Տէր-Ղեւոնդեան (Տէր Նահապետեան) գերդաստանի հաւաքածոյ - Երեւան
Հեղինակ՝ Արմինէ Տէր-Ղեւոնդեան, 24/11/25 (վերջին փոփոխութիւնը՝ 24/11/25)
Այս տոհմի մասին տեղեկութիւններ ունենք սկսուած 17-րդ դարի վերջից` շնորհիւ գերդաստանի ականաւոր դէմքերից մէկի՝ Տէր Ղեւոնդ քահանայի յուշագրութեան։ 19-րդ դարի կէսերից տոհմը կրել է Տէր Նահապետեան ազգանունը։ 1930-ականներին Տէր Ղեւոնդի որդիները իրենց հօր պատուին ընդունեցին Տէր Ղեւոնդեան ազգանունը։
Մինչեւ Տէր Ղեւոնդը (որը վերջինն էր քահանայական շարքում), ըստ աւանդութեան, այս տոհմում միմեանց յաջորդել են 21 սերունդ քահանաներ՝ սկսած, հաւանաբար, դեռ ուշ միջնադարից։ Բնակուել են Արաքսի հովտում, կամ Արարատեան դաշտի մի բնակավայրում, որի անուանումը մեզ չի հասել: 1604-1605 թուականներին Իրանի Սեֆեան տիրակալ Շահ Աբբասը հազարաւոր ընտանիքների Ջուղայից, Ագուլիսից, Երեւանից եւ բազմաթիւ այլ բնակավայրերից բռնի գաղթեցրեց ու բնակեցրեց Իրանի Սպահան մայրաքաղաքից ոչ հեռու, հիմնելով Նոր Ջուղան եւ շրջապատող գիւղերը: Սրանց թւում էին նաեւ Տէր Նահապետեանների նախնիները: Իր յուշերում Տէր Ղեւոնդը յիշատակում է տոհմի նախնիներից որոշ անուններ՝ Տէր Մկրտիչ քահանայ, Յարութիւն եպիսկոպոս եւ Մկրտիչ վարդապետ: Սրանք հաւանաբար ապրել են 17-18-րդ դարերում՝ Ջուղայի գաղթից յետոյ, բայց նախքան Մարաշ տեղափոխուելը: 17-րդ դարի վերջերից սկսած Նոր Ջուղայից տնտեսական պատճառներով սկսւում է արտագաղթ եւ մեր ընտանիքը, հաւանաբար մինչեւ 18-րդ դարի առաջին տասնամեակները հաստատւում է Մարաշում:

Տէր Ղեւոնդի յուշերը ձեռագիր վիճակում երկար տարիներ պահվել են իր որդու՝ Նահապետի ընտանիքում: 1948-ին դրանք ներգաղթի կարավանով տեղափոխուել են Հայաստան եւ մինչ օրս պահպանուել նրա որդու՝ Արամ Տէր-Ղեւոնդեանի երեւանեան տանը: Արամի որդին՝ Վահանը վերծանեց ու մուտքագրեց բնագիրը՝ աւելացնելով առաջաբան, ծանօթագրութիւններ ու բառացանկեր։ Գիրքը լոյս տեսավ 2013 թուին։ «Մարաշի Տէր Ղեւոնդ քահանայի յուշերը», «Անտարես», Երեւան, 2013։ Գիրքը կարելի է ամբողջութեամբ գտնել սոյն կապին տակ։ 2015-ին գիրքը հրատարակուեց նաեւ ֆրանսերէն թարգմանութեամբ։ Տպագրությունը հովանաւորեց Տէր Ղեւոնդի փարիզաբնակ թոռնուհի Մերի Գործունեանը։ Յուշագրութիւնը նուիրուած է տոհմի մի քանի սերունդների պատմութեանը։ Այն ընդգրկում է 19-րդ դարի 2-րդ կէսն ու 20-րդ դարի 1-ին երկու տասնամեակը, ընդհուպ մինչեւ Կիլիկիայի հայաթափումը։ Տէր Ղեւոնդ քահանան անդրադառնում է 1895-96 թթ․ դէպքերին՝ համիդեան ջարդերին, 1909 թուի կոտորածներին, 1915 թուի տարագրութեանն ու 1918-1920-ի իրադարձութիւններին։ Գրքում արժէքաւոր տեղեկութիւններ կան ոչ միայն Մարաշի, այլեւ Կիլիկիայի եւ հարեւան գաւառների բազմաթիւ այլ բնակավայրերի մասին, ինչպէս նաեւ մարաշցիների լեզուի, կրօնի, սովորութիւնների ու կրթութեան վիճակի մասին։
Այդ ժամանակներից ի վեր, ընդհուպ մինչեւ 1915-ի տարագրութիւնը, Տէր-Նահապետեանները հանդիսացել են Մարաշի Հայ Առաքելական վեց եկեղեցիների աւագերէցներ, յաճախ նաեւ Մարաշի թեմի առաջնորդական տեղապահներ: Առնուազն չորս յաջորդական սերունդների վերաբերեալ ունենք վկայութիւններ այդ պաշտօնը վարելու վերաբերեալ: Դրանք են Տէր Նահապետը (աւագ) (մօտաւորապէս 1750-1821), որդին՝ Տէր Կարապետը (մօտաւորապէս 1780-1850), որդին՝ Տէր Նահապետը (կրտսեր) (1820-1887) եւ վերջինիս որդին՝ Տէր Ղեւոնդը (1853-1941):
Հանդիսանալով հոգեւոր իշխանութիւն, սրանք սերտօրէն համագործակցել ու վայելել են Մարաշի ազդեցիկ ընտանիքների, կամ ինչպէս ընդունուած էր նրանց կոչել իշխանների՝ Չորբաջեանների, Թոփալեանների եւ Մուրադեանների աջակցութիւնը, որոնք եւս հօրից որդի Մարաշի հայութեան, մանաւանդ եկեղեցական թեմերի, հովանաւորներն ու բարերարներն էին: Այսպիսով, առնուազն 19-րդ դարի ընթացքում, Մարաշ քաղաքում ձեւաւորուել էր իւրայատուկ ներքին ինքնավարութիւն, որն իր վրայ էր վերցրել տեղի հայութեանն առաջնորդելու պատասխանատւութիւնը, խաղաղ պայմաններում ժողովրդի եւ կառավարութեան միջեւ միջնորդի դեր կատարելով, իսկ սուր իրավիճակներում իր վրայ ընդունելով պետական մարմինների նախաձեռնած պատժիչ գործողութիւնների առաջին հարուածը։
Առաջին անձը, որի մասին կան յստակ տեղեկութիւններ աւագ Տէր Նահապետն է, որ ծնուել է 18-րդ դարում եւ ապրել մինչեւ 19-րդ դարի կէսերը։
Տէր Նահապետի որդու՝ Տէր Կարապետի մասին գիտենք, որ արժանացել է Կիլիկիոյ Կիրակոս Ա եւ Միքայէլ Բ Աջապահեան Կաթողիկոսների կոնդակներին (1822,1833,1840) (ներկայացուած է այս էջով):
Տէր Կարապետի որդին է Տէր Նահապետ կրտսերը (աշխարհիկ անունը՝ Յովհաննէս)։ Ծնուել է 1820-ին եւ մահացել 1887-ին Մարաշում։ Ամուսնացել է իշխան Գէորգ Թոփալեանի դստեր՝ Թրվանտայի հետ 1840 թուին։ Եղել է Մարաշի Ս․ Քառասնից Մանկանց Եկեղեցու քահանան։ Ձեռնադրուել է 1847 թուին։ Յայտնի է, որ իր ժամանակին Տէր Նահապետը Մարաշի հայութեան անունով խնդրագիր է ներկայացրել սուլթանին եւ ձեռք բերել իրաւունք Մարաշի հայերի հարկերը թուրքերից առանձնացնելու եւ դրանով իսկ տեղի թուրք կառավարիչների կամայականութիւններից ազատուելու համար:
Եւս մի տեղեկութիւն նրա մասին հաղորդւում է իր որդու՝ Տէր Ղեւոնդի յուշերում կապուած Զէյթունի հետ, որի համար Մարաշը մօտակայ կենտրոնի դեր էր խաղում:
Այստեղ եւս նկատում ենք, թէ ինչպէս Տէր Նահապետը տեղական հայ բնակչութեան ներկայացուցիչի դեր էր կատարում, եւ այդ իսկ պատճառով, խնդրայարոյց իրավիճակներում օսմանեան իշխանությունները անձնապէս նրա հետ էին հաշուի նստում: Այսպէս, Մարաշի կառավարիչը Տէր Նահապետին տալով օսմանեան պետութեան մէջ նոր թողարկուած թղթադրամների որոշ քանակութիւն խնդրում է, որ տանի Զէյթուն եւ համոզի զէյթունցիներին դրանք գործածել ու շրջանառութեան մէջ դնել: Դէպքը տեղի է ունենում հաւանաբար 1862-1863 թուականներին։ Զէյթունցիները կտրուկ մերժում են, իսկ Տէր Նահապետը առանձնապէս չի էլ փորձում համոզել եւ ինչպէս գրում է յուշագիրը՝ «Հայրս ալ նոյնութեամբ ետ բերաւ յանձնեց Մարաշի կառավարութեան»:


Տէր Նահապետի որդին՝ Տէր Ղեւոնդ Տէր-Նահապետեանը (աշխարհական անունը՝ Երջանիկ) ծնուել է Մարաշում 1853 թ․ սեպտեմբեր 30-ին եւ մահացել Կահիրէում 1941 թ․ մայիսի 25-ին։ Ծառայել է Մարաշի Ս․ Քառասնից Մանկանց Եկեղեցում որպէս քահանայ։ Եղել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան անդամ (1888-ից), նաեւ Մարաշի մասնաճիւղի ատենապետը (յեղափոխական ծածկանունը՝ Մարուքէ Ճգնաւոր)։ Կազմակերպել է զէնքի, զինամթերքի ու դրամի ուղարկումը Զէյթունի ապստամբներին (1895): Յայտնի է նաեւ, որ Մութ Ձորի (Գարանլըգ Տէրէ) ժողովին Տէր Ղեւոնդը խոստացել է «Զէյթունի ապստամբութիւնը յայտարարուելուն պէս անմիջապէս դէպի Զէյթուն ճամբայ հանել, անգլիական զօրքերու տարազով հագուած, հազար Մարաշցի կտրիճներ»: [1]
Զէյթունի պատմագրքում այդ նոյնի մասին հետեւեալ ձեւով է պատմւում. Նազարէթ Չաւուշը դիմելով իր զինակիցներին ասում է «Մարաշի հնչակեան մասնաճիւղի ատենապետ Տ. Ղեւոնդ քահանայ Տ. Նահապետեան ուխտած է 500800 զինեալ կտրիճներով Զէյթուն գալ եւ մեզ միանալ»: [2] Սակայն այս համարձակ նախաձեռնութիւնը կանխւում է օսմանեան պետութեան կողմից: Շուտով Տէր Ղեւոնդը ձերբակալուեց եւ մէկ տարի թուրքական բանտում տիրող սարսափն ու տանջանքները ճաշակելուց յետոյ, միայն համաներման շնորհիւ՝ 1897-ին դուրս եկաւ բանտից՝ փրկուելով տանջամահ լինելուց։
Բնաւ նպատակ չի ունենում այլ տեղ ապրել ու հեռանալ իր հարազատ Մարաշից, իր բառով ասած «հայրենիքից», բայց օսմանեան պաշտօնեաների շարունակուող հալածանքները ստիպում են նրան թողնել ու հեռանալ իր ծննդավայրից: 14 տարուայ դեգերումներից յետոյ՝ Սիրիա, Եգիպտոս, Կիպրոս, ի վերջոյ 1910-ին վերադառնում է հայրենիք: «Արդեն պանդխտութենէ ձանձրացած էի» ասում է նա ու ընտանիքով նորից գնում է հայրենի քաղաք, իր հարազատ եկեղեցում քահանայագործելու: Սակայն, Կիլիկիայի հողի վրայ ապրելու նրան մնացել էր ընդամէնը հինգ տարի:
1915-ի մայիսի 1-ին սկսւում է աքսորը։ Կրկին անգամ, արդէն, աւաղ, վերջնականապէս, թողնելով Մարաշի հայրենի տունը, Աղեարի ամառանոցն ու այգիները, Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին, նախնիների գերեզմաններն ու մասունքները, բռնում են գաղթի ճամփան: Հինգ տարի Հալէպում մնալուց յետոյ վերջապէս՝ 1920-ին հանգրուանում են Եգիպտոսում:
1873-ին Տէր Ղեւոնդը ամուսնացել է իշխան Համբարձում Թոփալեանի դստեր՝ Տիրուհու հետ։ Ունեցել են 10 զաւակ, որոնցից հինգը տարբեր հիւանդութիւնների պատճառով մահացել են մանուկ կամ պատանի տարիքում: Ի վերջոյ հասուն տարիքի են հասնում, ամուսնանում ու զաւակներ են ունենում միայն հինգը, որոնց ժառանգներն էլ շարունակեցին Տէր Նահապետեան (Տէր-Ղեւոնդեան) գերդաստանը՝
- Յովհաննէս (1876 Մարաշ-1940 Հալէպ) բժիշկ, ամուսնացել է Աղաւնի Թոփալեանի հետ։
- Գէորգ (1878 Մարաշ – 1940 Կահիրէ) ծխախոտի վաճառական, ամուսնացել է կեսարացի Կիւլենիա Կիւրունլիմեանի հետ 1910-ին։
- Վարդուհի (1901 Մարաշ – 1982 Փարիզ), 1921 թուին ամուսնացել է Տիգրան Լեյլեքեանի հետ։
- Արուսեակ (1882 Մարաշ-1974 Հալէպ) ամուսնացել է Ֆարես Սապպաղեանի հետ։
Տէր-Ղեւոնդի հինգերորդ զաւակը՝ Նահապետը (1887 Մարաշ – 1963 Երեւան) ոսկերիչ-արծաթագործ (նաեւ՝ ատաղձագործ) էր, նկարելու ձիրք ունէր։ Մկրտուած է Ս․ Քառասնից Մանկանց մայր եկեղեցում՝ անձամբ իր պապի՝ Տէր Նահապետի ձեռամբ։ Ընտանիքը Մարաշից հեռանալուց յետոյ հաստատւում է Հալէպում, ուր Նահապետը սովորում է ոսկերչութիւն։ 1910 թուին ընտանեօք վերադառնում են Մարաշ, սակայն 1915 թ․ սկզբին նորից գնում են Հալէպ, որտեղ 1919 թուի մայիսի 19-ին ամուսնանում է Մարաշի իշխանական տներից մէկի շառաւիղ՝ Չորպաջեան Յովհաննէսի եւ Մարիամի դուստր Լուսաբերի հետ եւ յաջորդ տարի ընտանիքով տեղափոխւում Կահիրէ։ Իսկ 1948-ին կնոջ եւ երեք զաւակների հետ ներգաղթում է Հայաստան։ Երեւանի Ոսկերչական գործարանի հիմնադիրներից է։
Այսպիսով, Տէր Ղեւոնդեան գերդաստանը 350 տարուայ ընթացքում կատարել է գաղթի մի հսկայ պտոյտ։ Արարատեան դաշտից բռնագաղթուել է 1604-1605-ին եւ բնակեցուել Նոր Ջուղայում, դրանից շուրջ 100 տարի անց (1680-1730 թթ. միջեւ) տեղափոխուել է Մարաշ: Եւս 200 տարի անց՝ 1920-ին, Սիրիայի վրայով անցել են Եգիպտոս: Եւ վերջապէս 1948-ին, Մեծ Հայրենադարձութեան ալիքով, գերդաստանի մի ճիւղը (Նահապետը, կինը՝ Լուսաբերը, զաւակները՝ Հայկ, Հայկուհի եւ Արամ) Եգիպտոսից՝ վերջին կարաւանով եկան ու հաստատուեցին Երեւանում, այն նոյն Արարատեան դաշտավայրում, որից բռնի ուժով տարուել էին իրենց նախնիները երեքուկէս դար առաջ:

Նահապետն ու Լուսաբերը ունեցան երեք զաւակ՝ Հայկ (1920 Կահիրէ- 2002 Լոս Անջելես), Հայկուհի (1923 Կահիրէ-1971 Երեւան) եւ Արամ (1928 Կահիրէ-1988 Երեւան)։
Հայկ Տէր-Ղեւոնդեանը աւարտել է Կահիրէի Հելիոպոլիս թաղամասի Նուպարեան Ազգային վարժարանը, ապա Sacré-Coeur ֆրանսիական քոլեջը։ Իր պապից՝ Տէր-Ղեւոնդից նուէր ստանալով հինգ եգիպտական ոսկի՝ ձեռք է բերում ոսկերչական սեղան, գործիքներ եւ սկսում աշխատել հօր հետ դառնալով արծաթագործ, ոսկերիչ եւ թանկարժէք քարերի մասնագէտ, միաժամանակ աշակերտելով եգիպտահայ նկարիչ Աշոտ Զորեանին։ Հայաստանում աշակերտել է նաեւ Յակոբ Կոջոյեանին, որը հետագայում դարձաւ նրա մեծ աջակիցը։ Եղել է Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի (ԳԱ) Արուեստի ինստիտուտի գիտաշխատող, նաեւ Հայաստանի, ապա Սովետական Միութեան նկարիչների միութեան անդամ (անդամակցութեան գրքոյկը ստացել է անձամբ Մարտիրոս Սարեանից)։ 1966-ին ընտանիքով հաստատուել է ԱՄՆ-ում։

Հեղինակ է հայկական արծաթագործութեան, արուեստի պատմութեան, հայկական արքայական թագերի և իշխանական զարդերի վերաբերեալ ուսումնասիրութիւնների (շատերը հրատարակուել են Վիեննայի «Հանդէս ամսօրեայ» պարբերաթերթում)։ Ամուսնացել է Լուսիկ Լեւոնեանի հետ, ունեցել են մէկ որդի՝ Վարդան Տէր-Ղեւոնդեան (1960 Երևան-2023 Լոս Անջելես), որը աշխատել է Լոս Անջելեսի քաղաքապետարանում՝ որպէս իրաւաբանի օգնական։
Հայկուհի Տէր-Ղեւոնդեանը անգլերէնի ուսուցչուհի էր։ Աւարտել է Կահիրէի Հելիոպոլիսի Նուպարեան Ազգային վարժարանը, ապա Արարատեան քոլեջը։ Ամուսնացել էր Բիւզանդ Լեւոնեանի հետ, ունէին երկու զաւակ՝ Լեւոն եւ Նորայր։ Վախճանուեց ծաղկուն տարիքում՝ 1971-ին։ Շատ չանցած ընտանիքը հաստատուեց ԱՄՆ-ում։
Արամ Տէր-Ղեւոնդեանը հայագէտ-արեւելագէտ էր, պատմաբան, աղբիւրագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստան ներգաղթելուց յետոյ սովորեց Երեւանի պետական համալսարանի Արեւելեան բաժնում, լինելով Հրաչեայ Աճառեանի ուսանողը։ Ապա ընդունուեց Լենինգրադի (ներկայիս Սանկտ Պետերբուրգ) համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի ասպիրանտուրա (post-graduate), պաշտպանեց թեկնածուական ատենախօսութիւն ակադեմիկոս Յովսէփ Օրբելու ղեկավարութեամբ։ 1981 թուականից եղել է Հայաստանի ԳԱ Արեւելագիտութեան ինստիտուտի «Արեւելեան աղբիւրագիտութեան» բաժնի վարիչը։ Իր բազմաթիւ գիտական ուսումնասիրութիւնները վերաբերում են հայ-արաբական միջնադարեան քաղաքական եւ մշակութային առնչութիւններին։ Իր առաջին մենագրութիւնն էր «Արաբական ամիրայութիւնները Բագրատունեաց Հայաստանում» (1965), որը հետագայում լույս տեսաւ նաև անգլերէն թարգմանութեամբ (թարգմանիչ՝ Նինա Կարսոյեան)։ Դոկտորական ատենախօսութիւնն է «Հայաստանը եւ Արաբական խալիֆայութիւնը», որը ռուսերէնով լոյս տեսաւ 1977-ին։ Հրատարակել է Ագաթանգեղոսի արաբերէն թարգմանութեան նորայայտ խմբագրութիւնը։ Արաբերէնից թարգմանել է 13-րդ դարի արաբ մատենագիր Իբն ալ-Ասիրի երկերի հայերին վերաբերող հատուածները։ Աշխարհաբարի է վերածել, ներածութեամբ ու ծանօթագրութիւններով հրատարակել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմութիւնը» եւ Ղեւոնդի «Պատմութիւն»-ը։ Մասնակցել է Աստուածաշնչի արեւելահայերէն նոր թարգմանութեանը (1994):
Ամուսնացել է անուանի հնագէտ Սեդա Դեւեջեանի հետ, ունեցել են մէկ որդի՝ Վահան եւ մէկ դուստր՝ Արմինէ։ Իրենց մասին տեսնել Խաչատուրեան գերդաստանի հաւաքածոյ – Երեւան յօդուածը։
Հայկ Տէր-Ղեւոնդեանի հեղինակած «Հայկական զարդեր» վերնագրով ալբոմից մի քանի էջ («Հայկական Զարդեր» ոսկերչական էսքիզների ալբոմ, 35 էջ, 1964, Հայպետհրատ, Երեւան)։
Տէր Ղեւոնդեան ընտանիքի պատմութեան վկաներ
Ամենահին տեղեկութիւնները (առաջին մի քանի սերնդների մասին) վերցուել են Տէր Ղեւոնդ քահանայի ձեռագիր յուշերից, որը 2013 թուին որպէս գիտական աշխատանք ուսումնասիրեց, ծանօթագրութիւններով եւ առաջաբանով տպագրեց վերջինիս ծոռը՝ Վահան Տէր-Ղեւոնդեանը։ Նա նաեւ ամբողջացրեց իր հօր՝ Արամի կողմից ժամանակին ձեռագիր արուած տոհմածառը։
Տէր-Ղեւոնդ քահանայի ծոռնուհի՝ Արմինէ Տէր-Ղեւոնդեանը հիմնուելով իր եղբօր՝ Վահանի կողմից մշակուած նիւթի վրայ, ինչպէս նաեւ իր հօրեղբօր՝ Հայկ Տէր-Ղեւոնդեանի կողմից մի տետրակում ի մի բերուած գերդաստանի իւրաքանչիւր անձի վերաբերեալ մանրամասն եւ հաւաստի տեղեկութիւնների՝ հակիրճ շարադրեց Տէր-Ղեւոնդեան (Տէր-Նահապետեան) գերդաստանի պատմութիւնը եւ փաստաթղթերի, լուսանկարների, ձեռագործ աշխատանքների եւ կաթողիկոսական կոնդակների հետ միասին փաթեթը տրամադրեց Յուշամատեան կայք-էջին։
























































