Հայկական գաւառական հարսանիք Մուշի մէջ - գեղանկար, գործ՝ Կարապետ Նշանեանի, 1890 (Աղբիւր՝ Նուպարեան գրադարանի հաւաքածոյ, Փարիզ)

Մուշ – Երգ ու պար

Հեղինակ՝ Արմինէ Յակոբեան, 21/11/2016 (վերջին փոփոխութիւն՝ 21/11/2016)

Մշու աշխարհ անուշ է․
Սարն ու ձոր մշուշ է․
Հիւսիս քամին քշէ զիս՝
Ուր ծոցի մէջ թաղէ զիս։ [1]

Մուշ անունը ժառանգութիւն ենք ստացել հնագոյն ժամանակներից ի վեր, և շատ ուսումնասիրողներ դրա ծագումն ու իմաստը, առաջացումը կապում են հնագոյն արձանագրութիւններում յիշատակուող ցեղերի ու աշխարհագրական անունների, քաղաքական դէպքերի, կամ բնական որոշ երևոյթների հետ։ Ժողովրդական ամենահին աւանդոյթներից մէկի համաձայն Մուշ անունը համարւում է «մշուշ»ից առաջացած։ Ըստ աւանդութեան, Արածանիում լողանալու ժամանակ` երիտասարդներից իր մերկութիւնը քօղարկելու համար, «մշուշ»ը արարում է սիրոյ աստուածուհին՝ Աստղիկը։ [2] Հեթանոսական ժամանակներից մեզ հասած այդ աւանդութեան արձագանգը կարելի է տեսնել նաև Կոմիտասի գրառած «Մշոյ սարեր մշուշ է» պարերգի մէջ.

Մուշ (Աղբիւր՝ Մաունթ Հոլեօք գոլէճի արխիւ եւ յատուկ հաւաքածոներ)

Մշու սարեր մշուշ է [3]

Ձայնանիշեր PDF

Մշու սարեր մշուշ էր,
Հար նազ, հար նազ,
Հար նարկիս։
Մշու խոտ ջուր անուշ էր,
Հար նազ, հար նազ,
Հար նարկիս։

Գիւղական պարզագոյն պարերգերից է, որ Կոմիտասը ժամանակին անուանում էր «Լէ - լէ»։ Բնագրում այդպէս էլ անուանուած է։ Լայնօրէն յայտնի է նաև շարունակութիւնը՝

Մշու կաքաւ հերկեն վիզ,
Մշու մարդեր ղոչաղ էր։
[4]

Կոմիտասի գրառած Մշոյ երգերից առանձնայատուկ պիտի նշել «Մշեցոց Բինկէօլ» ստեղծագործութիւնը, որը կարծես երգ-պոեմ կամ բալլադ լինի։ [5]

«Բինկէօլ» նուագարանային բնոյթի ձայնային յանկարծաբանական (վոկալ իմպրովիզացիայի) ոճով հիւսուած այն երգերից է, որոնք հայկական ժողովրդական երգարուեստում երաժշտական-ձևային մի առանձին ժանր են կազմում։ Այս ժանրի երգերը մասնաւորապէս բնորոշ են արևմտահայկական ժողովրդական երգարուեստին։ Սովորաբար այս երգերի եղանակները անուանուել են տեղանուններով։ Դրանով հաստատել են եղանակի տեղային ոճը կամ պարզապէս ստեղծման վայրը։ Երգուել են և՛ հայերէն և՛ թրքերէն։ «Մշեցոց Բինկէօլը» [6] Կոմիտասը գրի է առել 1891 թ․ մշեցի Մուշեղ անունով մի մարդուց։ [7]

Ինչպէս նշել է երաժշտագէտ Ռ․ Աթայեանը «Մշեցոց Բինկէօլը» իր երաժշտական-տեխնիկական յատկանիշներով և յուզականութեան բնոյթով նկատելիօրէն առանձնանում է սովորական գեղջկական երգերից և կարող է դիտուել նաև որպէս արհեստավարժ (պրոֆեսիանալ)-ժողովրդական ստեղծագործութիւն։ [8] Այդ երգը Ռ․ Աթայեանը համարում է ժողովրդական կամ արհեստավարժ (պրոֆեսիանալ)-ժողովրդական մեղեդիական մի բարձր նմուշ, որը իր բոլոր տուեալներով արժանի է դասուելու կոմիտասեան աւանդավիպային (ֆոլկլորային) խոշոր յայտնագործութիւնների թուին։ [9]

Մշեցոց Բինկէօլ (թրքերէն) [10]

Ձայնանիշեր PDF

Խարբուրդ եօլի վուրդում գելդիմ
Բինկէօլ - սուի նարդան աքար․
Արազ - սուի բող - բուլաղլար գեալէիմ․
Չայիր - չիման սավուղ սուլար Բինկէօլի, Բինկէօլի։

Ղարլի դաղլար աշար աշար
Բուրա գյալդըմ Բինկէօլ դաղնայ,
Ալուան-ալուան ղարլի դաղլար գեալէիմ․․․
Չիչագ սըմբուլ գիւլ հալամշար աշար եօլի Բինկէօլի։

Վիպական եւ պատմական երգեր

Կոմիտասի գրառած Մշոյ դաշտի վիպական և պատմական երգերից առանձնայատուկ է  նաև «Սուրբ Կարապետն էր մշեցի» (առասպելաբանական) նմուշը։ Հայ ժողովրդի մէջ այս ամենասիրուած ու մեծ հեղինակութիւն վայելող ուխտատեղիին նուիրուել են երգեր, որտեղ գովաբանուել են ուխտատեղիի արդարամիտ արարքներն ու շնորհները։ [11] Եղանակի կոմիտասեան այս գրառումը հայ  վիպական եղանակաւորուած պատումի դասական նմուշ է, բացի այդ Կոմիտասի գրառած Ս․ Կարապետին նուիրուած այս - և բոլոր մնացած նմուշները - [12] երգը ևս հարում է դէպի զարգացած և անհատականացուած եղանակին, որը գուսանական վիպերգի (բալլադի) տիպ ունի։ [13]

Մուշ. Սբ. Կարապետի վանքը (Աղբիւր՝ Sonnen-Aufgang, Heft 1., 16. Jahrgang, Oktober 1913)

Սուրբ Կարապետն էր մշեցի [14]

Ձայնանիշեր PDF

Սուրբ Կարապետն էր մըշեցի,
Դոր որ կացի նա յիշեցի,
Մըտիցս ելաւ՝ նստայ լացի,
Մուրատս ետու՝ ելայ գնացի։
Մուրատատո՜ւր Սուրբ Կարապետ։
Սուրբ Կարապետ բարձր տեղ է,
Ուր չորս բոլոր հայոց գեղ է։
Մատաղ բերին գառան ու մագին,
Մատաղ էրին սուրբ կիրակին,
Մուրատատո՜ւր Սուրբ Կարապետ։
Սուրբ Կարապետ բաձրիկ բոլոր,
Իր ճամբախն ա ոլոր-մոլոր,
Իր դուռն կըգան շատ ըխտաւոր,
Որ պայաւոր, որ ձիաւոր․
Պայաւորին մուրատ իտայ,
Ձիաւորին՝ կարմիր խնձոր,
Մուրատատո՜ւր Սուրբ Կարապետ։

Կատակերգեր

Կոմիտասի գրառած Մշոյ երգերից ժանրային առումով առանձնանում է «Մայրամ կանչէք հանէք դուրս» կատակերգը, որը կապուած է կենցաղային հումորի ու երգիծանքի հետ։

Մայրամ կանչէք հանէք դուրս [15]

Մայրամ կանչէք հանէք դուրս,
Աստուած առնէր ազիզ լուս։


Սպ․ Մելիքեանի և Գ․ Գարդաշեանի «Վանայ երգեր»ում հետաքրքրական եղանակով կան հետևեալ խօսքերը՝ [16]

Արևն առէ լուսէ լուս,
Մայրամ կանչէք թող կեայ տիւս,
Էս ինչ խօսքյ էր իխան տիւս,
Աստուած առնէր ազիզ լուս։

Մայրամ առուն թռեր ի,
Տէրտէր եախէն պռնիր ի,
Երկու չամիչ տուեր ի,
Տըսվերկու պաքյ առեր ի։
Ալուչի ծառ ծաղկեր էր,
Մայրամը տակ պառկեր էր,
Ալուչի ծառ կոճկեր էր,
Մայրամու փոր տըճկեր էր։

Հայ Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Ջան Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Ջան Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Իմ ջան քեո ջանին հայրան։

Այս երգի միայն բանաստեղծական տեքստի մի օրինակ կայ «Հայրենի երգ ու բան» ժողովածուի 3-րդ հատորում, որտեղ Մ․ Թումաճանը Մշոյ երգերի երգասաց Ա․ Ալիխանեանից ձայնագրել է հետևեալ խօսքերը՝ [17]

Լուսնակն ելաւ, լուսնէ լուս,
Մայրամ կանչէք հանենք դուրս,
Ատ ի՞նչ խօսք էր ձգեց դուրս․
Տէ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Տէր ․ ․ ․ Աւտուլին հարսներ ․․․։

Մայրամ յիջի խիյարնոց,
Քաղեց խիյար, լցուց ծոց,
Կտրաւ իր վըզի վըզնոց։

Տէ վուրմա, վուրմա, վուրմա,
Ջուխտ մը մաքի ղավուրմա։

Կաքաւ հաւեր կըցեցին,
Կարմիր գինին խմցուցին։

Լուսնակ ձգեր պատին տակ,
Մայրամ պառկեր ջըլի տակ։

Աւտալի դուռ շըշերով,
Մայրամ տարան գիշերով։

Հարսանեկան երգեր

Կոմիտասի գրառած Մշոյ երգերի մէջ կան նաև մի քանի հարսանեկան երգեր՝ «Վե՛ր էլի, հա՜յ», «Խարսիկ վեր արէ՛», «Մը քորսէ դանինա», «Շկավէ զավէ»։ Հարսանիքը Մուշում մի իւրայատուկ արարողակարգ էր։ Հարսնացուի ընտրութիւն, աղջիկտես, նշանդրէք, հաց կտրել, հարսնատես, խոնչա-բոխչա, տաշտադրոնք, ազպալուածք, հինադրէք, կնտրել կամ թրաշ, պսակ, և այլն։ Նշուած բոլոր արարողութիւններում վառ ընդգծուած են մշեցիներին յատուկ սովորութիւնները, իսկ այս ամէնի անքակտելի մասն են կազմել երգն ու պարը։

Մշեցիք աւանդապահ ժողովուրդ են։ Իրենց ապագայ հարսնացուին ընտրում են դեռ օրօրոցում։ Այդ երգերը կոչւում են օրօրոցախազ (օրօրոցի կամարի վրայ այդ առիթով խազ էին քաշում)։ [18] Հնում հարսնացուի ընտրութիւնը կատարում էին ծնողները և պատահում էին դէպքեր, երբ միայն պսակի օրն էին հարսն ու փեսան միմեանց տեսնում։ Պսակի արարողութիւնը մշեցիների մօտ յագեցուած է երգով, պարով, նուագով, հետաքրքրական սովորութիւններով։ Ահաւասիկ դրանցից մի քանիսը։ Հարսնացուի հանդերձը հագցնելուց երգում էին․ [19]

Մշոյ դաշտէն հայ գիւղական ընտանիք մը (Աղբիւր՝ Նուպարեան գրադարանի հաւաքածոյ, Փարիզ)

Տնիկ ու շէմքիկ,
Էլ դուք մի՛ք ժաժա,
Մենք ինք ժաժալու,
Շողիկ տանելու։

Աղբրիկ էլ չծըմծըմաս,
Մաղիկ էլ չխըլվըլաս [շարժուել],
Մենք ինք երրալու,
Շողիկ երամէն ջոկելու։

Գիշե՛ր, դու տարի եղիր,
Աղօթրան դու լէ հեռացիր,
Մէր երա՛մ հասրաթ հանիր,
Էս անդարձ, օղուբ [յաջող] օրին։

Երբ հարսին հանում են հօր տնից, նրա գրպանը չամիչ են լցնում և մի քանի զոյգ փոքր գուլպաներ դնում, այս ժամանակ աղջիկները երգում են․ [20]

Զչամիչ մաղով մաղեցին,
Շողերի /հարսնացուի/ ջեբեր լցրեցին,
Զղարիբ ճամբայ դրեցին։

Սովորութիւն է, որ հարսնացուին տանելուց նրա հետևից չեն աւլում, որ հայրական տունը չաւերուի։ Այս առիթով աղջիկները երգում են․ [21]

Մէրիկ, մի՛ աւլի զտախտիկ,
Որ չաւրի քու աղջկայ հետիկ,
Թըղ մնայ քի նմուշիկ,
Որ հանիս քու սրտի հասրաթիկ։

Մշոյ շրջանէն թուրք երկու աղջիկներ (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Պսակ տանելիս հարսնացուի կօշիկների մէջ գիւղերում գարնանացան ցորեն են ածում, իսկ քաղաքում մանր դրամ, որպէսզի հարսի ոտքը բարով լինի։ [22] Իսկ ահա թագւորի տնից եկող հարսնածները աշխատում են հարսնացուի տնից գողանալ մի խուփ, որ ապագայ հարսը չխօսկան լինի, մի գդալ, որ նրա բաժին ղսմաթն էլ նրա հետ գնայ։ [23]

Այսպիսով, հարսին դհոլ զուռնայի առաջնորդութեամբ ուղևորում են դէպի եկեղեցի։ Երբ հարսին զուգուած զարդարուած հայրենի տնից դուրս են բերում, դրան առաջ այս երգն են երգում․ [24]

Խարսիկ վեր արէ՛ [25]

Ձայնանիշեր PDF

Խարս վեր արի, նազ մի անէ,
Փէշերդ տուր վեր, թոզ մի անէ։
Խարս, վեր արի քո թախտէն,
Գանգեատ մ’անէ քո բախտէն։
Խարս, վեր արի քո օդից,
Գանգեատ մ’անէ քյո բախտից։
[26]

Եկեղեցում պսակի արարողութիւնը աւարտելուց յետոյ ուղևորւում են դէպի փեսայի տուն։ Երբ մօտենում են փեսայի տանը, մէկը երգում է՝

Թագուորի հէր տիւրս արի,
Փունջ մը շուշան ինք բերի,
Թագուորի մէր, տիւրս արի,
Թոփ մի խութնի ինք բերի,
Թագուորի աղբէր, տիւրս արի,
Ապըշմէ փէժկիր մ’ինք բերի։
[27]

Մշեցի հայ մը՝ Գաբրիէլ (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Գիւղերում տղայի մայրը մի քանի հաց ձեռքին դուրս է գալիս, հացը դնում է հարսի գլխին, մնացած հացերը ձեռքին սկսում է պարել։ Այդ միջոցին մէկը ջրով լի մի փարչ խփում է գետնին հարսի ու փեսայի առջև ու կոտրում։ Այդ երևոյթը չարխափան նշանակութիւն ունի։ Տնեցիներից ոմանք կտուրից չամիչ, ընկոյզ, երբեմն նաև մանր դրամ են թափում հարսի գլխին։ Տուն մտնելուց առաջ քահանան փեսայի մօրը խնդրում է, որ գայ և Աւետարանը համբուրի, իսկ ծերունիներից մէկը ասում է․ [28]

Ո՜վ ջաղամաթ, հանդիսականք,
Դուք լէ օրհնէք մըր թագուորին․
Որ մըր ջուխտակ ծլին ծաղկին,
Ընդրանց պտուղք մանկունք եղնեն։
Դուք օրհնելով մըր արև-լուսին,
Մենք լէ կը խնդրենք վերին հօրին,
Որ մըր ջուխտակի աղուբաթին
Բարով խէրով որդիքդ հասնին։

«Վեր էլի, հայ» երգը հարսանեաց հանդէսին թագուորի մօրը պարելու հրահրող դեր ունի, կամ հարսանեաց հանդէսին թագուորի մօրը պարի են կանչում «Վեր էլի, հայ» երգով։ [29]

Վե՛ր էլի, հա՜յ [30]

Վե՛ր էլի, հա՜յ, վե՛ր էլի,
Խարսի կեսուր, վե՛ր էլի։
Վե՛ր էլի, հա՜յ, վե՛ր էլի,
Թագուորի մեր, վե՛ր էլի։


Հարսանեկան երգերի շարքից հետաքրքրական են Կոմիտասի գրառած «Մը քորսէ դանինա», «Շկավէ զաւէ»։ Թեպէտ երգի խօսքերը քրդերէն են, բայց այս երգերը բնիկ աւանդական հայկական Մշոյ հարսանեկան երգեր են։ Սրանք, բնականաբար, քրտական հարսանեկան երգերի եղանակներին նմանութիւն չունեն, մինչդեռ դրանք ոճային անվիճելի ընդհանրութիւն ունեն հայ աւանդական հարսանիքի, մասնաւորապէս փեսային գովերգող երգերի հետ և երկու երգերն էլ իրենց վերջաւորութիւններով (յանգաձևերով) ակնարկում են տուեալ երգերի հնութեան մասին։

Այս երգը յայտնաբերուել է Կոմիտասի կազմած հայ գիւղական երգերի ժանրային յատուկ ժողովածուում։ Առաջին գրանցման մօտ Կոմիտասը մակագրել է «Քրտերէն․ արտագրել եղանակը»։ [31]

Մը քորսէ դանինա (քրտերէն) [32]

Շկավէ զավէ (քրտերէն) [33]

Ձայնանիշեր PDF

Շկավէ զաւէ թազա,
Լաոկ խեր բեզաւա։
Շկաւէ զաւէ թազա,
Լաոկ խեր բեզաւա։
Թաժի բրընջի խասա,
Լաոկ խեր բեզաւա։

Մշոյ հարսանեկան երգերից է «Վա՜յ, մայրի՛կս, զիս տարան» հարսի գովերգը։ Այն իր կառուցուածքով պարային է, բովանդակութեամբ, բանաստեղծական բանաձևուած միջոցներով՝ հարսանեկան։ [34] Այն և՛ հարսի գովերգ է ՝ «Նիգեար մներ հալուկ եղ», և՛ հարսի հրաժեշտ լացի՝ «Վայ, մայրի՛կս, զաիս տարան», և՛ հարսին մխիթարելու երգի տարրեր ունի՝ «Տարա՜ն, տարա՜ն, թո՛ղ տանին»։ Երգը բացի հարսանեկան ծէսից կարող է կատարուել նաև որպէս պարերգ և սիրերգ։ [35]

Մշոյ դաշտի հայկական գիւղի մը բնակիչները (Աղբիւր՝ Le Tour du Monde, 13e année, Paris, 1907, էջ 233)

Վայ, մայրի՛կս, զիս տարան [36]

(Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ)

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Բարսեղ Ստեփանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Արճէշու սար երկու հերկ,
Վա՜յ, մայրի՛կս, զիս տարան․
Արճէշու սար երկու հերկ,
Քաղին, Նիգեա՛ր, զիս տարան։
Տարա՜ն, տարան՝ թող տանին,
Օր մը ըսօր կու բերին։

Վա՜յ, մայրի՛կս, զիս տարան,
Ջիգեարս քանդին, տարան․
Քաղին, Նիգեա՛ր, զիս տարան,
Ջիգեարս քանդին, տարան։

Նիգեար մներ հալուկ եղ,
Վա՜յ, մայրի՛կս, զիս տարան․
Նիգեար մներ հալուկ եղ,
Քաղին, Նիգեա՛ր, զիս տարան։

Քաղին Նիգեա՛ր, զիս տարան,
Եամմ՜ան, Նիգեա՛ր, զիս տարան,
Քաղին, Նիգեա՛ր, զիս տարան։

Արճէշու սար խըշերով․
Վա՜յ, մայրի՛կս, զիս տարան,
Արճէշու սար խըշերով․
Քաղին, Նիգեա՛ր, զիս տարան։
Նիգեար տարան գիշերով,
Եամմ՜ան, Նիգեա՛ր, զիս տարան,
Նիգեար տարան գիշերով,
Քաղին, Նիգեա՛ր, զիս տարան։
[37]

Տեքստային վերծաբան՝ Ար․ Սահակեան

Մշոյ դաշտի Հաւատարիկ գիւղէն (նեկրայիս Տերեճիք) հայ կիներ (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Այս երգի երգասացը Բարսեղ Ստեփանեանն է։ Բարսեղը գաղթել է 1915 թ-ին Մշոյ դաշտավայրի Ծռկետ գիւղից։ Իր ծննդավայրում եղել է անուանի երգիչ, ունի հարուստ և աւանդական երգացանկ։ [38] Երգը ձայնագրել են 82 տարեկան հասակում։ Այս և մի շարք Մշոյ երգեր, որոնք զետեղուած են «Թալին» ժողովածուում մեզ են հասել շնորհիւ Երևանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի (կոնսերվատորիա) աւանդավիպային (ֆոլկլորային) ամբիոնի 1969 թուականին կատարուած գիտարշաւի կողմից, որը ղեկավարում էր փրոֆ․ Մ․ Բրուտեանը։ Գիտարշաւը դէպի Թալին պայմանաւորուած էր այն հանգամանքով, որ Թալինի շրջանի ազգաբնակչութիւնը բաղկացած է նաև պատմական Հայաստանի Սասունի, Մուշի 1915 թուականի գաղթած վերաբնակիչներից։ Երգերը վերծանել է Երևանի Կոմիտասի անուան պետ․ երաժշտանոցի փրոֆէսօր՝ Ա․Ալինա Փահլևանեանը, տեքստային վերծանումը իրականացրել է նոյն երաժշտանոցի դոցենտ՝ Արուսեակ Սահակեանը։

Սիրային-քնարական երգեր

Մշոյ ծիսական երգերից են նաև «Համբարձման երկուշաբթի»ի երգերը, որոնց բովանդակութիւնը, յատկապէս սկզբնատողերը յուշում են, որ դրանք կապուած են Համբարձման ծէսի հետ՝ նուիրուած է գարնան զարթօնքի, ծիլ ու ծաղկի, խոտհնձի փառաբանութեանը։ [39]

Մշոյ դաշտավայրում այս ծէսը նշում են հետևեալ ձևով․ երիտասարդ տաւարածները ծաղկեփնջերով զարդարում են տաւարի ճակատներն ու եղջիւրները, և այդ երգն շուրթերին երեկոյեան գիւղ են մտնում ու ծաղկեփնջերը նուիրում են գիւղի հարս ու աղջկան։

Ահա այդ երգերից երկուսը, որոնք կառուցուածքով ևս պարերգային են և ներկայանում են սիրային-քնարական ժանրում։ [40]

Համբարձման էրկուշաբթին [41]

Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Բարսեղ Ստեփանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Համբարձման էրկուշաբթին․
Համբարձման էրկուշաբթին․
Վերցի զփոցխ ու զկերնդին,
Հըտ գիտու ափին գացի․
Վերցի զփոցխ ու զկերնդին,
Հըտ գիտու ափին գացի․
Ծորեցի, ծորթըփեցի,
Մանդրիկ-մանդրիկ խորմեցի․
Ծորեցի, ծորթըփեցի,
Մանդրիկ-մանդրիկ խորմեցի․
Մանդրիկ-մանդրիկ խորմեցի,
Հարիւր բարդիկ թըմմեցի․
Հարիւր բարդիկ թըմմեցի,
Յարոջ դռնով ընցուցի․
Յարոջ դռնով ընցուցի,
Համբարձման էրկուշաբթին։
[42]

Տեքստային վերծաբան՝ Արուսեակ Սահակեան

Մուշ, համայնապատկեր։ Բնատիպ լուսանկարէն հատուած մը։ Ամբողջական պատկերը տեսնել աւելի վար (Աղբիւր՝ Library of Congress, LC-USZ62-86872)

Համբարձման էրկուշաբթին [43]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Վահան Վարդանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Համբարձման էրկուշաբթին
Վերցի զփոցխ ու զկերնդին,
Ընկայ հըտ ծորի ափին,
Ծորեցի, ծորթըփեցի,
Մանդրիկ-մանդրիկ խորմեցի,
Խորուն խորմի դրեցի։
Կեմիկ չեղաւ՝ կապեցի,
Բրչամս կեմիկ արեցի․
Կետիկ չեղաւ՝ կրեցի,
Միջկունք կէտիկ արեցի,
Էզնուկ չեղաւ՝ լծեցի,
Ջուխտըմ կաքաւ էզնուկ արեցի․
Խարզան չեղաւ՝ քշեցի,
Սև օձ խարզան էնեցի․
Քշեցի, քըշմըշեցի,
Յարոջ դռնով ընցուցի․
Յար քնուկ էր՝ չիմցուցի,
Եարոջ դաստմալ փրցուցի,
Եարոջ քրտինք սըբըրցի։
Նա ՜ր, նա՜ր, նա՜ր, նարի-նա՛յ, նա՛յ-նա՛յ,
Նարի- նա՛յ, նա՛յ-նայ, նանայ- նա՜յ։
Տարին տասվերկու ամառ,
Խնձորն էր թոռմէ քամար,
Խնձորի կէս խածած էր,
Խածած էր, խածմըծած էր,
Օսկէ ջրով արծըթած էր։
Նա ՜ր, նա՜ր, նա՜ր, նարի-նա՛յ, նա՛յ-նա՛յ,
Նարի-նա՛յ, նա՛յ-նայ, նանայ-նա՜յ։
Համբարձման էրկուշաբթին
Կռուան էրկու տեգերկին,
Կռուան՝ վըր պուտկի քերքին,
Թաթխան իրարու հոր դին,
Առան զիրար՝ ելան վըր տանքին։
Նա ՜ր, նա՜ր, նա՜ր, նարի-նա՛յ, նա՛յ-նա՛յ,
Նարի- նա՛յ, նա՛յ-նայ, նանայ- նա՜յ։
[44]

Տեքստային վերծաբան՝ Արուսեակ Սահակեան

Այս երգի երգասացն է Վահան Վարդանեան։ Նա գաղթել է 1915 թ․ Մշոյ դաշտի Մառնիկ գիւղից։ «Նրա երգացանկը աւանդական է, բերել է հետը Մշոյ դաշտավայրից, լաւագոյնս պահել է Մշոյ բարբառն ու երգաոճը, սասունցիների հետ երկար համատեղ կեանքը նոյն գիւղում Սասնոյ բարբառի կնիքն է դրել նրա մայրենի բարբառի վրայ»։ [45]

Մշոյ դաշտի սիրային-քնարական երգերից են «Բաղումբի», «Բաց դուռ, արի», «Հաւար վերի», «Մարօ», «Առաւօտ բարի լուսուն» նմուշները։

Սասուն, հայ շինականներ (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Բաղումբի [46]

Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Վահան Վարդանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Բաղումբի հո՛լ, բաղումբի թո՛լ, բաղումբի՜․
Տանեն ելայ, տանքով գացի․ բաղումբի՛,
Տանեն ելայ, տանքով գացի,
Բաղումբի հո՛լ, բաղումբի թո՛լ, բաղումբի՛,
Խանջար թալի, երդիկ բացի,
Բաղումբի հո՛լ, բաղումբի՛․
Սալվին տուն չէր, նստայ լացի,
Բաղումբի հո՛լ, բաղումբի թո՛լ, բաղումբի՛․
Սալվին գացի բաղնիք լուացք, բաղումբի,
Փրփուր լաչին էր մացի թաց,
Բաղումբի հո՛լ, բաղումբի՛,
Քամին զարկեց, ծոցուին էբաց,
Բաղումբի հո՛լ, բաղումբի,
Ով որ տեսաւ՝ խելաց գնաց,
Բաղումբի հո՛լ, բաղումբի թո՛լ, բաղումբի՛։
[47]

Տեքստային վերծաբան՝ Արուսեակ Սահակեան

Բաց դուռ, արի [48]

Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Վահան Վարդանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Բաց դուռ արի, բաց դուռ արի,
Բաց դուռ արի, բիչուզ եար,
Բաց դուռ արի, բիչուզ եար,
Չափինք՝ քու բաժովն իմ, եար,
Չափինք՝ քու բաժովն իմ, եար,
Վըր քու գըլխուն վարդ իմ, եար։
Տօ տղայ, տղայ մըշեցի,
Շուն, շան որդի քոլոզով,
Հերիք անցնես մեր պատով,
Մեր պատ փըլաւ քու աբով։
Էրթամ, ասիմ մեծերուն,
Իգան զարգին խանջար խորուն,
Հանին զքու կարմիր արուն,
Թափին վըրքու թևերուն,
Կաթկըթա մըջ քու սոլերուն։
Տօ տղայ, տղայ լանգառի,
Շըլուար շապիկ ժանգառի,
Գնա վերին թաղն, արի,
Սիրի զխորոտիկն, արի։

Տեքստային վերծաբան՝ Արուսեակ Սահակեան

Խասգիւղէն (Մուշի գաւառակ) բնակիչ մը (Աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)

Հաւար վերի [49]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Բարսեղ Ստեփանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Մարօ [50]

Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Բարսեղ Ստեփանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Արի՛, Մարօ՛, վ’արի՜,
Արի՛, ջանօ՛, վ’արի,
Մարօ՛, երկինքն էր ամպ,
Ջանօ՛, գետինն էր թաց,
Մարօն պառկեր էր, ծոցերն էր բաց․
Մարօն պառկեր էր ծոցերն էր բաց, եա՜ր,
Եա՜ր, եանանը՛մ, եա՜ր, եա՜ր
Եա՜ր, դոնարը՛մ, եա՜ր, եա՜ր,
Քե՛լ, Մարօ ջա՜ն, քե՛լ։

Արի՛, Մարօ՛, վ’արի,
Մարօն սարէն կուգէր, շալակն էր ժախ,
Ջանօն սարէն կուգէր, շալակն էր ժախ,
Մարօ ծամեր հուստըկուկ էր, փիջէն էր կախ,
Մարօ ծամեր հուստըկուկ, էր փիջէն էր կախ, եա՜ր,
Եա՜ր, եանանրը՛մ, եա՜ր,
Եա՜ր, դոնարը՛մ, եա՜ր,
Ա՜խ, չէ ՜, Մարօ ջա՛ն, չէ,
Չէ ՜, Մարօ ջա՛ն, չէ ՜։

Արի՛, Մարօ՛, վ’արի, վ’արի՜,
Մարօն սարէն կուգէր, շալակն էր բուրդ,
Ջանօն սարէն կուգէր, շալակն էր բուրդ,
Գեղի չորս կողմ՝ զինաւոր թուրք,
Մարօ հերն ու մեր ․․․[բառերը չեն լսուել]
Մարոյի հերն ու մեր․․․
Եա՜ր, եանանրը՛մ, եա՜ր,
Եա՜ր, դոնարը՛մ, եա՜ր,
Չէ ՜, Մարօ ջա՛ն, չէ ՜։
[51]

Տեքստային վերծաբան՝ Ար․ Սահակեան

Սասուն, հայ գիւղացիներ իրենց արտը հերկելու պահուն (Աղբիւր՝ Նուպարեան գրադարանի հաւաքածոյ, Փարիզ)

Առաւօտ բարի լուսուն [52]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Վահան Վարդանեան
Վերծանեց՝ Ա․Ա․ Փահլևանեան

Առաւօտ բարի լուսուն
Թանթախ ձնիկ մ’էր էգի,
Տոտիկ հետիկն էր գացի,
Վերցի զտոտիկն ու գացի․
Գացի, գացի, հեռացայ,
Եարոջ դռներ մօտեցայ․
Եարոջ դռներ կիսաբաց,
Մտայ՝ կ՚առնենք թաժայ հաց,
Եարոջ շունն էր խածէ զիս․
Հանի՛կ, նանանի՛կ, նանի՛կ,
Ընձի ի՞նչ խածել պէտք էր,
Ընձի գի՛րկ ու ծոց պէտք էր։
[53]

Տեքստային վերծաբան՝ Ար․ Սահակեան

Պարերգեր

Մուշ-Տարօնի պարերգերից զգալի ժառանգութիւն է պահպանուել շնորհիւ նշանաւոր երաժիշտ-բանահաւաք Միհրան Թումաճանի։ Նա Մշեցի Արմենակ Ալիխանեանից գրառել է պարերգերի շարք։ Ինչպէս նշում է Մ․ Թումաճանը «Երգողի՝ դոկտոր Արմենակ Ալիխանեանի ծննդավայրն է Մշոյ դաշտի Առինջ գիւղը։ Ուսումն առել է Վենետիկում, Մխիթարեանների մօտ։ Աւանդասէր է։ Երգելու ոճն ազդուած չէ արևելեան երաժշտութիւնից։ Ունի զիլ ձայն, յստակ առոգանութեամբ»։ [54] Ապա, շարունակում է. «Մուշի այս երգերը, որ առաւելապէս պարերգեր են, կարելի է գտնել նաև Վանի, Ախլաթի և այլ մօտակայ շրջանների երգացանկերի մէջ։ Սխալ է, սակայն, եզրակացնել թէ այդպիսի երգերը նոյնանման բաներ են։ Կլիմայի ու բարքերի ազդեցութեան տակ, ինչպէս բարբառները կամ տարազներն են զանազանւում, նմանապէս այս երգերում երաժշտական արտայայտութեան ու հնչիւնի ինքնայատուկ շեշտը դիւրաւ զանազանելի է»։ [55]

Մ․ Թումաճանի գրառած Մշոյ դաշտի պարերգերը ներկայացուած են երեք խմբերում՝

1․ Չափաւոր ու արագ պարերգեր՝

Այս պարերգերի ընդհանուր յատկանիշը մեղեդու հանդարտ ընթացքն և ելևէջային սեղմ շարադրանքն է։

Ձունօն էլեր, կերթեր էգին [56]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Ձունօն էլեր, կ՚երթէր էգին,
Ինքն էր, ուր ջուխտ տեգերակին․
Հա նառ նառ ինայ,
Հա նառ նառ ինայ
Հա նառ նառ ինայ,
Եանտըմ Ձունօ։
Ձունօն էլեր կ՚երթէր ի բեր,
Ո՛չ ինքն էղներ, ո՛չ բերատեր։

«Ձունօն էլեր, կ՚երթէր էգին» պարերգը յայտնի է Ձունոյի՝ այլուր տարածուած Զուլոյի մասին յօրինուած զաւեշտական պատմութեամբ, որը Մուշում էլ բաւական ընդարձակ է եղել։ [57]

Էսօր ուրբաթ է, պաս է [58]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Էսօր ուրբաթ է, պաս է,
Լէ լէ, զընգը, զընգը,
Լէ լէ, ջան․
Սըրտիկս արծըթէ թաս է,
Լէ լէ, զընգը, զընգը,
Լէ լէ, ջան․
Սըրտիկ, մալուլ մը՛ կենայ,
Լէ լէ, զընգը, զընգը,
Լէ լէ, ջան․
Աշխարք մարդու չի՛ մնայ․
Լէ լէ, զընգը, զընգը,
Լէ լէ, ջան։


Սասունի շրջան, հայ գիւղացիներ (Աղբիւր՝ Le Tour du monde, 19e année, 1913, Paris, էջ 535)

Չոլի կըռունկ, էրկեն վիզ [59]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Չոլի կըռունկ, էրկէն վիզ,
Համ խորոտիկ, համ նարկիս։
Մըշու սարեր մըշուշ էր,
Հողն ու ջուրըն անուշ էր։

Հիւանդ եմ ես [60]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Հիւանդ եմ ես, հիւանդ եմ ես,
Քու եարն եմ ես, քու եարն եմ ես,
Առ խնծորը, արի զիս տե՛ս։

Պտկով փլաւ էփեցի [61]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Պտկով փլաւ էփեցի,
Նառայ, նայ, նայ,
Նիռ նայ, նայ,
Տարայ եարոջ կերցուցի,
Նառայ, նայ, նայ,
Նիռ, նայ, նա։


Տերօ, Տերօ, Տերըկկօ [62]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Տերօ, Տերօ, Տերըկկօ,
Թուխ դեղ քաշիմ, Տերըկկօ։
Տերօ, Տերօ, Տերըկկօ,
Հայլին իշկիմ, Տերըկկօ։
Իրեք ամիս աշուն էր,
Աղջկայ շապիկ նըխշուն էր։

Զնգլիկ [63]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Զնգըլիկ, ալոճ իմ քաղէ,
Զնգըլիկ, տարան, թը՛խ տանին,
Զնգլիկ, Զատկին թը՛խ բերին։


Սա հարսանեկան ծէսի հետ կապուած պարերգ է, որը երգում են հարսին տնից դուրս հանելուց։ Այս երգի մասին երգասաց Ա․ Ալիխանեանը տուել է մէկ այլ ծանօթագրութիւն․ «Գարնանը, դաշտն վերադարձի ատեն, աղջիկ տղայ ձեռք-ձեռքի բռնած ու շարք շարք եղած, ցատկելով գիւղ կը դառնան։ Այս եղանակը մասնաւորապէս կ՚երգեն, ցատկելու համար ռիթմ [կշռոյթ] ունենալով»։ [64]

Մշոյ դաշտ. հայ կիներ (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

2․ Ծանր պարերգեր ու երգեր

Աբօ, մամօ, կարգէ զիս [65]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Աբօ, մամօ, կարգէ զիս,
Ըտ հովըվին մի՛ տար զիս,
Կորի ոչխար, ծեծի զիս։

Թառի նառի նառի նա,
Թառի նառի նառի նա,
Թառի նառի նառի նա,
Նայ, նայ, նայ։

Աղջիկ, նազերով [66]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Աղջիկ, նազերով, նազերով,
Դիլբար, նազերով, նազերով։
Ձըր տուն, մըր տուն մալամուխ էր․
Կարմիր էրես, աչքեր թուխ էր։
Աղջիկ, մի՛ գայ մըր տուն ծուխ է,
Տատըկօ, մի՛ գայ մըր տուն ծուխ է․
Կարմիր էրես, աչքեր թուխ է։


Մշոյ դաշտի Շէնիկ եւ Կելեկիւզան գիւղերէն հայեր (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Արի՛, եար, արի՛, խըռով մը կ՚ինայ [67]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Արի՛, եար, արի՛, խըռով մը կ՚ինայ,
Իդա սուտ տունյէն  մարդու չի մընայ։

Ծամերու ծանրութենէն [68]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Ծամերու ծանրութենէն
Ծամթել կըտրաւ ծովն ի յընկաւ,
Լողուորի մէկ լէ ես իմ,
Չըմ հանի ծամթելն ի ծովէն։


Ծամերու ծանրութենէն երգը, որը մի շարք հայ բանահաւաքներ վերագրել են «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելին, Վանում, Շատախում և այլուր տարածում գտած «Ծամթելիկ» երգի մի տարբերակ է, որը երգել է մշեցի Արմենակ Ալիխանեանը։

«Հաբրբան» երգը հայ գիւղական երգաստեղծութեան մէջ տարածուած օրինակներից է։

Հաբրբան [69]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Հաբրբան,
Ջանէ ջան։
Սիրեր իմ սէրն էրեսին,
Անթառան թերն էրեսին,
Ով իմ սիրախն ընց չըտայ,
Աստըծու կերն էրեսին։

Մուշ, 1912. քաղաքէն տեսարան մը (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Սասմա կ՚ելնէր բարակ ծուխ [70]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Սասմա կ՚ելնէր բարակ ծուխ,
Վայ գիւլում, գիւլում, գիւլում․
Ես եար մ’ունենք Բուլանուխ,
Վայ գիւլում էր, ջան գիւլում։
Հարաւ քամին մաղեր զիս,
Մէջ քու ծոցին թաղեր զիս։

Ցորեն իմ ցաներ [71]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Ցորեն իմ ցաներ, վայ, ելեր է պառկի,
Պըզտըկուց սիրեր իմ, չըմ կըրնայ թըրկի։
Հեռ լէ, լէ, լօ, լօ, լօ,
Եարըմ գորանի․
Հեռ լօ, լօ, լէ, լէ, լէ,
Տոգթըմ գորինի։
Ցորեն իմ ցանի, վայ, իդայ դարակող,
Ասուած անիծեր, զիդայ արտ ու հող․
Շամամ չըր հասներ, ճամբենք եարոջ փոխ․
Հեռ լէ, լէ․․․։
Տարօնայ չորս բոլոր մանտր ու բետ գեղ էր,
Զէն եարն օր կը սիրիմ՝ խորոտկի ցեղ էր․
Հեռ լէ, լէ․․․։
Տարօնայ չորս բոլոր մանտր ու բետ գեղ էր,
Պըզտիկ ըմ սիրեր իմ, խորոտկի ցեղ էր․
Հեռ լէ, լէ․․․։


«Ցորեն է իմ ցաներ - Գորանի» պարերգը ևս տարածուած պարերգ է։ Այս պարերգի բնօրրանը համարւում է Մուշը։ [72]

Դէ Մայրամ, Մայրամ [73]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Դէ Մայրամ, Մայրամ, Մայրամ,
Դէ Մայրամ, սարի ջեյրան։
Եարդերտու սարն եուսին էր,
Մայրամն օրուայ լուսին էր։
Եարդերտու սար խըճերով,
Մայրամ նըխշուն բըճերով։

Եարղուշտա [74]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Արմենակ Ալիխանեան

Ըստ երգասացի այս պարեղանակը կոչուել է նաև Մռթլեցուկ, ուր մռթալ բառը վահան իմաստով է օգտագործուած։ Մ․ Թումաճանի բնագրում նշուած է, որ այս եղանակը յայտնի է նաև որպէս Սուրի խաղ։ Թալինի շրջանում ապրող մշեցիների մէջ այս նոյն պարը յայտնի է նաև Ծափերով պար։ [75]

Ծափ պարի մի օրինակ Առուշտա վերնագրով.

Մշոյ դաշտէն հայ կին մը (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Առուշտա [76]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Անուշ Գրիգորեան

Մուշ-Տարօնի պարեղանակներից է նաև Քոչարի Մշոյ Խըռ.

Մշոյ Խըռ [77]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Լևոն Սէֆէրեան

Մուշ-Տարօնի այս երկու պարեղանակները տարածում են գտել նաև հարևան Խլաթում։ Ի տարբերութիւն այլ նմուշների՝ սրանք իրենց եղանակաւորման մէջ տարբեր են և ինքնատիպ, որով ընդգծւում է նրանց տեղայնացուած լինելու հանգամանքը։ [78]

Մ․Թումաճանը Արմենակ Ալիխանեանից գրառել է նաև բանահիւսական նիւթեր։ Վերջինիս յիշողութեան մէջ մնացած քիչ քանակութեամբ նմուշների եղանակները թէպէտ Ալիխանեանը չի յիշել, բայց դրանց եղանակաւոր լինելու հանգամանքը ստոյգ է։ [79]

Բաղչէն եմ դրեր [80]

Բաղչէն եմ դրեր յառջև ճրագին,
Թուխ ռեհան գըճեր հով էրեր վարդին,
Էրթամ ի Հալաբ նուշ շաքար բերիմ․

Հա թըռի, թըռի, թըռցընեմ,
Բերիմ քեզի կերցընեմ,
Սև հաւի միս կերցընեմ,
Կարմիր բուրուճ հագցընեմ։

Քեռին էկաւ բեռներով,
Բեռներ հըմեն քարուպար,
Գրգոն վըրէն սարուպար։

Քու ծըծեր հաղորդաման,
Քու բերան խնկի աման․

Արի էրթանք սարի սեյրան,
Քաղենք դաստայ մանիշակ,
Բերենք թալենք եորղան, տոշակ,
Քընիս էղնիս գարնան շըջան։

Հա թըռի, թըռի թըռցնեմ,
Սև հաւի միս կերցընեմ,
Հա թըռի, թտռի չուր ի լուս,
Պապէն գիգայ կենայ դուս։

Իմալ ենք [81]

(Իմալ ենք դարձուածքը Մշոյ բարբառում հանդիպող այն արտայայտութիւններից է, երբ սեփական անձին դիմում են մեծարման եղանակով՝ յոգնակիով)

Իմալ ենք, ես քու սիրուն, իմալ ենք,
Մեղրեմոմ դէմ տուր գոլուն, իմալ ենք,
Հալենք թափենք քարերուն,
Իմալ ենք, ես քու սիրուն, իմալ ենք։

Իմալ ենք, ես քու դարտէն, իմալ ենք,
Լոր մը թըռաւ մըր արտէն, իմալ ենք,
Կտրաւ իմ սըրտի փարտէն,
Իմալ ենք, ես քու դարտէն, իմալ ենք։

Իմալ ենք, ես ձըր տանքին, իմալ ենք,
Լուսընկէն վըր երդըկին, իմալ ենք,
Շողենք կաթենք քու գըրկին,
Իմալ ենք, ես ձըր տանքին, իմալ ենք։

Իմալ ենք, ես քու եապով, իմալ ենք,
Բաղեղենք կանաչ կապով, իմալ ենք,
Փաթթուենք ելնենք ձըր պատով․
Իմալ ենք,  ես քու յապով, իմալ ենք։

Իմալ ենք, քինով տարւուկ, իմալ ենք,
Դու ճըրագ, ես լէ պատրուկ, իմալ ենք,
Վառենք թափենք քու գըրկուկ,
Իմալ ենք, քինով տարւուկ, իմալ ենք։

Իմալ ենք, ես քու ծոցին, իմալ ենք,
Կայներ ես մօտ բարդոցին, իմալ ենք,
Լուս տըուեր սըրտանոցին,
Իմալ ենք, ես քու ծոցին, իմալ ենք։

Իմալ ենք, ես քու սիրուն, իմալ ենք,
Ես ակ, դու աղբրանց արուն, իմալ ենք,
Բացուեր իմ մօտի ջըրերուն,
Իմալ ենք, ես քու սիրուն, իմալ ենք։

Մանկական ասացուածք՝ Այբ, բիեն, գիեմ [82]

Այբ, բիեն, գիեմ,
Փըրթեմ ուտեմ․
Դա, եչ, զա,
Տախտըկեզա․
Է, ըթ, թօ,
Թոփալ Թօթօ․
Ժէ, ինի, լիւն,
Ժաժկի հըլուն․
Խէ, ծա, կեն,
Բերդը ծակեն․
Հօ, ձա, ղատ,
- - - աղատ․
Ճէ, մեն, յի,
Զըտի մ’էնի
Նու, շա, վօ,
Թերմաշ Աւօ․
Չա, պէ, ջէ,
Չամիչ փըչէ․
Ռա, սէ, վեվ,
Կոտրի քու թև․
Տիւն, րէ, ցօ,
Մըր տիտացօ․
Հիւր, փիւր, քէ,
Թոփալ Գըրքէ․
Եւ օ, ֆէ
- - - - - - - ։

Մուշի բողոքական միսիոնարական դպրոցին աշակերտները (Աղբիւր՝ Պոտիլ Պիէօրնի հաւաքածոյ)

Հետաքրքրական են Մուշ-Տարօնի շրջանին պատկանող մի քանի երգեր, որոնք մեզ են հասել  ժողովրդական երգարուեստի տաղանդաւոր կրողներից մէկի՝ Հայրիկ Մուրադեանի կատարմամբ։ Այդ երգերը Հայրիկ Մուրադեանի ձայնից վերծանել, կազմել և խմբագրել է Ա․ Ա․Փահլևանեանը «Հայրենի երգեր» ժողովածուում։ Շնորհիւ Հ․ Մուրադեանի կորստից և մոռացութիւնից փրկուել են բազմաթիւ ժողովրդական երգեր։ Մասնագիտութեամբ պատմաբան լինելով, նա բազմաթիւ ժողովրդական երգեր հաւաքող և այդ երգերը մաքրամաքուր, բարձրաճաշակ կատարող էր։ [83]

Հայրիկ Մուրադեանը արմատներով Վանից է, և իր երգած ժողովրդական երգերի գերակշռող մասը Վասպուրականին է պատկանում, սակայն կան երգեր, որոնց ծագումը կապուած է այլ վայրերի հետ։ [84] Այդ երգերից են «Մըշու սարեր», «Եօթն օր, եօթ գիշեր», «Տարան, տարան», «Քո թօթօլ ջանին մըռնիմ», «Կակօ, մարէ», որոնք հարում են դէպի Մուշ-Տարօնը։ Դրանք այն երգերից են, որոնք իր բնօրրանից ընկել են հարևան ազգագրական գօտի և այլ երանգ են ստացել։ Սովորաբար բնօրրանից դուրս եկած նիւթը պահպանւում և փոխանցւում այնտեղ, ուր կայ աւանդական կրողների հոծ զանգուած։ [85]

«'Մըշու սարեր', 'Եօթն օր, եօթ գիշեր', 'Տարան, տարան', 'Քո թօթօլ ջանին մըռնիմ', 'Կակօ, մարէ' երգերը յօրինուած են Տարօնում։ Այս երգերը լայնօրէն տարածուած էին Շատախում, բայց տարբերւում էին Տարօնի մեղեդիներից։ Այս երգերը սովորել եմ Շատախի շինականներից, լսել եմ նաև մշեցի հօտաղ ընկերներից՝ վաղ երիտասարդական օրերին», նշել է Հայրիկ Մուրադեանը։ [86]

Մըշու սարեր [87]

(Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ)

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Մկրտիչ Սարգսեան

Մըշու սարեր մըշուշ է,
Հողն ու ջուրը անուշ է․
Բոպիկ մի՛ քէլէ, փուշ է,
Խօրօտին պաքյն անուշ է։

Ընգյեր ես կյետ, կըլողաս․
Էլեր ես ափ՝ կըդողաս․
Բոպիկ մի՛ քէլէ, փուշ է,
Խօրօտին պաքյն անուշ է։

Քանց զնըռան խատ կըշողաս,
Սիրող սըրտին պաքյ կիդաս։
Բոպիկ մի՛ քէլէ՝ փուշ է,
Խօրօտին պաքյն անուշ է։

Եօթն օր, եօթ գիշեր [88]

Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան- արխիւ

Ձայնանիշներ PDF

Երգասաց՝ Հայրիկ Մուրադեան
Ձայնից վերծանեց՝ Ա․ Փահլևանեան
 
Եօթն օր, եօթ գիշեր շաղգամն ի
գօտկիս թօռմըշեր,
Եար մզիկ տընէն դուրս չելնայ, փշուր
մի սըրտիկ մըզի խովանայ,
Եար լէ, եար լէ, եար լէ, եար լէ,
Եար լէ, եար լէ, եար լէ, եար լէ,
Եար լէ, եար լէ, ջան լէ։
Էրթամ Ըստամբօլ, դատեմ փարէն բօլ,
Առնեմ ջուխտըմ սօլ, խաքյնենք դօրէդօր։
Առնեմ զիմ տամբուրէն, էլնամ զքո մամու հերթիս,
Զիմ կաքվու անուշ ձէն լըսիս, եար, քընից զարթնիս․
Եար լէ, եար լէ, եար լէ, եար լէ,
Եար լէ, եար լէ, եար լէ, եար լէ,
Եար լէ, եար լէ, ջան լէ։
Եարսի խըռօվաւ, շաղգամ թօռօմաւ,
Սիրտսի մալուլավ, դարդսի շատացաւ։
Եար, հօր դու մըզի չէիր սիրի,
Հօրի՞յէս ձեր դըռնէն անցայ, դու խոլոռ իրիշկացիր։
Եար լէ, եար լէ, եար լէ, եար լէ,
Եար լէ, եար լէ, եար լէ, եար լէ,
եար լէ, եար լէ, ջան լէ։
Էրթամ Ըստամբօլ, դատեմ փարէն բօլ,
Առնեմ ջուխտըմ սօլ, խաքյնենք դօրէդօր։
Խայեր, վա ՜խ, խայեր, շիուար էքյ մացէ,
Չինանք մեր երկրի լացերն ու ցաւեր,
Վայ լէ, վայ լէ, վայ լէ, վայ լէ,
Վայ լէ, վայ լէ, վայ լէ, վայ լէ,
Վայ լէ, վայ լէ, վայ լէ։
Էրթամ Ըստամբօլ, դատեմ փարէն բօլ,
Առնեմ ջուխտըմ սօլ, խաքյնենք դօրէդօր։
[89]

Մուշ, համայնապատկեր (Աղբիւր՝ Library of Congress, LC-USZ62-86872)

Տարան, տարան [90]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Հայրիկ Մուրադեան
Ձայնից վերծանեց՝ Ա․ Փահլևանեան

Խընուս գեղի մէջտեղը,
Բեխն օլօրեց մեծ շէյխը․
Զօրազօր խըլին տարան,
Թօրգին զիս լաց ու շիւան։
Տարան, տարան զիմ եարը,
Տարան զիմ մէկ ու ճարը,
Հաւար տարէք Սարոյին,
Տարան խօրօտ Վառօյին։
Եարիս ծամերն էր օսկի,
Դագմայ չըր իկայ խօսքի,
Զօռակի խըլեց տարաւ
Էն մեծ շէյխը անհոգի։
Տարան, տարան զիմ եարը,
Տարան զիմ մէկ ու ճարը,
Հաւար տարէք Սարոյին,
Տարան խօրօտ Վառօյին։
Իմ եար անմեղ ճընճղուկ է,
Եարայ սիրտըս դեղուկ է,
Մեծ բեղի սուր խանչալից
Իմ սիրտ ճեղուկ-ճեղուկ է։
Տարան, տարան զիմ յարը,
Տարան զիմ մէկ ու ճարը,
Հաւար տարէք Սարոյին,
Տարան խօրօտ Վառօյին։
Վառօ էր եարիս անուն,
Խող քաշեցին իմ գըլխուն,
Էն ծուռ թուրը մեծ բեղի,
Կըտրեց թելեր իմ սըրտի։
Տարան, տարան զիմ եարը,
Տարան զիմ մէկ ու ճարը,
Հաւար տարէք Սարոյին,
Տարան խօրօտ Վառօյին։
[91]

Քօ թօթօլ ջանին մըռնիմ [92]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Հայրիկ Մուրադեան
Ձայնից վերծանեց՝ Ա․ Փահլևանեան

Քօ թօթօլ ջանին մըռնիմ,
Քո սիվտակ դօշվին մըռնիմ,
Քո թուխ աչերուն մըռնիմ, եար ջան,
Աշուն էկաւ քեզ կ՚առնիմ։
Եօթը գառը թամամ էր,
Ծոց մըտնելը համամ էր,
Էրկու սիվտակ դօշիդ մէջ, եար ջան,
Բոստան ցանուկ շամամ էր։
[93]

Կակօ, մարէ [94]

Աղբիւր՝ CD, Hayrik Mouradian, Moks Mountains, TM Production, 2016

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Հայրիկ Մուրադեան
Ձայնից վերծանեց՝ Ա․ Փահլևանեան

Կակօ, մարէ կարգէ զիս,
Չօլի կըռունգյ, էրկէն վիզ,
Թուջար մարդուն մի՛ տուր զիս,
Էրթա չարշի, մոռնայ զիս։

Կակօ, մարէ կարգէ զիս,
Համ գիուլ, համ վարդ, համ նարկիս․
Թարզի [դերձակ] մարդու մի՛ տուր զիս․
Կորցու ասեղ, ծեծայ զիս։

Կակօ, մարէ կարգէ զիս,
Չօլի կըռունգյ, էրկէն վիզ,
Սօլկար մարդու մի՛ տուր զիս,
Կորցու հէրուն, ծեծայ զիս։

Կակօ, մարէ կարգէ զիս,
Համ գիուլ, համ վարդ, համ նարկիս։
Ջուլհակ մարդու դու տուր զիս,
Թալէ մըքուք, գըրկէ զիս։
[95]

Հայրենասիրական երգեր

Մուշ – Տարօնում երգել են նաև հայրենասիրական երգեր։ Վառ օրինակ է «Մի լար, մայրիկ» երգը՝

Մի լար, մայրիկ [96]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Բարսեղ Ստեփանեան
Վերծանեց՝ Ալինա Փահլևանեան

Մայրիկ, մ’էրթա փաշի սարէն,
Քոյրիկ, մ’էրթա փաշի սարէն,
Կութաժենայ սըրտիս եարէն,
Մայրիկ, մ’էրթա փաշի սարէն,
Քոյրիկ, մ’էրթա փաշի սարէն,
Կութաժենայ սըրտիս եարէն,
Մի լար, մայրիկ, ես մինակ չիմ,
Մի լար, մայրիկ, ես մինակ չիմ,
Մի լար, մայրիկ, ես մինակ չիմ։

Քամին էլաւ երան էրան,
Քամին էլաւ երան էրան,
Քշեց գնաց Վանաբերան,
Վանայ հաւքեր թևավարան,
Վանայ հաւքեր թևավարան,
Մշու փաշէն սևաւորաւ,
Մշու փաշէն սևաւորաւ,
Մի լար, մայրիկ ես մինակ չիմ,
Մի լար, մայրիկ ես մինակ չիմ,
Մի լար, քոյրիկ, ես մինակ չիմ։


Տեքստային վերծաբան՝ Ար․ Սահակեան

Ահա մի զինուորական երգ, որը սիրային-քնարական ժանրում է։ Նշենք, որ «խուռէ»» այստեղ սև տուփ է նշանակում։ Օսմանեան բանակի պաշտօնատարները այս տուփը բռնած շրջում էին գիւղից-գիւղ և բանակի համար զինուորներ էին հաւաքագրում։ Իւրաքանչիւր գիւղում այդ տուփի մեջ դնում էին ծառայութեան տարիքի մէջ գտնուողների անունները՝ ամէն մէկը առանձին թղթի վրայ գրուած։ Ապա տեղի էր ունենում վիճակահանութիւնը։ Տուեալ գիւղի ծառայութեան մեկնող զինուորների թիւը նախապէս ճշտուած էր։ Հաւաքագրում էին այն անձանց, որոնց անունները վիճակահանութեան ճանապարհով դուրս էին գալիս խուռէի միջից։

Ասքեար իմ, կ՚էրթամ [97]

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Բարսեղ Ստեփանեան
Վերծանեց՝ Ալինա Փահլևանեան

Հէյ,
Հայոց խուռէն էկաւ, մայրիկ,
Մուշն ու Բուլանուխ,
Հայոց խուռէն էկաւ, մայրիկ,
Մուշն ու Բուլանուխ,
Երիտսարդ տղերք գնացին հանին թուղթ,
Մայրիկ ջան, կէրթամ, քոյրիկ ջան, կէրթամ,
Ասքեար իմ, կէրթամ, սալդատ իմ կէրթամ։


Տեքստային վերծաբան՝ Ար․ Սահակեան

Հայկական ժողովրդական և հայրենասիրական երգերի մասնագէտ և կատարող, «Մարաթուկ» երգի ու պարի խմբի ղեկավար Յովհաննէս-Մկրտիչ Սարգսեանը իր արմատներով ևս մշեցի էր։ Մանուկ հասակից ժողովրդական երգերին հաղորդակցուել է հօր միջոցով։ Նրա հայրը (ծնուել է 1902 թ–ին Մուշ քաղաքից դէպի հարաւ 7-8 կմ հեռաւորութեան վրայ գտնուող Սիմ լերան ստորոտին ծուարած Փեթար գիւղում)՝ Գրիգոր Մարգարի Սարգսեանը, Տարօնի ժողովրդական երգերի հրաշալի կատարող է եղել։ [98] Ժամանակին նրան ձայնագրել և երգերը իր ժողովածուում է զետեղել Սպիրիտն Մելիքեանը։ [99] Շնորհալի երգիչը՝ Յ․ Մ․ Սարգսեանը, ևս բազմաթիւ երգեր յիշել և կատարել է։ Ահա մի քանի ինքնատիպ նմուշներ «Տաղք Հայրենեաց» երգարանից, որոնք վերծանել է փրոֆ. Խաչատուր Մարտիրոսեանը։

Մշոյ դաշտի Սեմալ գիւղէն հայ ընտանիք մը (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Մշոյ հարսներ [100]

Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ

Ձայնանիշեր PDF

Երգասաց՝ Մկրտիչ Սարգսեան
Վերծանեց՝ Խաչատուր Մարտիրոսեան

Հո՜յ նար, հոյ նար, հ՜ոյ Նարէ՝
Կրկնակ
Նարէ նար, անու՜շ եար,
Հո՜յ ջան, հո՜յ ջան, հո՜յ ջանէ,
Ջանէ ջան, անուշ ջան։
Մշու հարսներ ջուխտէ-ջուխտ,
Սուրբ Աղբերիկ գացին ուխտ․
Թուխ ամպ երկնուց կը ցոլեր,
Լուսնակ ծաղիկին կը շողէր։
Կրկն․
Լուսնակ, ղուրբան, մը շողայ,
Մշու հարսներ թող շողան․
Ուրանց զուգս ու զարդերուց
Թուփ ու տերև կը դողան։
Կրկն․
Առաւօտ լուսոյ դէմին,
Արևն էր վանքի շեմին․
Խորոտ հարսներ՝ Նարէ-նար,
Մոմեր վառեն շարէ-շար։
Կրկն․
[101]

Մշոյ սարեր մշուշ է [102]

Երգասաց՝ Մկրտիչ Սարգսեան
Վերծանեց՝ Խաչատուր Մարտիրոսեան

Մշոյ սարեր մշուշ է,
Ծաղկեր է գարուն, լցուեր է առուն,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Ուր հողն ու ջուրն անուշ է․
Իջեր է շաղիկ, բացուեր է ծաղիկ,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։

Կուրաւու բարձր տեղ է,
Էրթանք մըր արտեր, պատմիմ զիմ դարդեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Ուր ջուր հիւընդին դեղ է․
Աւեր ին տներ, անբուն ին հաւքեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։

Ուստէ կիգաս։ - Խասգեղու։
Բացուեր է ծաղիկ, դարձեր է տաղիկ,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Կը շորորաս քանց մեղու,
Կանանչ ին արտեր, կանանչ ին դարդեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։

Առաքելոց ուխտաւոր,
Կանանչ ին չոլեր, կանանչ ին սոլեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Սուրբ Կարապետ իմ քաւոր,
Էրթանք մըր չոլեր, նըխշիմ զքու սոլեր,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։
[103]

Էմ լէ Զոզան [104] (առաջին տարբերակ)

Աղբիւր՝ Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի ձայնադարան - արխիւ

Ձայնանիշեր PDF

Էմ լէ Զոզան (երկրորդ տարբերակ)

Վերծանեց՝ Խաչատուր Մարտիրոսեան
Երգասաց՝ Մկրտիչ Սարգսեան
(Տարօնի գիւղերի գովք)

Կրկնակ Էմ լէ Զոզան, էմ լէ Զոզան,
Էմ լէ Զոզան Զիարեթցի։
Իջի Խասգեղ, տես բարդու ծառ,
Դարձի Արախ, տես դոստ ու եար։
Կրկն․
Պարկով աղուն էդ բերդակցիք,
Գրիր ուտող էդ նորշենցիք։
Կրկն․
Բարակ փոստով էդ շըմլաքցիք,
Էծի կոտոշ էդ բընդաղցիք
Կրկն․
Քոմրի վառօդ էդ մառնիկցիք,
Սոխ ծախող էդ հաւատորցիք
Կրկն․
Խարկի հագնոց էդ հիթընցիք,
Պուտի շինող էդ դերկվանցիք
Կրկն․
Տափ քոլոզով էդ ցըրոնցիք,
Շաղգամ ցանող էդ սոխգոմցիք։
Կրկն․
Շատ աշիրա էդ փեթարցիք,
Գրիր հեծնող էդ կոփըցիք։
Կրկն․
Գելու բռնող էդ եղգերցիք,
Թումբնի գողցող էդ գելեցիք։
Կրկն․
Դողի ուտող էդ սեմալցիք,
Գազի ուտող էդ քոփեցիք։
Կրկն․
Թութնի ցանող էդ հենեցիք,
Առնգու բռնող էդ մըշեցիք։
Կրկն․
Խոփի շինող տալվորկցիք,
Պղտնջի ուտող ըսպաղանցիք։
Կրկն․
[105]

  • [1] Երունադ Լալայեան, Ազգագրական հանդէս, տասնվեցերորդ տարի, XXVI
  • գիրք, Թիֆլիս 1916, տպ․ «Սլօվօ», Գիմնազիչէսկայեա, N1, էջ 147։
  • [2] Թ․ Խ․ Յակոբեան, Պատմական Հայաստանի քաղաքները,  Երևան, 1987, էջ 197-198
  • [3] Ռ․Աթայեան, Կոմիտաս, երկերի ժողովածու, տասներորդ հատոր, ՀՀ ԳԱԱ, Գիտութիւն, հրատարակչութիւն, Երևան 2000, էջ 13։
  • [4] Նոյն, էջ 198։
  • [5] Ռ․Աթայեան, Կոմիտաս, երկերի ժողովածու, իններորդ հատոր, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատարակչութիւն, Երևան 1999, էջ 136։
  • [6] Նոյն, էջ 42։
  • [7] Նոյն, էջ 135։
  • [8]  Նոյն, էջ 43։
  • [9]  Նոյն։
  • [10] Նոյն, էջ 66-67։
  • [11] Ռ․Աթայեան, Կոմիտաս, երկերի ժողովածու, տասներորդ հատոր, էջ 181։
  • [12] Նոյն, էջ 84-86։
  • [13] Նոյն, էջ 25։
  • [14] Նոյն, էջ 84։
  • [15] Նոյն, էջ 128։
  • [16] Նոյն, էջ 196։
  • [17] Միհրան Թումաճան, Հայրենի երգ ու բան, հ․3  ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան 1986, էջ 115։
  • [18] Ե․ Լալաեան, Ազգագրական հանդէս, էջ 157։
  • [19] Նոյն, էջ 166-167։
  • [20] Նոյն, էջ 168։
  • [21] Նոյն։
  • [22] Նոյն։
  • [23] Նոյն։
  • [24] Ռ․Աթայեան, Կոմիտաս, երկերի ժողովածու, տասներորդ հատոր, էջ 178։
  • [25] Նոյն, էջ 72։
  • [26] Նոյն, էջ 28։
  • [27] Ե․ Լալայեան, Ազգագրական հանդէս, էջ 170։
  • [28] Նոյն, էջ 170-171։
  • [29] Ռ․Աթայեան, Կոմիտաս, երկերի ժողովածու, տասներորդ հատոր, էջ 178։
  • [30] Նոյն, էջ 75։
  • [31] Նոյն, էջ 179։
  • [32] Նոյն, էջ 78։
  • [33] Նոյն։
  • [34] Թալին, Հայկական ժողովրդական երգեր և նուագներ, «Սովետական գրող» հրատարակչութիւն, Երևան, 1984, էջ 23։
  • [35] Նոյն։
  • [36] Նոյն, էջ 67։
  • [37] Նոյն, էջ 73-74։
  • [38] Նոյն, էջ 206։
  • [39] Նոյն, էջ 23։
  • [40] Նոյն, էջ 22-24։
  • [41] Նոյն, էջ 154-155։
  • [42] Նոյն, էջ 165։
  • [43] Նոյն, էջ 153։
  • [44] Նոյն, էջ 164-165։
  • [45] Նոյն, էջ 206։
  • [46] Նոյն, էջ 148։
  • [47] Նոյն, էջ 161։
  • [48] Նոյն, էջ 149։
  • [49] Նոյն, էջ 151։
  • [50] Նոյն, էջ 151-152։
  • [51] Նոյն, էջ 162-163։
  • [52] Նոյն, էջ 158։
  • [53] Նոյն, էջ 168։
  • [54] Միհրան Թումաճան, Հայրենի երգ ու բան,․ հ․3, էջ 191։
  • [55] Նոյն, էջ 191։
  • [56] Նոյն, էջ 100։
  • [57] Նոյն, էջ 192։
  • [58] Նոյն, էջ 101։
  • [59] Նոյն, էջ 101-102։
  • [60] Նոյն, էջ 102։
  • [61] Նոյն։
  • [62] Նոյն, էջ 103։
  • [63] Նոյն։
  • [64] Նոյն, էջ 104։
  • [65] Նոյն։
  • [66] Նոյն, էջ 106։
  • [67] Նոյն։
  • [68] Նոյն։
  • [69] Նոյն, էջ 107։
  • [70] Նոյն, էջ 108։
  • [71] Նոյն, էջ 108-109։
  • [72] Նոյն, էջ 193։
  • [73] Նոյն, էջ 110։
  • [74] Նոյն։
  • [75] Միհրան Թումաճան, Հայրենի երգ ու բան, հ․4  ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան 2005, էջ 194։
  • [76] Նոյն, էջ 97։
  • [77] Նոյն, էջ 98։
  • [78] Նոյն, էջ 375-376։
  • [79] Միհրան Թումաճան, Հայրենի երգ ու բան, հ․3, էջ 194։
  • [80] Նոյն, էջ 112-113։
  • [81] Նոյն, էջ 115-116։
  • [82] Նոյն, էջ 117-118։
  • [83] Ալինա Փահլևանեան, Հայրենի երգեր,  «Նոր գիրք» հրատարակչութիւն, Երևան 2007, էջ 6։
  • [84] Նոյն, էջ 10։
  • [85] Թալին, Հայկական ժողովրդական երգեր և նուագներ, «Սովետական գրող» հրատարակչութիւն, Երևան – 1984, էջ 7։
  • [86] Ալինա Փահլևանեան, Հայրենի երգեր, «Նոր գիրք» հրատարակչութիւն, Երևան 2007, էջ 170։
  • [87] Նոյնը՝ էջ 46։
  • [88] Նոյնը՝ էջ 47։
  • [89] Նոյնը՝ էջ 63-64։
  • [90] Նոյնը՝ էջ 49։
  • [91] Նոյնը՝ էջ 64։
  • [92] Նոյնը՝ էջ 49։
  • [93] Նոյնը՝ էջ 64։
  • [94] Նոյնը՝ էջ 50։
  • [95] Նոյնը՝ էջ 65։
  • [96] Թալին, Հայկական ժողովրդական երգեր և նուագներ, էջ 176։
  • [97] Նոյն, էջ 170։
  • [98] Յովհաննէս-Մկրտիչ Սարգսեան (Մգրո), Տաղք Հայրենեաց, Երևան, 1998, էջ 6-8։
  • [99] Սպիրիդոն Մելիքեան, Հայ ժողովրդական երգեր և պարեր, խմբագրութիւն Մ․ Աղայեանի, 1 Հայպետհրատ, Երևան 1949, 323 էջ։
  • [100] Յովհաննէս-Մկրտիչ Սարգսեան (Մգրո), Տաղք Հայրենեաց, էջ 145։
  • [101] Նոյն, էջ 144։
  • [102] Նոյն, էջ 143։
  • [103] Նոյն, էջ 50։
  • [104] Նոյն, էջ 143։
  • [105] Նոյն, էջ 49։