Վարդ Պատրիկի (Թէոդորոս Ռշտունիի որդին, 7-րդ դար) դամբարանը, Խորգոմ գիւղին մէջ (ներկայիս Տիլքաեա), Հայոց Ձոր (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։

Հայոց Ձորի գիւղախմբի եկեղեցիներն ու վանքերը

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 03/12/2018 (վերջին փոփոխութիւն՝ 03/12/2018)

Հայոց Ձորի (նահիէ) վանքերը

Համաձայն Վանում հրատարակուող «Աշխատանք» թերթի թղթակից Ա. Մենակի տուեալների՝ 1911 թ. դրութեամբ Հայոց Ձորի տարածքում կար 12 վանք, որից հինգը կանգուն, եօթը՝ աւերակ: Կանգուն վանքերն էին Անգղի Սուրբ Աստուածածինը, Սրխու Սուրբ Նշան կամ Սուրբ Մարինոսը, Խեքի Սուրբ Գէորգը, Սուրբ Աբրահամը, Ծիծաղաբեր Սուրբ Աստուածածինը: Աւեր կամ կիսակործան վանք-սրբավայրերն էին՝ Սուրբ Վարդանը (Վանայ լճի ջրի տակ անցած), Վարդ Պատրիկի մատուռը, Խնդրակատարը, Ատոմի մատուռը, Առեղի Սուրբ Վարդանը, Խոսպի Սուրբ Աստուածածինը, Սուրբ Սարգիս և Սուրբ Գէորգ զոյգ վանքերը (Վանայ լճի ջրի տակ անցած) [1]:

Հայոց Ձոր. Հայկաբերդ (ուրարտական Սարդուրիխինիլի) ամրոցը, Աստուածաշէն/Չաւուշթեփէ գիւղի մօտ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։

Անգղայ Սուրբ Աստուածածնի (Գաբենից Սուրբ Գէորգի) վանք

Անգղայ Սուրբ Աստուածածնի վանքը գտնւում էր Հայոց Ձորի գիւղախմբի Անգղ գիւղից մօտ 1,5 կմ դէպի հարաւ-արևելք: Բաղկացած էր մի փոքրիկ, անշուք եկեղեցուց, որը հին հասարակ շէնք էր: Պատարագի սեղանը նուիրուած էր Սուրբ Աստուածածնին, աջ խորանը՝ Սուրբ Գէորգին, ձախը՝ Սուրբ Ստեփաննոսին [2]: Այլ տուեալով՝ Սուրբ Գէորգն առանձին եկեղեցի էր [3]: Սուրբ Գէորգի խորանի մօտ կար Սուրբ Յովհաննէս Մկրտչի անունով մի խորանիկ՝ «իւղածորան» պատուհանով: Այնտեղից ծորում էր ձէթախառն հեղուկ, որը տեղի բնակչութիւնն անուանում էր «Սուրբ Աստուածածնի արտասուք» և հրաշագործ յատկութիւններ վերագրում [4]:

Ըստ աւանդութեան՝ վանքը հիմնադրուել էր Թադէոս Առաքեալի կողմից: Նա նաև վանքում էր ամփոփել Աստուածամուխ գեղարդը, Տիրամօր քօղը և իւղի շիշը [5]:

1882 թ. վանքում բացւում է Միացեալ ընկերութեան վարժարան, որը գործում է մինչև 1896 թ.՝ վանքի հետ մէկտեղ թալանուելով և հրդեհուելով Համիդեան ջարդերի օրերին [6]:

Վանքը յիշատակւում է որպէս Հայոց Ձորի ամենամեծ և առաջին ուխտատեղի: Վանքի ուխտի օրը Աստուածածնի վերափոխման տօնին էր, որի ժամանակ վանքում էր հաւաքւում մեծ բազմութիւն՝ ոչ միայն հայեր, այլ նաև քրդեր և թուրքեր [7]:

Վանքը համարւում էր գործող, սակայն չունէր միաբաններ: 1873 թ. ամռանը վանք այցելած Ե. Տևկանցը գտել էր այն համեմատաբար բարւօք վիճակում: Վանքն ունէր վանահայր՝ Տէր Գէորգ քահանայ, մշակներ՝ 3 գութանաւոր, մէկ հովիւ, մեկ գառնարած: Տնտեսը վանահօր մայրն էր [8]: Վանքը շարունակուել է կառավարուել Տէր Գէորգի ընտանիքի կողմից և հետագայում [9]:

Սակայն արդէն 1911 թ. վերաբերող մի վկայութեամբ եկեղեցին խարխուլ և անշուք վիճակի մէջ էր, վանքը՝ անբնակ: Հաղորդւում էր, որ վանքապատկան կալուածքները  (ընդարձակ հողեր, ծառաստաններ, մարգագետին, ջրաղացներ և այլ շինութիւններ) նախկինում սեփականութիւն էին մի քահանայի և նրա ընտանիքի (ըստ երևույթին, խօսքը վերաբերւում է Տէր Գեորգեաններին), որոնք Աղթամարին վճարում էին տարեկան մի չնչին տուրք (մուքաթա), իսկ վերջին տարիներին Աղթամարը վանքապատկան հողերը տալիս էր վարձակալութեամբ՝ տարեկան 40 չափ ցորեն (մօտ 17 լիրա) վճարի դիմաց [10]:

Հայոց Ձորէն տեսարան մը (Աղբիւր՝ Աղբիւր՝ «Գեղունի», պատկերազարդ հայաթերթ, 1905, Վենետիկ, Ս. Ղազար)։

Էրեմերու Սուրբ Աստուածածնի (Ծիծաղաբեր Սուրբ Աստուածածին) վանք

Ծիծաղաբեր Սուրբ Աստուածածին վանքը գտնւում էր Հայոց ձորի Էրեմեր հայաբնակ գիւղից մօտ կէս կիլոմետր դէպի արևելք՝ հարթավայրի մէջ հրուանդանաձև երկարած բլրաճիւղի վերջաւորութեան վրայ [11]:

Աղթամարի կաթողիկոսութեան ենթակայութեան տակ գտնուող վանքերից էր, նշանաւոր էր իր սքանչելի տեսարանով, ծառատունկներով, բերրի և արգաւանդ հողերով [12]:

Ըստ աւանդութեան՝ վանքը կառուցուել է Թադէոս Առաքեալի կողմից այն վայրում, որտեղ նրան ժպտացող Տիրամօր տեսիլք է  երևացել. դրանից էլ  ծագել է վանքի՝ Ծիծաղաբեր անունը [13]:

Վանքը բաղկացած էր մէկ եկեղեցուց և կից գաւիթից և շրջապատուած էր պարիսպով [14]: Վանքը շինուած էր հասարակ, անտաշ քարից: Եկեղեցին 8 մետր բարձրութեան և 6 մետր լայնութեան, անսիւն և թաղակապ մի հասարակ շէնք էր: Գաւիթը նոյնպէս անսիւն էր և նոյն ձևի [15]:

Մեծ եղեռնին նախորդող ժամանակաշրջանում վանքը կայուն միաբանութիւն չի ունեցել: Վանահայրութեան պաշտօն էին կատարում Էրեմերի քահանաները: 1895 թ. վերջերին վանքը ենթարկւում է քուրդ հրոսակի ասպատակութեան: Վանահայր՝ Տէր Մարտիրոս քահանան փախնում է Վան, սակայն զոհւում է 1896 թ. հունիսին քաղաքում բռնկուած ջարդերի ընթացքում [16]:

Էրեմերի հայերը մեծ ակնածանքով էին վերաբերւում վանքին: Գ. Շերենցը հաղորդում է, որ ամեն ոք գիւղացի՝ կին, թե տղամարդ, առաւօտեան՝ աղօթարանը բացուելուն պէս, նախ դիմում՝ վանքի քարն ու խաչը համբուրում, ծնրադրում, ապա դառնում դէպի գիւղական եկեղեցի [17]:

1903 թ. տուեալներով վանքի տարածքում էր գտնւում Էրեմերի դպրոցը՝ մէկ ուսուցչով և 40 աշակերտով [18]:

1911 թ. վերաբերող մի վկայութեամբ՝ վանքի տարածքում ապրում էր մի քահանայ իր ընտանիքով, որը տնօրինում էր վանքի ընդարձակ կալուածքները (հողեր, ծառաստաններ և այլն)՝ դրա դիմաց Աղթամարի կաթողիկոսութեանը վճարելով տարեկան միայն 25 չափ (10 լիրա) ցորեն [19]:

Էրեմեր գիւղի մօտ գտնուող Սուրբ Աստուածածնի (Ծիծաղաբեր Սուրբ Աստուածածին) վանքը (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)։

Սրխու Սուրբ Նշան կամ Սուրբ Մարինոսի վանք

Վանքը գտնւում էր Հայոց ձորի հարաւային կողմում՝ քրդաբնակ Կալպալասան բնակավայրից մօտ 2 կմ (30 րոպէ ճանապարհ) հեռաւորութեան վրայ: Տեղակայուած էր քարաժայրի կողքին, քարուտ հովիտի մէջ: Հիմնադրման ժամանակն անյայտ է, սակայն վանքի տարածքում գտնուող մի թուագրուած խաչքարից դատելով, պէտք է գոյութիւն ունենար առնուազն 13-րդ դարից [20]: Համաձայն վկայութիւնների՝ վանքը նախկինում եղել է ճոխ կուսաստան, ուր բնակուել են 300 կուսակրօն սրբուհիներ՝ Սուրբ Մարիանոս վանահօր գլխաւորութեամբ, որի անուամբ էլ մենաստանը հետագայում կոչուել է [21]: Մարիանոսի գերեզմանը ցոյց էին տալիս վանքից որոշ հեռաւորութեան վրայ գտնուող անշուք և քայքայուած մի մատուռի մէջ, որը ուխտատեղի էր ամուլ և կաթ չունեցող կանանց համար [22]:

Վանքը բաղկացած էր կենտրոնագմբէթ յօրինուածքով եկեղեցուց և նրան հարող տարբեր շինութիւններից, որոնք բոլորը միատեղ երիզուած էին արևմտեան ճակատում մէկ դարպասով շրջապարիսպի ներքոյ [23]:

1883 թ. վանք այցելած Մ. Միրախորեանը նշում է, որ այն դեռևս մասամբ շէն էր, երկու տարի առաջ (1881 թ.) ունէր վանահայր, որը թողել գնացել է վանքից: Աղթամարի կաթողիկոսութիւնը, որի իրաւասութեան տակ էր գտնւում վանքը, վարձակալութեամբ տեղացի գիւղացիներին էր յանձնել վանքի 400 չափ արտերը [24]:

1895 թ. Համիդեան ջարդերի օրերին վանքը թալանուել է [25]:

1911 թ. վերաբերող մի վկայութեան մէջ նշւում է, որ վանքն ամայի և անբնակ էր, թէև «տարիներ առաջ» այն ունեցել կանոնաւոր շինութիւններ և բազմաթիւ միաբաններ: Վանքապատկան հողերը՝ արդէն 300 չափ, շարունակում էին վարձակալել տեղացի գիւղացիները՝ տարեկան 35 չափ ցորեն (15 օսմանեան լիրա) վճարի դիմաց [26]:

Հայոց Ձոր. Սրխու Սուրբ Նշան վանք (Աղբիւր՝ ՀՅԴ արխիւ, Ուոթըրթաուն, Մասաչուսէց)։։

Խէքայ Սուրբ Գէորգ

Գտնւում էր Հայոց Ձորի հայաբնակ Խեք (Հայկ) գիւղից դէպի հարաւ-արևմուտք՝ մօտ 20 րոպէ հեռաւորութեան վրայ:

Վանքի հիմնադրման թուականը յայտնի չէ: 1883 թ. վանքն այցելած Մ. Միրախորեանը այն նկարագրում է որպէս անկաթուղիկէ հին վանք: Նա յիշատակում է վանահայր Ստեփան Տէր-Սարգսեանին, որի ջանքերով վանքում շինուել էին մի քանի նոր սենեակներ և խուցեր: Վանքում գործել է նաև վարժարան [27]:

Սուրբ Գէորգը կիսել է Հայոց ձորի այլ վանքերի ճակատագիրը՝ թալանուելով և աւերուելով 1895 թուականին [28]: Ըստ երևոյթին, հենց դրանից յետոյ վանքը լքուել է:

1911 թ. վերաբերող մի վկայութեան մեջ Սուրբ Գէորգը նկարագրւում է որպէս «անճաշակ ու հին ձեւով շինուած մի վանք»: Հաղորդւում է, որ վանքն ունի բաւականին յարմար շինութիւններ, որոնք, սակայն, վերջին տարիներին անտէր մնալով՝ քայքայուել ու խարխլուել են [29]:

Վանքն ունեցել է ընդարձակ վարելահողեր, որոնք Աղթամարի կաթողիկոսութիւնը տուել է վարձով՝ տարեկան 40 չափ ցորենի (մօտ 17 լիրա) դիմաց [30]:

Խէքայ Սուրբ Աբրահամի վանք

Վանքը գտնուել է Հայոց Ձորի հայաբնակ Խէք գիւղից մօտ 2 կմ դէպի հարաւ-արևելք՝ Սուրբ Գէորգ վանքից մէկ ժամ հեռաւորութեան վրայ, ձորադաշտի մի լեռան ստորոտում [31]: Նուիրուած էր Սուրբ Ղևոնդեանց աշակերտ Աբրահամին, որի մասին հաղորդւում է հայ պատմիչ Եղիշէի մօտ: Տեղացիները հաւատում էին, որ Աբրահամի աղօթքով վանքի մօտ բացուած աղբիւրը ունի բուժիչ յատկութիւններ [32]:

1873 թ. վանքը դեռևս վանահայր ունէր՝ Տէր Պետրոս անունով, որը միաժամանակ նաև Խեքի Սուրբ Գէորգ վանքի առաջնորդն էր [33]:

1883 թ. Սուրբ Աբրահամ այցելած Մ. Միրախորեանը նկարագրում է վանքի տաճարը որպէս գեղեցիկ շինուածքով կանգուն շինութիւն: Նա նաև հաղորդում է, որ վանքն ամայի էր, մենակեացների սենեակները՝ կիսակործան [34]:

Վանքն ունեցել է հողային կալուածքներ, որոնք տրուել են վարձակալութեամբ:

Վանքի ուխտի օրը Համբարձման տօնին էր, որի ժամանակ վանքի տարածքում էին հաւաքւում բազմաթիւ ուխտաւորներ Հայոց Ձորի հայկական գիւղերից, ինչպէս նաև այլ վայրերից, իսկ Խէքի Սուրբ Գէորգ վանքի Առաջնորդը պատարագ էր մատուցում [35]:

Հայոց Ձորի (նահիէ) եկեղեցիները

Ստորև ներկայացնում ենք նախքան Մեծ եղեռնը Հայոց Ձորի նահիէի հայաբնակ գիւղերի եկեղեցիների ցուցակը: Բնակավայրերը դասաւորուած են ըստ այբբենական կարգի: Նշուած են միայն այն բնակավայրերը, որտեղ վկայուած է եկեղեցու գոյութեան մասին:

Անգղ/Տէօնեմէչ

108 տուն, 678 շունչ հայ։

Եկեղեցիներ՝ Սուրբ Գէորգ (գործող), Սուրբ Սարգիս և Սուրբ Ծիրանաւոր (աւերակ): 1850-ական թթ. կէսերին բնակավայրում սպասաւորում էր մէկ քահանայ: Նախքան Մեծ եղեռնը եկեղեցում պահւում էր ձեռագիր մէկ Աւետարան [36]:

Անկշտանց/Փարմաքքափը

67 տուն, 411 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր) [37]:

Առեղ/Պօզյիղիթ

26 տուն, 175 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Գէորգ [38]:

Առեղ գիւղից դէպի արևելք՝ մօտ 2 կմ հեռաւորութեան վրայ գտնւում էր Սուրբ Վարդան վանքը: Ըստ աւանդութեան՝ վանքում է ամփոփուած եղել Վարդան Մամիկոնեանի գլուխը, որի համար էլ կրում էր Սուրբ Վարդան անունը [39]:

1883 թ. վանքն այցելած Մ. Միրախորեանն այն նկարագրում է որպէս լքուած: Նրա ժամանակ վանքի շինութիւններից պահպանուել էր միայն փոքր եկեղեցին: Նա հաղորդում է, որ տարին մէկ անգամ՝ Սուրբ Վարդանի տօնը, Առեղ գիւղի քահանան պատարագ էր մատուցում եկեղեցում՝ բազում ուխտաւորների ներկայութեամբ [40]:

1911 թ. վերաբերող մի վկայութեան մէջ հաղորդւում է, որ վանքապատկան հողերը տնօրինւում են Առեղ գիւղի բնակիչների կողմից՝ առանց որևէ վարձ վճարելու Վարագավանքին, որի իրաւասութեան տակ էր գտնւում Սուրբ Վարդանը [41]:

Հայոց Ձոր. Հայկաբերդ (ուրարտական Սարդուրիխինիլի) ամրոցը, Աստուածաշէն/Չաւուշթեփէ գիւղի մօտ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։

Աստուածաշէն/Չաւուշթեփէ

48 տուն, 351 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր)։ 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր մէկ քահանայ [42]: Գիւղից դէպի արևելք գտնուել է Հայկաբերդ (ուրարտական Սարդուրիխինիլի) ամրոցը [43]:

Արատենց/Քասր

40 տուն, 235 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ (քարուկիր) [44]:

Էրեմեր

82 տուն, 432 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (քարուկիր) [45]:

Իշխանիգոմ/Պաքըմլը

70 տուն, 409 շունչ հայ։

Բնակավայրն ունէր երկու գործող եկեղեցի, որոնցից յայտնի է միայն մէկի՝ Սուրբ Յովհաննէսի (քարուկիր) անունը: 1850-ական թթ. կէսերին համայնքն ունէր մէկ քահանայ: Բնակավայրի մօտակայքում գտնւում էին Քավա Սուրբ Աստուածածին, «Առաքելոց դար» աւերակ վանքերը, Սուրբ Սարգիս և Սուրբ Յարութիւն աւերակ եկեղեցիները [46]:

Խարականց/Էնկինսու

36 տուն, 219 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքն ունէր մէկ քահանայ [47]: Խարականց գիւղի մօտ են գտնուել Սուրբ Գէորգ և Սուրբ Սարգիս վանքերը, որոնք Վանայ լճի ջրի մակարդակի բարձրացման պատճառով անցել էին ջրի տակ [48]:

Խէք (Հայք)

34 տուն, 219 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս [49]:

Աւետարանի արծաթեայ կազմ, որ պատրաստուել է Աղթամարի արհեստանոցին մէջ։ Գտնւում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 5578, Երեւան (Աղբիւր՝ Osep Tokat, Armenian Master Silversmiths, Tigran Mets Printing House, Yerevan, 2005)։

Խոսպ/Սաքալար

52 տուն, 291 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս [50]: 1858 թ. վերաբերող մի վիճակագրութեամբ գիւղում վկայուած է Սուրբ Աստուածածին (քարուկիր) և Սուրբ Յակոբ (փայտայարկ՝ փայտաշէն ծածկ ունեցող) եկեղեցիների գոյութեան մասին [51]: Խոսպ գիւղից մօտ 1,8 կմ դէպի արևմուտք գտնւում էր Սուրբ Աստուածածին վանքը: 1883 թ. վանքն այցելած Մ. Միրախորեանը այն նկարագրում է որպէս «բաւական կոկիկ և գեղեցիկ... որ թէև անվնաս, սակայն փակեա՜լ և ամայի կը կենայ շրջապատեալ հինաւուրց և նորաւուրց խաչաքարներէ ու լաւ տեսարաններէ» [52]:

Խորգոմ/Տիլքաեա

65 տուն, 435 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ) [53]: 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր երկու քահանայ: Խորգոմ գիւղի տարածքում՝ դէպի հարաւ-արևմուտք,  գտնւում էր Հայոց Ձորի յայտնի սրբավայր-ուխտատեղիներից մէկը՝ Վարդ Պատրիկի (7-րդ դարի զօրավար, իշխան Վարդ Ռշտունի, Թէոդորոս Ռշտունու որդի) մատուռը (հնում եղել է վանք): Սրբավայրի գլխաւոր տօնակատարութեան օրը Վարդավառի կիրակին էր, երբ մատուռի մօտ էր հաւաքւում Հայոց Ձորի գիւղերից հոծ բազմութիւն, յատկապէս՝ երիտասարդներ [54]:

Կեմ/Քէօփրիւլէր

100 տուն, 547 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Թադէոս (քարուկիր, առաքելաշէն) [55]: 1850-ական թթ. կէսերին համայնքն ունեցել է երկու քահանայ: Գիւղի հիւսիսային կողմը գտնւում էին Խնդրակատար անունով վանքի հետքերը [56]:

Կզըլդաշ (Կարմրաքար)/Քըզըլթաշ

51 տուն, 314 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ամենափրկիչ (1858 թ.), 1883 թ. յիշատակւում է Սուրբ Երրորդութիւն անուամբ [57]:

Կղզի/Կիւրփընար

44 տուն, 312 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Դանիէլ: Գիւղի մերձակայքում գտնւում էր Արղու Սուրբ Աստուածածին վանքի աւերակները [58]:

Հիրճ

30 տուն, 205 շունչ հայ։

Եկեղեցին՝ 1858 թ. յիշատակւում է Սուրբ Ստեփաննոս (քարուկիր), 1880-ական թթ.՝ Սուրբ Ամենափրկիչ անուններով [59]:

Հնդստան/Էրքալտը

37 տուն, 209 շունչ հայ։

Եկեղեցին՝  Սուրբ Աստուածածին (քարուկիր): Կայ յիշատակութիւն նաև մէկ այլ գործող եկեղեցու մասին [60]:

Աւետարան. մանրակարչութիւն՝ Զաքարիա Աւանցի, Աղթամար։ Գտնւում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 6402, Երեւան (Աղբիւր՝ Armenian Miniatures from the Matenadaran Collection, Nairi Publishing House, Yerevan, 2009).

Մաշտակ/Կէօլքաշը

64 տուն, 394 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (քարուկիր): 1850-ական թթ կէսերին բնակավայրում սպասաւորում էր մէկ քահանայ [61]:

Մարգս/Անտաչ

20 տուն, 170 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Մինաս (1858 թ.): Մեծ եղեռնի նախօրեակին վկայուած է Սուրբ Մարտիրոս անունով [62]:

Մուլք

7 տուն, 33 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին [63]:

Նորգեղ/Չաքընլը

88 տուն, 513 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին բնակավայրում սպասաւորում էր մէկ քահանայ [64]:

Ոչխրանց/Քոյունեաթաղը

11 տուն, 67 շունչ հայ։

Գիւղը եկեղեցի չի ունեցել: Գիւղից դէպի հիւսիս-արևմուտք, մօտ կէս ժամ հեռաւորութեան վրայ գտնւում էր Սուրբ Ատոմի աւերակ մատուռը, որը ամուլ կանանց համար ուխտատեղի էր [65]:

Պժնկերտ (Մժնկերտ) Վերին/Եուքարըքայմազ

7 տուն, 53 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Թովմա [66]:

Պլթենց/Ալատիւզ

65 տուն, 386 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր մէկ քահանայ [67]: Գիւղի հարաւային կողմում գտնւում էր Սուրբ Յովհաննէս աւերակ վանքը [68]:

Սուրբ Վարդան/Քըյըճաք

18 տուն, 114 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Վարդան (փայտայարկ) [69]: Գիւղն իր անունը ստացել է մերձակայքում՝ Վանայ լճի ծովեզերքին կառուցուած «գեղեցիկ ու ճոխ» Սուրբ Վարդան վանքից, որը 1760-ական թթ. լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով անցել էր ջրի տակ [70]:

Քարվանց/Չայըրպաշը

2 տուն, 14 շունչ։

Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (կիսաւեր) [71]:

Քերծ/Ապալը

104 տուն, 637 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր) [72]:

Քէօշկ/Ենիքէօշք

40 տուն, 232 շունչ հայ։

Եկեղեցին՝ Սուրբ Գէորգ (քարուկիր) [73]:

  • [1] Աշխատանք շաբաթաթերթ, Վան, 1911 թ. մարտի 20, թիւ 10, էջ 5-6 (274-275), թիւ 11 (մարտի 27), էջ 4-6 (289-291):
  • [2] Ե. Լալայեան, «Վասպուրական. Նշանաւոր վանքեր», Ազգագրական հանդէս, Թիֆլիս, 1911, գիրք XXI, էջ 100:
  • [3] Ս. Կարապետեան, Հայոց ձոր, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2018, էջ 50:
  • [4] Գ. Շէրենց, Սրբավայրեր. Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւր եկեղեցեաց, վանօրէից եւ ուսումնարանաց, Թիֆլիս 1902, էջ 99; Հ. Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1940, էջ 748:
  • [5] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, էջ 748:
  • [6] Շէրենց, Սրբավայրեր, էջ 100:
  • [7] Նոյն, էջ 99-100:
  • [8] Ե. Տևկանց, Ճանապարհորդութիւն Բարձր Հայք և Վասպուրական 1872-1873 թթ, Երևան, Հայաստանի ԳԱ պատմ ին-տ, 1991, էջ 280:
  • [9] Այսպէս, Գ. Շերենցը (1902 թ.) հաղորդում է,  որ վանքի կառավարումը հնուց յանձնուած էր Անգղ գիւղում ապրող Տէր Գէորգեան բարեպաշտ մի գերդաստանի, որի ներկայացուցիչները նաև վարում էին քահանայութեան պաշտօնը (Շէրենց, Սրբավայրեր, էջ 99): Ե. Լալայեանի տեղեկութեամբ (1910 թ.) վանքը կառավարում էր Անգղի քահանան (Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, Էջ 100):
  • [10] Աշխատանք, 1911, թիւ 10, էջ 5-6 (274-275): Վանքի մասին մանրամասն տե՛ս Կարապետեան, Հայոց ձոր, էջ 46-51:
  • [11] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 56; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 77:
  • [12] Շէրենց, Սրբավայրեր, էջ 100:
  • [13] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 56; Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Գ. մաս, էջ 757:
  • [14] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, էջ 56:
  • [15] Նոյն: 
  • [16] Շէրենց, Սրբավայրեր, էջ 101:
  • [17] Նոյն:
  • [18] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 82:
  • [19] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 5 (290):
  • [20] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 114:
  • [21] Մ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց, մասն Ա., տպ. Մ.Կ. Սարըեան, 1884, էջ 141:
  • [22] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 4 (289):
  • [23] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 114: Վանքի կառոյցների մասին աւելի մանրամասն՝ նոյն, էջ 118-123:
  • [24] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, էջ 140:
  • [25] Արարատ, 1896, Ե, էջ 247:
  • [26] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 4 (289):
  • [27] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, էջ 164:
  • [28] Արարատ, 1896, Բ, էջ 88, Ե, էջ 247:
  • [29] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 4 (289):
  • [30] Նոյն:
  • [31] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 100; Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 4 (289):
  • [32] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 4 (289):
  • [33] Տևկանց, Ճանապարհորդություն, էջ 172:
  • [34] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, էջ 165:
  • [35] Շէրենց, Սրբավայրեր, էջ 103:
  • [36] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 42; Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում։ Վերապրածների վկայություններ։ Փաստաթղթերի ժողովածու, հատոր I, Վանի նահանգ, Երևան, Հայաստանի ազգային արխիւ, 2012 էջ 152:
  • [37] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 53:
  • [38] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 55:
  • [39] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 5 (290):
  • [40] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, էջ 160-161; Տ. Եպս. Պալեան, Հայ վանորայք, Ս. Էջմիածին, 2008, էջ 262:
  • [41] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 5 (290); Կարապետեան, Հայոց ձոր, էջ 57:
  • [42] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 60:
  • [43] Ամրոցի մասին մանրամասն տե՛ս Կարապետեան, Հայոց ձոր, էջ 63-71:
  • [44] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 145 (Հարատենց):
  • [45] Արեւելեանմամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 77:
  • [46] Արեւելեանմամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 87-91:
  • [47] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 93:
  • [48] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 5 (290); Կարապետեան, Հայոց ձոր, էջ 93:
  • [49] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 98:
  • [50] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 104; Գ. Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին. Մաս առաջին։ Վանի վիլայէթի կենտրոնական, հիւսիսային և արևելեան գաւառները», Վէմ համահայկական հանդէս, Է (ԺԳ) տարի, թիւ 2 (50), ապրիլ-յունիս, 2015, էջ 119:
  • [51] Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1879, դեկտեմբեր, էջ 364:
  • [52] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, մասն Ա., էջ 184; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 105:
  • [53] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 109:
  • [54] Շէրենց, Սրբավայրեր, էջ 98; Մատուռի մասին մանրամասն տե՛ս Կարապետեան, Հայոց ձոր, էջ 111-113:
  • [55] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 136:
  • [56] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 5 (290):
  • [57] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 127:
  • [58] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 141:
  • [59] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 150:
  • [60] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 158:
  • [61] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 165:
  • [62] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 168:
  • [63] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական…», էջ 119:
  • [64] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 182:
  • [65] Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 5 (290); Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 183:
  • [66] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364:
  • [67] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 173:
  • [68] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 187-188:
  • [69] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 188:
  • [70] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, մասն Ա, էջ 123-124; Աշխատանք, 1911, թիւ 11, էջ 5 (290); Պալեան, Հայ վանորայք, էջ 262:
  • [71] Կարապետեան, Հայոց ձոր, էջ 196:
  • [72] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 364; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 203-204:
  • [73] Արեւելեան մամուլ, 1879, դեկտեմբեր, էջ 365; Կարապետեան, Հայոց ձոր, էջ 207: