Արճակ գիւղախմբի եկեղեցիներն ու վանքերը
Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 03/12/2018 (վերջին փոփոխութիւն՝ 03/12/2018)
Արճակի Սուրբ Աստուածածին
Սուրբ Աստուածածին վանքը գտնւում էր Արճակ բնակավայրից դէպի հարաւ:
Վանքը կառուցուած էր բարձունքի վրայ. նրա առջևից գեղեցիկ և ընդարձակ տեսարան էր բացւում դէպի Արճակի հովիտ: 1883 թ. վանքն այցելած Մանուէլ Միրախորեանը նշում է, որ վանքի տաճարը շինուած էր քարուկիրով, ճարտարապետութեան առումով որևէ կերպ աչքի չէր ընկնում, և միայն մի քանի ուռենիներ էին շուք տալիս ամայի մենաստանին:
Արճակի Սուրբ Աստուածածին վանքի տօնակատարութիւնը նշւում էր Վերափոխման տօնի օրը. այստեղ էր հաւաքւում ուխտաւորների խիտ բազմութիւն:
Մինչև 1896 թ. վանքը գործող էր, ունէր շէն վիճակ, կանոնաւոր տնտեսութիւն: Թեմական պատկանելութեամբ Վարագավանքինն էր, որտեղից էր նշանակւում վանահայրը: Վանահայրերից՝ Դանիէլ Վարդապետ Թոռունեանը 1880-ական թթ. վանքում բացում է երկամեայ դպրոց:
1896 թ. ջարդերի ժամանակ Դանիէլ Վարդապետ Թոռունեանը սպանւում է, վանքը՝ կողոպտւում և լքւում, վանքապատկան կալուածքները՝ մատնւում անտէրութեան [1]:
Արճակի (նահիէ) եկեղեցիները
Ստորև ներկայացնում ենք նախքան Մեծ եղեռնը Արճակի գիւղախումբի հայաբնակ գիւղերի եկեղեցիների ցուցակն ըստ տարբեր աղբիւրների: Նշուած են միայն այն բնակավայրերը, որտեղ վկայուած է եկեղեցու գոյութեան մասին:
Արճակ/Էրչէք
180 տուն, 1170 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Գէորգ: Կառուցուել էր 1878 թ.՝ շէյխ Ջալալեդդինի հրոսակների կողմից հրդեհուած նախկին համանուն եկեղեցու հիմքերի վրա: Գմբէթաւոր էր, հիմքերը՝ քարից, պատերը՝ աղիւսաշէն: Նկարագրւում է որպէս «մեծ և լուսաւոր»: Ունէր առանձին մի փոքրիկ զանգակատուն:
Արճակի եկեղեցում սպասաւորում էր երկու քահանայ [2]:
Գիւղի տարածքում կար «Հին Խաչեր» անունը կրող ընդարձակ գերեզմանատուն, 3 Թուխմանուկ սրբավայր-ուխտատեղի: Հարևան Քրդվան քրդաբնակ գիւղի մօտ գտնւում էին Սուրբ Սարգիս վանքի աւերակները [3]:
Բօղազքեասան/Պողասքեսէն
12 տուն, 84 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր մէկ քահանայ [4]:
Զառանց/Արըթոփրաք
37 տուն, 240 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս: 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորւում էր մէկ քահանայի կողմից [5]:
Լիմ/Քարաքոչ
22 տուն, 143 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս: 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորւում էր մէկ քահանայի կողմից [6]:
Խառակոնիս/Քարակիւնտիւզ
230 տուն, 1525 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Թէոդորոս (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր երկու քահանայ [7]: Բնակավայրի շրջակայքում յայտնի էին Սուրբ Սանդուխտ, Գուշա, Ղազանքիլիսէ աւերակ եկեղեցիները, Սուրբ Սարգիս մատուռ՝ սրբավայր-ուխտատեղին: Ըստ աւանդութեան Խառակոնիսում էր ծնուել 16-րդ դարի հայ նշանաւոր բանաստեղծ Նահապետ Քուչակը [8]:
Կզըլջա/Քոզլուճա
65 տուն, 423 շունչ հայ։
1850-ական թթ. կէսերին համայնքը եկեղեցի չի ունեցել: Կառուցուել է հետագայում: Անունը յայտնի չէ [10]:
Հազարա/Քաեապոյուն
45 տուն, 305 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Խաչ (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր երկու քահանայ [11]:

Աւետարան. մանրակարչութիւն՝ Զաքարիա Աւանցի, Աղթամար։ Գտնւում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 5332, Երեւան (Աղբիւր՝ Armenian Miniatures from the Matenadaran Collection, Nairi Publishing House, Yerevan, 2009)։
Մանդան/Մենտիլ
60 տուն, 390 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս: 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր երկու քահանայ [14]:
Սևան/Օրթանճա
67 տուն, 439 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորել է մէկ քահանայ [19]:
Տաղվէրան/Տաղէօրէն
37 տուն, 244 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Յովհաննէս (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորւում էր մէկ քահանայի կողմից [20]:
- [1] Մ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց, մասն Բ., Կ. Պօլիս, տպ. Ս.Ղ. Պարտիզպանեան,1885, էջ 128; Գ. Շէրենց, Սրբավայրեր. Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց, վանօրէից եւ ուսումնարանաց, Թիֆլիս 1902, էջ 83-84; Աշխատանք շաբաթաթերթ, Վան, 29 մայիս 1911, թիւ 18, էջ 12-13; Հ. Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա. մաս, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1940, էջ 345:
- [2] Ս. Աւագեան, Արճակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հնագիտութեան և ազգագրութեան ինստիտուտ, 1978, էջ 55:
- [3] Գ. Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին. Մաս առաջին։ Վանի վիլայէթի կենտրոնական, հիւսիսային և արևելեան գաւառները», Վէմ համահայկական հանդէս, Է (ԺԳ) տարի, թիւ 2 (50), ապրիլ-յունիս, 2015, էջ 120:
- [4] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179:
- [5] Նոյն, էջ 179:
- [6] Նոյն:
- [7] Նոյն, էջ 180:
- [8] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական», էջ 121; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Դ-Կ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, էջ 678:
- [9] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179:
- [10] Նոյն, էջ 180; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 3, Կ-Ն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1991, էջ 184:
- [11] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1. Ա-Դ, Երևան, Երևանի համալս. հրատ., 1986, էջ 42:
- [12] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [13] Նոյն, էջ 179:
- [14] Նոյն:
- [15] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական», էջ 121:
- [16] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 3..., էջ 942:
- [17] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 4, Ն-Վ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1998, էջ 72:
- [18] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ.4..., էջ 942:
- [19] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ.4..., էջ 576:
- [20] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180: