Հեղինակ՝ Անի Ոսկանեան, 02/12/23 (վերջին փոփոխութիւնը՝ 02/12/23)
19-րդ դարի երկրորդ կէսին Այնթապը որպէս առևտրային քաղաք Հալէպի նահանգում երկրորդն էր Հալէպից յետոյ, որի հետ էր Այնթապի հիմնական առևտրաշրջանառութիւնը: 20-րդ դարի սկզբին, այնթապցիներն սկսում են բաւական լուրջ գործարքներ կնքել տարբեր քաղաքների վաճառականների հետ ևս, ինչպէս նաև շարունակաբար հաստատում են առևտրային նոր կապեր: «Բիւրակն» շաբաթաթերթի հաւաստմամբ, Այնթապը ուղղակի առևտուր էր անում Զմիւռնայի, Բէյրութի և Կ. Պոլսի վաճառականների հետ [1]:
20-րդ դարի սկզբին Այնթապում կար 87 հայ առևտրական, որոնցից 57-ը գործում էին խաների [2] գրասենեակներում, իսկ 30-ը վաճառատների սեփականատէր էին: Նրանց մէջ կային կերպասեղէնի, մանածի, կաշուի, սուրճի, շաքարի, մետաղների, բամբակի, իւղի, օճառի, դեղորայքի, գորգի մեծաքանակ վաճառականներ [3]:
1908 թուականին, «Բիւրակն» թերթը Այնթապի առևտրային հրապարակը ներկայացնող յօդուածում հաղորդում է արժէքաւոր տեղեկութիւններ բազմաթիւ ապրանքների, ներմուծուող ու արտահանուող ապրանքների և արտադրատեսակների գների մասին: Ըստ թերթի ներկայացրած տուեալների՝ 1908 թ. Այնթապից 20 հակ բուրդ արտահանւում էր Դամասկոս: Գինը տատանւում էր օխան (1 օխա = 1282 գրամ) 5-5½ ղուրուշի միջև: Նշւում է նաև, որ բրդի գինը, ինչպէս ամենուր, նշուած ժամանակահատուածում ընկած էր: Եւրոպայից նոյնպէս պահանջարկ չկար: Բամբակն արժէր 6-61/3 ղուրուշ: Նրա պահանջարկը շատ մեծ էր: Նուշը, կախուած եղանակից և պահանջարկից, տատանւում էր օխան 13-14½ ղուրուշի միջև: Պիստակը վաճառւում էր օխան 18-181/4 ղուրուշով: Վնասուած կամ առատ բերքի դէպքում գինը ընկնում էր 13-13½ ղուրուշի: Նշւում է, որ քիթրեն (խոտաբոյս) վաճառւում էր 5¾-6 ղուրուշով: Ճեհրիի (ջեհրի, չիչխան) գները չափազանց ընկած էին՝ 3-31/4 ղուրուշ: 1907 թուականին իւղը վաճառւում էր 17-171/4, իսկ՝ 1908 թ.ին՝ 131/2-135/4 ղուրուշով: Շաքարի արժէքը 35/8 ղուրուշ էր, եգիպտականն արժէր 3 ղուրուշ:
Այնթապում տարեկան սպառւում էր 550-600 հազար այծի մորթի: 1907 թուականին մէկ օխա մաքուր ապրանքն արժէր 21 ղուրուշ, իսկ 1908-ին իջել էր 17-17¾ ղուրուշի [4]:
19-րդ դարի վերջին Կիլիկիայում արտադրուող ապրանքներին և ցանքատեսակներին է անդրադառնում նաև Սանկտ-Պետերբուրգի «Արաքս» պարբերականը, յատկապէս առանձնացնելով Այնթապի պիստակը: Ինչպէս նշւում է մամուլում, Այնթապի պիստակը առաւել յայտնի էր «Շամ ֆըստըղը» անունով և մեծ քանակութեամբ արտահանւում էր Եւրոպա [5]: «Բիւրակն» շաբաթաթերթը ևս անդրադառնում է պիստակին՝ յիշատակելով Այնթապից և շրջակայ գիւղերից արտահանութեան մասին տեղեկութիւնը [6]:
Այնթապի և Ռում Քալէի (Հռոմկլա) միջև գտնուող լեռնային հողամասն ամբողջութեամբ պիստակի այգիներ էին: Այս տարածքը արտադրում էր Օսմանեան տերութեան արտահանած ամբողջ պիստակի քանակի 9/10-ը, տարեկան զուտ հասոյթը կազմում էր մօտաւորապէս 150.000 ոսկի: Այս կալուածների ¼-ը պատկանում էր հայերին, նույնքան բաժիններ՝ նաև քրդերին, եզդիներին և թուրքերին: Բուն Այնթապ աւանի հովտի հողերի մեծագոյն մասը պատկանում էր հայերին [7]:
Այնթապ հիմնականում ներմուծում էին սուրճ, շաքար, նաւթ, երկաթեղէն, պղինձ, անագ, ապակի, մետաքսեղէն: Լուրջ պահանջարկ ունէր և մեծաքանակ ներմուծւում էր, յատկապէս, սպիտակ, կարմիր, ինչպէս նաև այլ գոյների բամբակեայ թել՝ կտաւագործութեան համար [8]:
Ուշագրաւ է, որ 1906 թ. Այնթապում հաստատւում է Օսմանեան բանկի մասնաճիւղ, որը ինչպէս նշում է «Բիւրակն» թերթը, նպաստում է առևտրաշրջանառութեանը [9]: Նոյն թերթից տեղեկանում ենք, որ 1907-ին Օսմանեան բանկի Այնթապի մասնաճիւղի տնօրէնն էր Միհրան Բիւզանդեանը [10]:
Նազարէթեան ընտանիք
Այնթապի հայոց 19-րդ դարի պատմութիւնն անձնաւորող նշանաւոր ընտանիքներից էին Նազարէթեանները: Նազար աղա Նազարէթեանը (1815-1887) Այնթապում Պարսկաստանի հիւպատոսն էր: Նա հմուտ ոսկերիչ էր ու մեծ վաճառական: Նա համարւում է 19-րդ դարում Այնթապի ամենահարուստ մարդը: Քաղաքում առաւել յայտնի էր Քարա Նազար (Սև Նազար) անունով: Նիկողոս Նազարէթեանը (1843-1899) Քարա Նազարի աւագ որդին էր: Հետագայում մեծանուն վաճառականը հօր անունով կառուցում է հանրածանօթ «Նազար Աղա մեծ խանը», որին կից գործում էր Նազարէթեանների «մասպանան» (օճառի գործարան) [11]:
Նիկողոս աղա Նազարէթեանը ուսանել է յատուկ կրօնաւորների և «խալֆէ» կոչուող վարժապետների մօտ, սովորել է թուրքերէն, ֆրանսերէն, որոշ չափով լատիներէն, շնորհիւ ընթերցանութեան, ինքնակրթութեան և շփումների՝ ձեռք է բերել օրէնսգիտական և վարչագիտական հմտութիւններ. «Լուսաւորեալ մըն էր ան, բարեկամ ու խորհրդակից լուսամիտներու»,– այսպէս է նրան բնորոշել 1866-1883 թթ. Այնթապի մաքսատան տեսուչ, ժամանակի ուսեալ մարդկանցից Յովհաննէս աղա Քիւրքճեանօֆը [12]:
1863 թ. Ազգային սահմանադրութեան հաստատումից յետոյ Այնթապի առաջին Թաղական խորհուրդն ընտրւում է 1866 թ. շնորհիւ Նիկողոս Նազարէթեանի և նրա առաջադէմ գործակիցների՝ Գէորգ Սիւլահեան, Յակոբճան Եաղուպեան, Յակոբ Առաքելեան, Աւետիս Միրիճանեան, Յովհաննէս Լուսարարեան, Ներսէս Պալըեան, Խաչատուր Պողարեան, Աւետիս Բարսեղեան, Հաննէ Թահթաճեան, Գալուստ Ղազարեան և այլք: Սոյն Թաղական խորհուրդը կառավարում էր հայկական թաղամասի գործերը։ Նիկողոս Նազարէթեանը առնուազն հինգ շրջան դառնում է ազգային այդ կարևոր մարմնի ատենապետ ու ծաւալում բեղուն գործունէութիւն այս բնագաւառում ևս [13]: Թաղական խորհուրդները պետական մարմիններ չէին, այլ համայնքային բնոյթ ունէին: Նրանք բաղկացած էին 3-ից 9 անդամից՝ կախուած տեղից: Թաղական խորհրդի պարտականութիւնն էր թաղի ժողովրդի ազգային գործերի կարգաւորումը: Իւրաքանչիւր Թաղական խորհուրդ իր թաղի ժողովրդի կողմից էր ընտրւում՝ երկու տարի ժամկէտով [14] և հաշուետու էր թեմի Գաւառական ժողովին: Թաղերի մէջ թէ´ եկեղեցական և թէ՛ դպրոցական բոլոր կալուածները Թաղական խորհրդի անմիջական տնօրինութեան տակ էին [15]։
Այնթապի Թաղական խորհրդում Նազարէթեանի աշխատանքը տևում է մօտ 20 տարի: Նա ընտրւում է տեղական ինքնակառավարման մարմնի՝ «Մեճլիսը իդարէ»ի անդամ: Նա մասնակցում էր նաև Նահանգային ընդհանուր ժողովներին [16]:
Նիկողոս աղա Նազարէթեանի անունը Այնթապի հայոց պատմութեան մէջ ամրագրուել է բազմաթիւ գործերի ու ձեռնարկների կազմակերպումով և դրանց մասնակցութեամբ: Դրանցից առանձնանում են «Վարդանանց Թանգարան Ընկերութիւնը» (1867), որը հիմնադրում է Վարդանեան կրթարանը (1882-1915), աջակցում է կրթարանի սեփական շէնքի կառուցմանը, որն իրականանում է շնորհիւ Գալուստ աղա Ղազարեանի նիւթական օժանդակութեան: Ընկերութիւնը կազմակերպում և զարգացնում է Ազգային Ներսէսեան վարժարանը, որի համար Թաղական խորհրդի դիմումով, Կ. Պոլսից հրաւիրւում են ուսուցիչներ: Նիկողոս աղան Կիլիկեան գիշերօթիկ վարժարանի (1870-1877) հիմնադրման աջակիցն ու գլխաւոր խորհրդատուն էր, ինչպէս նաև աղջիկների Հայկանուշեան վարժարանի հիմնադրման աջակիցը [17]: Մեծապէս նրա ջանքերով և միջոցներով է կառուցուել Այնթապի Ս. Աստուածածին հռչակաւոր եկեղեցին [18] (յատակագծի հեղինակն է արքունի ճարտարապետ Սարգիս բէյ Պալեանը): Կառուցման ծախսը կազմել է 10.000 օսմանյան ոսկի [19]:
Երուսաղէմի այնթապցի միաբաններից Յովսէփ սարկաւագ Աշճեանը իր միջոցներով կառուցել է տալիս Այնթապի Նոր Դարպասը (առաջնորդարանը), իսկ նրա մահից յետոյ, Նիկողոս աղա Նազարէթեանի ջանքերով, սարկաւագի ունեցուածքը յատկացւում է «Միլլէթ խանի» (Ազգային տուն) շինութեանը 1868 թուականին: Շէնքը պետական արձանագրութեան մէջ գրանցուած է «Ազիզիէ խան» (Նիկողոս աղայի առաջարկով՝ անուանակոչուել է տուեալ շրջանում օսմանեան սուլթան Աբդուլ-Ազիզի անունով): Ժամանակի համար արդիական խանը համարւում էր ազգային ամենահասութաբեր կալուածներից մէկը. մինչև 1915 թ. ապահովում էր Ներսէսեան, Հայկանուշեան և Հայկազեան վարժարանների անխափան աշխատանքները [20]:
Յովսէփ սարկաւագ Աշճեանի միջոցներով և Նիկողոս Նազարէթեանի գործուն ջանքերով կառուցւում են նաև «Միլլէթ խանին» կից սրճարանն ու «Ազգային Ներսէսեան վարժարանի» շէնքը [21]: Նիկողոս աղայի հեռատես գործողութիւնների շնորհիւ Այնթապի հայերն ունենում են ազգապատկան այնպիսի կալուածներ, ինչպիսիք էին «Միլլէթ խանը», Չուգուր Պոսթանի Տէյլիպը [22], նաև՝ 1873-1874 թթ. ընթացքում նոր եկեղեցու շինարարութեանը զուգահեռ, հին եկեղեցու առջևում ընկած հողամասի վրայ կառուցուած 14 խանութների «հասութաբեր կալուած» [23]:
Այնթապի հայութեան առաջընթացի և կրթական համակարգի զարգացման համար նիւթական միջոցներ ապահովող կառոյցներ ստեղծելուց բացի, Նազարէթեանը նաև քաջալերում ու սատարում էր շնորհալի երիտասարդների ուսումը Էջմիածնում, Երուսաղէմում և այլուր, որպէսզի նրանք վերադառնալուց յետոյ նոր որակ հաղորդէին ազգային-կրթական զարգացմանն ու առաջընթացին [24]:
Քարա Նազարի կրտսեր որդին՝ Կարապետ բէյ Նազարէթեանը հօրից յետոյ եղաւ Պարսկաստանի հիւպատոսը Այնթապում [25]: Նա նշանաւոր վաճառական էր, ունէր օճառի գործարան, դրամական նուիրատւութիւններով մասնակցում էր ազգային նախաձեռնութիւններին [26]:
Մանուշակեան ընտանիք
Նազարէթ Մանուշակեանը Նազար Նազարէթեանի թոռն էր, Մէննուշ Նազարէթեանի որդին: 1890 թ. աւարտելով Վարդանեան կրթարանը՝ իր ընկերների հետ հիմնադրում է առևտրական շահակցական տուն՝ «Ն. Մանուշակեան և Ընկ.» ֆիրման: 1895 թ. կոտորածի օրերին, առևտրական և մտաւորական շատ ընտանիքների նման հեռանում է Այնթապից և չորս տարի մնում Կիպրոսում: Քաղաքական վիճակի փոփոխութիւնից յետոյ վերադառնում է Այնթապ, վերահաստատում իր առևտրական տունը և առաւելապէս Խաչատուրեան եղբայրների հետ սկսում է զբաղուել ներկի ներմուծման գործով: Երկար տարիներ լինում է Այնթապի Գաւառական ժողովի անդամ, Քաղաքական ժողովի ատենապետ, ինչպէս նաև Ուսումնական խորհրդի, Վարդանեան կրթարանի և Հայկանուշեան վարժարանի հոգաբարձուների խորհուրդների անդամ: Նազարէթ Մանուշակեանը Այնթապի առաջին հայկական մանկապարտէզի՝ Վարդանեան մանկապարտէզի հիմնադիրներից է (1899): Անդամակցում էր Այնթապի Առևտրական դատարանին, ինչպէս նաև «Ախզը ասքէր գոմիսիոն»ին (Ռազմական յանձնաժողով): 1911 թ., երբ Յարութիւն Ճեպէճեանը Եգիպտոսից Այնթապ այցելութեան է գալիս, հիմնադրում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Այնթապի մասնաճիւղը: Նազարէթ Մանուշակեանը ընտրւում է Հ. Բ. Ը. Միութեան մասնաճիւղի վարչութեան ատենադպիր, Տոքթ. Յովսէփ Պեզճեանը՝ ատենապետ, իսկ Գալուստ աղա Ղազարեանը՝ փոխատենապետ: 1915 թ. ապրիլին Այնթապի տեղահանութիւնից երեք ամիս առաջ ձերբակալւում է և ուրիշ մտաւորականների ու գործարարների հետ տարւում Հալէպի բանտ: Թէև բանտից ազատւում է և վերադառնում Այնթապ, սակայն չի խուսափում բռնագաղթից ու կողոպուտից [27]:
Ղազարեան և Սահակեան
Նազարէթեանների ընտանիքի հետ ինչպէս բարեկամական, այնպէս էլ գործնական կապերով կապուած էր Այնթապի միւս խոշոր ազգային գործիչներից մէկը՝ Գալուստ Ղազարեանը [28]։ Նա իր գործունէութիւնն սկսել է Սարգիս Սահակեանի հետ, որպէս պտուղ-բանջարեղէնի ու հացահատիկի արտահանող-ներկրող: Այնթապում հաստատուելուց յետոյ, նրանք գործունէութիւն են ծաւալում «Նազար խանում» և սկսում զբաղուել մանուսայի վաճառքով: Այնթապից գնուած մանուսան արտահանում են Թոքաթ՝ այնտեղից ներմուծելով եազմա (կանացի յատուկ գլխակապ): Գալուստ Ղազարեանն ու Սարգիս Սահակեանը հիմնադրում են բանկ (դրամատուն)՝ սարայի (կառավարական շէնք), Կեդրոնական շուկայի և «պատասթէն»ներու (պեզզազիսթան/բեդեսթեն՝ կերպասավաճառների և վաճառականների շուկայ) մօտակայքում, Նազար աղայի խանի և Կարապետ պէյ Նազարէթեանի մասպանայի (օճառի գործարան) գրեթէ կողքին [29]: Նորաբաց «Պանքա խանի» կառուցման 60%-ը հոգացել էր Սարգիս Սահակեանը, 40%-ը Գալուստ Ղազարեանը: «Պանքա խանը», առևտրային գործունէութիւնից բացի, զբաղւում էր զուտ դրամատնային գործունէութեամբ: Կարճ ժամանակում տարբեր շահութաբեր գործարքներ իրականացնելուց յետոյ այն վերածւում է իրական բանկի:
Սարգիս Սահակեանն ու Գալուստ Ղազարեանը Այնթապում ունէին շքեղ առանձնատներ, որոնք յիշատակւում են որպէս «ապարանքներ». առաջինը գտնւում էր Գայաճըգ թաղամասում, երկրորդը՝ Եկեղեցու թաղում՝ Գուզանլըի և Գասթէլ Բաշիի ճանապարհին, Վարդանեան կրթարանի մօտակայքում [30]:
Գալուստ Ղազարեանը յայտնի էր նաև իր բարեգործական գործունէութեամբ: Նրա շնորհիվ, հիմնանորոգւում են ազգապատկան բազմաթիւ կառոյցներ, կառուցւում նոր շէնքեր: Այնթապի «հարուստ հայերին» անդրադառնալով, Գալուստ Ղազարեանի ազգանապաստ գործերի մասին գրում էր նաև Սանկտ-Պետերբուրգի «Արաքս» ամսագիրը՝ յիշատակելով նրա իրականացրած մեծ գործերը կրթական մարզում [31]: Բարեգործական գործունէութիւնից անմասն չի մնացել նաև Գալուստ Ղազարեանի կինը՝ Լուսիա Նազարէթեան-Ղազարեանը. «Տիկին Լուսիա Հայկանուշեան աղջկանց վարժարանի նոր շէնքը կառուցանել տուած է իր դրամով ու նուիրած է զայն ազգին» [32]:
Աշճեան ընտանիք
Այնթապում երևելի վաճառական էր նաև Պետրոս Աշճեանը: Նա յայտնի բարերար Յովսէփ սարկաւագ Աշճեանի թոռն էր: Պետրոս Աշճեանը նախապէս զբաղւում է մանուֆակտուրայով (գործուածքի արտադրութիւն), այնուհետև սկսում է զբաղուել պիստակի առևտրով: Պատուաստման շնորհիւ բարձրացնում է պիստակի բերքատւութիւնը, ընդլայնում ծառաստանները: Հալէպի և Կ. Պոլսի պիստակի շուկան նուաճելուց յետոյ Աշճեանն ընդլայնում է պիստակի արտահանման ծաւալները՝ և արտադրանքն արտահանում ընդհուպ մինչև Ամերիկա: Աշճեանի կարողութիւնը կազմում էր 100.000 օսմ. հնչուն ոսկի: Նա ունէր պալատանման տուն, գիւղեր, ագարակներ, ոչխարի հոտեր և, անշուշտ, պիստակենիի հսկայ անտառներ: Ժամանակակիցների բնորոշմամբ՝ «թագաւորն էր պիստակին»:
Աշճեանը յայտնի էր նաև իր բարեգործութիւններով. Մասնաւորապէս, նրա նախաձեռնութեամբ և գլխաւորութեամբ կազմուած հանգանակիչ յանձնաժողովը 2.500 օսմ. ոսկի և 7.500 ոսկու արժէքով անհրաժեշտ պարագաներ է տրամադրում Ադանայի 1909 թ. կոտորածը վերապրած աղիտեալներին: Աշճեանը մահանում է աղքատութեան մէջ՝ Ալեքսանդրիա քաղաքում՝ վարձուած մի բնակարանում [33]:
Գարամանուկեան ընտանիք
Կարուճ Գարամանուկեանը (Ջիվան Կարուճ) Այնթապի մեծանուն վաճառականներից ու կալուածատէրերից էր: Ըստ արձանագրութիւնների տետրերի՝ Գարամանուկեանի կարողութիւնը կազմում էր 45.000 օսմ. ոսկի, որից 15.000 օսմ. ոսկին ներդրուած էր շատ հասութաբեր անշարժ գոյքի մէջ: Գարամանուկեանի անշարժ կալուածների թուին էին պատկանում խանութներ քաղաքում և արտեր, այգիներ ու պիստակենիի շահութաբեր պարտէզներ շրջակայ գիւղերում: Յաջորդ 15.000 ոսկին ներդրուած էր ասեղնագործութեան ոլորտում. 4-5.000 կին ներգրաւուած էր «Անթէպի նախշի» պատրաստութեան աշխատանքներում: Ասեղնագործ-ձեռագործ աշխատանքները արտահանւում էին ԱՄՆ: Արտադրանքի սպառումն ապահովելու համար նախապէս ԱՄՆ է ուղարկւում Կարուճի որդին՝ Մովսէս Գարամանուկեանը: Մնացեալ 15.000 ոսկին յատկացուած էր Սուբուրջու պողոտայում գտնուող մանուֆակտուրայի ընդարձակ վաճառանոցին, որտեղ աշխատում էր երեք գրագիր, ապրանք վաճառող 8-18 հոգի, ընդհանուր բոլոր գործերի հաշուապահ և «հաւասարակշռող արկղակալ» գրագիր [34] (գանձապահ):
Մանուշակ Գարամանուկեանն ամուսնացած էր Յովհաննէս Ճեպէճեանի հետ [35], ով նոյնպէս զբաղւում էր պիստակի առևտրով: Գնելով վայրի պիստակի (չամ ֆըսթըղը) թփերի լայնածաւալ անտառներ, նա դրանք պատուաստում է ընտանի պիստակենիներ ստանալու համար: Աստիճանաբար յաջողելով գործում՝ Յովհաննէսը ձեռք է բերում ընդարձակ կալուածներ և զբաղւում պիստակի արտահանմամբ:
Սիւլահեան ընտանիք
Հրանտ Սիւլահեանը 1890-ական թուականներից սկսած հետամուտ է լինում ընտանիքի առևտրական գործին, սակայն չսահմանափակուելով այդ ոլորտով, լուրջ յաջողութիւնների է հասնում նաև հասարակական ու կուսակցական գործունէութեան մէջ: 1896-1910 թթ. ընկած ժամանակահատուածում ջանադիր աշխատում է որպէս Այնթապի թեմի առաջնորդարանի անդամ: Մեծ էր նրա ներդրումը նաև Վարդանեան կրթարանի ժողովներում, Կիրակնօրեայ լսարանում: Սիւլահեանի կինը Նազարէթեան յայտնի ընտանիքից Կարապետի դուստրն էր [36]:
Այնթապի «ունեւոր ազգայիններէ կազմուած շահակցական ընկերութիւնը» Հրանտ Սիւլահեանին գործուղում է Եւրոպա՝ արտադրական մեքենաների գործածութեանը ծանօթանալու համար: Վեց ամիս Փարիզում և Լոնդոնում մնալուց յետոյ նա վերադառնում է՝ հետը բերելով ջաղացի և այլ մեքենաներ [37]:

Նիզիպլեան ընտանիք
Ներկարարների զաւակ Ատուր աղա Նիզիպլեանը Այնթապում ժամանակի ամենից ուսեալ և ամենից հարուստ վաճառականներից էր, ով իր ողջ կարողութիւնն ուղղում է ազգի բարօրութեանը: Նիզիպլեանը հաստատում է «Ռուբինեան ընկերութիւնը», որն ունէր լսարան, մատենադարան-ընթերցասրահ, գիշերային դասընթաց և թատրոն: Ատուր աղա նաև մեծ ներդրում է ունենում թէ´ արական և թէ՛ իգական սեռի կրթութեան կազմակերպման գործում [38]: Նա մահանում է 1893 թ., 750 օսմ. ոսկի (3.300 դոլար) կտակելով Աւետարանական եկեղեցու հովիւ պրոֆ. Ալեքսան Պեզճեանին՝ իրագործելու համար երկու ծրագիր. 1.100 դոլար տրամադրւում էր Հայիկ թաղամասի աւետարանական եկեղեցու բեմական, կրթական և աղքատախնամ գործունէութեանը, իսկ մնացեալ 2.200 դոլարը ծախսուելու էր «Երիտասարդասիրաց քրիստոնէական ընկերութեան» հողատարածքը ընդարձակելու համար: Ընկերութեան՝ բարերարի միջոցներով կառուցուած շէնքը անուանակոչւում է նրա անունով՝ «Նիզիպլեան թանգարան»: Կտակի իրագործումը հանդիպում է դժուարութիւնների, գումարի մի մասը տեղափոխւում է ԱՄՆ և ստեղծւում է «Adoor Agha Trust Fund» հիմնադրամը [39]:
Նիզիպլեանը առևտրական ասպարէզ է մտել առանց որևէ դրամագլխի՝ թուրքերէնի գերազանց իմացութեան շնորհիւ: Նա սկսում է աշխատել Յակոբ աղա Միսիրեանի հետ, այնուհետև, որոշակի դրամ վաստակելուց յետոյ, դառնում է Յակոբ աղա Քիւրքճեանի գործընկերը: Նրանց գործակցությունը տևում է 20 տարի (1861-1880): Նիզիպլեանն իր ամենաեկամտաբեր գործարքը կնքում է 1862 թ., ինչը նրան հնարաւորութիւն է տալիս 1862-1865 թթ. ընթացքում ԱՄՆ-ից մեծ քանակութեամբ կտոր և թել ներմուծել:
19-րդ դարի երկրորդ կէսին Ատուր Նիզիպլեանը 8.000 ոսկի արժողութեան տուն է կառուցում Այնթապի համար բոլորովին նոր նախագծով և գեղարուեստական լուծումներով: Ժամանակակիցների վկայութեամբ՝ այն նման էր ապարանքի [40]:
Պարոնեան ընտանիք
Այնթապը մրգաշատ այգիների և բարձրորակ ըմպելի ջրի քաղաք էր, ինչը նպաստում էր գինու և օղու արտադրութեանը: Այս գործը հիմնականում գտնւում էր հայերի ձեռքում և դարձել էր լայն տարածում ունեցող ու շահութաբեր գործ: Այնթապի օղին արտահանւում և վաճառւում էր պետութեան ողջ տարածքում: Այնթապի օղու արտադրողներից թերևս ամենայայտնին ու ամենայաջողակը Ներսէս Պարոնեանն էր: Նրան էին պատկանում քաղաքի ամենախոշոր երկու զտարանները, որտեղ օրական 800-1.000 «կէլըն» (գալոն) զուտ օղի էր արտադրւում: Ձմռանը արտադրողականութիւնն իջնում էր 200-300 «կէլըն»ի: Ներսէս Պարոնեանը զբաղւում էր նաև սեփական արտադրանքի արտահանումով: Նա ունէր իրեն ծառայող ջորեխումբ, որը օղին շուրջօրեայ փոխադրում էր տարբեր քաղաքներ: Կեսարիայի օղու շուկան ամբողջութեամբ պատկանում էր Պարոնեանին: Ներսէս Պարոնեանը անմասն չէր ազգային տարբեր հարցերից և ձեռնարկներից: Նա տարբեր տարիներ եղել է Ազգային Ներսէսեան և Ադենական վարժարանների հոգաբարձու [41]:
Խաչատուրեան ընտանիք
Խաչատուրեանների ընտանիքը կամ Յարութիւն (Հաճի), Խաչատուր (Ճըրճի), Գրիգոր, Ներսէս (Ներսօ) եղբայրները Այնթապում յայտնի էին որպէս կառապան կամ ջորեպան: Նրանք իրենց գործն սկսել էին ընդամէնը մէկ ջորիով և վերածուել, ժամանակի չափանիշներով՝ մարդկանց տեղափոխումներ ու բեռնափոխադրումներ կատարող տան (ընկերութեան): Գործը ձեռնարկում է եղբայրներից աւագը՝ Յարութիւնը և կարճ ժամանակ անց մէկ ջորին վերածում տասի: «Խաչատուրեան եղբայրների» ընկերութեան երթուղին ընդգրկում էր ընդարձակ տարածութիւններ և շատ բազմակողմ էր. Յարութիւն Խաչատուրեանը սպասարկում էր Անտիոքի ուղեգիծը, Խաչատուրը՝ Ադանա-Մերսինը, Գրիգորը և Յակոբը՝ Ալեքսանդրետը: Ներսէս Խաչատուրեանի երթուղին կախուած էր փոխադրուող ապրանքի կամ պատուիրատուի նշած վայրից և հասնում էր Հալէպ, Ալեքսանդրետ, Սուէտիա, Բէյրութ և այլ քաղաքներ: Եղբայրները սպասարկում էին նաև Կեսարիա, Սղերդ, Դիարբեքիր, Սամսուն ուղղութիւնները:
Բացի վերոնշեալ աշխատանքից, Յարութիւն Խաչատուրեանն զբաղւում էր նաև օճառի առևտրով: Նա Անտիոքում պատրաստել էր տալիս օճառ և այն մեծաքանակ վաճառում Այնթապի վաճառականներին: 1910-1912 թթ. նա կառուցում է առանձնատուն Թեփէ Բաշը թաղամասում, որը յիշատակւում է իբրև «ապարանք» [42]:

Այլ ընտանիքներ
1909 թ. Այնթապում ստեղծւում է «Աւետիս Խանզէտեան և ընկ.» առևտրական գործակցական ընկերութիւնը: 1911 թ., որպէս իրենց ընկերութեան մասնաճիւղ քաղաքի Սուբուրջու պողոտայում հիմնադրում են «Առևտրական տպարանը» [43]:
Պատմագիր և հրապարակագիր Մարկոս Աղաբէգեանը (եղել է Վանի նահանգապետի օգնական) 1880-ական թթ. գործում է իբրև ծխախոտի Ռեժիի ընկերութեան Այնթապի տնօրէն [44]:
Գարեգին աւագ քահանայ Պողարեանը մինչև քահանայ ձեռնադրուելը նոյնպէս զբաղուել է վաճառականութեամբ: 1883-1893 թթ. նա զբաղւում էր մանուսայագործութեամբ, սկզբում որպէս աշակերտ, յետոյ՝ վարպետ և վաճառող: Երկու տարի Կարուճ Մերճէնեանի գործընկերն էր, սակայն Մերճէնեան վաճառատան ընդարձակումից յետոյ ստիպուած է լինում զբաղուել ընկերութեան միայն հաշուապահական և գրասենեակային գործերով՝ ստանալով աշխատավարձ: 1895-1903 թթ. որպէս գրագիր-հաշուապահ աշխատում է «Լէյլէկեան եղբարց» վաճառատանը [45]:
Այնթապի աղաներից Ներսէս Լէյլէկեանի որդին՝ Գրիգոր Լէյլէկեանը ևս քաղաքի մեծանուն վաճառականներից էր: Նա երկար տարիներ վարել է ազգային տարբեր ժողովների ատենապետութիւնը: Նա «Ադենական» ընկերութեան հիմնադիրներից է [46]: Լէյլէկեանների վաճառատունը գտնւում էր «Միլլէթ խանում»:
Յակոբջան Եագուպեանը Այնթապի յայտնի վաճառականներից էր և զբաղւում էր սուրճի, շաքարի ու կաշուի առևտրով: Եագուպեանի գրասենեակը գտնւում էր «Միլլէթ խանում» [47]:
Գրիգոր Քիւթիւկեանը ծագումով թալասցի էր: Տեղափոխուելով Այնթապ, հիմնադրում է առևտրական տուն [48], որի գրասենեակը «Միլլէթ խանում» էր: 1905-1910 թթ. Քիւթիւկեանը Այնթապի Քաղաքական ժողովի անդամ էր: Նա եռանդուն մասնակցութիւն ունէր նաև Ադենական և Հայկանուշեան վարժարանների հոգաբարձութիւնների գործունէութեան մէջ [49]:
Ջորեպանութեան ասպարէզում յայտնի էին Փանոսեան, Կիրակոսեան, Սանոսեան ընտանիքները: Նրանցից ոմանք ունէին 40-50 ջորի [50]:
Արմենակ Մոմճեանն զբաղւում էր պիստակի մշակութեամբ: Նա Բաշ Փունար-Սամի շրջանում գնում է այնթապցիներին Մերէնկիշ անունով ծանօթ մեծատարածք հողամաս՝ լի վայրի պիստակենիներով: 1918 թ. Մոմճեանը ունենում է իր մշակած առաջին բերքը, իսկ յաջորդ՝ 1919 թ. յիշատակւում է որպէս բացառիկ բերքատւութեամբ [51] տարի [52]:
Իլիաս Պոշկեզէնեանը (Նորեան) առաջին աշխարհամարտից առաջ Այնթապի յաջողակ վաճառականներից էր: Պատերազմի աւարտից յետոյ համագործակցում է իր ազգականներ Պերղուտեան եղբայրների հաստատած «Նորեան» առևտրական ընկերութեան հետ: Պիստակի առևտուրը, արձանագրելով մեծ յաջողութիւններ, դառնում է ընկերութեան թիւ մէկ զբաղմունքը: Պիստակի հայթայթիչ-մատակարարը Իլիասն էր, սպառողը՝ «Նորեան» առևտրի տունը: Հետագայում ընկերութիւնը ընդարձակուելով դառնում է «Զենոպիա» առևտրական մեծ տունը [53]:
Հրաղացը (կրակի օգնութեամբ մեծ քանակութեամբ ցորեն աղացող մեքենայ) [54] հաստատւում է Այնթապում 1900-ական թուականներին: Կար թւով հինգ հրաղաց, որոնցից չորսը պատկանում էր հայերի, մէկը՝ թուրքի: Հրաղացներից երկուսը արաբկիրցի Սիմոն և Աստուածատուր աղաներինն էր, երրորդը՝ կիւրինցի Թոփպաշեան ընտանիքինը, իսկ չորրորդը՝ Քիւրքճեաններինը [55]:
1909 թ. Այնթապի հայ վաճառականների անուանացանկը [56]
Այստեղ նշուած են վաճառատները (խաները), վաճառականների ծննդավայրը և նրանց վաճառականութեան ասպարէզ(ներ)ը։
Միլլէթ խան
- Յակոբճան Եաղուբեան | Այնթապ | Սուրճ և շաքար
- Սահակ Պժեան | Բալու | Մանուսայի վաճառական
- Մովսէս Փափազեան | Այնթապ | Մանուսայի վաճառական
- Գէորգ Հոռոմեան | Կիւրին | Մանուսայի վաճառական
- Ներսէս Սիւլահեան և եղբարք | Այնթապ | Դերձան (թել), կաշի և այլն
- Մատթէոս Երկայնեան և Սերոբ Քէշիշեան | Կեսարիա | Մանուսայի առևտրական
- Յովհաննէս Պժեան | Բալու | Մանուսայի առևտրական
- Պասմաճեան եղբարք | Այնթապ | Մանուսայի առևտրական
- Մկրտիչ Քէշկէկեան | Արաբկիր | Մանուսայի առևտրական
- Ճեպէճեան եղբարք | Այնթապ | Դերձան և կաշի
- Մըղսի Գէորգ Լէյլէկեան | Այնթապ | Մանուսայի վաճառական
- Փիլիպպոս Աղճեան | Աշոտի | Մանուսա և դերձան
- Հաճի Մովսէս Լէյլէկեան | Այնթապ | Մանուսա և դերձան
- Յովհաննէս Խաշխաշեան | Կիւրին | Մանրավաճառ
- Միսաք Նուրհանեան | Չնգուշ | Մանրավաճառ
- Կարապետ Պարսումեան | Այնթապ | Սեղանաւոր
- Եղիշէ Բարսեղեան | Բաղէշ (Պիթլիս) | Մանուսա
- Կարուճ Մերճանեան | Այնթապ | Մանուսա
- Մարգար Ճիկէրճեան | Արաբկիր | Մանուսա
- Կարապետ Գալուստեան | Արաբկիր | Մանուսա և այլն
- Արմենակ Այճեան | Արաբկիր | Մանուսա և դերձան
- Կարապետ Արուսեան | Տիգրանակերտ (Դիարբեքիր) | Մանուսա և դերձան
- Կարապետ Պազիկեան | Տիգրանակերտ (Դիարբեքիր) | Մանուսա
Նազար Աղա խան
- Գէորգ Թոփպաշեան | Կիւրին | Կարպետի վաճառական
- Սարգիս Սահակեան և Յովսէփ Սահակեան | Այնթապ | Սեղանաւորներ
- Պետրոս Աշճեան | Այնթապ | Սեղանաւոր և հողատէր (կալուածատէր)
- Ստեփան Քէշիշեան | Աշոտ | Դերձան և այլն
- Լեւոն Սահակեան | Այնթապ | Դերձան և այլն
- Յովհաննէս Փիրանեան | Կիւրին | Մանուսա
- Կարապետ Չագըճեան | Կեսարիա | Դերձան և այլն
- Գրիգոր Եսայեան և Բիւզանդ Սուքիասեան | Այնթապ | Չիթ և դերձան
- Յակոբ Արսլանեան և որդի | Թոքաթ | Պղնձի վաճառական
- Գրիգոր Գապագճեան և որդի | Այնթապ | Մանուսա
- Ռուբէն (Սաաթճը) | Այնթապ | Ժամագործ
Հաճի Էօմէր խան
- Մանուէլ Թոփպաշեան | Կիւրին | Օճառի վաճառական
- Կարապետ Պապիկեան | Աշոտի | Մանուսա
- Թորոս Սահակեան | Աշոտի | Սեղանաւոր
- Մելքոն Գապագեան և եղբարք | Այնթապ | Մանուսա
- Յարութիւն Լեւոնեան և եղբարք | Այնթապ | Մանուսա
- Ծերուն Ծերնիկեան | Մալաթիա | Հոգգա մալը (թանաքավաճառ)
- Յովհաննէս Սաաթճեան | Այնթապ | Մանուսա
- Յովհաննէս Լեւոնեան | Այնթապ | Սեղանաւոր և պիստակ
Սահակեան-Ղազարեան խան
- Գալուստ Ղազարեան և որդիք՝ Թորոս, Կարապետ, Յակոբ, Նազար | Աշոտի | Մանուսա և այլն
- Նազարէթ Մանուշակեան | Այնթապ | Մաքսատան ապրանքներ
- Գէորգ Թաթարեան | Կեսարիա | Մանուսա
- Սարգիս Պ. Նազարեան | Այնթապ | Մանուսա
Իքի Գաբըլը խան
- Տիգրան Ռուբէն Եկաւեան | Արաբկիր | Մանուսա և այլն
- Սարգիս Կ. Նազարեան | Այնթապ | Մանուսա և այլն
- Կարապետ Ղազարեան | Այնթապ | Մանուսա և այլն
- Գէորգ Տեմիրճեան | Այնթապ | Երկաթ
- Մովսէս Ամմիեան | Այնթապ | Բամբակ
- Կարապետ Հինտոյեան | Այնթապ | Իւղ և այլն
Եիւքսիւքճիւ խան
- Մովսէս Արսլանեան | Այնթապ | Պղինձ
Էմիր Ալի խան
- Ե. Գարամանուկեան և եղբարք | Այնթապ | Մանուսա
Պասմաճեան խան
Հաճի Յարութիւն Պասմաճեան | Այնթապ | Վաճառական.
Խաներից դուրս գտնուող վաճառականներ
- Հաննէ էֆ. Քիւրքճեան | Այնթապ | Օճառ
- Կարապետ բէյ Նազարէթեան | Այնթապ | Օճառ և բերքեր
- Արտաշէս Ատանալեան | Սեբաստիա (Սվազ)| Օճառ
- Սարգիս Գրաճեան | Այնթապ | Ասեղնագործութիւն
- Յովսէփ Առաքելեան | Այնթապ | Մանուֆակտուրա և ոչխարի առևտուր
- Կարուճ Գարամանուկեան | Այնթապ | Մանուֆակտուրա և ասեղնագործութիւն
- Կարապետ Եաղսըզեան | Այնթապ | Մանուսա
- Յարութիւն Ամմիեան | Այնթապ | Մանուսա
- Մելքոն Գարամանուկեան | Այնթապ | Մանուսա
- Յակոբ Պողարեան | Այնթապ | Մանուսա
- Գէորգ Ճեպէճեան | Այնթապ | Մանուսա
- Օհան Քիւբէլեան | Այնթապ | Դերձան
- Նազար Պերէճիկլեան | Այնթապ | Սեղանաւոր
- Յարութիւն Պերէճիկլեան | Այնթապ | Սեղանաւոր
- Միսաք Մաթէոսեան | Այնթապ | Սինկիր մեքենայ (կարի Զինգեր մեքենայ – Ա. Ո.) և կերպաս
- Հրանտ Սիւլահեան | Այնթապ | Կարպետ
- Յակոբ Պեզճիեան | Այնթապ | Դեղորայք
- Յարութիւն Քիւրքճեան | Այնթապ | Մանուֆակտուրա
- Յովսէփ Քենտիրճեան | Այնթապ | Մանուֆակտուրա և հողատէր
- Մինաս Քենտիրճեան | Այնթապ | Մանուֆակտուրա
- Մովսէս Թոփճեան | Այնթապ | Մանուֆակտուրա
- Գէորգ Լոշխաճեան | Այնթապ | Մանուֆակտուրա
- Յովհ. Պերէճիկլեան | Այնթապ | Սեղանաւոր
- Աբրահամ Պապիկեան | Այնթապ | Սեղանաւոր
- Թորոս Գրաճեան | Այնթապ | Վաճառական
- Գէորգ Գրաճեան | Այնթապ | Վաճառական
- Յովհ. Ճեպէճեան | Այնթապ | Կալուածատէր
- Եղիա Խարաճեան | Այնթապ | Վաճառական
- Գրիգոր Ճեպէճեան | Այնթապ | Վաճառական
- [1] Բիւրակն շաբաթաթերթ, Կ. Պոլիս, 1907, թիւ 17-18, 24 փետրուար, էջ 101:
- [2] Խան – թարգմանաբար նշանակում է տուն: Այդպէս էին կոչւում նաև առևտրային խոշոր կենտրոնները, որտեղ կենտրոնացած էին գրասենեակներ, խանութներ, առևտրային այլ տարածքներ:
- [3] Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Ա. հատոր (1850-1878), Պէյրութ, տպ. «Սեւան», 1972, էջ 170-171:
- [4] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 859-861:
- [5] Վարդ, «Այնթապ քաղաք», Արաքս, Սանկտ-Պետերբուրգ, Բ. գիրք, 1888, մայիս, էջ 58:
- [6] Բիւրակն, 1906, թիւ 26, 22 յուլիս, էջ 622:
- [7] Ն. Պաղտոյեան, Այնթապի լեռնագաւառի մասին, Հալէպ, 18.6.[19]19, ձեռագիր, էջ 8-9 (տե´ս Փարիզի Նուբարեան գրադարան, Անտոնեան հաւաքածու, թղթածրար թիւ 4, Այնթապ, 0023-0024):
- [8] Հայր Սուքիաս Էփրիկեան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Ա. հատոր, Վենետիկ-Ս. Ղազար, 1903, էջ 145: Կիլիկիա: Փորձ աշխարհագրութեան արդի Կիլիկիոյ, Սանկտ-Պետերբուրգ, տպ. «Ի. Լիբերման»ի, 1894, էջ 356:
- [9] Նաում Տաշօ, «Ճարտարարուեստական յառաջդիմութիւն Այնթապի մէջ», Բիւրակն, 1908, թիւ 27, 28 յուլիս, էջ 860:
- [10] Բիւրակն, 1907, թիւ 50, 8 դեկտեմբեր:
- [11] Գ. Պ. [Գրիգոր Պողարեան], «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», Պատմութիւն Անթէպի հայոց, Բ. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Բ.), էջ 751:
- [12] Գ. Պողարեան, «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», Հայ Անթէպ, Պէյրութ, 1964, թիւ 4 (16), էջ 9-10:
- [13] Նոյնը, էջ 10:
- [14] Փոփոխեալ տրամադրութիւնք Ազգային Սահմանադրութեան եւ Տեղեկագիր Վերաքննիչ Յանձնաժողովոյ առ Ազգային Ընդհ. Ժողովն, Կ. Պոլիս, տպ. Յ. Գավաֆեան եւ Յ. Պարոնեան, 1874, էջ 37-38):
- [15] Ազգային Սահմանադրութիւն Հայոց, 1860, Կ. Պոլիս, էջ 9, 21:
- [16] Գ. Պ. [Գրիգոր Պողարեան], «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», ՊԱՀ Բ., էջ 753:
- [17] Նոյնը, էջ 752-753: Գ. Պողարեան, «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», Հայ Անթէպ, 1964, թիւ 4 (16), էջ 10:
- [18] Գ. Պողարեան, «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», Հայ Անթէպ, 1964, թիւ 4 (16), էջ 11:
- [19] Բաբգէն Եպիսկոպոս Կիւլէսէրեան, «Ս. Աստուածածին եկեղեցին Այնթապի», Պատմութիւն Անթէպի հայոց, Ա. հատոր, աշխատասիրեց ու խմբագրեց Գէորգ Ա. Սարաֆեան, Լոս Անճէլըս, 1953 (այսուհետ՝ ՊԱՀ Ա.), էջ 421-425:
- [20] Նոյնը, էջ 653-654:
- [21] Մեսրոպ Աւագ Քհ. Քէօշկէրեան, «Պետրոս Աղա Աշճեան», ՊԱՀ Բ., էջ 755:
- [22] Գ. Պողարեան, «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», Հայ Անթէպ, 1964, թիւ 4 (16), էջ 9-11:
- [23] Գ. Պողարեան, «Կիլիկիոյ գիշերօթիկ վարժարանը, Այնթապ (1873-1877)», Նոր Այնթապ, Պէյրութ, 1973, թիւ 3 (55), էջ 18:
- [24] Գ. Պողարեան, «Նիկողոս Աղա Նազարէթեան (1843-1899)», Հայ Անթէպ, 1964, թիւ 4 (16), էջ 11:
- [25] Նազար աղա Նազարէթեանի միւս որդին՝ Արթին Նազարէթեանը 1895 թ. կոտորածներից յետոյ հաստատւում է Հալէպում, յետոյ՝ Կիպրոսում, այնուհետև մեկնում է Ալեքսանդրիա: Զբաղւում է չոր մրգերի առևտրով, հիմնադրում է «Հասան Քէֆ» անունը կրող ծխախոտի գործարանը, որի առաջընթացում մեծ դեր են ունենում նաև նրա որդիները՝ Նազարը և Նշանը: Արթին Նազարէթեանը Քաղաքական ժողովի անդամ էր: Տե՛ս «Կարապետ Պէյ Նազարէթեան»,ՊԱՀ Բ., էջ 756:
- [26] Նոյնը:
- [27] Գ. Պողարեան, «Նազարէթ Մանուշակեան (1874-1933)», Այնթապականք, Բ. Մահարձան, տպ. «Ատլաս», Պէյրութ, 1974, էջ 537-539: Գ. Պ. [Գրիգոր Պողարեան], «Նազարէթ Մանուշակեան (1874-1933)», ՊԱՀ Բ., էջ 767-768:
- [28] Գ. Պողարեան, «Գալուստ Աղա Ղազարեան (1845-1923)» Այնթապականք, Բ., էջ 167:
- [29] Նոյնը, էջ 170:
- [30] Նոյնը, էջ 167-170:
- [31] Արաքս, Սանկտ-Պետերբուրգ, 1887, Ա. գիրք, նոյեմբեր, էջ 21:
- [32] «Գալուստ Աղա Ղազարեան», ՊԱՀ Բ., էջ 757:
- [33] Մեսրոպ Աւագ Քհ. Քէօշկէրեան, «Պետրոս Աղա Աշճեան», ՊԱՀ Բ., էջ 755-756:
- [34] Յակոբ Գապպէնճեան, «Կարուճ Գարամանուկեան (1846-1916)», ՊԱՀ Բ., էջ 769-770:
- [35] Ռ[ոպերտ] Ճեպէճեան, Ինքնակենսագրութիւն, յուշեր եւ գործունէութիւն, Հալէպ, 1999, էջ 19:
- [36] Կիլիկեցի [Վահան Մովսէս Քիւրքճեան], «Հրանտ Գ. Սիւլահեան», ՊԱՀ Բ., էջ 758-759:
- [37] Ե. Պ. [Երուանդ Պապայեան], «Հրանդ Գ. Սիւլահեան», Նոր Այնթապ, 1972, թիւ 2-3 (50-51), էջ 10-11:
- [38] Գ. Պողարեան, «Ատուր Աղա Նիզիպլեան (1826-1893)», Հայ Անթէպ, 1967, թիւ 2 (26), էջ 18:
- [39] Մ. Կ. [Մանասէ Կարապետի] Փափազեան, «Ատուր Նիզիպլիեան եւ Նիզիպլիեան թանգարան», Հայաստանի կոչնակ, Նիւ Եորք, 1931, թիւ 47, 21 նոյեմբեր, էջ 1486:
- [40] Լութֆի Հալէպլեան, «Ինքնակենսագրութիւն Ատուր Աղա Նիզիպլեանի», Հայ Անթէպ, 1967, թիւ 3 (27), էջ 28-29:
- [41] Տոքթ. Մորիս Քաջեան, «Ներսէս Պարոնեան», ՊԱՀ Բ., էջ 771:
- [42] Գ. Պողարեան, Այնթապականք, Բ., էջ 436, 480-482:
- [43] Գ. Պողարեան, «Նօթեր Այնթապի տպարանական ու լրագրական պատմութեանց համար. Գարեգին քհնյ. Պողարեանի նամակը», Հայ Անթէպ, 1966, թիւ 3 (23), էջ 42-43:
- [44] Վ. Մ. [Վահան Մովսէս] Քիւրքճեան, «Վարդանեան կրթարանի ներսն ու շուրջը», Հայաստանի Կոչնակ, Նիւ Եորք, 1928, թիւ 46, 17 նոյեմբեր, էջ 1456:
- [45] Գ. Պողարեան, «Ինքնակենսագրութիւն», Այնթապականք, Բ., էջ 11:
- [46] Գ. Պողարեան, «Կիլիկիոյ գիշերօթիկ վարժարանը, Այնթապ (1873-1973)», Նոր Այնթապ, 1973, թիւ 4 (56), էջ 33:
- [47] Գ. Պողարեան, «Տիգրան Եագուպեան (1891-1969)», Այնթապականք, Բ., էջ 698:
- [48] Նոր Այնթապ, 1973, թիւ 1-2 (53-54), էջ 114:
- [49] Գ. Պողարեան, «Հրանտ Ք. Արմէն (Հրանտ Քիւթիւկեան) (1895-1973)», Այնթապականք, Բ., էջ 347:
- [50] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 290:
- [51] 1920 թ. Այնթապի ինքնապաշտպանութեան առաջին երկու ամիսներին մթերուած, գնուած կամ գրաւուած պիստակը պաշարուած հայերի գլխաւոր պարէնն էր: Օգտագործուել է ալիւրհացի պատրաստման համար, նոյնիսկ քամել են ու կիրառել որպէս իւղ ու ձէթ, չորացած արտաքին կեղևը օգտագործել են որպէս ծխախոտ (Գ. Պողարեան, «Արմենակ Մոմճեան (1878-1955)», Այնթապականք, Բ., էջ 78):
- [52] Գ. Պողարեան, «Արմենակ Մոմճեան (1878-1955)», Հայ Անթէպ, 1965, թիւ 2 (18), էջ 47:
- [53] Գ. Պողարեան, «Իլիաս Պոշկեզէնեան (Նորեան) (1880-1942)», Այնթապականք, Բ., էջ 268:
- [54] Մշակ, Թիֆլիս, 1882, թիւ 31, 24 փետրուար (8 մարտ), էջ 1:
- [55] Գէորգ Յ. Պարսումեան, «Այնթապի արհեստները», ՊԱՀ Բ., էջ 290:
- [56] Ցանկը տրամադրել է Լեւոն Կարպիսի Նազարեանը (Բէյրութ). տե՛ս ՊԱՀ Բ., էջ 311-312: