Վանի գաւառակ - Եկեղեցիներ եւ վանքեր

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 12/09/2018 (վերջին փոփոխութիւն՝ 12/09/2018)

Վանի գաւառակի վարչական և եկեղեցական-թեմական բաժանումը

Վանի քազան (գաւառակ) համանուն սանջակի (գաւառ) և վիլայէթի (նահանգ) կենտրոնն էր (թուրքերէն՝ մերքեզ քազա)։ Օսմանեան կայսրութեան՝ XIX դարի վերջի - XX դարի սկզբի վարչատարածքային բաժանմամբ գաւառակը կազմուած էր կենտրոնական կուսակալանիստ Վան քաղաքից ու անմիջապէս կուսակալի ենթակայութեան տակ գտնուող շրջակայ գիւղերից (Վան-Տոսպ մերքէզ նահիէ (կենտրոնական գիւղախումբ)) և երեք այլ նահիէներից՝ Թիմար (գտնւում էր Վան-Տոսպից դէպի հիւսիս-արևմուտք), Արճակ (Վան-Տոսպից և Թիմարից արևելք), Հայոց Ձոր (Վան-Տոսպից դէպի հարաւ) [1]։

Համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ 1913-1914 թթ. Վանի թեմական իշխանութիւնների կողմից կազմուած վիճակագրութեան՝ Վան քաղաքում կար 4,230 տուն, 22,470 շունչ հայ, Վան-Տոսպի շրջանի 20 հայաբնակ բնակավայրերում՝ 1,592 տուն, 9,614 շունչ հայ։ Արճակի նահիէն ունէր 22 հայաբնակ բնակավայր՝ 1,013 տուն, 6,679 շունչ հայ բնակչութեամբ, Թիմարի նահիէն՝ 40 հայաբնակ բնակավայր՝ 2,525 տուն, 15,411 շունչ հայ բնակչութեամբ և Հայոց Ձորի նահիէն՝ 30 հայաբնակ բնակավայր՝ 1,383 տուն, 8,482 շունչ հայ բնակչութեամբ։ Այսպիսով, Մեծ եղեռնի նախօրեակին Վանի գաւառակի հայ բնակչութեան թիւը կազմում էր 10,743 տուն, 62,656 շունչ [2]։

Վանի միջնաբերդը (Աղբիւր՝ Library of Congress, Washington, DC)

Վանի գաւառակի առանձին շրջանների եկեղեցական-թեմական պատկանելութիւնը խայտաբղէտ էր։ Վան քաղաքն ու Վան-Տոսպի գիւղերը, Արճակի գիւղախումբն ամբողջութեամբ, ինչպէս նաև Թիմարի գիւղախումբը մասամբ  գտնւում էին Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի իրաւասութեան ներքոյ՝ Վանի արքեպիսկոպոսական վիճակի կազմում, Թիմարի գիւղախումբի մի շարք հայաբնակ բնակավայրերի ենթակայ էին Լիմ-Կտուց վանական վիճակի հովուական իշխանութեանը, Հայոց Ձորի գիւղախումբը Աղթամարի կաթողիկոսութեան թեմ էր [3]։

Վանի եկեղեցական թեմը յիշատակւում է X դարից յետոյ՝ որպէս Վարագավանքի թեմ։ Վանքի վանահայրութիւնն ու վիճակի առաջնորդութիւնը ի սկզբանէ գրեթէ անբաժան էին, այսինքն՝ Վարագավանքի վանահայրը հանդիսանում էր նաև թեմի առաջանորդը։ Դարերի ընթացքում թեմը յաջորդաբար ենթարկուել է Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսների հոգևոր իրաւասութեանը, իսկ 1828 թ. յետոյ անցել է Կ. Պոլսոյ Հայոց պատրիարքարանի ենթակայութեան տակ։ XIX դարի վերջին - XX դարի սկզբին Վանի թեմը և նրան կից՝ Լիմ-Կտուցի և Հեքեարիի վիճակներն ընդգրկում էին Վանի նահանգի գրեթէ ամբողջ տարածքը [4]։

Վանի միջնաբերդը եւ հին քաղաքից տեսարան (Աղբիւր՝ Հայաստանի պատմութեան թանգարան, Երեւան, լուսանկար՝ Ա. Վրոյր, 1916)

Մեծ եղեռնի նախօրեակին Վանի թեմի առաջնորդական փոխանորդն էր Եզնիկ վարդապետ Ներկարարեանը[5]։

Լիմի վանքի թեմը յիշատակւում է XIV դարից։ Մինչև 1898 թ. կազմում էր անջատ վանահայրութիւն, երբեմն Աղթամարի կաթողիկոսութեան իրաւասութեան տակ։ 1898 թ. կցւում է Կտուցի վանահայրութեան [6]։

Կտուցի վանքը և թեմը հաստատւել էր Լիմից անջատուած միաբանների կողմից՝ XV դարում (այլ տուեալներով՝ XVII դարում)։ 1828 թ. անցնում է Վանի առաջնորդութեան իրաւասութեան տակ, իսկ 1898 թ.` միավորւում Լիմի վանական վիճակի հետ։ 1904 թ.՝ Ազգային կենտրոնական վարչութեան որոշմամբ Լիմ-Կտուց միացեալ վանական վիճակը կցւում է Վանի առաջնորդութեանը [7]։

Վանի Հին քաղաքը միջնաբերդի կողմից դիտուած (Աղբիւր՝ Հայաստանի պատմութեան թանգարան, լուսանկար՝ Ա. Վրոյր, 1916)

Երբեմն ազդեցիկ Աղթամարի կաթողիկոսութիւնը XX դարի սկզբի դրութեամբ արդէն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանին էր զիջել իր նախկին եկեղեցական վիճակների մեծ մասը՝ կորցնելով իր նշանակութիւնը։ 1895 թ. Աղթամարի կաթողիկոս Խաչատուր Շիրոյեանի մահից յետոյ կաթողիկոսութեան աթոռը մինչև Մեծ եղեռնը մնացել է թափուր՝ յանձնուելով Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից ուղարկուած տեղապահների և Տնօրէն խորհրդի կառավարմանը [8]։

Համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի՝ 1904 թ. տուեալների ՝ Վանի թեմում (Վան-Տոսպ, Ադիլջևազ, Բերկրի, Արճէշ) կար 114 եկեղեցի և 25 կանգուն (անուանապէս գործող) վանք, Լիմ-Կտուցի թեմում (Թիմար)՝ 24 եկեղեցի և 8 վանք, Աղթամարի թեմում (Կարճկան, Ոստան, Կեցան, Կարկառ, Հայոց ձոր, Շատախ)՝ 193 եկեղեցի և 41 վանք [9]:

Վանի Հին քաղաքը միջնաբերդի կողմից դիտուած (Աղբիւր՝ Հայաստանի պատմութեան թանգարան, լուսանկար՝ Ա. Վրոյր, 1916)

Վանի բողոքական եկեղեցին

Վանը Օսմանեան Հայաստանում բողոքականների գործունէութեան կենտրոններից մէկն էր: Բողոքական կայանը Վանում հաստատուել էր 1872-1873 թթ. ԱՄՆ-ից ժամանած միսիոներների միջոցով [10]: Վանի կայանի հիմնադիրներից Ջորջ Ռեյնոլդսն իր կնոջ հետ միասին ղեկավարում էր բողոքական համայնքը մինչև 1915 թ. [11]:

Ինչպէս և Օսմանեան կայսրութեան այլ վայրերում, այնպէս էլ Վանում բողոքական առաքելութիւնները կրօնական քարոզչութեան զուգահեռ, հիմնադրում էին կրթական հաստատութիւններ և հիւանդանոցներ: Վանում ամերիկացի միսիոներների միջոցներով գործում էին արական քոլէջ-վարժարանը, Աղջկանց գիշերօթիկ վարժարանը (1882 թ, 1913-ից՝ քոլէջի կարգավիճակով), Ամերիկեան հիւանդանոցը (1911 թ.), երկսեռ որբանոցը (1896 թ.-ից) [12]:

Վան քաղաքի բողոքական եկեղեցին (Աղբիւր՝ «Գեղունի», պատկերազարդ հայաթերթ, 1905, Վենետիկ, Ս. Ղազար)

Մեծ եղեռնի նախօրեակին Վան քաղաքում բողոքական կենտրոկայանը գտնւում էր Այգեստան թաղամասում. այն բաղկացած էր ժողովարանից, երկու մեծ դպրոցական շէնքերից, երկու փոքր դպրոցական շէնքերից, ասեղնագործութեան ուսումնարանից (աղջիկների համար), հիւանդանոցից, դեղատնից և միսիոներների համար նախատեսուած չորս տներից [13]:

1910 թ. տուեալներով՝ Վանի բողոքական հայերի թիւը կայանի հիմնադրման պահից սկսած 215 էր, որից վիճակագրութեանն կազմման պահին փաստացի առկայ էին 112-ը, 57-ը պանդուխտ էին (այդ թւում 43-ը՝ ԱՄՆ-ում), 34-ը մահացել էին և 12-ը խզել էին իրենց կապերը բողոքական եկեղեցու հետ (համեմատութեան համար՝ Մաղաքիա Օրմանեանն իր 1911 թ. հրատարակուած «Հայոց եկեղեցին» աշխատութեան մէջ որպէս Վանի Թեմի տարածքում հայ բողոքականների թիւ նշում է 200) [14]:

Վան. համայնապատկեր (Աղբիւր՝ Henry Binder, Au Kurdistan, en Mésopotamie et en Perse, Paris, 1887)

Վանի գաւառակի վանքերի ընդհանուր վիճակը (1870-ական թթ. – 1914 թ.)

Վանի գաւառը Օսմանեան Հայաստանի՝ վանքերով և սրբավայրերով առաւել հարուստ տարածքներից մէկն էր: Ուսումնասիրողները դա պայմանաւորում են հետեւեալ երեք հիմնական հանգամանքներով. ա) հնում պատմական Վան-Վասպուրականը Հայաստանի առաւել ընդարձակ և բազմամարդ նահանգներից էր, բ) Վասպուրականի թագաւորները, եկեղեցական նուիրապետութիւնն ու ժողովուրդը եռանդուն են եղել վանքաշինութեան հարցում, գ) նահանգը նիւթապէս բաւականին հարուստ էր, ունեցել է խաղաղութեան և բնականոն զարգացման համեմատաբար աւելի երկար ժամանակաշրջաններ [15]:

Նախքան Մեծ եղեռնը Վան-Վասպուրականում ամեն տեղ, ամեն գիւղի մօտ, այս կամ այն բլրակի ծայրին կարելի էր տեսնել վանքերի և առանձին մատուռների կանգուն կամ աւերակ շէնքեր: Բոլոր վանքերն ու սրբատեղիները սիրուած ուխտատեղիներ էին՝ բոլորն ունէին իրենց տօնախմբութեան յատուկ օրը, որը որպէս կանոն համընկնում էր գարնան, ամռան և աշնան ամիսներին ընկնող որևէ Տաղավար տօնի օրուայ հետ: Այդ օրը մերձաւոր հեռու և մօտ գիւղերի բնակիչները հաւաքւում էին տուեալ վանքի և սրբատեղի տարածքում՝ ուրախանալու, առժամանակ հանգստանալու ծանր գիւղական աշխատանքներից, իրենց աղօթքն ու ընծան մատուցելու Աստծուն: Իւրաքանչիւր վանքին և սրբատեղին վերագրւում էին հրաշագործ յատկութիւններ՝ հիւանդութիւնների բժշկութիւն, կաղի և կոյրի առողջացում, փափագի կատարում, ծննդաբերութեան կարողութիւն ու դիւրութիւն և այլն [16]:

Լուսանկարի խորքում երեւում են Վան քաղաքն ու բերդը (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

Վանի գաւառակի առանձին նշանաւոր վանքեր (Վարագավանք, Լիմ, Կտուց, Խաթուն Տիրամօր և այլն) նաև անհատական ուխտագնացութեան վայրեր էին: Վանք մտնելուն պէս ուխտաւորը գնում էր տաճար՝ իր աղօթքն անելու, մատաղն ու նուէրը մատուցելու: Հարուստ ուխտաւորները գիշերում էին վանքի մեջ՝ ուխտաւորների համար նախատեսուած սենեակներում, նուազ կարողութեան տէր մարդիկ իջևանում էին վանքին հարևան գիւղերից մէկում կամ բաց երկնքի տակ՝ վրաններում: Թէև ուխտագնացութիւնը վանքերի միաբաններին որոշակի անյարմարութիւն էր պատճառում, այն սակայն ցանկալի էր, քանի որ եկամտի կայուն աղբիւր էր, ինչպէս նաև աշխուժութիւն էր մտցնում վանքի կեանքում [17]:

1870-ական թթ. – 1914 թ. ընթացքում վանական կեանքը ինչպէս Վանի գաւառում, այնպէս էլ ամբողջ Օսմանեան Հայաստանի տարածքում բնութագրւում է շարունակական անկման միտումներով: Դա պայմանաւորուած էր երկու հիմնական գործօնով՝ քուրդ աւազակախմբերի կողմից վանքերի պարբերական ասպատակումներով, որոնք օսմանեան կառավարութիւնը շատ յաճախ թողնում էր անարձագանք եւ անպատիժ, և հայ բնակչութեան շարունակական աշխարհականացմամբ ու դրա հետ կապուած՝ վանականի կեանքն ընտրողների թուի նուազմամբ:

«Աղեքսանդրի վարք», 1536. ենթադրւում որ նկարուել է Ախթամարի կաթողիկոս Գրիգոր Ա-ի կողմից։ Գտնւում է Երուսաղէմում - No 473, fol. 19 (Աղբիւր՝ Jean-Michel Thierry, Patrick Donabedian, Armenische Kunst, Freiburg/Basel/Wien, 1988)

Յատկապէս մեծ աւերածութիւններ պատճառուեցին Վանի վանքերին Համիդեան կոտորածների ժամանակ: 1895-1896 թուականներին քրդական հրոսակախմբերը կողոպտեցին և աւերեցին Վանի գաւառակի գրեթէ բոլոր գործող վանքները: Այսպէս, Հայոց Ձորում տուժեցին Սպիտակ Սուրբ Աստուածածնի, Անգղայ Սուրբ Աստուածածնի, Սրխու, Էրմերա Սուրբ Աստուածածին, Խեքայ Սուրբ Գէորգ վանքերը [18], Թիմարում՝ Ալիտի, Էրերնա Սուրբ Էջմիածին, Ամգու վանքերը, Լիմ և Կտուց անապատների «Դրսի տուն» (վանական համալիրի՝ համապատասխան կղզիներից դուրս գտնուող) հատուածները [19], Արճակում՝ Սուրբ Աստուածածին վանքը [20]: Վան քաղաքի և շրջակայ գիւղերի ջարդի ընթացքում (1896 թ. յունիս)՝ կողոպտուեցին և հրկիզուեցին Վան-Տոսպի գիւղախմբի վանքերը (Վարագավանք, Կարմրաւոր Սուրբ Աստուածածին, Սուրբ Խաչ, Սալնապատի Սուրբ Գրիգոր), սպանուեցին վանքային միաբանութեան անդամներ, վանքերին կից գործող դպրոցների աշակերտներ, վանքերում ապաստանած հայեր [21]: Միայն Լիմի ու Կտուցի անապատների՝ համապատասխան կղզիներում տեղակայուած հատուածները, շնորհիւ իրենց անհասանելի դիրքի, խուսափեցին յարձակումներից՝ իրենց հերթին ապաստան տալով շուրջ 10,000 հայ փախստականի [22]:

Համաձայն 1896 թ. կազմուած համագումար վիճակագրութեան՝ Համիդեան ջարդերի արդիւնքում Հայոց Ձորում թալանուել և հրկիզուել էր 5 վանք և հրկիզուել 6 եկեղեցի, սպանուել էր 14 քահանայ և վարդապետ, Թիմարում՝ համապատասխանաբար՝ 5 վանք, 2 քահանայ և վարդապետ, Վան-Տոսպում և Արճակում՝ 2 եկեղեցի և 4 վանք, 4 քահանայ և վարդապետ [23]:

Այս բացիկի վրայ տեսնում ենք Խրիմեան Հայրիկը եւ իրենից մէջբերում, ուր հայերին նա յանձնարարում է յարատեւութիւն, յուսադրելով որ ապագան երջանիկ պիտի լինի (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Վերոնշեալի հետևանքով՝ 1870-ական թթ. – 1910-ական թթ. սկիզբ ընկած ժամանակաշրջանում Վան-Վասպուրականի բազմաթիւ վանքեր ամայացան, մատնուեցին անխնամութեան և անտէրութեան: Մէկ տուեալի համաձայն՝ Վասպուրականում 1870-ական թթ. կէսերին կար 70 գործող վանք՝ 1,500 միաբաններով, իսկ արդէն 1910-ական թթ. սկզբներին` միայն 30 կանգուն վանք [24]:

Դեռևս 1873 թ. Վանի Ալիւր գիւղի Սուրբ Աստուածածին վանքում տեսչական այցով գնտւող Երեմիա եպիսկոպոս Տևկանցն իր նօթերում կէսկատակ արձանագրում էր, որ վանքում միաբան չլինելու պատճառով միաբանութեան պաշտօն են վարում 4 հատ կատուներ [25]:

Մեծ եղեռնի նախօրեակին Վանի գաւառակի միայն հատուկենտ վանքեր ունէին կայուն միաբանութիւն, այն էլ սովորաբար բաղկացած մէկից երեք անդամներից: Մնացած վանքերը միայն անուանապէս էին գործող՝ տնօրինուելով այցելող հոգևորականի, հարևան հայաբնակ բնակավայրի քահանայի, հոգաբարձու մարմնի, երբեմն անգամ՝ վանքում բնակութիւն հաստատած որևէ պատահական աշխարհիկ անձի կողմից (տե՛ս առանձին վանքերին վերաբերող համապատասխան բաժիններ):

Աւետարանի արծաթեայ կազմ, որ պատրաստուել է Վանի մէջ։ Գտնւում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 2285, Երեւան (Աղբիւր՝ Osep Tokat, Armenian Master Silversmiths, Tigran Mets Printing House, Yerevan, 2005)

Վանքերի ամայացման հետևանքով առանց որևէ վերահսկողութեան թողնուած վանքապատկան ընդարձակ կալուածքները գրաււում և օգտագործւում էին քուրդ և հայ գիւղացիների կողմից՝ չնչին վարձավճարի դիմաց, երբեմն` ձրի:

Անգամ առաւել խոշոր գործող վանքերի միաբանները բողոքում էին նիւթական միջոցների սղութիւնից և դրա հետևանքով՝ վանքային շինութիւնների, վանքապատկան տնտեսութեան անմխիթար վիճակից: Այսպէս Լիմ անապատի միաբան Մակար վարդապետ Տէր-Յովհաննիսեանը 1911 թ. իր թղթակցութիւններից մէկում արձանագրում էր, որ վանքը չունի կալի մեքենայ, ինչի հետևանքով փչանում է հացահատիկի որոշ մասը, իսկ Լիմի անապատի ենթակայութեան տակ գտնուող և անուանապես գործող վանքերի (Էջմիածին, Սուրբ Սահակ) շէնքերի մեծ մասը գրեթէ աւերակ են [26]:

Քրդական յարձակումների հետևանքները յաղթահարելու, անմխիթար տնտեսական վիճակը բարելաւելու հրամայականը յանգեցնում էր նրան, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի համաձայնութեամբ որոշ վանքերի նկատմամբ հաստատւում էր աշխարհիկ անձանցից կազմուած հոգաբարձութիւն: Այսպէս, Համիդեան կոտորածներից յետոյ նման հոգաբարձութիւն էր սահմանուել Վարագավանքի նկատմամբ (մանրամասն տե՛ս աշխատանքի՝ Վարագավանքին վերաբերող բաժնում):

Վանքի կառավարման գործառոյթը դրւում էր որևէ աշխարհիկ անձի կամ հոգաբարձութեան վրա նաև այն պարագայում, երբ վանքը տարբեր պատճառներով (բնական մահ, կոտորածներ) այլևս դադարում էր ունենալ միաբաններ, կամ էլ վանքում ապրող  միաբան(ներ)ը  իրենց զառամեալ տարիքի պատճառով այլևս անկարող էին վարել վանահայրութեան պաշտօնից բխող պարտականութիւնները [27]:

Աւետարան, նկար՝ Կիրակոսի, Վանի շրջան։ Գտնւում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 2929, Երեւան (Աղբիւր՝ Armenian Miniatures from the Matenadaran Collection, Nairi Publishing House, Yerevan, 2009)

Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը, գաւառական խորհուրդները ծրագրեր էին մշակում  կանգուն շէնքեր ունեցող, սակայն սակավաթիւ միաբանութեամբ կամ միաբաններից զուրկ վանքերը կրթական նպատակներով ծառայեցնելու ուղղութեամբ: Այսպէս, Վանի գաւառակի վանքերից շատերում (Վարագավանք, Սալնապատի Սուրբ Գէորգ, Կարմրաւոր Սուրբ Աստուածածին) բացուեցին գիշերօթիկ դպրոց-որբանոցներ՝ 1894-1896 թթ. Համիդեան կոտորածների արդիւնքում ծնողներին կորցրած երեխաների համար: Նշուած դպրոցները պահելու համար, ի թիւս այլ միջոցների, օգտագործւում էր տուեալ վանքի վանքապատկան կալուածքներից ստացուող հասոյթների մի մասը [28]: Վանքերից շատերում դպրոցներն ու գիշերօթիկ վարժարանները գործում էին որոշ ընդհատումներով նախքան Մեծ եղեռնը:

Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Վանի վանքապատկան տնտեսութիւնների կառավարման արդիւնաւէտութեան բարձրացման հարցում որոշակի ներդրում ունեցան նաև Դաշնակցութեան տեղական կառոյցները: Այսպէս, օրինակ, Հայոց Ձորում դաշնակցական գործիչները կարողացան որոշ չափով կարգ ու կանոն մտցնել վանքապատկան կալուածքների վարձակալութեան հարցերում, աւելացնել վարձակալութիւնից ստացուած հասոյթները և ուղղել դրանք գաւառակի հայկական դպրոցների ծախսերի վրա [29]:

Շնորհիւ երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ ազգային կառոյցների գործունէութեան՝ Վանի վանքերի առնուազն տնտեսական վիճակը սկսեց ցոյց տալ բարելաւման միտումներ: Հետզհետէ սկսեց աշխուժանալ վանական կեանքը, ինչն արտահայտուեց Վան-Վասպուրականի առանձին խոշոր վանքերում վանականների թուի որոշակի աւելացմամբ: Սակայն 1914 թ. բռնկուած Առաջին աշխարհամարտը և Մեծ եղեռնը մէկընդմիշտ կասեցրեցին այդ գործընթացը:

Վարագայ վանք, Վան (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանի)

Վանի հայերի եկեղեցական կեանքը (1870-ական թթ. – 1914 թ.)

Նախքան Մեծ եղեռնը Վանի գաւառակի գրեթէ բոլոր հայաբնակ բնակավայրերում գոյութիւն ունէին գործող մէկ կամ մի քանի եկեղեցիներ: Եկեղեցիներն ընդհանուր առմամբ միաձև էին, շինուած էին քարով և հողի աղիւսով։ Աւելի ուշ շրջանում վերանորոգուած կամ վերակառուցուած եկեղեցիները աչքի էին ընկնում իրենց ընդարձակութեամբ, լուսաւորութեամբ և պարզ ճաշակով [30]։

Նոր շրջանում կառուցուած եկեղեցիների ծածկը կազմուած էր միմեանց մօտ ձգուած գերաններից, որոնց վրայ մարդակ, եղեգն շարելուց և փռելուց յետոյ այն ծածկում էին հողով, ամրացնում և ծեփում յարդախառն կաւով։ Եկեղեցիներից շատերն ունէին գմբէթներ, որոնք որպէս կանոն պատրաստուած էին փայտից կամ տախտակից։ Նման տիպի եկեղեցիները աղբիւրներում վկայուած են որպէս փայտայարկ կամ փայտաշէն, այսինքն՝ փայտաշէն ծածկ, ձեղուն ունեցող:

Եկեղեցիների պատերը ներսից ներկուած էին սպիտակ ծեփով, յատակները տախտակամած էին, դրանց վրայ փռուած էին խսիրներ և գորգեր [31]։

Եկեղեցիների մուտքից ներս աջ ու ձախ պատերի վրայ կային փոքր պահարաններ, որտեղ եկեղեցի մտնողները տեղաւորում էին իրենց կօշիկները (կօշիկով եկեղեցի մտնելը Վանում համարւում էր ոչ ընդունելի) [32]։

Վան քաղաքի և գաւառակի գրեթէ բոլոր եկեղեցիներն ունէին մէկ կամ երկու յարկից բաղկացած վերնատուներ, որոնք նախատեսուած էին կանանց համար [33]։ Օրինակ, Արճակի եկեղեցու կանանց բաժինը հենց դռան մօտից ճաղերով անջատուած էր ընդհանուր եկեղեցուց: Այդ մասը երկյարկանի էր. վերևում՝ երիտասարդ հարս-աղջիկներն էին, ներքևում՝ տարեց կանայք [34]:

Եկեղեցիների խորանի սեղանները [35] ծածկւում էին սփռոցով, զարդարւում էին Աստուածածնի պատկերով, որի առաջ աստիճանաբար շարւում էին մոմի աշտանակներ, Աւետարաններ, ծաղկամաններ և այլն։ Պատերից կախւում էին սրբապատկերներ։ Լուսազարդութեան համար եկեղեցիներում գործածում էին մեծ և փոքր ջահեր, կանթեղներ և աշտանակներ. ջահերը և կանթեղները թոկով կախւում էին առաստաղներից, իսկ աշտանակները դրւում էին խորանի սեղանի վրայ կամ ամրացւում սրբապատկերների առաջ [36]։

Պատարագին և ժամերգութեանը մարդկանց եկեղեցի հրաւիրելու համար գործածում էին զանգ և փայտէ կոչնակ. նախ կոչնակով իմաց էր տրւում ժամերգութեան ժամի մօտենալը, իսկ զանգերը հնչելուց յետոյ անմիջապէս սկսւում էր ժամերգութիւնը։ Ամեն առաւօտ՝ ամառ, թե ձմեռ, Վան քաղաքի բոլոր եկեղեցիների ժամկոչները առաւօտեան ժամերգութիւնից մէկ-երկու ժամ առաջ վերցնում էին ձեռքի յատուկ փայտէ կոչնակներ, և զարկելով ու հոգևոր երգեր երգելով, շրջում էին ծխական համայնքի թաղերով՝ կանգնելով յիւրաքանչիւր տան առաջ և դռների մուրճը ծեծելով։ Այս սովորութիւնը գրեթէ բացառիկ երևոյթ էր և բացի Վանից գոյութիւն ուներ Օսմանեան կայսրութեան միայն մի քանի հայաբնակ բնակավայրերում [37]։

Վան, Դեկտեմբեր 1879. Խրիմեան Հայրիկ հայ երեւելիների ներկայութեամբ։ Նստած, ձախէն աջ՝ Կարապետ Իսաջանեան, Մկրտիչ Մարութեան, Քերովբէ Գույումճեան, Մկրտիչ Խրիմեան Հայրիկ, Գէորգ պէյ Գալճեան, Յարութիւն Թերզիպաշեան։ Ոտքի, ձախէն աջ՝ Սեդրակ Տէվկանց, Գարեգին վրդ. Սրուանձտեանց (Աղբիւր՝ Միշել Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Վան քաղաքի Այգեստան թաղամասի բոլոր եկեղեցիներում ամեն օր առաւօտ և երեկոյ առանց բացառութեան ժամերգութիւն էր կատարւում, իսկ շաբաթ և կիրակի օրերին նաև պատարագ էր մատուցւում։ Նման կարգ մինչև XIX դարի վերջերը պահպանւում էր նաև  Քաղաքամէջի բոլոր եկեղեցիներում, սակայն հաշուի առնելով, որ տարէց տարի եկեղեցիներ յաճախողների թիւը նուազում էր և, համապատասխանաբար, նուազում էին եկեղեցիների հասոյթները, 1899 թ. որոշուեց ժամերգութիւնների ամենօրեայ կարգն իրականացնել միայն մէկ եկեղեցում ըստ հերթականութեան՝ մէկ ամիս շարունակ [38]։

 Վանի եկեղեցիները նիւթապէս հարուստ չէին։ Եկեղեցիների հասոյթների աղբիւրներն էին ժամանակի ընթացքում տարբեր բարեգործների կողմից նուիրուած անշարժ կալուածքներ (տուն, խանութ, արտ, ջրաղաց, ձիթահան, այգի և այլն) և եկեղեցական արարողութիւնների ընթացքում ծխականների կողմից գանձանակի մէջ գցուած կամաւոր նուիրատւութիւնները [39]։

Եկեղեցիների հասոյթները ծառայում էին թաղային ծխական վարժարաններ պահելու և եկեղեցու նիւթական պէտքերը մատակարարելու համար։ Եկեղեցիների անմիջական ընդհանուր վերահսկողութիւնը յանձնուած էր թաղային խորհուրդներին, իսկ մասնաւորապէս բուն եկեղեցու ներքին գործերի կառավարումը՝ թաղային խորհրդի կողմից ընտրուած «երէցփոխին» կամ «երեսփոխին»։ Երէցփոխներն ընտրւում էին անորոշ ժամանակով՝ թաղի մեջ որոշակի հեղինակութիւն վայելող անձնաւորութիւններից։ Տարին մէկ անգամ երէցփոխը հաշուետւութիւն էր ներկայացնում թաղային խորհրդին [40]։

«Աղեքսանդրի վարք», 1536. ենթադրւում է որ նկարուել է Ախթամարի կաթողիկոս Գրիգոր Ա-ի կողմից։ Գտնւում է Երուսաղէմում - No 473, fol. 19 (Աղբիւր՝ Jean-Michel Thierry, Patrick Donabedian, Armenische Kunst, Freiburg/Basel/Wien, 1988)

Երէցփոխներ գոյութիւն ունէին նաև Վանի գաւառակի այլ խոշոր բնակավայրերում: Այսպէս, Արճակի երէցփոխը պարտաւոր էր հոգ տանել և՛ եկեղեցու կարիքներին, և եկեղեցուն կից դպրոցը բարեկարգ պահելուն: Երէցփոխի պարտականութիւնների մէջ էր մտնում մասնաւորապէս՝ դպրոցի դռներին փականներ դնելը, լուսամուտների ապակիներ գցելը, վառարաններն ու վառելիքն առնելը, դպրոցի և եկեղեցու կտուրները սվաղելը, ուսուցիչներին բնակարանով ապահովելը, եկեղեցապատկան ձիթհանի անխափան աշխատանքին հետևելն ու ստացուած շահոյթի նպատակայարմար օգտագործումը և այլն [41]:

Երէցփոխի տանը կարող էին իջևանել կրօնական գործի հետ որևէ առնչութիւն ունեցող ուղևորները, յատկապէս՝ Վան եկած ուխտաւորները, զանագան հանգանակութեան կոնդակ ունեցող տարէց ու սնանկ, սակայն լրջախոհ ու յարգարժան մարդիկ, որոնց տնէ-տուն ման գալուն երէցփոխանն ինքն էր ընկերակցում և ստացուած հացահատիկը վաճառում [42]։

XX դարի սկզբի դրութեամբ Վան քաղաքի եկեղեցիներից իւրաքանչիւրն ունէր մէկից չորս քահանայ։ Քահանաների մեծ մասը, ինչպէս նախքան քահանայական կոչումը ստանձնելը, նոյնպէս և քահանայական պաշտօնի մէջ, վարել և վարում էին նաև ուսուցչութեան պաշտօն [43]։

Ծխախոտի սեւատապատուած արծաթեայ տուփ, պատրաստուել է Վանի մէջ։ Ձախին՝ պատկերուած է աւերակների վրայ լաց լինող Մայր Հայաստանը, իսկ աջին՝ Վարագայ վանքը։ Անձնական հաւաքածոյ, 9.5 × 7.5 × 1.5 սմ, 119 կր. (Աղբիւր՝ Osep Tokat, Armenian Master Silversmiths, Tigran Mets Printing House, Yerevan, 2005)

Առանձին քահանաների եկամուտի աղբիւրներն էին՝ մկրտութիւնից, պսակից, ննջեցեալի թաղումից, ջրօրհնէքի և Զատկի տնօրհնէքից, գերեզմանօրհնէքից, ինչպէս նաև ուրիշ երկրորդական կամ անուղղակի նուէրները [44]։

Ծնունդով Արճակից հայ ազգագրագէտ Սերինէ Աւագեանը ներկայացնում է Արճակ բնակավայրում Տնօրհնէքի արարողութեան նկարագրութիւնը: Կարելի է ենթադրել, որ արարողութիւնն իր հիմնական գծերով նոյն կերպ էր կատարւում Վանի գաւառակի այլ բնակավայրերում ևս: Ծննդեան տօներին քահանան ժամհարի և երկու սարկաւագի ուղեկցութեամբ շրջում էր իր ծխի տները: Տանտիկիններն ալիւրի մաղի վրայ երկու լաւաշ էին դնում, քահանան օրհնում էր տունն ու ալիւրի մաղը, ժամհարը վերցնում էր հացը, դնում էր ջուալը (կտորից կարած պարկ), իսկ քահանան մաղի վրայ դնում էր Յիսուսի խաչելութեան պատկերով կնքուած կլորաւուն նշխարհը: Օրհնուած տան տիկինը քահանայի ձեռքի խաչն ու Աւետարանը համբուրելիս Աւետարանի վրայ էր դնում տունն օրհնելու վարձը՝ «տնօխնելան», սովորաբար՝ արծաթէ քառասուն փարանոց կամ երկու ղուռուշանոց: Տնօրհնէքի փողը որոշակի չէր՝ ով ինչքան տար: Նոյն գործողութիւնը կրկնւում էր նաև Քրիստոսի Յարութեան տօնին, միայն այդ օրը մաղի վրայ ղրուած երկու լաւաշին աւելացւում էր նաև չորս կարմիր ձու՝ երգեցիկ մանկահասակ սարկաւագների համար [45]։

Պսակի, կնունքի և թաղումի համար Արճակում  կանխատեսուած վճարը հնգական կուռուշ էր, որը պարտադիր չէր կանխիկ վճարել. նման արտակարգ դէպքերում քահանան պատրաստակամօրէն գնում և կատարում էր իր հոգևոր դերը։ Նշանդրեքների ու հարսանիքների ամենակարևոր անձնաւորութիւնը քահանան էր և ամենայ առաջին հրաւիրեալը նա էր լինում [46]։

Բացի տնօրհնէքից, գերեզմանօրհնէքից և միւս աննշան աղբիւրներից գոյացած հասոյթներից՝ մնացած բոլոր եկեղեցական եկամուտները սովորաբար հաւաքւում էին գանձանակի մէջ և հաւասարապէս բաժանւում պաշտօնակից քահանաների միջև [47]։

Վանի գաւառակի գիւղական բնակավայրերում ընդունուած էր քահանային միանուագ տարեկան ընծաներ անելու սովորութիւնը: Այսպէս, Արճակի հայ իւրաքանչիւր ծուխ քահանային էր ընծայաբերում տարեկան մէկ օխա (1.28 կգ) իւղ, ինչպէս նաև մէկ աշխատող էր ուղարկում քահանայի հողակտորի վրայ դաշտային աշխատանքներն անելու [48]:

Եկեղեցական պաշնօններից լուսարարի պարտականութիւնն էր հսկել «ճրագ-լուսի» վրայ։ Առաւօտ-երեկոյ, ժամասացութիւնը սկսուելուց առաջ, նա էր վառում եկեղեցու ճրագները։ Լուսարարն էր գնում գործածուելիք մոմն ու խունկը, հոգ տանում պատարագների պահերին օրհնուելիք գինու մասին։ Քահանայի հետ լուսարարն էր պատրաստում եկեղեցում բաժանուող ծխախոտի թղթի նրբութեամբ «պանցրացը» (հաղորդութեան հաց) և խաչելութեան կնիքով կլորաւուն նշխարը, պատարագի պահերին լուսարարն էր աղօթողներին պանցրաց բաժանում, հետևում աւետարանների ու այլ սրբութիւնների պահպանմանը, ինչպէս նաև ժամի շապիկների մաքրութեանը [49]։

Սուրբ Գիրք, որի արծաթեայ կազմը պատրաստուել է Ախթամարի վանքի արհեստանոցի մէջ։ Գտնուում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 5578, Երեւան (Աղբիւր՝ Osep Tokat, Armenian Master Silversmiths, Tigran Mets Printing House, Yerevan, 2005)

Ժամհարի պարտականութիւնն էր օրը երկու անգամ, այսինքն՝ այգաբացին ու վերջալոյսին, եկեղեցու զանգեր տալը, ճրագները ձէթով լցնելը, նախօրօք դրանց կարճացրած պատրոյգները փոխելով նորերով, եկեղեցու կտուրը ձնից մաքրելը, խսիրներով ծածկուած յատակն աւլելը և այլն [50]։

Ժամասացութիւններին ժամհարն ամենաառաջինն էր եկեղեցի մտնում և գնում ամենավերջինը։ Նրա մօտ էր գտնւում եկեղեցու բանալին։ Գիւղում մահացութիւն լինելու դէպքում, առաջինը ժամհարն էր յայտնւում ննջեցեալի դռանը: Եթե ննջեցեալը տղամարդ էր, ապա նրան լողացնողներից մէկը ժամհարն էր, ննջեցեալին եկեղեցի տանող նաշակիրներից առաջինը նորից ժամհարն էր, եկեղեցում տղամարդ ննջեցեալին պատանողը նորից նա էր։ Նա ննջեցեալին, նրա հարազատներին հաւասար, ուսերի վրայ հասցնում էր մինչև գերեզմանը [51]։

Արճակում ժամհարի աշխատավարձն էր հարուստ տներից, կալոցին, տունը չորս ռբեկ ցորեն, տարին մէկ անգամ, իւրաքանչիւր տնից եօթական հաց (որը տանտիկիններն աղօթելու գնալիս իրենք էին տանում եկեղեցի), ինչպէս նաև տնօրհնէքների օրերին ամեն մի օրհնուած տնից՝ երկուական հաց [52]:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցիի խորանի սփռոցը, 1662 թուակիր (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանի)

Վանի գաւառակի խոշոր հայաբնակ բնակավայրերի եկեղեցիներում տիրացուները սովորաբար լաւ ձայն ունեցող, գրագէտ, երիտասարդ մարդիկ էին, որոնք այդ դերը կատարում էին կամաւոր, շատերը՝ ելնելով երաժշտութեան հանդէպ սիրուց։ Երբեմն, տօնական պատարագների ժամանակ, եկեղեցու աւագ տիրացուն, մի ձեռքով ծխացող խնկաբոյր բուրվառը թափահարելով, միւս ձեռքին փոքրիկ թասը կամ գանձանակը բռնած, մօտենում էր աղօթողներին ու մրմնջում, օրինակ՝ «խունկ-մոմի», «Յայսմաւուրքի» կամ «ժամտան» համար և այլն: Աղօթողները տասական կամ քսանական փարա էին գցում թասի կամ գանձանակի մէջ՝ դրանով մասնակցելով դրամական հանգանակութեանը [53]:

Վանի եկեղեցիներում սարկաւագները դպրոցի բարձր դասարանցի, լաւ ձայն ունեցող աշակերտներն էին։ 14-15 տարեկան այդ պատանիները, ժամի շապիկը հագներին, մասնակցում էին երգեցողութեանը, խշշոցներն էին շարժում, նեղ ու երկար թղթէ ժապաւէնի վրայ գրուած սուրբգրային ընթերցուածներն էին կարդում, հաղորդութեան պահերին, օգնում էին հաղորդութիւն տուող քահանային, տնօրհնէքներին, քահանայի հետ տներն էին օրհնում՝ իրենք ևս իրենց բաժինը երգելով, հարսանիքի օրերին, պսակի ժամանակ, մոմը ձեռներին կանգնում էին քահանայի հետևը, իսկ պսակի արարողութիւնից յետոյ, հարս-փեսայի առաջից դէպի դուրս ընթացող երգեցիկ խմբի մէջ էին մտնում [54]։

Վանեցին կրօնասէր ժողովուրդ էր։ Տօն և Կիրակի օրերի պատարագներին Վանի բնակավայրերի եկեղեցիները լեփ լեցուն էին ժողովրդի բազմութեամբ։ Վան քաղաքում առաւօտեան գործի գնացողները, եկեղեցու կողքով անցնելիս, սովորութիւն ունէին մտնել եկեղեցի, խաչակնքուել, ծնրադրել և, դուրս ելնելով, շարունակել իրենց ճանապարհը [55]։

Ժողովուրդը ջանք չէր խնայում եկեղեցու նիւթական վիճակը բարելաւելու ուղղութեամբ։ Այսպէս, երբ 1896 թ. Վանի կոտորածների ընթացքում, այլ տների և շինութիւնների հետ միասին, հրդեհուեցին նաև Այգեստանի հինգ եկեղեցիներից երեքը, վանեցիները կարճ ժամանակում գումար հանգանակեցին և կազմակերպեցին եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքները։ «Երեքն էլ առաջուանից աւելի հաստատուն և գեղեցիկ ձևով վերանորոգուեցան ժողովրդի ջերմեռանդութեամբ հաւաքուած կոպէկներով», - հաղորդում է ժամանակակիցը [56]։

Աղբիւրների հաղորդուող տեղեկութիւններից կարելի է եզրակացնել, որ Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ Վանի գաւառակի հայաբնակ բնակավայրերում գործող գրեթէ բոլոր եկեղեցիներն ընդհանուր առմամբ վերանորոգուած և բարւօք վիճակում էին, ունէին մէկ կամ (խոշոր բնակավայրի պարագայում) մէկից աւելի սպասաւոր:

  • [1] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», III, Մուրճ, Թիֆլիս, 1904, № 3, էջ 42-43; Маевскiй, В. Т., Военно-Статистическое описанiе Ванскаго и Битлисскаго вилаетовъ, I. Географическiй очеркъ, Тифлисъ, Типографiя Штаба Кавк. воен. окр., 1904, էջ 10-11։
  • [2] Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, տպ. «Լոյս», 1917, էջ 11-13, 18, 21։
  • [3] Մ. Օրմանեան, Հայոց եկեղեցին և իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը, ու ներկայ կացութիւնը, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 261, 265; Սրշակ Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», 1908 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց, Կ. Պոլիս, 1908, էջ 312-313, 346։ Հայոց Ձորի թեմական պատկանելութեան վերաբերեալ մասնաւորապէս տե՛ս Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, 1985, էջ 37; Ս. Կարապետեան, Հայաստանի պատմութիւն, հատոր Ա. Հայոց Ձոր, Երևան, ՀՃՈՒՀ, 2015, էջ 32։
  • [4] Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», էջ 312։
  • [5] Թէոդիկ, Գողգոթա…, էջ 40։
  • [6] Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», էջ 313։
  • [7] Նոյն։ 
  • [8] Ն. Ակինեան, Գաւազանագիրք Կաթողիկոսաց Աղթամարայ։ Պատմական ուսումնասիրութիւն, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1920, էջ 192; Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», էջ 345։
  • [9] «1904 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի Հայոց», Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1904, էջ 371-372, 394-395:
  • [10] Կ.Պ. Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ Աւետարանական եկեղեցւոյ (Քննական Ծանօթութիւններով),  Ֆրեզնօ, 1952, էջ 471; Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», XXV, Մուրճ, 1904, №12, էջ 59։ 
  • [11] Առաջին աշխարհամարտի բռնկման ժամանակ Պատուելի Ջորջ Ռեյնոլդսը գտնւում էր ԱՄՆ-ում՝ Վանի բողոքական դպրոցների համար միջոցներ հանգանակելու նպատակով և նրա պարտականութիւնները իրականացնում էր տիկին Ռեյնոլդսը (տե՛ս The Treatment of Armenians in The Ottoman Empire 1915-16. Documents Presented to Viscount Grey of Falloden by Viscount Bryce, London, 1916, էջ 33):
  • [12] Ատանալեան, Յուշարձան..., էջ 472-474:
  • [13] Grace H. Knapp, The Mission at Van in Turkey in War Time, Privately printed, 1916, էջ 11-12:
  • [14] Survey of the Work of the American Board in Turkey. Reprinted of the “Orient” of July 6, 1910, Bible House, Constantinople, Turkey, էջ 12; Օրմանեան, Հայոց եկեղեցին…, էջ 261:
  • [15] Հ. Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1940, էջ 976:
  • [16] «Աշխատանք» շաբաթաթերթ գրական, քաղաքական, տնտեսական, Վան, 1911 թ. մարտի 20, թիւ 10, էջ 4:
  • [17] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, էջ 1101:
  • [18] «Արարատ», Սբ. Էջմիածին, 1896, Ե., մայիս,  էջ 247 («Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթողիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը»):
  • [19] «Արարատ», Սբ. Էջմիածին, 1896, Բ., փետրուար,  էջ 89 («Հայաստանեայց եկեղեցին Տաճկաստանում»):
  • [20] «Աշխատանք» շաբաթաթերթ, Վան, 29 մայիս 1911, թիւ 18, էջ 12։
  • [21] «Արարատ», Սբ. Էջմիածին, 1896, ԺԲ., դեկտեմբեր,  էջ 579 («Տեղեկագիր Վասպուրականի կոտորածին»):
  • [22] «Բիւզանդիոն», Կ. Պոլիս, 1911 փետրուար 21 (մարտ 6), թիւ 4366 (Մակար վրդ. Տէր-Յովհաննէսեան, «Վանայ ծովն եւ իր կղզիները»)։
  • [23] «Արարատ», Սբ. Էջմիածին, 1896, ԺԲ., դեկտեմբեր, էջ 586 («Տեղեկագիր Վասպուրականի կոտորածին»):
  • [24] «Աշխատանք» շաբաթաթերթ, Վան, 1911 թ. մարտի 20, թիւ 10, էջ 4:
  • [25] Ե. Տևկանց, Ճանապարհորդութիւն Բարձր Հայք և Վասպուրական 1872-1873 թթ., Երևան, Հայաստանի ԳԱ պատմ. ին-տ, 1991, էջ 266:
  • [26] «Բիւզանդիոն», Կ. Պոլիս, 1911 փետրուար 23 (մարտ 8), թիւ 4368 (Մակար վրդ. Տէր-Յովհաննէսեան, «Վանայ ծովն եւ իր կղզիները»):
  • [27] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, էջ 995:
  • [28] Նոյն, էջ 1089:
  • [29] «Աշխատանք» շաբաթաթերթ, Վան, 1911 թ. մարտի 20, թիւ 10, էջ 5:
  • [30] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», XXIV, Մուրճ, 1904, №12, էջ 40։
  • [31] Նոյն։ 
  • [32] Նոյն, էջ 41։
  • [33] Նոյն։
  • [34] Ս.Մ. Աւագեան, Արճակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտ, 1978, էջ 57:
  • [35] Եկեղեցում սեղան է կոչւում եկեղեցու բեմի վրայ կառուցուած սեղանաձև պատուանդանը, որի վրայ քահանան պատարագ է մատուցում։
  • [36] Նոյն։
  • [37] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», էջ 41։
  • [38] Նոյն, էջ 42։
  • [39] Նոյն։
  • [40] Նոյն, էջ 43։
  • [41] Աւագեան, Արճակ, էջ 57:
  • [42] Նոյն:
  • [43] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», էջ 44։
  • [44] Նոյն, էջ 46:
  • [45] Աւագեան, Արճակ, էջ 56:
  • [46] Նոյն:
  • [47] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», էջ 46։
  • [48] Աւագեան, Արճակ, էջ 55:
  • [49] Նոյն:
  • [50] Նոյն:
  • [51] Նոյն:
  • [52] Նոյն:
  • [53] Նոյն:
  • [54] Նոյն, էջ 56:
  • [55] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», էջ 49։
  • [56] Նոյն։