Վան - Թիմարի եկեղեցիներն ու վանքերը
Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան, 26/10/2018 (վերջին փոփոխութիւն՝ 26/10/2018)
Կտուցի Սուրբ Կարապետ վանք (Կտուց անապատ)
Կտուց անապատը գտնւում էր Վանայ լճի համանուն կղզու վրա։ 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին վանքային համալիրը բաղկացած էր միայն մէկ՝ Սուրբ Կարապետ տաճարից, բազմաթիւ խցերից և «դրսի տուն» կոչուող հատուածից, որ գտնւում էր կղզու հանդէպ՝ լճի հարաւային ափին։
Ըստ աւանդութեան, վանքը հիմնադիրը Գրիգոր Լուսաւորիչն էր։ Հայոց առաջին հայրապետը Հռոմից վերադառնալիս իր հետ է բերել Կենաց փայտի մաս և եօթ սրբերի նշխարներ. և երբ հասել է Կտուց կղզի, մի ձայն է լսուել, որ ասում էր. «Մեզ այստեղ ամփոփիր»։ Գրիգոր Լուսաւորիչը նշխարները ամփոփել է եօթը տեղ և նրանց վրայ եօթ եկեղեցի կանգնեցրել, նոյն սրբերի անուններով և իր աշակերտներից մէկին առաջնորդ կարգել։ Ժամանակի ընթացքում վանքում հաւաքուել են մինչև 500 միաբան։ Մի օր միաբաններից երեքը հիւանդնում և մահանում են։ Սպասաւորները, գալով մեռած միաբանների սենեակ, տեսնում են, որ նրանց վրայ «կուտուց» (մի խումբ) հրեշտակներ են հաւաքուել և սկսում են ձայնել մէկմէկու. «Կուտուց հրեշտակներ են իջել, կուտուց հրեշտակներ…»: Այդ օրուանից յետոյ մենաստանը սկսում է կոչուել «Կուտուցու անապատ» [1]։
Կտուց անապատի Սուրբ Կարապետ տաճարն իր գաւիթով կամ «դարպասով» կառուցուած էր սպիտակաւոյն սրբատաշ քարից։ Քառանկիւնի էր, ունէր երկու ամբողջական սիւներ և վեց կիսասիւներ, որոնց վրայ բոլորւում էին պայտաձև կամարներ՝ կրելով իրենց վրայ ութանկիւնի գմբէթը՝ կոնաձև կաթուղիկէով։ Սիւները քառանկիւնի էին, պարզ։ Կոզակը բոլորակաձև էր, կամարակապ և պայտաձև կամարով ու մի գեղեցիկ ոսկեզօծ խաչկալով զարդարուած։ Խորանի սեղանը նուիրուած էր Սուրբ Աստուածածնի անուան, աջ խորանը՝ Սուրբ Կարապետի, իսկ ձախը՝ Սուրբ Ստեփաննոսի։
Տաճարի պատերը հնում ծածկուած են եղել իւղանկար պատկերներով, որոնցից XX դարի սկզբին անաղարտ պահպանուել էին սիւների վրայի Աբգար և Կոնստանդիանոս թագաւորների պատկերները։
Տաճարի դուռը, որ բացւում էր գաւթի մեջ, զարդարուած էր մի քանի համակենտրոն կամարներով ու քանդակներով և պատած էր նկարներով։ Դռան երկու կողմում, գաւիթի մէջ, շինուած էին Սուրբ Մինասի ու Սուրբ Յակոբի անուններին նուիրուած կամարակապ փոքրիկ սեղաններ։
Գաւիթի հիւսիսային պատի միջից դուռ էր բացւում մի փոքրիկ թաղակապ մատուռի մէջ, ուր կար Սուրբ Հրեշակապետաց անուանը նուիրուած սեղան։ Այստեղ էին պահւում նաև վանքի ձեռագրերը։
Գաւիթի արևմտեան դռան երկու կողմում բարձրանում էին երկու քառանկիւնի սիւներ, որոնց վրայ յանգում էր սիւնազարդ զանգակատունը՝ ունենալով իր գմբէթի տակ Քրիստոսի Համբարձմանը նուիրուած մի վէմ քար։
Կտուցի վանքի մէջ պահուող եպիսկոպոսական տարազի զանազան մասեր, որոնք գործածւում էին կրօնական արարողութիւնների ժամանակ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
Վանքի հիւսիս-արևմտեան կողմում գտնւում էին հին խուցերը՝ երկար նրբանցքի երկու կողմը դասաւորուած գլխաւորապէս մէկ կամ երբեմն երկու սենեակից բաղկացած ցածր, կիսամութ, խոնավ սենեակներ։
Եկեղեցու արևելեան կողմում շինուած էր մի մեծ սենեակ, ուր ընդունւում էին պատուաւոր հիւրերը, հարաւային կողմում էլ կառուցուած էր վանահօր բնակարանը՝ բաղկացած երկու սենեակից։
Կտուց կղզու հանդէպ, նրա արևելեան կողմը՝ լճի հարաւ-արևելեան ափին, գտնւում էր Կտուց անապատի «դրսի տուն» կոչուող հատուածը։ Այն բաղկացած էր միաբանների համար մի քանի սենեակներից, մի փոքրիկ հասարակ եկեղեցուց, մի դպրոցական փոքրիկ շէնքից և տնտեսական մասից (գոմեր, հացահատիկի շտեմարաններ)։
«Դրսի տուն» հատուածում գործում էր գիշերօթիկ որբանոց, որը 1909 թ. ունէր շուրջ 15 սան [2]։
1910-ական թթ. սկզբների դրութեամբ Կտուց անապատին էին պատկանում ընդարձակ վարելահողեր, անտառներ, այգիներ, մէկ ջրաղաց, ձիթհանք, խանութներ Վանում, Ադրիանապոլսում (Էտիրնէ), Թիֆլիսում, Պոլսում, 300 գլուխ ոչխար և 100 գլուխ տաւար [3]։ վանքապատկան տնտեսութիւնից ընդհանուր եկամուտը հասնում էր 300 օսմանեան լիրայի, որը ծախսւում էր գլխաւորապէս միաբանութիւնը և գիշերօթիկ դպրոցը պահելու վրա [4]։
Մեծ եղեռնի նախօրեակին Կտուց անապատի հոգևոր տեսչութեանն էին ենթարկւում Թիմարի հետևեալ 8 գիւղերը՝ Ալիւր, Խաւենց, Դռլաշէն, Աննավանք , Ամենաշատ, Մարմետ, Եկմալ, Ջիրաշէն [5]։
1873 թ. դրութեամբ անապատի միաբանութիւնը բաղկացած էր 33 հոգուց՝ 12 վարդապետ, 4 աւագ սարկաւագ, 2 ուրարակիր, 5 դպիր, 11 մահտեսի [6]: 1909 թ. Կտուցն այցելած Ա-Դօն (Յովհաննէս Տէր-Մարտիրոսեան) նշում է, որ վանքն ունէր միայն երեք վարդապետներից բաղկացած միաբանութիւն։ Վանահայրութեան պաշտօնի տեղապահ Ստեփանոս վարդապետ Աղազատեանն ապրում էր «դրսի տանը» և իր ձեռքում էր պահում վանքի տնտեսութեան ընդհանուր հսկողութիւնը։ Վանքի «աւանդապահն» էր ծերունի Եղիա վարդապետը, ով կղզուց բոլորովին դուրս չէր գալիս։ Դրսի գործերը վարելու պարտականութիւնը դրուած էր Գրիգոր վարդապետի վրայ, ով շարունակ շրջում էր վանքապատկան կալուածքներով, հետևում վար ու ցանքին, ինչպէս նաև պտղին [7] էր հաւաքում։
Կտուց կղզիի վանքային համալիրը (Աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)։
1), 2), 3) Կտուց Անապատ. նմուշներ վանքի մատենադարանի ձեռագրերից (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
4) Կտուց կղզիի վանական համալիրի յատակագիծը (Աղբիւր՝ Ե. Լալայեան, Վասպուրական. Նշանաւոր վանքեր, Ա. պրակ, Թիֆլիս, 1912)։
Կտուցի վանքի մէջ պահուող եպիսկոպոսական տարազի զանազան մասեր, որոնք գործածւում էին կրօնական արարողութիւնների ժամանակ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
Ա-Դօն հաղորդում է, որ միաբանութեան վարդապետները ապրում էին իրար հետ սիրով, իսկ վանքի տնտեսութեան մեջ նկատելի էր հոգացողութիւն: Առանձին հոգատարութեամբ էր պահւում Կտուցի փոքրիկ մատենադարանը, ուր խնամքով դասուած պահպանւում էին հին ձեռագիր Աւետարաններ և այլ կրօնական գրքեր [8]:
1911 թ. Կտուց անապատի վանահօր տեղապահ է նշանակւում Եղիազար Ծայրագույն Վարդապետ Պետրոսեանը, ով վարում է այդ պաշտօնը մինչև Մեծ եղեռնը՝ զոհուելով 1915 թ.: Մեծ եղեռնի նախօրեակին Կտուց անապատի միաբանութեան այլ անդամներն էին՝ Պօղոս վարդապետ Յակոբեան (սպանուել է 1915 թ.), Պետրոս վարդապետ Ղազարեան (սպանուել է 1915 թ.), Ստեփանոս Վարդապետ Տէր-Յովհաննէսեան (սպանուել է 1915 թ.), Սահակ Վարդապետ Ատոմեան, Պետրոս Վարդապետ Շահինեան, Ստեփան Ծայրագույն Վարդապետ Աղազատեան, Ներսէս Սարկաւագ (սպանուել է 1915 թ.) [9]:
Կտուց Անապատ. նմուշներ վանքի մատենադարանի ձեռագրերից (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
1) Կտուց Անապատ. խորանի խաչ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
2) Կտուց Անապատի Սուրբ Կարապետ տաճարի մուտքը։ Խորքում երևում է նաեւ խորանը (Աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)։
Կտուց Անապատի վանական համալիրը (Աղբիւր՝ Աղբիւր՝ «Գեղունի», պատկերազարդ հայաթերթ, 1905, Վենետիկ, Ս. Ղազար)։
Լիմ անապատ (Սուրբ Գէորգի վանք)
Լիմ անապատը գտնւում էր Վանայ լճի հիւսիս-արևելքում տեղակայուած Լիմ կղզու վրայ, որը Վանայ լճի վեց կղզիներից ամենամեծն ու ընդարձակն է [10]։ Աղբիւրները Լիմ անունը ստուգաբանում են յունարէն «լիմնէ»՝ լիճ, կամ «լիմին» («լիմեն»)՝ նաւահանգիստ, ապաստարան, բառերից [11]։
Ինչպէս և Կտուց անապատը՝ Լիմի հիմնադիրը ևս, ըստ աւանդութեան, Գրիգոր Լուսաւորիչն էր [12]։ XIX դարի վերջին – XX դարի սկզբներին վանական համալիրը բաղկացած էր Սուրբ Գէորգ տաճարից, վանականների խցերից և «դրսի տուն» հատուածից, որը գտնւում էր լճի՝ կղզուն հանդիպակաց հարաւային ափին [13]։
Սուրբ Գէորգ եկեղեցին բաղկացած էր բուն եկեղեցու շէնքից, գաւթից կամ «դարպասից» և զանգակատնից։ Եկեղեցին կոչւում էր Սուրբ Գէորգ, քանի որ եկեղեցու հիւսիսային պատի մօտ ամփոփուած էր սրբի մասունքից, ուր նաև մի փոքրիկ խաչկալ էր կապուած [14]։
1) Լիմ Անապատի մէջ պահուող Սուրբ Սահակ Պարթեւի մասունքները (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
2) Լիմ Անապատի մէջ պահուող եպիսկոպոսական խոյր (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
Եկեղեցու շէնքը կառուցուած էր սպիտակ սրբատաշ քարերից, պատերը պարզ էին, գմբէթը ցածր և կոնաձև կաթուղիկէով։ Թմբուկի վրայ ձգւում էին կլոր և քառանկիւնի կիսասիւներ, որոնց մէջ բացւում էին ութ փոքրիկ պատուհան։ Բուն եկեղեցին ունէր չորս պատուհան և մէկ դուռ, որը բացւում էր գաւիթի մէջ։ Գաւիթը քառանկիւնի էր, բուն եկեղեցու շէնքից մեծ էր և մէկ մետրաչափ ցածր։ Գաւիթի արևելեան պատին կից, բուն եկեղեցու դռան երկու կողմում կապուած էին Սուրբ Ստեփաննոսին և Սուրբ Կարապետին նուիրուած խաչկալներ։ Դէպի եկեղեցի տանող դռան վերևում կախուած էր Սուրբ Երրոդութեան սրբապատկերը։ Նման մի պատկեր կախուած էր նաև գաւիթի արևմտեան՝ դէպի զանգակատուն տանող դռան վերևում։ Գաւիթի սիւներն ու պատերը զարդարուած էին իւղաներկ հին ու նոր սրբապատկերներով։ Գաւիթի հիւսիսային կողմում բացւում էր մի դուռ դէպի Սուրբ Սիոն անունով մատուռ։ Գաւիթից արևմուտք գտնւում էր սիւնազարդ զանգակատունը, որի մեջ կար պատարագի փոքրիկ սեղան՝ Հրեշտակապետաց անունով. այնտեղ արարողութիւն էր կատարւում տարին մէկ անգամ՝ Սուրբ Համբարձման տօնին [15]։
Ինչպէս և Կտուց անապատում՝ Լիմի վանական համալիրի «Դրսի տուն» հատուածը բաղկացած է եղել միաբանների համար նախատեսուած սենեակներից, մօտ 15 սան ունեցող գիշերօթիկ դպրոց-վարժարանից, որի համար 1883 թ. կառուցուել էր նոր շէնք, և տնտեսական մասից [16]։
Լիմ Անապատի եկեղեցական գանձերից Սուրբ Նշանի խաչը (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
1896 թուականի Համիդեան կոտորածների ժամանակ վանքի «Դրսի տուն» հատուածը ենթարկուել էր քրդական հրոսակախմբերի ասպատակութեանը և թալանին: Դրա հետ մէկտեղ՝ կոտորածների տարբեր ժամանակաշրջաններում Լիմի անապատի՝ կղզիի հատուածը ապաստան էր տուել հազարաւոր հայերի [17]:
1873 թ. գարնանը անապատ այցելած Ե. Տևկանցը հաղորդում է, որ այն ունէր 32 միաբան (14 վարդապետ, 2 աւագ սարկաւագ, 2 ուրարակիր, 8 դպիր, 7 մահտեսի) [18]: 1880-ական թթ. սկզբներին Լիմի մէջ կար գրեթէ 50 միաբան [19], սակայն XIX դարի վերջին- XX դարի սկզբին վանականների թիւը հետզհետէ նուազել է: Արդէն 1910-ական թթ. սկզբներին Լիմի անապատի միաբանութիւնը բաղկացած էր միայն ութ անդամից (եօթ վարդապետ և մէկ եպիսկոպոս) [20]։ 1911 թուականից վանահայրն էր Յովհաննէս Վարդապետ Հիւսեանը, որի շնորհիւ 1915 թ. փրկուել և Էջմիածին են տեղափոխուել Լիմի ձեռագրերի մի մասը ու եկեղեցական սպասքը (Մեծ եղեռնի նախօրեակին Լիմն ունէր հարուստ մատենադարան՝ շուրջ 550 ձեռագրերով և 3,000-ից աւելի տպագիր գրքերով) [21]։
1) Լիմ Անապատի վանքին մէջ գործածուող գրքակալ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
2), 3) Լիմ Անապատ. նմուշներ վանքի մատենադարանի ձեռագրերից (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
4) Լիմ կղզիի վանական համալիրի յատակագիծը (Աղբիւր՝ Ե. Լալայեան, Վասպուրական. Նշանաւոր վանքեր, Ա. պրակ, Թիֆլիս, 1912)
Լիմի անապատի միաբանները յայտնի էին իրենց ժուժկալ կեանքով: Միաբանների խցերը երկար, մութ նրբանցքի մէջ բացուող խոնաւ և մութ սենեակներ էին: Իւրաքանչիւր միաբանի յատկացուած էր միայն մէկ սենեակ, ուր և քնում էին և եկեղեցական արարողութիւններից ազատ ժամանակն անցկացնում: Մահճակալներ չկային. քնում և նստում էին գետնի վրայ, ինչի հետևանքով գրեթէ բոլոր միաբանները տանջւում էին յօդացաւից:
Միաբանների սնունդը չափազանց պարզ էր. մսի և գինու գործածութիւն ընդհանրապէս արգելուած էր: Սովորական սնունդը բանջարեղէնն էր, իսկ տօն օրերին՝ կաթ, մածուն և յատկապէս թանապուր: Բոլոր պասերը պահւում էին խստիւ. բացի չորեքշաբթի և ուրբաթ օրերից պահք օր էր նաև երկուշաբթին: Միաբանութեան անդամները սովորաբար ճաշում էին օրը մէկ անգամ՝ ընդհանուր սեղանատանը. ճաշի ընթացքում վանականներից մէկը Սուրբ Գրքից բարձրաձայն հատուածներ էր կարդում: Ճաշը գրեթէ միշտ բաղկացած էր միայն մէկ տեսակ կերակրից [22]:
19-րդ դարի վերջերին դեռևս ըստ հին վանական կանոնադրութեան օրուայ ընթացքում տեղի էր ունենում եօթ ժամերգութիւն, սակայն 1900-ական թթ. սկզբներին կարգը մի փոքր մեղմուեց՝ ժամերգութիւնների թիւը կրճատուեց հինգի [23]:
1) Լիմ Անապատի տեսարանը Վանայ լճի ափից (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
2) Լիմ Անապատ. խորանի ծածկոց (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
Լիմ անապատի հոգևոր տեսչութեան տակ գտնուող բնակավայրերն էին Թիմարի գիւղախմբի հետևեալ 16 հայաբնակ գիւղերը՝ Ջանիկ, Դարաբեկ, Նորշէն, Ատեր, Նորավանց, Գոմս, Շահգեալդի, Խառաշիկ, Ամուկ, Փիրկարիբ։ Լիմի ենթակայութեան տակ էին գործում Թիմարի Սուրբ Աստուածածին (Խաթուն Տիրամօր) և Էջմիածնի Սուրբ Սահակ վանքերը [24]։
Վանքն ունէր ընդարձակ հողեր, դաշտեր, անտառներ, այգի, չորս ջրաղաց, ինչպէս նաև խանութներ Վանի մէջ և այլուր [25]: Վանքի տնտեսութիւնից հասոյթն ուղղւում էր միաբանութեան և վարժարանի ծախսերը հոգալու վրայ:
Լիմ Անապատի վանական համալիրը (Աղբիւր՝ Աղբիւր՝ «Գեղունի», պատկերազարդ հայաթերթ, 1905, Վենետիկ, Ս. Ղազար)։
Ալիւրի Սուրբ Աստուածածին վանք
Ալիւրի Սուրբ Աստուածածին վանքը գտնուել է Թիմարի գիւղախումբի Ալիւր հայաբնակ գիւղից դէպի արևմուտք՝ մօտ 10 րոպէ հեռաւորութեան վրայ: Վանքի հիմնադրման ժամանակի մասին տեղեկութիւններ չեն պահպանուել, ենթադրւում է, որ այն կառուցուել է 13-րդ դարից ոչ ուշ, քանի որ վանքի տաճարի հիւսիսային պատի դրսի երէսին կար 1214 թ. ստեղծուած մի խաչքար [26]:
1873 թ. ապրիլին վանք այցելած Ե. Տևկանցը նշում է, որ վանական համալիրը բաղկացած էր սրբատաշ քարերով կառուցուած տաճարի շէնքից, գաւիթից և վարչական-տնտեսական պէտքերի համար օգտագործուող մի քանի փոքր շինութիւններից (առաջնորդարան, վարժարան, տնտեստուն, մառան, գոմ, յարդանոց): Վանքի վանահայրն էր Կարապետ Վարդապետը, ով ձմեռը վարժապետութիւն էր անում վանքին կից վարժարանում, որտեղ սովորում էին գիւղի տղաները, իսկ ամառը զբաղւում էր հողագործութեամբ՝ վանքապատկան հողերի մշակմամբ [27]: Վանքի վանահօր մասին, առանց նրա անունը տալու, յիշատակում է նաև 1883 թ. վանքն այցելած Մանուէլ Միրախորեանը [28]:
1900-ական թթ. սկզբներին վերաբերող վկայութեամբ՝ վանքն այլևս չունէր մշտական վանահայր, այլ գտնւում էր Կտուց անապատի իրաւասութեան տակ՝ կառավարուելով այնտեղից վանք պարբերաբար այցելող վանականների կողմից [29]: Հաղորդւում էր, որ թէև վանքն ունէր որոշ սեփական կալուածքներ և գիւղատնտեսական պարագաներ, սակայն կանոնաւոր տնտեսութեան բացակայութեան պայմաններում վանքի հողերից ու հանդից օգտւում են Ալիւր գիւղի բնակիչները [30]:
Սուրբ Էջմիածին վանք
Սուրբ Էջմիածնի վանքը գտնւում էր Վանայ լճի արևելեան ափին՝ Կտուց և Լիմ անապատների «դրսի տուն» հատուածները միացնող ճանապարհի վրայ։ Վանքային համալիրը բաղկացած էր երկու եկեղեցիներից՝ Սուրբ Էջմիածին ու Սուրբ Աստուածածին, և մէկ մատուռից [31] (այլ տուեալներով՝ մէկ մատուռից (Վերին Էջմիածին) և մէկ եկեղեցուց (Ներքին Էջմիածին) [32])։ Մէկ այլ սկզբնաղբիւր՝ Գ. Շերենցը, առանց մանրամասնելով վանքի եկեղեցական շինութիւնների թիւը, անուանում է այն «փոքրիկ վանք» [33]։
Աւանդութեան համաձայն՝ վանքի տարածքը եղել է անապատականների ճգնավայր, որոնց մի անգամ տեսիլքով յայտնուել է երկնքից իջնող Յիսուս Քրիստոսը (Միածինը). այդ տեսիլքից էլ վանքը ստացել է իր անունը [34]։
1873 թ. վանք այցելած Ե. Տևկանցը հաղորդում է, որ այն ծառայում էր որպէս Լիմ անապատի ագարակ, ունէր մէկ վանահայր և մէկ միաբան [35]:
20-րդ դարի սկզբներին վանքն արդէն զուրկ էր մշտական միաբանութիւնից. յիշատակւում է միայն ոմն վարդապետ վանահայր [36]։ Վանքը գտնւում էր Լիմի անապատի տնօրինութեան տակ, որի անդամները պարբերաբար այցելում էին վանքը՝ հետևելով վանքապատկան կալուածքներին (ընդարձակ թթաստան՝ 2,000-3,000 թթենիներով, պարտէզներ, անտառներ, արտեր, վարելահողեր, արօտատեղի և այլն) [37]։
Վանքի ուխտի օրը Համբարձման տօնին էր, երբ այնտեղ մեծ բազմութիւն էր հաւաքւում շրջակայ հայկական գիւղերից [38]։
Էրերնա Սուրբ Սահակ
Էրերնա Սուրբ Սահակ վանքը գտնուել է Թիմարի գիւղախումբի Էրերին հայաբնակ գիւղի հարաւային կողմում բարձրացող լեռան լանջին: Վանքը պարսպապատ էր, բաղկացած էր մէկ գմբէթաւոր տաճարից և գաւիթից: Նախքան Մեծ եղեռնը այն լքուած էր, շինութիւններն անմխիթար վիճակում էին:
Էրերին (ներկայիս Տաղէօնիւ) գիւղի մօտ գտնուող Սուրբ Սահակ վանքը (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)։
Վանքում էր պահւում Սուրբ Սահակ Պարթևի մասունք աջը, որը վանքի՝ 1840-ական թթ. լքուելուց յետոյ [39] տեղափոխուել էր Լիմ անապատ, որի հոգևոր իրաւասութեան տակ էր գտնւում մենաստանը: Սուրբ Սահակը Թիմարի ժողովրդի առաւել պաշտելի սրբերից մէկն էր: Ժողովուրդը հաւատում էր, որ նա յատկապէս օգնում է աչքի հիւանդութիւններ ունեցող մարդկանց [40]:
Վարդավառի կիրակի օրը սուրբի յատուկ տօն էր կատարւում: Թիմարի տարբեր բնակավայրերից այնտեղ էին հաւաքւում բազմաթիւ ուխտաւորներ, մեծ մասը երիտասարդներ, մատուցւում էր Սուրբ Պատարագ [41]:
Սուրբ Սահակի վանքի լեռան գագաթը կոչւում էր «Խաչգլուխ»: Այնտեղ, ըստ աւանդութեան, ճգնել էր Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը և մի խաչ օծել: Այդ տեղում կար մի փոքրիկ մատուռ, որ ևս նշանաւոր ուխտատեղի էր [42]:
Սուրբ Սահակ վանքից կէս ժամ հեռաւորութեան վրայ դէպի արևելք գտնւում էր մէկ այլ վանքի հիմնապատ, որը յայտնի էր Տէր Պետոյի վանք անունով և որի մօտ կար մի «սուրբ» աղբիւր [43]:
1873 թ. Էրերնա Սուրբ Սահակ այցելած Ե. Տևկանցը նշում է, որ այն չունէր ոչ վարդապետ և ոչ քահանայ, պահպանւում էր Էրերին գիւղից ոմն Խերապետի գերդաստանի կողմից, որը ապրելով վանքի մէջ զբաղւում էին երկրագործութեամբ՝ հոգ չտանելով, սակայն, վանքի շինութիւնների նկատմամբ [44]:
1910-ական թթ. սկզբներին Լիմ անապատի միաբանները նախատեսում էին Սուրբ Սահակ վանքում բացել ամառային դպրոց՝ անապատի գիշերօթիկ վարժարանի սաների համար, սակայն միջոցների բացակայութիւնը և Մեծ եղեռնի արհաւիրքը խոչընդոտեցին այդ ծրագրի իրականացմանը:
Վանքին էին պատկանում որոշակի հողային կալուածքներ, որոնք տրուած էին վարձակալութեամբ շրջակայ գիւղերի բնակիչներին [45]:
Թիմարի եկեղեցիները
Ստորև ներկայացնում ենք Մեծ եղեռնի նախօրեակին Թիմարի գիւղախմբի հայաբնակ գիւղերի եկեղեցիների ցուցակն ըստ տարբեր աղբիւրների: Նշուած են միայն այն բնակավայրերը, որտեղ վկայուած է եկեղեցու գոյութեան մասին:
Աւերակ/Ալապայըր
187 տուն, 1061 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոս (քարուկիր)։ 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորել է երեք քահանայ [46]:
Ադիքէօզալ/Ատըկիւզէլ
31 տուն, 226 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորել է մէկ քահանայ [47]:
Ալիւր/Ալաքէօյ
343 տուն, 1955 շունչ հայ։
Եկեղեցիները՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, Սուրբ Ստեփաննոս (կառուցուել է 1911 թ.) և Սուրբ Նարեկացի: 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորւում էր երեք քահանայի կողմից: Մեծ եղեռնի նախօրեակին սպասաւորող քահանաները չորսն էին՝ Կարապետ քահանայ Թուիկեան (սպանուել է 1915 թ.), Յովհաննէս քահանայ Տէր-Յովհաննէսեան (սպանուել է 1915 թ.), Սարգիս քահանայ Տէր-Սարգիսեան, Ստեփանոս քահանայ Բրուտեան [48]:
Աղջավերան/Աքչաէօրէն
32 տուն, 147 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս [49]: 1850-ական թթ. կէսերին համայնքը եկեղեցի և սպասաւորող քահանայ չունէր [50]:
Ամենաշատ/Արըսու
40 տուն, 204 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (նախկինում վանք): Մեծ եղեռնի նախօրեակին համայնքում պաշտօնավարող հոգևորականն էր Սիմոն քահանայ Եղիազարեանը [51]:
Ամկուբերդ (ներկայիս Եշիլսու) գիւղի ժայռերի վրա թողնուած արձանագրութիւններ (Աղբիւր՝ Մխիթարեան միաբանութիւն, Սուրբ Ղազար, Վենետիկ)։
Աննավանք/Տիպէքտիւզիւ
50 տուն, 254 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ): Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարող հոգևորականը՝ Յովակիմ քահանայ Խաչատուրեան [53]:
Աստուածածին (Տիրամայր)/Էրմիշլէր
63 տուն, 462 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (Խաթուն Տիրամայր): Նախկինում եղել է վանք: Շէնքը նկարագրւում է որպէս գեղեցկաշէն՝ պսակուած սպիտակ և փառաւոր գմբէթով: Համաձայն աւանդութեան՝ վանքի տեղում հին ժամանակներում եղել է մեհեան, ուր պաշտօնավարող երեք եղբայր քրմերը (Շիրակ, Զիրակ և Միրակ) քրիստոնէութիւն են ընդունել Սուրբ Թադևոս Առաքեալի կամ Սուրբ Ներսէս Պարթևի քարոզչութեան արդիւնքում [54]:
1883 թ. գիւղն այցելած Մանուէլ Միրախորեանը յայտնում է, որ եկեղեցին ունէր երկու քահանայ: Կից գործում էր նախակրթարան դպրոց՝ 35-40 աշակերտներով [55]:
Եկեղեցու ուխտի օրն էր Սուրբ Աստուածածնի վերափոխման տօնը, երբ մեծ բազմութիւն էր հաւաքւում (8-10 հազարի մօտ) ինչպէս հարևան բնակավայրերից, այնպէս էլ անգամ Պարսկաստանից և Ռուսաստանից: Ուխտաւորների թւում էին նաև բազմաթիւ քրդեր, թուրքեր և ասորիներ [56]:
Ատեր/Եայլըքաեա
71 տուն, 444 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (փայտայարկ) (այլ տուեալներով՝ Սուրբ Աստուածածին [57]): 1850-ական թթ. կէսերին համայնքում պաշտօնավարել է մէկ քահանայ [58]:
Գէօլու/Կէօլլու
15 տուն, 91 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս [61]: 1850-ական թթ. կէսերին բնակավայրը եկեղեցի չի ունեցել [62]:
Գոմս/Էմէք
53 տուն, 340 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (փայտայարկ) [63]: Սպասաւորող հոգևորական՝ Մարկոս քահանայ [64]:
Գիւսնենց/Քասըմողլու
138 տուն, 825 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորում էր երկու քահանայ [65]:
Դարաբեկ/Տէրէպէյ
37 տուն, 243 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Սարգիս (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր մէկ քահանայ [66]:
Եկմալ
31 տուն, 226 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (այլ տուեալներով՝ Սուրբ Գևորգ (փայտայարկ) [67]։ Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարող հոգևորականը՝ Գրիգոր քահանայ Յակոբեան [68]:
Էրերին/Տաղէօնիւ
151 տուն, 938 շունչ հայ։
Եկեղեցիները՝ Սուրբ Յովհաննէս, Սուրբ Ստեփաննոս: 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր երեք քահանայ [69]:
Խաւենց (Հաւենց)/Աղարթը
106 տուն, 633 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Կիրակոս (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորում էր երկու քահանայ [70]: Մեծ եղեռնի նախօրեակին համայնքում պաշտօնավարող հոգևորականներն էին՝ Աբրահամ քահանայ Տէր-Յովհաննիսեանը և Կարապետ քահանայ Տէր-Գէորգեանը [71]:
Խժիշկ/Հալքալը
132 տուն, 775 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորում էր վեց քահանայ: Եկեղեցում պահւում էր Շէկ անունով Աւետարանը [73]:
Ծակտար/Թեւեքլի
38 տուն, 231 շունչ հայ։
Եկեղեցին` Սուրբ Գէորգ (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքն ունէր մէկ քահանայ [74]:
Կոճ
26 տուն, 137 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին [75]: 1850-ական թթ. կէսերին բնակավայրում եկեղեցի չի եղել [76]:
Մարմեդ/Թոփաքթաշ
153 տուն, 811 շունչ հայ։
Եկեղեցի՝ Սուրբ Գէորգ (փայտայարկ)։ 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորւում էր երկու քահանայի կողմից [77]: Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարող հոգևորականներն էին՝ Յակոբ քահանայ Տէր-Յակոբեանը, Մարտիրոս քահանայ Տէր-Կարապետեանը, Ներսէս քահանայ Դաւիթեանը [78]։
Նորշէն/Քումլուճա
45 տուն, 270 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր մէկ քահանայ [79]:
Նորովանց/Էսէնփընար
37 տուն, 215 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (քարուկիր): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր մէկ քահանայ [80]:
Ջանիկ/Կէտիքպուլաք
100 տուն, 714 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Ստեփաննոս (փայտայարկ) [83]: Սպասաւորող հոգևորական՝ Յովհաննէս քահանայ [84]:
Ջիգրաշէն/Օթլուճա
76 տուն, 475 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (քարուկիր) [85]: Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարող հոգևորականներն էին՝ Յակոբ քահանայ Կիրակոսեանը, Սահակ քահանայ Մարգարեանը [86]:
Սոսրաթ (Ծործորբերդ)/Թապանլը
42 տուն, 251 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Խաչ (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքում պաշտօնավարում էր մէկ քահանայ [87]:
Տռլաշէն
95 տուն, 657 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքը սպասաւորում էր երեք քահանայ [88]: Մեծ եղեռնի նախօրեակին պաշտօնավարող հոգևորականն էր Սիմոն քահանայ Խաչատուրեանը [89]:
Փիրկարիբ
57 տուն, 373 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ): 1850-ական թթ. կէսերին համայնքում սպասաւորում էր մէկ քահանայ [90]:
Քէօչանի/Կիւվէչլի
111 տուն, 705 շունչ հայ։
Եկեղեցին՝ Սուրբ Աստուածածին (փայտայարկ) [91]: Մեծ եղեռնի նախօրեակին սպասաւորող հոգևորականներներն էին Յովհաննէս և Գէորգ քահանաները [92]:
Քէօփրիքէօյ
3 տուն, 21 շունչ հայ։
Առանց եկեղեցի: Համայնքի հոգևոր պէտքերը հոգում էր Տռլաշէնի Սիմոն քահանան [94]:
- [1] Ե. Լալայեան, «Վասպուրական. Նշանաւոր վանքեր», Ազգագրական հանդէս, գիրք XXII, 1912, էջ 88:
- [2] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, տպ. «Կուլտուրա», 1912, էջ 29։
- [3] 1910 թ. ամռանը Վանի նահանգ այցելած Երվանդ Լալայեանը ներկայացնում է Կտուց անապատի կալուածքների մանրամասն ցուցակը (Լալայեան, Ազգագրական հանդէս, էջ 93։
- [4] Նոյն։
- [5] Նոյն։
- [6] Ե. Տևկանց, Ճանապարհորդութիւն Բարձր Հայք և Վասպուրական 1872-1873 թթ, Երևան, Հայաստանի ԳԱ պատմ ին-տ, 1991, էջ 205-251:
- [7] Գիւղացիների կողմից վանքերին բնամթերքի տեսքով տրուող հարկ։
- [8] Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 29։ Մեծ եղեռնի ընթացքում (1915-16 թթ.) Կտուց անապատից Էջմիածին տեղափոխուեցին և ներկայումս Մատենադարանում են պահւում 202 ձեռագիր մատեան (Լ. Թումանեան, «Լիմ եւ Կտուց մենաստանները Մեծ Եղեռնի օրերին», Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 2013, Դ (ԿԹ), էջ 106):
- [9] Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, էջ 52:
- [10] Գ. Շէրենց, Սրբավայրեր. Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց, վանօրէից եւ ուսումնարանաց, Թիֆլիս 1902, էջ 76։
- [11] Հ. Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա մաս, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1940, էջ 4։
- [12] Ռ. Աթայեան, «Լիմ անապատ», Քրիստոնեայ Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 412։
- [13] Լալայեան, Ազգագրական հանդէս, էջ 85։
- [14] Նոյն, էջ 90։
- [15] Նոյն, էջ 91։
- [16] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա մաս, էջ 45:
- [17] Մակար Վրդ Տէր-Յովհաննիսէան, «Վանայ ծովն եւ իր կղզիները», Բիւզանդիոն, 1913 թ. փետրուար 23 (մարտ 8), № 4368:
- [18] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 260:
- [19] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա մաս, էջ 44:
- [20] Բիւզանդիոն, Կ. Պոլիս, 1913 թ. փետրուար 23 (մարտ 8), № 4368:
- [21] Թումանեան, «Լիմ եւ Կտուց մենաստանները…», էջ 104; Գ. Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ եղեռնի նախօրէին. Մաս առաջին։ Վանի վիլայէթի կենտրոնական, հիւսիսային և արևելեան գաւառները», Վէմ համահայկական հանդէս, Է (ԺԳ) տարի, թիւ 2 (50), ապրիլ-յունիս, 2015, էջ 125:
- [22] Լալայեան, Ազգագրական հանդէս, էջ 88։
- [23] Նոյն։
- [24] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա մաս, էջ 46:
- [25] Վատքապատկան կալուածքների ցուցակը տե՛ս Լալայեան, Ազգագրական հանդէս, էջ 91-92:
- [26] Նոյն, էջ 99; Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա մաս, էջ 343:
- [27] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 266:
- [28] Մ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց, մասն Բ., Կ. Պօլիս, տպ. Մ.Կ. Սարըեան, 1885, էջ 280:
- [29] Շէրենց, Սրբավայրեր, էջ 74:
- [30] Նոյն:
- [31] Լալայեան, Ազգագրական հանդէս, էջ 99։
- [32] Բիւզանդիոն, 1913 թ. փետրուար 23 (մարտ 8), № 4368:
- [33] Շէրենց, Սրբավայրեր, էջ 75։
- [34] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա մաս, էջ 350:
- [35] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 254-255:
- [36] Շէրենց, Սրբավայրեր, էջ 75:
- [37] Բիւզանդիոն, 1913 թ. փետրուար 23 (մարտ 8), № 4368:
- [38] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, 1911, էջ 99։
- [39] Լիմ անապատի միաբան Մակար Վարդապետ Տէր-Յովհաննէսեանը՝ 1911 թ. գրուած իր ակնարկում հաղորդում է, որ եօթանասուն տարի է, ինչ վանքը իբրև անպէտք-ոչինչ մի բան տրուած է ուրիշներին (Բիւզանդիոն, 1913 թ. փետրուար 23 (մարտ 8), № 4368):
- [40] Շէրենց, Սրբավայրեր, էջ 76:
- [41] Նոյն:
- [42] Լալայեան, Ազգագրական հանդէս, գիրք XXI, 1911, էջ 99:
- [43] Նոյն:
- [44] Տևկանց, Ճանապարհորդութիւն, էջ 256:
- [45] Բիւզանդիոն, 1913 թ. փետրուար 23 (մարտ 8), № 4368:
- [46] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում։ Վերապրածների վկայութիւններ։ Փաստաթղթերի ժողովածու, հատոր I, Վանի նահանգ…, էջ 36։
- [47] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [48] Նոյն; Թէոդիկ, Գողգոթա, էջ 53; Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում, էջ 117:
- [49] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական…», էջ 122:
- [50] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [51] Թէոդիկ, Գողգոթա, էջ 54:
- [52] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական…», էջ 124:
- [53] Թէոդիկ, Գողգոթա, էջ 54:
- [54] Ոսկեան, Վասպուրական-Վանի վանքերը, Ա մաս. էջ 352-353:
- [55] Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, մասն Բ., էջ 271-272:
- [56] Շէրենց, Սրբավայրեր, էջ 80; Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն, մասն Բ., էջ 274-275:
- [57] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական…», էջ 122:
- [58] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Թ.Խ. Յակոբեան, Ստ. Տ. Մելիք-Բախշեան, Հ.Խ. Բարսեղեան, Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Ա-Դ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1986, էջ 370:
- [59] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան..., հտ. 1..., էջ 372:
- [60] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [61] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական…», էջ 123:
- [62] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [63] Նոյն; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան..., հտ. 1..., էջ 370:
- [64] Թէոդիկ, Գողգոթա, էջ 45:
- [65] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [66] Նոյն:
- [67] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [68] Թէոդիկ, Գողգոթա, էջ 54:
- [69] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Դ-Կ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչութիւն, 1988, էջ 364:
- [70] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [71] Թէոդիկ, Գողգոթա, էջ 54:
- [72] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան..., հտ. 2..., էջ 729:
- [73] Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում, էջ 133:
- [74] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180; Հայաստանի և յարակից շրջանների տեղանունների բառարան..., հտ. 2..., էջ 830:
- [75] Բադալեան, «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական…», էջ 124:
- [76] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [77] Նոյն:
- [78] Թէոդիկ, Գողգոթա, էջ 53:
- [79] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [80] Նոյն:
- [81] Նոյն:
- [82] Նոյն:
- [83] Նոյն:
- [84] Թէոդիկ, Գողգոթա, էջ 45:
- [85] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [86] Թէոդիկ, Գողգոթա, էջ 54:
- [87] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [88] Նոյն:
- [89] Թէոդիկ, Գողգոթա, էջ 53:
- [90] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [91] Նոյն; Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում, էջ 146:
- [92] Թէոդիկ, Գողգոթա, էջ 45:
- [93] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 180:
- [94] Թէոդիկ, Գողգոթա, էջ 54: