Այնթապ – Դպրոցներ (Զ.)

Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճի բժշկութեան ֆակուլտետը եւ «Ազարիա Սմիթ» հիւանդանոցը

Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 13/10/25 (վերջին փոփոխութիւնը՝ 13/10/25)

Բժշկութեան ֆակուլտետը

Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճի (Կ. Թ. գոլէճ) բժշկութեան մասնաճիւղը իր աշխատանքները մեկնարկում է գոլէճի ընդհանուր դասընթացին զուգահեռ: Թէեւ գոլէճի բժշկութեան ճիւղի աշխատանքները երկար չեն տեւում, այնուամենայնիւ այն կարողանում է դառնալ ժամանակի նշանաւոր հաստատութիւններից մէկը բժշկագիտութեան ասպարէզում: Բազմաթիւ երիտասարդներ ինչպէս Այնթապից, այնպէս էլ Օսմանեան կայսրութեան ամենատարբեր նահանգներից ու գաւառներից ձգտում են դառնալ գոլէճի ուսանողներ:

Ինչպէս նշում է Գրիգոր Պաղտասարեանը, 1876 թ. Ամերիկեան միսիոներական Պորտ ընկերութեան (American Board of Commissioners for Foreign Missions, կրճատ՝ ABCFM) կողմից Այնթապի նման հայաշատ կենտրոնում Կեդրոնական Թուրքիոյ գոլէճի հիմնադրումը թէեւ ունէր քաղաքական շարժառիթներ, սակայն գործնականում դա նպաստեց բողոքականութեան տարածմանը: Անշուշտ, անժխտելի է գոլէճի ներդրումն Այնթապի կրթական մակարդակի բարձրացման գործում, որի շնորհիւ երիտասարդներից շատերը հասան նախանձելի դիրքերի: Գոլէճի ուսանողների թւում էին Այնթապի եւ ընդհանրապէս ողջ Կիլիկիայի, Հալէպի, Եդեսիա/Ուրֆայի, Տիգրանակերտ/Տիարպեքիրի, Սեբաստիա/Սըվազի եւ այլ վայրերի հայ երիտասարդները: Գոլէճի ուսուցչական կազմը մեծապէս կազմուած էր հայ դասախօսներից, իսկ ուսանողների 99%-ը հայ երիտասարդներ էին [1]:

Նախապէս բժշկութեան ճիւղը գոլէճի ծրագրի մաս էր կազմում: Արդէն 1840-ական թթ. սկսած Պորտը ուղարկում էր բժիշկների, որոնց մէջ կային նաեւ ձեռնադրեալ հոգեւոր պաշտօնեաներ: Այդպիսիք էին միսիոներներ Ազարիա Սմիթը (Azariah Smith) եւ Էնտրիւ Փրաթը (Andrew Pratt): Նրանք Այնթապ հասնելու առաջին իսկ օրերից սկսում են տեղացի ընդունակ երիտասարդներին բժշկութիւն դասաւանդել՝ Արեւմուտքի կրթական չափանիշներին համապատասխան: Տուեալ ժամանակաշրջանում բժիշկ միսիոներների մէջ ամենայայտնի մասնագէտը Հենրի Ուէսթն (Henry West) էր, որը 19-րդ դարի 70-ական թուականներից գործունէութիւն էր ծաւալում Սեբաստիայում: Նրա առաջատար աշակերտները ժամանակի նորագոյն գիտելիքներին տիրապետող բժիշկներ էին դառնում: Նրանցից մէկն էր Գարեգին Սիւնին, որը բաւականին մեծ հեղինակութիւն էր ձեռք բերել: Այնթապի նորահաստատ Կ. Թ. գոլէճի ղեկավարութիւնը ցանկանում էր, որ Ուէսթը դառնար նորաբաց հիւանդանոցի բժշկապետը եւ բժշկութեան ֆակուլտետի վարիչը: Գոլէճի նախագահ Թիլման Թրոպրիճը (Tillman C. Trowbridge) այդ առաջարկով 1877 թ. սեպտեմբերին մեկնում է Սեբաստիա, բայց, դժբախտաբար, Ուէսթին գտնում է վախճանուած: Որպէս առաջին բժշկապետ հրաւիրւում է տոքթ. Հենրի Նորրիսը (Henry L. Norris), այնուհետեւ գործակցելու է հրաւիրւում նաեւ տոքթ. Գարեգին Սիւնին: 1879 թ. նոյեմբերին բացւում է բժշկութեան դասընթացը [2]: Այն իր գործունէութիւնն սկսում է 5 ուսանողով, սակայն կարճ ժամանակ անց ուսանողների թիւը հասնում է 18-ի [3]:

Բժշկութեան մասնաճիւղը ի սկզբանէ ձեւաւորուել է որպէս հաստատութեան անբաժանելի մաս: Մի քանի տարի շարունակ ֆակուլտետում պարբերաբար դասաւանդուել են ընդհանուր բժշկութիւն եւ վիրաբուժութիւն։ Աւարտել է 20 ուսանող՝ ստանալով M. D. աստիճան [4] (այլ տուեալներով՝ 21 հոգի) [5]: Սակայն դժուարութիւնների ու մեծ ծախսերի պատճառով բժշկութեան դասաւանդումը դադարեցւում է: Տուեալ ամբիոնում իր գործունէութիւնը շարունակում է միայն հիւանդանոցը [6]:

Տոքթ. Հենրի Նորրիսի եւ տոքթ. Գրիգոր Սիւնիի հրաժարականից յետոյ 1882 թ.ին գոլէճում հաստատւում են տոքթ. Ֆրէտ Տուկլաս Շէփըրտը (Fred Douglas Shepard) եւ տոքթ. Հարրիս Կրահամը (Harris Graham) (վերջինս, հետագայում մեծ ճանաչում է ձեռք բերում Պէյրութում): 1883-1884 ուսումնական տարեշրջանի ընթացքում բժշկութեան բաժնում դասաւանդում էին տոքթ. Ֆրէտ Շէփըրտը, նրա կինը` Ֆէնի Էնտրիւզ Շէփըրտը (Fanny Andrews Shepard), տոքթ. Հարրիս Կրահամը, Ասատուր Արամ Ալթունեանը, Յակոբ Նազարեանը եւ ուրիշներ [7]: 1885-1886 տարեշրջանից սկսած բժշկութեան մասնաճիւղում որպէս ուսուցչի օգնական աշխատում է նաեւ տոքթ. Սմբատ Գաբրիէլեանը [8]: Նոյն տարեշրջանում Չարլզ Ռիկզը (Elias Riggs) աշակերտներին լատիներէն է դասաւանդում [9]:

Կ. Թ. գոլէճի բժշկութեան դասընթացի ծրագիրը

Կ. Թ. գոլէճի ուսումնական ծրագիրը քառամեայ էր՝ կազմուած Ամերիկայի եւ Անգլիայի բժշկութեան լաւագոյն դպրոցների պրոֆեսորների հետ երկարատեւ խորհրդակցութիւններից եւ թղթակցութիւններից յետոյ:

Ա. տարի    
Մարդակազմութիւն, հիւսուածքաբանութիւն դնդերների (մկանների), բժշկական տարրաբանութիւն, գործնական անդամազննութիւն։

Բ. տարի
Մարդակազմութիւն (շարունակութիւն), բնախօսութիւն, հիւսուածքաբանութիւն մկանների, դեղաբանութիւն, ընդհանուր ախտաբանութիւն, գործնական անդամազննութիւն (շարունակութիւն):

Գ. տարի
Դեղերի գործածութիւն, ախտաճանաչութիւն, ընդհանուր վիրաբուժութիւն, դեղաբանական բուսաբանութիւն, մէզի տարրալուծութիւն, հիւանդների քննութիւն:

Դ. տարի 
Բժշկական արուեստի գործադրութիւն, կանացի հիւանդութիւններ, մանկաբարձութիւն, աչքի եւ ականջի հիւանդութիւններ, բժշկական օրէնսգիտութիւն, առողջապահական կանոններ, հիւանդների քննութիւն (շարունակութիւն) [10]:

«Ազարիա Սմիթ» հիւանդանոցը

Ամերիկայից Օսմանեան կայսրութիւն եկած առաջին բժիշկ միսիոներներից մէկը տոքթ. Ազարիա Սմիթն էր: Նա ոչ միայն կիլիկիահայութեան շրջանում բողոքականութեան տարածման առաջին քարոզիչներից էր [11], այլեւ բժշկութեան ասպարէզում ժամանակի նորագոյն մեթոդների ներմուծողը: Իր բժշկական գործունէութեանը զուգահեռ տոքթ. Սմիթը սկսում է նաեւ դասաւանդել, այնուհետեւ իրեն աշակերտած խոստումնալից երիտասարդներին վերցնում է աշխատանքի՝ որպէս օգնական [12]: Տարիներ անց Այնթապում հաստատուած ամերիկեան հիւանդանոցը կոչում են նրա անունով: Հիւանդանոցի կառուցման համար գումարը հանգանակում են Ազարիա Սմիթի ազգականները եւ Եէյլի համալսարանի շրջանաւարտ նրա համակուրսեցիները [13]:

1878 թ. հոկտեմբերին հիւանդանոցի հողը արդէն գնուած էր, այն առանձնացուած էր պարսպով եւ սկսուել էին շէնքի հիմնադրման աշխատանքները [14]:

Հիւանդանոցը հիմնադրւում է գոլէճից անջատ մի վայրում, բուն քաղաքին կից, Հայիկ բլուրի Թէփէպաշը գագաթին [15]: Հիւանդանոցը գտնւում էր երկյարկանի կրաքարէ շէնքում, որը կառուցուել է յատուկ այդ նպատակով՝ քաղաքի արեւմտեան ծայրում։ Նոյն տարածքում կար նաեւ բժիշկների տուն։ Հիւանդանոցն ունէր երեսուներկու մահճակալ։ Այնտեղ շաբաթական մէկ անգամ անցկացնում էին անվճար բուժօգնութիւն [16]։

Բացումից ի վեր հիւանդանոցի հիւսիսային մուտքի վրայ խոշոր տառերով քանդակուած էր՝ «Աստուած է որ կը բժշկէ բոլոր հիւանդները»:

1882 թ.ից հիւանդանոցում աշխատում էր հեղինակաւոր բժիշկ Ֆրէտ Շէփըրտը, որը մինչեւ 1915 թ. շարունակաբար վարել է բժշկապետի պաշտօնը եւ անգնահատելի ծառայութիւններ մատուցել Այնթապի ու շրջակայքի ողջ բնակչութեանը [17]: Տոքթ. Շէփըրտը այնքան մեծ նուիրումով էր կատարում իր աշխատանքը, որ նրան անուանում էին «Այնթապի Շէփըրտ» [18]:

1884 թ. հիւանդանոցում աշխատում էին միս Նիյլը (Niel)՝ որպէս հիւանդապահուհի եւ շոտլանդացի միս Սթիուըրթ Ուոքըր Արնոթը (Stewart Walker Arnott)՝ որպէս վերակացու: Վերջինիս անժամանակ մահից յետոյ՝ նրա պաշտօնն ստանձնում է 1886 թ. Այնթապ ժամանած միս Հարրիէթ Ռիտըլը (Harriet Riddel), որը 1887-ին ամուսնանում է նոյն գոլէճի շրջանաւարտ ու աշխատակից, յայտնի բժիշկ, Հալէպի հիւանդանոցներից մէկի հիմնադիր Ասատուր Արամ Ալթունեանի հետ [19]: Տոքթ. Շէփըրտի կինը՝ Ֆէնի Շէփըրտը, եւս կրթութեամբ բժշկուհի էր: Նա մասնագիտացած էր կանանց հիւանդութիւնների ուղղութեամբ [20] եւ հիւանդանոցի կանանց բաժնի վերատեսուչն էր: Ֆէնի Շէփըրտը, ինչպէս նաեւ մանկաբարձ բժշկուհի միս Քերոլայն Ֆրանսես Համիլթոնը (Caroline Frances Hamilton) իրենց գործունէութեամբ մեծապէս օգնել են Այնթապի ժողովրդին: Տիկին Շէփըրտի անունը կապւում է նաեւ տարիներ շարունակ Այնթապի այցաքարտը համարուող արուեստի ճիւղի՝ ասեղնագործութեան տարածման եւ կազմակերպման հետ [21]:

Կ. Թ. գոլէճի 1901 թ. հրատարակուած պաշտօնական կատալոգում տպուած է հիւանդանոցի աշխատակազմի ցանկը, որում նշւում է՝ Ֆ. Տ. Շէփըրտը հիւանդանոցի գլխաւոր բժիշկն էր, Ճէսսի Գրիգոր Մարտէնը (Jesse Krikor Marden) վարում էր ռեզիդենտ պատասխանատու բժշկի (Resident Physician-in-charge) պաշտօնը, Մովսէս Պէզճեանը դեղագործ էր, Էլիզաբեթ Մերիլ Թրոպրիճը (Elizabeth Merril Trowbridge) եւ Հարրիեթ Էլեն Ուոլլիսը (Harriet Ellen Wallis)՝ բուժքոյրեր, Սարգիս Ղազարեանը՝ սանիտար (surgical dresser): Հիւանդանոցում աշխատում էին նաեւ Քերոլայն Ֆ. Համիլթոնը եւ Յովսէփ Պէզճեանը [22]:

Ըստ Կ. Թ. գոլէճի 1909 թ. տեղեկագրի՝ «Ազարիա Սմիթ» հիւանդանոցի աշխատակազմում էին՝ Ֆրէտ Տուկլաս Շէփըրտը՝ գլխաւոր բժիշկ, Քերոլայն Ֆ. Համիլթոնը՝ կանանց բաժանմունքի ղեկավար, Յովսէփ Կ. Պէզճեանը, Պ. Հ. Գունտաքճեանը, Գ. Հ. Ղալֆայեանը՝ բժշկի օգնական, Մովսէս Ա. Պէզճեանը՝ դեղագործ, Շարլոթ Ֆ. Կրանթը (Charlotte F. Grant) եւ Ալիս Գարոլին Պիուըրը (Alice Carolyn Bewer)՝ որակաւորուած բուժքոյրեր [23]: Պիուըրը 1914-ին ամուսնանում է տոքթ. Կարապետ Տաղլեանի հետ։

Տարբեր տարիների ընթացքում հիւանդանոցում պաշտօնավարել են բժիշկներ Ասատուր Արամ Ալթունեանը, Սմբատ Գաբրիէլեանը, Միրոն Տէյվիսը (Myron Davis), Սայրըս Սթիվընսը (Cyrus Stevens), Ճէսսի Մարտէնը, Հապիպ Նազարեանը, Յովսէփ Պէզճեանը եւ այլոք: Քերոլայն Ֆ. Համիլթոնը իր աշխատանքները հիւանդանոցում սկսել է 1891 թուականին: Նա նոյնպէս մանկաբարձ բժշկուհի էր: Աշխատանքին զուգահեռ նա ձեռնարկում է նաեւ մանկաբարձ հիւանդապահուհիներ պատրաստելու գործը: Կարճ ժամանակ անց, հիւանդանոցի անձնակազմին միանում է Էլիզապէթ Թրոպրիճը՝ երջանկայիշատակ նախագահի աւագ դուստրը: Նա երկար տարիներ վարել է հիւանդանոցի ներքին գործերը, եղել է հիւանդապահուհի, ինչպէս նաեւ հիւանդապահուհիներ պատրաստելու գործում մեծապէս օգնել է տոքթ. Համիլթոնին: 1898 թ. աշխատանքներին միանում է նաեւ միս Ուոլլիսը՝ կրկին որպէս հիւանդապահուհի: «Ազարիա Սմիթ» հիւանդանոցում մշտապէս բարձր են գնահատուել աշխատակիցների ջանքերը, նրանց թւում յիշատակւում է նաեւ դեղագործ Սարգիսը: Բացի այդ, Բէյրութի Բժշկական համալսարանն (հետագային Բէյրութի ամերիկեան համալսարան) աւարտած երիտասարդ հայ բժիշկներն մէկ կամ երկու տարի տեւողութեամբ իրենց փորձառական շրջանը անցկացրել են Այնթապի ամերիկեան հիւանդանոցում՝ տոքթ. Շէփըրտի եւ նրա հմուտ գործընկերների վերահսկողութեան ներքոյ: Նրանց թւում էին Աւետիս Ճէպէճեանը (այնթապցի) եւ Լեւոն Մելիտոնեանը (զէյթունցի): Տարիներ անց հիւանդանոցի աշխատանքներին միանում է նաեւ Ֆրէտ Շէփըրտի որդին՝ Լորի (Լարի) Շէփըրտը (Larry Shepard) [24], ով հօր մահից (1915 թ.) յետոյ մինչեւ 1922 թ. կառավարում է հիւանդանոցը [25]:

Տոքթ. Շէփըրտը քուրդ ուղեկիցների հետ (աղբիւր՝ Houghton Library, Harvard University)։

«Ազարիա Սմիթ» հիւանդանոցի վիրաբուժ տոքթ. Հապիպ Նազարեանը Կ. Թ. գոլէճի առաջին աշակերտներից է, աւարտել է 1881 թ.ին: Կարճ ժամանակ զբաղուել է ուսուցչութեամբ, ապա ընդունուել Բժշկութեան վարժարան, որն աւարտել է 1885 թ.ին: Վիրաբուժութեան մէջ մասնագիտանալու համար մեկնել է Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ մէկ տարի յաճախել Եէյլի բժշկութեան դպրոցը: 1889-1897 թթ. ընթացքում «Ազարիա Սմիթ» հիւանդանոցում տոքթ. Շէփըրտի աջ ձեռքն էր՝ որպէս վիրաբուժ: Վերջինիս վկայութեամբ տոքթ. Նազարեանը շատ փորձառու եւ հմուտ վիրաբուժ էր: 1898 թ. տոքթ. Հապիպ Նազարեանը հիմնադրել է իր սեփական բուժարանը ու մինչեւ 1915 թ. անձնազոհաբար ծառայել հասարակութեանը [26]: Հիւանդանոցի մէկ այլ անուանի բժիշկ Յովսէփ Պէզճեանը՝ պրոֆ. Ալեքսան Պէզճեանի եղբօրորդին, նոյնպէս Կ. Թ. գոլէճի բժշկութեան ճիւղի շրջանաւարտ էր: Գոլէճն աւարտելուց յետոյ մէկ տարի սովորել է Ամերիկայում: Վերադառնալուց յետոյ մի քանի տարի աշխատել է Ուրֆայում, այնուհետեւ հաստատուել Այնթապում: Տոքթ. Պէզճեանը ամերիկեան հիւանդանոցում աշխատել է մինչեւ առաջին աշխարհամարտի վերջը: Որպէս բժիշկ մնալով Այնթապում՝ նա Հայոց ցեղասպանութեան տարիներին կարողացել է փրկել բազմաթիւ հայ ընտանիքների՝ թէ՛ իր բժշկական հմտութիւններով, թէ՛ դրամական միջոցներով ու օժանդակութեամբ [27]:

Ամռան երեք ամիսների ընթացքում հիւանդանոցը փակ էր լինում. տոքթ. Շէփըրտը իր հայ օգնականների հետ միասին շրջիկ հիւանդանոցի ձեւով այցելում էր տարբեր նահանգներ ու գաւառներ, մասնաւորապէս Սեբաստիա, Արաբկիր եւ Մալաթիա: Նրանք տեղում վիրաբուժական, ակնաբուժական եւ տարբեր հիւանդութիւնների ախտորոշման ու բուժման աշխատանքներ էին կատարում:

Շուրջ 18 տարիների (1882-1900 թթ.) ընթացքում հիւանդանոցում միայն անվճար բուժօգնութիւն ստացածների թիւը կազմում է 56.599 հոգի։ Նրանցից 4.998-ը ենթարկուել է մեծ վիրահատութիւնների [28]: 1899-1900 թթ. ընթացքում միայն ստացիոնար հիւանդների թիւը կազմել է 218 հոգի: Կլինիկական ամբուլատոր հիւանդները 3.907-ն էին, հիւանդանոցի անձնակազմի բուժումների ընդհանուր թիւը՝ 43.331 [29]:

Հիւանդանոցի անխափան աշխատանքի եւ մարդասիրական գործունէութեան համար բազմաթիւ նուիրատւութիւններ են կատարուել: Կիլիկեան միութեան եկեղեցիները եւս անմասն չեն մնացել եւ զգալի ներդրում են ունեցել հիւանդանոցին աջակցելու գործում։ Գոլէճի առաջին նախագահ Թիլման Ս. Թրոպրիճի ընկերների՝ Թրոպրիճի յիշատակի հիմնադրամին (Trowbridge Memorial Fund) կատարած նուիրատւութիւնները նոյնպէս ուղղուել են հիւանդանոցում անվճար մահճակալների ապահովման գործին [30]:

Այնթապի Կ. Թ. գոլէճի մաս հանդիսացող եւ նրա տարեկից «Ազարիա Սմիթ» հիւանդանոցի գործունէութիւնը մեծ նշանակութիւն է ունեցել եւ մեծապէս օգնել է հազարաւոր մարդկանց, շատ անգամ միանգամայն անվճար հիմունքներով: Այն նախատիպ եւ ոգեշնչման աղբիւր է հանդիսացել հիմնադրման համար այլ հիւանդանոցների, որոնցից էին Ադանայում տոքթ. Հասի Ամերիկեան հիւանդանոցը, գերմանացի միսիոներների` 1900-ական թթ. Ուրֆայում եւ Մարաշում բացած հիւանդանոցները, ինչպէս նաեւ, արդէն յիշատակուած, բժշկապետ Ասատուր Արամ Ալթունեանի յայտնի եւ վաստակաշատ հիւանդանոցը Հալէպում [31]:

Այնթապի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճի շրջանաւարտները [32]

1880 թ. – Զենոբ Ա. Պէզճեան (պրոֆ., հայ բողոքականաց ազգապետ), Յովհաննէս Ճէմէլեան (վաճառական), Նազարէթ Քիւրքճեան (բժիշկ), Հաննէ Խրլոբեան (վաճառական), Գրիգոր Պօղոսեան (բժիշկ), Ստեփան Կիւլիւզեան (բժիշկ), Գրեգորի Փաուլ (բժիշկ), Թէոլողոս Պէզարիատիս կամ Ազարիա (բժիշկ):

1881 թ. – Պաղտասար Պարսումեան (դեղագործ), Յակոբ Գ. Պիւլպիւլեան (հոգեւոր հովիւ), Մովսէս Գրիգորեան (վաճառական), Մովսէս Լեւոնեան (բժիշկ), Հապիպ Գ. Նազարեան (բժիշկ), Ասատուր Արամ Ալթունեան (բժիշկ), Իսկենտէր Իշխանեան (բժիշկ), Սմբատ Գաբրիէլեան (բժիշկ), Ստեփան Կիւլիւզեան (բժիշկ):

1882 թ. – Յովսէփ Գ. Պէզճեան (բժիշկ), Գրիգոր Չուգուրեան (վաճառական), Բենիամին Գրիգորեան (ճարտարապետ), Ներսէս Լեւոնեան (քարոզիչ), Մանուկ Միսիրեան (հոգեւոր հովիւ), Մանասէ Կ. Փափազեան (հոգեւոր հովիւ), Ստեփան Յովհաննէսեան (հոգեւոր հովիւ), Գալուստ Նաճարեան (բժիշկ), Յովհաննէս Պէզճեան (բժիշկ), Թովմաս Տաղլեան (բժիշկ), Յակոբ Սարգիսեան (բժիշկ):

1883 թ. – Սողոմոն Նիկողոսեան (ատամնաբուժ), Պետրոս Գրիգորեան (գերմանական որբանոցի վարիչ), Յովհաննէս Յակոբ Մանիսաճեան (Անատոլիա գոլէճի պրոֆեսոր), Լեւոն Մարաշլեան (ուսուցիչ), Մանուէլ Սարգիսեան (բժիշկ), Հայկազուն Կ. Եագուպեան (վաճառական):

1884 թ. – Միշէլ Անթաքի (Կ. Թ. գոլէճի ուսուցիչ, վաճառական), Վահան Քիւրքճեան (ուսուցիչ, փաստաբան), Գէորգ Խրլոբեան (դեղագործ), Նիկողոս Գըլըճեան (բժիշկ), Ռուբէն Հէքիմեան (բժիշկ), Համբարձում Աշճեան (հոգեւոր հովիւ), Սարգիս Յակոբեան (բժիշկ), Էլիշա Ռուբեան (Մարաշի ակադեմիայի ուսուցիչ):

1885 թ. – Յովհաննէս Կ. Փափազեան (աստուածաբանութեան ուսանող, ուսուցիչ), Նշան Պախչէճիքեան (ուսուցիչ, թարգմանիչ), Արամ Մարաշլեան (լուսանկարիչ), Աբրահամ Գ. Սեքլէմեան (անշարժ գոյքի գործակալ), Սթեֆան Փրինս (հոգեւոր հովիւ), Կրեկորի Փաուլ (բժիշկ), Հապիպ Կ. Նազարեան (բժիշկ), Գրիգոր Պօղոսեան (բժիշկ):

1886 թ. – Գէորգ Լեւոնեան (վաճառական), Յակոբ Ասատուրեան (փաստաբան), Աբրահամ Աթթարեան (գերմանական հիւանդանոցի ասիստենտ), Պետրոս Պայրամեան (բժիշկ), Սթեֆան Սամբուռն (բժիշկ), Սամուէլ Կենտիկեան (ուսուցիչ), Մկրտիչ Կնաջեան (հոգեւոր հովիւ), Վարդան Փոլատեան (բժիշկ), Ահարոն Ա. Շիրաճեան (հոգեւոր հովիւ), Պետրոս Ա. Թոփալեան (հոգեւոր հովիւ), Ստեփան Բ. Յակոբեան (հոգեւոր հովիւ), Գարեգին Եսայեան (ուսուցիչ), Աբրահամ Կ. Եուսուֆ (բժիշկ), Յակոբ Ասատուրեան (բժիշկ), Յովսէփ Կ. Պէզճեան (բժիշկ), Յարութիւն Ա. Մինասեան (բժիշկ):

1887 թ. – Մովսէս Պէզճեան (դեղագործ, «Ազարիա Սմիթ» հիւանդանոց), Արմենակ Մարգարեան (բժիշկ), Եագուպ Մաթոսեան (բժիշկ), Աւետիս Նագգաշեան (բժիշկ, գրող), Տիգրան Սահակեան (վաճառական), Արմենակ Առաքելեան (էլեկտրագէտ, գիւտարար), Մովսէս Աշճեան (միջնորդավաճառային գործակալ), Մարգարէոս Տագէսեան (փաստաբան), Միհրան Սէլեան (վաճառական), Արշակ Եագուպեան (ուսուցիչ), Տիւրոս Պայրամեան (բժիշկ), Նշան Պայընտըրեան (բժիշկ), Մովսէս Լեւոնեան (բժիշկ), Վարդան Փոլատեան (բժիշկ), Միհրան Սէրայտարեան (բժիշկ), Պօղոս Թահմիսճեան (բժիշկ):

1888 թ. – Նազարէթ Խարաճճեան (ատամնաբուժ), Լեւոն Սէյրանեան (էլեկտրագէտ), Ղազար Տիրատուրեան (Կ. Թ. գոլէճի ուսուցիչ), Նիկողոս Ս. Իկնայեան (բժիշկ), Աւետիս Սէլեան (միջնորդավաճառային գործակալ), Գրիգորի Շիրաճեան (հոգեւոր հովիւ), Հրանդ Ն. Թապիպեան (ոսկերիչ), Գալուստ Նաճարեան (բժիշկ):

1889 թ. – Մելքոն Թաշճեան (Մելքոն Հ. Թաշ) (բժիշկ), Հայկ Ասատուրեան (հոգեւոր հովիւ), Սարգիս Ա. Աբրահամ (հոգեւոր հովիւ), Լեւոն Աշճեան (ուսուցիչ, սպանուել է 1895 թ. ապտուլհամիտեան կոտորածների ընթացքում), Զադուր Բահարեան (հոգեւոր հովիւ), Մանուկ Բելեան (հոգեւոր հովիւ), Ենովք Ե. Չաքուրեան (հոգեւոր հովիւ), Արմենակ Հ. Հայկազեան (առաքելական ինստիտուտի տնօրէն), Գրիգոր Քուրքեաշարեան (Գրգեաշարեան, քարոզիչ բողոքական եկեղեցում), Լեւոն Սողովմէեան (ուսուցիչ, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում):

1890 թ. – Յարութիւն Յակոբ (բժիշկ), Արմենակ Թորոսեան-Թոփճեան (բժիշկ), Տիգրան Քալսոն (Calson, բժիշկ), Կարապետ Յարութիւնեան (հոգեւոր հովիւ), Նազարէթ Հեղինեան (հոգեւոր հովիւ, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում), Սամուէլ Հեղինեան (հոգեւոր հովիւ), Կարապետ Քեթէնճեան (հոգեւոր հովիւ), Նշան Կ. Մանգուրեան (հիւսն), Օգսէն Ուրֆալեան (բժշկի օգնական), Ռուբէն Ուրֆալեան (աչքի մասնագէտ), Սարգիս Սամուէլեան (ուսուցիչ, սպանուել է 1895 թ. ապտուլհամիտեան կոտորածների ընթացքում): 

1891 թ. – Կարապետ Պապայեան (ճարտարագէտ), Ներսէս Պաղտոյեան (ուսուցիչ), Եաղուպ Տաշօ (վաճառական), Նազարէթ Յարութիւնեան-Հալլաճեան (գծագրիչ), Յակոբ Շնորհօքեան (հոգեւոր հովիւ, այլ տուեալով՝ վաճառական), Նշան Ամիրալեան (բժիշկ), Արմենակ Տէր Աւետիսեան, Կարապետ Բաբոյեան, Մարտիրոս Տիրատուրեան (վաճառական), Սահակ Ճէրէճեան (ուսուցիչ), Կարապետ Գունտաքճեան (վաճառական), Գէորգ Գրիգորեան (Ash & Son ընկերութեան աշխատակից, ատամնաբուժական պարագաներ):

1892 թ. – Յովսէփ-Եուսուֆ Պալիոզեան (վաճառական), Սեդրակ Կ. Եղիայեան (բժիշկ), Յակոբ Ֆ. Մուրատեան (լուսանկարիչ), Արշակ Ադամեան (վաճառական), Գառնիկ Աւագեան, Նշան Ս. Պալիոզեան (Կ. Թ. գոլէճի պրոֆեսոր), Կարապետ Հեղինեան, Հայկազուն Իսկիյեան (վաճառական), Սպիրիդոն Մարաշլեան (վաճառական, գորգավաճառ), Միբար Մունչերեան (հովիւ բողոքական եկեղեցում), Տիգրան Ռեճեպեան (հովիւ Առաջին բողոքական եկեղեցում):

1893 թ. – Յարութիւն Վ. Լեւոնեան (ատամնաբուժ), Եսայի Փոլատեան (բժիշկ): Յարութիւն Վ. Մուրատեան (ուսուցիչ), Միհրան Նանէճեան (գրագիր), Նշան Փաշայեան (բժիշկ), Գրիգոր Թաշճեան (արեւելեան գորգեր):

1894 թ. – Նազարէթ Քէչէճեան (բժիշկ), Սարգիս Թիւրապեան (ուսուցիչ Այնթապի առաքելական դպրոցներում), Զաքարիա Պետրոսեան (հովիւ բողոքական եկեղեցում, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում), Մանուկ Բոլսեթզեան (վաճառական, սպանուել է 1895 ապտուլհամիտեան կոտորածների ընթացքում), Մինաս Սարգիս Կրեկորի (Պելվիւի [Bellevue] հիւանդանոցի գլխաւոր բժիշկ, հոգեբուժ), Յովհաննէս Ճորճորեան (բժիշկ):

1895 թ. – Եղիա Ս. Պեհէսնիլեան-Քասունի (ուսուցիչ, հոգեւոր հովիւ), Նշան Տէր Պետրոսեան (ուսուցիչ, հոգեւոր հովիւ), Խաչեր Էլմասեան (արհեստաւոր), Սեդրակ Վա[ր]ժապետեան (արեւելեան գորգեր վերանորոգող), Սողոմոն Ոսկերիչեան (ուսուցիչ առաքելական դպրոցում), Գրիգոր Ենիգոմշեան (սպանուել է 1895 թ. ապտուլհամիտեան կոտորածների ընթացքում):

1896 թ. – Յովհաննէս Մուշեղ Հատիտեան (բժիշկ), Նազարէթ Իփէքեան (բժիշկ), Աւետիս Ճէպէճեան (բժիշկ), Հմայեակ Լուսարարեան (բժիշկ), Եսայի Միսիրեան (վաճառական), Յակոբ Աւագ-Փանոսեան (ճարտարապետ), Տիգրան Փոլատեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Խորէն Գ. Սաղըրեան (վաճառական), Էլի Վարժապետեան (վաճառական), Եղիա Արոյեան (բժիշկ), Յակոբ Քալէմճեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Յովհաննէս Լիպսոն (դեղագործական արտադրութեան աշխատակից), Վահան Մարգարեան (դեղագործ), Հ. Կ. Սաղըրեան (վաճառական), Արամ Թորոսեան (ուսուցիչ բողոքական դպրոցներում), Սամուէլ Ժամկոչեան (բժիշկ, ուսուցիչ առաքելական վարժարանում):

1897 թ. – Փառնակ Ադամեան (բժիշկ), Յարութիւն Պապիկեան (բժիշկ), Յակոբճան Կ. Պարսումեան (բժիշկ), Եագուպ Պէզճեան (բժիշկ), Եագուպ Տէր Գրիգորեան (ուսուցիչ), Ճէսսի Մաթոսեան (պրոֆեսոր), Յովհաննէս Շիլ-Յակոբեան (ուսուցիչ), Մարտիրոս Հ. Անանիկեան (գրադարանավարի օգնական Հարթֆորտի աստուածաբանական սեմինարիայում), Աբրահամ Պէրպէրեան (ուսուցիչ Մարաշի վարժարանում), Լուտեր Չորպաճեան (ճարտարագէտ), Երուանդ Շիշմանեան (բժիշկ), Ստեփան Թովմասեան (հոգեւոր հովիւ բողոքական եկեղեցում):

1898 թ. – Կարապետ Պապիկեան (բժիշկ), Աւետիս Գազանճեան (վաճառական), Մուրատ Անտոնեան, Արմենակ Արոյեան, Հայկազուն Կանտեմորեան (ուսուցիչ առաքելական վարժարանում), Աբգար Տէր Մարգարեան (բժիշկ), Մարկոս Բարունակեան (հոգեւոր հովիւ), Սինան Ռաֆայէլեան (բժիշկ), Ոսկան Թոփալեան (բժիշկ), Վարդան Երանեան (քարոզիչ բողոքական եկեղեցում):

1899 թ. – Պարոյր Անտոնեան (ուսուցիչ, գործակալ), Յովսէփ Պասմաճեան (վաճառական), Յակոբ Ղազարեան (վաճառական), Արտաշէս (Տէր Վահան) Կիւլտալեան (քահանայ), Լութֆի Լեւոնեան (պրոֆեսոր), Միհրան Նազարէթեան (վաճառական), Սենեքերիմ Նիզիպլեան (բժիշկ), Եուսուֆ Նիզիպլեան (ուսուցիչ), Աբրահամ Սէրայտարեան (ուսուցիչ), Սերովբէ Չիւրիւքեան (բժիշկ), Աբրահամ Յարութիւնեան (հոգեւոր հովիւ բողոքական եկեղեցում), Ժուրժիս Շեմմաս (հոգեւոր հովիւ, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում), Թորոս Վարպետեան:

1900 թ. – Մանասէ Անտոնեան (ուսուցիչ), Գէորգ Արսլանեան (բժիշկ), Յարութիւն Պէրէճիքլեան (վաճառական), Եղիա Տէմիրճեան (ուսուցիչ), Յակոբ Հայկազեան (գուլպայագործ), Կարապետ Միսիրեան (բժիշկ), Կարապետ Մուղամեան (ուսուցիչ, այլ տուեալով՝ վաճառական), Սամուէլ Կիրակոսեան (արեւելեան գորգեր վերանորոգող), Ասատուր Ճինիշեան (ուսուցիչ), Յովհաննէս Տէր Նահապետեան (բժիշկ), Յարութիւն Զերնիկեան (վաճառական):

1901 թ. – Նազարէթ Պարսումեան (գորգավաճառ), Եսայի Հալլաճեան (բժիշկ), Կարապետ Յակոբ Խալֆէեան (բժիշկ), Եագուպ Մուրատեան (օգնական դեղագործ), Յարութիւն Գաբրիէլեան (բժիշկ), Տաճատ Տագէսեան (վաճառական), Յարութիւն Տէր Պօղոսեան (բժիշկ), Յովհաննէս Քէշիշեան (քարոզիչ բողոքական եկեղեցում), Ճորճի Փոլատեան, Լեւոն Ս. Սիվասլեան (1909 թ. եղել է ուսանող Եէյլի համալսարանում):

1902 թ. – Կարապետ Գ. Տաղլեան (պրոֆեսոր), Նազարէթ Ֆըստըգճեան (օրէնսգէտ, ուսուցիչ), Ներսէս Պչագճեան-Կիւզէլիմեան (դեղագործ, բժիշկ), Լութֆի Հալէպլեան (բժիշկ), Մովսէս Գազանճեան (ատամնաբուժ), Սամուէլ Գրիգորեան (օգնական դեղագործ), Լեւոն Ք. Լեւոնեան (համալսարանական ուսանող), Եագուպ Միսիրեան (բողոքական դպրոցում ուսուցիչ), Համբարձում Պէրպէրեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Կոնստանդին Կոնստանդեան (արեւելեան գորգեր), Սամուէլ Ինկիլիզեան (1909 թ. ուսանող), Կարապետ Հ. Քէշիշեան (ուսուցիչ Կ. Թ. գոլէճում): Պօղոս Կուլադճեան (վաճառական), Տիգրան Հ. Գունտաքճեան (հոգեւոր հովիւ բողոքական եկեղեցում), Ներսէս Գույումճեան (հոգեւոր հովիւ բողոքական եկեղեցում, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում), Սամուէլ Գրիգորեան (դեղագործի օգնական), Լեւոն Կ. Լեւոնեան (1909 թ. եղել է Գոլումպիայի համալսարանի ուսանող), Յովսէփ Մելիքեան (ուսուցիչ գերմանական դպրոցում), Տիրան Փիրանեան (վաճառական), Յովհաննէս Սեքսէնեան (վաճառական):

1903 թ. – Եագուպ-Ժոզէֆ Պարսումեան (վաճառական, հոգեւոր հովիւ), Ենովք Հատիտեան (հոգեւոր հովիւ), Յովհաննէս Հասըրճեան (գոլէճի ուսուցիչ), Ներսէս Իշխանեան (դեղագործ), Նէճիպ Ճէպէճեան (ճարտարագէտ), Արտաշէս Այվազեան (1909 թ. եղել է Սիրիական բողոքական գոլէճում բժշկութեան ուսանող), Միսաք Այուճեան (քարոզիչ բողոքական եկեղեցում), Յակոբ Պէշիլեան (բժիշկ), Յարութիւն Թիքիրճեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Ծերօն Հեքիմեան (բժիշկ), Կարապետ Գրաշարեան (ուսուցիչ Հաճընի վարժարանում), Ռուբէն Ռասուպեան (ուսուցիչ Սեբաստիոյ կանոնաւոր դպրոցում), Կոնստանդին Սիյահեան (քարոզիչ բողոքական եկեղեցում, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում), Վահրամ Թահմիսճեան (ուսուցիչ բողոքական դպրոցում, քարոզիչ), Վարդան Թոփալեան (բժիշկ), Յակոբ Թուճարեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում):

1904 թ. – Ռուբէն Պէրէճիքլեան (ապահովագրական գործակալ), Միհրան Պէզճեան (ուսուցիչ, գրասենեակի տնօրէն եւ մարզական տնօրէն, Կ. Թ. գոլէճ), Գէորգ Տէմիրճեան (դեղագործ), Խաչեր Կիւզէլիմեան (վաճառական), Լեւոն Թ. Լեւոնեան (վաճառական, դաստիարակ), Յովսէփ Մահտեսեան (բժիշկ), Մովսէս Թերզեան (ուսուցիչ), Եագուպ Թուզճեան (ուսուցիչ, բժիշկ), Ռոպերթ Առաքելեան (գրագիր), Յակոբ Բայունդուրեան (ուսուցիչ), Յովակիմ Պագգալեան (Այնթապի տնամերձ արդիւնաբերութեան վարիչ), Գրիգոր Տէր Պօղոսեան (1909 թ. եղել է Մարաշի աստուածաբանական սեմինարիայի ուսանող), Արշակ Չորպաճեան (վաճառական ?), Երուանդ Էլմաճեան (ուսուցիչ Մարաշի վարժարանում), Աբրահամ Նաճարեան (ուսուցիչ), Յակոբ Նաճարեան (քարոզիչ բողոքական եկեղեցում, ուսուցիչ), Արշակ Ռումեան (ուսուցիչ գերմանական դպրոցում), Հապիպ Թեճիրեան (1909 թ. եղել է բժշկութեան ուսանող Սիրիական բողոքական գոլէճում, որ 1920-ից կոչւում է Պէյրութի ամերիկեան համալսարան):

 1905 թ. – Լութֆի Յ. Պապիկեան (պրոֆեսոր), Տիգրան Իլվանեան (լուսանկարիչ), Հմայեակ Խարաճճեան (ուսուցիչ), Լեւոն Ա. Սըվագճեան-Սվաճեան (ճարտարագէտ), Կարապետ Սթամպոլեան (հոգեւոր հովիւ, քարոզիչ բողոքական եկեղեցում), Յովհաննէս Էսքիճեան (քարոզիչ բողոքական եկեղեցում), Լեւոն Գուլուզեան, Յակոբ Ճեսսուրեան (1909 թ. եղել է բժշկութեան ուսանող Սիրիական բողոքական գոլէճում), Աբրահամ Գասարճեան (քարոզիչ բողոքական եկեղեցում), Սամուէլ Մկրտիչեան (վաճառական):

1906 թ. – Միսաք Պապիկեան (բժիշկ), Լուտեր Չամիչեան (բժիշկ), Գէորգ Գույումճեան, Միհրան Ք. Լեւոնեան (բժիշկ), Արմենակ Մագսուտեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Պետրոս Ապելեան (1909 թ. եղել է ուսանող Այովայի նահանգի կանոնաւոր գոլէճում), Տիրատուր Տիքիճեան (1909 թ. եղել է ուսանող Հարթֆորտի աստուածաբանական սեմինարիայում), Մարտիրոս Դումանեան (վաճառական, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում), Կիրակոս Յակոբեան (ուսուցիչ բողոքական դպրոցներում), Ստեփան Քէշիշեան (1909 թ. եղել է բժշկութեան ուսանող Սիրիական բողոքական գոլէճում), Նշան Նարեկեան (ուսուցիչ բողոքական դպրոցներում), Վարդան Փիրանեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Նշան Սաաթճեան (վաճառական), Մովսէս Թորեան (ուսուցիչ Մարաշի ակադեմիայում):

1907 թ. – Մովսէս Պապիկեան (բժիշկ), Սարգիս Պալապանեան (ուսուցիչ), Գէորգ Պոսթանեան (բժիշկ), Եուսուֆ Տայեան (դեղագործ, այլ տուեալներով՝ ուսուցիչ բողոքական դպրոցներում), Յարութիւն Թախթաճեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Եուսուֆ Վարդանեան (բժիշկ), Եագուպ Վասոյեան (ուսուցիչ, ճարտարագէտ, քիմիաբան), Նշան Պագգալեան (բժշկի օգնական ամերիկեան հիւանդանոցում), Սամուէլ Պուլղուրճեան (1909 թ. եղել է ուսանող Սիրիական բողոքական գոլէճում), Գէորգ Չոլաքեան (վաճառական), Ստեփան Չորպաճեան (1909 թ. եղել է ուսանող Սիրիական բողոքական գոլէճի դեղագիտութեան բաժնում), Արշակ Հայրենեան (1909 թ. եղել է ուսանող Ժնեւի համալսարանի բժշկութեան բաժնում), Աւետիս Ինճեճիքեան (ուսուցիչ բողոքական դպրոցներում, ապա բժիշկ), Արսէն Գուլաքսուզեան (ուսուցիչ «Աւետիսեան» առաքելական դպրոցում, Կեսարիա), Պօղոս Ս. Թերզեան (1909 թ. եղել է ուսանող Սիրիական բողոքական գոլէճի դեղագիտութեան բաժնում), Մարտիրոս Թերզեան (ուսուցիչ Մարաշի ակադեմիայում), Յովհաննէս Թորեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում):

1908 թ. – Սողոմոն Աքքէլեան (հոգեւոր հովիւ), Նէճիպ Պապիկեան (բժիշկ), Եագուպ Տէմիրճեան (գորգավաճառ, Barsumian & Co., արեւելեան գորգեր), Կարապետ Ս. Ղազարեան (ուսուցիչ), Սամուէլ Յովհաննէսեան-Հալլաճեան (հոգեւոր հովիւ, ուսուցիչ բողոքական դպրոցներում), Նուրի Իշխանեան (բժիշկ), Լուտեր Մարտիրոսեան (գրագիր), Յովսէփ Միսիրեան (ուսուցիչ), Նեւտոն Յարութիւնեան (ուսուցիչ Կ. Թ. գոլէճում), Տիգրան Քեսապեան (ուսուցիչ բողոքական դպրոցներում), Յարութիւն Քէշիշեան (ուսուցիչ ?), Սարգիս Քէշիշեան (ուսուցիչ ?), Գրիգոր Մահսերեճեան (1909 թ. եղել է ուսանող Մարաշի աստուածաբանական սեմինարիայում), Յարութիւն Նալպանտեան (ուսուցիչ առաքելական դպրոցներում), Լեւոն Ռուբեան (ուսուցիչ Կ. Թ. գոլէճում), Թովմաս Սարգիսեան (ուսուցիչ բողոքական դպրոցներում, սպանուել է 1909 թ. Ադանայի կոտորածների ընթացքում):

1909 թ. – Սեդրակ Ալաճաճեան-Մաթոսեան, Գոֆին Արսլանեան, Գէորգ Էքմէքճեան, Սմբատ Ճէմիլեան, Միհրան Թ. Լեւոնեան, Վահրամ Լէյլէքեան (ինժեներ, հետագային՝ Լիբանանի խորհրդարանի առաջին հայ պատգամաւոր), Կարապետ Միսիրեան (հոգեւոր հովիւ), Եագուպ Նազարեան, Գրիգոր Սարաֆեան, Միհրան Գասարճեան, Համիտ Քէշիշեան, Յակոբ Գույումճեան, Միսաք Գրիգորեան, Մարտիրոս Տէր Մկրտիչեան:

1910 թ. – Տիգրան Լուսարարեան, Յարութիւն Տաղլեան, Գրիգոր Տաղլեան, Բիւզանդ Լեւոնեան (հոգեւոր հովիւ), Եղիա Պագամճեան:

1911 թ. – Միհրան Պալիքեան (ուսուցիչ Հալէպի գոլէճում), Ալեքսան Պէզճեան (բժիշկ), Միհրան Իշխանեան (ատամնաբուժ), Սարգիս Գարամանուկեան:

1912 թ. – Արմենակ Արսլանեան, Գէորգ Տայեան, Ճէմիլ Հալէպլեան (դեղագործ), Մովսէս Դանիէլեան (գորգավաճառ):

1913 թ. – Ճէմիլ Ա. Պապիկեան, Սուրէն Ճէմիլեան, Տիգրան Խրլոբեան (հոգեւոր հովիւ), Սարգիս Լալէեան, Երուանդ Գ. Նազարեան:

1914 թ. – Յարութիւն Մումճեան, Արամ Վարդանեան, Լեւոն Մէրճէնեան:

1915 թ. – Ատուր Լեւոնեան (վաճառական), Ալպէրթ Պէզճեան (լուսանկարիչ), Մանուէլ Տիշոյեան-Քասունի (ուսուցիչ), Արտաշէս Եկաւեան, Յարութիւն Կնքապապեան, Նազարէթ Թիւթիւնճեան:

Երբեմնի «Ազարիա Սմիթհ» հիւանդանոցն առայսօր շարունակում է իր գործունէութիւնը: Տարիների ընթացքում հիվժւանդանոցը կրել է բազմաթիւ փոփոխութիւններ, մէկը միւսին յաջորդել են բուժաշխատողներն ու բժիշկները: Սակայն տարիների յորձանուտում յատկանշական է մէկը, ով ղեկավարել է հիւանդանոցը 1996-2001 թթ. ընթացքում: Այդ բժիշկը կրկին Շէփըրտների ընտանիքից է՝  նա Բարքլի Մ.  Շէփըրտն է:

  • [1] Պատմութիւն Այնթապի Հ. Յ. Դաշնակցութեան 1898-1922, խմբագրեց Գէորգ Յ. Պարսումեան, Հալէպ, տպ. «Տիգրիս», 1957, էջ 148-149:
  • [2] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը (Բժշկական վարժարանի եւ «Ազարիա Սմիթ» հիւանդանոցի պատմութիւնն ալ միասին առած)», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Ա.), էջ 815-816:
  • [3] Alice Shepard Riggs, Shepard of Aintab, New York, Interchurch press, 1920, p. 36.
  • [4] Catalogue of Central Turkey College at Aintab, Vilayet of Aleppo, Turkey in Asia, Press of H. Matteosian, Bible House, Constantinople, 1901, p. 5.
  • [5] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 818:
  • [6] Catalogue of Central Turkey College at Aintab, Vilayet of Aleppo, Turkey in Asia, p. 5.
  • [7] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 818-819:
  • [8] Նոյն տեղում, էջ 817:
  • [9] Նոյն տեղում, էջ 820:
  • [10] Նոյն տեղում, էջ 839-840:
  • [11] Գ[րիգոր] Պօղարեան, «Տաքթըր Շեփըրտ», Հայ Անթէպ, թիւ 1 (21), Պէյրութ, 1966, էջ 23:
  • [12] Ալեքսան Զենոբ Պէզճեան, «Բժշկութիւնը Անթէպի մէջ», Պատմութիւն Անթէպի հայոց, Բ. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան (այսուհետ՝ ՊԱՀ Բ.), Լոս Անճէլըս, 1953, էջ 663:
  • [13] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 813։ Տոքթ. Ազնիւ Իսրայէլեան, «Յուշեր ու նիշեր Այնթապի կրթա-բժշկական կեանքէն», ՊԱՀ Բ., էջ 471:
  • [14] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 819:
  • [15] Նոյն տեղում, էջ 815:
  • [16] Catalogue of Central Turkey College at Aintab, Vilayet of Aleppo, Turkey in Asia, p. 30.
  • [17] Կ[արապետ] Մուղամեան, «Տոքթոր Շէփըրտ», ՊԱՀ Բ., էջ 666:
  • [18] Տոքթ. Ազնիւ Իսրայէլեան, «Յուշեր ու նիշեր Այնթապի կրթա-բժշկական կեանքէն», ՊԱՀ Բ., էջ 472:
  • [19] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 820:
  • [20] Հրազդան Թոքմաճեան, Այնթապի ասեղնագործութիւն, Ա. հատոր, Հալէպ, Երեւան, էջ 96:
  • [21] Գ[րիգոր] Պօղարեան, «Տաքթըր Շեփըրտ», Հայ Անթէպ, թիւ 1 (21), Պէյրութ, 1966, էջ 24:
  • [22] Catalogue of Central Turkey College at Aintab, Vilayet of Aleppo, Turkey in Asia, p. 4.
  • [23] Bulletin of Central Turkey College, Aintab, Turkey in Asia, Levonian memorial and Alumni number, published by Central Turkey College, September 1909, p. 37.
  • [24] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 832-833:
  • [25] Գ[րիգոր] Պօղարեան, «Տաքթըր Շեփըրտ», Հայ Անթէպ, թիւ 1 (21), Պէյրութ, 1966, էջ 24:
  • [26] Գ. Պ. [Գրիգոր Պօղարեան], «Տոքթոր Հապիպ Նազարեան (1860-1915)», Հայ Անթէպ, թիւ 2 (22), Պէյրութ, 1966, էջ 26-27:
  • [27] «Տոքթ. Յովսէփ Պէզճեան», ՊԱՀ Բ., էջ 677:
  • [28] Կ[արապետ] Մուղամեան, «Տոքթոր Շէփըրտ», ՊԱՀ Բ., էջ 667:
  • [29] Catalogue of Central Turkey College at Aintab, Vilayet of Aleppo, Turkey in Asia, p. 30.
  • [30] Նոյն տեղում, p. 30.
  • [31] Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 833-835:
  • [32] Կազմուած է «Պատմութիւն Անթէպի հայոց» գրքում Եղիա Քասունու յօդուածում առկայ ցանկերի եւ 1909 թ. Կեդրոնական Թուրքիոյ գոլէճի պաշտօնական տեղեկագրում հրատարակուած ցուցակի համադրութեամբ (տե՛ս Եղիա Ս. Քասունի, «Անթէպի Կեդրոնական Թուրքիոյ գոլէճին պատմութիւնը», ՊԱՀ Ա., էջ 840-841, 846-851; Bulletin of Central Turkey College, Aintab, Turkey in Asia, Levonian memorial and Alumni number, p. 17-34):