Արհեստագործութեան ու առեւտրի բնագաւառում Այնթապի վերելքը առաւելապէս պայմանաւորուած էր մանուսայագործութեան աննախադէպ առաջընթացով: 19-րդ դարի առաջին կէսից արդէն, այն Այնթապի ամենամեծ տարածում ունեցող արհեստն էր:
Մանուսայագործութիւնն Այնթապ մուտք է գործել թերեւս Արաբկիրի կողմերից: Սկզբնական շրջանում դերձանը (թել) ներկրւում էր Եւրոպայից, որից եւ գործւում էին տարատեսակ գծագրութիւններով ալաճաները [1]:
1850-ական թուականներից սկսած, աւելի բարձրորակ սպիտակ ու գունաւոր թելերի ներկրմամբ, տեղական արտադրութիւնը ենթարկւում է որոշակի փոփոխութիւնների: Այս բարակ եւ նուրբ թելերի գործածութեան համար ստեղծւում են աւելի թեթեւ ու կատարելագործուած դազգահներ, որոնք դառնում են մանուսայագործութեան՝ գունաւոր կտաւների արտադրութեան հիմքը [2]: Աստիճանաբար նոր արհեստաւորներ ու շուկաներ գրաւող արհեստը սկսում է դառնալ քաղաքի արդիւնաբերութեան ամենախոշոր ճիւղը՝ աւելի ու աւելի բարելաւելով Այնթապի հայութեան տնտեսական վիճակը: Ժամանակի մամուլն արձանագրում էր, որ Այնթապը իրապէս արդիւնաբերական քաղաք էր եւ մանուսայի-ալաճայի գործը մեծ կարեւորութիւն ունէր տեղական առեւտրի մէջ, ոչ միայն այն տեսանկիւնից, որ քաղաքի բնակչութեան մեծամասնութիւնը այդ գործով էր հայթայթում իր ապրուստը, այլեւ այն պատճառով, որ մանուսայագործութիւնը մեծապէս ազդում էր առեւտրի ու արհեստագործութեան բոլոր ուղղութիւնների վրայ [3]:
Մանուսայագործութեան զարգացումը Այնթապի մէջ
Մինչեւ 19-րդ դարի կէսերը Այնթապում աշխատում էին նախնական ձեւի՝ տեղական սպիտակ կտաւ գործող դազգահներ, որոնց գործածած բամբակէ թելը պատրաստւում էր ճախարակով: Գործում էին հաստ ու ամուր կտոր, որը հիմնականում տեղական սպառման համար էր: Նման դազգահների կիրառութիւնը, տարէցտարի նուազելով, պահպանւում է մինչեւ 1915 թ. [4]:
Կէս դար ժամանակահատուածում՝ մինչեւ 1900 թ., Այնթապում մանուսայի արտադրութիւնն ու սպառումը այնքան են աւելանում, որ այս գործով զբաղուող վարպետների թիւը հասնում է 300-ի, իսկ դազգահների համագումարը՝ 3.000-ի՝ դազգահների վրայ աշխատող կէս առ կէս հայ եւ թուրք բանուորներով: Մանուսայի 300 վարպետները հայեր էին, այնուհետեւ ասպարէզ են մտնում 2-3 թուրք վարպետ: Վարպետներից իւրաքանչիւրն ունէր 5-ից 100 դազգահ: Դազգահների կէսը դրուած էր բանուորների տներում, իսկ միւս մասը՝ վարպետների վարձած մասնաւոր խանութներում՝ 2-12 դազգահ բաշխուածութեամբ իւրաքանչիւր խանութի համար [5]: «Կիլիկիա. Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ» աշխատութեան մէջ նշւում է, որ նոյն ժամանակահատուածում Այնթապում կար մանուսայագործների եւ ջուլհակների 3.800 դազգահ [6]: Ըստ Գ. Պարսումեանի, դազգահների թիւը անցնում էր 4.000-ից, իսկ եթէ մանուսայագործների թուին յաւելում ենք նաեւ արհեստին առնչուող այլ աշխատանքներ իրականացնողներին (թել ներկող, մասուրաների վրայ փաթաթող, տիրեզին պատրաստող եւ այլն), ապա այս գործով ապրող անձանց թիւը կարելի է 25.000 հոգի հաշուել [7]: Ըստ այլ աղբիւրի, ինչպէս մանուսայի արտադրութեամբ, այնպէս էլ վաճառականութեամբ, ներկարարութեամբ, դազգահի շինութեամբ եւ այլ արհեստներով զբաղուող 21.000 հոգի կար քաղաքում, որոնցից 14.000-ը հայ էր: Մանուսա վաճառող եւ արտահանող հայ վարպետ-առեւտրականները 50-ից աւելի էին [8]:
Այնթապում մանուսայագործութեան ոլորտում ներգրաւուած անձանց թիւը լաւագոյնս ներկայացնում է ստորեւ բերուած ցուցակը՝ իւրաքանչիւր ընտանիքում միջին հաշուով 5-ական հոգի հաշուարկով.
- 300 մանուսայի վարպետներ – 1500 հոգի
- 30 ներկարարներ – 150
- 40 սանր քաշողներ – 200
- 300 աեագ խալֆեսիներ – 1500
- 3000 բանուորներ – 15.000
- 25 ալիւր ծախողներ – 125
- 50 արտահանող յանձնակատարներ – 250
- 25 մանած ներկրող վաճառականներ – 125
- 5 հիւսներ (դազգահ, ճախարակ եւ այլն) – 25
- 5 թարագճիներ – 25
- մանած փաթաթող կանայք – 1100
- բանուորի աշակերտներ – 1000
Ընդհ. գումար՝ 21.000 հոգի [9]:
Մանուսայագործութեամբ իրենց ապրուստը հայթայող անձանց ընդհանուր թուից՝ 21.000 (հարկաւոր է նշել, որ այս թուի մէջ չեն ներառուած արհեստին անուղղակի առնչուողները) հանելով 1500 թուրք բանուորների ընտանիքներին (7500 հոգի), ստացւում է, որ մանուսայագործութեամբ զբաղուող հայերի թիւը Այնթապի հայ բնակչութեան գրեթէ կէսն էր կազմում, մինչդեռ թուրքերի ներգրաւուածութիւնը թուրք բնակչութեան ընդհանուր թուի մէկ-եօթներորդ յարաբերակցութեամբ էր [10]:
«Բիւրակն» շաբաթաթերթի տուեալներով, 1908 թուականին շաբաթական միջին հաշուով սպիտակ եւ ներկուած 2600 ծրար մանած է սպառւում՝ 1600 լիրա արժողութեամբ: Քաղաքում կար երկու մեծ շուկայ եւ 3.000 դազգահ: Ընդհանրապէս մանուսայագործութեան հետ մէկտեղ զարգանում է ներկարարութիւնը, բարելաււում են ներկերի՝ յատկապէս կարմիրի ու մանուշակագոյնի որակն ու կայունութիւնը [11]: Նոյն թերթի այլ համարում նշւում է նաեւ, թէ ծաղկաւոր եւ գոյնզգոյն կտաւ՝ ալաճա, պատրաստւում էր անգլիական 20 համարի թելից, եւ թէ արհեստաւորներն իրենք էին պատրաստում ներկը, որը չէր թափւում ու տոկուն էր [12]: Թերթն անգամ նշում է 20 համարի թելի տեսակներն ու դրանց գները: Այսպէս՝ մանածի շուկայում 20 համարի Համպէր-ը 571/2 ղուրուշ էր, նոյն համարի David mill-ն ու Anchor-ը՝ 531/4-ական ղուրուշ [13]:
Իւրաքանչիւր դազգահ միջին հաշուով օրական գործում էր 3 թոփ մանուսա՝ ամեն թոփը 8 կանգուն երկարութեամբ եւ 3/4 կանգուն լայնութեամբ: Այսինքն, Այնթապում օրական արտադրւում էր 10.000 թոփ կամ 80.000 կանգուն մանուսա [14]: Եթէ 300 վարպետների դրամագլուխը միջին հաշուով հաշուըուի 150-ական դեղին ոսկի, ապա մանուսայագործութեան ընդհանուր դրամագլուխը կը կազմի 50.000 ոսկի: Սոյն պատկառելի գումարը տեղի եւ ժամանակի համար մեծ արժէք էր, բացի այդ՝ ցոյց էր տալիս վարպետների աստիճանական առաջադիմութիւնն ու զարգացումը, քանի որ նրանցից շատերն իրենց անձնական նախաձեռնութեամբ եւ ջանասիրութեամբ են տարիների ընթացքում ընդարձակել իրենց գործը՝ աստիճանաբար աւելացնելով դազգահների թիւը [15]: Եղել են վարպետներ, որ փոքր միջոցներով ու երկու դազգահով են սկսել իրենց գործը, եւ 2-3 տարի յետոյ դարձել են 8-10 դազգահի տէր: Նրանցից շատերը աշխատողներ, անգամ՝ աեագ խալֆեսի չեն ունեցել ու անձամբ են կատարել բոլոր գործերը: Այնթապցի բոլոր գործարարները հաւատում էին աստիճանական զարգացման սկզբունքին եւ այն կիրառում էին իրենց կեանքի ու գործունէութեան մէջ [16]:
Օսմանեան կայսրութեան տարբեր քաղաքներում (Այնթապ, Բուրսա, Սեբաստիա/Սվազ, Մարզուան եւ այլն) արտադրուած տեղական կտաւները իրենց նրբութեամբ մշտապէս կարողացել են մրցել եւրոպական արտադրանքի հետ, իսկ ամրութեամբ ու տոկունութեամբ՝ մշտապէս գերազանցել են [17]: Այնթապի եւ շրջակայքի բնակչութիւնը նախապատւութիւնը միշտ տուել է տեղական արտադրանքին, դրանից պատրաստելով ինչպէս կանանց ու տղամարդկանց, այնպէս էլ երեխաների հագուստները [18]:
Մանուսայագործ մէկ բանուորը շաբաթական գործում էր 20-30 թոփ՝ կախուած իր աշխատասիրութիւնից: Շաբաթական աշխատավարձը միջին հաշուով կազմում էր 1/3 կամ ½ օսմ. ոսկի, որը հետագայի փոխարժէքով (1940-50-ական թթ.) հավասար է 4-5 ամերիկեան դոլարի: Մէկ թոփ մանուսան արժէր 8-10 ղուրուշ: Մանուսան վաճառւում էր ինչպէս մեծածախ, այնպէս էլ մանրածախ տարբերակով: Մեծածախը գնւում էր կշիռով, իսկ մանրածախը՝ հատով, թոփով [19]:
Արտադրւում էր մանուսայի մօտաւորապէս 50 տարբեր անուններով տեսակ (օսմանիյէ, պօզպօզու, արապ տուտաղը, քէմհա, տարագլը, չիչէքլի եւ այլն): Իւրաքանչիւր գաւառ կամ քաղաք ունէր մանուսայի իր նախընտրելի տեսակը: Մէկ նահանգ արտահանուող մանուսան կարող էր չսպառուել այլ վայրում, հետեւաբար վարպետները, յատկապէս տարբեր նահանգներում մասնաճիւղեր ունեցողները, գործել էին տալիս պահանջին համապատասխան [20]:
Բացի այդ, կարեւոր էր կտորի ներկի որակը եւս: Յատկապէս բարդ էր ստանալ կարմիր, չթափուող ներկը: Նշւում է, որ կարմիր ներկի գաղտնիքը յաջողուել էր բացայայտել Ճըրճի Պարսումեանին՝ Հրանտ Սիւլահեանի ընկերակցութեամբ: 1894 թ. մասնաւոր յանձնաժողով եւ քննութեան կենտրոն է ստեղծւում: Բոլոր ներկուած մանածները, յատկապէս կարմիրները, պէտք է այնտեղ ուղարկուէին եւ քննութեան ենթարկուելուց յետոյ միայն արտօնուէին օգտագործման: Սա մանուսայագործութեան զարգացմանը մեծապէս նպաստող կարգադրութիւն էր, ինչպէս նաեւ ներկարարների համար տեւական գործ ապահովող միջոց [21]:
Մանուսայագործութեանն առնչուող արհեստները
Ներկարարութիւնը ոչ միայն քաղաքի հին արհեստներից էր, այլեւ սերտօրէն առնչւում էր մանուսայագործութեան հետ: Այն իր չիվիտ, ալ, սարը, գասարլը եւ այլ տեսակներով, նույնպես կենտրոնացած էր Այնթապի հայութեան ձեռքում: Ալ (կարմիր) ներկի ներկարարների մէջ յայտնի էր Իգնատիոս Ամմին՝ Այնթապի Էպլահան թաղից [22]:
Այնթապում կար մօտ 35 ներկատուն, իւրաքանչիւրն ունէր նուազագոյնը 3-4 աշխատող: Նշանաւոր էին Պոսնուեանը, Պալեանը, Եսայեանը, Աբոշեանը եւ բազմաթիւ Պոյաճեանները: Պետիրեան եղբայրները նոյնպէս ամենայաջողակներից էին այդ ոլորտում [23]:
Ներկի խոշոր վաճառականներից եւ Այնթապի ազգային երեւելիներից էր Նազարէթ Մանուշակեանը [24], որ առաւել յայտնի էր Աղա Նազար անունով: Նրա «Ն. Մանուշակեան եւ Ընկ.» առեւտրական տունը, Խաչատուրեան եղբայրների ընկերակցութեամբ, առաւելապէս զբաղւում էր ներկերի ներկրման գործով [25]:
Հնում բաւականին տարածուած արհեստ էր նաեւ գասարճիութիւնը, որը հետագայում դառնում է ներկարարութեան մաս: Հայերից այս գործում նշանաւոր էր Գասարճեան ընտանիքը [26]:
Մանուսա արտադրելու եղանակը
Հետաքրքրական եւ, անշուշտ, անչափ կարեւոր է մանածի մանուսայի փոխակերպման գործընթացը, որի նկարագրութիւնը կենդանացնում է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի մանուսայագործների ամենօրեայ աշխատանքը:
ա) Գործուելիք մանուսայի տեսակի նկար-գոյների պահանջին համաձայն ներկելու համար, վարպետը 1, 2, 3 տիրեզինի (մէկ տիրեզինը 40-60 թոփ կարող է լինել) բաւարար մանած յանձնում է աեագ խալֆեսի կոչուող աշխատողին, որ դրանք իր պատրաստած խաշըլով յատուկ թաղարի մէջ լաւ խմորելուց յետոյ պէտք է յանձնէր խաշըլճը կանանց: Փաթաթուած մասուրաները աեագ խալֆեսին, պատրաստուելիք մանուսայի գոյնի պահանջին համապատասխան, կանոնաւոր շարքով ճաղ կոչուող երկաթէ թելերին անցկացնելով, պէտք է փաթաթէր պտտուող մեծ դոլափի վրայ: Պէտք է առաջանար բոլոր թելերի միացում: Դրանք դոլափից առանձնացնելով, տախտակների վրայ չորացնելուց յետոյ, երկու խոշոր գաւուգներ պէտք է պատրաստէր: Այդ զոյգ գաւուգները միասին կոչւում են տիրեզին:
բ) Տիրեզինը պէտք է ուղարկուի տարագճը կոչուող վարպետ արհեստաւորին, որը բոլոր թելերը մանուսայի գոյներին համապատասխան պէտք է անցկացնէր սանրի ծակերից, որը կոչվում էր «տիրեզինը տարաղա չէքմէք», այսինքն՝ հենքը սանրով քաշել:
գ) Սանտրով տիրեզինը յանձնւում է այն գործող բանուորին, որը այն պէտք է անցկացնի իր դեզգահին եւ լէօհմէ կոչուած մանածը իր աշակերտին կկոցի անցնելիք փոքրիկ մասուրաներին փաթաթել տալով՝ պէտք է սկսի գործել [27]:
Մանուսայի սպառման շուկաները
Խոշոր արտադրողներից շատերը տարբեր քաղաքներում սպառման մասնաճիւղեր էին հաստատել, ուր արտահանում էին իրենց արտադրանքը հակերով: Այնթապի խաներում տարբեր նահանգների բազմաթիւ քաղաքներից կային 40 յանձնակատարներ, որոնք գնում էին տեղական արտադրանքը եւ ուղարկում իրենց յաճախորդներին: Տարբեր վայրերից կային նաեւ գնորդ վաճառականներ, որոնք անձամբ էին գնում իրենց նախընտրած ապրանքը ու հարիւրաւոր հակերով ուղարկում իրենց կենտրոններ. «Շատ անգամներ կը պատահէր, որ Գավաֆհանէ[ի] եւ Էսկի պէտէսթէնի վարպետ մանուսայագործներու խանութներուն մթերքները պարպուած կ’ըլլային ամբողջութեամբ, փոխարէնը քսակներով լեցուն դեղին ոսկի ձգելով» [28]:
Տեղական սպառումից բացի, Այնթապից ի թիւս այլ ապրանքների, արտահանւում էին մեծ քանակութեամբ կտաւեղէն՝ մանուսա, կաշուց սարքած իրեր եւ այլն [29]: Յատկապէս նշանաւոր էին բամբակեայ ու բրդեայ գործուածքները եւ, անշուշտ, մանուսա կոչուած բազմագոյն կտաւը [30]: Գրիգոր Հ. Գալուստեանը նշում է, որ Առաջին աշխարհամարտից առաջ մանուսան Այնթապից արտահանուող գլխաւոր ապրանքներից մէկն էր, տարեկան շուրջ 200.000 ոսկի արժէքով [31]: Արտահանման հիմնական ուղղութիւններն էին Վանը, Մուշը, Բաղէշը (Բիթլիս), Կարինը (Էրզրում), Սեբաստիան (Սվազ), Մելիտինէն (Մալաթիա), Եոզղատը, Կիւրինը, Խարբերդը (Մեմուրէթ ուլ-Ազիզ), Դիարբեքիրը (Տիգրանակերտ), Քիլիսը, Ադանան, Մերսինը, Անտիոքը, Կոնիան, Կեսարիան, Պոլիսը եւ այլն: Առաւել քիչ չափով արտահանւում էր Հալէպ եւ արաբական տարբեր շրջաններ [32]:
20-րդ դարի սկզբին Այնթապի մանուսայի սպառումը Խարբերդում մօտ 7.000 ոսկու էր հասնում [33]: «Բիւրակնը» 1907 թ. հաղորդում է, որ Կեսարիայում Այնթապի, Մարաշի եւ Հալէպի ալաճայի առեւտրով էին զբաղւում Հմայեակ Գապագեանը, Մեսրոպեանը, Մխճտվագեանը, Պօղոս Սեֆէրեանը, Տիգրան Թաթարեանը, Գրիգոր Քեհեաեանը, Սեդրակ Յովսէփեանը, Յակոբ Մանուկեանը եւ այլք [34]:
Այնթապում մանուսայի արտադրութեամբ զբաղուող նշանաւոր տներն էին «Նորտիկեանը», «Փափազեանը», «Մերճէնեանը», «Գապագեանը», «Լեյլէկեանը», «Պասմաճեանը», «Մանուշակեանը», «Սիւլահեանը», «Սաաթճեանը», «Հասըրճեանը» եւ այլն: Նրանց մի մասը իրենց ներկայացուցիչներն ունէին Ադանայում, Կեսարիայում, Խարբերդում, Կարինում, Վանում, Տիգրանակերտում եւ այլ քաղաքներում [35]:
Մանուսայագործ վարպտներն ու վաճառականները
19-րդ դարի երկրորդ կէսին Ներսէս Աղա Սիւլահեանը Միլլէթ խանում հիմնում է վաճառատուն «Ներսէս Սիւլահեան եւ Որդիք» [36] անունով։ Վաճառատունը զբաղւում էր ոչ միայն մանուսայի եւ Կիւրինի շալի արտադրութեամբ ու վաճառքով, այլեւ մանածի, ներկի, ինչպէս նաեւ պղնձի ու պիստակի ներածումով եւ արտածումով [37]:
Գարեգին աւագ քահանայ Պողարեանը մինչեւ քահանայական ձեռնադրութիւն ստանալը 1883-1893 թթ. նոյնպէս զբաղուել է մանուսայագործութեամբ, նախ որպէս աշակերտ, այնուհետեւ վարպետ ու վաճառող: Երկու տարի եղել է Կարուճ Աղա Մերճէնեանի գործընկերը [38]:
Սանոս Սանոսեանը մի քանի տարի աշխատում է մանուսայագործ վաճառականի մօտ, սկզբում, որպէս բանուոր, ապա՝ աեագ խալֆեսի, այնուհետեւ գնում է երկու դազգահ, սկսում զբաղուել մանուսայի արտադրանքով ու վաճառքով: Արտադրուած ապրանքը արտահանւում էր Ադանա, Ալեքսանդրետ, Բէյլան եւ այլուր: Դազգահների թիւը տարէցտարի աւելանալով՝ դառնում են 50, աշխատողների թիւը հասնում է 300-ի, իսկ սպառման շուկան ընդլայնւում է մինչեւ Կեսարիայի եւ Դիարբեքիր/Տիգրանակերտի շրջանները [39]:
Աստուածատուր Տեմիրճեանը նոյնպէս մանուսայագործ էր՝ աեագ խալֆեսի։ Տեմիրճեանի որդիները աւելի են հմտանում հիւսուածեղէնի գործում [40]:
Թահթաճեան բազմաճիւղ գերդաստանից Գէորգ եւ Արտաշէս Թահթաճեանները եւս շարունակում են ընտանեկան արհեստը: Նրանք արտադրում են մանուսա եւ սպառում տեղական շուկայում [41]:
Գէորգ եւ Մանուկ Գապպէնճեանները նոյնպէս մանուսա արտադրող վարպետներ էին [42]:
Ազգային Վարդանեան վարժարանի 1890 թ. շրջանաւարտներից Յակոբ Համալեանը, մտնելով մանուսայագործութեան ասպարէզ, կարողանում է հասնել բարձր դիրքի որպէս վարպետ եւ վաճառական: Հետագայում Համալեանը Վարդանեան վարժարանի գործուն անդամներից է դառնում, մասնակցում նրա Գործադիր Ժողովին կամ Հոգաբարձութեան: 1912-1915 թթ. Համալեանը նաեւ հիմնադիր հոգաբարձուներից էր Այնթապում 1912 թ. գոյառած Կիլիկեան Ճեմարանի [43]:
Յայտնի բարերար, Այնթապի համայնքային կարեւոր գործիչներից մէկը նոյնպէս առնչուել է մանուսայագործութեանը: Գալուստ Աղա Ղազարեանն իր գործընկերոջ՝ անուանի գործարար Սարգիս Սահակեանի հետ Այնթապում հաստատուելուց յետոյ, ի թիւս այլ գործերի, սկսում է զբաղուել նաեւ մանուսայի վաճառքով: Այնթապից գնուած մանուսան արտահանում էին Թոքաթ՝ այնտեղից ներմուծելով եազմա (կանացի յատուկ գլխակապ) [44]:
Տիգրան Ճեպէճեանի հայրը մանուսայի յայտնի վաճառական էր Այնթապում: Ճեպէճեան ընտանիքի «առեւտրական գօտին» հասնում էր մինչեւ Տիգրանակերտ (Դիարբեքիր): 1912 թ. այնտեղ հաստատում են գրասենեակ: Տուեալ ժամանակաշրջանում Տիգրան Ճեպէճեանը նոյնպէս գտնւում էր Տիգրանակերտում [45]:
Կարուճ կամ Կարապետ Թերզիպաշեանն [46] ունէր 350 դազգահ, արտադրանքը արտահանում էր Կիւրին, Սեբաստիա, Կարս եւ Արդահան: Հայրը՝ Յակոբջան Աղան, եւս մանուսայի վաճառական է եղել: Թերզիպաշեանը Ադենական վարժարանի հիմնադիրներից էր (1885 թ.), երկար տարիներ անդամակցել է Թաղական խորհրդին, ապա Գաւառական ու Քաղաքական ժողովներին [47]:
Գրիգոր Յարութիւն Գապագեանը նախնական կրթութիւն ստանալուց յետոյ, մտնում է առեւտրի ասպարէզ: Նա մանուսայագործութեամբ էր զբաղւում հօր եւ աւագ եղբօր հետ, որոնք յայտնի վաճառականներ էին ինչպէս Այնթապում, այնպէս էլ՝ Կեսարիայում [48]:
Տ. Ներսէս քհն. Թաւուգճեանը, նոյնպէս մինչև քահանայական ձեռնադրութիւն ստանալը եղել էմանուսայագործ: Նա, 1879 թ. նախնական կրթութիւնը Ազգային Ներսէսեան վարժարանում ստանալով, 1882-1885 թթ. յաճախում է ֆրանչիսկեան միաբանների դպրոցը: Այնուհետև թողնում էդպրոցը եւ հետեւում արհեստի այս ճիւղին՝ ծրագրելով մի քանի տարիների աշխատանքից գոյացած խնայողութեամբ աւելի բարձր կրթութիւն ստանալ [49]։
Վարպետ մանուսայագործներ. տեղում վաճառողներ եւ արտահանողներ [50]
Կարուճ Թերզիպաշեան, Գրիգոր Թինքճեան, Ներսէս (Ներսօ) Տէյիրմենճեան, Մովսէս Հասըրճեան, Սարգիս Կ. Նազարեան, Սարգիս Պ. Նազարեան, Կարուճ Պասմաճեան, Յարութիւն Պասմաճեան, Մ. եւ Գր. Գաւ[ու]գճեան, Գէորգ Չուլճեան, Յարութիւն Մարաշլեան, Պետրոս Տէր Պետրոսեան, Գէորգ Տեմիրճեան, Արտաշէս Թահթաճեան, Սարգիս Գասարճեան, Սարգիս Պազարպաշեան, Յակոբ Համալեան, Եսրոն Պոշկեզէնեան, Աւետիս Հասըրճեան, Նահապետ Արսլանեան, Միքայէլ Արսլանեան, Սեպուհ Չագմագճեան, Սաաթճեան եղբարք, Պետրոս Կիրակոսեան, Արմ. Կէօզիւքիւչիւկեան, Թիւթիւնճեան եղբարք, Կիւլեսէրեան եղբարք, Տէր Ղազարեան եղբարք, Մարգար Ճիյերճեան, Լեւոնեան եղբարք, Եաղուպեան եւ որդիք, Գէորգ Ճեպէճեան, Գրիգոր Մանուշակեան, Արմենակ Մանուշակեան, Սերոբ Քեշիշեան, Սարգիս Չորպաճեան, Փափազեան եղբարք, Պասմաճեան եղբարք, Ե. Գարամանուկեան եղբարք, Գապագեան եղբարք, Լեյլէկեան եղբարք, Եաղուպ եւ Առաքել Առաքելեան եղբարք, Գէորգ եւ Մանուկ Գապպէնճեան եղբարք, Ն. Սիւլահեան եւ որդիք, Գ. Սիւլահեան եւ որդիք, Պ. Հասըրճեան եւ որդիք, Ատագլեան եւ որդիք, Կարուճ Մերճէնեան, Կարապետ Գարղաեան, Կարապետ Եաղսըզեան, Յարութիւն Ամմիեան, Վ. Նորտիկեան եւ որդիք:
- [1] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», Պատմութիւն Անթէպի Հայոց, Բ. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճելոս, Գալիֆորնիա, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Բ.), էջ 286:
- [2] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 294-295:
- [3] Նազար [Արմենակ Նազարէթեան], «Կեդրոնական Փոքր Ասիա եւ Եւրոպական հրապարակներ», Բիւզանդիոն, Կ. Պոլիս, թիւ 798, 1899, 31-12 մայիս, էջ 1:
- [4] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 294:
- [5] Նոյն տեղում, էջ 295-296:
- [6] Կիլիկիա, Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ, Պետերբուրգ, տպ. Ի. Լիբերմանի, 1894, էջ 356:
- [7] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 286:
- [8] Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր, Պէյրութ, տպ. «Սեւան», 1972, էջ 170:
- [9] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 301:
- [10] Նոյն տեղում:
- [11] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն շաբաթաթերթ, Կ. Պոլիս, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 858:
- [12] Բիւրակն, 1908, թիւ 18, 26 ապրիլ, էջ 552:
- [13] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 859:
- [14] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 295:
- [15] Նոյն տեղում, էջ 296:
- [16] Նոյն տեղում, էջ 299:
- [17] Բիւրակն, 1907, թիւ 38, 11 սեպտեմբեր, էջ 1401:
- [18] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 297:
- [19] Նոյն տեղում, էջ 296-297, 299:
- [20] Նոյն տեղում, էջ 299:
- [21] Նոյն տեղում, էջ 298-299:
- [22] Գ. Պ. [Գրիգոր Պողարեան], «Յարութիւն Իգնատոսեան (1895-1964)», Հայ Անթէպ, Պէյրութ, թիւ 1 (13), 1964, էջ 63:
- [23] Գր[իգոր] Պողարեան, «Մինաս Պետիրեան (1873-1972)», Նոր Այնթապ, Պէյրութ, թիւ 4 (52), 1972, էջ 104:
- [24] Նազարէթ Մանուշակեանի մայրը՝ Մէննուշ Խաթունը, Քարա Նազար Նազարէթեանի դուստրն էր, հայրը՝ Մանուկ Աղա Մանուշակեանը Վարդանանց Թանգարան ընկերութեան (1867) հիմնադիրներից էր (ՊԱՀ Բ., էջ 767):
- [25] ՊԱՀ Բ., էջ 767:
- [26] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 287:
- [27] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 300:
- [28] Նոյն տեղում, էջ 298:
- [29] Հայր Սուքիաս Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Ա. հատոր, Վենետիկ-Ս. Ղազար, 1903, էջ 145:
- [30] Բակուրան [Վահան Քիւրքճեան], «Այնթապ եւ շրջակայքը», Կոչնակ Հայաստանի, Նիւ Եորք, 1920, թիւ 25, 19 յունիս, էջ 792:
- [31] Գր[իգոր] Հ. Գալուստեան, Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, տպ. «Կոչնակ», 1934, էջ 501:
- [32] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 297: Վարդ, «Այնթապ քաղաք», Արաքս, Բ. գիրք, Սանկտ-Պետերբուրգ, 1888, մայիս, էջ 58:
- [33] «Վաճառականութիւն եւ ճարտարարուեստ Խարբերդի մէջ», Բիւրակն, 1907, թիւ 15-16, 17 փետրուար, էջ 377:
- [34] «Կեսարիոյ վաճառականութիւնը», Բիւրակն, 1907, թիւ 11-12, 3 փետրուար, էջ 283:
- [35] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 286:
- [36] Միլլէթ խանում վաճառատուն կամ գրասենեակ ունեցող վաճառականների ցուցակում գրանցուած է «Ներսէս Սիւլահեան եւ եղբարք» ձեւով (ՊԱՀ Բ., էջ 311):
- [37] Գրիգոր Պողարեան, Այնթապականք, Բ. հատոր, էջ 628-629:
- [38] Նոյն տեղում, էջ 11:
- [39] Նոյն տեղում, էջ 638:
- [40] Նոյն տեղում, էջ 93:
- [41] Նոյն տեղում, էջ 179:
- [42] Նոյն տեղում, էջ 413:
- [43] ՊԱՀ Բ., էջ 765:
- [44] Գրիգոր Պողարեան, Այնթապականք, Բ., էջ 169:
- [45] Գ[րիգոր] Պողարեան, «Տիգրան Ճեպէճեան (1888-1962)», Հայ Անթէպ, թիւ 7, 1962, էջ 37:
- [46] Կարապետ Թերզիպաշեանը սերում էր Վանի մեծանուն Թերզիպաշեան տոհմից (Գրիգոր Պողարեան, «Ազգային ժողովական կեանքը Այնթապի մէջ», Հայ Անթէպ, թիւ 3 (27), 1967, էջ 65):
- [47] Նոյն տեղում:
- [48] Ե., «Գրիգոր Յարութիւն Գապագեան (1893-1973)», Նոր Այնթապ, թիւ 1-2 (53-54), 1973, էջ 117:
- [49] Յուսիկ Ա. Քհնյ. Սեդրակեան, Վարք Քահանայից Բերիոյ թեմի 1850-2005, Ա. հատոր, Հալէպ, 2005, էջ 83:
- [50] Յակոբ Գ. Գապպէնճեան, «Մանուսայագործութիւնը Այնթապի մէջ», ՊԱՀ Բ., էջ 303: