Սանասարեան վարժարանի աշակերտները Մկրտիչ Սանասարեանի դիմանկարի շուրջ (աղբիւր` Զաքարիա Միլտանօղլու հաւաքածոյ, Պոլիս)։

Կարին (Էրզրում) – Դպրոցներ II

Սանասարեան վարժարան (1881-1912)

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 24/05/24 (վերջին փոփոխութիւնը՝ 24/05/24)

Սանասարեան վարժարանը հիմնադրուել է 1881 թ. հոկտեմբերի 1-ին, սկսել է կանոնաւոր գործել 1882 թ. մարտի 8-ին:

Վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարեանը մինչեւ իր մահը (1889 թ.) հոգում էր հաստատութեան գործունէութեան հետ կապուած բոլոր ծախսերը, նաեւ իր ունեցուածքի մեծ մասը կտակում է վարժարանին. «Ծագմամբ տաճկաստանցի հայ լինելով եւ ըստ կարեացս կամենալով օժանդակել կրօնակից համազգիներիս բարօրութեան, որոնք Տաճկաստանում զուրկ են մնացած կրթուելու միջոցներից, ես իմ մահուանս րոպէին թէ՛ Ռուսաստանում եւ թէ՛ արտասահմանում երեւան գալիք բոլոր մնացեալ ստացուածքս ...կտակում եմ ի շինութիւն եւ պահպանութիւն իմ` հայերի համար հիմնարկած եւ անունս կրող վարժարանին, որ գտնւում է Տաճկաց Կայսրութեան Կարին քաղաքում, ուր ազգակիցներս աւելի կարօտ են կրթական հաստատութեանց»,– կարդում ենք բարերարի կտակում [1]:

Սանասարեանի կտակակատարն է դառնում ռուսահայ մտաւորական գործիչ, բարերար Կարապետ Եզեանը (1835-1905), որն «իր իմաստուն խորհուրդներով» եղաւ վարժարանի հոգին, «եւ կը սիրէր զայն այնպէս, ինչպէս հայր մը, որ կը գուրգուրայ իր զաւկին վրայ» [2]:

Համաձայն Սանասարեան վարժարանի կանոնադրութեան (ընդունուել է 1892 թ.)` այդ կրթական հաստատութեան նպատակն էր «դաստիարակել Հայ մանկտին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ ոգւոյն եւ կանոնաց համաձայն, աւանդել նորա ընդհանուր կրթութիւն եւ ուսում եւ կրթել զնա արհեստից եւ արուեստագիտութեան [այսինքն տեխնոլոգիայի` արտադրութեան եղանակների գիտելիքների ամբողջութեան – Ռ. Թ.] մէջ» (յօդուած 3) [3]:

Համապատասխանաբար` վարժարանում կրթութիւնը պէտք է մատուցուէր երկու ուղղութիւններով` ընդհանուր կրթական (կրօն, լեզու, պատմութիւն, բնագիտական ու մաթեմատիկական առարկաներ եւ այլն) եւ արհեստագիտական (տեխնոլոգիական) առարկաների դասաւանդում (յօդուած 4):

Վարժարանի հասոյթները պէտք է գոյանային Սանասարեանի կտակած միջոցների (կալուածներ, արժեթղթեր) եկամուտներից, աշակերտների ուսման վարձերից, վարժարանի արհեստանոցների արդիւնքների վաճառքից, նուիրատւութիւններից եւ այլն (յօդուած 8): 

Վարժարանն արական էր: Աշակերտները կարող էին լինել գիշերօթիկ եւ ցերեկային «թոշակաւոր» (ուսման վարձ վճարող) եւ ձրիավարժ: Ձրիավարժները պէտք է ընտրուէին Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ զաւակներից եւ նրանց թիւը պէտք չէ լինէր 30-ից ցածր (յօդուած 12):

Վարժարանում, բացի օտար լեզուներից, բոլոր դասերը պէտք է աւանդուէին 
հայերէնով (յօդուած 13):

Վարժարանի գործերը վարում էին` 

ա. Կոստանդնուպոլսի խնամակալութիւնը՝ (ի պաշտօնէ) պատրիարքի նախագահութեամբ, 
բ. տեղական հոգաբարձութիւնը թեմակալ առաջնորդի նախագահութեամբ,
գ. վարժարանի վերատեսուչը (տնօրէնը), 
դ. վարժարանի ուսուցչական մասնաժողովը (վերատեսչի ատենապետութեամբ) (յօդուած 19) [4]:

Բացի պատրիարքից, Պոլսոյ խնամակալութեան կազմի մէջ էին մտնում պոլսահայ համայնքի «ընդհանրութեան համակրութիւնը եւ վստահութիւնը վայելող» վեց երեւելի ներկայացուցիչներ (յօդուած 20): Խնամակալութեան պարտականութիւններն էին, մասնաւորապէս` վարժարանի եկամուտներին խնամք տանելը, վարժարանի նիւթական միջոցներն աւելացնելու համար նորանոր աղբիւրներ որոնելը, տեղական հոգաբարձութեան աշխատանքներին հսկելը, վարժարանի գործունէութեան տարեկան հաշուետւութիւնները քննելն ու վաւերացնելը, կենտրոնական իշխանութիւնների եւ դատարանների առաջ վարժարանի շահերը ներկայացնելն ու պաշտպանելը եւ այլն (յօդուած 22) [5]:

Բացի թեմի առաջնորդից, տեղական հոգաբարձութեան մէջ էին մտնում վարժարանի վերատեսուչը, Ուսուցչական մասնաժողովի կողմից եւ իր մէջից ընտրուած երկու անձ, Կարին քաղաքի հայ եկեղեցական համայնքի ընտրած երեք անձ, վարժարանի շրջանաւարտների կողմից եւ իրենց մէջից ընտրուած մէկ անձ (յօդուած 28) [6]:

Տեղական հոգաբարձութեան պարտականութիւններն էին` վարժարանի ընդհանուր բարեկարգութեան նկատմամբ խնամք տանելը, վարժարանի նիւթական կարողութիւնն ընդարձակելու համար միջոցներ որոնելը, վարժարանի տարեկան բիւջէն պատրաստելը, աշակերտների վճարած ուսման վարձի, ուսուցիչների աշխատավարձերի չափը որոշելը, ձրիավարժ աշակերտների ընտրութիւնը եւ այլն (յօդուած 29) [7]:

Վերատեսչի պարտականութիւնն էր ապահովել վարժարանի օրէնքների եւ կանոնների անթերի գործադրութիւնը, հսկել ընդհանուր դասախօսութիւնների եղանակի եւ ուսուցիչների պաշտօնավարութեան, աշակերտների ուսման եւ արհեստների մէջ առաջադիմութեան վրայ եւ այլն (յօդուած 45) [8]: 

Փաստացի, վերատեսչի պարտականութիւնները վարժարանի հիմնադրումից ի վեր բաշխուած էին երեք տեսուչների միջեւ. Գէորգ Աբուլեանը համակարգում էր, յատկապէս, վարչական եւ ֆինանսատնտեսական հարցերը, Սարգիս Սողիկեանը` կրթական գործընթացի կազմակերպման հարցերը եւ Յովսէփ Մատաթեանը` օսմանեան կառավարական մարմինների հետ յարաբերութիւնները: Նա նաեւ պատասխանատու էր վարժարանի ընդհանուր գոյքի պահպանութեան համար [9]: 1906-ին վերատեսչութեան պաշտօնը վստահւում է Գրիգոր Զաքարեանին, իսկ նրա մահից յետոյ (1907 թ. մարտ)` Գէորգ Աբուլեանին [10]:

Սանասարեան վարժարանի հիմնական շէնքը յետևի (հիւսիս-արևելեան) կողմից (աղբիւր` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, 1908)։
Սանասարեան վարժարանի հիմնական շէնքը (աղբիւր` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, 1908)։
Սանասարեան վարժարանի երկրորդ (նոր) շէնքը, որի ստորին յարկում գտնւում էին դասասենեակները և խոհանոցը, վերնայարկում` տեսուչների բնակարանները, գիշերօթիկ աշակերտների ննջարանը և բուժկէտը (աղբիւր` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, 1908)։
Սանասարեան վարժարանի երկրորդ (նոր) շէնքը (աղբիւր` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, 1908)։

Ուսուցչական մասնաժողովը կազմուած էր վարժարանի բարձրագոյն երեք դասարանների ուսուցիչներից՝ վերատեսչի ատենապետութեամբ (յօդուած 51): Այս մարմնի իրաւասութեան ոլորտում էր վարժարանում դասաւանդուող առարկաների ժամերն ու բաշխումը որոշելը, դասաւանդուող առարկաների ծրագրերը կազմելը, օգտագործուող դասագրքերի ընտրութիւնը, աշակերտների ընդունելութեան եւ դասարանից դասարան անցնելու կանոնները եւ այլն (յօդուած 55) [11]:

Սկզբնապէս վարժարանը դասեր էր անցկացնում Կարնոյ առաջնորդարանի շէնքում, իսկ 1883 թ. մայիսին տեղափոխւում է Հռիփսիմեան վարժարանի համար կառուցուած շէնքը [12]: 1884-85 թթ. բարերարի ծախսերով շէնքն ընդարձակւում է, կից կառուցւում է նոր երկյարկանի շէնք, որի ստորին յարկում տեղաւորում են դասասենեակները եւ խոհանոցը, վերնայարկում` տեսուչների բնակարանները, գիշերօթիկ աշակերտների ննջարանը, բուժկէտը եւ այլն [13]:

1886-87 թթ. վարժարանի շրջափակի մէջ կառուցւում են արհեստանոցի, ներկարանի եւ փռի համար նախատեսուած շինութիւններ [14]:

1891-92 թթ. ուսումնական տարում որոշւում է վարժարան ընդունել տարրական կրթութիւն ստացած, գրաճանաչ երեխաներ, ինչը հնարաւորութիւն է տալիս թողնել ընդամէնը մէկ պատրաստական դասարան` կրթութեան տեւողութիւնը կրճատելով ինը տարուց եօթի՝ առանց իջեցնելու մատուցուող կրթութեան որակը [15]:

1899-1900 թթ. ուսումնական տարում վարժարանը ստանում է Կարնոյ կրթութեան բաժնի (Մէարիֆ) պաշտօնական արտօնագիրը, որտեղ վարժարանի աստիճանը սահմանւում է որպէս բարձրագոյն նախակրթարան (ռուշդիէ) եւ միջնակարգ վարժարան (իդադիէ) [16]: 1892 թ. տուեալներով, Օսմանեան կայսրութիւնում կար իդադիէ կարգավիճակ ունեցող ընդամէնը 34 կրթական հաստատութիւն [17], եւ Սանասարեան վարժարանը Օսմանեան կայսրութիւնում լրիւ միջնակարգ կրթութիւն մատուցող հայկական չորս կրթական հաստատութիւններից մէկն էր (մնացած երեքն էին` Պէրպէրեան վարժարանը Կ. Պոլսի Սկիւտար թաղամասում, Կեդրոնական վարժարանը Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում եւ Արմաշի դպրեվանքը [18]):

Վարժարանի ուսումնական ծրագիրը ստեղծուած էր գերմանական միջնակարգ դպրոցի (Realschule) օրինակով: Ուսուցումը եօթնամեայ էր` պատրաստական դասարան եւ Ա.–Զ. դասարաններ: 20-րդ դարի սկզբներին դպրոցում դասաւանդւում էին 24 առարկաներ` կրօն, եկեղեցական պատմութիւն, աշխարհաբար հայերէն, գրաբար, օսմաներէն (ներառեալ օսմանեան օրէնսգիտութիւն եւ գեղագրութիւն), ֆրանսերէն, ֆրանսերէնից թուրքերէն եւ փոխադարձ թարգմանութիւն (որպէս առանձին առարկայ), գերմաներէն, պատմութիւն (ազգային, օսմանեան եւ ընդհանուր), աշխարհագրութիւն (բնական, քաղաքական, առեւտրական), մաթեմատիկական գիտութիւններ (թուաբանութիւն, գրահաշիւ, երկրաչափութիւն եւ եռանկիւնաչափութիւն), տոմարակալութիւն (հաշուապահութիւն), ֆիզիկա (բնաբանութիւն), քիմիա (տարրաբանութիւն), քաղաքական տնտեսագիտութիւն, գիւղատնտեսութիւն, գեղագրութիւն (հայերէն եւ ֆրանսերէն), գծագրութիւն, երգեցողութիւն, երաժշտական գործիքի վրայ նուագ (կամաւոր), մարմնամարզութիւն, ձեռքի աշխատանք [19]:

Ըստ Սանասարեան վարժարան ընդունելութեան յայտագրի` այս կրթական հաստատութիւն կարող էին ընդունուել 10-12 տարեկան «ուշիմ եւ առողջ» տղաներ, որոնք ի վիճակի էին կարդալ վարժ հայերէն, ընթեռնելի կերպով գրել, իմանալ քերականութեան տարրական կանոնները, առանց ուղղագրական խոշոր սխալների գրի առնել թելադրութիւն եւ վարժ կերպով կատարել թուաբանական չորս գործողութիւնները 1-1000 թուերով [20]:

Եթէ բացման թուականին` 1881-82-ի ուսումնական տարում, վարժարան ընդունուեց 19 աշակերտ, ապա արդէն չորս տարի անց` 1885-86-ի ուսումնական տարում, աշակերտների թիւը հասել էր 122-ի: Աշակերտների առաւելագոյն թիւը` 187, գրանցուել է 1899-1900 ուսումնական տարում: Իւրաքանչիւր տարի վարժարան էր ընդունւում միջինը 20-25 երեխայ, թէեւ կան տարիներ, երբ ընդունելութիւն չի իրականացուել: 1881-1910 թթ. վարժարանն ունեցել է 772 աշակերտ, 460-ը` վճարովի հիմունքներով, 312-ը` ձրիավարժ [21]:

Վարժարանի աշակերտների միայն մօտ 25%-ն էր ծնունդով Կարինից, մնացածը Արեւմտեան Հայաստանի եւ Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերից ու շրջաններից էին: Այսպէս, 1881-1901 թթ ընթացքում վարժարանն ունեցել է 46 աշակերտ Արաբկիրից, 37՝ Տրապիզոնից, 26՝ Եւդոկիա/Թոքատից, 20՝ Ակնից, 19՝ Վանից, 15՝ Պոլսից, 14՝ Մուշից, 13՝ Բաղէշ/Բիթլիսից եւ այլն: Դպրոցում ուսում են ստացել անգամ երեխաներ Ռուսական կայսրութիւնից (Արդվին, Ալեքսանդրապոլ, Թիֆլիս) եւ Պարսկաստանից (Մակու) [22]:

Սանասարեան վարժարանի շրջանաւարտները Մկրտիչ Սանասարեանի դիմանկարի շուրջ (աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)։
Սանասարեան վարժարանի 1910-11 թթ. հոգաբարձութիւնը (աղբիւր` Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, Կարին, Ղալաթիա, 1911)։
Սանասարեան վարժարանի 1910-11 թթ. ուսուցչական մարմինը (աղբիւր` Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, Կարին, Ղալաթիա, 1911)։

Կարինում իր գործունէութեան ամբողջ շրջանում (1881-1912 թթ.) Սանասարեան վարժարանը տուել է 237 շրջանաւարտ, որոնցից 70-ը աւարտելուց յետոյ ստանձնել են ուսուցչական պաշտօններ Կարինի եւ Արեւմտեան Հայաստանի այլ շրջանների հայկական ուսումնական հաստատութիւններում, 65-ը զբաղուել են ձեռնարկատիրութեամբ եւ առեւտրով, 40 հոգի շարունակել են իրենց ուսումը եւրոպական համալսարաններում, 29 հոգի անցել են պետական ծառայութեան` ստանձնելով կարեւոր պաշտօններ տեղական կառավարման մարմիններում, մնացածները զբաղուել են արհեստներով, բժշկութեամբ, ատամնաբուժութեամբ, գիւղատնտեսութեամբ եւ այլն [23]:

Վարժարանի ուսուցիչների թիւը եւս ժամանակի ընթացքում աճել է: Եթէ իր բացման 1881-82 ուսումնական տարում, վարժարանն ունէր 4 ուսուցիչ (3 տեսուչ եւ 1 գլխաւոր ուսուցիչ) [24], ապա 3-4 տարի անց ուսուցիչների թիւն արդէն 10-ից աւելի էր: 1900-01 ուսումնական տարում վարժարանում դասաւանդում էր 13 ուսուցիչ (3 տեսուչ, 6 գլխաւոր ուսուցիչ եւ 4 օգնական ուսուցիչ) [25], 1909-10 ուսումնական տարում` 18 ուսուցիչ (1 վերատեսուչ, 2 փոխվերատեսուչ, 13 գլխաւոր ուսուցիչ, 2 օգնական ուսուցիչ) [26]:

Սանասարեան վարժարանի աւարտական վկայական, 1893։ Վկայականը պատկանում է Տիգրան Չուխաճեանի, որ ծնուել է 1875-ին, Էրզրում/Կարին (աղբիւր՝ Միհրան Մինասեան հաւաքածոյ)։
Սանասարեան վարժարանի աւարտական վկայական, 1904։ Վկայականը պատկանում է Նուարդ Մատաթեանի, որ ծնուել է 1888-ին, Էրզրում/Կարին (աղբիւր՝ Նուրհան Պէճիտեան հաւաքածոյ, Նիւ Ճըրսի)։

Վարժարանի գիշերօթիկ աշակերտների համար գոյութիւն ունէր ներքին կանոնակարգ: Վերկացն ամռանը առաւօտեան ժամը 5-ին էր, ձմռանը` ժամը 6-ին: Հագնուելուց, լուացուելուց եւ սանրուելուց յետոյ կատարւում էր առաւօտեան միասնական աղօթք, որից յետոյ մէկ ժամ յատկացուած էր նախորդ օրուայ դասերի սերտողութեանը: Նախաճաշից ու զբօսանքից յետոյ (20-30 րոպէ) աշակերտները գնում էին դասի, որոնք սկսւում էին ժամը 7-ին (ամռան) կամ 8-ին (ձմռան) եւ տեւում 4 ժամ (4 դաս` 45-ական րոպէ տեւողութեամբ, դասամիջոցները` 15-ական րոպէ): Ճաշին եւ զբօսանքին յատկացուած մէկ ժամ ընդմիջումից յետոյ դասերը վերսկսւում էին` տեւելով 2 ժամ: Դասերի աւարտից յետոյ մէկ ժամ յատկացուած էր հրապարակախօսական վարժութիւնների եւ ֆրանսերէնի գործնական պարապմունքներին: Ընթրիքի ժամն էր 4-ը (ամռան) կամ 5-ը (ձմռան), որից յետոյ աշակերտները զբաղւում էին զբօսանքով եւ օրուայ դասերի սերտողութեամբ: Քուն մտնելու ժամը ամառը երեկոյեան 8:30-ն էր, ձմեռը` 9:30-ը:

Նախաճաշը, ճաշն ու ընթրիքը սկսւում եւ վերջանում էին միասնական աղօթքով: Իւրաքանչիւր Կիրակի առաւօտեան, ինչպէս նաեւ եկեղեցական տօների օրերին աշակերտները գնում էին եկեղեցի:

Վարժարանի ուսումնական տարին սկսւում էր սեպտեմբերի առաջին շաբաթին, աւարտւում` յունիսի վերջերին (ներառեալ քննութիւնները): Ուսումնական տարուայ սկիզբն ազդարարւում էր հանդիսաւոր արարողութեամբ: Աւարտական քննութիւններից յետոյ տեղի էր ունենում հանդէս, որի ժամանակ յանձնւում էին աւարտական վկայականները, շրջանաւարտներն ու այլ աշակերտները հանդէս էին գալիս տարբեր կատարումներով եւ այլն:

Ամառային արձակուրդների ժամանակ դպրոցում մնացած գիշերօթիկ աշակերտներն անց էին կացնում քաղաքից դուրս` Կարնոյ դաշտի որեւէ գեղատեսիլ վայրում (Կարմիր վանք, Ըղտաձոր, Սրտաձոր եւ այլն) հաստատուած վրանային ճամբարում [27]:

1910 թ. դրութեամբ վարժարանն ունէր գրադարան` մօտ 6500 հատոր գրականութեամբ, թանգարան` բնական եւ բնապատմական, աշխարհագրական, պատմական եւ այլ գիտութիւնների վերաբերող «ճոխ ու ընտիր» ցուցանմուշ հաւաքածուներով, ինչպէս նաեւ 93 կտոր հայերէն եւ 1 կտոր վրացերէն ձեռագրերով (դրանցից առաւել արժէքաւորը 986 թ. Աւետարանն էր, որն այժմ պահւում է Երեւանի Մաշտոցի անուան մատենադարանում եւ կրում է «Սանասարեան աւետարան» անունը) [28], Եզեանի անուան մատենադարան` 397 հատոր գրականութեամբ, Աշակերտական միութեան գրադարան` 400 հատոր գրականութեամբ, երաժշտարան` տասնեակից աւելի նուագախմբային տարբեր երաժշտական գործիքներով (կար նոյնիսկ ծնծղայ եւ թմբուկ), պարտէզ եւ բանջարանոց [29]: 

1903-ին կազմակերպուել է վարժարանի ուսանողներից բաղկացած փողային նուագախումբ, որը «կ’աւելցնէր վարժարանին շուքն ու փայլը` վարժարանի տօնական օրերուն, շրջագայութիւններու եւ ամառնային օդափոխութեան միջոցին եւ մանաւանդ ազգային հանդէսներու կատարուած ատեն» [30]:

Սանասարեան վարժարանին կից գործում էր կահոյքագործական արհեստանոց (բացուել է 1883-ին, առանձին շէնք է ստացել 1886-ին): Արհեստանոցում իրաւունք ունէին ուսանելու նաեւ Սանասարեան վարժարանի աշակերտ չհանդիսացող երեխաներ, որոնց համար նախատեսուած էր առանձին ուսումնական ծրագիր: Նշենք, որ 1886-1910 թթ. արհեստանոցի ուսումնական ծրագրով Սանասարեան վարժարան է յաճախել 69 երեխայ [31], իսկ բացումից առ 1912 թ. արհեստանոցի շրջանաւարտների թիւը 29 հոգի էր [32]:

Սանասարեան վարժարանի ամառանոց. նաւագնացութիւն Եփրատի վրայ (աղբիւր` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, 1908)։
Սանասարեան վարժարանի ամառանոց. աշակերտների լողարանը (աղբիւր` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, 1908)։
Սանասարեան վարժարանի չմշկավայրը (աղբիւր` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, 1908)։
Նոր Սանասարեան վարժարանի աշակերտները խաղի ժամանակ (աղբիւր` «Հայրենիք» պարբերականի բացառիկ, 1914 թ.)։
Նոր Սանասարեանի տարեկան հանդէսը (աղբիւր` «Հայրենիք» պարբերականի բացառիկ, 1914 թ.)։
Սանասարեան վարժարանի նուագախումբը (աղբիւր` «Հայրենիք» պարբերականի բացառիկ, 1914 թ.)։
Սանասարեան վարժարանի մարմնամարզարանը (աղբիւր` «Հայրենիք» պարբերականի բացառիկ, 1914 թ.)։
Սանասարեան վարժարանի ուսուցչական մարմինը (աղբիւր` «Հայրենիք» պարբերականի բացառիկ, 1914 թ.)։

1909 թ. նոյեմբերին Սանասարեան վարժարանի վարիչ մարմինները, նկատի առնելով, որ «ձեռնհաս ու մանկավարժական հմտութիւն ունեցող ուսուցիչներու պէտքն շատ զգալի է եւ ամբողջ Տաճկահայաստանը տակաւին մէկ ուսուցչանոց իսկ չունի», նախաձեռնում է «Սանասարեան ուսուցչանոց»ի` ուսուցիչների համար մանկավարժական դասընթացների շարքի կազմակերպումը: Սանասարեանի ուսուցչանոցի մասնակիցներին դասախօսութիւններ էին ներկայացւում ընդհանուր մանկավարժութեան, հոգեբանութեան, մանկավարժութեան պատմութեան, մանկավարժութեան մեթոդիկայի, բարոյական իմաստասիրութեան, բնախօսութեան (ֆիզիոլոգիա), դպրոցական առողջապահութեան եւ քաղաքական տնտեսագիտութեան թեմաներով: Ուսուցչանոցի ուսանող կարող էին դառնալ Սանասարեան եւ այլ միջնակարգ վարժարանների շրջանաւարտները, որոնք ուսուցչութիւն էին անում Կարինի եւ Արեւմտեան Հայաստանի այլ շրջանների հայկական դպրոցներում: Ուսանողները դասընթացն աւարտելուց յետոյ յանձնում էին քննութիւններ եւ ստանում վկայական: Թոյլատրւում էր նաեւ դասընթացին մասնակցել ազատ ունկնդրի կարգավիճակով: Ուսուցչանոցի մէջ ուսումը ձրի էր [33]:

1909-10 ուսումնական տարում Սանասարեան վարժարանի մանկավարժական դասընթացների մասնակիցների թիւը 71 հոգի էր, որոնցից 26-ը` ուսանող, 45-ը` ազատ ունկնդիր [34]: Մինչեւ 1912-13 ուսումնական տարի ուսուցչանոցի դասընթացներն ունեցել են 81 մասնակից [35]:

Այսպիսով, եթէ ամփոփենք, ապա 1881-1912 թթ. Սանասարեան վարժարանի, արհեստանոցի եւ ուսուցչանոցի ուսանողների համագումար թիւը եղել է 1000-ից աւելի, որոնցից շրջանաւարտների թիւը` 266 հոգի:

Վարժարանի հասոյթները գոյանում էին Մկրտիչ Սանասարեանի կտակած միջոցներով գնուած արժեթղթերի տոկոսներից, կալուածներից (յատկապէս մեծ եկամուտ էր բերում Կ. Պոլսում գտնուող այսպէս կոչուած «Սանասար խան»ը), ուսման վճարներից, նուիրատւութիւններից եւ այլն [36]:

1908-ի երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ որոշակի անհամաձայնութիւն է առաջանում Սանասարեան վարժարանի Կ. Պոլսի խնամակալութեան եւ Կարնոյ հոգաբարձութեան միջեւ: Կ. Պոլսի խնամակալութիւնը հանդէս էր գալիս աւելի պահպանողական դիրքերից եւ դէմ էր Սանասարեան վարժարանում Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ երիտասարդութեան աշխուժութեանը: Իր հերթին, Կարնոյ հայկական ազգային իշխանութիւնները եւ Կարնոյ հոգաբարձութիւնը, որոնց վերահսկում էր Դաշնակցութիւնը, հակադրւում էին Կ. Պոլսոյ խնամակալութեան կողմնակից ուսուցիչներին` ձգտելով ամբողջական վերահսկողութիւն հաստատել վարժարանի տնօրէնութեան եւ ներքին կեանքի նկատմամբ:

Ի վերջոյ Կ. Պոլսոյ խնամակալութիւնը որոշում է վարժարանը Կարինից տեղափոխել Սեբաստիայի Ս. Նշան վանք: Սակայն 1912-ի ամռանը Կարնոյ հայութիւնն ընդդիմանում է Սանասարեան վարժարանի գոյքի տեղափոխմանը: Կարնոյ ազգային իշխանութիւնների ու Կ. Պոլսոյ խնամակալութեան միջեւ բանակցութիւններից յետոյ որոշւում է Կարինի Սանասարեանը վերակազմակերպել որպէս զուտ ցերեկային ուսուցմամբ միջնակարգ դպրոց` այդ կրթական հաստատութեանը թողնելով նախկին վարժարանի գոյքի մի մասը: Վերաբացուած դպրոցը ստանում է «Նոր Սանասարեան» անունը:
Կարնոյ վարժարանների ընդհանուր տեսուչ Ստեփան Զօրեանի (Ռոստոմ) ղեկավարութեամբ, շնորհիւ Դաշնակցութեան հանգանակած գումարների, «Նոր Սանասարեանը» գործում է մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը [37]:

  • [1] Մկրտիչ Սանասարեանի կտակը, Թիֆլիս, տպարան Մ. Շարաձէ, 1891, էջ 6-7 (վարժարանին էին կտակւում նաեւ Սանասարեանին պատկանող գրադարանը, ալբոմները, հաւաքածուները եւ տպարանական պարագաները):
  • [2] Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, Կ. Պոլիս, տպագր. Վ. եւ Հ. Տէր Ներսէսեան, 1908, էջ 16:
  • [3] Կանոնադրութիւն Սանասարեան վարժարանի, Կ. Պոլիս, տպագրութիւն Ներսէս Ճ. Արամեան, 1892, էջ 1:
  • [4] Նոյն տեղում, էջ 3:
  • [5] Նոյն տեղում, էջ 4: 
  • [6] Նոյն տեղում, էջ 6:
  • [7] Նոյն տեղում, էջ 7:
  • [8] Նոյն տեղում, էջ 10:
  • [9] Քսանամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1881-1901, Կ. Պոլիս, տպագրութիւն Տէր Ներսէսեան, 1903, էջ 13:
  • [10] Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, Կարին, Ղալաթիա, տպագրութիւն «Շանթ», 1911, էջ 11:
  • [11] Նոյն տեղում, էջ 11-12:
  • [12] Յակոբ ծ. վ. Քոսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, Կարին քաղաքը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1925, էջ 227:
  • [13] Նոյն տեղում: 
  • [14] Նոյն տեղում: 
  • [15] Քսանամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1881-1901, էջ 6:
  • [16] Նոյն տեղում:
  • [17] Selçuk Akşin Somel, The Modernization of Public Education in the Ottoman Empire 1839-1908: Islamization, Autocracy, and Discipline, Leiden-Boston-Köln, Brill, 2021, p. 121.
  • [18] Տիգրան Չիթունի, Յուշիկք Հայաստանի, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1919, էջ 68:
  • [19] Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 18-19:
  • [20] Յայտագիր Սանասարեան վարժարանի ի Կարին 1908-1909, առանց վայրի, տպարանի եւ թուականի յիշատակութեան, էջ 4:
  • [21] Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 30-31:
  • [22] Ըստ Քսանամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1881-1901, էջ 42:
  • [23] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, Պէյրութ, 1957, էջ 219:
  • [24] Ըստ Քսանամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1881-1901, էջ 38-39, ներդիր:
  • [25] Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, էջ 29:
  • [26] Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 27:
  • [27] Մանրամասն տե՛ս Քսանամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1881-1901, էջ 57-61: Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, էջ 44-48: Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 42-48:
  • [28] Սանասարեան վարժարանի ձեռագրերի ցանկը 1901-ի օգոստոսի դրութեամբ տե՛ս Քսանամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1881-1901, էջ 72-75, առ 1906-ի օգոստոս յաւելումները` Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, էջ 60-61 եւ առ 1910-ի օգոստոս յաւելումները` Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 40-41:
  • [29] Հնգամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1901-1906, էջ 55-56: Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 34-39:
  • [30] Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 45:
  • [31] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 204: Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 58-59:
  • [32] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 219:
  • [33] Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 50-52:
  • [34] Նոյն տեղում, էջ 54:
  • [35] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 219:
  • [36] Քառամեայ տեղեկագիր Սանասարեան վարժարանի 1906-1910, էջ 64:
  • [37] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 222-224: Քոսեան, Բարձր Հայք, Ա. հատոր, էջ 228-229: