Եկեղեցիներ եւ վանքեր (Ա.)

Բաղէշ (Բիթլիս) – Կրօնական համայնքներ

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 18/07/2023 (վերջին փոփոխութիւն՝ 18/07/2023)

Բաղէշի եկեղեցական թեմի կազմաւորումն ու ընթացքը մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը

Բաղէշը կամ Բիթլիսը Արեւմտեան (Օսմանեան) Հայաստանի Բիթլիսի նահանգի կենտրոնական քաղաքն էր, նաեւ համանուն գաւառի ու գաւառակի կենտրոնը: Որպէս պատմական Հայաստանի մաս` Բիթլիս քաղաքն ընկած էր Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի Սալնոձոր գաւառում, իսկ գաւառակի տարածքները ձգւում էին նաեւ Տուրուբերան աշխարհի Բզնունիք գաւառի վրայ [1]:

Վաղ միջնադարում Բաղէշը Հարաւային Հայաստանի նշանաւոր բերդերից էր, որը կարեւոր դեր էր խաղում Տաւրոսի լեռնաշղթայի վրայ գտնուող Ձորապահակ կամ Բաղիշոյ (Ռահվա) լեռնանցքով դէպի Հայոց Միջնաշխարհ ընթացող ռազմավարական եւ առեւտրական մայրուղու պաշտպանութեան համակարգում [2]: Բերդի շուրջ հետագայում սկսում է տարածուել եւ ծաղկում ապրել համանուն բնակավայրը: Հայկական մատենագրութեան մէջ Բաղէշի առաջին յիշատակմանը հանդիպում ենք VII դարում Սեբէոսի մօտ [3], իսկ Թովմա Արծրունին (IX դար) այն արդէն բնութագրում է որպէս շահաստան` հարուստ առեւտրաշահ քաղաք [4]:

Բաղէշը բաւականին վաղ է ընկնում օտարների տիրապետութեան տակ: VII դարի երկրորդ կէսին այնտեղ հաստատւում են արաբները, X դարում կարճ ժամանակով` բիւզանդացիները, XI դարում` թուրք-սելջուկները (յատկապէս նրանց տիրապետութեան շրջանում է սկսւում լայն տարածուել քաղաքի` Բիթլիս անուանումը), XV դարում` կարա-կոյունլու թուրքմենական ցեղը [5]: 1514 թ. Բիթլիսն անցնում է Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ` որպէս գաւառ ընդգրկուելով սկզբում Դիարբեքիրի, ապա Վանի նահանգի (1568-1738 թթ.) կազմում [6]:

XVI-XVIII դարերում Բիթլիսի նկատմամբ օսմանեան տիրապետութիւնը շատ առումներով անուանական էր, փաստացի իշխանութիւնը պատկանում էր ռուզակներ կամ ռոշկացիներ քրդական ցեղախմբին, որը քաղաքը դարձրել էր իր ցեղապետերի նստավայրը: Բիթլիսի քրդական իշխանութիւնը առաւելապէս հզօրացել է XVII-XVIII դարերում` ճանաչուելով օսմանեան սուլթանների կողմից որպէս առանձնաշնորհեալ հիւքիւմեթութիւն [7]: Օսմանեան կենտրոնական իշխանութիւնները յաջողեցին ընկճել Բիթլիսի քրդական ցեղապետերի դիմադրութիւնը եւ քաղաքի նկատմամբ լիակատար վերահսկողութիւն հաստատել միայն 1849 թուականին [8]:

Բիթլիս քաղաքի համայնապատկեր (աղբիւր՝ Nachl. Oskar Mann, XVI/1, 1-158, XVI/2, 1-11, Staatsbibliothek zu Berlin - Preußischer Kulturbesitz)։
Բիթլիս քաղաքի համայնապատկեր։ Խորքում երևում է պատմական բերդը (աղբիւր՝ Nachl. Oskar Mann, XVI/1, 1-158, XVI/2, 1-11, Staatsbibliothek zu Berlin - Preußischer Kulturbesitz)։
Բիթլիս քաղաքի համայնապատկեր (աղբիւր՝ Nachl. Oskar Mann, XVI/1, 1-158, XVI/2, 1-11, Staatsbibliothek zu Berlin - Preußischer Kulturbesitz)։

Բաղէշի եկեղեցական թեմը շարունակութիւն էր հին եպիսկոպոսական աթոռի, որի առաջին կենտրոնը` եպիսկոպոսանիստ քաղաքը, Խլաթն էր (գտնւում է Բաղէշից մօտ 60 կմ դէպի հիւսիս-արեւելք` Վանայ լճի ափին): Խլաթի թեմը յիշատակւում է V դարից եւ ընդգրկում էր, բացի Բաղէշից, նաեւ Արծկէն [9], Խիզանը [10] եւ Դատվանը [11]:

Եպիսկոպոսական աթոռը Խլաթից տեղափոխւում է Բաղէշ 1437-1440 թթ. [12]: XVI-XVII դարերում թեմի հզօրացման մասին է վկայում Մշոյ Ս. Առաքելոց վանքի վանահայրութեան միացումը Բաղէշի առաջնորդութեանը [13]: XVII դարի 70-ական թթ. Բաղէշի եպիսկոպոսութիւնը Մշոյ Ս. Կարապետի հետ միասին յիշատակւում է որպէս Էջմիածնի կաթողիկոսութեան հոգեւոր իշխանութեանը ենթակայ թեմ [14]:

1860-72 թթ. Բաղէշի եւ Մշոյ թեմերը գործել են որպէս միացեալ` Երեմիա վարդապետ Տեւկանցի առաջնորդութեան ներքոյ [15]: 1868 թ. դրանց միացուել է նաեւ Քղին [16]:

1872-1915-ին Բաղէշի եկեղեցական թեմը գործել է որպէս առանձին եպիսկոպոսական վիճակ՝ ընդգրկելով Բիթլիսի նահանգի Բիթլիսի գաւառի Բիթլիսի եւ Խլաթի գաւառակների, ինչպէս նաեւ Մօտկանի գաւառակի Մօտկանի շրջանակի գիւղերն ամբողջութեամբ կամ դրանց մի մասը [17]:

1882-83 թթ. թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնը վարել է Գարեգին վարդապետ Սրուանձտեանցը, ով միաժամանակ Ակնայ թեմի առաջնորդն էր [18]:

1884-86 թթ. որպէս Բաղէշի թեմի առաջնորդական տեղապահ յիշատակւում է Մեսրոպ վարդապետ Մոկացեանը, որին 1886-ին յաջորդել է Մովսէս վարդապետ Կէօմրիւքճեանը [19]:

1895-1897 թթ. Բաղէշի թեմի առաջնորդական տեղապահն էր Յակոբոս վարդապետ Շահպաղլեանը [20]:

1897-1900 թթ. թեմի առաջնորդական տեղապահը, իսկ 1900-1901 թթ.` թեմի առաջնորդն էր Եղիշէ վարդապետ Չիլինկիրեանը [21], 1901-02 թթ.` առաջնորդական տեղապահն էր Պետրոս վարդապետ Շահինեանը [22]:

1902-1907 թթ. որպէս թեմի ընտրեալ առաջնորդ յիշատակւում է Եզնիկ ծայրագոյն վարդապետ Գալբաքճեանը, որպէս փոխանորդներ` Պետրոս վարդապետ Շահինեանը եւ Բարսեղ քահանայ Սարգիսեանը [23]:

1908-1910 թթ. առաջնորդական տեղապահն էր Եզնիկ վարդապետ Ներկարարեանը [24]:

Հայոց ցեղասպանութեան նախօրեակին թեմի առաջնորդն էր Սուրէն ծայրագոյն վարդապետ Գալէմեանը [25]: 1915 թ. յունիսի 22-ին նահանգապետի հրահանգով նա եւ Բիթլիսի հայ բողոքական համայնքի ղեկավար վերապատուելի Խաչատուր Վարդանեանը սպանւում են [26], ինչին հետեւում են քաղաքի եւ գաւառի հայ ազգաբնակչութեան կոտորածն ու տեղահանութիւնը: Բաղէշի թեմը դադարում է գոյութիւն ունենալուց:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանեանի տեղեկութիւնների` 1900-ական թթ. սկզբներին Բաղէշի թեմի տարածքում կար 80 հայաբնակ բնակավայր` շուրջ 50.000 առաքելադաւան, 500 կաթոլիկ եւ 1.000 բողոքական հայ բնակչութեամբ [27]:

Աւելի մանրամասն տուեալներ է պարունակում Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցը, ըստ որի Բաղէշ քաղաքում կար 1.135 տուն, 7.241 շունչ հայ բնակչութիւն: Բաղէշի թեմի տարածքում հաշուառուել էին 95 հայաբնակ գիւղեր` 4.403 տուն, 33.902 շունչ հայ բնակչութեամբ, այդ թւում Բաղէշի գաւառակում` 46 հայաբնակ բնակավայր, 2.120 տուն, 14.573 շունչ, Խլաթի գաւառակում`22 հայաբնակ բնակավայր, 1.771 տուն, 13.860 շունչ, Բաղէշի թեմին պատկանող Մօտկանի շրջանակի գիւղերում` 27 հայաբնակ բնակավայր, 512 տուն, 5.469 շունչ հայ: Այսպիսով, Բաղէշի թեմի հայ բնակչութեան թիւն ըստ պատրիարքարանի 1913 թ. տուեալների` 5.538 տուն, 41.143 շունչ էր [28]:

1900-ական թթ. սկզբներին Բաղէշի թեմում հաշււում էր 11 կանգուն վանք եւ մօտ 100 գործող եկեղեցի [29] (ըստ Օրմանեանի` գործող եկեղեցիների ճշգրիտ թիւը 98 էր [30]):

Ըստ պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցի տուեալների` Բաղէշի ու Խլաթի գաւառակների տարածքում կար 12 կանգուն վանք եւ 72 եկեղեցի [31], Մօտկանի շրջանակի գիւղերում` 4 կանգուն վանք եւ 26 եկեղեցի [32]: Այսպիսով, Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Բաղէշի թեմի տարածքում կար 16 կանգուն վանք եւ 98 գործող եկեղեցի:

Բիթլիս/Բաղէշի հայ բողոքական համայնքը

Բիթլիսի բողոքական կայանը Արեւմտեան Հայաստանում բողոքականների խոշոր եւ զարգացած կենտրոններից էր:

Կայանը 1858 թ. հիմնադրել է ամերիկացի միսիոներ Ջորջ Քուշինգ Նեփը (Knapp, Նեփ-աւագ) [33], ով իր գործունէութիւնը Բիթլիսում շարունակել է մինչեւ իր մահը 1895 թ. [34]: Բացի հիմնադրից եւ նրա կին Ալզինա Նեփից, կայանն սկզբնապէս ընդգրկում էր մէկ տեղացի հայ քարոզիչ եւ մէկ տեղացի հայ օգնական [35]:

1867 թ. տուեալներով, կայանը բացի տեղացի հայ քարոզիչից ունէր նաեւ երկու ուսուցիչ: Ժողովարանում հաւաքուողների միջին թիւը 74 հոգի էր: Գործում էր շաբաթօրեայ դպրոց, ուր յաճախում էր 67 հոգի: Բողոքական ենթակայաններ էին բացուել Բիթլիսի գաւառի չորս բնակավայրերում` մէկ տեղացի հաւատարմագրուած քարոզիչով, մէկ ուսուցիչով, 3 օգնականով, 87 անդամներով եւ 45 աշակերտ ունեցող 2 շաբաթօրեայ դպրոցներով [36]:

1868 թ. Բաղէշի կայանը համալրել են Լիսանդեր Բըրբանքն ու նրա կին Սարան (Բիթլիսում մնացել են մինչեւ 1871 թ.), ինչպէս նաեւ Շառլոտա եւ Մերի Էլի քույրերը, որոնք քաղաքում բացել են Մաունթ Հոլեօքի աղջկանց գիշերօթիկ վարժարանը (այդ հաստատութեան մասին մանրամասն տե՛ս Յուշամատեանի «Պիթլիս – Միսիոնարներ» յօդուածը։

1876-1881 թթ. Բաղէշի եւ Մուշի գաւառների տարածքները միացուել էին Վանի նահանգին, համապատասխանաբար Բիթլիսի բողոքական կայանը կցուել է Վանի կայանին` գործելով որպէս ենթակայան (մինչեւ 1886 թ.) [37]:

1880-ական թթ. վերջերին բողոքական համայնքներ կային Բիթլիս գաւառի 15 հայաբնակ բնակավայրերում [38]:

1890 թ. Բիթլիսի կայանի աշխատանքներին է միանում Ջորջ Քուշինգ Նեփի որդին` Ջորջ Փերքինս Նեփը (Նեփ-կրտսեր) [39], ով հօր վատառողջութեան պատճառով, միսիոներ Ռոյալ Մ. Քոլի հետ միասին 1890-ական թթ. առաջին կէսին փաստացի ղեկավարում էր բողոքական համայնքը [40]:

Երբ 1895 թ. հոկտեմբերի երկրորդ կէսին աբդուլհամիդեան կոտորածների ալիքը հասնում է Բիթլիս, Նեփ-կրտսերը կարողանում է հայերին բողոքական հաստատութիւններում ապաստան տալու միջոցով փրկել բազմաթիւ կեանքեր [41]: Նա նաեւ կազմում է ջարդերի մասին տեղեկագիր, որն ուղարկում է Կ. Պոլիս` ԱՄՆ դեսպանին, ինչպէս նաեւ եւրոպական մեծ տէրութիւնների դիւանագիտական ներկայացուցչութիւններին [42]: Հայանպաստ գործունէութեան պատճառով օսմանեան իշխանութիւնները 1896 թ. Նեփ-կրտսերին վտարում են Բիթլիսից` նրան մեղադրելով հայերին իշխանութիւնների դէմ հրահրելու համար [43]:

Ջորջ Նեփի արտաքսումից յետոյ Բիթլիսի եւ Մուշի հայերը նրա մասին երգ են յօրինել, որտեղ կան նաեւ այս խօսքերը.

«Ամերիկացի Ճորճին տարէք բարեւներ,
Մենք չենք մոռնար նրա բարիքներ,
Աստուած պարգեւէ իրեն երկար տարիներ
» [44]:

1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Նեփ-կրտսերը հնարաւորութիւն է ստանում վերադառնալ եւ շարունակել իր գործունէութիւնը Բիթլիսում: Հայոց ցեղասպանութեան ժամանակ նա նորից փորձում է ապաստան տալ հայերին բողոքական կայանի շէնքերում, սակայն 1915 թ. յունիսի 23-ին ժանդարմները ներխուժում են կայան եւ ձերբակալում այնտեղ թաքնուածներին [45]: 1915 թ. յուլիսի վերջերին օսմանեան իշխանութիւնները ամերիկացի միսիոներին աքսորում են Դիարբեքիր, որտեղ հասնելուն պես նա մահանում է [46]:

1890-ական թթ. կեսերին Բիթլիսի բողոքական կայանի գործունեութեան մասին տեղեկութիւններ է հաղորդում բրիտանացի ճանապարհորդ Հենրի Լինչը: Ըստ հեղինակի` բողոքականների կենտրոնակայանը գտնւում էր Աւերմէյդան թաղամասում: Միսիոներների աշխատանքն ուղղված էր ոչ այնքան բողոքական վարդապետութեան տարածմանը, որքան բողոքական դպրոցական ցանցի ընդլայնմանը: Քաղաքում գործում էր աւագ դպրոց, բողոքական դպրոցներ էին հիմնադրուել գաւառի 15 հայաբնակ բնակավայրերում: Լինչը բնութագրում է այդ ժամանակ բողոքական համայնքը ղեկավարող Նեփ-աւագին, Նեփ-կրտսերին եւ Ռոյալ Քոլին որպէս նախանձախնդիր, փորձառու եւ բարեհամբոյր անձնաւորութիւններ: Նա նշում է, որ թաղամասում գործում էր մեծ, նորակառույց բողոքական եկեղեցի, որի ծախսերի մի մասը հոգում էր տեղի բողոքական համայնքը: Քաղաքի բողոքական հայերի թիվը 100 հոգի էր, իսկ ամբողջ նահանգում կար մօտ 1200 բողոքական: Բողոքականութիւն ընդունած հայերը իրենց ազգութիւնից հրաժարուելու որեւէ միտում չէին ցուցաբերում, այլ ընդհակառակը, մինչեւ հիմքը մնում էին հայ [47]:

1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ բողոքականների գործունէութիւնը Բիթլիսում որոշակի առաջընթաց է ապրում` շնորհիւ հայերի նկատմամբ աբդուլհամիդեան վարչակարգի ճնշումների վերացման եւ հասարակական-քաղաքական կեանքի որոշակի ազատականացման: Ըստ 1910 թ. բողոքական տեղեկագրի տուեալների` Բիթլիսի բողոքական կայանի անձնակազմն ընդգրկում էր մէկ ընտանիք (ենթադրաբար, խօսքը Նեփ-կրտսերի ընտանիքի մասին է), երկու կին միսիոներ (Էլի քոյրեր), մէկ ձեռնադրուած տեղացի հովիւ, 7 այլ քարոզիչներ, 10 ուսուցիչ, 6 ուսուցչուհի, Աստուածաշնչի ընթերցմամբ եւ բացատրմամբ զբաղուած 4 կին եւ օգնութեան տրամադրման հարցերով զբաղուող մէկ աշխատակից: Բիթլիսում գործում էին հետեւեալ բողոքական հաստատութիւնները` մէկ եկեղեցի, երկու գիշերօթիկ եւ աւագ դպրոց, 8 գիւղական ժողովարան կից դպրոցներով, որբանոց, հագուստի արհեստանոց: Տեղացի հայերին զգալի ծաւալներով օգնութիւն էր տրամադրւում: Աշխատանք էր տարւում գիւղական համայնքներում ինչպէս նախկինում գործող բողոքական առաքելութիւնների վերաբացման, այնպէս էլ բողոքական նոր օջախների ստեղծման ուղղութեամբ [48]:

Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Բաղէշի բողոքական համայնքի հովիւն էր վերապատուելի Խաչատուր Վարդանեանը, ով, ինչպէս նշեցինք, սպանուել է Բաղէշի թեմի առաջնորդ Սուրէն ծայրագոյն վարդապետ Գալէմեանի հետ միասին 1915 թ. յունիսի 22-ին [49]:

1880-ական թթ. սկզբներին բողոքական համայնքներ են վկայուած Խլաթի գաւառակի Կծուակ, Ծղակ, Աղաղ (ամբողջութեամբ), Ծերսօնք (ամբողջութեամբ) եւ Փրխուս հայաբնակ բնակավայրերում [50]:

Ըստ Հայոց պատրիարքարանի` 1913 թ. վիճակացոյցի տուեալների` Բիթլիս քաղաքում կար 258 հայ բողոքական [51]: Ըստ 1914 թ. օսմանեան պաշտօնական տուեալների` Բաղէշի գաւառակում հայ բողոքական համայնքի անդամների թիւը 384 հոգի էր, Խլաթի գաւառակում` 207 հոգի [52]:

Բիթլիս/Բաղէշի հայ կաթոլիկ համայնքը

Ըստ Մաղաքիա արք. Օրմանեանի տուեալների` 1900-ական թթ. սկզբներին Բիթլիսի թեմի տարածքում կար մօտ 500 հայ կաթոլիկ բնակիչ [53]: Սակայն կաթոլիկների փաստացի թիւն ըստ երեւոյթին շատ աւելի նուազ է եղել: Այսպէս, 1890-ական թթ. կէսերին Հայաստանով շրջագայելու ընթացքում Բիթլիս այցելած բրիտանացի ճանապարհորդ Հենրի Լինչը վկայում է, որ քաղաքում կար ընդամէնը 15 հայ կաթոլիկ ընտանիք, որոնցից միայն երեք-չորսն էին քաղաքում նախկինում գործած Յիսուսեանների նորադարձածներից [54]: Քաղաքի կաթոլիկ համայնքը հովւում էր Յիսուսեանների Բէյրութի քոլէջի շրջանաւարտ հայազգի հոգեւորական, ում նախաձեռնութեամբ քաղաքում բացուել եւ գործում էր կաթոլիկ ընտանիքների երեխաների համար նախատեսուած առանձին դպրոց [55]:

Հայոց պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցի տուեալներով՝ Բիթլիսում հաշուառուել էր ընդամէնը 20 կաթոլիկ հայ [56]: Ըստ 1914 թ. օսմանեան պաշտօնական վիճակագրութեան` Բիթլիսի գաւառակում հայ կաթոլիկների թիւը 89 հոգի էր [57]:

  1. [1] Թադեւոս Յակոբեան, Պատմական Հայաստանի քաղաքները, Երեւան, 1987, էջ 99-100: 
  2. [2] Գեղամ Մ. Բադալեան, «Արեւմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին. Մաս ութերորդ: Սասուն պատմաաշխարհագրական մարզը եւ Բաղէշ (Բիթլիս) քաղաքը», ՎԷՄ համահայկական հանդէս, Երեւան, 2017, թիւ 2 (58), Յաւելուած, էջ XLI:
  3. [3] Թադեւոս Խ. Յակոբեան, Ստեփան Տ. Մելիք-Բախշեան, Յովհաննէս Խ. Բարսեղեան, Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, Ա հատոր, Երեւան, 1986, էջ 685: 
  4. [4] «Բաղէշ», Հայկական սովետական հանրագիտարան, 2-րդ հատոր, Արգիշտի-Գեղերվան, Երեւան, 1976, էջ 255: 
  5. [5] Յակոբեան, Պատմական Հայաստանի քաղաքները, էջ 100:
  6. [6] Andreas Birken, Die Provinzen des Osmanischen Reiches, Wiesbaden, Dr. Ludwig Reichert Verlag, 1976, S. 186, Tahir Sezen, Osmanlı Yer Adları, Ankara, 2017, S. 124.
  7. [7] Բաղէշի կառավարող քուրդ իշխանները կոչվում էին խան՝ իրենց հպատակութեան տակ ունենալով տեղացի ցեղապետերին, որոնք յայտնի էին բէյ անունով (տե՛ս Մկօ, «Բաղէշ գաւառը», Արձագանք, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 17 հոկտեմբերի 1882, № 35, էջ 541:
  8. [8] «Բաղէշ», Հայկական սովետական հանրագիտարան, 2-րդ հատոր, էջ 254: 
  9. [9] Արծկէ (Ադիլջեւազ), պատմական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերանի նահանգի Բզնունիքի գաւառում, Խլաթից դէպի արեւելք` Վանայ լճի հիւսիսային ափին:
  10. [10] Խիզան կամ Հիզան, քաղաք Մեծ Հայքի Մոկքի նահանգի Միւս Իշայր գաւառում, Բաղէշ քաղաքից մօտ 50 կմ հարաւ-արեւելք:
  11. [11] Արշակ Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», 1909 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1908, էջ 313:
  12. [12] Նոյն տեղում:
  13. [13] Նոյն տեղում, էջ 314:
  14. [14] Պիոն Յակոբեան, Հայագիտական ուսումնասիրութիւններ, Երեւան, 2003, էջ 103, 105, 208:
  15. [15] Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, Գ. հատոր, Երուսաղէմ, 1927, էջ 4173 (§ 2776): Երեմիա Տեւկանցը թողել է գրական հարուստ ժառանգութիւն (օրագրութիւններ, ուղեւորական նօթեր, յիշատակարաններ եւ այլն), որոնց մի մասը հրատարակուել է (տե՛ս Ե. Տեւկանց, Ճանապարհորդութիւն Բարձր Հայք եւ Վասպուրական 1872-1873 թթ., ձեռագիրը հրատարակութեան պատրաստող եւ ծանօթագրող` Հայկազ Մ. Պօղոսեան, Երեւան, 1991, 343 էջ, Երեմիա Տեւկանց, Տոհմային յիշատակարան. Գիրք Ը. (1868-1872 թթ.), աշխատասիրութեամբ Հ. Ղ. Մուրադեանի, Երեւան, 2018, էջ XIX+440 էջ:
  16. [16] Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», էջ 314:
  17. [17] Ալպօյաճեան, «Առաջնորդական վիճակներ», էջ 314, Մաղաքիա արք. Օրմանեան, Հայոց եկեղեցին եւ իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը, ու ներկայ կացութիւնը, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 262: Բաղէշի թեմի կազմում ընդգրկուած Մօտկանի բնակավայրերի ցուցակը տե՛ս Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարին, Բ. տպագրութիւն, Թեհրան, 2014, էջ 127: Ըստ աղբիւրներից մէկի տուեալների` Սասունի Ս. Աղբերիկ վանքի թեմի կազմում էին ընդգրկուած եւ դրանով համարուել են Մուշ-Տարօնի արքեպիսկոպոսական վիճակի մաս Մօտկանի շրջանի Գզեխ գիւղախմբի 14 հայաբնակ բնակավայրերը (տե՛ս «Անտէր գաւառ մը (Մօտկան)», Ազատամարտ, օրաթերթ, Կ. Պոլիս, թիւ 1445, 21 փետրուար (6 մարտ) 1914):
  18. [18] Էմմա Կոստանդեան, Գարեգին Սրուանձտեանց (կեանքը եւ գործունէութիւնը), Երեւան, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ, 2008, էջ 28:
  19. [19] «Բաղէշէն լուրեր», Արմէնիա, լրագիր ազգային, քաղաքական, առեւտրական եւ այլն, Մարսէյ, թիւ 54, 20 փետրուար 1886, էջ 3: 
  20. [20] «Թղթակցութիւնք «Հայրենիք»ի», Հայրենիք, օրագիր ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, թիւ 1309, 12 հոկտեմբեր 1895, էջ 1 (թերթում հաղորդւում է, որ նախքան Շահպաղլեանի նշանակումը, Բաղէշի թեմը «քանի մը տարիէ ի վեր» առանց հովիւի էր, ինչի պատճառով առաջնորդարանի գործերը տխուր վիճակի մէջ էին): Տե՛ս նաեւ Արարատ, ամսագիր, Վաղարշապատ, ապրիլ 1895, էջ 140:
  21. [21] 1900 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1899, էջ 345, 1901 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1900, էջ 407: Եղիշէ վարդապետ (հետագայում` եպիսկոպոս) Չիլինկիրեանը նաեւ յուշեր է թողել, որտեղ ներկայացրել է իր առաջնորդութեան շրջանում տեղի ունեցած որոշ դէպքեր (տե՛ս Եղիշէ եպիսկ. Չիլինկիրեան, Յիշատակներ սաղիմական, ուղեգրական, տեղագրական եւ նամականի, Աղեքսանդրիա, 1920, 118 էջ):
  22. [22] 1902 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1901, էջ 528:
  23. [23] 1903 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1902, էջ 335, ինչպէս նաեւ Ընդարձակ օրացոյցների հետագայ տարիների համապատասխան տուեալները:
  24. [24] 1909 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1908, էջ 323, 1910 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1909, էջ 538:
  25. [25] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., Բ. տպագրութիւն, Թեհրան, 2014, էջ 88:
  26. [26] Նոյն տեղում:
  27. [27] Օրմանեան, Հայոց եկեղեցին..., էջ 262:
  28. [28] Հաշուարկը մերն է` ըստ վիճակացոյցի գիւղացուցակի տուեալների (ՀԲԸՄ Նուպարեան Մատենադարանի արխիւ (ՆՄԱ), APC/BNu, DOR 3/3, ff. 49-52, 60): Տե՛ս նաեւ Ռոբերտ Թաթոյեան, Արեւմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին, տպարան Շիրակ, Պէյրութ, 2022, էջ 83-97:
  29. [29] 1903 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1902, էջ 337. տե՛ս նաեւ 1904 Ընդարձակ օրացոյց Ս. Փրկչեան հիւանդանոցի հայոց, Կ. Պոլիս, 1903, էջ 374:
  30. [30] Օրմանեան, Հայոց եկեղեցին..., էջ 262: 
  31. [31] Հաշուարկը մերն է` ըստ վիճակացոյցի գիւղացուցակի տուեալների (ՀԲԸՄ ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, ff. 49-52):
  32. [32] Հաշուարկը Ռեմոն-Յարութիւն Գէորգեանի` ըստ ՀԲԸՄ ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, f. 60-ի (Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris, ARHIS, 1992, pp. 59, 477):
  33. [33] Historical Sketch of the Missions of the American Board of Commissioners for Foreign Missions, in European Turkey, Asia Minor, and Armenia, New York, 1866, p. 40.
  34. [34] Տե՛ս ամերիկեան «Միշընըրի հերալդի» 1895 թ. տարեգրքում նրա մահախօսականը (Missionary Herald: Containing the Proceedings of the American Board of Commissioners for Foreign Missions with a View of Other Benevolent Operations, for the Year 1895, Vol. XCI, Boston, 1895, pp. 187-188):
  35. [35] Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Boston, Mass. October 2-5, 1860, Boston, 1860, p. 78. Հիմնադրման առաջին տարիներին կայանի առջեւ ծառացած խնդիրների մասին տե՛ս նոյն տեղում, էջ 80-81:
  36. [36] Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Buffalo, New York. September 23-27, 1867, Cambridge, 1867, pp. 75, 77:
  37. [37] Նշուած տարիներին կայանի գործունէութեան մասին տե՛ս Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at St. Louis, Mo., October 18-21, 1881, Boston, 1881, p. 51, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Portland, Maine, October 3-6, 1882, Boston, 1882, pp. 40, 44, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Detroit, Michigan, October 2-5, 1883, Boston, 1883, p. 53, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Columbus, Ohio, October 7-10, 1884, Boston, 1884, pp. 39-40, Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Boston, Mass., October 13-16, 1885, Boston, 1885, pp. 47-48:
  38. [38] Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Cleveland, Ohio, October 2-5, 1888, Boston, 1888, p. 41.
  39. [39] Annual Report of the American Board of Commissioners for Foreign Missions, Presented at the Meeting Held at Minneapolis, Minnesota, October 8-11, 1890, Boston, 1890, p. 47. Ջորջ Քուշինգ Նեփը ծնուել է 1863 թ. Բիթլիսում: 14 տարեկան հասակում ուղարկուել է ԱՄՆ ուսում ստանալու: Դպրոցական կրթությունից յետոյ ընդունուել է Հարդֆորդի աստուածաբանական սեմինարիա, որն աւարտելուց յետոյ վերադարձել է Բիթլիս (տե՛ս Ստեփան Փայասլեան, «Ամերիկացի միսիոներ Ջորջ Փերկինս Նեփի զեկուցագիրը Բիթլիսի հայ բնակչութեան ջարդերի մասին», Բանբեր Հայաստանի արխիւների, 2004, № 2 (104), էջ 17):
  40. [40] Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Անթիլիաս, 2013 (վերահրատարակութիւն), էջ 288: 
  41. [41] Նոյն տեղում: 
  42. [42] Տեղեկագրի շարադրանքը հայերեն թարգմանութեամբ տե՛ս Փայասլեան, «Ամերիկացի միսիոներ Ջորջ Փերկինս Նեփի զեկուցագիրը Բիթլիսի հայ բնակչութեան ջարդերի մասին», էջ 17-29: 
  43. [43] Փայասլեան, «Ամերիկացի միսիոներ Ջորջ Փերկինս Նեփի զեկուցագիրը Բիթլիսի հայ բնակչութեան ջարդերի մասին», էջ 17, տե՛ս նաեւ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 288: 
  44. [44] Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 289: 
  45. [45] Grace H. Knapp, The Tragedy of Bitlis, New York, 1919, pp. 50-51.
  46. [46] Պաշտօնապէս` Նեփ-կրտսերի մահվան պատճառը տիֆ հիվանդութիւնն էր, սակայն լուրեր էին շրջանառւում, որ նրան թունաւորել են (Knapp, The Tragedy of Bitlis, p. 126): Խարբերդում Ա. Մ. Ն.ի հյուպատոս Լեսլի Դեւիսը եւս կասկածներ էր յայտնում միսիոների մահուան պատճառների կապակցութեամբ` նշելով. «Շատ կասկածելի է, թէ արդեօ՞ք տիֆն է նրա մահուան պատճառը, սակայն, ըստ երեւոյթին, չկայ որեւէ ճանապարհ, որի միջոցով ճշմարտութիւնը երբեւիցէ ի յայտ կգայ: ... Հաւանաբար, մենք երբեք չենք իմանայ, արդեօք պրն. Նեփը մահացել է տիֆի՞ց, թէ՞ թունաւորուել է» (United States Official Documents on the Armenian Genocide. Volume III: The Central Lands, Compiled and introduced by Ara Sarafian, Watertown, Mass., 1995, pp. 78-79): 
  47. [47] Henry F. B. Lynch, Armenia: Travels and Studies, vol. 2. The Turkish Provinces, London, 1901, pp. 153-154.
  48. [48] Survey of the Work of the American Board in Turkey. Reprint of the “Orient” of July 6, 1910, Bible House, Constantinople, p. 11.
  49. [49] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան..., էջ 88, 90, Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, էջ 289:
  50. [50] Մանուէլ Կ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց, մասն Ա., Կ. Պօլիս, 1884, էջ 85-88:
  51. [51] ՀԲԸՄ ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, f. 49:
  52. [52] Kemal H. Karpat, Ottoman Population 1830-1914. Demographic and Social Characteristics, Wisconsin, University of Wisconsin Press, 1985, p. 174.
  53. [53] Օրմանեան, Հայոց եկեղեցին..., էջ 262:
  54. [54] Lynch, Armenia: Travels and Studies, p. 153. Բրիտանացի ճանապարհորդը, վկայակոչելով այլ աղբիւրներից քաղուած տուեալներ, նշում է, որ Բիթլիսում հայ կաթոլիկ ընտանիքների թիւը նախկինում հասնում էր 30-ի, սակայն հալածանքների եւ երկպառակութիւնների հետեւանքով 1880-ական թթ, սկզբներին այն իջել էր 9-ի (նոյն տեղում):
  55. [55] Նոյն տեղում:
  56. [56] ՀԲԸՄ ՆՄԱ, APC/BNu, DOR 3/3, f. 49:
  57. [57] Karpat, Ottoman Population 1830-1914..., p. 174.