և արդիականացւում էր [84]։

Ուսուցումը երկաստիճան էր՝ «նախակրթարան»ի աստիճան, որտեղ մատուցւում էր տարրական կրթութիւն և «ուսումնարան»ի աստիճան՝ հիմնական-ցածր միջնակարգ կրթութեամբ։  Նախակրթարանում ուսման տևողութիւնը չորս տարի էր, «ուսումնարանում»՝ մինչև 1885-ը՝ չորս, 1885-ից առ 1900-ը՝ հինգ, 1900-1913 թթ․՝ վեց տարի։ 1913-14 ուսումնական տարում դպրոցն անցում կատարեց լիարժէք միջնակարգ կրթութեամբ ուսուցման եռաստիճան համակարգի՝ ուսման ընդհանուր տևողութիւնը սահմանելով 12 տարի (տարրական` 4 տարի, հիմնական` 6 տարի և միջնակարգ` 2 տարի) [85]։

Դպրոցում դասաւանդւում էին կրօն և եկեղեցական պատմութիւն, գրաբար և աշխարհաբար հայերէն, թուրքերէն (նախակրթարանի չորրորդ տարուց), ֆրանսերէն (ուսումնարանի առաջին տարուց), ռուսերէն (ուսումնարանի երրորդ տարուց), հայոց, օսմանեան և ընդհանուր պատմութիւն, աշխարհագրութիւն, բնական և ճշգրիտ գիտութիւններ՝ բարձր դասարաններում նաև ֆրանսերէն և թուրքերէն լեզուներով, քաղաքական տնտեսութիւն, բարոյագիտութիւն, իրաւագիտութեան և երկրագործութեան հիմունքներ, գեղագրութիւն, գծագրութիւն, երգեցողութիւն, մարմնամարզութիւն [86]։

1901-02 ուսումնական տարում վարժարանն ունէր 233 աշակերտ, 12 ուսուցիչ [87]։

1912-13 ուսումնական տարում վարժարանում ուսում էր ստանում 366 աշակերտ, որից 171-ը սովորում էր նախակրթարանի չորս և 195-ը՝ ուսումնարանի եօթ դասարաններում։ Վարձավճարով էր սովորում 304, ձրի՝ 59 և կրթաթոշակով՝ 3 երեխայ։ Ուսուցիչների թիւը 19 էր, որից մշտական (մնայուն)` 15, համատեղութեան կարգով դպրոցում դասաւանդողներ՝ 4 [88]։

Հայոց ցեղասպանութեան նախօրեակին վարժարանի ուսուցիչներից էին դոկտոր Լեւոն Ճինկէօզը (ծնունդով Տրապիզոնից, Պադուայի բժշկական համալսարանի շրջանաւարտ), Մատթէոս Էպլիղաթեանը (իրաւագէտ, ծնունդով Իզմիրից), Աւետիք Տէր Գասպարեանը և Ռաֆայէլ Տէր Ադամեանը (համալսարանաւարտ ռուսահայեր), Վրթանէս Ախիկեանը (ծնունդով Վանից, նկարիչ), Խոսրով Փախչանեանը (երաժիշտ, Կոմիտաս վարապետի աշակերտներից), Արամ Տէր Թովմասեանը (ծնունդով Վանից, Էջմիածնի Գէորգեան ճեմարանի շրջանաւարտ, հետագայում՝ յայտնի գրող-երգիծաբան Լեռ Կամսար) և այլօք [89]։

Երամեան վարժարանը Վանի ամենամեծ բիւջէն ունեցող կրթական հաստատութիւնն էր․ 1901-02 ուսումնական տարում նրա ամսեկան եկամուտներն ու ծախսերը կազմում էին 2700 ղուրուշ, որից 1800-ը գոյանում էր ուսման վարձերից, 900-ը՝ նուիրատւութիւններից [90]։ 1912-13 թթ. վարժարանի տարեկան մուտքերը կազմում էին 99368 ղուրուշ, որից 59330-ը գոյացել էր աշակերտների ուսումնական վարձերից, մնացածը՝ տարբեր նպաստներից և նուիրատւութիւններից։ Երկու առաւել խոշոր նուիրատուներն էին Ս. Պետերբուրգի Հայոց եկեղեցական խորհուրդը՝ 12464 ղուրուշ և կովկասահայութիւնը (նշանաւոր հայ ազգագրագէտ Երուանդ Լալաեանցի կողմից կազմակերպուած հանգանակութեան միջոցով)՝ 10800 ղուրուշ։ Ծախսերը 124447 ղուրուշ էին, որից 90385-ը (մօտ 73%) կազմում էին ուսուցիչների աշխատավարձերը [91]:

1910-ական թթ. սկզբներին Երամեան վարժարանն ունէր ֆուտբոլային ակումբ, որը մասնակցում էր տարբեր մրցաշարերի [92]։

Վարժարանը գործում էր 1903-04 թթ․ կառուցուած երկյարկանի սեփական շէնքում, որի առաջին յարկում տեղակայուած էին 13 դասասենեակները, վերնայարկում՝ հանդիսութիւնների և թատերական ներկայացումների համար ընդարձակ սրահը, գրադարանը, գիտական թանգարանը, ուսուցչանոցը և տնօրէնի սենեակը [93]։

Վանի ՀԲԸՄ վարժապետանոց (1911-1915)

Վանի վարժապետանոցը բացուել է 1911 թ․ հոկտեմբերի 24-ին Հայոց Միացեալ Ընկերութեան կողմից [94]։ Կրթական հաստատութեան հիմնական ծախսերը հոգացել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Եգիպտոսի մասնաճիւղը [95]։

Վարժապետանոցը նախատեսուած էր 4 տարուայ ուսուցման համար (կրտսերագոյն, կրտսեր, երէց, երիցագոյն աստիճաններով), որի ընթացքում պէտք է իրագործուէր՝ ա) երկրորդական կրթութիւն, բ) մանկավարժական կրթութիւն (տեսական և գործնական), գ) գիւղատնտեսական կրթութիւն [96]։

Վարժապետանոցում դասաւանդուել են կրօն, հայերէն, թուրքերէն, ֆրանսերէն, ռուսերէն, մաթեմատիկա (թուաբանութիւն, հանրահաշիւ, երկրաչափութիւն), բնական գիտութիւններ (հանքաբանութիւն, տարրաբանութիւն, բուսաբանութիւն, կենդանաբանութիւն, աշխարհագրութիւն, էլեկտրագիտութիւն, գիւղատնտեսութիւն), ընդհանուր պատմութիւն, քննական պատմութիւն հայոց և հայ մատենագրութիւն, քաղաքական տնտեսագիտութիւն, բարոյական փիլիսոփայութիւն, իմաստասիրութեան պատմութիւն, երաժշտութիւն, գծագրութիւն, ձեռարուեստ, մարմնամարզութիւն, մանկավարժութիւն, հոգեբանութիւն, դպրոցավարութիւն, մանկավարժութեան պատմութիւն [97]։

Վարժապետանոցում ուսուցումն իրականացւում էր վճարովի և անվճար հիմունքներով։ Տարեկան ուսման վարձը 4 օսմանեան ոսկի էր։ Ուսման վարձի վճարումից կարող էին ազատուել նիւթապէս անկարող այն աշակերտները, որոնք «ուսումնական արժանիք ունենալով միասին՝ բնաւորութեան ու նկարագրի տեսակէտով ալ արժանաւոր ուսուցիչ ըլլալու վստահութիւն կը ներշնչեն և որոնք երաշխաւորուած մուրհակով կը պայմանաւորուին չորս տարի պաշտօնավարել «Միացեալ»ի նշանակած որևէ գաւառի ու գիւղի նախակրթարանին մէջ» [98]։

Բացման առաջին տարում վարժապետանոցի տնօրէնն էր Յովսէփ Գույումճեանը, 1912-ին նրան փոխարինեց Միացեալ Ընկերութեան Կարնոյ շրջանակի ընդհանուր տեսուչ Միքայէլ Մինասեանը [99]։

1911-12 ուսումնական տարում վարժապետանոցում սովորում էր 24 տղայ, դասաւանդում էր 5 ուսուցիչ [100] ։  1914-15 ուսումնական տարեշրջանում վարժապետանոցի աշակերտների թիւը հասել էր 80-ի, իսկ ուսուցչական կազմը՝  9-ի (5-ը՝ մնայուն, 4-ը՝ այցելու) [101]։

Վանի բողոքական դպրոցները

Վանը Արևմտեան Հայաստանում ամերիկեան բողոքական միսիոներների գործունէութեան կարևոր կենտրոններից մէկն էր (կայանի մասին տե՛ս Վանի գաւառակ - Եկեղեցիներ եւ վանքեր

Առաջին ամերիկեան բողոքական (արական) դպրոցը Վանում հիմնադրուել է քաղաքում բողոքական կայանի հաստատումից անմիջապէս յետոյ` 1872-1873 թթ., 1882-ին բացուել է բողոքականների հովանու ներքոյ գործող աղջկանց վարժարանը, որն ունեցել է նաև գիշերօթիկ բաժին [102]։  1896–ի կոտորածներից յետոյ Վանում սկսել է գործել բողոքական երկսեռ որբանոց [103]։

1899 թ. Վանի ամերիկեան բողոքական երկսեռ վարժարաններն ու որբանոցները միասին ունէին մօտ 900 աշակերտ [104]։

1902-03-ի տուեալներով Վանում գործում էին հետևեալ ամերիկեան բողոքական հաստատութիւնները․

  • Արական դպրոց՝ 135 աշակերտով և 7 մնայուն ու 4 այցելու ուսուցչով,
  • Արական որբանոց՝ 200 սաներով և 4 ուսուցչով,
  • Իգական վարժարան՝ 200 աշակերտուհիներով և 8 մնայուն ու 5 այցելու ուսուցչով և ուսուցչուհիով,
  • Իգական որբանոց՝ 180 աշակետուհիներով և 7 ուսուցիչով,
  • Երկսեռ մանկապարտէզ՝ 40 սանով և 4 ուսուցչուհով,
  • Քաղաքամէջի իգական վարժարան՝ 70 աշակերտուհով և 5 վարժուհիներով ու վարժապետով [105]։ Այսպիսով, Վանի ամերիկեան բողոքական բոլոր կրթական հաստատութիւններում ուսում էր ստանում 825 երեխայ, դասաւանդում էր 44 ուսուցիչ (ուսուցիչների փաստացի թիւը աւելի փոքր էր, քանի որ մէկ ուսուցիչ այցելաբար դասաւանդում էր մի քանի դպրոցներում)։

1910 թ․ տուեալներով Վանի ամերիկեան բողոքական երկսեռ նախակրթարան վարժարանում ուսում էր ստանում 575 երեխայ, դասաւանդում էր 16 ուսուցիչ: Ուսուցման մէջ յատուկ կարևորութիւն էր տրւում գիւղական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստելու վրայ, որը համարւում էր միսիոներական աշխատանքի առաւել էական մասը [106]։

Ժամանակակիցներից մէկի գնահատմամբ` բողոքական դպրոցները մրցակցութիւն էին առաջ բերում իրենց և հայ-առաքելական-«ազգային» դպրոցների միջև` վանեցիներին ստիպելով ուշադրութիւն դարձնել «իրենց անկերպարան վիճակի մէջ անուանական գոյութիւն ունեցող դպրոցների վրայ» [107]։ Հեղինակը նաև արձանագրում էր, որ «միսիօնարական դպրոցները Վանի ծխական դպրոցներից աւելի նիւթական յարմարութիւններ ունենալով կարողացել են քառորդ դարում ձրի կրթութիւն տալ հազարաւոր չքաւոր հայ զաւակների» [108]։

1908-ին ամերիկեան բողոքական միսիոներներից առանձնանում և սեփական կայան են հիմնում գերմանացի միսիոներները։ Գերմանական միսիոներական կայանը Վանում ունէր 8-ամեայ ծրագրով 1 արական եւ 1 իգական գիշերօթիկ որբանոց-վարժարան: Այնտեղ սկզբնապէս ուսանում էր 270 երեխայ, որից 220-ը՝ որբ, դասաւանդում էր 18 ուսուցիչ [109]:

1913-ի տուեալներով գերմանական երկսեռ որբանոց-վարժարաններում ուսում էր ստանում 235 աշակերտ եւ աշակերտուհի, դասաւանդում էր 11 ուսուցիչ [110]։

Գերմանական կրթական հաստատութիւնները գործում էին «Արևելքում քրիստոնէական բարեգործութեան գերմանական օգնութեան միութեան» (Deutscher Hülfsbund für Christliches Liebeswerk im Orient) հովանու ներքոյ [111]։

1913-ին կառուցւում է գերմանական որբանոցային համալիրի վարժարանի նոր շէնքը [112]։

Վանի կաթոլիկ դպրոցները

Վանը` որպէս Արևմտեան Հայաստանի հայաշատ կենտրոններից մէկը, գրաւել է նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցու միսիոներների և քարոզիչների ուշադրութիւնը։ Վանի  հայերի շրջանում յատկապէս եռանդուն գործունէութիւն է ծաւալել Կաթոլիկ եկեղեցու Դոմինիկեան միաբանութիւնը։

Դոմինիկեան առաքելութիւնը Վանում հիմնադրուել է 1881-ին հայր Ժակ Ռետորէի (Jacques Rhétoré) կողմից՝ 1877-78 թթ. ռուս–թուրքական պատերազմից յետոյ պարէնի պակասի հետևանքով Արևմտեան Հայաստանում սկսուած սովի պայմաններում հայ և այլ քրիստոնէադաւան բնակչութեանը օգնութիւն տրամադրելու նպատակով [113]։ Դոմինիկեանների գործունէութիւնն ընդլայնուել է յատկապէս Համիդեան կոտորածներից անմիջապէս յետոյ, երբ նրանք ձեռնամուխ են եղել կոտորածների հետևանքով որբացած հայ երեխաների համար գիշերօթիկ դպրոցների բացմանը։ Այդ ժամանակ Վանում դոմինիկեան հայրերի կողքին սկսում են գործել նաեւ դոմինիկեան քոյրերը՝ ստանձնելով իգական գիշերօթիկ որբանոցներ-վարժարանների վարումը [114]։

Նշուած ժամանակաշրջանում դոմինիկեաններն ունեցել են երկսեռ գիշերօթիկ դպրոց Վանի Կլոր-դարի թաղում, որտեղ պահուել է 300 երեխայ, մէկ դպրոց Այիջօղլու թաղում (130 աշակերտ), ինչպէս նաև իգական վարժարան` 300-ից աւել աշակերտուհիներով [115]։

1899 թ. Վանի կաթոլիկ Բիւզանդեան իգական վարժարանի (նախկինում՝ Յովհաննէս Բիւզանդեանի մասնաւոր դպրոց) աշակերտների թիւը 200 էր [116]։

Ըստ 1903 թ. տուեալների` Վանում կար ֆրանսիացի դոմինիկեանների կողմից վարուող 1 մանկապարտէզ, 2 (առանձին՝ արական և իգական) որբանոց և 2 (առանձին՝ արական և իգական) դպրոց, ինչպէս նաև հայ կաթոլիկ՝ 2 երկսեռ դպրոց։ Նշուած հաստատութիւններում խնամք և ուսում էր ստանում 917 երեխայ և դասաւանդում էր 31 ուսուցիչ [117]։

Դոմինիկեանները դպրոցներ էին բացել նաև Վանին մերձակայ հայաբնակ գիւղերում, որոնք, սակայն, քանի որ դոմինիկեանների կողմից մատուցւող կրթութիւնն ուղեկցւում էր հաւատափոխ լինելու և կաթոլիկութիւն ընդունելու քարոզչութեամբ` հայերը դադարեցին այնտեղ աշակերտներ ուղարկել և դրանք բացուելուց մէկ–երկու տարի յետոյ փակուեցին [118]։

Վանի կաթոլիկ դոմինիկեան միաբանութեան առաքելութեան շէնք-շինութիւնները, 1900-ական թթ․ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
Վանի կաթոլիկ դոմինիկեան միաբանութեան առաքելութեան շէնք-շինութիւնները (Աղբիւր՝ Henry Binder, Au Kurdistan, en Mésopotamie et en Perse, Paris, 1887)։
Վանի կաթոլիկ դոմինիկեան միաբանութեան առաքելութեան շէնք-շինութիւնները (Աղբիւր՝ P. Müller-Simonis, Du Caucase au Golfe Persique, à travers l’Arménie, le Kurdistan et la Mésopotamie, Washington D.C., 1892)։
Վանի կաթոլիկ դոմինիկեան միաբանութեան առաքելութեան շէնք-շինութիւնները (Աղբիւր՝ Henry Binder, Au Kurdistan, en Mésopotamie et en Perse, Paris, 1887)։

Պարբերաբար բողոք էին բարձրացնում նաև Վան քաղաքի դոմինիկեան գիշերօթիկ դպրոցների սաները, որոնց ստիպում էին կաթոլիկութիւն ընդունել և կաթոլիկ ծէսով հաղորդուել։ Այսպէս, 1903 թ. Քաղաքամէջի դոմինիկեան դպրոցի ուսուցիչը` Յովհաննէս Գալանճեանը, դժգոհ լինելով այդ դպրոցի «հակահայ ուղղութենէն», հրաժարւում է այնտեղ դասաւանդել և, դիմելով Վանի առաջնորդարանը, դպրոցի 50 հայ աշակերտներին տեղափոխում Յիսուսեան վարժարան, որտեղ նրանց սիրով ընդունում են [119]։

Չնայած հայ բնակչութեան շրջանում առկայ դժգոհութեանը` դոմինիկեան դպրոցները Վանում շարունակել են գործել մինչև Հայոց ցեղասպանութիւնը։ 1913 թ. տուեալներով` դոմինիկեանները քաղաքում ունէին հետևեալ 4 դպրոցները.

  • Բիւզանդեան աղջկանց դպրոց  (նախկինում՝ Յովհաննէս Բիւզանդեանի մասնաւոր դպրոց)։ Գործում էր 9 դասարան` մօտ 230 աշակերտուհիներով։ Ուսուցիչների թիւը 12, այդ թւում` Դոմինիկեան միաբանութեան 4 քոյրեր։ Դպրոցն ունէր նաև երկսեռ մանկապարտէզի բաժին երկու տարուայ դասընթացով և 120 աշակերտներով, որոնցից 90-ը` աղջիկներ։
  • Տղաների դպրոց։ Գործում էր Դոմինիկեան միաբանութեան հայրերի կողմից զբաղեցրած բնակելի տան մէջ։ Ունէր 6 դասարան` 140 աշակերտներով, այդ թւում 8-ը` գիշերօթիկ աշակերտներ։ Դպրոցի ուսուցչական կազմը բաղկացած էր 9 հոգուց, որից 4-ը` դոմինիկեան միաբաններ, 5-ը` ազգութեամբ հայ աշխարհիկ ուսուցիչներ (3-ը` կաթոլիկադաւան)։
  • Այիջօղլու թաղի դպրոց։ Ունէր 4 դասարան` մօտ 70 աշակերտով և 2 ուսուցչով։
  • Կլոր – դարի երկսեռ դպրոց։   Ունէր 4 դասարան` 110 երեխայով (40 աշակերտ և 70 աշակերտուհի) և 3 ուսուցչով  [120]։

Դոմինիկեանների բոլոր դպրոցներում ուսուցումը ձրի էր։ Բիւզանդեան դպրոցում ընդունւում էին նաև վճարովի հիմքունքներով աշակերտուհիներ։

Վան. ամերիկեան դպրոցին հայ վկայեալները։ Տեղեկութիւնները կը պակսին (Աղբիւր՝ Պեռի Տիուքսի հաւաքածոյ)։

[1] Գ. Շէրենց, Սրբավայրեր. Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց, վանօրէից եւ ուսումնարանաց, Թիֆլիս, 1902, էջ 24:
[2] Նոյն, էջ 26:
[3] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», Մուրճ, ամսագիր, Թիֆլիս, 1904, թիւ 10, էջ 45։
[4] Շէրենց, Սրբավայրեր, էջ 25:
[5] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, II», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1913, հոկտեմբեր 20, թիւ 49-145, էջ 8։
[6] Նոյն։ 
[7] Շէրենց, Սրբավայրեր, էջ 19, 27:
[8] Վանիկ, «Վան քաղաք։ Տեղագրական եւ տնտեսական վիճակագրութիւն», Բիւրակն, (Կ.Պոլիս), 1899, սեպտեմբեր 29, թիւ 38-39, էջ 609։
[9] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ յուսումնական խորհրդոյ ազգային կենդրոնական վարչութեան։ Տետր Բ. Վիճակ 1901-1902 տարւոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1903, էջ 10:
[10] Մարս, «Մեր դպրոցները։ Մէկ տարւայ տեղեկագիր», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1911, օգոստոսի 20, թիւ 29, էջ 6։
[11] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 45։
[12] Նոյն։ Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, I», էջ 451։
[13] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, II», էջ 8։
[14] Նոյն։
[15] Վանիկ, «Վան քաղաք», էջ 609։
[16] Թղթակից, «Վիճակագրութիւն Վանայ ընդհանուր դպրոցներուն», Բիւզանդիոն (Կ.Պոլիս), 1903, ապրիլ 15(28), թիւ 1997, էջ 1։
[17] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[18] Մարս, «Մեր դպրոցները։ Մէկ տարւայ տեղեկագիր», էջ 5-6։
[19] Շէրենց, Սրբավայրեր, էջ 33-34։
[20] Նոյն, էջ 34։
[21] Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, I», էջ 451: Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 45։
[22] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, II», էջ 9։
[23] Նոյն, էջ 8-9։
[24] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[25] Մարս, «Մեր դպրոցները։ Մէկ տարւայ տեղեկագիր», էջ 6։
[26] «Հանդէս ի յիշատակ եկնաշնորհ Տ. Ներսէս Ս. Պատրիարքի», Մասիս, շաբաթաթերթ, Կ. Պոլիս, 1884, դեկտեմբեր 22, թիւ 3749, էջ 512։
[27] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, II», էջ 9։
[28] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 45։
[29] Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, I», էջ 451։
[30] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, III», Աշխատանք, շաբաթաթերթ (Վան), 1913, նոյեմբեր 2, թիւ 1-147, էջ 6։
[31] Տէր-Մկրտչեան, «Վանի կրթական կեանքը ներկայումս», էջ 62։
[32] Նոյն։  
[33] Վանիկ, «Վան քաղաք», էջ 609։
[34] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[35] Մարս, «Մեր դպրոցները։ Մէկ տարւայ տեղեկագիր», էջ 6։
[36] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, III», էջ 6։
[37] Շէրենց, Սրբավայրեր, էջ 36։ Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 45։ Մեսրոպ քահանայ Փափազեանը Վանի անուանի եկեղեցական և կրթական գործիչներից էր, նրա կենսագրութիւնը տե՛ս Մկրտչեան, Գանձեր Վասպուրականի, էջ 244-248։
[38] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, III», էջ 6։ Տէր-Մկրտչեան, «Վանի կրթական կեանքը ներկայումս», էջ 62։
[39] Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, I», էջ 451։
[40] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[41] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, տպ․ «Կուլտուրա», 1912, էջ 19։
[42] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[43] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, III», էջ 6։ 
[44] Selcuk Aksin Somel, The Modernization of Public Education in the Ottoman Empire, 1839-1908: Islamization, Autocracy, and Discipline, Brill, Leiden-Boston-Koln, 2001, էջ 146։
[45] Ասպետ, «Կառավարութիւնը ինչպէս կը բաշխէ կրթական պիւտճէն», Աշխատանք, շաբաթաթերթ (Վան), 1913, սեպտեմբերի 7,  թիւ 43-139, էջ 2։
[46] Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, I», էջ 451։
[47] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, III», էջ 6։
[48] Նոյն:
[49] Նոյն։
[50] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 19։
[51] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ, IV», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1913, դեկտեմբեր 21, թիւ 8-154, էջ 4։
[52] Ա. Բէնտուս, «Վասպուրականի հորիզոնէն։ Ազգ. դպրոցական վիճակ», Մշակ, Թիֆլիս, 1913, յունիսի 29, № 141, էջ 2։
[53] Նոյն։ Գրիգոր Անտոնեան-Սերեբրենիկովը ռումինահայ էր, որը 1887-ին տեղափոխուել էր Ռուսական կայսրութիւն և հաստատուել Օդեսա քաղաքում։ 1902-ին Օդեսայի արքունական դրամատնում դրել է 40000 ռուբլի անձեռնմխելի գումար, որի տարեկան տոկոսի հիմնական մասը (60-ական թուրքական լիրային համարժեք գումար) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով պէտք է յատկացուէր Վանի Սանդխտեան և Կեդրոնական վարժարաններին (Բիւրակն, Կ.Պոլիս, 1905, մայիս 14, թիւ 20, էջ 398)։
[54] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[55] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 19։
[56] Մարս, «Մեր դպրոցները։ Մէկ տարւայ տեղեկագիր», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1911, օգոստոսի 20, թիւ 29, էջ 5։
[57] «Երկու խօսք եւ կոչ մը Սանդխտեանի մասին», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1913, օգոստոս 17, թիւ 40-136, էջ 5:
[58] Տէր Մկրտչեան, Գանձեր Վասպուրականի, էջ 570։
[59] Նոյն։
[60] Գ. Աճէմեան (Վանեցի), «Վանի Կեդրոնական վարժարանը», Արարատ, Վաղարշապատ, 1904, սեպտեմբեր, էջ 762։
[61] Նոյն։ 
[62] Տէր Մկրտչեան, Գանձեր Վասպուրականի, էջ 571։
[63] Աճէմեան (Վանեցի), «Վանի Կեդրոնական վարժարանը», էջ 762:
[64] Թղթակից, «Վիճակագրութիւն Վանայ ընդհանուր դպրոցներուն», էջ 1։
[65] Մարս, «Մեր դպրոցները։ Մէկ տարւայ տեղեկագիր», էջ 5։
[66] Աճէմեան (Վանեցի), «Վանի Կեդրոնական վարժարանը», էջ 762։
[67] Տէր Մկրտչեան, Գանձեր Վասպուրականի, էջ 570։
[68] Նոյն։
[69] Գռուզեան, «Վասպուրականի մտաւորական զարթօնքը», էջ 201։
[70] Նաթանեան, «Մ․ Փորթուգալեանի կրթական եւ հասարակական գործունէութիւնը Վանի մէջ», էջ 190։ 
[71] Պօղոսեան, Վասպուրականի պատմութիւնից, էջ 306-307։
[72] Արարատեան ընկերութիւն, հաստատեալ ի 15 ապրիլի 1876, Գ․ Տեղեկագիր 1878-1879 ամի, Կոստանդնուպոլիս, տպագրութիւն Պ․ Քիրիշճեան, 1879, էջ 12։
[73] Նոյն։
[74] Խ. Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, II», էջ 486։
[75] Արարատեան ընկերութիւն, Գ ․Տեղեկագիր 1878-1879 ամի, էջ 12-13։
[76] Նաթանեան, «Մ․ Փորթուգալեանի կրթական եւ հասարակական գործունէութիւնը», էջ 192: Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 47։
[77] Արձագանք, շաբաթաթերթ, Թիֆլիս, 1882, յունիսի 6, № 16, էջ 244։
[78] Նոյն, էջ 245։
[79] Նաթանեան, «Մ․ Փորթուգալեանի կրթական եւ հասարակական գործունէութիւնը», էջ 190։
[80] Շողիկ Ոսկանեան, «Վանի Երամեան վարժարանը ցեղասպանութեան նախօրէին», Մանկավարժութեան և հոգեբանութեան հիմնախնդիրներ։ Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդէս 1,  Երևան, 2014, էջ 111։
[81] Վանի Երամեան վարժարանը, Կ. Պոլիս, 1914, էջ 3։
[82] Նոյն, էջ 4։ Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 47։
[83] Վանի Երամեան վարժարանը, էջ 4։ Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 47։
[84] Վանի Երամեան վարժարանը, էջ 27։
[85] Նոյն։
[86] Նոյն, էջ 27-28։
[87] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[88] «Տարեկան տեղեկագիր Երամեան վարժարանի։ Շրջան ԼԵ. (1912 օգոստ. - 1913 օգոստ.)», Հովիտ, շաբաթաթերթ, Թիֆլիս, 1913, սեպտեմբերի 8, № 35, էջ 558։
[89] Երամեան, Յուշարձան, հատոր Բ․, էջ 191։
[90] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 10:
[91] «Տարեկան տեղեկագիր Երամեան վարժարանի», էջ 559։
[92] Վան-Տոսպ, Վան, 1914, յուլիսի 5, թիւ 26, էջ 315։
[93] Նոյն։
[94] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ տեղեկագիր։ 21 օգոստոս 1908 – 1911 օգոստոս 31, Կ․Պոլիս, 1912, էջ 67։ 
[95] Նոյն։
[96] Շողիկ Ոսկանեան, Ուրուագծեր արևմտահայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմութեան (1850-1920), Երևան, 2009, էջ 130։
[97] Նոյն։ 
[98] «Վարժապետանոց։ Գ․ Տարեշրջան», Վան-Տոսպ, շաբաթաթերթ, Վան, 1913, օգոստոս 10, թիւ 29, էջ 347։
[99] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ տեղեկագիր, էջ 10։
[100] Նոյն, էջ 107։
[101] Գռուզեան, «Վասպուրականի մտաւորական զարթօնքը», էջ 203։ Չիթունի, Աս ու Լիս Հայաստանի, Կ․Պոլիս, 1920, էջ 92։
[102] Կ.Պ. Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ Աւետարանական եկեղեցւոյ (Քննական Ծանօթութիւններով), Ֆրեզնօ, 1952, էջ 472-474:
[103] Նոյն։ 
[104] Վանիկ, «Վան քաղաք», էջ 608-609։
[105] Թղթակից, «Վիճակագրութիւն Վանայ ընդհանուր դպրոցներուն», էջ 1։
[106] Survey of the Work of the American Board in Turkey. Reprinted of the “Orient” of July 6, 1910, Bible House, Constantinople, Turkey, 1910, էջ 12:
[107] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», XXV, Մուրճ, 1904, № 12, էջ 61։
[108] Նոյն։
[109] Յարութիւնեան, «Վան-Վասպուրականի դպրոցների եւ որբանոցների պատմութիւնից», էջ 47։
[110] Hans-Lukas Kieser, Der verpasste Friede. Mission, Ethnie und Staat in den Ostprovinzen der Türkei 1839-1938, Chronos, Zurich, 2000, էջ 227։
[111] Նոյն, էջ 440։ 
[112] Նոյն։  
[113] Ա. Արիսեան, «Տօմինիկեան դպրոցները Վանի մէջ», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1913, յուլիս 16, թիւ 34, էջ 4։ Kieser, Der verpasste Friede, էջ 224։
[114] Նոյն։ 
[115] Արիսեան, «Տօմինիկեան դպրոցները Վանի մէջ», էջ 4։
[116] Վանիկ, «Վան քաղաք», էջ 609։
[117] Թղթակից, «Վիճակագրութիւն Վանայ ընդհանուր դպրոցներուն», էջ 1։
[118] Արիսեան, «Տօմինիկեան դպրոցները Վանի մէջ», էջ 4։
[119] Նոյն, էջ 5։ 
[120] Նոյն։