Թիմուրեան ընտանիքը, Պոլիս: Ոտքի, ձախից՝ Անառիկ, Գալենիկ, Օննիկ: Նստած, ձախից՝ Լևոն, Նազէն, Հերման, Սեդրակ, Հայկալոյս:

Կարապետ Թէլֆէեանի և Սեդրակ Թիմուրեանի ընտանիքներին պատկանող հաւաքածոները | ԱՄՆ

Հեղինակ՝ Սոֆի Հ. Խաչմանեան, 04.12.20

Կարապետ Թէլֆէեանը կեսարացի ճանաչուած մետաքսի վաճառական Գազազ Սարգիս Թէլֆէեանի աւագ որդին էր: Սարգիս Թէլֆէեանը, մետաքսից բացի, սուրճի մեծաքանակ առևտրի հիմնական վաճառականներից է եղել: Ամենայն հաւանականութեամբ, ընտանիքը Թէլֆէեան կոչուելու հիմնական պատճառն էլ հենց այդ իրողութիւնն է [1]: Ընտանիքում պահուած տեղեկութիւններից յայտնի է դառնում, որ բացի մետաքսից և սուրճից Սարգիսը ակտիւ էր նաև խէժի և ոսկու առևտրի մէջ, ունէր նաև գորգի արտադրութեան փոքր գործարան:

Կարապետ Թէլֆէեանի ծոռան դուստր Ջեննիֆէր Թէլֆէեան-ԼաՐոյը տարիների ընթացքում ընտանիքի անդամներից հաւաքել է գրութիւններ, փաստաթղթեր, նկարներ: Ջեննիֆէրը ընտանիքի ծառի հեղինակն է և այս յօդուածի համար ընտանիքի մասին որոշ տեղեկութիւններ նա է մեզ տրամադրել: Նա այժմ բնակւում է Նիւ Եորքում:

XIX դարի երկրորդ կէսին Սարգսի երկու որդիները՝ Կարապետն ու իր կրտսեր եղբայր Մովսէս Թէլֆէեանները շարունակում էին իրենց հօրից` Գազազ Սարգսից ժառանգած մետաքսի առևտրի գործը: Կենտրոնական Ասիայից, Պարսկաստանից նրանք ներմուծում էին մետաքսի հումք, կերպասներ, որ վաճառում էին տեղական շուկայում, նաև՝ արտահանում էին Պոլիս և Եւրոպայի զանազան երկրներ: XIX դարի վերջին սակայն, մետաքսի առևտրի անկման պատճառով, շատ ուրիշ գործարարների հետ միաժամանակ, Թէլֆէեան եղբայրները նոյնպէս շատ արագ ձեռնարկեցին գորգի արտադրման և վաճառման գործին: Կարապետը դարձաւ Կեսարիայի նշանաւոր և յաջողակ վաճառականներից մէկը, իսկ Մովսէս Թէլֆէեանն աւելի յայտնի էր ջեջիմների և գորգերի արտադրութեամբ և վաճառքով [2]:

Իրենց գործունէութեան ընթացքում եղբայրները երբեմն համագործակցել են միմեանց կամ` այլ վաճառականների հետ: Կարապետի աւագ դստեր ամուսին և կեսարացի նշանաւոր վաճառական Սեդրակ Թիմուրեանի յուշերից [3] յայտնի է դառնում, որ Թէլֆէեաններն իրենց արտադրանքի սպառումն ընդլայնելու համար Կեսարիայում արտադրած ջեջիմները, կարպետներն ու գորգերն ուղարկում էին Պոլիս իրենց գործընկեր Յովհաննէս Քէլէկեանին, այնտեղ բացուած խանութում վաճառելու: Այս գործարքի արդիւնքում նրաք բոլորն էլ նշանակալի ֆինանսական յաջողութիւններ են գրանցել։ Յովհաննէս Քէլէկեանը Կարապետի կին Նուրիցայի քրոջ ամուսինն էր, որն այդ ընթացքում Պոլսում ոսկու և դրամի փոխանակման փոքրիկ և ոչ շատ եկամտաբեր խանութ ունէր և այդ պատճառով էլ ուրախ էր Թէլֆէեանների հետ համագործակցութեան համար [4]:

Կարապետ Թէլֆէեան և Նուրիցա Սարաֆեան-Թէլֆէեանի ճիւղը

Կարապետ Թէլֆէեանը (1832-1906) 1865 թուականին ամուսնացել է օրիորդ Նուրիցայի հետ (ծննդեան թիւը անյայտ, մահացել է 1904 թ.), որը Կեսարիայում յայտնի ընտանիքներից մէկի  դուստրն էր:

XIX դարի վերջերին, Պոլիսը որպէս կենտրոն ունենալով, Կարապետը, սկսեց ընդլայնել իր գործը Եւրոպայում, Ասիայում, Մերձաւոր Արևելքում, որտեղ իր հիմնած գրասենեակներում աշխատում էին իր գործակալները [5]:

Նրա հեռահար նպատակը Ամերիկայում մասնաճիւղ հիմնադրելն էր նաև: Սեդրակ Թիմուրեանի յուշատետրից տեղեկանում ենք, որ իր այս ծրագիրն իրականացնելու նպատակով Կարապետը  սկզբում իր 17-18 տարեկան աւագ որդուն՝ Սարգսին, Րոբերտ քոլէջից (Պոլիս) ոմն Հրանտ Կիրեկչեանի հետ ուղարկում է Նիւ Եորք, նրա հետ առաքելով նաև որոշակի քանակութեամբ գորգեր՝ Թէլֆէեան առաջին խանութը հիմնելու համար [6]:

Սարգիսը, չնայած իր երիտասարդ տարիքին, Նիւ Եորքում 1888 թուականին հիմնադրում է «Ս. Թէլֆէեան և ընկերութիւն»ը և կարճ ժամանակում կարողանում է ներկայանալի յաջողութիւնների հասնել: Դրանից յետոյ միայն Կարապետն իր բազմանդամ ընտանիքով տեղափոխւում է Ամերիկա [7], որտեղ նա, և հետագայում էլ իր զաւակները, յաջողեցին գործն աւելի ընդլայնել [8]:

Ըստ Արշակ Ալպօյաճեանի հաղորդած տեղեկութիւնների, Կարապետը ունեցել է 5 տղայ և 3 աղջիկ, սակայն ընտանիքի ծառի վրայ նշուած են 5 տղայ և 2 աղջիկ [9]: Ընտանիքում պահուող նկարներից և Ս. Թիմուրեանի յիշողութիւններում նշուող տեղեկութիւններից մեզ յայտնի են Կարապետի 4 որդիները և 2 դստրերը [10]: Թիմուրեանի յուշերում առկայ է տեղեկութիւն, որտեղ նշւում է, որ երբ Կարապետ Թէլֆէեանը առեւտրային համագործակցութեան նպատակով իր եղբայր Մովսէսին հրաւիրում է Պոլիս, Մովսէսն իր հետ տանում է նաև Կարապետի ընտանիքը՝ տիկ. Նուրիցային, նրանց որդիներ Յովհաննէսին, Ասանէթին, Հրանտին և Ալբէրտին: Աւագ դուստրը Նազէնն այդ ժամանակ արդէն ամուսնացած էր, իսկ Սարգիսն արդէն Պոլսում էր, իսկ Միհրանը չի նշւում: Բոլոր մնացած զաւակներն էլ հետագայում տեղափոխուել են ԱՄՆ և բոլորն էլ ներկայ են ընտանեկան լուսանկարներում:

Ընտանիքի անդամների ծննդեան և մահուան թուերի մասին տեղեկութիւնների մի մասը նշուած են Արշակ Ալպօյաճեանի «Պատմութիւն Կեսարիոյ» աշխատութեան մէջ [11]: Ցաւօք Ալպօյաճեանը հիմնականում ներկայացնում է տղամարդկանց մասին իրեն յայտնի տեղեկութիւնները: Աղջիկ զաւակների կամ կանանց մասին տեղեկութիւնները սահմանափակ են: Դրանք միայն առկայ են այն դէպքերում, երբ նշւում են իրենց հայրերի, եղբայրների կամ՝ ամուսինների հետ:

Կարապետի զաւակներն են՝ Նազէնի Թէլֆէեան-Թիմուրեան (1862-1922), Սարգիս Թէլֆէեան (1866-1914), Յովհաննէս (Ջօն) Թէլֆէեան (1868-1924), Միհրան Թէլֆէեան (1870-1873), Ասանէթ Թէլֆէեան-Բաշբազիրգանեան (հետագայում Բաշեան) (1873-1920), Հրանտ Թէլֆէեան (1878-1937) և Ալբերտ Թէլֆէեան (1881-1959):

Ընտանեկան ծառի վրայ ներկայացուած Կարապետի ընտանիքը բազմանդամ է: Այստեղ գրանցուած տեղեկութիւններից ակնյայտ է դառնում, որ որդիներից երկուսի՝ Սարգսի և Միհրանի ճիւղերը աճ չեն գրանցել: Սարգսի մասին յայտնի է Ռոլանդ Թէլֆէեանի [12] հարցազրոյցից, որից պարզւում է, որ նա Աղաւնի Ազնաւորեան-Թէլֆէեանի հետ ամուսնութեան ընթացքում զաւակներ չի ունեցել և նա մահացել է 48 տարեկանում, իսկ Միհրանն էլ, ինչպէս արդէն նշուեց, մահացել է վաղ տարիքում, Կեսարիայում:

Սարգիս Թէլֆէեան

Կարապետի աւագ որդի Սարգիս Թէլֆէեանը, որ գործերի մէջ ընտանիքի յաջողակ զաւակներից մէկն էր, որպէս ընտանեկան գործի գլխաւոր, փոխարինել է հօրը: Սարգսի օրօք Թէլֆէեանները կարողացել էին գորգավաճառութեամբ մեծ հարստութիւն կուտակել [13]: Ծնողների հիմնած աւանդոյթին հետևելով Սարգիսը նոյնպէս իր հարստութեան մի զգալի մասը տրամադրում էր նուիրատւութիւնների: Նիւ Եորքում, իր նախաձեռնութեամբ նա 1916 թուականին հիմնադրել է «Թէլֆէեան Աւետարանչական հիմնադրամը», որի գործունէութիւնը շարունակւում է մինչ օրս: American Board of Commissioners for Foreign Missions կազմակերպութեանը Սարգսի նուիրատւութիւնները գործածուել են Օսմանեան կայսրութիւնում գտնուող հայ երիտասարդների կրթութեան համար, նկատի ունենալով որ այս ամերիկեան աւետարանական հաստատութիւնը դպրոցներ եւ որբանոցներ հիմնած էր կայսրութեան հայաբնակ վայրերում [14]:

Ձեռագործի զանազան կարատեսակներով արուած տակդիրներ

Այնթապի կարատեսակով տակդիր։
Այնթապի կարատեսակով և ասեղնագործ ժանեակով տակդիր։
Սվազի կարատեսակով տակդիր:
Սեղանի փոքրիկ ծածկոց-տակդիր: Վուշէ կտորից կենտրոնով, հայկական ասեղնագործ ժանեակ արուած երիզով:
Բարձի երես երիզուած հայկական ասեղնագործ ժանեակով:
Ժանեակազարդ եզրերով ձևաւորուած բարձի երես:

Յովհաննէս (Ջօն) Թէլֆէեան

1914 թուականին Սարգիսի մահից յետոյ, Կարապետի երկրորդ որդին՝ Յովհաննէս (Ջօն) Թէլֆէեանն իր եղբայրների հետ փոխում է ընկերութեան անուանումը «Ս. Թէլֆէեան և եղբայրներ»ի և դառնում է նրա ղեկավարը: Իր  ղեկավարութեան ընթացքում Յովհաննէսը Թէլֆէեան ընկերութիւնը զարգացնելով դարձնում է  արևելեան գորգերն Ամերիկա ներմուծող երեք հիմնական և կարևոր ընկերութիւններից մէկը [15]: Թէլֆէեան ընկերութեան ընդլայնուած գործունէութեան սահմաններում, Յովհաննէսը հետագայում բարձր որակի բուրդ էր արտահանում Անգլիայի Մանչեստր քաղաքից: Արտահանուած բուրդը մեծ մասամբ տեղափոխում էր Իրանի Կաշան քաղաքը, որտեղ Թէլֆէեանները ունէին արտադրամսեր գորգեր պատրաստելու համար։ Այստեղից գորգերը արտահանում էին աշխարհի զանազան երկրներ [16]: Յովհաննէսի ղեկավարութեան ներքոյ Թէլֆէեան ընկերութիւնը ակտիվ առևտրական կապեր ունէր նաև Չինաստանի, Արևելեան Ասիայի, Եւրոպայի և այլ երկրների հետ [17]:

1917 թուականին Յովհաննէս Թէլֆէեանը հիմնադրել է Նիւ Եորքի 34րդ փողոցի վրայ գտնուող Հայկական Աւետարանական եկեղեցին և Հայկական միսիոներական կազմակերպութիւնը (AMAA), որի առաջին նախագահն ինքն էր: Նա նաև զանազան ներկայանալի նուիրատւութիւններ է կատարել իր եղբօր ստեղծած «Թէլֆէեան հիմնադրամին» (Telfeian Evangelical Fund) [18]:

Հրանտ Թէլֆէեան

Կարապետի երրորդ որդի Հրանտ Թէլֆէեանը նոյնպէս կրթուած անձնաւորութիւն էր և նոյնպէս զբաղուած է գորգի առևտրով: Հրանտը եղել է «Հայ Աւետարանչական կազմակերպութեան» գանձապահը: Նա նոյնպէս ներկայանալի նուիրատւութիւններ է կատարել Նիւ Եորքի Հայ Աւետարանական եկեղեցու շէնքի կառուցման և կահաւորման համար, «Թէլֆէեան Աւետարանական հիմնադրամին», հովանաւորել է զանազան կրթական և մշակութային ծրագրեր [19]։

Կեսարիայից բերուած թուագիր մեծ սնդուկը, որի մեջ Armenian Dress and Textiles Project-ի խմբի անդամները առաջին անգամ տեսան այս հաւաքածոյի հագուստների ու ձեռագործ առարկաների  մեծամասնութիւնը: Սնդուկի վրայ գրուած է 1883 թուական։ Չափերը. երկարութիւնը՝ 114 սմ., լայնութիւնը 56 սմ. և խորութիւնը 64 սմ.:

Ալբերտ Թէլֆէեան

Կարապետի կրտսեր որդին, Ալբերտ Թէլֆէեանը, Նիւ Եորքի Աւետարանական եկեղեցու հիմնադիր և ազդեցիկ անդամներից մէկն էր: Նա «Թէլֆէեան Աւետարանական հիմնադրամի» և բազմաթիւ բարեսիրական ծրագրերի նուիրատուներից էր: Ալբերտը նոյնպես զբաղուած էր գորգի առևտրով և համարձակ վաճառական էր: Ջեննիֆերի հետ հարցազրոյցից տեղեկանում ենք, որ Ալբերտը հիմնականում ընդգրկուած էր գորգերի արտադրութեան համար հարկաւոր հումքի ձեռքբերման և ապրանքների տեղաբաշխման գործում: Ա. Ալպօյաճեանը նկարագրում է նրա խիզախ ձեռնակումը 1917 թուականին, երբ գերմանական սուզանաւերը Ատլանտեան օվկիանոսում հարուածում էին Ամերիկա երթևեկող շոգենաւերին և Ամերիկայի հետ ապրանքաշրջանառութիւնը դարձնում անհնարին, Ալբերտը յանդգնութեամբ ճամբորդում է Ռուսաստան և այնտեղից էլ Պարսկաստան: Պարսկաստանում նա մնում է մէկ տարի, գնում է բազմաթիւ գորգեր և առագաստանաւերով ուղարկում է Ամերիկա: Ինքը էլ՝ Հնդկաստանով, Խաղաղ օվկիանոսով շուրջերկրեայ ճամբորդութիւն կատարելով յաջողեցնում է հասնել Սան Ֆրանցիկո [20]: Ալբերտ Թէլֆէեանը սերտ կապերի մէջ էր իր քոյրերի ընտանիքների հետ:

***
Աւագ եղբայրներ Սարգսի և Յովհաննէսի մահից յետոյ, 1926-ից մինչև 1932 թուականները, գործը ղեկավարում էին նրանց կրտսեր եղբայրներ Հրանտը եւ Ալբերտը: Նրանց հետ համագործակցում էին նաև Յովհաննէսի որդիներ Կարապետը և Հարրէթը (կամ Հերբերթը): 1932 թուականից յետոյ Թէլֆէեան այս նոր ընկերութիւնը բաժանուել է երեք մասերի՝ մէկ բաժինը Հրանտին, երկրորդ բաժինը Ալբերտին, իսկ երրորդը՝ Կարապետին և Հարրէթին: Հրանտի ընկերութիւնը գոյատևել է մի քանի տարի միայն, իսկ Ալբերտի ընկերութիւնը՝ մինչև 1950-ական թուականները: Երրորդ մասի մէջ հետագայում բացի Կարապետից և Հարրէթից նեգրաուել են նաև Յովհաննէսի երկու կրտսեր որդիները՝ Միլթոնը և Ջօնը: Բաժանուելուց յետոյ որոշ ժամանակ այս չորս եղբայրները շարունակում էին իրենց գործը համագործակցելով ամերիկեան “Othen” ընկերութեան հետ՝ հիմնականում վաճառում էին արհեստական գորգեր:

Յովհաննէս (Ջոն) Թէլֆէեանի զաւակները։ Ձախից՝ Ջոն, Կարապետ, Գրեյս, Հարրէթ, Միլթոն։ Կարապետը և Հարրէթը Յովհաննէսի (Ջոն) առաջին կնոջ՝ Ջոհաննա Մինասեանի որդիներն են: Գրեյսի, Ջոնի և Միլթոնի մայրը Վենուս Իսկեան-Թէլֆէեանն էր: Լուսանկարիչ՝ Kazanjian Studio Inc. New York։
Ասանէթ Բաշեանի (ծնեալ Թէլֆէեան) ընտանիքը, Պոլիս: Ձախից՝ մեծ դուստրը Մարին, Մկրտիչը, Եւնիկէն, Ասանէթը և Օննիկը: Ոտքի, սև հագուած կինը՝ անյայտ:
Աջից վերևում Ալբերթ Թէլֆէեանն է, իսկ երկրորդ շարքի աջից Յովհաննէս Թէլֆէեանը, նրա կողքին իր կինը Ջոհաննան է երեխայով, առջևում նստած երեխաները Կարապետն ու Հարրէթն են, 1911 թ.:
Սկիւտար (Պոլիս), Գալենիկ Թիմուրեանը ամերիկեան կանանց քոլեջի իր դասընկերուհիների հետ: Նա նստած է ներքևի շարք, ճիշդ կեդրոնում։
Ադաբազար, 1912 թ., քոլեջի աշակերտուհիները։ Գալենիկ Թիմուրեանը ներքեւից, երկրորդ շարք, ձախից առաջինն է։ Սեւ զգետսով է, որ վրայ սպիտակ ծաղակազարդեր կան։ Լուսանկարիչ՝ Զօրաբաբէլ Գրիգոր Տօնաթոսեան։
«Հայ երգեցիկ խումբ», Միացեալ Նահանգներ։ Գալենիկը, որ անդամ էր խմբին, միջին շարքում նստածներից աջից երկրորդն է (սպիտակ շապիկով եւ սեւ զգեստով):
Ձախից աջ՝ Հայկալոյս Թիմուրեան, Հրանդ Թէլֆէեան, Եւնիկէ Բաշեան, Մկրտիչ Բաշեան, Մարի Բաշեան, Երուանդ Գրիգորեան, իսկ առջևում Թիմուրեանների կրտսեր որդին՝ Լևոնն է:
Ադաբազար, 1912 թ.։ Ներքեւի շարք, ձախից՝ Գալենիկ Թիմուրեան, Քնարիկ Միսքճեան։ Երկրորդ շարք, ձախից՝ Փերուզ Անդրէասեան, Թարիա Պէրպէրեան, Ֆէորա Գասպարեան, Հայկանուշ Թաթարեան, Հռիփսիմէ Աթանասեան, Վիքթորիա Պօղոսեան, Հրանուշ Շաքարագործեան։ Երրորդ շարք, ձախից՝ Արուսեակ Աղպապեան, Կիւլենիա Մոմճեան, Հրանուշ Պաղտասարեան։ Վերեւի շարք, ձախից՝ Արմենուհի Կալաճիկեան, Արմենուհի Ճերկաճեան, Եւնիկէ Գուրեան, Աղաւնի Գայգէճեան։

Սեդրակ Թիմուրեան և Նազէն Թէլֆէեան-Թիմուրեան ճիւղը

Կեսարացի նշանաւոր գորգավաճառ Սեդրակ Թիմուրեանը (1860-1946), Կարապետ Թէլֆէեանի աւագ դստեր՝ Նազէնի (1862-1922) ամուսինն էր: Այս ընտանիքի պատմութիւնն ու նրանց պատկանող ներկայանալի հաւաքածոն կարևոր է քննարկելու այս ուսումնասիրութեան շրջանակներում, որովհետև այս ընտանիքի պատմութիւնը սերտօրեն առնչւում է Կարապետ Թէլֆէեանի ընտանիքի  պատմութեանը: Հաւաքածոյի ներկայ պահապանը Թիմուրեանների թոռ՝ Նազելի Էլմասսեանն է, որը Նազէնի միակ դուստր Գալենիկի դուստրն է:

Նշանաւոր վաճառական Սեդրակ Թիմուրեանն իր կեանքի վերջին տարիներին ապրել է Գալենիկի տանը և այնտեղ էլ մահացել:  Այս տանն ապրելու ընթացքում Թիմուրեանն աշխատել է իր յուշատետրի վրայ: Ս. Թիմուրեանը ոչ միայն յաջողակ և զարգացած առևտրական, այլև կրթուած անձնաւորութիւն էր:

Ս. Թիմուրեանը նաև հին գորգերի լաւ գիտակ էր և շատ լաւ անձնական հաւաքածոյ ունէր: Կեսարիայում եղած տարիներին նա զբաղւում էր հին գորգերի վաճառքով, որոնք հիմնականում ձեռք էր բերում Պարսկաստանից, Կեսարիայի շրջակայ գիւղերից ու քաղաքներից և վաճառում տեղում, Պոլսում, Եւրոպայում և Կահիրէում: Թիմուրեանն իր յուշերում նշում է, որ Պոլսի և Կեսարիայի միջև առևտրիասպարէզում աչքի ընկնող վաճառական ընկերութիւններն էին Քաւջեան, Գունտաքճեան, Օհանեան, Քէլէկեան և Թէլֆէեան, նաև Թէլֆէեան/Թիմուրեան ընկերութիւնները:

Օժիտի համար պտրաստուած մետաքսէ, Այնթապի ասեղնագործութեամբ զարդարուած գիշերային արտահագուստ: Հաւանաբար պատկանել է Նազէն Թիմուրեանին:
Հայկական ասեղնագործ ժանեակով պատրաստուած և մետաքսէ ժապաւէններով զարդարուած թասակ-գլխանոց։ Լուսանկարուած է գիշերանոցի հետ միասին:
Օժիտի համար նախատեսուած վարդագոյն մետաքսից պատրաստուած գիշերանոց, որի կուրծքը և թեզանիքները զարդարուած են հայկական ասեղնագործ ժանեակով:
Գիշերանոցի ժանեակազարդ մասից մի հատուած:
Օժիտի բամբակեայ, հայկական ասեղնագործ ժանեակով զարդարուած շքեղ գիշերանոց:
Գիշերանոցի ասեղնագործուած մասից մի հատուած:
Գալենիկ Թիմուրեան-Էլմասեանի նշանդրէքի մետաքսէ ասեղնագործուած հագուստը, 1921 թ., Ֆրեզնօ: Հագուստը վերջերս վերականգնել է Սոֆի Խաչմանեանը:
Հագուստի ետնամասի հատուածը:
Գալենիկի հարսանեկան մետաքսէ հագուստը, որ նա կրում է հարսանեկան պատկերում, 1922 թ., Ֆրեզնօ:
Հագուստի կրծքի հատուածը, որ արուած է հայկական ասեղնագործ ժանեակով։

Թիմուրեանն իր յուշատետրում պատմում է այն մասին, թէ ինչը խրախուսեց իրեն և պատճառ դարձաւ, որ ինքն էլ սկսեց զբաղուել գորգերի առևտրով: Նախ հարկ է նշել, որ մինչ Սեդրակը Նազէն Թէլֆէեանի հետ ամուսնանալը, Թէլֆէեան ընտանիքն, ընդհանրապէս, սերտ փոխյարաբերութիւնների մէջ էր Թիմուրեան ընտանիքի հետ: Երբ Սեդրակը երիտասարդ էր և որբ մնալուց յետոյ բազմաթիւ դժուարութիւններից անցնելով կարողացել էր մետաքսի վաճառքի մի փոքրիկ խանութ ստեղծել, Թէլֆէեան Կարապետ և Մովսէս եղբայրները իրենց քեռի Կավսիեանից սովորել էին ջեջիմ պատրաստելու գործը: Մովսէս Թէլֆէեանի աշխատանոցում արտադրուած իրենց  արտադրանքը՝ ջեջիմներ, կարպետներն ու գորգերը, ինչպէս նշուեց նախապէս, առաքում էին Կարապետի կնոջ քրոջ ամուսին Յովհաննէս Աղա Քէլեջեանին Պոլսում վաճառելու համար: Այս յաջողակ գործարքը տպաւորում և հրապուրում է երիտասարդ Թիմուրեանին այն աստիճան, որ նա որոշում է թողնել մետաքսի առևտուրը և գործի լծուել գորգերի վաճառքի ասպարէզում: Նա շատ ուրախ էր գործի փոփոխման համար, որովհետև հին գորգերի և կարպետների վաճառքից անհամեմատ աւելին էր վաստակում:

Գնուած և վերավաճառուած ապրանքների մէջ Թիմուրեանը թւում է զանազան գործուածքներ, ինչպէս օրինակ՝ Սվազից և նրա շրջակայքից արուած առևտրի արդիւնքում նա իր գործընկերների հետ ձեռք էր բերել զանազան հին կարպետներ, Գորդզի, Կուլա տեսակի գորգեր, և անգամ Իսպահանի մեծ գորգեր, հետագայում նաև Իրանից արտահանուած Մուսուլ և այլ տեսակի գորգեր: Կեսարիայում եղած տանիներին նա իր մետաքսի խանութը փակելուց յետոյ մէկ կամ երկու տարի նաև զբաղուել է կարպետների ու ջեջիմների արտադրութեամբ և նոյնիսկ մրցակցել է Թէլֆէեան եղբայրների հետ: Սեդրակն իր գործունէութեան վաղ շրջանում նաև 3-4 տարով զանազան գործարքներ է կնքել իր աներոջ հետ կամ՝ աշխատել է նրա համար:

Սեդրակ Թիմուրեանը Նազէնի հետ ամուսնացել է 1883 թուականի յունիսի 23-ին, այն  ժամանակ նոր կառուցուած Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Նա չափազանց սիրել էր իր կնոջը, որի հետ նա կապուած է եղել ամբողջ կեանքի ընթացքում: Նրանք միատեղ ունեցել են հինգ որդիներ՝ Օննիկը, Անառիկը, Հայկալուսը, Լևոնը եւ Հերմանը և մէկ դուստր՝ Գալենիկը (1890-1960): Սեդրակն ու Նազէնը ունեցել են նաեւ երեք այլ երեխաներ, որոնք վաղ հասակում են մահացել. Հռիփսիմէն Կեսարիայում, իսկ Հերմանը (այս անունը կրող առաջին որդին) և Սրբուհին Պոլիս գնալու և վերադաառնալու ճանապարհներին:

Սուլթան Համիդի 1895 թուականի նոյեմբեր ամսին Կեսարիայում կազմակերպած ջարդերից յետոյ, շատ հայ ընտանիքների հետ, Թիմուրեանները կորցնելով երեսուն տարուայ աշխատանքի արդիւնքները, որոշում են լքել հայրենի քաղաքը և տեղափոխուիլ Պոլիս: Իր որդուն՝ առաջին Հերմանին յուղակավորելուց յետոյ Սեդրակ Թիմուրեանը ընտանեօք տեղափոխւում է Պոլիս 1896 թուականի մարտի 18-ին, Կեսարիայում հայկական ջարդերից ճիշտ չորս ամիս յետոյ:

Փոքրիկ ադամանդէ քարով զարդարուած վզնոցի ոսկէ նկարատուփ-պահարան, որ պատկանել է Նազէնին:
Ոսկէ ապարանջան, որ որպէս վզնոց պատկանել է Նազէնին: Հետագայում այն անցել է Նազելիին, որն այն ձևափոխել է ապարանջանի և կրում է:
Բարձր որակի ոսկէ, թելքաշ կամ ֆիլիգրան տեխնիկայով արուած քունքակախիկ կամ վզնոցի կախիկ, որ զարդարուած է զմրուխտէ և այլ քարերով: Այն հաւանաբար գալիս է Կեսարիայից և պատկանել է Նուրիցային կամ Նազէնին: Հետագայում Գալենիկը, գործածելու միտումով, այն կիսով չափ զարդարել է փոքրիկ մարգարիտների շարանով: Աշխատանքը չի աւարտուել և Նազելին այս գեղեցիկ թելքաշ աշխատանքը պահել է մինչև օրս: Նման քունքակախիկները կախւում էին «Թագզա» կոչուող գլխանոցի երկու կողմերում:
Փիրուզով և այլ կիսաթանկարժէք քարերով զարդարուած վզնոցի ոսկէ նկարատուփ-պահարան: Այն ձեռագործ աշխատանք է և պատկանել է Նազէնին: Այն այժմ դատարկ է, 19-րդ դարի վերջ:
Վզնոցի ոսկէ մեդալիոն՝ նկարատուփ-պահարան, որը պատկանել է Գալենիկին: Պահարանը դատարկ է, 20-դարի սկիզբ:
Սարդիոնից և ակաթից պատրաստուած ապարանջան: Այս ապարանջանը զոյգ է, որովհետև ըստ 20-ական թուականների նորաձևութեան թելադրանքի, երկու միանման ապարանջանները կրում էին երկու դաստակներին միաժամանակ:
Ագաթից պատրաստուած զարդատուփ և ուլունքաշար: Պատկանել են Գալենիկին:

Թիմուրեանի կարևոր երազանքներից մէկը իր որդիների համար բարձրագոյն կրթութիւն ապահովելն էր: Պոլսում եղած տարիներին նրա երկու որդիները՝ Օննիկը և Անառիկը իրենց նախնական կրթութիւնը ստանալուց յետոյ ընդունւում են Պոլսի յայտնի ամերիկեան Րոբերտս քոլեջը: Օննիկը երկու տարուայ կրթութիւնից յետոյ ստիպուած է լինում թողնել քոլեջը և գնալ հօրն օգնելու իրենց խանութում: Անառիկը քոլեջն աւարտելուց յետոյ կաշառքով ձեռք է բերում երկիրը թողնելու թոյլտւութիւն և գնում է Անգլիա, Օքսֆորդում սովորելու: Համալսարանն աւարտելուց յետոյ է նա որոշում գնալ Ամերիկա: Գալենիկն ընդունւում և աւարտում է Սկիւտարի ամերիկեան կանանց քոլեջը, որն աւարտում է 1911 թուականին:

Թիմուրեանների երեք փոքր որդիները՝ Հերմանը (այս անունը կրող երկրորդ որդին), Հայկալոյսը և Լևոնը ծնւում են Պոլսում եղած տարիներին: Օսմանեան կայսրութիւնը լքելու մտադրութեամբ Սեդրակն առաջին անգամ Ամերիկա է գնացել 1910 թուականին, որտեղ հիմնել է հնութիւնների վաճառքի իր խանութը: Բալկանեան պատերազմը սկսուելուց անմիջապէս յետոյ նա Հերմանին նոյնպէս ուղարկում է Ամերիկա: Հայկալոյսը և Լևոնը մնում են Պոլսում, իրենց  կրթութիւնն աւարտելու: Թիմուրեանը Նազէնի և իր դուստր Գալենիկի հետ 1912 թուականի հոկտեմբերին վերջնականապէս հեռանում է Օսմանեան կայսրութիւնից:

Կարապետ Թէլֆէեանի կրտսեր որդին՝ Ալբերտ Թէլֆէեանը:
Սեդրակ Թիմուրեանը (կեդրոնը, ճաղատ) մի խումբ մարդկանց հետ, 1909 թ., Պոլիս: Նրա ձախ կողմինը հաւանաբար Հրանդ Թէլֆէեանն է, իսկ առջևում կանգնած փոքրիկ տղաները, հաւանաբար Ջոնի զաւակներն են՝ Կարապետը և Հարրէթը:
Մի խումբ ադաբազարցի աղջիկներ իրենց դպրոցական ընկերների հետ վերամիաւորման առիթով, Նիւ Եորք քաղաքում։ 1912 թուականին Գալենիկը իր ընտանիքի հետ այցելել է Ադաբազար: Ան գտնւում է ներքևի շարքի մէջտեղում, սպիտակ հագուստով:
Գալենիկ Թիմուրեանը (նստած, առաջին շարք, կենտրոնում) Նիւ Եորքի մէջ, հայ աւետարանական «Ջանից» կազմակերպութեան դաշտահանդէսին, 17 Յուլիս 1915:
Ալբերտ Թելֆէեանի տանը, Green Grove, Նիւ Ճըրսի: Ձախից աջ՝ Գալենիկ, Եւնիկէ, Ասանէթ, Լևոն, Նազէն, Սեդրակ, Ալբերտի կինը՝ Սարգիսը գրկին, Ալբերտը Րոբերտի հետ:

Նրանց գործն Ամերիկայում լաւ էր ընթանում, որովհետև Նիւ Եորքում հաստատուելուց յետոյ Թիմուրեանն իր որդի Օննիկի միջոցով դեռ կարողանում էր Իրանից հին գորգեր տեղափոխել Ամերիկա: Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին գորգեր ներմուծելու հնարաւորութիւնների դժուարութեան պատճառով գորգերի առևտուրը չափազանց տուժեց: Թիմուրեանը առողջական խնդիրների պատճառով Նիւ Եորքում մնալ չէր կարող և մտադրութիւն ունէր տեղափոխուել Կալիֆորնիա: Բարեկամների և ընկերների յորդորանքներին անսալով, և ժամանակ չկորցնելով, 1918 թուականին նա որոշում է ընտանիքը տեղափոխել Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնօ քաղաքը, որտեղ նրանք խաղողագործութեան համար հողատարածք և մեծ առանձնատուն են գնում:

Ընտանիքում պահպանված տեղեկութիւն կայ, որ Գալենիկն այս տունը և տարածքը անուանել է «Ոսկէ արշալոյս» (“Golden Dawn”): Ըստ Նազելիի վկայութեան, Ֆրեզնոյի առանձնատան հողամերձտարածութեան մէջ կար մի փոքրիկ լճակ, լողաւազան և թենիսի դաշտ:

Գիւղատնտեսական գործն այս շրջանում ծաղկում էր ապրում և Ֆրեզնոյում հաստատուելուց յետոյ սկզբնական շրջանում Թիմուրեանների գործերը բաւականին արդիւնաւէտ էին: Ըստ ընտանիքում պահպանուած տեղեկութիւնների, Թիմուրեանն առաջին անձն էր Ֆրեզնոյում, որ ավտոմոբիլներ ունէր:

Հռոմէական ազդեցութեամբ արծաթէ դրուագուած ապարանջան: Այս ապարանջանը մէկ զոյգ է և Գալենիկը դրանք կրել է երկու դաստակներին միաժամանակ: Նման ապարանջանները կոչւում էին “friendship bracelets”, 19-րդ դարի վերջ:

Մելքիորէ դրուագուած տուփ Սուրբ Գէորգի պատկերով, որի մէջ այժմ զարդերի մնացորդներ են:

1922 թուականին Սեդրանի եւ Նազէնի դուստր Գալենիկը Ֆրեզնոյում ամուսնանում է խարբերդցի Ասատուր (Աստոր) Էլմասեանի հետ, որը մասնագիտութեամբ իրաւաբան էր: Միևնոյն տարուայ ընթացքում, Գալենիկի ամուսնութիւնից մի քանի ամիս յետոյ, Նազէնը հիւանդանում է քաղցկեղով և մահանում է, որը Սեդրակի համար ծանր հարուած էր: Տղաներն այս ընթացքում եկել էին Կալիֆորնիա, որտեղ կրտսեր որդիները դեռ շարունակում էին կրթութիւն ստանալ՝ Լևոնը իրաւաբանութեան ասպարէզում, իսկ Հայկալոյսը դարձել էր քաղաքային երկրաչափ: Անառիկն արդէն ամուսնացել էր:

Գիւղատնտեսական գործը Ֆրեզնոյում զանազան քաղաքական և ֆինանսական պատճառներով անկում է ապրում, ինչպէս նաև հին գորգերի և զանազան հին ապրանքների առևտուրը: Սեդրակ Թիմուրեանն իր կեանքի այս շրջանն անուանում է երրորդ և վերջին շրջան: Նա կորցրել էր իր կեանքի ընկերոջը, երեխաները զբաղուած էին իրենց կեանքը կարգաւորելով, Ֆրեզնոյի տունը պարտքերի դիմաց վաճառելով և կորցնելով խաղողի այգիները, նա 1932 թուականից ապրում էր Գալենիկի ընտանիքի հետ:

Մինչև ընտանիքը Լոս Անջելեսում հաստատուելը, Սեդրակ Թիմուրեանն իր աղջկայ ընտանիքի հետ երկու տարի ապրում էր Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում, որտեղ Առաջին Համաշխարհային պատերազմը վերջանալուց յետոյ իրենք նորից գորգերի և անտիկ ապրանքների վաճառքի խանութ էին բացել: Խանութում նրանք վաճառում էին Բելուջիստան տեսակի գորգեր և բարձեր և մի շարք այլ հնութիւններ: Նման բարձ, բազմաթիւ գորգեր, XVIII դարին պատկանող պղնձէ սինի (մեծ ափսէ) և այլ ապրանքներ մինչև հիմա էլ պահւում են Նազելի Էլմասեանի տանը:

1937 թուականին Սեդրակ Թիմուրեանի ֆինանսական օգնութեամբ, Գալենիկի  ընտանիքի հետ միասնաբար, նրանք գնում են Լոս Անջելեսում գտնուող իրենց տունը, որտեղ մինչ հիմա էլ ապրում է Նազելի Էլմասեանը: Սեդրակ Թիմուրեանը նաև իրեն համարում էր ջերմեռանդ հաւատացեալ և լաւ քրիստոնեայ: Իր կեանքի վերջին տարիներին նա Լոս Անջելեսի իրենց տանից ոչ հեռու գտնուող «Մասիս» եկեղեցու անդամ էր՝ սարկաւագի աստիճանով: Եկեղեցու պատուելիի բացակայութեան դէպքերում նա նաև քարոզում էր: Այս եկեղեցում նա ծառայել է մինչև 1946 թուականը՝ իր կեանքի աւարտը:

Ներկայումս, Նազելի Էլմասեանի տուն այցելողը կը կարծէ, թէ այցելում է իւրօրինակ մի փոքրիկ թանգարան: Այնտեղ ամէն ինչ մնացել է այնպէս ինչպէս, որ եղել է երեսունական թուականներին: Ծնողների, եղբօր և մեծ հօր սենեակներն իրենց կահ կարասիով մինչ հիմա էլ պահպանւում են: Սեդրակ Թիմուրեանի սենեակի անկիւնում մինչ հիմա էլ դրուած է այն սեղանը, որի վրա նա գրել է իր յուշատետրը:

Թէլֆէեան-Թիմուրեան-Էլմասեան ժառանգութեան պահապանները

Այս ժառանգութեան գլխաւոր պահապանները եղել են Նազէնը, նրա դուստր Գալենիկը եւ թոռնուհին՝ Նազելին։ Շնորհիւ այս կանանց հրաշալի հաւաքածոն պահպանուել ու հասել է մինչև մեր օրերը:

Նազէնի միակ դուստր Գալենիկը կրթուած և յղկուած անձնաւորութիւն էր: Գալենիկի մասին Նազելին պատմում է, որ իր մայրը շնորհալի էր, ունէր եռանդուն և սուր միտք, լայն մտահորիզոն և բազմազան հետաքրքրութիւններ: Գալենիկը խօսում էր մի քանի լեզուներով, կարդում և հասկանում էր գրաբար հայերէնը, գրում էր բանաստեղծութիւններ: Նա շատ լաւ նուագում էր դաշնամուրի վրայ և հրաշալի երգում:

Նիւ Եորքում եղած տարիներին Գալենիկը սոցիալական աշխատողի [ընկերային ծառայող] դասընթացներ էր անցել և Փասադենայում բնակութեան տարիներին, և դրանից յետոյ երկար ժամանակ նա աշխատել էր որպէս սոցիալական աշխատող, որովհետև սիրում էր օգնել մարդկանց: Երկրորդ Համաշխարհային  պատերազմի տարիներին Գալենիկը աշխատում էր ամերիկեան (Bureau of Censorship) գրաքննութեան բիւրոյում որպէս թարգմանիչ: Նա հետաքրքրուած էր երեխաների կրթութեամբ, բազմաթիւ դասախօսութիւններ էր կարդում այն կազմակերպութիւններում, որոնց մէջ նա ընդգրկուած էր: Աւետարանական մի քանի եկեղեցիների, ինչպէս նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (AGBU) ակտիվ անդամ էր և անխոնջ եռանդով աշխատում էր հայկական գաղութի բարօրութեան համար:

Նազելին երիտասարդ հասակում իր մօր յորդորանքով անդամագրուել է ամերիկեան ծովային նաւատորմի հիւանդանոցային բաժնում ծառայութեան: Այդ տարիներին նրա եղբայր Արամը նոյնպէս ծառայութեան մէջ էր: Ծառայութիւնից վերադառնալուց յետոյ Նազելին շարունակում է կրթութիւնը և աշխատանքի անցնում խուլ և համր երեխաների համար նախատեսուած տարբեր դպրոցներում որպէսուսուցիչ: Նա 2020-ին բոլորեց իր ծննդեան 96 տարին, դեռ մեքենայ վարելու իրաւունք ունի, երբեք չի ամուսնացել: Իր նախնիների կողմից իրեն թողնուած ներկայանալի հաւաքածոն Նազելին ամենայն պատասխանատւութեամբ պահպանել է մինչ օրս։

Եթէ մի պահ պատկերացնենք, թէ այս կանայք իրենց ընտանիքների ունեցուածքները, երկրից-երկիր տեղափոխած և պահպանած չլինէին, մենք հիմա ասելու շատ բան չէինք ունենայ Թէլֆէեան-Թիմուրեան ընտանիքների և նրանց պատմութեան մասին: Շնորհիւ այս հաւաքածոյի մեզ են հասել շատ կարևոր հայկական և մշակութային հարստութիւններ, առանձ որոնց հայ ազգի պատմութեան մի կարևոր հատուածի մասը կազմող ընտանիքների պատմութիւններ անդառնալիօրեն կորած կը լինէին: Պահպանուած առարկաներն ու ընտանեկան լուսանկարները նրանց պատմութեան վկաներն ու կրողներն են: Կանայք իրենց նուիրումով ոչ միայն իրենց ընտանիքների ունեցուածքն են փրկել ու պահպանել, այլ մի անտեսանելի, սակայն հաստատուն կամուրջ են «կառուցել» ներկայի և անցեալի միջև, որի միջոցով ժամանակակիցը կարողանում է «վերադառնալ»  և ծանօթանալ կեսարացիների և նրանց կեանքում կատարուած կարևոր դէպքերին ու իրադարձութիւններին: Այդ «կամրջով» այս երևելի կանայք մեզ են հասցրել Կեսարիայում զարգացած և տասնամեակների ընթացում երկրից-երկիր անցած ազգային և մշակութային ժառանգութիւնը, որը պատկանում է ոչ միայն կեսարացիներին կամ հայ ազգին, այլ համամարդկային արժէք ունի:

Գալենիկ Թիմուրեանը՝ աջից, մէջտեղում Ալբերտ Թէլֆէեանի կինը Ռոզն է, միւս օրիորդը՝ անյայտ, 1914 թ., Միացեալ Նահանգներ:
Գալենիկը և մայրը՝ Նազէն Թիմուրեանը (ծնեալ Թէլֆէեան) Նիւ Եորքի հայ աւետարանական եկեղեցու կազմակերպած տօնավաճառի ժամանակ, 15 Ապրիլի 1916:
Նազէնը և որդին՝ Հայկալոյսը Իսպանական գրիպի համավարակի տարիներին, հաւանաբար Ֆրեզնոյի մէջ (1918-1919):
Օննիկ Թիմուրեանը իրենց գորգերի խանութում, շատ հաւանաբար Նիւ Եորքում:
Նիւ Ճըրսիի Ocean Grove hանգստեան տան մօտ, Ատլանտեան օվկիանոսին մէջ, 1917 թ.: Վերևի շարքում, ձախից՝ Հայկալոյս, Նազէն, Լևոն։ Ներքևի շարքում, ձախից՝ Մարի, Եւնիկէ, Գալենիկ:
Աստոր Էլմասեանի և Գալենիկ Էլմասեանի (ծնեալ Թիմուրեան) հարսանեկան նկարը, 1922 թ.:
Էլմասեան ընտանիքը։ Ոտքի, ձախից՝ Գալենիկ եւ Աստոր։ Նստած, ձախից՝ Էլիանոր, Արամ, Նազելի:
Նազելի Էլմասեանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայի ծովային նաւատորմում ծառայութեան ժամանակ: Այս լուսանկարը Նազելին հասցէագրել է եղբօրը՝ Արամին, որը նոյնպէս ծառայութեան մէջ էր: Մակագրութիւնը՝ “All my love, your sis”:

Թիմուրեանները Ֆրէզնոյի մէջ

Ֆրեզնօ, Թիմուրեան ընտանիքի որոշ անդամներ բարեկամների խմբի հետ: Վերևի շարք, ոտքի ձախից առաջինը՝ Օննիկ Բաշբազիրգանեան (Ասանէթի որդին)։ Նոյն շարքի հինգերորդը՝ Գալենիկ Էլմասեան-Թիմուրեանն է, վեցերորդը՝ Գալենիկի ամուսին Աստուր Էլմասեանն է։ Աստուրին առջեւ կանգնած կինը Նազէն Թիմուրեան-Թէլֆէեանն է, իսկ Նազէինի ետին կագնած երկրորդ անձը Հրանդ Թէլֆէեանն է։
Ֆրեզնօ. Սեդրակ Թիմուրեանը իր մեքենայում սպասարկում ստանալիս: Մեքենայում երևում են Գալենիկը և Նազէնը:
Թիմուրեանները Ֆրեզնոյի իրենց “Golden Dawn” կոչուող տան առջևում, 1921 թ.: Վերևի շարքում Հայկալոյսն է, երկրորդ շարքի աջ կողմում Աստոր էլմասեանն է, նրա կողքին նստած է Նազէնը, իսկ ներքևում Գալենիկն է: Գալենիկը և Աստորը հաւանաբար արդէն նշանուած են:
Թիմուրեանները Ֆրեզնոյի “Golden Dawn” տան բակում կիրակօրեայ ճաշի են նստած, 1921 թ.: Ձախից աջ՝ Սեդրակ, Գալենիկ, Աստոր, Լևոն Թիմուրեան, օրիորդ Լիւթեր (ազգանունը անյայտ) և Նազէն:

Այս բաժնով ներկայացնում ենք զանազան պատկերներ, որոնք վերաբերւում են Թիմուրեան ընտանիքի Ֆրեզնօ ապրելու ժամանակաշրժանին։ Պատկերների թուականները 1918-ից 1921-ի միջեւ են։ Ինչպէս երեւում է, այդ ժամանակ Թիմուրեան ընտանիքը Ֆրեզնոյի մէջ զբաղուել է գիւղատնտեսութեամբ։

  • [1] «Թէլֆէ» թուրքերէն բառ է, որ թարգմանաբար նշանակում է սուրճի նստուածք:
  • [2] Մովսէս Թէլֆէեանի և իր ընտանիքի մասին աւելի մանրամասն տե'ս, Ս. Խաչմանեան, www.houshamadyan.org/en/oda/americas/movses-telfeyan-collection-usa.html
  • [3] Սեդրակ Թիմուրեանն իր կեանքի վերջին տարիներին է գրել իր յուշերը, որտեղ բացի անձնական և ընտանեկան պատմութիւններից նա նաև արժէքաւոր տեղեկութիւններ է հաղորդել Կեսարիայի վաճառականների և նրանց գործունէութեան մասին։ Թիմուրեանի ձեռագիրը հայատառ թրքերէն է։ Հետագային, ընտանիքի անդամներից՝ Յակոբ Դէմիրջեանը թարգմանել է անգլերէնի եւ տարածել ընտանեկան շրջանակին մէջ։ Ներկայիս պատրաստութեան մէջ է հայատառ թրքերէն գործին մասնագիտական թարգմանութիւնը։ 
  • [4] Ս. Թիմուրեանի յուշեր:
  • [5] Ջեննիֆեր Թէլֆէեան-ԼաՐոյի հարցազրոյցից:
  • [6] Ս. Թիմուրեանի յուշեր:
  • [7] Արշակ Ալպօյաճեան, Պատմություն հայ Կեսարիոյ, հտր. Բ, Կահիրէ, 1937, էջ 2200-2203; “Armenian Dress and Textile project”:
  • [8] Ալպօյաճեան, Պատմություն հայ Կեսարիոյ, հտր. Բ, էջ 2201-2203; նաև՝ ընտանիքում պահպանուած տեղեկութիւններից:
  • [9] Ընտանիքի ծառը կազմող՝ Ջեննիֆեր Թէլֆէեան-ԼաՐոյ:
  • [10] Ջենիֆեր Թէլֆէեան-ԼաՐոյի հետ ունեցած հարցազրոյցից տեղեկանում ենք, որ Կարապետի որդիներից Միհրանը մահացել է Կեսարիայում, երեք տարեկան հասակում:
  • [11] Ընտանիքի անդամների ծննդեան և մահուան թուերը շտկուել կամ աւելացուել են համաձայն Ջենիֆէր Թէլֆէեան-ԼաՐոյի տրամադրած տեղեկութիւնների:
  • [12] Ռոլանդ Թէլֆէեանը Ջեննիֆերի եղբայրն է, որ ներկայումս նոյնպես բնակւում է Նիւ Եորքում:
  • [13] Այս մասին նշում է նաև Սեդրակ Թիմուրեանն իր յուշատետրում:
  • [14] Արշակ Ալպօյաճեան, Պատմություն հայ Կեսարիոյ, էջ 2201:
  • [15] Ջեննիֆեր ԼաՐոյի արխիւներից:
  • [16] Այս գորգը պատրաստուել է Կաշանի Թէլֆէեան գործարանում:
  • [17] Ռողանդ Թէլֆէեանի հետ հարցազրոյցից:
  • [18] Նոյն:
  • [19] Ջեննիֆեր Թէլֆէեան-ԼաՐոյի արխիւից:
  • [20] Արշակ Ալպօյաճեան, Պատմություն հայ Կեսարիոյ, էջ 2202-2203: