1900, Ակնի Կամարակապ գիւղի Արամեան վարժարանի աշակերտներ եւ հոգաբարձութեան անդամներ (Աղբիւր՝ Առաքել Քէչեան, Ակն եւ Ակնցին. 1020-1915, Ա հատոր, Պուքրէշ, 1942)

Ակն - Դպրոցներ

Հեղինակ՝ Խաժակ Դրամփեան, 22/10/2018 (վերջին փոփոխութիւն՝ 22/10/2018)

Այս յօդուածում անդրադարձ է կատարւում 19-րդ դարի վերջերին Ակնի գաւառակում զարգացում ապրող ոլորտներից մէկին՝ կրթութեանը։ Հասկանալու համար, թէ ինչպէս է կրթական ոլորտը զարգացել Մամուրէթուլ-Ազիզ վիլայէթի այս փոքրիկ գաւառակում, անհրաժեշտ ենք համարում քննել դրա մի քանի բաղադրիչները, մասնաւորապէս՝ դաստիարակութիւնը ակնեցու ընտանիքում, որը, ըստ իւրաքանչիւր ակնեցի, կրթութեան հիմքն էր, Ակնում 19-րդ դարի վերջում մտաւոր զարթօնքի տարիներին ստեղծուած կրթական ընկերութիւնների գործունէութիւնը, որի արդիւնքում Ակնում և գաւառակում բացուեցին մի շարք նոր դպրոցներ ու վարժարաններ։

Յօդուածում ներկայացւում են Ակնի վերաբերեալ աղբիւրներում պահպանուած տեղեկութիւններ, որոնք առնչւում են Ակնի և յարակից գիւղերի դպրոցներին, կրթական կեանքին և մակարդակին: Անդրադարձ է կատարւում նաև Ակնում թատերական և հրատարակչական փորձերին, որոնք գաւառակում ծայր առած կրթական շարժման արդիւնք էին:

Ուսումնասիրութեան հիմնական մասը կազմում է Ակնի գաւառակում ծնուած, սովորած, աշխատած և դասաւանդած մարդկանց մեծ ցանկը, որում ներառուած համառօտ կենսագրականները հաւաքագրել ենք տարբեր աղբիւրներից և դասակարգել ըստ բնակավայրերի և դրանցում գործած դպրոցների և/կամ վարժարանների:

1) Առաքէլ Քէչեանի և Մկրտիչ Պարսաﬔանի «Ակն և ակնցիք» գրքի կազմը (Փարիզ, 1952 թ.)։
2) Ակն/Էկին (ներկայիս Քեմալիէ) քաղաքը 1945 թթ (Աղբիւր՝ PROJECT SAVE, Watertown, MA, շնորհակալութիւններ Սիրանուշ Մովսիսեանին)։

Դաստիարակութիւնը Ակնում

Իւրաքանչիւր ակնեցու համար կրթութիւնը սկսւում է ընտանիքից՝ դեռևս վաղ հասակում: Սրա մասին է վկայում Ակնում տարածուած ասացուածքը՝ կրթութիւնը սկսւում է օրօրոցից: Ուստի մինչև Ակնում վարժարանների առկայութեան մասին խօսելը հարկ ենք համարում քննել ակնեցիների՝ մանուկին դաստիարակելու ձևերն ու եղանակները, որոնք հին ժամանակներից եկած տոհմիկ դաստիարակութեան մնացուկներն են:

Առհասարակ երեխային մանկուց կրթելու պարտականութիւնը հիմնականում դրուած է եղել կնոջ ուսերին: Դեռ օրօրոցից մայրերն իրենց երեխաներին երգում էին օրօրոցայիններ ու անտունիներ, որոնց օգնութեամբ մանուկները ճանաչում էին աշխարհը, հայրենի բնութիւնն ու բնօրրանը, չարն ու բարին, ճիշտն ու սուտը և այլն [1]:

Աւելի հասուն տարիքում մայրը ներգրաւում էր երեխային մանկական պարզունակ խաղերի մեջ. զբօսանք այգում`ջրի, ծառերի ու ծաղիկների մօտ, վազել ու ցատկել, լողալ աւազանում, ծառերից միրգ քաղել և ուտել և այլն [2]:

Դաստիարակութեան ձևը ակնեցիների շրջանում միօրինակ չէր։ Աղջիկն ու տղան չէին դաստիարակւում միևնույն կերպ: Տղային, օրինակ, ուղարկում էին դպրոց` ուսանելու, իսկ նրա ուսման պակասը ծնողները լրացնում էին տանը: Աղջիկները մինչև վարժարանում կրթութիւն ստանալը դաստիարակւում էին նաև տանը` մօր կողմից, քանի որ աղջիկը մեծանալու էր և մայր դառնար: Պատանի տղան ունէր որոշակի արտօնութիւններ։ Դպրոցում նա ձեռք էր բերում նոր ընկերներ, դասերից դուրս ունենում էր խաղաժամեր, խաղում այգում, բարձրանում սար և յաճախ էր լինում բնութեան գրկում: Մինչդեռ աղջիկը հիմնական ժամանակն անցկացնում էր տանը՝ մօր կողքին: Նա պէտք է սովորէր զբաղուել տան գործերով, ծանօթանալ խոհանոցային կարգ ու սարքին, կարուձև անել և այլն: Շուտով, երբ աղջիկը ստանում էր անհրաժեշտ գիտելիքների հիմնական պաշարը, տունը լցւում էր բազմաթիւ ձեռագործ հիւսուածքներով, գուլպաներով, սեղանի ծածկոցներով, բարձի, վերմակի երեսներով, որոնցից իւրաքանչիւրն իր ստացած դաստիարակութեան վկան էր: Նա արդէն կարող էր պատկանել բանիմաց և կիրթ օրիորդների դասին [3]:

Իսկ վերոնշեալ պայմաններում մեծացող տղան շատ շուտով դպրոցում դառնում էր առաջատար աշակերտ, յատկապէս եթէ ընդունակ էր: Նա պիտի մեծանար և համալրէր թիւն այն մարդկանց, մեծերի ու մտաւորականների, որոնց մի ստուար հատուած պարգևել է Ակնը [4]:

Յայտնի բանաստեղծ Սիամանթոյի (Ատոմ Եարճանեան) ընտանիքը, Պոլիս, 1900-ականների սկիզբ։ Նրանք Ակնից գաղթել են Պոլիս 1895-ի հակահայ ջարդերերից յետոյ։ Կանգնած, ձախից աջ՝ Արﬔնուհի Եարճանեան (Սիամանթոյի քոյրը), այս մարդու ինքնութիւնը յայտնի չէ, Նազելի Եարճանեան (ծնուած՝ Բարունակեան, Սիամանթոյի մայրը), Վահան Եարճանեան (Սիամանթոյի եղբայրը)։ Նստած, ձախից աջ՝ Զապէլ Եարճանեան (Սիամանթոյի կրտսեր քոյրը), Սիամանթոյի հօրենական ﬔծ մայրը (անունը՝ անյայտ), Սիամանթոյի հայրը (Աղբիւր՝ Մանուկ Ադաﬔանի հաւաքածոյ, Փարիզ)։

Ակնի դպրոցները մինչև 1870 թ. և յետոյ

Մինչև 1870 թ. Ակնում գոյութիւն ունեցած դպրոցների մասին տեղեկութիւնը գտնում ենք միայն Տէր Յովհաննէս քահանայ Դերձակեանի յուշագրութիւնում, որտեղ նշւում է հետևեալը. «Յովհ. Եպիս. Ակնեցի պարոնտէր կոչեցեալն, 1610ին Ս. Փրկչայ վանքին մէջ հաստատած էր ընծայարան մը, ուր աշակերտներ – ընծայացու կ՚անուանէ ինք -  կ’առնուէին Ակնայ դպրոցներու ընդունակ աշակերտներէն»: Սակայն յուշագրութիւնը որևէ տեղեկութիւն չի հաղորդում «ընծայացուների» (աշակերտների) թուի և «ընծայարաններում» (դպրոցների) ուսման տևողութեան մասին: Յուշագրութիւնում անդրադարձ կայ Սբ. Փրկչի վանքի վանահայր Ակնեցի Մարտիրոս վարդապետի մասին, ով 1760 թ. 10 աշակերտներով «ընծայարան» է ունեցել վերոնշեալ վանքում: Անդրադարձ կայ նաև Միքայէլ Աստուածաբանի՝ Ակնի 1870 թ. առաջնորդութեան շրջանի մասին, որի ընթացքում վերջինս Ակնում կարգել է չորս քահանայ: Նրանց անուններն են՝ Տէր Նիկողոս և Տէր Ղազար (վերի եկեղեցի), Տէր Ստեփան և Տէր Յովհաննէս (վարի եկեղեցի): Յուշագրութիւնում Միքայէլ Աստուածաբանը նշում է, որ ինքը Տէր Նիկողոսի թոռն է [5]:

1)   Առաքէլ Քէչեանի և Մկրտիչ Պարսաﬔանի «Ակն և ակնցիք» գրքի կազմը (Փարիզ, 1952 թ.)։

2)  Թորոս Ազատեանի «Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար» գրքի կազմը (Ստամբուլ, 1955 թ.)։

Ըստ Գարեգին Սրուանձտեանցի` 1620 թ. ի վեր Ակնում, հաւանաբար, եղել են մէկից աւելի վարժարաններ, որոնք կառավարուել են ժամանակի ըմբռնումների համաձայն մինչև 1850 թ., երբ Ակնն արդէն ունէր առաջադէմ վարժարաններ [6]:

1847 թ. քաղաքում Սբ. Գէորգ և Սբ. Աստուածածին եկեղեցիներին կից կար մէկական դպրատուն (դպիր կամ քահանայ պատրաստող դպրոց) [7]: Սբ. Գէորգ եկեղեցուն կից դպրատունն ունէր 120 աշակերտ և երեք ուսուցիչ, որոնցից մէկն ուսուցանում էր հասարակ ընթերցանութիւն, երկրորդը՝ եկեղեցական երաժշտութիւն, իսկ երրորդը՝ քերականութիւն: Սբ. Աստուածածին եկեղեցուն կից դպրատունն ունէր 110 աշակերտ և երկու ուսուցիչ, որոնցից մէկը դասաւանդում էր հասարակական ընթերցանութիւն, իսկ միւսը՝ եկեղեցական երաժշտութիւն [8]:

«Այս երկու դպրատունէն զատ քաղաքին չորս երեւելի թաղերուն մէջ ալ մէյ մէկ դպրատուն կայ մէյ մէկ վարժապետով, որ այն թաղերուն մանր տղոցը հասարակ ընթերցում կը սովորեցնեն» [9]:

Ակն, 1886 թ., Գաբրիէլեան ընտանիքը։ Ամէնաձախ կողմում նստած զոյգը՝ Մարգոր Գաբրիէլեան (ծնուած՝ Տէր Ղազարեան) և ամուսինը՝ Նիկողոս Գաբրիէլեան։ Մնացածը Գաբրիէլեան ընտանիքի այլ անդամներն են (Աղբիւր՝ Project SAVE Armenian Photograph Archives, շնորհակալութիւններ Սիրանուշ Մովսիսեանին)։

Ճանիկեանը գրում է, որ ծերերից լսել է, թե 1810-ական թթ քաղաքի երկու թաղերում եղել են 2-3 քահանայ, ովքեր իրենց հաշուին դպրոց էին բացել Ակնում և զբաղուել աշակերտների կրթութեամբ: Ըստ նրա՝ այդ քահանաները դասաւանդել են ընթերցանութիւն, գիր և մի քիչ էլ թուաբանութիւն: Աշխարհականներից որպէս վարժապետներ են աշխատել թարխանա Կարապետը, Զոհրաբ վարժապետը և ուրիշներ [10]:

Այստեղ հետաքրքրական է ընթերցել Սմբատ Դաւթեանի 1921 թ. սեպտեմբերի 17-ով թուագրուող մի գրութիւն, որում նա ներկայացնում է տեղեկութիւն կրթական, գեղարուեստական և ազգային-հասարակական հարցերի վերաբերեալ.

«Ակնայի մէջ ազգային կեանքը 1870-էն ետք նոր երեւոյթներ կը պարզէ, որոնք պատմաբանին համար ուսումնասիրութեան արժանի նիւթեր պիտի ըլլան: Թուենք մէկ քանին այդ երեւոյթներէն.

  1. 1.Կրթական-դպրոցական նոր ուղղութիւնը հին պատուելիական [նախնական ուսուցիչի տիպարը] դրութեան կը յաջորդէ
  2. 2.Ընկերական ոգին թափ տալով երևան կու գան ուսումնական նպատակաւ ընկերութիւններ
  3. 3.Թատերական շարժում մը կը սկսի
  4. 4.Բողոքականութեան ի նպաստ ջանքեր կը կատարուին
  5. 5.Գրական-հրապարակագրական փորձեր կ'ըլլան
  6. 6.Լսարաններ կը հաստատուին ու վիճաբանական ժողովներ տեղի կ’ունենան
  7. 7.Մէկ խօսքով ինքնագիտակցութեան ոգի մը, զարգացման ճիգ մը կը յայտնուի
  8. 8.Սահմանադրական սկզբունքները գործադրութեան կը դրուին» [11]:

Ակն քաղաք, Հալաճեան ընտանիքը (Աղբիւր՝ Նուպարեան գրադարանի արխիւ, Փարիզ)

Ակնի գաւառակը թևակոխել էր մտաւոր զարգացման հասուն շրջան դեռևս 1870-ականներին, և այդտեղ գոյութիւն ունեցող ազգային վարժարանները Պոլսի այն ժամանակուայ վարժարանների պէս հաւասար կամ դրանցից մի փոքր աւելի լաւ կրթութիւն էին տալիս ակնեցիներին ու գաւառակի բնակչութեանը [12]:

XIX դ. վերջերի Ակն քաղաքում գործել են  մի շարք ազգային ընկերութիւններ (Ազգասիրական, Ուսումնասիրական, Արամեան և Նարեկեան) և երկսեռ դպրոցներ (Նարեկեան և Ներսէսեան): Այդ ընկերութիւնների ստեղծմամբ նշանաւորուեց Ակնում և գաւառներում մի շարք վարժարանների ու դպրոցների ծնունդը [13]։

19-րդ դարի վերջին Ակն քաղաքի վարժարաններում դասաւանդուել են կրօն, բարոյականութիւն, ազգային լեզու, ազգային պատմութիւն, հաշիւ-թուագիտութիւն, հաշուակալութիւն, աշխարհագրութիւն, գեղագրութիւն, երգեցողութիւն, մարմնամարզութիւն (զբօսանքի ժամերին), առողջաբանութիւն, բնագիտութեան սկզբունքներ, թուրքերէնի և ֆրանսերէնի լեզուաբանութեան սկզբունքներ առարկաները [14]:

Աշակերտութիւն.- Ս. Դաւթեանի վերոնշեալ հարցումը տալիս է նաև հետևեալ հետաքրքրական տեղեկութիւնը Ակնի վարժանանների աշակերտների մասին.

«Աշակերտաց նուազագոյն տարիքն է 6 և առաւելագոյնն 15: Ընդհանրապէս 6-7 տարեկան հասակի մէջ վարժարան կը մտնեն և 12-13 տարեկան հասակի մէջ դուրս կ'ելնեն: Աշակերտաց, քիչ բացառութեամբ բոլոր տարւոյն մէջ ընդհանրապէս 15 օր արձակուրդ կը տրուի: Աշակերտաց սնունդը սովորական կերակուր է: Աշակերտաց հագուստն կէս ի կէս ասիական և եւրոպական են: Դպրոցաց մէջ ուսանողք միայն Հայ են (1884 թ. Վանք գիւղէն 2-3 Հայ-Հոռոմ տղայք, և Կիւմիւշխանէցի պանդուխք Յոյներէն 1-2 տղայք ևս կը յաճախէին): Սեռերը բաժանեալ են և ծնողք չեն հաճիր որ խառն կրթութիւն ստանան»: [15]

Ակնի Կամարակապ գիւղի Արաﬔան վարժարան, 1900 թ.։ Դպրոցի առաջնութունը շահածների մի խումբ։ Կանգնած, ձախից աջ՝ Նիկողոս և Խոսրով Պօղոսեան (կարուշլացի), Մկրտիչ Շուշանեան, Խոսրով Սալլախեան, Սրապիոն Թէրզեան (Գէորգ Կիւզէլեան), Խաչատուր Վարդանեան, Պարոյր Ալթունեան, Քերովբ Հալաճեան, Գրիգոր Միսաքեան և Սարգիս Խանազատ։ Նստածները դպրոցի հոգաբարձութեան անդամներ են, ձախից աջ՝ Պետրոս Սալլախեան և Գառնիկ Ռէյիսեան (Աղբիւր՝ Առաքել Քէչեան, Ակն և Ակնցին. 1020-1915, Ա հատոր, Պուքրէշ, 1942 թ.)։

Ազգային վարչութիւն.- 1895 թուականից դեռևս կէս դար առաջ Ակնում գումարուել են վարչութեան ժողովներ, որոնցում հարթւում էին առկայ վէճերը, բաշխւում էին արքունական տուրքերը և քննարկւում եկեղեցական և վարժարանների վերաբերեալ պատահական գործեր: Շուտով կազմուեցին գաւառական ընդհանուր ժողովն ու վարչութեան կրօնական և քաղաքական ժողովները, որոնք մինչև 1895 թ. անցկացուել են աւելի քիչ յաճախականութեամբ: Ընտրուել են ուսումնական և տնտեսական խորհրդատուներ: 1895 թ. էլ քաղաքում և գիւղերում կային ըստ օրէնքի կազմուած թաղային խորհուրդներ և վարժարանների հոգաբարձութիւններ: Ժողովներն ու խորհուրդներն ունեցել են իրենց դիւաններն ու արձանագրութիւնները (երկու եկեղեցիներին կից կային մէկական առաջնորդարաններ,  որտեղ գումարւում էին վարչական ժողովները, խորհուրդներն ու թաղային խորհուրդները) [16]:

Ակն քաղաքի կրթական ընկերութիւններ

Ազգասիրական ընկերութիւն

Ազգասիրական ընկերութիւնը հիմնուել է 1862 թ. մայիսի 1-ին: Ընկերութեան նպատակն էր 1000 օսմանեան լիրայով Կենտրոնական վարժարան բացել Ակնում: Բացի Կենտրոնականից, 1864-1865 թթ այն բացեց մէկ վարժարան, որը, սակայն, 1-2 տարի անց փակուեց: 1873 թ. բացուեց Լուսաւորչեան անունով մի վարժարան, որը բաւարար եկամուտ չի ստանալու պատճառով 1-2 տարի անց կրկին փակուեց: Ազգասիրական ընկերութիւնը գործեց 5, իսկ դրա կողմից հիմնուած Կենտրոնական վարժարանը՝ 4 տարի:

Խարբերդ քաղաքի «Եփրատ» քոլեջի շրջանաւարտները։ Տարին՝ անյայտ։ Աշակերտների կրծքին դրուած կարﬕր նշաններն աւելացուել են յետագայում։ Երկու ծայրերում նստածներն ուսուցիչներ են։ Ձախի ուսուցիչը՝ Պատուելի Մարտիրոս Շմաւոնեան, աջինը՝ Մ. Ա. Մելքոն (1839-1910 թթ)։ Ակնի դպրոցների շրջանաւարտներից շատերն իրենց ուսումը շարունակում էին աﬔրիկեան այս քոլեջում։ Այս պատկերում պէտք է լինի նաև Ակն քաղաքից Աւետիս Ժամկոչեանը, ով հաւանաբար աջից կանգնած երկրորդ երիտասարդն է (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)։

Ընկերութիւնն ունեցել է իր կանոնագիրքն ու անց է կացրել ժողովներ:

1895 թ. դրութեամբ ընկերութիւնն ունեցել է 500 օսմանեան կոնսոլիդ, 20 բաժնետոմս, 30 ոսկի պարտք և այլն: Ըստ Ս. Դաւթեանի՝ Ակնում գործունէութիւն ծաւալած առաջին ազգային ընկերութիւնը եղել է Ազգասիրական ընկերութիւնը, որը բաւական երկար ժամանակ աշխատեցրել է Ակնի միջնակարգ Կենտրոնական վարժարանը: Այդ վարժարանի աշակերտները, ըստ Ա. Քէչեանի, ընտրւում էին քաղաքի երկու` Նարեկեան և Ներսէսեան վարժարանների աշակերտներից: Ազգասիրական ըներութեան այդ վարժարանի շրջանաւարտներ են եղել դոկտոր Սմբատ Գաբրիէլեանը, Ա. Նիկողոս Թոթուայեանը և ուրիշներ: Շուտով վարժարանում ամբողջական վճարումով որպէս տեսուչ և ուսուցիչ աշխատելու հրաւիրուեց հմուտ մասնագէտ Խոսրով Մուրադեանը, ով դասաւանդել է հայերէն, թուրքերէն, ֆրանսերէն և անգլերէն: Հայերէն և ֆրանսերէն ուսուցանել է նաև Մուրադեանի գործընկեր Ազարիա Դերձակեանը, ով դասաւանդել է ոչ միայն քաղաքում, այլև շրջակայ գիւղերում [17]:

Ուսումնասիրական ընկերութիւն

Ազգասիրական ընկերութեանը զուգընթաց 1872 թ. օգոստոսին Ակնում կազմւում է մէկ այլ ազգային ընկերութիւն՝ Ուսումնասիրականը, որը նպատակ ունէր շաբաթական և այլ նուէրներով Ակնի գաւառակում բացել լսարան, ստեղծել հրապարակախօսութիւն և ժողովրդական ընթերցարան՝ թանգարանով: Ընկերութեան հիմնադիրներն էին Կենտրոնական վարժարանի ուսուցիչները, որոնցում ընդգրկուած էին նաև Պոլսից և այլ վայրերից հայրենիք վերադարձող ուսանողները. Յակոբ Գորեան, Զարեհ Թորոսեան, Յարութիւն Ռէիզեան, Ստեփան Մազմանեան և ուրիշներ: Ուսումնասիրականի հիմնադիրներն էին դոկտոր Գաբրիէլեանը, Յակոբ Գորեանը, Զարեհ Թորոսեանը, Յարութիւն Ռէիսեանը, դեղագործ Ստեփան Խ. Մազմանեանը և ուրիշներ:

Իր գործունէութեան ընթացքում ընկերութիւնը հիմնել է լսարան, գրադարան, թանգարան և «Ծաղիկ» անուամբ շաբաթաթերթ:

Գործել է 5-6 տարի և լուծարուել քաղաքական ճնշումների հետևանքով [18]:

«Թանգարան» դպրոցական պատկերազարդ դասագիրքը։ Հրատարակուած Պոլիս, 1911 թ., պատրաստուած Հրանդ Ասատուրի և Զապէլ Ասատուրի (Սիպիլ) կողմից։ Սոյն դասագիրքը գործածուել է Պոլսի և գաւառների հայկական վարժարաններում։

Արամեան ընկերութիւն

Վերոնշեալ երկու ընկերութիւնների կազմալուծումից յետոյ, երբ դրանց հիմնադիրները մեկնեցին Պոլիս, նրանցից Յակոբ Գորեանը, Յարութիւն Ռէիսեանը, Զարեհ Թորոսեանը, Ս. Դաւթեանը, Փիլիպոս Քէչեանը, Ստեփան Բարունակեանը, Ղուկաս Բռիկեանը, Յարութիւն Աբգարեանը, Գ. Փանոսեանը և ուրիշներ Ակնում սկսեցին հզօր շարժում, կազմակերպեցին հաւաքներ՝ բարձրաձայնելով Ակնին սպառնացող տնտեսական և քաղաքական վտանգները և կարողացան գրաւել Պոլսի ակնեցիների գաղութի ուշադրութիւնը: Այսպէս, 1878-1879 թթ Կ. Պոլսում ակնեցիների կողմից ստեղծուեց Արամեան ընկերութիւնը: Նպատակն էր նպաստել Ակնում ազգային վարժարանների ստեղծանը:

Իր ծրագիրը յաջողելու համար Արամեան ընկերութիւնը նախ նպատակադրուեց Ակն քաղաքի համար գտնել օժտուած կրօնական Առաջնորդի: Այդ նպատակով այն դիմեց Գարեգին վրդ. Սրուանձտեանցին և կարողացաւ համոզել Պատրիարքարանին, որ Ակն գործուղեն Գարեգին Վարդապետին, ով 1877 թ. գործուղուել էր ռուս-թուրքական պատերազմից աւերուած գաւառ՝ որպէս քննիչ-պատուիրակ [19]:

Կրթական միութիւն

Արամեան ընկերութեան ձախողումից յետոյ Պոլսում գտնուող Ազգասիրական և Ուսումնասիրական ընկերութիւնների անդամները 1882 թ. հիմնեցին Կրթական միութիւնը, որը, ըստ Ճանիկեանի, ստեղծուել է վերոյիշեալ Ուսումնական ընկերութեան ընթերցասրահի և Արամեան ընկերութեան միացմամբ և, հազիւ մէկ տարի գոյատևելուց յետոյ, լուծարուել, ապա, ըստ Քէչեանի, միացել Նարեկեան ընկերութեանը, որն այդ ժամանակ արդէն դադարել էր գործել: Սակայն անհամաձայնութեան պատճառով ընկերութիւնները չկարողացան հասնել ակնկալուող արդիւնքին:

Կրթական ընկերութեան ընդհանուր դրամագլուխը կազմել է 200 ոսկի, որից մեծ մասը կազմել է պարտքը [20]:

«Թանգարան» դասագրքից վերցուած էջեր։

Նարեկեան ընկերութիւն

Նարեկեան ընկերութիւնը ստեղծուել է 1882 թ.՝ միանալով Կրթական միութեանը: Ունեցել է կարճ կեանք [21]:

Ակն քաղաքի վարժարաններ

Կենտրոնական վարժարան

Կենտրոնական վարժարանը բացուել է՝ համախմբելով Ակնի Նարեկեան և Ներսէսեան ու գաւառակի գիւղերի վարժարանների լաւագույն շրջանաւարտներին մէկ տանիքի տակ:

Վարժարանի տնօրէնն էր Պոլսում կրթութիւն ստացած Խոսրով Մուրադեանը, ով, լինելով հայագէտ և լեզուաբան, դասաւանդել է նաև Կամարակապի Արամեան վարժարանում [22]:

Շրջանաւարտներ

Կենտրոնական վարժարանը Խոսրով Մուրադեանի և Ազարիա Դերձակեանի միացեալ տեսչութեան օրօք և Գարեգին Պլէոխանեանի ուսուցչութեամբ, տուել է տասնեակ շրջանաւարտներ: Կից ներկայացուած են դրանցից մի քանիսը.

Գիսակ Փափազեան (1897 թ., Կամարակապ), նախնական կրթութիւնը ստացել է Կամարակապի Արամեան վարժարանում, Ապուչեխի նախակրթարանում և Ակնի Կենտրոնական վարժարանում: 1926 թ. մի խումբ հայրենակիցների հետ հիմնել է Փարիզի Ակնեցիների հայրենակցական միութիւնը, որ օժանդակել է Նուբարաշէնի (Խորհրդային Հայաստան) մօտ Նոր Ակն թաղամասի վերակառուցմանը:

Երեմիա Բարդողեան (1862 թ., Կամարակապ), նախնական կրթութիւնը ստացել է գիւղի Արամեան վարժարանում՝ դառնալով դրա փայլուն շրջանաւարտներից մէկը, ինչպէս նաև Ակնի Կենտրոնական վարժարանում: Ապագայ հայագէտ ու ֆրանսագէտ է: Տասնեակ տարիներ աշխատել է որպէս ուսուցիչ և տնօրէն, ղեկավարել է գիւղի վարժարանը, որը պատրաստել է ուսուցիչներ, ովքեր Պոլսում և գաւառներում նշանակալի դեր են ունեցել որպէս կրթութեան մշակներ: Դրանցից յատկապէս յիշատակութեան են արժանի Վահրամ Արծրունին, Արմենակ Շեփիկեանը, Տէօվլէթեան երեք եղբայրները, Մաղաքիա Փափազեանը, Ղազար Հալաճեանը և ուրիշներ: Եղել է կրթական-մանկավարժական ոլորտի նուիրեալներից մէկը: Զոհուել է 1895 թ. ջարդերի ժամանակ:

Երուանդ Թիմուրեան (Աշոտ Երկաթ) (1854 թ. սեպտեմբերի 27, Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Նարեկեան և Ներսէսեան, ապա՝ Կենտրոնական վարժարաններում: Մասնակցել է լսարանների, թատրոնների, խմորատիպ թերթերի ղեկավարման աշխատանքներին:

Նիկողոս Թոթուայեան (1856 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Ներսէսեան վարժարանում, ապա ընդունուել Ազգասիրական կրթական ընկերութեան կողմից հիմնուած նորաբաց Կենտրոնական վարժարանը և յաջողութեամբ աւարտել այն: Ակնի մտաւոր վերազարթօնքի աջակիցներից էր:

Այլ շրջանաւարտներ.- Սմբատ Գաբրիէլեան (դոկտոր), Ստեփան Գանթարճեան, Աւետիս Ժամկոչեան, Սմբատ Դաւթեան, Անտոն Գիւլիւստանեան, Առաքել Խանազատ, Հայկ Հոբիկեան, Մարկոս Նարլեան, Ստեփան Նարլեան, Յարութիւն Պեկեան, Արշաւիր Սուքիասեան, Եղիշէ Վարդանեան [23]։

Ուսուցիչներ

Ազարիա Դերձակեան (1851 թ., Ակն), նախնական կրթութիւնն ստացել է Նարեկեան վարժարանում: Ապագայ հայագէտ, յունարէնի ու ֆրանսերէնի մասնագետ է: Պոլսում որոշ ժամանակ մաքսային պաշտօն զբաղեցնելուց յետոյ 1885 թ. վերադարձել է Ակն: 36 տարի պաշտօնավարել է Նարեկեան, Ներսէսեան և գիւղերի վարժարաններում որպէս տնօրէն, բայց միշտ անբաժան է եղել Նարեկեան վարժարանից, ուր դասաւանդել է: Դերձակեանը դասաւանդել է նաև Ակնի Կենտրոնական վարժարանում: Զոհուել է 1895 թ. համիդեան ջարդերի ժամանակ:

Խոսրով Մուրադեան, աշխատել է Ակնի Կենտրոնական վարժարանի տնօրէն, դասաւանդել է Կենտրոնական վարժարանում [24]:

Ակն, 1890-ականներ, Քիւրքճեան ընտանիքը։ Ձախից աջ՝ Հայկանուշ Քիւրքճեան (ծնուած՝ Չորեան), ֆէսով մարդը՝ Կարապետ Քիւրքճեան (Հայկանուշի ամուսինը)։ Միւսների անուններն անյայտ են, բայց շատ հաւանական է, որ երկու փոքրիկները Հայկանուշի և Կարապետի զաւակներն են, իսկ տարիքով կինը՝ այս փոքրիկների ﬔծ մայրը։ Լուսանկարի ետևում նշուած է լուսանկարչի հասցէն՝ Gabriel (Kaprielian) Brothers, photographers in Union City, New Jersey։ Նշանակում է, որ բնագիր պատկերը վերարտադրուած է այս լուսանկարչատանը։ Լուսանկարիչ Գաբրիէլեան եղբայրները նոյնպէս Ակնից էին և Միացեալ Նահանգներ էին գաղթել 1890-ի սկզբին (Աղբիւր՝ Project SAVE Armenian Photograph Archives, շնորհակալութիւններ Ռիչըրտ Քիւրքճեանին)։

Ներսէսեան վարժարան

1855 թ. վարի թաղի Ներսէսեան վարժարանը, որն ունէր բազմաթիւ աշակերտներ նաև վերի թաղից, նորոգուեց ազդեցիկ անձանցից բաղկացած հոգաբարձութեան կողմից, վերանորոգուեց նաև դպրոցի գոյքը: Շուտով հոգաբարձութիւնը փոխուեց, բայց դպրոցի բարեկարգումը շարունակուեց: Դպրոցում սկսեցին դասաւանդել նոր ուսուցիչներ, աւելացաւ դասաւանդուող առարկաների քանակը: Ըստ Ճանիկեանի՝ այդ աւելացուած առարկաներից էին աշխարհագրութիւնը, հաշուապահութիւնը, թուրքերէնը, ֆրանսերէնը և այլն, իսկ քրիստոնէութիւն, Սուրբ Գրոց և ազգային պատմութիւն, քերականութիւն և թուաբանութիւն առարկաներն արդէն կային:

Ներսէսեան վարժարանն ունեցել է 200 աշակերտ և 80 աշակերտուհի: Վարժարանի տարեկան ծախսը կազմել է 17.700 ղուրուշ [25]:

Շրջանաւարտներ

Ատոմ Եարճանեան (Սիամանթօ) (1878 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ներսէսեան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն է եղել յայտնի արձակագիր ու բանահաւաք Գարեգին Սրուանձտեանցը, որն էլ պատանի Ատոմին կնքել է Սիամանթօ մականուամբ։

Երուանդ Թիմուրյան, Աշոտ Երկաթ (1854 թ. սեպտեմբերի 27, Ակն) (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

1) Ակն, 1910 թ.։ Կանգնած, ձախից աջ՝ Ռոզա Գապուլեան (ծնուած՝ Մեսոﬔան), Ռոզայի ամուսինը՝ Գեղամ «Ճոն» Գապուլեան։ Ռոզան ծնունդով Արաբկիրից էր, իսկ Գեղամը՝ Ակնից։ Իրենց ﬕջև նստած է դուստրը՝ Արփէն։ Նա ծնուել է 1911 կամ 1912 թ.։ Գիտենք, որ 1912 թ. Գեղամը գաղթել է Միացեալ Նահանգներ։ Ռոզան և Արփէն վերապրել են Ցեղասպանութիւնը՝ նկատի ունենալով, որ նրանք ապաստան են գտել մի թուրք ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմից յետո մօտ վեց տարի տարբեր երկիրներում թափառելուց յետոյ Ռոզան և Արփէն ի վերջոյ ﬕանում են Գեղամին Միացեալ Նահանգներում (Աղբիւր՝ PROJECT SAVE, Watertown, MA, շնորհակալութիւններ Արփէն Գապուլեան Աբրահաﬔանին)։

2) «Թանգարան» դասագրքից վերցուած էջ։

Լևոն Տէր-Մարտիրոսեան (1885 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Ներսէսեան վարժարանում և աւարտել այն 1903 թ.: 2 տարի աշխատել է այդ վարժարանում:

Մատթէոս Տէր-Մատթէոսեան (1895 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Ներսէսեան վարժարանում: Ցեղասպանութեան շրջանում Տէր-Մատթէոսեանը գտնուել է Ակնում և 1915-1918 թթ ակամայից ծառայութեան է անցել մի թուրք բէյի մօտ: 1919 թ. զինադադարից յետոյ ուսուցանել է Ակնի վերաբացուած նախակրթարանում: Միևնոյն ժամանակ որպէս ատենադպիր օժանդակել է Հալէպի Ակնի հայրենակցական միութեանը՝ օգնութիւն ցուցաբերելով Ակն քաղաքին և այնտեղից ժամանող հայ գաղթականներին:

Մելքոն Քեպապճեան (1884 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է նախ Նարեկեան, ապա Ներսէսեան վարժարաններում: Ակնում ունեցել է իր արհեստանոցը, որտեղ արտագրել է ձեռագործ ինքնատիպ գործեր՝ ծաղկային մոտիվներ անելով տարբեր մանուսաների վրա: Ապագայ արուեստի վարպետ և արուեստագէտ է:

Յովսէփ Ճանիկեան (1840 կամ 1841 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ներսէսեան վարժարանում: Նուիրուել է ուսուցչական աշխատանքին Ակնից դուրս: Յայտնի է իր՝ 1880 թ. լոյս տեսած «Հնութիւնք Ակնայ» գրքով։

Նիկողոս Թոթուայեան (1856 թ., Ակն), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

Վահան Գույումճեան (1880 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ներսէսեան վարժարանում: Ուսուցչական և տեսչական պաշտօններ է զբաղեցրել Ակնի Ներսէսեան և Նարեկեան վարժարաններում:

Այլ շրջանաւարտներ.- Վահան Եարճանեան (1887 թ., Ակն, Սիամանթոյի եղբայրը), Գէորգ Շիշմանեան (1838 թ., Ակն, ապագայ բողոքական հոգեւորական), Գրիգոր Ոսկանեան (1884 թ., Ակն, ապագայ բժիշկ), Կարապետ Մանավեան (1866 թ., Ակն, ապագայ բողոքական հոգեւորական), Մարտիրոս Իգնատիոսեան (1842 թ., Ակն, ապագայ բողոքական հոգեւորական), Յովսէփ Լուսինեան (1894 թ., Ակն), Մովսէս Լուսինեան (1880 թ., Կամարակապ), Գրիգոր Գալստեան [26]։

Ուսուցիչներ

Վահան Գույումճեան (1880 թ., Ակն), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը) [27]:

Ակն, 1905-ական թուականներ, Քիւրքճեան ընտանիքը։ Կենտրոնում նստած տարէց զոյգը ընտանիքի հայրն ու մայրն են՝ Հայկանուշ Քիւրքճեանը (ծնուած՝ Չորեան) և Կարապետ Քիւրքճեանը։ Մնացածներն իրենց զաւակներն են. ձախից աջ՝ Ճոն (ծն. 1892 թ.), Հէրրի/Յովհաննէս (ծն. 1888 թ.), Ալեքս (հօր գիրկը նստած մանչուկը), Զուարթ, ընտանիքի ﬔծ մայրը (անունը անյայտ, ամենայն հաւանականութեամբ մօր մայրը), Լևոն։ Այս ընտանիքից քչերն են վերապրել 1915-ի Ցեղասպանութիւնը։ Վերապրողներից են Ճոնը և Հէրրին (Աղբիւր՝ Project SAVE Armenian Photograph Archives, շնորհակալութիւններ Ռիչըրտ Քիւրքճեանին)։

Նարեկեան վարժարան

Վերի թաղի Նարեկեան վարժարանը Ներսէսեան վարժարանի պէս մերթ եղել է անխնամ վիճակում, մերթ վերանորոգուել հոգաբարձութեան կողմից: Ունեցել է 180 աշակերտ և 54 աշակերտուհի: Տարեկան ծախսը կազմել է 10.800 ղուրուշ:

Ակնում թատերական առաջին երեկոյթը, որի ժամանակ բեմադրվեց «Ս. Ներսէս Մեծ» գործը, տեղի ունեցաւ 1873 թ. Նարեկեան վարժարանում: Դերերի բաշխումը կատարել էր Ա. Դերձակեանը՝ ինքը ստանձնելով  Ներսէս Հայրապետի գլխաւոր դերը, միւս դերերը տանում էին Յակոբ Գորեանը, Զարեհ Թորոսեանը, Երուանդ Թիմուրեանը (Տէր Աշոտ քահանայ Երկաթ), դեղագործ Ստեփան Պէրպէրեանը, Յարութիւն Ռէիսեանը, Մելքոն Մազմանեանը և ուրիշներ:

Ներկայացման մուտքը վճարովի էր: Դրանից ստացուած գումարը յատկացուելու էր Ուսումնասիրական ընկերութեանը՝ Ակնում գրադարանի ստեղծման համար [28]:

Շրջանաւարտներ

Ազարիա Դերձակեան (1851 թ., Ակն), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

Երուանդ Թիմուրեան (Աշոտ Երկաթ) (1854 թ. սեպտեմբերի 27, Ակն), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

Թորոս Ազատեան (1898 թ. Ապուչեխ), նախնական կրթութիւնը ստացել է Ապուչեխի Վարագայ և Ակնի Նարեկեան վարժարաններում: Ազատեանը յայտնի է իր՝ 1943 թ. Պոլսում լոյս տեսած «Ակն և ակնցիք» և 1955 թ. լոյս տեսած «Ակն. նիւթեր իր մշակոյթի ու պատմութեան համար» աշխատութիւններով:

Ակն/Էկին (ներկայիս Քեմալիէ) քաղաքը 1945-ականներին (Աղբիւր՝ PROJECT SAVE, Watertown, MA, շնորհակալութիւններ Սիրանուշ Մովսիսեանին)։

Յարութիւն Տիրատուրեան (1871 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Նարեկեան վարժարանում: 1894-1895 թթ որպէս տեսուչ աշխատել է Բինկեանի վարժարանում, իսկ 1895-1896 թթ տնօրինել է Ակնի Նարեկեան վարժարանը։ Այդ ժամանակ վարժարանում սկսել էին առանձնացնել դասարանները՝ կրթութեան որակը բարելաւելու նպատակով, սակայն 1895 թ. աշնանը վրայ հասան համիդեան ջարդերը, որոնց զոհը դարձաւ նաև Տիրատուրեանը։

Յովհաննէս Ա. Ամիրենց (Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Նարեկեան վարժարանում: Մշակել է երգիծական գրականութիւն: Ապագայ հոգևորական է:

Սարգիս Գասապեան (Խարբերդ), մանուկ հասակում տեղափոխուելով Ակն՝ Գասապեանն ուսանել է քաղաքի Նարեկեան վարժարանում: Այդ ժամանակ Ակնի Կենտրոնական վարժարանի տնօրէնն էր Խոսրով Մուրադեանը, ով առաւ պատանի Սարգսին իր հովանու տակ: Տարիներ շարունակ առաջադիմութիւն է ցուցաբերել, սովորել մէկից աւելի լեզուներ՝ ֆրանսերէն, անգլերէն, յունարեն և իտալերէն: Խ. Մուրադեանի պաշտօնից հեռանալուց յետոյ Գասապեանը նշանակուել է Կենտրոնական վարժարանի տնօրէն:

Այլ շրջանաւարտներ.- Մարտիրոս Իգնատիոսեան, Պետրոս Հինդլեան [29]։

Ուսուցիչներ

Ազարիա Դերձակեան (1851 թ., Ակն), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

Զարեհ Թորոսեան (Կամարակապ), նախնական կրթութիւնը ստացել է Արամեան վարժարանում: Մասնակցել է Ակնի մշակութային ակտիւ գործունէութեանը: Վարժարանն աւարտելուց յետոյ աշխատել է Նարեկեան վարժարանում որպէս ուսուցիչ և մասնակցել Ազարիա Դերձակեանի կողմից ստեղծուած թատերական խմբակի աշխատանքներին: Մահացել է 1908 թ. Պոլսում:

Յովհաննէս Դերձակեան (Ակն), 1860 թ. նշանակուել է Նարեկեան վարժարանի ուսուցիչ: Ապագայ հոգևորական է:

Պետրոս Ա. Գասեան (Բինկեան), եղել է Նարեկեան վարժարանի գլխաւոր դասախօսներից ու տեսուչներից մէկը (1912-1914 թթ): Ապագայ հոգևորական է:

Վահան Գույումճեան (1880 թ., Ակն), (տե՛ս Ներսէսեան վարժարանի «Շրջանաւարտներ» բաժնում) [30]:

«Թանգարան» դասագրքից վերցուած էջեր։

Բողոքական վարժարաններ

Ակնում բողոքականներն ունեցել են իրենց առանձին վարժարաններն ու ժողովարանները:

1871 թ. 5-10 հոգի հարում էին բողոքականութեանը, իսկ 1895 թ. այդ թիւը կազմել է 25 տուն [31]:

Շրջանաւարտներ

Կարապետ Մանաւեան (1866 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի Ներսէսեան վարժարանում: Ապագայ բողոքական հոգևորական է:

Մարտիրոս Տիրատուրեան (1861 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Ակնի բողոքական վարժարանում։ Սկսել է զբաղուել ուսուցչութեամբ և պաշտօնավարել Անտիոքում ու Ակնում [32]։

Հայկազեան ծաղկոց

Գտնուել է Ակն քաղաքի Արեգի թաղամասում: Ծաղկոցն ունեցել է 20 տղայ և 5 աղջիկ երեխայ: Տարեկան ծախսը կազմել է 800 ղուրուշ [33]:

Մամուլ

Ակնում ազգային ընկերութիւնների գործունէութեան մաս էր կազմում նաև մամուլը: Այն ձեռագիր լրագիր հրապարակելու և ժողովրդի շրջանում ընթերցասիրութեան հանդէպ սէր սերմանելու փորձ էր: Շուտով Ուսումնասիրական ընկերութեան վարիչ անդամները սկսեցին լոյս ընծայել «Ծաղիկ» անունով շաբաթաթերթը:

Ակնում բողոքականների քարոզիչ պատուելի Մարտիրոս Իգնատիոսեանի յանձնարարութեամբ լոյս տեսաւ ևս մէկ թերթ: Ա. Ն. Թոթուայեանը հրատարակեց «Եփրատ» թերթը, իսկ Յարութիւն Պլէօխան Ապուչեխցին (հետագայում՝ Կամարակապի քահանայ Գարեգին անուամբ)՝ լիբերալ և հակակղերական ուղղութիւն ունեցող «Մտրակ» շաբաթաթերթը:

Շուտով, սակայն, սկիսզբ առան գիտական և կրօնական վէճեր: Բողոքականների թերթը սկսեց պայքարել «Ծաղիկի» դէմ՝ նշելով, թէ վերջինս պղծում էր կիրակի օրը և Սուրբ Գիրք կարդալու փոխարէն անվճար դասաւանդման ժամեր կազմակերպում ժողովրդի համար: Այդ առճակատումն այնքան սրուեց, որ բողոքական տպարանում հրատարակուող և ժողովրդին անվճար տրամադրուող գեղեցիկ հատորներով Սուրբ Գրքերը հրապարակաւ այրեցին [34]:

Ապուչեխ (ներկայիս Ափչաղա) գիւղ

Վարագայ սանուց միութիւն (Ապուչեխ)

Վարագայ սանուց միութիւնը կազմաւորուել է 1878-1883 թթ Պոլսում գտնուող ապուչեխցի և չերազցի երիտասարդների կողմից: Միութեան նպատակն էր օժանդակել գիւղի երկու վարժարաններին՝ դրանք ապահովելով գրենական պիտոյքներով և նորոգելով Պոլսում գտնուող եկեղեցական մի շարք կալուածքներ:

1) Եփրատ գետը Ակնի շրջանում, լուսանկարուած՝ 2008 թ. (Աղբիւր՝ Հայկական ճարտարապետութիւնն ուսուﬓասիրող հիﬓադրամ - ՀՃՈՒՀ, Երևան)։
2) «Թանգարան» դասագրքից վերցուած էջ:

Սակայն երկու տարի անց, անսալով Մինաս Չերազի յորդորին, միութիւնը դադարեց զբաղուել կալուածքների նորոգմամբ և նուիրուեց դպրոցներին՝ Ապուչեխում հիմնելով աղջիկների վարժարան: Միութիւնը միացաւ Հայկական միացեալ ընկերութեան կրթական ծրագրին:

«Մասիս» լրագրի 1882 թ. մայիսի 24-ի համարում հրատարակուած է Ակնից ուղարկուած նամակից մի հատուած, որտեղ նշւում է, որ Վարագայ սանուց միութեան ջանքերով և հոգատարութեամբ Ապուչեխ-Չերազ գիւղերի աղջիկների վարժարանի տարեկան քննութիւններն անցել են բազմաթիւ մարդկանց ներկայութեամբ, և քննողը մեծ զարմանք է յայտնել աշակերտների երեք տարուայ ընթացքում արձանագրած առաջընթացի կապակցութեամբ: Թղթակիցն աւելացնում է նաև, որ միութիւնը մտադիր է ոսկէ ժամացոյց ուղարկել ուսուցչուհի Վերգինէ Մուշեղեանին, ով գործուղուել է Ապուչեխ՝ դասաւանդելու, ինչպէս նաև շքանշաններ շնորհել աշակերտներին՝ խրախուսելու նրանց ջանասիրութիւնը [35]:

Համայնապատկեր Ակն քաղաքից։ Լուսանկարուած՝ 2008 թ. (Աղբիւր՝ Հայկական ճարտարապետութիւնն ուսուﬓասիրող հիﬓադրամ - ՀՃՈՒՀ, Երևան)։

Արշալոյս երիտասարդական միութիւն (Ապուչեխ)

Արշալոյս երիտասարդական միութիւնը ստեղծուել է 1874 թ. Շաւարշ Հովեյեանի, Հմայեակ Ազատեանի, Եղիշէ Վարդանեանի, Յարութիւն Պեկեանի, Ստեփան Ազնաւորեանի, Սրապիօն Փափազեանի և այլոց կողմից: Միութիւնը Ապուչեխում ստեղծել է լսարան, թատրոն և հիմնել ճոխ մատենադարան:

Այս միութեան հիմնադիրներից Շաւարշ Հովեյեանն ու Հմայեակ Ազատեանը զբաղւում էին նաև քաղաքական, մասնաւորապէս ինքնապաշտպանութեան կազմակերպման հարցերով և կապ էին հաստատել Արաբկիրում գոյութիւն ունեցած կազմակերպութիւնների հետ, որոնց միջև հաղորդակցական կապն ապահովում էր վարժուհի Իւղաբեր Պահլաւունին: Ծրագրից շեղման ու դրանում քաղաքական հարցերի ներառման պատճառով շուտով Շաւարշ Հովեյեանն ու Հմայեակ Ազատեանը դառնում են անցանկալի անձինք և հեռանում Ակնից, իսկ միութիւնը լուծարւում է:

Միութիւնը թատերական ներկայացումներ է կազմակերպել և օգտակար գործունեութիւն ծավալել իր կազմակերպած երեկոյթներով և բանախօսութիւններով [36]:

Մուշեղկայ (ներկայիս Քոճաչիմէն) գիւղը, լուսանկարուած՝ 2008 թ. (Աղբիւր՝ Հայկական ճարտարապետութիւնն ուսուﬓասիրող հիﬓադրամ - ՀՃՈՒՀ, Երևան)։

Վարագի վարժարան (Ապուչեխ)

1847 թ. Ապուչեխն ունեցել է «դպրատուն մը, որուն մէկ հատիկ վարժապետը  միանգամայն եկեղեցական երաժշտութեան ալ դաս կու տար, քերականութեան ալ»: Աշակերտների թիւը 78 էր [37]:

1878 թ. Սրուանձտեանցը վարժարանը յիշատակում է որպէս «խարխլուած և վերին աստիճանի անկարգ», ինչը գցում է գիւղի և վարժարանի համբաւը [38]:

1883 թ. Վարագի վարժարանն ունեցել է 90 աշակերտ և 50 աշակերտուհի, 3 ուսուցիչ և 1 ուսուցչուհի: Վարժարանի տարեկան ծախսը կազմել է 9300 ղուրուշ: Դասաւանդւում էին հայերէն և թուրքերէն:

Ապուչեխի Վարագի վարժարանի բարերարներից է եղել Յովհաննէս աղա Անտոնեանը, ով կրթաթոշակ է տրամադրել աշակերտներին, հոգացել վարժարանի ծախսերն և 10.000 ղուրուշ կտակել վարժարանին՝ որպէս դրամագլուխ (հարուստները ժամանակին վարժարանի ծախսերը հոգալու համար Պոլսում գնում էին կալուածքներ, որոնց հասոյթները տրւում էին գիւղերի տղաների և աղջիկների վարժարաններին): Երբ այդ գումարը սպառւում է, գիւղացիները հաւաքում են 16.000 ղուրուշ [39]:

Վարժարանի երկրորդ բարերարը եղել է Յարութիւն աղա Փափազեանը, ով 400 ոսկու արժէթուղթ է նուիրել վարժարանին: Այն տարեկան ստանում էր 60 ոսկի տոկոս, սակայն շուտով այդ գումարով գնուած արժէթղթերի գները կտրուկ ընկան և դրամագլուխը դարձաւ 100 ոսկի: Ըստ Ճանիկեանի՝ այդ գումարները տնօրինւում էին եկեղեցու կողմից, որը և հոգում էր վարժարանի բոլոր ծախսերը [40]:

Երրորդ բարերարը ապուչեխցի Գէորգ աղա Ագրակցեանն էր, ով Ռումինիայի Պլոէշտի քաղաքում զբաղուել է առևտրականութեամբ և այդպէս հարստացել: Ըստ Էփրիկեանի՝ նա 150 ոսկի է նուիրաբերել գիւղում նոր վարժարանի կառուցման համար [41]:

1899 թ. տուեալներով՝ Վարագի տարրական նախակրթարանն ունեցել է 80-90 աշակերտ և երկու ուսուցիչ: Աշակերտները վճարում էին ուսման համար, իսկ եկեղեցու գանձարանը հոգում էր վարժարանի բոլոր ծախսերը: Ըստ Քէչեանի՝ ուսումնական վիճակը բաւական գոհացուցիչ էր: Վարժարանում գործածուել է Պոլսի ուսումնական խորհրդի ծրագիրը, որը յարմարեցուած էր տեղական պայմաններին [42]:

Վարժարանն ունեցել է 90 աշակերտ և 50 աշակերտուհի, 3 ուսուցիչ և 1 ուսուցչուհի [43]:

Շրջանաւարտներ

Թորոս Ազատեան (1898 թ.), Ասատուր Պարսամեան (1860 թ.), Մերուժան Պարսամեան (1883 թ.), Մկրտիչ Պարսամեան (1886 թ., հետագային խմբագրել է Առաքել Քէչեանի «Ակն և Ակնցիք» աշխատութիւնը), Բարսեղ Տիւրկերեան (1831 թ.), Գուրգէն Նշան Փափազեան (1888 թ., ապագայ բժիշկ), Սեպուհ Փափազեան (Ապուչեխ) [44]։

Ուսուցիչներ

Իւղաբեր Պահլաւունի (1856 թ., Ակն), նախնական կրթութիւնն ստացել է քաղաքի Արամեան վարժարանում, ապա նշանակուել օգնական ուսուցչուհի Ապուչեխի աղջկանց վարժարանում: 1878 թ. յետոյ միացել է Ակնի մտաւոր շարժման առաջամարտիկներին և, արհամարհելով ժամանակի նախապաշարմունքները, մասնակցել թատերական ներկայացումներին՝ միշտ կատարելով իշխանուհիների ու թագուհիների դերերը [45]:

Կամարակապ (ներկայիս Թոյլեպէն) գիւղ

Ազգանազեան ընկերութիւն (Կամարակապ)

19-րդ դարի երկրորդ կէսին Կամարակապում Կենտրոնական վարժարանի սաների կողմից ստեղծւում էին բազմաթիւ կրթական ընկերութիւններ, որոնք հսկւում էին Խոսրով Մուրադեանի և Ազարիա Դերձակեանի կողմից: Վերջիններս դասաւանդում էին նաև Կամարակապի Արամեան վարժարանում, որտեղ իրենց շուրջը համախմբուել էին մի շարք եռանդուն երիտասարդներ: Այսպէս, վերակազմուեց  Կամարակապում 1873 թ. ստեղծուած Ազգանազեան ընկերութիւնը, որի հիմնադիրներն էին  Երեմիա Բարդողեանը, Գրիգոր Սարեանը, Մկրտիչ Մամիկոնեանը, Ստեփան Քարակէօզեանը, Առաքել Խանզադեանը, Նշան Թորոսեանը, Կարապետ Ալթունեանը, Ներսէս և Միքայել Հալաճեանը և ուրիշներ:

Ընկերութիւնը գործել է մինչև 1879 թ.՝ զբաղուելով դպրոցական և կրթական խնդիրներով:

Ազգանազեան ընկերութիւնը Կամարակապում ստեղծել է բեմ, թատրոն և «Մտրակ» թերթը, որ վարում էր Գարեգին Պլէօխանեանը (հետագայում՝ քահանայ Գարեգին Արծրունին):

Ազգանազեան ընկերութիւնն իր ողջ շահոյթը տրամադրել է մշակութային գործին [46]:

Դպրոցասիրաց ընկերութիւն (Կամարակապ)

Դպրոցասիրաց ընկերութիւնը հիմնուել է մի շարք տարէց կամարակապցիների կողմից՝ իբրև ընկերութիւն, որը կոչուած էր աջակցելու հին բարքերի պահպանմանը: Այն ֆինանսական յաջողութիւններ ունեցաւ, սակայն չկարողացաւ պայքարել կենցաղ մուտք գործող նոր բարքերի դէմ, քանի որ դրանք արդէն բաւական արմատացել էին երիտասարդների շրջանում: 1876 թ. հիմնուած այս ընկերութիւնը իր հաւաքած միջոցներով միայն կառուցել է ընկուզենու փայտից մի մատենադարան, որտեղ պահւում էին բազմաթիւ գրքեր [47]:

Յոյսի պսակ (Կամարակապ)

Այս ընկերութիւնը ստեղծուել է 1875 թ. հիմնադիրներ Վառվառէ Ալթունեանի, Խանարհ Խանզադեանի, Նազլու Մովսէսեանի, Տիրուհի Խէրեանի, Թենսիւֆ Պեռեանի, Մարիամ Թորոսեանի, Խատեմ Խէրեանի, Աստղիկ Արապեանի և ուրիշների կողմից:  Գործել է 4 տարի: Ընկերութեան նպատակը գիւղի աղքատ ու որբ աղջիկներին տնային գործերը վարել ու կարուձև սովորեցնելն ու ամուսնացնելն էր: Նրանց համար սահմանւում էին նաև դրամական օժիտներ [48]:

Սանդուխտեան (աղջիկների) վարժարան

Կամարակապում գործել է Սանդուխտեան աղջիկների վարժարանը: 1883 թ. այն ունեցել է 54 աշակերտուհի: Սանդուխտեան և Արամեան վարժարաններում միասին դասաւանդել են 5 ուսուցիչ և մեկ ուսուցչուհի [49]:

Արամեան (տղաների) վարժարան

Եռայարկ Արամեան վարժարանը 1883 թ. ունեցել է 78 աշակերտ: Արամեան և Սանդուխտեան վարժարանների բիւջէն միասին կազմել է 11.000 ղուրուշ, որ ստացւում էր Պոլսի կալուածքներից: Ըստ Ճանիկեանի՝ այդ կալուածքները ներառում էին 25-30 խանութ՝ 2000-3000 օսմանեան ոսկի արժէքով և տարեկան 200 ոսկի եկամուտով: Այդ գումարի մի մասը յանձնւում էր եկեղեցուն: Արամեան վարժարանի և եկեղեցու հարուստ կալուածքների շնորհիւ վարժարանն ունեցել է հարուստ բիւջէ. աշակերտները գրքերն ու գրենական պիտոյքները ստանում էին անվճար և սովորում անվճար:

Կամարակապ գիւղի ջանքերով առաջին անգամ Պոլսից Արամեան վարժարան հրաւիրուեցին բարձրակարգ ուսուցիչներ, և վարժարանը վերածուեց բարձրագոյն նախակրթարանի: Այս ծրագիրը կիրառուեց մօտաւորապէս տասը տարի՝ մինչև 1895 թ.: Այս ուսումնական հաստատութիւնը պատրաստել է ուսուցիչներ և տնօրէններ ոչ միայն գաւառի, այլև Պոլսի թաղերի վարժարաններում [50]:

Ճանիկեանի, Քէչեանի և «Սուրհանդակի» վկայութեամբ՝ վարժարանն ունեցել է հազարաւոր գրքեր պարունակող ճոխ մատենադարան [51]:

Արամեան վարժարանի թուրքերէնի ուսուցչի թոշակը վճարւում էր Օսմանեան կառավարութեան կողմից: Ուսուցիչը Ակնի մեջլիս-ի-իտարէի (վարչական ժողով) առաջին քարտուղարն էր: Նա նաև անց էր կացնում թուրքերէնի լրացուցիչ դաս շաբաթը մէկ անգամ: Սա հնարաւոր էր դարձել Սարգիս Թադէոսեանի տղայի խնդրանքով՝ իրեն առաջարկուած կայսերական պարգևի դիմաց [52]:

1874 թ. տուեալներով Կամարակապն ունեցել է նաև մէկ դպրոց, որտեղ երկու ուսուցիչ դասաւանդել է ընթերցանութիւն և եկեղեցական երգեցողութիւն: Դպրոցն ունեցել է 68 աշակերտ [53]:

Ակն, 1900-ական թուականներ: Սիրանուշ Ժամկոչեանն (աջից) ու ամուսինը՝ Յովհաննէս Ժամկոչեանը (ձախից)։ Կենտրոնում նստածը Յովհաննէսի մայրն է (անունը՝ անյայտ), իսկ ամէնաառջևում կանգնած աղջնակը՝ Սիրանուշի և Յովհաննէսի դուստրը (Աղբիւր՝ Project SAVE Armenian Photograph Archives, շնորհակալութիւններ Օժէն Ֆանթազեանին)։

Շրջանաւարտներ

Արմենակ Շեփիկեան (1876 թ., Կամարակապ), նախնական կրթութիւնը ստացել է Արամեան վարժարանում։ Վաղ հասակից զբաղուել է ուսուցչութեամբ Ապուչեխի և Կամարակապի վարժարաններում: 1900-ականներին աշխատել է Ս. Դաւթեանի «Բիւրակն» հանդէսում՝ գրելով տեղագրական, ազգագրական ու վիճակագրական յօդուածներ Ակնի և մերձակայ գիւղերի վերաբերեալ:

Գեղամ Արծրունի (1885 թ., Կամարակապ), ապուչեխցի Նշան Պլէօխանեանի որդին է: Նախնական կրթութիւնը ստացել է գիւղի Արամեան վարժարանում: Մեկնել է Փարիզ՝ ֆրանսերէնը կատարելագործելու նպատակով: Վերադառնալով հայրենիք՝ ուսուցչական պաշտօններ է զբաղեցրել Ակնի վարժարաններում:

Գրիգոր (Կիկօ) Թորոսեան (1880 թ., Կամարակապ), նախնական կրթութիւնը ստացել է գիւղի Արամեան վարժարանում: Թղթակցել է մի շարք թերթերի՝ որպէս խմբագիր:

Երեմիա Բարդողեան (1862 թ., Կամարակապ), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը):

Զարեհ Թորոսեան (Կամարակապ), (տե՛ս Նարեկեան վարժարանի «Ուսուցիչներ» բաժնում):

Վահրամ Արծրունի (1857 թ., Երզնկա), Գեղամ Արծրունու եղբայրն է: Մանուկ հասակում վերադարձել է Կամարակապ հօրեղբօր՝ Գարեգին քահանայի մօտ: Նախնական կրթութիւնը (1881-1892 թթ) ստացել է Կամարակապի Արամեան վարժարանում։ Ներգաղթել է Խորհրդային Հայաստան և Էջմիածնում ուսանել է գրաբար և հին մատենագրութիւն:

Իւղաբեր Պահլաւունի (1856 թ., Ակն), (տե՛ս Վարագի վարժարանի «Ուսուցիչներ» բաժնում):

Առաքել Քէչեան (1885 թ., Ակն), նախնական կրթութիւնը ստացել է Արամեան վարժարանում։ Այն աւարտելուց յետոյ մինչև 1908 թ. Ակնում աշխատել է հաշուապահ: Յայտնի է 1942 թ. Բուխարեստում լոյս տեսած «Ակն և ակնցին» աշխատութեամբ և 1952 թ. Փարիզում լոյս տեսած «Ակն և ակնցիք» ստուարածաւալ աշխատութեամբ:

Այլ շրջանաւարտներ

Սերոբէ Պայեան, Թովմաս Պեռեան (1820 թ., ապագայ դերասան), Արտաշէս Փափազեան (1867 թ., ապագայ հոգեւորական), Գիսակ Փափազեան, Մատթէոս Թորոսեան (1875 թ.), Նշան Թորոսեան (1858 թ.), Մարտիրոս Հանէսեան (1875 թ.), Մարգար Մազլմեան (ապագայ բժիշկ), Միսաք Մեծարենց (1886 թ.) [54]։

Ուսուցիչներ.- Նշան Թորոսեան (1858 թ.), Խոսրով Մուրադեան, Սերոբէ Պայեան (1868 թ.)։

Երեմիա Բարդողեան (1862 թ., Կամարակապ), (տե՛ս Կենտրոնական վարժարանի «Շրջանաւարտներ» բաժինը) [55]:

Կարուշլա (ներկայիս Եուվա) գիւղ

Դպրոց և ծաղկոց (Կարուշլա)

1847 թ. տուեալներով Կարուշլա գիւղն ունեցել է դպրատուն, ուր սովորել է 20 աշակերտ: Դպրատան քահանաներից մէկն աշակերտներին սովորեցրել է գրել և կարդալ: Դպրոցին կից գործում էր նաև Սահակեան ծաղկոցը, որն ունեցել է 9 աշակերտ և 10 աշակերտուհի: Ծաղկոցի տարեկան բիւջէն կազմել է 2000 ղուրուշ: Դասաւանդուել է քերականութիւն, թուաբանութիւն և կրօն: Առաջադէմ աշակերտները յաճախում էին Կամարակապի դպրոցը [56]:

Տեսարան Կարուշլա (ներկայիս Եուվա) գիւղից, լուսանկարուած՝ 2008 թ. (Աղբիւր՝ Հայկական ճարտարապետութիւնն ուսուﬓասիրող հիﬓադրամ - ՀՃՈՒՀ, Երևան)։

Նարվեր (ներկայիս Կիւմիւշչեշմէ) գիւղ

Դպրոց և ծաղկոց (Նարվեր)

1847 թ. գիւղն ունեցել է Սահակեան անուամբ ծաղկոց, որտեղ սովորել է 10 երեխայ, որոնց գրել և կարդալ է սովորեցրել քահանաներից մէկը: Ծաղկոցին կից գործել է դպրոցը, որը 1883 թ. ունեցել է 15 աշակերտ և 5 աշակերտուհի: Դրանց բիւջէն կազմել 1500 ղուրուշ: Դպրոցում ուսուցանել է գիւղի քահանան: Մինչև 1915 թ. դպրոցն իր ծաղկոցի աստիճանից վեր չէր բարձրացել [57]:

Լիճք (ներկայիս Իլիչ) գիւղ

Դպրոց (Լիճք)

Լիճքը 1847 թ. ունեցել է մէկ դպրոց, որտեղ գիւղի քահանաներից մէկը սովորեցրել է գրել, կարդալ և քերականութիւն: Դպրոցն ունեցել է 30-ի մօտ աշակերտ [58]:

1874 թ. գիւղացիները, արժևորելով ուսման կարևորութիւնը, ոչ միայն հանգանակութեան միջոցով վերանորոգել են դպրոցի շէնքն ու ապահովել այն գոյքով, այլև ուսուցիչ են պատրաստել Պոլսում և ուղարկել Լիճք: Ցաւօք երկու տարի անց դպրոցը դադարել է գործել, որովհետև ուսուցչի աշխատավարձը չէր վճարւում, իսկ ուսուցչի կարողութիւնը խնդրոյ առարկայ էր դարձել գիւղում: Երկու տարի անց դպրոցն ունեցաւ նոր ուսուցիչ, սակայն տեղացիները նրան չընդունեցին, քանի որ վերջինս դասաւանդում էր միայն հայերէն և թուաբանութիւն: Այդ ուսուցիչը չորս տարի շարունակ աշխատելուց յետոյ թողեց պաշտօնն ու մեկնեց Պոլիս [59]:

Գարեգին Սրուանձտեանցը գրում է, որ 1878 թ. դպրոցը չէր գործում [60]:

1883 թ. դպրոցը կոչուել է Հայկեան և ունեցել 30 աշակերտ և 10 աշակերտուհի և մէկ ուսուցիչ, ով դասաւանդում էր հայերէն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն և այլ առարկաներ: Դպրոցի տարեկան բիւջէն կազմել է 900 ղուրուշ [61]:

Ըստ Քէչեանի՝ դպրոցը կոչուել է Մաքրուհեան և ունեցել 30-40 աշակերտ: Եկեղեցու և դպրոցի ծախսերը հոգացել են Պոլսի կալուածքներից ստացուած հասոյթով և գիւղի մօտակայքում գտնուող մի քանի դաշտերից ստացած եկամուտով [62]:

Դպրոցի ուսուցիչներից ծանօթ է Խաչատուր Բինկեանցին (1870 թ., Բինկեան), ով իր նախնական կրթութիւնը ստացել է տեղի վարժարանում: Որպէս ուսուցիչ աշխատել է նաև Լիճքում: Զոհուել է 1895 թ. համիդեան ջարդերի ժամանակ [63]:

Բինկեան (ներկայիս Ատաթեփէ) գիւղ

Մեսրոպեան (տղաների) եւ Նանեան (աղջիկների) վարժարաններ

1886 թ. գիւղում գործել է երկու՝ տղաների Մեսրոպեան և աղջիկների Նանեան վարժարանները, ուր սովորել են համապատասխանաբար 110 աշակերտ և 130 աշակերտուհի (ըստ Գ. Սրուանձտեանցի՝ 120 աշակերտ և 60 աշակերտուհի): Դպրոցների վիճակը, ըստ Քէչեանի, բաւականին գոհացուցիչ էր: Վարժարաններում դասաւանդում էին 5 ուսուցիչ և ուսուցչուհի: Վարժարաններն ունեցել են տարեկան 10.000 ղուրուշ բիւջէ [64]:

Այս դպրոցի շրջանաւարտներից են Յովհաննէս Աւագեանը (1882 թ., Բինկեան) եւ Վահան Արսլանեանը: Իսկ այստեղ դասաւանդած ուսուցիչներից են՝ Աստուածատուր Մեծատուրեանը, որ աշխատել է գիւղի վարժարանում որպէս տեսուչ և ֆրանսերէնի մասնագէտ: Մինչև 1895 թ. ջարդերը եղել է Բինկեան գիւղի գիւղապետը։ Ուսուցիչներից է նաեւ Ղազարոս Մեծատուրեանը, ով երկար տարիներ աշխատել է Բինկեանի վարժարանում որպէս տեսուչ և լեզուաբան, ինչպէս նաեւ Մարուքէ Մինասեանը [65]:

Վանք (ներկայիս Եաքա) հայ-հոռոմ գիւղի վարժարան

Վանք գիւղի վարժարանն ունեցել է 30-35 աշակերտ և նախակրթարան՝ նախատեսուած աշակերտուհիների համար: Ըստ Ճանիկեանի՝ վարժարանն ունեցել է երկու ուսուցիչ, որոնցից գլխաւորը Ակն քաղաքից էր, իսկ միւսը՝ մի յոյն-ուղղափառ (ռում) քահանայ: Գիւղի յոյն քահանան դասաւանդել է յունարէն և կրօն [66]:

Շրզու (ներկայիս Էսերթեփէ) հայ-հոռոմ գիւղի վարժարան

Շրզու գիւղի Սուրբ Յովհան Ոսկեբերան եկեղեցուն կից գործել է վարժարան, որի  ուսուցիչը եղել է Ակն քաղաքից: Նախքան 1915 թ. վարժարանը վերջնականապէս փակուել էր, իսկ գիւղացիները կրթութիւն ստանալու համար մեծամասամբ գաղթում էին Պոլիս [67]։

Տեսարաններ Շրզու (ներկայիս Էսերթեփէ) գիւղից, լուսանկարուած՝ 2008 թ. (Աղբիւր՝ Հայկական ճարտարապետութիւնն ուսուﬓասիրող հիﬓադրամ - ՀՃՈՒՀ, Երևան)։

Ակն քաղաքի և յարակից գիւղերի շրջանաւարտների և ուսուցիչների ցանկը

Այս ցանկում ներառել ենք այն ակնեցի շրջանաւարտներին ու ուսուցիչներին, որոնց հաստատութիւնների մասին յստակ տեղեկութիւն չի պահպանուել աղբիւրներում: Փակագծերի մէջ նշուած է այն քաղաքի կամ գիւղի անունը, որտեղ ծնուել է տուեալ անձը, ինչպես նաև նրա մասնագիտութիւնը:

Շրջանաւարտներ

Սմբատ Մ. Գաբրիէլեան (Ակն, ապագայ բժիշկ), Յովհաննէս Գապուլեան (Ակն), Յովհաննէս Գասապեան (Ակն, ապագայ բժիշկ), Սարգիս Մ. Ծոցիկեան (Ակն), Նիկողոս Մսրեան (Ակն), Գարեգին Արծրունի (Ապուչեխ, ապագայ հոգևորական), Ալիքսան Փափազեան (Ապուչեխ, ապագայ թատերական գործիչ), Պաղտասար Փափազեան (Ապուչեխ, ապագայ բժիշկ), Գիսակ Փափազեան (Ապուչեխ), Յարութիւն Գահվէճեան (Ապուչեխ), Պետրոս Գահվէճեան (Ապուչեխ), Արմ. Զաքարեան (Ապուչեխ), Մարգար Հովեյեան (Ապուչեխ), Եւգինէ Մուշեան (Ապուչեխ), Շահէն Շահէնեան (Ապուչեխ), Թորոս Պեկեան (Ապուչեխ), Մկրտիչ Պեկեան (Ապուչեխ), Եղիշէ Վարդանեան (Ապուչեխ), Նշան Աւագեան (Բինկեան), Գուրգէն Մեծատուրեան (Բինկեան, ապագայ բժիշկ), Գէորգ Պէկեան (Բինկեան, ապագայ բժիշկ) [68]:

Ուսուցիչներ

Գեղամ Արծրունի (Ակն), Մկրտիչ Գալենտէրեան (Ակն), Արտաշէս Փափազեան (Ակն) Մատթէոս Տէր-Մատթէոսեան (Ակն), Յարութիւն Աբգարեան (Ակն), Աւետիս Գալենտէրեան (Ակն), Մելքոն Գալենտէրեան (Ակն), Յակոբ Գորեան (Ակն), Աւետիս Դերձակեան (Ակն), Նազենի Թերզեան (Ակն), Խաչատուր Թիմուրեան (Ակն), Տիրուհի Թորոսեան (Ակն), Լևոն Կօշկակարեան (Ակն), Սաթենիկ Ղազարեան (Ակն), Խաչիկ Մազմանեան (Ակն), Գարեգին Մարտիկեան (Ակն), Յովհաննէս Մարտիկեան (Ակն), Աբրահամ Մուհիպեան (Ակն), Եւգինէ Մուշեան (Ակն), Մկրտիչ Շեմսեան (Ակն), Եուլիանէ Ոսկանեան (Ակն), Մկրտիչ Չինիճեան (Ակն), Յարութիւն Պեկեան (Ակն), Գրիգոր Ջորեան (Ակն), Փիլիպոս Ջորեան (Ակն), Պետրոս Սայեան (Ակն), Վահան Սայեան (Ակն), Ղուկաս Սեմիրճեան (Ակն), Եղիշէ Վարդանեան (Ակն), Ղուկաս Վարդանեան (Ակն), Աստուածատուր Տէր-Մեսրոպեան (Ակն), Պօղոս Տէր-Պօղոսեան (Ակն), Յակոբ Տիրատուրեան (Ակն), Մաքրուհի Տիրատուրեան (Ակն), Տիգրան, Արշակ և Գէորգ Տէօվլէթեան եղբայրներ (Ակն), Սարգիս Փափազեան (Ակն), Ստեփան Փափազեան (Ակն), Պօղոս Քանարեան (Ակն), Արմենուհի Քելեճեան (Ակն), Խաչիկ Քէչեան (Ակն), Մաքրուհի Թենսուֆ (Ապուչեխ), Արտաշէս Փափազեան (Ապուչեխ), Գարեգին Արծրունի (Կամարակապ), Արմենակ Շեփիկեան (Կամարակապ), Արտաշէս Փափազեան (Կամարակապ), Տիրուհի Բարսեղեան (Կամարակապ), Պետրոս Թորոսեան (Կամարակապ), Համբարձում Հալաճեան (Կամարակապ), Ղազար Հալաճեան (Կամարակապ), Միքայէլ Հալաճեան (Կամարակապ), Ներսէս Հալաճեան (Կամարակապ), Մկրտիչ Մամիկոնեան (Կամարակապ), Մարգար Մարգարեան (Կամարակապ), Պօղոս Մարգարեան (Կամարակապ), Պետրոս Խարմանեան (Լիճք), Մելքոն Մելքոնեան (Լիճք), Ստեփան Աւագեան (Բինկեան, ապագայ երաժիշտ), Վարդան Արսլանեան (Բինկեան, ապագայ հոգևորական), Պետրոս Ա. Գասեան (Բինկեան), Խաչատուր Բինկեանցի (Բինկեան), Գէորգ Պէկեան (Բինկեան), Յովհաննէս Դանիէլեան (Բինկեան), Մկրտիչ Թաթարեան (Բինկեան), Խաչիկ Ղոնչեկիւլեան (Բինկեան), Նշան Ղոնչեկիւլեան (Բինկեան), Տաճատ Մելքոնեան (Բինկեան), Դաւիթ Փիշտոֆեան (Բինկեան) [69]։

  • [1] Առաքել Քէչեան, Ակն եւ ակնցին. 1020-1915, Ա հատոր, Պուքրէշ, 1942, էջ 83-84:
  • [2] Նոյն, էջ 85:
  • [3] Նոյն, էջ 85-86: 
  • [4] Նոյն, էջ 86:
  • [5] Նոյն:
  • [6] Նոյն:
  • [7] Ռուբէն Սաքապետոյեան, Արևմտահայերէն-արևելահայերէն նոր բառարան, «Տիգրան Մեծ» հրատարակչութիւն, Երևան, 2011, էջ 85:
  • [8] Առաքէլ Քէչեան և Մկրտիչ Պարսամեան, Ակն եւ ակնցիք, Փարիզ, 1952, էջ 139։
  • [9] Վիճակագրութիւն Ակնայ քաղաքին և բոլոր վիճակացն, գրեալ յամի 1847, փետրուար 11, Հայաստան, ապրիլի 19, 1847 թ.:
  • [10] Յովսէփ Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, Թիֆլիս, 1895, էջ 39:
  • [11] Քէչեան, Ակն եւ ակնցին, էջ 86-87:
  • [12] Նոյն, էջ 88: 
  • [13] Գարեգին Սրուանձտեանց, Թորոս աղբար, հ. 1, Կ. Պոլիս, 1879:
  • [14] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 41; Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 141:
  • [15] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 39-41:
  • [16] Նոյն, էջ 42-43:
  • [17] Նոյն, էջ 41-42; Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 161:
  • [18] Նոյն; Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 41-42:
  • [19] Նոյն; Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, 1952, էջ 161-162:
  • [20] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 41-42:
  • [21] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, 1952, էջ 162:
  • [22] Նոյն, էջ 161:
  • [23] Նոյն, էջ 645-730:
  • [24] Նոյն: 
  • [25] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 39; Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 140:
  • [26] Նոյն, էջ 645-730:
  • [27] Նոյն: 
  • [28] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 39; Քէչեան, Ակն եւ ակնցին, էջ 88:
  • [29] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 645-730:
  • [30] Նոյն:
  • [31] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 43; Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 151:
  • [32] Նոյն, էջ 645-730:
  • [33] Նոյն, էջ 140: 
  • [34] Նոյն, էջ 167-168:
  • [35] Նոյն, էջ 162:
  • [36] Նոյն, էջ 163:
  • [37] Վիճակագրութիւն Ակնայ քաղաքին և բոլոր վիճակացն:
  • [38] Սրուանձտեանց, Թորոս աղբար, էջ 249:
  • [39] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 66-67:
  • [40] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 45-46:
  • [41] Սուքիաս Էփրիկեան, Բնաշխարհիկ բառարան, հատոր I, 1902-1905, էջ 241:
  • [42] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 66-67:
  • [43] Քէչեան, Ակն եւ ակնցին, էջ 34:
  • [44] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 645-730:
  • [45] Նոյն: 
  • [46] Նոյն, էջ 163-164:
  • [47] Նոյն, էջ 164:
  • [48] Նոյն:
  • [49] Նոյն, էջ 77-78: 
  • [50] Նոյն:
  • [51] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 48; Քէչեան, Ակն եւ ակնցին, էջ 30; Սուրհանդակ, 1899, թիւ 71: 
  • [52] Մասիս, 10.09.1882; Քէչեան, Ակն եւ ակնցին, էջ 30:
  • [53] Վիճակագրութիւն Ակնայ քաղաքին և բոլոր վիճակացն:
  • [54] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 645-730:
  • [55] Նոյն:
  • [56] Վիճակագրութիւն Ակնայ քաղաքին և բոլոր վիճակացն; Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 88; Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 50:
  • [57] Վիճակագրութիւն Ակնայ քաղաքին և բոլոր վիճակացն; Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 96: 
  • [58] Վիճակագրութիւն Ակնայ քաղաքին և բոլոր վիճակացն:
  • [59] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 100:
  • [60] Սրուանձտեանց, Թորոս աղբար, էջ 251:
  • [61] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 53:
  • [62] Քէչեան, Ակն եւ ակնցին, էջ 43:
  • [63] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 645-730:
  • [64] Յովսէփ Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 55; Քէչեան, էջ 39:
  • [65] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 645-730:
  • [66] Յովսէփ Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, Թիֆլիս, 1895 թ., էջ 58; Առաքել Քէչեան, Ակն եւ ակնցին. 1020-1915, էջ 50:
  • [67] Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 60; Քէչեան, Ակն եւ ակնցին, էջ 52:
  • [68] Քէչեան/Պարսամեան, Ակն եւ ակնցիք, էջ 645-730:
  • [69] Նոյն: