Ինչպէս արդեն նշուել էր (Կարին (Էրզրում) – դպրոցներ I), Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Կարին քաղաքում գործում էր վեց հայկական ծխական կրթական հաստատութիւն` Արծնեան արական վարժարանը կից երկսեռ մանկապարտէզով, Հռիփսիմեան իգական վարժարանը, Մսրեան երկսեռ վարժարանը կից մանկապարտէզով, Տէր Ազարեան երկսեռ վարժարանը կից մանկապարտէզով, Աղապալեան երկսեռ վարժարանը եւ Գաւաֆեան երկսեռ վարժարանը:
Ստորեւ համառօտ ներկայացնենք նշուած կրթական հաստատութիւններից իւրաքանչիւրի մասին տեղեկութիւններ:
Արծնեան վարժարան (1866-1915)
Արծնեան վարժարանը Կարինի ամենամեծ հայկական ծխական («ազգային») կրթական հաստատութիւնն էր: Անուանուել է նաեւ Մայր վարժարան եւ Կեդրոնական վարժարան [1]:
XX դարի սկզբներին Արծնեան վարժարանը գործում էր երկու մասնաշէնքերում, որոնք գտնւում էին Ս. Աստուածածին եկեղեցու աւագ դռան եւ զանգակատան դիմաց` դրանցից առանձնացուած ընդարձակ բակով: Շէնքերը քարուկիր էին, ունէին հաստատուն շինուածք, շրջապատուած էին ընդարձակ պարտէզով [2]: 1912 թ. կառուցուել է վարժարանի նոր շէնքը, որը նախկինի համեմատ աւելի ընդարձակ եւ յարմար էր [3]:
1885-86 ուսումնական տարում վարժարանում էր սովորում 640 երեխայ, դասաւանդում էր 16 ուսուցիչ: Վարժարանի տեսուչն էր Եղիշէ Տուրսունեանը: Ուսուցումն իրականացւում էր ութամեայ կրթական ծրագրով [4]:
Մօտ 1890 թ. Արծնեան վարժարանն ունէր 700 աշակերտ եւ 17 ուսուցիչ [5]:
Պոլսոյ պատրիարքարանի 1901 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 603 աշակերտ (533 տղայ, 70 աղջիկ), այնտեղ դասաւանդում էր 20 ուսուցիչ (15 տղամարդ, 5 կին): Վարժարանի հասոյթները ¾ մասով գոյանում էին եկեղեցական մարմինների յատկացումներից եւ ¼ մասով` աշակերտների վճարած թոշակներից: Ուսումն իրականացւում էր վեցամեայ ուսումնական ծրագրով [6]:
1909 թ. տուեալներով` վարժարանում ուսում էր ստանում 314 տղայ, ուսուցիչների թիւը 15 հոգի էր (տղամարդ): Ուսումը եօթնամեայ էր: Վարժարանին կից գործում էր երկսեռ մանկապարտէզ, որտեղ կրթութիւն էր ստանում 334 երեխայ (195 տղայ եւ 139 աղջիկ) եւ դասաւանդում էր 10 ուսուցիչ (1 տղամարդ, 9 կին): Ուսումը մանկապարտէզում եռամեայ էր: Այսպիսով, միասին Արծնեան մանկապարտէզում եւ վարժարանում սովորում էր 648 երեխայ: Վարժարանի եւ մանկապարտէզի տարեկան ծախսերը կազմում էին 69350 ղուրուշ, որից մօտ 22%-ը գոյանում էր ուսման վարձերից, մնացածը` եկեղեցական եկամուտներից [7]:
1913 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 260 աշակերտ (տղայ), մանկապարտէզը` 329 սան (երկսեռ), այսպիսով, ուսանողների ընդհանուր թիւը 589 հոգի էր [8]:
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին վարժարանում ուսումը եօթնամեայ էր, կրթական ծրագիրը յարմարեցուած էր Սանասարեան վարժարանի կրթական ծրագրին, այն սկզբունքով, որ Արծնեանի շրջանաւարտները ցանկութեան դէպքում հնարաւորութիւն ունենային ուսումը շարունակել Սանասարեանի աւագ դասարաններից մէկում: Ուսուցիչների մեծ մասը Սանասարեանի լաւագոյն շրջանաւարտ երիտասարդներն էին: Վարժարանի տնօրէնն էր Բարթող Օտապաշեանը [9]:
Հռիփսիմեան վարժարան (1870-1915)
Հռիփսիմեան վարժարանը Կարին քաղաքի հայկական իգական ծխական («ազգային») կրթական հիմնական հաստատութիւնն էր: Հիմնադրուել է 1870-ին` սկզբնապէս կոչուելով Սրբոց Թարգմանչաց, 1875 թ. վերակազմակերպուել եւ վերանուանուել է Հռիփսիմեան (Հռիփսիմեանց) [10]: Ուսուցման նպատակն էր «իգական սեռին տալ բաւարար ուսում մը, եւ մայրական լուրջ պատրաստութեամբ օժտել աշակերտուհիները, հասցնել նաեւ պատրաստուած վարժուհիներ Կարնոյ եւ այլ շրջաններու համար» [11]:
1885-86 ուսումնական տարում վարժարանում սովորում էր 640 աղջիկ, դասաւանդում էր 2 ուսուցիչ եւ 7 վարժուհի: Վարժարանի տեսուչն էր քաղաքի երեւելի մանկավարժներից Կարապետ Զաքարեանը [12]: Ուսուցումն իրականացւում էր վեցամեայ կրթական ծրագրով [13]:
Մօտ 1890 թ. Հռիփսիմեան վարժարանն ունէր 400 աշակերտուհի եւ 9 ուսուցիչ [14]:
Ռուսահայ բարերար Յովսէփ Իզմիրեանցի կտակած միջոցներով (դրանք տնօրինում էր Պոլսոյ պատրիարքարանը) 1890-ական թթ. սկզբներին վարժարանին կից բացւում է արհեստանոց, որտեղ կարուձեւ եւ գորգագործութիւն էին ուսուցանւում [15]:
Պոլսոյ պատրիարքարանի 1901 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 603 աշակերտուհի, այնտեղ դասաւանդում էր 13 ուսուցիչ (3 տղամարդ, 10 կին): Վարժարանի հասոյթների մօտ 55%-ը գոյանում էր թաղային մարմինների յատկացումների, 45%-ը` աշակերտուհիների վճարած թոշակներից: Ուսումն իրականացւում էր վեցամեայ ուսումնական ծրագրով [16]: Արհեստանոց էր յաճախում 50 աղջիկ:
1904 թ. թեմական իշխանութիւնների որոշմամբ Հռիփսիմեան վարժարանի աւարտական դասարանների` յատկապէս ունեւոր ընտանիքներից աշակերտուհիները պարտաւոր էին 1-2 տարի առանց վարձատրութեան աշխատել քաղաքի մանկապարտէզներում կամ թաղային վարժարաններում՝ որպէս օգնական ուսուցչուհիներ [17]:
1909 թ. տուեալներով, վարժարանում ուսում էր ստանում 291 աղջիկ, ուսուցիչների թիւը 14 հոգի էր (4 տղամարդ եւ 10 կին): Ուսումը եօթնամեայ էր: Վարժարանի տարեկան բիւջէն կազմում էր 23650 ղուրուշ, որից մօտ 40%-ը գոյանում էր ուսման վարձերից, մնացածը` եկեղեցական եկամուտներից [18]:
1913 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 427 աշակերտուհի, ուսուցիչների թիւը 25 հոգի էր [19]:
Ինչպէս արդէն նշուել էր, վարժարանում ուսումը եօթնամեայ էր, սակայն 1912-13 թթ. ուսումնական տարում բացուեց 8-րդ (Ը.) դասարանը եւ դրանով վարժարանը վերածուեց միջնակարգի: 8-րդ դասարանում դասաւանդւում էին, մասնաւորապէս, բուսաբանութիւն եւ կենդանաբանութիւն, առողջապահութեան հիմունքներ, հոգեբանութիւն եւ մանկավարժութիւն, ֆիզիկա եւ քիմիա եւ այլն (նշենք, որ ֆինանսական միջոցների սղութեան պատճառով ուսուցիչները համաձայնուել էին 8-րդ դասարանում դասերը վարել անվճար) [20]:
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին վարժարանի տնօրէնն էր Գալուստ Կարապետեանը [21]:

Տէր Ազարեան վարժարան եւ մանկապարտէզ (1870-1915)
Վարժարանը հիմնադրուել է 1870 թ. մեծահարուստ Սողոմոն Տէր Ազարեանի տրամադրած միջոցներով, Չայղարա թաղամասում, Մոմճի անունով փողոցում: Շէնքը քարաշէն էր, միայարկ, ներքինը` պարզ, իրար դիմաց չորս սենեակներով, որոնք գործածւում էին որպէս դասարաններ: Շէնքին կից կար պարտէզ, որը ծառայում էր որպէս աշակերտների զբօսանքի վայր, եւ շրջապատուած էր պարիսպով [22]:
1885-86 ուսումնական տարում վարժարանում ուսում էր ստանում 150 երեխայ (80 տղայ եւ 70 աղջիկ), դասաւանդում էր 3 ուսուցիչ եւ 1 վարժուհի: Վարժարանի տեսուչն էր Խաչատուր Գնունին: Ուսուցումն իրականացւում էր երկամեայ կրթական ծրագրով [23]:
Մօտ 1890 թ. Տէր Ազարեան վարժարանի արական բաժինն ունէր 150 աշակերտ եւ 3 ուսուցիչ, իգական բաժինը` 55 աշակերտուհի եւ 1 ուսուցիչ [24]:
Պոլսոյ պատրիարքարանի 1901 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 237 աշակերտ (111 տղայ, 126 աղջիկ), այնտեղ դասաւանդում էր 7 ուսուցիչ (1 տղամարդ, 6 կին): Վարժարանի հասոյթները կէս-կէս յարաբերակցութեամբ գոյանում էին թաղային մարմինների յատկացումներից եւ աշակերտների վճարած թոշակներից: Ուսումն իրականացւում էր երկամեայ ուսումնական ծրագրով [25]:
1909 թ. տուեալներով, վարժարանում ուսում էր ստանում 72 երեխայ (32 տղայ եւ 40 աղջիկ), ուսուցիչների թիւը 4 հոգի էր (2-ական տղամարդ եւ կին): Ուսումը հնգամեայ էր: Վարժարանին կից գործում էր մանկապարտէզ, որտեղ ուսում էր ստանում 195 երեխայ (99 տղայ եւ 96 աղջիկ) եւ դասաւանդում էր 7 ուսուցիչ (1 տղամարդ, 6 կին): Մանկապարտէզում ուսումը եռամեայ էր: Այսպիսով, միասին մանկապարտէզում եւ վարժարանում սովորում էր 267 երեխայ (131 տղայ եւ 136 աղջիկ): Կրթական հաստատութեան տարեկան բիւջէն 14300 ղուրուշ էր, որից մօտ 25%-ը գոյանում էր ուսման վարձերից, մնացածը` եկեղեցու եկամուտներից [26]:
1913 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 65, մանկապարտէզը` 136 աշակերտ, այսպիսով աշակերտների ընդհանուր թիւն էր 201 հոգի [27]:
Մսրեան վարժարան եւ մանկապարտէզ (1889-1915)
Վարժարանը բացուել է 1889 թ. ապրիլի 17-ին` կարնեցի հայ մեծահարուստ Գէորգ Մսրեանի (1810-1890) միջոցներով: Վարժարանի շէնքը երկյարկանի էր, ունէր բակ եւ պարտէզ, գտնւում էր «Նոր թաղ» հայաբնակ թաղամասի Կիւլահմէտ փողոցի վրայ [28]:
Վարժարանը երկսեռ էր, դասաւանդւում էին հայոց լեզու, թուաբանութիւն, պատմութիւն, կրօն, աշխարհագրութիւն, գեղագրութիւն, գծագրութիւն, երգ, մարմնամարզ եւ այլն: Վարժարանն ունեցել է ձրիավարժ եւ ուսման վարձ վճարող աշակերտներ:
1896-97 թթ. վարժարանին կից բացուել է երկսեռ մանկապարտէզ` 100 սաներով եւ 7 ուսուցչով [29]: Մանկապարտէզի շէնքը միյարկանի էր, գտնւում էր վարժարանի շէնքի կողքին [30]:
Պոլսոյ պատրիարքարանի 1901 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ու մանկապարտէզն ունէին 431 աշակերտ (186 տղայ, 245 աղջիկ), ուսուցիչների թիւը 15 հոգի էր (1 տղամարդ, 14 կին): Վարժարանի հասոյթների 60%-ը գոյանում էր թաղային մարմինների յատկացումներից, 40%-ը` աշակերտների վճարած թոշակներից: Կրթութիւնն իրականացւում էր եռամեայ ուսումնական ծրագրով [31]:
1909 թ. տուեալներով, վարժարանում ուսում էր ստանում 104 երեխայ (42 տղայ եւ 62 աղջիկ), ուսուցիչների թիւը 6 հոգի էր (2 տղամարդ եւ 4 կին): Ուսումը հնգամեայ էր: Վարժարանին կից գործող երկսեռ մանկապարտէզում կրթութիւն էր ստանում 175 երեխայ (93 տղայ եւ 82 աղջիկ), ուսուցիչների թիւը 7 հոգի էր (1 տղամարդ, 6 կին): Ուսումը եռամեայ էր: Վարժարանի եւ մանկապարտէզի տարեկան բիւջէն կազմում էր 15950 ղուրուշ, որից մօտ 30%-ը գոյանում էր ուսման վարձերից, մնացածը` եկեղեցական եկամուտներից [32]:
1913 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանում ուսում էր ստանում 253, մանկապարտէզում` 113 երեխայ, այսպիսով աշակերտների ընդհանուր թիւը 366 հոգի էր [33]:
Վարժարանի երեւելի ուսուցիչներից էին Եղիսաբէթ Մակարեանը, Բերսաբէ Էհրամճեանը, Աննա Էթոնը, Պ. Վ. Թագաճեանը եւ Պ. Ա. Գաւաֆեանը [34]: Հայոց ցեղասպանութեան նախօրեակին վարժարանի եւ մանկապարտէզի տնօրէններն էին Սանասարեան վարժարանի շրջանաւարտներ Վահէ Թոքաչեանը եւ Զաւէն Մանուկեանը [35]:
Աղապալեան վարժարան
Աղապալեան վարժարանը երկսեռ տարրական նախակրթարան էր: 1883 թ. այն բացել է կարնեցի ուսուցիչ Մկրտիչ Աղապալեանը (1846-1899): Վարժարանի շէնքը երկյարկանի էր, ունէր բակ եւ պարտէզ, գտնւում էր «Կանայ ճամբայ» անունը կրող թաղամասում [36]:
1883-1892 թթ. գործել է որպէս մասնաւոր դպրոց, 1892-ին անցել է տեղական եկեղեցական իշխանութիւնների խնամակալութեան տակ [37]:
1885-86 ուսումնական տարում վարժարանում ուսում էր ստանում մօտ 100 երեխայ [38]:
Մօտ 1890 թ. Աղապալեան վարժարանն ունէր 120 աշակերտ եւ 1 ուսուցիչ [39]:
Պոլսոյ պատրիարքարանի 1901 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 114 աշակերտ (71 տղայ, 43 աղջիկ), այնտեղ դասաւանդում էր 5 ուսուցչուհի:
Վարժարանի հասոյթների 40%-ը գոյանում էր թաղային մարմինների յատկացումներից, 60%-ը` աշակերտների վճարած թոշակներից: Ուսումը մէկամեայ էր [40]:
1909 թ. տուեալներով, վարժարանում ուսում էր ստանում 230 երեխայ (108 տղայ եւ 122 աղջիկ), ուսուցիչների թիւը 7 հոգի էր (1 տղամարդ, 6 կին): Ուսումը եռամեայ էր: Վարժարանի տարեկան բիւջէն կազմում էր 8150 ղուրուշ, որից մօտ 60%-ը գոյանում էր ուսման վարձերից, մնացածը` եկեղեցական եկամուտներից [41]:
1913 թ. վիճակացոյցի տուեալներով, վարժարանն ունէր 131 երկսեռ աշակերտ [42]:
Գաւաֆեան վարժարան
Վարժարանը բացուել է 1905 թ. սեպտեմբերի 4-ին: Անունն ստացել էր ի յիշատակ կարնեցի հայ մեծահարուստ Յովհաննէս Գաւաֆեանի, որի որդու` Մարտիրոսի միջոցներով էր գնուել վարժարանի շէնքը (քաղաքի Տէմիր Այագ փողոցի վրայ չորս սենեակից բաղկացած միայարկ ընդարձակ տուն` բակով եւ պարտէզով) [43]:
Վարժարանը երկսեռ էր` նախակրթարանի (տարրական դպրոց) կրթական ծրագրով [44]:
1909 թ. տուեալներով, վարժարանում ուսում էր ստանում 271 երեխայ (128 տղայ եւ 143 աղջիկ), ուսուցիչների թիւը 6 հոգի էր (1 տղամարդ, 5 կին): Ուսումը եռամեայ էր: Վարժարանի տարեկան բիւջէն կազմում էր 5950 ղուրուշ, որից մօտ 40%-ը գոյանում էր ուսման վարձերից, մնացածը` եկեղեցական եկամուտներից [45]:
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին վարժարանում ուսուցումը մէկամեայ էր, կից գործում էր մանկապարտէզ (երկամեայ): Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների` աշակերտների թիւը 178 հոգի էր [46]: Կրթական հաստատութեան վարիչն էր օրիորդ Սաթենիկ Սուճեանը [47]:
Էրզրում/Կարնոյ գաւառակի հայաբնակ գիւղերի դպրոցները
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Կարնոյ գաւառակի գրեթէ բոլոր հայաբնակ գիւղերն ունէին հայկական դպրոցներ: Հայաբնակ խոշոր գիւղերում դրանք գործում էին լիարժէք եւ կանոնաւոր` ամբողջ ուսումնական տարուայ ընթացքում, իսկ հայաբնակ համեմատաբար փոքր գիւղերում` հիմնականում ձմեռային ամիսներին, երբ գիւղատնտեսական-դաշտային աշխատանքներն աւարտւում էին եւ երեխաները ունէին ազատ ժամանակ դպրոց յաճախելու համար:
Գիւղական դպրոցները պահւում էին մասամբ պատրիարքարանի նպաստներով, մասամբ` տուեալ գիւղի եկեղեցու կամ վանքապատկան կալուածքների եկամուտներով: Աշակերտները ուսման վարձ չէին վճարում: Հայոց ցեղասպանութեան նախօրեակին գաւառակի գիւղական կրթական հաստատութիւններից Ձիթողի եւ Օձնիի դպրոցները տնօրինում էր Միացեալ ընկերութիւնը:
Թէ ինչ առաջընթաց են ապրել գիւղական կրթական հաստատութիւնները 1908-ի երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ, կարող ենք դիտարկել Ձիթող գիւղի դպրոցի օրինակով: XIX դարի վերջերին այնտեղ դասերն անցկացւում էին «Տէրթոդիկ»եան մեթոդով: Աշակերտները հերթով թութակաբար կարդում էին որեւէ դասագրքից` առանց իմաստը հասկանալու եւ չհասկացածը ուսուցչից հարցնելու իրաւունքի: Դասերն էին` հայերէն, թուրքերէն, թուաբանութիւն, կրօն: Դասարաններում գրասեղաններ եւ նստարաններ չկային, աշակերտերը նստում էին սաքուների վրայ [48]:
Երբ դպրոցն անցաւ Միացեալ ընկերութեան տնօրինութեան տակ, բերուեցին գրասեղաններ, նստարաններ, գրատախտակներ, նորացուեց ուսուցչական կազմը, որտեղ ընդգրկուեցին անգամ Պոլսոյ Կեդրոնական եւ Կարնոյ Սանասարեան վարժարանների շրջանաւարտներ: Ներմուծուեց նոր կրթական ծրագիր, սկսեցին դասաւանդուել նոր առարկաներ (հայոց պատմութիւն, աշխարհագրութիւն, քերականութիւն, թուաբանութիւն, երգեցողութիւն, մարմնամարզութիւն, երկրաչափութիւն): Աշակերտների միջեւ անց էին կացւում ազատ վիճաբանութիւն-մրցումներ, երբ ամէն մէկը փորձում էր պաշտպանել իր ընտրած առարկայի համեմատական կարեւորութիւնը (օրինակ` ի՞նչն է աւելի կարեւորը` ջո՞ւրը, հո՞ղը, օ՞դը եւ այլն) [49]:
Ստորեւ ներկայացնում ենք Կարինի գաւառակի առանձին հայաբնակ բնակավայրերում գործող հայկական դպրոցների վերաբերեալ տեղեկութիւններ՝ ըստ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հրահանգով 1878, 1902 եւ 1913 թուականներին կազմուած վիճակագրութիւնների եւ այլ աղբիւրների [50]: Բնակավայրերը դասաւորուած են այբբենական կարգով: Տուեալ բնակավայրում ապրող հայերի թիւը քաղել ենք Պոլսոյ Հայոց պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցից: Փակագծերում տալիս ենք բնակավայրի ներկայի անունը (եթէ տարբեր է) [51]:
Աշկալա (Աշկալէ/Aşkale)
1878 եւ 1901 թթ. վիճակագրութիւնները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, բնակավայրում գործում էր դպրոց, որը յաճախում էր 30 երեխայ:
Ապըլհէնտի (Ալայբէյի/Alaybeyi)
27 տուն, 170 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Ռուբինեան» անունով ծաղկոցը` 35 աշակերտներով:
1901 թ. վիճակագրութիւնը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան, որը յաճախում էր 30 երեխայ:
Արծաթի (Եշիլեայլա/Yeşilyayla)
59 տուն, 312 շունչ հայ:
1878 թ. վիճակագրութիւնը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
1901 թ. վիճակացոյցի տուեալներով, գիւղում կար երկամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 13 երեխայ (9 տղայ, 4 աղջիկ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 38 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու հարաւային կողմը, որի մի մասը ծառայում էր որպէս քահանայի բնակարան:
Արշընի (Դիլիմլի/Dilimli)
34 տուն, 321 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Տիգրանեան» անունով ծաղկոցը` 30 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար երկամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 23 երեխայ (18 տղայ, 5 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան` 50 աշակերտներով:
Բլուր (Էօմերթեփէ/Ömertepe)
46 տուն, 419 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Վահագնեան» անունով ծաղկոցը` 30 աշակերտներով:
1901 թ. վիճակացոյցը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան` 50 աշակերտներով:
Գեղախոռ (Օրթադիւզիւ/Ortadüzü)
45 տուն, 350 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Գեղուհեան» անունով ծաղկոցը` 20 աշակերտներով:
1901-ի վիճակացոյցում Գեղախոռի վարժարանը նշւում է որպէս փակուած:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 73 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու աջ կողմը:
Գոմք (Ալթընթեփէ/Altıntepe)
50 տուն, 500 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Արշակեան» անունով ծաղկոցը` 40 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար երկամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 50 երեխայ (30 տղայ, 20 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 100 երեխայ:
Ըստ Յակոբ ծ. վրդ. Քոսեանի, վարժարանը գտնւում էր եկեղեցու մօտակայքում եւ այն յաճախում էր մօտ 60 երեխայ:
Գրինճք (Դեյիրմենլեր/Değirmenler)
74 տուն, 704 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Մամիկոնեան» անունով ծաղկոցը` 80 աշակերտներով:
1901-ի վիճակացոյցում Գրիչքի վարժարանը նշւում է որպէս փակուած:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարանում ուսում էր ստանում 73 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու առաջակողմը:
Դինարիգոմ (Մուրատգելդի/Muratgeldi)
58 տուն, 426 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Վահանեան» անունով ծաղկոցը` 25 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար երկամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 46 երեխայ (34 տղայ, 12 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի, վարժարանի աշակերտների թիւը 60 հոգի էր:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 70 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու պարտէզին կից:
Դվնիկ (Ալթընբուլակ/Altınbulak)
80 տուն, 843 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Խոսրովեան» անունով ծաղկոցը:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 72 երեխայ (57 տղայ, 15 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի, վարժարանի աշակերտների թիւը 60 հոգի էր:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի երկսեռ վարժարան էր յաճախում 100 երեխայ:
Վարժարանը գտնւում էր եկեղեցուն կից` աջ կողմը, շէնքը կառուցուել էր 1898-ին: Կառուցմանը նպաստել էր Յ. վրդ. Մամիկոնեանը:
Երկան Մասուր (Չայ/Çay)
20 տուն, 160 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակագրութիւնները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան` 20 աշակերտներով:
Երկնիստ (Երլիսու/Yerlisu)
9 տուն, 102 շունչ հայ:
1878 թ. վիճակագրութիւնը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1901 թ. վիճակացոյցի, Երկնիստի երեխաները յաճախում էին հարեւան Խաչկավանք գիւղի (գտնուել է մօտ 2 կմ հիւսիս) վարժարանը (աշակերտների թիւը նշուած չէ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, Խաչկավանքի վարժարանում ուսում էր ստանում 20 երկնիստցի երեխայ:
Էօզբեկ (Özbek)
4 տուն, 50 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Աբգարեան» անունով ծաղկոցը` 10 աշակերտներով:
1901 եւ 1913 թթ. վիճակացոյցները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըղտաձոր (Արըբահչէ/Arıbahçe)
60 տուն, 470 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Վահանեան» անունով ծաղկոցը` 35 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 48 տղայ, դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան` 32 աշակերտներով:
Վարժարանի շէնքը նկարագրւում է որպէս փոքրիկ կառոյց, որը գտնւում էր եկեղեցու առաջակողմը:
Թարգունի (Եազիփինար/Yazipinar)
75 տուն, 637 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակագրութիւնները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան` 70 աշակերտներով:
Թափա գիւղ (Վերին գիւղ) (Թեփէ քէօյ/Tepe Köy)
23 տուն, 325 շունչ:
1878 թ. գիւղում գործում էր «Մուշեղեան» անունով ծաղկոցը` 20 աշակերտներով:
1901 թ. վիճակացոյցը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան` 30 աշակերտներով:
Թուանճ (Գիւզելօվա/Güzelova)
45 տուն, 660 շունչ:
1878 թ. գիւղում գործում էր «Փրկչեան» անունով ծաղկոցը` 40 աշակերտներով:
1901-ի վիճակացոյցում Թուանճի վարժարանը նշւում է որպէս փակուած:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի երկսեռ վարժարանում ուսում էր ստանում 80 երեխայ:
1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանը վարժարանի շէնքը բնութագրում է որպէս փոքրիկ, նշում, որ այն գտնւում էր եկեղեցու եւ գերեզմանատան բլրակի հարաւային կողմում:
Թոփալ-Չաւուշ/Topalçavuş
35 տուն, 300 շունչ:
1878 թ. գիւղում գործում էր «Բագրատունեաց» անունով ծաղկոցը` 8 աշակերտներով:
1901 թ. վիճակացոյցը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան` 40 աշակերտներով:
Իլիճա (Ազիզիէ/Aziziye)
66 տուն, 635 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Լուսինեան» անունով ծաղկոցը` 30 աշակերտներով:
1901-ի վիճակացոյցում Իլիճայի վարժարանը նշւում է որպէս փակուած:
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի, գիւղի վարժարանը կրում էր «Հայկազեանց» անունը, այնտեղ սովորում էր մօտ 100 երկսեռ երեխայ: Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու կողքը:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 140 երեխայ:
Խաչկավանք (Ակթոփրակ/Aktoprak)
17 տուն, 127 շունչ:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 18 տղայ (վարժարան էին յաճախում նաեւ հարեւան Երկնիստ գիւղի երեխաները), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 20 երեխայ:
Խետեմիլիկ (Գիւլփինար/Gülpinar)
2 տուն, 40 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակագրութիւնները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ուներ դպրոց, որտեղ ուսում էր ստանում 12 երեխայ:
Կան (Դադաշ/Dadaş)
317 տուն, 2600 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Փրկչեան» անունով ծաղկոցը` 250 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 170 երեխայ (129 տղայ, 41 աղջիկ), դասաւանդում էր 2 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի, վարժարանի շէնքն ընդարձակ էր, գտնւում էր եկեղեցու մօտ, ձախ կողմը: Վարժարան էր յաճախում 150-ի չափ երկսեռ երեխայ:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 250 երեխայ:
Կէզ (Գեզքէօյ/Gezköy)
144 տուն, 1103 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Արամեան» անունով ծաղկոցը` 100 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 70 տղայ, դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի` գիւղի վարժարան էր յաճախում մօտ 60 տղայ: Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու մօտ, նկարագրւում է որպէս փոքր:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան, որտեղ ուսում էր ստանում 100 երեխայ:
Կըզըլքիլիսէ (Կիլիմլի/Kilimli)
40 տուն, 438 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Ս. Նշան» անունով ծաղկոցը` 17 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 52 երեխայ (40 տղայ, 12 աղջիկ), դասաւանդում էր 2 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 64 երեխայ:
Կրճնկոց (Եշիլօվա/Yeşilova)
30 տուն, 240 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Ս. Խաչ» անունով ծաղկոցը` 23 աշակերտներով:
1901 թ. վիճակագրութիւնը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան, որտեղ ուսում էր ստանում 26 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու մօտ, նկարագրվում է որպէս փոքր:

Հինձք (Դումլու/Dumlu)
120 տուն, 1210 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Ս. Խաչ» անունով ծաղկոցը` 60 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 88 երեխայ (45 տղայ, 43 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի` գիւղն ունէր մէկ առաքելական եւ մէկ կաթոլիկ վարժարան: Առաքելական երկսեռ վարժարանի շէնքը գտնուել է եկեղեցի բարձրանալու բլրակի ճանապարհի վրայ: Այն յաճախում էին 30-40 երեխաներ: Կաթոլիկ հայերի վարժարանի շէնքը (միայարկ) գտնուել է կաթոլիկ եկեղեցու պարտէզի մէջ: Այն յաճախում էին 25-30 երկսեռ մանուկներ:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարաններում ուսում էր ստանում 150 երեխայ:
Ձիթող (Եոլգեչթի/Yolgeçti)
230 տուն, 2066 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Մեսրոպեան» անունով ծաղկոցը` 120 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 65 տղայ, դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանը հաղորդում է, որ գիւղում գործում էին արական եւ իգական վարժարաններ, որտեղ ուսում էին ստանում 160 տղայ եւ 150 աղջիկ: 1909-1911 թթ. վարժարանները գտնւում էին Ազգանուէր հայուհեաց եւ Միացեալ ընկերութիւնների հսկողութեան տակ: Տնօրէնն էր Պոլսոյ Կեդրոնական վարժարանի շրջանաւարտ Արշալոյս Շամլեանը:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարաններում ուսում էր ստանում 424 երեխայ:
Ղայափա/Kayapa
10 տուն, 93 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակագրութիւնները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան, որտեղ ուսում էր ստանում 20 երեխայ:
Ղարահասան/Karahasan
76 տուն, 670 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Մամիկոնեան» անունով ծաղկոցը` 50 աշակերտներով:
Ղարարզ (Կահրամանլար/Kahramanlar)
120 տուն, 1200 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Աշոտեան» անունով ծաղկոցը` 110 աշակերտներով:
1901-ի վիճակացոյցում Ղարարզի վարժարանը նշւում է որպէս փակուած:
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի` վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու պարտէզի մէջ` առաջակողմը տղաների եւ աղջիկների համար բաժանումներով: Վարժարանն ունէր 90 արական եւ 70 իգական սեռի աշակերտներ:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր երկսեռ վարժարան, որտեղ ուսում էր ստանում 150 երեխայ:
Ղուշչի (Տուզչու/Tuzcu)
6 տուն, 81 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակագրութիւնները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղում գործում էր դպրոց` 30 աշակերտներով:
Մէօրտիւլիւք (Թինազլի/Tinazli)
16 տուն, 191 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակագրութիւնները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղում գործում էր դպրոց` 25 աշակերտներով:
Մուտուրկա (Չայիրթեփէ/Çayirtepe)
148 տուն, 1160 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Պարթեւեան» անունով ծաղկոցը` 50 աշակերտներով:
1901-ի վիճակացոյցում Մուտուրկայի վարժարանը նշւում է որպէս փակուած:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 125 երեխայ:
Վարժարանը գտնւում էր եկեղեցուց հեռու, գիւղի գրեթէ միջակայքում: Նկարագրւում է որպէս միայարկ եւ մաքուր: Դռան ճակատային մասում, որմի մէջ տեղադրուած քարի վրայ փորագրուած էր. «Վերստին հիմանց շինեցաւ վարժարանս յիշատակ հանգուցեալ Յակոբ աղա եւ եղբօրին Թադէոս աղա Հանիսեանի արդեամբ - 1898 նոյեմբեր 1»:
Նորաշէն (Կումլուեազի/Kumluyazi)
25 տուն, 170 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակացոյցները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, բնակավայրում գործում էր դպրոց, որը յաճախում էր 30 երեխայ:
Շիփեկ (Քըրքգէօզէ/Kirkgöze)
50 տուն, 431 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Սմբատեան» անունով ծաղկոցը` 25 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 40 երեխայ (31 տղա, 9 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 72 երեխայ:
Շխնոց (Իբրահիմ Հակկը/Ibrahim Hakkı)
56 տուն, 449 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Կարինեան» անունով ծաղկոցը` 50 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար երկամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 28 երեխայ (19 տղայ, 9 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի երկսեռ վարժարան էր յաճախում 60 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցու մօտ, կառուցուած էր 1868 թ.:
Ումուդում/Umudum
90 տուն, 900 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Սահակեան» անունով ծաղկոցը` 70 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար եռամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 63 տղայ, դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարանը երկսեռ էր, այն յաճախում էր 109 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր գիւղի առաջակողմը, գեղեցիկ եւ բաց դիրքի վրայ շինուած: Ճակատին, յղկուած քարի վրայ, փորագրուած էր շինարարութեան թուականը` «1909»:
Չիֆթլիք/Çiftlik
200 տուն, 1625 շունչ հայ:
1878 թ. գիւղում գործում էր «Հայկազնեան» անունով ծաղկոցը` 120 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար նախակրթարան եռամեայ կրթական ծրագրով, որտեղ ուսում էր ստանում 100 երեխայ (80 տղայ, 20 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1912 թ. գիւղն այցելած Յակոբ ծ. վրդ. Քոսեանի, վարժարանն ունէր մօտ 150 երկսեռ աշակերտ: Վարժարանի շէնքը նկարագրւում է որպէս ընդարձակ, նշւում է, որ այն կառուցուել է 1910 թ.: Այն փոխարինելու է եկել աւելի հին շէնքի, որը հնութեան պատճառով դարձել էր անգործածելի:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղն ունէր վարժարան, որը յաճախում էր 320 երեխայ:
Պատիշէն (Չայիրջա/Çayirca)
40 տուն, 403 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Գէորգեան» անունով ծաղկոցը` 27 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար նախակրթարան երկամեայ կրթական ծրագրով, որտեղ ուսում էր ստանում 30 երեխայ (27 տղայ, 3 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի երկսեռ վարժարան էր յաճախում 50 երեխայ:
Վարժարանը գտնւում էր եկեղեցու թիկունքի կողմը, պարզ շէնք էր, որտեղ դասեր էին անցկացւում հիմնականում ձմեռուայ ամիսներին:
Ջինիս (Օրթաբահչէ/Ortabahçe)
74 տուն, 604 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Լեւոնեան» անունով ծաղկոցը` 20 աշակերտներով:
1901 թ. վիճակացոյցը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, բնակավայրում գործում էր դպրոց, որը յաճախում էր 120 երեխայ:
Սալաձոր (Սարըեայլա/Sarıyayla)
27 տուն, 180 շունչ հայ:
1878 եւ 1901 թթ. վիճակացոյցները բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չեն յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, բնակավայրում գործում էր դպրոց, որը յաճախում էր 30 երեխայ:
Սէօկիւտլիւ/Söğütlü
30 տուն, 267 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Վաղարշեան» անունով ծաղկոցը` 25 աշակերտներով:
Սնկառիճ (Ադաչայ/Adaçay)
15 տուն, 113 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Արշակեան» անունով ծաղկոցը` 15 աշակերտներով:
1901 թ. վիճակացոյցը բնակավայրում կրթական հաստատութեան գոյութեան մասին չի յիշատակում:
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, բնակավայրում գործում էր դպրոց` 20 աշակերտով:
Սողուք Ջերմուկ (Սողջերմուկ) (Սողուջակ/Soğucak)
47 տուն, 500 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Լուսաւորչեան» անունով ծաղկոցը` 25 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար երկսեռ երկամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 48 երեխայ (42 տղայ, 6 աղջիկ), դասաւանդում էր 1 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի վարժարան էր յաճախում 50 երեխայ:
Վարժարանի շէնքը գտնւում էր եկեղեցուն կից, գործում էր ձմեռուայ ամիսներին:
Օձնի (Բեյփինարը/Beypinarı)
200 տուն, 1580 շունչ հայ:
1878 թ. բնակավայրում գործում էր «Սմբատեան» անունով ծաղկոցը` 140 աշակերտներով:
1901 թ. գիւղում կար քառամեայ կրթական ծրագրով նախակրթարան, որտեղ ուսում էր ստանում 170 երեխայ (130 տղայ, 40 աղջիկ), դասաւանդում էր 2 ուսուցիչ (տղամարդ):
Ըստ 1913 թ. վիճակացոյցի տուեալների, գիւղի երկսեռ վարժարանն էր յաճախում 300 երեխայ:
Վարժարանը գտնւում էր եկեղեցու առաջակողմը, միայարկ շէնք էր երկու բաժիններով կամ սենեակներով, որոնցից մէկը յատկացուած էր արական, միւսը` իգական սեռի աշակերտների համար: Վարժարանի աղջկանց բաժնի դռան վրայ փակցուած էր թիթեղեայ տախտակ հետեւեալ գրութեամբ. «Ազգանուէր հայուհեաց ընկերութեան Օձնիի օրիորդաց վարժարան . 1910 փետրուար 1»:
- [1] Կարնոյ դպրոցները, «Արձագանք», գրական եւ քաղաքական լրագիր, Թիֆլիս, 14 (26) դեկտեմբերի 1897, № 145:
- [2] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, Պէյրութ, 1957, էջ 165:
- [3] Հ. Համազասպ վրդ. Ոսկեան, Կարին եւ կարնեցին, «Մասիս» շաբաթաթերթ, Պէյրութ, 7 յունիս 1950, թիւ 23 (180) էջ 2:
- [4] Կարնոյ վարժարաններ, «Արձագանք», գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 30 մարտի 1886, № 12, էջ 185:
- [5] Vital Cuinet, La Turquie d’Asie : géographie administrative, statistique, descriptive et raisonée de chaque province de l'Asie-Mineure, tome I, Paris, Ernest Leroux, 1892, p. 182.
- [6] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ: Պատրաստեալ յՈւսումնական խորհրդոյ Ազգային կեդրոնական վարչութեան: Տետր Ա. Վիճակ 1901 տարւոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1901, էջ 14:
- [7] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական եւ տնտեսական դրութեան, Երեւան, տպարան «Կուլտուրա», 1912, էջ 166-167:
- [8] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, Կարին քաղաքը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1925, էջ 244:
- [9] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 240:
- [10] Հ. Համազասպ վրդ. Ոսկեան, Կարին եւ կարնեցին, «Մասիս» շաբաթաթերթ, Պէյրութ, 7 յունիս 1950, թիւ 23 (180) էջ 2:
- [11] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 240:
- [12] Կենսագրութիւնը տե՛ս Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 207-210:
- [13] Կարնոյ վարժարաններ, «Արձագանք», գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 30 մարտի 1886, № 12, էջ 185:
- [14] Cuinet, La Turquie d’Asie..., p. 182.
- [15] Կարնոյ դպրոցները, «Արձագանք», գրական եւ քաղաքական լրագիր, Թիֆլիս, 14 (26) դեկտեմբերի 1897, № 145:
- [16] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 14:
- [17] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 239:
- [18] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները..., էջ 166-167:
- [19] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 244, Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 246:
- [20] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 245-246:
- [21] Նոյն տեղում, էջ 246:
- [22] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 243:
- [23] Կարնոյ վարժարաններ, «Արձագանք», գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 30 մարտի 1886, № 12, էջ 185:
- [24] Cuinet, La Turquie d’Asie, p. 182.
- [25] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 14:
- [26] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները..., էջ 166-167:
- [27] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 244:
- [28] Նոյն տեղում, էջ 240-241:
- [29] Կարնոյ դպրոցները, «Արձագանք», գրական եւ քաղաքական լրագիր, Թիֆլիս, 14 (26) դեկտեմբերի 1897, № 145:
- [30] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 248:
- [31] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 14:
- [32] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները..., էջ 166-167:
- [33] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 244:
- [34] Նոյն տեղում, էջ 241:
- [35] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 250:
- [36] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 240-241:
- [37] Նորայր, Մկրտիչ Աղապալեանի մահը, «Արեւելք», օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 8/20 նոյեմբեր 1899:
- [38] Կարնոյ վարժարաններ, «Արձագանք», գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 30 մարտի 1886, № 12, էջ 185:
- [39] Cuinet, La Turquie d’Asie, p. 182.
- [40] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 14:
- [41] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները..., էջ 166-167:
- [42] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 244:
- [43] Նոյն տեղում, էջ 242:
- [44] Նոյն տեղում:
- [45] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները..., էջ 166-167:
- [46] Քոսեան, Բարձր Հայք, Ա հատոր, էջ 244:
- [47] Ղազար Չարըգ, Յուշամատեան Բարձր Հայքի: Կարինապատում, էջ 251:
- [48] Վարդիթեր Կոճոլոզեան Յովհաննիսեան, Ձիթող դաշտի Կարնոյ, Պէյրութ, տպարան «Համազգային», 1972, էջ 54:
- [49] Նոյն տեղում, էջ 56-57:
- [50] 1878 թ. տուեալները տե՛ս Էմմա Ա. Կոստանդյան, «Արեւմտեան Հայաստանի հայաբնակ վայրերի վերաբերեալ Գ. Սրվանձտեանցի կազմած վիճակագրութիւններից», Բանբեր Հայաստանի արխիվների, Երեւան, 1976, № 2, էջ 88-89: 1901 թ. տուեալները` Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 14: 1913 թ. տուեալները` Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Émpire ottoman à la veille du Génocide, Paris, ARHIS, 1992, pp. 420-433: Որոշ գիւղերի համար օգտագործել ենք նաեւ Յակոբ ծ. վ. Քոսեան, Բարձր Հայք, Բ. հատոր, Կարնոյ գիւղերը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1926 (Օձնի` էջ 20-24, Պատիշէն` էջ 25-27, Դվնիկ` էջ 27-31, Գոմք` էջ 31-32, Երկնիստ` 33-38, Ըղտաձոր` էջ 38-40, Խաչկավանք` 40-56, Գրինճք` էջ 57-60, Կրճնկոց` էջ 61-62, Գեղախոռ` էջ 63-66, Ումուդում` էջ 66-70, Արծաթի` էջ 73-83, Դինարիգոմ` էջ 83-90, Հինձք` էջ 95-103, Կարմիր վանք` էջ 103-122, Թուանճ` 123-129, Ձիթաւողք (Ձիթող)` էջ 130-133, Մուտուրկա` էջ 133-137, Սողջերմուկ` էջ 151-155, Շխնոց` էջ 156-161, Կան` էջ 162-171, Չիֆթլիք` էջ 171-175, Կէզ` 176-180, Իլիճա` 181-183):
- [51] Ըստ Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Ermeniler 1915 Öncesinde Osmanlı İmparatorluğu’nda, İstanbul, Aras Yayıncılık, 2012, s. 431-435 եւ Nişanyan Yeradları (Index Anatolicus) կայքի (https://www.nisanyanyeradlari.com/):