Այնթապ – Արհեստներ

Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 01/06/23 (վերջին փոփոխութիւնը՝ 01/06/23)

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Այնթապը աստիճանաբար դառնում է տնտեսապէս կայուն եւ զարգացող քաղաք, ինչի հիմնական գործօններից մէկը արհեստների առաջընթացն էր: Այնթապն առանձնանում էր մանուսայի եւ այլ հիւսուածքների ար­տա­դրութեամբ, օճառաշինութեամբ, կօշկակարու­թեամբ, գինեգործութեամբ, պղնձագործութեամբ, ոսկերչութեամբ, ասեղնագործութեամբ, ինչպէս նաեւ տարատեսակ անուշեղէնի (բեստիլ, սուջուք, բեքմեզ) արտադրութեամբ եւ այլն [1]: Գրիգոր Գուտուլ­եանը նոյնպէս տեղական արտադրանքներից առանձնացնում է բարձրորակ մանուսան եւ սեկը, կաշուէ ապրանքները եւ պղնձեղէնը: Նշանաւորէին Այնթապի օղին ու ձէթը, առաջընթաց էին ապրել ջուլհակութիւնը, օճառագործութիւնը եւ ժանեկագործութիւնը [2]: Նշւում է, որ քաղաքի արհեստաւորների 3/4-ից աւելին հայ էր [3]: Այնթապը Ալեքսանդրետ նաւահանգստի միջոցով հաղորդակցւում էր Զմիւռնիայի, Բէյրութի, Կ. Պոլսի առեւտրային հրապարակների հետ: Այնթապից արտահանւում էին մեծ քանակութեամբ ալաճա, կաշի, չիր եւ պիստակ [4], այծի մազ, կաշուէ իրեր եւ այլն [5]:

Կաշեգործութիւն (խաղախորդութիւն)

20-րդ դարի սկզբին կաշեգործութիւնը, ինչպէս մանուսայագործութիւնը, շարունակում էր մնալ առաջնային դիրքերում. քաղաքի բնակչութեան գրեթէ 3/8-ը զբաղւում էր այս երկու արհեստով [6]: Ժամանակի մամուլի բնորոշմամբ եւս, Այնթապի արհեստների մէջ կաշեգործութիւնը երկրորդ տեղում էր՝ մանուսայագործութիւնից յետոյ [7]: Այս արհեստում ներգրաւուած էր 160-170 վարպետ: Արտադրուած «սախթիյան»ը (կաշի) չափազանց որակեալ էր՝ մրցակցութիւնից գրեթէ դուրս: 1908 թ. դեղին կաշուի օխան արժէր 32-36, իսկ կարմիր կաշուինը՝ 42-45 ղուրուշ: Արտադրուած կաշուի միայն փոքր մասն էր գործածւում տեղական կօշիկի պահանջարկի համար: Մեծ մասը արտահանւում էր Հալէպ, Եգիպտոս եւ այլուր [8]:

Կաշեգործութիւնը մինչեւ 1870 թ. միայն հայերի ձեռքում էր գտնւում, այնուհետեւ այլ ազգերի ներկայացուցիչներ եւս ներգրաւուեցին: Այնթապի բերդի հիւսիսային կողմի թաղերի (ծանօթ էին «Թապագխանէ» անունով) բնակիչները զբաղւում էին կաշեգործութեամբ, կաշուէ տարբեր իրերի արտադրութեամբ: Ոլորտում ներգրաւուած գլխաւոր վարպետները 35-ն էին: Շուրջ 10.000 հոգի ապրում էր կաշեգործութիւնից ստացուած եկամուտով: Կաշեգործների իւրաքանչիւր խումբ, ենթադրւում է, կազմուած էր մէկ վարպետից եւ 4-5 աշխատողից: Կային չմշակուած մորթին մաքրողներ, մորթին կաշուի վերածողներ, փայլեցնողներ եւ այլն: Ընդհանրապէս, բոլոր աշխատակիցների կենսամակարդակը միջինից ցածր էր: Բարեկեցիկ ապրելու համար միայն վաճառական-վարպետների շահոյթն էր բաւարար, սակայն նրանք հազիւ 5%-ն էին կազմում [9]:

Աւանդւում է, որ արհեստը 1830-ական թուականներին Այնթապ է բերել Պարսկաստանից Տիարպեքիր գաղթող Վանըսեան ընտանիքից Վանըս օղլու Յարութիւնը: Նրա բերածը արհեստի կատարելագործուած ձեւն էր, որն արագ տարածում է գտնում: Նշանաւոր հայ վարպետներից էին Վանըսեան, Գասարճեան, Սրապիոնեան, Բանոյեան, Ատանալեան, Տիւզտապանեան ընտանիքները, նաեւ բազմաթիւ Թապագեաններ, որոնք արհեստի բերումով կորցրել էին իրենց նախկին ազգանունները [10]:

Այնթապի յայտնի վաճառականներից Յակոբճան Եագուպեանն եւս զբաղւում էր կաշուի, ինչպէս նաեւ սուրճի ու շաքարի առեւտրով: Նրա գրասենեակը գտնւում էր «Միլլէթ խան»ում [11]:

1915 թ. կաշեգործութիւնը Այնթապում հասել էր իր զարգացման բարձրակէտին, հնարաւոր էր դարձել եւրոպական ձեւի կաշուի արտադրութիւնը՝ ոտնամանների երեսի եւ տակի համար: Մինչեւ 1910 թ.՝ օգտագործուող ներկերը տեղական էին, միւս նախանիւթերը ներկրւում էին: Արտադրանքը լայն տարածում ունէր, արտահանւում էր Կիլիկիայի տարբեր քաղաքներ, յարակից նահանգ¬ներ, Եգիպտոս, մինչեւ իսկ Սուդան եւ Հնդկաստան [12]: Բանուած դեղին կաշին մեծ քանակութեամբ արտահանւում էր Եգիպտոս եւ Թունուզ [13]:

Կօշկակարութիւն

Արհեստի ձեւաւորումը կարելի է համարել 1860-ական թուականները: Այնթապում կօշկակարութեամբ զբաղուող 40 խանութ կար, որոնցից իւրաքանչիւրում աշխատում էր 5-10 կօշկակար: Արհեստաւորների ապրուստը միջին, երբեմն միջինից մի փոքր բարձր էր [14]:

Հիւսուածեղէն

Հիւսուածեղէնի արտադրութիւնը իր տարբեր ճիւղաւորումներով հին եւ լայն տարածում ունեցող արհեստ է: Կային բրդի, բամբակի եւ մազի վրայ աշխատող զանազան արհեստաւորներ: Մազով հիւսում էին պարկեր, վրաններ: Կային կապա եւ մաշլահ պատրաստող արհեստաւորներ: Կապայագործները ընդհանրապէս հայեր էին: Այս արհեստով իր ապրուստն էր վաստակում շուրջ 60 ընտանիք [15]:

Կարապետ Գարղայեանը (յիշատակւում է նաեւ Գարկայեան ձեւով), Ազգային Ներսէսեանվարժարանն աւարտելուց յետոյ սկսում է զբաղուել հիւսուածեղէնով: Կարճ ժամանակ անց դառնումէ մանուսա վաճառող վարպետների խմբի կարեւոր անդամներից մէկը, հաստատում վաճառատուն«Իքի կափուլու խանում»: «Գարկայեան» տունը մասնաճիւղեր է բացում նաեւ Խարբերդում ուՍեւերեկում: Այնթապում ընկերութիւնն առաջինն է ձեռնարկում հիւսուածեղէնի մեքենայացմանգործընթացը՝ հաս­տոց ներկրելով Անգլիայից [16]: Կարապետ Գարկայեանի գործը շարունակում են աւագ որդին՝ Նուպարը եւ փեսան՝ Հրանդ Պարսումեանը, բայց արդէն՝ Հալէպում եւ Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ուր հաստատւում են 1915 թ. տեղահանութեան ժամանակ եւ նրանից յետոյ: Այստեղ նրանք սկսում են զբաղուել նաեւ «տպածոյ» կտորեղէնի արտադրութեամբ [17]:

Հիւսուածեղէնի, կտորի եւ տպածոյի վաճառականութեամբ զբաղուող տներից յիշատակւում են Քէօրճէմեան (հետագայում դարձել են Գարամանուկեան) եւ Պազարպաշեան ընտանիքները: «Գուզուկեան» եւ «Պարսումեան» տները մասնագիտացել էին եազմա եւ չեմպէր տպելու գործում [18]:

Բնիկ այնթապցի Գէորգ Գուզուկեանը եղբայրների հետ Այնթապում հիմնադրում է «պասմաճիութեան եւ եազմաճիութեան»՝ կտորի վրայ դաջելու եւ դաջելով նկարազարդելու արհեստը: Գուզուկեանը, շնորհիւ իր գեղարուեստական ճաշակի ու յաճախակի ճամփորդութիւնների, ստեղծում է անհատական կաղապարներ եւ, տիրապետելով ներկելու գաղտնիքներին, սկսում է արտադրել գեղեցիկ գործեր: Նա արհեստը աստիճանաբար զար¬գացնում է ու վերածում ընտանեկան գործի: Նրա հիմնադրած արտադրութիւնը ստեղծում է աշխատատեղեր նաեւ այլ ընտանիքների համար: Գուզուկեանը հետզհետէ մասնաճիւղեր է բացում նաեւ տարբեր քաղաքներում եւ ամենուր հասնում մեծ յաջողութեան [19]:

1890-ական թուականներին բամբակեայ գուլպայագործութիւնը Այնթապում նոր էր զարգանում, կար 5-6 մեքենայ: 1895 թ. յետոյ այնթապցիները սկսում են արտադրել բաղնիքի պարագաներ, որոնք բաւարարում էին միայն տեղական սպառողի պահանջները [20]: Բաղնիքի սրբիչներ, անձեռոցիկներ եւ նման պարագաներ արտադրող 10 դազգահ էր գործում: Այս արհեստի վարպետները բոլորը հայեր էին [21]:

Կարպետագործութիւն

19-րդ դարի կէսերին Այնթապում կային կարպետ (քիլիմ) գործող բաւականաչափ դազգահներ՝ տեղական պահանջները բավարարելու համար: Աստիճանաբար ավելանալով, դազգահների թիւը 20-րդ դարի սկզբին հասնում է 150-ի [22]: Այլ տուեալներով, Այնթապում կարպետներ, գօտիներ, շալեր, անձեռոցիկներ գործող 200 դազգահ կար, որոնց վրայ աշխատում էր 1.500 հոգի [23]: Տեղական եւ եւրոպական բրդէ թելերից գործւում էին քիլիմներ, պատրաստւում էին նաեւ մանածով՝ խառը, ինչպէս նաեւ միայն մանածով կարպետներ՝ ըստ պահանջի: Վարպետների մեծամասնութիւնը հայ էր, իսկ բանուորները հայեր եւ թուրքեր էին: Ապրանքն արտահանւում էրՀալէպ եւ դէպի հարաւ՝ արաբական այլ երկրներ, ինչպէս նաեւ Ադանա, Զմիւռնիա, Կ. Պոլիս ու շրջակայ բնակավայրեր [24]: Յիշատակւում է, որ Աւետիք Կիւլեսէրեանը [25] Այնթապի բաց շուկայումկարպետի ու հագուստի վաճառակէտ ունէր [26]:

Գորգագործութիւնը Այնթապում չունէր ընդարձակ արտադրութիւն: Այս ասպարէզում առաւելյայտնի էր Ուզունեան ընտանիքը [27]:

Գօտեգործութիւն

Գօտեգործութիւնը մուտք է գործում Այնթապ 1895 թ.՝ կիւրինցիների միջոցով: Գօտիները հիւսւում էին պարսկական գօտիների (շալ) նմուշով եւ բաւականին լայն տարածում ստանում: Արհեստաւորները հիմնականում հայեր էին, աշխատում էր մօտ 100 մեքենայ: Արհեստը իւրաքանչիւր տարի աւելի էր ընդարձակւում եւ զարգանում: Յայտնի էին «Աբանեան», «Կետիկեան», «Մերտխանեան» տները [28]: Կիւրինի գօտու ճիւղով էին զբաղւում յատկապէս Եաղսըզեանները, որոնց արտադրան­քը մեծ սպառում ունեցաւ յատկապէս 1908 թ.ից յետոյ: Այն վաճառւում էր ինչպէս Այնթապում, այնպես էլշրջակայքում [29]:

Դերձակութիւն

Դերձակութիւնը առաւել հին արհեստների թուին է պատկանում: Նախապէս կարում էին աւանդական ձեւի հագուստներ, նաեւ՝ բարձրորակ կերպասից եւ ոլորուած դերձանից: Եւրոպական հագուստներ սկսում են կարել միայն 1890 թ.ից յետոյ: Նախապէս կար 10 խանութ, իւրաքանչիւրում՝ 3-5 աշխատող: Այս բնագաւառում յայտնի էին Ռագըպեանը, Մաթոսեանը, Պոշկեզէնեանը, Պիւլպիւլեան Թերզի Միհրանը եւ այլն: Աւանդական հագուստի դերձակների խանութների թիւը սկզբնապէս 30-ից աւելի էր, այնուհետեւ նուազում է՝ դառնալով 15: Իւրաքանչիւր խանութում կար՝ 2-3 աշխատող: Նշանաւոր տներն էին «Միսիրեան», «Հատիտեան», «Չէքիչճեան», «Տէր Սարգիսեան» եւ այլն [30]:

Ասեղնագործութիւն

Այն­թա­պի ասեղնագործութեանը վերաբերող արժէքաւոր տեղեկու­թիւն­ներ են պահպանուել պրոֆ. Ալեքսան Պէզճեանի, ինչպէս նաեւ Նիւ Եորքում հաստատուած Արուսեակ եւ Ֆերտինանտ Գայմագամեանների՝ Վարդուհի Սեֆէրեան-Գայմագամեանի մասին գրած յուշերում: Վերջինս 1835 թ. ծնուել էր Այնթապում: Նա իր ժամանակի հազուագիւտ գրագէտ կանանցից էր Այնթապում: Նախքան իգական դպրոցների հաստատումը, նա տնային պայմաններում կրթում էր աղջիկներին՝ սովորեցնելով նաեւ կար ու ձեւ ու ձեռագործ [31]: Ինչպէս նշում է Հրազդան Թոքմաճեանը, վերոնշեալ վկայութիւններից պարզ է դառնում, որ տնային պայմաններում ասեղագործութիւն սովորեցրել են 1840-ական թվականներից [32]:

Յատկանաշական է, որ 1877 թ. հիմնադրուած Հայկանուշեան վարժարանի համար դրամականլրացուցիչ մուտք էր ապահովում տարեվերջեան ձեռագործի վիճակահանութիւնը: Նոյն դպրոցում 1900-1907 թթ. սովորել է Արշալոյս Ալաճաճեան- Նաշալեանը, որը ի թիւս այլ առարկաների, դասաւանդել է նաեւ ձեռագործ [33]:

Այնթապի ասեղնագործութեան օրինակներ։ Լուսանկարիչ՝ Հրաչ Թոգաթլեան։

Ձեռագործի առանձնակի կարեւորութիւնը եւ անհրաժեշտութիւնը տուեալ ժամանակահատուածում յստակ երեւում է յատկապէս Հայկանուշեան վարժարանի դասացուցակից:

Ձեռագործին յատկացուած դասերը բաշխուած էին հետեւեալ կերպ.

  1. Ա. տարի – ձեռագործ, «խարճ» հիւսելու սկզբնաւորութիւն՝ 8 դասաժամ:
  2. Բ. տարի – ձեռագործ, շարունակութիւն «խարճի» եւ սկզբնաւորութիւն ասեղնագործ տանթելի եւ «Այնթապու նախշ»ի՝ 8 դասաժամ:
  3. Գ. տարի – ձեռագործ, շարունակութիւն նախորդի, աւելի բարդ օրինակներ, սկզբնաւորում «պրոտէ»ի, «քանավելա» եւ «Այնթապու նախշով» նուրբ գործեր՝ 8 դասաժամ:
  4. Դ. տարի – ձեռագործ թաւիշի ու բեհեզի վրայ, մետաքսով եւ ուլունքով գործեր, «պրոտէ» եւ այլն՝ 8 դասաժամ:
  5. Ե. տարի – ձեռագործ, շարունակութիւն մետաքսէ նուրբ գործերի, զանազան՝ 8 դասաժամ:
  6. Ձեռագործին տրամադրուած դասաժամերը աւանդուող այլ առարկաների համեմատ ամենաշատն էին. որեւէ այլ առարկայի շաբաթական 8 դասաժամ չէր յատկացւում [34]:

Այնթապի ասեղնագործութիւնն ունի իրարից բոլորովին տարբեր գլխաւոր երեք տեսակ. 

  1. ա) պարզ ասեղի գործ կտաւի վրայ կարի ձեւով, 
  2. բ) Օյա կոչուածը, որ գաւառացի հայ կանայք հաստ դերձանով էին պատրաստում, առանց ասուի, միայն դերձանով,
  3. գ) Թել կտրելու կամ թել քաշելու գործը, որը պատրաստւում է ասուի թելերից ոմանք կտրելով եւ բացուածքը նուրբ ասեղնագործութեամբ լցնելով [35]:

Ձեռագործի առաջին տեսակը հեշտութեամբ հնարաւոր եղաւ գործածել, քանի որ հայ կանայք հնուց ի վեր իրենց գոգնոցների վրայ կիրառում էին այն, եւ որոշ չափով փորձառութիւն ունէին: Օյա տեսակը միայն թելով (բամբակեայ, մետաքսեայ) էր պատրաստւում եւ գործածւում էր որպէս օձիք կամ բարձի երեսների եզրերի զարդ: Սրանց գունաւոր տարբերակները օգտագործւում էին կանանց գլխաշորերի եզրերը զարդարելու համար: Սակայն թել քաշելու գործը բաւականին հմտութիւններ եւ որոշակի գիտելիքներ էր պահանջում եւ այդքան էլ հեշտ չէր իւրացնելու համար [36]:

Ասեղնագործութիւնն Այնթապում առաջընթաց ունեցաւ եւ գումար վաստակելու միջոցի վերածուեց աբդուլհամիդեան ջարդերից յետոյ: Մեծ թուով տղամարդկանց ոչնչացումից յետոյ գումար վաստակելու անհրաժեշտութիւնը կանանց մղում է փնտրելու աշխատանքի նոր հնարաւորութիւններ: Էլիզա Սաչագլեանի վկայութեամբ, Այնթապում ասեղնագործութեամբ գումար աշխատելու առաջին փորձերը կատարել են վերջինիս հօրաքոյրը՝ Խաչխաթուն Կեմիճեանը ու մայրը՝ Թրուանտա Տէր Մելքոնեանը, որոնք ոչ միայն ստեղծում էին գեղեցիկ աշխատանքներ, այլեւ վաճառում դրանք [37]:

19-րդ դարի երկրորդ կէսին Այնթապում հաստատուած ամերիկացի միսիոնարուհի Ֆենի Շեփըրտը մեծապէս օժանդակում է այս գործի հաստատմանը եւ վաճառքին: Տարիների աշխատանքի եւ ներդրումների շնորհիւ՝ 1906-1907 թթ. ասեղնագործութեան գործը Շեփըրտի ղեկավարութեամբ այնպէս է ընդարձակւում, որ պատուէրները հազիւ էին կարողանում բաւարարել: Աշխատանքի այս շրջանում կային 2500-ից աւելի գործաւորուհիներ: Կար նրանց աշխատանքը ընդունող, սխալները շտկող եւ նրանց վարձը վճարող մէկ աշխատակցուհի, ինչպէս նաեւ մէկ քարտուղար-գծագրիչ: Վերջինիս գործառոյթն էր ասեղնագործութեան համար նմուշներ գծագրել, հաշիւները պահել եւ գծագրութիւն կատարել [38]: Ինչպէս նշում է Գրիգոր Պօղարեանը, այդ վստահելի գծագրիչը եւ քարտուղարը Յովակիմ Պագգալեանն էր: «Այնթապի գործ (նախշ)» անունով ասեղնագործութեան այս ոճը մեծ ճանաչում է ձեռք բերում յատկապէս Շեփըրտի եւ Պագգալեանի համագործակցութեան շնորհիւ [39]:

Ֆենի Շեփըրտը իր տանը եւս բացում է ձեռագործ-ասեղագործութեան դպրոց՝ իր գործաւորուհիներից ընտրելով ամենակարիքաւորներին: Դպրոցում ընգրկւում են 9-11 տարեկան 12 աղջիկ, որոնք ձեռագործ-ասեղանագործութիւնից բացի սովորում էին նաեւ գրել ու կարդալ: Դպրոցն աւարտած աշակերտուհու փոխարէն ընդունւում էր նոր աղջիկ: «Այնթապի ձեռագործ» անունով յայտնի աշխատանքները յաջողութեամբ մրցում էին արտասահմանեան օրինակների հետ եւ վաճառւում «հարիւրէն հարիւր» շահոյթով: Պատուէրները լինում էին Ամերիկայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Եգիպտոսից եւ այլ վայրերից [40]:

Ժամանակի մամուլը եւս Այնթապում ասեղնագործութիւնը բաւական շահաւէտ գործ էր համարում: Նշւում է, որ սպառման հիմնական շուկան Ամերիկան էր, արտահանւում էր նաեւ Անգլիա ու եւրոպական այլ երկրներ: Շաբաթական վաճառւում էր 300 լիրայի ասեղնագործութիւն, որից 200 լիրան գործողների աշխատավարձն էր [41]:

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Գրաճեան եղբայրները զբաղւում էին ասեղնագործութիւնների արտադրութեամբ ու վաճառքով: Եղբայրներից Աւետիսը 1907 թ. մեկնում է Ֆրանսիա ընտանեկան գործն ընդլայնելու համար, Նազար Գրաճեանը եղբայրների եւ քրոջ՝ Խանում Լեյլէկեանի համագործակցութեամբ Լոնդոնում Այնթապի ասեղնագործական արտադրութեան վաճառատուն է հիմնում [42]:

Կարուճ Գարամանուկեանը (Ճիվան Կարուճ) սեփական ջանքերի ու աշխատանքի շնորհիւ դառնում է Այնթապի մեծանուն վաճառականներից ու կալուածատէրերից մէկը: Գարամանուկեանի կարողութիւնը կազմում էր 45.000 օսմ. ոսկի, որից 15.000-ը յատկացուած էր անշարժ կալուածներին (քաղաքում՝ խանութներ, իսկ գիւղերում՝ արտեր, այգիներ ու պիստակենիների պարտէզներ), որոնք մեծ շահոյթ էին ապահովում: Գարամանուկեանը 15.000 ոսկի ներդրել էր ասեղնագործութեան ոլորտում, այնթապցի 4-5 հազար կին նրա պատուէրով պատրաստում էին ձեռագործ-ասեղնագործութիւններ («Այնթապի նախշ»): Պատրաստի աշխատանքներն արտահանւում էին ԱՄՆ: Արտադրանքի սպառումը ապահովելու նպատակով նախապէս ԱՄՆ էր ուղարկուել Կարուճի որդին՝ Մովսէս Գարամանուկեանը: Գումարի երրորդ մասը՝ 15.000 ոսկին, Գարամանուկեանը յատկացրել էր Սուպուրճու պողոտայում գտնուող մանուֆակտուրայի ընդարձակ վաճառանոցին [43]:

Ոսկերչութիւն

Ոսկերչութիւնը սկսել է զարգանալ 1750-1800 թվականներին: Այնթապում դա հայերին պատկանող արհեստներից էր: Պատրաստուած գործերը այնքան յղկուած ու նրբաճաշակ էին, որ իրաւամբ կարող էին արուեստի գործեր համարուել: 19-րդ դարի սկզբին ոսկերչութեան բնագաւառում առաւելապէս պատրաստւում էին զարդեր, եկեղեցական սպասք՝ բուրվառ, սկիհ, կանթեղ, քշոց, աշտանակ, խաչ, Ս. Գրքի ու աղօթագրքերի կազմեր եւ այլն: 1850-ականներից սկսած լայն տարածում են գտնում սեղանի սպասքն ու կանացի առաւել նորաոճ զարդերը: Ոսկերչութեան մաս էին կազմում նաեւ փորագրութիւնն ու քանդակը: Սկզբնական շրջանում սպառումը իրականացւում էր միայն տեղում եւ շրջակայ գիւղերում: Մինչեւ 1900 թ. հումքը հայթայթւում էր տեղում՝ հին դրամները կամ մաշուած առարկաները ձուլելով, այնուհետեւ սկսում են ներկրել Եւրոպայից ու Ամերիկայից [44]:

Ոսկերչութիւնն Այնթապում իր բարձրակէտին է հասնում հայ վարպետների ստեղծած զարդերի՝ մատանիների, ապարանջանների, ականջօղերի, ժամացոյցի նուրբ շղթաների, խաչերի եւ այլնի շնորհիւ: Յատկապէս նշանաւոր էին անթիքա կոչուած ակով մատանիները: Ակերի հումքը հանւում էր Այնթապի հիւսիս-արեւելեան կողմում գտնուող Քեպէր կոչուած բլրից: Ակերն ունէին թափանցիկ կարմիր ու մուգ կարմիր գոյներ: Մատանիները կոչւում էին անթիքա այն պատճառով, որ դրանց վրայ հռոմէացի զինուորի, կանանց կամ այլ փորագրութիւններ կային: Նմանատիպ մատանիները շատ պահանջուած էին Այնթապի ունեւոր ընտանիքներում [45]:

1915 թ. Այնթապում կային հայերին պատկանող 50-ից աւելի ոսկերչական խանութներ, որոնցից իւրաքանչիւրն ունէր 3-5 աշխատակից: Նշանաւոր էին «Նազարեան», «Տաղլեան», «Տաւոյեան», «Բանճարճեան» ոսկերչական տները: Այս ընտանիքների վարպետներից առաւել յայտնի էին Կարապետ Տաղլեանը, նրա որդիներ Գէորգը եւ Գրիգորը, Դաւիթ եւ Ռուբէն Տաւոյեանները եւ ուրիշներ: Այս ընտանիքները ոչ միայն լաւ արհեստաւորներ էին, այլեւ շարունակաբար իրենց ներդրումն են ունեցել ազգային գործերում ու ձեռնարկներում:

Այնթապի մեծանուն Նազարէթեան տոհմը նոյնպէս զբաղուել է ոսկերչութեամբ [46]: Նազար աղա Նազարէթեանը (1815-1887) հմուտ ոսկերիչ էր եւ յայտնի վաճառական, միեւնոյն ժամանակ՝ Այնթապում Պարսկաստանի հիւպատոսը: Նա քաղաքում առաւել յայտնի էր Կարա Նազար (Սեւ Նազար) անունով: Նրա անունով էր կոչւում Այնթապի հանրածանօթ «Նազար աղա մեծ խանը», որը կառուցել էր աւագ որդին` Նիկողոս աղա Նազարէթեանը [47]:

Ինչպէս նշուեց, Այնթապի ոսկերչութեան ասպարէզում աւանդոյթներ ունեցող ընտանիքներից էին Նազարեանները: Ոսկերիչ Կարապետ Նազարեանի աւագ որդին՝ Յարութիւնը ոչ միայն բարձրակարգ արհեստաւոր էր, այլ նաեւ յայտնի էր իր բարեգործութեամբ: Նա մշտապէս օժանդակում էր մշակութային ձեռնարկներին, Վարդանեան եւ Հայկանուշեան վարժարանների խնամակալներից էր: Իր կատարած նուիրատուութիւնների համար բազմաթիւ անգամ արժանացել է Կիլիկիոյ Սահակ Բ. Խապայեան կաթողիկոսի (1902-1939) կոնդակներին [48]:

Ոսկերչական ասպարէզում իր լուրջ ներդրումն ունի Գալէմքեարեան ընտանիքը: Գալէմքեար Կարապետը, նրա որդի Մելքոն Գալէմքեարեանը եւ վերջինիս զաւակները պատրաստում էին եկեղեցական առարկաներ եւ դրանք զարդարում իրենց իւրօրինակ փորագրութիւններով ու քանդակներով [49]:

Պղնձագործութիւն

Պղնձագործութիւնն ամենահին արհեստներից է: Այն ունէր երկու ճիւղ: Առաջինը՝ պղնձի կտորները հալեցնող, զտող, ձուլող վարպետներն էին: Այս գործում յայտնի էին Մարաշից եկած Սարգիս եւ Յովհաննէս Եաղլեան եղբայրները: Երկրորդը թերթիկ բացողներն ու բացուած թերթերից տարբեր առարկաներ պատրաստողներն էին:

Պղնձագործութիւնն Այնթապում նոյնպէս յատուկ էր հայերին: Պղնձագործ վարպետների աշխատանքներն այնքան յղկուած էին, որ իրաւամբ արուեստի նմուշներ կարող էին համարուել: Հայ վարպետների թէ´ պղնձով եւ թէ՛ արծաթով պատրաստած աշխատանքները հեշտութեամբ մրցում էին եւրոպականի հետ: Արհեստը աւելի լայն թափ է ստանում 1840-50-ական թուականներին: Հիմնականում պատրաստում էին խոհանոցային եւ կենցաղային պարագաներ, օղու թորիչ կաթսաներ, տարատեսակ կրակարաններ, ինքնաեռներ եւ այլն: Այնթապում պատրաստուած պղնձեայ իրերը 1880-ականներին սկսում են նաեւ արտահանուել: Հիմնական շուկաներն էին Ադանան, Զէյթունը, Մալաթիան, Սեւերեկը, Ուրֆան, Անտիոքը, Հալէպը եւ Դամասկոսը: Այնթապում պղնձագործութեան 60-ից աւելի խանութներ կային, իւրաքանչիւրը՝ 4-10 աշխատողով: Արհեստը նրանց ապահովում էր միջին բարեկեցութիւն, կային նաեւ հարստութիւն ձեռք բերած վարպետներ: Պղնձեայ իրերի պահանջարկը բաւարարելու համար 1910 թ. Մովսէս Տեմիրճեանը Այնթապ է ներմուծում պղնձեղէն պատրաստող մեքենայ [50]:

19-րդ դարի սկզբին Գալայճը Կարապետ խալֆէն սկիզբ է դնում մետաղեայ իրերի վրայ փորագրութեանն ու քանդակին՝ «գալէմքեար»ութեանը (փորագրութիւն) եւ հասնում մեծ յաջողութիւնների: Այնուհետեւ «Գալայճը» մականունը փոխւում է «Գալէմքեարեանի» [51] (գալէմքեար նշանակում է փորագրելու գրիչով՝ ղալամով աշխատող, շահող կամ ուղղակի փորագրիչ [52]): Մելքոն Ուստան ընտանեկան արհեստը վերածում է արուեստի՝ իր քանդակած ու փորագրած աշխատանքները կնքելով «Մելքոն Գալէմքեարեան եւ Որդիք» կնիքով: Մելքոնը վարպետացած էր նաեւ հիւսնութեան մէջ, լայն գիտելիքներ ունէր ճարտարագիտութիւնից եւ մեքենագիտութիւնից: Մելքոնի որդին՝ Յարութիւն Գալէմքեարեանը ցուցաբերում է բացառիկ ունակութիւններ գծագրութեան մէջ եւ 11 տարեկանից ընդգրկւում ընտանեկան գործում [53]:

Գալէմքեարեանները կատարելագործում էին իրենց պատրաստած իրերը ոչ միայն գեղարուեստօրէն, այլեւ աշխատում էին դրանք կիրառութեան աւելի յարմար դարձնել: Մելքոն Գալէմքեարեանն է հնարում թորիչ կաթսայի կատարելագործուած տարբերակը՝ շրջանակաձեւ խողովակաշարով, որն աւելի ճշգրիտ էր ցոյց տալիս օղու աստիճանը [54]: Ինչպէս նշում են ժամանակակիցները, վարպետ Մելքոնը որեւէ գործ սկսելիս նախ պատրաստում էր անհրաժեշտ գործիքները, սալերը, մուրճերը, եւայլն: Նախապատրաստական աշխատանքները երբեմն աւելի երկար էին տեւում, քան բուն գործը [55]:

Մելքոն Գալէմքեարեանի նշանաւոր գործերից է Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցու ջահը, որը վարպետը 1897 թ. նուիրում է եկեղեցուն: Ջահը մեծ վարպետութեամբ եւ գեղեցիկ համաչափութիւններով կոփածոյ ստեղծագործութիւն էր. նա ունէր 12 ոճաւորուած ճիւղեր, որոնց վրայ տեղադրուած էին լամպերը, ճիւղերի միջեւ ընկած մասերում տեղաւորուած էին դէպի ներքեւ նայող 12 համաչափ, թեւատարած հրեշտակներ: Բացառիկ վարպետութեամբ էր պատրաստուած նաեւ 1915 թ. տեղահանութիւնից առաջ շինուած կրակարանը [56]:

Ընդհանրապէս, Գալէմքեարեանների կերտած ջահերը, սկիհները, քշոցները, բուրվառները, բաժակները եւ ափսէները համարւում էին շքեղութեան ու պերճանքի առարկաներ աշխարհի տարբեր կողմերում: Նրանց պատրաստած բազմաթիւ կրակարանները, թէյի եռոցները, կոնքերը, արծաթեայ ու ոսկեջրած ափսէները եւ սպասքի այլ պարագաները զարդարում էին շատ մեծամեծների տներ [57]:

Այնթապից բերուած պղնձեայ շերեփ (Փիրանեան/Փափազեան հաւաքածոյ, Լոս Անճելըս)։
Այնթապից բերուած պղնձեայ ափսէ (Փիրանեան/Փափազեան հաւաքածոյ, Լոս Անճելըս)։
Այնթապից բերուած պղնձեայ խորունկ աման (Փիրանեան/Փափազեան հաւաքածոյ, Լոս Անճելըս)։
Այնթապից բերուած պղնձեայ մատնոցներ (Փիրանեան/Փափազեան հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

Գալէմ­քեար­եան ընտանիքի գործունէութիւնն ծաւալուել է շուրջ 200 տարի: Նրանք աշխատել են երեք տարբեր քաղաքներում: Այնթա­պի խանութ-արհեստանոցը գտնւում էր ոսկերիչների շուկայի սկզբում: Հին, կամարակապ շուկայում Մելքոն վարպետի հարեւանն էր ոսկերիչ Գրիգոր Տաղլեանը: Խանութի վրայ երկրորդ յարկում թուրքական դպրոց էր: 1915 թ. բռնագաղթից յետոյ Գալէմ­քեար­եանները հաստատւում են Դամասկոսում եւ աշխատում Համիդիէ շուկայում: Զինադադարից յետոյ վերադառնում են Այնթապ, սակայն որոշ ժամանակ անց ենթարկւում են նոր բռնագաղթի՝ թողնելով Այնթապը վերջնականապէս: Գալէմքեար­եանները կրկին հաստատւում են Դամասկոսում, 1924 թ. տեղափոխւում Հալէպ, որի Խանտակ փողոցում հիմնադրում են մինչեւ 1961 թ. գործած աշխատանոցը [58]: Այնթապի, եւ ոչ միայն Այնթապի, արծաթագործութեան ու պղնձագործութեան ոլորտում մրցակցութիւնից դուրս էր Գալէմ­քեար­եան ընտանիքը՝ իր կերտած աշխատանքների ինքնատիպութեամբ:

Այնթապում պղնձեայ եւ արծաթեայ իրեր պատրաստելու, դրանք փորագրելու եւ քանդակելու գործում յայտնի էին նաեւ Արսլանեանները՝ Արսլան Կարապետի տղաները՝ Ներսէսը, Ատուրը եւ Յովհաննէսը, որոնք առաւել յայտնի էին «Պապաշահի տղաքը» անունով: Նրանք ստեղծում էին խոհանոցի սպասք, զարդանօթներ, կանթեղներ, նախշազարդում էին Ս. Գրքերի կազմեր եւ այլն [59]: Գէորգ Յ. Պարսումեանը նշում է, որ այս ընտանիքի չորս սերնդի ներկայացուցիչներ զբաղւում էին պղնձագործութեամբ, ու յիշատակում նրանց անունները՝ Ասլան Պապա, Գարնը Պէօյիւք, Պապա Շահ եւ Ջհուտ Ասլան:

Ոլորտում յայտնի էին նաեւ «Գնաճեան», «Արըճեան», «Սրապիոնեան», «Մաղաքեան», «Մանուկեան» (Կեաւուր Մանիկ), «Փաթանեան» տները: Գնաճեանը, Ասլան Պապան, Գարնը Պէօյիւքը նաեւ վաճառական-պղնձագործներ էին: Որպէս լաւ արհեստաւոր­ներ յայտնի էին նաեւ Պարպարա Կարուճ (Կարապետ) վարպետը, Սրապիոն Սրապիոնեանը, Ներսէս Մանուկեանը, Գէորգ Փաթանեանը եւ ուրիշներ [60]: Մեծի Տանն Կիլիկիոյ Բաբգէն Ա. Կիւլեսէրեան աթոռակից կաթողիկոսի (1931-1936) եղբայրներ Ներսէսն ու Գէորգը նոյնպէս պղնձագործ-անագիչներ էին [61]: Գնաճեան ընտանիքի արտադրած կամ վաճառած պղնձեղէնը մեծ սպառում ունէր Ադանայից մինչեւ Մալաթիա, Ուրֆայից մինչեւ Դամասկոս [62]:

Պերճ Կարապետեանը 1815-1915 հարիւրամեակի հայ պղնձագործների շարքում յիշատակում է այնթապցի հետեւեալ վարպետներին, որոնց անունները քաղել է պղնձեայ անօթների հայերէն արձանագրութիւններից. Յակոբ Ուստա, Մինաճի Մահտեսի Յակոբ եւ որդիներ, մէկ ուրիշ Յակոբ, Արթին, Յնս. Պոշկէծէնեան [Պոշկեզէնեան], Արսլան Պապա եւ որդիներ, Արսլանեան եղբայրներ, Գրիգոր Պոշկեզէնեան, Էղիեա Եսայեան, Գարայեանի որդի Իպրահիմ, Մելքոն Գալէմքեարեան, Յակոբ Գնաճեան, Յարութիւն Պէրպէրեան, Ներսէս Մանուկեան, Ներսէս Չորպաճեան, Սարգիս Չեմպէրճեան [63]:

Երկաթագործութիւն եւ դարբնութիւն

Երկաթագործութիւնն ու դարբնութիւնը լայն տարածում ունեցող հնագոյն արհեստներից էին: Վարպետները պատրաստում էին երկրագործութեան, որմնադրութեան, հիւսնութեան, պայտարութեան եւ միւս արհեստներում կիրառուող գործիքները: Պատրաստուած իրերը ոչ միայն բաւարարում էին քաղաքի եւ շրջակայ գիւղերի պահանջները, այլեւ արտահանւում էին:

Մինչեւ 1870-ական թթ. հումքը ներկրւում էր Զէյթունի երկաթահանքերից: Հաւաքում եւ օգտագործում էին հին ու մաշուած երկաթեայ իրերը նոյնպէս: 1880-ական թթ. հումքի ներկրման գործն ընդլայնւում է: Քաղաքում կար 50-ից աւելի խանութ՝ մի մասը երկաթագործների, միւսը՝ դարբինների: Իւրաքանչիւր խանութում կար 4-5 աշխատող [64]:

Յայտնի երկաթագործներ էին Նասանեանը, Բարսեղեանը, Զէյթունլեան եւ տարբեր ընտանիքներ Տեմիրճեան (թրքերէն տեմիրճի նշանակում է երկաթագործ, դարբին) ազգանունով: Յիշատակւում է նաեւ «Պրուսա Տեմիրճիսի» անունով մի երկաթագործ: Դարբիններից նշանաւոր էին Յակոբ Չաթմաճեանը եւ որդին՝ Գէորգը, Նազար Կէօյշէնեանը եւ որդիները՝ Միքայէլն ու Գէորգը: Յայտնի վարպետներ էին Ֆիրէնկ (կաթոլիկ) Կարապետ Ուստան եւ նրա որդի Հաճի Յարութիւնը: Վերջինս ձեռքով կարողացել է պատրաստել «մարթին» պետական հրացանը: Մինչեւ եւրոպական գամերի ներկրումը, դարբիններից ոմանք պատրաստում էին միայն գամեր: Նրանք սովորաբար կրում էին Մըխճեան ազգանունը [65]:

Ձուլագործութիւն

Այնթապում ձուլագործութեան հիմքերը դրուել են 1800-ականներին: Ձուլիչ վարպետը պատրաստում էր առարկայի կաղապարը, ապա ձուլում եւ յղկում էր այդ իրը: Պատրաստւում էին զէնքերի մասեր, բոժոժներ (շերամի պատեան), զանգակներ, կաղամար (թանաքաման), դգալներ (փոքր շերեփներ), պղնձեայ ամանների թափածոյ մասեր, ջրհաններ եւ այլն: Պատրաստի ապրանքը արտահանւում էր սիրիական շուկայ, Եգիպտոս եւ Սուդան: Նախանիւթերից ցինկը, անագը եւ կապարը ներկրւում էին Հալէպից, իսկ պղինձը ստանում էին մաշուած ու կոտրուած ամանները կրկին ձուլելով: 1915 թ. Այնթապում կար 22 խանութ, իւրաքանչիւրը՝ 3-4 աշխատողով: Նշանաւոր էին «Իշխանեան», «Պանծալեան», «Իսկէնեան», «Համասեան» եւ «Պոշկեզէնեան» արհեստանոցները [66]:

«Պոշկեզէնեան» տնից յայտնի էր զինագործ Յակոբճանը. նա միեւնոյն ժամանակ փորագրում էր երկաթի ու արոյրի վրայ: Վարպետի փորագրութիւններով զէնքերն ու կնիքները մեծ համարում ունեն մինչ օրս: Նրա որդին՝ Գրիգոր Պոշկեզէնեանը, սկսում է տեղական միջոցներով ջրհաններ պատրաստել, ինչը համարւում էր մեծ յաջողութիւն տուեալ ժամանակահատուածի համար: Գրիգորի գործը շարունակում են փեսան՝ Յարութիւն Պարսումեանը եւ որդեգիր զաւակը՝ Մանուէլ Պաղտասարեանը [67]: Յարութիւնը մտաւորական Գէորգ Պարսումեանի հայրն էր: Սկզբնական շրջանում Գէորգը նոյնպէս զբաղուել է ձուլագործութեամբ [68]:

Այնթապէն բերուած պղնձեայ օճառաման (Պաղտասարեան-Մելքիսէթեանի հաւաքածոյ - Լիբանան)։

Զինագործութիւն

Զինագործութեան սկզբնաւորումը պէտք համարել 18-րդ դարի սկիզբը: Արհեստի աւանդոյթները փոխանցւում էին սերնդէսերունդ: Զինագործութեամբ զբաղուող մօտ 25 խանութ կար, իւրաքանչիւրում՝ 3-4 աշխատող: Ապրանքը սպառւում էր ինչպէս ներքին շուկայում, այնպէս էլ արտահանւում էր շրջուն վաճառականների միջոցով: Առաւել յայտնի էին «Պոշկեզէնեան», «Մագսուտեան» եւ «Քիւրիւմլեան» տները: 1860-1915 թթ. ընթացքում որպէս լաւագոյն վարպետներ յայտնի էին Մահտեսի Եղիա եւ Նազար Պոշկեզէնեանները [69]:

Դանակագործութիւն

Դանակագործութիւնը հին արհեստ է: Այնթապում պատրաստւում էին զմելիներ, սափրիչի զմելիներ, սրեր, դաշոյններ եւ այլն: Հնուց ի վեր արտադրանքի մեծ մասը արտահանւում էր երկրի ամենատարբեր շրջաններ, առաւելապէս՝ Սիրիա:

Այնթապում այս արհեստի աւելի քան խանութ 30 կար: Աշխատողները երկու ճիւղի էին բաժանւում. դանակագործներ եւ դաշոյնագործներ (բըչաքչը եւ գամաչը): Իւրաքանչիւր խանութում կար 5-6 աշխատող: Արհեստաւորները միջին, երբեմն էլ միջինից ցածր էին վաստակում: Յայտնի էին Պչաքճեան եւ Գամաճեան ազգանունով բազմաթիւ ընտանիքներ: Յիշարժան են Կէօյօղլուեան եղբայրները, որոնք իրենց արտադրանքը վաճառում էին նաեւ շրջակայ քաղաքներում: Այնուհետեւ նրանք դառնում են երկաթի վաճառական [70]:

Պայտարութիւն

Պայտարութիւնը բաւականին հին արհեստ է: Յատկանշական է, որ պայտարները միեւնոյն ժամանակ անասնաբոյժ էին: 1915 թ. Այնթապում պայտարութեամբ զբաղուող 33 խանութ կար, բոլորն էլ գրեթէ բարեկեցիկ: Յիշատակւում են Իլիկեան, Սոլագեան, Գարաօղլանեան, Հինտոյեան, Իփէկեան ընտանիքները եւ բազմաթիւ Նալպանտեաններ (թրքերէն նալպանտ նշանակում է պայտար), որոնք սերնդէսերունդ զբաղւում էին այս արհեստով [71]:

Համետագործութիւն եւ փալանագործութիւն

Այս արհեստները նոյնպէս յատուկ էին հայերին եւ բաւականին տարածուած. կար մօտ 30 խանութ՝ իւրաքանչիւրը 2-3 աշխատողով: Յայտնի էին Սեմէրճեան (թրքերէն սեմէրճի՝ թամբագործ) եւ Չուլճեան (թրքերէն չուլճի՝ փալանագործ) ազգանուններով տարբեր ընտանիքներ [72]:

Հիւսնութիւն եւ կահոյքագործութիւն

Հիւսնութիւնը քաղաքի հին արհեստներից էր, մինչդեռ կահոյքագործութիւնը ձեւաւորուել է աւելի ուշ: Արհեստաւորները կարողանում էին բաւարարել միայն տեղական պէտքերը եւ միջին եկամուտ ստանում: Յիշատակւում են «Նագգաշեան», «Գայմագամեան», «Գրիգորեան», «Ֆըսթըգճեան» տները, ինչպէս նաեւ բազմաթիւ Նաճարեաններ, որոնցից առանձնանում էր Նաճար Գասպարը: Կահոյքագործութեան բնագաւառում յիշատակւում է «Քեշիշեան» արհեստանոցը [73]: Այնթապում ատաղձագործութեամբ եւ ատաղձի վաճառքով է զբաղուել նաեւ Յարութիւն Գանտահարեանը [74]: 

Որմնադրութիւն

Որմնադրութեամբ եւ յարակից արհեստներով (քարհատ, քարկոփ, սալիկապատող, ծեփող եւ այլն) զբաղուող շուրջ 300 ընտանիք կարելի է նշել: Յիշատակւում են Գատեհճեան ընտանիքից Գէորգը, Վարդանեան ընտանիքից Վարդանը: Զանազանեան, Կիւլտալեան, Թիւմթիւմեան, Քէօմիւրճեան, Ուստա Գարամանեան ընտանիքներում եւս լաւ որմնադիրներ եւ քարկոփներ են եղել [75]:

Կաւագործութիւն

Կաւագործութիւնը հնագոյն արհեստներից էր: 19-րդ դարի վերջին այն բաւականին առաջընթաց էր ապրել: Պատրաստւում էին ոչ միայն տարբեր չափերի կաւէ ափսէներ, փարչեր, կուժեր, ջրամաններ, այլեւ տանիքի կարմրագոյն կղմինդրներ: Այնթապցիները ձմռան համար պահուող սննդամթերքը սովորաբար պահում էին ջնարակուած կաւէ ամաններում: Արհեստը յատուկ էր միայն հայերին: Արհեստաւորներից շատերը Պարտագճեան (թրքերէն պարտագճի՝ սափորագործ) ազգանունն էին կրում: Յայտնի էր Այնթապում հաստատուած բնիկ արաբկիրցի Հաճի Կարապետ աղա Պարտագճեանը [76]:

Սափրիչութիւն

Սափրիչութիւնը Այնթապի լայն տարածում ունեցող արհեստներից էր: Այս գործում ներգրաւուած էին ինչպէս հայ, այնպէս էլ թուրք վարպետները՝ «կէս առ կէս» յարաբերակցութեամբ [77]:

Օճառագործութիւն

Այնթապում օճառաշինութիւնը կարեւոր տեղ էր զբաղեցնում: Քաղաքում պատրաստում էին բարձրորակ օճառներ՝ հիմնականում ձիթապտղի իւղից: Ձիթապտուղը ներկրւում էր Քիլիսից: Մեծ թուով հայ բանուորներ աշխատում էին օճառի գործարաններում [78]:

19-րդ դարի վերջին Այնթապում եղել է օճառի հինգ գործարան [79]: «Բիւրակն» թերթի համարներից մէկում եւս նշւում է 5 մասպանա (օճառի գործարան), որտեղ միջին հաշուով տարեկան 100 կաթսայ օճառ էր եփւում, ընդ որում, իւրաքանչիւր կաթսան կշռում էր 3.900-4.000 օխա (5.000-5.130 կգ) [80]:

Նոյն թերթի յաջորդ համարներից մէկում Այնթապի օճառագործութեանը վերաբերող Նազարէթ Մանուշակեանի հաղորդման մէջ ներկայացուած են եօթը տարբեր ընկերութիւններ: Նաեւ նշուած է, որ ձէթի բերքը միջակ է եղել եւ մի մասի արտահանումից յետոյ, 140 «ղազան» (մեծ կաթսայ) օճառ է եփուել հետեւեալ գործարաններում.

  • 49 ղազան Չիթճի զատէ Ապտուլլահ էֆ. եւ Ընկ.՝ մօտակայ Նիզիպ գիւղաքաղաքում
  • 23 ղազան Արտաշէս էֆ. Ատանալեան
  • 21 ղազան Միւֆթի զատէ Մեհմէտ Խայրի էֆ.
  • 21 ղազան Սէօյլէմէզ զատէ Ապտիւլգատէր էֆ.
  • 16 ղազան Մուզաֆֆէր զատէ Հաֆըզ էֆ.
  • 7 ղազան Յ. եւ Կ. էֆ. Նազարէթեան
  • 3 ղազան Հապիպ էֆ. Քիւրքճեան

Արտադրողները, առանց սակարկելու, ձէթը դեկտեմբեր եւ յունուար ամիսներին օճառատներին էին յանձնում, իսկ գինը, ըստ սովորութեան, որոշում էին մայիս եւ յունիս ամիսներին: Վերոնշեալ 140 «ղազանի» ընդհանուր արժէքը 21.000 լիրա է կազմել: Այնթապում արտադրուած օճառը սպառւում էր ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին շուկայում [81]: Այնթապից տարեկան արտահանւում էր մօտ 600.000 օխա օճառ [82]:

Այնթապում օճառի գործարաններից մէկը պատկանում էր Նազար աղա Նազարէթեանի կրտսեր որդուն՝ Կարապետ պէյ Նազարէթեանին, որը հօրը յաջորդում է Այնթապում Պարսկաստանի հիւպատոսի պաշտօնում: Նա նաեւ յայտնի վաճառական էր եւ մասնակցում էր ազգային նախաձեռնութիւններին՝ անձնական ծառայութեամբ եւ դրամական նուիրատուութիւններով [83]: Օճառաշինութեան եւ արտահանման գործում նշանաւոր ձեռնարկատէրեր էին նաեւ Հաննէ Քիւրքճեանը եւ Արտաշէս Ատանալեանը [84]:

Հացագործութիւն եւ կարկանդակաշինութիւն

Այնթապում հացագործների մեծ մասը հայեր էին: Կար 36 խանութ՝ իւրաքանչիւրը նուազագոյնը վեց աշխատողով: Հացագործ բոլոր արհեստաւորները բարեկեցիկ էին: Յիշատակւում են Քիլէճեան, Իսպիրեան, Պոստանեան, Օհանեան, Չամիչեան, Փարմագսըզեան ընտանիքները եւ բազմաթիւ Էքմէքճեաններ (թրքերէն էքմէքճի՝ հացագործ):

Կարկանդակի արտադրութիւնը, քիչ բացառութիւններով, նոյնպէս յատուկ էր հայերին: Կարկանդակ պատրաստող փուռերը 14-ն էին, իւրաքանչիւրում՝ նուազագոյնը 2 աշխատող: Կարկանդակագործները բարեկեցիկ ապրուստ ունէին: Յայտնի էին «Գաբարիկեան», «Ուզգուշեան», «Սերայտարեան» տները եւ Քեահքէճեան ազգանունը կրող բազմաթիւ կարկանդակագործներ [85]:

Այնթապում հացի եւ կարկանդակի արտադրութեան ոլորտում նշանաւոր էին Այնթապի հին գերդաստաններից Պերղուտեանները: Ընտանիքի մասին տեղեկութիւններ են պահպանուել Ս. Աստուածածին եկեղեցու 1820-ական թթ. մկրտութեան տոմարի մէջ՝ Բերղուտեան գրութեամբ: Կարապետ Պերղուտեանը մրգավաճառի որդի էր, 12 տարեկանից շուկայում աշխատում էր հօր հետ՝ միաժամանակ կիսատ մնացած ուսումը լրացնելով գիշերային դպրոցների դասընթացներով: 18 տարեկանում Կարապետը եղբօր հետ միասին հիմնադրում է հացագործի սեփական խանութ, որը կարճ ժամանակ անց մեծ համբաւ է ձեռք բերում՝ վերածուելով առեւտրային տան: Շուտով «Պերղուտեան» տունը շուկայում առաջնային դիրք է գրաւում: Կարապետ եւ Աւետիս Պերղուտեանների փուռերը մասնագիտացել էին լահմէճիւն եւ Այնթապի իւղոտ կարկանդակ պատրաստելու մէջ: Նրանք իրենց գործունէութիւնը մինչեւ 1922 թ. իրականացրեցին Այնթապում, այնուհետեւ մինչեւ 1933 թ.՝ Հալէպում, որից յետոյ տեղափոխուեցին Բէյրութ [86]:

 

Լուսանկարչութիւն

Լուսանկարչութիւնը Այնթապ մուտք է գործում 1884 թ. Յովհաննէս Հալաճեանի միջոցով, որը 1883-1884 թթ. լուսանկարչութիւն էր սովորել Կ. Պոլսում՝ ‎ ֆրանսիացի նշանաւոր մի վարպետից: Վերադառնալով ծննդավայր, Հալաճեանն սկսում է զբաղուել լուսանկարչութեամբ՝ մէկ տասնամեակ լինելով քաղաքի միակ լուսանկարիչը [87]: 1884-1921 թթ. ընթացքում Այնթապում գործել են մօտ երկու տասնեակ հայ լուսանկարիչներ (տեսնել՝ Այնթապում լուսանկարչութեան մասին յօդուածը):

[1] Բիւրակն շաբաթաթերթ, Կ. Պոլիս, 1907, թիւ 17-18, 24 փետրուար, էջ 101: 
[2] Գրիգոր Գուտուլեան, Կիլիկեան աշխարհագրութիւն պատկերազարդ եւ քարտիսաւոր, Կ. Պոլիս, տպ. «Պ. Պալըքճեան», 1922, էջ 60:
[3] Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, (1850-1878), Պէյրութ, տպ. «Սեւան», 1972, էջ 171: 
[4] Բիւրակն, 1907, թիւ 17-18, 24 փետրուար, էջ 101:
[5] Հայր Սուքիաս Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Ա. հատոր, գ. Ա, Վենետիկ-Ս. Ղազար, 1903, էջ 145:
[6] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 858:
[7] Հ. Ե. Պօղոսեան, «Նօթեր Այնթապի մասին», Հայ Անթէպ, Պէյրութ, Դ. տարի, 1963, թիւ 2 (10), էջ 41:
[8] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 858:
[9] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», Պատմութիւն Անթէպի հայոց, Բ. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճելոս, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Բ.), էջ 283-284:
[10] Նոյնը, էջ 284:
[11] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ. հատոր, էջ 698: Երուսաղէմի միաբաններից այնթապցի Յովսէփ սարկաւագ Աշճեանի մահից յետոյ, նրա թողած կարողութիւնը Նիկողոս աղա Նազարէթեանի ջանքերով 1868 թ. յատկացւում է «Միլլէթ խանի» (Ազգային տուն) շինութեանը: Այն պետական արձանագրութեան մէջ գրանցուած է «Ազիզիէ խան» (Նիկողոս Նազարէթեանի առաջարկով՝ անուանակոչուել է տուեալ ժամանակի սուլթան Աբդուլ Ազիզի անունով): «Միլլէթ խանը» ազգային ամենահասութաբեր կալուածն էր: Մինչեւ 1915 թ. նրա եկամուտը ապահովում էր ազգային Ներսէսեան, Հայկանուշեան եւ Հայկազեան վարժարանների անխափան աշխատանքները (Գրիգոր Պօղարեան, «Կրթական կեանքը Այնթապի մէջ եւ Պատմութիւն Այնթապի հայ դպրոցներուն», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճելոս, 1953, էջ 653-654):
[12] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 283:
[13] Վարդ, «Այնթապ քաղաք», Արաքս, Բ. գիրք, 1888, մայիս, Սանկտ Պետերբուրգ, էջ 58:
[14] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 288:
[15] Նոյնը, էջ 285:
[16] Գրիգոր Պօղարեան, «Կարապետ Գարղայեան (1878-1945)», Հայ Անթէպ, Զ. տարի, 1965, թիւ 2 (18), էջ 48:
[17] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., Պէյրութ, տպ. «Ատլաս», 1964, էջ 590:
[18] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 286-287:
[19] Գէորգ Գուզուկեանի կենսագրութիւնը, ՊԱՀ Բ., էջ 773:
[20] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 285:
[21] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 301-302:
[22] Նոյնը, էջ 294, 301:
[23] Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, էջ 170:
[24] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 301-302:
[25] Աւետիք Կիւլեսէրեանը Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս Բաբգէն Ա.ի (1868-1936) հայրն էր (Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 147):
[26] Նոյնը, էջ 147:
[27] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 285:
[28] Նոյն տեղում:
[29] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 625:
[30] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 288:
[31] Հրազդան Թոքմաճեան, Այնթապի ասեղնագործութիւն, Ա. հատոր, Հալէպ/Երեւան, 2015, էջ 89-93:
[32] Նոյնը, էջ 93:
[33] Նոյն տեղում:
[34] Նոյնը, էջ 93-95:
[35] Յովակիմ Յ. Պագգալեան, «Այնթապի ասեղնագործը», ՊԱՀ Բ., էջ 306:
[36] Նոյն տեղում:
[37] Էլիզա Ա. Սաչագլեան, «Ասեղնագործութիւնը Այնթապի մէջ», Հայ Անթէպ, Է. տարի, 1966, թիւ 2 (22), էջ 29-30:
[38] Յովակիմ Յ. Պագգալեան, «Այնթապի ասեղնագործը», ՊԱՀ Բ., էջ 308:
[39] Գրիգոր Պօղարեան, «Յովակիմ Պագգալեան (1879-1961)», Հայ Անթէպ, Գ. տարի, թիւ 7, յուլիս 1962, էջ 35:
[40] Յովակիմ Յ. Պագգալեան, «Այնթապի ասեղնագործը», ՊԱՀ Բ., էջ 308-310:
[41] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 859:
[42] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 116:
[43] Յակոբ Գապպէնճեան, «Կարուճ Գարամանուկեան 1846-1916», ՊԱՀ Բ., էջ 769-770:
[44] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 276-277:
[45] Ներսէս, «Ոսկերչութիւնը եւ պղնձագործութիւնը Անթէպի մէջ», Հայ Անթէպ, Ե. տարի, 1964, թիւ 2 (14), էջ 36-37:
[46] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 277:
[47] «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», Հայ Անթէպ, Ե. տարի, 1964, թիւ 4 (16), էջ 10: Տե՛ս նաեւ ՊԱՀ Բ., էջ 751:
[48] ՊԱՀ, Բ., էջ 769:
[49] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 277:
[50] Նոյնը, էջ 277-278, 281:
[51] Վահէ Ն. Կիւլեսէրեան, «Գալէմքեարեան գեղարուեստի վարպետները», Հայ Անթէպ, Գ. տարի, թիւ 6, ապրիլ 1962, էջ 18:
[52] Հրազդան Թոքմաճեան, Գալէմքեարեաններ: Այնթապ. Դամասկոս. Հալէպ, Հալէպ, 2016, էջ 20:
[53] Վահէ Ն. Կիւլեսէրեան, «Գալէմքեարեան գեղարուեստի վարպետները», Հայ Անթէպ, Գ. տարի, թիւ 6, ապրիլ 1962, էջ 20-21:
[54] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 280:
[55] Հրազդան Թոքմաճեան, Գալէմքեարեաններ: Այնթապ. Դամասկոս. Հալէպ, էջ 28:
[56] Նոյնը, էջ 32-33:
[57] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 107-109:
[58] Հրազդան Թոքմաճեան, Գալէմքեարեաններ: Այնթապ. Դամասկոս. Հալէպ, էջ 16:
[59] Գրիգոր Պօղարեան, «Ներսէս Արսլանեան (1880-1950)», Հայ Անթէպ, Զ. տարի, 1965, թիւ 2 (18), էջ 49:
[60] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 277-278:
[61] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 147:
[62] Նոյնը, էջ 296: 
[63] Պերճ Մ. Կարապետեան, «Հայկական պղինձը 1600-1915 թթ.», Հայկազեան Հայագիտական Հանդէս, Զ. հատոր, Պէյրութ, 1977, էջ 208-227:
[64] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 281-282:
[65] Նոյն տեղում:
[66] Նոյնը, էջ 276:
[67] Նոյն տեղում:
[68] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 190:
[69] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 282-283:
[70] Նոյնը, էջ 284:
[71] Նոյնը, էջ 287-288:
[72] Նոյնը, էջ 290:
[73] Նոյնը, էջ 288-289:
[74] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 176:
[75] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 289:
[76] Նոյնը, էջ 290-291:
[77] Նոյնը, էջ 291:
[78] Նոյնը, էջ 292:
[79] Կիլիկիա, Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ, Սանկտ Պետերբուրգ, տպ. «Ի. Լիբերման»ի, 1894, էջ 356:
[80] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 859:
[81] Ն[ազարէթ] Մանուշակեան, «Այնթապի օճառը», Բիւրակն, 1908, թիւ 29, 12 յուլիս, էջ 923:
[82] Գր. Հ. Գալուստեան, Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, տպ. «Կոչնակ», 1934, էջ 501:
[83] ՊԱՀ Բ., էջ 756:
[84] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 292:
[85] Նոյնը, էջ 289-290:
[86] Գրիգոր Պօղարեան, Այնթապականք, Բ., էջ 312-314:
[87] Վեր. Սամուէլ Հալլաճեան, «Լուսանկարչութեան արուեստը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 292-293: