Տէօրթեօլ - Արհեստներ

Հեղինակ՝ Վերա Սահակեան, 20/06/14 (վերջին փոփոխութիւն՝ 23/06/14)

Տէօրթեօլի [1] շուկան գտնւում է քաղաքը չորս մասի բաժանող քառուղու վրայ:  Շուկայի կենտրոնում քաղաքապետարանի շէնքն է, որտեղ աշխատում են հայ ու թուրք պաշտօնեաները միասին [2]: Շուկայի բազմաթիւ զարդարուած խանութները տեղական ու եւրոպական արտադրութիւնների շտեմարաններ են: Կիլիկիայի տարածաշրջանում Տէօրթեօլի շուկան համբաւաւոր է շնորհիւ նարինջի վաճառքի:

Շուկան ունի մօտաւորապէս երեք հարիւր խանութ, այդ թւում հիւսուածեղէնի փոքրիկ գործարաններ ու վաճառատեղիներ, խորտիկի, բահարաթի, կօշիկի, համետի [3], պայտարի, երկաթագործի, ներկարարի, հացագործի, մսագործի խանութներ, սրճարաններ, հացահատիկի վաճառատներ, նպարեղէնի, մրգավաճառի խանութներ, եւ այլն: Այն միշտ մարդաշատ է լինում, որովհետեւ Ճէպել Պերեքէթ սանճաքի [4] բնակչութիւնը իր կարիքները հոգալու համար շտապում է այստեղ [5]:

Տէօրթեօլը նաեւ իր շրջակայ` թուրք եւ հայ խառը բնակչութիւն ունեցող Էօզէրլի եւ Օճաքլը, եւ զուտ թուրքաբնակ՝ Չայլը, Կուզուլուճ, Ղարաքիլիսէ գիւղերի կենտրոնական շուկան է: Շաբաթ օրերին այստեղ են շտապում նաեւ այս շրջակայ բնակավայրերի բնակիչները` եռապատկելով ու քառապատկելով շուկայի մարդաշատութիւնը:

Պալեան ընտանիքը

Պալեան ընտանիքը՝ ծագումով Տէօրթեօլէն։ Անոնք հետագային ապրած են Պէյլանի (ներկայիս Պելէն, Հաթայ նահանգ), որ մինչեւ 1939 թուականը մաս կազմած է Սուրիոյ եւ հետագային միացուած է Թուրքիոյ։ Նստած, ձախէն աջ՝ Սինան էֆենտի Պալեան, գիրկը՝ Արտեմիս, Սինանի աջին կանգնած՝ Պերթա (Մարթա), Պերթայի առջեւ կանգնած՝ Մարի, նստած՝ Լուսաբեր (ծնեալ Տէր Յարութիւնեան)։ Երկրորդ շարք, ոտքի, ձախէն աջ՝ Կարապետ, Յարութիւն (Աղբիւր՝ Պերթա Տէր Պետրոսեանի (ծն. Պալեան) հաւաքածոյ, Սան Ֆրանսիսքօ)

Ամէն մի վաճառական ունի իր յաճախորդները, ովքեր հարեւան գիւղերից են, տեղացիներ ու կամ էլ այլ երկրներից: Վաճառականներն ու յաճախորդները իրար նկատմամբ յարգանք ունեն, քանի որ կապուած են միմիանց հետ փոխադարձ շահերով: Փոխադարձ յարգանքով է պայմանաւորուած հունձքի ընթացքին վճարելու պայմանով ապառիկ գնումներ կատարելու իրողութիւնը, ինչպէս նաեւ դրամական փոխառութիւնը, որը տեղացիները անուանում են վաշխառութիւն [6]: Չնայած տոկոսադրոյքի առկայութեանը, փոխառութիւնը շահաւէտ է կողմերի համար: Այն էլ աւելի է աշխուժանում յատկապէս ապրիլ ամսին` հունձքի պարագաներն ու պէտքերը ապառիկ պայմաններով հոգալու նպատակով: Ապրիլ ամսին փոխառուած երեք ոսկու համար, հունձքից յետոյ պարտատէրը վճարում է չորսը ոսկի [7]: Վաճառականները Տէօրթեօլի հարուստ, եւ միեւնոյն ժամանակ տեղի ուսեալ ու պատուաւոր երեւելիներն են:

Ատանայի մէջ գորգագործներ (Աղբիւր՝ Միշել Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Հիւսուածեղէնի վաճառք

Տէօրթեօլի վաճառականները բաժանւում են երկու մեծ խմբի` ներկրողներ ու արտածողներ: Ներկրողները ապահովում են շուկայի ճոխ ու բազմազան հիւսուածեղէնի տեսականին, որոնք վաճառում են մանիֆաթուրա (manifatura) եւ թուհաֆիյէ (tuhafiye) [8] կոչուած առեւտրական խանութների մէջ: Հիւսուածեղէնի վաճառքը նախապէս սկիզբ էր առել իբրեւ տնայնագործական արհեստ, բայց կարճ ժամանակ անց լայն տարածում է գտնում նաեւ շուկայում:

Ատանայից, Պոլսից, Իզմիրից, Պէյրութից, Դամասկոսից ու այլ երկրներից շուկայ են ներմուծում մետաքսեայ շալեր, ծածկոցնէր, ֆանելա [9], պասմա [10], քեթենլի [11], զէֆիր [12], եւրոպական շապիկներ, կերպասի բազմազան ու ընտիր տեսակներ [13]:

Ներմուծումը ունի իր ժամանակը: Հունձքի եղանակից առաջ, վաճառականները գնում են յիշեալ վաճառաշահ քաղաքներն ու կանխիկ վճարումով ծախու են առնում հարկ եղած ապրանքները` անհրաժեշտ չափով ու ըստ տեսակների: Վաճառականները ներմուծուող ապրանք ընտրելիս միշտ առաջնորդւում են գնորդների ճաշակն ու պահանջները հաշուի առնելով: Հիւսուածեղէնի վաճառքով զբաղուողների մէջ առաջնակարգ տեղ են գրաւում Գարաեաղուպեան եղբայրները (Յակոբ, Խաչեր, Գրիգոր), նշանաւոր են նաեւ Իսկենտէր Քէօրօղլեանը, Կարապետ Պարսամեանը, նրա որդիները` Համբարձում եւ Թադէոս Պարսամեանները, Յովհաննէս Աբրահամեանը, նրա գործընկեր՝ Յովհաննէս Գարավարդանեանը, Միքայէլ Գարասարգիսեանը, Մինաս Շաքըլեանը, Վարդավառ Քէօսեանը, Յակոբ Մելքոնեանը, եւ այլ անձեր [14]: Քէօրօղլեան, Շիւքրի եւ Բարձումեան վաճառատները իրենց ճոխ կերպասեղէնի մթերքներով մրցունակ են նոյնիսկ կուսակալանիստ (վիլայէթին կենտրոնական քաղաքը) Ատանայի հետ [15]:

Տեղում վաճառքը իրականացւում է կանխիկ կամ փոխանակումով, երբեմն էլ վաճառականները բաւարարւում են պարտամուրհակներով, մասնավճարներով` աչքի առաջ ունենալով յաճախորդի դրամական կարողութիւնները, վստահելիութիւնը, պարտաճանաչութիւնը:

Արտածող վաճառականների պարագան այլ է: Այստեղից արտահանւում է Տէօրթեօլում արտադրուող մետաքսեայ ու բրդեայ գործուածքների բազմազան տեսականի, որը բացի արտածումից, վաճառւում է նաեւ Տէօրթեօլում եւ հարեւան գիւղերում:

Կարսամպաճի վաճառք

Տէօրթեօլ կամ հարեւան գիւղերի ոչ հայ բնակիչները շուկայում ունեն իրենց յատուկ արհեստը: Մըղըր լերան ստորոտին բնակութիւն հաստատած թուրք գիւղացիները իրենց ագարակներում փորել են խորունկ հորեր, որոնց պատերը թրծել են կաւով: Այս հորերի մէջ ամբարուած ձեան հսկայական կոյտերը, ամառ ժամանակ բարձում են ջորիների վրայ ու իջեցնում քաղաք: Այս ձեւով Տէօրթեօլը նշանաւորուել է իր կարսամպաճով (ղարսամպաճ, karsambaç), որ մանրացուած ձիւնով, վարդաջրի կամ նարնջի օշարակով սառը ըմպելիք-ուտելիք է [16]: Շուկայում այս զովացուցիչ ըմպելիքի հիմնական վաճառողները շրջիկ թուրքերն են, սակայն այն վաճառւում է նաեւ յատուկ ամառուայ ամիսներին փողոցների տարբեր հատուածներում բացուած կրպակներում [17]:

Ատանայի մէջ աշլամա կոչուող զովացուցիչ օշարակի շրջուն վաճառորդ մը

Ատանայի մէջ աշլամա կոչուող զովացուցիչ օշարակի շրջուն վաճառորդ մը (Աղբիւր՝ Միշել Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Ոսկերչութիւն

Արծաթի առատ պաշարների շնորհիւ տեղացի վարպետները նախապէս պատրաստում էին արծաթէ զարդեղէն: Նորաձեւութեան մուտք գործելուց յետոյ արծաթէ զարդերը կորցրին վաղեմի կարեւորութիւնը տեղացիների համար` իրենց տեղը զիջելով ոսկեայ արդուզարդին:
Տեղացի վարպետների կողմից պատրաստուած պարզ ու գոհարազարդ մատանիների կողքին մեծ հեքատաքրքրութիւն են ներկայացնում հարսանեկան մատանիները, որոնց ներսի կողմում, ընդունուած սովորոյթի համաձայն, անպայման փորագրել են տալիս հարսի ու փեսայի անունները [18]:

Տեղի ոսկերիչ վարպետները հմուտ են մանեակի, բըռօշի (bıroş) [19], ատրճանակի քանդակազարդերի, արծաթէ կամ ոսկէ գդալների, պատուական հիւրերին սուրճ մատուցելու համար արծաթ սկուտեղների, եկեղեցական անօթների ու մկրտութեան կամ հաւատաւորների համար կրծքի խաչերի պատրաստման մէջ [20]:

Խաչի հանդէպ երկիւղախառն յարգանքը տեղացի հայերի մօտ արտայայտւում է կրծքախաչ կրելով, որը բաւական տարածուած է:

Հացի խմորը հունցելուց յետոյ կանայք կրծքախաչի օգնութեամբ խաչակնքում են այն, ապա՝ ծածկում: Նրանք, ովքեր չունեն՝ նոյնն անում են ձեռքի օգնութեամբ: Սամուէլ Պոռանեանի վկայութեամբ այս բարեպաշտական սովորոյթը նկատելի է թուրք կիների մօտ եւս [21]:
Տէօրթեօլի յայտնի ոսկերիչներից են` Զաքարիա Պաստաճեանը, Կարապետ Մաճառեանը, Գէորգ Մաճառեանը, Մինաս Գույումճեանը, Իսկենտէր Շաքուրեանը, Գէորգ Տալտալեանը, եւ այլ անձեր [22]:

Տէօրթեօլ քաղաք, 1921 (Աղբիւր՝ Կրէկուար Թաֆանքէճեանի հաւաքածոյ)

Տէօրթեօլ քաղաք, 1921. կեանքը փողոցին մէջ ֆրանսական տիրապետութեան ժամանակ (Աղբիւր՝ Կրէկուար Թաֆանքէճեանի հաւաքածոյ, Վալանս)

Երկաթագործութիւն

Տէօրթեօլի երկաթագործ արհեստաւորները պարզ դարբնոցների մէջ պատրաստում են գամ, մղլակ, ծխնի, մսագործների համար դանակ, խոփ, մանգաղ, բահ, բրիչ, եղան, տրմուխ: Արդիւնաբերութեան զարգացման հետ մէկտեղ եւրոպական գործիքների ու տեխնիկայի [արհեստագիտութեան (խմբ.)] մուտքը արդիականացրել, հեշտացրել ու շահաբեր է դարձրել արհեստի այս տեսակը Տէօրթեօլում եւս:

Քաղաքի ծանօթ ու յայտնի երկաթագործներն են Մովսէս Քէօրօղլուեանը, Պօղոս Նիկողոսեանը, Պօղոս Յովսէփեանը, Աւետիս Պալեանը, Կարապետ Պալեանը, Յակոբ Պալեանը:
  
Կարապետ Գէօքօղլանեան, Խորէն Գայեան, Մանուկ Պոռանեան արհեստաւորները կարճ ժամանակում կարողացան իւրացնել եւրոպական երկաթեայ իրերի ու մեքենաների նորոգութեան գործը [23]:

Երկաթագործութիւնը փնտռուած արհեստ է Տէօրթեօլում, քանի որ նարինջի ողջ արտածումը իրականացւում է նրանց կողմից պատրաստուած կառքերի ու սայլերի միջոցով:

Շերամաբուծութիւն

Նախքան նարնջի գործառնութիւնը տէօրթեօլցիները ընդհանրացուած եղանակով զբաղուել են շերամաբուծութեամբ: Իւրաքանչիւր ընտանիք ունէր իր շերամատունը: Ընդամէնը մէկ ու կէս ամսուայ ոչ դժուարին աշխատանքը հնարաւորութիւն էր տալիս ապահովելու ընտանիքի մէկ տարուայ ամբողջ ապրուստը:

Այն որ տեղի աւելի հին բնակիչները եւս զբաղուել են այս արհեստով, վկայում են նաեւ քաղաքում ու շրջակայքում գտնուող մի քանի հարիւր տարուայ մեծութեան հսկայ թթենիները:
Քաղաքի համբաւաւոր շերամաբոյծներից են Տելի Պոռան Մովսէսն ու իր որդին` Մինասը, Մարուքէ (կամ Սարուխան) Պալեանը, Գէօքօղլեան ազգանուամբ շատերը, ովքեր շարունակել են զբաղուել այս արհեստով նարնջագործութեան տարածումից յետոյ եւս: Նշուած անձինք իրենք են ապահովել թէ՛ բոժոժները թելի վերածելու եւ թէ շերամի հաւկիթների ապահովման գործը` սերնդէ-սերունդ փոխանցելով այն իրենց զաւակներին:

Աւելի ուշ տեղացիները հաւկիթները սկսեցին ներմուծել Քորսիկայից ու Պրուսայից, իսկ մետաքսի բոժոժների մեծաքանակ արտածումը Եւրոպա իրականցնում են Եւրոպայից, Սիրիայից եւ Լիբանանից այստեղ եկած վաճառականները [24]:

Ապրիլի ամսին աւարտելով հիմնական աշխատանքը՝ շերամաբոյծ ընտանիքները լարւում են իրենց մթերքի մի մասը թելի վերածելու աշխատանքների կատարմանը, ապա սկիզբ է առնում բուն կտաւագործութիւնը: Պատրաստում են հարսանեկան շղարշ, օժիտի մէջ գործածական զանազան նրբաճաշակ մետաքսեայ գործուածքներ, եւ այլն: Մետաքսի արտադրութեամբ զբաղուողները ապրանքի մի մասը վաճառում են այստեղ ժամանած օտարերկրացի վաճառականներին, իսկ մի մասն էլ պանրով, իւղով ու այլեւայլ կենսական նշանակութեան բնամթերքով կատարում փոխանակում կայսրութեան տարբեր բնակավայրերում՝ ապահովելով իրենց տարեկան կերակուրի պաշարները [25]:

Տէօրթեօլի մասին Սամուէլ Պոռանեանի մեքենագրուած գործէն էջեր (Աղբիւր՝ Վերա Սահակեանի հաւաքածոյ, Երեւան)

Կօշկակարութիւն

Երբ տեղացիները անասունի մորթ են ունենում, հոգ են տանում նաեւ կաշուի նախնական մշակութեան մասին: Տաք-տաք աղում են այն լեռնային աղով, ապա բարկ արեւի տակ չորացնում: Չի կարելի անզգոյշ վարուել ու առանց լաւ չորացնելու հաւաքել կաշին, քանի որ այն շատ արագ կարող է փչանալ, որդնոտել ու դառնալ անպիտան գործածութեան համար: Նախնական մշակումից յետոյ կօշկակար վարպետներին են վաճառում կաշին: Որքան մեծ է լինում կենդանին մարմնով, այնքան արժէքաւոր է համարւում նաեւ նրա կաշին:

Այլ պարագայում կօշկակարներն իրենք են հոգ տանում կաշուի հաւաքման եւ մշակման գործը: Գործածում են հիմնականում կովի, այծի, ոչխարի կաշի, որը մշակում են խաղախորդանոցում, խաղախորդ վարպետների կողմից [26]: Վիմափոր խաղախորդաններում լցնում են նռնենու ու սումախի (աղտոր) տերեւներով խառնած կրաջուր, որոշ ժամանակ անց հեռացնում են կաշուի աւելորդ մասերը, անցկացնում մշակման մի քանի փուլեր, ապա՝ ներկում, որից յետոյ կաշին պատրաստ է գործածութեան համար: Մշակման այս ձեւի արդիւնքում ստացուող կաշին բաւականաչափ կոշտ է լինում:

Տեղացի կօշկակարները նախկինում կարում էին եմենի (կիսակօշիկ, որ աւելի շատ գործածական է գիւղական շրջանների մէջ) կամ բոստալ (անկրունկ եւ երկարաճիտ կօշիկի տեսակ):

Շուկայի զարգացման եւ ներմուծման ընձեռած հնարաւորութիւնների շնորհիվ վաճառականները սկսեցին ներկրել նորաձեւ համարուող կօշիկների մեծ տեսականի: Այս ալ իր հերթին խթանեց եւրոպական կօշիկների պատրաստման արհեստը իւրացրած տէօրթեօլցի առաջին վարպետների՝ նորաոճ կօշիկներ ստեղծելուն։ Առաջին սերունդի կօշկակարներից են՝ Մանուկ Գէօքօղլանեան, Վահէ Շաքըլեան, Գագիկ Պալեան, Կարապետ Պայրաքտարեան, Յակոբ Եաղուպեան, Իսբիր Մաճարեան, Խաչեր եւ այլ վարպետներ [27]:

Այս անձերը դարձան նորաձեւ համարուող եւ ժամանակի համար մեծ պահանջարկ վայելող՝ բօթի (մոյկ), զինուորական երկարաճիտ կօշիկների, ծնկապանի, հողաթափի, կիսակօշիկի, եւ այլ նորաձեւ ոտնամանների տեսակները տէօրթեօլցիների համար կարող առաջին վարպետները [28]:

Տէօրթեօլի մասին Սամուէլ Պոռանեանի մեքենագրուած գործէն էջ մը

Տէօրթեօլի մասին Սամուէլ Պոռանեանի մեքենագրուած գործէն էջ մը (Աղբիւր՝ Վերա Սահակեանի հաւաքածոյ, Երեւան)

Մսագործութիւն

Տէօրթեօլցիները իրենց պատրաստած համադամ ուտեստեղէնի մեջ շատ են գործածում միսը, որի պատճառով էլ մսագործները այստեղ բաւական մեծ թիւ են կազմում: Սակայն այստեղ կովի ու ոչխարի մսագործներ գրեթե չկան, որովհետեւ տեղացիները նախընտրում են այծի միսը, որը շնորհիւ տեղի հիանալի արօտավայրերի՝ իւղոտութեամբ մրցունակ է լինում ոչխարի մսին: Քաղաքի ծանօթ մսագործներն են՝ Յովհաննէս Թաւուգճեան, Յովհաննէս Մանտոյեան, Վարդավառ Պոռանեան, Յոկոբ Պոռանեան, Սողոմոն Թաւուգճեան, Գէորգ Շաքըլեան եւ այլ անձեր [29]:

Դերձակութիւն

Տէօրթեօլում հնուց ի վեր բնակիչների հագուստը պատրաստում էին տնայնագործ վարպետները՝ գործածելով բամբակեայ, բրդեայ ու մետաքսեայ հիւսուածեղէն:

Ինչպէս կօշիկների պարագայում, հագուստի հարցում եւս եւրոպական շուկան փոխեց տէօրթեօլցիների հագուկապը: Կամաց-կամաց վաճառականները սկսեցին ներմուծել եւրոպական հագուստի զանազան նոր նմոյշներ: Նորաձեւ ոճով կարող առաջին դերձակ վարպետները եղան Իսկենտէր Պալեանը, Մելիտոս Գարասարգիսեանը, Սուրէն Պալեանը, Յակոբճան Աւետիսեանը, եւ այլք [30]:

Իրենց արհեստի մէջ կատարելագործուելու եւ առաւել յառաջանալու նպատակով Մելիտոս Գարասարգիսեանն ու Յակոբճան Աւետիսեանը անձնական նախաձեռնութեամբ ուղեւորւում են Հալէպ: Վերդառանալուց յետոյ նրանք տէօրթեօլցիների համար սկսում են կարել ժամանակի համար նորաձեւ համարուող ռեդինկոտ, պաշտօնական, հանդիսաւոր ու տօնական օրերի համար վայելուչ բաճկոնների տեսակներ, վերարկուներ, տաբատ, եւ այլն:

Դերձակների մէջ հմտացել է Իսկենտէր Պոռանեանը, ով այնքան շատ է պատուէրներ ունենում, որ մեծ տօներից մէկ ամիս առաջ այլեւս պատուէր չի ընդունում` այդ մասին յայտարարութիւն գրելով ու փակցնելով իր արհեստանոցի ճակատային մասին [31]:

Գերմանական «Սինկըր» մակնիշի կարամեքենայի ծանուցում մը՝ Իսթանպուլի մէջ լոյս տեսնող օսմաներէն «Շէպալ» պարբերաթերթին մէջ

Գերմանական «Սինկըր» մակնիշի կարամեքենայի ծանուցում մը՝ Իսթանպուլի մէջ լոյս տեսնող օսմաներէն «Շէպալ» պարբերաթերթին մէջ

Դերձակութեան զարգացումը լայն առումով կապուած է նաեւ ջուլհակութեան զարգացման, կերպասեղէնի զանազան տեսակների ստեղծման հետ: Հայկանոյշ Պօյաճեանը, ով նորաստեղծ Կանանց Օժանդակ Մարմնի [32] հսկողութեամբ ու միասնական ուժերով, կանանց սովորեցնում է բարակ թել ու դերձան մանել, հիւսել, ներկել, ճաշակաւոր հագուստներ ձեւել ու կարել, դերձակութեան արհեստին հաղորդել է լիովին նոր շունչ: Նրանց կողմից տեղական արտադրանքի նմոյշներով կարուած առաջին հագուստների կրողներն են Կիրակոս Աղան ու Մանուկ էֆենտի Պալեանը իրենց ընտանիքներով, ապա դպրոցի աշակերտները, վարչութեան անդամները, եւ այլն [33]:

Դերձակները իրենց մօտ աշկերտներ էլ են պահում, նաեւ վաճառում մեծ-մեծ թղթերի վրայ գծած ու կտրած հագուստների մոդելներ:

Տէօրթեօլում դերձակութիւնը զարգացել է նաեւ գործող ու կարող մեքենաների ներմուծման զուգահեռ: Գերմանական առաջին «Սինկեր» մակնիշի կարի մեքենայի ու առաջին գուլպայ գործող մեքենայի ներմուծումը եւս մեծ փոփոխութիւն եղաւ դերձակների համար: Այս մեքենաների առաջին ձեռքբերողները եղան Մինաս Չերքէզէանը եւ Յակոբ Քիւփէլէանը [34]:

Հիւսնութիւն եւ ատաղձագործութիւն

Հիւսնութիւնը փնտրուած արհեստ է, քանի որ տեղի տները հիմնականում փայտից էին կառուցւում: Քարաշէն բնակարանները հազուադէպ էին պատահում: Կիզահողի հանքեր դեռեւս գտնուած չէին:

Հիւսները աշխատում են թէ՛ գիւղերում եւ թէ քաղաքներում: Գիւղերում աշխատելը հիւսնի համար առաւել ձեռնտու է, քանի որ նրան վճարում են ցորենով, իւղով, պանրով ու մսացու կենդանիներով:

Բացի տնաշինական աշխատանքներից նրանք պատրաստում են հագուստի պահարաններ, սեղաններ, սնդուկներ, աթոռներ ու պահեստանոցներ: Այս պահեստանոցները, որոնք ունենում են բազմաթիւ բաժանմունքներ, ծառայում են զանազան անուշեղէնների պահպանութեան համար իբրեւ շտեմարան: Հիւսները պատրաստում են օժիտի համար նախատեսուած սնդուկներ, նպարեղէնի շտեմարաններ` իրենց յատուկ գզրոցներով: Երբ հարկաւոր է լինում ձաւար կամ մէկ այլ նպարեղէն՝ քաշում են գզրոցը կամ կափարիչը ու բաւարար քանակով վերցնում: Այս շտեմարանները լինում են երկու-երեք մետր բարձրութեամբ ու նոյնքան էլ երկարութիւն են ունենում:

Արհեստաւորների աշխատանքի ամէնաեռուն շրջանը սկսւում է սեպտեմբերին, երբ սկիզբ է առնում նարինջի բերքահաւաքը: Նրանք են հոգում նարնջագործութեան մեջ մեծ կարեւորութիւն ունեցող սնդուկների, զամբիւղների պատրաստութիւնը, կառաշինութեան մեջ գործածական բազմաթիւ մասնիկների պատրաստման գործը, եւ այլն: Քանի դեռ Պաղտատի երկաթուղագիծը չէր հասել Տէօրթեօլ, մարդկանց փոխադրութիւնը իրականացւում էր լանտոն կոչուող ձիակառքերի միջոցով, որի պատրաստութեան մեջ բաւական հմուտ էին տեղի արհեստաւորները:

Հիւսնութեան համար անհրաժեշտ փայտը վարպետները բերել են տալիս ֆռնուզեցի (Մարաշի հիւսիս) հայերի եւ քարաքէօյցի ջորեպանների միջոցով: Փայտը յղկում են Յակոբ Պօյաճեանի գործարանում, որտեղ կայ բաւական մեծ ռանդահաստոց: Այստեղ են ողորկում նաեւ Ատանայի, Ճիհանի, Անտիոքի ու Ալեքսանտրէթի համար պատուիրուած փայտը: Տեղի ողորկող, տաշող, փայտ քաշող վարպետներն են Սամուէլ ու Գէորգ Պոռանեաները, ովքեր ստանում են օրական մէկ մեճիտիյէ աշխատավարձ (20 ղուրուշ արժողութեամբ արծաթադրամ): Ատաղձագործ վարպետները անհրաժեշտ հումքը գնում են Յակոբ Կէօքսարգիսեան, Աւետիք Կէօքճեան անունով ատաղձի վաճառքով զբաղուող վաճառականներից [35]:

Ջաղացպանութիւն

Հին ժամանակներից սկսած ալիւրը չի եղել վաճառականութեան բաղադրիչ մասը: Վաճառքի ենթակայ էր ցորենը միայն, իսկ ալիւրի պարագան հոգում էին տեղացիները: Այդ իսկ պատճառով չափազանց մեծ կարեւորութիւն է ներկայացրել որեւէ բնակավայրի համար գետի ափին գիւղը հիմնելու ու ջաղացներ ունենալու դրութիւնը: Տէօրթեօլ աղբիւրներ չկան, սակայն քաղաքը հարուստ է ջրառատ առուներով, որոնք սնւում են Էօզէրլի-Չայ, Դելի-Չայ գետերի ջրերից: Քաղաքից մօտ քսան վայրկեան հեռաւորութեան վրայ գտնուող կէտից մեծ հողաթմբի օգնութեամբ զատւում են առուները` ուղեւորւում դէպի քաղաք :

Այս մեծ ու ջրառատ առուները ապահովել են տեղացիներին միանգամից հինգ ջրաղացով: Բոլոր բնակավայրերի նման տեղի ջրաղացները եւս կոչւում են իրենց գտնուելու վայրի կամ կառուցող սեփականատիրոջ անունով: Տէօրթեօլի ջրաղացներին տեղացիները տուել են հետեւէալ անունները՝ Բաշդեյիրմեն (դեյիրմեն թրքերէնով նշանակում է ջրաղաց), Օրթադեյիրմեն, Ֆաբրիքա դեյիրմեն, Աշաղը դեյիրմեն, Արթինի դեյիրմեն` հիմնադիր Յարութիւն Քէօսէեանի անունով [36]:

Ջրաղացները պատրաստում են ոչ միայն ալիւր, նաեւ ձաւար ու մանր կորկոտ: Քաղաքում շինուել են նաեւ երկու արդիական, մեքենայացուած ջրաղաց: Մէկը պատկանում է Մովսէս Մազմանեանին, իսկ միւսը՝ Յակոբ Գարասարգիսեանին [37]: Այս վերջին ջրաղացի մէջ է գտնւում նաեւ քաղաքի առաջին բամբակազտիչ եւրոպական մեքենան [38]։

Տէօթեօլի գլխաւոր ջաղացքը

Տէօրթեօլի գլխաւոր ջաղացքը (Աղբիւր՝ Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ Գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ), Լոս Անճելըս, 2006)

Ջուլհակութիւն

Տէօրթեօլցիների եկամուտի գրեթէ երեսուն տոկոսը գոյանում է արհեստներից [39]: Արհեստների զարգացման եւ արդիականացման ուղղութեամբ տարուող աշխատանքների մէջ մեծ ներդրում ունի Ժիրայր Պօյաճեանը, ով 1880-ական թուականներին, տէօրթեօլցի ազգայինների հետ ստեղծել է Ազգային Ընկերութիւնը: Նրա շնորհիւ է ստեղծւում նաեւ Տէօրթեօլի Ջուլհակների արհեստակցական միութիւնը՝ Սարգիս եւ Գէորգ Քէօմպէճեան եղբայրների ղեկավարութեամբ [40 ]: Համբաւաւոր Քէօմպէճեան եղբայրները պատրաստում են կտաւ, բամբակեայ նուրբ կերպասներ: Նրանց պատրաստածները եւրոպական կերպասների չափ ճաշակաւոր են ու ընտիր:

Բացի Քէօմպէճեաններից կան նաեւ այլ ջուլհակներ, ովքեր ճերմակեղէն ու զանազան այլ կտաւներ են պատրաստում կանանց մանած թելերից: Նրանք պատրաստում են նաեւ մետաքսէ հիւսուածեղէն, որոնք յատկապէս յարգի են օրիորդների օժիտի պատրաստութեան մէջ: Յատուկ հարսանեկան նրբագոյն շղարշները, քօղերն ու վերնազգեստները, քէֆիյեները [41], մետաքսէ գօտիները, որոնք տարածում են գտել թարապլուսեան գօտիներ անուամբ, պատրաստում են ծագումով Հաճի Հապիպլի գիւղէն՝ Գրիգոր, Սարգիս, Կարապետ ու Մեսրոպ Փափազեան ջուլհակները, իրենց ունեցած երեք ոստայնների վրայ [42]:

Նարինջի մշակում

Տէօրթեօլը յայտնի է իր անուշահամ նարինջով, թուրինջով ու շաքարահամ եուսուֆով (վերջին երկուքն ալ նարինջի ընտանիքէն): Նարինջի մշակումն ու շուկայի ընձեռած առաւելութիւնը այս գիւղաքաղաքը դարձրել են համբաւաւոր:

Ինչպէս վերը նշել ենք, նախապէս տեղացիները զբաղուել են ոչ պակաս եկամտաբեր շերամաբուծութեամբ: Մի քանի սերունդ առաջ Քիւչիւք-Սարգիսեան անունով մէկը 1830թ. վերադառնալով Երուսաղէմ կատարած ուխտագնացութիւնից՝ Եաֆա քաղաքից իր հետ Տէօրթեօլ է բերում նարինջի տնկիներ` հիմնելով նարինջի պարտէզ [43]: Պատմւում է, որ այս մարդուց է սկիզբ առել նարինջի պարտիզպանութիւնը Տէօրթեօլում [44]:

Սկզբնական շրջանում նարինջը վաճառւում էր միայն Ատանայի, Մարաշի ու Հալէպի շուկաներում, սակայն կարճ ժամանակ անց տեղի նարինջի անկրկնելի համի համբաւը տարածուեց ամէնուր` հասնելով մինչեւ եւրոպական շուկայ՝ ապահովելով Տէօրթեօլի ու շրջակայքի տարեկան եկամուտի մօտ եօթանասուն տոկոսը:

Տեղացիները տեսնելով, որ գնալով մեծանում է նարինջի պահանջարկը` ձեռնարկում են նորանոր պարտէզների մշակութեան գործը, ընդարձակում եղած պարտէզներն ու տնկում նորերը, որոնք բաժանուած են իրարից առանց շաղախի յղկուած քարէ պատերով [45]:

Պարտէզների արագ աճին նպաստում է տեղի արգասաբեր հողը, Ամանոս լեռների ստորոտում ընկած կլիմայական իւրահատուկ պայմանները, յորդառատ գետերի ու առուների առկայութիւնը [46]:

Նարինջի վաճառքի մէջ մեծ է Եփրեմեան աշխատանոցի նշանակութիւնը, որը սկսել է աշխատել Իզմիրի յոյն վաճառականների կատարած ներդրումների շնորհիւ: Այս գործարանը աշխատում է տարուայ մէջ վեց ամիս: Ընդհանուր տնօրինութիւնը վարում է Եփրեմեանը: Գործարանը գտնւում է քաղաքի կենտրոնում` ընդարձակ քարաշէն շէնքի մէջ [47]: Նարինջ արտածող վաճառականները, նախքան բերքահաւաքի սկսելը շրջում են պարտէզներով, կատարում բերքի մասին զանազան քննութիւններ, հարցումներ։ Որոշ սակարկութիւնից յետոյ, անոնք որոշում են դեռեւս չհասունացած նարինջների գինը [48]:

Առաջին ոչ-տեղացի վաճառականներից են Եաֆա քաղաքից` Միխայիլ Միշեգը եւ Ճիւնի քաղաքից (Լիբանան)` Ճորճի Թըրլժան [49]: Նշուած անձինք գիւղաքաղաքում բնակութիւն հաստատելու նպատակով ժամանակաւոր վարձել են Աղջկանց վարժարանի շէնքը, եւ նոյն շէնքին յարակից հողամասի վրայ մի խոշոր վաճառատուն հիմնել: Վաճառատան վերնայարկում կառուցելով մի բնակարան՝ հաստատուել են այնտեղ: Այս երկու վաճառականները բերել են իրենց հետ ամէն բան՝ սանդուղքներ, կողովներ, կտրոցներ, փաթթոցներ, նոյնիսկ բանուորներ, որ հիմնականում տղամարդիկ են` հարեւան այլեւայլ գիւղերից [50]:

Հրատարակուած "Dodd, Mead and Company"ին կողմէ, Նիւ Եորք, 1902

Մի քանի տարի անց տեղացիներն արդէն իրենց իսկ գործի լաւագոյն վարպետներն էին: Նրանք եկուոր աշխատողներին տեղացիներով փոխարինելու առաջարկ են անում, որին վաճառականները յօժարակամ ընդառաջ են գալիս: Սա ձեռնտու էր երկու կողմերի համար էլ: Նախ, որովհետեւ եկուորներն աւելի բարձր են վճարւում, ունեն բնակարաններ վարձելու խնդիրներ, ունենում են տարեկան բացակայութիւններ` իրենց ընտանիքներին այցելելու կամ այլ առիթների պատճառով:

Նարնջենիները շատ փարթամ ու բարձրահասակ են լինում` երբեմն բարձրանալով մինչեւ 18-20 մետր: Բերքի տակ այնքան են կռանում, որ արհեստաւորները պատրաստում են յատուկ յենակներ` ծառերի ճիւղերը հնարաւոր կոտրուելուց պաշտպանելու համար: Բերքահաւաքի համար գործածում են աստիճաններ, որոնք ունենում են տասնութ աստիճանաւոր սանդուղք, բայց երբեմն էլ իրար են միացնում միանգամից երկու սանդուղք:

Սեպտեմբեր ամսին կատարելապէս հասուն են լինում նարինջները ու սկիզբ է առնում պտուղների բերքահաւաքը:

Նարինջի վաճառքով զբաղուել ցանկացողները իրենց բանուորներին հաւաքել են տալիս բերքը ու ջորեպանների օգնութեամբ տեղափոխում նախօրօք պատրաստուած մթերանոցներ, որտեղ հատ առ հատ փաթեթաւորում են բարակ ծաղկաթղթերի մէջ, ապա` դարսում սնդուկների մէջ, կնքում եւ տասնեակ տօնաներով կշռող թուրինջի ու նարինջի տարեկան բերքը ջորիների քարաւանով ուղեւորում Տէօրթեօլից 15 կմ. հեռաւորութէան վրայ գտնուող պատմական Փայաս գիւղակին մօտ գտնուող Ճին Գուլէ (Ճինկուլա) նաւահանգիստ։ Այստեղից էլ նարինջի սնդուկները փոխադրւում են Իզմիր, Պոլիս, Վառնա, Օտեսա, Աղեքսանդրիա, Լիվըրփուլ եւ այլ քաղաքներ [51]: Տէօրթեօլում երկաթգծեր դեռեւս գոյութիւն չունէին եւ նարինջի ամբողջ փոխադրութիւնը իրականացւում էր էշերի ու ջորիների միջոցով:

Այս երկու վաճառականների գործառնութիւնները շարունակուեցին երկու տարի: Այս ընթացքում գործունեայ տէօրթեօլցիները կարողացան կանխատեսել նարինջի մշակման փայլուն հեռանկարները: Լարուելով եռուն աշխատանքի՝ նրանք սկսում են մեծացնել պարտէզները: Այս իրողութիւնը տարէցտարի մեծացնում է նաեւ նարինջի վաճառքով զբաղուող վաճառականների թիւը, որոնք հաստատւում են քաղաքի տարբեր թաղամասերում: Այս ամէնի հետ զուգընթաց տեղացիները ձեռք են բերում նաեւ բերքհաւաքի եւ մթերման վերաբերեալ բաւարար փորձառութիւն:

Տէօրթեօլ քաղաք, 1921 (Աղբիւր՝ Կրէկուար Թաֆանքէճեանի հաւաքածոյ)

Տէօրթեօլ քաղաք, 1921. կեանքը փողոցին մէջ ֆրանսական տիրապետութեան ժամանակ (Աղբիւր՝ Կրէկուար Թաֆանքէճեանի հաւաքածոյ, Վալանս)

Նարինջի արտադրութեան եւ վաճառականների թուի աճի վերաբերեալ գաղափար տալու համար հարկ է յիշել հետեւեալ վաճառականների անունները՝

  • Եաֆացի Միխայիլ Միշեգը, որի տէօրթեօլցի գործընկերն էր Քիւչիւք-Սարգիսեան Հաճը Յակոբը:
  • Գռոդդէ Էմանուէլ, որի տէօրթեօլցի գործընկերն էր Յակոբ Սեմերճեանը:
  • Հաւաճա Վանկելի. գործընկեր՝ Հաճի Կարապետ Էյիրոսեան:
  • Հաւաճա Նիկոլայ Խուրի. գործընկեր՝ Գըլըճեան:
  • Հաւաճա Մըշարի (կամ Նըչարի). գործընկեր՝ Իսկենտէր Նաճարեան:
  • Գլէանթի (կամ Պլէանթի). գործընկեր՝ Սարգիս Յափըճեան:
  • Պայրաքտար. գործընկեր՝ Յակոբ Պօյաճեան [52]:

Մեծածախ վաճառքով զբաղուող օտարերկրեայ վաճառականների կողքին կան նաեւ տէօրթեօլցիներ, որոնցից են Միհրան Մաճառեանը, Թորոս Կէօքճեանը եւ Հաւաճա Ճըրճիսը [53]:

Վաճառականներից իւրաքանչիւրը ունի բերքահաւաքի իր ջոկատը, որը բաղկացած է լինում 10 բանուորից, ովքեր մէկական մկրատներով հաւաքում են նարինջները: Եւս 5 աշխատողներ կան, ովքեր հաւաքում են գետնին թափուածները: Ջոկատին մաս են կազմում նաեւ 1 ջոկատապետ, 1 հաշուապահ, 2 հոգի փոխադրող, վեց բանուորուհի, ովքեր նարինջները դասաւորում են զամբիւղների մէջ, 6 ջոկատապետուհի, 1 սնդուկ սարքող: Այսպիսով իւրաքանչիւր աշխատանքային ջոկատ բաղկացած է լինում 27 աշխատողներից: Իւրաքանչիւր վաճառական աշխատեցնում է օրական 5 ջոկատ: Այսինքն իւրաքանչիւր վաճառական օրական աշխատեցնում է 135 անձ: Հետեւաբար, եթէ հաշուարկելու լինենք վերեւում մեր նշած վաճառականների աշխատողներին, կը ստացուի, որ նրանց մօտ աշխատում են 1350 աշխատող [54]:

Բացի այս խմբերից, բերքահաւաքի ընթացքում իւրաքանչիւր մթերանոցի մէջ աշխատում են հետեւեալ քանակով անձինք` 40 աղջիկ, ովքեր փաթաթում են նարինջները թղթերի մէջ: Միւս աշխատողներն են` չորսը ջոկատապետուհի, հինգ անձ, ովքեր պատասխանատու են նարինջը սնդուկների մէջ` ըստ սնդուկների չափերի դարսելու համար: Բեռների փոխադրութէան համար նախատեսուած սնդուկները լինում են 60, 80, 100, 150-անոց չափերի, որոնցով էլ պայմանաւորուած է նրանց գինը [55]: Աշխատում են նաեւ տասը ատաղձագործ (բեռները փոխադրող կառքերի պատրաստութեան համար հոգ տանող), մէկ թուագրող (վճարումը կատարւում է ըստ քանակի եւ ոչ ըստ քաշի), մէկ թուղթ ձեւող, սնդուկները նաւահանգիստ փոխադրող տասը ջորեպան, եւ մէկ պահակ: Աշխատանքը երկսեռ է, մասնակցում են կանայք ու տղամարդիկ: Փոխադրումը իրականացնող ջորիները, ձիերն ու էշերը հաւաքւում են տեղի կամ հարեւան գիւղերի՝ հայ եւ թուրք բնակիչներից:

Այս թուաբանութեամբ եթէ առաջնորդուենք, ստացւում է, որ բոլոր աշխատողներով հանդերձ ամէն մի վաճառական ձեռքի տակ պէտք է ունենայ մօտ 208 հոգուց բաղկացած խումբ, որպէսզի չուշացնի գործը ու ժամանակին հասցնի արտահանել ու սպառել:

Եթէ հաշուարկելու լինենք վաճառականների ներդրած գումարները, ապա պէտք է առաջնորդուենք հետեւեալ թուաբանութեամբ: Իւրաքանչիւր աշխատողի օրական միջին աշխատավարձը կազմում է 5 դահեկան (ղուրուշ) [56]: Այսինքն 208 հոգիանոց աշխատանքային խմբի համար 1040 դահեկան մէկ օրում:

Միայն վերը նշած մեծածախ վաճառք իրականացնող տասը վաճառականների օրական ներդրումները կազմում են 10 400 դահեկան մէկ օրում: Այս վճարումը կատարւում է տարուայ մէջ 212 օր (կիրակիները երբեք չեն աշխատում): Ուստի ընդհանուր տարեկան միջին ներդրումը ՝ միայն այս տասը վաճառականների, կազմում է 2 204 800 դահեկան:

Նարինջի տարեկան արտադրութիւնը կազմում է 180 միլիոն հատ: Իւրաքանչիւր հազար նարինջի համար վաճառականը վճարում է մէկ օսմանեան ոսկի [57]:

Ստացւում է, որ միայն նարինջի վաճառքի դիմաց տէօրթեօլցիների տարեկան եկամուտը կազմում է 180 000 օսմանեան ոսկի: Սա դեռ ամբողջ եկամուտը չէ, քանի որ տեղացիները ինչպէս արդէն նշել ենք վերեւում, զբաղւում են նաեւ շերամապահութեամբ, այգեգործութեամբ առհասարակ, վարում են իրենց փոքրիկ առեւտրական խանութների առեւտրային գործերը, ինչպէս նաեւ նարինջի մանրածախ վաճառքով զբաղուողներ կան:

Աղբիւր՝ Ernst Haeckel (1834-1919), Kunstformen der Natur, 1900-1904, Leipzig/Wien

Ձկնորսութիւն

Տէօրթեօլի սննդակարգը հարուստ է նաեւ աղի ու քաղցրահամ ջրերի համեղ ձկնատեսակներով: Ձկան առատութիւնը կարող է լինել նաեւ շահութաբեր, սակայն տեղացիները չեն զբաղւում ձկնորսութեամբ նիւթական բարիք ստանալու ակնկալիքներով: Որսի այս տեսակը նրանց համար զուարճութիւն է, զբօսանք եւ ընտանեկան ուրախ ճաշկերոյթի իւրօրինակ առիթ: Այն նաեւ մարզաձեւ է, որի ժամանակ ձկնորսները ցուցադրում են իրենց լաւ լողորդ լինելու յատկութիւնները: Որսի են գնում խմբերով: Երիտասարդները մէկը միւսից առաջ անցնելով ցուցադրում են իրենց փորձառութիւնը: Ընկղմուելով ջրերի մէջ, ջրի տակ են մնում 10-15 րոպէ: Յաղթում է նա, ով աւելի երկար է մնում ջրի տակ ու ով դուրս կը բերի ամէնամեծ ձուկը:

Որպես խիզախ լողորդներ ու ձկնորս-սուզակներ յայտնի են Իսկենտէր Հաճի Փանոսեանը, Գէորգ Չալըգեանը, Գառնիկ ու Մանուկ Գէօքօղլանեան եղբայրները, Սերովբէ Քէշիշեանը ու Սամուէլ Պոռանեանը [58]:

Տեղացիների համար առաւել նախընտրելի են հետեւեալ ձկնատեսակները. Դուռնա պալըխ (թրքերէնով պալըխ նշանակում է ձուկ), Գըլըճ պալըխ, Թաշ քոյրուք, Մէջան, Ֆանքիր, Բարբունիէ, Մըզկալ, Սարդին, Քայա պալըխ, Խըրմատոր, եւ այլն [59]:

Ձկնորսների միւս մասը որս է անում թոռով (ուռկան) կամ էլ կարթով: Ուռկանը պատրաստում են տեղացիները: Լաւագոյն վարպետները կարողանում են գործել մէկ օրում: Հիւսում են բամբակեայ թելից, չուանից ու նայլոն թելից: Վարպետները գործում են նայլոն թելից, քանի որ բամբակեայ ուռկանները շատ են ծանրանում ջրի մէջ, նաեւ շուտ մաշւում են, իսկ նայլոնը ամուր է եւ ջուր չի ներծծում:

Մայիսի քսանից հունիսի չորսը ձկան ամէնաառատ շրջանն է, երբ ձնհալից յետոյ գետերը ջրառատ են լինում: Այս շրջանին ուռկանաւորները կարողանում են բռնել 10-15 եւ աւելի ձուկ:

Սպունգի զանազան տեսակներ (Աղբիւր՝ Ernst Haeckel (1834-1919), Kunstformen der Natur, 1900-1904, Leipzig/Wien)

Սպունգի [60] ու խեցիների հաւաքում

Միջերկրական ծովի ափերին շատ մօտիկ գտնուող Տէօրթեօլը յայտնի է իր խիզախ սուզորդներով: Ամէնից ուշագրաւը նրանց լողազգեստն է՝ պղնձէ յատուկ գլխանոցով ու մարմինը պարանոցից մինչ ոտնաթաթեր ռետինէ հագուստի տակ ծածկուած: Գլխանոցն ունենում է երկու խողովակ, մէկը օդ շնչելու, իսկ միւսը արտաշնչելու համար: Լողորդները սուզուելուց առաջ իրենց հետ վերցրած պարանի մի ծայրը կապում են նաւին, իսկ միւսը բաւականաչափ ծանր մի քարի: Քարի ծանրութեան շնորհիւ արագօրէն ընկղմւում են ծովի յատակը:

Լողորդները բացի պարզ զուարճանքից, սեփական կարիքների, կամ վաճառքի համար փորձում են օգտուել ծովի ընձեռած բարիքներից: Այս նշուած պատրաստութիւնները տեսնելուց յետոյ ամէնափորձառու որսորդները իրենց հետ են վերցնում նաեւ դանակ ու կացին: Ճանապարհին պատահած սպունգներն ու խեցիների մէջ մարգարիտներ պարունակող ոստրէները պոկելով լցնում պարանոցից կախուած ցանցաւոր կողովի մէջ [61]:

  • [1] Դէօրթ-Եոլ, Ճուկ Մարզպան, Չոք-Մերզմէն, Ճուկ Մէրզմեն, Ճուկ Մարզպան, Չորէ-Մարզպա, Չորք-Մարզպան, Չորք-Մարզպանք, Չորք-Մարզուան, Չորք-Մարզուանք, Ումրաինէ, Ճուկ Մարզեպան:
  • [2] Մինաս Գոճայեան, Պատմութիւն Չորք-Մարզպանի (Տէօրթ-Եօլ Գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ), Լոս Անճելըս, 2006, էջ 32։
  • [3] Գրաստի մեջքի չափով կարուած կոպիտ թամբ՝ բեռներ բարձելու համար:
  • [4] Օսմանեան կայսրութեան շրջանում վարչական բաժանում, տարածք, գաւառ:
  • [5] Գոճայեան, էջ 32։
  • [6] Սամուէլ Պոռանեան, Յուշագրութիւն Ճուկ Մարզեպանի, բնօրինակը՝ հայատառ թրքերէն: Այս յօդուածի հեղինակին մօտ գտնւում է ձեռագրի թարգմանուած, վերամշակուած մեքենագրութիւնը, կատարուած Յարութիւն Պալեանի կողմից, Լենինական, 1965, անտիպ, էջ 27-28։
  • [7] Նոյն:
  • [8] Հագուստ կարելու համար անհրաժեշտ իրերի վաճառատեղի:
  • [9] Ֆանելա կամ ֆլանել: Բրդէ ու բամբակէ նօսր ու բարակ գործուածք:
  • [10] Նախշազարդ, բամբակեայ կտոր:
  • [11] Կտաւատի թելից հիւսուած կտոր, քաթան:
  • [12] Շապիկ, թաշկինակ, սեղանի ծածկոցների համար բամբակեայ, գծաւոր կտոր:
  • [13] Պոռանեան, էջ 27-28:
  • [14] Նոյն:
  • [15] Մինաս Խապրիկ, Եթէ Չորք-Մարզպանը ինծի հետ խօսէր..., հրատարակութիւն Չորք-Մարզպանի Հայրենակցական Միութեան, Պէյրութ, 1983, էջ 17:
  • [16] Նոյն, էջ 21:
  • [17] Նոյն:
  • [18] Պոռանեան, էջ 46։
  • [19] Քորոցներ, որոնք կրում էին կանայք իբրեւ զարդ:
  • [20] Պոռանեան, էջ 47:
  • [21] Նոյն:
  • [22] Նոյն:
  • [23] Նոյն, էջ 48-50:
  • [24] Նոյն:
  • [25] Նոյն:
  • [26] Խաղախորդ: Մորթը աղով մշակելով կաշի պատրաստող արհեստաւոր: Արհեստանոցը կոչւում է խաղախորդանոց, խաղախորդարան:
  • [27] Պոռանեան, էջ 29-30:
  • [28] Նոյն:
  • [29] Նոյն:
  • [30] Նոյն:
  • [31] Նոյն:
  • [32] 1880-ական թուականներին Տէօրթեօլում հիմնուած արհեստների Ազգային Ընկերութեան մաս է կազմել նաեւ Կանանց Օժանդակ Մարմինը, որի նպատակն էր արհեստների զարգացումն ու կանանց մասնակցութիւնը:
  • [33] Գոճայեան, էջ 160:
  • [34] Պոռանեան, էջ 30:
  • [35] Նոյն:
  • [36] Նոյն:
  • [37] Նոյն, էջ 33-35:
  • [38] Նոյն:
  • [39] Գոճայեան, էջ 160:
  • [40] Նոյն:
  • [41] Արաբների համար իբրեւ գլխանոց ծառայող սեւ շալ:
  • [42] Պոռանեան, էջ 35-37:
  • [43] Գոճայեան, էջ 159:
  • [44] Նոյն:
  • [45] Մինաս Խապրիկ, էջ 12:
  • [46] Նոյն, էջ 23:
  • [47] Նոյն:
  • [48] Գոճայեան, էջ 159:
  • [49] Պոռանեան, էջ 49-54:
  • [50] Նոյն:
  • [51] Գոճայեան, էջ 159:
  • [52] Պոռանեան, էջ 50:
  • [54] Նոյն:
  • [55] Գոճայեան, էջ 160:
  • [56] Պոռանեան, էջ 51:
  • [57] Նոյն:
  • [58] Պոռանեան, էջ 167-170:
  • [59] Նոյն:
  • [60] Ծովային կենդանի է, որը գործածում են տէօրթեօլցիները կենցաղային մաքրութեան մէջ:
  • [61] Պոռանեան, էջ 170: