Այնթապ, Հալլաճեան որբանոցի արհեստանոցը։ Սեւ-ճերմակ այս պատկերը գունաւորուած է MyHeritage.com-ի միջոցաւ։

Այնթապ - Դպրոցներ (Դ.)

Հայ աւետարանական վարժարաններ

Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 13/03/25 (վերջին փոփոխութիւնը՝ 13/03/25)

Հայ աւետարանական առաջին եկեղեցին ձեւաւորուել է 1846 թ. յուլիսի 1-ին Կ. Պոլսում, պաշտօնական ճանաչումը տեղի է ունեցել չորս տարի անց 1850 թ. նոյեմբերի 27-ին՝ սուլթան Աբդուլմեջիդ I-ի (1839-1861) ֆերմանով [1]:

Նորակազմ հայ աւետարանական համայնքը կարողանում է կարճ ժամանակում արձանագրել լուրջ յաջողութիւններ: Հայ աւետարանական եկեղեցիներ ու կրթական հաստատութիւններ սկսում են հիմնադրուել նաեւ գաւառներում: 1855 թ. Այնթապի Գայաճըգ կենտրոնական թաղամասում հիմնադրւում է աւետարանականների առաջին եկեղեցին, 1868 թ․ին՝ երկրորդ եկեղեցին Հէյիկ [2] արեւմտեան թաղում, նախատեսւում էր եւս մէկ եկեղեցի կառուցել հարաւարեւելեան Ալայ Պէյ թաղամասում [3]:

«Արաքս» պարբերականի տուեալներով՝ 19-րդ դարի վերջին Այնթապում կար 3.000 բողոքական: Նրանք ունէին երեք ժողովարան, վեց նախակրթարան, մէկ որբանոց, մէկ իգական ուսումնարան, մէկ հիւանդանոց եւ քոլէջ՝ Կեդրոնական Թուրքիոյ Քոլէջ անուամբ [4]: 1874 թ. հիմնադրւում է արական յատուկ երկրորդական քոլէջը [5]: 20-րդ դարի սկզբին բողոքականների թիւը հասնում է 4.000-ի [6]:

Կրթական գործունէութեան շուրջ

1886 թ. Մարաշում գումարւում է Կիլիկիոյ Միութեան Խառն Համաժողովը, որին մասնակցում էին նաեւ միսիոներները։ Քննարկման առաջնային հարցերից էր «Մեր հասարակաց դպրոցներուն բարեկարգութիւնը» [7]: Նախակրթարանների կամ տարրական դպրոցների վերաբերեալ տեղեկագրեր են տրւում, դրանց բարելաւման համար արւում են գործնական առաջարկներ: Այնուհետեւ, 1892 թ. Խառն Համաժողովի կազմում է յանձնախումբ նախակրթարանի ծրագրերի համար եւ յանձնարարում, որ յաջորդ՝ 1893 թ․ից աւետարանական բոլոր դպրոցներում դասաւանդումը կազմակերպուի հայոց լեզուով [8]: Ըստ 1893 թ. Համաժողովի արձանագրութիւնների՝ Այնթապի Գայաճըգի աւետարանական եկեղեցու նախակրթարանն ունէր 6 աստիճանական երկսեռ բաժանում, իւրաքանչիւր բաժանում առանձին դասասենեակով՝ առանձին վարժուհիների կառավարման ներքոյ: Դպրոցն ունէր նաեւ իտատիէ՝ 7-ից 9-րդ դասարաններ: Դպրոցում հայերէնը ամրագրուած էր որպէս դասաւանդման պաշտօնական լեզու [9]:

Վեր․ Եղիա Քասունու վկայութեամբ՝ Հէյիկի եկեղեցու Նիզիպլեան վարժարանի իտատիէն այդ փոփոխութիւնն իրականացրել էր որոշումից դեռեւս 6-7 տարի առաջ, երբ Քասունի դեռ սովորում էր այնտեղ՝ Աբրահամ Եուսուֆեանի ուսուցչութեամբ: Իսկ 1892-1893 դպրոցական տարեշրջանում, երբ Քասունի արդէն ինք ուսուցիչ էր, 5-7-րդ դասարանները միացուած էին պատուելի Կարապետ Քեթէնճեանի կառավարման ներքոյ գտնուող 8-րդ եւ 9-րդ դասարանների հետ՝ որպէս հնգամեայ բարձրագոյն նախակրթարան: Եղիա Քասունու եւ Կարապետ Քեթէնճեանի որոշմամբ եւ Հոգաբարձութեան համաձայնութեամբ, գործադրում են առաւօտեան հոգեւոր պաշտամունքի (Սուրբ Գրոց ընթերցում, հոգեւոր երգ, ուղերձ եւ աղօթք) հայերէնով կատարումը [10]: Քանի որ յստակ շեշտւում էր եռամսեայ իտատիէներում դասաւանդումը հայերէնի հիման վրայ վերակառուցելու պահանջը, անհրաժեշտ է դառնում, որ տարրական դպրոցների ուսուցիչներ պատրաստող հաստատութիւնները եւս դրա վրայ մեծ ուշադրութիւն դարձնեն: Տուեալ ժամանակաշրջանում այդպիսի հաստատութիւններից մէկը Մարաշի Աղջկանց Քոլէջն էր [11]:

1890-ական թթ. Կիլիկիայի հայ աւետարանական դպրոցներում սկսւում է հայատառ թուրքերէն դասագրքերի փոխարէն հայերէն դասագրքերի գործածութիւնը: Բացի այդ, դասագրքերի անբաւարարութեան պատճառով, հայ աւետարանականները նպատակայարմար են գտնում կիրառել հայ ազգային վարժարանների դասագրքերը եւս: Դրանով հայ աւետարանական վարժարանները զգալի մերձենում են ազգային վարժարաններին [12]:

1912 թ. տուեալներով՝ Այնթապի աւետարանականներին պատկանող երեք եկեղեցիներից Հէյիկ թաղի եկեղեցին ունէր ութը դպրոց՝ 445 աշակերտով, որոնցից 210-ը՝ աղջիկ: Առաջին կամ Գայաճըգի եկեղեցին ունէր եօթը դպրոց՝ 319 աշակերտով, որոնցից 135-ը՝ աղջիկ, իսկ Երրորդ եկեղեցին ունէր մէկ երկսեռ դպրոց՝ 73 աշակերտով: Այսպիսով, Այնթապի աւետարանական համայնքն ունէր 16 դպրոց՝ երկու տեսուչների եւ 27 երկսեռ ուսուցիչների հսկողութեան ներքոյ, 837 աշակերտ, որոնց 44 %-ը՝ աղջիկ: Հէյիկ թաղի եկեղեցին ունէր նաեւ կոյրերի դպրոց՝ 12 ուսանողով, որոնցից 3-ը մուսուլման էին, նաեւ՝ մանկապարտէզ յաճախող 68 սաներ [13]:

Այնթապի Աստուածաբանական Ճեմարան

1856 թ. հիմնադրւում է Այնթապի Ճեմարանը, որը հիմք է հանդիսանում Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Քոլէջի եւ Մարաշի Աստուածաբանական Ճեմարանի գոյառման համար: Ճեմարանն ունէր 2 բաժին՝ Աստուածաբանական, որտեղ դասաւանդում էր միսիոներ Շնայտըրը, եւ Ուսումնական, որի ծրագրի մաս էին կազմում աշխարհագրութիւն, թուաբանութիւն, լեզուաբանութիւն եւ այլ առարկաներ: Այս բաժինը յանձնւում է Ալեքսան Պէզճեանին, ով այդ տարիներին Կ. Պոլսի Ամերիկեան Վարժարանի շրջանաւարտ էր արդէն [14]:

Նորահաստատ դպրոցի ուսանողները բաժանւում էին 2 դասի: Առաջին՝ Աստուածաբանական խմբում ընդգրկուած էին 30-35 տարեկան երիտասարդներ, երկրորդ՝ Ուսումնական խմբում՝ 15-20 տարեկան պատանիներ [15]:

Կիրակնօրեայ դպրոց

1857 թ. Այնթապ են ժամանում տէր եւ տիկին Քաֆինկները: Քաֆինկը ձեռնամուխ է լինում Կիրակնօրեայ դպրոցի վերակազմութեանը: Նախապէս դպրոցնն ունեցել է 100-150 աշակերտ, այնուհետեւ թիւը հասնում է 1268-ի: 16-80 տարեկան տղամարդիկ եւ կանայք ուսումնասիրում էին Սուրբ Գիրքը: Դրան զուգահեռ դպրոցական շէնքում ուսում էին ստանում բազմաթիւ երկսեռ անչափահասներ: Քաֆինկ յաջողում է նաեւ Գայաճըգի աւետարանական եկեղեցու արեւմտեան կողմում կառուցել դպրոցական նոր շէնք, որը ծառայել է նաեւ Աստուածաբանական Ճեմարանին՝ որպէս ուսումնարան, իսկ Կեդրոնական Թուրքիոյ Քոլէջի շէնքի կառուցումից առաջ այստեղ են անցկացուել քոլէջի որոշ դասերը [16]:

Աղջկանց Ճեմարան

Այնթապում աղջիկների յատուկ վարժարան հիմնելու նախաձեռնութիւնը պատկանում է բողոքական միսիոներներին: Յայտնի է, որ տարբեր վարժապետներ ու խալֆաներ ունեցել են իգական սեռի աշակերտներ, սակայն իգական առաջին դպրոցը հիմնադրել է միսիս Շնայտըրը: 1852 թ. նա իր սեփական տանը փոքրաթիւ աշակերտներով բացում է առաջին դպրոցը, այնուհետեւ 1859 թ. միսիս Մայտա Փրաքթըրը դա վերածում է կանոնաւոր ցերեկօթիկ վարժարանի։ 1860 թ. բացւում է նաեւ գիշերօթիկի բաժինը, որը դառնում է Կիլիկիայում բացուած առաջին իգական քոլէջը [17]:

Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարան

1860 թ. յուլիսի 30-ին ամերիկացի միսիոներուհի Մայտա Ա. Փրաքթըրը հիմնադրում է Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանը, որը առաջինն էր նման կարգի վարժարանների մեջ: Նրա պաշտօնավարութեան 18 տարիները ամուր հիմքեր են ստեղծել կրթական հաստատութեան գործունէութեան համար: Դպրոցը իր աշխատանքներն սկսել է Գայաճըգ թաղամասում վարձուած փոքր սենեակում: Սկզբնական շրջանում կար դասասեղանների խնդիր․ միայն ուսուցիչն ունէր աթոռ ու գրասեղան: Դասարանում կար նաեւ մէկ գրատախտակ: Բարդ էր նաեւ աշակերտներին հասկանալի լեզուով դասագրքեր գտնելը: Դպրոցի հիմնադրումից վեց տարի յետոյ կար միայն տպագիր Սուրբ Գիրքը եւ աշխարհագրութեան դասագիրքը՝ առանց քարտէզների: Միւս բոլոր առարկաները ուսուցանւում էին ձեռագիր պատրաստուած դասատետրերով: Կրթական ծրագիրը կազմուած էր բնախօսութիւն, երկրաբանութիւն, աստղագիտութիւն, մաթեմատիկա, ընդհանուր պատմութիւն, հոգեբանութիւն, կրօնագիտութիւն, հայերէն, թուրքերէն, անգլերէն եւ այլ առարկաներից: Աշխարհագրութեան դասը կազմակերպւում էր գործնական եղանակով, դրա հիմնական մասը բաղկացած էր քարտէզ գծելու վարժութիւններից [18]:

Երկրորդ հիմնական դժուարութիւնը ուսուցիչներ գտնելն էր: Նախապէս՝ ուսուցանելու ողջ պարտականութիւնը կատարում էր միս Փրաքթըրը: Կարճ ժամանակ անց նրան միանում է պատուելի Յարութիւն Պօյնուեօղունեանը՝ որպէս օգնական եւ հայոց լեզուի ուսուցիչ: Նրա հետ աշակերտները ընթերցում էին Աւետարանը՝ աշխարհաբար: Պօյնուեօղունեանը հայոց լեզուով դասաւանդում էր նաեւ նախնական մաթեմատիկա: Այնուհետեւ, երեք տարի աշխատել է Ներսէս վարժապետ Պէզճեանը եւս՝ որպէս օգնական ուսուցիչ: Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանում դասաւանդել են Ներսէս վարժապետ Գազանճեանը եւ ադանացի պատուելի Կարապետ Մարգարեանը: Ալեքսան Պէզճեանը նոյնպէս օգնել է դպրոցին՝ աստղագիտութիւն առարկայի շրջանակներում [19]:

Վարժարանի աշակերտների թիւը տարէցտարի աւելանում էր եւ նոր դասասենեակներ ունենալու անհրաժեշտութիւն էր առաջանում: Մինչեւ սեփական շէնքի կառուցումը վարժարանը բազմաթիւ անգամներ տներ է վարձակալել, ապա հնարաւորութիւն է ունեցել գնել սկզբում մէկ, այնուհետեւ եւս մի քանի տներ Գայաճըգ բլրի վրա: 1886 թ. սկսուել է կառուցումը վարժարանի շէնքերի, որոնց ճարտարապետն էր Անտիոքում ամերիկացի միսիոներ Էտէմզը [20]:

Շէնքերի կառուցումից յետոյ վարժարանի ուսանողների թիւը սկսում է աւելանալ: 1886 թ. բացւում է նաեւ գիշերօթիկ բաժինը, որը եւս նպաստում է թուի աւելացմանը: Բացի այդ, նիւթական ծանր պայմաններում գտնուող աշակերտուհիների համար վարժարանը գտնում էր նպաստի աղբիւրներ եւ բարերարներ:

Կար նաեւ Ծաղկոցի բաժին։ Վարժարանի շրջանաւարտ դասարանում սովորող իւրաքանչյուր ուսանողուհի պարտաւոր էր Ծաղկոցում օրական մէկ ժամ դաս տալ կամ հսկողութիւն կատարել: Այս գործելակերպն իրականացւում էր աշակերտուհիներին որպէս մանկավարժներ պատրաստելու համար: Ընդհանրապէս վարժարանի նպատակը ոչ միայն Այնթապի իգական սեռի կրթական մակարդակի բարձրացումն էր, այլեւ՝ նախնական կամ տարրական դպրոցների համար վարժուհիներ պատրաստելը: Վարժարան կարող էին ընդունուել ինչպէս հայ աւետարանական, այնպես էլ քրիստոնեայ այլ ընտանիքների աղջիկները: Նշւում է, որ վարժարանում ուսանելու հնարաւորութիւն ունէին նաեւ ոչ քրիստոնեայ աղջիկները [21]:

Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանում միս Փրաքթըրը դասաւանդում էր մանկավարժութիւն: Այս դասընթացի համար նա հեղինակել էր հայատառ թուրքերէն համառօտ դասագիրք: 1867 թ. վերջին մանկավարժական աշխատանքներին միանում է միսիոներուհի միս Հալիսթըրը։ Նա աշխատում է շուրջ երկու տարի: Վերջինիս փոխարինում է Կ. Պոլսից եկած Լորա Պլիսը, ապա՝ Հէրիէթ Փաուըրզը: 1874 թ. միս Փրաքթըրի Ամերիկա մեկնելու եւ այլ վարժուհի չլինելու պատճառով դպրոցը չի գործում, այդ ուսումնական տարում չեն լինում նաեւ շրջանաւարտներ: Նախապատրաստական դասարանի աշակերտները տեղափոխւում են Վարդենի բաջիի [22] (վարժուհի Վարդեր Սեֆէրեան-Գայմագամեան) [Տե´ս Այնթապ – Դպրոցներ (Ա.)] տուն՝ Մարիամ վարժուհու հսկողութեան ներքոյ [23]:

1878-1908 թթ. Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանի նախագահութիւնը ստանձնում է միս Փիյրսին: 1886-1891 թթ. միս Կրահամը աշխատում է որպէս նախագահի օգնական եւ երաժշտութեան ուսուցիչ: Նրան յաջորդում եւ 6-7 տարի պաշտօնավարում է միս Իզապէլ Թրօպրիճը, որ բաւականին լաւ հայերէն գիտէր: Վերջինիս փոխարինում է միս Ֆորմընը, որը շուրջ 10 տարի ոչ միայն աշխատում է նախագահի օգնական, այլեւ դասաւանդում է պատմութիւն, ձայնական երաժշտութիւն, գծագրութիւն: Նա զարգացնում է նաեւ մարմնամարզութեան դասերը եւ զգալի բարձրացնում կրթական մակարդակը: Վարժարանում դասաւանդել են նաեւ միս Պլէյքը եւ միս Նորթընը, 1882 թ. սկսած՝ Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի շրջանաւարտներից Յովհաննէս Նաթըգ խօճան, Նազարէթ Քիւրքճեանը, Յակոբ Ասատուրեանը, Տեւլէթ Փօլատեանը, Զօրաբաբէլ Տօնաթոսեանը, պատուելի Մարտիրոս Իգնատիոսեանը: Սկզբնական տարիներին Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանի շրջանաւարտներից ոմանք վարժարանում աշխատել են որպէս օգնական ուսուցչուհի: Աւելի ուշ օգնական ուսուցչուհի կարող էին լինել վարժարանից յետոյ Մարաշի Աղջկանց Քոլէջն աւարտածները միայն [24]:

Վարժարանի 366 շրջանաւարտները 1907 թվականին կազմում են «Շրջանաւարտուհեաց Միութիւն»։ 1910 թ. նշւում է վարժարանի 50-ամեայ յոբելեանը [25]:

Ինչպես նշում է պրոֆ. Պէզճեանը, հիմնադրման օրից մինչեւ 1910-ական թթ. վարժարանն ունեցել է 500 շրջանաւարտ։ Առաջին աշխարհամարտից առաջ վարժարանի քարաշէն, նոր շէնքում 150-200 ուսանողուհու միաժամանակ դասընթաց հնարաւոր էր ապահովել [26]: 

1914 թ. վարժարանն ունէր 240 ուսանող, որոնցից 60-ը գիշերօթիկի ուսանողներն էին։ Մինչեւ 1915 թ. վարժարանն ունեցել է 527 շրջանաւարտ: 1915 թ. այլ վայերից եկած սանուհիները չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը եւ պատսպարուել են վարժարանում՝ զերծ մնալով բռնագաղթից: Երբ Ամերիկան նոյնպէս մտնում է պատերազմի մէջ, օսմանեան կառավարութիւնը ստիպում է միս Ֆորմընին վերադառնալ Ամերիկա, իսկ միս Նորթընն ստանձնում է Մարտինի բլրի որբանոցի տնօրինութիւնը: Զինադադարից յետոյ միս Ֆորմընը վերադառնում է, սկզբում վարժարանը վերաբացւում է Հէյիկ աւետարանական եկեղեցու դպրոցական շէնքերում, ապա՝ Նիզիպլեան թանգարանի շէնքում: Սակայն, հետագայում հայերի նկատմամբ բռնութիւնները, քաղաքական իրավիճակի փոփոխութիւնը ստիպում են, որ միս Ֆորմընը եւ օրիորդ Վարդուհի Լօշխաճեանը տեղափոխուեն Հալէպ եւ Մուպալլաթ թաղում բացեն հայ աղջիկների համար աւետարանական վարժարան: Այնթապում շարունակում են մնալ միս Նորթընը եւ օրիորդ Ռահէլ Կիւլտալեանը՝ կառավարելով վարժարանը: Տուեալ շրջանում կար 50 տեղացի ուսանողուհի: Կարճ ժամանակ անց, 1922 թ. Այնթապի վերջնական հայաթափումից յետոյ նրանք եւս հաստատւում են Հալէպում [27]:

Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանը իր աւելի քան 60 տարիների գործունէութեան ընթացքում ունեցել է բազմաթիւ շրջանաւարտներ, որոնք իրենց կարեւոր ներդրումն են ունեցել ինչպէս կրթական, այնպէս էլ այլ ոլորտների առաջընթացի ու զարգացման գործում: Տարբեր տարիների շրջանաւարտներից շատերը դասաւանդել թե´ իրենց մայր վարժարանում եւ թե´ կրթական այլ հաստատութիւններում: Յիշատակւում են Մարիամ Վարդանեանը, Շուշան Պօղոսեանը, Լուսիա Ստեփանեանը, Պօյնուեօղունեան քոյրերը, Ովսաննա եւ Հռիփսիմէ Միսիրեանները, Ֆլորա Պէզճեանը (թուաբանութեան եւ բնագիտութեան ուսուցչուհի), Կիւլէնիա Պետրոսեանը, Խաթուն Միսիրեանը (հայերէնի ուսուցչուհի), Անիցա Թէրզեանը (թուրքերէնի ուսուցչուհի), Շուշան Գազանճեանը, Նուրիցա Թէրզեանը եւ Ազնիւ Իսրայէլեանը (հայերէնի ուսուցչուհի), Վարդուհի Լօշխաճեանը եւ այլն: Վերջինս Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանն աւարտելուց յետոյ ուսումը շարունակել է Կ. Պոլսի Աղջկանց Ամերիկեան Քոլէջում, ապա՝ Բէյրութի Ամերիկեան Համալսարանում: 1882 թ. շրջանաւարտներից Մարիամ Առաքելեանը երկար տարիներ պաշտօնավարել է Քեսապի աղջկանց դպրոցում եւ հսկել է Քեսապի շրջանակի բոլոր աւետարանական նախակրթարանները: Վարժարանի շրջանաւարտներից է եղել Արաքսիա Ճէպէճեանը, որը նախապէս աւարտել էր Հայկանուշեան վարժարանը, իսկ յետոյ Մարաշի Աղջկանց Քոլէջում, ապա Անգլիայում բարձրագոյն կրթութիւն ստանալուց յետոյ, դարձել է ժամանակի ականաւոր հոգեւոր ու կրթական գործիչներից մէկը (Արաքսիա Ճէպէճեանը սպանուել է Դէր-Զօրում 1916 թ.): Շրջանաւարտներից Ռեբեկա Գրիգորեանը Այնթապում ընկերային բարեկարգութեան առաջին գործիչն էր, որը այցելում էր տներ, սրճարաններ, բանտեր, աշխատում էր ոգելից խմիչքներից կախուածութիւն ունեցողների հետ: Սեֆորա Շնորհօքեանը վարժարանից յետոյ, ուսումը շարունակելով, դարձել է մանկաբարձ [28]:

Այնթապի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանը էապես մեծ դեր է խաղացել Այնթապի ու շրջակայքի իգական սեռի կրթութեան ու զարգացման գործում: Նրա շրջանաւարտների շարքերում մեծ թիւ են կազմել ոչ միայն այնթապցիները, այլեւ Ադանայից, Ուրֆայից, Մարաշից, Տարսոնից, Սեւերեկից, Դիարբեքիրից (Տիգրանակերտ), Բիթիասից, Գալադուրանից, Բեհեսնիից, Հալէպից, Կարմուջից, Եողունօլուքից եւ այլ վայրերից եկած աղջիկները [29]: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին վարժարանը բազմաթիւ աղջիկների հնարաւորութիւն է տուել ոչ միայն հիմնական կրթութիւն ստանալու, այլեւ ճանապարհ է հարթել տարբեր համալսարաններում ու բարձրագոյն այլ հաստատութիւններում ուսումը շարունակելու համար:

Միսիս Շէփըրտի գիշերային վարժարանը

1882 թ. Այնթապ է ժամանում դոկտ. Ֆրէդ Շէփըրտը՝ կնոջ՝ Ֆէնիի հետ: Դոկտ. Շէփըրտը պէտք է ստանձնէր նորակառոյց Ազարիա Սմիթ հիվանդանոցի բժշկապետի պաշտօնը, ինչպէս նաեւ դասախօսէր Կեդրոնական Թուրքիոյ Քոլէջի բժշկական ֆակուլտետում [30]: Միսիս Շէփըրտը եւս կրթութեամբ բժշկուհի էր՝ մասնագիտացած կանանց հիւանդութիւնների մէջ [31]:

Միսիս Շէփըրտը հաստատում է Գիշերային վարժարանի դասընթացը, որը իր աշխատանքները կազմակերպում էր Նիզիպլեան թանգարանում (այլ անունով՝ «Շէքէր Մէքթէպի» – «Շաքարի դպրոց»): Մինչեւ 1908 թ. դպրոցական տարեշրջանի վերջը վարժարանը շարունակել է գործել Նիզիպլեան թանգարանում՝ Յովակիմ Պագգալեանի տեսչութեամբ: Այնուհետեւ տեղափոխուել է Վարդանեան կրթարանի շէնք: Վարժարանում դասաւանդել են Հրանտ Մալէճանեանը՝ հայերէն եւ անգլերէն, Գէորգ խօճա Քէօշկէրեանը՝ թուաբանութիւն, աշխարհագրութիւն, Գէորգ Ա. Սարաֆեանը՝ հայերէն, ֆրանսերէն: Վարժարանի սաներից յիշատակւում են Պարոյր Պաղտոյեանը, Եղիա Պագամճեանը (հետագայում՝ Տ. Մեսրոպ քահանայ), Մկրտիչ Արարատեանը եւ Նիզիպլեանը [32]:

Ռուբինեան ընկերութիւնը եւ Նիզիպլեան թանգարանը

19-րդ դարի երկրորդ կէսին, բարերար եւ գործարար Ատուր Նիզիպլեանի ջանքերով ու ներդրումներով, հիմնադրւում է Ռուբինեան ընկերութիւնը, որի առաջնային գործառոյթը երիտասարդների կրթութիւնն էր: Ընկերութիւնը շաբաթական երկու անգամ կազմակերպում էր գիշերային դասընթացներ եւ մէկ անգամ ընթերցանութեան երեկոներ, ինչպէս նաեւ՝ թատերական ներկայացումներ: Ընկերութեան գործունէութիւնը տեւել է 15 տարի։ Լուծարումից յետոյ նրա մատենադարանը անցնում է Հ.Ե.Ք.Ը. ընկերակցութեանը (Y.M.C.A. Young Men's Christian Association): Ընկերակցութեանն է անցնում նաեւ գանձարանում մնացած 66 օսմ. ոսկին՝ գիրք եւ թերթ առնելու պայմանով:

Ատուր աղա Նիզիպլեանի հիմնական նպատակներից էր նաեւ Ռուբինեան ընկերութեան համար շէնք կառուցելը: Գասթէլ Պաշի թաղում հիմնադրւում է Նիզիպլեան թանգարանը, որը որպէս մշակոյթի տուն պէտք է ծառայէր Այնթապի բողոքական երիտասարդների համար: Յատուկ կանոնագրութեամբ՝ Ատուր Նիզիպլեանը այդ շէնքը փոխանցում է Այնթապի հայ աւետարանական երեք եկեղեցիներին, իսկ 1892 թ. յունուարի 22-ին իր կտակում աւելացնում է յատուկ յօդուած՝ որպէս հիմնադրամ թանգարանին յատկացնելով 500 օսմ. ոսկի [33]:

Կրթասիրաց կամ Ուսումնասիրաց ընկերութիւն

1900-ական թթ. Այնթապի Ագեոլ թաղում հիմնադրւում է Կրթասիրաց (Ուսումնասիրաց) ընկերութիւնը: Նախաձեռնութիւնը պատկանում էր բողոքականներին, սակայն անդամակցելու կամ լսարան յաճախելու համար համայնքին պատկանելը պարտադիր չէր։ Նոյն մօտեցումն է ամրագրւում դպրոց յաճախելու պարագայում եւս: Ընկերութեան նպատակն էր կրթել, զարգացնել Ագեոլ թաղի ժողովրդին եւ չքաւոր ընտանիքների երեխաների համար վարժարան բացել: 1908 թ. օսմանեան Սահմանադրութեան վերահաստատումից յետոյ ընկերութիւնն ու դպրոցը առաջընթաց են ունենում: Դպրոցում աշխատում էր երեք վարժուհի, կիրակի օրերին երկսեռ երեխաների համար գործում էր «Կիրակնօրեան», միւսների համար՝ «Լսարանը»: «Լսարանի» մաս էին կազմում քաղաքական անցուդարձի մասին լրատւութիւնը եւ կրթական նիւթեր պարունակող դասախօսութիւնները: Երբեմն բեմադրւում էին ներկայացումներ, երաժշտական հանդէսներ: Ամռան ամիսներին կազմակերպւում էին դաշտագնացութիւն եւ ճաշկերոյթներ: Ընկերութիւնն ունէր իր սեփական փողերախումբը, որի աշխատանքները կազմակերպւում էին Կեդրոնական Թուրքիոյ Քոլէջի երաժշտական հին գործիքներով եւ լրացուցիչ գնումներով: Փողերախմբի վարիչ-ուսուցիչն էր Յակոբ Իւվէզեանը (Կ. Թ. Քոլեջի երաժշտութեան ուսուցիչը), որը ղեկավարում էր նուագախումբը՝ առանց վարձատրութեան [34]: Ըստ մէկ այլ աղբիւրի՝ ընկերութեան նուագախմբի գործիքները գնւում էին Գերմանիայից: Ուսումնասիրաց ընկերութիւնն ունէր նաեւ գրադարան [35]:

Կրթասիրաց (Ուսումնասիրաց) ընկերութիւնը բաւականին կուռ կառոյց էր: Ընկերութեան ատենապետն էր Կեդրոնական Թուրքիոյ Քոլէջի շրջանաւարտ, Քոլէջի գրասենեակի գրագիր եւ տոմարակալութեան ուսուցիչ Յովհաննէս Հասըրճըեանը [36] (սպանուել է Դէր-Զօրում [37]), Լսարանի տեղեկատուն էր Եագուպ Հասըրճըեանը, Կիրակնօրեայ դասընթացի վարիչ էր նշանակուած Սարգիս Լալէեանը: Ընկերութեան երգեհոնահարն էր Ազնիւ Մանուկեանը [38]:

Այնթապում Մարզական ակումբը կազմուել է 1909 թ.՝ որպէս Հայ Ուսումնասիրաց Ընկերութեան մարզական ակումբ: Այն ունէր բազմաթիւ անդամներ, մասնաւոր մարզարան: Ակումբում ամենասիրուած եւ ամենատարածուած խաղը ֆուտբոլն էր [39]:

Ըստ մէկ այլ աղբիւրի՝ Այնթապի Կրթասիրաց (Ուսումնասիրաց) ընկերութիւնը՝ Y.M.C.A.-ն (Young Men's Christian Association – Քրիստոնեայ Երիտասարդներու Ընկերակցութիւն) հիմնադրուել է 1905 թ. Կեդրոնական Թուրքիոյ Քոլէջի շրջանաւարտ Լեւոն Լեւոնեանի եւ դեռեւս նոյն քոլէջի ուսանող Սարգիս Պալապանեանի ջանքերով: Ընկերակցութիւնը բողոքական եւ ոչ-բողոքական անդամներով, մարզական, կրթական, մշակութային բաժիններով կառոյց էր: 1908 թ. Սահմանադրութեան վերահաստատումից յետոյ աւելանում է նաեւ զինավարժութիւնը: Ընկերութիւնն ունէր Գիշերային վարժարան եւ Կիրակնօրեայ լսարան, հարուստ գրադարան: Հրատարակում էր «Ուսում» խմորատիպ թերթը [40]:

Հալլաճեան որբանոց

1876 թ. պատուելի Յարութիւն (Յովհաննէսեան) Հալլաճեանը հիմնադրում է բողոքական որբանոց-վարժարան՝ ապաստան տալով բազմաթիւ երեխաների: Այս հաստատութիւնը Կիլիկիայի հայոց շրջանում առաջին որբանոցն էր [41]:

Շուրջ 30 տարի որբանոցը ղեկավարելուց յետոյ Յարութիւն Հալլաճեանը դա փոխանցում է Այնթապի հայ աւետարանական եկեղեցիներից կազմուած խնամատարութեանը: Հալլաճեանն իր գործունէութեան ընթացքում կարողացել է հաւաքել 10.000 օսմ. ոսկի, որը ամբողջապէս ծախսուել է որբերին խնամելու աշխատանքներում [42]:

  • [1] Պարգեւ Ն. Տարագճեան, «Հայ Աւետարանական Եկեղեցիին վարդապետական առանձնայատկութիւնները», Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ, Բ հատոր, 1971, էջ 171; Rev․ Dr. Vahan H. Tootikian, “Observations on the Theological Orientataion of the Armenian Evangelical Church”, Հայկազեան Հայագիտական Հանդէս, ԺԱ հատոր, 1991, էջ 125:
  • [2] Հանդիպում է նաեւ Հայեկ եւ Հայիկ տարբերակներով:
  • [3] Գրիգոր Պօղարեան, «Կիլիկիոյ Գիշերօթիկ Վարժարանը, Այնթապ (1873-1877)», Նոր Այնթապ, Պէյրութ, 1973, թիւ 3 (55), էջ 18:
  • [4] Վարդ, «Այնթապ քաղաք», Արաքս, Սանկտ-Պետերբուրգ, Բ գիրք, 1888, մայիս, էջ 58-59:
  • [5] Գրիգոր Պօղարեան, «Կիլիկիոյ Գիշերօթիկ Վարժարանը, Այնթապ (1873-1877)», Նոր Այնթապ, 1973, թիւ 3 (55), էջ 18:
  • [6] Հայր Սուքիաս Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Ա հատոր, Վենետիկ-Ս. Ղազար, 1903, էջ 145:
  • [7] Վեր․ Եղիա Ս. Քասունի, «Հայ Աւետարանականութիւնը Անթէպի մէջ», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Ա.), էջ 518:
  • [8] Նոյն տեղում:
  • [9] Նոյնը, ՊԱՀ Ա., էջ 518-519:
  • [10] Նոյն տեղում, էջ 519:
  • [11] Նոյն տեղում, էջ 519-520:
  • [12] Նոյն տեղում, էջ 520:
  • [13] Բրոֆ. Յ. Ա. Պէզճեան, «Այնթապի կրթական կացութիւնը – Անցեալն ու ներկան», Կոչնակ շաբաթաթերթ, Նիւ Եորք, 1912, թիւ 13, 30 Մարտ, էջ 306:
  • [14] Տոքթ. Լութֆի Հալէպլեան, «Ինքնակենսագրութիւն Ատուր Աղա Նիզիպլեանի», Հայ Անթէպ, 1967, թիւ 3 (27), էջ 27-28:
  • [15] Նոյն տեղում, էջ 28:
  • [16] Վեր․ Եղիա Ս. Քասունի, «Հայ Աւետարանականութիւնը Անթէպի մէջ», ՊԱՀ Ա., էջ 505-506:
  • [17] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկանուշեան Վարժարան», ՊԱՀ Ա., էջ 689: 
  • [18] Վեր․ Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 867:
  • [19] Նոյն տեղում, էջ 867-868:
  • [20] Նոյն տեղում, էջ 868:
  • [21] Նոյն տեղում, էջ 868-869:
  • [22] Bacı (թրք.) – թարգմանաբար՝ քոյր, կիրառւում է որպէս դիմելաձեւ:
  • [23] Վեր․ Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 869-870:
  • [24] Նոյն տեղում, էջ 870-872:
  • [25] Նոյն տեղում, էջ 873:    
  • [26] Բրոֆ. Յ. Ա. Պէզճեան, «Այնթապի կրթական կացութիւնըը – Անցեալն ու ներկան», Կոչնակ, 1912, թիւ 13, 30 Մարտ, էջ 306:
  • [27] Վեր․ Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 872-874:
  • [28] Նոյն տեղում, էջ 874-877:
  • [29] Նոյն տեղում, էջ 875:
  • [30] Գրիգոր Պօղարեան, «Տաքթըր Շեփըրտ», Հայ Անթէպ, 1966, թիւ 1 (21), էջ 23։
  • [31] Հրազդան Թոքմաճեան, Այնթապի ասեղնագործութիւն, Ա հատոր, Հալէպ- Երեւան, «Տիգրան Մեծ» հրատարակչութիւն, 2015, էջ 96:
  • [32] Գէորգ Ա. Սարաֆեան, «Միսիս Շէփըրտի Գիշերային Վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 885-887:
  • [33] Տոքթ. Լութֆի Հալէպլեան, «Ինքնակենսագրութիւն Ատուր Աղա Նիզիպլեանի», Հայ Անթէպ, 1967, թիւ 3 (27), էջ 29-30:
  • [34] Սարգիս Լալէեան, «Ագեօլի «Կրթասիրաց» Ընկերութիւնը», Հայ Անթէպ, 1968, թիւ 2 (30), էջ 57-58:
  • [35] Յովսէփ Մուսայեան, «Այնթապի Կրթասիրաց Ընկերակցութիւնը», ՊԱՀ Ա., էջ 888-889:
  • [36] Ազգանունը յիշատակւում է նաեւ Հասիրճեան ձեւով:
  • [37] Յովսէփ Մուսայեան, «Այնթապի Կրթասիրաց Ընկերակցութիւնը», ՊԱՀ Ա., էջ 889:
  • [38] Սարգիս Լալէեան, «Ագեօլի «Կրթասիրաց» Ընկերութիւնը», Հայ Անթէպ, 1968, թիւ 2 (30), էջ 57-58:
  • [39] Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Գ հատոր, (1908-1922), Պէյրութ, տպ. «Սեւան», 1975, էջ 200:
  • [40] Գրիգոր Պողարեան, Այնթապականք, Բ գիրք – Մահարձան, Պէյրութ, տպ. «Ատլաս», 1974, էջ 277-278:
  • [41] Վեր. Կարապետ Պ. Ատանալեան, Յուշարձան Հայ Աւետարանականաց եւ Աւետարանական Եկեղեցւոյ, Ֆրեզնօ, Կալիֆոռնիա, Crown Printing Co., 1952, էջ 335-336:
  • [42] Վեր․ Եղիա Ս. Քասունի, «Հայ Աւետարանականութիւնը Անթէպի մէջ», ՊԱՀ Ա., էջ 512-513: