Որբերեան հաւաքածոյ – Երեւան
Որբերեան ընտանիքի հաւաքածոն Յուշամատեանի տրամադրութեան տակ դրաւ Հայաստանաբնակ Էլիզա Որբերեան։ Արխիւը կը պարունակէ 1800-ական թուականներէն նիւթեր՝ մեծամասնութեամբ Մալաթիայէն։ Որբերեան մականունը կու գայ «որբ» բառէն, եւ ըստ Էլիզաի հօր՝ Նշան Որբերեանի, այս տոհմին նախահայրերը սեպուող երեք եղբայրները որբեր էին։ Որբերեան ընտանիքին շառաւիղները աշխարհով մէկ ցրուած են եւ այժմ կ՚ապրին Հայաստան, Քանատա, Եգիպտոս, Միացեալ Նահանգներ, Պրազիլ, Լիբանան, Ֆրանսա, Ռուսիա, Անգլիա, Աւստրիա, Եթովպիա, Պուլկարիա եւ Թուրքիա։ Հոս ներկայացուած ընտանեկան մանրապատմութիւնը հիմնուած է Նշան Որբերեանի (ծնած Ռոման քաղաք, Ֆրանսա, 1934-ին եւ մահացած Փրովիտենս, ԱՄՆ, 2016-ին) գրութիւններուն վրայ։ Իսկ ընտանեկան լուսանկարներուն մէջ երեւցող անձերուն ինքնութեան համար գործածած ենք Էլիզայի մեծ հօր՝ Խոսրով Որբերեանի (ծնած Մալաթիա 1900-ին եւ մահացած Երեւան 1973-ին) տեղեկութիւնները, որոնք իր կողմէ գրուած են պատկերներուն կռնակի կողմը։
Այս ափսէն պատրաստուած է Մալաթիոյ մէջ 1900-էն 1910-ի միջեւ։ Պղնձեայ է եւ վարի հատուածը անագապատ է։ Տրամագիծը 95 սմ. է, իսկ խորութիւնը՝ 3 սմ։ Ափսէն նախապէս կը գործածուէր որպէս ճաշի սեղան։ Անոր տակ կը դնէին փայտէ աթոռակ մը եւ ընտանիքի բոլոր անդամները շուրջը հաւաքուելով կ՚ընթրէին։
Տոհմածառը ափսէի մը վրայ փորագրելու գաղափարը առաջին անգամ յղացան Սենեքերիմ Որբերանն (Էլիզա Որբերեանի հօրենական մեծ մեծ հայրը) ու Մկրտիչ Սարգիս Որբերեանը։ Երկուքն ալ ծնած են 19-րդ դարու վերջին տասնամեակին։ Տոհմածառը կազմելու համար անոնք գործածած են ընտանիքի անդամներու ծննդեան եւ մահուան վաւերական թուականները։
Սենեքերիմ Կարապետ Որբերեան այս ափսէն միշտ իր տան մէջ պահած է։ Ցեղասպանութեան ժամանակ Սենեքերիմ կը սպաննուի։ Յաջորդող տարիներուն երբ անոր կինը՝ Եղիսաբէթ (ծն. Պէրպէրեան) եւ զաւակները կը մեկնին Մալաթիայէն, ափսէն կը մնայ իրենց երէց աղջկան՝ Իսկուհիին քով (Էլիզա Որբերեանի հօրենական մեծ հօր՝ Խոսրովի մեծ քոյրը)։ Իսկուհի ամուսնացած էր Սաղաթէլ Խրայեանի հետ։ 1930-ականներուն, Իսկուհիի մահէն ետք ափսէն կը մնայ անոր դստեր՝ Խանումին քով, որ կը շարունակէր Մալաթիա բնակիլ։ Խանում ափսէն կը պահէ մինչեւ 1960-ականները, ապա կը ղրկէ Խորհրդային Հայաստան ապրող իր ազգականներուն։
1920-ականներուն, Խոսրով Որբերեան (Նշան Որբերեանին հայրը եւ Էլիզա Որբերեանի հօրենական մեծ հայրը) իր մօր՝ Եղիսաբէթի եւ երէք ամուրի քոյրերուն՝ Նուարդի, Վարդուհիի եւ Խաթունի հետ կը փոխադրուի Հալէպ։ Նախապէս ան կը յաջողի կտաւի վրայ վերարտադրել այս ափսէի վրայ փորագրուած տոհմածառին պատճէնը, զոր իր հետ կը տանի Հալէպ։
Խոսրով վերապրած էր Ցեղասպանութեան։ Ան լաւ գիտեր թէ ընտանիքի ո՞ր անդամները վերապրած էին եւ որո՞նք՝ սպաննուած։ Այնպէս որ Խոսրով տոհմածառին վրայ խաչանշան մը կ՚աւելցնէ բոլոր այն անուններուն կողքին որոնք զոհ գացած էին Ցեղասպանութեան։
Ափսէին վրայ փորագրուած են Որբերեան ընտանիքի ինն սերունդներու անունները, հասնելով մինչեւ 20-րդ դարու սկիզբը։ Իսկ անցեալ դարու վերջին երեք սերունդներու անունները աւելցուած են 1974-ին։ Հանգուցեալ Խոսրով Որբերեանի փափաքով, իր որդին՝ Նշան, եւ եթովպահայ՝ Վարդգէս Նալպանտեան (Գէորգ Որբերեանի թոռը, մայրը՝Եղիսաբէթ Գէորգ Որբերեան), տոհմածառը կրկին կը գծեն նոր 120 x 120 սմ. կտաւի մը վրայ, որուն վրայ կ՚աւելցնեն վերջին 60 տարիներուն գոյացած երեք սերունդներուն անունները։ Այժմ տոհմածառը մօտ 300-350 տարեկան է։
Տոհմածառը կազմուած է հետեւեալ սկզբունքին հիմամբ. գրուած են առաջին սերունդին ծնունդ տուած բոլոր երեխաներուն անունները, բայց շարունակութեան մէջ կը տեսնենք միայն արուներու շառաւիղը, այլ խօսքով ամուսնացած դուստրերուն սերունդները չեն ընդգրկուած այստեղ։ Այնուամենայնիւ այս սկզբունքը խախտուած է որոշ տեղեր։ Տոհմածառը կը բովանդակէ ընտանիքի 216 անդամներու անուններ։ Ցեղասպանութեան ժամանակ 50 անդամներ սպաննուած են (զոհերու ամբողջական ցանկը տեսնել ստորեւ)։
Մալաթիա. մանկապարտէզ/դպրոցի լուսանկար։ Զապէլ Մումճեան առաջին շարքին գետին նստած է, «զ» տառով նշուած է իր տեղը։ Ան Էլիզա Որբերեանի հօր մօրաքոյրն է։
Լուսանկարուած անձերու ինքնութիւնը՝
- 1. Նշան Որբերեան (Կարապետ Որբերեանի որդին, Էլիզա Որբերեանի մեծ մեծ հօր՝ Սենեքերիմի եղբայրը)
- 2. Նշան Որբերեանի կինը՝ Վարդեր Որբերեան
- 3. Իսկուհի Որբերեան (Սենեքերիմի դուստրը, Էլիզա Որբերեանի հօր հօրաքոյրը)
- 4. Նշան Որբերեանի որդին՝ Մանուէլ Որբերեան
- 5. Նշան Որբերեանի որդին՝ Կարապետ Որբերեան
- 6. Նշան Որբերեանի դուստրը Լուսնթագ Որբերեան
Ընտանեկան պատմութիւնը գրած է Նշան Որբերեան, իր յիշողութեան վրայ հիմնուելով. ան գրած է լուսանկարուած անձերուն անունները, ինչպէս նաեւ այն երկիրները ուր յետագային անոնք գաղթած են։ Այս տեղեկութիւնները հիմնուած են 1960-ականներու տուեալներու վրայ, այնպէս որ անոնք յետագային կրնայ ըլլալ փոփոխութեան ենթարկուած են։
Լուսանկարուած անձերու ինքնութիւնը՝
- 1. Յարութիւն Լէքէրճեան, յետագային կը փոխադրուի Ֆրէզնօ
- 2. Խոսրով Սարաֆեան, Ատուր Աղային որդին, մահացած 1939-ին
- 3. Սեդրակ Մումճեան, Մարոյի ամուսինը եւ Յարութիւնի հայրը, մահացած 1915-ին Մալաթիոյ մէջ
- 4. ԳաբրիէլԱնսարլեան, մահացած 1915-ին
- 5. Խաչատուր Պոնափարթեան, յետագային կը փոխադրուի Լոս Անճելըս
- 6. Փրոֆ. Մկրտիչ Որբերեան՝ Սարգիս Որբերեանի որդին, մահացած 1915-ին
- 7. Փրոֆ. Սամուէլ Խաչատուրեան, յետագային կը փոխադրուի Եգիպտոս
1915-ին զոհուած Որբերեաններու անունները՝
- 1. Որբերեան Արթօ՝ Մկրտիչ Որբերեանի որդին
- 2. Որբերեան Սրբուհի՝ Արթօ Որբերեանի դուստրը
- 3. Որբերեան Մանիշակ՝ Արթօ Որբերեանի դուստրը
- 4. Որբերեան Վարդուհի՝ Արթօ Որբերեանի դուստրը
- 5. Որբերեան Պարգեւ՝ Արթօ Որբերեանի որդին (շառաւիղները կ՚ապրին Եգիպտոս եւ ԱՄՆ)
- 6. Որբերեան Մարիամ՝ Պետրոս Որբերեանի դուստրը
- 7. Որբերեան Սարգիս՝ Պետրոս Որբերեանի որդին
- 8. Որբերեան Զարդուհի՝ Սարգիս Որբերեանի դուստրը
- 9. Որբերեան Լեւոն՝ Սարգիս Որբերեանի որդին
- 10. Որբերեան Գրիգոր՝ Պետրոս Որբերեանի որդին
- 11. Որբերեան Յովհաննէս՝ Գրիգոր Որբերեանի որդին
- 12. Որբերեան Նափոլէոն՝ Գրիգոր Որբերեանի որդին
- 13. Որբերեան Եղիսաբէթ՝ Գրիգոր Որբերեանի դուստրը
- 14. Որբերեան Միսաք՝ Գրիգոր Որբերեանի որդին (շառաւիղները կ՚ապրին ԱՄՆ)
- 15. Որբերեան Խաչատուր՝ Գէորգ Որբերեանի որդին (Եանուխեան)
- 16. Որբերեան Յակոբ՝ Գէորգ Որբերեանի որդին (Եանուխեան)
- 17. Որբերեան Սենեքերիմ՝ Սարգիս Որբերեանի որդին (Պոնճուխլեան)
- 18. Որբերեան Էտուարտ՝ Սենեքերիմ Որբերեանի որդին (Պոնճուխլեան)
- 19. Որբերեան Տիգրան՝ Սենեքերիմ Որբերեանի որդին (Պոնճուխլեան) (շառաւիղները կ՚ապրին Իրաք, ԱՄՆ եւ Հայաստան)
- 20. Որբերեան Մկրտիչ՝ Գրիգոր Որբերեանի որդին
- 21. Որբերեան ----------՝ Մկրտիչ Որբերեանի զաւակը
- 22. Որբերեան ----------՝ Մկրտիչ Որբերեանի զաւակը
- 23. Որբերեան Գէորգ՝ Կարապետ Որբերեանի որդին (շարաւիղները կ՚ապրին Սուրիա եւ ԱՄՆ)
- 24. Որբերեան Եղիսաբէթ՝ Մարիամ Որբերեանի դուստրը
- 25. Որբերեան Սիլափ՝ Եղիսաբէթ Որբերեանի դուստրը
- 26. Որբերեան Մանուէլ՝ Եղիսաբէթ Որբերեանի որդին
- 27. Որբերեան Մարիամ՝ Յակոբ Որբերեանի որդին
- 28. Որբերեան Յովհաննէս՝ Յակոբ Որբերեանի որդին
- 29. Որբերեան Յարութիւն՝ Յակոբ Որբերեանի որդին (շառաւիղները կ՚ապրին Ֆրանսա)
- 30. Որբերեան Յովհաննէս՝ Ասատուր Որբերեանի որդին
- 31. Որբերեան Նարդուհի՝ Յովհաննէս Որբերեանի դուստրը
- 32. Որբերեան Արշալոյս՝ Յովհաննէս Որբերեանի դուստրը
- 33. Որբերեան Ասատուր՝ Յովհաննէս Որբերեանի որդին (շառաւիղները կ՚ապրին Եթովպիա եւ ԱՄՆ)
- 34. Որբերեան Մարիամ՝ Ասատուր Որբերեանի դուստրը
- 35. Որբերեան Անա՝ Մարիամ Որբերեանի դուստրը
- 36. Որբերեան Գեղամ՝ Մարիամ Որբերեանի որդին (շառաւիղները կ՚ապրին Եթովպիա, Քանատա, Անգլիա, Պրազիլ եւ ԱՄՆ)
- 37. Որբերեան Մկրտիչ՝ Սարգիս Որբերեանի որդին
- 38. Որբերեան Վահան՝ Մկրտիչ Որբերեանի որդին
- 39. Որբերեան Աւետիս՝ Սարգիս Որբերեանի որդին
- 40. Որբերեան Արմենուհի՝ Աւետիս Որբերեանի դուստրը
- 41. Որբերեան Սահակ՝ Աւետիս Որբերեանի որդին
- 42. Որբերեան Մեսրոպ՝ Աւետիս Որբերեանի որդին
- 43. Որբերեան Մարգրիտ՝ Սարգիս Որբերեանի դուստրը (շառաւիղները կ՚ապրին ԱՄՆ)
- 44. Որբերեան Նշան՝ Կարապետ Որբերեանի որդին
- 45. Որբերեան Լուսնթագ՝ Նշան Որբերեանի դուստրը
- 46. Որբերեան Մանուէլ՝ Նշան Որբերեանի որդին
- 47. Որբերեան Կարապետ՝ Նշան Որբերեանի որդին
- 48. Որբերեան Սենեքերիմ՝ Կարապետ Որբերեանի որդին
- 49. Որբերեան Յարութիւն՝ Սենեքերիմ Որբերեանի որդին
- 50. Որբերեան Վարդանուշ՝ Սենեքերիմ Որբերեանի դուստրը (շառաւիղները կ՚ապրին ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան եւ Պուլկարիա)
Ոտքի, ձախէն աջ՝ Մարօ Մումճեան (ծն. Ասլանեան, Էլիզա Որբերեանի մեծ մեծ մայրը), Սիրանուշ Մումճեան (Էլիզա Որբերեանի հօրենական մեծ մայրը), իսկ ճերմակ հագուածը՝ Սեդրակ Մումճեանին քոյրն է (անունը անյայտ)։ Նստած, ձախէն աջ՝Սեդրակ Մումճեան (Էլիզա Որբերեանի մեծ մօր հայրը) եւ Սեդրակ Մումճեանի մայրը (անունը անյայտ)։ Առաջին շարքի ոտքի կանգնած երեխաները, ձախէն աջ՝ Սեպուհ Մումճեան (ճերմակ հագուստ հագուած փոքր երեխան, Սեդրակի որդին), Զապէլ Մումճեան (պզտիկ աղջիկը)՝Սեդրակի դուստրը, Յարութիւն Մումճեան (սեւ բաճկոնակ հագուած)՝Սեդրակի որդին։
Լուսանկարուած անձերու ինքնութիւնը՝
- 1. Գրիգոր Աղա Ասլանեան
- 2. Յարութիւն Էֆէնտի Ասլանեան
- 3. Մկրտիչ Ասլանեան
Մալաթիոյ Սահակեան-Կեդրոնական դպրոցի առաջինէն երրորդ դասարանի աշակերտները։ Լուսանկարը 1912 թուականէն է։ Վերջին շարք, ոտքի, ձախէն առաջին տղան՝ Մանուէլ Նշան Որբերեան։
Մալաթիա, 1910։ Սարգիս Պոնճուխլեան (Սենեքերիմ Որբերեանին որդին) եւ Մանուէլ Որբերեան (Նշան Որբերեանի որդին)։ Պոնճուխլեաններն ալ Որբերեան էին, սակայն երբ անոնցմէ մէկը Երուսաղեմէն վերադարձին հագած էր ուլունքով զարդարուած հագուստներ, դարձած են Պոնճուխլեան («պոնճուխ»-ը թրքերէնով ուլունքն է)։
Թուրքիոյ Հանրապետութեան տարիները
Այս բաժինով ներկայացուած պատկերները Թուրքիոյ Հանրապետութեան տարիներէն են։ Որոշ լուսանկարներու մէջ կը տեսնենք Պոլիս/Իսթանպուլ փոխադրուած ընտանիքի անդամները, ուրիշներու մէջ՝ Մալաթիա մնացածները։ Մալաթիայի եւ Խորհրդային Հայաստանի ազգականներուն միջեւ նամակագրութիւն եղած է 1930-ական թուականներէն սկսեալ։
Պոլիս, 1926։ Սիրանոյշ Որբերեան (Էլիզա Որբերեանի հօրենական մեծ մայրը) նստած առաջին շարքի կեդրոնը։ Սիրանոյշ Սեդրակ Որբերեան (ծն. Մումճեան) ծնած է Մալաթիա 1904-ին եւ մահացած է Հայաստան 1990-ին։
1. 9 Յուլիս 1930, Պոլիս։ Ճուհար Մումճեան (ամուրի եւ ամուսնական մականուն)՝ Կարապետ Մումճեանի կինը, եւ իրենց որդին Ալպերթ Մումճեան, որ ծնած է Պոլիս։ Յետագային ընտանիքը կը փոխադրուի Միացեալ Նահանգներ։
2. 13 Հոկտեմբեր 1926, Պոլիս։ Երկրորդ շարք, նստած ձախէն երկրորդ՝ Սիրանոյշ Որբերեան (Էլիզա Որբերեանի հօրենական մեծ մայրը)։
1. Որբերեան ընտանիքի անդամներ, Պոլիս։
2. Դաշտագնացութիւն, Պոլիս։ Ճերմակ շապիկով՝ Սիրանոյշ Որբերեան (Էլիզա Որբերեանի հօրենական մեծ մայրը)։
1. Մարիամ Անսուրլեան (Խոսրով Որբերեանի մօրաքրոջ դուստրը) իր ընտանիքին հետ, Մալաթիա։
2. Մալաթիա, 1932։ Իսկուհի Արմական, 1900-1935 (ծն. Որբերեան, Սենեքերիմի դուստրը եւ Խոսրով Որբերեանի երէց քոյրը) իր ընտանիքով. ամուսինը՝ Յովսէփ Արմական նստած է իր քով (1884-1946)։
Բացիկը ուղղուած է Խոսրովին, հետեւեալ գրութեամբ՝
- Խոսրով
- Կարօտալի եղբայր իմ ընդունէ մեր նկարները եւ կարօտդ քաշէ միշտ։
- Ցաւալի փեսադ եւ քոյրդ
- 1932 Յունուար 11
- Մալաթիա
- Մայր աստուածածին մեր վրայ պահապան…
1. Ձախին կանգնած աղջիկը Խանումն է։ Ան Խոսրով Որբերեանի մեծ քրոջ՝ Իսկուհիի դուստրն է։ Նկարուած է Մալաթիոյ մէջ։ Պատկերին ետեւի գրութիւնէն կ՚եզրակացնենք որ Սուրբ Ծնունդի առիթով շնորհաւորական բացիկ է։
2. Մարիամ Անսուրլեանի (Խոսրով Որբերեանի մօրաքրոջ դուստրը) զաւակները (անունները անյայտ են), Մալաթիա։
Երկու լուսանկարներուն մէջն ալ Խանումն է (Խոսրով Որբերեանի մեծ քրոջ՝ Իսկուհիի դուստրը) եւ իր եղբայրը, Մալաթիոյ մէջ։
Ձախէն աջ՝ Մանուէլ Որբերեան (Նշանի որդին), Եղիսաբէթ Որբերեան (Սենեքերիմի կինը, նստած) եւ Խաթուն Որբերեան։ Եղիսաբէթի գիրկը նստած երեխան Խոսրովի քրոջ տղան է, անձերուն ինքնութիւնը Խոսրով նշած է լուսանկարին ետեւը։
1. Այս լուսանկարին մէջի անձերուն ինքնութիւնը անյայտ է։
2. Լուսանկարուած է Խոսրով Որբերեանը (Էլիզա Որբերեանի մեծ հայրը) որ գրկած է իր մեծ քրոջ Իսկուհիի դուստրը՝ Խանումը։ Խանումն է որ յետագային տոհմածառի ափսէն կը ղրկէ Հայաստան ապրող իր ազգականներուն։ Խանում Մալաթիա մնացած էր, իսկ իր ընտանիքը, մօրեղբայրը ներառեալ, փոխադրուած էր Խորհրդային Հայաստան։