Նա կարճ ճանապարհով հասաւ Գանթարիա չարշուսի՝ նպարեղէնի շուկայ, որ գտնուում էր Երզնկայի հայ եւ թուրք թաղերի միջեւ:
- Լեբլեբիջիները ահա այստեղ էին նստում, - մտքում յիշեց ծերունին, բայց յուշն ստացուեց բարձրաձայն: - Երե՞ք մարդ էին, թե՞ չորս... Ամէն մէկը իր լեբլեբին էր գուում, ինչ սքանչելի լեբլեբի էր, փշրւում հալչում էր բերանիդ մէջ, մնում էր մեղմ, թեթեւ շաքարահամը:......
Հիմա ծերունու գլխում այդ յուշը վաղորդեան լոյսի պէս թարմ էր ու պայծառ: Ամէն կէսօրի նա ուտելիք էր տանում հօրը՝ Կարապետ աղային, որ փռապան էր Ժամի հրապարակում: Ծաղկաւոր թաշկինակի կապոցը ձեռքին, որտեղ ջրալի ճաշից բացի լինում էր սոխ եւ պանիր, առանց որոնց հայրը չէր կարողանում հացի նստել, նա անցնում էր Սարգիս Էֆենտիենց ծառաշատ փողոցով, Սուրբ Փրկիչ եկեղեցու մօտ ջուր խմում սառնորակ աղբիւրից, ապա մտնելով ձախակողմեան նեղ, ոլորապտոյտ փողոցը՝ քար նետում բակերից մէկում շղթայուած շան վրայ եւ առանց կանգնելու, գազազած շան հաջոցը ականջներում, վազում-վազում մինչեւ փռի դուռը: Հայրը խաղաղ ու յոգնաբեկ ճաշում էր՝ աթոռակին նստած, յաճախակի կում անելով սառը կժից, իսկ ինքը նայում էր նրան ու երազում շուտ մեծանալ, հօր պէս պեխ-մօրուք կապել եւ փռապան դառնալ: Կարապետ աղան, ճաշն աւարտելով, երբեմն մի պղնձադրամ էր տալիս տղային, գրկում, բարձրացնում վերեւ, պաչպչում ճակատը, աչքերը, քիթը, յետոյ բաց թողնում աղունակի նման. «թռի՛ր՝ սրտիդ ուզածն առ»: Մտնելով շուկայ, նրա մանկական հոգին երջանկանում էր ախորժահամ հոտերից, վառվռուն գոյներից, աշխոյժ, խնդուն ձայներից, որոնք նրան կանչում էին իրենց մօտ: Բայց նա մօտենում էր յոյնին, որը սեւ ակնոց ունէր եւ երկար մօրուք: «Մեր լեբլեբին գնի՛ր, - ասում, ծիծաղում էին հայերը, - այս ի’նչ ազգադաւութիւն է»:
Այնուամենայնիւ, նա լեբլեբին յոյնից էր առնում, որովհետեւ (ծերունու կրծքից երանութեան մի հառաչ ելաւ) նրանը կախարդանքի պէս էր, ոնց որ լեբլեբի չլինէր, այլ ուրիշ բան, զգուշօրէն պիտի դնէիր լեզուիդ վրայ, աչքդ փակէիր ու մնայիր նրա քաղցր բուրմունքի հետ:
Հատուած Նորայր Ադալեանի «Կապոյտ Երզնկա» պատմուածքից (Նորայր Ադալեան, Կապոյտ Երզնկա, Երևան, 1985, էջ 141-142)։
Երզնկայի արհեստների եւ առևտրի պատմութեան ընդհանուր ակնարկ
Շնորհիւ Հայաստանի վրայով հարաւից հիւսիս՝ Սև ծովի նաւահանգիստներ, և արևելքից արևմուտք ձգուող տարանցիկ առևտրական ճանապարհների վրայ իր հանգուցային դիրքի՝ Երզնկան դեռևս միջնադարում հռչակուած էր որպէս առևտրի և արհեստագործութեան նշանաւոր կենտրոն՝ Մետաքսէ ճանապարհի կարևոր հանգրուաններից մէկը։ Քաղաքի արհեստագործութեան բազմաթիւ նմուշներ լաւագոյնի համբաւ էին վայելում և մեծ պահանջարկ ունէին Արևելքի շուկաներում [1]։
XIII դարի նշանաւոր ճանապարհորդ Մարկօ Պոլօն, որը այցելել է Երզնկան 1270-ական թթ., հաղորդում է, որ քաղաքում է մշակւում աշխարհում լաւագոյն բամբակեայ գործուածքը՝ բուքրամը [2]:
1330-ական թթ. Երզնկա այցելած արաբ ճանապարհորդ Իբն Բատուտան յիշատակում է այն որպէս հայ բնակչութիւն ունեցող մեծ և շէն քաղաք, որը հռչակուած է լաւ կազմակերպուած շուկաներով: Նա նաև հաղորդում է, որ քաղաքում գործում էին գեղեցիկ կերպասներ, որոնք յայտնի էին հենց քաղաքի անունով, իսկ գաւառի հանքերից հանած պղնձից պատրաստում են պղնձեայ տարբեր ամաններ, իրեր, յատկապէս՝ պղնձեայ գեղազարդ աշտանակներ («բայուս») [3]:
Հայաստանի տարածքի՝ թուրքական կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերի կռիւների ասպարէզ դառանալուց, այնուհետև՝ օսմանեան թուրքերի կողմից նուաճուելուց յետոյ Երզնկան կորցնում է միջազգային առևտրի տարանցիկ կենտրոնի իր նախկին նշանակութիւնը՝ մնալով, սակայն, Օսմանեան կայսրութեան և Պարսկաստանի միջև տարուող արևտրի հանգոյցներից մէկը [4]:
Առևտրի անկումը պայմանաւորուած էր նաև այն հանգամանքով, որ XVII դարից սկսած մինչև XIX դարի երկրորդ կէսը օսմանեան կենտրոնական իշխանութիւնները շատ դէպքերում միայն անուանապէս էին վերահսկում տարածաշրջանը: Սրա հետևանքով առևտրային ճանապարհները անվտանգ չէին. դրանցով երթևեկող վաճառականները, անգամ առևտրային քարավանները յաճախ ենթարկւում էին քոչուոր քրդերի աւազակային յարձակումների, որոնք իրենց հօտերով Երզնկայի դաշտ էին տեղափոխւում յատկապէս ամառուայ ամիսներին [5]:
Իրավիճակը փոխւում է 1853-1856 թթ. և, յատկապէս, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմներից յետոյ, որոնք յանգեցնում են Երզնկայում օսմանեան կենտրոնական իշխանութիւնների ռազմական ներկայութեան ուժեղացմանը: 1885 թ. քաղաքում է վերջնականապէս հաստատւում օսմանեան Չորրորդ բանակի կենտրոնական նստատեղին, որի իրաւասութեան սահմաններն ընդգրկում էին Էրզրումի (Կարին), Վանի, Դիարբեքիրի (Տիգրանակերտ), Սվազի (Սեբաստիա) և Տրապիզոնի նահանգները [6]: Սա ունենում է որոշակի դրական հետևանքներ Երզնկայի արհեստների և առևտրի զարգացման վրայ՝ անվտանգութեան մակարդակի ուժեղացման, ճանապարհային ենթակառոյցների բարեկարգման և տեղական շուկայում պահանջարկի բարձրացման տեսանկիւնից:
Երզնկան բանուկ ճանապարհներով կապւում է Տրապիզոնի, Կարինի, Սեբաստիայի և Խարբերդի հետ՝ դառնալով այդ քաղաքների միջև հաղորդակցութեան համար կարևոր հանգոյցներից մէկը [7]: «Երզնկան բանակի կեդրոն ըլլալէն յետոյ ալ կը սկսին խճուղիներ շինուիլ, պողոտաներ բացուիլ, երկրին մէջ որոշ չափով ապահովութիւն ալ կը հաստատուի և ասոնց զուգընթաց առեւտրական գործն ալ թափ ու թռիչք կը ստանայ», - հաղորդում է Գ. Սիւրմէնեանը [8]:
Թեև XIX դարի վերջին- XX դարի սկզբին հայերը կազմում էին Երզնկա քաղաքի և գաւառակի ընդհանուր բնակչութեան շուրջ մէկ երրորդը, սակայն Երզնկայի արևտրի և արհեստների մեծ մասը նրանց ձեռքում էր գտնւում [9]: Ըստ մի վկայութեան՝ Հայոց ցեղասպանութեան նախօրեակին քաղաքի շուրջ 2,500 առևտրական կրպակ-խանութներից 1,500-ը պատկանում էր հայերին [10]: Քաղաքում գործել են 425 մանրավաճառ, 70 առեւտրական, 124 պտղավաճառ, 45 նպարավաճառ: Արհեստաւորների թիւը 905 էր [11]:
Երզնկայի հայկական վաճառականական տները յարաբերութիւններ էին հաստատել Կարինի, Պոլսի, Իզմիրի, Տրապիզոնի և այլ կարևոր առևտրական կենտրոնների հետ՝ ունենալով այնտեղ իրենց գործակալներն ու ներկայացուցիչները: Որոշ հայ վաճառականներ անգամ անձամբ մեկնում են արտերկիր՝ եւրոպական քաղաքներ՝ իրենց հետաքրքրող շուկաներն ուսումնասիրելու, առևտրային կապեր հաստատելու նպատակով [12]: Իրենց հերթին, Երզնկայում են հաստատւում և գործունէութիւն ծաւալում նաև հարևան գաւառներից (Ակն, Արաբկիր, Խարբերդ, Կիւրին, Գիւմուշխանէ և այլն) առևտրականներ և արհեստաւորներ [13]:
XIX դարի երկրորդ կէսին – XX դարի սկզբին Երզնկա քաղաքի և գաւառի արհեստագործական արտադրութեան հիմնական ճիւղերն էին մանուսագործութիւնը (բամբակեայ գործուածների արտադրութիւն), կաշուեգործութիւնը և պղնձագործութիւնը: Ըստ ֆրանսիացի ուսումնասիրող Վիտալ Քուինէի 1880-ական թթ. վերաբերող տուեալի՝ իւրաքանչիւր տարի Եւրոպայից Տրապիզոնի միջոցով Երզնկա էր ներմուծւում մօտ 15,000 կիլոգրամ պղձի ձուլածոյ սալիկ, որից տեղում պատրաստւում էին տարբեր տեսակի խոհանոցային կահկարասի ու անօթներ, ինչպէս ներսում վաճառքի, այնպէս էլ արտահանման համար: Երզնկայի պղնձագործական արտադրանքը գնահատուել և պարգևի էր արժանացել Փարիզի (1867 թ.), Վիեննայի (1873 թ.) և Ֆիլադելֆիայի (1876 թ.) միջազգային ցուցահանդէսներում: Վ. Քուինէն նաև հաղորդում է, որ Երզնկայի հայ արհեստաւորները շատ հմուտ էին արծաթից և պողպատից փոքրիկ արուեստի առարկաների պատրաստման գործում [14]:
Նոյն ժամանակաշրջանում Երզնկայում ի յայտ են գալիս հայկական խոշոր արհեստագործական-վաճառական տներ, որոնք մասնագիտացած էին յատկապէս մանուֆակտուրային եղանակով մանուսայի արտադրութեան և վաճառքի վրայ: Նշուած տներից նշանաւոր էին Տէր-Ստեփանեանները, Լեփեան եղբայրները (Յարութիւն և Գրիգոր) և Վարդապետեանները, որոնց մանուսագործական արտադրանքը սպառւում էր ոչ միայն տեղում, այլ նաև արտահանւում էր հարևան շրջաններ (Էրզրում/Կարին, Բասէն, Քղի, Բայբուրտ/Բաբերդ), Գիւմուշխանէ և այլն) [15]: Լեփեան եղբայրներն ունէին մանուսայի մի քանի մեծ մանուֆակտուրաներ՝ 15 տոլապով (մանուսայի հենք պատրաստող գործիք) և 500-ական դազգահով: Գործուածքի համար թելը Լեփեանները ստանում էին Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքից [16]:
Երզնկայի հայ երևելի վաճառականներից՝ Դանիէլեանը, Լիւլէճեան եղբայրները, Գաբրիէլ Ղազարոսեանը, Չալճեանը ու Փափազեանները նաև իրականացնում էին բանակի և ոստիկանության տեղական ստորաբաժանումների համար պարենամթերքի մատակարարման գործը [17]:
Երզնկայի մեծահարուստ վաճառական ընտանիքները կարևոր դեր էին խաղում քաղաքի ազգային-հասարակական և կրթական-մշակութային կեանքում՝ ինչպէս ուղղակի, այնպէս էլ որպէս թաղական խորհուրդների, Առաջնորդարանին կից երեսփոխանական, քաղաքական ու կրօնական ժողովների, Ազգային տնտեսական և ուսումնական խորհուրդների անդամներ, հովանաւորելով թաղական դպրոցները, իրենց խոշոր նուիրատւութիւններով մասնակցելով եկեղեցիների ու վանքերի շէնացմանն ու բարեկարգութեանը, գումարներ յատկացնելով առաջնորդարանի որբախնամ և խնամատար այլ ձեռնարկների համար:
Երզնկացի հայերի տնտեսական վիճակին լուրջ հարուած է հասցւում Համիդեան ջարդերի ժամանակ: 1895 թ. հոկտեմբերի 9/21-ին զինեալ թուրք ու քուրդ խուժանը յարձակում է գործում Երզնկայի կենտրոնական շուկայի վրայ՝ անխնայ կոտորելով բոլոր հանդիպած հայերին, կողոպտելով և քարուքանդ անելով հայերին պատկանող տաղաւարներն ու կրպակները: Մի քանի ժամ տևած զանգուածային բռնութիւնների ընթացքում սպանւում և վիրաւորւում են հարիւրաւոր հայեր, աւերւում են գրեթէ բոլոր հայկական խանութները: Շուկայի տարածքում գտնուող թուրքական ոստիկաններն ու զինուորները որևէ փորձ չեն ձեռնարկում կանգնեցնելու հայերի դէմ գործողութիւնները [18]:
Սարսափահար և շշմած հայ արհեստաւորներն ու առևտրականները, երկիւղ կրելով հնարաւոր նոր յարձակումներից, Երզնկայի կոտորածից անց մի քանի ամիսների ընթացքում չէին համարձակւում վերադառնալ շուկայ և վերաբացել իրենց խանութները: Հայերի տեղը փորձում են զբաղեցնել թուրք առևտրականները, որոնցից մի քանիսն անգամ չի խորշում զբաղուելու հայերից կողոպտուած ապրանքների վաճառքով [19]:
Երզնկայի տնտեսական կեանքի նոր աշխուժացում է դիտւում 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից և օսմանեան սահմանադրութեան վերահռչակումից յետոյ. այդ շրջանում հիմնադրւում են նոր առևտրական տներ և ընկերութիւններ, աճում է տեղական արտադրութիւնը և ապրանքաշրջանառութեան ծաւալը: 1914 թ. սկսուած Առաջին աշխարհամարտը և Հայոց ցեղասպանութիւնը կասեցնում են հայերի տնտեսական հետագայ առաջընթացը:
Երզնկայի շուկան
Երզնկայի ընդարձակ շուկան գտնւում էր քաղաքի կենտրոնում հայկական և թուրքական թաղերի միջև: Այն բաժանւում էր մի քանի մասերի՝ ըստ արհեստների և առևտրի առանձին ճիւղերի: Գլխաւոր և բանուկ ենթաշուկաները հետևեալ երեքն էին.
1. Պեզեստան կամ Պեզազիա չարշուսի. - Այնտեղ հիմնականում վաճառւում էին տեղական ու եւրոպական ամէն տեսակի կտաւեղէն, տպածոներ (չիթ կամ բասմա), տարբեր տեսակի կերպասեղէն, Շամի (Դամասկոս), Հալէպի և Խարբերդի մետաքսեայ ընտիր հիւսուածքեղէն, եազմա, ֆէս, թաշկինակներ, մէջքի գօտիներ, սրբիչներ, տիմի (կերպասի տեսակ), մանուսա և այլն:
2. Թուաֆիէ չարշուսի.- Այստեղ հիմնականում վաճառւում էր ամէն տեսակ մանր-մունր առարկաներ՝ զարդեղէն, յախճապակի սպասք (չինիեղէն), այլ ապակեղէն, ինչպէս նաև գրենական պիտոյքներ և այլն: Կային նաև գորգավաճառների և կտորեղէնի վաճառականների կրպակներ:
3. Գանթարիա չարշուսի.- այստեղ էր կենտրոնացած ամէն տեսակ նպարեղէնի (ալիւր, թէյ, շաքար, սուրճ, օճառ, բրինձ, ձիթաիւղ, քարիւղ և այլն) վաճառքը: Կային նաև տան համար ապակուց, երկաթից, պղնձից և այլ մետաղներից կենցաղային պարագաների վաճառքի խանութներ, դերձակների կրպակներ և այլն:
Վերոնշյալ երեք շուկաների խանութներն ու կրպակները գրեթե ամբողջությամբ պատկանում են հայերին:
Հայ առևտրականների ձեռքերում էր գտնւում շինարարական փայտի՝ ատաղձի վաճառքը («քէրէստէճի»): Հիմնականում հայերին էին պատկանում Երզնկայի գինետները, գինու և այլ ոգելից խմիչքների վաճառքը: Սուրճի վաճառքով էին Երզնկայում զբաղւում քեմախցի հայերը:
Շուկայի խանութները կամ կրպակները կառուցված էին գետնից մի քիչ բարձր, առջևից բաց, առանց դռների և պատուհանների: Բացւում և փակւում էին երկու տախտակաշեն փեղկերով, որոնցից ներքևինը ծածկում էր խանութի առաջամասի հատակը, ծառայում էր որպէս նստատեղի և կոչւում էր «փէքէ». խանութպանն այնտեղ փսիաթի (ծղոտից հիւսված կարպետ) կամ բազմոցի վրա նստած ընդունում էր հաճախորդներին:
Շուկաների փողոցները և խանութների միջև տարածութիւնները փակւում էին կոշտ անջրանցիկ կտորներով՝ անձրևից և ձյունից պաշտպանվելու համար:
Երզնկայի լավագոյն հայ պղնձագործների կամ «ղազանճըլար»-ների կրպակները կենտրոնացած էին Գուրշունլը մզկիթի մոտ գտնվող «Թահթաղալա» կոչվող փոքրիկ հրապարակի շուրջ: Այնտեղ կային մի քանի մեծ հնոցներ կամ ձուլարաններ, որտեղ հին կամ կոտրտած պղնձեղէնը հալեցւում էր համապատասխան կավե կաղապարների մէջ, վերածւում ձուլածոյի, որը հանձնւում էր արհեստաւորին՝ նոր անոթ, աման կամ սպասքի այլ պարագա պատրաստելու համար: «Մուրճերու ձայնէն՝ այս հրապարակը մտնողին ականջը կը խուլնար. մարդ ինքզինքը աշխատանքի կրկէսի մը մէջ կը զգար, - հաղորդում է Գ. Սիւրմէնեանը: - Ձոյլ պղինձը ծեծելու համար 6-7 հոգի կը բոլորուէին մեծկակ սալի մը շուրջը և վարպետին տուած նշանին վրայ ձեռքերնին գտնուած ծանր մուրճերը, ակնթարթի մը մէջ այնպէս մը չըրը՜նկ կ՛իջեցնէին սալին, որ մարդ կը կարծէր, թէ զարնուածը մեկ մուրճ է միայն» [20]:
Պղնձագործներից ոչ շատ հեռու գտնւում էին Երզնկայի ոսկերիչների՝ «ղույումճիլար»-ների (գրեթե բացառապես հայեր էին), բամբակի, բրդի և բամբակեա ու բրդյա արտադրանքի (վերմակներ, բարձեր և այլ անկողնային պարագաներ, փափուկ կահույք, պատուհանի ծածկոցներ, վարագույրներ և այլն) առևտրով զբաղվողների՝ «փամուգճըլար»-ների և «եօրղանճըլար»-ների (հայ և թուրք խառն), կաշուէ ոտնամաններ կարողների («փապուճճիլեր» կամ «եմենիճիլեր») կրպակներով առանձին փոքր շուկաները [21]:
Բացի վերոնշեալ և այլ շուկաներից, Երզնկայում կային վաճառական համեմատաբար մեծ կենտրոն-իջևանատուն-խանութներ՝ որոնք կոչւում էին «խան»:
Քաղաքի նման ամենամեծ և ամենահին հաստատութիւնը Թաշխանն էր: Այն գտնւում էր Երզնկայի շուկայի հարաւային կողմում, շէնքը քարաշէն ու ամրակառոյյց էր: Ունէր երկաթեայ երկու հսկայ դռներ, որոնցից մէկը բայցւում էր շուկայի մէջ՝ դէպի արևմուտք, միւսը՝ դէպի արևելք՝ այսպէս կոչուած Ցորենի հրապարակ: Արևմուտքին նայող դռան վրայ կար արձանագրութիւն, ըստ որի Թաշխանը կառուցուել էր Հիջրայի 953 թուականին (1546 թ.)՝ սուլթան Սուլէյման Կանունիի օրօք:
Թաշխանն ունէր ընդարձակ գաւիթ՝ սրբատաշ քարերով սալարկուած, մէջտեղը ջրաւազանով, իսկ շրջանակում՝ վաճառականների և առևտրականների խանութների համար նախատեսուած խցիկներով: Երկրորդ հարկի տարածքները ծառայում էին որպէս մթերանոց-պահեստներ:
Թաշխանը հնուց ի վեր ծառայում էր որպէս արաբկիրցի պանդուխտ հայ վաճառականների օթևան, որոնք այստեղ էին վաճառում Արաբկիրից, Խարբերդից, Հալէպից, Դիարբեքիրից և հարաւային այլ կենտրոններից բերուած հիւսուածքեղէններ, մանուսա, չիթ, օճառ և այլն:
Յաջորդը՝ Սուլու խանը, գտնւում էր շուկայի հիւսիսային կողմում: Շէնքը աղիւսաշէն էր, փայտեայ տանիքով, երկհարկանի: Ունէր ընդարձակ բակ, անկիւնում անշուք ջրաւազանով: Շնորհիւ շուկայի բանուկ հատուածում իր դիրքի, այս խանը միշտ լեցուն էր հայ առևտրականներով և իւրայատուկ բորսա-սակարանի դեր էր կատարում [22]:
Նորաշէն Փափազ Օղլը խանը համարւում էր Երզնկայի ամենագեղեցիկ առևտրային կառոյցը, գտնւում էր շուկայի մօտ՝ Ուլու ջամի մզկիթի և Սուլու խանի մէջտեղի հատուածում: Կառուցուել էր ընկերովի՝ Երզնկայի մի քանի մեծահարուստների, այդ թւում՝ Փափազեան ընտանիքի կողմից, որից և ստացել էր իր անունը: Ունէր միայն մէկ դուռ, որը տանում էր լայնարձակ գաւիթ՝ մէջտեղը գեղեցիկ ջրաւազանով և շուրջը լուսաւոր ու կոկիկ սենեակներով: Այս խանը, միւսների հետ համեմատած, աւելի բարեկարգ, մաքուր ու կանոնաւոր էր [23]:
Մանուսագործութիւն և մանածագործութեան այլ ճիւղեր
Երզնկայի հայերի շրջանում առաւել տարածում ստացած արհեստը մանուսագործութիւնն էր՝ մանած թելից գործուած, նեղ ու լայն գծերով կամ առանց գծերի գունաւոր հիւսուածքեղէն՝ կտաւի արտադրութիւնը, որն օգտագործւում էր զանազան զգեստներ կարելու համար:
Մանուսայի պատրաստման ընթացքը հետևեալն էր. վարպետը իր ոճով ու ճաշակով յօրինում էր գործուածքի օրինակը, պատրաստում էր հենքը՝ թելը, և այն հաւկիթաձև գունդի՝ մշտութի վերածելով տալիս էր ջուլհակին, որը այն գործում էր դազգահի վրա, մաս-մաս կտրում և պատրաստի մանուսան յանձնում մանուսայի մանուֆակտուրայի տիրոջը կամ պատուիրտուին: Իւրաքանչիւր կտորը, որը կոչւում էր «թոփ», ունենում էր 8-10 արշին (6-7 մետր) երկայնք և մօտ մէկ արշին (0,71 մետր) լայնք: Մէկ դերձակն օրեկան սովորաբար գործում էր մէկ «թոփ» մանուսա:
1880-ական թթ. կէսերին վերաբերող մի վկայութեամբ՝ մանուսագործութեան մէջ ներգրաւուած էր Երզնկա քաղաքի ու գաւառակի հայաբնակ գիւղերի [24] շուրջ 2,000 հայ ընտանիք [25]: Գ. Սիւրմէնեանը հաղորդում է. «Երզնկայի հայ բնակչութեան՝ կարելի է ըսել կէսը այս գործով կ՚ապրէր, որովհետեւ թելին մինչեւ մանուսա դառնալը ստասնեակ մը ձեռքերէ կ՚անցնէր: Բացի վաճառումէն՝ մանածը թրջելը, ներկելը, առէջ լեցնելը, մշտութ հենելը, գործելը կար, որոնց համար բազմաթիւ մարդիկ կ՚աշխատէին» [26]:
Մանուսագործութեամբ Երզնկայում զբաղւում էին միայն հայերը: Ինչպէս արդէն նշել էինք, XIX դարի վերջին - XX դարի սկզբներին Երզնկայում գործել են մանուսագործական մանուֆակտուրաներ և մանուսայի վաճառքի խոշոր խանութներ, որոնց տէրերն էին Լեփեան եղբայրները, Վարդապետեան եղբայրները, Տէր-Ստեփանեան եղբայրները, Վարդան Էհրամճեանը (Էհրամճեանների ընտանիքը մասնագիտացած էր նաև բուրդի բարակ թելերից ճերմակ սաւան կտոր արտադրելու մէջ, որից կանայք «էհրամ» (ծածկոց) էին կարում), Ղազար բէկ Նորսիկեանը և այլօք [27]:
Մանուսայի տեսակներից էին՝ «սերկի»ն (գոյնզգոյն, խոշոր գծերով, պարզ կամ ծաղկուն կտոր, որից կարում էին անկողնի, բարձի, բազմոցի երեսներ և վարագոյրներ) և «տիմի»ն (գոյնզգոյն, նուրբ գծերով կամ պարզ, առանց գծերի նուրբ կերպաս, որն օգտագործւում էր ամառային հագուստ կարելու համար):
Երզնկացի հայերի կողմից պատրաստուող մանածագործուածքի տեսակներից էր խավլուճին՝ խիտ կտոր, որից կարւում էին ձեռքի և բաղնիքի սրբիչներ, գոգնոցներ (ղենջակ) և այլն:
Երզնկայի հայերը պատրաստել են նաև եազմաներ (արհեստը կոչուել է եազմաճիութիւն)՝ զանազան գոյնզգոյն նախշերով նուրբ գործուածքներ, որոնք հիմնականում օգտագործուել են կանաց գլխաշորեր կարելու համար: Եազմայի վրայի նախշերը դաջելու համար սարքւում էին փայտէ կաղապար տախտակներ, որոնց վրայ «գծագրութեան հմուտ արուեստագէտներ... գեղեցիկ բնանկարներ, փունջերու, թուփերու, թիթեռնիկներու և թռչուններու գեղեցիկ նկարներ կը գծէին ու քանդակագործի երկաթեայ դուրով (ղալէմ) կը փորագրէին» [28]:
Նոյն եղանակով էին նկարներ դաջւում նաև չիթերի՝ տեղական հաստ կտաւների վրայ, որոնք օգտագործւում էին վերմակի, բարձի, բազմոցի, սեղանի ծածկոցներ, վարագոյրներ կարելու համար:
Եազմաճիութեան արհեստի նշանաւոր վարպետներն էին Սէյիսեան, Չիրիչկերեան, Տիլպէրեան եղբայրները:
Չիթչիութեամբ զբաղուող ընտանիքները շատ չէին՝ 5-6 տուն, և իրենց արհեստի անունով կրում էին Չիթչեան ազգանունը [29]:
Երզնկայի մանուսագործութեան ու մանածագործութեան այլ ճիւղերի հռչակի մասին վկայել է նշուած ժամանակաշրջանում տարածում ստացած թուրքերէն հետևեալ ասացվածքը. «Էրզինկեանըն պէզի, Քէմախըն թուզու» («Երզնկայի բեհեզը [թելից գործուած նուրբ կտոր], Քեմախի աղը») [30]:
Ներկարարութիւն
Երզնկայում մանուսագործութեան մանուֆակտուրաների մօտ գործում էին հայերին պատկանող մի քանի մեծ ներկատներ, որոնք նախատեսուած էին բրդեղէնի, հիւսուածքեղէնի ու պաստառների ներկման համար: Ներկում էին միայն կապոյտ կամ լեղակագոյն: Նշանաւոր էր յատկապէս Դանէլեան եղբայրների ներկատունը:
Երզնկայի հայ ներկարար արհեստաւորները ստանձնել էին Ս. Կիրակոս վանքի հոգաբարձութիւնը [31]:
Պղնձագործութիւն
Մանուսագործութիւնից յետոյ, Երզնկայի հայերի շրջանում յաջորդ հին ու տարածուած արհեստը պղնձագործութիւնն էր: Երզնկայի պղնձագործները պատրաստում էին խոհանոցի կարասիներ ու անօթներ՝ կաթսաներ, թասեր, ջրամաններ, իւղի ամաններ, ափսէներ, թակոյկներ, կոնքեր, տապակներ և այլ բազմապիսի պնակներ:
Երզնկայում պղնձագործութիւնը երկու ճիւղի էր բաժանւում: Մէկը՝ «ղազանճիութիւնն» էր, որի վարպետները մասնագիտացած էին պղնձից կոշտ ու ամուր իրերի պատրաստման մէջ, միւսը սանագործութիւնն էր՝ պղնձից մանր ու նուրբ առարկաների (ափսէներ, պնակներ, սկաւառակներ, զանազան տեսակի գաւաթներ, թեյամաններ և այլն) պատրաստումը: Սանագործ վարպետները նաև տիրապետում էին իրենց պատրաստած իրերի վրայ զանազան զարդանկարների, ծաղիկների և այլ նախշերի փորագրման արհեստին: Փորագրութիւնից յետոյ պատրաստի իրը ենթարկւում էր փայլեցման, մինչև պղնձի կարմիր գոյնը ստանում էր ճերմակ արծաթի երանգներ: Երզնկայի պղնձագործների պատրաստած իրերը մեծ հռչակ ունէին. Օսմանեան կայսրութեան մէջ դրանց հաւասարւում էին միայն Թոքատի և Պոլսի գործերը [32]:
Նշենք, որ Երզնկայի պղնձագործները ստանձնել էին Երկանի Ս. Գէորգ վանքի խնամակալութիւնը՝ հոգալով նրա նորոգութեան ու բարեկարգութեան պէտքերը և դրա դիմաց հնարաւորութիւն ստանալով ամառուայ ամիսներին իրենց ընտանքիներով հիւրընկալուել վանքում [33]:
Անագազօծութիւն
Պղնձագործութեան կողքին և յարակից արհեստի ճիւղ էր անագազօծութիւնը (ղալայճիութիւն, կլայեկագործութիւն), այն է՝ պղնձեայ անօթների ժանգոտելը խոչընդոտելու նպատակով դրանց ներսը անագի լուծոյթով պատելու արհեստը: Անագազօծութիւնը առանձնայատուկ հմտութիւններ չպահանջող, պարզ և հասարակ արհեստ էր. դրանով զբաղուողները Երզնկայում ևս բացառապէս հայերն էին: Կային նաև շրջիկ կլայեկողներ, որոնք ամռանն ու աշնանը գնում էին գիւղեր և զբաղւում իրենց արհեստով՝ որպէս վարձատրութիւն ընդունելով ինչպէս փող, այնպէս էլ, աւելի յաճախ՝ բնամթերք [34]:
Բրուտութիւն
Երզնկայի հայ բրուտների խոշոր արհեստանոցները (բրուտխանէ) կենտրոնացած էին քաղաքին մօտ 1,5-2 կմ հեռաւորութեան վրայ:
Այդ արհեստանոցներում Եփրատ գետից բերուած կաւից պատրաստում էին զանազան անօթներ՝ կճուճներ -բղուղ (մեծ կճուճ՝ պանիր և թթու հնեցնելու համար), ծափ (լայնափոր կճուճ) և այլ տեսակներ, դաշխուրան (լայն և ոչ խոր տաշտ), ջրի ամաններ, մեծ ու փոքր կուժեր, մեծ կարասներ՝ օղի, գինի և այլ ըմպելիքներ պահելու համար, ջրի խողովակներ, կղմինդր, թրծուն աղիւս՝ պատ հիւսելու և գետին սալայատակելու համար և այլն: Իւղ, պանիր և այլ մթերքներ պահելու համար նախատեսուած անօթները պատւում էին քարմարցանկով (կապարի օքսիդ)՝ մթերքները՝ օդի ազդեցութիւնից զերծ պահելու և առաւել լաւ պահպանումն ապահովելու համար:
Ժամանակի ընթացքում բրուտագործական արհեստանոցներն ընդարձակւում և կատարելագործւում էին. դրանցում տեղադրւում են մեծ փռեր՝ նախատեսուած հարիւրաւոր կաւէ առարկաների թրծման համար:
Բրուտագործութեամբ՝ հիմնականում կճուճների արտադրութեամբ, զբաղւում էին նաև Երզնկայի հայաբնակ գիւղերում, յատկապէս՝ Ղարաքիլիսէում:
Աւանդաբար բրուտագործությամբ զբաղուող Երզնկայի ընտանիքները կրում էին իրենց մասնագիտութեանը համապատասխան Բրուտեան ազգանունը [35]:
Դերձակութիւն
Երզնկայի հայ դերձակները մասնագիտացած էին եւրոպական ոճով նուրբ և ձևաւոր ամառային և ձմեռային հագուստներ կարելու մէջ: XIX դարի վերջերի - XX դարի սկզբների երզնկացի նշանաւոր հայ դերձակներից էին Նշան Պուլուտեանը (մականունն էր՝ «Ալթուն մագաս»՝ ոսկէ մկրատ), Յակոբ Գույումճեանը, Սուսիկեան եղբայրները, Նշան Չիթճեանը, Աւետիս Թէրսէքլեանը, Թէրսէքլի Յարութիւնը և ուրիշներ: Մեծ դերձակատների մէջ վաճառւում էին նաև ամէն տեսակ եւրոպական կերպասներ և ասուեղէններ (բրդեայ կտորեղէն):
Երզնկայում կային նաև մի քանի հայ կարուհիներ, որոնք իրենց տների մէջ արհեստանոցներ ունէին, և մասնագիտացած էին կանանց, յատկապէս հարսանիքի հագուստը կարելու մէջ: Նրանց յաճախորդներից էին նաև քաղաքի մեծահարուստ և անուական թրքուհիները [36]:
Կօշկակարութիւն
Երզնկայի հայ կօշկակարները մասնագիտացուած էին յատկապէս նուրբ կօշիկների (մոյկ («ճիզմէ») [37], փոթին, կիսակօշիկ («սքարբին»), կրկնակօշիկ («փոթին գալոշ») և այլն) պատրաստման գործում: Հայ կօշկակարներից նշանաւոր էին Գրաբոս Սանդիկեանը, Եղիա Տէր Թադէոսեանը, Արշակ Սիւրմէնեանը, Յարութիւն Իփէկեանը և Աւետիս Սարաֆեանը [38]:
Ոսկերչութիւն
Երզնկայի գրեթէ բոլոր ոսկերիչները հայեր էին, հմուտ էին ոսկեայ և արծաթեայ զարդերի պատրաստման մէջ (օղ, մատանի, ապարանջան, ժամացոյցի շղթայ, ժամացոյցի կափարիչ, սիգարի և ծխախոտի տուփ և այլն):
Կային նաև զէնքի համար (թուր, սուր, դաշոյն, ատրճանակ, գաւազան, մտրակ) արծաթից կոթեր պատրաստելու մէջ մասնագիտացած վարպետներ: Երզնկայի հայ ոսկերիչները տիրապետում էին արծաթեղէնի վրայ սևաթոյր բանուացքի՝ սաւաթի կատարման վարպետութեանը:
Թուրք փաշաները, բարձրաստիճան պաշտօնեաները հայ ոսկերիչներին են պատուէր տուել կանացի զարդեր, գեղեցիկ իրեր՝ թէ՛ իրենց հարեմների կանանց և թէ՛ Պոլսի վերադասներին նուիրելու համար:
Երզնկայի՝ անուն հանած ոսկերիչներից էին Նշան Գույումճեանը և Գույումճեան եղբայրները, Աւետիս Էսկիճեանը և Էսկիճեան եղբայրները [39]:
Ժամագործութիւն
Ժամագործութիւնը Երզնկայում ևս հայերին յատուկ մասնագիտութիւն էր: Ժամագործները հիմնականում զբաղւում էին ժամացոյցների նորոգութեամբ, հին ու նոր ժամացոյցների առուծախով: Ժամագործների թիւը չշատացնելու և, համապատասխանաբար, եկամուտները չնուազեցնելու նպատակով՝ ժամագործները իրար մէջ երդուել էին իրենց ընտանիքներից դուրս աշակերտ չվերցնել: Սակայն իրերի այդ վիճակը փոխուեց 1900-ական թթ., երբ Երզնկայում հաստատուեցին մի քանի հայ ակնցի ժամագործ վարպետներ, որոնք չհետևեցին բնիկ երզնկացի ժամագործների այդ պայմանաւորուածութեանը և տեղացի աշակերտներ ընդունեցին՝ դրանով ընդհանրացնելով արհեստը:
Անուն հանած երզնկացի ժամագործներ էին Պապիկ (Պապօ) Ժամգործեանը և Աւետիս սաաթճի հաճի Միքայէլեանը [40]:
Դարբնութիւն (երկաթագործութիւն)
Դարբիննները պատրաստում էին մեծ և փոքր դանակներ, ունելիներ, աքցաններ, զմելիներ, ունելիներ, գայլիկոններ և այլն: Այս արհեստով զբաղուողները հիմնականում թուրքեր էին, սակայն կային մի քանի հայ վարպետներ, որոնք պատրաստում էին երկաթեայ գեղեցիկ դանակներ, օրօրոցներ, պարզ մահճակալներ, դոյլեր, կրակարաններ (մանղալ), պատուհանի վանդակներ, կողպէքներ և այլն [41]:
Երզնկայի որոշ հայ երկաթագործներ տիրապետում էին կարի մեքենաների, կառքերի, ջրհան սարքերի նորոգման հմտութեանը:
Երզնկայի հայ դարբիններից յայտնի էր դարձել երիտասարդ Աւետիս Թասլիկեանը, որը ուսումնասիրելով ԱՄՆ-ից բերուած հեծանիւը, 1900 թ. պատրաստել էր հեծանիւի սեփական օրինակը: «Գործը որքան ծանր ու դժուարին՝ տեղի տուաւ վերջապէս արհեստաւորին յամառ աշխատութեան առջև և հեծելանիւն աւարտեցաւ օրինակին մեքենական դրութեան համաձայն, յապուշ կտրելով թերահաւատներին», - հաղորդում էր արևմտահայ թերթերից մէկը [42]:
Յաջորդ՝ 1901 թուականին, վարպետը պատրաստում է մէկ այլ հեծանիւ՝ հաշուի առնելով և շտկելով նախորդի թերութիւնները, որոնք ի յայտ էին եկել սարքի շահագործման ընթացքում. «Պ. Աւետիս հեծելանիւին գործածութեան ատեն քանի մը յայտնի թերութիւններ տեսնելով, որոնք արդիւնք էին առաջին անգամի անփորձութեան, այս տարի կրկին հեծելանիւ մը հրապարակ հանեց, նախորդին թերութիւնները ուղղելով ու աւելի նրբացնելով գործը, այնպէս որ առաջին ակնարկով չպիտի կրնայ զանազանուիլ օրինակէն», - հաղորդւում էր նույն թղթակցութեան մէջ [43]:
Ձուլագործութիւն (բրոնզագործութիւն, տէօքմէճիութիւն)
Ձուլագործները որոշ քանակությամբ պղինձ ու անագ իրար խառնելով, հալեցնում էին դրանք հնոցի մէջ, ապա հալուածքը լցնում գաջէ կաղապարների մէջ: Առարկայի ձևը ստացած բրոնզէ ձուլուածքը այնուհետև յղկւում էր խարտոցով և բերւում վերջնական ձևի:
Անագապղնձից էին պատրաստում աշտանակներ, արձանիկներ, խնկամաններ, բուրվառներ, սանդ (անոթ, որի մէջ ծեծւում մանրացւում է սխտոր, ընկույզ, շաքար և այլ մթերք) ու սանդի կոթ, զանազան պնակներ, ֆէսի կաղապարներ, ջրի թասեր և այլն:
Քանի որ անագապղինձը, ի տարբերութիւն երկաթի, չէր դիմանում կռմանն ու ծեծմանը, ապա այդ արհեստը խոհեմութիւն ու փորձառութիւն կը պահանջէր, ինչի պատճառով Երզնկայում բրոնզագործ արհեստաւորները շատ չէին՝ հազիւ 5-6 հոգի, բոլորն էլ հայեր:
Նշանաւոր ձուլագործ էր Խաչիկ Գույումճեանը [44]:
Թիթեղագործութիւն և սոպաջիութիւն
Թիթեղագործութիւնն ու սոպաջիութիւնն իրար յարակից արհեստներ էին: Առաջինները պատրաստում էին հիմնականում ջրի, կաթի, իւղի ամաններ, լապտերներ, ձագարներ, ցնցուղներ, աղբամաններ, ածխամաններ և այլն, երկրորդները մասնագիտացած էին վառարանների, ունելիների, կրակարանների, ածխամանների պատրաստման գործում: Թիթեղագործները՝ սապաջիի, սոպաջիներն էլ որոշ չափով թիթեղագործի գործ էին անում: Այս արհեստներում նոյնպես զբաղուած էին միայն հայերը [45]:
Կահագործութիւն
Կահագործութիւնը Երզնկայի մէջ բաւականին ծաղկած և զարգացած արհեստներից էր: Կահագործները, որոնք նոյնպես հիմնականում հայեր էին, պատրաստում էին զանազան կահոյք տարբեր տեսակի ինչպէս տեղական, այնպէս էլ հարևան շրջաններից՝ հիմնականում հիւսիսում ընկած Լազիստանի անտառներից բերուած փայտի տեսակներից (սոճի, չամ, ընկուզենի, եղևնի, կաղին, եբենոս և այլն) [46]:
Հիւսնութիւն
Հիւսները Երզնկայում հիմնականում ներգրաւուած էին շինարարութեան մէջ՝ զբաղուելով շէնքերի փայտեայ մասերը պատրաստելու և դրանք տեղադրելու գործով: Հայերից հիւսնութեան մէջ յատկապէս մասնագիտացած էին Երզնկային մերձակայ Մթնի գիւղի բնակիչները [47]:
Քարակոփութիւն (թաշճի)
Քարակոփները զբաղւում էին քարը տաշելու, յղկելու և տեղադրելու գործով: Պատրաստում էին նաև տապանաքարեր, քանդակազարդ շիրիմներ, դամբարաններ, կոթողներ, մահարձաններ, աղբիւրներ, աւազաններ, քարէ սանդուխքներ, աղօրիք, ջրաղացաքարեր և այլն:
Երզնկայում քարակոփութեամբ զբաղւում էին յոյներն ու հայերը. նրանց ձեռքերով էին կառուցուել Երզնկայի բոլոր հանրային շինութիւնների՝ պետական հաստատութիւնների, զօրանոցների, եկեղեցիների, մզկիթների, բաղնիքների շէնքերը, կամուրջները, մեծահարուստների քարաշէն տները [48]:
1) Թորոսեան ընտանիքը, Երզնկա։
2) Փեշտիմալճեան ընտանիքը, 1910-ական թթ., Երզնկա։
3) Սէիսեան ընտանիքը, 1914 թ., Երզնկա։
4) Չաթալպաշեան ընտանիքը, 1913 թ., Երզնկա։
(Աղբիւր՝ Գառնիկ Ստեփանեան, Երզնկա. հնագոյն դարերից մինչեւ մեր օրերը, Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն, Երեւան, 2005)։
Հացագործութիւն
Երզնկայի շուկայում կար 20-ից աւել հացի փուռ, մի քանիսն էլ քաղաքի թաղերի մէջ: Հացագործների մեծ մասը հայեր էին: Հացը պատրաստւում էր միայն ցորենի ալիւրից: Հացթուխների արտադրանքի հիմնական սպառողներն էին շուկայի ոչ երզնկացի առևտրականներն ու արհեստաւորները, օտարերկեայ այցելուները, հաց էր մատակարարւում նաև պանդոկներ և ճաշարաններ:
Տեղացիները սովորաբար սնւում էին սեփական տներում պատրաստուած հացով. տան տիկինը սովորաբար 1-2 շաբաթը մէկ խմոր էր թխում ու հաց էր եփում տան գետնափոր թոնրի մէջ: Այդ պատճառով, շուկայից գնուած հացով սնուելը երզնկացիների շրջանում ամօթ և չքաւորութեան նշան էր համարւում, և անգամ շուկայում ներկայ տեղացի հայ արհեստաւորներն ու առևտրականները կէսօրի ճաշը տնից էին բերում կամ ստանում [49]:
- [1] Է. Մ. Բաղդասարյան, «Երզնկայի հայկական իշխանութիւնը XIII-XV դարերում», Լրաբեր Հասարակական Գիտութիւնների, 1970, № 2, էջ 36։
- [2] The book of Ser Marco Polo, the Venetian, concerning the kingdoms and marvels of the East, Translated And Edited, with Notes, by Colonel Sir Henry Yule, London, J. Murray, 1903, էջ 45 (առցանց https://archive.org/details/bookofsermarcopo001polo/page/45, դիտուել է 25.11.2019):
- [3] Իբն-ի Բատուտա, քաղեց և թարգմ.՝ Հ. Աճառեան, Երևան, 1940, էջ 31; Գառնիկ Ստեփանեան, Երզնկա,Երևան, 2005, էջ 400; Արաբական աղբիւրները Հայաստանի և հարևան երկրների մասին, կազմեց Հ.Թ. Նալբանդեան, Երևան, 1965, էջ 130:
- [4] T. A. Sinclair, Eastern Turkey: An Architectural & Archaeological Survey, Volume II, London, Pindar Press, 1989, էջ 290:
- [5] Նոյն:
- [6] Գ. Սիւրմէնեան, Երզնկա, Գահիրէ, 1947, էջ 106:
- [7] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 220:
- [8] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 189: 1878 թ. Երզնկա այցելած Գ. Սրուանձտեանցը ևս քաղաքի և շրջանի առաջընթացը կապում է այնտեղ բանակատեղի հաստատելու և հիւսիսից հարաւ ու արևմուտքից արևելք հաղոդրակութեան ուղիների խաչմերուկում գտնուելու հանգամանքների հետ՝ ցուցադրական ոգևորութեամբ հաղորդելով հետևեալը. «Երզնկայ պատմական քաղաք է, և ինչպէս կրօնական ճոխութեամբ նշանաւոր, առաւել ևս բարբարոսաց և օտարաց ոտնակոխութեամբ, և երկրաշարժէ յաճախ կործանմամբ անցեալ մը ունի: Մեր ժամանակները սակայն յամ յամէ կը բարգաւաճի, շնորհիւ Օսմ. մեր վեհափառ կայսրութեան, որ հաստատելով բանակատեղի այս քաղաքը, զօրաց և զօրապետաց ներկայութեամբ ապահոված է, և աւերակներ գեղեցկացած է շքեղ շէնքերով, առեւտուրով, արուեստներով, և քաղաքակրթութեամբ: Հաղորդակցութեան մէջ կը գտնուի Սեբաստիոյ, Խարբերդի, բոլոր Տէրսիմի, Կարնոյ և Տրապիզոնի կուսակալութեանց ու գաւառաց հետ, յորոց կ՚օգտուին Երզնկացիք» (Գ. վրդ. Սրուանձտեանց, Թորոս Աղբար, մասն Բ., Կ. Պոլիս, տպագր. Գ. Պաղտատլեան, 1885, էջ 48):
- [9] Բացառութիւն էր կազմում փայտագործութիւնը, որում մասնագիտացած էին թուրք արհեստաւորները (Սիւրմէնեան, Երզնկա, էջ 163):
- [10] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Փաստաթղթերի ժողովածու, Հատոր III, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսակահայք, գլխ. Խմբագիր՝ Ա. Վիրաբեան, Երևան, Հայաստանի ազգային արխիւ, 2012, էջ 184 (Փաստաթուղթ №41՝ Գարեգին Թուրիկեանի գրառումները Կարինի նահանգի Երզնկայի գաւառի հայկական գիւղերի կոտորածների մասին):
- [11] Յովհաննէս Զատիկեան, Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կէսին, Երևան, 2013, էջ 364:
- [12] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 189:
- [13] Նոյն:
- [14] Vital Cuinet, La Turquie d’Asie, t. 1, Paris, 1892, էջ 216:
- [15] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 177, 190:
- [16] Նոյն:
- [17] Նոյն, էջ 188:
- [18] Երզնկայի ջարդի մանրամասն նկարագրութիւնը տե՛ս «Նամակ Թիւրքիաէն», Արմէնիա, Մարսել, 1895, նոյեմբեր 30, թիւ 35, էջ 1:
- [19] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 190:
- [20] Նոյն, էջ 165:
- [21] Նոյն, էջ 165-166:
- [22] Ս. Մ. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 163։
- [23] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 167-168:
- [24] Գիւղերում մանուսագործութեամբ սովորաբար զբաղւում էին կանայք՝ հիմնականում ձմեռուայ ամիսներին, երբ հողագործական և այգեգործական աշխատանքները դադարում էին (Ս. Ամատեան, Եկեղեաց գաւառ. Նկարագիր հայաբնակ գիւղօրէից, Արեւելեան մամուլ ամսաթերթ ազգային եւ քաղաքական, Զմիւռնիա, 1891, ապրիլ, էջ 158):
- [25] Կ. Տ. Խաչատուրեան, «Տեղագրական. Երզնկայ կամ Երիզա», Մասիս շաբաթաթերթ ազգային եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1886, սեպտեմբերի 27, №3841, էջ 140:
- [26] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 177:
- [27] Նոյն, էջ 178:
- [28] Նոյն, էջ 179:
- [29] Նոյն:
- [30] Վ. Գ. Բրուտեան, «Գաւառական կեդրոններօ, Բիւրակն հանդէս ազգային, գիտական, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1905, 26 նոյեմբեր, թիւ 47, էջ 919:
- [31] Կիրակոս Ս. Ղազանճեան, Խառն նամակներ ուղեւորութեան, Կ. Պօլիս, տպ. Սարըեան, 1887, էջ 24:
- [32] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 180:
- [33] Նոյն, էջ 91:
- [34] Նոյն, էջ 180:
- [35] Նոյն, էջ 181:
- [36] Նոյն, էջ 169:
- [37] Երկայնաճիտք՝ մինչև ծունկը հասնող կօշիկ:
- [38] Նոյն:
- [39] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 170; Գառնիկ Ստեփանեան, Երզնկա (Հնագոյն դարերից մինչև մեր օրերը),Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 2005, էջ 399:
- [40] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 170:
- [41] Նոյն, էջ 171:
- [42] Արհեստաւոր, «Արհեստները գաւառներու մէջ», Արեւելեան մամուլ, Զմուռնիա, 1901, 15 նոյեմբեր, թիւ 22, էջ 922:
- [43] Նոյն:
- [44] Սիւրմէնեան, Երզնկա, էջ 170:
- [45] Նոյն, էջ 171:
- [46] Նոյն, էջ 172:
- [47] Ս. Ամատեան, «Եկեղեաց գաւառ. Նկարագիր հայաբնակ գիւղօրէից», Արեւելեան մամուլ, Զմուռնիա, 1890, մարտ, էջ 139; Սիւրմէնեան, Երզնկա, էջ 172:
- [48] Նոյն, էջ 172-173։
- [49] Նոյն, էջ 173: