Վան. հայ ընտանիք մը (Աղբիւր՝ Արմէն Շահինեանի հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)։ Այս պատկերը գունաւորուած է Myheritage.com-ի միջոցաւ։

Վան (քաղաք) – Դպրոցներ (Ա.)

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 24/05/22 (վերջին փոփոխութիւն՝ 24/05/22)

Նախքան Հայոց ցեղասպանութիւնը Վանը Արևմտեան (Օսմանեան) Հայաստանի կրթական առաւել զարգացած և ծաղկուն կենտրոններից մէկն էր։ Վանեցի հայերը բնութագրւում էին որպէս «կրթասէր ժողովուրդ»` օժտուած դէպի դպրոցը և կրթութիւնը անխոնջ և յամառ ձգտումով [1]։ «Վանեցին մեծ ճիգ էր անում հասարակութեան մէջ երևալու իբրև զարգացած, ուսումնագէտ, գրասէր անձ. վանեցի ծնողը պատիւ էր համարում իրան, որ իր զաւակը գրել–կարդալ գիտէ, լրագիր կարող է կարդալ, հետաքրքիր վէպերի, պատմութիւնների ընթերցման սէր ունի, դպրոցական, կրթական խնդիրներում մտնում է, ասում է, խօսում է, վիճում է, ձայն ունի» - կարդում ենք մի վկայութեան մէջ [2]։

Ինչպէս Արևմտեան Հայաստանի այլ շրջաններում, Վանում ևս նախքան 19-րդ դարի սկզբները կրթութիւնը կենտրոնացուած էր վանքերում և նախատեսուած էր վանականութեան և քահանայութեան պատրաստուողների համար։ Իրենց հերթին, վանքերում կրթութիւն ստացած քահանաներն էլ միայն սեփական զաւակներին և մի քանի այլ երեխաների հասարակ ընթերցանութիւն էին սովորեցնում՝ քահանայութիւնը սերնդաբար  փոխանցելու և եկեղեցական արարողութիւնների ժամանակ տիրացու օգնականներ ունենալու համար [3]։

Վան քաղաքում առաջին (արական) դպրոցը հիմնադրւում է 1820-ական թթ. Քաղաքամէջ թաղամասի Ս. Վարդան եկեղեցուն կից` մեծահարուստ վաճառական Յակոբ աղա Գարասէֆէրեանի նախաձեռնութեամբ։ Դպրոցում դասաւանդելու համար Պոլսից է հրաւիրւում Կարապետ Մոկացի անունով տիրացուն, որը «գիտակ էր կրօնական առարկաներու և եկեղեցական երաժշտութեան» [4]։ Մօտ երկու տարի պաշտօնավարելուց յետոյ, Կարապետ Մոկացին, դժգոհ լինելով վարձատրութիւնից, քաշւում է Կտուցի վանք, որտեղ անց է կացնում իր յետագայ կեանքը որպէս կուսակրօն հոգևորական` ձեռնադրուելով վարդապետ, ապա եպիսկոպոս [5]։

Յակոբ աղա Գարասէֆէրեանի գործը շարունակում է նրա որդին` Գէորգ աղան, որը 1830-ական թթ. սկզբներին Ս. Վարդան եկեղեցուն կից դպրոցը վարելու համար Պոլսից հրաւիրում է տիրացու Պետրոս Արտամերտցուն, որին ժամանակակիցները բնութագրում էին որպէս «երաժիշտ քաղցրանուագ կացեալ մանկանց դասատու» [6]։ Արտամերտցին ևս, մօտ երկու տարի դպրոցում ուսուցիչ աշխատելուց յետոյ, թողնում է իր պաշտօնը` ձեռնադրուելով Վանի Այգեստան թաղամասի ենթաթաղերից մէկի` Արարքի (Արարուց) Սուրբ Աստուածածին եկեղեցու քահանայ և եկեղեցուն կից բացելով և վարելով սեփական դպրոց-սերտարանը [7]։

Արտամերտցու դպրոցը գնալով ընդարձակւում է՝ յետագայում դառնալով Արարուցի Ս. Մատթէոսեան թաղային վարժարանի հիմքը։ Դպրոցում դասաւանդելու համար հրաւիրւում են օգնական ուսուցիչներ Պոլսից և Երուսաղէմից։  Այստեղ է ուսանում նաև պատանի Մկրտիչ Խրիմեանը՝ ապագայ Խրիմեան Հայրիկը [8]։

1830-ական թթ. սկզբներին մէկ այլ վանեցի երևելի` Սարգիս աղա Աճէմխաչոյեանի նախաձեռնութեամբ դպրոց է բացւում նաև Այգեստան թաղամասի Նորաշէնի եկեղեցում։ Դպրոցի ուսուցիչ է կարգւում ծնունդով վանեցի, Երուսաղէմի ժառանգաւորաց վարժարանի շրջանաւարտ Յովհաննէս Վարժապետ Քօլօզեանը [9]։ Այս դպրոցը ևս զարգանում ու ընդլայնւում է` 1830-40-ական թթ. ունենալով կայուն յաճախող 100-ից աւել աշակերտ [10]։

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից 1834 թուականին պատրաստուած վիճակագրութեան համաձայն` Վան քաղաքի մէջ գործում էր 3 հայկական դպրոց (ընդամէնը Օսմանեան կայսրութիւնում (բացի Պոլսից)  գործող հայկական դպրոցների թիւը 114 էր) [11]։ Թէև նշուած ցուցակում առանձին դպրոցների անունները տրուած չեն, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք էին Քաղաքամէջի Ս․ Վարդան եկեղեցու, Այգեստանի Արարուցի և Նորաշէնի եկեղեցիների դպրոցները։

1830-40-ական թթ. օսմանեան կենտրոնական իշխանութիւնների կողմից երկրի արևելեան նահանգների նկատմամբ վերահսկողութեան ուժեղացմանը զուգընթաց հետզհետէ աշխուժանում են Վանի և Կ.Պոլսի միջև կապերը։ Գնալով մեծանում է վանեցի պանդուխտների ներհոսքը Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք։ Քիչ թիւ չէին կազմում նաև կրթութիւնը շարունակելու նպատակով Պոլիս մեկնած վանեցի երիտասարդները։

1846 թ. Վանի թեմի առաջնորդ Գաբրիէլ վարդապետ Շիրօեանի յանձնարարութեամբ Պոլիս է հասնում Լիմի վանքի միաբան Յակոբ վարդապետ Թոփուզեանը, որը Մատթէոս Չուհաճեան պատրիարքին (1844-1848 թթ․), ի թիւս այլի, նաև տեղեկութիւններ է հաղորդում Վանի կրթական վիճակի վերաբերեալ։ Թոփուզեանի այցը առիթ է տալիս մայրաքաղաք տեղափոխուած վանեցի մտաւորական գործիչներին (Ագրիպաս Տպաղեան, Մկրտիչ Խրիմեան, Շարան Շարանեան և այլն) խորհել Պոլսի հայկական դպրոցների օրինակով իրենց ծննդավայրում նոր դպրոցներ բացելու մասին։ Նրանք այդ հարցով պարբերաբար խորհրդակցութիւններ են կազմակերպում, ինչպէս նաև ծրագրին զօրավիգ լինելու խնդրանքով դիմում պատրիարքին [12]։

Յակոբ վարդապետ Թոփուզեանը պատրիարքի քաջալերական կոնդակով 1847 թ. սկզբներին վերադառնում է Վան և ստանձնում այնտեղ նոր դպրոցական համակարգի ստեղծման աշխատանքները։ Քաղաքի հայ երևելիցներից կազմւում է հոգաբարձական մարմին, որի որոշմամբ Վանում բացւում են 5 թաղային (ծխական) վարժարաններ, որոնք անուանւում են Յիսուսի և չորս աւետարանիչների անուններով՝ Վանի Քաղաքամէջ թաղում՝ Յիսուսեան վարժարանը, Այգեստանի Արարուց թաղում՝ Ս. Մատթէոսեան (յետագայում՝ Ս. Թարգմանչաց) վարժարանը, Այգեստանի Նորաշէն թաղում՝ Ս. Յովհաննէսեան վարժարանը, Այգեստանի Յայնկոյսներ թաղում՝ Ս. Մարկոսեան վարժարանը, Այգեստանի Ս. Յակոբի թաղում՝ Ս. Ղուկասեան վարժարանը [13]։ Իրենց հիմնադրման կամ վերակազմաւորման տարում (1846-47 թթ․) վերոնշեալ հինգ վարժարաններում ուսում էր ստանում մօտ 880-900 երեխայ, դասաւանդում էր 12-15 ուսուցիչ։

Վանի դպրոցների ընդհանուր տեսուչ է նշանակւում Յակոբ վարդապետ Թոփուզեանը։

Այս թաղային (ծխական) դպրոցները (1860 թ. վերոնշեալ հինգ վարժարաններին աւելացած Վանի Հայկավանուց թաղի Հայկեան վարժարանի հետ միասին [14]) դառնում են Վան քաղաքի դպրոցական համակարգի հիմքը՝ որոշ ընդհատումներով, վերանուանումներով և վերակազմակերպումներով շարունակելով գործել մինչև Հայոց ցեղասպանութիւնը [15]։

Թաղային վարժարանները կառավարւում էին իւրաքանչիւր թաղում կազմուած խնամակալներով կամ հոգաբարձուներով, իսկ 1863 թ. ազգային սահմանադրութեան գործադրումից յետոյ՝ թաղական խորհուրդներով, որոնց վրայ դրուած էր նաև այդ կրթական հաստատութիւնների ծախսերի ապահովման գործառոյթը։

Պատրիարքարանի և Վանի առաջնորդարանի որոշմամբ առժամանակ Վան քաղաքի հայկական ծխական դպրոցների նիւթական ապահովմանն են ուղղւում նաև Մոկաց Փութկու Ս․Գէորգ վանքի հասույթները [16]։

Նորաստեղծ վարժարանների համար Վանի թաղային եկեղեցիներին կից բակերում՝ եկեղեցապատկան տարածքների վրայ, կառուցւում են նոր՝ մէկ կամ երկյարկանի շէնքեր, որոնք ծառայում են թէ ծաղկոցի, թէ նախակրթարանի, թէ պատրաստական և թէ հիմնական դասարանների համար [17]։ Դպրոցների շէնքները պարբերաբար նորոգւում էին` ենթարկուելով նաև վերակառուցման ու ընդլայնման։

1830-60–ական թթ. Վանի դպրոցները իրենց ուսուցման մեթոդներով գերազանցապէս սերտարաններ-վարժոցներ էին, ուր «ծնողները կ’ուղարկէին իրենց տղայք որպէս զի անգիր սորվին «Սաղմոս», «Ութկանոն», «Նարեկ», «Ժամերգութիւն», «Ճարտասանութիւն», «Քերականութիւն» փալախկաներու պարտաւորիչ քնացումի եւ մտրակներու հարուածներու միջոցով» [18]։ 1864-1869 թթ. Ս. Մարկոսեան վարժարանում ուսանած վանեցի անուանի կրթական գործիչ և մանկավարժ Համբարձում Երամեանն իր յուշերում արձանագրում է, որ «դպրոցները չունէին ո՛չ կրթական յայտագիր կամ մանկավարժական ծրագիր, ո՛չ դասարանական դրութիւն և ո՛չ ալ ժամանակացոյց։ ...Աշակերտները շար ի շար կը կանգնէին, կամ տախտակամածի վրայ ծնկաչոք՝ կիսաբոլոր շրջանակ մը կը կազմէին ուսուցչին առջև, իսկ ուսուցիչը գահու մը կամ թախտի մը վրայ բազմած, մերթ ընկողմանած՝ կը լսէր աշակերտաց համարատուութիւնը և կ’աւանդէր կամ դասագրքի վրայ կը նշանակէր ընթերցանութեան յաջորդ դասը» [19]։

1860-ական թթ. երկրորդ կէսին՝ սկզբում Ղուկասեան դպրոցում՝ այնտեղ ուսուցիչ նշանակուած Տիգրան Ամիրճանեանի կողմից, ապա Վանի այլ ծխական վարժարաններում սկսեցին դասաւանդուել ազգային և ընդհանուր պատմութիւն, ընդարձակ կրօնագիտութիւն, աշխարհագրութիւն, թուաբանութիւն (մինչ այդ սովորեցնում էին միայն թուաբանական չորս գործողութիւնները), աշխարհաբար քերականութիւն, ֆրանսերէն և թուրքերէն [20]։ 1860-ական թթ. վերջերին օսմանեան կառավարութիւնը պետական ֆինանսաւորմամբ թուրքերէնի յատուկ ուսուցիչ է ուղարկում Յիսուսեան վարժարան [21]։

Վան քաղաքի ծխական դպրոցների զարգացման համար խթան հանդիսացաւ Մկրտիչ Խրիմեանի՝ 1857-ին Վարագավանքի վանահայրութեան ստանձնումը և այնտեղ Ժառանգաւորաց վարժարանի բացումը։ 1860-ական թթ. Վարագավանքի Ժառանգաւորացը տիպար դպրոց էր համարւում Վանի ծխական վարժարանների համար. «դպրոցական շէնքը եղածներից բոլորովին նոր և տարբեր ճաշակով, ուսուցիչները կարողութեան տէր, զարգացած, նոյնիսկ մասնագէտ, դասաւանդութեան մեթոդը ժամանակակից եւրոպական մանկավարժութեան հետևողութեամբ, աշակերտների նիստուկացը կեանքը, սնունդը հագնելիքը կանոնաւոր և օրինակելի – ահա այս բոլորը վանեցիների համար նորութիւններ էին», - հաղորդւում է մի վկայութեան մէջ [22] (Ժառանգաւորաց վարժարանի մասին մանրամասն տե՛ս՝ Վան-Տոսպի եկեղեցիներն ու վանքերը։

1860-ական թթ. վերջերին Վան քաղաքի վեց թաղային վարժարաններում ուսում էր ստանում շուրջ 1000 երեխայ։ Իւրաքանչիւր դպրոց ունէր մէկ աւագ ուսուցիչ, մէկ կամ երկու օգնական ուսուցիչներ, ինչպէս նաև մէկ կամ երկու տնտես։ Ուսուցչի ամսական վարձը 120-150 ղուրուշ էր (100 ղուրուշը հաւասար էր մէկ օսմանեան ոսկի լիրայի)։ Այդ ժամանակաշրջանում Վանի  նշանաւոր և յարգուած ուսուցիչներից էին Յովհաննէս վարժապետ Քօլոզեանը (Նորաշէնի դպրոց), Հայրապետ Ճանիկեանը և Յովհաննէս Բարաղամեանը (Արարուցի դպրոց), Մանուէլ Արտամերտցին (Տէր Դիոնէսիոս) և Սարգիս Գնունին (Քաղաքամէջի դպրոց), ինչպէս նաև Տիգրան Ամիրճանեանը (Ս. Յակոբ թաղի դպրոց) [23]։ Դպրոցների ուսուցչական կազմը կայուն չէր․ յաճախ էին ուսուցիչների՝ մի դպրոցից միւս տեղափոխութիւնները՝ վարձատրութեան բարձրացման կամ տեսչութեան պաշտօնի ստանձման պատճառով։ Որոշ ուսուցիչներ դասաւանդում էին մի քանի դպրոցներում միաժամանակ՝ մէկ դպրոցում ունենալով «մնայուն», իսկ միւսում՝ «այցելու» ուսուցչի կարգավիճակ [24]։

1870-ին՝ արդէն որպէս Կ.Պոլսի Հայոց պատրիարք՝ Մկրտիչ Խրիմեանը քայլեր է ձեռնարկում Վանի մէջ առանձին իգական դպրոցի բացման ուղղութեամբ։ Նրա նախաձեռնութեամբ Պոլսում գտնուող մի քանի վանեցի վաճառականներ կազմում են Սուրբ Սանդուխտ կոյսի անունով կրթամշակութային ընկերութիւն, որը 1870 թ.  ամռանը Վանում բացում է աղջիկների համար նախատեսուած Սանդխտեան վարժարանը։ Նոյնպէս Խրիմեանի յորդորով՝ ռուսահայ բարերար Մկրտիչ Սանասարեանը 1881-ին 2000 ռուբլի է նուիրում Սանդխտեան վարժարանի շէնքի կառուցման համար, ինչպէս նաև կտակում է 10000 ռուբլի անձեռնմխելի դրամագլուխ, որի տոկոսը պէտք է ծախսուէր դպրոցի պէտքերի համար [25]։

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից յետոյ արևմտահայ կրթութեան կազմակերպման գործը զարգացման նոր շրջափուլ է մտնում, ինչը մեծապես պայմանաւորուած էր միջազգային դիւանագիտութեան օրակարգում Հայկական հարցի ընդգրկմամբ և, դրանից ելնելով, արևմտահայ հասարակական-քաղաքական կեանքի աշխուժացմամբ։ Արևմտահայ մտաւորականութիւնը որպէս Արևմտեան Հայաստանում հայկական ազգային ինքնագիտակցութեան զարթօնքի հիմնական միջոց էր դիտարկում ազգային կրթութիւնը․ մի ժամանակակցի պատկերաւոր արտայայտութեամբ՝ «Հայ ազգը ․․․տեսիլն ունեցաւ դիմել Միտքի ազատագրութեան՝ նախապատրաստուելու քաղաքական նպաստաւոր պայմաններու» [26]։ Դրանից ելնելով՝ ի յայտ են գալիս արևմտահայ դպրոցական ցանցի ընդլայնման, ինչպէս նաև գործող դպրոցների արդիականացմանն ուղղուած բազմաթիւ ծրագրեր։ «Գաւառը լուսաւորելու համար» Պոլսոյ մէջ կազմւում են տարբեր կրթամշակութային կազմակերպութիւններ, որոնցից, յատկապէս, աչքին էին ընկնում Արարատեան, ԱրևելեանԿիլիկեանԽիզանու, ինչպէս նաև Դպրոցասէր Տիկնանց ընկերութիւնները [27]։ 1880 թ․յունիսի 1-ին Արարատեան, Արևելեան և Կիլիկեան ընկերութիւնները միաւորւում են՝ ստեղծելով Միացեալ Ընկերութիունք Հայոցը (յայտնի է նաև Միացեալ Ընկերութիւն կրճատ անուամբ)։

Վանը՝ որպէս Արևմտեան Հայաստանի հայաշատ հիմնական կենտրոններից մէկը, անմասն չմնաց այդ լուսաւորչական շարժումից. սկսուեց աշխատանք տարուել քաղաքի կրթական կեանքին նոր թափ ու որակ հաղորդելու, դրանում նոր գաղափարներ ներմուծելու ուղղութեամբ։

1870-ական թթ. վերջերին – 1880-ական թթ. սկզբներին Վանի իւրաքանչիւր թաղում ստեղծւում են տարբեր կրթամշակութային բնոյթի ծրագրեր իրականացնող մեծ և փոքր ընկերութիւններ (ընդհանուր առմամբ, Մխիթարեան միաբանութեան անդամ հայր Եփրեմ վարդապետ Պօղոսեանն իր «Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու» ուսումնասիրութեան մէջ տուեալներ է հաղորդում 1840-ական թթ. առ 1914-ը քաղաքում  գործող և մամուլում յիշատակուած թւով 50 կրթամշակութային ընկերութիւնների մասին [28])։ Այսպէս, Հայրենասիրաց անունով ընկերութիւնը 1879-ին Վանի մէջ առաջին անգամ բացում է լսարան և կիրակնօրեայ վարժարան մեծահասակների համար [29]։ Հայրենասիրացի օրինակով գրեթէ իւրաքանչիւր կիրակի այս կամ այն վարժարանի մէջ լսարաններ և դասախօսութիւններ էին կազմակերպում նաև այլ ընկերութիւններ՝ Արարք թաղի Ազգանուէրը, Նորաշէնի Ուսումնասիրացը և այլն [30]։

Վանի կրթական կեանքի զարգացման կարևոր ուղենիշերից էր 1870-ական թթ. վերջերին երկրորդական (միջնակարգ) կրթութիւն մատուցող երկու հաստատութիւնների՝ Որբանոցի (յետագայում՝ Երամեան) վարժարանի և Վանի վարժապետանոցի (1881-ից՝ Կեդրոնական վարժարան) բացումը։

Մկրտիչ Փորթուգալեանի ղեկավարութեամբ Կեդրոնական վարժարանը 1880-ական թթ․սկզբներին Վանի հայկական հանրային կեանքում տիրող հասարակական-քաղաքական եռուզեռի «կաթսաներից» մէկն էր․ «Ութսունական թուականներու առաջին տարիներուն մէջ՝ եռանդուն երիտասարդութիւն մը Վանայ մէջ, բոլորումը Խրիմեանի և Փորթուգալեանի շուրջը՝ արդիւնք էր Հայկական հարցին ստացած նոր կարևորութեանը։ ․․․Կլիւպ, կիրակնօրեայ լսարանական բանախօսութիւններ, անհատական և ընկերական շրջանակներու մէջ գաղափարի շփումներ, զանազան առիթներով հրապարակային հանդէսներ ու անոնց հետ միաժամանակ՝ Թիֆլիսի մէջ լոյս տեսնող, մեր ազգային կեանքին ու վերածնութեան նուիրուած գրականութիւն մը՝ մէյ մէկ դպրոցներ դարձած, թմրած ժողովուրդի զարթնումին կը ծառայէին», - կարդում ենք դէպքերին ժամանակակից-ականատեսի յուշերում [31]։

Փորթուգալեանի (Կեդրոնական) և Երամեանի մասնաւոր վարժարանների գործունէութիւնը նաև խթան է դառնում Վանի ծխական վարժարանների զարգացման համար։ Թաղային կրթական խորհուրդները աւելացնում են դպրոցներին յատկացուող գումարները, ինչը թոյլ է տալիս ներգրաւել նոր ուսուցիչներ, աւելացնել աշակերտների թիւը և բարձրացնել կրթութեան ընդհանուր որակը [32]։

Նշուած շրջանում բացւում են նաև Բաղրամեանի, Յոնանեանի, Տ. Մկրտչեանի մասնաւոր վարժարանները, որոնցից առաջինը ընդհատումներով գործում է մինչև Համիդեան ջարդերը [33]։

Զարգանում է նաև իգական կրթութիւնը։ 1880-ական թթ Քաղաքամէջում բացւում է Շուշանեան թաղային դպրոցը, իսկ Այգեստանի Յայնկոյսներ թաղում, Խրիմեանների տան մէջ՝ Գայիանեան վարժարանը [34]։

Գարեգին Սրուանձտեանցի վիճակագրութեամբ՝ 1880-81 թթ․ քաղաքում գործում էր 9 «ազգային» (հայ առաքելական) երկսեռ վարժարան, որտեղ սովորում էր 1370 տղայ և 220 աղջիկ։ Քաղաքում գործող կրթամշակութային («Ընթերցարանի եւ Լսարանի») ընկերութիւնների թիւը 8 էր, կար մէկ ժողովատեղի (ակումբ) [35]։

Համաձայն ֆրանսիացի վիճակագիր Վիթալ Քուինէի  «Ասիական Թուրքիա» գրքում զետեղուած տուեալների՝ 1880-ական թթ. կէսերին Վան քաղաքում գործում էր հայ առաքելական 10 վարժարան, որից 7-ը՝ տարրական, 3-ը՝ միջնակարգ։ Աշակերտների թիւը 1,334 էր, որից 914-ը՝ տղայ, 420-ը՝ աղջիկ [36]։

1880-ական թուականներին Վանի դպրոցներում ուսուցչական պաշտօն վարող կրթական գործիչ-մտաւորականներ Մկրտիչ Փորթուգալեանը, Մեսրոպ Փափազեանը, Պօղոս Նաթանեանը, Դիոնիսիոս (Մանուէլ) Արտամերտցեանը, Մեսրոպ Ճանիկեանը, Աւետիս Շաղոյեանը, Տիգրան Ամիրճանեանը, Մանուէլ Անանեանը, Խորէն Խրիմեանը (Խրիմեան Հայրիկի եղբօրորդի), Մանուէլ Միրախորեանը, Գէորգ Շէրենցը, Մաղաք Պլուզեանը, Դաւիթ Շաքարեանը, Մկրտիչ Աւետիսեանը (Թէրլէմէզեան), Համբարձում Երամեանը բացի ուսուցչական գործունէութիւնից նաև հանդէս էին գալիս ժամանակի մամուլի էջերում Վան-Վասպուրականի և ընդհանուր արևմտահայոց հասարակական-քաղաքական և կրթամշակութային կեանքի վերաբերեալ տարբեր հրապարակումներով [37]։

Սեփական իշխանութիւնն ամրապնդելուց յետոյ 1880-ական թթ կէսերին սուլթան Աբդուլ Համիդ II-ը քայլեր է ձեռնարկում արևմտահայ հանրային կեանքի տարբեր բնագաւառների, այդ թւում նաև կրթական կեանքի նկատմամբ վերահսկողութիւնն ուժեղացնելու ուղղութեամբ։ 1885-ի սկզբներին Վանի կուսակալ է նշանակւում ոմն Համիդ փաշան, որին սուլթանը յանձնարարում է կասեցնել քաղաքում և գաւառում ազատամտական գաղափարներ տարածող անհատների և կառոյցների գործունէութիւնը։ 1885-ի մարտին Մկրտիչ Փորթուգալեանին հրահանգւում է թողնել Կեդրոնական վարժարանի և Վանի բոլոր ծխական դպրոցների տեսուչի պաշտօնը և լքել Վանը (նա յետագայում Պոլսից անցնում է Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղ սկսում է հրատարակել հռչակավոր «Արմէնիա» պարբերականը) [38]։ Սուլթանի հրամանով 1885-ի մարտի 30-ին Վանից Պոլիս է հեռացւում նաև Խրիմեան Հայրիկը [39]:

1885-ի յունիսի 3-ին ոստիկանների ուղեկցութեամբ Վանի Կեդրոնական վարժարան են գալիս Վանի նահանգապետարանի կրթական բաժնի  տեսուչը (Մէարիֆ Մուֆէթթիշ) և այլ պաշտօնեաներ։ Նրանք նախ պահանջում են աշակերտների կողմից գծուած աշխարհագրական քարտէզները, որոնցից Վանայ լճին և նահանգին վերաբերուողները առգրաւում են։ Դրանից յետոյ հրամայւում է դադարեցնել պարապմունքները և աշակերտներին արձակել տուն։ Կեդրոնական վարժարանը փակւում է, դասասենեակների և դպրոցի դռները կնիքւում են [40]։ Դրանից առաջ, նոյն օրը նահանգապետարանի պաշտօնեաները այցելել էին Վարագավանք՝ փակելով և կնիքելով վանքի տպարանը [41]։ 1885-86 թուականների ընթացքում նաև լուծարւում են Վանում գործող բազմաթիւ կրթամշակութային ընկերութիւններ, «որոց բոլորի միտքն ու նպատակն էր ազգ․ լուսաւորութեան եկեղեցեաց, Վանօրէից և ուսումնարանաց հոգ տանելը» [42]։

Վան. հայ ընտանիք մը։ Անունները անյայտ։ Յատկանշական է, որ երեխաներէն եւ պատանիներէն շատեր իրենց ձեռքին գիրքեր բռնած են։ Կ՚ենթադրենք որ այս ձեւով ընտանիքը կ՚ուզէ ցոյց տալ որ անոնք դպրոցականներ են եւ վստահաբար հպարտ են այս փաստով (Աղբիւր՝ Արմէն Շահինեանի հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)։ Այս պատկերը գունաւորուած է Myheritage.com-ի միջոցաւ։

Կեդրոնական վարժարանը փակելուց յետոյ օսմանեան իշխանութիւնները նաև քայլեր են ձեռնարկում Վանի հայկական դպրոցների կրթական ծրագրերի նկատմամբ վերահսկողութիւնն ուժեղացնելու ուղղութեամբ։ Տեղացի օսմանեան պաշտօնեաներին յատկապէս մտահոգում էր Հայոց պատմութիւն առարկայի դասաւանդումը։ Այսպես, 1891-ին Վանի նահանգապետարանի կրթական տեսուչը, այցելելով Երամեան վարժարանը, հրահանգում է Հայոց պատմութիւն առարկայի դասաւանդումը պարփակել «շատ կարեւոր դէպքերու ու թուականներու յիշատակութեան մէջ միայն» [43], 1893-ին մէկ այլ տեսուչ ընդհանրապէս փորձում է արգելել Երամեան վարժարանում և հայկական ծխական վարժարանների բարձր դասարաններում Հայոց պատմութեան դասաւանդումը և հետ է կանգնում իր պահանջից միայն այն բանից յետոյ, երբ Համբարձում Երամեանը պահանջում է գրաւոր ձևակերպել դասաւանդման արգելքի հրահանգը, որը հակաօրինական էր [44]։

Նահանգապետարանի կրթական բաժնի տեսուչներից մէկը սովորութիւն ունէր յանկարծակի այցելել հայկական ծխական վարժարաններ, խուզարկել աշակերտների գրասեղանները և, տետրերում հանդիպող «Հ» տառի վրայ մատը դնելով, հարցնել՝ «Հայաստա՞ն է այս բառը» [45]։

Վանի հայկական դպրոցները մեծապէս տուժեցին Համիդեան կոտորածների ժամանակ։ Քաղաքում և գաւառում 1896 թ յունիսի սկզբներին տեղի ունեցած ջարդերի առաջնային թիրախներ դարձան, կողոպտուեցին և հրկիզուեցին յատկապէս խառը՝ հայ և թուրք բնակչութիւն ունեցող թաղերի եկեղեցիներն ու դրանց կից գտնուող դպրոցների (Ս. Յովհաննէսեան (Նորաշէնի թաղ), Ս. Մարկոսեան (Յայնկոյսներու թաղ) և Ս. Ղուկասեան (Ս. Յակոբի թաղ) շէնքերը [46]: Միայն պատահականութիւնը՝ ջարդարար ամբոխի որոշակի յապաղումը, թոյլ տուեց նախօրօք տարհանել նշուած դպրոցների աշակերտներին ապահով վայրեր [47]։

Վանի դպրոցներին պահանջուեց մի քանի տարի Համիդեան ջարդերի աղէտի հետևանքներից աստիճանաբար վերականգնուելու համար։ 1898 թ. տուեալներով Վանում գործում էին 7 թաղային և 3 մասնաւոր վարժարաններ՝ 1510 աշակերտով։ Նորաշէնի, Յայնկոյսներու, Ս. Յակոբի թաղերի վարժարանները ժամանակաւորապէս միաւորուել էին և գործում էին որպէս Միացեալ, ժամանակաւորապէս կամ մշտապէս փակուել էին նախքան 1896-ի կոտորածները գործող Արարուց թաղի աղջկանց վարժարանը, որն ունէր 400 աշակերտուհի, Յայնկոյսներու աղջկանց վարժարանը (Գայիանեան դպրոց)՝ 300 աշակերտուհով, Հայկավանի վարժարանը` 150 աշակերտով և Արարուց թաղի վարժարանի «ուսումնարանի» (IV-VI դասարաններ) բաժինը՝ նոյնպէս 150 աշակերտով [48]։ Այսինքն, Վան քաղաքի թաղային և մասնաւոր վարժարաններում ուսանողների թիւը, 1896-ի համեմատ, 1898-ին կրճատուել էր մօտ 40%-ով, ընդ որում, յատկապէս տուժել էր իգական կրթութիւնը` կրճատուելով շուրջ 2 -2,5 անգամ։ 

Ըստ Կ․Պոլսի Հայոց պատրիարքարանի պաշտօնական տեղեկագրի տուեալների՝ 1901-1902 թթ. ուսումնական տարում Վանում գործում էր Հայ առաքելական 9 թաղային և մասնաւոր դպրոց, որից 6-ը՝ արական, 2-ը՝ իգական, 1-ը՝ երկսեռ։  Աշակերտների թիւը 1627 էր, որից 1120 տղայ, 507 աղջիկ, ուսուցիչների թիւը՝ 56, որից 46 տղամարդ և 10 կին [49] ։ Նշուած կրթական հաստատութիւնների ընդհանուր բիւջէն ամսական 7658 ղուրուշ էր, այսինքն մէկ աշակերտի ուսուցման վրայ ամսական միջինը ծախսւում էր մօտ 4․7 ղուրուշ։ Վանի ամենաբարձր բիւջէ ունեցող կրթական հաստատութիւնն էր Երամեան վարժարանը (2700 ղուրուշ, մէկ աշակերտին հասնող գումար՝ 11․5 ղուրուշ), ամենացածրը՝  Ս․ Յակոբի թաղի Ղուկասեան վարժարանը (677 ղուրուշ, մէկ աշակերտի ուսուցման վրայ ծախսուող գումար՝ մօտ 3 ղուրուշ) [50]։

1900-ական թթ. սկզբներին Արևմտեան Հայաստանի հայկական թաղային-ծխական դպրոցական համակարգի բարեփոխման նոր միտումներից մէկը դարձաւ խոշոր հայաբնակ բնակավայրերում երկրորդական կրթութիւն մատուցող մէկ միասնական Կեդրոնական վարժարանների հիմնումը՝ տուեալ բնակավայրի այլ վարժարանները տարրական կրթութիւն մատուցող ուսումնական հաստատութիւնների՝ նախակրթարանի աստիճանի մէջ պահելով [51]։ Այս բարեփոխման նպատակն էր լաւագոյն ուսուցչական ուժերի և դրամական միջոցների կենտրոնացմամբ երկրորդական կրթութեան մատուցման որակի բարելաւումը։

Հետևելով այս միտումին՝ 1902-03 ուսումնական տարում Վանի առաջնորդարանի, եկեղեցական-ծխական մարմինների և ուսուցիչների միասնական ջանքերով տեղի ունեցաւ Վանի ծխական-թաղային կրթական համակարգի ամբողջական վերակազմաւորումը։ Թաղային բոլոր դպրոցներում սահմանուեց 6-ամեայ ուսումնական ծրագրով տարրական կրթութիւն (նախկին 10-ամեայի փոխարէն), իսկ շրջանաւարտներին հնարաւորութիւն տրուեց շարունակել ուսումը և հնգամեայ երկրորդական կրթութիւն ստանալ նորաստեղծ Կեդրոնական վարժարանում [52]։

Վերոնշեալ բարեփոխման շնորհիւ թաղային վարժարանները ստացան «տարրական նախակրթարանների համեստ կերպարանք՝ վեցամեայ կոկիկ ծրագրով», ինչն այդ հաստատութիւններին հնարաւորութիւն տուեց կանոնակարգել ուսուցման գործընթացը և մատուցել աւելի որակեալ տարրական կրթութիւն [53]։

Երիտթուրքական յեղափոխութեան պատճառաւ (1908-ի յուլիս) օսմանեան սահմանադրութեան գործողութեան վերականգնումը և, դրա հետ կապուած, ընդհանուր օսմանեան հասարակական-քաղաքական կեանքի ազատականացումը «յանկարծական ցունց մը տուաւ բոլոր Թուրքիոյ, մասնաւորապէս Վասպուրականի [հայկական] Տնտեսական և Մտաւորական զարգացումին» [54]։

1908-1914-ի Վան-Վասպուրականի կրթամշակութային կեանքը բնութագրւում էր  մտաւորական եռուզեռով․ «գրական երեկոյթներ, ատենախօսութիւններ, հրապարակային դասախօսութիւններ հեղեղած էին, ինչպէս զսպուած, լճացած գետակ մը թումբին փլուզումովը կը յորդի բազմապատիկ ուժգնութեամբ» [55]։

Վանեցին, որը «նոյն իսկ բռնակալութեան շղթաներով պրկուած վիճակի մէջ» հետամուտ էր կրթական գործին, «ներկայ սահմանադրական շրջանին» դրան աւելի յետամուտ եղաւ՝ «նոր ոյժ տալով իր դպրոցներուն սիսթեմաթիք կերպով և մանկավարժական նոր նոր մեթոտներով» [56]։  Զարգացում են ապրում քաղաքի՝ արդէն իսկ գոյութիւն ունեցող կրթական հաստատութիւնները, հիմնւում են նոր առտնին մասնաւոր դպրոցներ, ինչպէս նաև նոր ծխական դպրոցներ Վանի նահանգի հայաբնակ գիւղերում։

Քայլեր են ձեռնարկւում Վան-Վասպուրականի ուսուցչութեան և աշակերտութեան կազմակերպման ուղղութեամբ։ 1909-10 թթ․ հիմնադրւում են «Վասպուրականի ուսուցչական միութիւն» և «Վասպուրականի աշակերտական միութիւն» կառոյցները, որոնք համապատասխանաբար միաւորում էին Վանի և գաւառի դպրոցների ուսուցիչներին և բարձր դասարանների աշակերտներին՝ գործելով անկուսակցական հիմքի վրայ [57]։ 1912-ին Վանում ստեղծւում է Հնչակեան կուսակցութեան աշակերտական միութիւնը, որի նպատակն էր՝ իր անդամների մտաւոր զարգացումը գիտական համայնավարութեան հիմունքներով [58]։  

Նշուած ժամանակաշրջանում Վանի կրթական կեանքի կարևորագոյն ձեռնարկներից մէկն է դառնում Միացեալ Ընկերութեան վարժապետանոցի բացումը (1911-ի հոկտեմբեր), որի հիմնական նպատակն էր Արևմտեան Հայաստանի տարածքում Միացեալի գործող և նորաբաց գիւղական վարժարանների համար ուսուցիչների պատրաստումը։ Վանի վարժապետանոցի ծախսերի հիմնական մասը հոգում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը [59]։ Վանի վարժապետանոցը դառնում է Երամեան և Կեդրոնական վարժարաններից յետոյ քաղաքի երրորդ կրթական հաստատութիւնը, որտեղ միջնակարգ կրթութիւն էր մատուցւում [60]։

Վարժապետանոցի տեսուչ Միքայէլ Մինասեանի նախաձեռնութեամբ 1913-ից Վանում սկսւում է հրատարակուել «Լոյս» գիտակրթական ամսօրեայ հանդէսը, որի նպատակն է հռչակւում «հաղորդակցութեան դնել իր ընթերցողներու մտքերը ժամանակակից գիտական ու կրթական լաւագոյն խորհուրդներուն հետ» [61]։ Պարբերականում արծարծուող թեմաների շրջանակը բաւականին լայն էր՝ ազգային ինքնագիտակցութեան հարցերից [62] մինչև ժառանգականութեան տեսութիւն (գենետիկա) [63] և ամերիկեան բեյսբոլ [64] ։

1913 թ․ ամռանը Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ Վանի առաջնորդարանը պատրաստում է քաղաքի և գաւառի հայ բնակչութեան վիճակացոյցը, որը մանրամասն տուեալներ է պարունակում նաև հայկական դպրոցների վերաբերեալ։ Համաձայն 1913-ի վիճակացոյցի տուեալների՝ Վան քաղաքում կար 23 գործող դպրոց (առաքելական (ծխական և մասնաւոր), բողոքական և կաթոլիկ միասին), որտեղ սովորում էր 4064 աշակերտ։ Ըստ թաղերի՝ դպրոցները բաշխւում էին հետևեալ կերպ․

1․ Քաղաքամէջ (499 տուն, 2564 շունչ հայ)՝ 5 վարժարան (Յիսուսեան արական և Շուշանեան իգական թաղական վարժարաններ, ամերիկեան բողոքական արական և իգական վարժարաններ և ամերիկեան բողոքական մանկապարտէզ)։ Աշակերտների ընդհանուր թիւ (երկսեռ)՝ 399։

2․ Այգեստանի Նորաշէնի թաղ (1008 տուն, 5705 շունչ հայ)՝ 6 վարժարան, որից 3 արական և 3 իգական (Ս․ Յովհաննէսեանարական, Սանդխտեան իգական թաղական վարժարաններ, ամերիկեան բողոքական արական և իգական վարժարաններ, գերմանական բողոքական արական և իգական վարժարաններ): Աշակերտների ընդհանուր թիւ՝ 1690։

3․ Այգեստանի Յայնկոյսների եկեղեցու թաղ (1065 տուն, 5498 շունչ հայ)՝ 7 վարժարան, որից 4 արական և 3 իգական (Ս. Մարկոսեան արական և իգական վարժարաններ, Կեդրոնական վարժարան (արական), Վարժապետանոց (արական), Երամեան վարժարան (արական), Գոնդակչեան օրիորդաց դպրոց, Դոմինիկեան օրիորդաց վարժարան կից մանկապարտէզով (նախկին Բիւզանդեան դպրոց))։ Աշակերտների ընդհանուր թիւ ՝ 1322։

4․ Այգեստանի Արարքի եկեղեցու թաղ (1216 տուն, 6393 շունչ հայ)՝ 5 վարժարան (Ս. Թարգմանչաց (Ս. Մատթէոսեան) արական և իգական վարժարաններ, 3 հայ կաթոլիկ դպրոցներ)։ Աշակերտների ընդհանուր թիւ՝ 653 [65] ։

Եթէ աւելացնենք վերոնշեալ վիճակագրութիւնից դուրս մնացած Այգեստանի Հայկաւանից և Ս․Յակոբ թաղերի արական ծխական դպրոցները, ինչպէս նաև Բարեսիրաց ընկերութեան կողմից հիմնադրուած Բարեսիրաց երկսեռ մանկապարտէզը [66], ապա 1913-ին Վան քաղաքում գործող հայկական կրթական հաստատութիւնների ընդհանուր թիւը հասնում էր 26-ի, իսկ աշակերտութեան ընդհանուր թիւը մօտ 4150 էր։

Արձագանքելով Վանի կրթական կեանքի զարգացման և առաջընթացի վերոնշեալ բարենպաստ միտումներին՝ վանեցի կրթական գործիչ և մտաւորական Խաչատուր Լևոնեանը 1913-ին գրում էր, որ սահմանադրական կարգերի հաստատումից յետոյ ընկած ժամանակաշրջանը կարելի է Վասպուրականի հայութեան համար կրթական ոսկեդարի սկզբնաւորութիւն համարել՝ «եթէ ներկայ քսաներորդ դարը միևնոյն թափով շարունակելու լինի ցվերջ» [67] ։ Երկու տարի անց՝ 1915 թուականի աղէտը վերջ տուեց ինչպէս Վանի հայերի, այնպես էլ ամբողջ արևմտահայութեան ոսկեդարի սպասումներին ու ակնկալիքներին։

  • [1] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», Մուրճ, ամսագիր, Թիֆլիս, 1904, թիւ 10, էջ 40։ Հ. Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ. 1820-1913, I», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1913, հոկտեմբեր 12, թիւ 48, էջ 14։
  • [2] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 41։
  • [3] Խաչիկ քհնյ․ Գռուզեան, «Վասպուրականի մտաւորական զարթօնքը», Վասպուրական։ Վան-Վասպուրականի ապրիլեան հերոսամարտի տասնեւհինգամեակին առթիւ, 1915-1930,Վենետիկ, Ս․Ղազար Մխիթարեան տպարան, 1930, էջ 195։
  • [4] Խ. Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, I», Վան-Տոսպ, շաբաթաթերթ, Վան, 1913, հոկտեմբեր 12, № 38, էջ 449։
  • [5] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ. 1820-1913, I», էջ 14։
  • [6] Հ.Մ. Պօղոսեան, Վասպուրականի պատմութիւնից (1850-1900), Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1988, էջ 293։
  • [7] Նոյն տեղում։ Վան քաղաքի եկեղեցիների մասին տե՛ս  https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vanvilayet/kazaofvan/religion/festivals.html
  • [8] Երուանդ Տէր Մկրտչեան, Գանձեր Վասպուրականի, հատոր առաջին, Պոսթոն, 1966, էջ 295։
  • [9] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ. 1820-1913, I», էջ 14։ 
  • [10] Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, I», էջ 450։
  • [11] Արշակ Ալպոյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, հ. Ա., Գահիրէ, 1937, էջ 1096:
  • [12] Վանում դպրոցների բացման հարցով Ագրիպաս Տպաղեանի և Մկրտիչ Խրիմեանի՝ Մատթէոս պատրիարքին ներկայանալու ու միջնորդելու մասին տե՛ս Տ․ Դիոնեսիոս, «Վանի ուսման արշալոյսը», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1913, նոյեմբեր 16, թիւ 3-149, էջ 4 (1700)։    
  • [13] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 44-45։
  • [14] Գ. Շէրենց, Սրբավայրեր. Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց, վանօրէից եւ ուսումնարանաց, Թիֆլիս, 1902, էջ 30-31։
  • [15] Նոյն։
  • [16] Աւետիս Յարութիւնեան, «Վան-Վասպուրականի դպրոցների եւ որբանոցների պատմութիւնից (1908-1918 թթ․)», Էջմիածին, 2012, Ժ, էջմիածին, էջ 28։
  • [17] Գէորգ Շէրենց, «Տաճկահայաստանի ուսումնարանական դրութիւնից», Արձագանք, շաբաթաթերթ, Թիֆլիս, 1882, սեպտեմբերի 19, էջ 486։
  • [18] Բագրունի, «Հայ դպրոցը Վանի մէջ. 1820-1913, I», էջ 14։
  • [19] Համբարձում Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Ա., Աղեքսանդրիա, 1929, էջ 51-52։
  • [20] Նոյն, էջ 53։ Երուանդ Տէր Մկրտչեան, Գանձեր Վասպուրականի, հատոր առաջին, Պոսթոն, 1966, էջ 278։
  • [21] Երամեան, Յուշարձան, հատոր Ա., էջ 53։
  • [22] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 46։
  • [23] Երամեան, Յուշարձան, հատոր Ա., էջ 55։
  • [24] 1909-10 ուսումնական տարուայ դրութեամբ Վանի մի քանի ծխական դպրոցների ուսուցիչների ցանկերը կրկնուող անուններով տե՛ս Հ․ Տէր-Մկրտչեան, «Վանի կրթական կեանքը ներկայումս», Նոր Դպրոց, ամսագիր, Թիֆլիս, 1910, մարտ, №3, էջ 60-61։
  • [25] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 46-47։
  • [26] Գռուզեան, «Վասպուրականի մտաւորական զարթօնքը», էջ 199։
  • [27] Նոյն։
  • [28] Եփրեմ վարդապետ Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու,հատոր Բ., Վիեննա, Մխիթարեան տպարան, 1963, էջ 1-35։
  • [29] «Նամակ Թիւրքիայից», Մշակ, Թիֆլիս, 1880, ապրիլի 4, №57, էջ 3։
  • [30] Նոյն։ Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Ա., էջ 114։
  • [31] Միք․ Նաթանեան, «Մ․ Փորթուգալեանի կրթական եւ հասարակական գործունէութիւնը Վանի մէջ», Վասպուրական։ Վան-Վասպուրականի ապրիլեան հերոսամարտի տասնեւհինգամեակին առթիւ, 1915-1930, Վենետիկ – Ս․Ղազար, Մխիթարեան տպարան, 1930, էջ 191։
  • [32] Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Ա., էջ 114։
  • [33] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 47։
  • [34] Նոյն, էջ 48։
  • [35] Գ․ վարդապետ Սրուանձտեանց, Համով-հոտով, Կ․Պոլիս, 1884, էջ 79։
  • [36] Vital Cuinet, La Turquie d’Asie. Tome 2, Paris, 1891, էջ 695։
  • [37] Պօղոսեան, Վասպուրականի պատմութիւնից, էջ 306։
  • [38] Քառասուն տարուան աշխատաւորը Մկրտիչ Փորթուգալեան, Կ․Պոլիս, 1914, էջ 21։ Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908), Եռամեայ տեղեկագիր։ 21 օգոստոս 1908 – 1911 օգոստոս 31, Կ․Պոլիս, 1912, էջ 13։
  • [39] Յ․Կ․ Ճանկիւլեան, Յիշատակներ Հայկական ճգնաժամէն, մասն Ա․ և Բ․, Կ․ Պոլիս, 1913, էջ 103։
  • [40] «Տաճկական Հայաստան։ Նամակ Վանից», Արձագանք, Թիֆլիս, 1885, յուլիսի 9, №1, էջ 7։
  • [41] Նոյն։
  • [42] Շէրենց, Սրբավայրեր, էջ 26։
  • [43] Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Ա., էջ 269։
  • [44] Նոյն, էջ 275-276։
  • [45] Նոյն, էջ 277։
  • [46] «Տեղեկագիր Վասպուրականի կոտորածին», Արարատ, Սբ. Էջմիածին, 1896, ԺԱ., նոյեմբեր, էջ 526։
  • [47] Նոյն։
  • [48] «Դպրոցական գործը Վանում», Մշակ, 1898, մայիսի 7, №76, էջ 3։
  • [49] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ յՈւսումնական խորհրդոյ Ազգային կենդրոնական վարչութեան։ Տետր Բ. Վիճակ 1901-1902 տարւոյ,Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1903, էջ 10:
  • [50] Նոյն։
  • [51] Յուսակ, «Կեդրոնականներու շուրջը», Արեւելք, օրաթերթ,Կ.Պոլիս, 1902, նոյեմբեր 1 (14), թիւ 5092, էջ 1:
  • [52] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս, XXIV, Վան քաղաքը», էջ 52։
  • [53] Նոյն։
  • [54] Գռուզեան, «Վասպուրականի մտաւորական զարթօնքը», էջ 203։
  • [55] Նոյն: 
  • [56] Խ. Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, II», Վան-Տոսպ, շաբաթաթերթ,  Վան, 1913, հոկտեմբեր 27, №40, էջ 487։
  • [57] Հուր, «Ո՞ւր մնաց Վասպ․-ի Ուսուցչական Միութիւնը», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1911, յունուարի 23, էջ 158-159։ Յուսակ, «Անտեղի դատափետում վարժապետանոցի շուրջ», Վան-Տոսպ, շաբաթաթերթ, Վան, 1913, յունուար 26, թիւ 1, էջ 7։
  • [58] Յարութիւնեան, «Վան-Վասպուրականի դպրոցների եւ որբանոցների պատմութիւնից», էջ 32։
  • [59] Միացեալ Ընկերութիւնք Հայոց (1880-1908)։ Տեղեկագիր 1 սեպտեմբեր 1911-1912 օգոստոս 31 միամեայ շրջանի, Կ. Պոլիս, տպագրութիւն Յ․ Մատթէոսեան, 1913, էջ 10-11։
  • [60] Արտաշէս Տէր Խաչատուրեան, Հայ մամուլի մատենագիտական գործեր, Պէյրութ, 2014, էջ 555։
  • [61] Լոյս, ամսօրեայ հանդէս, Վան, 1913, մայիս 1, թիւ 1։
  • [62] Յ․ Մկրտիչեան, «Ազգ եւ ազգային ինքնագիտակցութիւն [բանախօսութիւն արտասանուած վարժապետանոցի ուրբաթօրեայ լսարանին մէջ]», Լոյս, 1913, նոյեմբեր, թիւ 7, էջ 1-6։
  • [63] Արմէն, «Մենտելեան օրէնքին կիրարկումները», Լոյս, 1913, յունիս 1, թիւ 2, էջ 5-11։
  • [64] Հ․Ն․, «Պէյս պօլ խաղը եւ ամերիկեան ազգային նկարագիրը», Լոյս, 1913, յուլիս 1, թիւ 3, էջ 12-16։
  • [65] «Վիճակագրական։ Այգեստան եւ Քաղաքամէջ», Աշխատանք, շաբաթաթերթ, Վան, 1913, յունիս 22, թիւ 32-128, էջ 4։
  • [66] Լեւոնեան, «Դպրոց ու տպագրութիւն Վանի մէջ, II», էջ 488։
  • [67] Նոյն, էջ 487։