Այնթապ - Եկեղեցիներ (Ա.)

Այնթապ - Հայ Առաքելական եկեղեցի

Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 01/12/25 (վերջին փոփոխութիւնը՝ 01/12/25)

«Հայերը ուր որ գաղթեն կամ գտնուին, նախ եկեղեցի մը կը կառուցանեն՝ Աստուծոյ անուան կամ փառքին նուիրուած, երկրորդ՝ դպրոց մը կը շինեն…» [1]:

Բաբգէն եպիսկոպոս Կիւլեսէրեանի (1931-1936՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Բաբգէն Ա. աթոռակից կաթողիկոս) կազմած «Այնթապի առաջնորդներուն գաւազանագիրը» սկսւում է 1607 թուականով՝ Այնթապի Դանիէլ վարդապետի յիշատակութեամբ: Այսինքն 17-րդ դարում Այնթապում կար բաւականին թւով կազմակերպուած հայութիւն՝ առաջնորդ ունենալու համար [2]: 
    
Այնթապը, որպէս հին բերդաքաղաք, կարեւոր դեր է ունեցել տարածաշրջանում: Քաղաքը կառուցուած է երեք բլրակների վրայ՝ Քիւրտ Թեփէ, Գայաճըգ եւ Թեփէ Պաշը (բաշ)՝ արեւելքից արեւմուտք ձգուած ուղղութեամբ: Հայ առաքելական Ս. Աստուածածին եկեղեցին կառուցուած է Թեփէ Պաշը բլրի արեւմտեան կողմում [3]: Նախկինում հայերը մեծամասամբ բնակուել են Քիւրտ Թեփէի հարաւային հատուածում՝ Շարաքիւստիւ կոչուող վայրում, այնտեղից հետզհետէ կենտրոնացել են Թեփէ Պաշըի կողմերում: Շարաքիւստիւում է գտնուել Ս. Եղիա եկեղեցին, որը թուրքերը վերածել են Շըխ Ջամիսի մզկիթի: Բաբգէն եպիսկոպոսը գրում է, որ վերոնշեալ մասում եղել են նաեւ հայերէն արձանագրութիւններ ունեցող տներ, իսկ Քիւրտ Թեփէ բլրի վրայ եղել է հայկական գերեզմանոց [4]: Փառէն եպիսկոպոս Մելքոնեանը նոյնպէս նշում է մզկիթի վերածուած եկեղեցու մասին: Նա նաեւ գրում է, որ հայկական տների դռների ու պատուհանների փեղկերի վրայ եղել են հայերէն երկաթեայ-զարդագիր յիշատակարաններ: Ս. Եղիա եկեղեցուն կից եղել է նաեւ բաղնիք, որը կոչուել է «Եղիա համամը» [5]:

Թեփէ Պաշըի կողքային հատուածում է գտնուել հայոց առաջին եկեղեցին (հեղինակը անունը չգիտի), որը եղել է ամբողջովին կամ կիսով չափ վիմափոր, թերեւս ստորգետնեայ: Առաջին եկեղեցիների թւում յիշատակւում են երկուսը. մէկը կառուցուած 1723 թ., այնուհետեւ 1809 թ. կառուցուած այլ եկեղեցի՝ շէնքով եւ արձանագրութեամբ՝ Կիլիկիոյ «բարեհամբաւ» Կիրակոս կաթողիկոսի (Կիրակոս Ա. Աջապահեան Սսեցի 1797-1822)) եւ Այնթապի առաջնորդ «քաղցրաքարոզ» Յովհաննէս եպիսկոպոսի հովուապետութեան տարիներին [6]: Այս եկեղեցին կառուցուել է 90 օրուայ ընթացքում: Շինարարները հիմնականում աշխատել են գիշերները՝ հայոց գերեզմանատան քարերով: 90-օրեայ ժամանակահատուածը «գեաւուրներին» (անհաւատներ) տրւում էր որպէս շնորհ՝ շինարարութիւնը աւարտելու համար: Հետեւաբար կառուցւում էին անշուք եկեղեցիներ՝ առանց գմբէթի կամ աշտարակի: Այնթապի վերջին հին եկեղեցին այդպիսի անշուք շինութիւն էր՝ ուղղանկեան ձեւով: 1850-ական թթ. Այնթապի առաջնորդ Մկրտիչ եպս. Աջապահեանը յաջողում է կրկին անշուք գմբէթ կառուցել տալ եւ հիմնական դուռը մեծացնել [7]:

Գրիգոր Պօղարեանը առաւել մանրամասն ներկայացնելով Այնթապի առաջին եկեղեցիների կառուցման պատմութիւնը, գրում է, որ Այնթապի հին եկեղեցին վերակառուցուել է 1723 թ.: 1700 թ. Պարսկաստանից Երուսաղէմ ուխտի գնացող երեք եղբայրներ՝ Շահնազարը, Պալնազարը, Կիւլնազարը իջեւանում են Այնթապում: Նրանցից Պալնազարը տեսնելով եկեղեցու անմխիթար վիճակը, որոշում է վերակառուցել այն [8]:

Այս եկեղեցին ամուր բայց կարճ սիւների վրայ կառուցուած շէնք էր, գմբէթաւոր եւ բաւականին մթին: Եկեղեցու արեւելեան որմի երկու ծայրերին կային մէկական ցածր դռներ [9]:
    
Ըստ Յայսմաւուրքի արձանագրութեան, Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցին 1807 թ. օգոստոսի 30-ին յանկարծակի փլուզւում է: Առաջնորդ Յովհաննէս եպիսկոպոսի եւ հայ ժողովրդի ջանքերով 1808-1809 թթ. եկեղեցին վերաշինւում է: Այն նախկինից աւելի ընդարձակ էր, կարող էր ներառել 3.000 հոգի, սակայն ճարտարապետական ոճը բաւականին խեղճ էր: Եկեղեցին ունէր քարաշէն 8 հաստ սիւն, փոքրաթիւ պատուհաններ: Կառուցուած էր առանց գմբէթի: Վերակառուցուած եկեղեցու օծումը կատարւում է 1809 թ. օգոստոսի 15-ին՝ Ս. Աստուածածնի Վերափոխման օրը: Սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի (1839-1861) Խաթթը Հիւմայունի [10] հռչակումից յետոյ հնարաւոր է դարձել բացել լուսամուտներ եւ կառուցուել է գմբէթը [11]:

Այս եկեղեցին հետզհետէ սկսում է չբաւարարել այնթապահայութեանը: Գնալով ստուարացող ժողովրդի համար նա բաւարար տարածք չունէր՝ յատկապէս կիրակնօրեայ պատարագների ժամանակ ու տօնական օրերին, բացի այդ՝ որպէս ճարտարապետական կառոյց այլեւս չէր համապատասխանում նոր ձեւաւորուած պահանջներին [12]:

Այս եւ այլ պատճառներից ելնելով, Այնթապի ազգային իշխանութիւնները որոշում են կայացնում նոր եկեղեցի կառուցել:

Նորաշէն Ս. Աստուածածին եկեղեցին

Ինչպէս նշում է Բաբգէն եպիսկոպոսը, նոր եկեղեցին քաղաքի կենտրոնական մասերում կառուցելու փոխարէն, որը նաեւ երկու եկեղեցի ունենալու հնարաւորութիւն կը տար, կառուցւում է հին եկեղեցու տեղում՝ ժողովրդին մէկից աւելի եկեղեցիներով չմասնատելու համար: Քանի որ հին եկեղեցու զբաղեցրած տարածութիւնը նոր շէնքի համար փոքր էր լինելու, որոշւում է եկեղեցու առջեւում գտնուող բոլոր տները գնել [13]: Եկեղեցու հիւսիսային կողմում արդէն իսկ փողոց է եղել, հարաւային հատուածը նոյնպէս փողոց են դարձնում, արեւմտեան հատուածում կար ժայռոտ բարձունք: Այսպիսով ձեւաւորւում է ընդարձակ տարածութիւն: 1872-1873 թթ. ընթացքում (այլ տուեալներով՝ 1872-1874 թթ. [14]) հիւսիսից հարաւ ձգուող փողոցի վրայ կառուցւում է 14 խանութ, որոնք հասոյթի աղբիւր էին դառնալու եկեղեցու համար: Խանութների հարթ տանիքը ծառայում էր որպէս բակ: Աւելի ուշ այդ հատուածում կառուցւում է քահանաների խուցը, իսկ 1900 թ.ից յետոյ՝ նաեւ մանկապարտէզ [15]:

Թաղական խորհուրդը, գլխաւորութեամբ Նիկողոս աղա Նազարէթեանի, դիմում է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսէս արք. Վարժապետեանին (1874-1884)՝ խնդրելով յատակագիծ նոր կառուցուող եկեղեցու համար: Արքունի ճարտարապետ Սարգիս բէյ Պալեանը հեղինակում է եկեղեցու յատակագիծը: Նա բաղկացած էր երկու մասից՝ մէկը վերաբերում էր հիմքերը հաստատելուն եւ ամրացնելուն, միւսը՝ արտաքին կառոյցին: Յատակագիծը փոխանցւում է Այնթապի Թաղական խորհրդին: Վերջինս գտնում է, որ Այնթապի հայութեան աճող թուի համեմատութեամբ, նախագծուած շէնքը փոքր է: Նիկողոս աղա Նազարէթեանը եւ Այնթապի աւագ ճարտարապետներից Սարգիս Ուստա Ղատէհճեանը (Գատէհճեանը) որոշում են ստացուած յատակագիծը մէկուկէս անգամ մեծացնել: Հին եկեղեցու մակերեսը 1075 ճրտ. քառ. կանգուն էր, նորի մակերեսը հասցւում է 2000-ի: Թաղական խորհրդի ատենապետ Ն. Նազարէթեանի եւ ատենադպիր Յ. Եաղուպեանի, Տէր Մովսէս քհն. Ժամկոչեանի եւ ճարտարապետ Սարգիս Գատէհճեանի ստորագրութեամբ, 1875 թ. յունիսի 15-ով թուագրուած նամակը ուղարկւում է Կ. Պոլիս՝ պատրիարքի հաւանութիւնը ստանալու համար: Պատուիրակութեան վերադարձից յետոյ, 1876 թ. յունիսի 26-ին կատարւում է եկեղեցու հիմնարկէքը՝ մեծ բազմութեան ներկայութեամբ: Հանդիսութիւնն ունեցել է 12 կնքահայր։ Նրանցից ոմանք վճարել են 20, ուրիշներ՝ 10 օսմ. ոսկի: Կնքահայրերն էին Նիկողոս Նազարէթեանը, Յարութիւն Նազարէթեանը, Մահտեսի [16] Ատուր Եաղուպեանը, Յարութիւն Նիզիպլեանը, Մահտեսի Ներսէս Պալեանը, Ադամ Ադամեանը, Ատուր Խաչատուրեանը, Ասէ Տայըն, Յարութիւն Պէրղուտեանը, Ներսէս Լէյլէկեանը, Մահտեսի Սարգիս Ուստա Ղատէհճեանը եւ Գալուստ Ղազարեանը [17]: Հանդիսութեանը մասնակցել է նաեւ ապագայ աթոռակից կաթողիկոս Յարութիւն Կիւլէսէրեանը՝ որպէս շապիկ հագած մոմկալ: Նա գրում է, որ հանդիսութիւնը նախագահել եւ քարերը օծել է աւագերէց Տէր Մելքոն քհն. Կէմիճեանը [18]:

Հետագայում, Ներսէս Վարժապետեան պատրիարքի ջանքերով եւ զինուորական ճարտարապետ Յովհաննէս Ազնաւուրի գծագրութեամբ կազմւում է եկեղեցու ներքին յարդարանքի յատակագիծը [19]:

Later, thanks to the efforts of Patriarch Nerses Varjabedian, military architect Hovhannes Aznavour prepared a blueprint for the church’s interior furnishings. [19]

Եկեղեցու շինարարութիւնը 1875 թ. ընդհատուել է խոլերայի, ապա՝ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի պատճառով: 1879 թ. այն վերսկսւում է եւ դանդաղ շարունակւում [20]: Նոր եկեղեցու շինարարական աշխատանքները տեւում են 17 (այլ տուեալներով՝ 20 [21]) տարի: Կամարակապ խաչերը կրում են 1892 թ. նշումը: Գմբէթի վերջին քարը դրուել է 1893 թ. հոկտեմբերի 18-ին՝ կրկին մեծ հանդիսաւորութեամբ [22]:

Ս. Աստուածածին եկեղեցու կառուցման ծախսը կազմել է 10.000 օսմ. ոսկի, որը տուեալ ժամանակահատուածում համարժէք էր 44.000 դոլարին [23]: Գործել է Թաղական խորհրդի նշանակած Եկեղեցու շինութեան յանձնախումբ, որը 1883 թ.ից սկսած երբեմն կազմակերպել է հանգանակութիւններ: Գարեգին քհն. Պօղարեանի արխիւում պահպանուել է այդ հանգանակութիւններից թերեւս վերջինի՝ 1892 թուականի արձանագրութիւնը: Հանգանակութեանը մասնակցել են նաեւ հայ բողոքականերն ու հայ կաթոլիկները։ Հաւաքուած գումարը կազմել է 621,50 ղուրուշ: Պահպանուել է մէկ այլ ցուցակ, որում գրանցուած է 298 անուն՝ մեծամասամբ կանայք: Նրանք դրամական, ոսկեայ իրերի, հագուստի եւ այլ նուիրատւութիւններով մասնակցել են մէկ ուրիշ հանգանակութեան՝ ի պայծառութիւն Ս. Եկեղեցւոյ: Հանգանակութիւնները շարունակական են դարձել եւ իրականացուել են «Գրուածք» անուան ներքոյ [24]:

Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցին ոչ միայն իր մեծութեամբ, ամրութեամբ, գեղեցկութեամբ էր գերազանց, այլեւ իր բարձրութեամբ իշխում էր քաղաքի վրայ. նրա գմբէթից եւ ոսկեզօծ խաչից ցածր էին մնում անգամ ամենաբարձր մինարէները [25]:

Հայոց ցեղասպանութեան տարիներին Ս. Աստուածածին եկեղեցին վերածուել էր պահեստի: 1916 թ. այնտեղ վաճառել են հայերի «լքեալ գոյքը» (բռնագրաւեալ գոյք), այնուհետեւ օգտագործուել է որպէս ախոռ: 1919 թ. վերապրած հայերի վերադարձից յետոյ մինչեւ 1922 թ. եկեղեցին կրկին պատկանել է հայերին: Հետագայում եկեղեցու շէնքն օգտագործուել է որպէս բանտ: Այժմ նա նորից վերածուել է մզկիթի [26]:

Ս. Աստուածածին եկեղեցու կառուցումը եւ վարպետները

Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցու կառուցումը արագ չընթացավ, մասնաւորապէս դրամի պատճառով: 1874 թ. սկսուած շինարարական աշխատանքները շարունակուեցին մինչեւ 1894 թ., երբ կապուեց գմբէթը: Իսկ եկեղեցու ներքին յարդարանքի աշխատանքները ամբողջապէս աւարտուեցին 1914 թ.:

1884 թ. նոր շէնքի մայր ճակատը (արեւմտեան մասը) կառուցելու համար պէտք էր քանդել հին եկեղեցու արեւելեան որմը՝ խորանների յետեւի մասը: Այս գործընթացի համար 100 օսմ. ոսկի նուիրատւութիւն է կատարել տիգրանակերտցի Կարապետ վարդապետը [27]:

Հարկաւոր է նշել, որ Ս. Աստուածածին եկեղեցու կառուցման համար ծախսուած միջոցներին համարժէք է նաեւ այնթապցիների բազկի ուժը՝ արհեստաւորների խմբերով եւ անհատաբար: Նրանք տարիներ շարունակ հիմքեր փորեցին, հող եւ քար փոխադրեցին, աշխատեցին ինչպէս տեղում՝ շինարարութեան վրայ, այնպէս էլ՝ տարբեր քարհանքերում:

Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցին քառակուսի է՝ խաչաձեւ: Խաչի չորս անկիւնների վրայ բարձրանում է գմբէթը: Պատերը չափազանց լայն են, քարերը սպիտակ են ու սրբատաշ: Սպիտակ շէնքի անկիւնները, ինչպէս նաեւ դռների եւ պատուհանների շրջանակները համադրուած են սեւ քարերով: Աւագ խորանի սիւները ու կամարակապ շրջանակը սպիտակ մարմարից են: Աւագ խորանի խաչկալը եւ բեմը կառուցուած են հրագոյն կարմիր մարմարով: Եկեղեցու՝ Գէորգ Սիւլահեանի (Խելօք Ամմի) նուէր աւազանը, կարելի է ասել, որ գեղարուեստական գործ է: Բեմի ճակատը երիզուած է յախճապակիներով: Եկեղեցու խաչկալն ու բեմը Նազարէթեան (Նազարեան) ընտանիքի նուէրն են, իսկ ողջ կառոյցը նուէրն է Այնթապի հայոց, նրանց զգացմունքների ու ջանքերի մարմնացումն է:
Թերեւս հարկաւոր է անուն առ անուն յիշատակել Ս. Աստուածածին եկեղեցու կառուցման իրենց նպաստը բերած անձանց, արձանագրել նրանց շարունակական աշխատանքն ու նուիրումը:

Մինչեւ իր մահը (1899 դեկտեմբեր), Նիկողոս աղա Նազարէթեանը հսկել եւ համակարգել է եկեղեցու կառուցման ընթացքը՝ Սարգիս Գատէհճեանի գործակցութեամբ: Քարտաշների մէջ նշանաւոր էր Կիւլտալեանց տունը՝ Ուստա Յակոբ Կիւլտալեանի գլխաւորութեամբ: Եկեղեցու գլխաւոր որմնադիրը եղել է Ուստա Կարապետը, իսկ քարերը կրել եւ տեղափոխել է Հոմոս Յակոբը: Եկեղեցու քանդակները եւ քարերի սիրուն տաշուածքը կատարել է կեսարացի յոյն Ուստա Թորոսը, այնուհետեւ գործը շարունակել է Ուստա Կիրակոսը: Եկեղեցու կառուցման հաշուարկները վարել են Գէորգ Սիւլահեանը, այնուհետեւ՝ Կարապետ Թախթաճեանը, վերջում՝ Գալուստ աղա Ղազարեանը [28]:

Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցին կենտրոնական դիրք էր գրաւում հայկական այնպիսի հաստատութիւնների միջակայքում, ինչպիսիք էին աղջկանց Հայկանուշեան վարժարանը՝ արեւմտեան կողմում, Վարդանեան կրթարանը՝ եկեղեցու խանութների առջեւի ճանապարհի հարաւային անկիւնում, Ադենական դպրոցը եւ Վարդանեան մանկապարտէզը՝ հիւսիսային անկեան գրեթէ դէմ դիմաց [29]:

Նիկողոս աղա Նազարէթեան (1843-1899)

19-րդ դարի Այնթապի հայոց պատմութիւնն անձնաւորող նշանաւոր գերդաստանի զաւակ Նիկողոս Նազարէթեանը Նազար աղա Նազարէթեանի (1815-1887) որդին էր: Նա ժամանակի կրթուած եւ առաջադէմ մարդկանցից էր. «Լուսաւորեալ մըն էր ան, բարեկամ ու խորհրդակից լուսամիտներու…» [30]: 1863 թ. Ազգային սահմանադրութեան հաստատումից յետոյ Այնթապի առաջին Թաղական խորհուրդն ընտրւում է 1866 թ. շնորհիւ Նիկողոս Նազարէթեանի եւ նրա առաջադէմ գործընկերների: Նիկողոս Նազարէթեանը հինգ անգամ դառնում է ազգային այդ կարեւոր մարմնի ատենապետ ու ծաւալում բեղուն գործունէութիւն այս բնագաւառում եւս [31]: Թաղական խորհրդում Նազարէթեանի աշխատանքը տեւում է մօտ 20 տարի։ Նա ընտրւում է նաեւ «Մէճլիսի իտարէ»ի անդամ, մասնակցում նահանգային ընդհանուր ժողովներին: Նիկողոս Նազարէթեանը մեծանուն վաճառական էր. նա կառուցում է իր հօր անունով հանրածանօթ «Նազար Աղա մեծ խանը», որին կից գործում էր Նազարէթեանների «մասպանան» (օճառի գործարան) [32]: Նիկողոս աղայի հեռատեսութեան եւ աշխատանքի շնորհիւ են կառուցուել կամ ձեռք բերուել ազգապատկան այնպիսի հասութաբեր կալուածներ, ինչպիսիք են «Միլլէթ խանը» (կառուցուած 1868 թ.), Չուգուր Պոսթանի Տէյլիպը եւ եկեղեցու 14 խանութները [33]:

Սարգիս բէյ Պալեան (1835-1899)

Արքունի ճարտարապետ Սարգիս բէյը Պալեան նշանաւոր տոհմից էր, որի անդամները տասնամեակներ շարունակ ժառանգաբար վարում էին Օսմանեան պետութեան արքունի ճարտարապետի պաշտօնը: Նա ծնուել է 1835 թ. փետրուարի 17-ին Կ. Պոլսի Բեշիքթաշ թաղամասում: 1847 թ. մեկնել է Փարիզ ուսանելու. ընդունուել եւ յաջողութեամբ աւարտել է «Սէնթ Պարպի» վարժարանը, այնուհետեւ՝ ուսումը շարունակել «Էքոլ դէ բոզ ար» (École des Beaux-Arts) վարժարանում: 1855 թ. վերադարձել է Կ. Պոլիս եւ աշխատանքի անցել հօր՝ արքունի ճարտարապետ Կարապետ ամիրա Պալեանի մօտ՝ Նիկողոս եղբօր հետ միասին: 1864 թ. Սարգիս Պալեանին տրուել է բէյի կոչում: 1866 թ. հօր մահից յետոյ սուլթան Աբդուլ Ազիզ I-ը (1861-1876) Սարգիս Պալեանին նշանակում է «կայսերական պալատի եւ շինարարութիւնների ճարտարապետ» (արքունի ճարտարապետ): Սարգիսը նաեւ հրաշալի մեքենագէտ (մեխանիկ) էր, նաեւ մեծ հետաքրքութիւն կը դրսեւորէր բնագիտութեան նկատմամբ: Պալեանի տանը կար համապատասխան տարրալուծարան (լաբորատորիա), որտեղ նա կատարում էր իր փորձերը: Թէեւ Սարգիս Պալեանն իր բազմազբաղ առօրեայի պատճառով չէր կարողանում անդամակցել ազգային ժողովներին, սակայն բարեգործական եւ մարդասիրական ձեռնարկութիւններում առաջիններից էր: Մահացել է 1899 թ. նոյեմբերի 7-ին [34]:

Սարգիս Գատէհճեան (1830?-1907)

Սարգիս Գատէհճեանի ծննդեան թիւը ստոյգ յայտնի չէ, մօտաւոր նշւում է 1830 թ.: Նա կրթութիւն չէր ստացել: Երկար տարիներ եղել է կառավարական ճարտարապետ: Այնթապի 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի շէնքերից շատերը նրա գործերն են։ Դրանցից յատկապէս արժանայիշատակ են Ս. Աստուածածին եկեղեցին, հայ կաթոլիկների Հայիկ թաղի եկեղեցին, բողոքականների երկրորդ եկեղեցին, Հաճի Օմերի խանը, Բելեդիյէ խանը (Քաղաքապետարանի շէնքը): Սարգիս Գատեհճեանը մահացել է 1907 թ.: Թոռան՝ Գէորգ Գատեհճեանի վկայութեամբ, Ս. Աստուածածին եկեղեցու Սարգիս բէյ Պալեանի հեղինակած յատակագիծը մինչեւ 1915 թ. իրենց տանն է գտնուել [35]:

Այնթապի ազգապատկան կալուածները

Ցուցակը կազմել է Գարեգին աւագ քհն. Պօղարեանը 1922 թ. Այնթապի հայաթափումից յետոյ։ Նա նշում է, որ տուեալ ցուցակը ազգապատկան կալուածների լրիւ ցանկն է՝ իրենց մօտաւոր արժէքով [36]։

  • Թիւ 1-8 – Հին եկեղեցի (Ազգային լսարան), նոր եկեղեցի, առաջնորդարան, քահանայից խուց եւ ժամկոչատուն, մանկապարտէզ, դպրաց դասի սենեակներ, Հայկանուշեան վարժարան, եկեղեցապատկան 14 խանութ եւ տէյլիպ։ Ընդհանուր արժէքը՝ 100.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 9, Սարգիս Գարամանուկեանի տուն։ Արժէքը՝ 1.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 10, Էպլահան շուկայում խանութ։ Արժէքը՝ 100 օսմ. ոսկի:
  • Թիւ 11, Աղեօլ թաղ – Սահակեան վարժարան։ Արժէքը՝ 800 օսմ. ոսկի:
  • Թիւ 12, Աղեօլ թաղ – Սարգիս Գաւուգճեանի տուն։ Արժէքը՝ 200 օսմ. ոսկի:
  • Թիւ 13, Աղեօլ թաղ – Նոր թաղամասի հողը եւ տները։ Արժէքը՝ 2.600 օսմ. ոսկի:
  • Թիւ 14, Գուրպը Մունէա Ահմէտ թաղ – Վահանեան վարժարան։ Արժէքը՝ 300 օսմ. ոսկի:
  • Թիւ 15, Գուրպը Գուզանլը թաղ – Լուսաւորիչեան վարժարան։ Արժէքը՝ 500 օսմ. ոսկի:
  • Թիւ 16-17, Գուրպը Գուզանլը թաղ – Ազգային գերեզմանոց եւ Սումագլըգ։ Արժէքը՝ 40.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 18, Չուգուր թաղ – Ազգային Ներսէսեան վարժարան։ Արժէքը՝ 16.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 19, Չուգուր թաղ – Պոսթան, տէյլիպ եւ տներ։ Արժէքը՝ 8.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 20, Չուգուր թաղ – Պալըգլը շուկայի խանութներ։ Արժէքը՝ 2.500 օսմ. ոսկի:
  • Թիւ 21, Գայաճըգ թաղ – Լուսիա Անտիլեանի տուն։ Արժէքը՝ 300 օսմ. ոսկի:
  • Թիւ 22, Գուրպը Զէնճիրլի թաղ – Ազգային Հայկազեան վարժարան։ Արժէքը՝ 3.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 23, Գուրպը Զէնճիրլի թաղ – Յակոբ Սթամպուլեանի տուն։ Արժէքը՝ 500 օսմ. ոսկի:
  • Թիւ 24, Էհլի Ճէֆա թաղ – Հայկազեան ծաղկոց, փուռ եւ 2 խանութ։ Արժէքը՝ 1.500 օսմ. ոսկի:
  • Թիւ 25, Իպնի Շէքէր թաղ – Միլլէթ խան։ Արժէքը՝ 30.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 26-27, Իպնի Շէքէր թաղ – Միլլէթ գահվէսի եւ 3 խանութ։ Արժէքը՝ 800 օսմ. ոսկի:
  • Թիւ 28, Գալա Ալթը թաղ – Ոսկերչաց շուկայի մէջ 2 խանութ։ Արժէքը՝ 200 օսմ. ոսկի:
  • Թիւ 29, Իպնի Քէօր թաղ – Արմենեան վարժարան։ Արժէքը՝ 200 օսմ. ոսկի:
  • Թիւ 30-31, Աղեօլ թաղ – Հոթել, սրճարան եւ խանութներ։ Արժէքը՝ 12.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 32-33, Գուզանլը թաղ – 8 խանութ, փուռ եւ տուն։ Արժէքը՝ 5.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 34, Իպնէլ Էյուպ թաղ – Ուզուն Գըզի տուն։ Արժէքը՝ 100 օսմ. ոսկի:
  • Թիւ 35-36, Իպնէլ Էյուպ թաղ – Հռիփսիմեանց վարժարան եւ խանութներ։ Արժէքը՝ 2.500 օսմ. ոսկի:
  • Թիւ 37, Հայիկի Զիւմեան թաղ – Վարդանեան կրթարան եւ տներ։ Արժէքը՝ 10.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 38-39, Աղեօլ թաղ – Կիլիկեան ճեմարան, շէնքերը եւ հողը։ Արժէքը՝ 12.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 40, Գայաճըգ թաղ – Եաղուպեանի տուն։ Արժէքը՝ 300 օսմ. ոսկի:
  • Թիւ 41, Գայաճըգ թաղ – Լուսիա խաթունի տուն։ Արժէքը՝ 1.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 42, Գուզանլը թաղ – Պիլէմճեանների տուն եւ խանութներ։ Արժէքը՝ 250 օսմ. ոսկի:
  • Թիւ 43, Գուրպը Գուզանլը թաղ – Ս. Կ. Նազարեանի ներկատուն։ Արժէքը՝ 1.000 օսմ. ոսկի:
  • Թիւ 44, Հայիկ Պապա թաղ – Գօճա Գէորգեանի խանութ։ Արժէքը՝ 50 օսմ. ոսկի:
  • Թիւ 45, Էթրաֆը Շէհր թաղ – Տէր Ներսէս Հօր եւ Յ. Համալեանի այգի։ Արժէքը՝ 500 օսմ. ոսկի:
  • Թիւ 46-47, Էթրաֆը Շէհր թաղ – Համամլը պաղ, հող եւ այգիներ։ Արժէքը՝ 2.800 օսմ. ոսկի:
  • Թիւ 48-49, Հայիկի Զիւմեան թաղ – Ադենական վարժարան եւ խանութներ։ Արժէքը՝ 9.800 օսմ. ոսկի:
  • Թիւ 50, Հայիկի Զիւմեան թաղ – Տէյիրմէնճեանի տուն։ Արժէքը՝ 200 օսմ. ոսկի:
  • Թիւ 51, Աղեօլ-Էթրաֆը Շէհր թաղ – Ադենական վարժարանի 10.000 կանգուն հողը։ Արժէքը՝ 500 օսմ. ոսկի։
  • Թիւ 52, Գարակէօզ-Սէնկի Նագգաշ – Եկեղեցասիրացին պատկանող տուն եւ խանութներ։ Արժէքը՝ 3.000 օսմ. ոսկի:

Ցուցակում ներկայացուած ազգապատկան կալուածների արժէքի ընդհանուր գումարը կազմում է 269.500 օսմ. ոսկի:

  • [1] Փառէն եպսկ. Մելքոնեան, «Պատմութիւն Անթէպի Հայաստանեայց եկեղեցւոյ (1600-1922)», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր (այսուհետ՝ ՊԱՀ Ա.), աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953, էջ 340:
  • [2] Նոյն տեղում, էջ 332:
  • [3] Բաբգէն Եպիսկոպոս, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», Կոչնակ, Նիւ Եորք, 1917, թիւ 45, 10 նոյեմբերի, էջ 1331:
  • [4] Նոյն տեղում, էջ 1332:
  • [5] Փառէն եպսկ. Մելքոնեան, «Պատմութիւն Անթէպի Հայաստանեայց եկեղեցւոյ (1600-1922)», ՊԱՀ Ա., էջ 333-334:
  • [6] Բաբգէն Եպիսկոպոս, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», Կոչնակ, Նիւ Եորք, 1917, թիւ 45, 10 նոյեմբերի, էջ 1332:
  • [7] Նոյն տեղում:
  • [8] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 432։ Տե՛ս նաեւ Լեւոն Տէր Պալեան, «Պալու բարեպաշտ պարսկահայը եւ Այնթապի Ս. Աստուածածին եկեղեցւոյ նորոգումը», Նոր Այնթապ, Հալէպ, 2002, էջ 55:
  • [9] Վ[ահան] Մ. Քիւրքճեան, «Այնթապի «Ժամը», Հայաստանի կոչնակ, Նիւ Եորք, 1928, թիւ 8, 25 փետրուարի, էջ 241:
  • [10] Hatt-ı Hümayun (թրք.) – Սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի 1856 թ. հռչակած բարեփոխումների հրովարտակ, որն ընդլայնում էր Օսմանեան պետութիւնում ոչ-մուսուլման հպատակների իրաւունքները: 
  • [11] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 433-434:
  • [12] Բաբգէն Եպիսկոպոս, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», Կոչնակ, Նիւ Եորք, 1917, թիւ 45, 10 նոյեմբերի, էջ 1332:
  • [13] Բաբգէն եպիսկոպոսը նաեւ նշում է, որ ինքը այդ տների «տեղն ու դիրքը» լաւ է յիշում:
  • [14] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 435:
  • [15] Բաբգէն Եպիսկոպոս, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», Կոչնակ, Նիւ Եորք, 1917, թիւ 45, 10 նոյեմբերի, էջ 1332-1333:
  • [16] Մահտեսի – Երուսաղէմ ուխտի գնացած անձ:
  • [17] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 435-436:
  • [18] Բաբգէն եպիսկոպոս Կիւլէսէրեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 421:
  • [19] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 436:
  • [20] Բաբգէն եպիսկոպոս Կիւլէսէրեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 421:
  • [21] Վ[ահան] Մ. Քիւրքճեան, «Այնթապի «Ժամը», Հայաստանի կոչնակ, Նիւ Եորք, 1928, թիւ 8, 25 փետրուարի, էջ 241:
  • [22] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 436:
  • [23] Բաբգէն եպիսկոպոս Կիւլէսէրեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 425:
  • [24] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 437-438:
  • [25] Բաբգէն Եպիսկոպոս, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», Կոչնակ, Նիւ Եորք, 1917, թիւ 45, 10 նոյեմբերի, էջ 1334:
  • [26] Tamar Gürciyan, “Antep’te katedral, hapishane ve cami olarak Surp Asdvadzadzin”, www.agos.com.tr/tr/yazi/28937/antepte-katedral-hapishane-ve-cami-olarak-surp-asdvadzadzin, (դիտումը՝ 13.11.2025):
  • [27] Բաբգէն Եպիսկոպոս, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», Կոչնակ, Նիւ Եորք, 1917, թիւ 45, 10 նոյեմբերի, էջ 1333:
  • [28] Նոյն տեղում, էջ 1334-1336:
  • [29] Նոյն տեղում, էջ 1336:
  • [30] «Նիկողոս Աղա Նազարէթեան», Հայ Անթէպ, Պէյրութ, 1964, թիւ 4 (16), էջ 9-11:
  • [31] Նոյն տեղում, էջ 11:
  • [32] Նիկողոս Աղա Նազարէթեան, «Պատմութիւն Անթէպի հայոց», Բ. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953, էջ 751-753:
  • [33] «Նիկողոս Աղա Նազարէթեան», Հայ Անթէպ, Պէյրութ, 1964, թիւ 4 (16), էջ 11:
  • [34] Յակոբ Յ. Պարոնեան, «Ազգային ջոջեր», թիւ 3, հրատ. «Յ. Մ. Սէթեան», Կ. Պոլիս, 1924, էջ 229-235։ Տե՛ս նաեւ Pars Tuğlacı, “The Role of the Balian family in Ottoman Architecture”, Yeni Çığır Bookstore, İstanbul, 1990, p. 429:
  • [35] Գէորգ Ա. Գատէհճեան, «Անթէպի Մայր եկեղեցիին ճարտարապետը՝ մեծ հայրս՝ Մհտսի. [մահտեսի] Սարգիս Ուստա Գատէհճեան», ՊԱՀ Ա., էջ 443-444:
  • [36] Գրիգոր Պօղարեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», ՊԱՀ Ա., էջ 441-442: