Վան-Տոսպի եկեղեցիներն ու վանքերը

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 01/10/2018 (վերջին փոփոխութիւն՝ 01/10/2018)

Վան-Տոսպի վանքերը

Վարագավանք (Ներքին Վարագ, Ստորին Վարագ, Նոր Մենաստան Սուրբ Խաչի)

Վարագավանքը կամ Ստորին (Ներքին) Վարագայ վանական համալիրը Վան-Վասպուրականի առաւել նշանաւոր վանքն էր՝ «համայն վասպուրականցւոց պաշտելի և խնկելի սրբավայր, հոգին ու միտք գրաւող, արդար» [1]։ Տեղակայուած էր Վան քաղաքից հարաւ-արևելք, Ներքին Վարագ լեռան արևմտահայեաց լանջին, փոքրիկ հարթութեան վրայ։

Վարագավանքը բաղկացած էր եօթ միմեանց կից եկեղեցիներից, ինչի պատճառով տեղի մահմեդական բնակչութեան շրջանում այն յայտնի էր «Ետի քիլիսէ» (եօթ եկեղեցի) անունով։ Վանքը շրջապատուած էր պարսպով, որի ստորին մասը կառուցուած էր քարից, իսկ վերին մասը՝ չթրծուած աղիւսից [2]։ Վանական համալիրի եկեղեցիներն էին՝ Սուրբ Աստուածածինը (XI դար), Սուրբ Գէորգը (գաւիթ), Սուրբ Նշանը (XI դար), Սուրբ Խաչը, Սուրբ Սիոնը, Սուրբ Յովհաննէսը կամ Սուրբ Աբեղան (X դար) և Սուրբ Սոփիան կամ Բերդաւորը (981 թ.) [3]։

Վարագավանքի բակում. որբանոցի որբեր, անձնակազմ եւ վանականներ (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

1), 3) Վարագավանքին մէջ հրատարակուող «Արծուի Վասպուրական» պարբերաթերթի երկու թիւերի կողքի էջերը։

2) Վարագավանք. եկեղեցիի ներսը (Աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)։

Վարագավանքի վանական համալիրի եկեղեցիներից ամենագեղեցիկը Սուրբ Աստուածածինն էր։ Ան ունէր «հռիփսիմեատիպ» կառոյցների յօրինուածք՝ խաչաձև էր, անսյիւն, չորս խորաններով, 12 անկիւնանի զարդարուած գմբէթով։ Եկեղեցին շինուած էր անտաշ մեծ քարերից, ծածկն ու գմբէթը՝ աղիւսից։ Եկեղեցու ներքին պատերը սպիտակեցուած էին [4]։

Սուրբ Գէորգ գաւիթը շինուած էր սրբատաշ քարերից, պատերը ծածկուած էին որմնանկարներով։ Չորս քառանկիւնի սիւների և ութ որմնասիւների վրայ բոլորում էին պայտաձև կամարներ՝ կրելով ութանկիւնի գմբէթը՝ բրգաձև կաթուղիկէով (գմբէթի վերնամաս)։ Գաւթի  արևելեան պատն ամբողջովին զարդարուած էր սրբապատկերներով և այստեղ էին յաճախ կատարւում առաւօտեան և երեկոյեան ժամերգութիւնները։ Գաւթի հիւսիս-արևելեան կողմում էին գտնւում երեք տապանաքար, որոնց տակ ամփոփուած էին Արծրունեանց Սենեքերիմ թագաւորի, նրա կնոջ՝ Բագրատունի Գագիկ թագաւորի դուստր՝ Խուշուշ թագուհու և Պետրոս Գետադարձ կաթողիկոսի աճիւնները [5]։

Սուրբ Աստուածածին եկեղեցուն հիւսիսից կից գտնւում էր Սուրբ Նշան եկեղեցին։ Այն իր չափսերով համեմատաբար փոքր էր, ունէր գմբէթաւոր դահլիճի յօրինուածք [6]։

Վարագավանքի մէջ վանականներ եւ պաշտօնեաներ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Սուրբ Խաչ եկեղեցին շինուած էր սրբատաշ քարերից, ունէր կիսաբոլոր կոզակ ու երկու խորան. թաղակապ էր, և մէջտեղում, ութանկիւնի փոքրիկ հերթիկի վրայ բարձրանում էր մի փոքրիկ, փայտաշէն գմբէթ։ Երեք փոքրիկ պատուհաններ աղօտ լոյս էին սփռում։ Եկեղեցին ունէր երկու դուռ, մէկը բացւում էր Սուրբ Գէորգ գաւթի մէջ, իսկ միւսը դէպի վանքի բակը, արևմտեան պատի մեջ [7]։

Սուրբ Սիոն եկեղեցին գտնւում էր Սուրբ Գէորգ գաւթից դէպի հարաւ։ Եկեղեցու գմբէթը և պատերի մի մասը քանդուած վիճակում էր, ինչի պատճառով այն ծառայում էր որպէս ցորենի շտեմարան [8]։

Սուրբ Յովհաննէսը կամ Քառասուն Աբեղայից եկեղեցին շինուած էր սրբատաշ քարերից, եռախորան էր, գմբէթաւոր [9]:

Սուրբ Յովհաննէսին հարաւից կից էր Սուրբ Սոփիա կամ Բերդաւոր եկեղեցին։ Այն մէկ զոյգ որմնամոյթերով գմբէթաւոր դահլիճ էր, որի խորանը լուսաւորւում էր զոյգ պատուհաններով [10]:

Վանքային համալիրի արևելեան և հարաւային կողմը տարածւում էր մի մեծ և գեղեցիկ այգի, որը Խրիմեան Հայրիկը կոչել էր Դրախտիկ [11]։

Վարագավանքը, 1895 (Աղբիւր՝ Տոլորես Օրօ-Պետրոսեանի հաւաքածոյ)

Վանքի շուրջը ձգւում էր երկյարկանի մի շինութիւն, որը բաղկացած էր վանականների և ուխտաւորների համար նախատեսուած 47 սենեակներից, փռից, բաղնիսից և 8 սենեականի դպրոցական շէնքից, ինչպէս նաև որպէս վանքի առաջնորդարան ծառայող երկու մեծ սենեակներից [12]։

Ըստ աւանդութեան՝ Հռիփսիմեանց կոյսերից Հռիփսիմէն Վաղարշապատ ուղևորուելիս Վարագավանքի տեղն է թաքցրել իր պարանոցին կրած Սուրբ Նշանը՝ Խաչափայտի մասունքով Սուրբ Խաչը։ Երբ 653 թ. յայտնի է դարձել Վարագայ Սուրբ Խաչի տեղը, կաթողիկոս Ներսէս Գ Տայեցին Վարագ լեռան վրայ կառուցել է Սուրբ Նշան եկեղեցին և հաստատել Վարագայ Սուրբ Խաչի տօնը [13]։

Վարագավանքը ծաղկում է ապրել X դարի սկզբին, Վասպուրականի թագաւոր Գագիկ Արծրունու հովանաւորութեամբ, որի կինը՝ Մլքէն, վանքին է նուիրել հայկական ամենանշանաւոր ձեռագրերից մէկը՝ «Մլքէ թագուհու աւետարանը»։ Վարագավանքը երկար ժամանակ եղել է եպիսկոպոսանիստ, և նրա վանահայրերը համարուել են Վանի և շրջակայ գիւղերի առաջնորդ [14]։

Վարագավանք, համայնապատկեր (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)

1857 թ. Վարագավանքի վանահայր է կարգւում Մկրտիչ Խրիմեանը (Խրիմեան Հայրիկ), ով վարում է վանահայրութեան պաշտօնը գրեթէ անընդմէջ մինչև 1885 թ.՝ որոշ շրջաններում համատեղելով այն այլ հոգևոր պաշտօնների հետ։ Մկրտիչ Խրիմեանի վանահայրութեան 30-ամեայ շրջանը բնութագրւում է Վարագավանքի վերելքով և զարգացմամբ։ Նրա ջանքերի շնորհիւ վանքը վերածւում է Վան-Վասպուրականի բացառիկ ազգային, կրօնական և կրթամշակութային կենտրոնի։ Խրիմեանի առաջին քայլերից է դառնում վանքը Վանի առաջնորդների իրաւասութիւնից հանելը և այն Կ. Պոլսի Հայոց պատրիարքութեանը ուղղակի ենթակայ դարձնելը։ 1858 թ. վանքում բացւում է տպարան, որտեղ շարունակւում է «Արծուի Վասպուրական» շաբաթաթերթի հրատարակութիւնը (մինչև 1864 թ.): Վարագավանքի տպարանում նաև հրատարակւում են դասագրքեր, բազմաթիվ կրօնական, պատմական և գեղարուեստական գրքեր, որոնք մեծ տարածում են գտնում Վանի կրթօջախներում [15]։

Որպէս Վարագավանքի վանահայր՝ Մկրտիչ Խրիմեանի նշանակալից ձեռնարկներից մէկն է դառնում 1857 թ. գարնանը վանքում Ժառանգաւորաց վարժարան - գիշերօթիկ դպրոցի հաստատումը, որտեղ սկսում են ուսում ստանալ Վան քաղաքից և շրջակայ գիւցերից 25-ի չափ երեխաներ [16]։ Հետագայ տարիներին վարժարանի աշակերտների թիւը հասցւում է մօտ 40-ի [17]։ Ժառանգաւորացը դառնում է նոր տիպի դպրոց, որտեղ վերացւում են աշակերտների մարմնական պատիժները, ներդրւում են մանկավարժութեան առաջադիմական ձևեր և մեթոդներ [18]։

Վարագավանք (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Ականատէս-վկայագիր հեղինակներից մէկը հետևեալ կերպ է բնութագրում Մկրտիչ Խրիմեանի՝ Վարագավանքի վանահայրութեան շրջանը. «Այս երեսնամեայ շրջանին մէջ վանքը տնտեսապէս հարստացաւ, մի ափ անմշակ հող չմնաց, յարմարաւոր տեղերը ծածկուեցան հազարաւոր պիտանի ծառերով, և Ժառ[անգաւորաց] դպրոցից էլ դուրս եկան բազմաթիւ շատ թէ քիչ նշանաւոր վարդապետներ, քահանաներ, ուսուցիչներ, թէ գրական ասպարէզի, թէ Վանի քաղաքացիների ու գիւղացիների և թէ նոյնիսկ ամբողջ հայ հասարակութեան համար» [19]։

1885 թ. Մկրտիչ Խրիմեանի՝ Կ. Պոլիս կանչուելուց յետոյ, Վարագավանքի վանահայրութիւնը նորից անցնում է Վանի թեմի առաջնորդներին։ Դրանցից յատկապէս, Գրիգորիս Արքեպիսկոպոս Ալեաթճեանը (պաշտօնավարել է մինչև 1888 թ.) հիմնանորոգում է տպարանը, Ժառանգաւորաց դպրոցի կացարանը և այլ շինութիւններ [20]։

Գ. Ալեաթճեանի և նրա յաջորդների օրօք վանքը շարունակում է իր աւելի կամ պակաս շէն ընթացքը մինչև 1896 թ. յունիս, երբ Վանի կոտորածի օրերին այն, ի թիւս շրջանի այլ եկեղեցիների և վանքերի, ենթարկւում է քուրդ հրոսակախմբերի յարձակման։ Վանքի միաբաններից, Ժառանգաւորաց դպրոցի աշակերտներից, վանքում աշխատող մշակներից շատերը սրախողխող են լինում, վանքապատկան ունեցուածքը՝ շարժական գոյքը, անասուներն ու արջառը, թալանւում։ Հրկիզւում և աւերակոյտի են վերածւում վանքի վարչական շինութիւններից շատերը։ Վանքն առժամանակ ամայանում է [21]։

1) Վարագավանք/Ետիքիլիսէ (Աղբիւր՝ P. Müller-Simonis, Durch Armenien, Kurdistan und Mesopotamien, Mainz, 1897)

2) Ս. Գէորգ Գողթանց. Վարագայ լերան վրայ (Աղբիւր՝ P. Müller-Simonis,
Durch Armenien, Kurdistan und Mesopotamien, Mainz, 1897)

3) Վարագավանքի մէջ կրօնաւորներ՝ Սենեքերիմ թագաւորի գահի շուրջ (Աղբիւր՝ P. Müller-Simonis,
Durch Armenien, Kurdistan und Mesopotamien, Mainz, 1897)

Կոտորածների ալիքի մարելուց յետոյ վանեցիներն անմիջապէս ձեռնամուխ  են լինում վանքի վերականգնմանը։ Որոշւում է վանքի վերաշինութեան և հետագայ կառավարման գործը յանձնել աշխարհականների՝ անմիջապէս Կ. Պոլսի պատրիարքարանի իրաւասութեան տակ գործող և քաղաքի երևելի վաճառականներից բաղկացած հոգաբարձութեան։ Հոգաբարձութեան մարմնին յաջողւում է մի քանի տարուայ ընթացքում վերականգնել աւերուած շինութիւնները, կառուցել նոր կացարաններ վանքի միաբանների, Ժառանգաւորաց դպրոցի աշակերտների, վարժարանի ուսուցչական կազմի և ուխտաւորների համար։ Յաջողութեամբ է պսակւում վանքի տնտեսութեան վերականգնումը, որը հասցւում է «աննախընթաց պայծառութեան» [22]։

1909 թ. Վանի նահանգ այցելած արևելահայ մտաւորական Ա-Դօն (Յովհաննէս Տէր-Մարտիրոսեան) նշում է, որ Վարագավանքի Ժառանգաւորաց վարժարանի երեք նախակրթական և չորս սովորական դասարաններում սովորում էր աւելի քան 60 երեխայ։ Վանքն ունէր լաւ պարտէզ, ընդարձակ ծառաստան, ջրաղաց, որի համար ջուր էր բերուել Վարագ լեռան լանջերից բխող աղբիւրներից։ Վանքն ունէր մեծ տնտեսութիւն և դրա հետ միասին նաև մեծ եկամուտներ։ Պահւում էր աւելի քան 1,000 գլուխ ոչխար, 30-ից աւելի կով ու մատակ, 20-ից աւելի եզներ։ Վանքն ունէր հսկայական արօտատեղիներ, աւելի քան 150 դեսեատին [23] վարելահող։ Բացի դրանից, վանքը տարեկան շօշափելի դրամական նպաստներ էր ստանում տարբեր կտակներից և հիմնադրամներից։ Վանքի եկամուտների մեծ մասը ծախսւում էր դպրոցի վրայ, մնացածը՝ միաբանութեան պէտքերի և թուով 40 մշակների վրայ [24]։

Վարագավանքի յատակագիծը (Աղբիւր՝ Walter Bachmann, Kirchen und Moscheen in Armenien und Kurdistan, Leipzig, 1913)

Ժառանգաւորաց վարժարանի առաջընթացը մեծապէս պայմանաւորուած էր 1905 թուականին այդ հաստատութեան տեսուչ նշանակուած Արտակ Դարբինեանի գործունէութեան հետ։ Նա մի շարք բարելաւումներ է մտցնում դպրոցում, մասնաւորապէս՝ կազմում է ուսումնական նոր ծրագիր, որը համընկնում էր Կովկասի հայկական միջնակարգ դպրոցների՝ Գէորգեան ճեմարանի, Ներսիսեան դպրոցի ծրագրերին [25]։

Վանի հայերի և Վարագայ վանքի կեանքում նշանակալից իրադարձութիւններ են դառնում 1910 թուականին Ժառանգաւորաց վարժարանի և Վարագավանքում Խրիմեան հայրիկի գործունէութեան 50-ամեայ յոբելեանի տօնակատարութիւնները։ Դրա առթիւ վանք եկած ուխտաւորների շրջանում, ինչպէս նաև Վանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում կազմակերպւում են հանգանակութիւններ, որոնց արդիւնքում հաւաքուած գումարները ուղղւում են ի պէտս վարժարանի կարիքների [26]։ Յոբելեանի տօնակատարութեան կազմակերպման կենտրոնական յանձնախումբը նաև լոյս է ընծայում «Վարագայ Յոբելեան. Յիշատակարան եւ Կոչ Վարագայ կրթական հաստատութեան յիսնամեայ յոբելեանի (1857-1907)» և «Յոբելեան Վարագայ ժառանգաւորաց վարժարանին (1857-1907), 1 Մայիս 1910 Վան-Վարագ» պատկերազարդ գրքույկները [27]:

Առաջին աշխարհամարտի նախօրեակին՝ 1914 թ. յունիսին Վարագավանք այցելած ռուսահայ հոգևորական Ռուբեն Բեկգուլեանցը հաղորդում է, որ այն բաւականին բարեկարգ վիճակում էր, թէև իր վրայ դեռևս կրում էր Համիդեան աւերածութիւնների հետքերը։ Վանքին կից շարունակում էր գործել Ժառանգաւորաց գիշերօթիկ դպրոցը՝ 70 աշակերտով։ Կառուցւում էր դպրոցի նոր շէնք [28]։

1) «Յոբելեան Վարագայ ժառանգաւորաց վարժարանին (1857-1907), 1 Մայիս 1910 Վան-Վարագ» պատկերազարդ գրքոյկի շապիկը։

2) «Վարագայ Յոբելեան. Յիշատակարան եւ Կոչ Վարագայ կրթական հաստատութեան յիսնամեայ յոբելեանի (1857-1907)» պատկերազարդ գրքոյկի շապիկը։

1) Վարագայ վանքից ընդհանուր տեսարան (Աղբիւր՝ Library of Congress, Washington, DC)

2) Վանքի ընդհանուր յատակագիծը. 1 Սուրբ Աստուածածին, 2 Սուրբ Գէորգ, 3 Սուրբ Նշան, 4 Սուրբ Խաչ, 5 Սուրբ Սիոն, 6 Սուրբ Յովհաննէս, 7 Սուրբ Սոփիա (Աղբիւր՝ Ե. Լալայեան, Վասպուրական. Նշանաւոր վանքեր, Ա. պրակ, Թիֆլիս, 1912)

Վանքում յատուկ ուշադրութեան էր դարձուած մեղուապահութեան և թռչնապահութեան զարգացման վրայ։  Կար մեղուանոց՝ 12 հատ նոր մեղուափեթակներով։ Թռչնարան էին բերուել և պահւում էին լաւագոյն ցեղատեսակների թռչուններ։ Վանքում կար նաև ձիթաղաց։ Մենաստանի տնտեսական կառավարումը գտնւում էր վանական տեսչական խորհրդին ձեռքը, որը կազմուած էր երևելի վանեցի հայերից [29]։

1913 թ, Վարագավանք է այցելում Վանի նորանշանակ նահանգապետ Թահսին բեյը, ով հաշուի առնելով վանքի առաջադիմութիւնը, վանքին ճտահան մեքենայ (ինկուբատոր) է նուիրում, ինչպէս նաև լուսանկարւում է Ժառանգաւորաց վարժարանի սաների հետ [30]:

1914 թ. վանքի միաբանութիւնը բաղկացած էր ընդամէնը երեք վարդապետներից [31] (համեմատութեան համար՝ 1873 թ. վանք այցելած Երեմիա Տևկանցը հաղորդում է, որ վանքի միաբանութիւնը բաղկացած էր 14 անդամներից, այդ թւում՝ 8 վարդապետ [32])։ Փոխվանահայրը (վանահայրն ի պաշտօնե Վանի թեմի առաջնորդն էր) 86-ամյա Վրթանէս Ծայրագույն Վարդապետ Տևկանցն էր (սպանուել է թուրք ոստիկանների կողմից 1915 թ. ապրիլի 7-ին) [33]։

Վերին Վարագ (լքուած)

Վերին Վարագը գտնուել է Ներքին Վարագի հարևանութեամբ՝ դէպի հիւսիս-արևելք՝ երկու շղթայով ձգուող Վարագայ լեռների միջև ընկած ձորակի արևմտեան լանջին։ XIX դարի վերջի – XX դարասկզբի դրութեամբ վանքը լքուած էր, իսկ շինութիւնները՝ աւերուած վիճակում։

Երեմիա Տևկանցի տուեալներով, վանքի շինութիւնները քանդուել էին դեռևս XIX դարի սկզբներին՝ «վանեցի մի բարբարոս տաճիկի [թուրք]» կողմից, ով եկեղեցիներից մէկի գմբէթը վառօդով պայթեցնելով՝ այնուհետև օգտագործել է շինանիւթը Այգեստանում բաղնիք կառուցելու համար [34]։

1) Վարագավանք (Աղբիւր՝ Paul Rohrbach, Armenien, Stuttgart, 1919)

2) Վանայ լիճը, Ախթամար կղզին, իսկ խորքում Վարագայ լեռը (Աղբիւր՝ Library of Congress, Washington, DC)

Վարագայ վանքի մօտ մի խումբ ուխտաւորներ (Աղբիւր՝ Աղբիւր՝ «Գեղունի», պատկերազարդ հայաթերթ, 1905, Վենետիկ, Ս. Ղազար)

Վերին Վարագի վանքը բաղկացած էր երկու եկեղեցիներից, որոնցից պահպանուել էին միայն կիսաւեր պատերը։ Մէկը, որ հաւանաբար աւելի հին պիտի լինէր, խաչաձև էր և առանց խորանների, իսկ միւսը՝ որ սրան կից էր՝ քառանկիւնի էր և ունէր երկու խորան ու երկու խորշ՝ արևմտեան կողմում։ Եկեղեցիների շուրջը կար կիսաւեր պարիսպ և խցերի աւերակներ։

Վանքից փոքր ինչ բարձր, մի մեծ ժայռի տակ գտնւում էր մի քարայր, ուր, ըստ աւանդութեան, ճգնել է ոմն Թոդիկ ճգնաւոր իր աշակերտ Հովելի հետ։ Այդ քարայրի մօտ դեռևս մնում էին մի մատուռի կիսաւեր պատեր։ Փոքր ինչ ցածր բխում էր մի սառնորակ աղբիւր, որը վանեցիներն անուանում էին Քրիստոսի աղբիւր։

Վերին Վարագի վանքից փոքր ինչ հարաւ բխում էր «Ապարանջանների» կոչուած աղբիւրը։ Աւանդութեան համաձայն՝ աղբիւրի երեք ակներից երկուսի ջուրը Սենեքերիմ արքան նուիրել է իր դուստր Շուշանին, և այդ ջրից օգտւում էին Շուշանի կառուցած Շուշանց գիւղի բնակիչները։ Երրորդ ակի ջուրը պատկանում էր Ներքին Վարագին։ Ապարանջանների աղբիւրի մօտ ևս կար մի կիսաւեր մատուռ, որ կոչւում էր Ուրբաթ-այր։

Վարագայ Վանքի ձեռագիրներից նմուշ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Վանքից մի սքանչելի տեսարան էր բացւում. արևմտեան կողմում երևում էին Վանայ լիճը, Սիփան լեռը, իսկ արևելեան կողմում ցցւում էին Վարագայ լերան Գալիլիա եւ Աստղկան բերդ կոչուած գրեթէ անմատչելի կատարները։ Գալիլիան Վարագայ լերան արևելեան ամենաբարձր գագաթն էր և նշանաւոր ուխտատեղի էր համարւում, որովհետև ըստ աւանդութեան Սուրբ Հռիփսիմէն իր պարանոցից կախած Կենաց փայտը այնտեղ է թաքցրած եղել։ Ժողովուրդը հաւատում էր, թէ ով մի օրում ծոմ պահելով քառասուն անգամ կարողանայ բարձրանալ այս քարաժայռի գլուխը, նա կեանքի մեջ միշտ յաջողութիւն կ՚ունենայ [35]։

1860-ական թուականներին Վանի Թեմի Առաջնորդ Մկրտիչ Խրիմեանը  կարգադրում է մաքրել վանքի եկեղեցիների տարածքը և այնտեղ Սուրբ Պատարագ մատուցում։ «Բազմաթիւ ուխտաւորք դիմեցին նախնեաց աւերակի մէջ մի անգամ ևս պատարագ տեսնալ, նախնական կրօնասիրութեամբ, ջերմեռանդութեամբ լեցուած ամենեքեան սրտառուչ հառաչմամբ կ՚արտաքսուէին և կ՚ողբային յիւրեանց նախնեաց նուիրական մեծագործութիւնից խոնարհած եկեղեցւոյ վերայ», - հաղորդում է Ե. Տևկանցը [36]։

Հաւանաբար, նոյն ժամանակաշրջանում հաստատւում է Վերին Վարագայ ուխտագնացութեան տօնը, որը կատարւում էր իւրաքանչիւր տարի Համբարձման հինգշաբթի։ Այդ օր վանք էին բարձրանում և այնտեղ գիշերում բազմաթիւ երիտասարդ ուխտաւորներ։ Գ. Շերենցը փոխանցում է ուխտագնացութեան հետևեալ պատկերաւոր նկարագրութիւնը. «Այդ օրն ու գիշերը ունին իրանց խորհրդաւոր նշանակութիւնն։ Շատերը տոգորուած սիրոյ կրակով չափում են ծաղիկներ, կապում են փունջեր գոյնզգոյն ծաղիկներից ի դարձին ընծայելու իրանց սիրելեաց։ Հազիւ թէ արշալոյս սկսած և Արուսակն իւր ձէգն երևեցուցած Շաղաթաթախ աղօթարանի հետ, խումբ խումբ, շարան շարան սկսում են իրանց վերելքն դէպի Գալլեան, Վարագայ սարի ամենաբարձր գագաթնակէտն, ուր ամփոփուած է եղել մասն խաչափայտ Ս. Նշանի. համբուրել, ծնրադրել, երգել խաչին շարական «նշանաւ ամենայաղթն»» [37]։

Վերին Վարագի աւերակները եւ ուխտաւորներ (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

Սուրբ Գրիգորի վանք (Սալնապատի վանք, Սալնաձորի անապատ)

Վանքը գտնւում էր Վան քաղաքից դէպի հարաւ-արևելք՝ 6 կմ հեռաւորութեան վրայ, Վարագայ լեռան ստորոտում ձգուող մի ձորակի մէջ բարձրացած բլրակի գագաթին [38]։

Համաձայն աւանդութեան՝ վանքը հիմնել էր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, ով այդ կողմերում ճգնաւորական կեանք է վարել՝ փափագելով գտնել Հռիփսիմէ կոյսի բերած Սուրբ Նշանը՝ Խաչափայտի մասունքը։ Տեղի բնակիչները ցոյց էին տալիս վանքից քիչ բարձր անտառի մէջ գտնուող մի փոքրիկ մատուռ, որը կառուցուել էր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի աղօթատեղում [39]։ Ձորակում՝ առուակի ափին, աւանդաբար ցոյց էր տրւում երկու ժայռ քար, որոնց վրայ Հռիփսիմէ կոյսը սովորութիւն է ունեցել յաճախ նստելու [40]։

Վանքը բաղկացած էր Սուրբ Աստուածածնի և Սուրբ Կարապետի եկեղեցիներից և մի ժամատնից, շրջապատուած էր պարսպով, ունէր վանականների և ուխտաւորների համար նախատեսուած կացարաններով առանձին շէնք [41]։

Սուրբ Գրիգորի վանք (Սալնապատ) (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

Սուրբ Աստուածածին եկեղեցին 10 մետր երկարութիւն, 8 մետր լայնութիւն և մօտ 7 մետր բարձրութիւն ունէր։ Վեց որմնասիւների վրայ բոլորւում էին պայտաձև կամարներ, որոնցից չորսը պահում էին իրենց վրայ հանգչող գմբէթը՝ իր կոնաձև գագաթով, իսկ երկուսը առաջացնում էին նախնական խորաններին փոխարինող խորշեր՝ եկեղեցու արևմտեան մասում։ Կոզակը կիսաբոլոր էր, և կողքերին ունէր մէկական խորաններ, որոնցից աջակողմեանի կամարակալ քարը ծածկուած էր բևեռագիր (սեպագիր) արձանագրութիւններով։ Եկեղեցու մէջ պահւում էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ճկոյտի մասունքը՝ ականակուռ խաչի մէջ ամփոփուած [42]։

Եկեղեցու առջև կար մի նորաշէն հասարակ գաւիթ, որին կից գտնւում էր Սուրբ Կարապետ եկեղեցին։ Այն իր ճարտարապետութեամբ միանգամայն նման էր Սուրբ Աստուածածին եկեղեցուն։ Եկեղեցու գմբէթն ութանկիւնի էր [43]։

Ամռանը վանքի տարածքը բաւականին հով էր և ջուրն սքանչելի, ուստի և Վանից շատ ընտանիքներ գալիս էին այնտեղ ամառանոց՝ ապաստանելով վանքի սենեակների կամ վրանների մեջ [44]։

1) Սուրբ Գրիգորի վանք (Սալնապատի վանք) (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

2) Սուրբ Գրիգորի վանք (Սալնապատի վանք) (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

3) Սալնապատի Սուրբ Գրիգորի վանք. Արձանագրութիւններ եկեղեցու պատի վրայ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Սուրբ Գրիգորի վանք (Աղբիւր՝ Library of Congress, Washington, DC)

1873 թ. գարնանը վանք այցելած Երեմիա Տևկանցը հաղորդում է, որ վանքն առանց միաբանների էր, ունէր միայն վանահայր՝ Յակոբ Վարդապետ Շապաղլեան: Կար նաև մէկ մշակ, մէկ գառնարած, մէկ տնտես՝ իր երկու որդիներով: Վանքի թեմին էին պատկանում Վան-Տոսպի 11 հայաբնակ գիւղեր [45]:

Ա-Դոյի տուեալներով (1909 թ.) վանքը հարուստ չէր, ունէր ընդամենը 120 ոչխար և 30-ի չափ այլ անասուններ։ Վանքապատկան արոտատեղիներն ու վարելահողերը տրուած էին կապալով՝ տարեկան 30 ոսկի եկամուտի դիմաց [46]։

Վանքում գործում էր գիշերօթիկ դպրոց-որբանոց (բացուել էր 1898 թ.), որի ծախսերը հոգւում էին Հայոց պատրիարքարանի միջոցով տարբեր բարերարներից ստացուող նպաստներով (այդ թւում՝ Նիւ Եորք քաղաքում գործող որբախնամ ազգային ընկերութիւնը) [47]։ 1909 թ. որբանոցն ունէր 40 սան [48]:

Սուրբ Գրիգորի վանք (Աղբիւր՝ P. Müller-Simonis, Du Caucase au Golfe Persique, à travers l’Arménie, le Kurdistan et la Mésopotamie, Washington D.C., 1892)

Կարմրաւորի Սուրբ Աստուածածին վանք

Կարմրաւորի Սուրբ Աստուածածնի վանքը գտնւում էր Վարագայ և Ձիաթռնուկ  լեռների լանջին տարածուած փոքրիկ հարթութեան վրայ։ Հեռաւորութիւնը Վանի Այգեստան թաղամասից՝ երեք, իսկ Վարագավանքից՝ մէկ կիլոմետր էր [49]։

Վանքը բաղկացած էր մի եկեղեցուց և մի գաւիթից, պարսպապատ էր։ Եկեղեցին շինուած էր հասարակ, անտաշ քարերից։ Երկու քառանկիւնի ամբողջական և ութ կիսասիւների վրայ բոլորում էին պայտաձև կամարներ, որոնց վրայ բարձրանում էր կլոր գմբէթը։ Կոզակը կիսաբոլոր էր և ունէր խաչկալ՝ Սուրբ Աստուածածնի պատկերով։ Կողքի խորանները նուիրուած էին Սուրբ Յովհաննէսին և Սուրբ Գէորգին։ Գաւիթը երկու ամբողջական և ութ կիսասիւներով մի հասարակ շէնք էր՝ առանց գմբէթի [50]։

Կարմրաւորի Սուրբ Աստուածածին վանքը (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

Վանքը յայտնի էր իր սքանչելի և վայելուչ տեսարանով դէպի Վանայ լիճ, Այգեստան, Սիփան, Արտոս և Նեմրութ լեռները [51]։ «Ահա արևելեան կողմից ահաւոր զառի վայրով տարածւում են հսկայ լեռան, Ձիաթռնուկի (մասն Վարագայ լեռան) միշտ թարմ և կանաչ մարգագետինները՝ իրանց գոյնզգոյն ծաղիկներով։ Հիւսիսից, հարաւից և արևմուտքից տեսարանը ընդարձակւում է հեռուն, շա՛տ հեռուն մինչև Վանայ ծովի երեք կողմից լայնածաւալ անարգել հորիզոններ. մի հայեացքով հեշտ կ՚լինի ըմբռնել արևմտեան ամբողջ գաւառներ իրանց յայտնի գիւղերով. Վանայ ընդարձակ դաշտ, Այգեստանը, որն ինչպէս մի շքեղապանձ թագուհի այդ ընդարձակութեան մէջ. մեծ պողոտաները ամբողջ բերդաքաղաք. Շամիրամայ թաղի մրգաստան այգիներ. Արտամետ. Ծվստան գիւղեր իրանց այգիներով ու պրակներով. Կտուց. Լիմ, Առ-Տէր, Աղթամար կղզիները իրանց ագարակներով», - հիացմունքով գրում էր վանեցի մտաւորական Գէորգ Շերենցը [52]։

Վանքը ենթարկուել է վերանորոգման 1868-70 թթ., ապա 1895-96 թթ. համիդեան կոտորածների ընթացքում դրան պատճառած աւերածութիւններից յետոյ [53]։

Կարմրաւորի Սուրբ Աստուածածին վանքը (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

1873 թ. ապրիլին վանք այցելած Երեմիա Տևկանցը հաղորդում է, որ վանք վանահայր չունէր, ենթարկւում էր ուղղակիօրէն Վանի Թեմի Առաջնորդին: Վանքում ապրում էր մէկ միաբան՝ Աստուածատուր Վարդապետ, որը տեղափոխուել էր Լիմ անապատից, մէկ վերակացու, մէկ տիրացու, երկու մշակ, 5 հօտաղ, 2 տնտես [54]:

1880-81 թթ. Օսմանեան Հայաստանի մի շարք գաւառներում բռնկուած սովից, ինչպէս նաև 1895-96 թթ. կոտորածներից յետոյ վանքում առժամանակ գործել է որբանոց- «գիշերօթիկ դպրոց» [55]։

Վանքն ունէր վարելահողեր, որոնք կառավարւում էին յատուկ հոգաբարձական մարմնի կողմից։ 1910-ական թթ. սկզբներին վանքում էր ապրում մի վարդապետ, իբր վանահայր՝ ստանալով հոգաբարձութիւնից ուտեստ, հանդերձ և ամսական 30 ղուրուշ ռոճիկ [56]։

Սուրբ Խաչ վանք

Վանքը գտնւում էր Վան քաղաքից 5 կմ դէպի հարաւ-արևելք՝ Կուռուբաշ գիւղի մօտ, մի բլրի գագաթին։ Վանքը բաղկացած էր մի եկեղեցուց, մի մատուռից (Սուրբ Գէորգ) և մի գաւիթից։ XX դարի սկզբներին գաւիթի ծածկն արդէն քանդուած էր, իսկ եկեղեցին խարխուլ վիճակում էր [57]։

Եկեղեցու երկարութիւնը 9 մետր, լայնութիւնը՝ 5,5 մետր և բարձրութիւնը մօտ 12 մետր էր։ Շինուած էր սրբատաշ սպիտակ քարից, խաչաձև էր։ Երկու որմնասիւների վրայ բոլորւում էին կամարներ՝ կրելով իրենց վրայ ութանկիւնի փոքր գմբէթ։ Կոզակը կիսաբոլոր էր և կամարակապ, կողքերին ունէր մէկական խորաններ։ Արևմտեան կողմում խորանների փոխարէն կային կիսաբոլոր խորշեր, կամարներով պատած։ Եկեղեցին ունէր միայն մէկ՝ արևմտեան դուռ և երկու նեղ ու երկար պատուհան։ Չորս պատուհան էլ գմբէթի վրայ կային [58]։

Սբ. Խաչ եկեղեցին։ Խորքում երեւում է Վան քաղաքը (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Մատուռը գտնւում էր եկեղեցու հարաւային կողմը, ունէր 9 մետր երկարութիւն և 3 մետր լայնութիւն, կամարակապ և անսիւն էր։

Եկեղեցու գաւիթը նորոգութեան էր ենթարկուել 1887 թ.՝ որոշ ժամանակով Վանից տեղափոխուած և վանքում հաստատուած ոմն Գրիգոր Աբեղայի նախաձեռնութեամբ, ինչի մասին պահպանուել էր արձանագրութիւն [59]։

Վանքը ծառայել է Վան քաղաքի և շրջակայ գիւղերի բնակչութեան համար որպէս ուխտատեղի և օդափոխութեան համար յարմար տեղ։ «Հայ եւ թուրք զբօսաշրջիկները պակաս չեն նորա ուռենեաց տակ քէֆ անելու, բայց ո՛չ մի օգուտ տալով վանքին», - նշւում է 20-րդ դարի սկզբներին վերաբերող մի վկայութեան մեջ [60]։

Սուրբ Խաչ վանքը (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

XIX դ. վերջին - XX դ. սկզբին վանքը միաբանութիւն չի ունեցել: 1873 թ. Սուրբ Խաչ այցելած Երեմիա վարդապետ Տևկանցը նշում է, որ վանքի վանահօր պարտականութիւնները կատարում էր կուրուբաշցի քահանայ Տէր Խաչատուրը։ Բացի նրանից վանքում կար երկու պառաւ տնտես, չորս մշակ, մէկ հովիւ, մէկ գառնարած։ Վանական տնտեսութիւնը բաղկացած էր ընդամէնը 103 անասունից (85 հատ ոչխար, 4 գոմէշ, 4 եզ, 1 կով, 9 հորթ և այլն) [61]։

Մ. Միրախորեանի՝ վանք այցելութեան ժամանակ (1883 թ.) այն ունեցել է վարդապետ վանահայր (անունը չի նշւում), ով մտադիր էր վանքում գիշերօթիկ որբանոց-դպրոց բացել [62]:

Սուրբ Խաչ վանք (Աղբիւր՝ «Գեղունի», պատկերազարդ հայաթերթ, 1905, Վենետիկ, Ս. Ղազար)

Կռունկ Վանից կամ Ծովահայեաց Սուրբ Աստուածածնի վանք

Վանքը գտնուել է Վան քաղաքից հարաւ՝ մօտ հինգ կմ հեռաւորութեան վրայ, մի բլրակի գագաթին, Ծվստան և Արտամետ գիւղերի միջև։ Վանքի տարածքից բացւում էր հիանալի տեսարան դէպի Վանայ լիճ, որը գտնւում էր մօտ 750 մետր հեռաւորութեան վրայ։

1880-ական թթ. սկզբներին վանք այցելած Մ. Միրախորեանը վանքի՝ «Կռունկ Վանից» անուան ծագումը կապում է հետևեալ աւանդութեան հետ. «Մի օր երբ քահանայն պատարագ կը մատուցանէ, Ս. Խորհրդեան գինին կը պակսի, կռունկ մի յանկարծ եկեղեցւոց պատուհանէն ներս կը մտնէ և կ՚իջնէ սեղանին վրայ քահանային առջև՝ իւր բերան բռնած հասուն մի ողկոյզ խաղողի. պատարագիչ քահանայն մեծ երկիւղածութեամբ կ՚առնու զայն (ողկոյզ) և վարագոյրի ետեւը քամելով՝ Ս. Խորհուրդն կը կատարէ»։

Վանքն «առաքելաշէն» էր, սակայն ժամանակի ընթացքում լքուել էր։ Այն վերահաստատուել էր 1720-1730-ական թթ. սկզբներին՝ Արտամետցի Դաւիթ Եպիսկոպոս Նուրոյեանի և Պաղտասար Վարդապետ Զարիֆեանի կողմից, որոնք կառուցել էին եկեղեցու ներկայ շէնքը։

Վանական համալիրը բաղկացած էր եկեղեցուց, գաւիթից, վանականների և ուխտաւորների համար նախատեսուած մի քանի սենեակներից, շրջապատուած էր պարսպով։ Եկեղեցու շէնքը շինուած էր անտաշ քարերից, ունէր միայն երկու փոքր և նեղ պատուհան և մի դուռ՝ արևմտեան կողմում։

Վանքը գտնւում էր Աղթամարի կաթողիկոսութեան ենթակայութեան տակ: Մշտական միաբանութիւնից զուրկ էր: Վանքապատկան կալուածքները ներառում էին պտղաբեր այգի, ինչպէս նաև 225 օրավար անջրդի վարելահող, որը տարեկան 15 ոսկի կապալով տրուած էր երկու-երեք արտամետցու։ Նրանք էլ վանքում բնակեցրել էին մի գիւղացի ընտանիք, որը վարում էր տնտեսութիւնը։

Վանքում տարին երկու անգամ՝ Սուրբ Աստուածածնի տօներին, պատարագ էր մատուցւում, որոնց մասնակցում էին բազմաթիւ ուխտաւորներ հարևան գիւղերից, ինչպէս նաև Վան քաղաքից [63]։

Շուշանից Սուրբ Գէորգ վանք (գործող որպէս եկեղեցի)

Շուշանից Սուրբ Գէորգը գտնուել է Շուշանց գիւղում։ Ըստ աւանդութեան՝ վանքը հիմնադրուել է Սենեքերիմ թագաւորի դուստր Շուշանի կողմից XI դարում։ XIX դարի երկրորդ կէսին - XX դարի սկզբին գործել է որպէս եկեղեցի։ Ե. Լալայեանի բնութագրմամբ՝ եկեղեցու շէնքը «հասարակ» և «անշուգ» էր։ Եկեղեցուց փոքր ինչ հեռու կանգնած էր Շուշանիկի գերեզմանի գեղաքանդակ խաչքար-մահարձանը։

1) Շուշանց գիւղի մէջ ժայռ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

2) Շուշանց գիւղի Սուրբ Գէորգ վանքի առջեւ (Աղբիւր՝ P. Müller-Simonis, Durch Armenien, Kurdistan und Mesopotamien, Mainz, 1897)

Շուշանց գիւղի մէջ խաչքար (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Եկեղեցում է պահուել Սուրբ Գէորգի նշխարներից մի մաս, որին տեղացիները հիւանդութիւններ բուժելու զօրութիւն էին վերագրում։

Շուշանից Սուրբ Գէորգ վանքի տօնակատարութիւնը տեղի էր ունենում իւրաքանչիւր տարի ապրիլի 23-ին՝ Վան քաղաքից և շրջակայ գիւղերից հաւաքուած ժողովրդի բազմութեան ներկայութեամբ [64]։

Վան-Տոսպի գիւղական եկեղեցիները

Ստորև ներկայացնում ենք նախքան Մեծ եղեռնը Վան-Տոսպ գիւղախմբի հայաբնակ գիւղերի եկեղեցիների ցուցակը։  Բնակավայրերը դասաւորել ենք ըստ այբբենական կարգի: Վան-Տոսպի և Վանի գաւառակի այլ նահիէների հայաբնակ բնակավայրերի հայ բնակչութեան թիւը տրւում է համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ 1913-1914 թթ. Վանի և Աղթամարի թեմական իշխանութիւնների կողմից կազմուած վիճակագրութեան [65]։

Աւանց/Իշքելէ

339 տուն, 1,592 շունչ հայ։

Աւանցը Վանայ լճի արևելեան ափի գլխաւոր նաւահանգիստն էր, գաւառակի առաւել խոշոր հայաբնակ գիւղերից մէկը։ Բնակավայրի եկեղեցին՝ Սուրբ Յովհաննէս Մկրտիչը, մեծ համբաւ էր վայելում ամբողջ գաւառակում։ Եկեղեցու տօնակատարութեան օրն այն ընդունում էր ուխտաւորներ Վան քաղաքից և մօտակայ հայկական գիւղերից [66]։ 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է երկու քահանայ [67]:

Աւանց գիւղ. նաւահանգիստ Վանայ լիճի վրայ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Արտամէտ/Էտրէմիթ

130 տուն, 720 շունչ հայ:

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին։ 1850-ական թթ. կէսերին ունեցել է երկու քահանայ [68]:

1) Արտամետ. ընդհանուր տեսարան (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

2) Արտամետ. ապառաժ քարը, որն ըստ աւանդութեան Ասորեստանի թագուհի Շամիրամը փաթաթել է իր մազերին և գցել է իրեն հետապնդող թշնամիների վրայ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

1) Արտամետ. վիշապաքար (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

2) Աւետարան. մանրակարչութիւն՝ Զաքարիա Աւանցի, Վանի շրջան։ Գտնւում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 5332, Երեւան (Աղբիւր՝ Armenian Miniatures from the Matenadaran Collection, Nairi Publishing House, Yerevan, 2009)

Բերդակ/Տոանլար

56 տուն, 581 շունչ հայ։

Եկեղեցին Սուրբ Յովհաննէս (քարուկիր)։ 1850-ական թթ. կէսերին բնակավայրում սպասաւորել է մէկ քահանայ [69]:

Դարման/Տէիրմէնքէօյ

68 տուն, 482 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին բնակավայրում սպասաւորել է մէկ քահանայ [70]:

Լամզկերտ/Քըրաթլը

35 տուն, 206 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Յովհաննէս (փայտայարկ) [71]:

Լէզք/Քալէճիկ

192 տուն, 1,178 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին [72]: Գիւղը հռչակուած էր նաև իր Սուրբ Ամենափրկիչ (փայտայարկ) մատուռ-ուխտատեղիով [73]։ Սուրբ Ամենափրկչի տօնակատարութիւնը կատարւում էր Զատիկից երկու շաբաթ յետոյ՝ Կարմրի կիրակի օրը՝ թէ Վան քաղաքից, թէ հարևան գիւղերից ուխտաւորների հոծ բազմութեան ներկայութեամբ։ Շատ էին, յատկապէս, երիտասարդ տղաների ու աղջիկների զուգուած-զարդարուած խմբակները, որոնց ակնկալիքն էր իրենց սրտի առարկան գտնելը։ Դրանով տօնը վերածւում էր հնարաւոր փեսա-հարսնացուների իւրայատուկ ստուգատեսի [74]։ 1850-ական թթ. կէսերին գիւղում սպասաւորել է երկու քահանայ [75]: Մեծ եղեռնի նախօրեակին Լէզքի հոգևորականն էր Ստեփան քահանայ Տէր-Ստեփանեանը [76]։

Լեզք. ընդհանուր տեսարան. Ժայռի վրայ՝ Սուրբ Ամենափրկիչ մատուռ-ուխտատեղին (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Ծվստան/Էլմալըք

80 տուն, 530 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (այլ տուեալներով՝ Սուրբ Գէորգ [77])։ 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է երեք քահանայ [78]: Եկեղեցում պահւում էր «Կարմիր» անունով ձեռագիր աւետարան՝ հինգ հարիւր տարուայ հնութեամբ [79]։

Կենդանանց/Քավուրմա

49 տուն, 285 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (ամրակուռ, քարաշէն), որը միջնադարեան աղբիւրներում, որպէս գրչութեան կենտրոն, յիշատակւում է Կենդանանից վանք ձևով։ 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է մէկ քահանայ [80]:

Կողբանց/Սարմաչ

32 տուն, 218 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Գէորգ [81]: 1850-ական թթ. կէսերին կազմուած վիճակագրութեամբ որևէ եկեղեցի չի յիշատակւում, նշում է որ բնակավայրը մօտ է Սալնապատի Սուրբ Գրիգոր վանքին [82]:

Կողբանց գիւղի սուրբ ուռենին եւ ուխտաւորներ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ։ Շնորհակալութիւններ Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանին)

Կուռուբաշ/Քուրուպաշ

108 տուն, 698 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս։ 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է մէկ քահանայ [83]:  Մեծ եղեռնի նախօրեակին եկեղեցում պահւում էր հին ձեռագիր Աւետարան, կային աւելի քան 2,000 օսմանեան լիրա արժողութեամբ թանկագին անօթներ, արծաթեայ խաչեր, զգեստներ և այլն [84]։

Մխկներ/Կէօլեազը

48 տուն, 308 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Յարութիւն (փայտայարկ) [85]:

Շահբաղի/Պէյիւզիւմիւ

167 տուն, 895 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (փայտայարկ)։ 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է երեք քահանայ [86]: Եկեղեցում պահւում էր «Կարմիր» Աւետարան, որն ըստ ժողովրդի հաւատալիքների օժտուած էր կարմրախտ, լուսնոտութիւն և այլ հիւանդութիւններ բուժելու զօրութեամբ [87]։

Շուշանց/Քեւենլի

80 տուն, 559 շունչ հայ։

Եկեղեցի՝ Շուշանց Սուրբ Գէորգ (նախկինում՝ վանք): 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է մէկ քահանայ [88]:

1) Եզեկիէլի մարգարէութիւնը, Վանի մէջ պատրաստուած, 1529։ Պահւում է Երուսաղէմի մէջ (ձեռ. 1667/237)։
2) Ադամի եւ Եւայի փորձութիւնը, Վանի մէջ պատրաստուած, 1529։ Պահւում է Երուսաղէմի մէջ (ձեռ. 1667/58)։
3) «Աղեքսանդրի վարք», 1535-36. ենթադրւում որ նկարուել է Ախթամարի կաթողիկոս Գրիգոր Ա-ի կողմից, Վարագավանքի մէջ։ Գտնւում է Երուսաղէմում, թիւ 473/19։
(Աղբիւր՝ Bezalel Narkiss (ed.), Armenian Art Treasures of Jerusalem, Massada Press, Jerusalem, 1979)

Ոսկեբակ/Պէշչաթաք

45 տուն, 270 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Յովհաննէս [89]: 1850-ական թթ. կէսերին կազմուած վիճակագրութեամբ՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ) [90]:

Չոբանօղլու/Չոպանողլու

26 տուն, 168 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Յովհաննէս [91]: 1850-ական թթ. կէսերին կազմուած վիճակագրութեամբ բնակավայրում եկեղեցի չի եղել [92]:

Պախեզիկ/Աշայը Չիթլի

15 տուն, 98 շունչ հայ։

Սուրբ Յովհաննէս եկեղեցի (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է մէկ քահանայ [93]:

Սղգա/Պոսթանիչի

104 տուն, 660 շունչ հայ։

Սուրբ Աստուածածին եկեղեցի (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին եկեղեցում սպասաւորել է երկու քահանայ [94]:

Ֆառուղ/Քէօշէպաշը

35 տուն, 210 շունչ հայ։

Սուրբ Աստուածածին եկեղեցի (փայտայարկ) [95]:

  • [1] Գ. Շէրենց, Սրբավայրեր. Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց, վանօրէից եւ ուսումնարանաց, Թիֆլիս 1902, էջ 59։
  • [2] Ե. Լալայեան, «Վասպուրական. Նշանաւոր վանքեր», Ազգագրական հանդէս, Թիֆլիս, 1911, գիրք XXI, էջ 59։
  • [3] Մ. Հասրաթեան, «Վարագավանք», «Քրիստոնեայ Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 962։
  • [4] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 60; Հասրաթեան, «Վարագավանք», էջ 962։
  • [5] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 62։
  • [6] Նոյն, էջ 65։
  • [7] Նոյն։
  • [8] Նոյն, էջ 66։
  • [9] Նոյն; Հասրաթեան, «Վարագավանք», էջ 962։
  • [10] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 66։
  • [11] Նոյն։
  • [12] Նոյն։
  • [13] Նոյն։
  • [14] Հասրաթեան, «Վարագավանք», էջ 963։
  • [15] Շէրենց, Սրբավայրեր, էջ 64։
  • [16] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», XXIV, Մուրճ, 1904, №12, էջ 51:
  • [17] Շէրենց, Սրբավայրեր, էջ 64։
  • [18] Հասրաթեան, «Վարագավանք», էջ 963։
  • [19] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», էջ 51:
  • [20] Շէրենց, Սրբավայրեր, էջ 64:
  • [21] Ծերուկ, «Վանի նահանգը ներկայումս», էջ 52:
  • [22] Նոյն; Հ. Երամեան, Յուշարձան, հատ. Ա, Աղեքսանդրիա, տպ. Արամ Ստեփանեան, 1929, էջ 433-434 եւ հատ. Բ., էջ 133։
  • [23] Մէկ դեսեատինը մօտաւորապէս հաւասար է մէկ հեկտարի։
  • [24] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, տպ. «Կուլտուրա», 1912, էջ 24։
  • [25] Ժառանգավորաց դպրոցի սան Գարեգին Մովսիսեանի յուշերը www.raa-am.com/raa/public/publish.php  
  • [26] Երամեան, Յուշարձան, հատ. Ա., էջ 434 եւ հատ. Բ., էջ 133։
  • [27] «Վարագայ Յոբելեան. Յիշատակարան եւ Կոչ Վարագայ կրթական հաստատութեան յիսնամեայ յոբելեանի (1857-1907)», կազմեց Տ. Չիթունի, Կ. Պոլիս, տպ. Օսմ. Գործակցական Ընկերութեան, 1910, 32 էջ; «Յոբելեան Վարագայ ժառանգաւորաց վարժարանին (1857-1907), 1 Մայիս 1910 Վան-Վարագ», Կ. Պոլիս, տպագ. Տիգրան Տողրամաճեանի, 1909, Ը, 24 էջ:
  • [28] Р. Бекгульянц, По Турецкой Арменiи. Впечатленiя отъ поѣздки лѣтом въ 1914 году, Ростовъ на Дону, 1914, էջ 18։
  • [29] Նոյն, էջ 16-17։
  • [30] Նոյն, էջ 18-19։
  • [31] Նոյն, էջ 18։
  • [32] Ե. Տևկանց, Ճանապարհորդութիւն Բարձր Հայք և Վասպուրական 1872-1873 թթ, Երևան, Հայաստանի ԳԱ պատմ ին-տ, 1991, էջ 272:
  • [33] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, 1985, էջ 43։
  • [34] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 276։
  • [35] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 57-58։
  • [36] Նոյն։
  • [37] Շէրենց, Սրբավայրեր, էջ 57։
  • [38] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 80։
  • [39] Նոյն:
  • [40] Նոյն, էջ 84։
  • [41] Նոյն, էջ 83:
  • [42] Նոյն:
  • [43] Նոյն, էջ 84։
  • [44] Նոյն, էջ 80; Շէրենց, Սրբավայրեր, էջ 53։
  • [45] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 243:
  • [46] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 25։
  • [47] Տ. Եպս Պալեան, Հայ վանորայք, Ս. Էջմիածին, 2008, էջ 264:
  • [48] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 25։
  • [49] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 77։
  • [50] Նոյն։
  • [51] Նոյն։
  • [52] Շէրենց, Սրբավայրեր, էջ 50։
  • [53] Նոյն, էջ 51։
  • [54] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 246:
  • [55] Շէրենց, Սրբավայրեր, էջ 51-52։
  • [56] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 80։ Թէոդիկը նշում է Մեծ եղեռնի նախօրեակին վանքի վանահօր անունը՝ Եղիշէ  վարդապետ Խերանեան (Թէոդիկ, Գողգոթա, էջ 44), ով ըստ երևոյթին Լալայեանի յիշատակած նոյն վարդապետն է:
  • [57] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 86։
  • [58] Նոյն:
  • [59] Նոյն, էջ 88։
  • [60] Շէրենց, Սրբավայրեր, էջ 47։
  • [61] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 241:
  • [62] Մ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց, մասն Բ., Կ. Պօլիս, տպ. Մ.Կ. Սարըեան, 1885, էջ 241։
  • [63] Շէրենց, Սրբավայրեր, էջ 45-46; Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, էջ 227-229; Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 84-85; Հ. Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա. մաս, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1940, էջ 246-249։
  • [64] Շէրենց, Սրբավայրեր, էջ 47-48; Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 77; Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա. մաս, էջ 255-256։
  • [65] Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, տպ. «Լոյս», 1917, էջ 11-13, 18, 21։
  • [66] Շէրենց, Սրբավայրեր, էջ 70։
  • [67] Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1878, սեպտեմբեր, էջ 180:
  • [68] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Թ.Խ. Յակոբեան, Ստ. Տ. Մելիք-Բախշեան, Հ.Խ. Բարսեղեան, Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Ա-Դ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1986, էջ 491; Գ. Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին. Մաս առաջին։ Վանի վիլայէթի կենտրոնական, հիւսիսային և արևելեան գաւառները», Վէմ համահայկական հանդէս, Է (ԺԳ) տարի, թիւ 2 (50), ապրիլ-հունիս, 2015, էջ 115։
  • [69] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179:
  • [70]  Նոյն:
  • [71]  Նոյն։
  • [72] Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Դ-Կ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, էջ 566։
  • [73] Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1878, սեպտեմբեր, էջ 180:
  • [74] Շէրենց, Սրբավայրեր, էջ 69։
  • [75] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
  • [76] Թէոդիկ, Գողգոթա, էջ 43։
  • [77] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, էջ 868։
  • [78] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179:
  • [79] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում։ Վերապրածների վկայութիւններ։ Փաստաթղթերի ժողովածու, հատոր I, Վանի նահանգ, Երևան, Հայաստանի ազգային արխիւ, 2012, էջ 40։
  • [80] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Կ-Ն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1991, էջ 88։
  • [81] Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը», էջ 116։
  • [82] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179:
  • [83] Նոյն:
  • [84] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում, էջ 42։
  • [85] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
  • [86] Նոյն:
  • [87] Շէրենց, Սրբավայրեր, էջ 66։
  • [88] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179:
  • [89] Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը», էջ 117։
  • [90] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179:
  • [91] Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը», էջ 117։
  • [92] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
  • [93] Նոյն:
  • [94] Նոյն, էջ 179:
  • [95] Նոյն: