Բաղէշ (Բիթլիս) - Եկեղեցիներ եւ վանքեր (Բ.)

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 01/09/2023 (վերջին փոփոխութիւն՝ 01/09/2023)

Բաղէշի թեմի վանքերը

XIX դարի երկրորդ կէսին - XX դարի սկզբներին Բիթլիս քաղաքի շրջակայքում կային չորս կանգուն վանքեր` Խնդրակատար Ս. Աստուածածինը, Ամրտօլու (Ամլորդոյ) Ս. Յովհաննէսը, Գոմաց Ս. Աստուածածինը և Աւեխու Ս. Աստուածածինը (Ս. Թադէոս առաքեալ):

Բաղէշի գաւառակի տարածքում սփռուած էին երեք այլ կանգուն վանքեր` Տատիկի Ս. Աթանագինէն (Մոճկոնից վանք), Պոռի Ս. Յովհաննէսը (Ս. Նարեկ) և Ծապրկորի Ս. Կարապետը [1]:

Խլաթի գաւառակի տարածքում կար երկու կանգուն վանք` Թեղուտի Ս. Յովհաննէսը և Մատնավանքի Ս. Աստուածածինը:

Բացի վերոնշեալ վանքերից Բաղէշի թեմի տարածքում յիշատակւում են տասնեակից աւել լքուած և կիսաւեր վանքերի անուններ, որոնցից թերևս առաւել նշանաւորը Թուխ գիւղի մօտակայքում գտնուող Ս. Յեզտիբուզտի (Ս. Յիզտիբուզիտ) վանքն էր:

Բաղէշի վանքերը ծաղկում էին ապրում յատկապէս XV-XVII դարերում, երբ դրանցից մի քանիսը դարձել էին Հայաստանի կրթամշակութային նշանաւոր կենտրոններ, որտեղ գործում էին դպրոցներ, կրկնօրինակւում բազմաթիւ ձեռագրեր [2]:

XIX դարի երկրորդ կեսին - XX դարի սկզբներին մենաստանները նկարագրւում էին արդէն որպէս «փառաւոր անցեալ ունեցած իւր գրական վարդապետներով և ծաղկեալ միաբանութեամբ»: Հաղորդւում էր, որ «ներկայիս մէջ» վանքերի բոլոր փառքերը շիջած են և դրանք վերածուած են յիշատակութեան արժանի թանգարանների, ուր կը պահուեն բաւական թւով զանազան ձեռագրեր [3]:

Ժամանակակիցներից մէկը, խօսելով 1890-ական թթ. Բաղէշի վանքերից Ամրտօլու (Ամլորդոյ) Ս. Յովհաննէսի անմխիթար վիճակի մասին, կիսահեգնական նշում է, որ երբեմնի եպիսկոպոսանիստ և պատուական այդ սրբավայրի մէջ «այժմ կ’ապրին կորեկ ուտելով զառամած պառաւ մը և գիւղացի ծառայ մը» [4]: Մէկ այլ հեղինակ դառնութեամբ արձանագրում էր, որ Բաղէշի վանքերը «մէյմէկ չիֆթլիք [մասնաւոր կալուածք, ագարակ (թուրքերէն) – Ռ. Թ.] են քանի մը ջոջերու ձեռքին տակ» [5]:

Կանգուն վանքերին կառավարում էին հոգաբարձութիւնները, որոնք նշանակում էին վանքը տնօրինող հոգևորական-«վանահայր» կամ, յարմար հոգևորականի բացակայութեան դէպքում, որևէ աշխարհիկ անձ, հոգում էին վանքի եկամուտներն ու ծախսերը, ձեռնարկում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ և այլն [6]:

1898-1900 թթ. շրջանառութեան մէջ դրուեց Բաղէշ քաղաքի շրջակայքի չորս վանքերը ընդհանուր միասնական կառավարման մէջ ընդգրկելու առաջարկը, ինչը հնարաւորութիւն կտար աւելի արդիւնաւէտ կառավարել վանքապատկան կալուածքները: Այդ նպատակով անգամ սահմանուեց միասնական վանքերի փոխ-վանահայրի պաշտօն, որին նշանակուեց Եզրաս վարդապետ Սաչլեանը: Սակայն ծրագիրն այդպէս էլ ամբողջովին կեանքի չկոչուեց` վանքերի հոգաբարձութիւններում ազդեցութիւն ունեցող և վանքերը սեփական կալուածքների վերածած երևելիների դիմադրութեան հետևանքով [7]:

Բաղէշի վանքերը պարբերաբար ենթարկուել են քրդերի յարձակումներին: Դրանք նաև կողոպտուել և աւերուել են աբդուլհամիդեան ջարդերի ժամանակ [8]:

Ստորև անդրադառնանք Բաղէշի թեմի առաւել կարևոր վանքերին՝ առանձին:

Կանգուն (գործող) վանքեր

Խնդրակատար Ս. Աստուածածին

Վանքը գտնւում էր Բաղէշ քաղաքից հարաւ-արևմուտք` 2 կմ հեռաւորութեան վրայ, Ամպ հայաբնակ գիւղի մօտ ձորակի մէջ` շրջապատուած գեղեցիկ և առողջ բնութեամբ [9]: Ըստ աւանդութեան` վանքի հիմնադիրը Թադէոս առաքեալն է: Պատմւում էր, որ առաքեալը, մենաստաններ հիմնադրելով, հասնում է Բաղէշ` Խնդրակատար Ս. Աստուածածին վանքի տեղը: Փափագ ունենալով այստեղ ևս վանք հիմնադրելու, նա բացականչում է. «Երանի՜ թէ երկրիս վրայ 1001 եկեղեցիներ շինելէս ետքը մեռնէի»: Այս խօսքերի վրայ յանկարծ մեծ ամպ է գոյանում, որից լսւում է. «Խնդիրքդ ընդունուեցաւ»: Սրանով գիւղի անունը «Ամպ» և վանքի անունը «Խնդրակատար» է կոչւում [10]:

«Խնդրակատար»ը XIX դարի երկրորդ կէսին համարւում էր Բաղէշի ամենաշէն վանքը: Վանքի 1870 թ. վերանորոգուած [11] գլխաւոր եկեղեցին նկարագրւում է որպէս փոքրիկ, բայց փայլուն, շքեղ ու գեղեցիկ, գմբէթը` աննման [12]: Վանքին կից կային 30-ից աւել քարաշէն երկյարկ կացարաններ վանականների և ուխտաւորների համար [13]:

1881 թ. յուլիսին վանքում բացուել է գիշերօթիկ դպրոց, որտեղ ուսում էր ստանում 12 որբ և աղքատ գիւղացի տղայ [14]: Վանքում որբանոց է գործել նաև 1895-ի աբդուլհամիդեան ջարդերից յետոյ [15]: 1880-87 թթ. վանքում իրականացուած լայնածաւալ շինարարական աշխատանքների շնորհիւ նաև կառուցուել է գիշերօթիկ դպրոցի համար նախատեսուած առանձին երկյարկանի շէնք [16]:

Վանքի թեմական պատկանելութեան տակ էր գտնւում 5 հայաբնակ գիւղ [17]:

Վանքապատկան տնտեսութիւնը 1878 թուականին ներառում էր 40 արտավար հող, 90 ոչխար, 45 գառ, 10 եզ, 7 կով, 6 աւանակ և այլն: Վանքի տարածքում կային մարագ, ախոռ, տնտեստուն և այլ տնտեսական շինութիւններ: Բացի դրանցից, վանքին էր պատկանում 20 խանութ-կրպակ և 4 եկամտաբեր տուն Բիթլիս քաղաքում: Վանքն ունէր վանահայր (Եղիշէ վարդապետ Մեսրովբեան), սակայն զուրկ էր կանոնաւոր միաբանութիւնից (1890-ական թթ. վերջերին վանքի վարումն արդեն վստահուած էր քահանայի [18]): Վանքապատկան տնտեսութիւնում աշխատում էր 15-18 մշակ: Տարեկան եկամուտը կազմում էր 15000 դահեկան, որն ուղղւում էր քաղաքի կրթական հաստատութիւնների ծախսերը հոգալու վրայ [19]:

Խնդրակատարի վանքը սիրուած ուխտատեղի էր. ուխտի օրն էր Համբարձման տօնը [20]:

Ամրտօլու (Ամլորդոյ) Ս. Յովհաննէս

Վանքը յայտնի էր նաև Ամրդօլի, Ամլորդւոյ, Ամիրդօլու անուններով: Անուան ծագումը կապւում է Ամրտօլու (Ամիրդօլ) կամ Ամիրդօվլաթ վարդապետի հետ, ով, ըստ աւանդութեան, վանքի հիմնադիրն էր կամ վերաշինողը [21]:

Գտնուել է Բաղէշ քաղաքից դէպի հարաւ` 1.5 կմ հեռաւորութեան վրայ` գեղատեսիլ վայրում [22]: Վանքի մասին առաջին յիշատակարանային տեղեկութիւնը XV դարի առաջին կէսից է [23]: Վանքի առաւել ծաղկման շրջանը XVI-XVII դարերն են, երբ այն դարձել էր Հայաստանի հոգևոր-մշակութային և կրթական կարևոր կենտրոններից մէկը: Այդ ժամանակ վանքում գործել է դպրոց, որտեղ, բացի աստուածաբանութիւնից, դասաւանդւում էին փիլիսոփայութիւն, ճարտասանութիւն, քերականութիւն, մանրանկարչութիւն, որմնանկարչութիւն և այլն:

Վանքի առաջնորդ Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ (վախճանուել է 1704-ին) վանքն ունէր «ԽԵ (45) միաբան, որից՝ Խ (40) կարդացող, Ե (5) տնտես և մշակ»: Դպրոցում դասաւանդուող գիտութիւններին անուանի վարդապետը աւելացրել է նաև պատմական մատենագրութիւնը, որը գտնուել է իր մասնաւոր հետաքրքրութեան ոլորտում: Վարդան Բաղիշեցին իր ճանապարհորդութիւնների ընթացքում տարբեր մենաստաններ այցելելիս, յատկապէս փնտրել և ձեռք է բերել պատմագիտական երկեր պարունակող հին ձեռագրեր, դրանք նորոգել տուել և (կամ) յանձնել ընդօրինակման, ինչի շնորհիւ պահպանուել և մեզ է հասել, մասնաւորապէս, V դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Հայոց պատմութիւնը» [24]:

Ամրտօլու վանքի դպրոցի նշանաւոր սաներից էին ծնունդով Բաղէշից, 1715-1741 թթ. Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Յովհաննէս Կոլոտը և 1715-1749 թթ. Երուսաղէմի Հայոց պատրիարք Գրիգոր Շղթայակիրը [25]:

Վարդան Բաղիշեցու մահից յետոյ վանքը կորցրել է իր կրթա-մշակութային նշանակութիւնը` շարունակելով, սակայն, մնալ թեմի առաջնորդի նստավայրը [26]:

Վանքի հիմնական եկեղեցին ընդարձակ, կամարաշէն և գմբէթաւոր էր: Ունէր 10,5x14 մետր ներքին տարածութիւն երկու կարգ երեքական սիւների վրայ բարձր կամարներով, որոնց վրայ գտնւում էր կաթողիկէ (զանգակատուն): Նկատելի էին եկեղեցու որմերի վրայ քանդակած զանազան զարդերը, բազմազան խաչերը և դռների, խաչակալների ու եպիսկոպոսական աթոռի վրայ եղած գեղեցիկ ձեռագործները [27]:

Բեմի աջակողմը զետեղուած էր քար, վրան քանդակած մեծ խաչով, որն ըստ աւանդութեան օծել է Թադէոս առաքեալը: Տաճարի ներսում էին գտնւում XVII-XVIII դարերում Ամրդոլու վանքի առաջնորդներ Բարսեղ վարդապետ Աղբակեցու և Վարդան վարդապետ Բաղիշեցու գերեզմանները [28]:

Վանական համալիրն ընդգրկում էր առաջնորդի և վանականների բնակութեան համար նախատեսուած սենեակներ:

1870-ական թթ. երկրորդ կէսին վանքն ունէր 2000 դահեկան եկամուտ քաղաքում գտնուող 4 կրպակ-խանութից և 1 ջրաղացից [29]: 1890-ական թթ. երկրորդ կէսին վանքին էր պատկանում արդէն 25 խանութ [30]: Վանքի թեմական ենթակայութեան տակ էր գտնւում 8-10 հայաբնակ գիւղ [31]:

Հաւանաբար, 1880-ական թթ. վանքը դադարել է գործող մենաստան լինելուց` անցնելով թաղական հոգաբարձութեան խնամատարութեան տակ և սկսելով գործածուել որպէս եկեղեցի [32]:

Վանքում կար մատենադարան, որտեղ պահւում էին բազմաթիւ ձեռագրեր [33]:

1890-ական թթ. վերջերին վանքն արդէն նորոգութեան կարօտ էր [34]:

Վանքին մեծ աւերածութիւններ է պատճառել 1907 թ. մարտի 16-ին Բաղէշում տեղի ունեցած երկրաշարժը: Ինչպէս նշում է Բաղէշի թեմի առաջնորդական փոխանորդ Բարսեղ քահանայ Սարգսեանը Մկրտիչ Ա . Խրիմեան կաթողիկոսին հասցէագրուած 1907 թ. մայիսի 22-ի նամակում, մենաստանը «ի հիմանց քայքայուած` բոլոր շէնքերով կործանման վիճակին ենթակայ եղած է, այս փառաւոր սրբավայրին այժմու զգեցած սրտաճմլիկ, տխուր պատկերը տեսնելով, չէ կարելի չողբալ, չարտասուել, և եթէ ի մօտոյ անմիջական նորոգման օգնութեան մը ձեռնտուութիւն չի լինի, ձմեռ մը վրայ անցնելով անտարակոյս անդարմանելի աւերակ մը պիտի դառնայ, ուր ողբերգու բուերու վայիւնն ևեթ պիտի լսուի» [35]:

Գոմոց Ս. Աստուածածին

Յայտնի էր նաև ԳոմացՍ. Աստուածածին անունով: Կրում էր նաև Տատրաբնակ, Տատրկայվանք անունը` շրջակայքում այդ թռչունների տարածուածութեան համար [36]: Գտնւում էր Բաղէշ քաղաքից դէպի հիւսիս-արևմուտք` լեռներով շրջապատուած հովիտում` գեղեցիկ ձորակի եզրին, ջրաշատ և ծառախիտ վայրում [37]:

Վանքի մասին առաջին յիշատակութիւնը վերաբերում է XV դարին [38]: Ինչպէս և Բաղէշի այլ վանքերը, Գոմոց Ս. Աստուածածինը ևս ծաղկում է ապրել XVI-XVII դարերում, երբ այնտեղ գործել է մատենադարան և ընդօրինակուել են բազմաթիւ ձեռագրեր [39]: Վանքի եկեղեցու շէնքը նկարագրւում է որպէս փոքր, սակայն հոյակապ, գմբէթաւոր և սիրուն [40]: Ըստ աւագ դռան վրայ փորագրուած յիշատակարանի` այն 1681 թուականին հիմնովին վերանորոգել է վանահայր Մեսրոպ վարդապետը, ով նաև Բաղէշի թեմի («Աղձնեաց երկրի») առաջնորդն էր [41]:

1878-ին Գոմոց վանքն ունէր 20 արտավար հող և 1 խանութ, որոնցից գոյանում էր 8.000 դահեկան եկամուտ, ինչպէս նաև 9 եզ, 4 կով, 3 աւանակ, 4 երինջ, 2 արջառ և 20 ոչխար, որոնցից տարեկան գոյանում էր 10-15 հազար դահեկան եկամուտ: Վանքում կար 10 մշակ, որոնք հետևում էին վանքապատկան տնտեսութեանը: Վանքի թեմական պատկանելութեան տակ էին գտնւում 8-10 հայաբնակ գիւղեր [42]:

1870-ական թթ. վերջերին վանահայրը Վարդան վարդապետն էր [43]: 1893 թ. յիշատակւում է վանքի քահանայ Սիմէոնը, որի որդին հինգ ամիս բանտարկուել էր հայերէն արգելուած գրականութիւն պահելու և տարածելու համար [44]:

1890-ական թթ. երկրորդ կէսին վանքում գործում էր գիշերօթիկ դպրոց-որբանոց, որի ծախսերը հոգում էր բաղէշցի մեծահարուստ Ղարիպճան աղա Շողիկեանը: Նա վերանորոգել է եկեղեցին, նաև կառուցել մի քանի նոր շինութիւններ, վերակառուցել հները [45], ինչի շնորհիւ 1890-ական թթ. վերջերին վանքը նկարագրւում էր որպէս նորաշէն, փոքր ու գեղեցիկ [46]:

Աւեխի Ս . Աստուածածին (Ս. Թադէոս առաքեալ)

Յայտնի էր նաև Ս. Թադէի վանք Աւեխի, Աւեխու վանք, Աւէր Ս. Աստուածածին անուններով: Գտնւում էր քաղաքից մօտ 2.5 կմ դէպի հարաւ-արևելք: 

Վանքը յիշատակւում է XV դարից [47]: Ծաղկում է ապրել յատկապէս XVII դարի վերջերին - XVIII դարի սկզբներին` Վարդան Բաղիշեցի վարդապետի և նրա աշակերտ Ներսէս Բաղիշեցու օրօք [48]:

XIX դարի վերջերին վանքի գլխաւոր եկեղեցին նկարագրւում էր որպէս նսեմ, անշուք ու կիսաւեր, բայց նաև սիրուն և ճարտարուեստ [49]: Խարխուլ էին նաև վանականների կեցութեան համար նախատեսուած սենեակները: Վանքային համալիրն ընդգրկում էր «փոքր, սիրուն ու քարաշէն, բայց անզարդ ու անմաքուր» մատուռ և սրան առընթեր մատուռիկ, որը առաջնորդարանը փոխանցել էր Բաղէշի ասորիներին` այնտեղ եկեղեցական արարողութիւններ անցկացնելու համար [50]:

Վանքապատկան տնտեսութիւնը 1878 թուականին ընդգրկում էր 60 արտավար հող, 4 աւանակ, 20 ոչխար, 3 եզ, 2 կով, որոնցից գոյանում էր տարեկան 8000 դահեկան եկամուտ: Կար 8 մշակ: Վանահայրը Պօղոս շուշտակ վարդապետն էր [51]:

1890-ականների երկրորդ կէսին վանքում այլևս չի յիշատակւում որևէ հոգևորական: Վանքապատկան կալուածների կառավարումը յանձնուած էր աշխարհական գիւղացիի և մի քանի մշակների ու տնտեսների [52]:

Վանքի թեմական պատկանելութեան տակ էր գտնւում 14 գիւղ [53]:

Վանքի հարևանութեամբ գտնւում էին Թադէոս և Թովմաս (ըստ այլ հեղինակի` Թադէոս և Բարդուղիմէոս) առաքեալների անուններով զոյգ աղբիւրներ, որոնք յայտնի էին իրենց ամենաբոյժ յատկութիւններով և ուխտատեղի էին, յատկապէս, բարեպաշտ կանանց համար [54]: Ըստ ժողովրդային աւանդութեան` հին ժամանակներում այս աղբիւրների ջրից ու կողքի հողից պատրաստուած ցեխն ամբողջ մարմնին քսելու միջոցով բորոտութիւնից է բժշկուել մի աղջիկ, ինչից և վանքը ստացել է իր Ավեխ անունը (կազմուած է քրդերեն «ջուր» (av) և «հող» (akha) բառերից) [55]:

Տատիկի Ս. Աթանագինէ

Յայտնի էր նաև Մոճկոնից վանք, Աթանագինէի վանք անուններով: Գտնւում էր Բիթլիս քաղաքից մոտ 35 կմ դէպի հարաւ-արևելք` Տատիկի գիւղախմբի Մաճկոնք (Մոճկօնիս) գիւղի մօտակայքում` հիւսիսային կողմը, սարաւանդի վրայ [56]:

XIX դարի երկրորդ կէսին վանքը կանգուն, սակայն լքուած վիճակում էր. «Եկեղեցի նորա մատրանաչափ, և զուրկ ի միաբանից և ի բնակարանաց. չիք նորա թեմ և ոչ մի»,– նշում է վանքն այցելած ժամանակակիցներից մէկը [57]:

1890-ականներին վանքը նորից յիշատակւում է որպէս կանգուն, բայց անտէր ու ամայի, տաճարն ու մի քանի սենեակները` քայքայման վիճակի հասած: Վանքում էին պահւում մի քանի ձեռագիր եկեղեցական մատեաններ, որոնք թողնուած էին «շատ անխնամ վիճակի մէջ» [58]:

Վանքին էին պատկանում վարելահողեր, արօտավայրեր, ընդարձակ մարգագետին, անտառ և ջրաղացներ, որոնք օգտագործում էին Մաճկոնքի գիւղացիները [59]:

Պոռի Ս. Յովհաննէս վանք (լուսանկարիչ՝ Ճորճ Աղճայեան):

Պոռի Ս. Յովհաննէս

Կոչուել է նաև Ս. Նարեկ կամ Նարեկացւոյ վանք, քանի որ, ըստ աւանդութեան, որոշ ժամանակ այնտեղ է բնակուել Գրիգոր Նարեկացին [60]: Գտնւում էր Բաղէշ քաղաքից մօտ 6-7 կմ դէպի հարաւ-արևելք` Պոռ գիւղի մօտակայքում: Եկեղեցին գմբէթաւոր էր, նկարագրւում է որպէս քարակոփ (կոփածոյ ամուր քարերով շինուած), փոքրիկ, սակայն գեղեցիկ [61]:

1870-ական թթ. վանքը զուրկ էր վանահայրից և միաբաններից: Վանքը խնամում էր Պոռ գիւղի քահանայ տէր Յարութիւնը, որը վանքի արտերն օգտագործելու դիմաց ձրի հովւում էր շրջակայքի հայաբնակ բնակավայրերը: Վանքապատկան տնտեսութիւնում կային 59 ոչխար, 12 եզ և կով, նոյնչափ գառ ու հորթ և այլն [62]:

Ծապրկորի Ս. Կարապետ

Գտնւում էր Բաղէշի մերձակայ Ծապրկոր կամ Մապրկոր թաղամասում` քաղաքից մօտ 3 կմ դէպի հիւսիս-արևելք: 1870-ական թթ. վերջերին կիսաւեր վիճակում էր, «միայն եկեղեցւոյ տաճար որ շատ հին ձևով մը շինուած է – և իւր առջևի գաւիթ կիսակործան մնացել են»,– նշւում է վկայութիւններից մէկում [63]:

Տրդատ եպս. Պալեանի հաղորդմամբ` վանքի «փոքրիկ տաճարը մինչեւ ցայսօր (1890-ական թթ. վերջ – Ռ. Թ.) կանգուն մնացած ըլլալով, եղած է ուխտատեղի, ուր կ’դիմեն միշտ բարեպաշտ ուխտաւորք, եւ ամէն Կիրակի օրեր ալ տեղւոյն ժամկոչը կ’փութայ ծխելու համար խունկը» [64]:

Մենաստանի հողերը իւրացրել էր քաղաքի մուֆտին (մուսուլման հոգևորական) [65]:

Թեղուտի Ս. Յովհաննէս

Վանքը գտնւում էր Խլաթի գաւառակում` Խլաթ քաղաքից մօտ 20 կմ դէպի հարաւ-արևմուտք, Նեմրութ լեռան արևելեան ստորոտին: Առանձնանում էր իր գեղեցիկ դիրքով և դէպի Վանայ լիճ հիանալի տեսարանով. «Վանայ ծովն ու կղզիներ, Մոկաց, Շատախու, Ոստանայ և Վարագայ լեռներն ամենն ալ շարան-շարան յիւր աչից առաջն ունի, ... կը նստի իբրև թագուհի մենաստանաց, կաղամուխ, բարդի ու թեղողի երկնաբարձ անտառի մէջ, որ յիւր անմահ շուքն կրկնապատկէ»,– գրում է 1878 թուականին վանքն այցելած Արիստակէս վարդապետ Տևկանցը [66]:

Վանական համալիրը բացի գլխաւոր եկեղեցուց ընդգրկում էր հնաշէն և տձև մատուռ, երկյարկանի հիւրատուն` 8-10 սենեակներով, առաջնորդարանի շէնք, մարագ և այլ շինութիւններ [67]:

Վանքը ծաղկում է ապրել XVI դարի վերջերին Ատոմ վանահօր օրօք (մեզ են հասել այդ ժամանակ վանքում կրկնօրինակուած ձեռագրեր) [68]:

XIX դարի վերջերին - XX դարի սկզբներին Թեղուտի Ս. Յովհաննէսը Բաղէշի թեմի` կանոնաւոր միաբանութիւն ունեցող միակ վանքն էր: 1878 թ. վանքում էր ապրում 23 միաբան, մշակ, հովիւ և պահապան: Վանքապատկան տնտեսութիւնն ունէր մօտ 200 ոչխար, 25 եզ, 18 կով, 4 գոմէշ, 16 արջառ, 9 աւանակ, 2 ձի և այլն [69]: Վանահայրն էր Ղազար վարդապետը (Փամբուխ քոսա մականունով)՝ 113 տարեկան մի ծերունի, ով «դողդոջուն և համր կը կենայ վանուց մի անկիւնը, սակայն խօսքով, հրամանով և յիւր երիտասարդութեան գտած ազդեցութեամբն կարող կը լինի, ըստ օրինի, կառավարել զվանս և զպարագայսն» [70]:

Ցեղասպանութեան նախօրեակին վանահայրն էր Համազասպ վարդապետը [71]:

Մատնավանքի Ս. Աստուածածին

Յայտնի է նաև Մատնէվանք անունով: Գտնուել է Խլաթ քաղաքից մօտ 3-4 կմ դէպի հիւսիս-արևմուտք` Մատնավանք և Խարապաշար բնակավայրերի մօտակայքում [72]: Ըստ աւանդութեան` կառուցել է Թադէոս առաքեալը այն տեղում, որի վրայ մատով ցոյց է տուել երկնքից հրեշտակը (սրանից էլ ծագում է վանքի անունը) [73]:

Վանքի մօտ կար Դիւակուլ կոչուող խաչաքանդակ քարաժայռ, որի տակից բխում էին սառնորակ աղբիւրներ [74]:

Պահպանուել են վանքում XV-XVII դարերում կրկնօրինակուած ձեռագրեր [75]:

XIX դարի վերջերին - XX դարի սկզբներին վանքի վերաբերեալ տեղեկութիւնները քիչ են: Հաղորդւում է, որ այն կանգուն էր (շէն), սակայն, ըստ երևոյթին, զուրկ միաբաններից [76]:

Լքուած և աւերակ վանքեր

Ս. Յեզտիբուզտի (Ս. Յիզտիբուզիտ) [77] վանք

Գարեգին վրդ. Սրուանձտեանցի բնորոշմամբ`սիրուն և ծովատես [78] այս վանքը գտնուել է Բաղէշ քաղաքից մօտ 20 կմ դէպի հարաւ-արևելք` Վանայ լճին մերձակայ հայաբնակ Թուխ գիւղի մօտակայքում:

Վանքը XIX դարի կէսերին արդէն լքուած և կիսաւեր վիճակում էր: Եկեղեցին նկարագրւում է որպէս համակ քարաշէն, գեղեցիկ և հինգխորանեան անարատ: Եկեղեցուն կից գտնուել է քարաշէն կիսաւեր մատուռ: Վանքը շրջապատուած է եղել կիսափուլ պարսպով [79]:

Վանքի հողերը անցել էին Թուխի գիւղացիների ձեռքը, որոնք դրանք մշակում էին իբրև իրենց սեփականը [80]:

Անանիա առաքելոյ վանք 

Վանքը յիշատակւում էր նաև Ս. Զօրաւորի, Ս. Գէորգայ անուններով: Գտնւում էր Ամիրդօլի Ս. Յովհաննու վանքի մօտ [81]: Վանքը ծաղկում է ապրել XV-XVI դարերում, երբ այնտեղ գործել է մատենադարան և ընդօրինակուել են ձեռագրեր [82]:

Ս. Յովհաննէսի վանք

Գտնուել է Բաղէշից մօտ 20 կմ դէպի հիւսիս-արևելք գտնուող Էրուն (Սարակէօլէ) հայաբնակ գիւղի մօտ: XIX դարի երկրորդ կէսին լքուած և աւերակ վիճակում էր [83]:

Ս. Գէորգայ վանք

Գտնուել է Բաղէշ քաղաքից մօտ 15 կմ դէպի արևմուտք` Մոտկանի Դրձինք (Որձէ՞նք) [84] գիւղի մօտ: 1890-ական թթ. կէսերին կանգուն էր, սակայն ամայի: Վանքի հարևանութեամբ կային 200-ից աւելի ընկոյզի ծառեր: Վանք ուխտի գնացողները հաւաքում և ուտում էին ընկոյզը միայն տեղում. այն իրենց հետ տուն չէին տանում, քանի որ, ըստ հաւատալիքի, տանողի տունը կարող էր դժբախտութիւն տեղի ունենալ [85]:

Ս. Դանիէլի վանք

Գտնուել է Մոտկանի Աշպներ (Ասպընջեր) գիւղի մէջ: XIX դարի վերջերին յայտնի ուխտատեղի էր [86]:

Ս. Կիրակոսի վանք

Գտնուել է Մոտկանի Գղեխ գիւղի մօտ: XIX դարի վերջերին հռչակաւոր ուխտատեղի էր: Վարդավառի տօնին այնտեղ էին հաւաքւում և մատաղ մատուցում ոչ միայն հայեր, այլև քրդեր [87]:

Ծղակայ Ս. Աստուածածին

Գտնուել է Խլաթի գաւառակի Ծղակ հայաբնակ բնակավայրի մօտ: Պահպանուել են XV-XVI դարերում վանքում կրկնօրինակուած երկու ձեռագիր Աւետարաններ [88]:

XIX դարի վերջերին վանքը կանգուն էր, սակայն ամայի: Վանքապատկան հողերը մշակում էին գիւղացիները [89]:

Մուսկայ (Յուսկայ) վանք

Գտնուել է Խլաթի գաւառակի Ջրհոր բնակավայրի մօտ: XIX դարի վերջերին կիսափուլ վիճակում էր, ծառայում էր որպէս ուխտատեղի [90]:

Գէորգայ վանք 

Գտնուել է Խլաթի գաւառակի հայաբնակ Շամիրամ բնակավայրի մօտ: XIX դարի վերջերին կանգուն, սակայն լքուած վիճակում էր [91]:

Շէխիս վանք

Գտնուել է Բաղէշ քաղաքի մօտակայքում (յստակ տեղակայումը տրուած չէ): 1890-ական թթ. վերջերին վաղուց ամայացած ու աւերակ վիճակում էր: Յաճախ յիշատակւում է իր հարևանութեամբ գտնուող, նոյնպէս աւերակ Ս. Սիոն վանք-եկեղեցու հետ միասին [92]:

Բաղէշի թեմի եկեղեցիները

Բիթլիս (Բաղէշ) քաղաքի եկեղեցիները

XIX դարի վերջերին - XX-րդ դարի սկզբներին Բաղէշ քաղաքը բաղկացած էր չորս թաղերից, որոնք գտնւում էին իրարից անջատ` մօտ 1,5-2 կմ հեռաւորութեան վրայ: Հիւսիսային կողմում էր տեղակայուած Թաղի գլուխ թաղը, արևելեան կողմում` Ծապրկորու թաղը, հարաւ-արևելքում` Աւերմէյդան թաղը և հարաւ-արևմուտքում` Գոմաց կամ Տաշ Մահալլէ թաղը [93]: Թաղերում հայերն ու մուսուլմանները խառն էին բնակւում` Թաղի գլուխ և Աւերմէդան թաղերում հայերի որոշակի գերակշռութեամբ [94]:

XIX դարի երկրորդ կէսին - XX դարի սկզբներին Բաղէշում կար հայկական չորս գործող եկեղեցի: Թաղի գլուխ թաղում էր գտնւում Կարմրակ Ս. Նշանը, Ծապրկորու թաղում` Ս. Սարգիս ու Հինգխորան Ս. Աստուածածին եկեղեցիները և Աւերմէյդան թաղում` Ս. Գէորգը: Գոմաց թաղն առանձին թաղական եկեղեցի չունէր. թաղի հայերը յաճախում էին Ամրտօլու (Ամլորդոյ) Ս. Յովհաննէս վանքի եկեղեցին, որը տեղակայուած էր թաղի սահմաններում [95] (այդ պատճառով որոշ հեղինակներ Ս. Յովհաննէսը ներառում են Բաղէշի եկեղեցիների ցանկում` հաշուելով քաղաքում հինգ եկեղեցի [96]): Թեմական առաջնորդի նստավայրը սկզբնապէս Ամրտօլու վանքն էր, սակայն 1870-ական թթ. վերջերին առաջնորդանիստը տեղափոխուեց Կարմրակ Ս. Նշան եկեղեցի [97]:

Քաղաքի եկեղեցիները նկարագրւում էին որպէս «հաստատուն և բաւական գեղեցիկ» և «լաւ կահաւորուած» [98]:

Եկեղեցիների հասոյթները գոյանում էին նուիրաբերուած (կտակուած) խանութներից ու եկամտաբեր շէնքերից, եկեղեցական արարողութիւնների ժամանակ հաւաքուած գումարներից, եկեղեցական ծառայութիւնների (մկրտութիւն, հոգեհանգստեան կարգ և այլն) դիմաց վճարներից:

Կարմրակ Ս. Նշան (Ս. Կիրակոս)

Կարմրակ Ս. Նշան եկեղեցին Բաղէշի թեմի առաջնորդանիստ եկեղեցին էր: Նորոգուել էր 1845 թ.: Շէնքը փոքր գմբէթով պսակուած, վեց սիւների վրայ հաստատուած միանաւ բազիլիկ տիպի էր` շինուած կակուղ, սրբատաշ, քառակուսի քարերով [99]:

Եկեղեցին յայտնի էր նաև Ս. Կիրակոս անունով, ինչը նրա սկզբնական անունն էր: Կարմրակ Ս. Նշան վերակոչուելու պատճառը այնտեղ Քրիստոսի խաչափայտից մասունքի պահուելն էր, որն ամփոփուած էր փոքրիկ, քառակուսի արծաթէ տուփի մէջ` զարդարուած թանկարժէք կարմիր քարով: Ըստ ժողովրդի մէջ շրջանառուող աւանդազրոյցի, քարը կարմիր գոյն էր ստացել Քրիստոսի արիւնով ներկուելու պատճառով: Մասունքն այնքան էր յարգւում, որ անգամ տեղացի քրդերն ու թուրքերն էին երդւում «Կարմրակ Հախի իչուն»` Կարմրակի աստծոյ արիւնով [100]:

Եկեղեցում էր պահւում նաև Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը [101]:

1890-ական թթ. եկեղեցուն էին պատկանում 10 եկամտաբեր տուն և 7 խանութ, որոնցից տարեկան գոյանում էր 80-100 ոսկի հասոյթ [102]:

Ցեղասպանութեան նախօրեակին եկեղեցու հովիւն էր Խաչատուր քահանայ Տէր-Յակոբեանը [103]:

Ս. Սարգիս

Գտնուել է քաղաքի Ծապրկոր թաղամասում` շուկայի հրապարակում [104]:

Ս. Սարգիս եկեղեցու աւագ սեղանի տակից առատ և անուշ ջուր էր բխում և ստորերկրեայ ջրմուղներով բաժանւում էր քաղաքի զանազան թաղերի մէջ [105]:

Ցեղասպանութեան նախօրեակին եկեղեցու հովիւն էր Գէորգ քահանայ Տէր-Գէորգեանը [106]:

Հինգխորան Ս. Աստուածածին

Գտնւում էր Ս. Սարգիս եկեղեցու դիմացը` 200 մետր հեռաւորութեան վրայ [107]: Ունէր երկուական խորաններ կենտրոնական խորանի աջ և ձախ կողմերում, ինչից էլ ստացել է իր անունը [108]: Նկարագրւում է որպէս փոքրիկ և ճաշակաւոր [109]:

Ցեղասպանութեան նախօրեակին եկեղեցու հովիւն էր Մկրտիչ քահանայ Տէր-Գէորգեանը (Ս. Սարգիս եկեղեցու քահանայ Գէորգ Տէր-Գէորգեանի եղբայրը) [110]:

Ս. Գէորգ

Գտնւում էր Բաղէշի Աւերմէյդան-Հայնոց թաղամասում [111]: Չափսերով մեծ էր, ինչի պատճառով նրա հասոյթները հազիւ էին գոհացնում խնամքի ծախսերին [112]:

Ցեղասպանութեան նախօրեակին Ս. Գէորգ եկեղեցու քահանաներն էին Ղևոնդ Պահլաւունին և Մովսէս Կիւլկէզեանը [113]:

Բաղէշի թեմի հայաբնակ գիւղական բնակավայրերի եկեղեցիները

Ստորև ներկայացնում ենք Մեծ եղեռնի նախօրեակի դրութեամբ Բաղէշի թեմի հայաբնակ բնակավայրերի եկեղեցիների մասին տեղեկութիւններ: Տուեալ բնակավայրի հայերի և եկեղեցիների թիւը տրւում է ըստ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ Բաղէշի թեմական իշխանութիւնների՝ 1913 թուականին կազմած վիճակացոյցի տուեալների [114]: Եկեղեցիների անունները տրւում են ըստ 1878 թ. Արիստակէս վարդապետ Տևկանցի կազմած ցուցակի [115], 1903 թ. Ընդարձակ օրացոյցում զետեղուած ցուցակի (քաղուած է Կ. Պոլսի պատրիարք Մաղաքիա արք. Օրմանեանի հրահանգով 1902 թ. բոլոր թեմերում անցկացուած հաշուառման ցուցակներից) [116], Թէոդիկի «Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին» գրքում ներկայացուած տուեալների (1915 թ.) [117] և այլ աղբիւրների: Այն դէպքում, երբ եկեղեցու անուան հարցում աղբիւրների տուեալները տարբերւում են, ներկայացնում ենք բոլորը` փակագծերում նշելով թուականը (1878 (Տևկանց), 1903 (Ընդարձակ օրացոյց) կամ 1915 (Թէոդիկ)):

Մոտկանի շրջանակի հայաբնակ գիւղերի [118] եկեղեցիների անունները ներկայացւում են ըստ Արիստակէս վրդ. Տևկանցի [119] և Վարդան Պետոյեանի [120] տուեալների:

Գիւղերը հովւող հոգևորականների անունները ներկայացւում են ըստ Թէոդիկի:

Բիթլիսի գաւառակ. Դատուանի շրջանի գիւղեր

Դատուանի շրջանը տարածւում էր Բաղէշ քաղաքից դէպի արևելք և հիւսիս-արևելք` ընդգրկելով մինչև Վանայ լիճն ընկած հայաբնակ բնակավայրերը:

Ալամէք

4 տուն, 28 շունչ:
Եկեղեցի` Ս. Կարապետ (1903 թ.) կամ Ս. Սարգիս (1878 թ., 1915 թ.):

Աղքձոր

9 տուն, 53 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս (1903 թ.):

Բաբշէն

50 տուն, 490 շունչ:
Եկեղեցի` Ս. Յարութիւն (1881 թ.) [121] կամ Ս. Ամենափրկիչ-Ս. Յարութիւն (1915 թ.): Երէց` Մարգար քահանայ Կարապետեան:
Գիւղի արևելեան կողմում էր գտնւում «Լուսապտուղ Սուրբ Սահակ» ուխտավայր-մատուռը, «ուր շարունակ աչաց ցաւ ունեցողները կը յաճախեն և իրենց բարեպաշտութեամբ շատ անգամ բժշկութիւն կը գտնեն» [122]:

Դատուան

135 տուն, 1298 շունչ:
Դատուանը գտնւում էր Վանայ լճի արևմտեան ափին և նշանաւոր էր իր նաւահանգստով, որի միջոցով ապահովւում էր Վան քաղաքի հետ հաղորդակցութիւնը: Եկեղեցի` Ս. Թէոդորոս: 1880-ական թթ. սկզբներին նկարագրւում էր որպէս «անշուք, որոյ վիճակն այնչափ աննշան է» [123]: Յիշատակւում են նաև Ս. Սարգիս անունով եկեղեցին և հինգ աւերակ սրբավայրեր [124]: 1915-ին Ս. Թէոդորոսի երէցը Թադէոս քահանայ Տէր-Թադէոսեանն էր:

Թուխ

50 տուն, 349 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին: Գիւղի մօտակայքում էր գտնւում Ս. Յիզտիբուզտի վանքը:

Խախռև

39 տուն, 370 շունչ:
Եկեղեցի` Ս. Յակոբ Մծբնացի [125]:

Ծուար

20 տուն, 180 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս (1878 թ.) կամ Ս. Աստուածածին (1903 թ.): Գիւղի արևելեան կողմում գտնուել է «Աւագ խաչ» անունով ուխտատեղին [126]:

Կամախ

49 տուն, 423 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Ստեփանոս (1881 թ.) [127] կամ Ս. Քառասուն մանուկ (1903 թ., 1915 թ.): Երէց` Եղիշէ քահանայ Տէր-Մանուէլեան:

Մեզրէ

30 տուն, 155 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ (1878 թ.):

Պոռ

59 տուն, 524 շունչ հայ:
Եկեղեցի` Ս. Անանիա (1915 թ.) [128]: Երէց` Կիրակոս քահանայ Տէր-Կիրակոսեան: 

Ուրտափ

88 տուն, 584 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Գէորգ, Ս. Աստուածածին (1903 թ.):

Բիթլիսի գաւառակ. Փարխանդի շրջանակի գիւղեր

Փարխանդի շրջանը գտնւում էր Բաղէշ քաղաքից դէպի հարաւ` տարածուելով Բաղիշոյ ջուր գետի վերին աւազանի ձորահովիտներում:

Ամպ

7 տուն, 23 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ (1903 թ.): Գիւղի շրջակայքում յայտնի էր Ս. Յակոբ Տեառնեղբօր ուխտավայր-մատուռը [129]:

Խարթկող

11 տուն, 199 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ (1903 թ.):

Խմպլջուր (Խմելջուր)

15 տուն, 62 շունչ:
Եկեղեցի` Ս. Անտոն (1903 թ., 1915 թ.) [130]:

Կորվու Վերին

64 տուն, 527 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Մայր Աստուածածին, Ս. Յովհաննէս (1903 թ.) [131]: Երէց` Մարտիրոս քահանայ Գրիգորեան:

Կորվու Վարի

31 տուն, 235 շունչ:
Եկեղեցի`Ս. Հեղինէ [132]:

Հօրմզ (Հէօրմիւզ)

23 տուն, 130 շունչ:
Եկեղեցի` Ս. Քրիստափոր (1903 թ.):

Մարգորգ

28 տուն, 173 շունչ:
Եկեղեցի` Ս. Պօղոս-Պետրոս (1878 թ.) կամ Ս. Գէորգ (1881 թ., 1903 թ.):

Փարխանդ

40 տուն, 230 շունչ:
Եկեղեցի` Ս. Կիրակոս (1878 թ.) կամ Ս. Ատոմ (1903 թ.) [133]:

Պոռի Ս. Անանիա եկեղեցի (լուսանկարիչ՝ Ճորճ Աղճայեան):

Բիթլիսի գաւառակ. Ազնուաձորի (Գէօզալդարայի) շրջանակի գիւղեր

Ազնուաձորի կամ Գէօզալդարայի շրջանը գտնւում էր Բաղէշ քաղաքից դէպի արևելք` Վանայ լճի հարաւային լեռների ստորոտին:

Խարթ

10 տուն, 88 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ (1915 թ.):

Կարբ

56 տուն, 384 շունչ:
Եկեղեցի` Ս. Գրիգոր Լուսաւորիչ (1878 թ.) կամ Ս. Սիմէոն (1903 թ., 1915 թ.): Երէց` Սրապիոն քահանայ Մարտիրոսեան:
Եկեղեցում էին պահւում 15 ձեռագիր Աւետարաններ, արծաթապատ կողերով 4 տպագիր Աւետարաններ, ինչպէս նաև արծաթեայ 12 խաչեր [134]:

Կոտոմ (Կատոմ)

4 տուն, 39 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս (1903 թ.) [135]:

Հանդ

50 տուն, 321 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին (1878 թ.) կամ Ս. Ստեփանոս (1903 թ.):

Հօրձագ (Յորձուկ)

17 տուն, 56 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին (1878 թ.) կամ Ս. Խաչ (1903 թ.):

Նէլ

36 տուն, 232 շունչ:
Եկեղեցի` Ս. Յովհաննէս: Գիւղից դէպի հարաւ-արևելք գտնւում էին Ս. Յարութիւն վանքի աւերակները [136]:

Սագ

72 տուն, 406 շունչ:
Եկեղեցի` Թուխմանուկ (1878 թ.) կամ Ս. Գէորգ (1903 թ.):

Տաշտօփ

15 տուն, 100 շունչ:
Եկեղեցի` Ս. Յովհաննէս (1903 թ.):.

Տօփ

31 տուն, 224 շունչ:
Եկեղեցի` Ս. Կարապետ (1878 թ.) կամ Ս. Սարգիս (1903 թ., 1915 թ.): Երէց` Մեսրոպ քահանայ Մարգարեան:
Եկեղեցում էին պահւում 2-ական ձեռագիր Աւետարան և ձեռագիր բժշկարան, արծաթեայ 2 սկիհ, ոսկեայ խաչ և այլն [137]:

Բիթլիսի գաւառակ. Տատիկի շրջանակի գիւղեր 

Տատիկի շրջանն ընկած էր Բաղէշ քաղաքից դէպի հարաւ-արևելք` Հայկական Տաւրոսի (Թորոս) լեռների ստորոտին:

Խուլթիկ

490 տուն, 2598 շունչ:
Տատիկի ենթաշրջանի կենտրոնն էր: Եկեղեցի` Ս. Գէորգ (նկարագրւում է որպէս քարուկիր և մեծ [138]): Երէցներ` Յովհաննէս քահանայ Միհրանեան և Գէորգ քահանայ Տէր-Մարգարեան:

Ծղկամ

50 տուն, 277 շունչ:
Եկեղեցի` Ս. Թէոդորոս: Գիւղի շրջակայքում վկայուած է Ս. Աստուածածին կիսաւեր վանքը:

Կէլհօկ

30 տուն, 162 շունչ:
Եկեղեցի` Ս. Պետրոս (1878 թ.) կամ Ս. Գէորգ (1903 թ.):

Կէրխ (Կէխր)

20 տուն, 191 շունչ:
Եկեղեցի` Ս. Եղիշէ: Շէնքը նկարագրւում է որպէս նսեմ և գծուծ [139]: Ըստ Գարեգին եպս. Սրուանձտեանցի` գիւղի բնակիչները Ս. Եղիշէն օժտել են հրաշագործ յատկութիւններով` պատմելով. «Շատ զօրաւոր է մեր Ս. Եղիշէն, որ օգնութեան կը հասնի ամէն վտանգելոց, եւ թէ՛ յերազի, եւ թէ՛ բաց աչօք շատ անգամ կը տեսնամք զինքն. ... կարմիր ձիաւոր, զրահաւոր, ճերմակ մօրուք վարդապետ, ճգնաւոր» [140]:

Մոճկոնք

39 տուն, 292 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Գէորգ (1878 թ.) կամ Ս. Աստուածածին և Ս. Յովհաննէս (1903 թ.) կամ Ս. Աստուածածին (1915 թ.): 1915-ին Ս. Աստուածածին եկեղեցու երէցն էր Սիմոն քահանայ Տէր-Սիմոնեանը:

Ոստին

31 տուն, 224 շունչ:
Եկեղեցի` Ս. Լուսաւորիչ (1878 թ.) կամ Ս. Գէորգ (1903 թ.):

Պաս

60 տուն, 351 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Սարգիս (1878 թ.) կամ Ս. Գէորգ և Ս. Աստուածածին (1903 թ.):

Վանիկ

61 տուն, 380 շունչ:
Եկեղեցի` Ս. Խաչ (1878 թ.) կամ Ս. Գէորգ (1915 թ): Պաշտօնավարող երէցներ` Բարսեղ քահանայ Տէր-Բարսեղեան և Անանիա քահանայ Տէր-Մինասեան:

Սասիկ

28 տուն, 193 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս (1878 թ.), մատուռ` Ս. Աստուածածին (1878 թ., 1903 թ.):

Խլաթի գաւառակ

Խլաթի գաւառակը գտնւում էր Վանայ լճի հիւսիս-արևմտեան ափերին` ընդգրկելով Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Բզնունիք գաւառի տարածքի մի մասը: Գաւառակի հիւսիս-արևելեան սահմանի վրայ բարձրանում էր Սիփան լեռը, իսկ հարաւում գտնւում էին Գըրգուռ և Նեմրութ լեռները:

Ագրակ

21 տուն, 152 շունչ:
Եկեղեցի` Երեքխորան Ս. Աստուածածին:

Աղաղ

30 տուն, 270 շունչ:
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին գիւղի հայ բնակչութիւնը ամբողջութեամբ բողոքական էր:

Էրսոնք

42 տուն, 397 շունչ:
Եկեղեցի` Ս. Թէոդորոս: Երէց` Յովհաննէս քահանայ Տէր-Յակոբեան:

Թեղուտ

260 տուն, 1599 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Ստեփանոս և Ս. Գէորգ (Թէոդիկ յիշատակում է միայն Ս. Ստեփանոսը, որի պաշտօնավարող երէցներն էին Մկրտիչ քահանայ Պիւլպիւլեանը, Համազասպ քահանայ Ճէրոյեանը և Վարդան քահանայ Մանուկեանը):
Գիւղն ունէր վայելուչ շիրմաստան և «Ցասման Խաչ» անունով ցից խաչքարեր:

Խարապաշէհիր (Խարապաշար)

38 տուն, 210 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Աստուածածին, երէց` Գրիգորիս քահանայ Ժամհարեան, և Սուրբ Նիկողոս, երէց` Մովսես քահանայ Կարապետեան [141]:

Խուլիկ

68 տուն, 670 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս: Երէց` Նահապետ քահանայ Աստուածատուրեան:

Ծաղկէ

29 տուն, 209 շունչ:
Եկեղեցի` Ս. Դանիէլ:

Ծղակ

159 տուն, 1394 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Աստուածածին և Ս. Գէորգ (1878 թ.) կամ Ս. Յովհաննէս (1903 թ.) կամ Ս. Ստեփանոս (1915 թ.): Պաշտօնավարող երէց` Դանիէլ քահանայ Յարութիւնեան:
Գիւղում կար բողոքական համայնք, որի հովիւն էր պատուելի Ասատուր Գէորգեանը:

Կարմունճ (Կամուրջ)

100 տուն, 724 շունչ:
Եկեղեցի` Ս. Դանիէլ և Ս. Աստուածածին, որտեղ պաշտօնավարում էր Գրիգորիս քահանայ Շատոյեան:

Կծուակ

150 տուն, 940 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ: Երէց` Սահակ քահանայ Միքայէլեան:

Կօշտեան

97 տուն, 636 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին (1878 թ.) կամ Ս. Նիկողայոս (1903 թ.):

Ձորկոնք

59 տուն, 674 շունչ:
Եկեղեցի` Ս. Ներսէս (1878 թ.):

Ճէմալտին

34 տուն, 175 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս [142]:

Մատնավանք

28 տուն, 170 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ (1903 թ.):

Մեծք

132 տուն, 1404 շունչ:
Եկեղեցի` Ս. Ստեփանոս: Երէց` Անդրէաս քահանայ Պօղոսեան:

Շամիրամ

58 տուն, 440 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս:

Ջզիրօք

10 տուն, 115 շունչ:
Եկեղեցի` Ս. Ստեփանոս (1878 թ.) կամ Ս. Մինաս (1903 թ.):

Ջրհոր

50 տուն, 326 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին (1878 թ.):

Սփռաձոր

50 տուն, 360 շունչ:
Եկեղեցի` Ս. Ստեփանոս: Երէց` Ղազար քահանայ Գասպարեան:

Սոխորդ

49 տուն, 386 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին: Երէց` Պօղոս քահանայ Վարդապետեան:

Տափավանք

100 տուն, 670 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին: Երէցներ` Բարսեղ քահանայ Վարդանեան, Ղուկաս քահանայ Տէր-Յովսէփեան, Շմաւոն քահանայ Զաղարեան:

Փրխուս

207 տուն, 1939 շունչ:
Եկեղեցի` Ս. Ստեփանոս: Նկարագրւում է որպէս «կառուցեալ կոփածոյ սեաւ քարերէ, ընտիր և ճաշակաւոր, որոյ նմանն գաւառիս մէջ չկայ» [143]: 1915-ին եկեղեցում պաշտօնավարում էր Յարութիւն քահանայ Ղուկասեանը [144]:
Գիւղում պահւում էին մի քանի ձեռագիր Աւետարաններ, որոնցից մէկին` «Կարմիրկող» կոչուող Աւետարանին, ուխտի էին գալիս տարբեր հիւանդութիւններով տառապողներ [145]:
Փրխուսում կար 4-5 տուն բողոքական, «որք երբեմն դասեր կը խօսին և իրենց լեզուաւ կը քարոզեն ժողովրդեան «կրօնասիրութիւն» [146]:

Մոտկանի շրջանակ 

Մոտկանը գտնւում էր Բաղէշ քաղաքից դէպի արևմուտք` իր դիրքով կազմելով Սասուն երկրամասի բնական մասը: Ընկած էր պատմական Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Գզեխ գաւառի սահմաններում:

Ասպնջեր (Վերին և Ներքին)

35 տուն, 526 շունչ:
Եկեղեցիներ` Թուխմանուկ (Վերին Ասպնջեր) և Ս. Ստեփանոս (Ներքին Ասպնջեր) (կամարակապ, շէն):

Բըրուտք

27 տուն, 155 շունչ հայ:
Եկեղեցի` Ս. Յակոբ (1878 թ.):

Բողնուտ

20 տուն, 300 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին:

Խուր

13 տուն, 105 շունչ:
Եկեղեցի` Ս. Էջմիածին:

Կընծու

49 տուն, 500 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ:

Մարմանդ

3 տուն, 11 շունչ:
Երկու եկեղեցի (աւերակ):

Մէրէ թաղի

7 տուն, 73 շունչ:
Եկեղեցի` Ս. Քրիստափոր:

Մըզուկ (Մզօնք)

16 տուն, 188 շունչ:
Եկեղեցի` Ս. Ստեփանոս:

Մըցի

30 տուն, 300 շունչ:
Եկեղեցի` Ս. Սարգիս (կամարակապ, շէն):

Մըրցանք

5 տուն, 50 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ:

Նիչ (Նիզ)

25 տուն, 200 շունչ:
Եկեղեցիներ` Ս. Գէորգ, Ս. Սարգիս [147]:

Շէն (Շէնիկ)

50 տուն, 500 շունչ:
Եկեղեցի` Ս. Աստուածածին (կամարակապ, շէն):

Որձէնք

10 տուն, 90 շունչ:
Եկեղեցի` Ս. Գէորգ:

Սլընտր (Սղունդ)

30 տուն, 400 շունչ:
Եկեղեցի` Ս. Յակոբ (կամարակապ, շէն):

Քաշախ

27 տուն, 600 շունչ:
Եկեղեցի` Ս. Յակոբ (կամարակապ, շէն):

  • [1] Բաղէշի թեմին պատկանող վանքերի շարքում յիշատակւում են նաև Մոճկոնից Ս. Աստուածածինը և Մրորսայ Ս. Թովմասը (տե՛ս 1904 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1903, էջ 374): Մոճկոնից Ս. Աստուածածնի մասին Բաղէշի վանքերին անդրադարձած այլ հեղինակներ (Տրդատ եպս. Պալեան, Հ. Համազասպ վրդ. Ոսկեան և այլք) որևէ տեղեկութիւն չեն հաղորդում: Դրա հետ մէկտեղ, Մոճկոնք գիւղում կար Ս. Աստուածածին անունով եկեղեցի, ինչից կարելի է ենթադրել, թէ գուցէ, ցուցակում հէնց այն է սխալմամբ յիշատակուել որպէս վանք: Ինչ վերաբերւում է Մրորսայ Ս. Թովմասին, ապա այն, ըստ օսմանեան վարչական բաժանման, գտնուել է Բաղէշի գաւառակին հարևան` Վանի գաւառի Կարճկան գաւառակի տարածքում և հեղինակների մօտ յիշատակւում է Ռշտունեաց գաւառի վանքերի շարքում (տե՛ս, օրինակ, Համազասպ վրդ. Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերըԱ. մաս, Վիեննա, 1940, էջ 155-158):
  • [2] Նշուած ժամանակաշրջանում Բաղէշի վանքերի պատմութեան վերաբերեալ տե՛ս, յատկապէս, Հ. Ներսէս վրդ. Ակինեան, Բաղէշի դպրոցը 1500-1704, Վիեննա, 1952, 396 էջ:
  • [3] Մանուէլ Կ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց, մասն Ա., Կ. Պօլիս, 1884, էջ 58:
  • [4] Կ. Ս. Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը», Արձագանք, գրական եւ քաղաքական լրագիր, Թիֆլիս, 19 (30) դեկտեմբեր 1897, էջ 3: Հեղինակը նաև բողոքում է, թէ որևէ մէկը տեղեակ չէ, թէ ինչ պայմաններում են պահւում վանքի մատենադարանի ձեռագրերը, քանի որ դրանք մասնաւոր անձի մօտ կողպեքի տակ են և անհասանելի անգամ թեմի առաջնորդի համար (նոյն տեղում):
  • [5] Բաբգէն վարդ. [Կիւլեսէրեան], «Մուշէն Պիթլիզ», Բիւզանդիոն, հայաթերթ ամենօրեայ, Կ. Պոլիս, թիւ 1148, 17 (30) յուլիս 1900, էջ 1:
  • [6] «Բաղէշ և իւր շրջակայք», Լումայ, գրական հանդէս, Ե. տարի, Տփխիս, Ա. գիրք, 1900, յունուար, էջ 208, Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի..., էջ 58:
  • [7] Տե՛ս մասնաւորապէս Բաղէշի առաջնորդ Եղիշէ վրդ. Չիլինկիրեանի գրութիւնը Եզրաս վրդ. Սաչլեանին՝ «Բաղէշի վանքերը», Բիւզանդիոն, հայաթերթ ամենօրեայ, Կ. Պոլիս, թիւ 1056, 30 մարտ (12 ապրիլ) 1900, էջ 1-2: Տե՛ս նաև Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ, Պոլիս, թիւ 4211, 31 դեկտեմբեր (12 յունուար), 1899/1900, էջ 1: Բաբգէն վարդ., «Մուշէն Պիթլիզ», Բիւզանդիոն, թիւ 1148, 17 (30) յուլիս 1900, էջ 1:
  • [8] Տե՛ս Հ. Համազասպ վրդ. Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», Հանդէս ամսօրեայ, հայագիտական ուսումնաթերթ, Վիեննա, ԺԸ. տարի, 1944, թիւ 1-12, յունուար-դեկտեմբեր, էջ 79:
  • [9] Տրդատ եպս. Պալեան, Հայ վանօրայք, Ս. Էջմիածին, 2008, էջ 239. Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 86:
  • [10] Պալեան, Հայ վանօրայք, էջ 239:
  • [11] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը», Արեւելք, թիւ 4211, 31 դեկտեմբեր (12 յունուար), 1899/1900, էջ 1:
  • [12] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, ձեռագիրը պատրաստել և ծանօթագրել է Հ. Մ. Պօղոսեանը, Երևան, 1985, էջ 101, Գարեգին եպս. Սրուանձտեանց, Համով հոտով, Ա. հատոր, Գ. տպագրութիւն, Փարիզ, 1949, էջ 111:
  • [13] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 101:
  • [14] «Բաղէշ և իւր շրջակայք», էջ 208:
  • [15] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը», Պալեան, Հայ վանօրայք, էջ 239:
  • [16] Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 86:
  • [17] Պալեան, Հայ վանօրայք, էջ 239:
  • [18] Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [19] Եղիշէ Չարենցի անուան Գրականութեան և արուեստի թանգարանի արխիւ (ԳԱԹ), Թորոս Ազատեանի ֆոնդ, բաժին 3, գործ 40/III, թթ. 1-3 (Վիճակագրութիւն Բաղէշի), Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 101:
  • [20] Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 93:
  • [21] Պալեան, Հայ վանօրայք, էջ 232: 
  • [22] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [23] Դաւիթ Գ. Կերտմենջեան, «Բաղէշ քաղաքը և նրա եկեղեցիները», Պատմա-բանասիրական հանդէս, Երևան, 1990, № 1, էջ 119:
  • [24] Խօսքը ներկայումս Մաշտոցեան Մատենադարանում պահուող Ղազար Փարպեցու «Հայոց պատմութիւնը» պարունակող, 1672 թ. Բաղէշի Ամլորդւոյ վանքում կրկնօրինակուած ձեռագրի մասին է: Այն, ըստ հայագէտ Գալուստ Տէր-Մկրտչեանի (Միաբան), «միակ մայր ձեռագիրն է, որ իբրեւ աղբիւր է ծառայել մինչեւ այժմ կատարուած ...Պատմութեան... բոլոր տպագրութիւններին եւ եղած միւս ընդօրինակութիւններին» (տե՛ս Գէորգ Տէր-Վարդանեան, «Ղազար Փարպեցու Հայոց պատմութեան եւ Թղթի տպագիրների բնագրական վիճակը», Էջմիածին, պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Վաղարշապատ, 2016, Ը, օգոստոս, էջ 79): Վարդան Բաղիշեցու` յատկապէս պատմագիտական գրականութեան նկատմամբ ցուցաբերած հետաքրքրութեան և հայոց պատմիչների երկերի ընդօրինակման ու հաւաքման ուղղութեամբ կատարած աշխատանքների մասին տե՛ս Ակինեան, Բաղէշի դպրոցը 1500-1704, էջ 275-285:
  • [25] Ա․ Մաթևոսեան, «Ամրդոլու վանքի դպրոց», Հայկական սովետական հանրագիտարան, II հատոր, Արգիշտի-Գեղերվան, էջ 333:
  • [26] Մկօ, «Բաղէշ գաւառը», Արձագանք, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 17 հոկտեմբերի 1882, № 35, էջ 544:
  • [27] Պալեան, Հայ վանօրայք, էջ 233:
  • [28] Նոյն տեղում: 
  • [29] ԳԱԹ, Թորոս Ազատեանի ֆոնդ, բաժին 3, գործ 40/III, թթ. 1-3:
  • [30] Պալեան, Հայ վանօրայք, էջ 233:
  • [31] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 100:
  • [32] Պալեան, Հայ վանօրայք, էջ 234:
  • [33] XVIII դարի սկզբներին վանքում պահուող ձեռագրերի ցուցակը տե՛ս «Վարդանայ վարդապետի Բաղիշեցւոյ Ցուցակ գրոց Ամրդօլու վանուց», Արարատ, պաշտօնական ամսագիր հայրապետական աթոռոյ Ս. Էջմիածնի, Վաղարշապատ, ԼԶ. տարի, 1903, փետրուար-մարտ, էջ 176-189: 1880-ական թթ. սկզբներին վանք այցելած Գարեգին վրդ. Սրուանձտեանցը, յիշատակելով մատենադարանի համբաւը, հաղորդում է, որ ինք տեսել է միայն այն ձեռագրերը, որոնք «դուրս էին հանուած», այսինքն օգտագործւում էին եկեղեցական արարողութիւնների ժամանակ (Գ. վ. Սրուանձտեանց, Թորոս Աղբար, Կ. Պոլիս, տպագր. Գ. Պաղտատլեան, 1885, էջ 262): Մատենադարանի ձեռագրերի անհասանելի լինելուց բողոքում են նաև այլ հեղինակներ (Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»):
  • [34] Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [35] Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեան: Գիրք ԻԲ.: Մկրտիչ Ա. Խրիմեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1892-1907), մաս Բ.: Փաստաթղթերի ժողովածու, կազմեց` Գոհար Աւագեան, խմբագիր` Ամատունի Վիրաբեան, Ս. Էջմիածին, 2020, էջ 655-656: Մեզ յայտնի չէ՝ արդեօք վանքը երկրաշարժից յետոյ վերանորոգուե՞լ է, թէ՞ ոչ: Երկրաշարժից տուժել էին` «կիսովին քայքայուած» էին իրենց յարակից շէնքերով և հասութաբեր կալուածքներով նաև Խնդրակատարի, Աւեխի, Գոմաց Ս. Աստուածածին վանքերը և Ս. Սարգիս, Հինգխորան ու Ս. Գէորգ եկեղեցիները (նոյն տեղում): 
  • [36] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Բ. տպագրութիւն, Թեհրան, 2014, էջ 96-97:
  • [37] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 97, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 82:
  • [38] Կերտմենջեան, «Բաղէշ քաղաքը և նրա եկեղեցիները», էջ 122:
  • [39] Պալեան, Հայ վանօրայք, էջ 237:
  • [40] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը», Պալեան, Հայ վանօրայք, էջ 237, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 82:
  • [41] Պալեան, Հայ վանօրայք, էջ 237, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 82:
  • [42] ԳԱԹ, Թորոս Ազատեանի ֆոնդ, բաժին 3, գործ 40/III, թթ. 1-3, Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 100:
  • [43] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 100:
  • [44] «Բաղէշի ընդհանուր վիճակը», Արմէնիա, լրագիր ազգային, քաղաքական եւ այլն, Մարսէյլ, Ը. տարի, թիւ 41, 7 յունուար 1893, էջ 1:
  • [45] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը», Պալեան, Հայ վանօրայք, էջ 237:
  • [46] Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [47] Կերտմենջեան, «Բաղէշ քաղաքը և նրա եկեղեցիները», էջ 124:
  • [48] Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 81:
  • [49] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը», Պալեան, Հայ վանօրայք, էջ 238:
  • [50] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [51] ԳԱԹ, Թորոս Ազատեանի ֆոնդ, բաժին 3, գործ 40/III, թթ. 1-3, Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 100:
  • [52] Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [53] Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [54] «Բաղէշ և իւր շրջակայք», էջ 208: Ն., «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [55] Պալեան, Հայ վանօրայք, էջ 238:
  • [56] Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 68:
  • [57] Հ. Ներսէս վրդ. Սարգիսեան, Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 249:
  • [58] Պալեան, Հայ վանօրայք, էջ 242:
  • [59] Նոյն տեղում, էջ 243:
  • [60] Սրուանձտեանց, Համով հոտով, Ա. հատոր, էջ 111, Պալեան, Հայ վանօրայք, էջ 242, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 95:
  • [61] Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 96:
  • [62] ԳԱԹ, Թորոս Ազատեանի ֆոնդ, բաժին 3, գործ 40/III, թթ. 1-3, Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 101:
  • [63] «Բաղէշ և իւր շրջակայք», էջ 209, Սրուանձտեանց, Համով հոտով, Ա. հատոր, էջ 111:
  • [64] Պալեան, Հայ վանօրայք, էջ 242:
  • [65] ԳԱԹ, Թորոս Ազատեանի ֆոնդ, բաժին 3, գործ 40/III, թ. 1, Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 100: 
  • [66] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 88:
  • [67] Նոյն տեղում: 
  • [68] Հ. Համազասպ Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, Վիեննա, 1953, էջ 130-131:
  • [69] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան, էջ 88:
  • [70] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի..., էջ 90:
  • [71] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 88:
  • [72] Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 254, Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 92:
  • [73] Սարգիսեան, Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, էջ 272:
  • [74] Թադևոս Խ. Յակոբեան, Ստեփան Տ. Մելիք-Բախշեան, Յովհաննէս Խ. Բարսեղեան, Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան: III հատոր, Կ-Ն, Երևան, 1991, էջ 714:
  • [75] Դրանցից մէջբերումները տե՛ս Ոսկեան, Տարօն-Տուրուբերանի վանքերը, էջ 255-257:
  • [76] «Բաղէշի վանքերը», Արարատ, ամսագիր, յուլիս, 1898, էջ 300:
  • [77] Յեզտիբուզտը կամ Յիզտիբուզիտը պարսիկ մոգ էր, ով 552 թ. Դուինում քրիստոնէութիւն է ընդունել և այդ պատճառով մահապատժի ենթարկուել պարսից մարզպանի կողմից: Դասուել է Հայոց եկեղեցու սրբերի շարքը: Պահպանուել է նրա վկայաբանութիւնը: Անունը պահլաւերէնից թարգմանւում է որպէս Աստուած ազատեց կամ Աստուած ապրեցրեց (մանրամասն տե՛ս Կարէն Յովհաննիսեան, «Ս. Յիզտբուզիտ, Ս. Դաւիթ Դւնեցի և Թուխ Մանուկ», Էջմիածին, հոկտեմբեր, 2018, էջ 68-89):
  • [78] Սրուանձտեանց, Համով հոտով, Ա. հատոր, էջ 52:
  • [79] Սարգիսեան, Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս, էջ 250:
  • [80] Պալեան, Հայ վանօրայք, էջ 243, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 82:
  • [81] Պալեան, Հայ վանօրայք, էջ 241:
  • [82] Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 79:
  • [83] Պալեան, Հայ վանօրայք, էջ 243, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 95:
  • [84] Այլ աղբիւրներում Դրձինք անունով բնակավայր Մոտկանում վկայուած չէ: Գուցէ խօսքը Որձէնք գիւղի մասին է (տե՛ս Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին, մաս ութերորդ: Սասուն պատմաաշխարհագրական մարզը և Բաղէշ (Բիթլիս) քաղաքը», Վէմ, համահայկական հանդէս, Երևան, 2017, թիւ 2 (58), Յաւելուած, էջ XXIV):
  • [85] Պալեան, Հայ վանօրայք, էջ 243:
  • [86] Նոյն տեղում:
  • [87] Պալեան, Հայ վանօրայք, էջ 244, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 94:
  • [88] Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 93:
  • [89] Պալեան, Հայ վանօրայք, էջ 244:
  • [90] Նոյն տեղում:
  • [91] Նոյն տեղում:
  • [92] Տրդատ վրդ. Պալեան, «Հայ վանօրայք», Բիւզանդիոն, հայաթերթ ամենօրեայ, Կ. Պոլիս, 20 դեկտեմբեր (1 յունուար) 1898, թիւ 351. Տրդատ եպս. Պալեան, «Հայ վանօրայք ԺԲ.», Բիւզանդիոն, 25 մայիս (7 յունիս) 1900, թիւ 1103. «Բաղէշի վանքերը», Արարատ, ամսագիր, յուլիս, 1898, էջ 300. Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 95:
  • [93] «Բաղէշ և իւր շրջակայք», էջ 207:
  • [94] Նոյն տեղում:
  • [95] Նոյն տեղում, էջ 208: Տե՛ս նաև Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, տպ. «Կուլտուրա», 1912, էջ 83:
  • [96] Ս. Մ. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 131:
  • [97] «Բաղէշ և իւր շրջակայք», էջ 208:
  • [98] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի..., էջ 56, Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [99] Մկօ, «Բաղէշ գաւառը»:
  • [100] Ըստ այլ աւանդութեան` եկեղեցու անունը ծագում է գմբէթին խաչի փոխարէն կարմրագոյն քարից (սուտակ) քանդակուած աղաւնիից, որը թէ՛ հնութեան պատճառով, թէ՛ վառած մոմերի կանթեղների ծխից գորշացել էր (աղաւնին քրիստոնէութեան ընդունումից առաջ տեղում կառուցուած հեթանոսական մեհեան-տաճարի մնացորդն էր) (Ինգա Աւագեան, 1915 թ. Բիթլիսեան ողբերգութիւն. Միհրան Ղազարեանի յուշապատումը, Գիւմրի, «Դպիր» հրատարակչութիւն, 2008, էջ 7):
  • [101] Մկօ, «Բաղէշ գաւառը»:
  • [102] Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [103] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 90:
  • [104] Աւագեան, 1915 թ. Բիթլիսեան ողբերգութիւն..., էջ 7:
  • [105] Մկօ, «Բաղէշ գաւառը»:
  • [106] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 90:
  • [107] Աւագեան, 1915 թ. Բիթլիսեան ողբերգութիւն..., էջ 7:
  • [108] Մկօ, «Բաղէշ գաւառը»:
  • [109] Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [110] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 90:
  • [111] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 89: 
  • [112] Թուխմանեան, «Բաղէշի եկեղեցիներն ու վանքերը»:
  • [113] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 89:
  • [114] ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, ff. 49–52 (Բաղէշ և Խլաթ), 60 (Մոտկան): Տե՛ս նաև Kévorkian, Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman, pp. 469-471 (Բիթլիս/Բաղէշ), 472-474 (Խլաթ), 477 (Մոտկան):
  • [115] ԳԱԹ, Թորոս Ազատեանի ֆոնդ, բաժին 3, գործ 40/III, թթ. 1-3: Տե՛ս նաև Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 87 (Խլաթ), 99, 103-104 (Բաղէշ), 106 (Մոտկան):
  • [116] 1903 Ընդարձակ Օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1902, էջ 335-337:
  • [117] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 91-98 (Բաղէշ և Խլաթ), 127 (Մոտկան):
  • [118] Ներկայացուած են միայն Բաղէշի թեմին պատկանող հայաբնակ բնակավայրերն ըստ Թէոդիկի ցուցակի (Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 127):
  • [119] Տևկանց, Այցելութիւն ի Հայաստան 1878, էջ 106:
  • [120] Վարդան Պետոյեան, Սասունի բարբառը, Երևան, 1954, էջ 180-182, Վարդան Պետոյեան, Սասուն, Երևան, «Նախաբեմ» հրատարակչութիւն, 2016, էջ 71-74:
  • [121] Գտնուել է գիւղի արևմտեան կողմում, նկարագրւում է որպէս «հոյակապ» («Բաղէշ և իւր շրջակայք», էջ 214):
  • [122] Նոյն տեղում:
  • [123] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի..., էջ 81:
  • [124] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 94:
  • [125] 1881 թ. տեղեկագրում գիւղում յիշատակւում է Ս. Սահակ եկեղեցին («Բաղէշ և իւր շրջակայք», էջ 214), որն ըստ Գեղամ Բադալեանի՝ կիսաւեր էր (Գեղամ Մ. Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին, մաս վեցերորդ: Բիթլիսի նահանգի հիւսիսային, արևելեան և արևմտեան գաւառները», Վէմ, 2016, թիւ 3 (55), Յաւելուած, էջ XXVIII):
  • [126] «Բաղէշ և իւր շրջակայք», էջ 213: 
  • [127] Նկարագրւում է որպէս «քար ու կիր փոքրիկ»` շինուած գիւղի հիւսիս-արևմտեան կողմում («Բաղէշ և իւր շրջակայք», էջ 213):
  • [128] Բաղէշի թեմական կառոյցների 1881 թ. պատրաստած տեղեկագրի տուեալներով, գիւղի հիւսիս-արևմտեան կողմում գտնւում էր Ս. Յարութիւն եկեղեցին («Բաղէշ և իւր շրջակայք», էջ 212-213): 1903 թ. տուեալներով, Պոռի եկեղեցու անունը Ս. Աստուածածին էր:
  • [129] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 98:
  • [130] 1881 թ. տեղեկագրում յիշատակւում է նաև գիւղի արևմտեան կողմում գտնուող Ս. Յակոբ անունով եկեղեցի («Բաղէշ և իւր շրջակայք», էջ 211):
  • [131] Ըստ Բաղէշի թեմական կառոյցների 1881 թ. կազմած տեղեկագրի` Ս. Յովհաննէսը սկզբնապէս եղել է վանք: Եկեղեցու շէնքը նկարագրւում է որպէս հոյակապ, սակայն նշւում է, որ «մէջը կը տիրէ մեծ անկարգութիւն» («Բաղէշ և իւր շրջակայք», էջ 211):
  • [132] Ըստ Գեղամ Բադալեանի (Գեղամ Մ. Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին, մաս եօթերորդ: Բիթլիսի նահանգի հարաւ-արևելեան գաւառները», Վէմ,, 2016, թիւ 4 (56), Յաւելուած, էջ VI):
  • [133] Բաղէշի թեմական իշխանութիւնների 1881 թ. կազմած տեղեկագրում նշւում է, որ գիւղի հարաւային կողմում կար Ս. Անտոնեանց (Ս. Ատոմվեանց՞) անուամբ եկեղեցի, իսկ հիւսիսային կողմում` աւերակ Ս. Յակոբ վանքը («Բաղէշ և իւր շրջակայք», էջ 210, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 95):
  • [134] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Փաստաթղթերի ժողովածու, II հատոր, Բիթլիսի նահանգ, հեղինակ և կազմող` Գոհար Աւագեան, գլխաւոր խմբագիր՝ Ամատունի Վիրաբեան, Երևան, Հայաստանի ազգային արխիւ, 2012, էջ 71:
  • [135] Ըստ Գեղամ Բադալեանի` դեռևս 1870-ական թթ. վերածուել էր մզկիթի (Գեղամ Մ. Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին, մաս եօթերորդ: Բիթլիսի նահանգի հարաւ-արևելեան գաւառները», Վէմ, 2016, թիւ 4 (56), Յաւելուած, էջ III):
  • [136] «Բաղէշ և իւր շրջակայք», էջ 231, Ոսկեան, «Սալնաձոր-Բաղէշի վանքերը», էջ 95:
  • [137] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ, II հատոր, էջ 76:
  • [138] Սրուանձտեանց, Համով հոտով, Ա. հատոր, էջ 114:
  • [139] Սրուանձտեանց, Համով հոտով, Ա. հատոր, էջ 115:
  • [140] Նոյն տեղում:
  • [141] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 91:
  • [142] Գեղամ Մ. Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին, մաս վեցերորդ: Բիթլիսի նահանգի հիւսիսային, արևելեան և արևմտեան գաւառները», Վէմ, 2016, թիւ 3 (55), Յաւելուած, էջ XXV:
  • [143] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի..., էջ 93:
  • [144] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 91:
  • [145] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ, II հատոր, էջ 57:
  • [146] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի..., էջ 93:
  • [147] Ըստ Գեղամ Բադալեանի (Գեղամ Մ. Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին, մաս ութերորդ: Սասուն պատմաաշխարհագրական մարզը և Բաղէշ (Բիթլիս) քաղաքը», Վէմ, 2017, թիւ 2 (58), Յաւելուած, էջ XXIV):