Ադենական վարժարանի փողերախումբը։ Սեւ-ճերմակ այս պատկերը գունաւորուած է MyHeritage.com-ի միջոցաւ եւ վերաշխատցուած է Յուշամատեանի կողմէ։

Այնթապ – Դպրոցներ (Ա.)

Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 26/03/24 (վերջին փոփոխութիւնը՝ 26/03/24)

19-րդ դարը Այնթապի հայոց կրթութեան համար կարելի է համարել մեկնարկային: Յատկապէս 19-րդ դարի երկրորդ կէսից սկսած Այնթապում շարունակաբար ստեղծուող ու առաջընթաց ապրող հայկական կրթական հաստատութիւնները ոչ միայն խթանում են այնթապահայութեան գործունէութեան գրեթէ բոլոր ոլորտները, այլեւ դառնում են դրա հիմնական ու կարեւոր նախապայմանը:

Այնթապում առաջին արական դպրոցը բացւում է 1815-1817 թթ., իսկ իր տեսակի մէջ առաջին իգական վարժարանը՝ 1860 թ. [1]: Համաձայն պրոֆ. Ալեքսան Պէզճեանի տուեալների՝ 1912 թ. Այնթապի հայ համայքն ընդհանուր ունէր մօտ 32 դպրոց, 100 երկսեռ ուսուցիչ, 3.175 երկսեռ աշակերտ, ինչպէս նաեւ «Կեդրոնական Թուրքիոյ գոլէճի» 244 ուսանողները (12 մուսուլման), «Ամերիկեան աղջկանց բարձրագոյն վարժարանի» 155 աշակերտները եւ անգլիացի օրիորդ Ֆրիրսընի որբանոցում պատսպարուող 250 երկսեռ որբերը [2]: Ըստ Արթուն Հատիտեանի՝ մինչեւ 1913 թ. հայ վարժարանների թիւը Այնթապում հասել է 17-ի՝ 2.600 աշակերտով: Այդ դպրոցների մէջ իրենց փայլուն եւ արդիւնաւէտ գործունէութեամբ յայտնի էին Ազգային Ներսէսեան, Կիլիկիոյ Գիշերօթիկ, Ադենական, Վարդանեան, Ազգային Հայկազեան, Հռիփսիմեանց, Հայկանուշեան վարժարանները, Կիլիկեան ճեմարանը եւ այլ բազում կրթահամալիրներ [3]:

1901 թ. հրատարակուած «Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ» առաջին տետրը համապարփակ տեղեկութիւններ է տալիս կրթական հաստատութիւնների եւ դրանց ֆինանսական վիճակի մասին: Համաձայն վիճակացոյցի՝ տուեալ տարում Այնթապի ողջ գաւառում կար 10 վարժարան, որոնցից եօթը վարժարան եւ մէկ որբանոց գտնւում էին Այնթապ քաղաքում, մէկը՝ Օրուլ գիւղում, միւսը՝Քիլիսում [4]:

Այնթապի եօթը վարժարաններից Ներսէսեանում վերոնշեալ ուսումնական տարում սովորում էր 400 տղայ, դասաւանդում էր 11 ուսուցիչ՝ բոլորը արական սեռի, իսկ վարժարանի ամսական հասոյթն ու ծախսը կազմում էր 1.750 ղուրուշ: Վարդանեան վարժարանում սովորում էր 179 աշակերտ, որից 171-ը տղայ էր, 8-ը՝ աղջիկ, դասաւանդում էր կրկին 11 ուսուցիչ, որոնցից 3-ը՝ կին, ամսական հասոյթն ու ծախսը 1.250 ղուրուշ էր: Ադենական վարժարանն ունէր 160 աշակերտ եւ 6 ուսուցիչ՝ բոլորն էլ արական սեռի, հասոյթն ու ծախսը՝ 1.620 ղուրուշ: Հայկազնեան վարժարանում սովորում էր 100 տղայ, դասաւանդում էին 2 ուսուցիչ եւ 1 ուսուցչուհի, իսկ հասոյթն ու ծախսը կազմում էր 470 ղուրուշ: Հայկանուշեան վարժարանում կար 470 աշակերտուհի եւ 14 ուսուցչուհի, հասոյթն ու ծախսը 2000 ղուրուշ էր՝ ամենաբարձրը տուեալ ուսումնական տարում: Հռիփսիմեանց վարժարանում սովորում էր 150 աղջիկ, դասաւանդում էր 4 ուսուցչուհի, հասոյթն ու ծախսը՝ 400 ղուրուշ: Կրթասիրացն ունէր 75 աշակերտուհի, 5 ուսուցչուհի, հասոյթն ու ծախսը կազմում էր 300 ղուրուշ: Այնթապի որբանուցում սովորում էր 38 տղայ, մանկավարժների թիւը՝ 3 հոգի, հասոյթն ու ծախսը՝ 560 ղուրուշ: Այնթապում կար նաեւ Մեսրոպեան մասնաւոր վարժարանը, որն ունէր 100 աշակերտ եւ 4 ուսուցիչ:

Օրուլ գիւղում էր գտնւում Ս. Սահակեան վարժարանը, որտեղ սովորում էր 34 աշակերտ՝ 29 տղայ եւ 5 աղջիկ, դասաւանդում էր 1 ուսուցիչ, հասոյթն ու ծախսը կազմում էր 200 ղուրուշ: Օրուլի նախակրթարանի ամսական ծախսի 100 ղուրուշը վճարում էր եկեղեցին [5]:

Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս Բաբգէն Ա Կիւլէսէրեանը նշում է, որ չի կարողացել ճշտել, թէ ե՞րբ է Այնթապում սկսուել հայկական դպրութեան գործի կազմակերպումը: Այնթապի հին եկեղեցու վերեւում, տանիքի արեւմտեան կողմում, կառուցուած է եղել դպրոցի շէնք, որը կոչուել է Վերի դպրոց: Նրան հանդիպակաց էր Ներսէսեան վարժարանը՝ Վարի դպրոցը [6]: Վերի դպրոցում դասաւանդել է Տէր Մովսէս քահանայ Ժամկոչեանը (տակաւին աշխարհական՝ Աւետիք վարժապետ անունով): Աւելի ուշ այս շէնքում հաստատուել է Հայկանուշեան վարժարանը [7]:

Այնթապի առաջին դպրոցը կազմաւորուել է 17-րդ դարի երկրորդ կէսին: Հալէպի Դասատանը աշակերտած Ամիրխան անունով այնթապցի մի դպիր, վերադառնալով Այնթապ, Ս. Աստուածածին եկեղեցու կից սենեակում հիմնում է Դպրատուն: Ամիրխան դպիրի գործը շարունակում է Պաղտասար աւագ երէցը: 18-րդ դարում յիշատակւում է Սաղաթիէլ Յակոբեան դպիրը: «Դպիր»-ների եւ «տիրացու»-ների դպրոցին յաջորդում է «խալֆէ»-ների եւ «վարժապետ»-ների դպրոցը [8]:

Աբրահամ եւ Մուրատ վարժապետների դպրատունը

1815?-1830 թթ. Այնթապում գործում էր Աբրահամ եւ Մուրատ (Յարութիւն) վարժապետների դպրատունը: Հայր եւ որդի վարժապետները Հալէպից էին: Հաստատուելով Այնթապում՝ ստեղծում են «Ընդ հովանեաւ Ս. Աստուածածնի» դպրատունը, որը հանդիսանում է կրթական նոր շարժման ռահվիրան [9]:

Աբրահամ եւ Մուրատ վարժապետների շնորհիվ ուսում ստացած սաները հետագայում նոյնպէս վարում են ուսուցչական գործունէութիւն: Եօթը գլխաւոր խալֆէները ինչպէս նաեւ նրանց օգնականները դասաւանդում էին թաղային դպրատներում, իրենց սեփական տներում, նոյնիսկ խանութներում: Նրանցից յատկապէս նշանաւոր էին չորսը: Հաֆըզ (աչազուրկ) Գէորգ Խալֆէն (բժիշկ Գէորգ Արսլանեանի հայրը) ունեցել է սեփական վարժատուն, որտեղ սովորել է 30 աշակերտ: Մահսէրէճեան Յակոբճան Խալֆէն վարժապետ էր եւ նկարիչ, նաեւ վարպետ էր երգեցողութեան ասպարեզում: Յիշատակւում են Պօղոս Խալֆէն, Գրաճեան Յակոբճան Խալֆէն եւ այլք [10]:

Ազգային Ներսէսեան վարժարան (1856-1915)

1856 թ. Այնթապում հիմնադրւում է հայկական առաջին կանոնաւոր ուսումնական հաստատութիւնը՝ Ազգային Ներսէսեան վարժարանը, որն անուանակոչւում է ի պատիւ Ներսէս Շնորհալու: Վարժարանն իր գործունէութիւնը շարունակում է մինչեւ 1915 թ.:

Քաղաքի Չուգուր թաղամասում գնւում է 1.600 ղուրուշ արժողութեամբ հողամաս, որի վրայ կառուցւում է ընդարձակ սրահով եւ եօթը սենեակներով դպրոցի երկյարկանի շէնքը: Աշխատանքներին օժանդակում են ազգային երեւելիներից Նազար աղայի որդին՝ Նիկողոս Նազարէթեանը եւ Յովսէփ սարկաւագ Աշճեանը: Աշակերտների թուի աւելացմանը զուգահեռ 1870 թ. կառուցւում է 500 հոգի տեղաւորելու հնարաւորութեամբ գետնայարկ սրահ: Վարժարանին կից եղել են ընդարձակ խաղահրապարակ, ծառաստան ու պարտէզ [11]:

Ազգային Ներսէսեան վարժարանը վեցամեայ նախակրթարան էր՝ Ծաղկոցի [12] առաջին բաժնով: Վարժարանը կառավարում էր Ազգային վարչութեան նշանակած Հոգաբարձութիւնը: Մինչեւ 1880-ական թթ. սոցիալական բոլոր շերտերին պատկանող երեխաները յաճախում էին Ներսէսեան վարժարան: Այնուհետեւ, Վարդանեանի եւ Ադենականի հիմնադրումից յետոյ, միայն անապահով խաւի երեխաները մնացին Ներսէսեան վարժարանում: Նշւում է, որ աշակերտների թիւը երբեք 400-ից չի պակասել:

Ազգային Ներսէսեան վարժարանի բիւջէն ձեւաւորւում էր «Ազգային Միլլէթ խանի» եկամուտով, որի մօտ երկու երրորդը պատկանում էր վարժարանին [13]:

Վարժարանի կրթական ծրագիրը տարբերւում էր խալֆէական դպրոցների ծրագրից: Նախկինում դասաւանդուող ընթերցանութիւն, քերականութիւն, վերլուծութիւն, Ս. Գիրք, երգեցողութիւն առարկաները պահպանուել էին, սակայն աւելացել էին հայոց պատմութիւնը, հաշիւը եւ վայելչագրութիւնը: 1868 թ. առարկաների ցանկում աւելանում են աշխարհաբարի թարգմանութիւնը, օսմաներէնի քերականութիւնը եւ աշխարհագրութիւնը: Վարժարանի առաջին տասնամեակի ընթացքում ուսուցիչները տակաւին խալֆէ-վարժապետներն էին՝ Գըրլանկըճ Յարութիւն վարժապետ, Պապայեան Մինաս վարժապետ (ով նաեւ ընդհանուր կառավարիչ էր), Կէօվշէնեան Յարութիւն վարժապետ, Պօշկէզէնեան Չօլագ Յարութիւն վարժապետ եւ այլք: 1866 թ. Կ. Պոլսից յատուկ հրաւէրով Այնթապ են կանչւում երկու ուսուցիչ՝ Մարտիրոս Սինանեանը՝ որպէս տեսուչ եւ Խաչիկ վարժապետը՝ որպէս դպրապետ եւ երգեցողութեան ուսուցիչ: Տուեալ տարուայ շրջանաւարտներից Ներսէս (Արմենակ վարժապետ) եւ Յարութիւն Պաղտասարեաններին ուղարկում են Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանը: 1868 թ. վարժարանի տեսուչ է դառնում Կարուճ Լեւոնեանը: Նրա աշակերտներից էին Յարութիւն Հատիտեանը (Արշակ վարժապետ), Գասպար Փիլաւճեանը, Կարապետ Պալեանը եւ այլք: 1870 թ. Ներսէսեանում պաշտօնավարում էր սեբաստացի ուսուցիչ Խաչատուր էֆենդին, որի օգնականներից էին վերոնշեալ Յարութիւն Հատիտեանն ու Յարութիւն Կէօվշէնեան վարժապետը [14]: 1871 թ. տեսուչ է դառնում Ներսէս Պաղտասարեանը (Արմենակ վարժապետ), որի պաշտօնավարման շրջանում կրթական ծրագրում աւելացւում է գծագրութիւնը:

Յաջորդ տարիների ընթացքում որպէս տնօրէն յիշատակւում է Մելքոն Մանուկեանը, ուսուցչութեան են կոչւում երկու նորընծայ քահանաներ՝ Տէր Մովսէս Ժամկոչեանը եւ Տէր Եղիշէ Քիլիսլեանը: Նախակրթարանում դասաւանդում էին Յարութիւն Եսայեանը, Խաչատուր Պօղարեանը եւ Յակոբ Թէրզիպաշեանը, Ծաղկոցի մէջ՝ Գէորգ Մըղըրպլեանը եւ Գալաճը Մելքոնեան Աբոյ Խալֆէն: Տուեալ ժամանակաշրջանում վարժարանի գլխաւոր վերահսկիչներն էին Յովհաննէս Քիւրքճեանօֆը եւ Նիկողոս Նազարէթեանը: 1870-ական թթ. Ներսէսեան վարժարանը արձանագրում է կտրուկ վերելք [15]: Հետագայ տարիների ընթացքում Ներսէսեանը, շարունակաբար փոփոխուող ուսուցչական կազմով, կարողանում է ոչ միայն դիմանալ նորաբաց վարժարանների մրցակցութեանը, այլեւ թողնում է իր ուրոյն հետքը Այնթապի հայ դպրութեան պատմութեան մէջ:

1965 թ. «Հայ Անթէպ» պարբերականում հրապարակուած է Ներսէսեան վարժարանի կալուածքի առք ու վաճառքի (իլամ կամ հուճճէթ) փաստաթղթի լուսապատճէնը, որին կցուած է փաստաթղթի թարգմանութիւնը [16].

  • Թաղը հնուց ի վեր կոչուած է Չուգուր Մահալլէ եւ այդտեղից է՝ Չուգուր Պոսթան բացատրութիւնը:
  • Կալուածքը պատկանել է Հալէպում բնակող Սիւլէյման Պին Հաճի Մուհամէտ Պին Ապտալլային, որի Այնթապի փոխանորդները եղել են Մուհսին Զատէ էլ Հաճ Հիւսէյն պէյ Պին Մուհամէտ Աղան եւ Գան Ալըճը Զատէ Սէյտ Մահմուտ Աղա Պին Հիւսէյնը:
  • Կալուածքի մաս են կազմել միւմթազ (ընտիր) մէկ տուն՝ կրկնակ նէրտիւպէնով (սանդուխք), երկու պատուհանով, խազինէյով (մթերանոց) եւ խոհանոց, մթերանոց ու ախոռ պարունակող ներքնայարկով:
  • Գնորդն է, որպէս հայոց ներկայացուցիչ, Գրիգորի որդի Մահտեսի Կարապետը, ի ներկայութեան Թա’իֆէի էրմէնի (Հայ ժողովուրդ) գոճապաշըներէն (երեւելի) Միւպայա’աճը (արծաթ եւ ոսկի գնող) Մահտեսի Արթինի որդի Նազարի:
  • Գնումը կատարուած է Միլլէթի Արմենեանի (Հայ Ազգ) մանուկներին, Ինճիլի Շերիֆ (Ս. Աւետարան) ուսուցանելու եւ գիր սովորեցնելու համար, ըստ իրենց ծէսի: 
  • Կալուածքի արժէքը 1600 ղուրուշ է:
  • Գնումի թուականն է 7 Շա’պան 1267, որ կը համապատասխանէ Փրկչական 7 յունիս 1851 թուականին:

Գիշերային վարժարան «Թանգարան ընկերութեան» (1858-1867)

1858 թ. Խաչատուր Պօղարեանը, Գրիգոր Կիւլէսէրեանը եւ տուեալ ժամանակ դեռեւս աշխարհական Գէորգ աղա Սիւլահեանը հիմնադրում են Այնթապի հայոց առաջին խնամակալութիւնը (ընկերութիւնը)՝ «Մարդասիրական» անունով: Գործին մեծ եռանդ եւ առաջընթաց է հաղորդում Յովհաննէս Քիւրքճեանօֆը՝ նախաձեռնութիւնն առաւել կազմակերպուած ու կանոնաւոր դարձնելով [17]:

«Մարդասիրական» ընկերութեան նպատակներից հիմնականը արհեստաւոր երիտասարդներին, չափահաս մարդկանց գրել կարդալ սովորեցնելն էր: Ստեղծւում է «Գիշերային վարժարանը», դասերը կազմակերպւում են շաբաթը երեք օր՝ 12 եւ 24 մարդուց բաղկացած խմբերում: Զարգացմումն ու առաջընթացը հնարավորութիւն է տալիս ընկերութեանը վերակազմաւորվել և ընդլայնել իր գործունէութիւնը: 1860 թ. այն վերանուանւում է «Ուսումնասիրաց թանգարան» ընկերութիւն: 1862 թ. հիմնադրւում է Այնթապի հանրային առաջին Մատենադարանը (տուեալ ժամանակի անունով՝ Թանգարան, որից եւ ձեւաւորւում է ընկերութեան ժողովրդական անունը՝ Թանգարան ընկերութիւն): Յովսէփ սարկաւագ Աշճեանի՝ Երուսաղէմից բերած գրքերը նուիրաբերւում են «Ուսումնասիրաց թանգարան» ընկերութեան նորահաստատ գրադարանին, որը հետագայում դառնում է Վարդանեան մատենադարան: Այն Այնթապի ամենամեծ մատենադարաններից մէկն էր՝ մօտ 1.000 կտոր գրքերով [18]:

Շարունակելով Գիշերային դպրոցի եւ Մատենադարանի կարեւորագոյն գործունէութիւնը՝ բացւում է նաեւ Կիրակնօրեայ լսարան: Ընկերութեան եկամուտի գլխաւոր աղբիւրներն էին եկեղեցու եւ Լսարանի առջեւ դրուած կիրակնօրեայ պնակները [19]: Իսկ արդէն 1867 թ. ընկերութիւնը՝ Գրիգոր Աբարդեանի ու Յովհաննէս Քիւրքճեանօֆի խորհրդով նպատակադրւում է Այնթապում իգական վարժարան հիմնադրել [20]: Ընկերութիւնն ունէր նաեւ նախակրթարան «Մեսրոպեան Սանուց» (1874-1878) անունով, որը նիւթական սուղ միջոցների պատճառով շուտով փակւում է [21]:

1864 թ. Այնթապի հայոց առաջնորդ Մկրտիչ Սրբազանի նախաձեռնությամբ նախաձեռնութեամբ, ազգային երեւելիների ու Այնթապի Թաղական խորհրդի հետ համագործակցութեամբ, դեկտեմբերի 15-ին գումարուած ժողովում կազմւում է «Սահմանադրական Ուսումնասէր» ընկերութիւնը [22]:

Ադենական վարժարան (որբանոց–դպրոց՝ 1885-1886, երկրորդական վարժարան՝ 1886-1915)

Կիլիկիոյ Գիշերօթիկ վարժարանի «կրտսեր» խմբի սաներից Վահան Քիւրքճեանը, Պերճ-Նազարէթ Ներսէսեանը, Հրանտ-Ռաֆայէլ Մինասեանը (Դերձակեան) 1874 թ. հիմնադրում են «Եդեմեան» ընկերութիւնը, որի նպատակն էր «ծառայել Հայ ազգին բարելաւութեանը»: Հիմնադիրները նախատեսում էին նաեւ ստեղծել տպարան [23]:

Կարճ ժամանակ անց ընկերութիւնը վերակազմաւորւում է Ադինական կամ Ադենական ընկերութեան, որը միեւնոյն «դրախտ» բառի եբրայական ձեւի այլ տառադարձումն էր: Նոր ընկերութիւնը իրենց հովանաւորութեան ներքոյ են վերցնում տեսուչ Ն. Թէրզեանը եւ ուսուցիչներից Մինաս վարժապետ Պապայեանը [24]:

Այնթապի Ադենական ընկերութիւնը իր գործունէութիւնը ծաւալում է մեծ արդիւնաւէտութեամբ՝ թէ´ որպէս կրթական, եւ´ թէ որպէս բարեգործական-որբախնամ կազմակերպութիւն:

Ադենական ընկերութեան վարչական մարմինը բաղկացած էր 36 հոգուց, որի մաս էին կազմում Ներսէս Կ. Բարսեղեանը, Ներսէս Ս. Բարսեղեանը, Տիգրան Սահակեանը, Յարութիւն Ասէեանը, Կարուճ Թէրզիպաշեանը, Մանուկ Պաղտոյեանը, Յակոբճան Պապոյեանը, Գրիգոր Տաղլըեանը, Սմբատ (Տէր Մեսրոպ) Տէմիրճեանը, Սարգիս Կրպոյեանը, Գէորգ Տաղլեանը, Գէորգ Մըղըրպլեանը (Տէր Կարապետ), Սարգիս (Մուշեղ) Սարաֆեանը, Մհի. Կարապետ Պալըեանը, Յակոբ Չէքիչեանը, Սարգիս Գրաճեանը, Աւետիս Ճէպէճեանը, Գրիգոր Պասմաճեանը, Գասպար Պէրէճիկլեանը, Գրիգոր Լէյլէկեանը, Յարութիւն Գօլանճեանը, Տոքթ. Սարգիս Հեքիմեանը, Յարութիւն (Բաբգէն) Պօշկէզէնեանը եւ այլք [25]:

1882-1884 թթ. Ադենական ընկերութիւնը մեծ առաջընթաց է ապրում, կարողանում է գնել է վարժարանի հողը, նախ՝ քառորդ մասով, այնուհետեւ 6 տարին չլրացած՝ ամբողջութեամբ: Հասիրլի Տուա Եէրիում գործող որբանոցը տեղափոխւում է նոր վայր, 1885 թ. այն վերածւում է որբանոց-դպրոցի՝ ցերեկօթիկ աշակերտներով: Կարճ ժամանակ անց, Յակոբ Պէքեարեանի տեսչութեան շրջանում, որբանոցը վերածւում է Ադենական վարժարանի՝ պահելով նաեւ որոշակի թւով որբեր: 1896 թ. ջարդերից յետոյ Հին դարպասի սենեակները եւս տրւում են վարժարանին՝ որպէս պատսպարան:

Ադենական վարժարանն ունէր Ծաղկոցի, Նախակրթարանի եւ Կրթարանի բաժիններ, Կիրակնօրեայ լսարան: Վարժարանում ներդրուած էր Կ. Պոլսի Ուսումնական խորհրդի [26] ծրագիրը, միայն ֆրանսերէնի փոխարէն դասաւանդւում էր անգլերէն:

Հոգաբարձական եւ խնամակալական մարմիններին մաս էին կազմում Այնթապի մտաւորական եւ վաճառականական դասի լաւագոյն ներկայացուցիչները. նախապէս յիշատակուածներից բացի, Յակոբ Գարամանուկեանը, Կարուճ Մէրճէնեանը, Յովսէփ Առաքելեանը, Յարութիւն Գրաճեանը, Յովսէփ Աշճեանը, Գրիգոր Ասէեանը, Մհի. Յարութիւն Պասմաճեանը, Մելքոն Գապագեանը, Կարապետ Գարղայեանըեւ այլք [27]: 1885 թ. Ադենականի որբանոց-դպրոց 15 որբեր են ընդունւում[28]: Կ. Պոլսի «Երկրագունտը» 1887 թ. հաղորդում էր, որ Ադենականը իր անուան արժանի գործեր է կատարում եւ ծառայում իր բարեգործական նպատակին, արդէն մօտ 20 որբեր են անվճար խնամւում եւ կրթւում այստեղ [29]:

1892 թ. Ադենական վարժարանը տալիս է իր առաջին շրջանաւարտները՝ թւով 8 հոգի. Արմենակ Ֆէրէճեան, Գարեգին Թիւթիւնճեան, Թաթուլ Ճզտրիկեան, Հրանտ Ճանիկեան, Մուշեղ Հատիտեան, Նշան Պետրոսեան, Յակոբ Աւագփանոսեան եւ Սմբատ Տէր Պօղոսեան [30]:

Տարիների ընթացքում Ադենական վարժարանը վեցամեայ նախակրթարանից (Ծաղկոցից առանձին) աստիճանաբար վերածւում է իննամեայ բարձրագոյն նախակրթարանի [31]: 1906 թ. Կ. Պոլսի «Բիւրակն» թերթը, հակիրճ ներկայացնելով վարժարանը, նաեւ ոգեւորում էր ու քաջալերում, որ շատերը դառնան Ադենական վարժարանի սան: Նշւում է, որ այնտեղ ուսուցանւում են օսմաներէն, հայերէն, անգլերէն, տոմարակալութիւն, տնտեսութիւնեւ այլն: Ընթերցաւարտները առանց քննութեան ընդունւում են Այնթապում առաջատար ուսումնական հաստատութիւններից մէկի՝ Կենտրոնական Թուրքիոյ գոլէճի (ամերիկեան միսիոնարական վարժարան) Freshman կարգը (առաջին կուրս): Թերթը գրում է նաեւ, որ թէեւ վարժարանը ցերեկօթիկ է, սակայն դրսից եկած աշակերտներին տրւում է ամեն հնարաւորութիւն [32]:

1911 թ. Օսմանեան կայսրութեան կրթութեան նախարարութեան վաւերացումով Ադենական վարժարանը դառնում է եօթնամեայ Երկրորդական վարժարան՝ 1913 թ. տալով առաջին շրջանաւարտները: Վարժարանի վերջին տեսուչ Յակոբ Զէյթունցեանի շրջանում (1913-1915) աւելանում են նաեւ անգլերէնով դասաւանդուող առարկաները, որոնք էին՝ գրահաշիւ, երկրաչափութիւն, բնագիտութիւն, տարրագիտութիւն եւ այլն: Մասնաւոր հիմունքներով դասաւանդւում էր նաեւ ֆրանսերէն: Այս փոփոխութիւնները կատարւում էին շրջանաւարտներին առանց քննութեան Կենտրոնական Թուրքիոյ գոլէճի համապատասխան կարգեր ընդունուելու հնարաւորութիւն ընձեռելու համար:

Ադենական վարժարանը Այնթապի միակ դպրոցն էր, որ ունեցել է փողերախումբ [33]:

Կիլիկիոյ Սահակ Բ. Խապայեան կաթողիկոսը 1913 թ. հոկտեմբերի 24-ին թիւ 293 կոնդակով իր հայրական օրհնութիւնն է ընծայում Ադենական վարժարանին [34]:

19-րդ դարի վերջին շուրջ երկու տասնեակ սաներով իր գործունէութիւնն սկսած որբանոց-դպրոցը, վերածուելով վարժարանի, 1892-1913 թթ. ընթացքում ունենում է 97 շրջանաւարտ [35]: 1913-1914 թթ. ուսումնական տարում աշակերտների թիւը հասնում է 288-ի [36]: 1915 թ. «Ադենականը» հասել էր բարձրագոյն վարժարանի աստիճանի եւ ունէր 300 աշակերտ [37]:

Աւելացող աշակերտների թուի հետ առաջանում է աւելի ընդարձակ շէնք ունենալու խնդիրը: Ադենական վարժարանի Խնամակալութեան անդամ եւ մշտապես կրթարանի գործունէութեան աջակից Սարգիս Գրաճեանի ջանքերով, քաղաքից դուրս գնւում է 10.000 կանգուն հող՝ ապագայում դպրոցն այնտեղ փոխադրելու նպատակով [38]:

Սակայն մինչ այս մեծածաւալ կալուածքի գնումը, նորահաստատ «Ադենական» որբանոց-դպրոցը իր գործունէութիւնը սկսել էր Գասթէլ Բաշի թաղամասում վարձակալած Հասերլի դպրոց կոչուած հին շէնքում (հետագայում այս շէնքը վերածւում է Նիզիպլեան թանգարանի): 1890 թ. ձեռք բերւում է առաջին կալուածքը՝ եկեղեցու թաղում ընդարձակ բակ ունեցող մի քանի սենեակներով, որտեղ կառուցւում է նաեւ ընդարձակ սրահ: 1906 թ. դպրոցի դասասենեակները այրւում են, սակայն անմիջապէս տեղում կառուցւում են ութ խանութներ, որոնց վրայ էլ վեց դասասենեակ եւ մէկ սրահ: 1911 թ. գնւում է դպրոցին կից եւս մէկ շէնք [39]:

Ադենական վարժարանի նիւթական հիմնական աղբիւրներն էին՝

  • Աշակերտների կրթաթոշակը
  • Կիրակնօրեայ Լսարանի հասոյթը
  • Ութ խանութի վարձը
  • Հանդէս-ներկայացումների հասոյթը
  • Ադենական ընկերութեան անդամների տարեվճարը
  • Սափրիչի խանութի հասոյթը
  • Հարսանիքի, մկրտութեան, թաղումի առթիւ նուիրատւութիւնները [40]:

Ազգային Հայկազեան վարժարան (1883-1915)

Ազգային Հայկազեան ընկերութիւնը Այնթապի միւս կրթական ու դպրոցական ընկերութիւնների նման ունէր թանգարան-գրադարան, գիշերային դասեր ու Կիրակնօրեայ լսարան: Ընկերութեան հիմնադիրներից նշւում է դպրոցի երկարամեայ հոգաբարձու եւ խնամակալ Յակոբ Գարամանուկեանը (Քէօրճէմեան), որին աջակցում էին Ռահան [41] Սոքաղը թաղի կրթասէր ազգայինները [42]:

1884 թ. այս ընկերութիւնը հիմնադրում է Ազգային Հայկազեան վարժարանը: Մեսրոպ աւագ քհն. Քէօշկէրէանի վկայութեամբ՝ Մարտիրոս Կէտիկեանը իր երկու ընկերների հետ միասին հրաւիրում է Ռահան թաղի երեւելիներին, կազմակերպում են հանգանակութիւն քաղաքի հայերի շրջանում եւ գնում դպրոցի համար համապաստասխան սենեակ: Վարժարանի հիմնադիրների շարքում նշւում են Մարտիրոս Կէտիկեանն ու նրա երկու ընկերները (վերջիններիս անունները սոյն սկզբնաղբիւրի հեղինակ Մեսրոպ աւագ քհն. Քէօշկէրեանը չի իմացել), ինչպէս նաեւ Ռահան թաղից Չագմագճը Գէորգը, Ունճու Փանոսը, Շէօհմէլի Արթինը, Քէօշկէր Յակոբը, Ճիվան Գէորգը, Թիմթիւմիւ Սարգիսը, Չուլճու Յովհաննէսը, Ճէպէճի Յակոբը, Տէյիրմէնճի Ներսօն, Գըլճը Կարուճը եւ ուրիշներ [43]:

1887 թ. վարժարանն ունէր մօտ 30 աշակերտ: Թէ´ ընկերութեան եւ թէ՛ դպրոցի առաջընթացի համար ջանքեր էր ներդնում Գրիգոր Մանուշակեանն իր ազգասէր ընկերների հետ միասին [44]: 1898-1899 ուսումնական տարում վարժարանն ունեցել է 11 շրջանաւարտ [45]:

Գրիգոր Պօղարեանը նշում է, որ վարժարանը մինչեւ 1900 թ. չունէր սեփական շէնք եւ գործում էր Աշըգ Վարդանի տանը: Այնուհետեւ ձեռք է բերւում սեփական շէնք՝ սրահով, չորս սենեակներով, երկու բակով եւ պարտէզով: Տուեալ ժամանակահատուածում վարժարանի աշակերտների թիւը 100-ից պակաս չի եղել: Հայկազեանը լրիւ նախակրթարան չէր, երբեմն աշակերտները, վարժարանը դեռեւս չաւարտած, դիմում էին Ներսէսեան, Ադենական, Վարդանեան, ոմանք նաեւ Կենտրոնական Թուրքիոյ գոլէճ: Ազգային Հայկազեան վարժարանի լաւագոյն տարիները համարւում են 1896-1902 թթ. [46]: Վարժարանի առաջին ուսուցիչներից էր կոստանդնուպոլսեցի Վրթանէս վարժապետը [47]:

Հայկազեան վարժարանը գտնւում էր Ազգային իշխանութիւնների հովանաւորութեան ներքոյ: Այն եւս ստանում էր բաժին «Միլլէթ խանի» եկամուտներից [48]:

Լուսինեան վարժարան

1909 թ. Այնթապի Քրիստոսասիրաց ընկերութեան մտայղացմամբ հիմնադրւում է Լուսինեան վարժարանը: Վարժարանի հիմնադրման գաղափարի ջատագովը եւ տնօրէնը եղել է Վահան Մաննա Թովմասեանը: Հոգաբարձութեան անդամներն էին Սեդրակ Ալաճաճեանը, Գրիգոր Սաաթճեանը, Գրիգոր եւ Յարութիւն Տաղլըեանները, Միհրան Հալաճեանը, Յարութիւն Պ. Նազարեանը եւ Վահան Թովմասեանը: Դպրոցի առաջին ուսուցիչներից էին Նուրիցա Մահսէրէճեանը եւ Էլիզա Այվազեանը (Սեդրակ Ալաճաճեանի տիկինը): Նրանց աւելի ուշ միանում է Երանիկ Սանոսեանը (տիկին Գուրեան) [49]:

Վարժարանը նախապես իր աշխատանքները սկսում է վարձակալական հիմունքներով, այնուհետեւերկու տարուայ ընթացքում հնարաւորութիւն է ունենում սեփական շէնք ձեռք բերել: 200 օսմ. ոսկիով գնւում է Սեպուհ Չագմագճեանի տունը, մօտ 100 օսմ. ոսկի էլ ծախսւում է շէնքը դպրոցի վերածելու համար: Դպրոցի բակն ու ներքեւի սրահը օգտագործւում էին Քրիստոսասիրացի կիրակնօրեայ հրապարակային ժողովների համար: Աշակերտների թիւը առաջին տարում 60-ից աւելի էր, 1913 թ. արդէն կրկնապատկում է՝ դառնալով 120-ից աւելի [50]:

Իգական վարժարաններ

Յայտնի է, որ Այնթապում առաջին իգական վարժարանները բացուել են բողոքական միսիոներների նախաձեռնութեամբ: Սակայն միսիոներական դպրոցի աշխատանքներին զուգահեռ, մինչեւ Այնթապում հայկական իգական առաջին կանոնաւոր դպրոցի հաստատումը, վարժուհի Վարդեր Սէֆէրեան-Գայմագամեանը [51], աստիճանաբար աշակերտուհիներ հաւաքելով, իր տանը դասաւանդում էր հայերէն: Տնային պայմաններում դասաւանդման առաջին 12 տարիների ընթացքում աշակերտուհիների թիւը հասնում է աւելի քան 20-ի: Դասերին յարակից, Վարդեր Սէֆէրեան-Գայմագամեան ուսուցանում էր կարուձեւ, ձեռագործ եւ եկեղեցական շարականասացութիւն: Վարդեր վարժուհու գործունէութիւնը արժանանում է Մկրտիչ Ա. Քէֆսիզեան կաթողիկոսի ուշադրութեանը. կաթողիկոսը սենեակ է վարձում, յատկացնում երկու մեջիդիէ ամսաթոշակ եւ կոյր վարժապետ Ղարլանկըչին (Ծիծեռնակ) նշանակում օգնական: Աւելի ուշ միանում է եւս մէկ օգնական կին: Աշակերտների թիւը հասնում է 60-ի, միանում են նաեւ աւելի մանկահասակ աղջիկներ: Դասաւանդուող առարկաներին աւելանում են կրօնագիտութիւնը, աշխարհագրութիւնը եւ թուաբանութիւնը [52]:

Ազգային Հայկանուշեան վարժարան (1878-1915)

Կ. Պոլսի, Զմիւռնիայի եւ այլ խոշոր կենտրոնների մէջ բացուած իգական վարժարանները, ինչպէս նաեւ 1862 թ. Հալէպում Յովհաննէս Քիւրքճեանօֆի հիմնադրած Հայկական աղջկանց վարժարանի յաջողութիւնը, Այնթապում բողոքականների, ապա կաթոլիկների բացած վարժարանները, եւ յատկապէս Ազգային Սահմանադրութեան շնորհիւ տարածուած առաջադիմական գաղափարները նպաստեցին իգական վարժարանների շուտափոյթ բացմանը: Դեռեւս «Սրբոց Վարդանանց թանգարան» ընկերութիւնն իր ծրագրերում ունէր «աղջկանց» յատուկ վարժարան հաստատելու թէ´ գաղափարը, եւ թէ՛ այդ նպատակի համար յատկացուած դրամական միջոցները: Այդ ծրագրի հեղինակներն էին Յովհաննէս Քիւրքճեանօֆը եւ Նիկողոս Նազարէթեանը, ինչպէս նաեւ 1871 թ. Երուսաղէմից վերադարձած Պաղտասարեան եղբայրները, որոնք արդէն ծանոթ էին Երուսաղէմում գործող հայկական իգական Գայիանեան վարժարանին [53]:

1877 թ. Կիլիկիոյ Գիշերօթիկ վարժարանի փակումից յետոյ, Թաղական խորհուրդը Նիկողոս Նազարէթեանի գլխաւորութեամբ որոշում է նոյն շէնքի՝ Վերին Վարժատան սրահում եւ երեք սենեակներում բացել «աղջկանց» յատուկ առաջին դպրոցը: Ազգային Հայկանուշեան վարժարանը բացւում է 1878 թ. մարտի 1-ին: Վարժարանի տեսուչ է նշանակւում Արմենակ վարժապետ Պաղտասարեանը:

Կիլիկիոյ կաթողիկոս Մկրտիչ Ա. Քէֆսիզեանը սկսում է յորդորել ծնողներին որպէսզի աղջիկներին կրթութեան տան: Բացի այդ, աղջիկների՝ դպրոց յաճախելը խրախուսելու համար, առաջին աշակերտների թւում էին Նիկողոս աղայի դուստրերը՝ Եփրուհի եւ Զմրուխտ Նազարէթեանները: Առաջին տարում աշակերտուհիների թիւը հասնում է 120-ի: Ուսուցչական կազմում էին Յակոբճան վարժապետ Կէօվշէնեանը եւ Հոռոմ վարժուհի Իսկէնտերեանը: Աշակերտների թուի աւելացումը բերում է ուսուցիչների թուի աւելացմանը եւս. վարժարանի աշխատանքներին են միանում Մարիամ Պօղոսեանը, Եղսա վարժուհին, Հռիփսիմէ Միսիրեանը, Մարիամ Պաղտոյեանը, Հռիփսիմէ Պաղտասարեանը եւ այլք:
Ազգային Հայկանուշեան վարժարանում դասաւանդում էին ընթերցանութիւն, քերականութիւն, թուաբանութիւն, կրօնագիտութիւն, հայոց պատմութիւն, գծագրութիւն, գեղագիտութիւն եւ ձեռագործ: Կրթական ծրագիրը, համաձայնեցուելով Կ. Պոլսի Ուսումնական խորհրդի ծրագրին, հետզհետէ բարեփոխւում է: Որպէս օտար լեզու աւելանում են թուրքերէնն ու անգլերէնը [54]: Բացի այդ, վարժարանի սանուհիները 1889 թ. հիմնադրում են Ընթերցասիրաց ընկերութիւնը, որի առաջնային նպատակներից էր զարգացնել ընթերցասիրութիւնը կանանց եւ աղջիկների շրջանում [55]:

Հայկանուշեան վարժարանը նախապէս հիմնադրուած լինելով իբրեւ Ծաղկոց, տարիների ընթացքում դառնում է վեցամեայ նախակրթարան: Աշակերտուհիների թիւը աստիճանաբար հասնում է 500-ի՝ Ծաղկոցում՝ 300, նախակրթարանում՝ 190-200 հոգի հաշուով [56]:

Հայկանուշեան վարժարանի Նախակրթարանի եւ Ծաղկոցի բաժիններում ամեն տարի կային 12-13 մնայուն ուսուցիչ, 4 այցելու դասատու՝ Նախակրթարանի, 2 տնտեսուհի: Այս աշխատակիցներին ամսական վճարուած գումարը 8-9 օսմանեան ոսկի էր, տնօրէնները ամսական 10 ոսկի էին ստանում: Արձակուրդի երկու ամիսների ընթացքում վճարում չէր լինում [57]:

Ծաղկոցի համար գործածւում էր եկեղեցու բակի հիւսիսային կողմում գտնուող Հին դարպասը՝ իր երկու սենեակով եւ վրայի սրահով: 1893 թ. նոր եկեղեցու շինարարութեան աւարտից յետոյ հին եկեղեցին յատկացւում է Հայկանուշեանի Ծաղկոցի բաժնին: Նախակրթարանը գտնւում էր Վերի Վարժարանի հին, սիւնաւոր սրահում: 1902 թ. շնորհիւ բարերար ամուսիններ Գալուստ Ղազարեանի եւ Լուսիա Նազարէթեան-Ղազարեանի, ունենում է նոր սրահ՝ բարեկարգ սենեակներով [58]:

Ազգային Հայկանուշեան վարժարանի բիւջէն ձեւաւորւում էր «Միլլէթ խանի» եկամուտներից [59]: Բացի այդ, վարժարանը հիմնադրման օրից ունէր տարեկան յատկացում «Ազգային պանդոկից»: Բիւջէն համալրւում էր նաեւ աշակերտուհիների կրթաթոշակներով. ամենաբարձրը կէս օսմանեան ոսկի էր, երբեմն նոյնիսկ աւելի շատ, նուազագոյնը՝ տարեկան 12½ դահեկան [60]: Վարժարանի բիւջէի կազմաւորման մէջ աննշան էր ծնողների մասնաբաժինը. երկու մեջիդիէ ամբողջական թոշակը նրանցից քչերն էին վճարում, սովորաբար վճարւում էր շաբաթը մէկ մեթալիկ, որը տարեկան կէս մեջիդիէ էր կազմում: Ամանորին տեղի էր ունենում դպրոցական հանդէս վճարովի տոմսերով, կազմակերպւում էր ձեռագործի վիճակահանութիւն: Տարբեր տարիներ վարժարանի հոգաբարձու են եղել Նազարէթ Մանուշակեանը, Հրանտ Սիւլահեանը, Գրիգոր Քիւթիւկեանը, Արմենակ Պաղտասարեանը, Գէորգ Թօփպաշեանը, Կարապետ Եաղսըզեանը, Գրիգոր Լէյլէկեանը, Յակոբ Գարամանուկեանը, Ղազարոս Ղպլիկեանը, Յակոբ Ղազարեանը, Սարգիս Պ. Նազարեանը, Նազարէթ Ֆըսթըգճեանը, Մովսէս Գազանճեանը եւ այլք [61]:

1904 թ. սկսած Հայկանուշեանն ունէր մասնաճիւղեր Թապագխանէ, Ռահան Սոքաղը եւ այլ թաղերում:

Տարբեր տարիների ընթացքում Հայկանուշեանի ուսուցչական մարմնի մաս են կազմել, նշուածներից բացի, Մաքրուհի վարժուհի Պէրպէրեանը, Նարդուհի վարժուհի Նալպանտեանը, Հայկանոյշ Մանուշակեանը, Տիրուհի Պէքարեանը, Ովսաննա Մէշէֆէճեանը, Արշալոյս Ալաճաճեանը, Արուսեակ Թահթաճեանը, Երանիկ Գապպէնճեանը, Ազնիւ Իսրայէլեանը, Զարուհի Քէչէճեանը, Մարի, Սանդուխտ, Էլիզա Այվազեան քոյրերը, Սանդուխտ Ասատուրեանը, Սիրանոյշ Պիլէմճեանը եւ այլք: Նրանցից շատերը Հայկանուշեանի շրջանաւարտներ են: Վարժարանի երգեցողութեան ուսուցիչը եղել է Գասպար վարժապետ Փիլաւճեանը, իսկ բարձրագոյն կարգի կրօնի դասաւանդել են յաճախ քահանայ հայրերը, որոնցից յիշատակւում են Տէր Մեսրոպը եւ Տէր Ներսէսը [62]:

Իր գործունէութեան տարիների ընթացքում Հայկանուշեանը տուել է 281 շրջանաւարտ [63]: Դեռեւս 1890 թ. Կ. Պոլսի «Արեւելք» թերթը անդրադառնալով «Աղջկանց ազգային վարժարանի» գործունէութեանը, նշում է, որ այն առանձնակի ծառայութիւն է մատուցել ազգին եւ որ վարժարանի աշակերտուհիները տիրապետել են մաքուր հայերէնին ու ձեռք են բերել վերլուծական միտք [64]:

1919 թ.ին, աքսորեալ հայերի վերադարձից յետոյ, Այնթապի Ազգային Միութեան եւ նրա նախագահ Տէր Ներսէս քահանայ Թաւուգճեանի ջանքերով վերականգնւում է Ազգային Հայկանուշեան վարժարանը եւս: Սակայն 1922 թ. Այնթապի հայաթափումով ընդմիշտ դադարում է վարժարանի գործունէութիւնը [65]:

Հռիփսիմեանց վարժարան (նախակրթարան՝ 1890-1905, մանկապարտէզ՝ 1905-1915)

Ազգային Հայկանուշեան վարժարանի տեսուչ Արմենակ վարժապետ Պաղտասարեանը, մի խումբ դպրոցասէր կանանց հետ 1879 թ. հիմնադրում է Այնթապի իգական առաջին ընկերությունը, որն էր՝ Հռիփսիմեանց Պարզասիրացը: Ընկերութեան նախագահ է դառնում Տէր Եղիշէ քահանայ Քիլիսլեան: Հռիփսիմեանց Պարզասիրաց ընկերութեան նպատակն էր սատարել իգական սեռի դաստիարակութեանը, որբուհիների կրթութեանը, խրախուսել պերճասիրութիւնից հրաժարում, ձեւաւորել պարզասիրութեան ձգտում եւ այլն [66]:

Հռիփսիմեանց ընկերութիւնը Թաղական խորհրդի, մասնաւորապէս դրա ատենապետ Նիկողոս Նազարէթեանի պաշտպանութեան ներքոյ էր, ինչն էլ նպաստում է ընկերութեան արագ աճին: Բացի այդ, Հռիփսիմեանցի Խնամակալ մարմնի անդամ Ֆէրիտէ Լէյլէկեանի, Էլմաստ Քիւրքճեանի, Լուսիա Նազարէթեան-Ղազարեանի, Խանըմ Լէյլէկեանի անձնական օրինակը եւ նրանց իրականացրած աշխատանքը լուրջ խթան են հանդիսանում:

1890-ական թթ. ձեռք է բերւում սեփական շէնք Գասթէլ Բաշի թաղում, որտեղ եւ հաստատւում է իգական տարրական նախակրթարան: Նախակրթարանը, երբեմն որպէս Ծաղկոց, իր գործունէութիւնը շարունակում է մինչեւ 1905 թ. [67]:

1887 թ. Հռիփսիմեանց Պարզասիրաց ընկերութեան դպրոցն ունէր 150 աշակերտուհի [68]: 1888 թ., իր գործունէութեան 9-րդ տարում, ընկերութեանն անդամակցում էր 300 կին, որոնք ղեկավարում էին 250 աշակերտուհիներից բաղկացած հինգ դպրոց [69]:

Մինչեւ 1892 թ. Հռիփսիմեանց ընկերութիւնը իր բոլոր միջոցներով սատարում էր Հայկանուշեանին՝ այնտեղ պահելով մօտ 60 սանուհի, որոնց, կրթաթոշակից բացի, տրամադրում էր նաեւ հագուստ [70]: 1905 թ. Հռիփսիմեանց վարժարանը վերածւում է մանկապարտէզի, որի վարիչ է նշանակւում Ռօզիկ Թահմազեանը [71]:

Հռիփսիմեանց ընկերութիւնը, կրթական միւս ընկերութիւնների նման, ունէր Կիրակնօրեայ լսարան, որը յատուկ էր կանանց եւ գտնւում էր Արմենակ վարժապետի ատենապետութեան ներքոյ: 1919-1922 թթ. ընթացքում Հռիփսիմեանց մանկապարտէզը նոյնպէս գործել է Ազգային Միութեան հովանու ներքոյ [72]:

Կրթասիրաց վարժարան (1898-1915)

1896 թ. մի խումբ ուսանողներ Նազարէթ Իփեքեանի եւ դոկտ. Եղիա Արոյեանի, Նուրիճան Նիզիպլեանի եւ այլոց գլխաւորութեամբ հաստատում են Լսարան՝ իգական սեռի դաստիարակութեան համար: Հանդիպումները տեղի էին ունենում կիրակի օրերին Հայկանուշեանի հին սրահում՝ միմիայն կանանց մասնակցութեամբ: Քննարկւում էին կրօնաբարոյական, կրթական եւ առողջապահական թեմաներ նորակազմ Կղերասիրաց ընկերութեան [73] հովանաւորութեան ներքոյ: Սակայն Լսարան յաճախող կանայք որոշում են հիմնադրել նոր ընկերութիւն՝ Կրթասիրաց անունով: Նոր կազմակերպութեան նպատակներից մէկը աղջիկների դաստիարակութեան գործին աջակցելն էր, ինչպէս նաեւ, Ազգային Հայկանուշեան վարժարանի գործունէութեանը օժանդակելով, նոր վարժարան հաստատելը: Նախաձեռնող կանանց թւում էին Եփրոս Լէյլէկեանը, Ովսաննա Թոսունեանը, երիցուհի Մ. Տէր Մելքոնեանը, Եւգինէ Բանճարճեանը, Նուրիճան Նիզիպլեանը, Հայկանուշ Մանուշակեանը եւ Զարուհի Գարակէօզեանը: Գործին իրենց աջակցութիւնը բերեցին նաեւ Եիւսիֆ եւ Սենեքերիմ Նիզիպլեան եղբայրները, Աբրահամ Սէրայտարեանը, Խաչատուր Խաչատուրեանը, Սմբատ Տէր Պօղոսեանը եւ Մանուկ Բանճարճեանը [74]:

Նուիրատւութիւններով եւ ժողովրդական հանգանակութեամբ ստեղծւում է հիմնադրամ՝ շէնք վարձելու եւ կահաւորելու համար: 1898 թ. հիմնադրւում է Այնթապի հայոց աղջկանց երկրորդ նախակրթարանը՝ Կրթասիրաց անունով: Վարժարանի առաջին տեսչուհին Անիձա Սիւլահեանն էր (հետագայում Տէր Ներսէս Թաւուգճեանի երէցկինը): Նրան յաջորդել է Մաքրուհի Պէրէճիկլեանը (1903-1908), ապա մէկական տարիով պաշտօնավարել են Արաքսիա Ճէպէճեանը, Արմենուհի Պաղտոյեանը եւ Գուտսի Պէրէճիկլեանը: 1911-1915 թթ. ընթացքում Կրթասիրացի տեսչուհին եղել է Հրանոյշ Թահթաճեանը [75]:

Կրթասիրաց վարժարանի աշակերտների թիւը հասնում էր 150-ի: Դպրոցի բիւջէն կազմաւորւում էր կրթաթոշակներով, Լսարանի պնակի եւ ձեռագործի տարեկան վիճակահանութեան հասոյթով: Կրթական ծրագիրը նման էր Հայկանուշեանի ծրագրին, սակայն անգլերէն եւ թուրքերէն լեզուների դասաւանդումը աւելի լաւ էր իրականացւում, ինչի վկայութիւնը 1912-1914 թթ. շրջանաւարտների գրանցած յաջողութիւնն էր [76]:

1918 թ. Մուդրոսի զինադադարից յետոյ՝ 1919-1922 թթ. ընթացքում Կրթասիրաց վարժարանը նոյնպէս վերաբացւում է՝ մաս կազմելով Միացեալ վարժարաններին՝ Ազգային Միութեան հսկողութեան ներքոյ: Այնուհետեւ Այնթապի վերջնական հայաթափութեան հետեւանքով այն կրկին փակւում է: 1924 թ. Կրթասիրացը հաստատւում է Հալէպում՝ մանկապարտէզի, արական եւ իգական յատուկ նախակրթարանների բաժիններով [77]: Դպրոցը Հալէպում գործում է առ այսօր՝ Կրթասիրաց Ս. Չեմպէրճեան երկրորդական վարժարան անունով:

Ծանօթագրութիւն.- Այս յօդուածին մէջ տեղ գտած անձնանունները գրուած են սկզբնաղբիւրներուն մէջ նշուած ուղղագրութեամբ։
 

  • [1] Արթուն Հատիտեան, «Հայ Այնթապը եւ իր հերոսամարտը», Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1970, թիւ Գ., մարտ, էջ 22:
  • [2] Յ. Ա. Պէզճեան, «Այնթապի կրթական կացութիւնը. Անցեալն ու ներկան», Կոչնակ, Նիւ-Եօրք, 1912, թիւ 13, 30 մարտ, էջ 306-307:
  • [3] Արթուն Հատիտեան, «Հայ Այնթապը եւ իր հերոսամարտը», էջ 22:
  • [4] Վիճակացոյց Գաւառական Ազգային Վարժարանաց Թուրքիոյ, Ա. տետր, Կ. Պոլիս, տպ. «Յ. Մատթէոսեան», 1901, աղիւսակ թիւ 25:
  • [5] Նոյն տեղում:
  • [6] Վարի դպրոց (Աշաղը Մէքթէպ) անուանումը պայմանաւորուած է քաղաքի Սու Պուրճու (Ջրի բուրգ կամ Ջրաբաշխ) կոչուող հատուածում գտնուելով (Բաբգէն եպիսկոպոս, «Նօթեր հայ Անթէպի պատմութեան համար», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճելըս, 1953 (այսուհետ՝ՊԱՀ Ա.), էջ 16):
  • [7] Նոյն տեղում, էջ 16-17:
  • [8] Գրիգոր Պօղարեան, «Կրթական կեանքը Այնթապի մէջ եւ պատմութիւն Այնթապի հայ դպրոցներուն», ՊԱՀ Ա., էջ 638-640:
  • [9] Նոյն տեղում, էջ 640:
  • [10] Նոյն տեղում, էջ 646-647:
  • [11] Նոյն տեղում, էջ 652-654:
  • [12] Ծաղկոց կամ նախապատրաստական, երբեմն կոչուել է նաեւ Սկսնակ: Նախատեսուած էր 6-8 տարեկանների համար: Տեւում էր երկու տարի: Այնուհետեւ գալիս է նախակրթարանը կամ կրթարանը՝ 9-16 տարեկանների համար:
  • [13] ՊԱՀ Ա., էջ 658-659: Տե´ս նաեւ Վարդ, «Այնթապ քաղաք», Արաքս, Ս. Պետերբուրգ, 1888,  Բ գիրք, մայիս, էջ 60:
  • [14] Գրիգոր Պօղարեան, «Կրթական կեանքը Այնթապի մէջ եւ պատմութիւն Այնթապի հայ դպրոցներուն», ՊԱՀ Ա., էջ 655:
  • [15] Նոյն տեղում, էջ 656-657:
  • [16] Գ[րիգոր] Պօղարեան,«Այնթապի Ներսէսեան վարժարանը», Հայ Անթէպ, Պէյրութ, 1965, թիւ 2, էջ 43-45:
  • [17] Նազար [Արմենակ Նազարէթեան], «Ընկերային նիւթեր –Թանգարանճը Խաչէրը», Բիւզանդիոն, Կ. Պոլիս, թիւ 696, 1899, 30 յունուար/12 փետրուար, էջ 1:
  • [18] Գրիգոր Պօղարեան, «Կրթական կեանքը Այնթապի մէջ եւ պատմութիւն Այնթապի հայ դպրոցներուն», ՊԱՀ Ա., էջ 660:
  • [19] Նոյնը:
  • [20] Նազար [Արմենակ Նազարէթեան], «Ընկերային նիւթեր –Թանգարանճը Խաչէրը», Բիւզանդիոն, Կ. Պոլիս, թիւ 696, 1899, 30 յունուար/12 փետրուար, էջ 1:
  • [21] Վ. Ն. Կ. [Վահէ Կիւլեսէրեան], «Վահան Մ. Քիւրքճեանը եւ Վարդանանց կրթարանը», Հայ Անթէպ, Պէյրութ, թիւ 5, 1962, էջ 4:
  • [22] Մասիս, Կ. Պոլիս, թիւ 676, 1865, 23 յունուար, էջ 3:
  • [23] Վ[ահան] Մ. Քիւրքճեան, «Ադինական եւ Վարդանեան», Հայաստանի կոչնակ, Նիւ Եորք, թիւ 38, 1928, 22 սեպտեմբեր, էջ 1195-1196:
  • [24] Գրիգոր Պօղարեան, «Ադենական վարժարան», ՊԱՀ Ա., էջ 740:
  • [25] Նոյն տեղում, էջ 740-741:
  • [26] Ըստ Ազգային Սահմանադրութեան, Ուսումնական խորհուրդը ստեղծուած էր ընդհանուր ազգային կրթական համակարգը վերահսկելու եւհամակարգելու համար (մանրամասն տե՛ս Ազգային ՍահմանադրութիւնՀայոց, Կ. Պոլիս, 1860, էջ 16-17):
  • [27] Գրիգոր Պօղարեան, «Ադենական վարժարան», ՊԱՀ Ա., էջ 742-743:
  • [28] Յովհաննէս Արարատեան, «Այնթապի Ադենական Կեդրոնական վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 749:
  • [29] Ղեւոնդ քահանայ Տէր Նահապետեան, «Գաւառք», Երկրագունտ, Կ. Պոլիս, 1887, թիւ 3-4, մարտ-ապրիլ, էջ 159:
  • [30] Գրիգոր Պօղարեան, «Ադենական վարժարան», ՊԱՀ Ա., էջ 743:
  • [31] Յովհաննէս Արարատեան, «Այնթապի Ադենական Կեդրոնական վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 749:
  • [32] Բիւրակն, Կ. Պոլիս, 1906, թիւ 28, 5 օգոստոս, վերջին էջ:
  • [33] Գրիգոր Պօղարեան, «Ադենական վարժարան», ՊԱՀ Ա., էջ 743-744:
  • [34] Նոյն տեղում, էջ 744:
  • [35] Յովհաննէս Արարատեան, «Այնթապի Ադենական Կեդրոնական վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 752:
  • [36] Գրիգոր Պօղարեան, «Ադենական վարժարան», ՊԱՀ Ա., էջ 747:
  • [37] Յովհաննէս Արարատեան, «Այնթապի Ադենական Կեդրոնական վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 752:
  • [38] Գրիգոր Պօղարեան, «Սարգիս Գրաճեան (1872-1929)», Պատմութիւն Անթէպի հայոց, Բ. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Բ.), էջ 763:
  • [39] Յովհաննէս Արարատեան, «Այնթապի Ադենական Կեդրոնական վարժարանը», ՊԱՀ Ա., էջ 751-752:
  • [40] Նոյն տեղում, էջ 752:
  • [41] Անուանումը բխել է թաղի ծաղկազարդ ու ծառազարդ տների պատճառով (ՊԱՀ Ա., էջ 737): Ամբողջական անուանումը՝ Ռահան Սոքաղը, կը թարգմանուի ծաղկազարդ, ծառազարդ փողոց:
  • [42] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկազեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 737:
  • [43] Մեսրոպ աւագ քահանայ Քէօշկէրեան, «Ազգային Հայկազեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 739:
  • [44] Ղեւոնդ քահանայ Տէր Նահապետեան, «Այնթապի ազգային վիճակն», Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1887, մարտ, էջ 100: Տե՛ս նաեւ Ղեւոնդ քահանայ Տէր Նահապետեան, «Գաւառք», Երկրագունտ, Կ. Պոլիս, թիւ 3-4, 1887, մարտ-ապրիլ, էջ 159: 
  • [45] Նազար [Արմենակ Նազարէթեան], «Կիլիկեան քրոնիկ», Բիւզանդիոն, Կ. Պոլիս, թիւ 851, 1899, 3/15 օգոստոս, էջ 1:
  • [46] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկազեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 738:
  • [47]  Նոյնը:
  • [48] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկազեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 738:
  • [49] Վահան Մաննա Թովմասեան, «Լուսինեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 773-774:
  • [50] Նոյն տեղում, էջ 774:
  • [51] Վարդեր Սէֆէրեան-Գայմագամեանը ծնուել է Այնթապում՝ 1835 թ.: Մանուկ հասակում կորցնում է ծնողներին եւ տրւում հարազատների խնամքին: Աղջիկը մեծ սէր ունէր ուսման նկատմամբ. սողոսկելով Ներսէսեան արական վարժարանի դռներից ներս, ականջ էր դնում դասերին: Մեծ մօրաքրոջ օժանդակութեամբ եւ Ներսէսեանի ուսուցիչ Արիստակէս վարժապետի աջակցութեամբ, աղջկան վերցնում են «տղայոց» դասարան: Վարդեր Սէֆէրեան-Գայմագամեանը 1915 թ. աքսորւում է ու նահատակւում անապատում (տե՛ս Իգական սեռի դաստիարակութեան ռահվիրայ մը, ՊԱՀ Ա.,էջ 686-688):
  • [52] Նոյնը:
  • [53] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկանուշեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 690:
  • [54] Նոյն տեղում,էջ 690-692, 695:
  • [55] Ս. Զարուհի [Զարուհի Գալեմքեարեան], «Հայուհեաց Յատուկ Շաբաթաթերթի մը Պէտքը, Բիւզանդիոն, Կ. Պոլիս, 1899, թիւ 776, 5/17 մայիս, էջ 1:
  • [56] Նոյն տեղում,էջ 694:
  • [57] Մարիամ վարժուհի Պուրունսըզեան, «Յաւելուածական տեղեկութիւններ Հայկանուշեան վարժարանի մասին», ՊԱՀ Ա., էջ 705:
  • [58] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկանուշեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 695:
  • [59] Նոյն տեղում, էջ 692:
  • [60] Մարիամ վարժուհի Պուրունսըզեան, «Յաւելուածական տեղեկութիւններ Հայկանուշեան վարժարանի մասին», ՊԱՀ Ա., էջ 705:
  • [61] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկանուշեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 696:
  • [62] Նոյն տեղում,էջ 696-697:
  • [63] Նոյն տեղում,էջ 697:
  • [64] «Գաւառական սուրհանդակ», Արեւելք, Կ. Պոլիս, թիւ 1846, 1890, 9/21 մարտ, էջ 2-3:
  • [65] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկանուշեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 698:
  • [66] Գրիգոր Պօղարեան, «Հռիփսիմեանց վարժարան», ՊԱՀ Ա., էջ 759-760:
  • [67] Նոյն տեղում, էջ 760:
  • [68] Ղեւոնդ քահանայ Տէր Նահապետեան, «Այնթապի Ազգային Վիճակն», Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1887, մարտ, էջ 100:
  • [69] Վարդ, «Այնթապ քաղաք», Արաքս, Ս. Պետերբուրգ, 1888, Բ գիրք, մայիս, էջ 60:
  • [70] Գրիգոր Պօղարեան, «Ազգային Հայկանուշեան վարժարան», ՊԱՀ Ա., էջ 693: 
  • [71] Գրիգոր Պօղարեան, «Հռիփսիմեանց վարժարան», ՊԱՀ Ա., էջ 761:
  • [72] Նոյն տեղում, էջ 761-762:
  • [73] 1887 թ. Վարդանեան կրթարանի աւագ դասարանի աշակերտները, գաղափարակից որոշ երիտասարդների հետ միասին հիմնադրում են Կրօնասիրաց ընկերութիւնը, որը 1897 թ. միաձուլւում է Կղերասիրացի հետ: Այնուհետեւ Բաբգէն վարդապետի (հետագային՝ Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռակից կաթողիկոս Բաբգէն Ա. Կիւլէսէրեան) ջանքերովեւ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մաղաքիա արք. Օրմանեանի վաւերացումով դառնում է Եկեղեցասիրաց ընկերութիւն (Գրիգոր Պօղարեան, «Կրթասիրաց վարժարան», ՊԱՀ Ա., էջ 763):
  • [74] Նոյնը:
  • [75] Նոյն տեղում, էջ 764:
  • [76] Նոյն տեղում,էջ 765-766:
  • [77] Նոյն տեղում, էջ 766։