Մուշ-Սասուն-Բիթլիս (Բաղէշ) - Պանդխտութիւն, արտագաղթ, հայրենադարձութիւն
Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 15/02/2018 (վերջին փոփոխութիւն՝ 15/02/2018)
- Ո՞րտեղից ես։
- Մշեցի։
- Հասկացայ… Եկել ես փարա՜յ վաստակելու… Անունդ ի՞նչ է։
- Օհան։
- Մշու սուլթան սուրբ Օհանէսը քեզ պահապան, - բացականչեց համալը և մի առանձին կարօտով գրկեց իւր հայրենակցին։
Բարեսիրտ ծերունին այլ ևս երկար հարցուփորձի պէտք չունէր։ Բաւական էր, որ իմացաւ, թէ պատանին հայ է և մշեցի, իսկ մնացածը՝ նա արդէն կարող էր հասկանալ… Նա գիտէր, թէ մշեցին ի՛նչ նպատակով է թողնում հայրենի երկիրը, գիտէր, թէ ինչո՛ւ է դուրս գալիս դէպի պանդխտութիւն և Ստամբօլի խառնաշփոթ աղմուկի մէջ ի՛նչ է որոնում… Այդ բոլորը գիտէր նա…, որովհետև ինքն ևս մշեցի էր, ինքն ևս նոյն ճակատագրական դա՜ռն պահանջների պատճառով թողել էր հայրենիքը…
Րաֆֆի «Ղարիբ մշեցին» վիպակից [1]
Պոլսոյ առօրեայ կեանքից պատկեր։ Խորքին երեւում է Նոր Մզկիթը (Ենի Ճամի), որի սկզբնական անունը եղած է Վալիտէ Սուլթան (Աղբիւր՝ L. de Launay, "Kijkjes in Konstantinopel", De Aarde en haar Volken, Haarlem, 1914)։
Բիթլիսի նահանգի հայերի պանդխտութեան և արտագաղթի երևոյթը
Տարօնից և Օսմանեան Հայաստանի (օսմանեան տիրապետութեան տակ գտնուող Հայկական լեռնաշխարհի և կից հայաբնակ այլ շրջանների՝ Փոքր Հայքի եւ Կիլիկիոյ տարածքի հաւաքական անուանում) այլ վայրերից հայերի պանդխտութիւնն ու արտագաղթը դարերից եկող երևոյթ էր, սակայն 1877-78 թթ. ռուս–թուրքական պատերազմից յետոյ այն նոր թափ ստացաւ։ Դա հետևանք էր հայերի նկատմամբ ինչպէս օսմանեան իշխանութիւնների և տեղի քրտական ցեղերի հետզհետէ ուժգնացող հալածանքների` կոտորածների, երկակի` օրինական և ոչ օրինական հարկահանութեան, հողազրկման և ունեզրկման, այնպէս էլ երկրամասի գնալով խորացող ընդհանուր սոցիալ–տնտեսական թերզարգացուածութեան, դրանից բխող՝ հողագործութեան ու անասնապահութեան ցածր եկամտաբերութեան։
Յայտնի գրող և հրապարակախօս Րաֆֆին դեռևս 1875 թ. հետևեալ կերպ էր նկարագրում երևոյթը. «Գաղթականութեան հարցը ամենագլխաւոր տեղն է բռնում Տաճկաստանի հայերի վիճակի մէջ։ Ամեն տարի հազարաւոր երիտասարդներ Վանից, Մուշից, Բաղէշից, Կարինից և այլ գաւառներից դիմում են դէպի Կ. Պօլիս իրենց ընտանիքի համար ապրուստ շահելու։ Այդ հոսանքը գնալով աւելի ընդարձակ քանակութիւն է ստանում, քանի նոյն երկրներում ժողովրդի ապրուստի հնարները դժուարանում են»։ [2]
Ըստ դէպքերին ժամանակակից ծնունդով մշեցի Սարգիս Բդէեանի՝ Տարօնից պանդխտութեան պատճառները հետևեալն էին. «Շատեր որեւէ պատճառով մը կը կորսնցնէին իրենց ունեցածը, կամ սալաֆի [3] պատճառով, կամ տոկոսով պարտքի տակ կ՚իյնային, կամ երկրագործութենէ անպակաս փորձանքներու կ՚ենթարկուէին. ինչպէս` մարախ, տաւարի ցաւ, երաշտ, և այլն, և յուսահատ վիճակի մը մէջ կը ստիպուէին դիմելու պանդխտութեան։ Իսկ 1890էն յետոյ, գաղթականութիւնը ընդհանուր երեւոյթ դարձաւ, ամենամեծ մասով` երկրէն հեռանալու, փախչելու դիտաւորութեամբ, հարստահարութենէ ազատելու, իր կեանքը փրկելու համար»։ [4]
Պանդխտութեան պատճառների մէջ, յատկապէս նախքան համիտեան հակահայկական հալածանքների շրջանը, իրենց դերն էին խաղում նաև սուբյեկտիվ գործոններ` արագ և գիւղատնտեսութեան զբաղմունքի համեմատ` աւելի հեշտ եկամուտ ստանալու ձգտումը։ «Գիւղացին ամբողջ տարին կ՚աշխատէր և հազիւ կրնար հագուստի մը գինը ճարել և իր ընտանիքի անդամներուն մերկութիւնը ծածկել, մինչդեռ տեսաւ, որ ոմանք Պոլիս կ՚երթան, անկից Աթենա, կամ ուրիշ տեղ մը և օրական 10-20 ղրուշ կը շահին։ ...Ան հաշիւ չ՚ընէր թէ մարդը կրնայ գործ չգտնել, կրնայ հիւանդանալ, կրնայ որեւէ դժուարութեան հանդիպիլ...», - նշում է Սարգիս Բդէեանը։ [5]
1890-ական թթ. Հայկական բարձրաւանդակ այցելած անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը արձանագրում էր, որ Բիթլիսի նահանգից հայերի պանդխտութիւնն ու արտագաղթի թափը փոփոխական է իր ուժգնութեամբ` կախուած` բերքը լաւ է, թէ աղետալի, իսկ քիւրտերը քաջալերուած են, թէ զսպուած։ Նա նշում էր, որ նահանգում իր մնալու ժամանակ բազմաթիւ շրջանների հայ գիւղացիներ ջանքեր էին գործադրում իրենց պարտքերը մարելու և երկրից հեռանալու թոյլտւութիւն ստանալու ուղղութեամբ։ Շատերը տեղափոխւում են ռուսական սահմանին մօտ` քիւրտերից ապաստան փնտռելու նպատակով։ [6]
Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան գլխաւոր զբաղմունքը գիւղատնտեսութիւնն էր։ Հողագործութեամբ և անասնապահութեամբ զբաղուող հայերի մեծ մասը գտնւում էր ծանր պարտքերի բեռի տակ, և պանդխտութիւնը դիտւում էր այդ բեռը թօթափելու հիմնական միջոցներից մէկը։ «Տարօնցի հայք ամենն ալ գրեթէ պարտուց տակ ընկճուած են, ստակի տէր մարդ դժուարին է գտնել մէջերնին, իրենց պարտք ընդհանրապէս տաճիկներու և քրդերու է ծանր տոկոսով», – նշւում է 1890-ական թթ. վերաբերող մի վկայութեան մէջ։ [7] Որպէս պարտքի կուտակման պատճառ առանձնացւում էին «երկրագործութեան անյաջողութիւնները և հարստահարութիւնները»։ [8] Հայը դիմում էր պանդխտութեան «պարտքէն ազատելու և ապրելու ճար մը գտնելու յուսով, ուր կամ ...կը մեռնի կամ քանի մը տարիէն կը վերադառնայ քիչ ստակով և կամ ձեռնունայն, և պանդխտութիւնը, որուն արդէն վարժուած կ՚ըլլայ, երկրագործութենէն լաւ համարելով` նորէն շուտով կը վերադառնայ, մինչև որ պանդխտութեան զոհ ըլլայ»։ [9]
Հալէպից տեսարան (Աղբիւր՝ Lamec Saad, "Zestien Jaar als Quarantaine-Artsin Turkije", De Aarde en haar Volken, Haarlem, 1917)։
Բիթլիսի նահանգից պանդխտութեան հիմնական ուղղութիւններն էին Կովկասը` այնտեղ էին գնում նահանգի արևելեան շրջաններից հայերը, Պոլիսն ու Զմիւռնիան` նահանգի արևմտեան շրջանների հայերի նախընտրելի ուղղութիւնը, Կիլիկիան և Հալէպը` այդ ուղղութիւններով մեծ էր Սասունի և Սասունից հարաւ ընկած այլ շրջանների հայութեան հոսքը։ [10]
Մշեցի և սասունցի պանդուխտները, չլինելով որևէ արհեստի տէր մարդիկ, որպէս ոչ որակեալ աշխատուժ, իրենց պանդխտութեան վայրերում ներգրաւուած էին ամենածանր աշխատանքների մէջ` հիմնականում ծառայելով որպէս բեռնակիրներ (համալներ) մայրաքաղաքի և այլ ծովեզրեայ առևտրային քաղաքների նաւահանգիստներում, օրավարձու բանուորներ՝ փռերում և ջրաղացներում (Հալէպ), երկաթգծերի շինարարութեան մէջ (Կիլիկիա) և այլն։
Մուշի տարբեր բնակավայրերից պանդխտութեան աշխարհագրութեան մասին պատկերացում է տալիս Սարգիս Բդէեանի յուշերից հետևեալ հատուածը. «Այդ շրջանին զանազան կեդրոններու մէջ, բեռնակրութեան որոշ դիրքեր Մշեցւոց ձեռքը մնացած էին։ ․․․Պոլսոյ մաքսատան բանուորներուն մէջ մեծ թիւ մը կը կազմէին Մշեցի ջրհանկիրները և անուն հանած էին իրենց կռուազանութեամբ։ ․․․Շատ մը վաճառատուներու պահապաններն էին Մշեցիները։ Իզմիրի մէջ, կարգ մը հայ վաճառականներու քով` նորէն Մշեցիներ տեղաւորուած էին իբրեւ բեռնակիր և պահապան։ Սպարթալիի, Սիվրիսարեանի, Պաքըրճեանի, եւ այլն, խաներուն մէջ բաւական թիւով Խասգիւղցիներ, Արաղցիներ կ՚աշխատէին։ Էտիրնէ, քանի մը շոգեշարժ ջրաղացներու մէջ կ՚աշխատէին Արտօնքցիներ, Խարսեցիներ, Վարդենիսցիներ։ Տէտէաղաճ, իբրեւ նաւահանգիստ, բաւական թիւով գիւղացիներ կ՚աշխատէին։ Հոս աւելի յարմար գետին մը գտան` ընտանիքով հաստատուելու համար։ ...Շատերը ցրուած են Պուլկարիոյ զանազան քաղաքները և կայարանները, ուր որ կրցած են գործ գտնել։ ...Նոյնպէս մեծ թիւով Մշեցիներ կը գտնուէին Ռումանիոյ Կալաց, Իպրայիլ և Ճորճովա քաղաքներուն մէջ»։ [11]
Պանդուխտները որպէս կանոն իրենց կեանքն անցկացնում էին ծայրայեղ թշուառութեան մէջ` կենցաղային տարրական պայմաններից զուրկ նկուղային կացարաններում, յաճախ իրենց տալով գինեմոլութեանը, ծխամոլութեանն ու խաղամոլութեանը։ Նման ապրելակերպը անշուշտ յանգեցնում էր պանդուխտների բարձր մահացութեան մակարդակին։ Այսպէս, 1900-ական սկզբներին Հալէպում սասունցի պանդուխտների կեանքը նկարագրող մի վկայութիւնում նշւում է. «Սասունցիք փուռերու վատառողջ մթնոլորտին տակ կեղտոտ ու անխնամ կեանք մը վարող դժբախդ արարածներէ կազմուած են, որոնք հակառակ իրենց զօրաւոր հսկայ կազմին, հետզհետէ կը ծիւրին... եւ անհամար զոհեր կու տան, իսկ նիւթապէս ալ իրարու դէմ մրցելով իրարու կը վնասեն եւ շահածնին եւս վաշխառուներու քսակը կը լեցնեն... այս խեղճերը իրենց տգիտութեան հետ խաղամոլ, ծխամոլ ու գինեմոլ ալ են»։ [12]
Հալէպ պանդխտութեան մեկնած սասունցիները «գետնափոր նկուղներու տամուկ անկիւնները կեանք վարելով, տարաժամ կը զառամին ու կը կորսնցնեն իրենց առողջութիւնը»։ Որպէս հետևանք` պանդուխտ սասունցիների մահուան տարիքի միջին թիւը 27–ից չէր անցնում։ [13]
Պանդխտութիւնը բազմաթիւ դժուարութիւններով ուղեկցուող զբաղմունք էր։ Պանդուխտի վաղուայ օրուայ անորոշութեանն ու մտահոգութեանը գումարւում էր անվտանգութեան ի սպառ բացակայութիւնը։ Պանդուխտներից շատերը ճանապարհին յարձակման էին ենթարկւում, ձերբակալւում, սպանւում, վիրավորւում։ Մանաւանդ վտանգաւոր էր ռուս–թուրքական սահմանն անցնելը, ինչը շատերին չէր յաջողւում, և ամիսներ շարունակ նրանք մուրացկանի վիճակում թափառում էին սահմանամերձ շրջաններում։ Պանդխտութիւնից վերադարձողներին սպառնում էր ճանապարհին ոչ միայն կողոպտուելու, իրենց վաստակած փողից զրկուելու, այլ յաճախ նաև կեանքից զրկուելու վտանգը։ [14]
Շատ պանդուխտներ այդպէս էլ չէին կարողանում կամ չէին ուզում վերադառնալ` համալրելով նահանգից ընդմիշտ հեռացած հայերի թիւը։ Ինչպէս օսմանեան տիրապետութեան տակ գտնուող Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների, այնպէս էլ Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան մշտական արտագաղթի հիմնական ուղղութիւններն էին Ամերիկայի Միացեալ Նահանգները և Ռուսական կայսրութիւնը։ Բիթլիսի նահանգից հայերի` դէպի ԱՄՆ արտագաղթին նպաստեցին 19-րդ դարի կէսերին Մուշ և Բիթլիս քաղաքներում աւետարանական համայնքների ստեղծումը, [15] ամերիկեան բողոքական միսիոներների կրթական գործունէութիւնը։
Նշուած տարիներին Բիթլիս քաղաքում գործում էին աւետարանական համայնքին պատկանող երկու գիշերօթիկ վարժարաններ` նախատեսուած առանձին աղջիկների և տղաների համար, ինչպէս նաև ամերիկեան որբանոց։ [16] Բիթլիսում հաստատուած ամերիկեան միսիոներներից մէկը 1887 թ. թուագրուած իր զեկուցագրում նշում էր, որ այդ ուսումնական հաստատութիւնների հայ ուսանողներից և ուսուցիչներից շատերը մեկնում են ԱՄՆ` Կալիֆոռնիայում այդ ժամանակ նկատուող մեծ տնտեսական աշխուժացման պայմաններում փող վաստակելու ակնկալիքով. «Այստեղի խեղճ, ծեծուած մարդկանց կարծիքով գնացողները մեծ կարողութեան տէր են դառնում կամ աներևակայելի մեծ աշխատավարձ են ստանում։ Երևակայութիւնը գրգռող վառ պատմութիւնները քաջալերում են երիտասարդների մէջ արտագաղթը, ինչին նպաստում է նաև նրանց անգլերէնը սովորեցնելը»։ [17]
1) Բեռնակիր (համալ)։ Լուսանկարը հաւանաբար պատկանում է Սապա եւ Ժօուէյէ լուսանկարչատան, 19-րդ դարի վերջաւորութիւն (Աղբիւր՝ Վազգէն Խաչիկ Դաւիթեանի հաւաքածոյ, Լոնտոն)։
2) Համալ (լուսանկարչատան պատկեր)։ Լուսանկար Ապտուլլահ եղբայրների, 9-րդ դարի վերջաւորութիւն (Աղբիւր՝ Վազգէն Խաչիկ Դաւիթեանի հաւաքածոյ, Լոնտոն)։
Աբդուլ Համիդի վարչակարգը ձգտում էր խոչընդոտել հայերի` յատկապէս դէպի ԱՄՆ արտահոսքը, երկիւղ կրելով, որ նրանցից ոմանք հետագայում` ԱՄՆ քաղաքացիութիւն ձեռք բերելուց յետոյ, կարող են վերադառնալ Օսմանեան կայսրութեան տարածք և այնտեղ յեղափոխական գործունէութիւն ծաւալել` որպէս ԱՄՆ քաղաքացիներ օժտուած լինելով համապատասխան անձեռնմխելիութեամբ։ [18] Հայերի արտագաղթը սահմանափակելու քայլերից էր 1892 թ. կէսերին հայերին դէպի Օսմանեան կայսրութեան նաւահանգիստներ ներքին ճանապարհորդական թոյլտւութիւնների`թեսքերէների (պաշտօնաթուղթ) տրամադրելու կարգի խստացումը։ [19] Մշտական արտագաղթը աճի միտումներ դրսևորեց յատկապէս 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ, երբ վերացուեցին երկրից դուրս մեկնելու` աբդուլհամիդեան վարչակարգի կողմից մտցուած սահմանափակումները։ [20] Դրա հետ մէկտեղ պէտք է արձանագրել, որ երկրում սահմանադրական կարգերի հաստատման, աբդուլհամիդեան ճնշումների մթնոլորտի թուլացման և արևմտահայ հասարակական–քաղաքական կեանքի աշխուժացման պայմաններում, 1908-1914 թթ. նկատուեցին յատկապէս ռուսական Կովկաս արտագաղթած հայերի` դէպի Վանի, Բիթլիսի և Էրզրումի նահանգներ հայրենադարձութեան միտումներ:
Բիթլիսի նահանգից հազարաւոր հայերի համար պանդուխտութեան հիմնական ուղղութիւններից էր Կ.Պոլիսը։ Հայագէտ Հրաչեայ Աճառեանի տուեալներով՝ Սկիւտարի թաղամասի հայ բնակչութիւնն ի սկզբանէ կազմուած էր Մուշից գաղթած հայերից։ [21]
XIX դարի 90–ական թթ. Պոլսի մէջ կար 60,000 հայ գաղթական, որոնք ըստ իրենց նախկին բնակութեան վայրերի մասնագիտացած էին առանձին զբաղմունքների մէջ։ Այսպէս, ակնեցի հայերի հիմնական զբաղմունքն էր սեղանագործութիւնը, վանեցիների` բեռնակրութիւնն ու խոհարարութիւնը, մշեցիների` բեռնակրութիւնը, կեսարացիների` որմնադրութիւնը և ներկարարութիւնը, սեբաստացիների` բաղնեպանութիւնը, երզնկացիների`սուրճի վաճառքը։ [22]
Ինչպէս և այլուր, Պոլսում մշեցի պանդուխտներից շատերը ծայրայեղ թշուառ կեանք էին վարում, սովի, զրկուածութեան և հիւանդութիւնների զոհ էին դառնում մայրաքաղաքի քարավանսարաների, բաղնիքների և սրճարանների նկուղների «մութ և գաղջ պատերի մէջ»։ [23]
Հայ համալները` որպէս Կ. Պոլսի հայ բնակչութեան առաւել անպաշտպան և խոցելի խումբ, Բանկ Օտոմանի գրաւման գործողութիւնից յետոյ 1896 թ. օգոստոսի 26-29-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ջարդերի հիմնական թիրախներից էին` տալով մեծ թիւով զոհեր։ Դէպքերին ժամանակակից գերմանացի լրագրող Մազդա Նէօյմաննը գրում է. «Համալները` Բիթլիսի, Վանի, Խարբերդի վիլայեթների հողագործ բնակչութեան թարմ ուժերն էին, որոնք քրդերի ճնշումների և թուրք պաշտօնեաների կեղեքումների հետևանքով կտրուել են իրենց սնող հողից։ Ամեն տարի հազարներով նրանք ձգտել են Կոստանդնուպոլիս, Զմիւռնիա և եւրոպական ու ասիական Թուրքիայի այլ ծովեզերեայ քաղաքներ` ծանր ֆիզիկական աշխատանքով վարձատրուելու նպատակով.... 1896 թ., Կոստանդնուպոլսում համալների կոտորածից յետոյ, թուրքերը ստիպուած էին նրանց (առժամանակ – Ռ.Թ.) փոխարինել քրդերով»։ [24]
1896, Պոլիս. տեսարանը ներկայացնում է Ոսկեղջիւրը միացնող Ղալաթիայի կամուրջը։ Հեռուն նշմարելի է Ղալաթիայի աշտարակը (Աղբիւր՝ Quaker & Special Collections, Haverford College, Haverford, PA)։
Մուշից մեկնած պանդուխտները երկար ժամանակ` երբեմն վեց-եօթ և աւելի տարիներ չէին վերադառնում իրենց տները, յաճախ որևէ կերպ չէին տեղեկացնում իրենց որպիսութեան մասին` թողնելով իրենց կանանց և ընտանիքներին իրենց ճակատագրի վերաբերեալ անյայտութեան մէջ։ Տեղական հայ եկեղեցական կառոյցները քայլեր էին ձեռնարկում խնդրին լուծում տալու համար։ Այսպէս, 1899 թուականին Մշոյ վիճակի առաջնորդական տեղապահ Բաբգէն ծայրագոյն Վարդապետ Կիւլեսէրեանը անգամ յատուկ դիմում է գաւառից երկար ժամանակով բացակայ հայ պանդուխտներին շրջաբերական նամակով, որով յորդորում է նրանց սեփական որպիսութեան մասին լուր ուղարկել իրենց կանանց։ Բաբգէն Վարդապետի շրջաբերական նամակում յայտարարւում էր, որ եթէ երեք ամսուայ ընթացքում պանդուխտները նման նամակներ չուղարկեն, ապա տեղապահը իրեն իրաւունք է վերապահելու անգամ արտօնել նրանց կանանց վերստին ամուսնանալը։ [25]
Բիթլիսի նահանգից հայերի պանդխտութեան և արտագաղթի ամբողջական վիճակագրութիւն գոյութիւն չունի։ Առկայ են տուեալներ առանձին բնակավայրերից, լաւագոյն դէպքում առանձին գաւառակների հայաբնակ գիւղերից պանդուխտների թիւի վերաբերեալ։ Այսպէս, 1883 թ. Օսմանեան Հայաստանի նահանգներով ճանապարհորդած Մանուէլ Միրախորեանը նշում է, որ Մշոյ դաշտի խոշոր հայկական բնակավայրերից մէկից` Խասգիւղից, Կ. Պոլիս էր պանդխտել մօտ 400 մարդ (գիւղում նա հաշւում է 300 տուն հայ), իսկ համաձայն 1913-14 թթ. Հայոց պատրիարքարանի մարդահամարի տուեալների` Խասգիւղից պանդուխտների թիւը 380 էր (340 տուն հայ)։ [26] 1880-ական թթ. վերջերին միայն Յունաստանի Կորնթոսի պարանոցի ջրանցքի կառուցման աշխատանքներում ներգրաւուած էր 2,000-3,000 մշեցի պանդուխտ։ [27]
Հայոց պատրիարքարանի 1913–14 թթ. մարդահամարի հարցաթերթիկի հարցերից մէկը վերաբերում էր պանդուխտների թիւին։ Նոյն հարցաթերթիկի «ընդհանուր ծանօթութիւն» սիւնակում առաջարկւում էր նշել, թէ յատկապէս որ երկրներում են գտնւում պանդուխտները։ Համաձայն հաւաքուած տուեալների` Մուշի գաւառի Սասունի գաւառակում հաշուառուել էր 706 պանդուխտ, իսկ որպէս պանդխտութեան վայր նշուել էր գրեթէ բացառապէս Հալէպը։ [28]
Բիթլիսի գաւառի Բիթլիսի և Խլաթի գաւառակներում հաշուառուել էր 4,449 պանդուխտ (համեմատութեան համար` նոյն տարածքում մարդահամարի ընթացքում հաշուառուած առկայ ընդհանուր բնակչութեան թիւը 35,776 էր, այսինքն պանդխտութեան մէջ էր գտնւում Բիթլիսի և Խլաթի գաւառակների հայ ընդհանուր բնակչութեան շուրջ 10% և, համապատասխանաբար, քանի որ պանդխտութեան էին դիմում գրեթէ բացառապէս տղամարդիկ, հայ արական բնակչութեան շուրջ 20%-ը)։ Տուեալ տարածքի համար որպէս պանդխտութեան երկրներ նշւում էին Ռուսաստանը և ԱՄՆ։ [29]
Բուլանըխի գաւառակում 1913-14 թթ. մարդահամարի տուեալներով գրանցուել էր 5,691 պանդուխտ (հայ բնակչութեան ընդհանուր թիւը` 24,476 շունչ)։ Որպէս պանդխտութեան վայր նշւում էր բացառապէս Ռուսաստանը։ [30]
1913-14 թթ. մարդահամարի ընթացքում Մուշի գաւառակում (մօտաւորապէս համապատասխանում է Մշոյ դաշտի տարածքին) գրանցուել էր 3,026 պանդուխտ (առկայ հայ բնակչութեան թիւն ըստ նոյն տուեալների` 65,441 շունչ)։ Պանդխտութեան աշխարհագրութիւնը խայտաբղէտ էր, ինչպէս երկրի ներքին շրջաններ` Պոլիս, Հալէպ, Իզմիր, Խնուս, Էրզրում/Կարին, այնպէս էլ արտերկիր` Ռուսաստան, ԱՄՆ, Ռումինիա։ [31]
Գենջի գաւառի Խուլփի գաւառակում (Խիանքի և Խուլփի գիւղախմբեր) 1913-14 թթ. մարդահամարի տուեալներով հաշուառուել էր 405 պանդուխտ (առկայ հաշուառուած հայ բնակչութեան թիւը` 8,316 շունչ)։ Այսինքն պանդխտութեան մէջ էր շրջանի հայ արական բնակչութեան շուրջ 10%–ը։ Որպէս պանդխտութեան վայր գրեթէ բացառապէս նշւում էր Հալէպը, առանձին դէպքերում` Էրզրումը և Դիարբեքիրը։ [32]
Վերոնշեալ տուեալների հիման կարելի է ենթադրել, Մեծ եղեռնի նախօրեակին պանդուխտ էր Բիթլիսի նահանգի Բիթլիսի և Մուշի գաւառների ընդհանուր հայ բնակչութեան շուրջ 7-8%-ը կամ հայ արական բնակչութեան շուրջ 14-15%–ը։ Հաշուի առնելով, որ աղբիւրները չեն հաղորդում Սղերդի գաւառի հայ բնակչութեան շրջանում պանդխտութեան երևոյթի տարածուած լինելու մասին և մարդահամարի հարցաթերթերում նշուած գաւառից պանդուխտների թուաքանակի վերաբերեալ տուեալներ բացակայում են, ապա նշուած գաւառի հայ բնակչութեան թիւի աւելացմամբ պանդխտութեան տոկոսային յարաբերակցութիւնը ամբողջ Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան նկատմամբ պէտք է մի փոքր նուազ լինի` 12-13%։ [33]
Հալէպի խաներից Խան Սապունը (Աղբիւր՝ Lamec Saad, "Zestien Jaar als Quarantaine-Artsin Turkije", De Aarde en haar Volken, Haarlem, 1917)։
Հայերի հայրենադարձութիւնը Բիթլիսի նահանգ 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ
1908 թ. յուլիսին Մակեդոնիայում բռնկուած զինուած ապստամբութեան արդիւնքում Օսմանեան կայսրութիւնում վերականգնւում է դեռևս 1876 թ. ընդունուած սահմանադրութեան գործողութիւնը։ Սուլթանի լիազօրութիւնները էապէս սահմանափակւում են, իշխանութիւնն ի վերջոյ անցնում է «Միութիւն և առաջադիմութիւն» («Իթթիհադ վէ թերրաքը») երիտթուրքական կուսակցութեան պարագլուխների ձեռքը, որոնք կառավարում են երկիրը (1912 թ. ապրիլից առ 1913 թ. յունուարի 23 որոշակի ընդմիջմամբ) մինչև Առաջին աշխարհամարտի վերջ։
Սահմանադրութեան հռչակումից անմիջապէս յետոյ երիտթուրքերը քայլեր են ձեռնարկում Աբդուլ Համիդի վարչակարգի «զուլումի» քաղաքականութեան որոշ տարրերը վերացնելու, հասարակական–քաղաքական կեանքը ազատականացնելու ուղղութեամբ։ Կայսրութեան հայերի օգտին անցկացւում են որոշ բարելաւումներ` վերացւում է արեւելեան հայաբնակ նահանգներում հաստատուած արտակարգ ռեժիմը, որը սահմանափակում էր հայերի` գաւառից գաւառ, գիւղից քաղաք տեղափոխուելու, արտերկիր մեկնելու իրաւունքը, թոյլատրւում է կոտորածների ու հալածանքների հետևանքով երկրից փախած հայերին ետ վերադառնալ, բանտերից ու աքսորավայրերից արձակւում են բազմաթիւ հայ կալանաւորներ, դադարեցւում է հայդուկների հետապնդումը, ինչի շնորհիւ շատերը դուրս են գալիս թաքստոցներից և վերադառնում իրենց տները, մեծացւում է հայերի ներկայութիւնն ու կշիռը տեղական կառավարման մարմիններում և այլն։ [34]
Ծագումով մշեցի դէպքերին ականատես Միսաք Բդէեանը, անշուշտ որոշակի չափազանցութեամբ, հետևեալ կերպ է նկարագրում 1908 թ. Սահմանադրութեան հռչակումից յետոյ առաջ եկած նոր իրողութիւնները. «Մշոյ գաւառի ամբողջ հայութիւնը լայն շունչ մը առաւ. այլեւս չկային նախկին հարստահարութիւնները, տուրքերու ապօրինի գանձումները, ժանտարմներու վատ արարքները, միւլթեզիմներու [35] կողմէ գիւղերու թալանումը, խաֆիրութեան [36] տուրքը... Հայութիւնը, որ իր հոգեվարքի վերջին օրերը կ'ապրէր, նորէն սկսաւ վերակենդանանալ, իր աշխատունակութեամբ, տոկունութեամբ և ջանասիրութեամբ, դեռ մէկ երկու տարի չանցած, ամէն բանի տէր դարձաւ»։ [37]
1) Հալէպի առօրեայ կեանքից մի տեսարան (Աղբիւր՝ Ernest Chantre, "Van Beyroeth naar Tiflis", De Aarde en haar Volken, Haarlem, 1890)։
2) Պոլիս. մի բեռնակիր շրջապատուած փողոցային շներով։ Լուսանկար Ապտուլլահ եղբայրների, 19-րդ դարի վերջաւորութիւն, Մաքս Ֆրուխթերմաննի բացիկ (Աղբիւր՝ Վազգէն Խաչիկ Դաւիթեանի հաւաքածոյ, Լոնտոն)։
Համիդի իշխանութեան տարիներին քրդերի միջոցով հայերին զսպելու քաղաքականութեան հետևանքով, քաղաքականութեան, որով նրանց փաստացի արտօնւում էր փաստացի անպատիժ գործել հայերի նկատմամբ ցանկացած ապօրինութիւն, քիւրտ աղաներին յաջողուել էր տիրանալ հայերին պատկանող բազմաթիւ վարելահողերի, քրդացնել բազմաթիւ հայկական բնակավայրեր, դրամի շորթման ռեժիմ հաստատել Բիթլիսի նահանգի առանձին շրջանների հայկական գիւղերի նկատմամբ։ Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ քրդերը` որպէս Աբդուլ Համիդի ռեժիմի յենարան ուժ, որոշ չափով կորցրեցին իրենց նախկին արտօնեալ կարգավիճակը։ Զգալիօրէն թեթևացաւ նահանգի հայերի նկատմամբ նրանց կողմից հաստատած լուծը։
Վերոնշեալ գործընթացների հետևանքով` Օսմանեան կայսրութիւն սկսեցին վերադառնալ նախկին ժամանակաշրջանում Բալկանեան երկրներում և Կովկասում հանգրուանած տարագիրներից շատերը։ Համաձայն Բիթլիսում ռուսական հիւպատոս Վ. Շիրկովի 1909 թ. սեպտեմբերի զեկուցագրի տուեալների` 1909 թ. սկզբներին Տարօն էր արդէն վերադարձել մօտ 5,000 մարդ։ Հիւպատոսը նաև նշում էր, որ Ռուսաստանից Օսմանեան կայսրութիւն վերադարձող հայերի քանակը գնալով մեծանում է։ [38] Ըստ մամուլում հրատարակուած տուեալների` 1909 թ. սեպտեմբերի դրութեամբ հայրենիք էր վերադարձել մօտ 20,000-25,000 վանեցի և մշեցի հայ։ [39]
Բիթլիսի նահանգ աստիճանաբար սկսեցին վերադառնալ նաև քրդերի ճնշումների հետևանքով ներքին տեղահանուած` այսինքն հարևան նահանգներում ապաստան գտած որոշ հայեր։ Մասնաւորապէս, այդ երևոյթի մասին արձանագրում է 1910 թ. սեպտեմբերին Խութ–Բռնաշէնի գիւղերով ճանապարհորդած Արշակ Սաֆրաստեանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Դիարբեքիրում բրիտանական փոխհիւպատոսի պաշտօնը, իր ուղևորական նօթերում։ [40] Այսպէս, նա նշում է, որ Խութ–Բռնաշէնի շրջանի Գեղոնք (Գելոնք) բնակավայրում 1907–ին գրեթէ հայ չէր մնացել, սակայն 1910-ին իր այցելութեան ժամանակ գիւղը համեմատաբար շէն էր և բարգաւաճ։ Գիւղի հայ մեծաւորի խօսքերով, մօտակայ ժամանակներում գիւղ պէտք է վերադառնային նախկինում դէպի Խնուս փախած չորս ընտանիք։ [41]
Համալներ Պոլիսի մէջ։ Լուսանկար Սապա եւ Ժօուէյէի, 19-րդ դարի վերջաւորութիւն (Աղբիւր՝ Վազգէն Խաչիկ Դաւիթեանի հաւաքածոյ, Լոնտոն)։
Իր բնակչութիւնը սկսել էր վերականգնել և նոյն շրջանի Լորտնձոր (Լոդըձոր) բնակավայրը։ Եթէ 1907 թ. Ա. Սաֆրաստեանի այցելութեան ժամանակ այնտեղ կար ընդամէնը 7 տուն հայ, ապա 1910–ին գիւղի հայ տների թիւը հասել էր 23–ի։ «Այժմ սահմանադրութենէն յետոյ վերադարձած էին փախստականներ եւ դեռ պիտի գային ուրիշներ», – նշում է հեղինակը։ [42]
Դրա հետ մէկտեղ, 1912 թ. հոկտեմբերին Տարօնի թեմի հոգևոր առաջնորդ Ներսէս Եպիսկոպոս Խարախանեանը Տարօնի հայութեան վիճակին նուիրուած իր զեկուցագրերից մէկում արձանագրում էր. «Օսմանեան սահմանադրութեան հռչակումը որքան որ մեծ խանդավառութեամբ ընդունուեցաւ բոլոր հայերու կողմանէ` սակայն անոր արդիւնքը չեղաւ այն, ինչ որ կ՚ակնկալէր ճնշուած ժողովուրդը. իրաւ է, մէկ երկու տարի մասնակի խաղաղութիւն մը և ապահովութիւն տիրեց ու երթևեկութիւնները դիւրացան, բայց հիմնական բարենորոգում մը և բարեկարգութիւն մը երբեք չգործադրուեցաւ և մեր թեմի մութ անկիւնները, ինչպէս են Սասուն, Խոյթ, Բռնաշէն, Մօտկան և այլն, նոյն իսկ ենթարկուած մնացին հնէն ի վեր տիրող բռնութեանց ներքև և որ աստիճան մը աւելի ծանրացաւ. որովհետև ի լուր սահմանադրութեան ճնշուածները շարժում մ’ըրին անոնց լուծը թօթափելու, սպանութիւններ, առևանգութիւններ և աւարառութիւններ ու գողութիւններ շարունակուեցան և չարագործները մնացին անպատիժ »։ [43]
Բիթլիսի նահանգ վերադարձող հայերը բախուեցին մի շարք խնդիրների, որոնցից ամենակարևորն ու սուրը հողայինն էր` աբդուլհամիդեան բռնաճնշումների տարիներին քուրդ և թուրք խոշոր հողատէրերի կողմից տարբեր ճանապարհներով հայերից խլուած հողակտորները հետ ստանալու հարցը։ «Հայերը բռնութեան շրջանին ոչ միայն կողոպտած էին, ոչ միայն հազարաւոր պատուական կեանքեր զոհուած էին, այլ Համիտի հայաջինջ քաղաքականութենէն քաջալերուած թուրք ու քիւրտ պէյեր ու աղաներ հայերու կալուածներ յափշտակած էին. գիւղ չկայ, որ այդ զրկանքին ենթարկուած չըլլար։ ...Այս մասին մանաւանդ անտանելի է այն հայերու վիճակը, որոնք ժամանակին սուրէ և հուրէ փախչելով գաղթած էին աստ ու անդ. մեծ մասը ռուսական հողի վրայ ապաստանած ու սահմանադրութեան լուրը առնելով վերադարձած էին հայրենիք. ասոնք մինչև այսօր էլ չկրցան ձեռք ձգել իրենց կալուածները ու կը մնան երեսի վրայ դռնէ դուռ թափառական, ոչ վարելահող ունեն և ոչ տուն–բնակարան, ոչ ոք կը գթայ անոնց արտասուքներուն», – նշում է Ներսէս եպիսկոպոս Խարախանյանը։ [44]
Չնայած Օսմանեան կայսրութեան հայերի առջև ծառացած բազմաթիւ խնդիրների չլուծուած մնալուն, ինքնին կենտրոնական իշխանութիւնների կողմից սիստեմատիկ հալածանքների թուլացման փաստը բարենպաստ ազդեցութիւն ունեցաւ Բիթլիսի նահանգի հայ բնակչութեան թուաքանակի աճի վրայ։ Մուշի գաւառի Մուշի, Մալազկիրտ/Մանազկերտի և Բուլանըխի գաւառակների հայաբնակ բնակավայրերի հայ բնակչութեան թուաքանակի համար մենք բացառիկ հնարաւորութիւն ունենք համեմատելու մէկ աղբիւրի` Մշոյ թեմի առաջնորդարանի քարտուղար Նազարէթ Մարտիրոսեանի կողմից կազմած երկու վիճակագրական ցուցակ, որոնցից մէկը վերաբերում է 1909 թ. սկզբի, միւսը` 1914 թ. վերջի – 1915 թ. սկզբի դրութեանը։ Ինչպէս կարող ենք տեսնել Աղիւսակ 1–ում, եթէ 1909 թ. տուեալներով երկու ցուցակում համընկնող Մշոյ դաշտի 90 հայաբնակ բնակավայրերում կար 7,595 տուն հայ, ապա 1914 թ. արդէն հաշուառուել էր 9,516 տուն, 82,361 շունչ հայ։ Այսպիսով, ըստ Ն. Մարտիրոսեանի տուեալների՝ Մշոյ դաշտի հայաբնակ գիւղերի հայ բնակչութեան աճը վեց տարուայ ընթացքում կազմել է շուրջ 25% կամ տարեկան միջինը 4%–ից աւելի (եթէ տարածենք 1914 թ. վերաբերող տուեալի մէկ տանն ընկնող շնչերի միջին թիւ 8,6-ը 1909 թ. տների թիւի վրայ, ապա Մշոյ դաշտի նոյն 90 բնակավայրերի համար շնչերի թիւը 1909 թ. 65,735 էր)։ [45]
Նոյնպէս, համաձայն Ն. Մարտիրոսեանի տուեալների՝ Մալազկիրտ գաւառակի երկու ցուցակներում համընկնող 34 անուն բնակավայրերում 1909 թ. կար 1,082 տուն հայ, 1914 թ.` 1,305 տուն հայ` 10,808 շունչ բնակչութեամբ (տների թիւի աճը` 20.6% կամ տարեկան 3.4% (տե՛ս Աղիւսակ 2)։ [46] Բուլանըխի գաւառակի պարագայում հայ տների թիւը երկու ցուցակներում համընկնող 24 բնակավայրերում 2,393-ից (1909 թ.), բարձրացել էր մինչև 3,324-ի (1914 թ.)` 38,9%-ով կամ տարեկան շուրջ 6.5%-ով (տե՛ս Աղիւսակ 3)։ [47] Անշուշտ բնակչութեան նման բարձր աճի տեմպը պայմանաւորուած էր ոչ միայն բնական աճով, այլ նաև հայրենադարձութեամբ։ [48]
1914 թ. փետրուարի 8-ին ստորագրուեց ռուս-թուրքական համաձայնագիրը, որով նախատեսւում էին բարենորոգումներ իրականացնել կայսրութեան արեւելեան հայաբնակ նահանգների տարածքում։ Այդ համաձայնագրի դրոյթների կեանքի կոչելն անշուշտ բարելաւելու էր հայութեան կացութիւնը և դրանով նպաստելու էր դէպի Բիթլիսի նահանգ հայերի հայրենադարձութեան միտումների ամրապնդմանը։ Սակայն յայտարարուած բարեփոխումներն այդպէս էլ մնացին միայն թղթի վրայ. երիտթուրքական կառավարութիւնն Առաջին աշխարհամարտի բռնկումից անմիջապէս յետոյ չեղեալ յայտարարեց բարեփոխումների համաձայնագիրը՝ մեկնարկ տալով Օսմանեան կայսրութիւնում հայ բնակչութեան բնաջնջման միջոցով Հայկական հարցի վերջնական լուծման իր ծրագրին:
1) Մարտիրոս Խաչմերեանի «Կեանք հայ պանդխտաց» գիրքի (Պոլիս, 1876) երեսի նկարը։
2) Մի բեռնակիր Պոլիսի մէջ (Աղբիւր՝ Amand von Schweiger-Lerchenfeld, Zwischen Donau und Kaukasus, Wien/Pest/Leipzig, 1887)։
Աղիւսակ 1. Մշոյ գաւառակի հայ բնակչութեան թուաքանակն ըստ Նազարէթ Մարտիրոսեանի` 1909 թ. և 1914 թ. տուեալների
Աղբիւր Սկիւտարի մէջ, Պոլիս (Աղբիւր՝ Julia Pardoe, The Beauties of the Bosphorus -պատկերազարդում՝ William H. Bartlett-, London, 1839)։
Աղիւսակ 2. Մալազկիրտի գաւառակի հայ բնակչութեան թուաքանակն ըստ Նազարէթ Մարտիրոսեանի` 1909 թ. և 1914 թ. տուեալների
Պոլիսի Մեծ պազարիս մի տեսարան (Աղբիւր՝ Julia Pardoe, The Beauties of the Bosphorus -պատկերազարդում՝ William H. Bartlett-, London, 1839)։
Աղիւսակ 3. Բուլանըխի գաւառակի հայ բնակչութեան թուաքանակն ըստ Նազարէթ Մարտիրոսեանի` 1909 թ. և 1914 թ. տուեալների
- [1] Արձագանք, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ, Թիֆլիս, 10 օգոստոսի, 1886, №30, էջ 388։
- [2] Մշակ, 1875, յունուարի 16, №2։
- [3] «Սալաֆ»` հողի գրաւադրում։ «Սալաֆի» մասին մանրամասն տե՛ս Գեղամ Տէր-Կարապետեան, Հողային հարցը հայաբնակ նահանգներու մէջ, Կ. Պօլիս, 1911, էջ 28-29։
- [4] Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, խմբ. Աղան Տարօնեցի, Գահիրէ, տպ. «Սահակ-Մեսրոպ», 1962, էջ 29:
- [5] Նոյն, էջ 28։
- [6] H.F.B. Lynch, Armenia: Travels and Studies, Volume II: The Turkish Provinces, London, Longmans, Green, and Co., 1901, էջ 426։
- [7] «Մշոյ աշխարհ», Լումայ գրական հանդէս, Տփխիս, 1899, № 1. էջ 122։
- [8] Նոյն։
- [9] Նոյն, էջ 123։
- [10] Դէպի Հալէպ սասունցիների պանդխտութեան մասին մանրամասն տե՛ս Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առնչութիւններ. սասունցիներ Հալէպի մէջ», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր ԻԴ., Պէյրութ, 2004, էջ 93-138։ Տե՛ս նաև Shemassian Vahram L., “The Sasun Pandukhts in Nineteenth- Century Aleppo”, in R. Hovannisian (ed.), Armenian Baghesh/Bitlis and Taron/Mush, Mazda Publishers, Inc., 2001, էջ 175-189։
- [11] Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 27-28։
- [12] Ա.Մ. Սեւեան (Իսկէնտէր Գարաճեան), «Հալէպի հայ գաղութին անցեալն ու ներկան», Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 36-րդ դարի, 1906, հունիսի 14, թիւ 25, էջ 614։ Մէջբերւում է ըստ Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առնչութիւններ», էջ 128։
- [13] Մկրտիչ Քհնյ. Մուրատեան, «Սասունցիները Հալէպի մէջ», Տաճար, Կ. Պոլիս, 1910, թիւ 28, էջ 644։ Մէջբերւում է ըստ Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առնչութիւններ», էջ 128։
- [14] Ստեփան Պօղոսեան, Պատմագիտական ուսումնասիրություններ, Հայոց ցեղասպանության պատմութիւն, I, Երևան, ԵՊՀ հրատ., 2008, էջ 315-316։
- [15] 1855 թ. Մուշում (Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, Տարօն-Տուրուբերան հայրենակց. միութ. կեդր. վարչ., տպ. Սեւան, 1956, էջ 304։ 1864 թ.` Բիթլիսում (R. Mirak, Torn Between Two Lands, Armenians in America, 1890 to World War I, Harvard University Press, Cambridge, Massachsetts, 1983, էջ 42)։
- [16] Կրթարանների ցանկը տե՛ս Յուշարձան հայ աւետարանականաց և աւետարանական եկեղեցւոյ (Քննական ծանօթութիւններով), գրեց՝ վեր. Կ. Պ. Ատանալեան, Ֆրեզնօ, Կալիֆորնիա, 1952, էջ 472-474։
- [17] Mirak, Torn Between Two Lands, էջ 42։
- [18] Նոյն, էջ 43։
- [19] Նոյն, էջ 46։
- [20] Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 28։
- [21] Հր. Աճառեան, Հայ գաղթականութեան պատմութիւն, Երևան, «Զանգակ–97», 2002, էջ 631։
- [22] Նոյն; Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 27։
- [23] Հայ գաղթաշխարհի պատմութիւն (միջնադարից մինչև 1920 թ.), հ. 2, Երևան, «Գիտութիւն» հրատ., 2003, էջ 117։
- [24] Магда Нейман, Армяне, Ереван, 1991, стр. 107-108 (մէջբերւում է ըստ Հայ գաղթաշխարհի պատմութիւն (միջնադարից մինչև 1920 թ.)..., էջ 116)։
- [25] «Ընկեցիկ անայր կիներ», Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1899 թ. նոյեմբերի 15, № 22։ Արձագանքելով խնդրին`1900 թ. սկզբին «Մշեցի պանդուխտներու լքեալ կիները» յօդուածով է հանդէս գալիս նաև ծնունդով մշեցի Գեղամ Տէր–Կարապետեանը (Ծաղիկ օրաթերթ, Կ. Պոլիս, 1900, № 112, 113)։
- [26] Մանուէլ Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա., Կ. Պօլիս, 1884, էջ 45-46; ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 58։ 1913 թ. հայկական մամուլում շրջանառուող մէկ այլ տուեալով Խասգիւղից պանդուխտների թիւը շուրջ 600 էր, 400 տուն հայ բնակչութեան պայմաններում (Համբարձում Առաքելեան, «Թիւրքահայ ժողովրդի վիճակագրութիւնը», Արօր. միամսեայ հանդէս. Ընդհանուր գրական, գիտական-ժողովրդական եւ խաղաղասիրական, IV տարի, 1913 թ. դեկտեմբեր, էջ 77):
- [27] Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 27։
- [28] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 45-48: Համեմատութեան համար` 1880 թ. Հայոց պատրիարքարանի յանձնարարութեամբ կատարուած մարդահամարի տուեալներով Հալէպում կար 303 սասունցի պանդուխտ (Վարդի Քէշիշեան, «Սասուն–Հալէպ պատմական առնչութիւններ...», էջ 114)։ Ծնունդով սասունցի Մկրտիչ քահանայ Մուրադեանը 1910 թ. գրած «Սասունցիները Հալէպի մէջ» յօդուածում մօտ 4,000 սասունցի պանդուխտ է հաշւում Հալէպում և շրջակայքում (նոյն, էջ 127)։
- [29] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 48-52։
- [30] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 53։
- [31] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, ff. 55-59։
- [32] ՀԲԸՄ-ի Նուպարեան գրադարանի արխիւ, APC/BNu, DOR 3/3, f. 61:
- [33] Նոյն։ 1913-14 թթ. Հայոց պատրիարքարանի մարդահամարների տուեալների հիման վրայ Ռէմոն Գէորգեանի կատարած հաշուարկով Բիթլիսի նահանգի Բիթլիսի և Մուշի գաւառներից Մեծ եղեռնի նախօրեակին պանդուխտ էր 15,307 հայ, իսկ առկայ հայ բնակչութեան թիւը 196,840 շունչ էր (Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du génocide, Paris, Editions d’Art et d’Histoire ARHIS, 1992, էջ 59-60)։ Համապատասխան հաշուարկով պանդուխտ էր նշուած տարածքի ընդհանուր հայ բնակչութեան մօտ 7%–ը, և արական սեռին պատկանող հայ բնակչութեան մօտ 14%-ը։
- [34] Ա.Ս. Համբարեան, Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականութիւնը և ազատագրական շարժումներն Արևմտեան Հայաստանում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1979, էջ 20-21; Վահան Բայբուրդեան, Օսմանեան կայսրութեան պատմութիւն, Երևան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2011, էջ 608։
- [35] Օսմանեան կառավարութիւնից կապալով որոշակի տարածքից հարկերը հաւաքելու իրաւունք ստացած անձինք։
- [36] Խաֆիրը կամ խաֆիրութիւնն առաջացել է արաբերէն խաֆիր կամ ղաֆիր բառից, որ նշանակում է պահապան։ Դրա էութիւնն այն էր, որ մի դէպքում գիւղացիներն էին դիմում աղաներին կամ քուրդ ցեղապետերին, խնդրելով պաշտպանութիւն կողմնակի յարձակումներից, պարտաւորուելով որ կը վճարեն դրա համար, մի այլ դէպքում աղաներն իրենք էին իրենց յայտարարում գիւղացիներին կողմնակի յարձակումներից պաշտպանողներ եւ այդ պաշտպանութեան համար ստիպում էին նրանց վճարել զանազան տուրքեր (Ա.Ս. Համբարեան, «Սոցիալական տերմիններն Արևմտեան Հայաստանում (XIX դար—XX դարի սկիզբ)», Պատմա-բանասիրական հանդէս, 1992, № 2-3, էջ 137-138)։
- [37] Սարգիս և Միսակ Բդէեան, Հարազատ պատմութիւն Տարօնոյ, էջ 269:
- [38] Նոյն (Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան արխիւ, ֆ. «Քաղարխիւ», 1909, ցուցակ 482, գործ 1644, թերթ 52)։
- [39] «Վաթանը ձեզ կանչում է», Հորիզոն, Թիֆլիս, 1909 սեպտեմբերի 4, № 28:
- [40] Ա. Սաֆրաստեան, «Խոյթ–Բռնաշէն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1933, ԽԷ. տարի, սեպտեմբեր–հոկտեմբեր, էջ 612. «Սահմանադրութենէն ի վեր զգալապէս թեթեւցած էր Շէկօցի եւ Խութեցի աշիրէթների լուծը` այս [Խութ–Բռնաշէնի Թաղվըձոր հայաբնակ բնակավայր– Ռ.Թ.] եւ շրջակայ հայ գիւղերի վրայէն, եւ ցիրուցան գաւառացիները տակաւ կը վրադառնային իրենց հողերի վրայ»։ Դրա հետ պէտք է նշել, որ քրդերի կողմից հայկական գիւղերի ասպատակումները և հարստահարութիւնը չէին վերացել, Ա. Սաֆրաստեանն իր նօթերում արձանագրում է նման մի քանի օրինակներ։
- [41] Նոյն, էջ 613 (Գելոնք գիւղի հայ բնակչութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական տուեալները տե՛ս աշխատանքի` Խութ–Բռնաշէնի շրջանին վերաբերող բաժնում)։
- [42] Նոյն, էջ 615։ Հայերի հայրենադարձութեան երևոյթի մասին հեղինակն արձանագրում է նաև Խութ–Բռնաշէնի Թաղավանք և Շամեանք բնակավայրերի մասին խօսելիս (Ա. Սաֆրաստեան, «Խոյթ–Բռնաշէն գաւառները. ուղեւորական տեղեկագրութիւններ», Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1934, ԽԸ. տարի, մայիս–յուլիս, էջ 308)։
- [43] «Հողային խնդիրը Տարօնում (Քաղուածք մի զեկուցագրից)», Արարատ, Ս. Էջմիածին, 1913, Տարի ԽԷ, յունուար, համար Ա, էջ 90; Հ.Մ. Պօղոսեան, Սասունի պատմութիւն, Երևան, «Հայաստան» հրատ., 1985, էջ 288)։
- [44] «Հողային խնդիրը Տարօնում...», Արարատ, էջ 90-91: Երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ կայսրութեան հայերի կողմից առաջ քաշած հողային խնդրի մասին մանրամասն տե՛ս Գեղամ Տէր–Կարապետեան, Հողային հարցը հայաբնակ նահանգներու մէջ ( Բիթլիսի նահանգում հողի գրաւման օրինակները` էջ 8-28)։ Տե՛ս նաև Հ.Մ. Պօղոսեան, Սասունի պատմութիւն, էջ 283-290; Ա.Ս. Համբարեան, Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականութիւնը, էջ 48-105։
- [45] Մշոյ գաւառակի համար Ն. Մարտիրոսեանի՝ 1909 թ. տուեալները տե՛ս Ա–Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական և տնտեսական դրութեան, Երևան, տպարան «Կուլտուրա», էջ 104-107; 1914 թ. տուեալները տե՛ս Վան-Տոսպ հասարակական, քաղաքական, գրական շաբաթաթերթ, 1916, փետրուարի 28, № 12, էջ 8-9։
- [46] Մանազկերտի գաւառակի համար Ն. Մարտիրոսեանի՝ 1909 թ. տուեալները տե՛ս Ա–Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները․․․, էջ 149-150; 1914 թ. տուեալները տե՛ս Վան-Տոսպ, 1916, փետրուարի 28, № 14, էջ 7։
- [47] Բուլանըխի գաւառակի համար Ն. Մարտիրոսեանի՝ 1909 թ. տուեալները տե՛ս Ա–Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները…, էջ 146; 1914 թ. տուեալները տե՛ս Վան-Տոսպ, 1916, №14, էջ 7։
- [48] Դրա հետ մեկտէղ, չենք կարող, սակայն, նաև բացառել Ն. Մարտիրոսեանի կողմից 1909-ին հայերի թիւը որոշ չափով թերհաշուառելու պարագան։