Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի և շրջակայ գիւղերի հայ բնակչութիւնը Հայոց ցեղասպանութեան նախօրեակին
Դիարբեքիր քաղաքը (հին անուանումը՝ Ամիդ) պատմական Հայաստանի հարաւարևմտեան ծայրաշրջանի՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի և Հայոց Միջագետքի սահմանի վրայ ընկած խոշոր կենտրոններից էր [1]:
Միջնադարի հայ հեղինակների կողմից քաղաքը նոյնացւում էր Հայոց Տիգրան Մեծ արքայի կողմից կառուցուած Տիգրանակերտի հետ [2]: Դիարբեքիրը Տիգրանակերտ էին անուանում նաև քաղաքում բնակուող հայերը [3]:
Դիարբեքիրը Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ է անցնում 1515 թուականին՝ դառնալով համանուն նահանգի (էյալէթ, հետագայում՝ վիլայէթ) կենտրոնը՝ կուսակալանիստը [4]։
1870-ական թուականներին Դիարբեքիր քաղաքի շուրջ 45,000 բնակչութեան մօտաւորապէս կէսը քրիստոնեաներ էին, որից շուրջ 3/4ը՝ հայեր: Հետագայում՝ յատկապէս 1895 թ. Համիդեան ջարդերից յետոյ, հայերի թուի որոշակի նուազումը հանգեցնում է նաև քաղաքում քրիստոնեաների յարաբերակցութեան նուազմանը [5]:
Համաձայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի 1913 թ. տուեալների՝ Դիարբեքիրի գաւառակում կար 3,271 տուն, 16,352 շունչ հայ բնակչութիւն, որից 2,935 տուն, 14,100 շունչ՝ Դիարբեքիր քաղաքում, 336 տուն, 2,252 շունչ՝ գաւառակի թուով 47 հայաբնակ գիւղերում [6]: Բացի հայերից քաղաքում և գաւառակի գիւղերում կար թուով 5,801 այլ քրիստոնէադաւան բնակչութիւն (ճնշող մեծամասնութիւնը՝ ասորիներ): Մուսուլմանների թիւը 51,908 էր (մեծ մասը՝ քրդեր), իսկ այլակրօնները (հիմնականում հրեաներ)՝ 521 էին [7]:
Գաւառակի հայաբնակ գիւղերը Տիգրիս գետի հունով բաժանուած էին երկու գիւղախմբերի՝ Արևմտեան (Ղարպ նահիէ) և Արևելեան (Շարգ նահիէ) [8]: Ղարպ նահիէում հայաբնակ էր 24 գիւղ: Բացի Ալի Փունարից (Ալիբունար) և Հայեղիկից (Հայ Եղիկ), մնացած գիւղերում հայ բնակչութիւնը ոչ մշտական էր՝ վարձու հիմունքներով գիւղատնտեսական աշխատանքներում ներգրաւուած մարաբաներ, որոնք ժամանակ առ ժամանակ տեղափոխւում էին տնտեսական աւելի նպաստաւոր պայմաններ ունեցող բնակավայրեր [9]: Շարգ նահիէում կայուն հայ բնակչութիւն ունէր մօտ 10 գիւղ (Գըթըրպըլ, Իրինճիլ, Գապասագալ, Գարապաշ, Սաթուգեղ, Արզօղլի Պաղչէնիք, Ճռնիկ և այլն) [10]:
Ինչպէս և Արևմտեան Հայաստանի այլ քաղաքներում, Դիարբեքիրում ևս հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին: Արհեստագործական հիմնական ճիւղերից էին ոսկերչութիւնը, ջուլհակութիւնը և մետաքսագործութիւնը [11]:
Դիարբեքիրը Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի Տիգրանակերտի արքեպիսկոպոսական թեմի կենտրոնն էր [12]: XIX դարի երկրորդ կէսին – XX դարի սկզբին քաղաքի հայ առաքելական գործող եկեղեցիները թուով երկուսն էին՝ եօթնախորան Ս. Կիրակոսը և հնգախորան Ս. Սարգիսը [13], որոնց շուրջ կենտրոնացած էին հայաբնակ թաղերը [14]:
Դիարբեքիրի դպրոցները 1850-1870-ական թուականներին. Փիլիպպոս եպիսկոպոսի կրթական գործունէութիւնը
«Կրթութեամբ եւ դաստիարակութեամբ պատրաստել ապագայի զոհաբերող անհատներ»:
Ինչպէս յայտնի է, նոր ժամանակներում արևմտահայ կրթական համակարգի հիմքը դրւում է Պոլսոյ Հայոց պատրիարք Կարապետ Գ Պալաթցիի 1824 թ. յուլիսի 10-ի յատուկ կոնդակով, որով կարգադրւում էր պատրիարքարանի ենթակայութեան տակ գործող բոլոր եկեղեցական թեմերի առաջնորդներին իրենց գտնուած գաւառներում դպրոցներ (վարժարաններ) հաստատել «ի կրթութիւն մանկանց եկեղեցւոյ» [15]: Այս կոնդակը ազդակ է դառնում Արևմտեան Հայաստանի և Օսմանեան կայսրութեան այլ շրջանների հայկական թեմական կենտրոններում, այդ թւում՝ Դիարբեքիր քաղաքում եկեղեցիներին կից դպրոցների բացման համար։
Արևմտահայութեան կրթական կեանքի զարգացման յաջորդ կռուանն է դառնում 1860 թ. Ազգային սահմանադրութիւնը [16]: Սահմանադրութեամբ կանոնակարգւում է Օսմանեան կայսրութեան հայկական «ազգային»-համայնքային դպրոցների կառավարման այն համակարգը, որը առանց շօշափելի փոփոխութիւնների գործում է մինչև Հայոց ցեղասպանութիւնը: Հայոց պատրիարքարանին կից ստեղծւում է Ուսումնական խորհուրդ (յայտնի էր որպէս Պոլսոյ Կենտրոնական Ուսումնական Խորհուրդ), որի վրայ է դրւում արևմտահայութեան կրթական համակարգի նկատմամբ ընդհանուր վերահսկողութեան իրականացման պարտականութիւնը: Խորհրդի մասնաւոր գործառոյթներն էին համայնքային-«ազգային» վարժարանների «բարեկարգութեան» նկատմամբ ընդհանուր վերահսկողութիւն իրականացնելը, կրթական գործին աջակցելու նպատակով ստեղծուած մասնաւոր կրթական-«մշակութային» [17] ընկերութիւններին օժանդակելը, «քաջահմուտ» ուսուցիչների պատրաստմանն աջակցելը (այդ թւում՝ իր կողմից վաւերացուած ուսուցչական վկայագրեր շնորհելու միջոցով), դասագրքերի ստեղծմանը նպաստելը և այլն: Ուսումնական խորհուրդը նաև զբաղւում էր «ազգային»-համայնքային վարժարանների տիպային կրթական ծրագրերի մշակման, աւարտական վկայականների նմուշների սահմանման և յարակից այլ հարցերով (տե՛ս Ազգային Սահմանադրութիւն հայոց, յօդուած 45) [18]:
Օսմանեան կայսրութեան հայաբնակ բնակավայրերում գործող համայնքային-«ազգային» դպրոցների անմիջական կառավարումը, դպրոցի գործունէութեան հետ կապուած զանազան պէտքերի ապահովումը յանձնարարւում է տուեալ բնակավայրի Թաղական խորհրդին կամ նրա կողմից նշանակուած Դպրոցական հոգաբարձութեանը (յօդուած 52): Դպրոցի անխափան և կանոնաւոր գործունէութեան համար անհրաժեշտ ծախսերը պէտք է ապահովուէին թաղական խորհրդի «սնտուկ»ից (բիւջէ), որի մուտքերը բաղկացած էին թաղի ժողովրդի թաղական տուրքից, թաղական եկեղեցու և դպրոցի կալուածքների եկամուտներից, թաղական եկեղեցու հասոյթներից, կտակներից ու նուէրներից և այլն (յօդուած 53): Թաղական խորհուրդները պարտաւոր էին դպրոցի հետ կապուած հարցերով ուղղակի հաղորդակցութեան մեջ լինէին Պոլսոյ Կենտրոնական Ուսումնական Խորհրդի հետ (յօդուած 54) [19]:
Նշուած ժամանակաշրջանում Կենտրոնական Ուսումնական Խորհուրդը շրջանառութեան մէջ է դնում Օսմանեան կայսրութեան հայկական «ազգային» վարժարանների համար նախատեսուած կրթական ծրագիր, որը մեծ չափով ընդօրինակուած էր եւրոպական, յատկապէս՝ ֆրանսիական համապատասխան կրթական ծրագրերից: Սահմանւում են մանկապարտէզի, ծաղկոցի, նախակրթարանի, բարձրագոյն նախակրթարանի և երկրորդական վարժարանի աստիճաններ: Իւրաքանչիւր աստիճանի համար ճշտւում են դասաւանդուող առարկաները, դասարանների թիւը, դասաժամերի տևողութիւնը, պատիժների և խրախուսանքների ձևերը: Կանոնակարգւում են նաև դասարանների բաժանումները, դպրոցների աստիճանաւորումները, դասաւանդուող առարկաների ժամանակացոյցները, դասամիջոցները, կէսօրեայ զբօսանքները, տօնական օրերի արձակուրդները և այլն: «Ազգային» դպրոցներում սկսում է հետզհետէ ներմուծուել նաև աշակերտների ուսման առաջադիմութիւնը և ընդունակութիւնները գնահատականներով գնահատելու, աւարտական քննութիւններ յանձնելու և աւարտական ուսման վկայականներ տալու համակարգը [20]:
Դիարբեքիրում հայկական «ազգային»-համայնքային դպրոցների մասին մեզ յայտնի առաջին վկայութիւնները վերաբերում են 1850-ական թուականներին: Այսպէս, հաղորդւում է, որ 1857 թուականին քաղաքի Ս. Կիրակոս և Ս. Սարգիս եկեղեցիներին կից գործել են աղջիկների համար դպրոցներ (աղբիւրում դրանք անուանւում են «վարժատուն»): Ս. Կիրակոսի վարժատնում ուսում էր ստանում 70, Ս. Սարգսի վարժատնում՝ 50 աշակերտուհի: Ուսանողուհիների թիւը աճի միտում ունէր՝ «ուսումնասիրութեան փափաքը հետզհետէ ժողովրդեան մէջ տարածուելուն» պատճառով [21]:
Բացի վերոնշեալ կրթարաններից՝ քաղաքում նոյն թուականին բացուել էր արական դպրոց, որը յաճախում էր 200 տղայ (դպրոցի թաղական պատկանելութիւնը չի հաղորդւում, սակայն, կարող ենք ենթադրել, որ այն Ս. Կիրակոսինն էր): Դպրոցը տարրական էր, դասաւանդուող հիմնական առարկաներն էին գրել-կարդալը և եկեղեցական երգեցողութիւնը: Դպրոցը հովանաւորւում էր քաղաքի ունևոր հայերից կազմուած Սուրբ Լուսաւորչի կրթական-«մշակութային» ընկերութեան կողմից: Հաղորդւում էր, որ նախկինում «ուրիշ այլակրօն դպրոցներ գացող Լուսաւորչակրօն տղայոց ամենքն ալ սկսան այս դպրոցը երթալ» [22]:
1850-1870-ական թթ. Դիարբեքիրի կրթական կեանքի աշխուժացումը մեծ չափով կապուած էր տեղացի երևելի մտաւորական-«վարժապետ», Ս. Կիրակոս եկեղեցու թաղի և քաղաքի այլ հայկական դպրոցների մանկավարժ-վարիչ Մկրտիչ Էքմէքճեանի գործունէութեան հետ (1775-1885): 1868 թ. նրա ջանքերով հիմնադրւում է Պոլսում գործող Անձնուէր կրթական-«մշակութային» ընկերութեան Դիարբեքիրի մասնաճիւղը, որի ձեռնարկներից է դառնում տեղացի հայ արհեստաւորների համար կիրակնօրեայ դպրոցի բացումը և նրանց հայերէն գրել-կարդալ սովորեցնելը: Համաձայն մի վկայութեան՝ «1870-ական թուականներուն Ս. Կիրակոս եկեղեցւոյ Մայր Վարժարանը վառ կեդրոն մըն էր Կիրակի օրերուն, իբր Արհեստաւորաց Դպրոց՝ որուն կը նախագահէր Մկրտիչ Վարժապետ» [23]: Կիրակնօրեայ դպրոցում, և յատկապէս Ս. Կիրակոս եկեղեցու թաղական դպրոցում Մկրտիչ վարժապետի դասաւանդուող առարկաներից էին ընդարձակ քերականութիւնը, Նարեկի և Շարականի վերլուծութիւնը, թուաբանութիւնը, աշխարհագրութիւնը, Սուրբ Գրքի և Հայոց պատմութիւնը, տրամաբանութիւնը և ճարտասանութիւնը [24]:
1860-1880-թթ. Դիարբեքիրի կրթական առաւել նշանաւոր գործիչներից էր Թովմաս Զաւզաւաթճեանը: Նրա և տեղացի այլ «ուսումնասէր» անձանց ջանքերով 1865 թ. հիմնադրւում է Հայրենասէր ընկերութիւնը, որը նոյն տարում բացում է Դիարբեքիրի հասարակական-կրթական կեանքում կարևոր դերակատարում ունեցած Հայրենասիրաց երկսեռ վարժարանը (վարժարանը յաճախող երեխաների թիւը, ինչպէս նաև դրա գործունէութեանը վերաբերուող այլ տուեալներ տես յօդուածի համապատասխան բաժնում) [25]:
Զաւզաւաթճեանի այլ ձեռնարկներից էր չափահասների համար կիրակնօրեայ դասախօսութիւնների և բանախօսութիւնների կազմակերպումը: Նշուած դասախօսութիւնների միջոցով մտաւորականը փորձում էր ունկնդիրների մէջ «արհեստներու մէջ յառաջանալու» փափագ սերմանել, մղել աղքատներին «ապրուստ ճարելու համար գործ սորվիլ, քան թէ մուրալ եւ կերակրուիլ եկեղեցիէն» [26]:
Նման բնոյթի քարոզներով, ինչպէս նաև իր կրթական-լուսաւորական գործունէութեան ընդհանուր ուղղուածութեամբ Զաւզաւաթճեանը, ըստ էութեան, հակադրւում էր Դիարբեքիրի եկեղեցական իշխանութիւնների աղքատախնամ ծրագրերին՝ հրաւիրելով իր դէմ թեմի առաջնորդ Յակոբ եպիսկոպոս Փափազեանի դժգոհութիւնը: Յակոբ եպիսկոպոս- Զաւզաւաթճեան հակառակութեան մէջ առաջինին աջակցութիւն էին ցոյց տալիս տեղի հարուստ վաճառական շրջանակները, երկրորդին՝ «էսնաֆ»-արհեստաւորների դասակարգը: Թեմի առաջնորդը նախ Զաւզաւաթճեանին եկեղեցու բեմից արուած իր քարոզներից մէկի ընթացքում «անկրօն և անաստուած» է յայտատարում, այնուհետև հրահանգում է քահանաներին շրջել տնետուն և համոզել ժողովրդին երեխաներին չուղարկել Հայրենասիրացի դպրոցը: Զաւզաւաթճեանն իր դէմ ուղղուած այս հակառակութեանը պատասխանում է Հայրենասիրացի դպրոցի աշակերտների կողմից ներկայացուած «Տգիտութիւն եւ Յառաջադիմութիւն» թատերգութեամբ, որում «Յառաջադիմութիւնը» մարմնաւորող այլաբանական կերպարը Հայաստանից վանում էր «Տգիտութիւնը»:
Շուտով ներկայացւում է Զաւզաւաթճեանի երկրորդ՝ «Նորայր» անունով թատերգութիւնը, որում շեշտւում էր մանկութեան վաղ տարիքից սկսած և բարոյական սկզբունքների վրայ հիմնուած կրթութեան կարևորութիւնը: Թատերգութիւնը աւարտւում էր հետևեալ յատկանշական տողերով. «Պարտիմք սիրել եւ օգնել միմեանց. այս է Աւետարանի ոգին, գիտութեան վախճանը, եւ բարեկրթութեան նպատակը: Բարերարողք պիտի բարերարուին, եւ բարձրացնողք պիտի բարձրանան: Երանի՜ որ լսելու ականջներ ունի» [27]:
Թատերգութիւնների քննադատական ոճն ու ժողովրդի վրայ թողած ազդեցութիւնը դուր չեն գալիս Յակոբ եպիսկոպոսին, և նա դիմում է մատնութեան: 1872 թ. ապրիլի սկզբներին Հայրենասիրացի դպրոց են ներկայանում թուրք ոստիկանները և կարգադրում Զաւզաւաթճեանին դադարեցնել հաստատութեան աշխատանքները, քանի որ «կառավարիչ փաշայն լուր ունեցեր է, որ այս դպրոցին մէջ խռովարարներ կը պատրաստուին» [28]: Դպրոցը փակւում է, Զաւզաւաթճեանը առժամանակ դադարում է զբաղուել ուսուցչութեամբ:
Հայրենասիրացի դպրոցի հետ տեղի ունեցածը լայն արձագանգ է գտնում արևմտահայ մամուլում ու մտաւորականութեան շրջանում, և Կ. Պոլսի Հայոց նորընտիր պատրիարք Ներսէս արքեպիսկոպոս Վարժապետեանը 1874 թ. ամռանը պաշտօնանկ է անում Յակոբ եպիսկոպոսին ու Դիարբեքիրի թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնում է նշանակում երիտասարդ հոգևորական Փիլիպպոս վարդապետ (1876 թ. գարնանից՝ եպիսկոպոս) [29] Նաճառեանցին (Խունճարեանց):
Դիարբեքիրում հաստատուելուց յետոյ՝ Փիլիպպոս վարդապետի կրթական ոլորտում առաջին ձեռնարկներից են դառնում Հայրենասիրացի վարժարանի վերաբացումը, Ս. Կիրակոսի եկեղեցու թաղական դպրոցի նոր՝ «լուսաւէտ փառաւոր» շէնքի կառուցումը (Ս. Կիրակոս եկեղեցու բակի մէջ) և նոր Աղջկանց վարժարանի հաստատումը (վարժուհի՝ Աննա Յակոբեան) [30]:
Թեմի նորանշանակ առաջնորդը սկսում է մեծ ուշադրութիւն դարձնել Դիարբեքիրում այդ ժամանակ կրթական գործունէութիւն ծաւալող առաւել ազդեցիկ կառոյցների՝ Անձնուէր, Հայրենասէր և Մեսրոպեան «մշակութային» ընկերութիւնների զարգացմանը: Ընկերութիւններն ունէին էսնաֆ դասակարգի նախանձախնդիր ներկայացուցիչներից բաղկացած յանձնախմբեր, որոնք «ո՛չ մի զոհողութեան առջեւ կը տատամսէին» [31]: Բացի իւրաքանչիւր յանձնախումբի կողմից անցկացուող առանձին ժողովների, ամիսը մէկ անգամ Փիլիպպոս եպիսկոպոսի նախագահութեամբ հրաւիրւում էր «միացեալ» ժողով, որի ընթացքում թեմի առաջնորդը «հայրական մեղմ եւ համոզիչ խօսքերով» համաձայնեցնում, համակարգում, իրար էր կապում յանձնախմբերի գործունէութիւնը՝ ընդգծելով ուսման և դաստիարակութեան կարևորութիւնը և «յաճախ կրկնելով Զաքարիա Ստոյանովի – Պուլկար աքսորականի [32] - խօսքերն, «կրթութեամբ եւ դաստիարակութեամբ պատրաստել ապագայի զոհաբերող անհատներ» [33]:
Դէպքերին ժամանակակցի վկայութեամբ՝ «Փիլիպպոս եպիսկոպոս գրաւած էր հասարակ-ռամիկ ժողովուրդի սիրտն. այս ժողովուրդէն կազմակերպուած էին երեք ընկերութիւններ [խօսքն արդէն իսկ յիշատակուած Հայրենասէր, Անձնուէր և Մեսրոպեան ընկերութիւնների մասին է –Ռ.Թ.], եւ այս ընկերութիւններու ալ պաշտօնեաներն կազմած էին «Յանձնախումբ»եր, որոնք հիացած Փիլիպպոս Եպս.-ի կարողութեան վրայ եւ անոր քաջալերութենէն մղուած կրթական գործն յառաջ կը տանէին» [34]:
Կրթական ոլորտում թեմի առաջնորդի գործունէութեան արդիւնքների մասին է վկայում 1879 թ. ապրիլի 13-ին կազմուած «Վիճակ Ազգ[ային]. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի» վերտառութեամբ ընդարձակ տեղեկագիրը: Ըստ տեղեկագրի տուեալների՝ քաղաքում այդ ժամանակ գործում էին Ս. Կիրակոսի և Ս. Սարգսի եկեղեցիների թաղերի «ազգային» արական և իգական վարժարաններն ու կից տարրական նախակրթարան-ծաղկոցները, ինչպէս նաև Անձնուէր, Հայրենասէր, Մեսրոպեան ընկերութիւնների վարժարանները՝ ընդհանուր առմամբ թուով 7 «ազգային»-համայնքային և մասնաւոր կրթական հաստատութիւններ, որոնք յաճախում էր 443 երեխայ (աշակերտների թիւն ըստ առանձին կրթական հաստատութիւնների ներկայացնում ենք դրանց նուիրուած բաժիններում) [35]:
Փիլիպպոս եպիսկոպոսի՝ Դիարբեքիրի կրթական և համայնքային-«ազգային» այլ ձեռնարկների իրականացման գործում էսնաֆներին նախապատւութիւն տալը, նրանց վրայ յենուելը և, համապատասխանաբար, մեծահարուստ վաճառական խաւին միայն առաջնորդական տուրքերը հաւաքելու և դրամական միջոցները հայթայթելու գործառոյթը վերապահելը չէր կարող չհարուցել այդ խաւի որոշ ներկայացուցիչների խուլ դժգոհութիւնը [36]: Առաջնորդի նկատմամբ ընդդիմութիւնը բոյն էր դրել Ս. Սարգիս եկեղեցու հոգաբարձութեան անդամների շրջանում, որոնք նրա դէմ բացայայտ հանդէս գալու պատեհ հնարաւորութեան էին սպասում: Նման հնարաւորութիւն նրանց տուեց Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի պատուիրակ Գարեգին վարդապետ Սրուանձտեանցի՝ 1879 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին այցը Դիարբեքիր [37]: Գարեգին Սրուանձտեանցի՝ Դիարբեքիրից մեկնելու նախօրեակին, Ս. Սարգիս եկեղեցու հոգաբարձութեան անդամները ժողով են գումարում և, նախ պարզելով վարդապետի տրամադրութիւնները, առաջարկում են նրան ստանձնել թեմի առաջնորդի պաշտօնը՝ Փիլիպպոս եպիսկոպոսի փոխարէն: Ժողովի մասին լուրն անմիջապէս տարածւում է Դիարբեքիրի հայ արհեստաւորների շրջանում՝ հարուցելով նրանց դժգոհութիւնը: Ս. Սարգիս եկեղեցու մօտ խառնամբոխ է հաւաքւում, որը պահանջում է Սրուանձտեանցից անյապաղ հեռանալ քաղաքից: Տեղի է ունենում բախում Փիլիպպոս եպիսկոպոսի կողմնակիցների և հակառակորդների միջև: Կրքերը հանդարտւում են միայն թուրքական ոստիկանների ժամանումից յետոյ: Միջադէպի արդիւնքում Հայրենասիրաց ընկերութեան շատ անդամներ ձերբակալւում են, Զաւզաւաթճեանը ստիպուած է լինում առժամանակ թաքնուել, իսկ Փիլիպպոս եպիսկոպոսը բացատրութիւններ տալու նպատակով ոստիկանական հսկողութեան տակ տարւում է Պոլիս [38]:
Դիարբեքիրի դպրոցները 1880-ական թթ. – 1890-ական թթ. առաջին կէս
«Կրթական վիճակը Հայոց մէջ յոյժ աննախանձելի է».
Այս միջադէպից յետոյ Դիարբեքիրի հայկական «ազգային»-համայնքային կեանքը թևակոխում է որոշակի լճացման և նոյնիսկ յետընթացի շրջան; Ներհամայնքային երկպառակութիւնները յանգեցնում են նրան, որ 1880-ական թթ. թեմի առաջնորդական տեղապահները արագօրէն յաջորդում են մէկը միւսին՝ ոմանք չհասցնելով պաշտօնավարել թէկուզ մի քանի ամիս (Խորէն եպիսկոպոս Մխիթարեան (1880 թ. մարտ-մայիս), Յովհաննէս քահանայ Պաղտասարեան՝ 1880 թ. յունիս-1881 թ. յունիս, 2-րդ անգամ՝ 1883 թ. ապրիլ – 1885 թ. սեպտեմբեր, 3-րդ անգամ՝ 1888-1891 օգոստոս թթ.), Եղիշէ վարդապետ Գազանճեան (1881 թ. յունիս- 1883 թ. ապրիլ), Արիստակէս վարդապետ Դերձակեան (1885 թ. սեպտեմբեր -1886 թ. մայիս), Ներսէս ծայրագոյն վարդապետ Խարախանեան (1887-1888), Եզնիկ եպս. Ապահունի (1891 թ. օգոստոս-սեպտեմբեր) [39]: Թեմական գործերի այս անկազմակերպ վիճակն իր անդրադարձն է ունենում նաև հայկական կրթական կեանքի վրայ:
1885 թ. սկզբներին քաղաք այցելած արևմտահայ մտաւորական գործիչ Մարկոս Նաթանեանը հաղորդում է, որ կրթական վիճակն այնտեղ աննախանձելի է, և գէթ ոչ մի գոհացուցիչ վարժարան չկայ. «Կուսակցական անհամաձայնութիւնք Փիլիպպոս Եպիսկոպոսի ժամանակէն ի վեր կը տիրէին տակաւին թեթեւ մեղմութեամբ եւ չկար ոչ Առաջնորդ, ոչ Առաջ. – Փոխանորդ կամ Տեղապահ», եզրափակում է հեղինակը [40]:
1886 թ. սկզբների տուեալներով, ըստ «Արմէնիա» թերթում զետեղուած թղթակցութեան, Դիարբեքիրում շարունակում էին գործել Ս. Կիրակոսի և Ս. Սարգսի թաղական երկսեռ դպրոցները, նրանց կից «ծաղկոց»ները, ինչպէս նաև Հայրենասէր և Անձնուէր ընկերութիւնների երկու վարժարանները: Աշակերտների ընդհանուր թիւը 630 էր (ըստ կրթական հաստատութիւնների աշակերտների բաշխման տուեալները տես համապատասխան բաժիններում) [41]:
Դիարբեքիրի վարժարանների ուսուցիչների մեծ մասը բնիկներ էին՝ տեղում ուսում ստացածներ և աւարտելուց յետոյ նոյն կրթական հաստատութիւններում աշխատանքի անցածներ: Նրանց ամսական աշխատավարձը, կախուած ծանրաբեռնուածութիւնից և որակաւորումից, 25, 50, 60, 75, 120 և 150 ղուրուշ էր: Ուսուցիչներից և ոչ մէկը չունէր Պոլսոյ Կենտրոնական Ուսումնական Խորհուրդի կողմից վաւերացուած ուսուցչական վկայագիր:
Չկար նաև միասնական ուսումնական ծրագրով ուսուցում. «Նոյն իսկ մէկ բակի մէջ մէկ դպրոցէն ուրիշ դպրոց մը փոխադրուող աշակերտն հինը պիտի մոռնայ ու նորէն սկսի... ո՛չ եռամսեայ և ո՛չ տարեկան քննութիւն, ո՛չ անբարոյականին պատիժ և ո՛չ բարոյականին պատիւ. աւանդելիք դասերն ո՛չ տարեշրջանաց բաժնուած են և ո՛չ ժամանակացոյցիւ կ՚աւանդուին. կարգ կարգ դաս առնուլն բացառիկ, ամեն մէկին զատ զատ տրուիլն օրէնք. ո՛չ նորեկ աշակերտաց արգելք, ո՛չ հրաժարողաց հարցում. աղաւնոցի կը նմանին, մէկ կողմէն կը մտնուի և միւսէն կ՚ելլուի. ո՛չ տարիքի, ո՛չ յարմարութեանը և ո՛չ առողջական վիճակին կը նայուի» - հաղորդւում էր նշուած թղթակցութիւնում [42]:
Անմխիթար էին նաև Դիարբեքիրի դպրոցների շէնքային պայմանները. «դպրոցներու շէնքերն բնաւ յարմարութիւն չունին դպրոցի. մեծերը շատ մեծ և փոքրերը շատ փոքր և հին դրութեամբ շինուած. չունին մասնաւոր սերտարան, դասարան, ճաշարան և այցելուաց ընդունարան, այլ մէկ սենեակ է ամենուն համար գործածելի», հաղորդում է նոյն թղթակիցը [43]:
1880-ական թթ. վերջերին – 1890-ական թթ. սկզբներին Դիարբեքիրի հայկական դպրոցների մասին բաւականին մանրամասն տեղեկութիւններ է պարունակում ֆրանսիացի ուսումնասիրող Վիտալ Քուինէի «Ասիական Թուրքիա» աշխատութիւնը: Համաձայն ուսումնասիրողի՝ քաղաքում գործում էր 9 «ազգային»-համայնքային և մասնաւոր հայկական վարժարան, որից հինգը՝ առաքելադաւան (չորսը՝ արական, մէկը՝ իգական), մէկը՝ կաթոլիկ (արական) և երեքը՝ բողոքական հայերի (երկուսը՝ արական, մէկը՝ իգական): Նշուած դպրոցներում ուսում ստացող աշակերտների ընդհանուր թիւը 490 էր, որից 380-ը՝ տղայ, 110-ը՝ աղջիկ: Հայ առաքելական համայնքի դպրոցներում ուսանում էր 300, կաթոլիկ համայնքի դպրոցում՝ 40, բողոքական դպրոցներում՝ 150 երեխայ (տե՛ս նաև Աղիւսակ 1): Ուսուցիչների ընդհանուր թիւը 20 էր (բաշխումն ըստ դպրոցների տե՛ս Աղիւսակ 1) [44]:
Վ. Քուինէն նաև հաղորդում է, որ առաքելադաւան հայերի դպրոցները պահւում էին եկեղեցական համայնքի կողմից՝ յատուկ տուրքի, նուիրատւութիւնների, հանգանակութիւնների, ինչպէս նաև աշակերտների ծնողների կողմից վճարուող ուսման վարձերի միջոցով: Կրթութիւնը տարրական էր, դասաւանդում էին հայերեն և թուրքերէն լեզուներով [45]:
Աղիւսակ 1. Դիարբեքիրի հայկական դպրոցները 1880-ական թթ. վերջերին ըստ Վ. Քուինէի տուեալների
| Համայնք | Արական | Իգական | ||||
Դպրոց | Աշակերտ | Ուսուցիչ | Դպրոց | Աշակերտ | Ուսուցիչ | ||
1 | Առաքելադաւան հայեր | 4 | 240 | 8 | 1 | 60 | 2 |
2 | Կաթոլիկ հայեր | 1 | 40 | 1 | - | - | - |
3 | Բողոքական հայեր | 2 | 100 | 6 | 1 | 50 | 3 |
| Ընդամէնը | 7 | 380 | 15 | 2 | 110 | 5 |
Դիարբեքիրի հայկական դպրոցները 1890-ական թթ. կէսերից մինչև 1908 թ. յեղափոխութիւնը
«Արդիւնք, որ բնաւ չէր տեսնուած նախորդ տարիներու մէջ»։
1895 թ. յունիսի 8-ին Դիարբեքիրի թեմի առաջնորդական փոխանորդ է նշանակւում Եզեկիէլ վարդապետ Արշարունին, որը մնում է այդ պաշտօնին մինչև 1908 թուականի կէսերը [46]: Եզեկիէլ վարդապետի այս երկար պաշտօնավարումը որոշակի դրական դեր է ունենում Դիարբեքիրի հայկական «ազգային»-համայնքային կեանքի կայունացման, ներհամայնքային լարուածութեան թուլացման գործում:
Որոշ չափով սթափեցնում է Դիարբեքիրի հայերին նաև Համիդեան կոտործաների աղէտը: Համաձայն դէպքերին ժամանակակից մամուլում հրատարակուած տուեալների՝ Դիարբեքիր քաղաքում և գաւառակի գիւղերում 1895 թ. հոկտեմբերի 20-ից առ 22-ը (նոյեմբերի 1-3) ընթացող ջարդերի ընթացքում սպանւում է մօտ 2000 և վիրաւորւում՝ մօտ 1500 քրիստոնեայ (ճնշող մեծամասնութիւնը՝ հայեր), աւերւում են գաւառակի բոլոր գիւղական եկեղեցիներն ու վանքերը, կողոպտւում է հայերին պատկանող մօտ 1200 խանութ և 1500 տուն: Հայերին պատճառած ընդհանուր նիւթական վնասը գնահատւում էր մօտ 10 մլն օսմանեան ոսկի [47]:
Ջարդերին յաջորդած տնտեսական անկման արդիւնքում տուժում են նաև Դիարբեքիրի հայկական դպրոցները: 1896-1899 թթ. ընթացքում անգամ քաղաքի հիմնական համայնքային-«ազգային» կրթական հաստատութիւնը՝ Ս. Կիրակոսի թաղական վարժարանը, գործում էր ոչ կանոնաւոր՝ ընդմիջումներով, փակւում և նորից վերաբացւում էր:
1899 թ. գարնանը, դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծ մասը, ի վիճակի չլինելով ապահովել իր հոգաբարձութեան տակ գտնուող կրթական հաստատութեան բնականոն գործունէութեան համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, հրաժարական է տալիս, ինչի հետևանքով վարժարանը նորից կանգնում է փակման վտանգի առաջ [48]:
1899 թ. ամռանը Ս. Կիրակոսի թաղական վարժարանի հոգաբարձութեան ատենապետութիւնը ստանձնում է Կարապետ էֆենդի Տէր-Պօղոսեանը, որը նորակազմ խորհրդի այլ «ձեռներէց» անդամների հետ «գովելի փութաջանութեամբ եւ անստգիւտ կրթասիրութեամբ» ձեռնամուխ է լինում դպրոցի և, ի վերջոյ, Դիարբեքիրի ամբողջ հայկական «ազգային»-համայնքային կրթական համակարգի արդիականացմանը [49]:
Նոր հոգաբարձութիւնը Ս. Կիրակոսի թաղական դպրոցի տնօրէնի պաշտօնը վստահում է կրթական գործիչ, ծնունդով քղեցի Պետրոս Սրապեանին, որը ժամանակակիցների կողմից բնութագրւում էր որպէս «լուրջ ու դպրոցապատկան գործերու արմատական կազմակերպութեան հմուտ» անձնաւորութիւն: Ուսուցչական կազմը համալրւում է դրսից հրաւիրուած այլ մասնագէտներով: Համապատասխանաբար, աւելանում է նաև դպրոցի բիւջէն՝ հասնելով ամսական 3-4 հազար ղուրուշի, ինչն, ըստ ժամանակակցի վկայութեան, «անլուր բան մըն էր Տիարպէքիրի կրթական տարեգրութեանց մէջ» [50]:
Միջոցները հաւաքելու նպատակով Ս. Կիրակոսի թաղական դպրոցում ևս սկսւում է կիրառուել արևմտահայ այլ կրթական հաստատութիւններում լայն տարածում ստացած այսպէս կոչուած «որդեգրութեան» մեխանիզմը, որի դէպքում որևէ ունևոր անհատ ստանձնում էր աղքատ մէկ կամ մի քանի ուսանողի ուսման վարձի վճարումը [51]:
1900 թ. նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) «Արևելք» թերթում տպագրուած Դիարբեքիրից թղթակցութիւնում արձանագրւում էր, որ Ս. Կիրակոս եկեղեցու թաղական երկսեռ վարժարանները, շնորհիւ հաստատութեան հոգաբարձութեան և տնօրենի ջանքերի, հետզհետէ աւելի բարեկարգ վիճակի էին վերածւում: Դպրոց էին հասել և իրենց պարտականութիւնների կատարմանն էին անցել Արևմտյան Հայաստանի առաւել զարգացած կրթական կենտրոններից հրաւիրուած նոր դասատուներ, դասախօսութիւնները կանոնաւոր կերպով էին սկսուել և շարունակւում էին: Կանոնաւոր նիստեր էր գումարում վարժարանի ուսուցչական ժողովը, որի ծրագրերից էր դպրոցական գրադարանի ստեղծումը [52]:
Դպրոցի հոգաբարձութեան առջև ծառացած գլխաւոր խնդիրը կրթական հաստատութեան գործունէութեան համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթումն էր: Նշւում էր, որ դպրոցի բիւջէն ունէր ամսական 10 ոսկեդրամի ճեղքուածք: Այս հարցի լուծման համար դպրոցի հոգաբարձութիւնն ակնկալում էր Առաջնորդարանի օգնութիւնը, որը, ըստ թղթակցութեան հեղինակի, պէտք է ժողովրդին կրթութեան օգտակարութիւնը և դպրոցի կարևորութիւնը բացատրի ոչ թէ «աւանդական չոր ու ցամաք ‘տուէ՛ք, տուէ՛ք’ներով, այլ սրտերը յուզելով, կրթասիրական զգացումներու նուրբ թելերուն դպչելով» [53]:
1901 թ. յուլիսի 26-ով թուագրուող թղթակցութեան մէջ գոհունակութեամբ արձանագրւում էր, որ Դիարբեքիրի հայութիւնը «իր Ս. Կիրակոս եկեղեցւոյ ունեցած այսօրուան վարժարանին պէս բարեկարգ եւ կանոնաւոր վարժարան մը չէ տեսած և ոչ մէկ ատեն» [54]: Դրա հետ մէկտեղ, նշւում էր, որ վարժարանը կարիք ունի լրացուցիչ 40-50 ոսկեդրամի՝ «վարժարանին բարձրագոյն դասընթացքի վերջին դասարանը շարունակելու և կրթական գործը աւելի կանոնաւոր ուղղութեան մը վերածելու համար» [55]:
Նոյն թուականին վերաբերող մէկ այլ թղթակցութեան մէջ արձանագրւում էր Ս. Կիրակոսի թաղի իգական վարժարանի առաջընթացը, որը «շատերու յուսացածէն աւելի շօշափելի արդիւնք ցոյց տուաւ..., արդիւնք մը, որ բնաւ չէր տեսնուած նախորդ տարիներու մէջ» [56]: Դպրոցի շրջանաւարտ աշակերտուհիները աւարտական քննութիւններ էին յանձնում հայերէնից, կրօնագիտութիւնից, քերականութիւնից և առտնին տնտեսագիտութիւնից՝ առարկաներ, որոնք, ըստ թղթակցի, նրանց դասաւանդուել էին «մանկավարժական արդիւնաշատ եղանակով» [57]:
Հայկական վարժարանների շրջանաւարտների աւարտական վկայականների յանձնման արարողութիւնը կատարւում էր հանդիսաւոր եղանակով՝ թաղի եկեղեցում՝ թեմական առաջնորդի, համայնքի երևելիների և ժողովրդի, հայ բողոքական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների մասնակցութեամբ [58]:
Ս. Կիրակոսի թաղական դպրոցի համեմատ նուազ գոհացուցիչ էր Ս. Սարգսի թաղական երկսեռ վարժարանի վիճակը: 1895 թ. հոկտեմբերի 20-22-ի ջարդերի ժամանակ Ս. Սարգիս եկեղեցին մեծապէս տուժել՝ թալանուել և աւերուել էր, ինչի հետևանքով այն և նրան կից դպրոցը 1896 -1897 թթ. ընդհանրապէս փակ էին: 1898 թ. եկեղեցին և դպրոցը վերաբացուեցին, սակայն դպրոցի հոգաբարձութիւնն ի վիճակի չեղավ ճիշտ կազմակերպել կրթական հաստատութեան աշխատանքները, մասնաւորապէս՝ ապահովել այն որակեալ ուսուցիչներով, ինչի հետևանքով դիտուեց դպրոցից աշակերտների արտահոսք [59]:
Առաջնորդը, որը մտահոգ էր Ս. Սարգսի վարժարանի անմխիթար վիճակից, 1902 թ. հոկտեմբերին յանձնարարում է Ս. Կիրակոսի թաղական վարժարանի տնօրէն Պետրոս Սրապեանին ուսումնասիրել այնտեղ տիրող կացութիւնը և առաջարկութիւններ պատրաստել կրթական գործընթացի բարելաւման ուղղութեամբ: Համաձայն Պ. Սրապեանի տեղեկագրի՝ Ս. Սարգսի թաղական վարժարանն այդ ժամանակ ունէր 57 տղայ և 45 աղջիկ ուսանող, 3 ուսուցիչ և 2 ուսուցչուհի: Նկատուած խնդիրներից էին դասարանների բաժանումների, դասաւանդուող առարկաների՝ Պոլսոյ Կենտրոնական Ուսումնական խորհրդի ծրագրերին անհամապատասխանութիւնը, դասամատեանների անկանոն վիճակը, անպէտք դասագրքերի գործածութիւնը, ներքին հսկողութեան և կարգապահութեան կանոնների չպահելը և այլն [60]
Տիրող վիճակը բարելաւելու նպատակով Պ. Սրապեանն առաջարկում էր վարժարանում ուսանող բոլոր երեխաներին մանրամասն քննութեան ենթարկել և, ըստ քննութեան արդիւնքների, դասարանների նոր բաժանումներ կատարել, պատրաստել կրթական նոր ծրագիր, տալ աշակերտներին յարմար և դիւրուսոյց դասագրքեր, ուսուցիչների և աշակերտների համար աթոռներ, գրասեղաններ և այլ դպրոցական կահոյք պատրաստել, և, ամենակարևորը, հրաւիրել նոր՝ պարտաճանաչ ու կարող ուսուցիչներ և վարժուհիներ [61]: Ըստ երևոյթին, այս առաջարկների մեծ մասը ժամանակի ընթացքում կեանքի է կոչուել:
Նշուած ժամանակաշրջանում Դիարբեքիրի դպրոցների վիճակի վերաբերեալ արժէքաւոր տուեալներ է պարունակում Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի Ազգային կենտրոնական վարչութեան Ուսումնական խորհրդի կողմից 1901 թ. պատրաստուած գաւառական «ազգային»-համայնքային վարժարանների վիճակացոյցը: Ըստ փաստաթղթի տուեալների՝ Դիարբեքիր քաղաքում գործող Սուրբ Կիրակոս և Սուրբ Սարգիս եկեղեցիների թաղական երկսեռ դպրոցները միասին ունէին 884 աշակերտ (560 տղայ, 324 աղջիկ), դրանցում դասաւանդում էր 25 ուսուցիչ (16 տղամարդ, 9 կին) (աշակերտների թուի բաշխումն ըստ դպրոցների և այլ տուեալները տե՛ս յօդուածի ստորև համապատասխան բաժիններում) [62]: Ծանօթագրութեան կարգով հաղորդւում էր, որ Դիարբեքրիրի բողոքական և կաթոլիկ վարժարաններ էին յաճախում 190 հայազգի ուսանողներ (90 տղայ և 100 աղջիկ) [63]:
Դիարբեքիրի գաւառակի որևէ գիւղ կանոնաւոր գործող նախակրթարան չունէր, սակայն Առաջնորդարանը հետամուտ էր դրանցում մէկական վարժարան հաստատել [64]:
Կարևոր իրադարձութիւն էր Դիարբեքիրի կրթական կեանքում 1902 թ. աշնանը Առաջնորդարանի նախաձեռնութեամբ երիտասարդ արհեստաւորների համար կիրակնօրեայ վարժարանի վերաբացումը: Դասաւանդուող առարկաներն էին հայերէն, օսմաներէն գիր, ինչպէս նաև, ըստ հնարաւորութեան, ֆրանսերէն և անգլերէն լեզուները, կրօնը, թուաբանութիւնը, գիրն ու «բարոյախօսութիւնը»: Պարապմունքները անց էին կացւում Ս. Կիրակոս եկեղեցու թաղային երկսեռ վարժարանի շէնքում և բակում: Սկզբնապէս դպրոցի կազմակերպումը յանձնարարուած էր եկեղեցու քահանայ Տ. Գրիգոր Հաքիմեանին և Ս. Կիրակոսի թաղական վարժարանի չորս ուսուցիչներին, սակայն առաջին պարապմունքին ունկնդիր-ուսանողների մեծ հոսքը ստիպում է աշխատանքներին ներգրաւել վարժարանի հոգաբարձութեանն ու տնօրինութեանը [65]:
Կիրակնօրեայ վարժարանի պարապմունքներ էր յաճախում մօտ հարիւր երիտասարդ: Ուսուցումն անվճար էր. իւրաքանչիւր ուսանող իր կարողութեան չափով կամաւորութեան սկզբունքով վճարում էր մուտքի կամ շաբաթական վճար, որը հոգաբարձութիւնը պարտաւորուել էր ուղղել դպրոցի համար գրքերի ու լրագիրների գնմանը և գրադարանի ստեղծմանը [66]:
1900-ական թթ. սկզբներին են վերաբերւում Դիարբեքիրի գաւառակի առաւել խոշոր հայաբնակ գիւղերում տարրական դպրոցների բացման առաջին փորձերը: Այսպէս, 1901 թ. «կրթասէր բարերարի մը դրամական ձեռնատուութեամբ» վարժարան է հիմնադրւում Սաթի գիւղում (ըստ 1913 թ. տուեալների ունէր 70 տուն հայ բնակիչ), որը դառնում է «գիւղական համայնքին համար մեծ մխիթարութիւն» [67]: Այս և հետագայ տարիներին Դիարբեքիրի գաւառակի հայաբնակ բնակավայրերում դպրոցները գործում էին ոչ կանոնաւոր կերպով՝ պարբերաբար բացւում և փակւում էին՝ կախուած ֆինանսական միջոցների և ուսուցչի առկայութիւնից:
Դիարբեքիրի դպրոցները 1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ. Յառաջդիմական բարձրագույն վարժարան
«Դեռ շատ ընելիքներ կան՝ կրթապէս»
1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնը շօշափելի աշխուժութիւն է մտցնում Դիարբեքիրի հայկական հանրային կեանքի բոլոր բնագաւառներում, այդ թւում նաև կրթական ոլորտում:
Դիարբեքիրի հայերի կրթական կարևոր ձեռքբերում է դառնում 1909 թ. երկրորդական (միջնակարգ) բարձրագոյն վարժարանի բացումը: «Յառաջդիմական» անունը կրող այս կրթական հաստատութիւնը մասնաւոր էր, գործում էր օսմանեան կառավարութեան կրթութեան նախարարութեան արտօնագրով, հիմնադրուել էր «խումբ մը ձեռնհաս» ազգային գործիչների կողմից՝ դոկտոր Յովհաննէս Թէրզեանի [68]նախաձեռնութեամբ և գլխաւորութեամբ [69]:
Վարժարանը ունէր 8 դասարան, որից 6-ը ընթանում էին միջնակարգ դպրոցի կրթական ծրագրով, իսկ վերջին 2-ը զուտ մանկավարժական մասնագիտական ուղղութիւն ունէին, որի նպատակն էր Տիգրանակերտի «յետամնաց» գաւառին մատակարարել «պատրաստւած և ձեռնհաս» ուսուցիչներ [70]:
Վարժարանն իր անուանը համահունչ որդեգրել էր ուսուցման ժամանակակից մեթոդներ, այնտեղ դասաւանդում էին Կ. Պոլսից, Խարբերդից, Կարին/Էրզրումից, Այնթապից և անգամ Արևելեան Հայաստանից հրաւիրուած ուսուցիչներ (գրեթէ բոլորը՝ Հ.Յ. Դաշնակցութեան անդամներ), որոնցից իր տարիքի ու փորձառութեան շնորհիւ առաւել ազդեցիկն էր կովկասահայ Յարութիւն Գասբարեանը: Հասարակութեան, ծնողների և դպրոցի միջև համագործակցութիւնն ամրապնդելու նպատակով պարբերաբար անցկացւում էին մանկավարժական և ծնողական ժողովներ [71]:
Տեղացիների և դրսի համակիրների աջակցութեամբ, ժամանակի ընթացքում վարժարանը կարողանում է ձեռք բերել դպրոցական կահոյք, ստեղծել փոքրիկ, սակայն ընտիր գրքերից բաղկացած գրադարան: Դպրոցին օժանդակում էին նաև տեղական կրթական-«մշակութային» կազմակերպութիւնները, դրսում գտնուող դիարբեքիրցի հայերը, Արևմտեան Հայաստանի այլ շրջաններում ստեղծուած «համակիրների» խմբերը: Այսպէս, 1912 թ. սեպտեմբերի 30-ին Կարինում «Յառաջդիմականի» համակիրները նախաձեռնում են կինոդիտման միջոցառում («սինէմաթոգրաֆային ներկայացում»), որից գոյացած ամբողջ հասոյթը նախատեսւում էր ուղղել այդ կրթական հաստատութեան պէտքերին [72]:
«Յառաջդիմականը» մեծ ընդունելութիւն էր գտել դիարբեքիրցի հայերի շրջանում և, ժամանակակիցներից մէկի պատկերաւոր արտայայտութեամբ, «կը խոստանար ըլլալ նոր Սանասարեան [73] մը մեր գաւառի սրտին վրայ» [74]:
1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Դիարբեքիրում նոր թափ է հաւաքում կրթական-«մշակութային» ընկերութիւնների գործունէութիւնը: Այսպէս, 1908 թ. սեպտեմբերի 1-ին հիմնադրւում է Տիգրանակերտի Հայ Ուսումնասիրաց Ընկերութիւնը, որն իր հիմնական նպատակն է հռչակում «ամէն յարմար դատուած միջոցներով» քաղաքում և գաւառակի հայաբնակ գիւղերում ուսման և կրթութեան տարածումը («քաջալերել որևէ ձեռնարկ որ կրնայ սատարել ժողովուրդի բարոյական ու մտաւորական անհրաժեշտ զարգացման և յառաջադիմութեան – ...բանալ դպրոցներ առօրեայ (գիւղերուն մէջ), կիրակօրեայ և գիշերային, հիմնել մատենադարաններ, ընթերցատուններ, լսարաններ, կազմակերպել ներկայացումներ, տեղւոյն և պարագային յարմար») [75]: 1909 թ. Տիգրանակերտի հայ ուսումնասիրաց ընկերութեան «Դպրոցասիրաց» մասնախումբը «իր անդուլ ու եռանդուն ջանքերուն ու արհեստաւոր դասակարգերու աջակցութեան շնորհիւ» ստանձնում է 40 աղքատ աշակերտների ուսման վարձի վճարումը, ինչպէս նաև դպրոց է բացում Հայեղիկ գիւղում (1913 թ. տուեալներով ունէր 20 տուն հայ բնակչութիւն): Ընկերութիւնը նախատեսում էր դպրոցներ բացել գաւառակի այլ խոշոր հայաբնակ բնակավայրերում ևս [76]:
1908 թ. Ս. Սարգսի թաղի մէջ կազմւում է Երիտասարդաց միութիւն անունով կրթական-«մշակութային» ընկերութիւնը, որը նոյն տարում արդէն կազմակերպում էր Կիրակնօրեայ և երեկոյեան դասախօսութիւններ [77]:
1909 թ. Ս. Կիրակոսի թաղական Աղջկանց վարժարանին կից ստեղծւում է Հայուհեաց միութիւնը, որը ևս ապահովում է լսարան և սկսում է կազմակերպել կիրակնօրեայ դասախօսութիւններ [78]:
Նոյն ժամանակաշրջանում հիմնադրւում և եռանդուն գործունէութիւն են ծաւալում նաև Դիարբեքիրի հայ կաթոլիկ համայնքի Զարգասիրաց և հայ բողոքական համայնքի Կրթասիրաց ընկերութիւնները [79]:
1908 թ. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Դիարբեքիրում աշխուժանում են ուսանողական շարժումները: 1909 թ. Ս. Կիրակոսի թաղական վարժարանի բարձր՝ հինգերորդ և վեցերորդ դասարանների հայ ուսանողները ստեղծում են Ուսանողական միութիւն, որը տարբեր կրթական ծրագրեր է սկսում իրականացնել (դրանցից էր սեփական գրադարան-ընթերցարանի ստեղծումը, որը բաժանորդագրութեամբ տարբեր հայկական թերթեր էր ստանում) [80]: Միութեան անդամները նաև նախաձեռնում են խմորատիպ «Արաքս» թերթի հրատարակութիւնը [81]:
Ուսանողական միութեան միջոցով Ս. Կիրակոսի թաղական դպրոցի ուսանողները սկսում են նաև աւելի համարձակ առաջ քաշել տարբեր բնոյթի կրթական պահանջներ, դրանց հասնելու նպատակով կազմակերպել դասադուլներ և ցոյցեր [82]:
Ուսանողական միութեան գործունէութիւնը որոշակի անհանգստութեամբ է ընդունւում դպրոցների տնօրինութեան և Ուսումնական խորհրդի կողմից (1910 թ. սկզբներին դրա անդամներն էին Փիլիպպոս Արփիարեան (ատենապետ), Գուրգէն Պարսամեան (ատենադպիր), Պօղոս Դեղտարեան (գանձապետ), Յակոբ Քեաթիպեան, Յակոբ Ղազիկեան, Կիրակոս Ղազազ-Պեզազեան, Յովհաննէս Տաղլեան և Տիգրան Պէքճիպաշեան [83]), որը պահանջում է իր հաւանութեան ներկայացնել Ուսանողական միութեան ծրագրերը [84]:
1910 թ. յունուարին Տիգրանակերտի թեմի Առաջնորդական փոխանորդի պաշտօնն է ստանձնում Զաւէն ծայրագոյն վարդապետ Տէր-Եղիայեանը, որը քաղաք հասնելուց անմիջապէս յետոյ սկսում է կանոնաւոր այցելել «ազգային» վարժարանները, «լրջօրէն և մեթոտիկ կերպով» ծանօթանում և փորձում լուծումներ տալ դրանց ընթացիկ խնդիրներին, որոնցից առաջնահերթը դպրոցական նոր շէնքերի կառուցումն էր [85]:
Առաջնորդը նաև նախաձեռնում է Ս. Կիրակոսի եկեղեցու և վարժարանի մէջ հանրային հնչեղութիւն ունեցող տարբեր թեմաներով կանոնաւոր բանախօսութիւնների կազմակերպումը, երկուշաբթի օրերին՝ տղամարդկանց, չորեքշաբթի օրերին՝ կանանց համար: Կազմակերպւում են նաև կրթական-լուսաւորչական բնոյթի միջոցառումներ հրաւիրեալ հիւրերի մասնակցութեամբ: Այսպէս, 1910 թ. փետրուարի 21-ին Ս. Կիրակոս եկեղեցու մէջ բանախօսութիւններով են հանդէս գալիս Զաւէն Տէր-Եղիայեանը և ՀՅԴ անդամ, ուսուցիչ Ֆէրիտ Ճէմիլը (Տիգրան Ամսէեան)՝ «նիւթ ունենալով դպրոցներու կարեւորութիւնն և անոնց յառաջացման անհրաժեշտութիւնը» [86]:
Զաւէն Տէր-Եղիայեանի վերոնշեալ կրթական ձեռնարկները թոյլ էին տալիս դրանց մասին թղթակցող Լեւոն Սրապեանին բնութագրել նորանշանակ առաջնորդին որպէս «վարչագէտ և գործունեայ,... առանց սնամէջ ցոյցերու» անձնաւորութիւն, «որ դեռ շատ պիտի կրնայ բարձրանալ ու բարձրացնել գործերը» [87]:
Բացի նոր դպրոցական շէնքերի կառուցումից, ըստ Լեւոն Սրապեանի, Դիարբեքիրի հայկական կրթական կեանքում 1910 թ. դրութեամբ լուծում պահանջող այլ գլխաւոր հարցերն էին երկսեռ մանկապարտէզի բացումը, կրթական ծրագրերում նոր առարկաների ընդգրկումը, վարժարանների համար աւելի կարող տնօրէնների նշանակումը [88]:
Մէկ այլ թղթակցութեան մէջ Լեւոն Սրապեանը կարևորում էր վարժարանների ներքին կանոնագրերի ընդունումը, որտեղ պէտք է ճշտուած լինէին «ուսանողաց, ուսուցչաց, հոգաբարձութեան, ուսումն[ական] խորհրդոյ և ժողովրդի՝ կրթ[ական] փոխադարձ յարաբերութեան և իրաւասութեան սահմանները», ինչպէս նաև կրթական-ուսումնական ծրագրի կազմումը, ուր պէտք է սահմանուէին դասաւանդուող առարկաների քանակն ու որակը՝ «մէթոտի միօրինակ համընթացութեամբ» [89]:
Հայոց ցեղասպանութեան նախօրեակին Դիարբեքիրի կրթական կեանքի առաջընթացի մասին վկայում են Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի 1913 թ. վիճակացոյցի տուեալները, համաձայն որոնց Դիարբեքիրի գաւառակում կար 11 համայնքային-«ազգային» վարժարան, որից 9-ը՝ արական, 2-ը՝ իգական: Դպրոցների բաշխումն ըստ բնակավայրերի չի տրւում, սակայն կարելի է ենթադրել, որ դրանցից 4-ը (2 արական և 2 իգական)՝ Դիարբեքիր քաղաքի Ս. Կիրակոսի և Ս. Սարգսի թաղական երկսեռ վարժարաններն էին, և մնացած 7-ը՝ գաւառակի առաւել խոշոր հայաբնակ բնակավայրերում հաստատուած արական նախակրթարաններ: Աշակերտների ընդհանուր թիւը 1300 էր (ըստ սեռերի աշակերտների թիւը չի հաղորդւում) [90]: Յիշեցնենք, որ ըստ 1901 թ. վիճակացոյցի տուեալների՝ համայնքային-«ազգային» վարժարաններ էին գործում միայն Դիարբեքիր քաղաքում (Ս. Կիրակոսի և Ս. Սարգսի թաղական երկսեռ վարժարանները)՝ 884 աշակերտներով:
Ինչպէս Արևմտեան Հայաստանի այլ շրջաններում, այնպէս էլ Դիարբեքիրում հայկական հանրակրթութեան հետագայ զարգացմանը վերջ է դնում Հայոց ցեղասպանութիւնը: Դիարբեքիրի հայութեան հետ միասին բնաջնջւում է նաև տեղացի հայ մտաւորականութիւնը. Եղեռնին զոհ են գնում Դիարբեքիր քաղաքում գործող հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական դպրոցներում դասաւանդող 48 ուսուցիչ-ուսուցչուհիներ[91], որից Սուրբ Կիրակոս և Սուրբ Սարգսի եկեղեցիների թաղական վարժարանների մօտ 30 դասատուներ [92]:
Ս. Կիրակոսի թաղական երկսեռ վարժարան
Ս. Կիրակոսի թաղական երկսեռ վարժարանի մասին մեզ յայտնի առաջին վկայութիւնները վերաբերում են 1850-ական թթ.:
Ըստ 1879 թ. ապրիլի 13-ին կազմուած «Վիճակ Ազգ[ային]. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի» վերտառութեամբ տեղեկագրի տուեալների՝ Ս. Կիրակոսի թաղի ծաղկոց էր յաճախում 160 երեխայ, դասաւանդում էր մէկ ուսուցիչ՝ Թովմաս աղա Տօղրամաճեանը (14 տարի): Արական վարժարանում ուսում էր ստանում 24 աշակերտ, մայրենի լեզու էր դասաւանդում Կարապետ Պասմաճեանը (4 տարի) [93]: Իգական վարժարանի աշակերտուհիների թիւը 150 էր: Դասաւանդւում էր մայրենի լեզու, ձեռագործ և ասեղնագործութիւն [94]: Այսպիսով, Ս. Կիրակոսի թաղական երկսեռ վարժարանում 1879 թ. ուսում ստացող տղաների և աղջիկների ընդհանուր թիւը 334 էր:
1886 թ. սկզբների տուեալներով՝ Ս. Կիրակոսի թաղական վարժարանի արական բաժնի ծաղկոց էր յաճախում մօտ 200 տղայ, նախակրթարան՝ մօտ 70 տղայ. թաղական իգական վարժարանի աշակերտուհիների թիւը մօտ 100 էր [95], ընդամէնը՝ 370 տղայ և աղջիկ:
Ըստ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի Ազգային կենտրոնական վարչութեան Ուսումնական խորհրդի 1901 թ. պատրաստուած վիճակացոյցի տուեալների՝ Սուրբ Կիրակոսի թաղական երկսեռ դպրոցում ուսուցումը վեցամեայ էր («Զ դասընթացք», ըստ ուսուցման հերթականութեան՝ ծաղկոցային և պատրաստական կարգեր, մանկարանների և կրթարանների կարգեր, բարձրագոյն կարգ), 1900-1901 թթ. ուսումնական տարում դպրոցում սովորում էր 754 երեխայ (480 տղայ, 274 աղջիկ), դասաւանդում էր 20 ուսուցիչ (13 տղամարդ, 7 կին): Դպրոցի ամսական ծախսերը կազմում էին 2900 ղուրուշ. գումարը գոյանում էր թաղային խորհրդի բիւջէից (608,5 ղուրուշ), աշակերտների ուսման վարձերից (1425 ղուրուշ) և զանազան նպաստներից ու նուիրատւութիւններից (866,5 ղուրուշ) [96]: Հետաքրքիր է, որ վարժարանի՝ օսմաներէն գիրը դասաւանդող ուսուցչի տարեկան վարձը (1800 ղուրուշ) վճարւում էր օսմանեան տեղական իշխանութիւնների կողմից [97]:
1906-1908 թթ. Դիարբեքիրի Ս. Սարգսի, ապա Ս. Կիրակոսի թաղական դպրոցներում ուսուցչութիւն էր անում՝ հայրենի աշխարհագրութիւն և ընդհանուր պատմութիւն էր դասաւանդում երիտասարդ Կարօ Սասունին (անուանի մտաւորական գործիչը 1906 թ. նոր էր բոլորել 17 տարեկանը), որն իր յուշերում հաղորդում է, որ այդ ժամանակ Ս. Կիրակոսի թաղական վարժարանն ունէր 1200 աշակերտ: Ս. Կիրակոսի դպրոցում դասաւանդում էին 36 ուսուցիչ-ուսուցչուհիներ, դպրոցն ունէր նաև մեծ գրադարան՝ մօտ 6000 կտոր գրքերով: Կ. Սասունու՝ որպէս ուսուցչի ռոճիկը կազմում էր ամսական մէկ օսմանեան ոսկեդրամ, ինչ որ «բաւարար էր մէկ անհատի լավ ապրուստին» [98]:
Ս. Սարգսի թաղական երկսեռ վարժարան
Ս. Սարգսի թաղական վարժարանի գործունէութեան մասին մեզ հասու առաջին վկայությունները վերաբերւում են 1870-ական թթ.: Ըստ 1879 թ. ապրիլի 13-ին տեղեկագրի տուեալների՝ Ս. Սարգսի թաղական վարժարան էր յաճախում էր 24 երեխայ: Դասատուն Տիգրան Վարժապետեանն էր, որը ուսուցանում էր մայրենի լեզու, Հայոց պատմութիւն, ինչպէս նաև օսմաներէն գիր [99]:
1886 թ. սկզբների տուեալներով՝ Ս. Սարգսի թաղական վարժարանն արդէն ունէր ծաղկոցի, ինչպէս նաև արական և իգական բաժիններ, որոնք յաճախում էր շուրջ 200 երեխայ: Ծաղկոցի աշակերտների թիւը մօտ 100 էր, արական վարժարանում սովորում էր 40 երեխայ, իսկ իգական վարժարանն ունէր մօտ 60 աշակերտուհի [100]: 1885-1888 թթ. Ս. Սարգսի թաղական վարժարանի տնօրէնն էր Դիարբեքիր վերադարձած Թովմաս Զաւզաւաթճեանը: Ժամանակակիցներից մէկի վկայութեամբ՝ նա վարժարանին «գերազանցութեան դրոշմ տուաւ, աստիճան մը ստուերած բերելով Ս. Կիրակոսի վարժարանին, եւ անոր կարեւոր աշակերտները իրեն մագնիսեց» [101]:
Ըստ 1901 թ. վիճակացոյցի տուեալների՝ Սուրբ Սարգիս եկեղեցու թաղական երկսեռ դպրոցում ուսուցումը չորսամեայ էր («Դ դասընթացք»), աշակերտների թիւը՝ 130 (80 տղայ, 50 աղջիկ), ուսուցիչների թիւը՝ 5 (3 տղամարդ և 2 կին): Դպրոցի ամսական ծախսերը կազմում էին 400 ղուրուշ, որից 309 ղուրուշը յատկացւում էր թաղային բիւջէից, 83-ը՝ ուսման վարձերից, 8-ը՝ նպաստներից ու նուիրատւութիւններից [102]:
Ըստ 1906-1908 թթ. Դիարբեքիրի Ս. Սարգսի, ապա Ս. Կիրակոսի թաղական դպրոցներում ուսուցչութիւն արած Կարօ Սասունու տուեալների՝ Ս. Սարգսի թաղական դպրոցն ունէր 350 երկսեռ աշակերտ Ս. Սարգսի թաղական դպրոցի տնօրէնն էր տեղական երևելի մտաւորական-գրող Յակոբ Փափազեանը [103]:
Հայրենասէր (Հայրենասիրաց) ընկերութեան երկսեռ վարժարան
Հայրենասիրացի վարժարանը հիմնադրուել էր 1865 թ.՝ Հայրենասէր ընկերութեան անդամներ՝ Թովմաս Զաւզաւաթճեանի և տեղացի այլ «ուսումնասէր» անձանց ջանքերով: Իր ստեղծման տարում վարժարանն ունէր 40 ուսանող: Ինքը՝ Զաւզաւաթճեանը դպրոցում դասաւանդում էր հայերէն՝ «նորագոյն մեթոտներով»: Բացի նրանից, դպրոցում ուսուցչութիւն էին անում սեբաստացի Սիմէօն Հեքիմեանը (հայերէն և ֆրանսերէն լեզուներ) և չմշկածագցի Պետրոս տիրացու Ադամեանը [104]:
1872 թ. սկզբներին վարժարանը փակւում, իսկ 1874 թ. աշնանը՝ վերաբացւում է (մանրամասն տե՛ս յօդուածի համապատասխան բաժինը): 1879 թ. ապրիլի տուեալներով այն ունէր 25 աշակերտ և երեք ուսուցիչ՝ Թովմաս Զաւզաւաթճեան (դասաւանդում էր հայերէն), Պետրոս Ճեռահեան (ֆրանսերէն) և Կարապետ Խանտանեան (օսմաներէն գիր): Դպրոցն ունէր գրադարան՝ 100 կտոր գրքով [105]:
1886 թ. սկզբների տուեալներով՝ Հայրենասէր ընկերութեան վարժարանում սովորում էր մօտ 40 երեխայ [106]: Վարժարանի դասերն անց էին կացւում Ս. Կիրակոս եկեղեցու թաղական վարժարանի շէնքում [107]:
Հայրենասիրաց վարժարանի հետագայ գործունէութեան մասին մեզ հասու աղբիւրներում տուեալներ չկան:
Անձնուէր ընկերութեան վարժարան
Անձնուէր ընկերութեան Դիարբեքիրի մասնաճիւղը հիմնադրուել է 1868 թուականին՝ տեղացի երևելի կրթական գործիչ, մանկավարժ Մկրտիչ Էքմէքճեանի ջանքերով: Նոյն թուականին ստեղծուել է նաև ընկերութեան վարժարանը և տեղացի արհեստաւորների համար նախատեսուած անվճար կիրակնօրեայ դպրոցը: Վարժարանում և կիրակնօրեայ դպրոցում ուսանողների ընդհանուր թիւը 70 էր, ուսուցիչների թիւը՝ 12 [108]:
Անձնուէր ընկերութեան վարժարանի պարապմունքներն անց էին կացւում Ս. Սարգիս եկեղեցու թաղական դպրոցի շէնքում [109]:
Ըստ 1879 թ. ապրիլի 13-ին կազմուած տեղեկագրի տուեալների՝ Անձնուէր ընկերութեան վարժարանում սովորում էր 30 երեխայ՝ մանկավարժ-տնօրէն Գրիգոր Հեքիմեանի ղեկավարութեամբ: Արհեստաւորների կիրակնօրեայ դպրոց էր յաճախում մօտ 50 մարդ: Պարապմունքների ընթացքում ներկայացւում էին տարբեր «ազգային» թեմաներով դասախօսութիւններ՝ «հասարակութեան միտքը մշակել և կրթելու» նպատակով: Ընկերութեան այլ ձեռնարկներից էր 400 գրքով «Սրբազան Թարգմանչաց» անուամբ գրադարանի հաստատումը [110]:
1886 թ. սկզբների տուեալներով Անձնուէր ընկերութեան վարժարանում սովորում էր 20 երեխայ [111]:
Անձնուէր ընկերութեան վարժարանի հետագայ գործունէության մասին մեզ հասու աղբիւրներում տուեալներ չկան:
Մեսրոպեան ընկերութեան վարժարան
Մեսրոպեան ընկերութիւնը ստեղծուել էր 1877 թ. Ս. Սարգիս եկեղեցու թաղի որոշ երևելիների կողմից՝ նոյն թաղի մեջ մասնաւոր վարժարան բացելու նպատակով: 1879 թ. ապրիլին վերաբերող տուեալներով Մեսրոպեան ընկերութեան վարժարանն ունէր 30 աշակերտ: Աշխատանք էր տարւում այս կրթական հաստատութիւնն աւելի առաջադիմելու ուղղութեամբ [112]:
Վարժարանի պարապմունքներն անց էին կացւում Ս. Սարգիս եկեղեցու թաղական դպրոցի շէնքում [113]:
Մեսրոպեան ընկերութեան վարժարանի գործունէութեան մասին այլ տուեալներ մեզ հասու աղբիւրներում չեն պահպանուել:
Դիարբեքիրի բողոքական դպրոցները
Դիարբեքիրում աւետարանական եկեղեցի է հաստատուել 1851 թ. ամերիկացի միսիոներներ Ազարիա Սմիթի, Ջորջ և Սիւզան Դանմոր ամուսինների կողմից [114]: Նոյն ժամանակաշրջանում բողոքական աղօթատանը կից բացուել է դպրոց, որը սկսել են յաճախել բողոքականութիւն ընդունած տեղացի հայերի երեխաները: 1860-ական թթ. սկզբներին գործում էր նաև բողոքական կիրակնօրեայ դպրոց, որի ունկնդիրների թիւը 1862 թ. 284 էր, իսկ 1865 թ.՝ արդէն 339 [115]:
Ըստ Վ. Քուինէի տուեալների՝ 1890-ական թթ. սկզբներին Դիարբեքիրում գործում էր երեք բողոքական դպրոց, որից երկուսը՝ արական, մէկը՝ իգական: Արական վարժարաններում ուսում էր ստանում 100 տղայ և դասաւանդում էր 6 ուսուցիչ: Իգական վարժարանն ունէր 50 աշակերտուհի և 3 դասատու: Բողոքական հայերի դպրոցները պատկանում էին Ամերիկեան միսիոներական առաքելութեանը: Դրանց կրթական ծրագրերը յարմարեցուած էին տարրական ուսուցման համար նախատեսուած տեղական սահմանափակ պայմաններին: Ուսուցիչների կրթական մակարդակը բարձր չէր: Ուսուցումն իրականացւում էր հայերէն, թուրքերէն և անգլերէն լեզուներով [116]:
Բացի վերոնշեալ դպրոցներից, որպէս Դիարբեքիրում գործող բողոքական կրթական հաստատութիւն յիշատակւում է 1882 հիմնադրուած Աղջկանց գիշերօթիկ բարձր վարժարանը [117]:
1903 թ. տուեալներով բողոքական վարժարանում դասաւանդում էր չորս ուսուցիչ, որոնցից Այնթապի Ամերիկեան քոլէջի շրջանաւարտ Յարութիւն Տիքիճեանը՝ որպէս աւագ ուսուցիչ [118]:
Դիարբեքիրի կաթոլիկ հայկական դպրոցը
Ըստ Վ. Քուինէի 1890-ական թթ. սկզբներին վերաբերող տուեալների՝ կաթոլիկադաւան հայերը ունէին միայն մէկ փոքր արական դպրոց, որտեղ սովորում էր 40 երեխայ և դասաւանդում էր մէկ ուսուցիչ: Չգոհանալով այս դպրոցում մատուցուող կրթութեան որակից և մակարդակից՝ կաթոլիկ հայերի ընտանիքների մեծ մասն իրենց երեխաներին ուղարկում էր տեղում գործող Լատինական կաթոլիկ դպրոցներ: Դրանցից մէկը կազմակերպել էին Կապուցին վանական միաբանութեանը պատկանող իտալացի երկու հայրեր, և այնտեղ հայերէն, թուրքերէն և իտալերէն լեզուներով բաւականին հիմնաւոր տարրական կրթութիւն էր տրւում: Երկրորդ դպրոցը վարւում էր ֆրանցիսկեան միաբանութեան անդամ չորս քոյրերի կողմից, և այնտեղ դասաւանդւում էր հայերէն, թուրքերէն և ֆրանսերէն լեզուներով: Այս դպրոցներն ընդունում էին ոչ միայն հայ կաթոլիկ, այլ նաև այլ յարանուանութիւններին և ազգութիւններին պատկանող ընտանիքներից երեխաների [119]:
1903 թ. տուեալներով կաթոլիկ վարժարանում դասաւանդում էր մէկ ուսուցիչ: Սակայն կաթոլիկ համայնքը, «կանոնաւոր վարժարանի մը գոյութիւնը անհրաժեշտ համարելով», ծրագրում էր ընդլայնել գործող դպրոցը և դրա համար արդէն իսկ ապահովել էր մօտ 100 օսմանեան ոսկեդրամ տարեկան բիւջէ [120]:
- [1] Խուդանեան Հ. Հ., «Հնագոյն Աղձնիքի տեղագրութեան և տնտեսութեան մասին», Լրաբեր Հասարակական Գիտութիւնների,2014, № 2, էջ 62:
- [2] Այսպէս, XI-XII դարերի հայ ժամանակագիր Մատթէոս Ուռհայեցին, պատմելով բիւզանդացի զօրավար Մլեհ-Դեմեսլիկոսի՝ 927-928 թթ. դէպի Արաբական խալիֆայութեան տիրոյթներ կատարած արշաւանքի մասին, յիշատակում է, որ նա յարձակուել է նաև Տգլատ (Տիգրիս) գետի վրայ կառուցուած Տիգրանակերտ քաղաքի վրայ, որը Ամիթ է կոչւում (տե՛ս Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Երևան, 1973, էջ 10): Միջնադարի հայ պատմիչները, հետևելով պատմահայր Մովսես Խորենացուն, Տիգրանակերտի կառուցումը վերագրում էին մ.թ.ա. VI դարում իշխած Տիգրան Հայկազունուն):
- [3] Երուանդ Քասունի, Ամիդ (Տիարպէքիր) Տիգրանակերտ (Ֆարղին) շփոթը հայ պատմագրութեան մեջ, Պեյրութ, 1968, էջ 34:
- [4] Թ.Խ. Յակոբեան, Ստ. Տ. Մելիք-Բախշեան, Հ.Խ. Բարսեղեան, Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան,հատոր 2, Երևան, Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, 1988, էջ 100:
- [5] Suavi Aydın and Jelle Verheij, “Confusion in the Cauldron: Some Notes on Ethno-Religious Groups, Local Powers and the Ottoman State in Diyarbekir Province, 1800–1870” in Social Relations in Ottoman Diyarbekir, 1870–1915, Edited by Joost Jongerden and Jelle Verheij, Leiden-Boston, BRILL, 2012, էջ 21:
- [6] Raymond H. Kevorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du Génocide, Paris, ARHIS, 1992, էջ 59, 397- 398; Թէոդիկ, Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին 1915 աղետալի տարին, Նիւ Եորք, 1985, էջ 264-265:
- [7] Վիճակացոյց Տիգրանակերտի թեմին, 1913 (ՀԲԸՄ Փարիզի Նուպարեան գրադարանի արխիւ, ABC/BNu, DOR 3/2, f. 47):
- [8] Թէոդիկ, Գողգոթա, էջ 264:
- [9] Գեղամ Մ. Բադալեան, «Արևմտեան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ Եղեռնի նախօրէին: Մաս 9: Դիարբեքիրի վիլայէթի Դիարբեքիրի սանջակը եւ Մարդինի ու Ջեզիրէի գաւառները», Վէմ համահայկական հանդէս, ԺԲ(ԺԸ) տարի, թիւ 1 (69), յունուար-մարտ, 2020, էջ 159:
- [10] Թէոդիկ, Գողգոթա, էջ 264:
- [11] Յակոբեան, Մելիք-Բախշեան, Բարսեղեան, Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, էջ 101:
- [12] Մաղաքիա արք. Օրմանեան, Հայոց եկեղեցին եւ իր պատմութիւնը, վարդապետութիւնը, վարչութիւնը, բարեկարգութիւնը, արարողութիւնը, գրականութիւնը, ու ներկայ կացութիւնը, Կոստանդնուպոլիս, 1911, էջ 263:
- [13] Յակոբեան, Մելիք-Բախշեան, Բարսեղեան, Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, էջ 101:
- [14] Ս. Կիրակոսի հայաբնակ թաղերն էին Ֆաթթէհ փաշա, Գարիպ գասթալ, Խանչափակ, Շէյխ-Մաթար, Կեավուր մէյտան, Հոռմնուց, Չրիք (վերի և վարի), Փուս քուչայ, Չարտըխլի, Բարձր Ֆուրճի քուչայ, Արպատաշ, Ալիպարտաղ և այլն: Ս. Սարգսի հայկական թաղերն էին՝ Փուս գուչա, Մարհապպա գլոխ, Շէյթան պազարի, Կեավուր գուչասի, Մարգօզմա, Տավա գալտըրան, Լէլէպէկ, Պէքիր փաշա, Սինէկ պազարի եւ Լուլանիրէ (Քաղքըցի, «Երանելի օրեր», Տիգրիս (տարեգիրք), Հրատարակութիւն Տիգրանակերտի Հայրենակցական ընկերութեան, Հալէպ, տպ. «Տիգրիս» Վարդգէս Գրիգորեան, 1946, էջ 34):
- [15] Թ. Ազատեան, Հարիւրամեայ յոբելեան Պէզճեան մայր վարժարանի: Գում Գաբու: 1830-1930, Կ. Պոլիս, 1930, էջ 14:
- [16] Օսմանեան կառավարութեան կողմից հաստատուել է 1863 թ.:
- [17] Արևմտահայ հանրային կեանքում հասարակական հիմունքներով գործող և տարբեր հանրօգուտ նպատակներ հետապնդող կազմակերպութիւնները անուանւում էին «մշակութային»:
- [18] Ազգային Սահմանադրութիւն հայոց: Հաստատեալ 1863 եւ վերաքննեալ, Գահիրէ, տպագր. «Արշալոյս» լրագրի, 1901, էջ 33:
- [19] Նոյն, էջ 41-42:
- [20] Լեւոն Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան,Ա. Հատոր. 1850-1878, Պէյրութ, 1972, էջ 525-526:
- [21] «Մասիս» լրագիր քաղաքական, ազգային, բանասիրական եւ տնտեսական, Կ. Պոլիս, 25 ապրիլ, 1857:
- [22] Նոյն:
- [23] Տիգրան Մկունդ, Ամիտայի արձագանգներ, Նիւ Ճէրզի, ԱՄՆ, 1950, էջ 322:
- [24] Նոյն:
- [25] «Վիճակ Ազգ. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի», Թէրճէմանը էֆքեար, Կ. Պոլիս, 1879, մայիս 7:
- [26] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 158:
- [27] Նոյն, էջ 159:
- [28] Նոյն, էջ 160; Եղիշէ Կ. Տէպաղեան, «Թովմաս Պ. Զաւզաւաթճեան (Մխիթար Ամթեցի) (1842-1911)», Նոր Տիգրանակերտ, ազգագրական, տեղագրական, պատմական եւ գրական երկամսեայ պարբերաթերթ, Նիւ Յորք, 1939, ապրիլ, թիւ 3, էջ 6:
- [29] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 160:
- [30] Նոյն, էջ 314; Արմենիա, լրագիր ազգային, քաղաքական եւ այլն, Մարսէյլ, 1894, հոկտեմբեր 3:
- [31] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 161:
- [32] 1860-1870-ական թթ. օսմանեան իշխանութիւնները Դիարբեքիր են աքսորել բազմաթիւ բուլղար ազգային-ազատագրական գործիչների, ուստի տեղացի հայերը քաջածանոթ էին նրանց գործունէութեանը (Овнанян С.В., «Из истории армяно-болгарской дружбы», Պատմա-բանասիրական հանդես, 1967, 2-3, էջ 303-313):
- [33] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 161:
- [34] Նոյն, էջ 165:
- [35] Թէրճէմանը էֆքեար, 1879, մայիս 7:
- [36] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 165:
- [37] Սրվանձտեանցը Արևմտեան Հայաստան էին ուղարկուել տեղում արևմտահայութեան վիճակն ուսումնասիրելու, տարբեր տեղեկութիւններ, նաև ազգաբնակչութեան թուաքանակի վերաբերեալ վիճակագրական տուեալներ հաւաքելու առաքելութեամբ (մանրամասն տե՛ս Ռոբերտ Թաթոյան, Արևմտահայութեան թուաքանակի հարցը 1878-1914 թուականներին, Երևան, ՀՑԹԻ, 2015, էջ 81; Էմմա Կոստանդեան, Գարեգին Սրվանձտեանց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979, էջ 117):
- [38] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 165-167: Միջադէպի նկարագրութիւնը Գարեգին Սրուանձտեանցի տեսանկիւնից տե՛ս Գ.վ. Սրուանձտեանց, Թորոս Աղբար, մասն Բ., Կ. Պոլիս, 1885, էջ 218-220: Արժանայիշատակ է, որ հետագայում, երբ 1883 թ. Փիլիպպոս եպիսկոպոսը նշանակւում է Բաղդադի թեմի առաջնորդ, նա թեմական վարժարանը վերաբացելուց յետոյ այնտեղ ուսուցիչ է հրաւիրում Թովմաս Զաւզաւաթճեանին (տե՛ս Տէպաղեան, «Թովմաս Պ. Զաւզաւաթճեան», էջ 7):
- [39] Դիարբեքիրի առաջնորդների ցուցակը կազմուել է մեր կողմից ըստ հետևեալ աղբիւրներում առկայ առանձին տեղեկութիւնների՝ Արմէնիա, լրագիր ազգային, քաղաքական, առեւտրական և այլն, Մարսէյլ, 1885, օգոստոս 12, թիւ 3, էջ 2; Արմէնիա, 1886, մայիս 29, թիւ 81, էջ 2; Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 202:
- [40] Մարկոս Նաթանեան, «Տիգրանակերտ կամ Ամիդ», Մասիս, շաբաթաթերթ ազգային եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1885, մայիս 4, թիւ 3768, էջ 970:
- [41] Արմէնիա, լրագիր ազգային, քաղաքական, առեւտրական և այլն, Մարսէյլ, 1886, յունվար 6, թիւ 42, էջ 2:
- [42] Արմէնիա, 1886, յունվար 6, թիւ 42:
- [43] Նոյն:
- [44] Vital Cuinet, La Turquie d’Asie, vol. 2, Paris, 1891, էջ 455:
- [45] Նոյն, էջ 457:
- [46] Պաշտօնը ստանձնելու թուականը տե՛ս Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 203: Պաշտօնավարման տևողութեան համար հիմք ենք ընդունել «Ընդարձակ օրացոյց Ս .Փրկչեան հիւանդանոցի Հայոց»ի տարբեր տարիների թողարկումների տուեալները:
- [47] Տիգրանակերտցի մը, «Տեղեկագիր Տիգրանակերտէն», Արմէնիա, լրագիր ազգային, քաղաքական եւ այլն, Մարսէյլ, ԺԱ տարի, թիւ 56, 1896, փետրուար 15:
- [48] Յակոբ Պ. Փափազեան, «Կրթական գործը Տիարպէքիրի մէջ», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1902, իւլիս 4/17, թիւ 4989:
- [49] Նոյն: Կարապետ Տէր-Պօղոսեանի գլխաւորութեամբ հոգաբարձութիւնը գործել է մինչև 1902 թ. ամառը (տե՛ս Կրթասէր մը, «Տիարպէքիրի կրթական գործը», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1903, իւլիս 3/16, թիւ 5297): Մէկ այլ տեղ Կարապետ Տէր-Պօղոսեանը բնութագրւում էր որպէս գործի մարդ, որը «առեւտրական բազմազբաղ գործառնութիւններուն մէջ ընկղմած ըլլալով հանդերձ՝ խորապէս ըմբռնած է ուսման եւ դաստիարակութեան գերակշիռ կարեւորութիւնը.... իր ժամերէն կարեւոր մաս մը միշտ յատկացուցած է կրթական գործին բեղմնաւորման: Խօսելով, խորհրդակցելով, դիմելով ասոր-անոր՝ եւ շատ հեզ առանձին աշխատելով: Ինքն ալ մէկն է այն խումբ մը անվհատ անձերէն, որոնք ամբողջ քաղաքի մը կրթական անկումը կասեցրեցին, եւ վարժարաններու հիմնական կազմակերպումին ձեռնարկելու գովելի գաղափարը յղացան» (Լեւոն Սրապեան, «Գաւառի ուշագրաւ դէմքեր», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1903, մարտ 6/19, թիւ 5197):
- [50] Փափազեան, «Կրթական գործը Տիարպէքիրի մէջ», Արեւելք, 1902, թիւ 4989:
- [51] Նոյն:
- [52] Մ. Դանիէլեան, «Տիարպէքիրի գործեր», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1900, նոյեմբեր 29 (դեկտեմբեր 12), թիւ 4494:
- [53] Նոյն:
- [54] Շարուր, «Տիարպէքիրի վարժարանները», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1901, օգոստոս 30 (սեպտեմբեր 12), թիւ 4727:
- [55] Նոյն:
- [56] Փէլակ, «Անդրանիկ շրջանաւարտներ Տիարպէքիրի վարժարանէն», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1901, օգոստոս 21 (սեպտեմբեր 3), թիւ 4719:
- [57] Նոյն:
- [58] Ս. Կիրակոսի թաղական վարժարանի 1901-1902 թթ. ուսումնական տարեշրջանի շրջանաւարտների աւարտական վկայականների յանձնման հանդէսի նկարագրութիւնը տե՛ս Յակոբ Փափազեան, «Կրթական հանդէս Տիարպէքիրի մէջ», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1902, օգոստոս 6 (19), թիւ 5017:
- [59] Յակոբ Փափազեան, «Կրթական եւ եկեղեցական գործը Տիարպէքիրի մէջ», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1902, սեպտեմբեր 18 (հոկտեմբեր 1), թիւ 5054:
- [60] Յակոբ Պ. Փափազեան, «Կրթական գործը Տիարպէքիրի մէջ», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1902, նոյեմբեր 1 (14), թիւ 5092:
- [61] Նոյն:
- [62] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ ուսումնական խորհրդոյ ազգային կենդրոնական վարչութեան։ Տետր Ա. Վիճակ 1901 տարւոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1901, էջ 17:
- [63] Նոյն:
- [64] Նոյն:
- [65] Յակոբ Պ. Փափազեան, «Կիրակնօրեայ վարժարան Տիարպէքիրի մէջ», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական,Կ. Պոլիս, 1902, 17/30 հոկտեմբեր, թիւ 5079:
- [66] Նոյն:
- [67] Յակոբ Փափազեան, «Կրթական գործը Տիարպէքիրի թեմերուն մէջ», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական, Կ. Պոլիս, 1902, 3/16 օգոստոս, թիւ 5015:
- [68] Յովհաննէս Թերզեանը (1883-1915) մասնագիտութեամբ բժիշկ էր, ՀՅԴ անդամ։ Ծնունդով Դիարբեքիրից էր, նախնական կրթութիւնն ստացել էր Սբ. Կիրակոս եկեղեցու թաղական վարժարանում, այնուհետև շարունակել ուսումը Խարբերդի Եփրատ քոլէջում և Բեյրութի ամերիկեան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու ժամանակ՝ 1905 թ. ընդունուել է ՀՅԴ շարքերը։ 1910 թուականին վերադարձել է Դիարբեքիր և բժիշկ աշխատել։ Այստեղ ևս աշխոյժ մասնակցութիւն է ունեցել ազգային-հասարակական կեանքին, եղել ՀՅԴ Տիգրանակերտի կենտրոնական կոմիտէի անդամ։ 1912-13 թթ. օսմանեան բանակի կազմում մասնակցել է Բալկանեան պատերազմին։ 1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմն սկսուելուն պէս զորակոչուել է օսմանեան բանակ և որպէս գնդապետի կոչումով զինուորական բժիշկ ծառայել Երզնկայի Ազիզիէ հիւանդանոցում։ Սպանուել է 1915 թ. յուլիսին (Յովհաննէս Թերզեանի մասին մանրամասն տե՛ս Նորա Բարսեղեան, «Պատառիկներ` Տիգրանակերտցի Թերզեան ընտանիքի պատմութենէն ու հպարտութենէն» առցանց յօդուածը http://archive.aztagdaily.com/archives/72809 ):
- [69] Յ.Գ., «Տիգրանակերտի «Յառաջդիմական վարժարանը», Յառաջ, Հասարակական, տնտեսական, քաղաքական եւ գրական թերթ, Կարին, 1912, սեպտեմբեր 29, թիւ 107:
- [70] Նոյն:
- [71] Յ.Գ., «Տիգրանակերտի «Յառաջդիմական վարժարանը», Յառաջ, 1912, սեպտեմբեր 29, թիւ 107; Տիգրան Մկունդ, Ամիտայի արձագանքներու վերակոչումն եւ Բ. հատոր, Նիւ Ճէրզի, 1953, էջ 332:
- [72] Նոյն:
- [73] Ակնարկւում է Էրզրումի նշանաւոր Սանասարեան վարժարանը:
- [74] Քաղքըցի, «Երանելի օրեր», Տիգրիս (տարեգիրք), Հրատարակութիւն Տիգրանակերտի Հայրենակցական ընկերութեան, Հալէպ, տպ. «Տիգրիս» Վարդգէս Գրիգորեան, 1946, էջ 34: Յառաջդիմական վարժարանը գործել է մինչև 1913 թ. կէսեր՝ փակուելով նիւթական դժուարութիւնների պատճառով (Տիգրան Մկունդ, Ամիտայի արձագանքներու վերակոչումն, էջ 153, 332):
- [75] «Տիգրանակերտի Հայ Ուսումնասիրաց ընկերութեան նպատակն ու ծրագիրը», Արմէնիա, լրագիր ազգային քաղաքական եւ այլն, Մարսէյլ, 1908, դեկտեմբեր 16, թիւ 20:
- [76] Գեղջուկ, «Խապրիկներ երկրէն», Ազատամարտ, օրաթերթ, Կ. Պօլիս, 1910, յունուար 5/18, թիւ 177:
- [77] Եփրեմ վ. Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, հատոր Բ., Վիեննա, Մխիթարեան տպարան, 1963, էջ 451:
- [78] Նոյն, էջ 452:
- [79] Նոյն, էջ 451; Լեւոն Սրապեան, «Տիգրիսի ափերէն», Արեւելք, օրաթերթ ազգային, Կ. Պոլիս, 1910, մարտ 18 (31), թիւ 7282):
- [80] Նոյն, էջ 452:
- [81] Ազատամարտ, օրաթերթ, Կ. Պոլիս, 1910, մարտ 26/ապրիլ 8, թիւ 243: Սա Դիարբեքիրի հայ կրթական միջավայրում պարբերականի հրատարակութեան առաջին փորձը չէր. երիտթուրքական յեղափոխութիւնից յետոյ Ս. Կիրակոսի թաղական վարժարանում «ասուպի արագութեամբ» իրար յաջորդող զանազան պարբերաթերթեր էին լոյս տեսնում, որոնցից էր վարժարանի ուսուցիչներից Լեւոն Սրապեանի կողմից հրատարակուող «Գրական Գարուն» ամսագիրը (Լեւոն Սրապեան, «Կեանքը գաւառին մէջ. Տիգրիսի ափերէն», Արեւելք, օրաթերթ ազգային, Կ. Պոլիս, 1910, փետրուար 3 (16), թիւ 7246):
- [82] Օրինակ, 1909 թ. դեկտեմբերին ուսուցիչներից մէկի դէմ ուսանողական ըմբոստութեան միջադէպի մանրամասն նկարագրութիւնը տե՛ս Լեւոն Սրապեան, «Տիգրիսի ափերէն», Արեւելք, օրաթերթ ազգային, Կ. Պոլիս, 1910, մարտ 19 (ապրիլի 1), թիւ 7283: Մէկ այլ ուսուցչի դէմ աշակերտների բողոքի մասին տե՛ս Լեւոն Սրապեան, «Տիգրիսի ափերէն», Արեւելք, օրաթերթ ազգային, Կ. Պոլիս, 1910, յուլիս 15 (28), թիւ 7365:
- [83] Սրապեան, «Տիգրիսի ափերէն», Արեւելք, թիւ 7283:
- [84] Ազատամարտ, օրաթերթ, թիւ 243:
- [85] Սրապեան, «Կեանքը գաւառին մէջ. Տիգրիսի ափերէն», Արեւելք, թիւ 7246:
- [86] Սրապեան, «Տիգրիսի ափերէն», Արեւելք, թիւ 7283:
- [87] Սրապեան, «Կեանքը գաւառին մէջ. Տիգրիսի ափերէն», Արեւելք, թիւ 7246:
- [88] Նոյն:
- [89] Լեւոն Սրապեան, «Տիգրիսի ափերէն», Արեւելք, օրաթերթ ազգային, Կ. Պոլիս, 1910, յուլիս 10 (23), թիւ 7361:
- [90] Վիճակացոյց Տիգրանակերտի թեմին, 1913 (ՀԲԸՄ Փարիզի Նուպարեան գրադարանի արխիւ, ABC/BNu, DOR 3/2, f. 47):
- [91] Թ. Մկրտիչեան, Տիգրանակերտի նահանգի ջարդերը եւ քիւրտերու գազանութիւնները, Գահիրէ, տպ. Գրիգոր Ճիհանեան, 1919, էջ էջ 95:
- [92] Համառօտ տեղեկագիր Տիգրանակերտի վերջին կոտորածներուն (պատկերազարդ), Հրատարակութիւն Տիգրանակերտի հայրենակցական միութեան, 1919, էջ 25:
- [93] «Վիճակ Ազգ. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի»:
- [94] Նոյն; Ս.Մ. Ծոցիկեան, Արեւմտահայ աշխարհ, Նիւ Եորք, 1947, էջ 746:
- [95] Արմէնիա, 1886, յունվար 6, թիւ 42:
- [96] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ։ Պատրաստեալ ուսումնական խորհրդոյ ազգային կենդրոնական վարչութեան։ Տետր Ա. Վիճակ 1901 տարւոյ, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1901, էջ 17: Դասարանների կարգերը տե՛ս Փէլակ, «Անդրանիկ շրջանաւարտներ Տիարպէքիրի վարժարանէն»:
- [97] Վիճակացոյց գաւառական ազգային վարժարանաց Թուրքիոյ, էջ 17:
- [98] Կ. Սասունի, «Հորիզոնէ հորիզոն», Բագին, ամսագիր գրականութեան և արուեստի, ԺԲ. տարի, թիւ 9, Պէյրութ, 1973, էջ 15-16: Տե՛ս նաև Ա. Ներսիսեան, Կարօ Սասունի, Երևան, Իրանագիտական Կովկասեան կենտրոնի հրատարակչութիւն, 2004, էջ 28:
- [99] «Վիճակ Ազգ. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի»:
- [100] Արմէնիա, 1886, յունվար 6, թիւ 42:
- [101] Փափազեան, «Կրթական եւ եկեղեցական գործը Տիարպէքիրի մէջ»: Տե՛ս նաև Տէպաղեան, «Թովմաս Պ. Զաւզաւաթճեան», էջ 7: 1888 թ. Ս. Սարգսի թաղական վարժարանի հոգաբարձութիւնը հրաժարական է տալիս և առժամանակ փակւում է մինչև վերակազմաւորումը: Դրանից յետոյ Զաւզաւաթճեանն այլևս դադարեցնում է իր ուսուցչական գործունէութիւնը Դիարբեքիրում՝ զբաղուելով իր արհեստով՝ հիւսնութեամբ և քարի վրայ փորագրութեամբ: Հետզհետէ խտացող Համիդեան հալածանքների մթնոլորտը ստիպում է նրան 1890-ական թթ. սկզբներին ընտանիքով գաղթել Դիարբեքիրից և ի վերջոյ հաստատուել ԱՄՆ-ում (նոյն, էջ 8):
- [102] Նոյն:
- [103] Սասունի, «Հորիզոնէ հորիզոն», էջ 15-16, Ներսիսեան, Կարօ Սասունի, էջ 28:
- [104] «Վիճակ Ազգ. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի»:
- [105] Նոյն:
- [106] Արմէնիա, 1886, յունվար 6, թիւ 42:
- [107] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 161:
- [108] Պօղոսեան, Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, էջ 446:
- [109] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 161:
- [110] «Վիճակ Ազգ. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի»:
- [111] Արմէնիա, 1886, յունվար 6, թիւ 42:
- [112] «Վիճակ Ազգ. Վարժարանաց եւ Ընկերութեանց Տիգրանակերտի»:
- [113] Մկունդ, Ամիտայի արձագանգներ, էջ 161:
- [114] Կ.Պ. Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ Աւետարանական եկեղեցւոյ (Քննական Ծանօթութիւններով), Ֆրէզնօ, 1952, էջ 471; Rufus Anderson, History of the Missions of the American Board of Commissioners for Foreign Missions, to the Oriental Churches, Volume 2, Boston, Congregational Pub. Society, 1872, էջ 83:
- [115] Նոյն, էջ 227:
- [116] Cuinet, La Turquie d’Asie, էջ 455:
- [117] Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ Աւետարանական եկեղեցւոյ, էջ 473:
- [118] Մ. Պ., «Արձագանգ Տիարպէքիրէն. վարժարաններու վերաբացումը», Արեւելք, օրաթերթ ազգային, գրական եւ քաղաքական,Կ. Պոլիս, 1903, սեպտեմբեր 26/հոկտեմբեր 9, թիւ 5370:
- [119] Cuinet, La Turquie d’Asie, էջ 455:
- [120] Մ. Պ., «Արձագանգ Տիարպէքիրէն. վարժարաններու վերաբացումը», Արեւելք, թիւ 5370: