Կեսարիա/Քայսերի քաղաքում հայերը հիմնականում զբաղւում էին արհեստներով եւ առեւտուրով: Զբաղմունքներից յատկապէս հարկ է նշել զանազան ապրանքների արտահանում և ներմուծում, ճարտարապետութիւն, հիւսնութիւն, քանդակագործութիւն, ոսկերչութիւն, նկարչութիւն, դերձակութիւն, ջուլհակութիւն, մետաքսագործութիւն, մսագործութիւն և այլն: [1]
Կեսարացի հայերը ճկուն գործարարներ լինելով, XIX դարի սկզբին որոշակի դիրք և բարեկեցիկ ապրելակերպ ունէին եւ տիրական ներկայութիւն էին առևտրական շուկայում։
Արշակ Ալպօյաճեանն իր «Պատմութիւն հայ Կեսարիոյ» մեծածաւալ աշխատանքում յատուկ տեղ է յատկացնում Կեսարիայի մեծահարուստների՝ այդ թւում նաև Գազազ Սարգիս Թէլֆէեանի և նրա զաւակներ Մովսէս և Կարապետ Թէլֆէեանների ընտանիքներին։ Նոյն աշխատանքում տեղեկութիւններ կան նաեւ նրանց գործունէութեանը վերաբերող Մեծ Եղեռնից առաջ և դրանից յետոյ։
Թէլֆէեանները և գորգարտադրութեան զարգացումը Կեսարիայում XIX դարի վերջին
Կարապետ և Մովսէս Թէլֆէեանները XIX դարի երկրորդ կէսին շարունակում էին իրենց հօրից` Գազազ Սարգսից ժառանգած մետաքսի առևտրի գործը: Նրանք Կենտրոնական Ասիայից, Պարսկաստանից Կեսարիա ներմուծում էին մետաքսի հումք, կերպասներ, որոնք բացի տեղական շուկայում իրացնելուց արտահանում էին նաև Պոլիս և Եւրոպայի զանազան երկրներ: Սակայն մետաքսի առեւտուրը ամբողջ տարածքի մէջ անկում ապրեց։ Այս պայմաններում, Թէլֆէեան եղբայրները, ճարպիկ գործարար-առևտրականներ լինելով, շատ արագ ձեռնարկեցին գորգավաճառութեան, յետոյ նաև գորգագործութեան և նրանց գործն այս շրջանում ծաղկում ապրեց:
Կեսարիայում գորգի արտադրութիւնը, որպէս կարևոր «Ճարտարարուեստ», ընդհանուր առմամբ, մեծ թափ առաւ XIX դարի կէսերին: Ընդամէնը 7-10 տարուայ ընթացքում աղքատ և միջին խաւին պատկանող կեսարացի համարեայ ամէն մի հայ ընտանիք գորգագործական դազգահ (տէզկեահ, ոստայն) ունէր: [2] Մի շարք այլ առևտրական տներ նոյնպէս Թէլֆէյանների նման անցան գորգարտադրութեան: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Կեսարիայում բրդից և մետաքսից նուրբ բանուածքով պատրաստուած, բնական ներկերով ներկուած արևելեան ճաշակով գորգերը, որոնք իրենց որակով մրցում էին պարսկական գորգերի հետ, մեծ ճանաչում եւ ընդունելութիւն գտան Եւրոպայում, որի արդիւնքում այդ գորգերի պահանջարկը խիստ բարձրացաւ: [3]
Հարկ է նշել, Ալպօյաճեանի կողմից իր գրքում Թէլֆէեանների մասին նշուած տուեալները, ընտանեկան, համայնքային ու գործնական ոլորտին պատկանող մանրամասներն համարեա ամբողջովին համապատասխանում են ներկայումս Ամերիկայում բնակուող նրանց ընտանիքներում մինչ այժմ պահպանուած պատմութիւն-տեղեկութիւններին: Այժմ անդրադառնանք այս վաճառականների մասին յայտնի այլ տեղեկութիւններին ու մանրամասներին:
Գազազ Սարգիս Թէլֆէեան
Գազազ Սարգիս Թէլֆէեանի մասին Լոս Անջելեսում բնակուող նրա ժառանգորդների մօտ պահպանուած տեղեկութիւնները սուղ են։ Ծնուել է 1814 թուականին, մահուան թուականը անյայտ է։ Յայտնի չէ նաեւ կնոջ անունը: Սակայն Արշակ Ալպօյաճեանի հաղորդած տեղեկութիւններից յայտնի է դառնում, որ նա XIX դարի սկզբներին Կեսարիայի առաջնակարգ վաճառականներից էր՝ տեղի առևտրական համայնքի երևելի ներկայացուցիչներից մէկը: Գազազ Սարգիսը հիմնականում Պրուսիա/Պուրսայի և Կ. Պոլսի հետ մետաքսի մեծ առևտրով էր զբաղուած: Նա կեսարացի առաջին հայերից էր, որ հարեց բողոքականութեանը եւ տեղւոյն աւետարանականների համայնքում ամենանշանաւոր դէմքերից մէկը դարձաւ: [4]
Նա նաև ճանաչուած ազգային բարերար էր: Գազազ Սարգսի փափագներից մէկը հայ երիտասարդների համար տեղում բարձրագոյն կրթութիւն ստանալու հնարաւորութիւն ստեղծելն էր: Այդ նպատակով էլ նա դարձաւ Կեսարիայի Արգէոս բարձրագոյն վարժարանի հիմնադիրներից մէկը: [5] Ինչպէս նախապէս նշուեց, այս անուանի վաճառականն ունէր երկու որդի՝ Կարապետ և Մովսէս Թէլֆէեանները, որոնք հօրից յետոյ ժառանգեցին նրա գործը և աւելի ծաւալելով նոյնպէս դարձան Կեսարիայի առաջնակարգ եւ ճանաչուած վաճառականներ: Գազազ Սարգիսը նաև ունեցել է մի դուստր՝ Մարիամը: [6]
Կարապետ Թէլֆէեան և Նուրիձա Սարաֆեան-Թէլֆէեան
Սարգիս Թէլֆէեանի մեծ որդի Կարապետ Թէլֆէեանն (1832-1906) իր նախնական կրթութիւնը ստացել է Կեսարիայի ազգային վարժարանում: Նա 1865 թուականին ամուսնացել է Նուրիձայի հետ, [7] որը Կեսարիայում յայտնի ընտանիքներից մէկի դուստրն էր: Կարապետը բաւականին համարձակ գործարար էր և նրա «յառաջադիմական ոգին պատճառ եղաւ», որ 1886թ. իր եղբօրից տասը տարի առաջ, «Կեսարիոյ անձուկ հորիզոնին մէջ» պարփակուել չկարողանալով փոխադրուեց Պոլիս: [8] Հետագայում նա իր զաւակներին լաւ կրթութիւն տալով, իր գործն աստիճանաբար Պոլսից տեղափոխեց Նիւ Եորք, իր նորաբաց խանութները ղեկավարելու: Հետագայում Կարապետն իր բազմանդամ ընտանիքով ամբողջովին տեղափոխուեց Ամերիկա, [9] որտեղ նրանք կարողացան իրենց համար բարեկեցիկ կեանք ապահովել: [10] Նա ունեցել է 5 տղայ և 3 աղջիկ, [11] Կարապետի որդիներն են՝ Սարգիս Թէլֆէեան (1864-1914), Յովհաննէս Թէլֆէեան (1868-1924), Միրեն Թէլֆէեան, Հրանտ Թէլֆէեան (1878-անյայտ), Ալպէրթ Թէլֆէեան (1881-անյայտ): Ալպօյաճեանը աղջիկ զաւակների մասին սահմանափակ տեղեկութիւնները է ներկայացնում: Կարապետի աղջիկներից մեզ յայտնի են Նազէնն ու Ասանէթը:
Գազազ Սարգսից յետոյ Կարապետն իր հօր օրինակին հետևելով, Կեսարիայում եւ Պոլսում հովանաւորել է բազմաթիւ հայկական ծրագրեր [12] եւ իր զաւակներն էլ ու նրանց շառաւիղները իրենց հերթին շարունակել են ընտանեկան աւանդոյթը Միացեալ Նահանգներում:
Սեդրակ Թիմուրեան և Նազէն Թէլֆէեան-Թիմուրեան
Այստեղ հարկ է նաև միջանկեալ նշել կեսարացի նշնաւոր գորգավաճառ Սեդրակ Թիմուրեանի մասին, որովհետև նա Կարապետ Թէլֆէեանի դուստրերից մէկի՝ Նազէնի ամուսինն էր։ Այս ընտանիքի պատմութիւնն ու նրանց պատկանող ներկայանալի հաւաքածոն յատկապէս կարևոր է և քննարկուելու է այս ուսումնասիրութեան շրջանակներում: Ինչպէս Թիմուրեանը, նոյնպէս և մի շարք այլ կեսարացի գործարարներ, մինչև գորգի արտադրութեան անցնելը, զբաղւում էին հին գորգերի վաճառքով, որոնք հիմնականում ձեռք էին բերում Պարսկաստանից, ինչպէս նաեւ Կեսարիոյ տարածքից: [13] Թիմուրեանը ոչ միայն յաջողակ և զարգացած առևտրական էր, այլև՝ կրթուած անձնաւորութիւն: Տեղեկութիւնները հաղորդում են, որ նա թղթակցել է Կեսարիայում տպագրուող որոշ թերթերի և ամսագրերի: Թիմուրեանը նաև հին գորգերի լաւ գիտակ էր և շատ լաւ անձնական հաւաքածոյ ունէր: Այդ հաւաքածոյին պատկանող գորգերից մի մասը ներկայումս գտնւում են Լոս Անջելեսում բնակուող Թիմուրեանի թոռնուհու՝ Նազելի Էլմասսեանի տանը:
1. Կեսարիա, 1888 թ.։ Սեդրակ Թիմուրեան (նստած աջին), Նազէն Թիմուրեան-Թելֆէեան (կեդրոնը, ոտքի, Սեդրակի կինը)։ Երկու փոքրիկները նրանց զաւակներն են։ Ձախին նստած՝ Յովհաննես աղա Քելէկեան (Նազելի Էլմասսեանի հաւաքածոյ):
2. Սեդրակ Թիմուրեանը (կեդրոնը) իր երկու տղաների հետ իր գրասենեակում, հաւանաբար 1910 թ. Նիւ Եորք (Նազելի Էլմասսեանի հաւաքածոյ):
Մովսէս Թէլֆէեան և Ագապի Օհանեան-Թէլֆէեան
Գազազ Սարգսի կրտսեր որդին՝ Մովսէս Թէլֆէեանն (1844-1900) իր նախնական կրթութիւնը ստացել է Կեսարիայի Ս. Սարգիս եկեղեցուն կից Յակոբեան վարժարանում: Նա նաև մասնաւոր ուսուցմամբ սովորել և խօսել է յունարէն, եղել է ճկուն գործարար և յայտնի ազգային բարերար: Մովսէսի ընտանիքը նոյնպէս բազմանդամ էր (հինգ աղջիկ և մէկ տղայ): [14]
Մովսէսն առաջինն էր, որ սկզբնական շրջանում սկսեց բարձր որակի ջեջիմներ արտադրել, որը միայն հետագայում փոխեց գորգագործութեան: Ջեջիմը պարզ գործուածքով, կարպետի նման, բրդից կամ մետաքսից պատրաստուած, շերտաւոր գոյներով գործուածք է: Ջեջիմները սովորաբար գործածուել են որպէս անկողնու և սեղանի ծածկոցներ կամ որպէս վարագոյրներ: Գործելուց յետոյ արժէքաւոր ջեջիմներն ասեղնագործւում էին զանազան զարդանախշերով ինչպէս օրինակ Թէլֆէեանների ջեջիմը: Գորգարտադրութեան ծաղկուն շրջանում Մ. Թէլֆէեանի աշխատանոցում բանեցնում էին 200 դազգահներ, որտեղ միատեղ աշխատում էին 200-ից աւելի ազգությամբ հայ, յոյն և թուրք գործաւորներ: Իր գործարանի արտադրանքը ներքին և արտաքին շուկաներում իրացնելու համար Մ. Թէլֆէեանն նաև ունեցել է ազգութեամբ հայ, թուրք և եւրոպացի գործակալներ: Իր կեանքի ընթացքում Մ. Թէլֆէեանը նոյնպէս հովանաւորել էր բազմաթիւ հայկական կրթական և կրօնական ձեռնարկներ:
Իր մահից յետոյ նրա բարեսիրական գործունէութիւնը շարունակել է իր կինը՝ Ագապին: Ըստ ընտանիքում պահպանուած պատմութիւնների, Ագապին Մ. Թէլֆէեանի գորգագործական գործարանի արտադրութեան հիմնական ղեկավարներից մէկն էր: Նա Կեսարիայի այն քիչ կանանցից մէկն էր, որն աշխուժօրէն օգնում էր ամուսնուն՝ մասնակցում էր արտադրութեան կառավարմանը: Ագապին նաև զբաղւում էր գորգերի որակի և ձևաւորման հարցերով: Սա անշուշտ բացառիկ երևոյթ էր Կեսարիայի իրականութեան մէջ: Ընտանիքի անդամաները մեծագոյն յարգանքով և հպարտութեամբ են խօսում իրենց մեծ մօր մասին: Թինա Տէմիրճեանը լսել է իր մեծ մօրից, որ Ագապին շատ լաւ գորգագործ կամ ջեջիմագործ էր և հարկ եղած դէպքերում աշխատաւորներին օգնում կամ սովորեցնում էր արհեստի նրբութիւնները: Ըստ ընտանիքում պահպանուած տեղեկութիւնների, Մոսվես Թէլֆէեանի ընտանիքի աւետարանական դաւանանքին հետևելու հիմնական պատճառը Ագապին է եղել:
1895-96 թուականներին Կեսարիայում տեղի ունեցած հայկական ջարդերից յետոյ, Մ. Թէլֆէեանն իր ընտանիքով ստիպուած տեղափոխւում է Պոլիս: Այնտեղ նա փորձում է շարունակել իր գործը։ [15] Նոյնիսկ իր գործի մի մասնաճիւղն է ստեղծում Բուլղարիայում, սակայն անյաջողութիւնների ենթարկուելով և յուսալքուելով հիւանդանում և մահանում է 1900 թուականին: Երեխաներից մեծ մասը, որոնք արդէն ամուսնացած էին, տեղափոխւում են զանազան եւրոպական երկրներ: Նրանց երկուսն էլ տեղափոխւում են Նիւ Եորք կամ Ամերիկայի արևելեան այլ նահանգներ, իսկ նրանց ժառանգներից ոմանք էլ հետագայում տեղափոխւում են Կալիֆորնիա՝ Լոս Անջելես: [16]
1. Մաննիկ Թելֆէեան (ձախին) և Վիկտորիա Թելֆէեան (աջին), 1898 թ. Պոլիս (Թինա Տէրմիրճեանի հաւաքածոյ):
2. Առջևում, աջին Ագապին է Վիկտորիայի որդու՝ Սարգսի ձեռքը բռնած, իսկ վերևում Մաննիկն է իր դստեր հետ, Պոլիս։ Լուսանկարիչ՝ Սեպահ (Փերա, Պոլիս) (Թինա Տէրմիրճեանի հաւաքածոյ):
3. Վիկտորիա Թելֆէեան, Պոլիս, 1900-ական թթ.։ Լուսանկարիչ՝ Սեպահ (Փերա, Պոլիս) (Թինա Տէրմիրճեանի հաւաքածոյ):
Թէլֆէեաններն ու 1895-96 թուականի ջարդերը Կեսարիայում
Մինչ Կարապետի ընտանիքը 1885-ին արդէն թողել էր հայրենի քաղաքը, Մովսէսը դեռ ապրում ու աշխատում էր Կեսարիայում: 1895 թուականին տեղի ունեցած Սուլթան Համիդի կազմակերպած ջարդերի ժամանակ Մովսէսն իր գործերով բացակայում էր քաղաքից: Այդ չարաբաստիկ վաղ առաւօտեան տանը բոլոր երեխաները և թոռներից երկուսը քնած էին: Ագապին խոհանոցի պատուհանից տեսնում է, որ թուրք խուժանը սկսել է այրել հարևան հայերի տները և մօտենում են իրենց տանը: [17] Նա քաջաբար կազմակերպում է իր տան և ընտանիքի պաշտպանութիւնը: Տանը գտնուող բոլոր երեխաներին պատուիրում է արագ իջնել տան նկուղը, իսկ բոլոր մեծահասակներին և հինգ ծառաներին զէնքեր բաժանելով, ինքը ևս զէնք վերցնելով պատուիրում է կրակել բոլոր պատուհաններից, տպաւորութիւն ստեղծելու համար, որ տանը պաշտպանուող մեծ խումբ կայ: Նա բոլորին խիստ պատուիրում է միայն գետնին կրակել, չի սպաննել ոչ ոքի և միևնոյն ժամանակ յարձակող խուժանին հնարաւորութիւն չտալ տանը մօտենալու:
Սակայն թուրք խուժանը արդէն այրել էր հարևան տունը, որտեղ կանայք և երեխաներ կային և մօտենում էր իրենց տանը: Հաւանաբար Ագապին չկարողանար երկար դիմադրել խուժանի յարձակումներին, եթէ յանկարծ դէպքի վայրում չյայտնուէր մի թուրք բարձրաստիճան զինուորական: Այս զինուորականը ծանօթ լինելով Թէլֆէեաններին, պատուիրում է հանգիստ թողնել նրանց, ասելով, որ Մովսէս Թէլֆէեանը միշտ գործ էր տալիս տեղացի թուրքերին: Այս դիպուածով ընտանիքը փրկւում է մօտալուտ կոտորածից:
Ընտանիքի մասին այս պատմութիւնների և յիշողութիւնների հիմնական պատմողը եղել է ընտանիքի կրտսեր դուստրը՝ Մաննիկը: Դրանք մեզ է հաղորդուել Թինա Տէմիրճանի միջոցով:
Նոյն այս բանաւոր վկայութիւնների հիմամբ, երբ Մովսէսը, իր որդի Սարգսի հետ ճամբորդութիւնից վերադառնալով տեղեկանում է կատարուածին և տեսնում է ընդհանուր իրադրութիւնը քաղաքում, հասկանում է, որ անհրաժեշտ է Կեսարիայից անյապաղ և ընդմիշտ հեռանալ: Ընտանեկան պատմութիւններում պահպանուել են այս առիթով ասուած նրա խօսքերը՝ «Մենք հոստեղը այլեւս գլուխնիս բարձին վրայ չենք կրնար դնել»:
1896 թուականին Մովսէսը ընտանեօք լքում է հայրենի քաղաքը և տեղափոխւում Պոլիս, հաւատալով, որ կոսմոպոլիտ Պոլսում հնարաւոր կը լինի աւելի ապահով կեանք ստեղծել իր ընտանիքի համար: Ինչպէս նախապէս նշուեց, հարստութեան մեծ մասը կորցրած և յուսալքուած Մովսէսը Կեսարիայից տեղափոխուելուց երկու տարի անց հիւանդանում և վախճանւում է Պոլսում: Դստրերից երկուսը, Ֆիլորը և Օվսաննան ամուսանցած էին դեռ Կեսարիայում եղած տարիներին: Օվսաննան ամուսնու հետ արդէն տեղափոխուել էր ԱՄՆ: Դստրերից Հայկանուշը ամուսնացել և տեղափոխուել էր Իտալիա: Սարգիսը՝ որդին, նոյնպէս ամուսնացել էր ու նոյնպէս իր ունեցուածքը կորցնելով Իտալիայով անցել էր Ֆրանսիա:
1. Մաննիկի ընտանիքը, Պոլիս։ Ձախէն՝ Մաննիկ եւ իր ամուսինը՝ Սարգիս Քէշեան. աջակողմեան փոքրիկ աղջիկը Շահինէն է։ Լուսանկարիչ՝ Սեպահ (Փերա, Պոլիս) (Թինա Տէրմիրճեանի հաւաքածոյ):
2. Նազէն Թէլֆէեան-Թիմուրեանը (աջին)՝ իր քոյր Ասանէթի հետ (Նազելի Էլմասսեանի հաւաքածոյ):
Թէլֆէեան ընտանիքը Ամերիկայում
Պոլսում Մովսէս Թելֆէեանի գործը շարունակողը եղաւ նրա որդին՝ Սարգիսը: Նա մեծ յաջողութիւններ ունեցաւ ոչ միայն գորգի առևտրի մէջ, այլ նաև դարձաւ մեծ կալուածատէր: Քեմալականների մուտքից անմիջապէս առաջ, 1922 թուականին, նա տեղափոխուեց Իտալիա, իսկ այնտեղից էլ՝ Փարիզ: Թուրքական իշխանութիւնները նրա ամբողջ ունեցուածքը գրաւեցին իբրև «լքեալ գոյք»:
Մովսէս Թէլֆէեանի ընտանիքի անդամներից ոմանք 1930-ական թուականների վերջերին և ոմանք էլ միայն 1945 թուականին կարողացան կաշառքով անցաթղթեր ստանալ և հեռանալ Պոլսից: Կարապետի ընտանիքը, որ արդէն բնակւում էր Ամերիկայում, հիմնականում հաստատուել էր Նիւ Եորքում, որտեղ տղաներն արդէն գորգավաճառութեան իրենց հիմնավորուած խանութներն ունէին: Կարապետի դուստր Նազէնի և Սեդրակ Թիմուրեանի ընտանիքը Նիւ Եորքից տեղափոխուեց Կալիֆորնիայի Ֆրեզնօ քաղաքը, որտեղից էլ վերջնականապէս տեղափոխուեց և հաստատուեց Լոս Անջելեսում: Նազէնիի դուստր Գալենիկ Թիմուրեան-Էլմասսեանի 1930-ականներին գնած տանը մինչև օրս էլ բնակւում է իր դուստր Նազելի Էլմասսեանը: Սեդրակ Թիմուրեանը, նրա մեծ հայրը, իր կեանքի վերջին տարիներին նոյնպէս ապրել է այս տանը և այստեղ էլ մահացել:
Թէլֆէեան Կարապետի և Մովսէսի ընտանիքներին պատկանող երկու հաւաքածոները “Armenian Dress and Textiles”-ի շրջանակներում
Կարապետի և Մովսէսի ընտանիքի անդամները տարբեր տարիների Թուրքիան լքելիս իրենց համար անհրաժեշտ իրերի հետ միատեղ, իրենց հետ վերցրել էին նաև ընտանիքի անդամներին և իրենց հանգուցեալ հարազատներին պատկանող անձնական գործածութեան բազմաթիւ առարկաներ: Երկու ընտանիքի կանայք էլ մինչ այժմ հաւատարմօրէն պահպանել են այդ յիշատակները նոյնիսկ այն դէպքում, երբ նրանք Ամերիկայում բնակութեան տարիներին քաղաքից-քաղաք կամ նահանգից նահանգ են տեղափոխուել: Լոս Անջելեսում ներկայումս յայտնի են այդ երկու հաւաքածոները, որոնցից մէկը պատկանում է Մովսէս Թէլֆէեանի, իսկ միւսը Կարապետ Թէլֆէեանի աղջիկ զաւակների ընտանիքներին և նրանց թոռներին:
Մովսէս Թէլֆէեանի ընտանիքի պատմութիւնը գրաւեց ամերիկեան մի խումբ մասնագէտների ուշադրութիւնը 1990-ականների վերջին, երբ Մովսէսի ծոռ Վիքին և Վիքիի դուստր Թինան, իրենց մօր և մեծ մօր՝ Շահինէ Տիլսիզեանի Նիւ Եորք նահանգի Ուայթստոն քաղաքում գտնուող տան պահարաններից դուրս բերեցին երկար տարիների ընթացքում նրա պահպանած «բոխչաները»: Այդ կապոցներում Շահինէն պահպանել էր Կեսարիայից և Պոլսից բերուած իր մօրը՝ Մաննիկին և իր մօրաքրոջը՝ Վիկտորիային, նաև ընտանիքի միւս անդամներին պատկանող թանկարժէք առարկաներ:
Մոսվես Թէլֆէեանի կրտսեր դուստրը Մաննիկն է, Շահինէն Մաննիկի կրտսեր դուստրն է: Վիքին Շահինէի դուստրն է, իսկ Թինան էլ Վիքիի դուստրը: Այս կանայք են Մովսէս Թէլֆէեանի ընտանիքին պատկանող մեզ յայտնի հաւաքածոյի փոխանցողներն ու պահապանները: Վիկտորիան նոյնպէս Մովսէսի և Ագապիի դուստրն է: Ան ունեցել է մէկ որդի՝ Սարգիսը։
Գտնուած առարկաների թւում կային նաև մետաքսէ թանկարժէք գորգեր, [18] որոնցից մէկը ընտանիքի մայրը՝ Ագապին նուիրել էր իր դստեր՝ Վիկտորիային (2մ × 1.22մ.), որպէս հարսանեկան նուէր, իսկ միւսը՝ իր որդի Սարգսին, որի նուիրատւութեան առիթը յայտնի չէ: Մէկ փոքիկ քառակուսի, երկար ծոպերով մետաքսէ գորգ էլ կայ այս հաւաքածոյում, որ պատկանել է Մաննիկին. նա գործածել է որպէս դաշնամուրի ծածկոց: Համաձայն ընտանիքում պահպանուած պատմութիւնների, այս երեք գորգերը պատրաստուել էին Մովսէս Թէլֆէեանի գործարանում մինչև 1896 թուականը՝ նախքան ընտանիքը Կեսարիայից հեռանալը: Կապոցներից մէկից դուրս բերուեցին նաև երկու հրաշալի նախշաւոր ջեջիմներ: Անոնք պատկանել են Թինայի հօրական տատին, որոնք, ըստ Թինայի կեսարացի հօր յայտարարութեան, ամենայն հաւանականությամբ նոյնպէս պատրաստուել են Մովսէս Թէլֆէեանի գործարանում:
Թէլֆէեան ընտանիքի այս հարուստ հաւաքածոն ուսումնասիրելու նպատակով 1999 թուականին Լոս Անջելեսում հիմնադրուեց “Armenian Dress and Textile project”-ը, որը հիմնականում նպատակ ունէր ուսումնասիրելու Մովսէս Թէլֆէեանի ընտանիքին պատկանող հարուստ հաւաքածոն: Այս հաւաքածոն, բացի գորգերից, իր մէջ ներառում է ընտանիքի անդամներին պատկանող թանկարժէք բազմաթիւ այլ առարկաներ՝ հագուստներ, կօշիկներ, թանկարժէք զարդեր, ծածկոցներ, տուփեր, բաղնիքի շքեղ պարագաներ, անձնական օգտագործման բազմաթիւ այլ թանկարժէք իրեր, ծիսական նշանակութիւն ունեցող գործուածքեղէն, լուսանկարներ, գրութիւններ և այլն: Պահպանուած առարկաների մեծամասնութիւնը, պատկանել են Մովսէսի երկու կրտսեր դստրերին՝ Վիկտորիային և Մաննիկին։ Ինչպէս նախապէս նշուեց, այս հաւաքածոյի պահպանողը Մաննիկի դուստր Շահինէն էր: Շահինէից յետոյ հաւաքածոն հիմնականում ժառանգել են նրա դուստր Վիքի Տէմիրճին և թոռը՝ Թինա Տէմիրճեանը (նկ. 11): Վիքիից յետոյ համարեա ողջ հաւաքածոն հիմա պահւում է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում գտնուող Թինայի տանը:
Կարապետ Թէլֆէեանի ընտանիքի աղջիկներից Նազէն Թէլֆէեան-Թիմուրեանի ճիւղին պատկանող հաւաքածոն յայտնի դարձաւ, երբ “Armenian Dress and Textile project”-ի կազմակերպութեամբ Գլենդել քաղաքի “Brand” գրադարանի բակում գտնուող “Doctor’s House”-ում կազմակերպած ցուցահանդէսներից մէկի այցելու Նազելի Էլմասսեանը յայտարարեց, որ ինքը մօրական տատի կողմից նոյնպէս Թէլֆէեան է և իր տանը պահպանում է ցուցադրուած առարկաների նման բազմաթիւ առարկաներ: Նազելին Կարապետ Թէլֆէեանի դուստր Նազէնի և նրա ամուսին Սեդրակ Թիմուրեանի 95 ամեայ թոռն է: Հաւաքածոն Նազելին ժառանգել է իր մօրից՝ Նազէնի դուստր Գալենիկ Թիմուրեան-Էլմասսեանից: [19] Նազելի Էլմասսեանի հաւաքածոն նոյնպէս հարուստ է ընտանիքի այս ճիւղի անդամներին պատկանող զանազան առարկաներով, լուսանկարներով և գրութիւններով: Վերջերս, “Armenian Dress and Textile Project”-ի աջակցութեամբ և օգնութեամբ Նազելին իր հաւաքածոյի մեծ մասը նուիրեց Կալիֆորնիայի Միշն Հիլզ քաղաքում գտնուող «Արարատ» տան թանգարանին, որտեղ էլ ներկայումս այն ցուցադրւում է։
1. Մովսէս Թելֆէեանի հագուստներից, Կեսարիա:
2. Մետաքս-թաւշեայ վերարկու մորթէ աստառով, որ հաւանաբար պատկանել է Ագապի Թելֆէեանին, Կեսաիա:
3. Վիկտորիա Թելֆէեանի սև մետաքս-թաւշեայ զգեստը, Պոլիս:
Թէլֆէեան ընտանիքների հաւաքածոների պահապանները
Կարապետ Թէլֆէեանի ծոռը՝ Նազելին, հաւատարմօրէն պահպանել է մօրից իրեն ժառանգութիւն մնացած բազմաթիւ իրերը, որոնք նրա բնակարանում պահւում էին Կեսարիայից բերուած փայտեայ, մեծ քանդակազարդ և թուակիր սնդուկների մէջ:
Նազելին շատ բան չգիտի Թէլֆէեանների մասին: Նրա մայրը, Գալենիկը չափազանց զարգացած կին լինելով հանդերձ նախընտրել է չպատմել իր ընտանիքի հետ կատարուածի մասին: Նա խրախուսել է իր դստերը արագ համարկուել ամերիկեան հասարակութեան մէջ, աւելին՝ առաջարկել է նրան գրանցուել ամերիկեան ծովային նաւատորմի հիւանդանոցային կորպուսում ծառայութեան: Նազելին շատ լաւ յիշում է իր մեծ հօրը՝ Սեդրակ Թիմուրեանին և հաճոյքով է պատմում նրա մասին: Մինչ այժմ էլ Թիմուրեանի սենեակն իր կահ-կարասիով, ինչպէս նաև իր ծնողների և եղբօր սենեակները Նազելին պահպանել է այնպէս ինչպէս որ դրանք եղել են։ Նա երբեք չի ամուսնացել և հիմա էլ մենակ է ապրում այդ տանը: Ծառայութիւնից և համալսարանն աւարտելուց յետոյ Նազելին աշխատել է որպէս ուսուցչուհի: Հարցին, թէ ինչո՞ւ է այդպէս խնամքով պահպանել իր տանը պահուող սնդուկները, Նազելին պատասխանում է, թէ դրանք իր մօր և նրա ընտանիքի գեղեցիկ յիշատակներն են, որ ջերմացնում են իր սիրտը և նա չափազանց հպարտ է դրանով: Նազելին հիմա, իր կեանքի մէկ դարեայ շեմին շատ ուրախ է, որ մարդիկ հետաքրքրւում են իր պահպանած իրերով և որ դրանք ապահովութեամբ տեղ են գտել «Արարատ» թանգարանի ցուցադրութիւնում:
Մովսէս և Ագապի Թէլֆէեանների ընտանիքին պատկանող մեզ յայտնի հաւաքածոյի հիմնական մասը, ինչպէս նախապէս նշուեց, պատկանել է Թէլֆէեանների երկու կրտսեր դստրերին՝ Վիկտորիային և Մաննիկին: Վիկտորիան մահացել է 26 տարեկան հասակում, թողնելով մեկ զաւակ՝ Սարգսին: Մաննիկը, որը մեծացել էր Վիկտորիայի հետ և շատ կապուած էր նրան, որոշել է, որպէս յիշատակ, պահպանել նրա բոլոր իրերը, նրա հարուստ օժիտի բոլոր չգործածուած կտորները: Իր երկու դուստրերի հետ միաժամանակ Մաննիկը հոգ էր տանում նաև իր սիրելի քրոջ որդու՝ Սարգսին: Ընտանիքը և նրա ողջ ունեցուածքը միատեղ պահելու նպատակաւ, Մաննիկը իր կրտսեր դստերը՝ Շահինէին ամուսնացրել է Սարգսի հետ։ [20] Շահինէի դուստրը՝ Վիքին, իր վերջին հարցազրոյցներից մէկի ժամանակ նշեց, որ Մաննիկը իր դուստր Շահինէին, հայատառ թուրքերեն գրած նամակում պատուիրել էր ընտանիքին պատկանող բոլոր իրերը աչքի լոյսի պէս պահել, որովհետև այդ իրերը իրենց ընտանիքի պատմութիւնն էին կրում: Ըստ Թինայի յայտարարութեան, ընտանիքի միւս մեծահասակ կանայք ժամանակի ընթացքում նոյնպէս ընտանիքին պատկանող իրենց ունեցած որոշ իրեր վստահելով փոխանցել են Շահինէին: Այդ պատճառով է, որ այս հաւաքածոն բաւականին մեծ է: Այս յօդուածում ներկայացուած իրերը իրական հաւաքածոյի մի մասն են միայն: Շահինէն իրեն յանձնուած բոլոր իրերը հաւատարմաբար պահպանել էր մօտ յիսուն տարի:
Վիքին՝ Շահինէի դուստրը խօսում է հայերէն և նոյնպէս պահպանողներից մէկն է, որի տանը պահւում էին Կեսարիայից բերուած բազմաթիւ գորգեր և տարիներ առաջ նա նոյնպէս պատմում էր իր յիշողութիւններն իր ընտանիքի մասին և այդ պատմութիւններով լրացնում և թարմացնում էր Թինայի յիշողութիւնները:
Մ. Թէլֆէեան հաւաքածոյի ներկայ պահապանը Թինան է: Որպէս Մովսէս Թէլֆէեանի ընտանիքի ժառանգութեան կրող և նրա ընտանիքի յիշատակը շարունակող, մեծ ակնածանքով է վերաբերւում իր խնամքին յանձնուած հաւաքածոյին: Նա նաև ընտանիքում պահպանուած պատմութիւնների կրողն է: Շատ լավ յիշում է իր մեծ տատ Մաննիկին և մեծ մօրը Շահինէին: Մաննիկը մահացել է, երբ Թինան տասնմէկ տարեկան էր: Մանկութեան տարիներին, Թինայի ամառային այցելութիւնների ժամանակ երբեմն Շահինէն բացելով հին բոխչաներից մէկն ու մէկը պատմում էր նրա մէջ պահպանուած հագուստների, ձեռագործ կտորների և այլ իրերի մասին և դրանց հետ կապուած պատմութիւնները: Մաննիկի, Շահիէի և Վիքիի միջոցով իրեն հասած պատմութիւնները հրաշալի թարմութեամբ պահպանուել են Թինայի յիշողութեան մէջ և դրանց նա երբեմն անդրադառնում է իր ստեղծագործութիւններում: Որպէս բանաստեղծ Թինան փորձում է այդ պատմութիւնները դարձնել միջոց իր նախնիների մասին յայտնի և պահպանուած յիշողութիւնը հայ համայնքին կամ ամերիկեան լայն հասարակայնութեանը հասցնելու համար:
Թէլֆէեանների մեծ ընտանիքի անդամները խուսափեցին կոտորածներից, իրենց հայրենի քաղաքից հեռացան, որովհետև նրանք համոզուել էին, որ այլևս «իրենց բարձը» այնտեղ դնել չէին կարող: Թէլֆէեան ընտանիքի երկու ճիւղերի կանայք, բարեբախտաբար, յաջողեցին անդառնալի կորստից փրկել իրենց ընտանիքների թանկագին յիշատակները՝ Կեսարիայի հարուստ մշակոյթից մի-մի պատառիկ։ Այս իրերը միաժամանակ իրենց մէջ են խտացնում Թէլֆէեան ընտանիքի պատմութիւնը, երբ նրանք ապրում էին հայրենի Կեսարիայում:
1. Աստոր Էլմասսեան և Գալենիկ (ծնեալ Թիմուրեան) Էլմասսեան, 1922-23թ., Լոս Անջելէս:
2. Գալենիկ Էլմասսեան (ծնեալ Թիմուրեան), 1922-23թ., Լոս Անջելէս:
Սուրճի բաժակներ և կարի տուփ: Այցեքարտերի տուփ-գրքոյկը պատկանել է Մաննիկ Թելֆէեանին (Թինա Տէրմիրճեանի հաւաքածոյ):
- [1] Արշակ Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ հատոր, տպ. Յ. Փափազեան, Գահիրէ, 1937, էջ 1470-1471, 1492-1494:
- [2] Կեսարացիները շատ էին գնահատում գորգը և ունեցածին համապատասխան իրենց տները զարդարում էին դրանցով (Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 1499-1500):
- [3] Պրուսիայից Պոլսոյ ճանապարհով Կեսարիա բերուող մետաքսին սկսեցին գումարուել նաև տեղում արտադրուող մետաքսը, նաև՝ տեղական բուրդը, որ ներկւում և մանւում էր տեղում (Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 1503):
- [4] Կեսարիայում մեծահարուստներից շատերը բարեկամութիւն էին անում ամերիկեան միսիոներների հետ՝ դառնում էին բողոքական-աւետարանական, որպէսզի կարողանային համեմատաբար ապահով լինել թուրքական կրօնական բռնութիւններից ու ոտնձգութիւններից (ընտանեկան պատմութիւններից):
- [5] Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 2200:
- [6] Ալպօյաճեանը հիմնականում նշում է ընտանիքների արու զաւակների անունները: Իգական սեռի ներկայացուցիչները հիմնականում չեն նշւում: Այս տեղեկութիւնը մեզ հասանելի դարձաւ Կարապետ Թէլֆէեանի ծոռներից մէկի կողմից պատրաստուած ընտանիքի ծառից:
- [7] Նուրիձան մահացել 1904 թուականին: Նրա ծննդեան թիւը յայտնի չէ:
- [8] Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 2200:
- [9] Նոյն, էջ 2200-2203:
- [10] Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 2200; նաև՝ ընտանիքում պահպանուած տեղեկութիւններից:
- [11] Այս տեղեկութիւնը Ալպօյաճեանինն է, սակայն ըստ ընտանիքում պահպանուած տեղեկութիւնների Կարապետը երկու աղջիկներ է ունեցել, Նազէնը և Ասանէթը:
- [12] Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 2200-2203:
- [13] Սեդրակ Թիմուրեանն իր յուշերում մանրամասն ներկայացնում է մի շարք կարևոր տեղեկութիւններ ու մանրամասներ կապուած XIX դարի կէսերին գորգի առևտրի զարգացման վերաբերեալ: Նրա յուշատետրը պահւում էր Նազելի Էլմասյանի հաւաքածոյում, որն այժմ «Արարատ» թանգարանի միջոցով պատրաստվում է հրատարակութեան: Բացի Սեդրակ Թիմուրեանից նման առևտրական տներ էին նաև Թօփալեանները և այլօք (Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 2203):
- [14] Ալպօյաճեանը նշում է, որ նրանք երկու տղայ զաւակներ ունէին, սակայն ընտանիքի անդամները միայն Սարգսի մասին գիտեն։ Մ. Թէլֆէեանի ընտանեկան պատկերում էլ միայն Սարգիսն է ներկայ, որը կրում է իր մեծ հօր Գազազ Սարգսի անունը: Ի միջի այլոց, ընտանիքի երկու ճիւղերում էլ մի քանի տղայ զաւակեր նոյն անունն են կրում:
- [15] Բուլղարիայի մասնաճիւղը ղեկավարում էր Մեսրոպի որդի Սարգիսը (Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 2200):
- [16] Նոյն:
- [17] Կեսարիայում տները ապահովութեան համար կառուցւում էին քով-քովի, որպէսզի հարկ եղած դէպքում վտանգից փախելու եւ յարձակումներից պաշտպանութիւն կազմակերպելու հնարաւորութիւն ունենային (Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 1673): Այդ պատճառով էլ հարևանների տներում կատարուածը արագ յայտնի էր դառնում յարակից հարևաններին:
- [18] Կեսարացիների մօտ սովորութիւն կար իրենց երեխաներին կարևոր առիթներով թանկարժէք գորգեր նուիրել: Եթէ բրդից պատրաստուած գորգը արժեր 2-5 ոսկի, ապա մետաքսէ գորգը արժեր 15-20 ոսկի (Ալպօյաճեան, Պատմութիւն հայ Կեսարիոյ, էջ 1504):
- [19] Այս ճիւղի կանայք են՝ Նազէն Թէլֆէեան-Թիմուրեան, Գալենիկ Թիմուրեան-Էլմասեան, Նազելի Էլմասեան:
- [20] Քանի որ հայկական եկեղեցին նրանց չէր ամուսնացնելու մօտ ազգակցական կապի պատճառով, Սարգիսը և Շահինէն ամուսնացել են իտալական կաթոլիկ եկեղեցում: