Խաչատուրեան գերդաստանի հաւաքածոյ - Երեւան
Հեղինակ՝ Արմինէ Տէր-Ղեւոնդեան, 20/05/25 (վերջին փոփոխութիւնը՝ 20/05/25)
Խաչատուրեան գերդաստանը հիմնել է 19-րդ դարասկզբին Խաչատուր անունով անձնաւորութիւնը։ Այս անունը հիմք դարձաւ հետագայ սերունդների համար որպէս տոհմի ազգանուն։ Խաչատուրին կոչել են Ղազանչի, թուրքերէնից թարգմանաբար՝ մետաղեայ կաթսաներ պատրաստող։ Եղել են բնիկ այնթապցի։ Այնթապը (ներկայիս Gaziantep) գտնուել է Կիլիկիայում։
Այնթապում Խաչատուրը հարստանում է եւ ձեռք բերում մեծ կարողութիւններ։ Այդ թուերին ապրանքները տեղափոխում էին աւանակների վրայ բարձելով, եւ մարդու հարստութիւնը նաեւ չափւում էր իր ունեցած աւանակների քանակութեամբ։ Խաչատուրի մականունը դողսան էշեգ էր, թուրքերէնից թարգմանաբար՝ 90 աւանակ ունեցող։
Խաչատուրի ծննդեան եւ մահուան ստոյգ թուականներն անյայտ են, սակայն ենթադրում ենք, թէ ծնուել է 1800-ից 1805-ի եւ մահացել 1850-ի եւ 1855-ի միջակայքում։ Ունեցել է չորս որդի՝ Յարութիւն (1830-1885), Խաչատուր կամ Ատուր (1846-1908), Գրիգոր, Յովհաննէս եւ երեք դուստր՝ Յակուդ, Մարիամ, Լուսիա։ Որդիների ամուսնական կեանքում հետաքրքիր թուաբանութիւն է նկատւում. Գրիգորն ունեցել է մէկ, Յարութիւնը` երկու, Յովհաննէսը` երեք, իսկ Ատուրը` չորս կին։ Բաժանութիւններ չեն եղել, պարզապէս՝ կանայք մահացել են, հիմնականում ծննդաբերութիւնների ընթացքում եւ տղամարդիկ նորից են ամուսնացել։ Պատմւում է, թէ Ատուրի երրորդ կնոջ թաղման ժամանակ նա նկատում է պատուհանից արարողութիւնը դիտող մի երիտասարդուհու։ Նրանք ժպտում են իրար, եւ քառասուն օր անց աղջիկը դառնում է նրա չորրորդ կինը։

Երկրորդ շարք, ձախից աջ՝ Սարգիս Խաչատուրեան (Ատուր պապայի երրորդ որդին), Յակոբ Խաչատուրեան (Ատուր պապայի առաջին որդին), Ատուր Խաչատուր Խաչատուրեան (ընտանիքի մեծը), Եղիա Խաչատուրեան (Ատուր պապայի երկրորդ որդին), Յարութիւն Խաչատուրեան (Ատուր պապայի հինգերորդ որդին)։
Երրորդ շարք, ձախից աջ՝ Հռիփսիմէ Պասմաճեան (Ատուր պապայի հինգերորդ դուստրը), Լուսին Այվազեան (Յակոբ Խաչատուրեանի դուստրը), Արմինէ Դեւեջեան (Եղիա Խաչատուրեանի դուստրը), Մերիա Մելքիսէթեան (Ատուր պապայի դուստրը, զոհուել է Տէր-Զօրում իր երկու որդիների հետ)։
Գերդաստանի պատմութեան այն մասը, որ մեզ յայտնի է, ընդգրկում է երկու դար, որը հայ ազգի պարագայում կարող է ներկայանալ որպէս երկարատեւ ժամանակահատուած։ Գերդաստանի պատմութեան եւ գործունեութեան մասին չունենք գրաւոր տուեալներ, ունենք միայն բանաւոր վկայութիւններ։ Որոշ հարցերում հիմնւում ենք պատմագրական ուսումնասիրութիւնների վրայ։
19-րդ դարի երկրորդ կէսին Այնթապը դարձել էր Փոքր Ասիայի կրթական կենտրոններից մէկը։ Սակայն, դպրոցներում տրուող գիտելիքների մեծ մասը կրում էր կրօնական բնոյթ։ Տարրական առաջին դպրոցները բացուեցին միայն 1850-ականներին։ Այդ պատճառով, Խաչատուրն ու իր երեխաները կանոնաւոր դպրոց յաճախելու հնարաւորութիւն չունեցան։ Գերդաստանի միայն երրորդ սերունդն էր, որ լաւ կրթութիւն ստացաւ։ Սակայն նրանք էլ մեծապէս տուժեցին ցեղասպանութիւնից, իսկ ովքեր էլ ողջ մնացին՝ անցան անմարդկային փորձութիւններով։
Խաչատուրի երկրորդ որդու՝ Ատուր Խաչատուրեանի որդիները յաճախել են Այնթապի Վարդանեան կրթարանը (այս վարժարանին մասին տեսնել Այնթապ – Դպրոցներ (Բ.) յօդուածը) եւ եղել դրա առաջին տարիների շրջանաւարտներից․ Սարգիս Խաչատուրեանն աւարտել է 1890-ին, Խաչատուրը՝ 1899-ին, Արամը՝ 1903-ին եւ Յարութիւնը՝ 1905-ին։ Սարգիսը 1892-ին մաս կազմել է «Անձնական ընկերութիւն» անունով գործակցական մի ընկերութեան, որի նպատակն էր նիւթապէս աջակցել Վարդանեան կրթարանին։
Յովհաննէս Խաչատուրեանի Յարություն եւ Արամ որդիների մասին տեսնել «Պատմութիւն Անթէպի հայոց» (Լոս Անճէլըս, 1953) Բ. հատորում։ Երկուսն էլ Այնթապից գաղթել են Ամերիկա եւ հասել մեծ յաջողութիւնների։ Յարությունը ծառայել է ամերիկեան բանակում եւ մասնակցել դէպի Հայաստան ամերիկեան զինուորական առաքելութեանը։ Արամը աւարտել է Հարվըրտի համալսարանը որպէս քիմիաբան եւ երկար տարիներ աշխատել է Պանամայի ջրանցքի գօտում, որպէս գլխաւոր քիմիաբան։
Ատուր Խաչատուրեանի ճիւղը
Ատուր (Խաչատուր) Խաչատուրեանը կամ ինչպէս նրան կոչում էին՝ Ատուր պապան ծնուել է 1846-ին Այնթապում եւ այնտեղ էլ մահացել 1908-ին։
Ատուրը իբրեւ նուիրատու մասնակցութիւն է ունեցել Այնթապի Սուրբ Աստուածածին մայր եկեղեցու շինարարութեան։ Եկեղեցու յատակագիծը պատրաստել էր Պոլսոյ յայտնի ճարտարապետներից Սարգիս պէյ Պալեանը։ Շինարարական աշխատանքներն աւարտուել են 1893-ին։
Ատուրը ամուսնացել է չորս անգամ եւ ունեցել վեց որդի ու հինգ դուստր։ Առաջին կնոջից ծնուել է երկու դուստր՝
- Օվսաննա (1863-1915), ամուսինը՝ Սարգիս Մոմճեան։ Զոհուել է Տէր-Զօրում իր չորս դուստրերի հետ։
- Խանում (1860-1943), ամուսինը՝ Արթին Քիւրքճեան: Այս ճիւղի մասին ստորեւ առանձին։
Երկրորդ կնոջից՝ Մարիամ Տէր-Մելքոնեանից ծնուել է մէկ որդի՝
- Յակոբ (1867-1913), կինը՝ Էլիզա Նազարեան
Երրորդ կնոջից ծնուել են երկու որդի եւ մէկ դուստր՝
- Եղիա (1870-1916), կինը՝ Մարի Նազարեան։ Այս ճիւղի մասին ստորեւ առանձին։
- Սարգիս (1873-1933), կինը Մերում Եաղսըզեան։ Սարգիսի մասին տեսնել «Պատմութիւն Անթէպի հայոց» Բ. հատորում։ Վարդանեան Կրթարանի առաջին շրջանաւարտներից էր և Բաբգէն Կաթողիկոսի դասընկերը։ Վերջինս էլ հետագայում նախագահեց Սարգսի թաղման հանդիսութիւնը։ 1894-ին Սարգիսը Իսքէնտէրունի մէջ հիմնեց Խաչատուրեան Եղբայրներ առեւտրական տունը։ Օգնել է շատ մտաւորականների, որոնք 1895-96-ի ջարդերից փախչում էին Թուրքիայից։ Սարգիսը 1915-ի տարագրութեան շրջանում հաստատուեց Հալէպում, որպէս իմալէթխանէի (արհեստանոց) գլխաւոր վարիչներից մէկը եւ օգնեց հազարաւոր հայերի աշխատանք գտնելու հարցում։ Կիլիկիայի հայաթափութիւնից յետոյ հաստատուեց Բէյրութում։ Եղել է Լիբանանի Տնտեսական Խորհրդի ատենապետը (1928)։ Նրա որդին ճարտարագէտ, կուսակցական գործիչ եւ ազգային բարերար Ժիրայր Խաչատուրեանն էր (1921-2008, Բէյրութ)։ Վերջինս հանդիսացել է բազմաթիւ հանրային աշխատանքների նախագծերի գլխաւոր ճարտարագէտ եւ կապալառու, ներառեալ՝ Բէյրութի ծովափնեայ մայրուղու լայնացման եւ Բէյրութի օդանաւակայանի գլխաւոր թռիչքուղու կառուցման աշխատանքները։ Ժիրայրը Բէյրութի քաղաքային խորհրդի շատ աշխուժ անդամ էր։
- Լուսիա (1875-1921), ամուսինը՝ Գրիգոր Վարդիվառեան
Չորրորդ կնոջից՝ Օսաննայից ունեցել է երեք որդի եւ երկու դուստր՝
- Խաչատուր
- Արամ (1886-1970), կինը՝ Էֆրոնիա Նազարեան: Նրանց որդին Հրանտ Խաչատուրեանն է (ծնուած 1930-ին, Բէյրութ)՝ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հոգեբուժութեան եւ մարդու կենսաբանութեան պատուաւոր պրոֆեսոր։ Բազմաթիւ գրքերի հեղինակ է, այդ թւում մարդու սեռականութեան մասին դասագրքի։ Հեղինակ է նաեւ «The Way It Turned Out: A Memoir» յուշագրութեանը, ուր անդրադառնում է Թուրքիայում, Լիբանանում, Ֆինլանդիայում եւ Միացեալ Նահանգներում իր կեանքի մասին։ Բացի այս, Հրանտը, իր կնոջ՝ Սթինա Լինդֆորս-Խաչատուրեանի հետ միասին գրառել, թարգմանել ու հրատարակել է իր մօր՝ Էֆրոնիա Նազարեան-Խաչատուրեանի յուշերը՝ «Efronia: An Armenian Love Story» խորագրով։
- Յարութիւն (1890-1955), կինը՝ Պէաթրիս Խաչատուրեան։ Այս ճիւղի մասին ստորեւ առանձին։
- Մերիա, ամուսինը՝ Մելքիսէթ Մելքիսէթեան: 1915-ին զոհուել է Տէր-Զօրում իր երկու որդիների հետ։
- Հռիփսիմէ, ամուսինը՝ Թորոս Պասմաճեան։ Որդին՝ բանաստեղծ Սուրէն Պասմաճեան (1923, Իսկենդերուն/Ալեքսանդրէթ, Սիրիա – 1994, ԱՄՆ), գրական կեղծանունը՝ Արամ Արման։ Դուստրը՝ Արաքսին (1921, Հալէպ – 1995, Հալէպ) Հալէպում ամուսնացել է Անդրանիկ Աթթարեանի հետ (1909, Քիլիս – 2002, Հալէպ)։ Ունեցել են 4 որդի՝ Գրիգոր, Պերճ, Վահէ, Հրանտ եւ մէկ դուստր՝ Հուրի։ Ընտանիքի այս ճիւղը միակն է, որ մնաց Հալէպում եւ նրա անդամները մինչ այժմ ապրում են այնտեղ։
Եղիա Խաչատուրեանի (Ատուր պապայի երկրորդ որդին) ճիւղը
Ատուրի որդիներից Եղիան, որն իր եղբայրների՝ Յակոբի, Սարգսի եւ Արամի հետ վաճառականութեամբ է զբաղուել, Այնթապում 1903-ին ամուսնացել է Մարի Նազարեանի (1884, Այնթապ – 1973, Բէյրութ) հետ։ Նոյն թուին ծնւում է նրանց աւագ դուստրը՝ Արմինէն (1903, Այնթապ – 1982, Երեւան)։ Յաջորդ տարին՝ 1904-ին փոխադրւում են Ալեքսանդրէթ, որտեղ տարիներ առաջ Եղիան հող եւ մի փոքր տուն էր գնել։ Տեղափոխուելուց յետոյ տունը մեծացնում, դարձնում են երկյարկանի շինութիւն, իր բակով ու պարտէզով։
1907-ին ծնւում է որդին՝ Խաչատուրը (1907, Ալեքսանդրէթ – 1982, ԱՄՆ), 1910-ին՝ կրտսեր դուստրը՝ Ալիսը (1910, Ալեքսանդրէթ – 1994, ԱՄՆ)։ 1914-ին ծնւում է Յակոբը, բայց մի քանի տարեկանում մահանում է։
1915 թ․ ամռանը ընտանիքը Ալեքսանդրէթից գնում է Այնթապ օդափոխութեան նպատակով։ Սակայն օգոստոսին, երբ սկսւում է աքսորը, այլեւս չեն ուզում ետ գնալ Ալեքսանդրէթ, այլ սայլի վրայ նստած փախչում են Հալէպ։ Իրենց տունը, ամբողջ կահ-կարասին, նաեւ տանը եղած մեծ քանակութեամբ դրամը մնում են պետութեանը կամ կողոպտիչներին։ Եղիա Խաչատուրեանը 1916 թ․ յունուարի 1-ի շաբաթ օրը մեռնում է տիֆով վարակուելով հայ գաղթականներից, որոնց մէջ մտել էր օգնութիւն ցուցաբերելու նպատակով։ Ընտանիքը մինչեւ 1920 թ․ մնում է Հալէպում, սակայն յետոյ վերադառնում Ալեքսանդրէթ, քանի որ այն անցել էր ֆրանսիական հոգատարութեան տակ։


Մարի Նազարեան-Խաչատուրեանն ու իր որդին՝ Խաչատուրը 1938-ին Ալեքսանդրէթից (որն այդ պահին դեռեւս ֆրանսիական մանդատի տակ գտնուող Սիրիայի մաս էր կազմում, իսկ մէկ տարի անց յանձնուեց Թուրքիային) տեղափոխւում են Բէյրութ։ Խաչատուրը մօտ 40 տարի հաշուապահ աշխատեց Բէյրութում գործող Երուանդ Տէմիրճեան հաստատութիւնում, որը հետագայում վերանուանուեց DEMCO։ Մարին իր կեանքի մնացած մասն անցկացնում է Բէյրութում եւ այնտեղ էլ մահանում 1973 թուականին։ Մարին մէկն էր այն հայ կանանցից, որոնց համար ձեռագործը կեանքի անքակտելի մասն էր կազմում։ Նրա գործերը Բէյրութից հասել են Հայաստան իր դուստր՝ Արմինէի միջոցով եւ մինչ այժմ պահւում են Երեւանում նրա ծոռնուհու տանը։ Այստեղ ներկայացնում ենք միայն մի քանիսը իր բազմաթիւ աշխատանքներից։
Եղիայի եւ Մարիի երկրորդ դուստրը՝ Ալիսը, մի ջերմ ու առատաձեռն կին, Բէյրութում ամուսնացել էր Յովհաննէս Պաղտասարեանի հետ։ Վերջինս Բէյրութում հիմնում է հանրայայտ «Գարուն» կաթնամթերքի գործարանը։ Նրանք ունենում են մէկ դուստր՝ Անի եւ երկու որդի՝ Անդրանիկ ու Արա, որոնք իրենց ընտանիքներով ներկայումս բնակւում են ԱՄՆ-ում։ Որդիները Լիբանանում եւ ԱՄՆ-ում շարունակեցին իրենց հօր գործը՝ կաթնամթերիքի արտադրութիւնը՝ նոյն «Գարուն» ապրանքանիշով։
Այլ եղաւ Արմինէ Խաչատուրեանի ճակատագիրը։ Նա 1931-ին սկսեց դասաւանդել Ալեքսանդրեթի շրջանի Գըրըկ-Խան աւանի հայկական դպրոցում, որտեղ եւ հանդիպեց իր ապագայ ամուսնուն՝ դպրոցի տնօրէն Հրանտ Տեւէճեան/Դեւեջեանին։ Սակայն կարճ ժամանակ անց տեղափոխուեց Լիբանան, որպէսզի Լեւոն Շանթի հրաւէրով դասաւանդէր Համազգայինի Բէյրութի նորաբաց վարժարանում՝ Հայ ճեմարանում, որի հիմնադիրներն էին Լեւոն Շանթը (տնօրէն) եւ Նիկոլ Աղբալեանը։ Պահպանուած են Լեւոն Շանթի եւ Նիկոլ Աղբալեանի նամակները Արմինէին եւ Հրանտին, որոնք կցուած են այստեղ։ Ենթադրում ենք, որ Հայ Ճեմարանում աշխատեց մօտ մէկ ու կէս-երկու տարի (1931 վերջից մինչեւ 1932), ապա վերադարձաւ Հալէպ եւ 1934 թ․ յուլիսի 29-ին Արմինէն ամուսնացաւ քաղաքական-հասարակական յայտնի գործիչ Հրանտ Դեւեջեանի հետ։ Նրանք 1938-ին տեղափոխուեցին Բէյրութ, ուր Հրանտը հիմնեց «Առաւօտ» օրաթերթը՝ դառնալով նրա խմբագիրը։ 1946-ին նա նշանակուեց Սիրիայից եւ Լիբանանից հայերի ներգաղթի կոմիտէի նախագահ, եւ իր ընտանիքի հետ 1947 թ. յուլիսին նոյնպէս հայրենադարձուեց։ Երկու տարի անց, 1949 թ. յուլիսի 30-ին սպանուեց Երեւանում իր տան մէջ։ Արմինէ Խաչատուրեանը, Երեւանում միայնակ մնալով օտար միջավայրում, իր հաւասարակշռուած եւ խելամիտ բնոյթի շնորհիւ կարողացաւ ոտքի կանգնել եւ մեծացնել երեք երեխաներին՝ երկու դուստրերին՝ Սեդային (1936, Հալէպ – 2024, Երեւան) ու Աննային (1943, Բէյրութ – 2009, Երեւան) եւ որդուն՝ Յակոբին (1945, Բէյրութ – 2020, Երեւան)։
1) Արմինէ Խաչատուրեանի 10 օգոստոս 1973 թուակիր նամակը իր մօրը՝ Մարի Նազարեան-Խաչատուրեանին։ Երեւանաբնակ Արմինէ Խաչատուրեանը Բէյրութում ապրող իր մօրից ներողութիւն է խնդրում, որ հեռու է նրանից եւ չի կարող դստեր իր պարտքը կատարել՝ խնամել մօրը։ Արմինէն այս նամակը տուել էր իր երեխաներին որ ուղարկեն, սակայն այն չի ուղարկուել, քանի որ գիտէին, որ Մարին Բէյրութում արդէն մահացել էր։ Արմինէի Խաչիկ եղբայրը նամակ էր գրել այդ մասին, բայց Արմինէի երեխաները նամակը չէին տուել իրենց մօրը, որ չյուզուի։ Արմինէի թոռը յիշում է, որ մի օր տեսաւ իր մեծ մայրը պատշգամբում նստած մի նամակ էր կարդում ու լաց լինում, հասկացաւ, որ նրան ի վերջոյ յանձնել են Խաչիկի նամակը։ Թոռը զարմացաւ, որ 70 տարեկանում մարդ լաց է լինում 89 տարեկանում մահացած իր մօր համար։
2) Հրանտ Դեւեջեանի եւ Արմինէ Դեւեճեանի (ծնեալ Խաչատուրեան) դստեր՝ Սեդա Դեւեջեանի (հետագային՝ Տէր-Ղեւոնդեան) Պէյրութի Հռիփսիմեան վարժարանի մանկապարտէզի վկայականը՝ 20 Յունիս 1943 թուակիր։
Յակոբ Դեւեջեանը կենսաբան էր, Հայաստանի գիտութիւնների ակադեմիայի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրէնը։ Սեդա Դեւեջեան-Տէր-Ղեւոնդեանը ականաւոր հնագէտ էր, պեղել եւ մի քանի գրքերով հրատարակել է Լոռի Բերդ հնագիտական յուշարձանի զգայացունց նիւթերը։ Սեդան ամուսնացել է յայտնի արեւելագէտ, միջնադարագէտ, Եգիպտոսից հայրենադարձ Արամ Տէր-Ղեւոնդեանի հետ։ Հետաքրքրական է, որ վերջինիս պապը՝ Մարաշի աւագ քահանայ Տէր-Ղեւոնդը իր յուշերում գրում է, որ 1887-ին գտնուելով Այնթապում, մտերմանում է Սարգիս Խաչատուրեանի հետ («ազնիւ պատանի մը, միանգամայն շատ բարեկիրթ»)։ Վստահ ենք, որ խօսքը վերաբերում է Ատուր Խաչատուրեանի Սարգիս որդուն։ Փաստօրէն՝ Տէր-Ղեւոնդ քահանայի թոռը եւ Սարգիս Խաչատուրեանի եղբօր թոռը տարիներ անց՝ 1960-ին հանդիպեցին Երեւանում եւ ամուսնացան։ Նրանց որդին՝ Վահան Տէր-Ղեւոնդեանը hայագէտ-արեւելագէտ, պատմագիտութեանդոկտոր, Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան է, 2018-2023 թթ. եղել է ՄաշտոցեանՄատենադարանի տնօրէն։ Նրանց դուստրը՝ Արմինէ Տէր-Ղեւոնդեանը 30 տարի աշխատել է Հայաստանում Միացեալ Ազգերի Կազմակերպութեան գրասենեակում՝ որպէս կրթական ծրագրերի համակարգող։ Արմինէն գրում է նաեւ գրքեր փաստագրական-գեղարուեստական ոճով։
Այսպիսով՝ Եղիա Խաչատուրեանի թոռնուհի Արմինէ Խաչատուրեան-Դեւեջեանի ճիւղը մնաց Հայաստանում։ Այժմ Երեւանում են ապրում նրա թոռներն ու ծոռները։
Խանում Խաչատուրեան-Քիւրքճեանի՝ Ատուր պապայի երկրորդ դստեր ճիւղը
Խանում Խաչատուրեանը (Հաջի Խանըմ) 1912 թուականին Այնթապում ամուսնացել է Արթին Քիւրքճեանի հետ։ Ունեցել են 8 դուստր (մեզ յայտնի են միայն Արուսեակ, Ռոզա, Գլադիս եւ Պէաթրիս անունները) եւ մէկ որդի՝ Լեւոն (1900, Այնթապ – 1966, Բէյրութ)։ Լեւոնը ամուսնացել է Արաքսի Պետրոսեանի հետ (1923, Հալէպ – 2006, Բէյրութ) եւ ունեցել է մէկ դուստր՝ Լենա Քիւրքճեան-Գասպարեան, ով օպերային երգչուհի է, երաժշտական կրթութիւնն ստացել է Վիեննայում։ Լենան այժմ ոսկեղէնի ձեւաւորող (դիզայներ) է, ապրում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում։
Ութ դուստրերից մէկին, ում անունը չգիտենք, քրդերը փախցրել են։ Յստակ չէ թէ ո՞ր թուականին է պատահել սոյն դէպքը, բայց ընտանեկան բանաւոր պատմութեան մէջ վկայւում է, որ տեղի է ունեցել Ցեղասպանութիւնից առաջ։ Ականատեսը հետագայում ծնողներին պատմել է, որ իրենց դուստրը ամուսնացած է մի քուրդ իշխանի հետ եւ ունի երկու զաւակ։ Ծնողները մտածել են, որ եթէ անգամ մի հրաշքով վերադարձնեն իրենց աղջկան, այս անգամ էլ նա իր զաւակներից բաժանման ցաւը պիտի ապրի։ Այսպիսով, այդ աղջկան այլեւս չեն տեսել։
Խանումի եւ Արթինի Պէաթրիս անունով դուստրը ամուսնացել է Արմենակ Արսլանեանի հետ։ Ունեցել են երեք զաւակ՝ Մելանքթոն (1913, Այնթապ – 1986, Անվերս), Հայկ (1927, Հալէպ – 2011, Անվերս) եւ Վիոլէթ (1922, Այնթապ – 2014, Անվերս)։ Ժառանգները պատմում են, որ երբ սկսուել է թուրքերի կողմից հայ տղամարդկանց հաւաքագրումն ու զանգուածային սպանութիւնը, Պէաթրիսը 4 տարի ամէն առաւօտ Արմենակին օգնում էր իջնել ջրհոր եւ այնտեղ թաքնուել մինչեւ մութն ընկնելը։ Պէաթրիսի ջանքերի շնորհիւ էր, որ Արմենակը ողջ մնաց, մինչեւ որ կարողացան ամբողջ ընտանիքով փախչել Հալէպ։
1940-ականներին Մելանքթոնն ու Հայկը հիմնում են հիւսուածեղէնի գործարան, որ յաջողութեամբ աշխատեցնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1949-ին ընտանիքը Հալէպից տեղափոխւում է Բէյրութ։ Մելանքթոն Արսլանեանը 1947-ին ամուսնանում է Վիոլէթ Օղլեանի հետ եւ ունենում երեք զաւակ՝ Արա, Ռաֆֆի եւ Միլվի։ Հայկը 1958-ին ամուսնանում է Շաքէ Դոմբուրեանի հետ եւ ունենում չորս զաւակ՝ Արմէն, Շահէ, Վիգէն եւ Սանտրա։
Վիոլէթ Արսլանեանը ամուսնանում է Գէորգ Գալեմքերեանի հետ, ունենում մէկ դուստր՝ Հուրի Գալեմքերեան-Թերզեան։ 1961 թուին գործի բերումով հաստատւում են Բելգիայի Անվերս քաղաքում եւ սկսում յաջողութեամբ զբաղուել ադամանդի առք ու վաճառքով։




Արսլանեանները յայտնի են որպէս Լիբանանի եւ Բելգիայի հայ գաղթօջախների բարերարներ։ Նուիրատւութիւններ են արել բազմաթիւ հաստատութիւնների։ Նրանց շարքին է Բէյրութի հիւսիսային Մըզհեր արուարձանում Համազգայինի Լիբանանի ճեմարանի նոր համալիրը, որ ներկայիս կոչւում է «Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան Ճեմարան»։ Սա այն նույն հաստատութիւնն է կամ նրա ժառանգորդը, որտեղ 1932 թուականին ուսուցչութիւն է արել Ատուր Խաչատուրեանի թոռնուհին՝ Արմինէ Խաչատուրեանը (Եղիայի դուստրը), երբ ճեմարանը նոր էր հիմնուել եւ ինչպէս կը տեսնենք այս էջով ներկայացուած նամակների մէջ՝ չկարողացան անգամ վճարել ուսուցիչների աշխատավարձերը։ Փաստօրեն դրանից կէս դար անց Ատուր Խաչատուրեանի Խանում դստեր կողմից ծոռների՝ Մելանքթոն եւ Հայկ Արսլանեանների հիմնաւոր աջակցութեան շնորհիւ մեծապէս ընդարձակելով, այդ նոյն Ճեմարանը վերակոչուեց նրանց անունով (Հայ ճեմարանը 1950 թ. մայիսին կոչուել էր Նշան Փալանճեանի անունով)։
Խանում Խաչատուրեան-Քիւրքճեանի եւ Արթին Քիւրքճեանի ճիւղը հանդիսացող սերունդները ներկայումս ապրում են Հայաստանում, Բելգիայում եւ ԱՄՆ-ում։

Յարութիւն Խաչատուրեանի` Ատուր Պապայի 6-րդ որդու ճիւղը
Յարութիւնը (1890, Այնթապ – 1955, Բէյրութ) Ատուր Խաչատուրեանի եւ նրա չորրորդ կին Օսաննայի որդիներից է, այլ կերպ ասած՝ տոհմի հիմադիր Խաչատուրի թոռը։ Յարութիւնը ամուսնացաւ իր հօրեղբայր Յարութիւն Խաչատուրեան աւագի (1830 ? – 1881 ?) եւ նրա առաջին կնոջ Սասուքի թոռնուհու` Պէաթրիսի հետ։
Յարութիւն Խաչատուրեան կրտսերը բնակութիւն էր հաստատել Ալեքսանդրէթում, որտեղ եւ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Պէաթրիս Խաչատուրեանին։ Այդ քաղաքում նրանք ունեցան երեք որդի՝ Անդրանիկ, Բիւզանդ եւ Զաւէն։ Հօգուտ թուրքերի Ալեքսանդրէթի շրջանից Ֆրանսիայի հրաժարուելու պատճառով, 1939-ին նրանք ստիպուած էին տեղափոխուել Հալէպ, որտեղից անցան Բէյրութ։ Անդրանիկը 1960-ականներին հաստատուեց Բաղդադում եւ ամուսնացաւ իրաքցի մի հայուհու՝ Մարգարիտի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Բիւզանդը գնաց Ֆրանսիա եւ ամուսնացաւ Կատար Տէր-Մինասեանի հետ։ Ունեցան երկու զաւակ՝ Յարութիւն (ծնուած 1956-ին) եւ Մարի-Պէաթրիս (ծնուած 1959-ին)։ Կատարը դուստրն էր սիվրիհիսարցի մի ընտանիքի, որը Ցեղասպանութեան տարիներին փախել էր Օսմանեան կայսրութիւնից։ Պատահականութիւնը կրկին թոյլ տուեց, որ Զաւէնը Բէյրութում հանդիպի Ատուր Խաչատուրեանի թոռնուհուն՝ Խանում անունով դստեր դուստր Նիրվային։ Նրանք ամուսնացան եւ ունեցան երեք զաւակ՝ Սեյրան, Շահէ եւ Արա։ Շահէ Խաչատուրեանը կարողութիւն կուտակեց Աֆրիկայում ադամանդի առեւտրով, իսկ Արա Խաչատուրեանը յայտնի է որպէս էքստրեմալ սպորտի (ծայրայեղ մարզաձեւի) մասնագէտ։ Զաւէնի եւ Նիրվայի ընտանիքը ստիպուած էր Լիբանանը լքել 1975-ին ծայր առած քաղաքացիական պատերազմի պատճառով եւ հաստատուել Ֆրանսիայում։
Եղիա Խաչատուրեանի թոռ Բիւզանդի եւ Կատար Տէր-Մինասեանի որդու՝ Յարութիւն Խաչատուրեանի ընտանիքի մի մասը 2015-16 թուականներին տեղափոխուեց Հայաստան։ Նրանց թոռները եւ ծոռները այժմ ապրում են Երեւանում։

1) 1938 թ., Ալեքսանդրէթ։ Ձախից աջ՝ Մանուշակ (Մաննուշ մամա), դուստրը՝ Մարի Նազարեան-Խաչատուրեան, նրա դուստրը՝ Արմինէ Խաչատուրեան-Դեւեջեան, վերջինիս դստրիկը՝ Սեդա Դեւեջեան (հետագային՝ Տէր-Ղեւոնդեան)։
2) 2019 թ., Երեւան։ Ձախից աջ՝ Սեդա Դեւեջեան-Տէր-Ղեւոնդեան, դուստրը՝ Արմինէ Տէր-Ղեւոնդեան-Դաւթեան, նրա դուստրը՝ Աշխէն Դաւթեան-Ֆիքսովա, վերջինիս դստրիկը՝ Արփի Ֆիքսովա։
Խաչատուրեան ընտանիքի պատմութեան վկաներ
Առաջին երկու սերունդների մասին տեղեկութիւնները հաւաքագրել են Արամ Խաչատուրեանի ու Էֆրոնիա Նազարեանի որդին՝ Հրանտը եւ Սարգիս Խաչատուրեանի ու Մերում Եաղսըզեանի որդին՝ Ժիրայրը։ Նրանք հաւաքագրեցին ինչ որ հնարաւոր էր՝ ժամանակին հարցուփորձ անելով ընտանիքի մեծերին՝ յատկապէս իրենց ծնողներին, նաեւ Հռիփսիմէ Խաչատուրեան-Պասմաճեանին ու Պէաթրիս Քիւրքճեան-Արսլանեանին։ Նրանք նաեւ ստեղծել են տոհմածառը ձեռագրով։
Այնթապի մասին պատմական տեղեկութիւնների համար աղբիւր է հանդիսացել Գէորգ Սարաֆեանի «Պատմութիւն Անթէպի հայոց» գիրքը, Ա. եւ Բ. հատորներ, Լոս Անճելըս, 1953։
Եղիա Խաչատուրեանի եւ Մարի Նազարեանի ծոռնուհի Արմինէ Տէր-Ղեւոնդեանը յաջողեց յաւելեալ տեղեկութիւններ ստանալ իր մօրից՝ Սեդա Դեւեջեան-Տէր-Ղեւոնդեանից եւ վերջինիս զարմուհի՝ Անի Պաղտասարեան-Չալեանից, ինչպէս նաեւ մանրամասներ պարզեց այն բոլոր հեռաւոր ազգականներից, որոնց հետ հնարաւոր եղաւ կապ հաստատել։ Հիմնուելով Ժիրայրի եւ Հրանտի տրամադրածի վրայ եւ ի մի բերելով ողջ նիւթը, Արմինէն վերջնական շարադրեց Խաչատուրեան գերդաստանի պատմութիւնը, յաւելուածի մէջ լրացրեց տոհմածառը եւ նամակների, փաստաթղթերի, լուսանկարների ու ձեռագործների հետ միասին փաթեթը տրամադրեց Յուշամատեան կայք-էջին։