Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը (աղբիւր՝ Houghton Library, Harvard University):

Այնթապ – Դպրոցներ (Ե.)

Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը (Կ. Թ. Գոլէճ)

Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 14/06/25 (վերջին փոփոխութիւնը՝ 14/06/25)

Ժամանակի խոշորագոյն ուսումնական հաստատութիւններից մէկի՝ Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի ուսումնական կանոնաւոր ընթացքը սկսւում է 1876 թ. սեպտեմբերի 11-ին [1]: Այն իր բազմաշերտ գործունէութեամբ մեծ հետք է թողել ժամանակի կրթական հաստատութիւնների պատմութեան մէջ՝ բերելով կրթութեան կազմակերպման գործընթացում նոր չափանիշներ:

Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը դառնում է նաեւ կարեւոր մեկնարկ բազմաթիւ հայ երիտասարդների համար, որոնք թէ´ որպէս շրջանաւարտ եւ թէ՛ որպէս պրոֆեսորադասախօսական կազմի անդամ իրենց մեծ ներդրումն են ունենում ինչպէս կրթական ու ընկերային, այնպէս էլ ամենատարբեր ոլորտներում:

Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի հիմնադրման նախադրեալները

Աւետարանական շարժումը Կիլիկիայում սկսում է ծաւալուել 1850-ական թուականներին: Դրա հետեւանքով օրէցօր աւելանում է հոգեւոր եւ կրթական ոլորտների մասնագէտների կարիքը: Թէեւ մի շարք երիտասարդներ ամերիկացի միսիոներ միստըր Բենջըմին Շնայդըրի մօտ աստուածաբանութեան դասեր էին ստանում, սակայն կարիքը կար առաւել խորը գիտելիքներ ձեռք բերելու: Դոկտ. Ազարիա Սմիթն ու մր. Շնայդըրը դիմում են Կ. Պոլսում գտնուող վերապատուելի Սայրուս Համլինին: Կ. Պոլսի Բեբեք թաղամասի վարժարանից (ապագայ հռչակաւոր Ռոբերտ գոլէճը) երիտասարդ ուսուցիչ Զենոբ Իսրայէլեանը (բուրսացի) ժամանում է Այնթապ եւ պաշտօնավարում չորս տարի [2]: Ականաւոր մտաւորական եւ ապագայ պրոֆեսոր, Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի հիմնասիւներից մէկը՝ Ալեքսան Պէզճեանը Զենոբ վարժապետի աշակերտներից էր: Նա արդէն 1852 թ. ուղարկուել էր Կ. Պոլիս՝ Բեբեքի վարժարանում ուսանելու: 1854 թ. Զենոբ Իսրայէլեանի մահը խնդիրներ է առաջ բերում կրթական ոլորտում եւ ստիպում, որ նորաբաց ուսումնարանը դադարեցնի աշխատանքները: Մր. Շնայդըրը Այնթապում գտնուող այլ միսիոներների օժանդակութեամբ փորձում է կրկին կազմակերպել աստուածաբանութեան դասընթացները: Սակայն տեղացիները պահանջում են բնագիտական առարկաներ եւս ընդգրկել դասընթացներում: 1856 թ. ամռանը Ալեքսան Պէզճեանը հրաւիրւում է Այնթապ եւ սեպտեմբերից սկսում դասաւանդել վերաբացուած ուսումնարանում՝ որպէս գիտական եւ ուսումնական ճիւղերի ուսուցիչ:

Ուսումնարանում աշխատանքները շարունակւում են շուրջ 10 տարի։ Այնտեղ դասաւանդում էին նաեւ մր. Շնայդըրը, մր. Նըտինգը եւ այլ միսիոներներ: 1865 թ. սոյն ուսումնարանը վերակազմաւորուելով տեղափոխւում է Մարաշ: Գիտական դասընթացի վարիչ կրկին նշանակւում է Ալեքսան Պէզճեանը, իսկ աստուածաբանականի՝ մր. Ժիլ Ֆոստըր Մոնտգոմըրին [3]:

Աստիճանաբար ձեւաւորւում է ժամանակի պահանջներին համապատասխան բարձրագոյն վարժարանի՝ գոլէճի ստեղծման պահանջ, որտեղ ամբողջութեամբ պէտք է առանձնացուէին աստուածաբանութեան, բժշկութեան, ճարտարապետութեան, իրաւաբանութեան ճիւղերը, եւ որն, անշուշտ, երիտասարդների համար կը դառնար նոր հնարաւորութիւն տարբեր մասնագիտութիւններ սովորելու գործում:

Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի հիմնադրման նախապատրաստական աշխատանքները

1871 թ. Ադանայում գումարւում է «Կիլիկիոյ Աւետարանական Եկեղեցեաց Միութեան» տարեկան ժողովը, որին ներկայ էին Կիլիկիայի 23 աւետարանական եկեղեցիներից եկած հովիւներ, քարոզիչներ եւ երեսփոխաններ, ինչպէս նաեւ Արտաքին առաքելութիւնների կոմիսարների ամերիկեան խորհրդի (American Board of Commissioners for Foreign Missions, կրճատ` Բորդ) աւագ քարտուղար Նաթանայէլ Քլարքը: Ժողովում քննարկուած գլխաւոր հարցերից մէկը լինում է Կիլիկիայում գոլէճ հիմնադրելու գաղափարը: Որոշւում է ստեղծել Կ. Պոլսի Ռոբերտ Գոլէճին [4] համահաւասար բարձրագոյն հաստատութիւն [5]:

Ծրագիրը ներկայացւում է Բորդին, որը այն ընդունում է ու արդէն 1872 թ. սկսւում են նախապատրաստութիւնները: Գոլէճի հիմնադրման վայր ընտրւում է Այնթապը, իսկ հաստատութիւնը որոշւում է անուանել «Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճ»: Ծրագրի կարեւորագոյն մասերից էր բժշկական դասընթացը՝ հիւանդանոցի հետ մէկտեղ [6]:

Կազմւում է ինչպէս Հոգաբարձուների, այնպէս էլ Տեղական կառավարման խորհուրդ: Ըստ գոլէճի 1901 թ. տեղեկագրի՝ Հոգաբարձուների խորհուրդը կազմուած էր հետեւեալ անդամներից՝ Ջ. Մ. Վ. Հոլլ՝ նախագահ, Ջադսոն Սմիթ՝ քարտուղար, Ս. Ֆ. Վիլկինս՝ գանձապահ, Չարլզ Հ. Դանիէլս, Հ. Հ. Փրոքթոր, Էդուարդ Ռ. Սթիրնս, Էլբրիջ Թորրի, Վ. Ա. Բարթլեթ: Տեղական կառավարման խորհրդի կազմում էին Ամերիկուս Ֆուլըրը՝ նախագահ, Ջոն Էռնեստ Մերիլը՝ քարտուղար ու գանձապահ, Կարապետ Պարսումեանը՝ տեղական դրամական միջոցների գանձապահ եւ այլ անդամներ [7]:

1872 թ. գարնանը արդէն սկսուել էին բարձրագոյն ուսումնական հաստատութեան հիմնադրման նախապատրաստական աշխատանքները բոլոր անհրաժեշտ ուղղութիւններով: Այնթապի հայ բողոքական համայնքը հանգանակում է 1.600 օսմ. ոսկի, Հաճի Թա’ա էֆենտին նուիրաբերում է 100 արտավարից [8] աւելի հող կրթական հաստատութեան կառուցման համար: Տարբեր անհատներ նուիրում են քար, ատաղձ եւ այլն: Վերապատուելի Թիլման Թրոպրիճը ուղեւորւում է Անգլիա եւ Ամերիկա՝ դրամահաւաքութիւն իրականացնելու համար: Անձնական կապերի միջոցով եւ մամուլում հրատարակուած յայտարարութիւնների օգնութեամբ նա կարողանում է մեծ գումարներ հաւաքել: Ամերիկայի, Անգլիայի եւ որոշ չափով Ֆրանսիայի բողոքականները մեծապէս նպաստում են այս ձեռնարկներին [9]:

Թրոպրիճի յաջող դրամահաւաքի մասին գրում է նաեւ Կ. Պոլսի «Աւետաբեր» պարբերականը, նշելով, որ Անգլիայում եւ Ամերիկայում հաւաքուած գումարը կազմում էր 10.239 օսմ. ոսկի [10]: Պարբերականի յաջորդ համարներում եւս կան տեղեկութիւններ դրամահաւաքութեան, նուիրատուների եւ գոլէճի վերաբերեալ [11]:

Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճը 1920-1921-ին (աղբիւր՝ Houghton Library, Harvard University):
Այնթապ․ Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանի շէնքը։ Օրիորդաց Ճեմարանը (աղբիւր՝ Houghton Library, Harvard University):
Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի նախագահական շէնքը, 1893։ Կառուցուած է 1877-78-ին (աղբիւր՝ Houghton Library, Harvard University):
Այնթապ․ Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարանի շէնքը։ Օրիորդաց Ճեմարանը (աղբիւր՝ Houghton Library, Harvard University):
Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի նախագահական շէնքը։ Լուսանկարիչ՝ Սուրսուրեան (աղբիւր՝ Houghton Library, Harvard University):

Գոլէճի հիմնադրման համար նախապատրաստում են նաեւ համապատասխան ուսուցչական կազմ: Ապագայ գոլէճում դասաւանդելու համար անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում Ալեքսան Պէզճեանը եւս: Նա մեկնում է Ամերիկա՝ Յելի համալսարանում կատարելագործուելու [12]:

Հնարաւոր է դառնում հիւանդանոցի եւ բժշկութեան ճիւղի հիմնադրումը եւս: Այնթապում հաստատուած առաջին բողոքական միսիոներ վաղամեռիկ բժշկապետ վերապատուելի Ազարիա Սմիթի ամերիկացի ազգականները հանգանակում են հիւանդանոցի գումարը, եւ հաստատութիւնը կոչւում է Սմիթի անունով: Շինութեան Յանձնախումբը կազմուած էր 8 անդամներից (կէսը ամերիկացի)` մր. Ֆուլըրի ատենապետութեամբ: Շէնքի ճարտարապետն էր Քեսապի միսիոներ մր. Լիւսիէն Հարպըր Ատամզը: Ստացւում են նաեւ շինարարութեան համար հարկ եղած արտօնագրերն ու հրամանագրերը [13]:

Բացւում է նոր կրթարան ուսանողներ պատրաստելու համար: Նախկին Աստուածաբանական ճեմարանի ընթացաւարտներից Սարգիս Ենովքեանը (մարաշցի) նշանակւում է ուսումնապետ, իսկ գլխաւոր ուսուցիչ է դառնում Ռոբերտ գոլէճի շրջանաւարտներից Յովակիմ Սրբոյեանը (ուրֆացի): 1874 թ. վերադառնում է նաեւ Ալեքսան Պէզճեանը եւ նշեալ կրթարանի աշակերտներից ընտրում է 15 ամենաշնորհալիներին ու սկսում պատրաստել՝ նախանշուած մակարդակին հասցնելու համար: Երկու տարուայ ընթացքում աշակերտների թիւը հասնում է 38-ի: 1876 թ. տուեալ աշակերտներից 11-ը դառնում են գոլէճի առաջին կարգի (ֆրեշմեն) ուսանող [14]:

Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի բացումը եւ հետագայ գործունէութիւնը

1875 թ. յունիսի 16-ից սկսած կրթական ծրագիրը ղեկավարում էր մր. Ֆուլըրը: 1876 թ. յունուարի 31-ին Վարչական ժողովի նիստի ընթացքում քննարկւում է գոլէճի նախագահ ընտրելու հարցը։ 1876 թ. նոյեմբերի 2-ին ընտրւում է վեր. Թիլման Թրոպրիճը: Քանի որ գոլէճի շէնքի կառուցումը դեռեւս աւարտուած չէր, դասերը սկսելու համար վարձակալւում է շէնք: 1877 թ. աշխատանքի են հրաւիրւում Յովհաննէս Գրիգորեանը, Սարգիս Լեւոնեանը՝ որպէս օգնական ուսուցիչ, իսկ մալաթիացի Յովհաննէս Եազըճեանը (Նաթըգ Խոճա)՝ որպէս օսմաներէնի ուսուցիչ [15]:

1878 թ. աւարտւում է Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի կառուցումը: Այն գտնւում էր հիանալի վայրում՝ Այնթապից արեւմուտք գտնուող բլրի վրայ: Զբաղեցնում էր 60 ակր (մօտ 0,25 քառակուսի կիլոմետր) տարածք, որը գոլէճի սեփականութիւնն էր: Գոլէճի շէնքը կրեմագոյն կրաքարից էր՝ զարդարուած սեւ քարերով։ Այն բաղկացած էր երեք հարկից, նկուղից, ունէր ուսումնական դահլիճ՝ ուսանողների համար նախատեսուած գրասեղաններով, ինչպէս նաեւ գիշերօթիկ բաժանմունքի համար անհրաժեշտ պայմաններով: Գոլէճում կար տասը դասասենեակ, գրադարան, փոքրիկ լաբորատորիա եւ այլն: Գրադարանն ունէր 4.000 գիրք, որոնք հիմնականում անգլերէն լեզուով էին: Կային գրքեր քրիստոնէութեան, փիլիսոփայութեան եւ այլնի վերաբերեալ: Գրադարանը նաեւ ստանում էր Կ. Պոլսի հայկական եւ թուրքական պարբերականները [16]: Որոշ ժամանակ անց գրադարանի գրքերի քանակը հասնում է մօտ 7.600-ի, որից 1337-ը հայերէն էր [17]:

Նոյն տարում գոլէճը ստանում է նաեւ սուլթանական ֆերման եւ սկսում իր աշխատանքները նորակառոյց շէնքում՝ ունենալով 50-55 աշակերտ: 1879 թ., արդէն յիշատակուած ուսուցիչներից բացի, գոլէճում դասաւանդում էին նաեւ պրոֆ. Ալեքսան Պէզճեանը, դոկտ. Սիւնին, մր. Ֆուլըրը եւ դեռեւս բժշկութեան ճիւղի ուսանող Սմբատ Գաբրիէլեանը՝ որպէս հայերէնի ուսուցիչ [18]:

1880 թ. Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճն ունենում է իր առաջին շրջանաւարտները, թուով 7 հոգի [19]՝ Ստեփան Կիւլիւզեան (մարաշցի), Նազար Քիւրքճեան, Զենոբ Պէզճեան, Յովհաննէս (Հաննէ) Խրլոբեան, Գրիգոր Պօղոսեան եւ Յովհաննէս Ճէմէմեան՝ այնթապցիներ եւ Թէոլողոս Պիզիրատիսը, որը բժշկութեան ճիւղի վկայական ստացաւ: Առաջին շրջանաւարտներից Գրիգոր Պօղոսեանն ու Զենոբ Պէզճեանը անցնում են աշխատանքի որպէս օգնական ուսուցիչ: 1881 թ. նրանց միանում է նաեւ վերապատուելի Կարապետ Մարգարեանը՝ կրկին որպէս ուսուցչի օգնական պատմութեան եւ այլ դասերի համար: Մր. Թրոպրիճի հեռատեսութեան եւ ջանքերի շնորհիւ՝ գոլէճի ուսուցիչներից ու շնորհալի շրջանաւարտներից ոմանք ուղարկւում են Եւրոպա ու Ամերիկա՝ կատարելագործուելու կամ բարձրագոյն կրթութիւն ստանալու համար:

Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի ուսուցիչներից Սարգիս Լեւոնեանը եւ Յովհաննէս Գրիգորեանը 1880-1883 թթ. ընթացքում մասնագիտանում են Յելի (Կոնեկտիկուտի նահանգ) եւ Ամհերսթի (Մասաչուսեցի նահանգ) համալսարաններում, վերադառնալուց յետոյ դասաւանդում են մաթեմատիկա եւ փիլիսոփայութիւն: 1883 թ. Զենոբ Պէզճեանը ուղարկւում է Ֆրանսիա [20]:

1883-1884 եւ 1884-1885 ուսումնական տարեշրջաններում Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճում հայերէնի դասաւանդումը ստանձնում է վերապատուելի Մարտիրոս Իգնատիոսեանը (ակնցի), իսկ 1885-1886 տարեշրջանում՝ Մանասէ Փափազեանը: Վերջինս եւս մեկնում է Ամերիկա եւ նրան փոխարինում է գոլէճի շրջանաւարտ Ղազար Տիրատուրեանը (արաբկիրցի), իսկ որպէս օգնական ուսուցիչ պաշտօնավարում էր Սարգիս Սամուէլեանը (մարաշցի): Նրան փոխարինում է գոլէճի 1890 թ. շրջանաւարտ Դաւիթ Տէր-Ղազարեանը, որին բանաստեղծական տաղանդի համար Եղիա Տէմիրճիպաշեանը անուանել է «Կիլիկիոյ սոխակ» [21]:

1884-1885 ուսումնական տարեշրջանում Կ. Թ. Գոլէճի կրթական ծրագրում աւելանում է նաեւ ֆրանսերէնը, որը դասաւանդում էին Նազար Քիւրքճեանը, Միշէլ Անթաքին եւ Տեւլէթ Փոլատեանը: Նոյն տարեշրջանում գոլէճում օսմաներէն դասաւանդում էր Յակոբ Ասատուրեանը (բերեջիկցի), 1885-1886 տարեշրջանից սկսած՝ Ստեփան Խոճա Եագուպեանը (ալբիստանցի): 1885-1887 թթ. երկու տարեշրջան դասաւանդել են նաեւ մր. Հէյնզն ու մր. Չարլզ Ռիկզը որպէս Սուրբ Գրոց, պատմութեան եւ աշխարհագրութեան ուսուցիչ: 1887 թ. Զէնոբ Պէզճեանը, աւարտելով Սորբոնի համալսարանի իրաւագիտութեան ճիւղը, վերադառնում է եւ անցնում աշխատանքի որպէս ֆրանսերէնի, ընդհանուր պատմութեան եւ օսմանեան օրէնսդրութեան մասնագէտ [22]:

1888 թ. Սանկտ-Պետերբուրգի «Արաքս» պարբերականը անդրադառնալով Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին, նշում է, որ այնտեղ դասաւանդում էին մեծ թուով ամերիկացի եւ հայ-բողոքական պրոֆեսորներ, որոնք հիմնականում կրթութիւն էին ստացել Ամերիկայում [23]:

1888 թ. բարդ տարի է դառնում ուսումնական հաստատութեան համար. մահանում է գոլէճի առաջին նախագահ վերապատուելի Թիլման Թրոպրիճը եւ նոր նախագահ է ընտրւում մր. Ամերիկուս Ֆուլըրը: Որոշ չափով նուազում է գոլէճի ֆինանսաւորումը, սակայն բարձրակարգ պրոֆեսորադասախօսական կազմի ջանքերի շնորհիւ կարողանում է անխափան շարունակել իր գործունէութիւնը [24]: Գոլէճի տնօրէն է նշանակւում պրոֆ. Ջոն Էռնեստ Մերիլը, որը միաժամանակ դասաւանդում էր պատմութիւն, անգլերէն եւ յունարէն [25]:

1890 թ. եւս ծանր էր. դեկտեմբերի 26-27-ի գիշերը Կ. Թ. Գոլէճում հրդեհ է բռնկւում եւ շէնքի երկու երրորդից աւելին այրւում է՝ պատճառելով 3.000 օսմ. ոսկու վնաս: Սակայն միսիոներների եւ ամերիկացի բարերարների առատաձեռնութեան շնորհիւ վնասները արագ վերականգնւում են:

1895 թ. կոտորածների ընթացքում գոլէճի աշխատանքները դադարում են շուրջ 10 օրով։ Գոլէճի, հիւանդանոցի եւ Աղջկանց սեմինարիայի շէնքերը չեն վնասւում: Կ. Թ. Գոլէճը կոտորածի ժամանակ հնարաւորութիւն է տալիս 100-120 հայերի իր տարածքում պատսպարուել եւ փրկուել: Կոտորածներից յետոյ՝ ինչպէս կեանքի, այնպէս էլ քաղաքական նկատառումներով ապահովութեան համար գոլէճի դասախօսական կազմը եւ բոլոր ուսանողները մինչեւ տարեվերջ մնում են հաստատութիւնում [26]: Մինչ այդ, (հաւանաբար 1890? թ.ին), կառավարութիւնը առգրաւել էր գոլէճի տպագրական մեքենայի տպող սկաւառակը, որով հաստատութիւնում տպում էին միայն ներքին գործունէութեանը վերաբերող նիւթեր [27]: Այդ տարիներին գոլէճն ունէր «Սէտայը հագիգաթ [28]» ձեռագիր պարբերականը եւս, որը պատրաստւում էր ամիսը մէկ անգամ եւ ամսուայ վերջին հրապարակաւ կարդացւում էր: 1893-1894 թթ. պարբերականի խմբագրական մարմինի կազմը ներկայացնում էին Աւետիս Ճեպէճեանը, Գրիգոր Ենիգոմշուեանը եւ Եղիա Քասունին: Նրանց առաջարկով, ամսաթերթի յօդուածների մի մասը դառնում է հայերէն, այնուհետեւ ամբողջ ամսաթերթն է դառնում հայերէն [29]:

1902 թ. տօնւում է Կ. Թ. Գոլէճի 25-ամեայ արծաթեայ յոբելեանը, որը կարեւորւում է բազմաթիւ հիւրերի այցելութեամբ եւ շնորհաւորանքներով [30]:

1904 թ. Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի գործունէութեանը անդրադառնում է Կ. Պոլսի «Արեւելք» թերթը, նշելով, որ նա ունէր եօթնամեայ դասընթաց: Դասաւանդում էին քրիստոնէութիւն, բնագիտութիւն, չափագիտութիւն, կենսաբանութիւն, պատմութիւն, իմաստասիրութիւն, տնտեսագիտութիւն, օսմաներէն, հայերէն, յունարէն, անգլերէն, ֆրանսերէն եւ երաժշտութիւն: Ուսման վարձը կազմում էր 9-10 օսմ. ոսկի: Թերթը ներկայացնում էր նաեւ ընդունելութեան ձեւը, տեղեկացնելով, որ յայտագրերը ուղարկւում են անվճար՝ տնօրէնութեան պահանջած ժամկէտում: Առաջիկայ տարեշրջանը, այսինքն՝ 1904-1905 ուսումնական տարին սկսելու էր սեպտեմբերի 14-ին [31]:

1905 թ. Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի նախագահ մր. Ֆուլըրը հրաժարական է տալիս եւ իր տիկնոջ հետ մեկնում Ամերիկա: Նախագահ է ընտրւում մր. Ջոն Մերիլը, որը պաշտօնավարում է աւելի քան 30 տարի՝ ինչպէս Այնթապում, այնպէս էլ՝ այնուհետեւ Հալէպում իբրեւ Ալեփփօ գոլէճի առաջին տնօրէն (1924-1937): Մերիլի ղեկավարման առաջին տարիներից գոլէճը որդեգրում է արագաքայլ առաջադիմութեան ընթացք: Նա ցանկանում էր գոլէճը վերածել համալսարանի, որի համար, աստիճանաբար, փոփոխութիւններ էր իրականացնում կրթական ծրագրում: Նա ընդարձակւում է ուսուցչական կազմը, ֆրեշմենից բարձր կարգերում դասընթացները դառնում են ընտրողական՝ առաւել համապատասխանեցուելով մասնաճիւղային ուղղութիւններին [32]: Դասաւանդման գործընթացում մեծամասամբ ներգրաւում էր գոլէճի նախկին ուսանողներին, որոնք շարունակել էին իրենց կրթութիւնը Ամերիկայում կամ այլ վայրերում: Նրանցից էր Ճեսսէ Մաթոսեանը, որը դասաւանդելու էր հոգեբանութիւն եւ մանկավարժութիւն: Գոլէճում բացւում է նաեւ տարրական առեւտրական դասընթաց, որի համար 1905-1907 թթ. Միհրան Պէզճեանը հրաւիրւում է որպէս օգնական ուսուցիչ: 1907 թ. Կարապետ Տաղլեանը (այնթապցի) պրոֆ. Ալեքսան Պէզճեանի օգնական է նշանակւում, Լութֆի Լեւոնեանը (այնթապցի)՝ օսմաներէնի ուսուցիչ: Գոլէճի ծրագրում աւելանում է նաեւ արաբերէնը: Նեճիպ Ճեպէճեանը եւ Լութֆի Պապիկեանը դասաւանդում էին ճարտարապետութիւն եւ ուսողութիւն (մաթեմատիկա): Գոլէճի շրջանաւարտ Եագուպ Տէր-Գրիգորեանը մինչեւ 1912 թ. վարում է գրադարանապետի պաշտօնը: 1913 թ. մահանում է պրոֆ. Ալեքսան Պէզճեանը, նրան փոխարինում է արդէն պրոֆ. Կարապետ Տաղլեանը [33]:

Ըստ 1913-1914 թթ. ուսումնական տարեշրջանի տեղեկագրի՝ Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի քարտուղարն էր Զենոբ Ա. Պէզճեանը, գրանցող եւ քարտուղարի օգնականը՝ Յովհաննէս Պ. Հասըրճեանը, գրապահը եւ կազմատան վարիչը՝ Մանասէ Անթունեանը, թանգարանապետը՝ Լութֆի Յ. Պապիկեանը, քիմիական աշխատանոցի հսկիչը՝ Կարապետ Գ. Տաղլեանը, գիշերօթիկների տեսուչը՝ Արշակ Ռումեանը, մատակարարը՝ Գէորգ Հեղինեանը, տպագրիչը՝ Սարգիս Լալէեանը: Գոլէճում քրիստոնէական ուսմունք դասաւանդում էին նախագահ Ջոն Էռնեստ Մերիլը, պատուելի Յակոբ Նաճարեանը եւ Լութֆի Լեւոնեանը, բնական գիտութիւններ՝ Տաղլեանը, Պապիկեանը, Ճեսսէ Մաթոսեանը, Սեդրակ Կ. Մաթոսեանը, մաթեմատիկա՝ Լ. Պապիկեանը, Ս. Կ. Մաթոսեանը, ընկերաբանութիւն, տնտեսագիտութիւն եւ պատմութիւն՝ Զ. Պեզճեանը, հոգեբանութիւն եւ մանկավարժութիւն՝ Ճ. Մաթոսեանը, փիլիսոփայութիւն՝ կրկին Ջոն Մերիլը եւ Ճ. Մաթոսեանը, օսմաներէն եւ արաբերէն՝ Լութֆի Լեւոնեանը, Մ. Գազանճեանը, Է. Հաշիշը, Աբդուլ Կադեր Քեմալը եւ Իսթիրաբզադէ Ջելալը, անգլերէն՝ Ռ. Գ. Հիլը, Ա. Գայայեանը, Յ. Պ. Հասըրճեանը եւ միսիս Հիլը, ֆրանսերէն՝ Միշէլ Անթաքին, յունարէն՝ Ֆրէդ Ալեքսիսը, Նոր Կտակարան՝ միսիս Էլիզաբեթ Մերիլը (վեր. Թիլման Թրոպրիճի դուստրը), երաժշտութիւն (ձայնական եւ գործնական)՝ Յակոբ Իւվէզեանը, գեղագրութիւն եւ գծագրութիւն՝ Մ. Գազանճեանը եւ Փիլիպոս Սարգիսեանը, մարմնամարզութիւն՝ Ռ. Գ. Հիլը, Լ. Ռ. Ֆաուլը, դոկտ. Ֆ. Օ. Սմիթը, Կ. Մ. Ուիլքոսը: Վերոնշեալ ուսումնական տարում հայերէն դասաւանդում էր Արշակ Ռումեանը: Տարբեր տարիների որպէս հայերէնի ուսուցիչների յիշատակւում են պրոֆ. Նշան Պալեոզեանը եւ պրոֆ. Ն. Յ. Ճեպէճեանը [34]:

1908 թուականին Սահմանադրութեան վերահաստատումից յետոյ գոլէճը կրկին հնարաւորութիւն է ունենում տպագրութեամբ զբաղուելու: 1913-1914 տարեշրջանում տպւում է 730.000 էջ, կազմւում են 659 գիրք եւ 25.397 տետրակ, որը թոյլ է տալիս աշխատանքով ապահովել 28 ուսանողի [35]:

Առաջին աշխարհամարտի սկզբին ուսումնական տարին Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճում չի ընդհատւում: Այն աւարտւում է 1915 թ. յունիսի 16-ին՝ առանց շրջանաւարտների, քանի որ երիցագոյն կարգ չունէր [36]:

Գոլէճի բարձր կարգերի ուսանողները եւ դասախօսներից շատեր զօրակոչւում են օսմանեան բանակ։ Կառավարութիւնը յաճախ խուզարկում էր ոչ միայն գոլէճը, այլեւ միսիոներներին պատկանող միւս շէնքերը: Շարունակւում էր զօրահաւաքը, անգամ անչափահաս երիտասարդներին էին զօրակոչում: Շէնքերը պարբերաբար գրաււում էին զինուորական եւ պատերազմական կարիքներին ծառայեցնելու պատրուակով, այնուհետեւ վերադարձւում էին:

Պատերազմի տարիներին գոլէճի գործունէութիւնը ընդհատւում է եւ միայն զինադադարից յետոյ է հնարաւոր լինում վերաբացել կրթարանը: 1919 թ. դեկտեմբերի 1-ին դեռեւս բացւում միայն է Կ. Թ. Գոլէճի համար ուսանող պատրաստող Բարձրագոյն վարժարանը՝ վերապատուելի Ջոն Մարթինի տնօրէնութեամբ, քանի որ մր. եւ միսիս Ջոն եւ Էլիզաբեթ Մերիլները կանչուել էին Ամերիկա:

Զինադադարից յետոյ գոլէճի շէնքը նախապէս գտնւում էր անգլիական բանակի տիրապետութեան ներքոյ, այնուհետեւ անցնում է ֆրանսիական բանակին: 1921 թ. փետրուարին ամերիկացիները ֆրանսիական իշխանութիւններից պահանջում են իրենց վերադարձնել գոլէճի շէնքերը՝ վերանորոգումից յետոյ հոկտեմբեր ամսին դպրոցական տարեշրջանն սկսելու համար: 1923 թ. սկզբին, երբ Այնթապը կրկին հայաթափւում է, նախագահ Ջոն Մերիլը խորհում է գոլէճը Սիրիա փոխադրել: Որոշ բանակցութիւններից յետոյ 1924 թ. սկզբին Մերիլը եւ գոլէճի վարչական ժողովը, այնուամենայնիւ, յարմար են գտնում կրթական հաստատութիւնը Հալէպ փոխադրել: Հալէպի Ամերիկեան գոլէճը (Ալեփփօ գոլէճ) Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի օրինական յետնորդն է [37]:

Այսպէս Այնթապում աւարտւում է ամերիկեան խոշորագոյն ուսումնական հաստատութիւններից մէկի պատմութիւնը։ Նա թէեւ հայկական կառոյց չէր, բայց նրա գործունէութիւնը խաթարուեց ու անկում ապրեց Հայոց ցեղասպանութեան տարիներին եւ դադարեց գործել Այնթապի երկրորդ հայաթափումից յետոյ:

Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի ուսանողական միութիւնները

1886-1887 տարեշրջանում կազմւում է Գոլէճի Երիտասարդ Քրիստոնեաների Ընկերակցութիւնը: Նոյն թուականներին կազմւում է նաեւ «Հայախօս Ընկերութիւնը», որի նպատակն էր թուրքախօս հայ ուսանողների շրջանում խթանել հայերէնը: Ընկերութիւնն ունէր հայերէն գրքերից կազմուած գրադարան:

Տարիների ընթացքում կազմւում են այլ միութիւններ եւ ընկերութիւններ եւս, որոնցից յիաշատակւում են «Գրական Միութիւնը», «Մարզական Միութիւնը», «Ուսանողաց Միութիւնը» եւ «Շրջանաւարտից Միութիւնը»: Վերջինս շարունակաբար ջանում էր աւելացնել գոլէճի դրամական միջոցները եւ փորձում էր օգնել անվճարունակ ուսանողներին [38]:

Երգ եւ երաժշտութիւն

1882-1892 թթ. պրոֆ. Յ. Գ. Գրիգորեանի ջանքերով սկիզբ է առնում երաժշտութեան դասաւանդումը: Նա նաեւ ստեղծում է երգչախումբ, որը սկսում է ելոյթներ ունենալ տօն օրերին կամ հանդէսներին: Պրոֆ. Գրիգորեանը թարգմանում է նաեւ մի շարք անգլերէն երգեր, որոնք տարիներ շարունակ կատարւում են եկեղեցական պաշտամունքների ընթացքում: Նրա աշակերտներից Յարութիւն Մուրատեանին, ցուցաբերած բարձր առաջադիմութեան համար, գոլէճի տնօրէնութիւնը ուղարկում է Ամերիկա: Նա կատարելագործւում է երգեցողութեան եւ դաշնակահարութեան ասպարէզում: 1895 թ. Մուրատեանը վերադառնում է եւ մինչեւ 1906 թ. աշխատում գոլէճում: Նրա դասաւանդման տարիներին, երգչախմբի՝ մշտապէս երգեհոնային նուագակցութեամբ ուղեկցուող ելոյթներն ու երաժշտութեան դասերը լուրջ յաջողութիւններ են ունենում:

1906-1911 թթ. գոլէճում երաժշտութիւն դասաւանդում է Եղիա Քասունին, 1912-1915 թթ.՝ Յակոբ Ա. Իւվէզեանը: Վերջինիս, ջութակահարութիւնը կատարելագործելու համար, գոլէճի տնօրէնութիւնը ուղարկում է Շվեյցարիա: Վերադառնալուց յետոյ նա ղեկավարում է երգչախումբը բոլորովին նոր մեթոդներով եւ հասնում մեծ արդիւնքների:

Գոլէճում երգի ու երաժշտութեան դասերը ունէին մեծ պահանջարկ, գոլէճի ուսանողութեան հիմնական մասը յաճախում էր դրանց, իսկ ձայնային տուեալներ ունեցողները միանում էին երգչախմբին [39]:

Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի ուսանողների քանակը

Կ. Թ. Գոլէճը՝ իր նախապատրաստական դասընթացի հետ միասին, եօթը կարգերով, ունէր բազմազգ աշակերտներ: Ուսանողների մեծ մասը կազմում էին հայերը, կային նաեւ ասորիներ, յոյներ, հրեաներ, քրդեր, թուրքեր եւ այլն:

1878 թ. գոլէճն իր աշխատանքները սկսում է 50-55 ուսանողով, սակայն կարճ ժամանակ անց նրանց թիւը հասնում է 80-ի, իսկ 1890 թ.ին արդէն շուրջ 100-ի: 1886-1887 տարեշրջանը գոլէճը սկսում է 107 ուսանողով, սակայն ուսումնական տարուայ աւարտին մնում է 102 ուսանող: 1888-1889 տարեշրջանում ուսանողների թիւը դառնում է 84, որոնցից 40-ը սովորում էր գիշերօթիկ բաժնում: Յաջորդ տարի՝ 1889 թ. ուսանողների թիւը հասնում է 98-ի, իսկ 1890-1891 ուսումնական տարում՝ 94-ի, 1891-1892-ին՝ 99-ն էր: 20-րդ դարու սկզբին՝ ուսանողութեան թիւը մեծ ցատկեր արձանագրեց. 1902 թ. գոլէճն ունէր 129 ուսանող, որի երկու երրորդը գիշերօթիկ բաժնում էր սովորում: 1903-1904 տարեշրջանում ուսանողների ընդհանուր թիւը հասաւ 162-ի: Ըստ 1913-1914 տարեշրջանի ընդարձակ վիճակագրութեան գոլէճն ունէր 232 ուսանող, որոնցից 94-ը սովորում էին գոլէճի չորս կարգերում, 138-ը՝ նախապատրաստական կարգում [40]:

1909 թ. Տուեալներով, ընդհանուր ակադեմիական 308 շրջանաւարտներից 192-ը աւարտելուց յետոյ դասաւանդել են դպրոցում: Միւս 58-ը գոլէճն աւարտելոց յետոյ անցել են հետագայ նախապատրաստական ​​դասընթացներ՝ հիմնականում աստուածաբանութեան եւ բժշկութեան ոլորտներում: Առաջին 25 ակադեմիական աւարտական ​​դասարանների 251 անդամներից 122-ը աւարտելուց յետոյ շարունակել են ուսումը այլ հաստատութիւններում՝ ստանալով դիպլոմ [41]։

Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճի ուսանողների շրջանում մեծ թիւ էին կազմում այնթապցիները, սակայն այստեղ ուսանելու էին գալիս նաեւ Ուրֆայից, Քեսապից, Դիարբեքիրից, Քիլիսից, Հասանբեյլիից, Մարաշից, Էյբեզից, Կեսարիայից, Սեբաստիայից, Զէյթունից, Բերեջիկից, Մարդինից, Սեւերեկից, Բեյլանից, Նիզիպից, Ալեքսանդրէտից, Հալէպից, Վանից, Ռագգայից եւ այլ վայրերից [42]:

Ուսումնական ծախսերը

Կ. Թ. Գոլէճի վարձավճարը կազմել է 2 օսմ. ոսկի նախապատրաստական կարգերի եւ 3 օսմ. ոսկի բուն գոլէճի ուսանողների համար: Գիշերօթիկի ուսանողների տարեկան վճարը կազմել է 7 օսմ. ոսկի [43]: Ըստ այլ տուեալների՝ վճարի չափը տարբեր տարիների ընթացքում փոփոխուել է կամ տատանուել: Դասագրքերը տրամադրուել են չնչին վարձավճարով, թէեւ ցանկացողները կարող էին դրանք գնել:

  • [1] Catalogue of Central Turkey College at Aintab, Vilayet of Aleppo, Turkey in Asia, Press of H. Matteosian, Bible House, Constantinople, 1901, p. 5.
  • [2] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը (Բժշկական վարժարանի եւ Ազարիա Սմիթհ հիւանդանոցի պատմութիւնն ալ միասին առած)», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Ա.), էջ 809-810:
  • [3] Նոյն տեղում, էջ 810:
  • [4] ԱՄՆ-ի սահմաններից դուրս հաստատուած ամերիկեան ուսումնական հաստատութիւն: Հիմնադրուել է Կ. Պոլսում 1863 թ. Քրիստոֆըր Ռայնլանդըր Ռոբերտի (Christopher Rhinelander Robert) եւ Սայրուս Համլինի կողմից (տե՛ս The Encyclopedia Americana International Edition, vol. 23, New York, 1967, p. 566)։
  • [5] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 811:
  • [6] Նոյն տեղում, էջ 812:
  • [7] Catalogue of Central Turkey College at Aintab…, 1901, p. 3.
  • [8] Արտաչափ, օրավար, լծուար, լծավար (մէկ օրում վարելիք հողամաս):
  • [9] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 812-813:
  • [10] «Այնթապի վարժարանը», Աւետաբեր, Կոստանդնուպոլիս, 1876, թիւ 6, 8 փետրուար, էջ 41:
  • [11] «Այնթապի գօլէճը», Աւետաբեր, Կոստանդնուպոլիս, 1876, թիւ 12, 21 մարտ, էջ 93։ Նոյնը, 1876, թիւ 40, 3 հոկտեմբեր, էջ 317։ Նոյնը, 1876, թիւ 44, 31 հոկտեմբեր, էջ 345:
  • [12] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 812:
  • [13] Նոյն տեղում, էջ 813:
  • [14] Նոյն տեղում, էջ 813-815:
  • [15] Նոյն տեղում, էջ 815:
  • [16] Catalogue of Central Turkey College at Aintab…, 1901, p. 5-7.
  • [17] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 845։ Տե՛ս նաեւ Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, Երեւան, 1979, էջ 355:
  • [18] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 815-816:
  • [19] Բրոֆ. Յ. Ա. Պէզճեան, «Այնթապի կրթական կացութիւնը – Անցեալն ու ներկան», Կոչնակ, Նիւ Եորք, 1912, թիւ 13, 30 մարտ, էջ 306:
  • [20] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 816-817:
  • [21] Նոյն տեղում, էջ 817:
  • [22] Նոյն տեղում, էջ 817-818:
  • [23] Վարդ, «Այնթապ քաղաք», Արաքս, Սանկտ-Պետերբուրգ, 1888, Բ գիրք, մայիս, էջ 59:
  • [24] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 818, 820-821:
  • [25] Catalogue of Central Turkey College at Aintab…, 1901, p. 4.
  • [26] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 823:
  • [27] Նոյն տեղում, էջ 821:
  • [28] Sadayı hakikat (թրք.) – Ճշմարտութեան արձագանգը:
  • [29] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 846:
  • [30] Նոյն տեղում, էջ 826:
  • [31] «Կեդր. Թիւրքիոյ գոլէճ – Այնթապ», Արեւելք, Կ. Պոլիս, 1904, թիւ 5635, 4/17 օգոստոս, էջ 3:
  • [32] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 829, 835:
  • [33] Նոյն տեղում, էջ 829-831:
  • [34] Նոյն տեղում, էջ 831-832:
  • [35] Նոյն տեղում, էջ 845-846:
  • [36] «Ներքին [լուրեր]», ենթավերնագիր՝ «Աւետարանական», Աւետաբեր, Կ. Պոլիս, 1915, թիւ 28, 10 յուլիս, էջ 600:
  • [37] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 836-839:
  • [38] Նոյն տեղում, էջ 846:
  • [39] Նոյն տեղում, էջ 861-866:
  • [40] Նոյն տեղում, էջ 821, 841, 843-844:
  • [41] Bulletin of Central Turkey College, Aintab, Turkey in Asia, Levonian memorial and Alumni number, published by Central Turkey College, September, 1909, p. 36.
  • [42] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ Գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 844:
  • [43] Նոյն տեղում: