Ակն, 1889-ի շուրջ։ Ձախէն աջ՝ Մարկարիթ Ժամկոչեան, Մարկարիթի մայրը (անունը անյայտ), գիրկը՝ Էլիզա Ժամկոչեան (Աւետիս եւ Ագապի Ժամկոչեանի դուստրը), Ագապի Ժամկոչեան (Աւետիս Ժամկոչեանի կինը) (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)

Ակն – Կրօնական բարքեր

Հեղինակ՝ Խաժակ Դրամփեան, 27/07/2017 (վերջին փոփոխութիւն՝ 27/07/2017)

Ակնի/Էկին (ներկայիս Քեմալիէ) հայերը շատ աւանդապահ ժողովուրդ են: Նրանց առօրեայ ընտանեկան յարաբերութիւնները կառուցուած են հին ժամանակներից եկող յստակ կանոնների վրայ, որոնք անգիր գիտի իւրաքանչիւր ակնեցի: Քննելով և վերլուծելով այդ կանոնները՝ կարելի է տեսնել ակնեցիների պարտքի և իրաւունքի սկզբունքները: Օրինակ, փոքրը պէտք է յարգի եւ ենթարկուի մեծին, իսկ մեծը պէտք է սիրի իրենից փոքրին եւ արդար լինի նրա հանդէպ՝ խիղճ ու գորով դնելով իր հրամանների մէջ: Երբ երիտասարդը յարգուած ու սիրուած է, նա հաւատում է, որ կարողացել է վաստակել մեծի օրհնութիւնը և իր կեանքը յաջողութեամբ ու երջանկութեամբ է պսակուելու [1]:

Ակնեցու ընտանիքում որքան ամուսնական զոյգ, նոյնքան եւ բաժանում կայ: Տան իւրաքանչիւր անդամ հսկում է իր բաժինը, թէեւ ընտանիքի բոլոր անդամներն օգտւում են միեւնոյն սեղանից: Այսպիսի բաժանումը պայմանաւորուած է աշխատանքային բնոյթով եւ բարերար դեր ունի յատկապէս հարսների փոխյարաբերութեան վրայ:

Ակն, 1880-ական թուականներ։ Ձախէն աջ՝ Մելքոն Ժամկոչեանի մայրը (անունը անյայտ), Ագապի Ժամկոչեան (ծնեալ Ճանիկեան, Աւետիս Ժամկոչեանի կինը), Մարկարիթ Ժամկոչեան (Մելքոնի եւ Աւետիսի քոյրը, յետագային Գասապեան, 1872-1911), Մելքոն Ժամկոչեան (Աւետիսի եւ Մարկարիթի եղբայրը, կը սպաննուի 1895-ի հակահայ ջարդերուն ժամանակ) (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)

Ակնեցու ընտանիքն ու ընտանեկան յարաբերութիւնները խարսխուած են հաւատքի վրայ: Երբ Աստծոյ հաւատքը միախառնւում է տան մէջ սահմանուած օրէնքներին ու կանոններին, թէ՛ մեծը եւ թէ փոքրը դառնում են ճշտապահ, իսկ ընտանիքում իշխում է յարգանքը, սէրն ու վստահութիւնը [2]:

Ակնեցին մոլեռանդ քրիստոնեայ է: Որպէսզի հաւատքի վրայ կառուցուած ընտանեկան յարաբերութիւնները շարունակական լինեն, նա ապաւինում է իր կեանքը Աստծուն: Աղօթքն ու պահեցողութիւնը իր տուրքն է Տիրոջը: Ակնեցին, սովորաբար, օրը երկու անգամ աղօթք է անում և անշեղօրէն հետեւում պահքին: Նա իր նուիրական պարտաւորութիւնն է համարում օգնութեան ձեռք մեկնել եկեղեցուն, դպրոցին, աղքատին եւ կարիքաւորին:

Ակնեցու ընտանեկան յարաբերութիւններն ու բարքերը արտացոլւում են նաեւ կեանքի այլ ասպարէզներում: Ստորեւ կ՚ուսումնասիրենք դրանցից մի քանիսը եւ կը փորձենք հասկանալ ակնեցու բնաւորութիւնն ու խառնուածքը [3]:

Ակն, 1894-ի շուրջ։ Ձախէն աջ՝ Ագապի Ժամկոչեան (ծնեալ Ճանիկեան, 1861-1940), նստած՝ կեսուրմայրը (անունը անծանօթ), գիրկը՝ Արաքսի Ժամկոչեան (կեսրոջ որդւոյն՝ Մելքոնին դուստրը) (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)

Մկրտութիւն

Երեխային մկրտում են 40 օրը լրանալուց յետոյ՝ շաբաթ կամ կիրակի օրերին: Կնքահայրն ու կնքամայրը հանդիսաւոր թափօրով տանում են երեխային եկեղեցի: Կնունքի ու անուանակոչութեան արարողութիւնից յետոյ մարդկանց թափօրը վերադառնում է տուն, ուր նրանց դիմաւորում են հիւրերը: Այնուհետեւ ընտանիքի անդամների եւ հիւրերի ներկայութեամբ երեխան ընդունում է սուրբ մեռոնը: Կնքամայրը երեխային դնում է կեսրարի գիրկը, եւ բարեկամներն ու արարողութեան մասնակիցները սկսում են շնորհաւորել և մաղթանքներ հնչեցնել.

Տուներնիդ շէն ու ծաղկած մնայ, թոռներով ու թոռնորդիներով լցուի, ձեր օրերու մէջ հազար գաւազան [նեցուկ] ունենաք:

Անկողինդ գօլով
[շատ տաք], ծնունդդ պայծառ արեւ դառնայ, քեզի այդ անկողնոյն մէջ շատ տեսնենք [4]:

Ակն, 1880-ական թուականներ. ինքնութիւնը անյայտ հայ երեխաներ (Աղբիւր՝ PROJECT SAVE, Armenian Photograph Archives, Watertown, MA, շնորհակալութիւններ Սիրանուշ Մովսիսեանի)

Եկեղեցում մատուցած արարողակարգի համար քահանային իր հնարաւորութեան սահմանում որոշակի գումար կարող է տալ մանուկի ծնողը, բայց ոչ կնքահայրը [5]:

Այսպէս մանուկի անկողինը ծածկւում է բարեմաղթանքներ ու բարի խօսքեր պարունակող ծրարներով, իսկ եթէ նորածինն աղջիկ է, նրա լահոռի (թանկագին, ընտիր թելերից հիւսուած) շալին զարդոսկի են փակցնում:

Կերուխումն ուղեկցւում է երգ ու պարով՝ մինչեւ ուշ գիշեր: Երեք օր անց մտերիմների ու հարազատների նեղ շրջանակում տեղի է ունենում երեխային մեռոնաջրից հանելու արարողութիւնը, ինչը նշանակում է երեխային լողացնելը: Վերջում մեռոնի ջուրը թափում են այնպիսի տեղում, որտեղ մարդիկ չեն տրորում հողը [6]:

Տան դահլիճում գոլ ջրով լի պղնձէ կոնք են տեղադրում: Մանուկին ջրով լուալուց յետոյ դայեակը ձախ ափը դնում է մանկան գլխի տակ և միւս ձեռքի ափով շփում մանկան ճակատը՝ մաղթանքներ ու օրհնութիւններ ասելով.

Լայն ճակատ ըլլաս, կամար ունքուի [յօնքով] ըլլաս, խոշոր աչուի, երկայն թարթիչով ըլլաս, բաց բերանով չըլլաս, քիչ խօսիս, շատ լսող ունենաս, ամրակուռ կրծքուի, սոնա պոյլու [բարձրահասակ] եւ ճարպիկ ըլլաս [7]:

Յետոյ մանկածրար են փաթաթում և գլորում այն գետնին՝ նախապէս տեղադրելով մի կտոր հաց, գիրք եւ կաղամար գրիչ: Այս արարողութեան իմաստը կարելի է հասկանալ հետեւեալ օրհնութեան մէջ.

Խորունկ կարդացող ըլլաս, գրչէդ կրակ ցատկէ
[փայլի], Աստուծոյ երկիւղն ունենաս՝ եւ հացդ դիւրութեամբ վաստակիս [8]:

Ակն/Էկին (ներկայիս Քեմալիէ) քաղաքը 1945-ի շուրջ (Աղբիւր՝ PROJECT SAVE, Armenian Photograph Archives, Watertown, MA, շնորհակալութիւններ Սիրանուշ Մովսիսեանի)

Իսկ եթէ երեխան աղջիկ է, մի կտոր հացի եւ բամբակի հետ ոսկի եւ մարգարիտ են տեղադրում գետնին, գլորում ու ասում.

Ոսկիներու եւ մարգարիտներու մէջ լողաս, բամպակի պէս սպիտակ ու մաքուր մնաս, հացդ մատակարարել գիտնաս [9]:

Երբ ակնեցիները նորածինին մկրտութեան են տանում, տան շեմից դուրս գալիս հետները հաց են վերցնում՝ չարից հեռու մնալու համար: Այդ հացը յետոյ բաժանում են աղքատներին, որպէսզի մանուկը բախտաւոր լինի [10]:

Եթէ մկրտուողն աղջիկ է, մայրը տանը գուլպայ է գործում, իսկ եթէ տղայ է, գիրք է ընթերցում կամ թերթում, որպէսզի որդին գրագէտ մեծանայ [11]:

Ակնեցիները հաւատում են, որ եթէ մկրտութեան համար եկեղեցի դոյլով ջուր տանող անձը հետ նայի, երեխան շիլ կը դառնայ [12]:

Հարսանեկան արծաթեայ գօտի, Ակն. պատկանած է Ալմաս Քապուլեանի։ Ալմասի մահէն ետք գօտին պահած է իր հարսը՝ Ռոզա Քապուլեանը (Գեղամ Քապուլեանի կինը) եւ յետագային՝ իր հետ բերած մինչեւ Միացեալ Նահանգներ։ Գօտին ներկայիս ընտանեկան ժառանգութիւն է եւ կը պահուի Միացեալ Նահանգներու մէջ (Աղբիւր՝ Քապուլեան հաւաքածոյ - Ուաշինկթըն DC)։

Խօսքկապ և նշանդրէք (նշանախօսութիւն)

Ակնում տղաների համար ամուսնութեան նուազագոյն տարիքը համարւում է 18-ը, իսկ աղջիկների համար` 15-ը: 18 տարեկանում տղաներն արդէն գումար են վաստակում: Ծնողները շտապում են ամուսնացնել տղային` պայմանով, որ նա փոխարինելու է իր պանդուխտ հօրը կամ եղբօրը, որպէսզի վերջիններս վերադառնան տուն: Ակնում կան մեծ թուով պանդուխտներ, ովքեր գնում են Պոլիս՝ աշխատելու և իրենց ընտանիքները պահելու։ Այսպիսով, ակնեցիների համար ամուսնութիւնը նաև պանդխտութեան մէջ գտնուող տղային իր հայրենիքի և ծննդավայրին կապելու եւ օտարութեան մէջ նրա սայթաքումներն ու այլասերումը կանխելու նպատակ ունի [13]:

Տղայի համար հարս գտնելու պարտականութիւնը վերապահուած է մօրը, ով տարիներ շարունակ փնտռելուց ու վարպետօրէն ուսումնասիրելուց յետոյ գտնում է իր տղային արժանի միակ թեկնածուին: Այնուհետեւ ընտրութիւնը համաձայնեցւում է տղայի հօր, ապա տղայի և ընտանիքի միւս անդամների հետ: Ընտանիքի անդամների հաւանութիւնը ստանալուց յետոյ մայրը փորձում է իմանալ ազգականների, բարեկամների կարծիքն իր   ընտրութեան վերաբերեալ, քննում իր ընդունելութիւնը աղջկայ ընտանիքում, աղջկայ բարքերն ու շարժուձևը` հետագայում ձախողումից խուսափելու համար: Այնուհետև մայրը դնում է ամուսնութեան հարցը որդու առջեւ, ով արդէն տեղեակ էր գործերի ընթացքից [14]:

Ակն, 1900-ի շուրջ. Պօղոս Քապուլեանի եւ Ռեպեքա Նաճարեանի հարսանեկան պատկերը (Աղբիւր՝ Քապուլեան հաւաքածոյ - Ուաշինկթըն DC)։

Մօր վրայ է դրուած նաեւ ընտանիքի բարոյականութեան եւ պատուի պահպանման հարցը: Ակնեցիները բարոյականութեան խիստ հետեւորդներ են: Նրանք գտնում են, որ գերդաստանի անունն ու դրա կշիռը ոչ մի դէպքում չպէտք է աղաւաղուի և խառնուի վատաբարոյ սերնդի հետ, այլապէս դա կարող է ծնողների վարքն ու բարքը քննելու առիթ դառնալ: Այս բոլոր խստութիւնները բարերար ազդեցութիւն ունեն մեծ կեանք մտնող ակնեցիների վրայ: Առօրեայ խրատներն ու ստացած դաստիարակութիւնը պատրաստում են տղային դառնալու ընտանիքի հայր ու գործի մարդ [15]:

Երբ ամէն բան համաձայնեցուած է, տեղի է ունենում խօսքկապի արարողութիւնը, որը վերապահուած է քահանային: Վերջինս պաշտօնապէս դիմում է աղջկայ և տղայի ծնողներին` ստանալու նրանց համաձայնութիւնը: Այդ արարողութեան մասնակցում են երկու կողմերի ծնողներն ու մտերիմները: Խրատներ տալուց յետոյ քահանան աղջկայ ծնողներին է յանձնում խօսքկապի առաջին նուէրը՝ մատանին կամ զարդեղէնը, որին ի պատասխան տղայի ծնողները տալիս են շաքարեղէն նուէրներ՝ աւետելու բարի լուրը արարողութեանը ներկայ գտնուող ազգականներին ու մտերիմներին [16]:

Մէկ-երկու շաբաթ անց տեղի է ունենում մեծ նշանդրէքը: Ակնեցիների համար սա շատ մեծ հանդիսութիւն է՝ կապուած մեծ ծախսերի հետ: Ցոյցի նմանուող այդ օրը յատկապէս կարեւոր է աղջկայ ծնողների համար: Վերջիններս դուրս են գալիս փողոց` հանդիսականներին ցուցադրելու իրենց քսակի ողջ կարողութիւնն ու պատիւը: Տղայի կողմը նոյնպէս կարեւորում է այս հանդիսութիւնը` ջանալով մեծ-մեծ նուէրներ (սովորաբար ոսկեղէն) ընծայել հարսնացուին: Մեծ նշանդրէքն առիթ է, որպէսզի երկու կողմերի ծնողներն ու ազգականները աւելի լաւ ճանաչեն միմեանց, մտերմանան և քննարկեն հարսանիքի մանրամասները [17]:

Վերը ներկայացուած Ալմաս Քապուլեանի հարսանեկան արծաթեայ գօտիէն հատուածներ։ Գօտին գործուած է Վանի մէջ։ Անոր վրայ կան արհեստաւորի երկու կնիքներ՝ առիւծի պատկեր մը, ինչ որ կը նշանակէ որ արհեստաւոր վարպետ Արսլանեանի գործն է, «ԿԹ» սկզբնատառերը, ինչ որ կը նշանակէ որ երկրորդ արհեստաւոր մըն ալ աշխատած է գօտիին վրայ։ Բացի ասկէ, փորագրուած է «ԱԼՄԱՍ» անունը, ինչպէս նաեւ «98»։ Կարելի է հետեւցնել որ 1898-ի գործ է (մասնագիտական այս տեղեկութիւններուն համար շնորհակալութիւն կը յայտնենք Յովսէփ Թոքաթին) (Աղբիւր՝ Քապուլեան հաւաքածոյ - Ուաշինկթըն DC)։

Նշանդրէքի ամբողջ օրն արգելուած է խնամիի կամ բարեկամի տուն ուտելիք, խմելիք կամ ուրիշ նուէրներ տանել կամ ուղարկել [18]:

Նշանդրէքի ժամանակ յատուկ տեղ ունի խալուաթի (խալուաթ նշանակում է ծածուկ, գաղտնի, բայց այս դէպքում՝ հարսի և փեսայի առանձնանալու եւ միասին միայնակ մնալու առիթը) կարճատեւ արարողութիւնը: Այս արարողութեան ժամանակ աղջիկն ու տղան առաջին անգամ առանձնանում են՝ միմեանց տեսնելու եւ խօսելու: Կողմերից երկուական երիտասարդներ փեսացուին ուղեկցում են հարսնացուի սենեակը: Բաժանումը տեղի է ունենում ծնողների եւ ազգականների մասնակցութեամբ: Փեսացուն մասնաւոր նուէր (արծաթի տուփով զարդեղէն կամ ոսկեղէն) է յանձնում հարսնացուին, իսկ աղջկայ կողմը փեսացուին նուիրում է շաքարով լի մի ափսէ եւ այլ առարկաներ [19]:

Ակնի Ապուչեխ գիւղում ընդունուած է, որ կնքահայրը վերցնում է բարեկամներից միայն մէկին և առանց որեւէ մարդու կամ չալղըյի (նուագածուի) գնում մասնակցելու նշանդրէքի արարողութեանը [20]:

Նշանդրէքին տրուող ոսկին կազմում է 20, 60 կամ 80 ղուրուշ (օսմանեան մանրադրամ) [21]:

Բարեկամներին արգելւում է հարսնացուին ոսկի տալ կամ ուղարկել։ Այդ պատճառով էլ բարեկամները չէին մասնակցում հարսնացուին տեսութեան գնալու արարողութեանը: Իսկ դեռ չկարգուած փեսային արգելւում էր նուէրներ տալ [22]:

1
2

1. Ակն, 1885-ի շուրջ. ամուսնական պատկեր Նիքոլա Գաբրիէլեանի եւ Մաքրուհի Տէր Ղազարեանի։ Լուսանկարիչ՝ Ա. Ֆ. Գաբրիէլեան (Աղբիւր՝ PROJECT SAVE, Armenian Photograph Archives, Watertown, MA, շնորհակալութիւններ Սիրանուշ Մովսիսեանի)։

2. Ակն, 1897-ի շուրջ. Մաքրուհի Գաբրիէլեան (ծնեալ Տէր Ղազարեան) եւ Նիքոլա Գաբրիէլեան իրենց զաւակներով։ Այս մէկը ընտանիքին վերջին լուսանկարն է Ակնի մէջ, նկատի ունենալով որ անկէ ետք կը գաղթեն Միացեալ Նահանգներ, ուր կ՚ենթադրուի թէ կը հաստատուին Նիու Ճըրսի (Աղբիւր՝ PROJECT SAVE, Armenian Photograph Archives, Watertown, MA, շնորհակալութիւններ Սիրանուշ Մովսիսեանի)։

Հարսանիք

Հարսանիքը տեղի է ունենում նշանդրէքից մի քանի շաբաթ անց: Այդ ընթացքում զոյգերը ձգտում են աւելի լաւ ճանաչել միմեանց՝ թողնելով հարսանիքի ողջ կազմակերպչական հոգսերը ծնողներին: Տղան ամէն շաբաթ երեկոյեան կամ տօն օրերին իր տարեկիցների հետ այցելում է նշանածին և մտերիմների շրջանակում արժանանում ջերմ ընդունելութեան ու հիւրասիրութեան: Այդ հանդիպումները նպատակ ունեն առիթ տալ աղջկան և տղային ուսումնասիրել միմեանց եւ գիտակցութեամբ ու համոզումով վերաբերուել մեծ ուխտին [23]:

Քրտնաջան աշխատանքից եւ երկար պատրաստութիւններից յետոյ հրաւիրում են ընտանիքի ծխատէր քահանային, որպէսզի վերջինս պսակի արտօնագրով հարսանիքի որոշուած կիրակիից մի քանի օր առաջ գայ աղջկայ տուն ու յայտնի հարսանիքի օրն ու մանրամասները: Այդ արարողութիւնը կոչւում է իմաց տուէք: Վերջին շաբաթը բանբերն այցելում է բարեկամներին ու հարեւաններին՝ նրանց հրաւիրելով հարսի տուն: Հիւրերը ժամանում են շաբաթ երեկոյեան՝ իրենց հետ բերելով նուէրներ (ոչխար, զամբիւղներ, քաղցրեղէնով լի ափսէներ եւ այլն): Հիւրերին դիմաւորում եւ ուղեկցում է նուագախումբը [24]: Ընդունուած է, որ փեսացուի հայրը հարսանիքից երկու օր առաջ տեղեկացնում է հարսնացուի հօրը հարսանիքի մասին [25]։

Ակնեցիների հարսանեկան արարողութիւնը շատ աւելի հարուստ եւ պատկերաւոր է, քան գաւառի հարսանեկան արարողութիւնները: Այն սկզբից մինչև վերջ ունի իր յստակ օրէնքներն ու կանոնները: Այդ արարողակարգի մէջ արտացոլուած են հայկական հին բարքերն ու սովորութիւնները, հեթանոսական ծիսարմատներն ու եկեղեցական կարգերը [26]:

Հիւրերի ժամանելուց եւ կերուխումը սկսուելուց յետոյ՝ կէսգիշերին տեղի է ունենում խնամիերթը: Տղայի կողմից մէկական աղջիկ եւ տղայ գնում են աղջկայ տուն՝ տանելով հարսնութեան կարմիրը խորհրդանշող հինան: Հարսնացուին հինայով ներկելու արարողութիւնն ուղեկցւում է հինայի երգով ու պարով: Հինայի պարը պարում են կնքահայրն ու կնքամայրը՝ ձեռքերում բռնելով բիւրեղեայ նախշուն ափսէն, որի մէջ լցուած է հինան, իսկ մէջտեղում վառւում է մոմերի կապոցը: Շուրջը խմբուած աղջիկները երգում են.

Ակն, 1890-ի շուրջ. Մարկարիթ Ժամկոչեան, յետագային Գասապեան, 1872-1911։ Սոյն պատկերը գործն է լուսանկարիչ Զօրաբաբել Գրիգոր Տօնաթոսեանի (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)։

Աս հինան ան հինան չէ,
Ղրկողն ալ ինչ աղուոր մանչ է
[27]:

Այնուհետև հարսնացուն մօտենում է սենեակի կենտրոնում տեղադրուած բարձին: Սկսում է հինայով ներկելու բուն արարողութիւնը, որն ուղեկցւում է երգերով.

Ոսկի ամանի մէջ հինան շաղուեցին,
Արծաթ սանտրով խոպոպս քակեցին...
[28]

Այդ երգերը նպատակ ունեն յուզելու ծնողներին ու աղջկան, ով հրաժեշտ է տալիս իր կուսական ջինջ կեանքին ու հարազատ հայրական տանը [29]:

Կնքամայրը հարսի ձեռքերը շղարշէ ձեռագործ ծածկոցների մէջ հինայով է պատում, իսկ հարսին սանրում ու յարդարում են աղջիկները՝ նրա ծամերին ոսկեայ կապոցներ ամրացնելով: Այնուհետև հարսի գլուխը ծածկում են ոսկեթել մետաքսեայ քօղով: Այս ծէսը կոչւում է քօղ ձգելու արարողութիւն [30]:

Դրան անմիջապէս յաջորդում են ուրախ սիրերգերն ու պարերգերը: Այդպիսի պարերգերից է թեւպարը, որի ժամանակ պարողները սրամտօրէն խաղում են միմեանց հետ եւ փոխւում զոյգերով այնպէս, որ վերջում հարսն ու փեսան յայտնուեն դէմ դիմաց [31]:

Այդ պարերի եւ երգերի եւ, առհասարակ, հարսի ու փեսայի խաղերի ժամանակ բարեկամներին և ընտանիքի անդամներին չէր թոյլատրւում նրանց ոսկի տալ [32]։

Այնուհետեւ խնամիները վերադառնում են տղայի տուն, որտեղ շարունակում են տղային եւ տարեկիցներին հինայով ներկելու արարողութիւնը [33]:

Մինչեւ յաջորդ կէսօր տեւող ուրախութիւնից յետոյ մատուցւում է առաջին ճաշի սեղանը, որի ժամանակ քահանայի ներկայութեամբ տեղի է ունենում հալաւ օրհնէքի արարողութիւնը: Այն սկսւում է սափրիչի մասնակցութեամբ, ով սափրում է փեսային եւ նրա ընկերներին, իսկ յետոյ առաջնորդում նրանց սենեակ: Այնտեղ փեսան հագնում է իր տարազը՝ բացի բաճկոնից ու բաճկոնակից: Դրանց փոխարէն ուսերին գցում են մի մուշտակ: Իսկ բաճկոնակն ու բաճկոնը, ինչպէս նաեւ գլխարկն ու կնքահօր սուրը դնում են ափսէի մէջ՝ քահանայի առջեւ: Ներկաները լսում են Աստծոյ խօսքը: Քահանան օրհնում է սուրը, որի երախակալին ամրացուած է սպիտակ թաշկինակը, եւ յանձնում այն կնքահօրը: Զգեստներն ընդունում է հարսնեղբայրը և, փեսայի գլխավերեւում երեք անգամ պտտեցնելով, հագցնում դրանք և ասում [34].

Սոյն ընտանիքը շատ հաւանաբար ակնցի է, լուսանկարուած է շատ հաւանաբար Ակնի կամ մօտակայ մեծ քաղաքի մը մէջ։ Անձերուն ինքնութիւնը անծանօթ է, բայց ակնցի Ժամկոչեաններու ընտանեկան հաւաքածոյին մաս կը կազմէ, այնպէս որ կարելի է ենթադրել որ ազգականներ կամ մօտիկ բարեկամներ են (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)։

Աստուած շնորհաւոր ընէ,
Աստուած շնորհաւոր ընէ,
Շնորհաւորն Աստուա՜ծ ընէ …
[35]

Գլխարկը հագնելուց յետոյ փեսան համարւում է «թագուոր»: Նստելուց առաջ հիւրերը թագուորի տակ բարձ են տեղադրում, որպէսզի նա ուրիշներից աւելի բարձր դիրքում գտնուի: Իսկ երբ թագուորը գինի է խմում, ներկաները պէտք է այնքան ուժգին ծափահարեն, որ լուսամուտներն ու գաւաթները արձագանքեն [36]:

Գովքի երգերը, սովորաբար, նուիրուած են հարսին, բայց կայ փեսային նուիրուած մի երգ, որ գովերգում է նրա արտաքինը.

Ելի կոյնէ՛ [կանգնիր], թագուոր աղբա՛ր,
Ես քեզ գովիմ՝ գլուխ ի վար:
Էռէջ
[առաջ] ես քու պօյիկդ ըսիմ,
Ուր չինէրի
[չինարի] ծառ կու մանի [կը նմանի]:
Անկից ես քու երեսն ըսիմ,
Ուր լուսնկի կալ
[լուսնի ծիածանային օղակը] կու մանի:
Անկից ես քու փէռչէմն
[մազերդ] ըսիմ,
Կիւլէպիւտիւն
[նախշուն] թել կու մանի:
Անկից ես քու աչուին ըսիմ,
Ուր շահենի
[բազէի] աչք կու մանի [37]:

Փեսային հագցնելու ժամանակ ուտելիք ու խմելիք գործածելն արգելուած է [38]։

Հալաւի աւարտից յետոյ փեսան մօտենում է ծնողներին՝ ստանալու նրանց օրհնութիւնը: Ծնողների ձեռքերը համբուրելուց և օրհնութիւնը ստանալուց յետոյ փեսան նուէր է ստանում ծնողներից: Ընդունուած է տալ ժամացոյց և մանրադրամներով լի դրամապանակ: Սրանով տղային տրւում է դրամապանակ կրելու եւ տան տղամարդը լինելու արտօնութիւնը [39]:

Հալաւ օրհնէքից յետոյ կնքահայրն ու փեսան պէտք է անբաժան մնան, որպէսզի չենթարկուեն տարեկիցների խաղերին, ինչպիսիք են, օրինակ, կնքահօր թուրն ու հարսնացուին գողանալը [40]:

Հալաւ օրհնէքին յաջորդել է խնամիների պաշտօնական և թափօրով այցելութիւնը միմեանց տուն: Ի տարբերութիւն հինադրէքի, դրան աւելի մեծ թուով հիւրեր ու մտերիմներ են մասնակցում, ինչի պատճառով էլ այն յաճախ կոչում են մեծ խնամի երթ: Երթին մասնակցում են տղայի կողմից գրեթէ բոլոր հրաւիրուածները: Թափօրի առջեւից անցնում է նուագախումբը, որը, սովորաբար, քաշ հարէններ (ծանր մեղեդիներ) է նուագում:

Խնամիներին աղջկայ տան դիմաց դիմաւորում են հիւրընկալները եւ առաջնորդում ներս: Մեծ խնամի երթի հիմնական նպատակն է հարսին հագցնել փեսայի կողմից պատրաստուած ծանրագին զգեստը [41]: Հարսին առաջնորդում են յատուկ սենեակ, որտեղ հաւաքուած են խնամիները: Երբ հարսը մտնում է սենեակ, նրանք երգում են.

Աղջիկ, քու հագածդ ալ [կարմիր, գեղեցիկ] է,
Ալուկ
[կարմիր] փէշերդ վեր ծալէ:
Քալէ ու մանտրտիք քալէ,
Քու աղտուկ
[ցանկապատի պէս բարձր] պօյիկդ երեւայ [42]:

Իսկ հարսնաքոյրերը քաշ հարէնների ուղեկցութեամբ հագցնում են հարսին փեսայի պատրաստած զգեստը և առաջնորդում ներս [43]: Աղջկայ մօտիկ ազգականներից մէկը, օրինակ մօրաքոյրը, ստանձնում է մօր դերը (մայրը չի մասնակցում այս արարողութեանը, որովհետեւ յուզւում է), նստում է իրար վրայ դրուած երկու բարձերին եւ դնում աղջկայ գլուխը իր ծնկներին՝ փորձելով չթողնել, որ աղջկան տանեն մայրական տնից: Եօթ կանայք յաջորդաբար գալիս են եւ փորձում հարսին ոտքի հանել, բայց չեն յաջողում: Այնուհետեւ գալիս է կնքամայրը, ով խնամիների շրջանում ամենայարգուած հիւրն է, եւ բարձրացնում հարսին: Նրան նստեցնում են բարձերի վրայ, կապում գօտին եւ գլխին գլխարկ դնում: Գլխարկը դնելուց յետոյ աղջիկն արդէն հարս է համարւում: Հարսանքաւորները երգում են [44].

Եկո՛ւր, աղուոր աղջիկ, հարս եղար մեզի... [45]

Հարսի ամենադժուար պարտականութիւններից մէկը հիւրերի ձեռքերը համբուրելն է, որ յաճախ ժամեր է տեւում: Հարսը պարտաւոր է հարսնաքրոջ օգնութեամբ իւրաքանչիւրի առջեւ ծնկի իջնել եւ դանդաղօրէն ու համբերատար կերպով համբուրել իւրաքանչիւր հիւրի ձեռքը: Ժամեր անց հիւրերը կրկին մեկնում են տղայի տունը՝ այնտեղ քէֆը շարունակելու: Իսկ արշալոյսին կրկին գնում են աղջկայ տուն՝ հարսնառի արարողութիւնը կատարելու համար [46]:

Ակնի Ապուչեխ գիւղում ընդունուած է, որ երկու կողմից խնամի գնացողները չպէտք է կերակուր ուտեն եւ անգամ չերեզ (չարազ) կամ խմիչք խմեն։ Կանանց եւ տղամարդկանց թոյլատրւում է ետ վերադառնալ միայն խահվէով (սուրճով) [47]:

Փեսայի եւ հարսի պսակը դրւում է առաւօտեան եւ հանւում երեկոյեան, սակայն ամուսնութեան սուրբ պահեցողութիւնը պէտք է անպայման պահպանուեր ըստ կանոնի [48]:

Պսակի արարողութեան համար քահանային ընդունուած է վճարել 20, 30, 40, կամ 60 ղուրուշ՝ ելնելով հնարաւորութիւնից։ Վճարում են նաեւ սւիտ հախի կոչուած տուրքը (այս տուրքի մասին մանրամասնութիւններ չկան), որը կազմում է 10, 15, 20 կամ 40 ղուրուշ՝ ելնելով հնարաւորութիւնից [49]:

Քապուլեան ընտանիքը, Ակն, մօտաւորապէս 1906-ին։ Ձախէն աջ՝ Վարսենիկ, Ռեպեքա (ծնեալ Տեմիրճեան, Խարբերդի մէջ), Էլիզ (մօրը գիրկը գտնուող երախան), Գարեգին (ոտքի, Ռեպեքայի եւ Պօղոսի միջեւ), Հայկազ (Գարեգինին առջեւ), Պօղոս, Գաբրիէլ (Աղբիւր՝ Հայկազ եւ Ութէ Քապուլեանի հաւաքածոյ հաւաքածոյ)։

Հարսնառ (հարսին տուն բերելու արարողութիւնը)

Հարսնառը իրենից ենթադրում է գեղեցիկ եւ տպաւորիչ արարողութիւն: Կնքահայրն ու կնքամայրը փեսայի հետ ձի հեծնած եւ բազմութեան ու նուագախմբի ուղեկցութեամբ ուղեւորւում են աղջկայ տուն եւ տան դուռը փակ գտնում: Աղջկայ կողմը դժուարութիւններ է ստեղծում եւ նազ անում՝ փորձելով տեղի չտալ: Փեսան ու շքախումբը հարսնառի երգով դիմում են աղջկան [50]:

Հարսնառի գնալիս փեսային չի թոյլատրւում ձիուց ցած իջնել, իսկ նրան ուղեկցողներին՝ ձի նստել։ Նրանց հետ ոչինչ չպէտք է լինի բացի խահվէից [51]:

Շուտով ներսից յայտնում են, որ առանց փոխարինութեան աղջիկ չեն կարող տալ: Այստեղ կնքահայրը մի տիկ գինի ու սեղան է խոստանում հարսնեղբայրների համար, դուռը բացւում է, հարսնառի խնամիները ներս են մտնում տուն եւ ուղեւորւում դէպի աղջկայ սենեակ, ապա, մօտենալով աղջկայ ծնողներին, շարունակում են գովերգել նրանց: Շուտով հարսը երգով դիմում է մօրը՝ տունը լքելու թոյլատւութիւն ստանալու եւ նրան քաջալերելու նպատակով.

Մի՛ լար, մայրի՛կ, մի՛ լար, ես նորէն տի գամ,
Ասկէ տասնըհինգ օր՝ արկովս
[անծանօթ բառ] տի գամ [52]:
 
Ծնողների, յատկապէս մօր համար շատ ծանր է հրաժեշտի պահը: Նրանք մտահոգւում են արդեօք աղջիկը երջանիկ է լինելու եւ ինչ ապագայ է սպասուելու նրան: Այդ պահը ուղեկցւում է յուզմունքի գրկախառնութիւններով: Այնուհետև դռները բացւում են, սկսւում է հիւրասիրութիւնն ու հրաժեշտի արարողութիւնը: Հարսը ծնողների ու հարազատների օրհնութիւններն ստանալուց յետոյ միանում է հարսնառի խնամիներին, նստում զարդարուած ձին եւ ուղեւորւում դէպի եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ պսակի արարողութեանը [53]: Նոյն արարողութեամբ հարսանքաւորները գնում են տղայի տուն: Երբ հարսն ու փեսան հասնում են տան դռանը, նուագախումբն ու տիկնայք բաժանւում են երկու խմբի եւ երգում: Նախեւառաջ, հետեւեալ տողերն են ուղղում հարսին.

Բարի լո՛ւս, աղուո՛ր, բարի լուս (կրկ.)
Բարի լուսուն բարին վրայդ (կրկ.)
Ուր ցաթէ
[ծագի] արեւն ի վրայդ (կրկ.)։ [54]

Հարսանեկան հագուստ, Ակն. պատկանած է ակնցի Ժամկոչեան ընտանիքին։ Ներկայիս կը պահուի Լոս Անճելըսի «Արարատ - Էսքիճեան» թանգարանին մէջ։

Յետոյ դիմում են թագուորի մօրը՝ իջնելու ու հարսին ողջունելու.
Թագուորի մա՛ր, դուրս եկու
Թագուոր որդեկդ է եկեր,
Թէք
[առանձին] գնացեր եւ չիֆտ [զոյգ] եկեր [55]:

Այնուհետեւ՝ նորից հարսին.

Ոլըրեցար, բոլըրեցար
Աղուո՛ր, ճամբան մոլըրեցար
Մոլըրեցար ու ներս եկար
Հայ իմ հայ, աննման աղուոր…
[56]

Երգի մէջի «մոլըրեցար»ներն ակնարկում են այն, որ հարսը եկեղեցուց սովորաբար հօր տուն վերադառնալու փոխարէն նշանածի տուն է գնացել [57]:

Յաջորդ օրը` կէսօրուայ ճաշից յետոյ, հարսի հերթն է փեսայի տուն այցելելու: Հարսանեկան թափօրը բաղկացած է լինում աղջկայ օժիտի սնտուկները տանող կառքից, նուագախմբից եւ հարսանքաւորներից [58]:

Աղջկայ օժիտը տեղադրւում է փեսայի տանը՝ հարսնացուին յատկացուած ննջարանում: Սնտուկները բացում են աղջիկների եւ կանանց ներկայութեամբ: Կանայք մէկ առ մէկ ուսումնասիրում են օժիտը, գնահատում, գովաբանում այս կամ այն գործուածքի որակը եւ այլն [59]:

Յաջորդ օրը՝ վաղ առաւօտեան, նուագախումբը շրջում է փեսայի ու փեսեղբօր հետ՝ հիւրերին կրկին հրաւիրելով հարսի տուն: Գինու կամ օղու կարճ քէֆ են կազմակերպում: Հարսանիքին յաջորդող առաջին առաւօտը կազմակերպուող այդ այցելութիւնը կոչւում է փաշայի առաւօտ, որովհետեւ այդ քէֆը փաշայի սեղանի քէֆն է [60]:

Նստած, ձախէն աջ՝ Մելքոն Ժամկոչեան, Մարիամ Ժամկոչեան (Մելքոնի կինը)։ Փոքրիկները, ձախէն աջ՝ Մատթէոս եւ Էլիզա՝ Աւետիս (Մելքոնի եղբայրը) եւ Ագապի Ժամկոչեաններու զաւակները։ Պատկերը քաշուած է 1892-ի շուրջ։ Մելքոն զոհ կ՚երթայ Ակնի մէջ 1895-ին տեղի ունեցած հակահայ ջարդերուն (Աղբիւր՝ Ժամկոչեան հաւաքածոյ, Միացեալ Նահանգներ)։

Մահ եւ թաղում

Ինչպէս ծնունդը, մկրտութիւնն ու հարսանիքը, այնպէս էլ մահն ակնեցիների մօտ ուղեկցւում է յատուկ արարողութիւններով [61]:

Մահանալուց յետոյ ննջեցեալին մէկ օր պահում են տանը՝ հրաժեշտ տալու, ապա տեղափոխում եկեղեցի: Ննջեցեալի ծնողների, զաւակների ու հարազատների բնական սգից բացի ուշագրաւ է ակնեցիների՝ ննջեցեալին յարգելու ու ողբալու ձեւը: Այդ արարողութեան գլխաւոր մասնակիցները կրկին կանայք են: Նրանք ընտանիքի մօտ հարազատների հետ խմբւում են յատուկ սենեակում, յօրինում եւ երգում են մահերգեր հանգուցեալի անձի եւ արժանապատւութեան մասին, փաթաթւում ընտանիքի անդամների ու կիսում նրանց վիշտը: Ողբն ու լացուկոծը դադարեցւում է տղամարդկանց միջնորդութեամբ, որովհետեւ յաճախ մահերգերի ու կսկիծի ազդեցութեան ներքոյ ուշագնացութեան կամ անգամ մահուան դէպքեր են լինում [62]:

19-րդ դարի կէսերից կրթուած երիտասարդութեան ճնշման ներքոյ, իսկ եկեղեցականներն իրենց քարոզների շնորհիւ կարողացան փոքրիշատէ սահմանափակել ողբն ու մահերգերի գործածութիւնը: Այս սահմանափակմանը համընթաց վերջ դրուեցին նաեւ հին սովորութիւնների մաս կազմող եռօրեայ ճաշերին, որոնք կազմակերպւում էին հանգուցեալի տանը՝ բազմաթիւ ներկաների մասնակցութեամբ: Եռօրեայ ճաշերի կազմակերպումը կապուած էր մեծ դժուարութիւնների հետ, քանի որ ելնելով Ակնի աշխարհագրական դիրքից, ակնեցին չէր կարող ցանկացած պահի գնալ շուկայ եւ առեւտուր անել: Տարուայ մէջ միայն երկու անգամ՝ գարնանն ու աշնանն է, որ ակնեցիները հնարաւորութիւն են ունենում մթերելու սնունդը [63]:

Ակն, մօտաւորապէս 1908, թաղմանական պատկեր։ Մահացած երեխան Պօղոս եւ Ռեպեքա Քապուլեանի հինգ տարեկան որդին է՝ Յովհաննէսը։ Դագաղին ճիշդ ետեւը նստած մօրուքաւոր մարդը Պօղոս Քապուլեանն է, անոր ձախին, երեսը թաշկինակով ծածկած կինը՝ Ռեպեքան։ Մահացողի ոտքերուն մօտ կանգնած աղջնակը՝ Վարսենիկ (Պօղոսի եւ Ռեպեքայի դուստրը), իսկ մահացողի սնարին մօտ կագնող մանչը՝ Գաբրիէլ (Պօղոսի եւ Ռեպեքայի որդին) (Աղբիւր՝ Քապուլեան հաւաքածոյ - Ուաշինկթըն DC)։

Հանգուցեալի ութօրեակին, քառասունքին, տարելիցին եւ տարուայ 5 մեռելոցներին ակնեցիները, սովորաբար, այցելում են հանգուցեալի շիրիմին՝ օրհնելու գերեզմանը, պատուելու հանգուցեալի յիշատակը եւ աղքատներին նուէրներ բաժանելու: Շատերը նախընտրում են հոգեհանգիստը կատարել եկեղեցում [64]: Հանգուցեալի շիրիմին այցելում են նաեւ տաղաւար տօներին [65]:

Ընդունուած է նաև տարելիցին շիրմաքար տեղադրելը, որը առիթ է վերյիշելու հանգուցեալին [66]:

Քահանայական կանոնագրքի համաձայն՝ եկեղեցին թաղման համար սահմանում է որոշակի տուրք: Այն կազմում է 6-էն 200 ղուրուշ: Չի արգելւում նաեւ քահանային նուէր տալը: Սակայն եթէ հանգուցեալի հարազատը հրաժարւում է վճարել տուրքը, քահանան պարտաւոր է ծանուցել թաղային խորհրդին [67]:

Պանդխտութեան մէջ մահացած անձի համար եկեղեցու կանոնագրքով տուրքեր չեն նախատեսուած [68]:

Մահերգեր

Ակնեցիների մօտ պահպանուել է մահացածների կորուստը ողբալու սովորութիւնը, որն ուղեկցւում է մահերգերով ու, ժողովրդի լեզուով ասած, լացերով: Հանգուցեալի հարազատները յօրինում կամ աւելի յաճախ յարմարեցնում են այդ երգերը արդէն գոյութիւն ունեցողներին [69]:

Հանգուցեալի տանն առանձնացնում են երկու սենեակ՝ մէկը տղամարդկանց, միւսը՝ կանանց համար: Եթէ տունը յարմարութիւններ չունի, հարեւաններից մէկը տրամադրում է իր սենեակը տղամարդկանց [70]:

Մահերգերն ու լացերը տեղի են ունենում կանանց սենեակում՝ ամենամօտ հարազատների ներկայութեամբ (մայր, քոյր, դուստր, մօրաքոյր եւ այլք): Եթէ հանգուցեալը շատ յարգարժան եւ բացառիկ անձնաւորութիւն է, ողբն ու մահերգերը տեւում են սովորականից աւելի երկար եւ աւելի ծանր են լինում: Հրաւիրում են նաեւ քաղաքի լաւագոյն եղերամայրերին, ովքեր իրենց ողբերով ու լացերով յարգանքի տուրք են մատուցում հանգուցեալի յիշատակին եւ կիսում ընտանիքի վիշտը [71]:

Ակնում տարածուած են նաեւ անտունի կոչուած երգերը, որոնք հանգուցեալի կեանքի զանազան դրուագները պատկերող կամ նրա արժանիքները փառաբանող հայրէններ են՝ տաղաչափութեամբ եւ յանգերով [72]:

Երթամ խաժ կաքւուկ [կաքավ] լընիմ [լինեմ],
Գամ թառիմ քու փէնճիրէիդ
[լուսամուտիդ]
Ինչուան
[մինչեւ] ահ ու զար [մեծ սարսափ] անիմ
Ֆիզահէս
[ողբէս] քունդ չի տանի...[73]

Ի տարբերութիւն անտունիների, մահերգերը կարող են զուրկ լինել դրանցից.

Հայտի՛ երթա՜նք լեռներն ի վեր
Սեւ ու դեղին ծաղիկ քաղելու
Սեւը դնենք սեւ սրտերնուս
Դեղինն ալ իլաճ
[դեղ] ըլլի
Խաթուն
[յարգական տիտղոս կնոջ համար] մօրս եարաներուն [վէրքերին] [74]:

Ակնեցիներն ունեն մահուան հետ կապուած բազմաթիւ սովորութիւններ ու նախապաշարմունքներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Երբ ընտանիքի անդամներից մէկը մահանում է, ընտանիքի միւս անդամների հասակով բամբակի թել են չափում ու տեղադրում այն սպիտակ սաւանի մէջ, որում փաթաթուած է հանգուցեալը, որպէսզի իրենց հիւանդութիւնները հողին յանձնեն [75]:

Եթէ հանգուցեալին հողին յանձնելուց յետոյ ընտանիքի անդամներից մէկը հիւանդանում է, հանգուցեալի գերեզմանին շապիկ են փաթաթում, որպէսզի հիւանդութիւնը մնայ դրա մէջ եւ անհետանայ [76]:

Ակնեցիները հաւատում են, որ ընկուզենի տնկողի մահը մօտալուտ է, եթէ ծառը նրա վզի հաստութեան է հասնում [77]:

Գարեգին վարդապետ Սրուանձտեանցի կոնդակը

1879 թ. նոյեմբերի 3-ին Ակնի Առաջնորդ Գարեգին Սրուանձտեանցը հրապարակում է առաջնորդական կոնդակ, որում նշւում է,  որ գաւառի կրօնական եւ քաղաքական խառը ժողովը,  քննելով Ակն քաղաքում եւ գիւղերում ժողովրդի մէջ տեղ գտած որոշ վնասակար եւ անտեղի սովորութիւնները, որոշում է վերջ տալ դրանց: Կազմուել է մի յանձնախումբ նշանաւոր անձանցից, ովքեր մշակել են տնտեսական բարեփոխումների անուամբ մի ծրագիր եւ ներկայացրել խառը ժողովին: Վերջինս հաստատել է ծրագիրը եւ որոշել Ակնի բոլոր եկեղեցիներին ուղարկել կոնդակի մէկական օրինակը, որպէսզի այն ընթերցուի եկեղեցիներում: Քահանաներն ու թաղայինները հսկելու են կոնդակի իրականացումը [78]:

Կոնդակով Ակնի առաջնորդը, մասնաւորապէս, կոչ է անում սահմանափակել հարսանեկան արարողութիւնների ժամանակ գինու եւ օղու օգտագործումը եւ արգելել հարբեցողութիւնը, քանի որ առաջին հերթին «այն մթագնում է մարդու բանականութիւնը եւ բոլոր մեղքերի մայրն է» եւ շատ յաճախ «հանդիսութիւնների ժամանակ անկարգութիւնների պատճառ է դառնում» [79]։

Կոնդակում կոչ է արւում նաեւ վերջ տալ սուգի ժամանակ մազերը պոկելու, օձիքը պատռելու սովորութիւններին, ինչպէս նաեւ մահերգերին, որովհետեւ դրանք «հակասում են բնականին եւ կեղծաւորութեան արտացոլում են» եւ փոխարէնը աղօթել հանգուցեալի հոգու փրկութեան եւ հանգստութեան համար։ Դրանք, ինչպէս նաեւ մի շարք այլ սովորութիւններ, իրենց վատ եւ վնասակար հետևանքներն են ունենում ժողովրդի համար [80]։

Սրուանձտեանցը նշում է, որ լաւ կը լինի կանայք ի վերջոյ վերջ տան այդ սնահաւատութիւններին, իսկ այդ սովորութիւնների վրայ անտեղի ծախսուող գումարները ներդրուեն կրթութեան մէջ՝ վարժարանների համար ուսուցչուհիներ պատրաստելու նպատակով [81]։

  • [1] Առաքէլ Քէչեան, Ակն եւ Ակնցին. 1020-1915, Ա հատոր, Պուքրէշ, 1942, էջ 65-66։
  • [2] Նոյն, էջ 66։
  • [3] Նոյն, էջ 67-68։
  • [4] Նոյն, էջ 68։
  • [5] Թորոս Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, Ա հատոր, Իսթանպուլ, 1955, էջ 25։
  • [6] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 68-69։
  • [7] Նոյն, էջ 69։
  • [8] Նոյն։
  • [9] Նոյն։
  • [10] Առաքէլ Քէչեան եւ Մկրտիչ Պարսամեան, Ակն եւ Ակնցիք, Փարիզ, 1952, էջ 293։
  • [11] Նոյն, էջ 293։
  • [12] Նոյն։
  • [13] Քէչեան, Ակն եւԱկնցին, էջ 69։
  • [14] Նոյն։
  • [15] Նոյն, էջ 70։
  • [16] Նոյն։
  • [17] Նոյն, էջ 71։
  • [18] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 24։
  • [19] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 71։
  • [20] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 23։
  • [21] Նոյն, էջ 23։
  • [22] Նոյն։
  • [23] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 72։
  • [24] Նոյն, էջ 72։
  • [25] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, 1955, էջ 24։
  • [26] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 72։
  • [27] Նոյն, էջ 73։
  • [28] Նոյն։
  • [29] Նոյն։
  • [30] Նոյն, էջ 73-74։
  • [31] Նոյն, էջ 74։
  • [32] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 24։
  • [33] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 74։
  • [34] Նոյն։
  • [35] Նոյն։
  • [36] Մ. Ս. Գաբրիէլեան, Ակնայ գաւառաբարբառը եւ արդի հայերէն լեզուն, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1912, էջ 136։
  • [37] Նոյն։
  • [38] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 24։
  • [39] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 74-75։
  • [40] Նոյն, էջ 75։
  • [41] Նոյնը։
  • [42] Գաբրիէլեան, Ակնայ գաւառաբարբառը, էջ 133։
  • [43] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 75։
  • [44] Գաբրիէլեան, Ակնայ գաւառաբարբառը, էջ 131-132։
  • [45] Նոյն, էջ 131-132։
  • [46] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 75։
  • [47] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 24։
  • [48] Նոյն։
  • [49] Նոյն, էջ 24-25։
  • [50] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 76։
  • [51] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 24։
  • [52] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 76։
  • [53] Նոյն։
  • [54] Գաբրիէլեան, Ակնայ գաւառաբարբառը եւ արդի հայերէն լեզուն, էջ 137։
  • [55] Նոյն։
  • [56] Նոյն, էջ 138։
  • [57] Նոյն։
  • [58] Քէչեան, Ակն եւ Ակնցին, էջ 77։
  • [59] Նոյն։
  • [60] Նոյն, էջ 78։
  • [61] Քէչեան եւ Պարսամեան, Ակն եւ Ակնցիք, էջ 301։
  • [62] Նոյն։
  • [63] Նոյն, էջ 302։
  • [64] Նոյն։
  • [65] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 25։
  • [66] Քէչեան եւ Պարսամեան, Ակն եւ Ակնցիք, էջ 302։
  • [67] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 25։
  • [68] Նոյն, էջ 25։
  • [69] Քէչեան եւ Պարսամեան, Ակն եւ Ակնցիք, էջ 532։
  • [70] Նոյն, էջ 533։
  • [71] Նոյն։
  • [72] Նոյն։
  • [73] Նոյն, էջ 534։
  • [74] Նոյն, էջ 535։
  • [75] Նոյն, էջ 291։
  • [76] Նոյն։
  • [77] Նոյն, էջ 290։
  • [78] Ազատեան, Ակն. նիւթեր իր մշակոյթին ու պատմութեան համար, էջ 12։
  • [79] Նոյն, էջ 12։
  • [80] Նոյն, էջ 13։
  • [81] Նոյն։