Կիլիկեան ճեմարան, երիցագոյն դասարան։ Սեւ-ճերմակ այս պատկերը գունաւորուած է MyHeritage.com-ի միջոցաւ։

Այնթապ – Դպրոցներ (Գ.)

Կիլիկեան ճեմարան

Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 27/12/24 (վերջին փոփոխութիւնը՝ 27/12/24)

1909 թ. Էջմիածնի «Արարատ» ամսագիրը գրում էր, որ Այնթապում հայկական բարձրագոյն վարժարան հիմնադրելու գաղափարը արդէն գործուն քայլերով առաջ էր տարւում: Պարբերականը նաեւ տեղեկացնում էր, որ Վարդանեան ընկերութիւնը եւ Ադենականը բաւականին լուրջ միջոցներ են տրամադրում այս գործի համար: Երիտասարդաց ընկերութիւնը, որ գործում էր արդէն 15-20 տարի, եւս նուիրատուութիւն է կատարում: Ծախսերի մնացած մասն աշխատում են լրացնել նպաստահաւաքութեամբ: Յայտնի բարերար Գալուստ Ղազարեանը նոյնպէս իր ներդրումն է ունենում, որից յետոյ Ներսէս վրդ. Դանիէլեանը, դրամահաւաքի աշխատանքը արագացնելու համար, սկսում է շրջայց կատարել քաղաքներում: Տարբեր ազգային գործիչներ բաւականին գումար են նուիրաբերում: Կառուցուելիք վարժարանի հողատարածքը յատկացւում է ազգային կալուածքներից: Նշւում է, որ 1909 թ․ արդէն իսկ պատրաստ էին շինարարական աշխատանքները սկսելու համար: Ապագայ քոլեջում դասաւանդելու համար, բազմաթիւ երիտասարդներ ուղարկւում են Ամերիկայի Միացեալ Նահանգներ (այսուհետ՝ ԱՄՆ), Գերմանիա եւ Կ. Պոլիս՝ սովորելու [1]:

Այս բոլոր նախապատրաստական աշխատանքները տարւում էին Այնթապի կրթութեան պատմութեան ամեահեղինակաւոր հաստատութիւններից մէկի՝ «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարանի» կամ Կիլիկեան ճեմարանի ստեղծման համար:

Կիլիկիայի ազգային-կրթական առաջընթացի մէջ հսկայ գործ կատարած Վարդանեան ընկերութիւնը, հասկանալով Կիլիկիայում հայկական բարձրագոյն հաստատութիւն հիմնադրելու կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը, մշտապէս տարբեր շրջանակներում առաջարկում էր հիմնադրել «Հայկական Գոլէճ»: Այն պէտք է լինէր ժամանակի պահանջներին համապատասխան՝ հայ երիտասարդութեանն ազգային ուրոյն կրթութիւն տալու հնարաւորութեամբ [2]:

Վարդանեան կրթարանի նախկին սան դոկտ. Գէորգ Սարաֆեանը հետագայում գրում է, որ կար «երազային ծրագիր» ազգային քոլեջ հիմնադրելու եւ նրա կամարների տակ ազգանուէր երիտասարդների փաղանգ պատրաստելու [3]:

1901 թ. յունուարի 22-ին Վարդանեան կրթարանի շրջանաւարտ եւ թերաւարտ սաները Վարդանեան ընկերութեան այդ ձեռնարկին օժանդակելու համար կազմում են Վարդանեան Սանուց Միութիւնը, որը մի կողմից սկսում է անհրաժեշտ գումար ձեռք բերելու գործընթացը, միւս կողմից՝ հաստատութեան համար ապագայ ուսուցիչներ պատրաստելու գործը [4]:

Համալսարանական կրթութիւն ստանալու համար Վարդանեան կրթարանի շրջանաւարտներից Արմենակ Չամիչեանը եւ Յարութիւն Խաչատուրեանը Պօղոս Նուպար փաշայի հովանաւորութեամբ 1906 թ. ուղարկւում են ԱՄՆ: Այնթապի Եկեղեցասիրաց ընկերութեան հովանաւորութեամբ ԱՄՆ է ուղարկւում նաեւ Գրիգոր Մահսէրէճեանը՝ աստուածաբանութեան դասընթացի հետեւելու համար: 

Վերոնշեալ երիտասարդները, եւ արդէն իսկ Ամերիկայի տարբեր համալսարանների այնթապցի ուսանողներ Արմենակ Գասարճեանը, Գրիգոր եւ Գէորգ Սարաֆեանները, Արամ Խաչատուրեանը ու Սարգիս Պաղտոյեանը 1911 թ. յուլիսի 9-10-ին, գումարելով խորհրդակցութիւն Կիլիկիայի ազգային-կրթական եւ եկեղեցական ընդհանուր հարցերի շուրջ, ի նկատի ունենալով Այնթապի Վարդանեան եւ Եկեղեցասիրաց ընկերութիւնների նպատակներն ու ծրագրերը, որոշում են հաստատել Ամերիկայում գտնուող կիլիկեցիների միութիւն: Նրանք դիմում են Այնթապի թեմի Ազգային Գաւառական ժողովին, Ադենական, Վարդանեան ու Եկեղեցասիրաց ընկերութիւններին՝ «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարան» հաստատելու համար՝ գործին տալով ազգային ընդհանուր հանգամանք: Գաւառական ժողովը խնդիրը ներկայացնում է Կիլիկիոյ կաթողիկոս Սահակ Բ Խապայեանին: 1911 թ. նոյեմբերի 14-ին կաթողիկոսը թիւ 246 կոնդակով օրհնում եւ քաջալերում է ԱՄՆ-ում գտնուող այնթապցի ուսանողներին, որոնք խոստանում էին վերադառնալ ու դասաւանդել ստեղծուելիք հաստատութիւնում [5]:

Վարդանեան ու Եկեղեցասիրաց ընկերութիւնները «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարան» հիմնադրելու ծրագրի շրջանակում միաւորում են իրենց նիւթական եւ բարոյական ուժերը։ 1912թ. մայիսի 28-ին, երկու ընկերութիւնների ընդհանուր ժողովներից ընտրելով անդամներ, կազմում են հոգաբարձութիւն [6]։ Նորընտիր հոգաբարձութեան անդամ են դառնում Վարդանեան ընկերությունից Գարեգին քհն. Պօղարեանը, Հրանդ Սիւլահեանը, Յակոբ Համալեանը, Յակոբ Ղազարեանը, Եկեղեցասիրաց ընկերութիւնից՝ Ներսէս քհն. Թաւուգճեանը, Յակոբ Խաչատուրեանը, Նուրիճան Նիզիպլեանը [7]:

Նորընտիր հոգաբարձութիւնը «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարանի» տեսուչ է նշանակում Արմենակ Չամիչեանին՝ նրան լիազօրելով կազմել ուսուցչական մարմին Ամերիկայում, գտնել հովանաւորներ աղքատ ուսանողների համար եւ գրադարան ստեղծելու աշխատանքներ ձեռնարկել, ինչը Չամիչեանն իրականացնում է յաջողութեամբ: Ուսուցչական մարմնում ընդգրկւում են տեսուչ Արմենակ Չամիչեանը, Յովսէփ Միսիրեանը եւ Գրիգոր Մահսէրէճեանը։ Օգնական ուսուցիչների ընտրութիւնը վերապահւում է Այնթապին [8]:

Չնայած, որ Չամիչեանի ուսանողութեան շրջանն աւարտուելու էր 1912 թ. յունիսի 1-ին, այնուամենայնիւ ժամանակ հայթայթելով եւ Ա. Սելեանի, դոկտ. Փառնակ Ադամեանի եւ Կրթասիրաց ընկերութեան օժանդակութեամբ նա աշխատում է գտնել հայ եւ ամերիկացի 50 (այլ տուեալներով՝ 54 [9]) բարեկամ-պաշտպան: Ապագայ բարձրագոյն վարժարանի գրադարանին նուիրաբերւում է 400 կտոր գիրք, որոնք միանում են Եկեղեցասիրաց ընկերութեան մինչ այդ նուիրաբերած 500 կտոր գրքերին: Կազմւում է նաեւ «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարանի» խնամակալութիւնը [10]:

«Մեծայարգ պաշտպաններու» քուէարկութեամբ ստեղծւում է նաեւ Ամերիկայի համար «Օժանդակ Մասնախումբ», որի գործառոյթն էր խոստացուած նպաստների գանձումը, վարժարանի բարեկամների թուի բազմապատկումը, «պաշտպանների» եւ վարժարանի միջեւ հաղորդակցութեան միջոց դառնալը [11]:

Նախապատրաստական մեծածաւալ աշխատանքների աւարտից յետոյ՝ «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարանի» պաշտօնական բացումը տեղի է ունենում 1912 թ. սեպտեմբերի 6/19-ին՝ Թեփէ Պաշը թաղամասի Պէյազ Օղլուի ընդարձակ շէնքում: Առաջին ուսումնական տարում՝ 1912 թ. «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարանի» շարքերը համալրում են հիմնականում Վարդանեան կրթարանի շրջանաւարտները: Այն 1912-1913 թթ. տարեշրջանում ունենում է 55 ուսանող (տարուայ ընթացքում 6 հոգի թողել է ուսումը), որոնցից 30-ը գտնուել են «պաշտպանների» խնամակալութեան ներքոյ, իսկ 25-ը վճարել են ուսումնական վարձը: Ուսուցչական մարմնի մաս են կազմել, բացի տեսուչ Արմենակ Չամիչեանից, պրոֆ. Յովսէփ Միսիրեանը, որը դասաւանդել է անգլերէն եւ այլ առարկաներ՝ անգլերէնով, Ներսէս քհն. Թաւուգճեանը՝ ներածութիւն Սուրբ Գրոց, Յակոբ Գալէմքեարեանը՝ գրաբար եւ ուսողութիւն, Յակոբճան Եաղուպեանը՝ արեւմտահայերէն, ֆրանսերէն եւ մատենագրութիւն, Փիլիպպոս Սարգիսեանը՝ գծագրութիւն եւ գեղագրութիւն, Իպրահիմ եւ Նուրի էֆենտիները՝ օսմաներէն [12]:

Երկրորդ ուսումնական տարեշրջանում ուսանողների թիւը դառնում է 81, որից 31-ը գիշերօթիկի բաժնում էին: Ուսուցչական կազմը եւս համալրւում է: Նախկին դասախօսներից բացի, աշխատանքի են անցնում Փառէն ծ. վրդ. Կլայեցին (Մելքոնեան)՝ գրաբար, Արշակ Սեղբոսեանը՝ ֆրանսերէն, Կարապետ Մուղամեանը՝ արեւմտահայերէն եւ օսմաներէն, Հրանդ Սիւլահեանը՝ գծագրութիւն եւ նկարչութիւն, Խալիտ Քեամիլ բէյը՝ օսմաներէն [13]:

1912 թ. հոկտեմբերի 13-ին «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարանի» բացումը պաշտօնական յայտարարութեամբ հաղորդուել է թերթերին, ներկայացուել է նաեւ կրթական ծրագիրը, որը պէտք է ունենար երկու բաժին` ընդհանուր եւ մասնագիտական դասընթացներ: Նաեւ հաղորդւում էր մասնագիտական երկու այլ՝ առեւտրական եւ գիտական դասընթացների բացման մասին [14]:

1912 թ. հոկտեմբերի 21-ին ծրագրուած պաշտօնական բացման հանդիսութիւնը յետաձգւում է պետական վաւերացումը դեռեւս չլինելու պատճառով: Այն յաջողւում է ստանալ շնորհիւ Կիլիկիոյ կաթողիկոսարանի եւ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի միջամտութեան [15]:

Օսմանեան կայսրութեան կրթութեան նախարարութեան պաշտօնական վաւերացումը ձեռք է բերւում 1913 թ. մարտի 19-ին. «Կրթական Գործոց Նախարարութեան պաշտօնագրով (1912 Դեկ. 31 թուակիր ու 3701/152851 համարաւ) Հալէպի Կրթական Տեսչութիւնից, «Կիլիկեան էրմէնի Տար իւլ Մուալլիմիյն ի Րիւշտի արձանագրութեամբ (թիւ արտօնագրի 130)»: 1913 թ. օգոստոսի 11-ի թիւ 237 օրհնութեան կոնդակով Կիլիկիոյ կաթողիկոս Սահակ Բ Խապայեանը «Կիլիկեան Բարձրագոյն Վարժարանը» վերանուանում է «Կիլիկեան Ճեմարան» [16]:

Կիլիկեան ճեմարանի նպատակը

Կիլիկեան ճեմարանի նպատակն էր գիտական եւ քրիստոնէական սկզբունքների վրայ հիմնուած հայկական եւ բարձրագոյն կրթութիւն տալ։ Դրան հասնելու համար անհրաժեշտ էր պատրաստել.

  1. 1) ընդհանուր դաստիարակութեամբ (գիտելիքներով), գիտակից ու զարգացած հայ երիտասարդներ:
  2. 2) Կիլիկիայի ազգային վարժարանների համար մանկավարժական արդի գիտելիքներով եւ հմտութիւններով օժտուած ուսուցիչներ:
  3. 3) Հայ եկեղեցու ոգու եւ կարիքների համաձայն ժամանակակից գիտելիքներով օժտուած եւ զարգացած եկեղեցականներ [17]:

Կրթական ծրագիրը

Կիլիկեան ճեմարանի ուսումնական ծրագիրը հիմնուած է վերեւում բացատրուած նպատակի եւ սկզբունքների վրայ: Ճեմարանը քառամեայ է: Առաջին երկու տարիները ընդգրկում է Ընդհանուր դասընթացը, որը պարտադիր է բոլոր ուսանողների համար: Վերջին երկու տարիները Մասնագիտական են, ուստի ուսանողները կարող են ընտրել իրենց ուղղուածութիւնը:

  1. 1) Ընդհանուր դասընթաց 
  2. 2) Մասնագիտական դասընթաց՝ մանկավարժական կամ եկեղեցագիտական [18]:

Ուսանողների դասաւորութիւնը

Ճեմարանում սովորող ուսանողները դասակարգւում էին հետեւեալ խմբերի մէջ․

  1. 1) Կանոնաւոր ուսանողներ, որոնք ընդունւում էին ճեմարանի Ընդհանուր դասընթացի բաժին եւ հետեւում էին բոլոր դասերին:
  2. 2) Մասնագիտական ուսանողներ, որոնք կա՛մ պէտք է աւարտած լինէին ճեմարանի Ընդհանուր դասարանը, կա՛մ այլ երկրորդական վարժարաններ: Նրանք, երկրորդական կրթութեանը համազօր պատրաստուածութիւն ունենալով, ընդունւում էին Մասնագիական դասարանի որեւէ բաժին:
  3. 3) Մասնաւոր ուսանողներ, որոնք ճեմարանի Ընդհանուր կամ Մասնագիտական դասընթացին չեն հետեւում, այլ տեսչութեան յատուկ թոյլտւութեամբ ընտրում են որոշ դասեր: Մասնաւոր ուսանողների դասընթացը մշտական երեւոյթ չէ եւ կարող է կասեցուել:
  4. 4) Նախապատրաստական դասարաններ․ այն ուսանողները, որոնք Ընդհանուր դասարանի Առաջին դասարան ընդունուել չեն կարողանում, քննութիւններից յետոյ իրենց յարմար կարգի համար անցնում են համապատասխան նախապատրաստութիւն [19]:

Դպրոցական տարին

Դպրոցական տարին բաժանւում է երկու կիսամեակի: Առաջին կիսամեակը սկսւում է սեպտեմբերի երրորդ չորեքշաբթի օրը (ըստ նոր տոմարի) եւ շարունակւում մինչեւ յունուարի 31-ը, երկրորդը՝ փետրվարի 1-ից մինչեւ յունիսի չորրորդ չորեքշաբթի օրը:

Արձակուրդները տրամադրւում են Սուրբ Ծնունդի եւ Սուրբ Յարութեան տօների առթիւ՝ մէկական շաբաթ տեւողութեամբ: Ճեմարանը փակ է լինում նաեւ եկեղեցական գլխաւոր տօն օրերին:Ամառային արձակուրդը տեւում է երկուսուկէս ամիս: Ամառային արձակուրդներին գիշերօթիկի բաժինը նոյնպէս փակւում է [20]:

Ընդունելութեան պայմանները եւ քննական առարկաների ցանկը

Կիլիկեան ճեմարանի Առաջին դասարան ընդունուելու համար կարող են դիմել 15 տարին լրացած բոլոր հայ պատանիները, որոնք ազգային բարձրագոյն նախակրթարանի շրջանաւարտ են եղել կամ դրան համապատասխան կրթութիւն են ստացել: Ընդունելութեան համար դիմորդները պէտք է յանձնեն կրօնագիտութիւն (Հայ եկեղեցու համառօտ պատմութիւն եւ Աւետարանի ներածութիւն՝ ժամանակագրական եւ մեկնաբանական ծանօթութիւններով), հայերէն (Ա. աշխարհաբար՝ ճաշակ նոր գրականութեան, քերականութիւն, շարադրութիւն եւ այլն, Բ. գրաբար՝ հատընտիր ընթերցանութիւն, քերականութիւն), օսմաներէն, անգլերէն, ֆրանսերէն, պատմութիւն (համառօտ՝ ընդհանուր ազգերի, ընդարձակ՝ օսմանեան պատմութիւն եւ հայոց պատմութիւն), ուսողութիւն, բնական աշխարհագրութիւն, կենդանաբանութիւն, բնախօսութիւն:

Ընդունելութեան համար ներկայացվող փաստաթղթերն են.

  1. 1․ Վկայագիր այն վարժարանից որի շրջանաւարտն է հանդիսանում։
  2. 2․ Բժշկական վկայագիր՝ առողջութեան գոհացուցիչ վիճակը հաստատող, ու պատուաստի վկայագիր:
  3. 3․ Ուսումնական կարողութեան մէկ վիճակացոյց:
  4. 4․ Անձնագիր (նուֆուս թէզքերէսի) եւ ծննդեան վկայագիր:
  5. 5․ Նպաստընկալ ուսանողները պէտք է ներկայացնեն նաեւ իրենց կարօտութեան մասին յանձնարարական որեւէ պաշտօնական մարմնից [21]:

Պաշտօնական լեզու

Կիլիկեան ճեմարանի պաշտօնական լեզուն հայերէնն է։ Ուսանողները ինչպէս դպրոցում, այնպէս էլ դպրոցից դուրս պէտք է խօսեն հայերէն: Թուրքերէնին որպէս պետական լեզուի, կարեւոր տեղ է յատկացւում ճեմարանի ծրագրի մէջ: Օտար լեզուներից անգլերէնը եւ ֆրանսերէնը ուսուցանւում են յատուկ ուշադրութեամբ [22]:

Մատենադարան եւ գիտական աշխատանոցներ

Ինչպէս արդէն նշուեց, Կիլիկեան ճեմարանը իր նախապատրաստական աշխատանքների փուլում կարողացել էր ստեղծել բազմալեզու գրականութեամբ հարուստ գրադարան, որը կոչւում էր Մատենադարան: Գրադարանը մշտապէս բաց էր ինչպէս հայերէն, այնպէս էլ այլ լեզուներով գրքեր ու թերթեր ընդունելու համար:

Շնորհիւ Մանչեսթըրի ազգայինների նիւթական աջակցութեան, ճեմարանն ստեղծել էր քիմիական աշխատանոց, նաեւ ձեռնարկել էին ձեռք բերել տարբեր գործիքներ բնագիտական առարկաների դասընթացը կազմակերպելու համար [23]:

Կիլիկեան ճեմարանի շէնքերը

Կիլիկեան ճեմարանի ուսումնական եւ գիշերօթիկ բաժինները տեղաւորուած էին երկու առանձին շէնքերում: Ուսումնական բաժինն իր առաջին տարեշրջանում աշխատանքներն իրականացնում էր աւելի ուշ գիշերօթիկ բաժնին յատկացուած շէնքում։ Երկրորդ ուսումնական տարուայ սկզբին ուսումնական բաժինը տեղափոխւում է Այնթապի արեւմտեան կողմում Վարդանեան ընկերութեանը պատկանող նոր եւ եռայարկ շէնք: Այն ունէր գետնայարկ բաժին, ինչպէս նաեւ վերի յարկերում վեց սենեակ՝ երեքը վերածուած դասասենեակի, միւսները՝ ուսուցիչների եւ գիտական աշխատանոցների համար։ Կար ընդհանուր մէկ սրահ, որտեղ տեղաւորուած էր մատենադարանը։ Այն գործածւում էր նաեւ տարբեր հանդիսութիւնների եւ մարզանքի համար: Դասարանները կահաւորուած էին իւրաքանչիւր ուսանողի համար առանձին գրասեղանով եւ թիկնաթոռով: Յարակից կար ընդարձակ պարտէզ, որը նախատեսւում էր վերածել բուսաբանական այգու:

Ճեմարանի գիշերօթիկ բաժինը եւս եռայարկ էր: Առաջին յարկը ծառայում էր որպէս շտեմարան, վերեւի երկու յարկերը յատկացուած էին ննջարանի, դասարանի, ճաշարանի եւ տնօրէնութեան գրասենեակի համար։ Խոհանոցի հատուածը շէնքից առանձին էր: Կար ներքին ու արտաքին երկու ընդարձակ բակ։ Արտաքինը գործածւում էր իբրեւ խաղավայր: Ձեռնարկւում է նաեւ նոր շէնքի շինարարութիւն՝ երկու բաժինները նոյն շէնքում միաւորելու համար [24]:

Գիշերօթիկի բաժինը

1912 թ. Կիլիկեան ճեմարանի բացումից յետոյ, գիշերօթիկում ուսանելու համար ուսանողներ եկան Քիլիսից, Սուէտիայից եւ այլ վայրերից: 1913-1914 թթ. գիշերօթիկի ուսանողների թիւը հասել էր 30-ի: Բաժինն ունէր իր յատուկ կանոնագիրը։ Ամէն ջանք թափւում էր, որ ընտանեկան մթնոլորտ ստեղծուի ուսանողների համար: Գիշերօթիկի տեսուչն էր Փառէն ծ. վրդ. Կլայեցին։ Կային նաեւ օգնական չորս պաշտօնեաներ՝ մատակարար, խոհարար, գիշերապահ եւ սպասաւոր [25]:

Ուսանողական ծախսերը

Ճեմարանի ուսումնական տարեթոշակը բոլոր ուսանողների համար սահմանուած էր 3 օսմ. ոսկի: Դասագրքերը, գրենական պիտոյքը նոյնպէս ուսանողներն էին ձեռք բերում: Գիշերօթիկի ուսանողները, բացի ուսումնական թոշակից, վճարում էին իրենց ապրուստի, բնակարանի, լոյսի, լուացքի ու վառելիքի ծախսերը՝ տարեկան 10 օսմ. ոսկի:

Ուսանողների համազգեստի ծախսը կազմում էր մօտաւորապէս 6 մեջիդիե: Նորեկ ուսանողները ընդունելութեան քննութիւնների համար վճարում էին 0,5 օսմ. ոսկի: Ճեմարանի Ընդհանուր դասընթացի վկայագրի համար իւրաքանչիւր շրջանաւարտից պահանջւում էր 0,5 օսմ. ոսկի, իսկ Մատենագիտական դասընթացի վկայագրի համար՝ 1 [26]:

Ուսանողական նպաստ

Շնորհիւ կրթասէր ազգայինների նիւթական աջակցութեան, ճեմարանը որոշ թւով ուսանողների կարողանում էր դրամական նպաստ յատկացնել՝ հետեւեալ պայմաններով.

  1. 1) Նիւթական աջակցութիւն կարող էին ստանալ դրամական միջոցներից զուրկ այն բոլոր ուշիմ ուսանողները, որոնք յատկապէս «ուխտագիր մը կու տան» ապագայում մանկավարժական կամ եկեղեցական ասպարէզում ընդգրկուելու համար:
  2. 2) Նպաստը նշանակւում էր միայն մէկ տարի ժամկէտով։ Շարունակելիութիւնը կախուած էր ուսանողի առաջադիմութիւնից:
  3. 3) Նպաստ չէր տրւում այն ուսանողներին, որոնց վարքը 90%-ից եւ առաջադիմութիւնը 85%-ից ցածր էր:
  4. 4) Իւրաքանչիւր ուսանողի համար տարեկան նպաստը չէր կարող գերազանցել հաստատութեան տարեկան վճարը՝ 3 օսմ. ոսկին։ Բացառութիւններ կարող էին լինել եկեղեցական ասպարէզն ընտրող ուսանողների համար:
  5. 5) Նպաստի դիմումները պէտք է կատարուէին նախապէս՝ գրաւոր [27]:

Կիլիկեան ճեմարանի հասոյթի աղբիւրները

Ճեմարանի հասոյթի առաջին աղբիւրը ուսման վարձն էր, որը ցերեկօթիկի համար կազմում էր 3, գիշերօթիկի համար՝ 13 օսմ. ոսկի: 1912-1913 թթ. ուսումնական տարում գիշերօթիկ բաժինը դեռեւս չէր գործում, միայն ցերեկօթիկի համար գանձուել էր 55 օսմ. ոսկի, տարեկան՝ 2,5 օսմ. ոսկի հաշւով: 1913-1914 թթ. ցերեկօթիկի եւ գիշերօթիկի ուսանողներից գանձուել էր 392,18 օսմ. ոսկի, նախապատրաստական բաժնի համար 2,5, իսկ ճեմարանի համար՝ 3 օսմ. ոսկի հաշւով:

Ճեմարանի ծախսերի համար Վարդանեան ընկերութիւնը յատկացնում էր տարեկան 50 օսմ. ոսկի, Եկեղեցասիրաց ընկերութիւնը՝ 25 օսմ ոսկի: Ինչպէս արդէն հիշատակվել է, նախապէս ստեղծվել էր ամերիկահայ 54 «պաշտպանների» խումբ, որոնք պարտաւորուել էին տարեկան 12-ական դոլար վճարել անվճարունակ ուսանողների համար։ «Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914» պաշտօնական տեղեկագրի հրապարակման պահին «պաշտպանների» թիւը դարձել էր 69 հոգի: Տեղակագրում նաեւ հրատարակուած է, անուն առ անուն, «պաշտպանների» նուիրատուութիւնների ցանկը, որը Ամերիկայի մասնախումբը ներկայացրել է հոգաբարձութեանը [28]։

Ուսման վարձը եւ վերոնշեալ երկու ընկերութիւնների վճարումները ճեմարանի բիւջէի ձեւաւորման հիմնական բաղկացուցիչներն էին։ Սրանցից բացի, կատարւում էին դրամական այլ փոխանցումներ կամ նուիրատուութիւններ, որոնք կարող էին յաճախ միանուագ լինել:

Յիշատակւում է, որ 1912-1913 թթ. անդրանիկ տարեշրջանի ելք ու մուտքի բացը լրացուել է ամերիկահայ բարերար Միհրան Գարակէօզեանի 130 օսմ. ոսկի միանուագ նուիրատուութեամբ [29]:

Վերի լուսանկարէն հատուածներ։

Կիլիկիոյ Սահակ Բ կաթողիկոսը 1913 թ. օգոստոսի 11-ին կոնդակով յանձնարարում է բարեխնամ վերաբերմունք դրսեւորել ճեմարանի նկատմամբ եւ որդեգրում է գիշերօթիկի երկու ուսանող: Այնթապի թեմի Գաւառական ժողովը յատկացնում է տարեկան 40 օսմ. ոսկի եւ երկու տարի այն վճարում է որպէս դպրոցական շէնքի վարձագին: Հալէպի օժանդակ մասնախումբը պարտաւորւում էր վճարել տարեկան առնուազն 50 օսմ. ոսկի։ Քիլիսի օժանդակ մասնախումբը եւ կիլիկեան տարբեր թեմեր պարտաւորւում են տրամադրել տարատեսակ օժանդակութիւն ինչպէս դրամական, այնպէս էլ գրենական պիտոյքի եւ պարէնի տեսքով [30]:

Բացի այդ, հաստատութեանը տրամադրւում են բազմաթիւ դրամական միջոցներ կտակների եւ միանուագ օժանդակութիւնների տեսքով։ Տարբեր անհատներ կազմակերպում էին հանգանակութիւններ եւ այլն: Տրամադրուած գումարների մի մասն օգտագործւում էր ինչպէս տուեալ պահի անհրաժեշտութիւնները հոգալու համար, այնպէս էլ դրւում էր շրջանառութեան մէջ՝ օժանդակելու եւ նպաստելու ճեմարանի հետագայ գործունէութեանը:

Կիլիկեան ճեմարանի մեծագոյն բարեկամ, այնթապցի Բաբգէն եպս. Կիւլէսէրեանը համազգային հանգանակութեան ծրագրով երբ Ֆրանսիայում էր գտնւում, բարերար Ռափայէլ Մարկոսեանից ապահովել է 500 ֆրանս. ոսկի: Այդ գումարով 1914 թ. սրահ է կառուցւում ճեմարանի յարակից շէնքում [31]:

Վարդանեան ընկերութիւնը տրամադրում է 200 օսմ. ոսկի, որի մէջ էր մտնում նաեւ վերոնշեալ 50 ոսկին։ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը տրամադրում է 50 օսմ. ոսկի նպաստ: Այնթապցի բարերար Սարգիս Կ. Նազարեանը ճեմարանի բացմանը նուիրում է 1.000, Գալուստ Ղազարեանը՝ 200, Կարապետ բէյ Նազարէթեանը՝ 160 օսմ. ոսկի: Իրենց կեանքի ապահովագրութեան գումարները նուիրաբերում են տէր եւ տիկին Գէորգ Ն. Պալեանները (2.500 ֆրանկ) եւ ճեմարանի հոգաբարձութեան նախագահ Փառէն ծ. վրդ. Կլայեցին (5.000 ֆրանկ): Տէր եւ տիկին Չամիչեանները ճեմարանի մատենադարանին տրամադրում են 42 դոլար, իսկ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում Գրիգոր Սարաֆեանի եւ Ամերիկայի օժանդակ մասնախմբի կազմակերպած հանգանակութիւնների շնորհիւ 1913-1914 թթ. ուսումնական տարուայ ծախսերի համար տրամադրւում է 208,10 դոլար:

Հանգանակութիւն է կազմակերպւում նաեւ ճեմարանի բացման հանդիսութեանը՝ ապահովելու համար 10.000 օսմ. ոսկի անձեռնմխելի դրամագլուխը, որը ճեմարանի անխափան գործունէութեան գրաւական էր դառնալու: Հանգանակութեանը մասնակցել են այնթապցի եւ Կիլիկիայի տարբեր քաղաքներից ժամանած հիւրերը։ Ընդհանուր գումարը կազմել է 2.630 օսմ. ոսկի եւ 108,25 ղուրուշ [32]:

Վկայականներ յանձնելու կարգը

Կիլիկեան ճեմարանը վկայականներ էր յանձնում

  1. 1) Ընդհանուր դասընթացից յետոյ Մասնագիտական ճիւղի որեւէ մէկ դասընթաց աւարտած ուսանողներին:
  2. 2) միայն Մասնագիտական ճիւղի որեւէ դասընթաց աւարտած ուսանողներին:
  3. 3) Միայն Ընդհանուր դասընթացը աւարտած ուսանողներին տրւում էր եօթնամեայ Իտատի [33] վարժարանների վկայականին համազօր վկայական:
  4. Մասնաւոր բաժնի ուսանողներին տրւում էր յատուկ վկայագիր [34]:

Ուսանողական կազմակերպութիւններ

Գրական միութիւն

1913 թ. սեպտեմբերին Կիլիկեան ճեմարանում ստեղծւում է «Գրական Միութիւն» անուամբ ուսանողական ընկերակցութիւնը: Միութեան կազմակերպած հաւաքոյթներին ուսանողները խմբագրական յատուկ մարմնի հսկողութեան ներքոյ կարդում եւ խմբագրում էին գիտական, պատմական, ընկերային եւ այլ նիւթեր պարունակող «Կիլիկիա» ամսօրեայ հանդէսը: Միութիւնն ունէր նաեւ գրադարան [35]:

Ֆուտբոլի խումբը

Ֆուտբոլը ներմուծուած է ճեմարանի առաջին տարեշրջանին: Ուսանողները պրոֆ. Յովսէփ Միսիրեանի անմիջական հսկողութեան ներքոյ կազմակերպում են ֆուտբոլային խումբ եւ աշնանն ու գարնանը մրցում Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ քոլէջի ֆուտբոլի խմբի հետ [36]:

Երաժշտական խումբը

Կիլիկեան ճեմարանն ունէր փոքր նուագախումբ՝ կազմուած տարբեր կարգերից ընտրուած 8-10 ուսանողից: Ծրագրւում էր նուագախումբն ընդլայնել եւ ձեռք բերել անհրաժեշտ երաժշտական գործիքներ [37]:

Եզրակացութիւն

Կիլիկեան ճեմարանի ստեղծման օրերին եւ այն հիմնադրող ազգային գործիչների մօտ խորը հաւատք կար, որ այն ոչ միայն Այնթապի նոր սերունդ պէտք է դաստիարակէր, այլ նաեւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմերի տարբեր քաղաքների նորահաս սերունդը պէտք է օժտէր հայեցի բարձր կրթութեամբ [38]:

Բացի այդ, Կիլիկեան ճեմարանի եւ Այնթապի այլ կրթական հաստատութիւնների սաները, ցեղասպանութիւնից յետոյ, դեռ երկար տարիներ Սփիւռքի մէջ պիտի փոխանցէին այնթապեան կրթական հասատատութիւնների գիտելիքներն ու փորձը, շարունակէին հայկական դաստիարակութեամբ զբաղուել ու սերունդներ կրթել: Օրինակ, տարիներ շարունակ տեղեկութիւններ ամբարեց ու սփռեց Բէյրութում հրատարակուող «Հայ Անթէպ» ամսագրի հրատարակչական խումբը՝ ԱՄՆ-ից՝ Վահէ Կիւլէսէրեանը, Ֆրանսիայից՝ Գուրգէն Եազըճեանը, Հալէպից՝ Գուրգէն Համալեանը եւ Բէյրութից՝ Գրիգոր Պօղարեանը: Չորսն էլ յետին սերունդն են Վարդանեան կրթարանի եւ Կիլիկեան ճեմարանի. «…Կը զգանք թէ երախտագիտական պարտք մը ունինք հատուցանելի հանդէպ մեր կրթարաններուն որոնց կը պարտինք մեր միտքի ու հոգիի սնունդը» [39]:

Հայոց ցեղասպանութիւնը վերջակէտ դրեց այնթապցիների ստեղծած կրթական այս հուժկու եւ խոստումնալից շարժմանը եւս: Կիլիկեան ճեմարանը փակուեց 1915 թ. յունիսին, ուսուցիչները եւ ուսանողները աքսորուեցին, նրանցից շատերը նահատակուեցին [40]:

Կիլիկեան ճեմարանի հիմնադրումը ոչ միայն մեծ ներդրում էր Այնթապի հայոց կրթութեան գործում, այլեւ լուրջ ձեռքբերում էր կրթական համակարգը բոլորովին նոր ու բարձր կէտի հասցնելու տեսանկիւնից: Այնթապի հայ գործիչները փաստեցին, որ համախմբուած ու միահամուռ աշխատանքի շնորհիւ կարելի է կեանքի կոչել ամէն անհաւանական ծրագիր: Նրանք կարողացան ստեղծել ժամանակի պահանջներին համապատասխանող ուսումնական բարձրագոյն հաստատութիւն:

Կիլիկեան ճեմարանը Կիլիկիայում հիմնադրուած հայկական բարձրագոյն առաջին վարժարանն էր։ Չնայած իր կարճատեւ գոյութեանը, այն դեռ երկար-երկար տարիներ շարունակեց կատարել իր հիմնական առաքելութիւնը՝ հայկական ինքնութեան եւ մշակոյթի պահպանումը:

Ամերիկայի օժանդակ մասնախումբի անդամները (Կիլիկեան բարձրագոյն վարժարանի խնամակալութիւնը)

  • Դոկտ. Անդրանիկ Այվազեան, Նիւ Եորք՝ ատենապետ
  • Վահան Քիւրքճեան, փաստաբան, Բոստոն՝ փոխատենապետ
  • Միհրան Գարակէօզեան (վաճառական), Նիւ Եորք՝ գանձապետ
  • Գարեգին Կիրակոսեան (վաճառական), Բոստոն՝ փոխգանձապետ
  • Արմենակ Նազարէթեան (խմբագիր), Բոստոն՝ ատենադպիր
  • Աւետիս Պ. Սելեան (վաճառական), Բոստոն՝ փոխատենադպիր
  • Թորոս Գ. Ղազարեան (վաճառական), Բոստոն՝ խորհրդական
  • Կարապետ Յ. Գարակէօզեան (վաճառական), Բոստոն՝ խորհրդական
  • Պրոֆ. Յարութիւն Մ. Տատուրեան (PhD, դասախօս Եէյլի համալսարանում), Նիւ Հէվըն՝ խորհրդական
  • Ալիս Սթոն Բլաքուել (Alice Stone Blackwell), Բոստոն՝ խորհրդական

Կիլիկեան ճեմարանի հոգաբարձուների խորհուրդը (Այնթապ)

  • Փառէն ծ. վրդ. Կլայեցի (Մելքոնեան), կաթողիկոսական ներկայացուցիչ՝ հոգաբարձութեան նախագահ
  • Պրոֆ. Արմենակ Յ. Չամիչեան, Ճեմարանի տեսուչ՝ ի պաշտօնէ
  • Յակոբ Գ. Ղազարեան (վաճառական)՝ ատենապետ
  • Հրանդ Գ. Սիւլահեան (վաճառական)՝ ատենադպիր
  • Նուրիճան Նիզիպլեան (ատամնաբոյժ)՝ գանձապետ
  • Տ. Ներսէս քհն. Թաւուգճեան՝ խորհրդական
  • Տ. Գարեգին քհն. Պօղարեան՝ խորհրդական
  • Յակոբ Համալեան (վաճառական)՝ խորհրդական
  • Յակոբ Խաչատուրեան

Կիլիկեան ճեմարանի ուսուցչական մարմինը

  • Պրոֆ. Արմենակ Յ. Չամիչեան (B.S., M.A.), «State Normal School»-ի եւ Հարվարդի համալսարանի շրջանաւարտ, տեսուչ ճեմարանի, մասնագէտ ուսուցիչ մանկավարժութեան, պատմութեան եւ փիլիսոփայութեան:
  • Պրոֆ. Յովսէփ Գ. Միսիրեան, (PhD), շրջանաւարտ Եէյլի համալսարանի, մասնագէտ ուսուցիչ ուսողութեան եւ բնագիտութեան:
  • Պրոֆ. Գրիգոր Սարաֆեան, (B.D.), շրջանաւարտ Եէյլի համալսարանի, մասնագէտ ուսուցիչ բարոյագիտութեան, ընկերաբանութեան եւ աստուածաբանութեան՝ սկսած 1914 թ. սեպտեմբերից:
  • Պրոֆ. Արմենակ Ա. Գասարճեան, (B.S.M.A.) երեք տարի սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (Massachusetts Institute of Technology), աւարտել է Վուստերի Պոլիտեխնիկական ինստիտուտը (Worcester Polytechnic Institute), մասնագէտ ուսուցիչ բնական գիտութիւնների՝ սկսած 1914 թ. սեպտեմբերից:
  • Արշակ Սեղբոսեան, աւարտել է Նանսիի Առեւտրի բարձրագոյն դպրոցը (École supérieure de commerce) եւ Առեւտրական ինստիտուտը (Institut Commercial): Այցելու ուսուցիչ էր ֆրանսերէնի՝ սկսած 1913 թ․ից:
  • Փառէն ծ. վրդ. Կլայեցի (Մելքոնեան), աւարտել է Արմաշի դպրեվանքը, այցելու ուսուցիչ գրաբարի՝ սկսած 1913 թ․ից:
  • Տ. Ներսէս քհն. Թաւուգճեան, աւարտել է Արմաշի դպրեվանքը, այցելու ուսուցիչ կրօնագիտութեան:
  • Հրանդ Գ. Սիւլահեան, այցելու ուսուցիչ գծագրութեան եւ իւղաներկ նկարչութեան՝ սկսած 1913 թ․ից:
  • Կարապետ Մուղամեան, աւարտել է Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը, օսմաներէնի, տոմարակալութեան եւ արեւմտահայերէնի ուսուցիչ՝ սկսած 1913 թ․ից:
  • Փիլիպոս Սարգիսեան, Շահնազարեանի շրջանաւարտ, 1912-1913 թթ. ուսումնական տարում այցելու ուսուցիչ գեղագրութեան եւ գծագրութեան:
  • Յակոբճան Եաղուպեան, աւարտել է Արմաշի դպրեվանքը, 1912-1913 թթ. հայերէնի եւ ֆրանսերէնի, այնուհետեւ՝ ազգային պատմութեան այցելու ուսուցիչ:
  • Յակոբ Գալէմքեարեան, աւարտել է Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը, 1912-1913 թթ. ուսումնական տարում այցելու ուսուցիչ գրաբարի:
  • Չէլէպի զատէ Նուրի, 1912-1913 թթ. ուսումնական շրջանում այցելու ուսուցիչ օսմաներէնի եւ օսմանեան պատմութեան:
  • Խալիտ Քեամիլ բէյ, աւարտել է Կ. Պոլսի Առեւտրական բարձրագոյն վարժարանը, 1913 թվականից՝ այցելու ուսուցիչ օսմաներէնի:
  • Կիլիկեան ճեմարանի գիշերօթիկ բաժնի պատասխանատուներ
  • Փառէն ծ. վրդ. Կլայեցի, տնօրէն գիշերօթիկ բաժնի
  • Դոկտ. Մուշեղ Հատիտեան, (M.D.), բժիշկ ճեմարանի ու գիշերօթիկ բաժնի

Կիլիկեան ճեմարանի գիշերօթիկ բաժնի պատասխանատուներ

  • Փառէն ծ. վրդ. Կլայեցի (Մելքոնեան), տնօրէն գիշերօթիկ բաժնի
  • Դոկտ. Մուշեղ Հատիտեան, (M.D.), բժիշկ ճեմարանի ու գիշերօթիկ բաժնի
  • [1] « Տաճկահայք», Արարատ, Վաղարշապատ, 1909, թիւ 3, մարտ, էջ 284:
  • [2] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1914, էջ 13:
  • [3] Դոկտ. Գէորգ Ա. Սարաֆեան, «Վարդանեան կրթարանի դերը Կիլիկեան ճեմարանի հաստատումին մէջ», Հայ Անթէպ, Պէյրութ, 1965, թիւ 3, էջ 9:
  • [4] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 13:
  • [5] Նոյն տեղում, էջ 13-14:
  • [6] Նոյն տեղում, էջ 14:
  • [7] Գրիգոր Պօղարեան, «Կիլիկեան Ճեմարան (1912-1915)», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճելըս, 1953, (այսուհետ՝ ՊԱՀ Ա.), էջ 781-782:
  • [8] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 14:
  • [9] Նոյն տեղում:
  • [10] Գրիգոր Պօղարեան, «Կիլիկեան Ճեմարան (1912-1915)», ՊԱՀ Ա., էջ 781:
  • [11] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 14-15:
  • [12] Գրիգոր Պօղարեան, «Կիլիկեան Ճեմարան (1912-1915)», ՊԱՀ Ա., էջ 781:
  • [13] Նոյն տեղում, էջ 786-787:
  • [14] Նոյն տեղում, էջ 783-784:
  • [15] Նոյն տեղում, էջ 784:
  • [16] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 15:
  • [17] Նոյն տեղում, էջ 16:
  • [18] Նոյն տեղում, էջ 17: Տես նաեւ՝ Գրիգոր Պօղարեան, «Կիլիկեան Ճեմարան (1912-1915)», ՊԱՀ Ա., էջ 783-784:
  • [19] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 17-18:
  • [20] Նոյն տեղում, էջ 18, 21:    
  • [21] Նոյն տեղում, էջ 18-20:
  • [22] Նոյն տեղում, էջ 24:
  • [23] Նոյն տեղում, էջ 25:
  • [24] Նոյն տեղում, էջ 25-27:
  • [25] Ա. Սարաֆեան, «Այնթապի Կիլիկեան Ճեմարանը», Հայ Անթէպ, Պէյրութ, 1965, թիւ 3, էջ 7:
  • [26] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 21:
  • [27] Նոյն տեղում, էջ 22:
  • [28] Նոյն տեղում, էջ 53-56:
  • [29] Նոյն տեղում, էջ 54:
  • [30] Նոյն տեղում, էջ 56-58:
  • [31] Ա. Սարաֆեան, «Այնթապի Կիլիկեան Ճեմարանը», Հայ Անթէպ, Պէյրութ, 1965, թիւ 3, էջ 6: 
  • [32] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 56-63, 75-80:
  • [33] İdadî, idadiye (mektebi), (թրք.) – օսմանեան միջնակարգ դպրոց։
  • [34] Կիլիկեան Ճեմարան, Այնթապ-Կիլիկիա, Առաջին տեղեկագիր 1912-1914, էջ 23:
  • [35] Նոյն տեղում, էջ 25-26։
  • [36] Նոյն տեղում, էջ 26:
  • [37] Նոյն տեղում:
  • [38] Ա. Սարաֆեան, «Այնթապի Կիլիկեան Ճեմարանը», Հայ Անթէպ, Պէյրութ, 1965, թիւ 3, էջ 5:
  • [39] Գրիգոր Պօղարեան, «Ալմա Մաթեր», Հայ Անթէպ, Պէյրութ, 1965, թիւ 3, էջ 1:
  • [40] Դոկտ. Գէորգ Ա. Սարաֆեան, «Վարդանեան կրթարանի դերը Կիլիկեան ճեմարանի հաստատումին մէջ», Հայ Անթէպ, Պէյրութ, 1965, թիւ 3, էջ 9-12: